Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Վարչական պատասխանատվություն չկիրառելու մասին» Հ. 383-Ա որոշմամբ սահմանվել է, որ այն տրանսպորտային միջոցի (միջոցների), որոնց համար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թվականի հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, այդ ավտոտրանսպորտային միջոցի (միջոցների) սեփականատիրոջ (սեփականատերերի) (վարձակալ, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության կիրառումից, ինչպես նաև արդեն իսկ կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքների գանձման ուղղությամբ միջոցների ձեռնարկումից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ձեռնպահ կմնա մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:
Միաժամանակ, Ճանապարհային ոստիկանությունը կրկին տեղեկացնում է, որ այն անձինք, ովքեր առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման օտարել են իրենց տրանսպորտային միջոցը, կամ ունեն իրենց անվամբ հաշվառված, սակայն փաստացի գոյություն չունեցող տրանսպորտային միջոց, մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը կատարեն համապատասխան գործողություններ՝ տրանսպորտային միջոցի օտարումը պատշաճ ձևակերպելու կամ գոյություն չունեցող տրանսպորտային միջոցը խոտանելու համար (խոտանելու համար անհրաժեշտ է հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայացնել հաշվառման վկայագիրը, հաշվառման համարանիշերը և գույքահարկի գծով պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք):
Ճանապարհային ոստիկանությունը պատրաստակամ է տրամադրել տեղեկատվություն և իրավական խորհրդատվություն վարչական պատասխանատվության հիմքերի վերացման վերաբերյալ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման ընթացակարգերի վերաբերյալ:
Տեղեկատու հեռախոս՝ +374 (10) 56-45-88:
Ռուբեն Մելիքյանը՝ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի նորամուծությունների և փաստաբանների մտահոգությունների մասին
«Փաստինֆո»-ն շարունակում է Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրազեկումների շարքը, և այս խորագրի՝ մեր այսօրվա հյուրը օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանն է:
Շարունակությունը կարդացեք այստեղ
Վճարովի ավտոկայանատեղերի համար չվճարելու դեպքում ԴԱՀԿ-ն է անցնում գործի
Երևանում «կարմիր գծանշումներ» վճարովի ավտոկայանատեղերի հետ կապված խնդիրները դրանց ներդրման օրվանից տարբեր ու տարաբնույթ դժգոհությունների և բողոքների տեղիք են տվել: Վերջերս էլ «Անկախը» բազմաթիվ քաղաքացիներից բողոքներ է ստացել այդ ավտոկայանատեղերում ավտոմեքենաները կայանելու դիմաց վճարումները կատարելու կամ դրանից հրաժարվելու դեպքում վճարման պարտադրանքի կապակցությամբ:
Մեզ բողոքում են, որ անգամ այն դեպքում, երբ իրենք համաձայն չեն այդ կայանատեղերում իրենց կայանելու համար արձանագրված ժամանակին, հետևաբար նաև գանձվելիք գումարի մեծությանը և ուշացնում են վճարումը բողոքելու կամ դատարան դիմելու մտադրությամբ, միևնույն է, իրենցից բռնագանձում են վճարվելիք գումարները. ԴԱՀԿ-ի միջոցով արգելք է դրվում, օրինակ, իրենց հաշվի կամ աշխատավարձի վրա:
«Ես կայանել եմ «Անի» հյուրանոցի մոտ շուրջ 1.5 ժամ, բայց ինձ ուղարկված թղթով նշվում է, թե 10-15 րոպե եմ կայանել, հետո կցված ինչ-որ նկարներ են ուղարկել, որ տուգանվել եմ, բայց այդ լուսանկարների որակն այնքան վատ է, որ չի երևում անգամ` ի՞մ մեքենան է լուսանկարված, թե՞ մեկ այլ… Պատրաստվում էի տուգանքի կապակցությամբ դիմել դատարան, մեկ էլ իմացա, որ ԴԱՀԿ-ն կալանք է դրել բանկային հաշվիս վրա»,- պատմեց Վ.Ի.-ն:
Մեզ դիմած քաղաքացիները ԴԱՀԿ-ի «գործին խառնվելը» պայմանավորում են կարմիր գծանշումներով վճարովի ավտոկայանատեղերը շահագործող ընկերության տիրոջ անձի հետ, որը, ըստ շրջանառվող լուրերի, ամենասերտ կապեր ունի ԴԱՀԿ-ի հետ: Ընդ որում` մեզ բողոքող քաղաքացիներից մեկն էլ նշում էր, որ ինքը տուգանվել է 5000 դրամի չափով, բայց իր հաշվից 10 000 դրամի վրա է կալանք դրված, պատճառաբանել են, որ 5000 դրամն էլ ԴԱՀԿ-ին վճարվելիք գումարն է կատարած գործողությունների դիմաց:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն այս կապակցությամբ ասաց` զարմանալի է, որ մարդիկ օրենքով նախատեսված կարգով ու ժամկետներում չեն բողոքում, բայց հետո սկսում են դժգոհել, այնինչ կարող են ուղղակի ներկայանալ քաղաքապետարանի` նշանակված տուգանքների քննարկման համար հրավիրված նիստերին ու իրենց բողոքները կամ դժգոհությունները բարձրաձայնել:
Երևանի քաղաքապետարանին ևս մեկ անգամ զարմանք չպատճառելու համար որոշեցինք օգտվել խորհրդից և բարձրաձայնել մեր ասելիքը` խնդրեցինք պարզաբանել, թե ինչ սկզբունքներով է կատարվում գումարը հարկադիր գանձելու գործընթացը, ինչ հիմքերով ու մեխանիզմներով է տեղի ունենում վճարովի ավտոկայանատեղերից օգտվելու համար վճարվելիք գումարների հարկադիր գանձումը և ինչ հավելյալ գումարներ է գանձում ԴԱՀԿ-ն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչությունը պարզաբանեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124.7-րդ հոդվածի համաձայն` ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Մի խոսքով`օրենքն այս դեպքում կարմիր գծանշումները շահագործող տնտեսվարողի, տուգանող մարմնի ու ԴԱՀԿ-ի օգտին է «արտահայտվում»:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ կարող է տրվել որոշումն ընդունելու օրվանից հետո` տասն օրվա ընթացքում:
Այսինքն` վարչական տույժ նշանակելու մասին որոշումը իրավախախտում կատարած անձի կողմից ստանալու պահից 10 օր անց դառնում է անբողոքարկելի և կարող է ներկայացվել հարկադիր կատարման կայացման պահից եռամսյա ժամկետում:
Իսկ դրանից հետո եռամսյա ժամկետում արդեն դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման, եթե այդ ընթացքում տուգանքը չի մուծվում:
Ի՞նչ 5000 դրամ է մնում ԴԱՀԿ-ին
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու է ԴԱՀԿ-ն նշանակված տույժ-տուգանքով սահմանված գումարից ավելի` 5000 դրամ գումար պահում, ապա քաղաքապետարանից նշում են, որ ԴԱՀԿ ծառայության կողմից կատարվում է ոչ թե վճարովի ավտոկայանատեղերից օգտվելու համար վճարվելիք գումարների հարկադիր գանձում, այլ իրականացվում է նշված տեղական տուրքը վճարած չլինելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսված 5.000 ՀՀ դրամ վարչական տույժի գումարի գանձում: Այս դեպքում արդեն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքը սահմանում է, թե ինչ գումարներն են դրանք. «կատարողական գործողությունների կատարման կազմակերպման և անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաև կատարողական վարույթի կողմերի և այլ անձանց ծախսած միջոցներ»: Փաստորեն, նույն օրենքի մեկ այլ` 67-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից. մինչև 10.000 դրամի չափով` պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով:
Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հարկադիր կատարման ներկայացվելուց հետո ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից ձեռնարկվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածով նախատեսված միջոցառումներ համապատասխան գումարի գանձումն ապահովելու նպատակով: Այսինքն` կարող է կալանք դրվել ինչպես հաշվի, այնպես էլ աշխատավարձի վրա, նաև կարող է տվյալ անձի գույքը բռնագանձվել…
Ստացվում է, որ եթե արդեն որևէ քաղաքացու տուգանել են, ու նա չի պատրաստվում վճարել այն, այլ ցանկանում է իրեն նշանակված տույժ-տուգանքի վերաբերյալ որոշումը բողոքարկել դատարանում, ապա պետք է իմանա, որ առաջին հերթին պարտավոր է 10-օրյա ժամկետում բողոքարկել այդ որոշումը: Հակառակ դեպքում դատարանը չի ընդունի քաղաքացու փաստարկը, թե չի իմացել 10-օրյա ժամկետում իրեն նշանակված տուգանքը կամ տույժը բողոքարկելու դրույթի մասին: Որովհետև օրենքի կամ իրավանորմի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Եվ օրենքն այդ դեպքում կլինի «կարմիր գծերը» շահագործողի օգտին:
Ովքե՞ր են իրականացնում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքերը
Աղբահանությունն ու սանիտարական մաքրումն այն հիմնախնդիրներն են, որոնք հուզում են մեր երկրի համարյա բոլոր քաղաքացիներին, մասնավորապես, դրա իրականացման համար պատասխանատու անձանց մասին հարցը: Հարցի խնդրահարույց լինելը պայմանավորված է նաև նրանով, որ հիշյալ աշխատանքների ոչ ժամանակին իրականացումը կարող է բնակչության առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել: Այսպես, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի համաձայն` համայնքի ավագանու որոշմամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնում են անմիջականորեն համայնքային հիմնարկները կամ համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորը: Հիշյալ անձինք կարող են իրականացնել խոշոր եզրաչափերի աղբի հավաքումը և փոխադրումը` տվյալ համայնքի ավագանու հաստատած դրույքաչափերին համապատասխան:
Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, համայնքի ավագանու սահմանած պահանջներին համապատասխան, կարող է իրականացնել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը` աղբի հավաքման և փոխադրման թույլտվության հիման վրա: Աղբի հավաքման և փոխադրման թույլտվություններ կարող են տրամադրվել նաև շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին՝ աղբն ինքնուրույն հավաքելու և փոխադրելու համար:
Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը համայնքի ավագանու հաստատած պայմաններով և կարգով: Աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման պայմանները և կարգը պետք է ուղղված լինեն քննարկվող օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված նպատակներին և սկզբունքներին, ինչպես նաև օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան աղբահանության իրականացման ապահովմանը:
Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունները տրամադրվում են կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար՝ վճարովի հիմունքներով: Թույլտվությունների համար վճարների դրույքաչափերը սահմանում է ավագանին, որոնք, սակայն, չեն կարող գերազանցել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հաշվարկվելիք դրույքաչափերի 20 տոկոսը:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Որո՞նք են ՀՀ քաղաքացիություն ստանալու պայմանները
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու հիմքերը սպառիչ են, որոնք ամրագրված են «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող) յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, եթե`
1) օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում,
2) կարող է բացատրվել հայերեն լեզվով և
3) ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Առանց վերոհիշյալ 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`
1) որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա,
2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.
3) որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:
Առանց վերոհիշյալ 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող ազգությամբ հայ անձը:
Առանց վերոհիշյալ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում են քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը մերժվում է, եթե տվյալ անձն իր գործունեությամբ վնասում է պետական և հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանը և բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, պատվին և բարի համբավին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը տալիս է հետևյալ երդումը. «Ես` (անուն-ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Պարտավորվում եմ հարգել Հայաստանի Հանրապետության պետական լեզուն, ազգային մշակույթը և սովորույթները:»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձը ստորագրում է երդման տեքստը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձին տրվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ
Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացի Արման Մնացականովի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ քաղաքացի Ա. Մնացականովի հաղորդման` 2014թ. մարտի 24-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման շենքում պետական հատուկ ծառայություն իրականացնող երկու անձ բռնություն են գործադրել իր նկատմամբ` ձեռքերով հարվածներ հասցնելով իր գլխին:
Կատարվում է նախաքննություն:
Ավարտվել է խարդախության և յուրացման եղանակներով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Արտակ Ղուկասյանի կողմից խարդախության և յուրացման եղանակներով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2009-2012թթ. Ա. Ղուկասյանը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով 28 քաղաքացուց հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 1 մլրդ 761 մլն 781 հազար 986 ՀՀ դրամ, յուրացման եղանակով` 9 քաղաքացուց հափշտակել է խոշոր չափերի` 1 մլն 372 հազար ՀՀ դրամ: Բացի այդ, Ա. Ղուկասյանը օգտագործել է իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ Ա. Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մինչդատական վարույթում Արտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Սահմանադրական դատարանի որոշումը նպաստելու է ՀՀ-ում սոցիալական ապահովության համակարգի հետագա զարգացմանը. Հրայր Թովմասյան
«Մենք ունենք Սահմանադրական դատարանի որոշում, որը ոչ միայն նպաստելու է մեր իրավական համակարգի հետագա զարգացմանը, այլ ցույց է տալիս իր տեղն ու դերը երկրում մարդու իրավունքների պաշտպանության գործում»,- այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում ասել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն` անդրադառնալով երեկ Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու մասին որոշմանը:
Իրականում, ըստ նախարարի, այս որոշումը կարող է որպես նմուշ-օրինակ ծառայել ոչ միայն հետագայում նմանատիպ որոշումների կայացման հարցում, այլև մասնագիտացված սահմանադրական վերահսկողության համակարգ ունեցող երկրների համար: Հ.Թովմասյանի դիտարկմամբ` որոշումն իրականում նպաստելու է ՀՀ-ում սոցիալական ապահովության համակարգի հետագա զարգացմանը, քանի որ պատճառաբանական մասում ներկայացված իրավական գնահատականներն և վերլուծությունները կառավարության համար հանդիսանալու են ուղղորդող քաղաքականություն:
«Այս գործընթացն ամբողջությամբ ցույց տվեց, որ մեր քաղաքական համակարգը և քաղաքացիական հասարակությունը գտնվում է որակական նոր փուլում»,-նշել է նախարարը:
Նշվել է նաև, որ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, որն ուժի մեջ է մտել 2014 թ. հունվարի 1-ից, գործում է, և կառավարությունը հնարավորություն ունի մինչև սեպտեմբերի 30-ը շտկումներ կատարել այն հոդվածներում, որոնք Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական:
Ու՞մ վրա է դրված ապացուցման պարտականությունը
Քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա:
Եթե կողմը հրաժարվում է (խուսափում է) պատասխանելուց դատարանի կամ դատավարության մասնակիցների հարցերին կամ ցուցմունքներ տալ դատարանին, ապա դատարանը մյուս կողմի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ կարող է անհիմն համարել կողմի հրաժարվելը (խուսափելը) ցուցմունքներից և պատասխանից, իսկ գործի այն փաստական հանգամանքները, որոնց վերաբերյալ կողմը հրաժարվում (խուսափում) է ցուցմունք կամ պատասխան տալուց, կարող է համարել ապացուցված: Ամեն դեպքում պատասխանից կամ ցուցմունքից դատարանի կողմից որպես անհիմն գնահատված հրաժարումը (խուսափումը) մեկնաբանվում է ի վնաս հրաժարվողի (խուսափողի):
Գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով: Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցներին, որոնց գործին մասնակցող մյուս անձինք օրենսգրքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք:
Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտումը և գնահատումը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակն ապացուցելու պարտականությունը:
Դատաքննությունը սկսվելուց հետո գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցները դատարանն ընդունում է, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է մինչև դատաքննությունը սկսվելը նման ապացույցի ներկայացման անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Եթե գործին մասնակցող մյուս անձինք նախապես ստացած չեն լինում դատաքննության ընթացքում ներկայացված լրացուցիչ ապացույցը, ապա դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց տրամադրել ողջամիտ ժամկետ` ապացույցին ծանոթանալու համար:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Նոտարի թեկնածուների որակավորման ստուգում կանցկացվի
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2014 թվականի համար նոտարների որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները:
Նոտարի որակավորման ստուգման համար մինչև ապրիլի 7-ը կարող է դիմել Հայաստանի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում, չունի դատվածություն և`
1) անցել է նոտարական գործունեության առնվազն 6 ամսվա ստաժավորում, կամ՝
2) ունի 3 տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան և անցել է նոտարական գործունեության առնվազն 3 ամսվա ստաժավորում, կամ՝
3) չի անցել նոտարական գործունեության ստաժավորում, սակայն ունի իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան:
Նոտարի որակավորման ստուգման առաջին` թեստավորման փուլը անց է կացվելու 2014 թվականի ապրիլի 19-ին (թեստավորման փուլի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմողներին, ինչպես նաև կհրապարակվի ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.moj.am / www.justice.am) և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am):
Նոտարի որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին՝ իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հեռախոսազանգով, փոստային առաք-մամբ, ֆաքսի միջոցով կամ վերը չնշված որևէ այլ միջոցով ծանուցումներ չեն իրականացվելու:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել նոտարի թեկնածուների որակավորման քննական հանձնաժողովի քարտուղար Լուսինե Իսկանդարյանին` 319-117 հեռախոսահամարով:
Մանրամասները ՀՀ ԱՆ պաշտոնական կայքում՝ http://moj.am/article/886:
ՀՀ ԱՆ աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կիապերի բաժին
Ինչպե՞ս է կատարվում քրեական գործի արձանագրումը
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29 հոդվածի համաձայն` դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:
Արձանագրությունը գրվում է ձեռքով կամ պատրաստվում տեխնիկական միջոցների օգնությամբ: Դատավարական գործողություններ իրականացնելիս կարող են կատարվել սղագրում, լուսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրում և տեսագրում: Լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները, կինոժապավենները, դիապոզիտիվները, հարցաքննության ձայնագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները, գծագրերը, պլանները, ծեփապատճենները, հետքերի դրոշմները, որոնք կազմվել կամ պատրաստվել են դատավարական գործողության ընթացքում, կցվում են քրեական գործին:
Արձանագրությունում նշվում են՝
1) դատավարական գործողության իրականացման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սկսելու և ավարտելու ժամանակը՝ րոպեի ճշտությամբ,
2) արձանագրությունը կազմողի պաշտոնը և ազգանունը.
3) դատավարական գործողությանը մասնակցող յուրաքանչյուր անձի ազգանունը, անունը, հայրանունը, անհրաժեշտության դեպքում՝ հասցեն և անձնական այլ տվյալներ:
Դատավարական գործողություններն արձանագրություններում նկարագրվում են այն հաջորդականությամբ, որով իրականում տեղի են ունեցել: Արձանագրությունում նշվում են դրանց կատարման ընթացքում ձեռք բերված և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները:
Արձանագրությունում նշվում են տեղեկություններ դատավարական գործողության ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, դրանց օգտագործման կարգի և պայմանների, այն օբյեկտների, որոնց նկատմամբ տեխնիկական միջոցները կիրառվել են, և ստացված արդյունքների, ինչպես նաև մասնակիցներին տեխնիկական միջոցների կիրառման մասին նախազգուշացնելու վերաբերյալ:
Արձանագրությունը ներկայացվում է դատավարական գործողությանը մասնակցած անձանց՝ ծանոթացման համար: Ընդ որում, նշված անձանց բացատրվում է արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու իրենց իրավունքը: Արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ բոլոր հայտարարություններy ստորագրում են դատավարական գործողությանը մասնակցած անձինք:
Արձանագրությունը ստորագրում են քննիչը և դատավարական գործողությանը մասնակցող անձինք:
Կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի կամ դատավարական գործողությանը մասնակցած այլ անձի՝ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչն արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է քննիչի, պաշտպանի, ներկայացուցչի, օրինական ներկայացուցչի, իրավահաջորդի կամ ընթերակայի ստորագրություններով, եթե նրանք մասնակցում են դատավարական գործողությանը:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու հրաժարման պատճառները կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, ինչը նույնպես արձանագրվում է:
Եթե կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան ֆիզիկական թերությունների, կամ առողջական վիճակի, կամ անգրագիտության հետևանքով զրկված են արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթության է ներկայացվում պաշտպանի, օրինական ներկայացուցչի, ներկայացուցչի կամ ընթերակայի ներկայությամբ, որոնք իրենց ստորագրությամբ հաստատում են արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը և կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից այն ստորագրելու անհնարինությունը:
Արձանագրությունը պետք է պարունակի նաև գրառումներ դատավարական գործողության մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու, պարտականությունները չկատարելու հետևանքները պարզաբանելու, դատավարական գործողության իրականացման ընդհանուր կարգը բացատրելու մասին, ինչը հավաստվում է դատավարական գործողության մասնակիցների ստորագրությամբ:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է դատական կաշառքի սակագները.hetq.am
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույը, որտեղ անդրադարձել է դատական կաշառքի սակագներին,հաղորդում է hetq.am-ը:
- առաջին ատյանում 500-10.000 ԱՄՆ դոլար,
- վերաքննիչ դատարանում 2.000-15.000 ԱՄՆ դոլար,
- Վճռաբեկ դատարանում 10.000-50.000 ԱՄՆ դոլար:
Ինչպիսի՞ իրավունքների շրջանակներում են գործունեություն իրականացնում կրոնական կազմակերպությունները
«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են.
- Հայաստանյաց Առաքելական եկեղեցին (կրճատ` Հայ եկեղեցի) իր ավանդական կազմակերպություններով,
- կրոնական այլ կազմակերպություններ, որոնք ստեղծվում և գործում են իրենց հավատացյալ անդամների շրջանակում` սեփական ունեցվածքի ու կանոնադրության համաձայն:
Ճիշտ է, կրոնական կազմակերպությունների գործունեությունը հիմնականում կապված է մարդու խղճի հետ, որն առանձնահատուկ երևույթ է, սակայն օրենքով կանոնակարգվում է:
Կրոնական կազմակերպությունների հոգևոր-կրոնական գործունեությունն իրականացվում է հետևյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում.
ա) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին,
բ) ապահովել իրենց հավատացյալների հոգևոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը,
գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում և դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակերպությունների հիմնարկներում, ինչպես նաև գերեզմանոցներում, քաղաքացիների տներում և բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում` այնտեղ գտնվող և տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով: Մնացած դեպքերում հրապարակային ժամասացությունները, կրոնական ծեսերն ու արարողությունները կատարվում են հավաքների համար սահմանված կարգով,
դ) ստեղծել համապատասխան կրոնական ուսուցման խմբեր իրենց անդամների ու նրանց երեխաների կրոնական կրթության համար` ծնողների համաձայնությամբ, այդ նպատակով օգտագործելով իրենց պատկանող կամ հատկացված շինությունները,
ե) զբաղվել աստվածաբանական, կրոնական, պատմամշակութային ուսումնասիրություններով,
զ) պատրաստել հոգևորական ծառայության կամ գիտական ու մանկավարժական կադրեր իրենց հոգևոր կենտրոնների կրթական հաստատություններում,
է) ձեռք բերել և օգտագործել կրոնական նշանակության առարկաներ ու նյութեր,
ը) օգտվել զանգվածային լրատվության միջոցներից` օրենքով սահմանված կարգով,
թ) կապեր հաստատել այլ երկրների եկեղեցական կազմակերպությունների հետ` անկախ ազգային կամ դավանական պատկանելությունից, հրավիրել նրանց ներկայացուցիչներին, իրենց հավատացյալներին գործուղել արտասահման` ուխտագնացության, ժողովների և կրոնական այլ միջոցառումների մասնակցելու, ինչպես նաև ուսման կամ հանգստի նպատակով,
ժ) զբաղվել բարեգործությամբ:
Կրոնական կազմակերպությունների հրատարակչական գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ: Վերոհիշյալ իրավունքներն առաջանում են տվյալ կրոնական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում գրանցելու պահից:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Անչափահաս իրավախախտների վերականգնողական կենտրոնները փակման վտանգի տակ են
2006 թվականից գործող 10 «Անչափահաս իրավախախտներ» վերականգնողական կենտրոնները յոթ տարի շարունակ աշխատել են ավելի քան 1000 անչափահասների հետ, ինչը տվել է դրական արդյունքներ: Իսկ հիմա ԱՄՆ Միջազգային զարգացման կազմակերպության կողմից ֆինանսավորումը դադարեցվել է:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը նշեց, որ այս 7 տարիների ընթացքում կենտրոններ են ուղղորդվել հարյուրավոր անչափահասներ, որոնց հետ լուրջ աշխատանքներ են տարվել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենտրոնների կողմից տարված աշխատանքի ընթացքում դրական արդյունքներ են արձանագրվել, ոստիկանությունը փորձեր է անում հանդիպումներ կազմակերպել շահագրգիռ անձանց հետ, որպեսզի վերջիններիս ֆինանսավորմամբ շարունակական լինի աշխատանքը:
Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի խոսքով` զուտ ծախսարդյունավետության տեսանկյունից ճիշտ կլինի, որ համայնքներում երեխաների հետ աշխատեն ցերեկային ծրագրերով: Ըստ նրա՝ այդպես ավելի նպատակահարմար է, որովհետև նմանատիպ կենտրոնների ստեղծման դեպքում միշտ մի օր կանգնում են ֆինանսավորման խնդրի առջև:
«Լավ կլիներ, որ Ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունը գտնեին այն ձևաչափը, որով կարելի է աշխատել թե՛ մեկ, թե՛ մյուս խնդրի հետ»,- ասաց Միրա Անտոնյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն էլ նշեց, որ նախարարության մոտեցումն այս կենտրոնների աշխատանքին միշտ եղել էլ դրական:
«Բյուջետային հայց գուցե ներկայացվի՝ հետագայում այս կենտրոնների աշխատանքը շարունակելու համար: Այս պահին քննարկվում է Ոստիկանության, Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության բյուջեների հաշվին շարունակել կենտրոնների գործունեությունը: Հնարավոր է, որ որոշ համայնքներ իրենց բյուջեների հաշվին շարունակեն ֆինանսավորումը, և կենտրոնները շարունակեն իրենց աշխատանքները: Քննարկել ենք նաև արտաբյուջետային միջոցներով կենտրոնների ֆինանսավորումը, սակայն այս պահին հստակ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան չենք կարող տալ»,-ասաց Արամ Օրբելյանը:
ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խումբ է ստեղծվել
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվել:
Վերջինը կմշակի և մինչև 2014 թվականի ապրիլի 10-ը ՀՀ արդարադատության նախարարին կներկայացնի ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը, իսկ մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը՝ նոր օրենսգրքի նախագիծը:
Աշխատանքային խումբը կմասնակցի Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի դրույթների վերաբերյալ մասնագիտական և հանրային քննարկումներին, կուսումնասիրի շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների (այդ թվում՝ միջազգային) առաջարկությունները Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի վերաբերյալ, կքննարկի այդ առաջարկությունները նշված փաստաթղթերում ներառելու նպատակահարմարությունը:
Նախագիծը Կառավարության կողմից Ազգային Ժողով ուղարկելուց հետո աշխատանքային խումբը կմասնակցի նաև ԱԺ-ում կազմակերպվող քննարկումներին, այդ թվում՝ ներկայացնելով նախագծի դրույթները և դրանց հիմնավորումները:
Աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, շահագրգիռ մարմիններին և համապատասխան միջազգային կազմակերպություններին կտրամադրի մասնագիտական բնույթի վերլուծություններ Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի և նախագծի դրույթների վերաբերյալ:
ՀՀ արդարադատության նախարարի հրամանի համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ ՆԿ-96-Ա կարգադրության 4.1-րդ կետը:
Ինչպե՞ս է կանոնակարգվում հերքման և պատասխանի իրավունքը ԶԼՄ-ներում
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը:Հերքման պահանջը կարող է ներկայացվել 1-ամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:
Լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջը ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին:
Հերքումն իրականացվում է լրատվության նույն միջոցում, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա հերքում պահանջողի համար ընդունելի այլ եղանակով:
Հերքումն իրականացվում է դրա պահանջը ստանալու օրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում: Այդ ժամկետում լրատվության միջոցի թողարկում տեղի չունենալու կամ միակ թողարկումն արդեն իսկ թույլատրված լինելու դեպքում հերքումը պետք է տեղ գտնի լրատվության միջոցի առաջին իսկ թողարկման մեջ: Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձևավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է:
Հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է պատասխանի հրապարակումը զուգակցել կամ չզուգակցել հերքումով: Հերքման պահանջը բավարարված է համարվում պատասխանի հրապարակումով: Պատասխանը չպետք է հակասի «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին: Այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ:
Պատասխանի ծավալը չպետք է գերազանցի պատասխանի առարկա տեղեկատվության ծավալը: Եթե պատասխանի առարկա տեղեկատվությունը բազմաբովանդակ նյութի ամբողջ ծավալից հստակ սահմանազատվող ինքնուրույն, առանձին հատված է, ապա պատասխանի ծավալը չպետք է գերազանցի այդ հատվածի ծավալը:
Պատասխանը հրապարակվում է անվճար:
Եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը, կամ խախտում է դրանք տարածելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարան` հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Վերսկսվում է Արամի փողոցի բնակարանների խարդախության գործով կասեցված դատավարությունը
Դատարանը որոշում է կայացրել, այսպես կոչված, «Գապբնակշին»-ի գործից առանձնացված Սիմոն Աղազարյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսելու և քրեական գործով դատաքննություն նշանակելու մասին: Այսպիսով, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարել է ամբաստանյալ Սիմոն Աղազարյանի միջնորդությունը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:Որո՞նք են պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու դեպքերը
Նշված իրավահարաբերությունը կարգավորվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 102 հոդվածով: Այսպես, պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը կարող է փոխվել մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ հիմք ընդունելով որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձի դրսևորած դրական վարքագիծը, մասնավորապես՝
1) բաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը,
բ) դիտավորությամբ ոչ մեծ կամ միջին ծանրության կամ ծանր հանցագործության համար առաջին անգամ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
գ) առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված կամ ռեցիդիվի կամ վտանգավոր ռեցիդիվի դեպքում և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն երկու երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո,
2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) ռեցիդիվի դեպքում՝ կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ) վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար մինչև տասը տարի ժամկետով ազատազրկման առաջին անգամ դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
գ) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն կեսը կրելուց հետո, իսկ անչափահաս դատապարտյալի դեպքում՝ նշանակված պատժի առնվազն մեկ երրորդը կրելուց հետո,
դ) ցմահ ազատազրկման դատապարտված և կիսափակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսանհինգ տարին կրելուց հետո,
3) կիսափակ ուղղիչ հիմնարկ կարող են տեղափոխվել՝
ա) առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում կամ առանձնապես ծանր հանցագործության համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն մեկ քառորդը կրելուց հետո,
բ) ցմահ ազատազրկման դատապարտված և փակ ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալը՝ նշանակված պատժի առնվազն քսան տարին կրելուց հետո:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Լիցենզիաների ինչպիսի՞ տեսակներ կան
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի (Օրենքն ընդունվել է 2001թ. մայիսի 30-ին¤24 հոդվածի համաձայն` լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար կարող են տրվել լիցենզիաների հետևյալ տեսակները՝
1) պարզ ընթացակարգով տրվող լիցենզիաներ,
2) բարդ ընթացակարգով տրվող լիցենզիաներ:
Պարզ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` պարզ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից տրված գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված հսկողություն:Պարզ լիցենզիան տրվում է առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման:
Պարզ լիցենզիան տրվում է հայտատուի կողմից՝«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում:Պարզ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Լիցենզավորված անձն իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ միայն լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների պահպանման դեպքում:
Բարդ ընթացակարգով տրվող լիցենզիան (այսուհետ` բարդ լիցենզիա) լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաև տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, և դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն:
Բարդ լիցենզիան տրվում է լիցենզիա ստանալու համար հիշյալ օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզավորման կարգերով կարող են սահմանվել լիցենզիայի տրման ավելի կարճ ժամկետներ:
Բարդ լիցենզիան տրվում է անժամկետ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման կամ արտահանման կամ տարանցիկ փոխադրման կամ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիաները տրվում են երեք տարի ժամկետով, իսկ տրամադրված լիցենզիաների ժամկետը երկարաձգվում է 5 տարի ժամկետով: Բարդ լիցենզիան կարող է տրվել մրցույթով, որն իրականացվում է լիցենզավորման կարգերին համապատասխան: Բարդ լիցենզիաները տրվում են լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Մետրոպոլիտենի ակցիայի երեք «զոհերը»
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ փետրվարի 12-ին բողոքի դուրս ելած մետրոպոլիտենի աշխատակիցներից երեքի վրա ակցիան թանկ նստեց: Անդրանիկ Գևորգյանը, Գագիկ Գալստյանը և Սևակ Հովհաննիսյանն ակցիայից երկու օր անց աշխատանքից հեռացվեցին աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի հիմքով (գործատուի կողմից պայմանագրի խզում` աշխատակցի նկատմամբ անվստահության համար):
Շարժասանդուղքի մեքենավարները, որոնք իրենց երիտասարդության 15 տարիներն են տվել մետրոպոլիտենի աշխատանքին, որոնք երկարամյա աշխատանքի շնորհիվ վայելում էին վերադասի հարգանքն ու վստահությունը, հանկարծ մեկ օրվա մեջ դարձան անվստահելի և աշխատանքին ոչ պիտանի:
Երեքն էլ կատարվածից դեռ «շոկի» մեջ են, ասում են, որ ղեկավարության կողմից նման արձագանքի երբեք չէին սպասում, ուղղակի զարմացած են, որ դա որպես անձնական վիրավորանք է ընկալվել: Իրենք անգամ բողոքի ակցիայի մասին իրենց անմիջական ղեկավարին` Սամվել Մնացականյանին, նախապես տեղեկացրել էին, նա էլ ասել էր` ձեր իրավունքն է: «Մենք մտածում էինք, որ դա մեր ղեկավարության համար էլ է լուրջ խնդիր, նույնիսկ նամակում նշել էինք, որ պատրաստ ենք նրանց աջակցել, եթե իրենք իրենց հերթին վերևներում խնդիրներ ունեն: Նամակում մեր ղեկավարությանը ո՛չ վիրավորել ենք, ո՛չ կոկորդներից բռնել, ընդամենը մեր դիրքորոշումն ենք հայտնել և ասել, որ պատրաստ ենք իրենց կողքին կանգնել»,-ասում է Անդրանիկը, որը նրանցից ամենաավագն է, և որի վրա կուտակայինը չի տարածվում, սակայն նա իր պարտքն է համարել պաշտպանել ընկերների իրավունքները:
Անդրանիկն այդ օրն ամենաակտիվն էր, քանի որ կարողանում էր ազատորեն շփվել լրագրողների հետ, արտահայտել բոլորին հուզող խնդիրները: Անդրանիկը նաև «համարձակվել» էր նամակը հանձնել ընդունարան, որպեսզի փոխանցեն ղեկավարությանը: «Որոշեցի` ես նամակը հանձնեմ, որովհետև մտածեցի` այսքան ժամանակ որևէ բիծ չեմ ունեցել, ղեկավարության մոտ հարգանք ունեմ, բացի այդ` ինչ-որ առումով չեզոք եմ, քանի որ իմ վրա կուտակայինը չի տարածվում»,- ասում է նա:
Աշխատանքից հեռացվածների նախկին ղեկավարը` Սամվել Մնացականյանը, «Անկախի» հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ աշատողներին աշխատանքից հեռացրել են աշխատանքի ընթացքում իրենց պարտականությունների թերացման պատճառով. «Նրանց գործառույթը եղել է ուղևորների անվտանգ տեղափոխումը և շարժասանդուղքի անխափան աշխատանքը, և նրանք իրենց աշխատանքի ընթացքում թույլ են տվել այնպիսի թերացումներ, որոնք կարող էին հանգեցնել ուղևորների և սարքավորումների համար լուրջ խնդիրների: Իրենց աշխատանքից հեռացումը ակցիայի հետ որևէ կապ չունի, և եթե այդ ակցիան այսօր լիներ, միևնույն է, նրանց մի քանի օր առաջ արդեն ազատած կլինեին»:
Մնացականյանի խոսքով` իրենք պարբերաբար կատարում են ստուգայցեր, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են թերացումները: Հարցին, թե արդյոք տվյալ ստուգայցը ակցիայի օրն է իրականացվել, Մնացականյանը միանգամից պատասխանեց` ոչ: Այնուհետեև, երբ փորձեցինք ստուգայցի կոնկրետ օրը ճշտել, հանկարծ ասաց. «Այո, ակցիայի օրն է եղել: Մեր սովորական ստուգայցն էր, պարզապես համընկավ ակցիայի հետ»: Հարցին, թե նման ազատումներ մետրոպոլիտենում հաճա՞խ են լինում, պատասխանեց` ոչ:
Նախկին աշխատողների ղեկավարն էլ փաստեց, որ ակցիայից առաջ տղաներն իրեն մոտեցել են, ներկայացրել խնդիրը, ինքն էլ ասել է, որ այդ հարցի պատասխանը չունի, թող դիմում պատրաստեն, ինքը կփոխանցի մետրոպոլիտենի ղեկավարությանը:
Չնայած Մնացականյանը պաշտոնապես ներկայացրեց աշխատողներին աշխատանքից հեռացնելու ոչ իրական պատճառները, հետագա զրույցն ինքնին ապացույց էր, որ աշխատողների նկատմամբ, մեղմ ասած, բավականին վատ տրամադրվածություն կա: Երբ նախկին ղեկավարին հիշեցրինք, որ աշխատանքից ազատվածներից մեկը չորս անչափահաս երեխաների հայր է, այսպես արձագանքեց. «Այդ երիտասարդն ընդհանրապես մեզ մոտ չպետք է աշխատեր: Ինքը չի տեսնում համարյա»:
Ինչպե՞ս են այդ դեպքում չտեսնող աշխատողին վստահել քաղաքացիների անվտանգությունը: «Պահում էի, որովհետև չորս երեխա ուներ,- ասաց Մնացականյանը, հետո էլ ավելացրեց,- դրա համար էլ նրան մենակ չէի թողնում, նրան կցել էի Անդրանիկ Գևորգյանին»:
Այնուհետև Մնացականյանը, ավելի բացվելով, խորհուրդ տվեց տղաներին հիշեցնել, թե երբ դարձան շարժասանդուղքի մեքենավար, ո՞վ էր այն մարդը, որը նրանց պատրաստեց, նրանց վրա այդքան ավանդ ներդրեց, չարչարվեց, որ մարդ դառնան. «Ես նրանց ընտանիքների մասին իրենց հայրերից ավելի եմ մտածել»,- ասաց Մնացականյանը:
Դիտարկմանը, որ աշխատողները որևէ անձնական բողոք չեն ներկայացել, այլ ընդամենն արտահայտվել են կենսաթոշակային համակարգի դեմ, նախկին ղեկավարը չընդունեց. «Ես ամեն օր կարդում եմ մամուլը, գիտեմ, ինչ են խոսել»:
Մնացականյանն անգամ չհերքեց, որ իր նախկին աշխատակիցներից խիստ վիրավորված է և անգամ թշնամաբար է տրամադրված, որ ով էլ լիներ, այդքանից հետո կվիրավորվեր, կնեղանար ու թշնամաբար կտրամադրվեր:
Ի դեպ, Սևակ Հովհաննիսյանը չժխտեց, որ աչքերի հետ կապված խնդիր ունի, սակայն ասաց, որ դա իրեն երբևէ չի խանգարել աշխատանքի մեջ: «Հա, ժամանակ առ ժամանակ գնում են բժշկի, ստուգվում, դեղեր ստանում, բայց եթե տեսողության լուրջ խնդիր ունենայի, ինձ ոչ ոք աշխատանքի չէր վերցնի»,- համոզված է նա:
Չորս անչափահաս երեխաների հայրն ընտանիքի միակ կերակրողն է: Կուտակայինը նրա վրա տարածվում է, և 100-110 հազար դրամ աշխատավարձից մի քանի հազար դրամի պահումն էլ լուրջ խնդիր է ընտանեկան բյուջեի համար: Սևակն ասում է, որ շատերն են արդեն օգնության ձեռք մեկնել, աշխատանքային առաջարկներ են արել, և հույս ունի, որ երկար ժամանակ գործազուրկի կարգավիճակում չի մնա:
Աշխատանքից հեռացված մյուս երիտասարդը` Գագիկը, որի վրա նույնպես կուտակայինը տարածվում է, երկու անչափահաս երեխա ունի և վարձով է ապրում: Նա էլ հույս ունի, որ շուտով աշխատանք կգտնի, քանի որ, ինչպես իրենք են ասում, «բազմապրոֆիլ մասնագետ են, ձեռքներից ամեն բան գալիս է»:
Անդրանիկ Գևորգյանն էլ հիշում է, որ 15 տարի առաջ իրեն աշխատանքի է ընդունել նույն Սամվել Մնացականյանը, անգամ երկաթգծի ուսումնարանում դաս է տվել: Այո, չի ուրանում, որ առաջին քայլերը մետրոպոլիտենում արել է Մնացականյանի շնորհիվ: Բայց նաև հիշում է, որ Մնացականյանն իրեն կյանքի դասեր է տվել, որոնցից մեկն էլ եղել է այն, որ եթե ինչ-որ բան ես մտածում, պետք է երես երեսի ասես, ոչ թե թիկունքից. «Ես կուտակայինին դեմ իմ դիրքորոշումը ասել եմ ոչ թե թիկունքից, այլ նրանց դեմքին նայելով,- ասում է Անդրանիկը,- բա չասեի՞` ինչու են պահել մարդկանց աշխատավարձը, եթե սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել էր օրենքը, կամ ինչո՞ւ է օրենքը պարտադիր, եթե մարդիկ դեմ են»:
Նախկին աշխատակիցներն ասում են, որ եթե իրենց իրավունքները վերականգնվեն, ճակատները բաց կարող են աշխատանքի գնալ, քանի որ համոզված են, որ որևէ սխալ քայլ չեն կատարել: Նաև հավելում են, որ ակցիան կազմակերպել են բացառապես մետրոպոլիտենի աշխատակիցներով, և դրսից որևէ միջամտություն չի եղել: Ինչ վերաբերում է «Դեմ եմ» շարժման ակտիվիստներին, որոնք այդ օրը միացել էին ակցիային, և որն էլ խիստ զայրույթ էր առաջացրել ղեկավարության մոտ, ապա նրանց իրենք չեն հրավիրել:
Ինչևէ, մետրոպոլիտենի աշխատողների աշխատանքից հեռացման լուրը ստանալուն պես «Դեմ եմ» շարժումը հանդես եկավ հայտարարությամբ` իր բողոքը հայտնելով դրա դեմ և տղաներին աջակցելու կոչ անելով:
Արձագանքը չուշացավ. երիտասարդների իրավունքները դատարանի միջոցով վերականգնելու համար իր աջակցությունը հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը: Փաստաբան Քրիստինա Գևորգյանն արդեն թղթերն է պատրաստում, որպեսզի հայց ներկայացնի դատարան` պահանջելով իր պաշտպանյալների աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչել, վերականգնել նրանց աշխատանքն ու պարապուրդի գումարը փոխհատուցել:
Մնում է, որ դատարանը անաչառ որոշում կայացնի:
Անի Գասպարյան


