Երեկ հսկայական էկրաններ են տեղադրվել Սեն-Ժան-Բատիստ-դե Բելվիլ եկեղեցու շուրջ` Էդիտ Պիաֆի հարազատ թաղամասում: Եկեղեցու ծխականների հետ ողջ Ֆրանսիան է հարգանքի տուրք մատուցել “ֆրանսիական երգի թագուհուն”, որը 50 տարի առաջ է վախճանվել: Նրա երկրպագուները սպիտակ վարդեր են տարել Պեր Լաշեզում գտնվող շիրիմին: Իսկ երեկոյան, “Օլիմպ” համերգասրահում Պիաֆի անմահ երգերն են հնչել: Երեկ նաև Պիաֆի աճյունը Պանթեոն տեղափոխելու կոչեր են հնչել, ուր հանգչում են Ժան Ժակ Ռուսոն, Վիկտոր Հյուգոն, Ալեքսանդր Դյուման. Ֆրանսիայի 70 կարկառուն ներկայացուցիչների դամբարանում ընդամենը 2 կնոջ աճյուն է հանգրվանել:
Հ. Հակոբյան. “Կարևորը մասնակցությունն է”
Այսօր Հայաստանի գրողների միությունում կայացավ “Լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքի” համահայկական մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը և հաղթողների պարգևատրումը: Միջոցառմանը ներկա էին սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Մրցանակաբաշխությունը հիմնադրել է Ռուսաստանի հայերի միությունը և համաշխարհային հայկական կոնգրեսը` պր. Աբրահամյանի գլխավորությամբ, որին այնուհետև միացել են մեր ստեղծագործական միությունները և սփյուռքի նախարարությունը:
Մրցանակաբաշխությանը ներկայացված են եղել 42 աշխատանք 11 անվանակարգի համար:
Անվանակարգերը հետևյալներն էին` ֆիզիկա, մաթեմատիկա և մեխանիկա, տեխնիկական գիտություններ, քիմիա, կենսաբանություն, սոցիոլոգիա և իրավագիտություն, երկրաբանություն, արվեստ, լեզու, գրականություն:
Ամեն մի անվանակարգում կա առաջին և երկրերդ մրցանակ:
Պարգևատրումներ ստացան ինչպես բնական գիտությունների մասնագետները, այնպես էլ այն ԶԼՄ-ների խմբագիրներն ու լրագրողներն, որոնք հաճախ են անդրադառնում սփյուռքահայությանը, նրանց խնդրիներին, ինչպես նաև հայոց բանակին:
Կերպարվեստի գործիչների լավագույն աշխատանքների ցուցադրումը հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ նկարիչների միությունում և շուրջ 300 աշխատանքներից ընտրվեցին մի քանիսը, որոնք այսօր ևս պարգևատրվեցին, նրանց թվում էին գեղանկարիչներ Զոհրապ Միրզոյանը, Խաչատուր Ազիզյանը, Վարդգես Գուլիկյանը, քանդակագործներ Մուշեղ Պետրոսյանը, Բազդասար Սարգսյանը և այլք:
Այս մրցանակաբաշխության նպատակն է համախմբել համայն հայությանը և տարեցտարի նրա աշխարհագրական սահմաններն էլ ավելի են ընդլայնվում դառնալով իսկապես համահայկական:
Լուսինե Ասատրյան
Երիտասարդական նվագախումբը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Հայկ Կազազյանն ու Հայկ Խաչատրյանը՝ մի բեմում
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), Ալեքսանդր Ռոմանովսկու (դաշնամուր, Ուկրաինա/Իտալիա), Հայկ Կազազյանի (ջութակ, Հայաստան/Ռուսաստան) և Հայկ Խաչատրյանի (կոնտրաբաս, Շվեյցարիա/Հայաստան) համատեղ համերգը։ Կներկայացվեն Սերգեյ Պրոկոֆևի, Յան Սիբելիուսի, Սերգեյ Կուսեվիցկու ստեղծագործությունները։
Համերգն անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, որը նվիրված է Արամ Խաչատրյանի 110-ամյակին։
Նշենք, որ Հայաստանի երիտասարդական նվագախումբն ամբողջ տարվա ընթացքում և՜ Հայաստանում, և՜ հանրապետության սահմաններից դուրս ներկայացնում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ դրանց ներգրավելով ինչպես հայ, այնպես էլ աշխարհում մեծ ճանաչում ունեցող մենակատարների։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի
հասարակայնության հետ կապերի բաժին
Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովն առաջարկում է «Զվարթնոց»-ի կլոր շենքը կրկին ներառել մշակութային հուշարձանների ցանկում
«Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի` Կլոր շենքի քանդել-չքանդելու հարցն այսօր Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստի օրակարգում էր:
Քննարկմանը ներկա էր նաև կառույցի ճարտարապետներից մեկի` Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, որն իր կողմից ներկայացրեց շենքը պահպանելու վերաբերյալ իր առաջարկները:
Նրա խոսքով, երբ 2001թ.-ին ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը` 30 տարի ժամկետով, ընկերությունը որոշակի պարտավորություններ է իր վրա վերցրել. «Սակայն ընկերությունը հիմա բացեիբաց հրաժարվում է կառավարության հետ կնքած պայմանագրից բխող պարտականություններից, ըստ որոնց պարտավորվում է պատշաճ ձևով օգտագործել այն և ցանկության դեպքում ներդրումներ և շինարարաություն իրականացնել»:
Անահիտ Թարխանյանը նշեց, որ կառույցը հանդիսանում է Հայաստանի հանրապետության սեփականությունը, և քանի որ սեփականատերը հրաժարվել է որևէ պատասխանատվություն կրելուց, ապա ինքն առաջարկում է կառավարությանը հետ վերցնել իր սեփականությունը հանդիսացող գույքը, նոր վարձակալ գտնել և շենքն օգտագործել փոքր ավիացիայի և մոտ տարածքներ չվերթներ իրականացնելու նպատակով:
Ներկաներից մեկն էլ հարց բարձրացրեց. եթե շենքում 10 տարուց ավելի է` ներդրումներ չեն արվել և այն կիսաքայքայված վիճակում է, ապա ինչպե՞ս պետք է պետությունը գտնի նոր վարձակալ:
Ճարտարապետի դուստրը կարծում է, որ այն պայմաններով, ինչով որ շենքը հանձնվել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը, նոր վարձակալ կգտնվի, իսկ եթե ոչ, ապա ինքը հանդես կգա առաջարկությամբ` ստեղծել քաղաքացիական հասարակության նախաձեռնող խումբ, որը կդիմի կառավարությանը, որպեսզի կառույցը վարձակալությամբ տրվի խմբին. «Ես համոզված եմ, որ Հայաստանում մոտ տասը նվիրյալներ կգտնվեն, որպեսզի ցանկություն հայտնեն դառնալու այդ շենքի վարձակալը, և մի քանի տարվա մեջ հետ կբերեն այն գումարները, որ վաստակել է նախկին վարձակալը, ինչպես նաև կվերականգնեն շենքը»:
Ինչ վերաբերում է շենքի ներկայիս ոչ բարվոք վիճակին, ապա Թարխանյանը չի հավատում ներկայացվող թվերին. «Ժամանակին այն կառուցվել է որպես ռազմավարական կառույց, ինչը նշանակում է, որ դրանք հաշվարկվել են 10 բալանոց սեյսմակայունության համար: Ինձ համար զարմանալի են չակերտավոր եզրակացություններն այն մասին, որ շենքը սեյսմակայունության խնդիր լինի: Կարող ենք գնալ և տեղում տեսնել, թե ինչպես են բարբարոսաբար քանդել շենքի երեսպատումը, որի ընթացքում, պարզ է, երևում են նաև արմատուրաները, սակայն դա լուծելի խնդիր է և շենքի սեյսմակայունության վրա չի կարող ազդել»:
Նրա խոսքով` կառույցը գնահատվում է շուրջ 100 միլիոն դոլլար:
Մշակույթի ենթահանձնաժողովի անդամ, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով` կարծես մի չար ձեռք վերացնում է մշակութային արժեքները, որոնք խոսում են մեր ճարտարապետության, մեր անցյալի և մեր ազգի տեսակի մասին: Նրա կարծիքով` այս անհասկանալի երևույթը պետք է կանխվի:
Վլադիմիր Պողոսյանը, որը ոչ միայն Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի, այլև մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողովի անդամ է, հանդես եկավ կոնկրետ առաջարկով` որոշում կայացնել դիմելու մշակույթի նախարարության փորձագիտական հանձնաժողով կառույցը պետական մշակութային հուշարձանների ցուցակում ներառելու համար: Նա նշեց, որ կառույցը ժամանակին ներառված է եղել պատմամշակութային հուշարձանների ցանկում, սակայն հետագայում անհայտ պատճառներով ցանկից հանվել է:
Առաջարկը դրվեց քվեարկության` ընդունվելով միաձայն:
Հշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:
Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:
Հարցը քննարկման է դրվել նաև Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարպետության, ինչպես նաև ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովում: Նախատեսված է քննարկում նաև ՀԽ ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում:
ՀԽ ենթահանձնաժողովների որոշումները կամփոփվեն Հանրային խորհրդի փոքր, ապա լիագումար նիստում, որից հետո Հանրային խորհուրդն իր վերջնական դիրքորոշումը կհայտնի բարձրացված հարցի վերաբերյալ:
Այսօր Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ տեղի կունենա
Այսօր` հոկտեմբերի 9-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 75-ամյա հոբելյանին նվիրված համերգ: Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի մենակատարների պետական անսամբլը և անհատ կատարողներ /դիրիժոր` Զավեն Վարդանյան/: Համերգի ընթացքում կհնչեն հեղինակի կամերային ստեղծագործությունները:
Պիկասոն բացի օծանելիքից նաեւ նկարիչ է. Սամվել Երեմյան
«Առանց դադարի աշխատելու ենք: Պատրաստվում ենք կազմակերպել ժամանակակից արվեստի փառատոն: 5-10 նկարիչներով կնկարենք մեկ մեծ կտավ, որի աշխատանքները կտևեն 20 օր և24 ժամ: Այս կերպ ուշադրություն կսևեռվի նախագծին, որը անցնելու է «Աշխարհն ինչպիսին է և աշխարհն ինչպիսին պետք է լինի» խորագրով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Infinity 2 Art festival» միջազգային փառատոնի մասին նշեց «Infinity Art Production» տնօրեն, նախագծի ղեկավար Հայկ Մութաֆյանը:
Նրա խոսքով փառատոնը նախատեսվում է կազմակերպել 2014-15թթ.-ին: Ժամանակակից արվեստի փառատոնը մեծ ռեսուրսներ է պահանջում, տարածաշրջանում նախադեպը չի եղել: Միջոցառումը բոլորի կողմից կընդունվի, սակայն մեծ աշխատանք է պետք կատարել.
«Անգամ հնարավոր է ցուցադրումներ կազմակերպել հնարավորինս օղակներով՝ թատրոնի ոճով, գրական արվեստ, երաժիշտական լուծումներ և այլն: Այս կերպ հնարավորություն կտրվի արվեստագետներին ստեղծագործելու»:
Նկարիչ Սամվել Երեմյանի պնդմամբ մի քանի տարի առաջ հարցման արդյունքում իրենք պարզել են, որ հայ երիտասարդների մեծամասնությունը մեծագույն, համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչներին շփոթել են օծանելիքի, խմիչքների և այլնի հետ, մասնավորապես՝ Մոցարտին համարել են բանբաներկա, Պիկասոյին՝ օծանելիք, Ռոդենին՝ մեքենա, Բալզակին ՝լիկյոռ և այլն.
«Մինչ այսօր շատ բան չի փոխվել և եթե փոխվել է ապա դեպի վատը: Այս ծրագիրը հակված է սեր առաջացնելու արվեստի, մշակույթի նկատմամբ: Բնակչության մեծ մասը կիմանա, որ Պիկասոն բացի օծանելիքից նաև նկարիչ է»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Հարություն Խաչատրյանը` «360°» միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահ
2013թ-ի հոկտեմբերի 10-ից 18-ը Մոսկվայում տեղի կունենա «Երեք հարյուր վաթսուն աստիճան» արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնը: Փառատոնն անց է կացվում Մոսկվայի կառավարության հովանու ներքո:
«Երեք հարյուր վաթսուն աստիճան» արդի գիտական ֆիլմերի փառատոնի առաջնային նպատակն է գիտության և գիտական աշխատանքի վերաբերյալ հեղինակային վավերագրական ֆիլմերի հավաքագրումն ու ներկայացումը: Փառատոնի չորս մրցութային ծրագրերում ընդգրկված ֆիլմերը վավերագրական կինոլեզվով ներկայացվող իրական պատմություններ են` գիտություն-իրականություն, գիտություն-կյանք շղթայական փոխհարաբերությունների և անհատների կենսակերպի վերաբերյալ:
Հազարավոր կինոփառատոներով հարուստ ժամանակակից կինոաշխարհում` իր ուրույն ուղղվածությամբ առանձնացող այս փառատոնն արդեն իսկ մեծ հեղինակություն է վայելում մասնագետների և հանդիսատեսի լայն շրջանակներում:
Սիրով տեղեկացնում ենք, որ «Երեք հարյուր վաթսուն աստիճան» արդի գիտական ֆիլմերի երրորդ միջազգային փառատոնի ժյուրին կնախագահի Հայաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Սա հրաշալի առիթ է «Ոսկե ծիրան» և «Երեք հարյուր վաթսուն աստիճան» միջազգային կինոփառատոների փոխհարաբերությունների ամրապնդման և մոտ ապագայում համատեղ ծրարգրերով ներկայանալու համար:
Մարդիկ ժպտալու ժամանակ չունեն, բայց այդ հրաշալի օրը կգա
Աբել Աբելյանը ծնվել է 1978 թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում: 1996-2001 թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի, այնուհետև Թատերարվեստի ռուսական ակադեմիայի դերասանական բաժնում: 2001-ից աշխատել է Մոսկվայի TV6 հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր, 2003 թ. «Շողակաթ» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Հայտնի պատմություններ» հաղորդաշարը, 2005 թ. ,Հ2 հեռուստաալիքով վարել է «Սպոտ էքստրա» հաղորդաշարը, 2006 թ. եղել է «Ար» հեռուստաընկերության «Փոքր քաղաքի մեծ մարդիկ», «Ծանոթանանք, Երևան» հաղորդաշարերի վարողն ու ռեժիսորը: Նկարահանվել է «Չգրված օրենք», «Սրիկաները», «Խավարման օրը», «Մոնարխ», «Դիպուկահար» ֆիլմերում, նաև «Փախուստ», «Կյանքի գինը», «Վերադարձ», «Ոստիկաններ» հեռուստասերիալներում: 2007 թ. հիմնադրել է «Քասթինգի դպրոցը»` հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնը, իսկ 2011-ից «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան»:
– Ինչո՞ւ Աբել Աբելյան:
– Պապիկիս անունը եղել է Աբել Չալաբյան: Բայց, քանի որ նա երիտասարդ ժամանակ երգիչ է եղել, որոշել է իր համար բեմական ազգանուն ընտրել՝ Աբելյան: Եվ այդպես այն փոխանցվել է ինձ:
– Իսկ ինչո՞ւ հենց դերասան և ռեժիսոր:
– Մայրս ռեժիսոր էր, հայրս՝ դերասան, իսկ ես բեմում էի մեծացել. խաղում էի բոլոր ներկայացումներն ու լավ գիտեի բնագավառի մթնոլորտը: Մայրս ինձ բանակից ազատելու համար ընդունեց թատերական ինստիտուտ, սակայն ես ավելի շատ ցանկանում էի տնտեսագիտական ֆակուլտետ ընդունվել, ինչը, ցավոք, չստացվեց միավորները չբավականացնելու պատճառով: Թատերական հեշտությամբ ընդունվեցի, քանի որ մայրս այնտեղ էր դասավանդում և շատերն ինձ դեռ փոքրուց գիտեին: Առաջին երկու տարին չէի հասկանում՝ ինչ եմ ուզում, չէի սովորում և ավելի շատ կռիվների մեջ էի: Բայց մեկ տարի անց մայրս իմ առջև հարց դրեց` կա՛մ սովորիր, կա՛մ գնա բանակ: Ես էլ սկսեցի լավ սովորել:
– Չփնովելով հեռուստասերիալները՝ այնուամենայնիվ ի՞նչ եք մտածում, իրականում ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք:
– Սերիալը կա՛մ պետք է լինի ցերեկային ժամերին, տնային տնտեսուհիների համար, կամ լինի մոտ 20-30 սերիա, այնուհետև աստիճանաբար նվազի՝ հասնելով մինչև 4-5 սերիայի, հետո՝ 3-2, ոչ թե շատանա: Փորձը ցույց է տալիս, որ սպառվում է թե՛ հեռուստադիտողը, թե՛ սցենարիստը, չէ՞ որ ամեն օր չես կարող ստեղծագործել, այն էլ` որակով: Դա ծննդաբերության պես մի բան է:
– Կարծիք կա, որ սերիալներ նկարելու համար ավելի շատ գումար է ներդրվում, քան միջազգային մակարդակի ֆիլմերի:
– Եթե համեմատենք համաշխարհային կամ նույնիսկ Վրաստանի կինոյի հետ, որտեղ թանկության պատճառով սերիալներ քիչ են նկարվում, մեզ մոտ կինոարտադրության այդ ճյուղի վրա կոպեկներ են ծախսվում: Այսօր կրճատվել է նաև դերասանների աշխատավարձը: Գործարարները կարող են նպաստել այդ ոլորտի զարգացմանը:
– Բայց նրանք ունե՞ն այդ ցանկությունը:
– Ավելի շատ ստեղծագործողների շրջանում է նկատվում: Այսօր մեր հայրենակիցներից շատերը կարողանում են նույնիսկ փոքր բյուջեով ֆիլմեր նկարել: Կարևորն այն է, որ մարդիկ չեն հիասթափվել, և կարծում եմ՝ կգա մի օր, երբ պետական աջակցությունն ավելի շատ կլինի:
– Երեք բառով նկարագրեք Ձեր անձը:
– Ոչ վատ մարդ:
– Ոչ վատ մարդ, որը հիմնել է սեփական կրթական ստուդիան: Ի՞նչ առանձնահատկություն ունի այն մյուս դպրոցների համեմատ:
– Առաջինը «Քասթինգի դպրոց» հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնն է եղել, հետո բացվեց առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիան, և լուրեր տարածվեցին, թե ո՞վ է ասել, որ դա առաջին ստուդիան է: Բացատրեմ. առաջին, որովհետև երբ մեր ստուդիան հիմնվում էր (2008 թ. հաղորդավարական, 2011 թ.՝ դերասանական), այդ ժամանակ նման բան չկար և՛ ՀՀ-ում, և՛ Անդրկովկասում (8-9 առարկա՝ սուսերամարտ, կասկադիորական արվեստ, վոկալ, դերասանական վարպետություն, բեմական խոսք և այլն, գումարած` լուրջ տեխնիկա): Եվ պրոֆեսիոնալ, որովհետև այս հաստատությունում դասավանդում են միայն արհեստավարժ և հայտնի մասնագետներ: Շուտով նոր նախագիծ ենք սկսում, որն արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել: Մեկ տարվա ընթացքում, բացի տեսականից, լինելու է հեռուստառեժիսուրայի, օպերատորական արվեստի և մոնտաժի միասնական գործնական դասընթաց:
– Այսինքն՝ կադրեր են պատրաստվելու: Բայց արդյոք աշխատատեղերի դռները բա՞ց են այդ երիտասարդների համար:
– Սա հենց բարդ հիմնահարցերից է: Խորհրդային ժամանակներում պետական հաստատությունները պարտավորված էին շրջանավարտներին աշխատանքի տեղավորել: Ընդունում էին այնքան թվով ուսանողներ, որքան անհրաժեշտ էր աշխատաշուկային, որովհետև նաև մարզեր էին ուղարկում: Իսկ այսօր պատկերն այլ է: Մենք մեր սաներին չենք խոստանում, որ աշխատանքի ենք տեղավորելու: Այդուհանդերձ, փառք աստծո, մեր սաների 20-22 տոկոսն աշխատում է իր մասնագիտությամբ:
– XXI դարն արագության և կատաղի մրցակցության դար է: Ինչպե՞ս կարող է շրջանավարտը ոլորտ մտնել:
– Ոլորտում ներգրավվելու համար անհրաժեշտ է շատ ու շատ համառություն: Հիշում եմ, թե ինչպես էի փորձում մտնել հեռուստատեսություն: Լուրջ նախագծեր էի ներկայացնում, բայց դռները փակում էին, ժամադրում էին, բայց խույս էին տալիս: Իսկ այսօր նույն մարդիկ իրենք են ինձ խնդրում համագործակցել իրենց հետ, սակայն մերժում եմ:
– Որքա՞ն ժամանակ պահանջվեց հեռուստաոլորտում կայանալու համար:
– Մոտավորապես 10 տարի: Եվ հաջողվեց միայն այն ժամանակ, երբ արդեն պատրաստ էի այդ ոլորտի համար: Կարծում եմ՝ եթե հեշտ և արագ ստացվեր, արդյունք չէի տեսնի: Մինչդեռ այդ նահանջի, վայրէջքների ընթացքում վերանայում էի սխալներս:
– Միայն համառությունը բավարա՞ր է:
– Համառության հետ պետք է նաև սովորես և գնաս առաջ: Եվ չպետք է սպասես, որ քեզ փնտրեն: Բայց արի ու տես` կան մարդիկ, որոնք առանց պայքարելու շատ արագ հասնում են հաջողության:
– Նկարահանվել եք բազմաթիվ ֆիլմերում, հեռուստասերիալներում, բայց քանի՞ ֆիլմ եք նկարել:
– Նկարել եմ Հայաստանի մասին մեկ վավերագրական ֆիլմ, որը գլուխգործոց չէր, բայց շնորհիվ դասական մոտեցման՝ Վրաստանում արժանացավ «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» մրցանակի:
– Նոր ծրագրե՞ր…
– Նոր ֆիլմ ենք նկարելու, որի սցենարը դեռ ընթացքի մեջ է: Տեսնենք՝ ինչ կստացվի:
– Համաձա՞յն եք, որ մեզ մոտ լավ սցենարիստների պակաս կա:
– Այո, լավ մասնագետները քիչ են: Գուցե նրանից է, որ ժամանակին լուրջ սցենարիստական դպրոց չենք ունեցել:
– Այսօր գրեթե ամեն ինչ կա, բացի ինչի՞ց…
– Բացի մարդկային ջերմությունից: Շփումն է պակասում: Սոցկայքերը լուրջ ձեռքբերումներ են, բայց դրա հետ մեկտեղ մարդիկ սառել են, նրանց մեջ անտարբերություն կա, ինչը մեր մտածելակերպին այնքան էլ հատուկ չէ:
– Ինչպիսի՞ն ես տեսնում Հայաստանը 10 տարի հետո:
– Պայծառ, եթե իհարկե օգտագործենք մեր հզոր ներուժը, չնեղանանք և չլքենք երկիրը: Ես էլ եմ երբեմն ցանկացել հեռանալ հայրենիքից, բայց համբերել եմ: Շատ կուզենայի, որ մոտ ապագայում մեր երկիրը բարգավաճի և մարդկանց դեմքին առողջ ժպիտ հայտնվի: Այսօր խնդիրներն այնքան շատ են և խորը, որ ժամանակ չի էլ մնում ժպտալու: Մի դեպք հիշեցի: Մի անգամ մի մուրացիկի մեծ գումար տվեցի, բայց նա, ի զարմանս ինձ, չուրախացավ: Նրա խնդիրներն այնքան շատ էին, որ այդ գումարը դրանք չէր կարող լուծել: Մենք, քաղաքացիներս, պետք է չհիասթափվենք, նաև թույլ չտանք, որ ուրիշներին էլ հիասթափեցնեն: Հավատում եմ, որ շուտով մի լույս կբացվի, կլուծվեն մեր երկրի առջև դրված խնդիրներն ու մարդիկ նորից կժպտան:
Զրույցը վարեց Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԸ
Կներկայացվեն երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունները
Նոյեմբերի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո։ Համերգը կուղեկցվի Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության էստրադային և սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Երիտասարդ կոմպոզիտորները կարող են մինչև հոկտեմբերի 18-ն Աբովյան 50/5 հասցեով ներկայացնել իրենց էստրադային ժանրի ստեղծագործությունները՝ նոտագրված։ Ժյուրիի կողմից ընտրված լավագույն գործերը կընդգրկվեն համերգային ծրագրում։ Երեկոյի ընթացքում երաժշտական ստեղծագործությունները կներկայացնեն հայկական էստրադայի սիրված երգիչ-երգչուհիները, ինչպես նաև՝ երիտասարդ կատարողները։
Ծրագրի նպատակն է բացահայտել երիտասարդ ստեղծագործողներին՝ նրանց ներկայացնելով լայն հանրությանը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 010545802 (ներքին՝ 16)։
Նշենք, որ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկոն կազմակերպվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Գյումրիում բացվեց մարզային գրադարանի նոր շենքը
Այսօր` գրադարանավարի օրը Գյումրիում նշանավորվեց մարզային գրադարանի նոր շենքի բացմամբ: Երկար տարիներ խոնավ ու անհարմար պայմաններում գոյատևած գրադարանն այսօր արդեն ունի նոր, գեղեցիկ, լուսավոր ու տաք, ընդարձակ պայմաններ: Ցարական ժամանակաշրջանի գանձապետարանի շենքը, որ տիպային կառույց է և համարվում է պատմամշակութային արժեք, մի հատվածի նորոգումից հետո վերծվեց գրագարանի շենքի: Մարզային գրադարանն իր հսկայածավալ գրքային ֆոնդով տեղափոխվեց այստեղ, մոտ մեկ տարի աշխատելուց հետո տեղի ունեցավ պաշտոնական բացումը:
Արարողությանը ներկա էին մարզային ու քաղաքային իշխանությունները, ՀՀ մշակույթի նախարարը, ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը, ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանը: Հենց իտալական կառավարության ֆինանսական աջակցությամբ են կատարվել շինարարական աշխատանքները:
“17 տարի Շիրակի մարզային գրադարանն իր գործունեությունը, այլ ելք չունենալով, ծավալեց այլ գրապահոցային տարածքում: Եվ երկու տարի առաջ, հանգամանքների բերումով, այնպես պատահեց, որ այլևս հնարավոր չէր այդ տարածքում մեր գործունեությունը շարունակել և տիկին Հասմիկ Պողոսյանի շնորհիվ ձեռք բերվեց այս հրաշալի կառույցն ու նվիրվեց մեզ”, – նշեց գրադարանի տնօրեն Գևորգ Ամիրյանը:
“Արդեն մի քանի տարի է պետականորեն նշում ենք գրադարանավարի օրը: Մարզային գրադարանի կոլեկտիվը տասնամյակներ աշխատելով անհարմար, նեղլիկ շինությունում, ստացել է գրականության պահպանման և ընթերցողի հետ աշխատելու լավագույն պայմաններ: Գումարած դրան` ավերումից փրկվել է մարզկենտրոնի պատմաճարտարապետական “Կումայրի” արգելոց-թանգարանի երևելի շինություններից մեկի մի հատվածը”, – ելույթի իր խոսքում ներկաներին դիմեց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Իսկ մշակույթի նախարարն էլ, որ վերջերս հաճախ է լինում Գյումրիում նկատեց. “Երբ մշակույթի նախարարությունն այս շենքը ստացավ որպես պետական սեփականություն, և Իտալիայի կառավարության օժանդակությամբ իրականացվեց այս ծրագիրը, առաջինը մենք մտածեցինք, որ այստեղ պետք է տեղակայվի մարզային գրադարանը”:
Նախարարը նաև նշեց, որ հաջորդ տարի սպասվող աշխատավարձերի բարձրացման ծրագրով կբարձրացվի նաև գրադարանների աշխատողների աշխատավարձերը:
Մեկնարկել է «Կինոաշուն»-ը
Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հոկտեմբերի 5-ին մեկնարկեց «ԿԻՆՈԱՇՆԱՆ» պաշտոնական բացումը, որը համընկավ ամենամյա Ուսուցչի տոնի հետ: Կինոթատրոնի ճեմասրահում կինոյի ու դպրոցի մարդիկ շնորհավորեցին իրար ու վերստին հաստատեցին, որ արհեստների ու արվեստների քաղաք Գյումրին այսօր իրապես հաղթահարել է վերջին տարիներին իրեն բաժին հասած դժվարությունները և գյումրեցիներին հատուկ լավատեսության ու աշխատասիրության շնորհիվ արձանագրել բազում ձեռքբերումներ:
Հյուրընկալ տանտերերը կինոդահլիճում ավանդական կինոտոնը վերածեցին հաճելի ու ջերմ հիշողությունների, եղած ու չեղած, իրական ու անիրական պատմությունների հուշ-երեկոյի: Իրենց հատուկ հումորով պատմեցին կինոյի ու դպրոցի հայտնի մարդկանց` կինոյում առաջին ժամադրությունների, դպրոցական առաջին սիրո ու այն մասին, թե ինչպես գյումրեցի տղաները երեք անգամ նույն ֆիլմը դիտելուց հետո նոր էին միայն իրենց հավանած աղջկան հրավիրում կինո, որ ճիշտ երաժշտության ու ընտրված կադրի ներքո համբուրվեն: Իսկ երեկոն ավելի ջերմացավ, երբ «Կինոաշունը» ներկայացրեց Գյումրու մասին վավերագրական նյութերից պատրաստված տեսաֆիլմը: Դահլիճի այս ու այն ծայրից լսվում էր. «Ըսիգ Արտուշն է, ծո տեսար ինոր…»: Ու այսպես կինոտոնը հայկական հին ու նոր ֆիլմերով ու ջերմ մթնոլորտում սկսեց իր հանդիսավոր կինոերթը ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք դարձած Գյումրուց:
Կինոկենտրոնի մամլո քարտուղար
Ռուզան Բագրատունյան
Բաց նամակ կոմպոզիտորների միության համագումարին ընդառաջ
Երիտասարդ կոմպոզիտորներն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանի Կոմպոզիտորների և Երաժշտագետների Միությունում (ՀԿԵՄ) արդեն տարիներ շարունակվող անհուսալի իրավիճակի կապակցությամբ: Մեզ անհանգստացնում է փաստը, որ արդեն երկրորդ անգամ ՀԿԵՄ նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը գրեթե երեք տարի ուշացումով է անցկացնում ՀԿԵՄ նախագահի ընտությունները: Իսկ վերջին համագումարից հետո, որը տեղի է ունեցել 2009 թվականին,անգամ վարչություն չի ընտրվել, այսինքն՝ գրեթե հինգ տարի ՀԿԵՄը ղեկավարվում է ինքնիշխան, ինչի պարզ հետևանքն են ներկայիս խնդիրները:
Վերջին տարիներին վարվող երաժշտական հետամնաց քաղաքականության արդյունքում մի շարք երիտասարդ կոմպոզիտորներ անիմաստ են համարում անդամագրվել ՀԿԵՄ-ին, քանզի այն զրկված է ժամանակակից հայացքներից, կրեատիվ նախաձեռնություններից և չունի գործող իրավաբանական համակարգ: Մինչդեռ կոմպոզիտորներից շատերն արդեն տարիներ շարունակ ապրում և ստեղծագործում են արտերկում՝ առնչվելով և համագործակցելով տարբեր ստեղծագործական կառույցների հետ: Նրանց համոզումն է, որ ներկայիս Միության գործելակերպը խիստ անհեռանկարային է նոր զարգացումների ասպարեզում, ինչն անմիջականորեն կապված է ներկայիս ղեկավարության հետ:
Առկա է նաև Դիլիջանի ստեղծագործական տունը իր հիմնադրի՝ Էդուարդ Միրզոյանի անունով անվանակոչության հարցը: Միության նախագահը գրեթե մեկ տարի առաջ նշել էր, որ որոշում կայացնելու համար հարկավոր է ընդամենը ժողով կազմակերպել, ինչը փաստորեն նրա համար մինչ այսօր անհնար եղավ: Հարց է ծագում՝ եթե միության անդամների մեծ մասն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը, և եթե հայտնի է, որ այդ ժամանակահատվածում արդեն իսկ հրավիրվել է ՀԿԵՄ «վարչության» նիստ, ապա ո՞րն է պատճառը, որ անվանակոչման հարցը դեռևս լուծում չի ստանում:
Միության ներքո կազմակերպվող սակավաթիվ համերգները վաղուց արդեն անհետաքրքիր են և դարձել են ինքնանպատակ: Միությունը գրեթե անգործության է մատնված և այդ պատճառով էլ կորցրել է իր դերը մշակութային կյանքում: Ավելորդ է ասել, որ նոր տեխնոլոգիաններն այս կառույցին ամբողջովին անհաղորդ են մնում: Ցավոք պետք է նշել, որ չեն օգտագործվում նաև Միության եղած միջոցները` կոմպոզիտորների միության շենքն իր երգեհոնային դահլիճով, Դիլիջանի ստեղծագործական տունը և այլն, որոնք կարելի էր ծառայեցնել մի շարք հրաշալի ծրագրերի, ինչը երիտասարդները դժվարությամբ փորձում են անհատապե՛ս կյանքի կոչել:
Հաշվի առնելով այս և այլ հանգամանքները՝ գտնում ենք, որ պետք է տեղի ունենա ներկայիս նախագահի փոփոխություն, և կոչ ենք անում Միության անդամներին Համագումարի ընտրության ժամանակ քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին: Հակառակ դեպքում սերնդափոխության հարցը կշարունակվի մնալ արդիական, ինչով և ՀԿԵՄ-ի գործունեությունն ապագայում վերջնականապես կիմաստազրկվի:
Արամ Հովհաննիսյան, Ժնև (Շվեյցարիա)
Վահրամ Սարգսյան, Մոնրեալ (Կանադա)
Աննա Հակոբջանյան, Վանաձոր
Արման Ղուշչյան, Մոսկվա (Ռուսաստան)
Արթուր Աքշելյան,Ժնև (Շվեյցարիա)
Հովիկ Սարդարյան, Երևան
Դավիթ Սաթյան,Լոնդոն (Անգլիա)
Ժիրայր Շահրիմանյան, Երևան
Գևորգ Բադալյան, Երևան
Ռուբեն Աբրահամյան, Մոնրեալ (Կանադա)
Անդրանիկ Ֆատալյան, Քյոլն (Գերմանիա)
Էռնեստ Դուլգարյան, Երևան
Արսեն Բաբաջանյան, Մյունխեն (Գերմանիա)
Քաջիկ Գրիգորյան, Երևան
Հեղինե Սարգսյան, Արտաշատ
Սերգեյ Ումրոյան, Գյումրի
Դավիթ Պիվազյան,Երևան
Շուշան Սարգսյան, Կիև (Ուկրաինա)
Բելա Հովհաննիսյան, Գյումրի
Անդրանիկ Բերբերյան, Երևան
Ռուբեն Անտոնյան, Երևան
Գևորգ Դարբինյան,Համբուրգ (Գերմանիա)
Մանե Հովհաննիսյան, Երևան
Անժելա Ստեփանյան, Երևան
Աննա Զաքարյան, Երևան
Արթուր Հարությունյան,Երևան
Գոռ Հովհաննիսյան, Երևան
Դպրոցականները կարճամետրաժ ֆիլմեր են նկարահանել Թումանյանի թանգարանի մասին
Հոկտեմբերի 6-ին Երեւանի Հ. Թումանյանի թանգարանում կայացավ ԱՌԻԹ մշակութային ՀԿ-ի նախաձեռնած եւ իրականացրած «Շրջանակից դուրս» ծրագրի շնորհանդեսը, որի ժամանակ առաջին անգամ ցուցադրվեցին դպրոցահասակ պատանիների կողմից ստեղծված 11 կարճ ֆիլմ-պատմություններ թանգարանի մասին: «Շրջանակից դուրս» ծրագիրն իրականացվել է Թումանյանի թանգարանի հետ համագործակցությամբ Արեւելյան գործընկերության մշակութային ծրագրի «Մշակույթի նոր շունչ. հարստացրու ժառանգությունն արվեստների կյանքով» ծրագրի շրջանակներում եւ նպատակ ուներ ֆիլմ-պատմությունների միջոցով ավանդական շրջանակներից դուրս բերել թանգարանի ասելիքը:
Ծրագրին մասնակցել են 13-15 տարեկան 12 պատանիներ Երեւանի տարբեր դպրոցներից, նրանցից մեկը՝ Արցախից: Ամռան ամիսներին մասնակիցները նախ հնարավորություն ստացան մանրամասն ուսումնասիրել թանգարանի ողջ նյութը, ապա ներգրավվեցին գործնական դասընթացում, որի շնորհիվ սովորեցին տարրական գիտելիքներ ֆիլմի թեմայի ընտրության, սցենարի ձեւավորման եւ ռեժիսորական մտահղացման վերաբերյալ: Այնուհետեւ յուրաքանչյուրը նշված փուլերով անցավ իր իսկ ֆիլմի զարգացման ընթացքում՝ թանգարանի կողմից ստանալով բացառիկ թույլտվություն՝ մտնելու սովորական այցելուների համար փակ տարածքներ, շոշափելու եւ նկարահանելու իրենց հետաքրքրող նյութերը:
Այսօր արդեն 11 կարճ ֆիլմերը ազատ տեղադրված են համացանցում՝ հետեւյալ հասցեով, ու կոչված են թանգարանի թաքուն անկյուններն ու անծանոթ հերոսներին բացահայտել ինչպես վաղեմի այցելուների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր հենց այս կարճ ֆիլմերի շնորհիվ ցանկություն կունենան անձամբ տեսնելու ներկայացվածը: Ֆիլմերը ցուցադրության իրավունքով նվիրվել են Թումանյանի թանգարանին:
Առաջիկա օրերին մասնակիցների խումբը ԱՌԻԹ մշակութային ՀԿ-ի նախաձեռնությամբ եւ Մշակույթի նախարարության աջակցությամբ կայցելեն Դսեղ՝ Թումանյանի ծննդավայր, որտեղ նույնպես կցուցադրեն ֆիլմերն ու կնվիրեն դրանք նաեւ Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանին:
«Շրջանակից դուրս» ծրագիրն իրականացել է Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ եւ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի աջակցությամբ: Առաջիկայում նախատեսվում է ծրագիրը շարունակել Երեւանի եւ մարզերի այլ թանգարաններում:
Ժյուրին շոկի մեջ է. Մկոն՝ «Հայաստանի ձայնը» նախագծում
- Armstar.am-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի ձայնը» նախագծի կույր լսումների առաջին օրը հուզումնալից էր ոչ միայն մասնակիցների, նաև մարզիչների համար, լարված էր նաև հանդիսատեսը: Իրավիճակը թեթևացնելու համար մի փոքր կատակը չէր խանգարի: Եվ ահա՝ անակնկալ. հանդիսատեսն ուղղակի չկարողացավ զսպել զգացմունքները, բուռն ծափահարությունները, երբ բեմում տեսավ իր սիրելի արտիստին: Իսկ մարզիչները…..
Այսօր «Արամ Խաչատրյանում» հնչելու են Շտրաուս եւ Ստրավինսկի
«Մեր առաջին համագործակցությունն է հայկական բեմում: Համերգի մասին շշուկներն ու քննարկումները սկսվել էին դեռեւս 2011թ.-ին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կայանալիք համերգի մասին նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 5-ին տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Ալեքսեյ Օգրինչուկի համատեղ համերգը։ Հնչելու են Ռ. Շտրաուս եւ Ի. Ստրավինսկի։
Ալեքսեյ Օգրինչուկը Երևանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Ալեքսեյ Օգրինչուկը հոբոյ նվագում է 9 տարեկանից։ Ավարտել է Փարիզի կոնսերվատորիան։ Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է։ Մշտապես հանդես է գալիս Վլադիմիր Սպիվակովի հետ համատեղ։ Արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին։
Մեծահամբավ հոբոյահար Ալեքսեյ Օգրինչուկի համոզմամբ նա սիրով է ընդունել հրավերը ու առաջին անգամ է Հայաստանում: Փորձերի ժամանակ հասակացել է, որ հրաշալի տաղանդավոր երաժիշտներ կան Հայաստանում եւ ընդհանրապես իրեն ամեն ինչ այստեղ դուր է եկել:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Մշակույթն անմիջական սպառման ապրանք չէ. Համլետ Պետրոսյան
«Մշակութային քաղաքականությունը հասարակության մշակութային կյանքն է: Տիգրանակերտը մեզ հրապուրում է իր մեծ չափերով, պեղումներին մասնակցել են Ֆլորենցիայի համալսարանի երկու երկրաբան մասնագետներ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրանակերտի 2013 թ.-ի բացառիկ գտածոների, պեղումների ընթացքում հայտնաբերված նմուշների պատմական կարևորության մասին նշեց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
Նրա պնդմամբ իրենք մշակութային ժառանգության հետազոտություն են կատարում՝ ներկայացնում են հասարակությանը, իշխանությանը: Ամեն տարի Տիգրանակերտի արշավախումբը 120 էջանոց հաշվետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչությանը.
«2010 թ.-ին բացվեց Տիգրանակերտի հնագիտական թանգարանը, այնտեղ տարեկան այցելում է 30 հազար զբոսաշրջիկ, թանգարանը վճարովի է՝ յուրաքանչյուր այցելուն վճարում է 250 դրամ, սակայն կարծում եմ, որ վճարն անիմաստ է: Մշակույթն անմիջական սպառման ապրանք չէ, այլ հասարակությանը առաջ մղելու գործիք»:
Բանախոսի համոզմամբ հուշարձանը պետք է պահպանել, իսկ զբոսաշրջությունը նյութերին վնասում է: Տիգրանակերտը եզակի հուշարձան է, որը նախաձեռնվել է անձնական նախաձեռնությամբ: Իրենք ուզում են հրապուրել, այլ ոչ թե գումար վաստակել: Ցանկացած բիզնես նախագիծ չպետք է վնասի հուշարձանը:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Վուդի Ալենի որդու հայրը հնարավոր է Ֆրենկ Սինատրան լինի
Հոլիվուդում մեծ սկանդալ է: Վուդի Ալենի նախկին կինը` Միա Ֆերոուն հայտարարել է, որ իր երեխան իրականում հնարավոր է Ֆրենկ Սինատրայից լինի: 25-ամյա Ռոնան Ֆերոուն իսկապես էլ նման է հանգուցյալ արտիստին:
Նորությունը վերջերս է Միա Ֆերոուն հայտարարել Vanity Fair ամսագրին տված հարցազրույցում, որի թարմ համարը շուտով վաճառքի կգնա: Բացի այդ, Միա Ֆերոուի ու Վուդի Ալենի որդեգրած դուստրը կրկին խոսել է այն մասին, որ հայրն իրեն հետամտում էր, երբ ինքը 8 տարեկան էր: Ավելի վաղ, տվյալ պատմությունը ԶԼՄ-ներում երևացել էր, սակայն իշխանություններին հաջողվել էր հայտնի ռեժիսորին արդարացնելու համոզիչ ապացույցներ գտնել:
Ալենի հետ(որը Միայից մեծ է 30 տարով) ամուսնալուծությունից հետո Ֆերոուն կրկին ամուսնացավ երաժիշտ Անդրե Պրեվինի հետ:
“Իվան Գրոզնին սպանում է որդուն” կտավը խնդրում են հանել ցուցադրությունից
Ռուսաստանում հասարակական գործիչների խումբը պահանջում է Տրետյակովյան պատկերասրահից հեռացնել Իլյա Ռեպինի հայտնի կտավը: Նրանք երկու պատճառ են բերում.կտավը չափազանց արյունալի է ու վատաբանող.քանի որ թագավորը սիրում էր որդիներին ու ոչ մի կերպ չէր կարող սպանել որդուն:
“Որքան կարելի է հանդուրժել այդ քարոզը: Երեխաները գնում ու դիտում են այդ կեղծիքը.Ռուսական պետականությանը, ռուս թագավորին, Աստուծո օծյալին”,- ասում է “Սրբազան Ռուսիա ժողովրդական շարժման” կազմկոմիտեի նախագահը:
Տրետյակովյան պատկերասրահի գիտական գծով տնօրենը ասում է, որ, եթե նրանց պահանջը վերաբերում է պատմական անճշտությանը, ապա, դա նշանակում է , որ ռուս հսկաների ու Ալյոնուշկայի մասին բիլինաները պետք է վերացնել, ինչպես և Զևսի հայտնությունը Դանայային:
Կտավի հետագա ճակատագրի մասին վերջնական որոշում պետք է ընդունի ՌԴ Մշակույթի նախարարությունը, որը պետք է ըստ օրենքի Ռեպինի նկարի հակառակորդների նամակը ստանալուց 30 օր հետո պատասխանի ինչպես հարկն է: Սակայն, ինչպես հայտնում են Տրետյակովկայի վարչությունում, նման նամակ իրենք չեն տեսել, իսկ այդ աղմուկի մասին լսել են լրագրողներից:
Յուրատիպ այցեքարտ՝ համայն հայության
Հայ ժողովուրդը մեծ պատմություն ունի: Եվ այն ժողովուրդը, որը շատ փորձություններ է տեսել, հոգեպես ավելի ուժեղ է: Նա հոգեկան հմայք ունի: Նա մեծ ժողովուրդ է:
Իլյա ԷՐԵՆԲՈՒՐԳ
Այս օրերին կրկին Հայաստանի համար աշխարհաքաղաքական առումով բարդ ժամանակներ են, և կրկին երկընտրանքի առաջ ենք: Մեծից փոքր հասկանում ենք, որ հարկավոր է ճիշտ կողմնորոշվել, որպեսզի Նոյի ժամանակներից 21-րդ դար հասած հայությունը կարողանա պահպանել իր պետականությունն ու բազում զոհերի գնով նվաճված անկախությունը:
Եվ ահա ճիշտ ժամանակին «Անտարես» հրատարակչությունը ձեռք է մեկնել հայ ընթերցողին, առաջարկելով երջանկահիշատակ Ռաֆայել Իշխանյանի «Պատկերազարդ պատմություն Հայոց» գրքի նոր հրատարակությունը, որը հավակնում է բացելու Իլյա Էրենբուրգի գնահատանքի փակագծերը: Ցավոք, հեղինակը չի հասցրել գրել ի սկզբանե մտահղացված վեցհատորյա գրքի չորրորդ հատորը, որ հավակնում էր ճշմարտորեն ներկայացնելու Կիլիկյան Հայաստանի պատմությունը: «Անտարեսը» եռահատոր աշխատությունն ամփոփել է մեկ գրքում: Գրքի բարձրորակ տպագրությունը, դյուրընթերցվող տառատեսակները և շքեղ նկարազարդումները աշխատության խորքերը տանող սկզբնական գործոններն են, ու երբ սկսում ես կարդալ, համոզվում ես՝ այն անփոխարինելի դասագիրք է, հենց նման գրքով պիտի կրթել մատաղ սերնդին: Գիրքը գալիս է հիշեցնելու, որ արևմտամետ և ռուսամետ լինելուց առաջ պետք է լինել հայամետ, և սա հրամցվում է ոչ թե համոզելով, այլ պատմական փաստերը համադրելով, շատերիս համար դեռ փակ փակագծեր բացելով: Ես ժամանակին բախտ եմ ունեցել 1988-ին հրատարակված Ռաֆայել Իշխանյանի «Հայ ժողովրդի ծագման և հնագույն պատմության հարցերը» գրքին առնչվող խոհերս կիսելու մեծարգո լեզվաբանի հետ, երբ նա հյուր էր Ալավերդիում, մասնակցում էր մայրենի լեզվին նվիրված քննարկումներին, որոնք ամփոփվեցին տեղական թերթում հրապարակված կլոր սեղանով:
Իշխանյանը հմտորեն կապակցում էր հայոց լեզուն և հայոց պատմությունը ու պնդում, որ չկա հայ՝ առանց հայոց լեզվի, և չկա հայոց լեզու՝ առանց հայի: Այն ժամանակ նա ինձ հիշեցրեց Հեգելի հետևյալ միտքը. «Ազգի ոգին, նրա պատմությունը, հավատը, քաղաքական ազդեցությունների աստիճանը չեն կարող դիտվել նրանց ներքին էությունից դուրս, այդ ամենը միմյանց հետ շաղկապված մի հանգույց է»: Հենց այդ հանգույցն էլ կարմիր թելի նման էջից էջ անցնում է Ռաֆայել Իշխանյանի գրքում: Այն գիրք է ցավի` հայոց վշտի, կորուստների, զոհերի, գիրք է լինելության և հավերժումի, գիրք է հայոց պայծառ ապագայի նկատմամբ լեցուն հավատի մասին: Մի չփակվող դասագիրք է այն և կողմնորոշման անփոխարինելի ուղեցույց: Գրքում մատչելի զրույցների միջոցով ներկայացված է հայոց պատմությունը՝ սկսած հին ժամանակներից մինչև Բագրատունիների անկումը: Կարծում եմ՝ ընթերցողը փնտրելու է, որ գտնի և կարդա այս աշխատությունը, կարդա ոչ թե պարզապես կարդալու համար, այլ այն պահի իր սեղանին, հարկ եղած դեպքում որպես լույսի և հույսի փարոս կրկին ձեռքն առնելու համար: Կասկած չունեմ, որ այս գիրքն ընթերցելու պահին ընթերցողը չի նեղվի համակարգչից կտրված լինելու համար, դեռ ավելին։ Հեղինակը չի զլացել բացատրել պատմական տերմիններ և մի շարք բառեր, որ դպրոցական դասագրքերում չեն բացատրվում: Ընթերցողը կարող է նաև տեղեկանալ, թե պատմության մասին տեղեկություններն ինչ աղբյուրներից են ստացվում, ինչպես է պատմություն գրվում:
Սա գիրք է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար, գիրք-վավերագիր ու յուրատիպ այցեքարտ՝ համայն հայության:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի ԿԻՆՈԱՇՈՒՆԸ
ԿԻՆՈԱՇՈՒՆՆ ծրագիրն այս տարի կմեկնարկի Գյումրիից՝ հոկտեմբերի 5-ին, քանի որ քաղաքն այս տարի հայտարարված է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Հոկտեմբերյան աշնանային կինոտոնը այս տարի նվիրվում է Հայ կինոյի 90-ամյակին:
«Առաջին անգամ այն իրականացնելուց հանդիպեցինք բազմաթիվ խոչընդոտների, բայց այս տարի պահանջարկը մեծացավ: Ծրագիրը գնալով ձնագնդի պես թափ է առնում ու մեծանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:
Նրա համոզմամբ բոլոր մարզերի եւ համայնքների համար սա սպասելի տոն է: Այն դառնում է կինոյի տոն ամբողջ հանրապետության համար:
Այս տարի առաջին անգամ ԿԻՆՈԱՇՆԱՆ շրջանակներում, կազմակերպիչները, հայտարարել են կինոմրցույթ՝ «Երեւանն իմ քաղաքն է թեմայով»: Մրցույթը նվիրվում է Երեւանի 2795-րդ տարեդարձին:
ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սեյրանուհի Գեղամյանի պնդմամբ ԿԻՆՈԱՇՈՒՆՆ ընդարձակվում եւ ձեռք է բերում տոնական տրամադրություն: Կինոաշնանը բոլորը մասնակցում են, կինոն ամենամասսայական արվեստն է.
«Այնտեղ, որտեղ կա իրական արվեստ եւ տքնաջան աշխատանք, չի կարող զիջել իր տեղը, արվեստը երբեք իր տեղը չի զիջի: Կինոաշունը բազմաշերտ է, բազմաոլորտ»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ