«ԿԵՐՊԱՐՎԵՍՏ» ամսագիրը 10 տարեկան է

կերպարվեստՀոբելյանի առիթով զրուցեցինք ամսագրի գլխավոր խմբագիր Վրեժ Առաքելյանի հետ

 Կերպարվեստը միավորում է գեղանկարչությունը, քանդակագործությունը, գրաֆիկան, դեկորատիվ-կիրառական արվեստը: Ի տարբերություն տարածական արվեստների, ոչ պատկերային տարատեսակների, կերպարվեստն արտացոլում է իրականությունը և տարածության մեջ ստեղծում դիտարկելի ակներև կերպարներ:

Կերպարվեստի ստեղծագործություններում պատկերված գործողությունը խտացած, կենտրոնացած է մեկ պահի մեջ, արտաքուստ ստատիկ է և չի զարգանում ժամանակի ու տարածության մեջ, ինչպես թատերական արվեստում, պարարվեստում կամ երաժշտության մեջ, սակայն դա չի խանգարում գաղափարներ, մտքեր ու ապրումներ արտահայտելուն` չկորցնելով մեծ արվեստի իր ուժը:

Այս տրամաբանությամբ է արդեն 10 տարի տպագրվում ՀՀ Նկարիչների միության պաշտոնական պարբերականը՝ «Կերպարվեստը»:

Պարբերականի գլխավոր խմբագիր Վրեժ Առաքելյանը «Անկախի» հետ զրույցում ամփոփում է նախորդ տասնամյակն ու ներկայացնում ամսագրի ապագա անելիքները:

 – Պրն Առաքելյան, նախ՝ խոսենք ամսագրի ստեղծման պատմությունից: Ինչպե՞ս ծնվեց «Կերպարվեստը»:

– «Կերպարվեստ» ամսագրի նախաձեռնողը ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն է: Ճանաչում էինք մեկս մյուսին, քանի որ որպես լրագրող, որպես հրապարակախոս` մի շարք նյութեր էի պատրաստել, որը կապված էր Կարեն Աղամյանի վերականգնողական աշխատանքների հետ:

Մինչև 1998-ը միության գույքը ցիրուցան էր արվում, անուններ հիմա չեմ ցանկանում տալ, բոլորն էլ գիտեն: Երբ վարչության անդամները եկան, սկսվեց կառուցողական շրջան: Այսինքն՝ պահպանել միությունը, կազմակերպել բոլոր աշխատանքները: Խնդիրը մեկն էր. այն պետք է գոյատևեր իր կոչմանը համապատասխան:

Հենց այս կառուցողականության տրամաբանության շրջանակում էր նաև ՀՀ Նկարիչների միության պաշտոնական պարբերականի՝ «Կերպարվեստի» հիմնումը:

– Դա 10 տարի առա՞ջ էր…   

– Այո՛, 2003-ի սեպտեմբերի 5-ին լույս տեսավ «Կերպարվեստի» անդրանիկ համարը: Այդ ժամանակ ես աշխատում էի ՀՀ Գրողների միությունում, «Հորիզոն» գրական-մշակութային շաբաթաթերթի պատասխանատու-քարտուղարն էի: Միշտ էլ ասել եմ, որ հետաքրքրված էի հանրապետությունում գործող բոլոր ստեղծագործական միությունների և թերևս դրանցից ամենամեծի՝ Հայաստանի նկարիչների միության գործունեությամբ ու խնդիրներով:

Եվ անակնկալի եկա այն ժամանակ, երբ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ինձ առաջարկեց ու վստահեց գլխավորել նորաստեղծ «Կերպարվեստ» ամսագրի խմբագրական աշխատանքները: Չհամաձայնել չէի կարող, քանի որ միությունը երբեք չէր ունեցել նմանօրինակ պարբերական: Եվ հենց 2003-ից ձեռնամուխ եղանք ստեղծագործական բուռն գործունեության: Սկսվեցին դժվարությունները: Առանց հովանավորի ամսագիր պահելը բարդ բան է: Ու փոխվեց նաև պարբերականությունը: Հիմա տարին 1 կամ 2 համար է լույս տեսնում: Ես երբեմն կասկածում եմ` իրականում խմբագիր եմ, թե չէ, որովհետև տարին մեկ կամ երկու համար թողարկելը աբսուրդի պես բան է:

– 10 տարվա ընթացքում տպագրվե՞լ են հայ նկարիչների, միության աշխատանքների գործունեության մասին տեղեկություններ:

– Այո՛, անշուշտ: Թե ինչ ենք արել կամ չենք արել 10 տարվա ընթացքում, վստահ եմ՝ ամսագրում արտացոլված է: Կարելի է ասել` մի տասնամյակի պատմություն ունենք՝ սևով սպիտակի վրա տպված: Բայց այն խնդիրները, որ դրել էինք «Կերպարվեստի» առջև, լուծել ենք ընդամենը 25-30 տոկոսով:

– Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:   

– Նախ՝ միության գործունեության լուսաբանում, ազգային ավանդական արժեքների վերարտադրում, հանրահռչակում: Նպատակ ունեինք ամսագիրը հրատարակել մի քանի լեզուներով և աշխարհով մեկ տարածել: Դեռ այս գաղափարները իրականացնելու հնարավորություններ չունենք: Բայց հավատացեք՝ մենք շատ հարուստ արժեքներ ու ժառանգություն ունենք, որոնք, ցավոք, չենք կարողանում ներկայացնել աշխարհին:

– Պրն Առաքելյան, մինչև ձեզ հետ հանդիպելը ես շրջեցի կրպակներով ու հարցրի ձեր ամսագրի մասին: Լրագրավաճառներն ասացին, որ նման ամսագիր գոյություն չունի: 

– Գիտեք, «Կերպարվեստ» ամսագիրը չի վաճառվում կրպակներում և այլուր: Մենք ամսագիրը բաժանում ենք, ընթերցողին տրվում է անվճար: Մի անգամ ցանկացանք վաճառել ամսագիրը, բայց շատ արագ հասկացանք, որ փորձը ձախողվում է: Դա, իհարկե, իմ նախաձեռնությունն էր: Հիմա ասեմ, որ շարունակելու ենք անվճար բաժանել: Այսինքն՝ դա մեր ծրագրերի, մտահղացումների, ցանկությունների մի փոքրիկ մասնիկն է: «Կերպարվեստն» աննախադեպ հաջողություն է մեզ համար: Արվեստի այս ոլորտի մասին առանձին ամսագիր չի եղել:

Օրինակ՝ խորհրդային տարիներին կար «Սովետական արվեստ» ամսագիրը, որում կերպարվեստին շատ փոքր մաս էր հատկացվում, ու ասեմ՝ բավական թույլ էր ներկայացվում: Իհարկե,  ժամանակի արվեստի բոլոր նորությունները հրապարակում էր, տպագրում էր նյութեր, որոնք վերաբերում էին մշակութային կյանքին՝ իր ամենատարբեր դրսևորումներով ու զարգացման հեռանկարներով: Դա էլ Խորհրդային Հայաստանի մշակույթի նախարարության ամսագիրն էր:

– Իսկ ինչպիսի՞ նյութեր են տեղ գտնում «Կերպարվեստում»:

– Առաջին՝ ցուցահանդեսների լուսաբանում, այնուհետև հոբելյանների նորովի մեկնաբանում, նորովի լուսաբանում, կերպարվեստի մասին վերլուծական նյութեր: Ամսագիրը նաև ընդգրկված է ԲՈՀ (Բարձրագույն որակավորման հանձնաժողով) համակարգում և հնարավորություն ունի տպագրելու նաև թեզի պաշտպանությանը վերաբերող նյութեր, գիտական հոդվածներ, բնականաբար, արվեստի շրջանակներում: Բացի այդ, մենք մի բան մասամբ ենք կարողացել լուծել: Հայաստանում կերպարվեստի բնագավառում առաջացել էր մի անառողջ վիճակ: Դա կապված էր որոշ նկարիչների խիստ հանրահռչակման, մի շրջանի ոչ պակաս փայլուն նկարիչների անհայտության քողով պատված լինելու հետ: Այս խնդիրը շատ քիչ է լուծվել:

– «Կերպարվեստ»  ամսագիրը հնարավորություն չի՞ տալիս ներկայացնելու գոնե միության ներկայացուցիչներին:

– Գիտեք, ցավոք, վերջին ժամանակներս ուշ-ուշ ենք հրատարակում ամսագիրը, հիմնականում` ֆինանսական դժվարությունների պատճառով: Եթե երկու կամ երեք ամիսը մեկ անգամ կարողանանք հրատարակել, կարծում եմ՝ այս խնդիրն էլ կլուծվի: Չգիտեմ, կան, ասենք, նկարիչներ, որոնք իրենք իրենց են հանրահռչակում, բայց իրականում նկարիչը պետք է զբաղվի արվեստով, իսկ իրեն պետք է ներկայացնեն լրատվամիջոցները: Աշխարհի դրվածքն ու սկզբունքն է. միայն մեզ մոտ է, որ այս սկզբունքը չի գործում:

– Ամսագրում լուսաբանելիս մի քիչ փակ եք, չէ՞: Այսինքն՝ լուսաբանում եք հիմնականում միության նկարիչների աշխատանքները, գործունեությունը… 

– Բնականաբար, որովհետև մենք այնքան մեծ հարստություն ունենք, որ դրա մի մասն ենք միայն կարողանում ներկայացնել: Անգամ դրսի ցուցահանդեսները չենք կարողանում լուսաբանել: Բայց սա ոչ թե ներքին կանոն է, այլ ուղղակի ժամանակի ու հնարավորությունների խնդիր: Ամսագրում տեղ ունեն բոլոր նկարիչները, և տարբերություն չկա՝ նրանք կլինեն նկարիչների միության անդամ, թե ոչ: Շատ նկարիչներ ցանկանում են անդամագրվել միությանը, հոսքը շատ մեծ է:

– Պրն Առաքելյան, ովքե՞ր են ամսագրի հեղինակները:

– Հեղինակները համագործակցում են միայն ու միայն թղթակցական սկզբունքով, լրագրողի համար առանձին հաստիք չունենք, այսքան տարիների ընթացքում չենք էլ ունեցել: Ամբողջ «ծանրությունը» փաստորեն ընկնում է նկարիչների միության արվեստաբանության բաժանմունքի անդամների, ինչպես նաև երիտասարդ ուժերի վրա: Վերջիններիս համար ստեղծվեց պարզապես մի ամբիոն, որը հնարավորություն տվեց նրանց բացվելու և դառնալու արվեստի հմուտ քննադատ: Ասեմ նաև, որ պարբերականում միշտ էլ մեծ տեղ ենք տվել սկսնակ նկարիչներին, լուսաբանում ենք նաև  նրանց աշխատանքները:

– Բայց այսօր մենք լավ նկարիչներ ունե՞նք, կա՞ն սարյաններ կամ մինասներ…

– Ես կարծում եմ, որ սարյաններին ժամանակն է ծնում, հիմա սարյաններ ունենք, թե չունենք, չգիտեմ: 30-40-ականներին, օրինակ, թատրոնը մեծ վերելքի մեջ էր: Եկավ հանճարների մի շրջան՝ Փափազյան, Ներսիսյան, Վաղարշյան և այլք: Գուցե, այո՛, այսօրվա երիտասարդները դառնան մինասներ կամ սարյաններ: Դա բնության որոշելիքն է: Կան, իհարկե, շատ փայլուն նկարիչներ, որոնք միջավայրի կարիք ունեն:

– Ի՞նչ ապագա ունի «Կերպարվեստը»:

– Ամսագիրը շարունակում է տպագրվել, տպագրում ենք նյութեր, որոնք իրոք արժեքավոր են. փաստորեն շարունակում ենք գրի առնել մեր կերպարվեստի պատմությունը: Երևի կկրկնեմ միտքս. այսօր էլ նպատակ ունենք «Կերպարվեստը» հրատարակել մի քանի լեզուներով և աշխարհով մեկ տարածել: Ես կարծում եմ՝ կգա այդ օրը և մեր այս գաղափարները կիրականացվեն:

– Պրն Առաքելյան, մեր խմբագրությունն էլ շնորհավորում է ձեզ և միությանը ամսագրի 10-ամյակի կապակցությամբ:

– Շնորհակալություն նաև ձեզ: «Անկախը» լուրջ թերթ է, ինձ վրա լուրջ լրատվամիջոցի տպավորություն է թողել:

 

Հարցազրույցը վարեց

Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԸ

Արցախի հազարամյա պատմությունը քարե մատյաններում

cicernavanqԱպրիլի 18-ից մայիսի 19-ը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում ցուցադրվում  է Արցախի 7 հնավայրերից  (Ծիծեռնավանք, Տիգրանակերտ, Կարկառ, Շուշի, Հանդաբերդ, Հոռեկավանք, Կերեն) պեղված  հնագիտական 100  նոր  գտածոներ: Մի թանգարանում, որն իր մեջ ներառում է Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը` զբաղեցնելով 90 հա տարածություն:

Իսկ ցուցադրությունը նվիրված է  հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան, որն էլ կշարունակվի մինչև մայիսի 19-ը` թանգարանների միջազգային օրը: Այդ օրն ավելի հետաքրքիր ու հիշարժան դարձնելու համար թանգարանի տնօրինությունը միշտ մի նոր բան է մտածում, թեև թատերականացված ներկայացումներն ու այլ միջոցառումներն էլ իրենց հերթին են լցնում օրը:

Իսկ թե ինչու այդ երկու հիշարժան առիթները մեկտեղվեցին հատկապես արցախյան անակնկալով, թանգարանի տնօրեն  Գագիկ Գյուրջյանի պատասխանն ավելի քան խոսուն է. «Վերջին տարիներին Արցախի 7 հնավայրերում  իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված այս 100 նոր գտածոները ոչ միայն առաջին անգամ են Երևանում ցուցադրվում, այլև նորույթ են Արցախի մշակութային կյանքում, որովհետև մայիսի 19-ից հետո ողջ ցուցադրությունը կնվիրվի Արցախին: Եվ  սա Երևանի քաղաքապետարանի ու Լեռնային Ղարաբաղի մշակութային համագործակցության լավագույն օրինակներից է, որի բացմանը ներկա էին նաև Ղարաբաղի մշակույթի նախարարության ներկայացուցիչները: Դրանից լավ նվեր լինել չէր կարող»:

Չորս հնագիտական  արշավախմբեր են իրականացրել պեղումները, մեկը` Լեռնային Ղարաբաղից, երեքը` Հայաստանից: Հիրավի, դրանից լավ նվեր չէր կարող լինել ոչ միայն   թանգարանային օրվանն ընդառաջ, այլև  ի նշանավորումն մայիսյան փառահեղ հաղթանակների: Ցուցադրությունը շարժական բնույթ ունի, և պրն Գագիկ Գյուրջյանը հավատացած է, որ այն, Արցախի սեփականությունը դառնալով, կտեղափոխվի և կցուցադրվի նաև  այլ բնակավայրերում: Իսկ ցուցադրությունը Երևանում կմնա մինչև թանգարանային գիշերը: Այնպես որ, Էրեբունի թանգարանի գիշերային այցելուներին մի նոր անակնկալ է սպասում, իսկ ողջ հնավայրի  գիշերային լուսավորությունն արդեն նորություն չէ:

Այնուհանդերձ, թանգարանի  գիտահետազոտական բաժնի վարիչ Աննա Ազիզյանի օգնությամբ փորձենք փոքրիկ էքսկուրս կատարել արցախյան այդ 7 հնավայրերը ներկայացնող  ցուցասրահում: Նորովի բացահայտենք այդ զարմանահրաշ երկիրը:

Առաջին ցուցափեղկը հազարամյա կենսագրություն ունեցող Ծիծեռնավանքինն է (Քաշաթաղի շրջան): Միջնադարյան  IV-V դդ. թվագրվող բազիլիկ եկեղեցու և հարակից տարածքից պեղումների նյութերն էլ այդ ամենի լուռ վկաներն են: Եկեղեցական սպասքին վերագրվող նյութեր, նյութական օգտագործման ձիթաճրագներ, կարասներ, այսինքն` եկեղեցական սպասքի նյութեր, ինչպես նաև Ծիծեռնավանքի ճարտարապետական վերլուծությամբ արված լուսանկարներ:

2005 թ. ՀՀ ԳԱԱ  Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը` Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, հայտնաբերեց հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55մ.թ.ա.) Արցախում հիմնադրած Տիգրանակերտ քաղաքը: 2006-2012 թթ. հնագիտական պեղումներ կատարվեցին այդ տարածքում: Իսկ արդյունքն ավելի քան շլացուցիչ էր:

Տիգրանակերտը ներկայացված է ինչպես միջնադարյան, այնպես էլ անտիկ ժամանակաշրջանը ներկայացնող  գտածոներով` ջնարակապատ անոթների բեկորներ, ամբողջական աղաման, մոմակալ, գինու կարասներ, երկաթե նետասլաքներ XII-XIII դդ., կան նաև այլ գտածոներ: Առանձնակի ուշադրություն են գրավում նաև անտիկ և վաղ միջնադարի շրջանի սափորների բեկորները, խոյակների զարդաքանդակները:

Անզեն աչքով էլ նկատելի է, որ ցուցադրության գերակշիռ մաս են կազմում Տիգրանակերտից պեղված նյութերը: «Տիգրանակերտը շատ հայտնի հուշարձան է, հայտնի է նաև իր նշանակությամբ և լայնածավալ պեղումներով»,- մեկնաբանեց երիտասարդ հնագետը:

Ցուցապաստառի գրությունից իմանում ենք, որ միջնաբերդի պեղումների արդյունքում բացվել է նրա  հյուսիսային պարսպապատի 180 մետրանոց հատվածը: Եվ այն իր ժամանակի ամենամեծ պեղված պատերից մեկն է Անդրկովկասում:

Հաջորդը Շուշիի տարածքում պեղված երկու հուշարձաններն են: Առաջինը Քրիստոսից առաջ VI-VII դարերի դամբարան է, իսկ մյուսը` ժայռալանջին հայտնաբերված Կարկառի ամրոցը` XII-XIV դդ.:

Հանդաբերդն էլ միջնադարյան հուշարձան է, որն առավել հայտնի է իր զարդաքանդակներով, պատկերավոր սյուժեներով զարդարված խաչքարերով, ինչպես նաև Հանդաբերդի «Տիրամայր» խաչքարի բեկորով` թվագրված XII-XIV դդ.:

Բացառիկ ուշադրության են արժանի նաև Կերենի տարբեր դամբարաններից հանված անոթները, մետաղյա իրերը, ապարանջանները, օղերը և շատ այլ գտածոներ:

Թեև Հոռեկա վանքը այցելուին ներկայացված է միայն եկեղեցու ճարտարապետական վերլուծությամբ: Հոռեկա վանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ, անտառապատ լեռան հյուսիսային լանջին, և 1279 թ. մինչև 1809 թ. գյուղը Հոռեկա է կոչվել, Թալիշ է դարձել 1822 թ.: Արցախ աշխարհի այս հնագույն սրբավայրը` վանքը, կառուցվել է V դարում Եղիշե առաքյալի գերեզմանի վրա: Բաղկացած է եկեղեցուց (1279թ.), գավթից (1284թ.), զանգակատնից (XVII դար) և օժանդակ այլ շինություններից: Վանքի բակը հարուստ է խաչքարերով, որոնք թվագրվում են VIII և հետագա դարերով:

Ուշագրավ է, որ այստեղ է թաղված Երմոլովի գլխավորած ռուսական բանակի շտաբի պետ, հետագայում Պարսկաստանում Ալեքսանդր Գրիբոյեդովի քարտուղար ու թարգմանիչ, 1813 թ. Գյուլիստանի պայմանագրի ստորագրման մասնակից, թալիշցի գեներալ Շամիր խանը:

Օրեր անց դարերի ոտնահետքերով այս ցուցանմուշները տուն` Արցախ կվերադառնան` հարստացնելու այդ հնամենի երկրամասի հայկականության փառահեղ պատմությունը:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Գյումրին` “Թանգարանների գիշեվա” մեջ

017Մայիսի 18-իմ նշվում է թանգարանների միջազգային օրը, որ այս տարի համընկել է “Թանգարանների գիշեր” տոնին:

Ամեն տարի Գյումրիի թանգարանները ևս նոր ծրագրերով են հանդես գալիս: Առավոտից մինչև կեսգիշեր թանգարանները հյուրընկալում են այցելուների, ներկայանում բազմաթիվ միջոռացումներով:
Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում ցուցադրվեցին Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի և գեղանկարչության բաժնի ուսանողների աշխատանքները, ներկայացվեց Իսահակյանի “Ալագյազի մանիներ” պոեմի փոքրիկ բեմադրությունը, կազմակերպվեց ամենամյա գյումրվա թեյախմբությունը:
Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում տեղի ունեցան բազմաթիվ ցուցահանդեսներ: Թանգարանի բակում կազմակերպվեց “Ինչ, որտեղ, երբ” խաղի, “Կարատե դո” մարզային ցուցադրական առաջնություն, ներկայացումով հանդես եկավ Գյումրիի տիկնիկային թատրոնը, հնչեց երգ-երաժշտություն: Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջի սաները ելույթ ունեցան` նվիրված Վլադիլեն Բալյանի ստեղծագործական գործունեության 60-ամյակին:
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում տեղի ունեցավ հացաթխության պրոցես` լավաշը որպես ավանդական ուտեստ խորագրով, թանգարանի այցելուների համար բակում տեղադրված էր ֆայտոնն ու Ալեքսանդրապոլի տարազներով կին և տղամարդ մանեկենները, տեղի ունեցավ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի Զգեստի մոդելավորում ֆակուլտետի ուսանողների պոդիումը, ինչին հաջորդեց Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը:
Մհեր Մկրտչյանի թանգարանն այս տարի ներկայացավ մոնո ներկայացմամբ` Պետեր տուրինի “Վերջ, վերջապես” պիեսի “Չէ” տարբերակով: Որում տեղ գտած հոգեբանական դրսևորումները զուգահեռել էին Մհեր Մկրտչյանի կյանքի հետ:
Ցուցահանդեսներ ու միջոռացումներ կազմակերպվեցին նաև քաղաքի մյուս թանգարաններում ու պատկերասրահներում:

Բարեգործական համերգ՝ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին օգնելու համար

20.05Մայիսի 20-ին՝ ժամը 19.30, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և RP Musical management կազմակերպությունը նախաձեռնել են բարեգործական համերգ՝ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին օգնելու համար։ Համերգային նախագծի շրջանակներում աջակցություն է ցուցաբերում նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

ՀՊԵՆ-ը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և բրիտանացի ջութակահար Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնը կներկայացնեն Չայկովսկու, Մենդելսոնի ստեղծագործությունները, Մոցարտի ջութակի թիվ 5 կոնցերտը։ Համերգին որպես հրավիրյալ դիրիժոր կմասնակցի նաև Թոմաս Քարոլը։

Համերգից ստացված միջոցները կուղղվեն կրթօջախի ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի բարելավմանը։

Նշենք, որ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը կառուցվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Միացյալ Թագավորության կողմից։ Դպրոցի բացման արարողությանը 1990թ. հունիսի 10-ին ներկա է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը մշտապես հանդես է գալիս բարեգործական ելույթներով։ Նվագախմբի համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվում է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Հայաստանը Եվրատեսիլի եզրափակչում է (լուսանկարներ)

եվրատեսիլ-գոռԵրեկ Շվեդիայի Մալմո քաղաքում կայացավ «Եվրատեսիլ 2013»-ի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ ելույթ ունեցավ նաև Հայաստանը ներկայացնող Dorians խումբը` կատարելով Lonely planet երգը:

Կիսաեզրափակչի արդյունքներով Հայաստանը 7-րդն է, այսինք Dorians-ը եզրափակիչ անցած տասնյակում է:

Մասնակից 17 երկրներից եզրափակիչ են անցել նաև Հունգարիան, Հունաստանը, Նորվեգիան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Մալթան,  Ադրբեջանը, Վրաստանը և Ռումինիան:

Եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին:


Կկայանա Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» պատկերագրքի շնորհանդեսը

հայկական ազգային տարազՀՀ մշակույթի նախարարության,  Երևան քաղաքի պատմության թանգարանի, Անտարես մեդիա հոլդինգի և «Գասպարյան արտ ստուդիայի» համատեղ ջանքերով  «Թանգարանային գիշեր» ծրագրի շրջանակներում՝ ս. թ. մայիսի 18-ին, ժամը 18:00-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում կանցկացնեն նկարչուհի Ֆլորա Գրիգորյանի «Հայկական ազգային տարազ» եռալեզու ալբոմի շնորհանդեսը և տարազների ցուցահանդեսը:

Եվրատեսիլի 2-րդ կիսաեզրափակիչն այսօր է, Դորիանսը ելույթ կունենա 11-րդ համարի ներքո

եվրատեսիլԱյսօր երեկոյան  Շվեդիայում տեղի կունենա Եվրատեսիլ երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը:  «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանը ներկայացնող Dorians խումբն ելույթ կունենա 11-րդ համարի ներքո:

Այսօրվա կիսաեզրափակչին մասնակցում են 17 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի ներկայացուցչից բացի ելույթ կունենան նաև խմբեր և անհատ կատարողներ  Լատվիայից, Սան Մարինոյից, Մակեդոնիայից, Ադրբեջանից, Ֆինլանդիայից, Մալթայից, Բուլղարիայից, Իսլանդիայից,  Հունաստանից, Իսրայելից,  Հունգարիայից, Նորվեգիայից, Ալբանիայից, Վրաստանից, Շվեյցարիայից, Ռումինիայից:

Հեռուստադիտողների քվեարկությամբ ու պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ կընտրվի մրցույթի կատարողների վերջին տասնյակը, որոնք  էլ կանցնեն եզրափակիչ:

Մայիսի 14-ին կայացած առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ են անցել մասնակից 16 երկրներից 10-ը`  Մոլդովան, Լիտվան, Իռլանդիան, Էստոնիան, Բելառուսը, Դանիան, Ռուսաստանը, Բելգիան, Ուկրաինան և Նիդեռլադները:

Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 18-ին:

Նշենք, որ 58-րդ Եվրատեսիլին մասնակցում են ընդհանուր 39 երկրներ:

Աշխարհահռչակ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ջազմեն Վահագն Հայրապետյանը՝ ՀՊԵՆ-ի ՙHollywood Non-Stop» ծրագրում

20130515_210347Մայիսի 15-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, երևանյան հանդիսատեսին ներկայացրեց ՙHollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ Այն լի էր հաճելի անակնկալներով, որոնք մեկը մյուսի հետևից հանկարծակիի էին բերում հանդիսատեսին։

Ամերիկյան կինոերաժշտության երեկոյի ընթացքում երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով, տեղեկանալով ՙHollywood Non-Stop»-ի մասին, հատուկ Երևան էր ժամանել Թբիլիսիից՝ մասնակցելու համերգային ծրագրին։ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, մասնակցելով երիտասարդական նվագախմբի փորձին, շատ բուռն է արձագանքել ինչպես նվագախմբի երաժիշտների կատարողական արվեսի, այնպես էլ ՙHollywood Non-Stop» նախագծի վերաբերյալ։

ՙHollywood Non-Stop» համերգային ծրագրի ընթաքում հանդիսատեսին իր կատարումը նվիրեց նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն Վահագն Հայրապետյանը։

Ամբողջ երեկոյի ընթացքում հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիներն ուղեկցվում էին մեծ էկրանին ցուցադրվող ֆիլմերի կադրերով։ «Արամ Խաչատրյան՚ համերգասրահի լեփ-լեցուն դահլիճը վայելեց «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Աստղային պատերազմներ», «Մալենա» և բազմաթիվ այլ ֆիլմերի սաունդթրեքները։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ գնվել են Հոլիվուդից:

ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, համերգից առաջ պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ ներկայացվող բոլոր սաունդթրեքներն իր կողմից շատ սիրված են, և չի կարող առանձնացնել դրանցից որևէ մեկը։ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ «Hollywood Non-Stop»-ը մեծ դեր ունի երիտասարդներին դասական երաժշտությանն ինտեգրելու գործում։ «Այս նախագիծն ունենալու է իր շարունակությունը։ Շատ ճիշտ ձևաչափ ու մոտեցում է ընտրվել, և այն մարդիկ, որ կլսեն այսօրվա երաժշտությունը, հետագայում նույնպես ներկա կլինեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգներին՚,- նշեց Սերգեյ Սմբատյանը։

«Hollywood Non-Stop» նախագիծը մեկնարկել է 2012 թվականի մարտին, այն ունկնդրել է երևանյան 8 բուհերի և հանրապետության 4 մարզերի շուրջ 9000 հանդիսական։

Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը հովանավորում է նաև «Hollywood Non-Stop» համերգային նախագիծը։ «Hollywood Non-Stop»-ի գործընկերն է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Համերգային ծրագիրն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Այսօր ևս՝ ժամը 19.00, «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը կներկայացվի «Արամ Խաչատրյան՚ համերգասրահում։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Ռուսը “Միզող տղայի” արձանը փոխարինել է իր վարկածով

aaaa2Ռուս նկարիչ Պետրո Վոդկիսնը, մինչ ոստիկանությունը կհայտնվեր, հասցրել է  Բրյուսելի խորհրդանիշ համարվող “Միզող տղայի” արձանը փոխարինել սեփական վարկածով: Նա յուրօրինակ պերֆորմանս է կազմակերպել բելգիական մայրաքաղաքի կենտրոնում:

2 օգնականների հետ նա  արգելապատից ներս է  սողոսկել ու XV դարի արվեստի ստեղծագործության առջև նոր պատվանդան տեղադրել` վրան էլ կանգնեցրել տղամարդու միզող ոսկեզօծած արձան:

Օրենքը խախտողները հասցրին մինչ ոստիկանության ժամանումը, հեռանալ “հանցանքի վայրից”:

Անցորդները զարմացած կանգնում էին հուշարձանի առջև ու լուսանկարում նոր արձանը:

Հեղինակը հետո իր արարքը մեկնաբանել է հետևայալ կերպ.” Ես  հին “Միզող տղան” փոխարինեցի իմ “Միզող Պետրոյով”  ծիծաղի համար: Դա անմեղ կատակ էր: Ես ցանկացա մի կում մաքուր օդ բերել Բրյուսել ու ուրախացնել բնակիչներին”:

Իշխանությունները չգնահատեցեին Վոդկինսի ձեռնարկը և  իսկույն հեռացրին  այն: Ինքը` Պետրոն,  ցանկանում է հետ ստանալ արձանը, քանի որ չէր կարծում, որ այն կզարդարի ոստիկանական բաժանմունքը:

Նկարչի մասին քիչ բան է հայտնի: Նրա անձնական կայքում  նշված է, որ նա “ռուս նկարիչ է, որը ժամանակակից արվեստը նորովի է բացահայտում”: Նշված է նաև, որ նա “ծնվել է 2013-ին, վաղ գարնանը”:

Անջելինա Ջոլին պատրաստվում է ձվարանների հեռացման վիրահատությանը

angelina-jolie-kids-crickets37-ամյա դերասանուհին խոստովանել է, որ  հաջող մասթոէկտոմիայից հետո պատրաստվում է ձվարանների հեռացման վիրահատության, որպեսզի նվազեցնի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Մասնագետները   դերասանուհուն զգուշացրել էին, որ նրա մոտ ձվարանների քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը կազմում է 50% ու առաջարկել են այդ վիրահատությունը կատարել այն ժամանակ, երբ դերասանուհին դառնա 40 տարեկան:

Բրեդ Փիթի սիրելին արդեն կենսաբանական 3 և 3 որդեգրած զավակների մայր է.նրանցից ավագը` Մեդոքսը,  համարյա 12 տարեկան է:

 

Աննա Կուրնիկովան կուղեկցի Իգլեսիասին Մոսկվայում կայանալիք Տաշիր 2013-ի մրցանակաբաշխությանը

6d533e9aab32cf4ccf183ac94d84a78dՀայտնի թենիսիստուհին ու իսպանացի երգիչն առաջին անգամ  պաշտոնական ամուսնություն կնքելու մասին հայտարարությունից հետո  կայցելեն Մոսկվա: Առիթը  “Տաշիր-2013-ի” մրցանակաբաշխությունն է:

Համերգը տեղի կունենա 2013-ի մայիսի 18-ին,Կրեմլյան պալատում:  Ելույթ կունենան նաև“Փարիզի աստվածամոր տաճարը” մյուզիքլի  ճանաչված կատարողներ Հելեն Սեգարան ու Պատրիկ Ֆիորին:

«Թանգարանների գիշեր-2013» ծրագիրը անցկացվում է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով

Թանգարանների-գիշերըՅուրաքանչյուր տարի «Թանգարանների գիշեր» ակցիան անցկացվում է Թանգարանների միջազգային օրվա հաջորդող շաբաթ օրը: Այս տարի այն համընկնում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ, ինչը նշանակում է, որ թանգարանների այցելուները մասնակից կդառնան կրկնակի տոնի:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից, իսկ «Թանգարանների գիշեր» միջոցառումն անցկացվում է 2005 թվականից` Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ՝ ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի Խորհրդի հովանավորության ներքո: Ի դեպ, 2013 թվականի մայիսի 16-ին Եվրոպայի Խորհրդի նախագահությունը 6 ամիս ժամկետով ստանձնելու է Հայաստանը:

Եթե 2005 թվականին «Թանգարանների գիշեր» ծրագրին մասնակցում էր հայաստանյան 9-ը թանգարան, ապա այս տարի միջոցառմանը մասնակցում է 88 թանգարան: Այսպես, 2010 թ. մասնակից թանգարանների թիվը հասնում էր 40-ի, 2011 թ.` 59-ի, իսկ 2012 թ. թանգարանների թիվը 62-ն էր, ինչը նշանակում է, որ համաեվրոպական տոնի նկատմամբ տարեցտարի մեծանում է հետաքրքրությունը:

Պետք է նշել, որ յուրաքանչյուր տարի ավելանում է նաև «Թանգարանների գիշեր» միջոցառման այցելուների թիվը` 2011 թվականին 107 հազար էր, իսկ 2012 թվականին շուրջ 135 հազար:

«Թանգարանների գիշեր 2013» ծրագիրը կրում է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսը: Միջոցառումը հնարավորություն է ընձեռում հասարակությանն անվճար, գիշերային գողտրիկ միջավայրի ներքո հաղորդակից լինելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները: Միջոցառման նպատակն է նաև այցելուներին ծանոթացնելու թանգարաններում տարվող ոչ ֆորմալ կրթական գործընթացներին:

«Թանգարանների գիշեր 2013»-ին մասնակցում է 88 թանգարան: Նախորդ տարվա համեմատությամբ` թանգարանների թիվը ավելացել է 21-ով: Այս տարի «Թանգարանների գիշեր» ակցիային միացել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարանը, Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտը և Արցախի 5 թանգարան:

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է նաև «Մի պատառիկ պատմությունից» /«A piece of the story»/ մուլտիմեդիա ծրագիրը, որին մասնակցել են եվրոպական երկրների մի շարք թանգարաններ: Ծրագրին միացել է հայաստանյան 10 թանգարան, յուրաքանչյուր թանգարան ներկայացրել է ինքնատիպ պատմություն ունեցող թանգարանային առարկա:

«Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 22-23-ին նախատեսվում է անցկացնել երիտասարդ թանգարանագետների գիտաժողով` «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» խորագրով: Այն հնարավորություն կտա ակտիվ քննարկումներ կազմակերպել ոլորտում առկա խնդիրների շուրջ:

 

Սայաթ-Նովան բարդ է, բայց և պարզ

սայաթ-նովաՍայաթ-Նովայի ծննդյան 100-ամյակի առթիվ տոնակատարությունները շարունակվում են: Մայիսի 19-ին ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը և Սայաթ-Նովա մշակութային միությունը հրավիրում են մասնակցելու Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնին: Վարդատոնը կնշվի նաև Թբիլիսիում` մայիսի 26-ին: Վարդատոնին ընդառաջ լրագրողների հետ այսօր հանդիպեց ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը:

«Որտեղ Սայաթ-Նովա երգում են, այնտեղ ներկա է հայրենիքը: Նրա ասելիքը սերն էր, նրա մեջ այնքան սեր կա, որ անգամ կրոնական հակադրությունները չեն խանգարել: Բայց նա հայ է, և այդ մասին նա ասում է իր թուրքական խաղերի մեջ: Հրճվանք եմ ապրում և հպարտություն, երբ վրացիներն ու ադրբեջանցիներն ուզում են, որ Սայաթ-Նովան իրենցը լինի: Երանի նրանք էլ ունենային մեկը, որ մենք էլ ուզենայինք  մերը լիներ»,- ասաց Թովմաս Պողոսյանը:

Բանախոսը նշեց, որ Սայաթ-Նովան ամենաշատ երգվածն ու երգվողն է, ամենատարածված անունը հայ աշուղական արվեստի մեջ, բայց Սայաթ-Նովա են հաճախ կատարում մարդիկ, ովքեր նույնիսկ նրա գրքի տեղը չգիտեն, որ բացեն տեքստը, կարդան, շատ ամոթ է, երբ աղավաղումներով է երգվում Սայաթ-Նովան:

«Սայաթ-Նովան բարդ է, բայց և պարզ, և դու պետք է ծառայես նրան», – հավելեց Թովմաս Պողոսյանը:

Ամստերդամցի տարեց մարմնավաճառները` թոշակային տարիքում

o_632011Գերմանական Die Welt-ը հարցազրույց է ունեցել ամստերդամցի 70-ամյա մարմնավաճառ զույգի` Լուիզ և Մարտինա Ֆոկենսների հետ, որոնք գրեթե կես դար զբաղվել են մարմնավաճառությամբ  Ամստերդամի “կարմիր լապտերների” թաղամասում: Մարտին նրանք թոշակի անցան, սակայն ասում են, որ չեն պատրաստվում հրաժարվել իրենց սիրած գործից:

Քույրերն ասում են, որ շարունակում են հանդիպել տղամարդկանց հետ ու հայտարարել են, որ դեռևս կարող են երիտասարդներին  օրինակ ծառայել: Նրանք խոստովանում են, իհարկե, որ տարիքն իրենն անում է.Մարտինան 2009-ից հետո “աշխատանքի” է ներկայացել շաբաթական  ընդամենը երկու անգամ` արթրիտի պատճառով: Նրանք նոր սերնդին հարգանքով են վերաբերվում, սակայն կարծում  են , որ XXI դարի աղջիկներն   իրենց այնքան էլ   խելացի չեն պահում:

“Առաջ ինտիմ սպասարկման ոլորտի ներկայացուցիչները միմյանց նկատմամբ հարգալից էին, ասես հարազատներ լինեին, ինչն այսօր հազվադեպ է պատահում: Բացի այդ,  շատ  հաճախորդ գրավելու նպատակով գին են իջեցնում, ինչը լրջորեն ազդել է շուկայի վրա: Նախկինում աղջիկների վրա ավելի շատ հագուստ կար, քան հիմա: Դա յուրօրինակ խաղ էր. հաճախորդը յուրաքանչյուր  հանված կտորի համար վճարում էր,  արդյունքում մի կլորիկ գումար էր ստացվում: Իսկ այսօր աղջիկները փողոցում կիսամերկ են կանգնում, ինչը ազդում է և գրավչության , և այն գումարի վրա, որ նա ստանում է աշխատանքի ավարտին”:

Քույրերը փողոց են ելել 20 տարեկանում` ֆինանսական ծանր դրության պատճառով: Լուիզա Ֆոկենսը խոստովանել է, որ մարմնավաճառությամբ զբաղվել ստիպել է ամուսինը, հաճախ` ուժի սպառնալիքով: Սեքսով զբաղվելու արդյունքում Լուիզան ամուսնուն  Alfa Romeo ավտոմեքենա է գնել, ինչի համար բոլորովին չի զղջում: Ավտոմեքենայով ամուսինը նրան “աշխատանքի” էր տանում. դա էականորեն ազդել էր իր “գնի “ վրա:

Ֆոկենս քույրերն  Ամստերդամի լեգենդ են: Նրանք “Տիկիններն Ամստերդամից” գիրք են հրատարակել ու դոկումենտալ “Հանդիպում Ֆոկենս քույրերի հետ” ֆիլմի հերոսն են:

Ո՞ւմ ջաղացին են ջուր լցնում ավեդիկյանականները

AnoushԵթե թերթատենք  անգամ 100 տարի առաջվա մեր արևելահայ ու արևմտահայ պարբերական մամուլը, ապա օրաթերթերի յուրաքանչյուր համարում անպայման կգտնենք  մշակույթի, մասնավորապես թատերական աշխարհում   տեղի ունեցող երևույթների մասին առնվազն մի քանի թերթերում հոդվածներ, գրված թատերագիտական, երաժշտագիտական և  մշակութաբանական տարբեր մոտեցումներով։ Քննադատական  միտքը համաչափ ընթացել ու ուղեկցել է  արվեստների զարգացմանը։ Իսկ այսպիսի ավանդույթը միտված է եղել միայն հօգուտ  մեր ժողովրդի բազմակողմանի  տաղանդի զարգացման։ Բնականաբար որևէ ներկայացման մասին  մանրամասն  հոդվածներն արտահայտել են  և դրական, և մերժողական, ինչպես նաև խորհրդատվական  վերաբերմունք։ Նման վերաբերմունքն իրական արվեստի ու նրա  գործիչների համար  զարգացման կարևոր  խթան է հանդիսացել ու այսօր էլ շարունակում է հանդիսանալ քաղաքակիրթ հասարակություններում։ Ինչպե՞ս  եղավ, որ  ավելի քան երկու տասնամյակ է, այս ձայնը լռել է։ Կորա՞ն մեր արվեստաբանները, երաժշտագետները, գրականագետները, սրտացավ հանդիսականը… Կարծես թե անապատում ենք հայտնվել։ Ո՛չ  հրաշալի, և ո՛չ էլ  ներկայացում հիշեցնող միրաժների մասին ոչ մի տող  չենք գրում, չենք խոսում, չենք հիանում ու  կարեկցում։ Իսկ եթե հանկարծ ժամանակ առ ժամանակ ազնիվ   մտահոգության արդյունք բռնկումներ են լինում մամուլում, ապա  այն «մաքառող միջակության» կողմից ինքնապաշտպանական մի այնպիսի  սվինների ես հանդիպում, որ   միայն ապշել կարելի է, թե ու՞ր  և ի՞նչ մակարդակի է հասել մեր «արվեստը»։          Պաշտպանվելու միակ ճանապարհ են ընտրել հարգարժան  մարդկանց  պիտակավորելու, իրենց կարգին սպառնալու տակտիկան, ստալինյան ժամանակները մտաբերելով ու զուգահեռներ անցկացնելով։  Անգամ ներկայացումը չնայած հաղորդավարներն ու հաղորդման մասնակիցներից ոմանք  հեռուստաէկրանից «խորհուրդ են տալիս» չգրել, չգրել, չգրել…, մանավանդ ղեկավարությանը։ Չէ ՞ որ մենք գերմանացիներ չենք, որոնք օրերս  հանդիսականի, քաղաքապետի և կառավարության մակարդակով արգելեցին  և խաղացանկից դուրս շպրտեցին Վագների «Տանհոյզեր»ի դյուսելդորֆյան մոդեռն ներկայացումը։ Այն ևս ավեդիկյանական  «Անուշ»ի նման փորձարարական անհաջող մոդերնիզմի զոհերից էր դաձրել։ Ավելին, «հանցավոր բեմադրիչը», Բուրկհարդ Կոսմինսկին   որ «արդեն ժողովրդին էր թողել» իր  բեմադրությունը, ստիպված է վերադարձնել ծախսված միջոցները։ Այ ժողովուրդ…,  որն իր ղեկավարության  մակարդակով տեր է կանգնում  և չի թույլատրում պղծել  իր ազգային մշակութային արժեքները։ Սա՞  էլ կապ ունի ստալինյան  ժամանակների նրանց մտաբերման հետ։

Չմոռանանք ռուս մտավորականության ընդվզումը վերջերս Մեծ թատրոնում  Չայկովսկու հայտնի օպերայի մոդերն բեմադրության առիթով։

Տեղին  հիշվեց նաև  Կարեն Դեմիրճյանի կողմից «Պեպո»ի բեմադրության  արգելելը։ Աճեմյանական բեմադրության մեջ գլխավոր հերոսի կերպարը  հանճարեղ մարմնավորած ականավոր դերասանը ցանկացել էր սեփական  մոտեցումներն արտահայտել  իր բեմադրած պիեսը նոր ժամանակներում տեսնելով։  Այս անգամ բեմադրիչը զիջել էր  աճեմյանական  Պեպոյին։ Այո, արվեստների հովանավոր ու գիտակ երկրի առաջին քաղաքական այրի մակարդակով այս սխալը կյանք չունեցավ (ԱՌԱՎՈՏ, 1.05.2013, էջ 6, Սամվել Դանիելյան, Ավեդիկյանը խմբագրել է 100-ամյա «Անուշը»)։

Սա  հիշեցնում է նաև այն, որ երբեմն տաղանդավոր կոմպոզիտորներ,  երգիչներ, արվեստագետներ փորձում են   դիրիժորական փայտիկը վերցնել ու կանգնել նվագախմբի առջև։ Որպես կանոն,  շատ քչերին է հաջողվում  չպսակազերծել  հայտնի ու բարի համբավը։ Լավագույն փիլիսոփայությունն այս առթիվ՝ «ամեն մեկն իր իմացած գործով պիտի զբաղվի» նշանաբանն է։

Միթե խղճի խայթ  չեն ունենալու, որ մի հյուրախաղի պատճառով պիտի խայտառակեն և իրենց, և  մեր մշակույթը, էլ չեմ ասում    Տիգրանյանի ու Թումանյանի ժառանգությունը։ Ֆրանսիան չի փախչի, գուցե  այնտեղ գնալու ավելի բարոյական ուղի ընտրվեր։ Միևնույնն է, հյուրախաղերի մասին  վարձու հոդվածները (այստեղի օրինակով), հնարովի պատմությունները «մեծ հաջողության» մասին ի վերջո հօդս են ցնդում մեր հայրենակից հանդիսականների առաջին իսկ Երևան զանգահարությունների հետ՝  «ամոթ չի՞ գաք մեզ խայտառակեք…»։

Մի քանի տարի առաջ թատրոնների  գեղարվեստական խորհուրդների  հանցավոր ոչնչացումն այսօր մեզ այս տխուր փաստի առաջ է կանգնեցրել։  Արվեստի  ոչ մի քննադատ ոչ միայն չի ուզում խոսել, գրել, այլև փիլիսոփայաբար որոշում է ընդունել չայցելել  թատրոններ, ցուցասրահներ  ու չնյարդայնանալ։ Միևնույնն է՝ գերիշխում է  հովանավորյալ տգիտությունը, պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, «մաքառող միջակությունը» ։

Ադրբեջանցի մեր հարևանները «Հայկական օպերան և պատմության  զեղծարարության փաստերը» վերնագրով ինտերնետային կայքում գրում են, որ «XX դ. սկզբին հայ երաժշտաբեմական ստեղծագործություն չի եղել։ Եթե իհարկե նկատի չունենանք Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, որը ներկայացվեց Ալեքսանդրապոլում  1912թ. սիրողական ուժերով, 12 երաժիշտներից բաղկացած նվագախմբով։ Ահա թե ինչու։

1959թ. հրատարակված «Երաժշտական հանրագիտարանում» առաջին հայկական օպերան համարվում է «ժողովրդա–կենցաղային», ավելի ստույգ՝  «իր սկզբնական վիճակում այն ոչ թե  ավանդական հասկացությամբ օպերա է եղել, այլ՝ թատերական ներկայացում, զարդարված մի քանի ժողովրդական երգերով։  «Օպերային լիբրետոներ» (1962թ., ռուս.) գրքում նշվում է, որ «Անուշ» օպերայի ստեղծումը եղել է Ա.Տիգրանյանի վաղեմի երազանքը։ Սակայն  չի կարելի չնշել այն փաստը, որ այս սյուժեի հիման վրա երկար աշխատել է հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասը։ Սպենդիարյանը ևս մերժել է Թումանյանի  կողմից   իր պոեմի հիման վրա օպերա գրելու առաջարկը։ Այսպիսով «Անուշ»ի սյուժեի հիման վրա եղած երաժշտական ձևավորման բազմակի անդրադարձները ակնհայտորեն փաստում են Արմեն Տիգրանյանի «Անուշ»օպերայի   նախնական վիճակում եղած մակարդակը»։

            Մենք բոլորովին էլ չենք պատրաստվում մեկնաբանել հայ երաժշտական մշակույթի ձևավորման ավանդույթները, ինչպես նաև հայ եկեղեցական գործիչների կողմից այս ավանդույթը լոկ հայ մոնոդիկ երաժշտության ուղով զարգացնելուն միտված ջանքերը։ Բնականաբար նաև այն շրջանցողների նկատմամբ դրսևորած դիմադրությունը։

Մենք ստիպված ենք նշելու,  որ իսկապես այդ տարիներին Կոմիտասի, Նիկողայոս Տիգրանյանի, Մակար Եկմալյանի, Քրիստափոր Կարա–Մուրզայի և հայ  մյուս կոմպոզիտորների  մեծ ֆորմատի ստեղծագործություններ ստեղծելու  փորձերն ավաղ մնացել են որպես լոկ բարի ցանկություններ։

1912թ. Ալեքսանդրապոլում սիրողական ուժերով ներկայացված «Անուշ»ի բեմելը  բաղկացած է եղել  4 գործողությունից և 7 պատկերներից։ Լիբրետոյի հեղինակը եղել է Արմեն Տիգրանյանը, իսկ գործիքավորումը կատարել է 12 երաժիշտներից բաղկացած նվագախմբի ղեկավար Բուրկովիչը։

Արմեն Տիգրանյանի և  Ս.Շաթիրյանի կողմից վերախմբագրված 5 գործողությամբ և 7 պատկերներից և վերջերգից (էպիլոգ) բաղկացած օպերան դիրիժոր Գ.Բուդաղյանի մեծ ջանքերի շնորհիվ   վերագործիքավորվել է, հարմարեցվել սիմֆոնիկ մեծ նվագախմբի հնարավորություններին համապատասխան։ Հենց Գ.Բուդաղյանն էլ 1935թ. մարտի 27-ին ղեկավարել է «Անուշ»ի պրեմիերան։ Նույն խմբագրման վերջնական տարբերակը կոմպոզիտոր Անուշավան Տեր Ղևոնդյանի կողմից հարստացվել է և 1939թ. հոկտեմբերի 22-ին ներկայացվելով Հայ մշակույթի տասնօրյակի օրերին Մոսկվայի Մեծ թատրոնում՝ բուռն ու խանդավառ ընդունելության է արժանացել։

1950թ. ապրիլին, Արմեն Տիգրանյանի մահվանից մեկ ամիս անց կայացել է օպերայի նոր բեմադրությունը մեծահամբավ Արմեն Գուլակյանի  կողմից։ Դիրիժորական վահանակի մոտ է եղել  ականավոր մասետրո Միքայել Թավրիզյանը։

1956թ. ևս մեկ նոր, առավելագույնս հղկված բեմադրություն Արմեն Գուլակյանի կողմից։ Նույն թվականին այն Հայ մշակույթի տասնօրյակի օրերին դիրիժոր Ռուբեն Ստեփանյանի ղեկավարությամբ Մոսկվայի Մեծ թատրոնում անասելի մեծ հաջողություն է ունեցել, ցնցելով խորհրդային երկրի մայրաքաղաքի  արվեստասեր հասարակայնությանը։ Հետագայում, նվագախմբի գործիքավորման հարստացման մեջ իր ավանդն է ունեցել նաև Բորիս Սակիլլարին։

«Անուշ» օպերան իր վերելքի հաղթարշավը շարունակել է  Թումանյանի 100-ամյակի առթիվ կատարված աճեմյանական հրաշալի ներկայացմամբ, որը 1969թ.  Օհան Դուրյանի ղեկավարությամբ Մոսկվայի Համագումարների պալատի դահլիճում  բուռն հաջողություն է արձանագրել։

1994 թ. օպերայի զարգացման ճանապարհը շարունակում է Տիգրան Լևոնյանի բեմադրությունը։ Այն հաջողությամբ ցուցադրվում է  ԱՄՆ-ում և Մոսկվայում։

Հետագայում ներկայացումը 2004թ. բեմադրվել է երգիչ Գեղամ Գրիգորյանի կողմից։

Այսպիսով, նման փառավոր զարգացման ուղի անցած «Անուշ» օպերայի ներկայացումը, որի պատմությունը միահյուսված է մեր բեմարվեստի  պայծառ  անունների, երաժշտական մշակույթի աստղերի հետ՝ այսօր վերադառնում է   «Ոսկե ձկնիկի» պառավի հին տաշտակին, ապացուցելու ոչ թե մեր ժողովրդի հանճարեղ ոգու գոյատևումն ու զարգացումը, այլ՝ ադրբեջանական հանրագիտարանային բարբաջանքները։

Օպերային մշակույթի ավանդույթներին անտեղյակ վավերագրող Սերժ Ավետիքյանը արդյոք ի՞նչ նպատակ է հետապնդում սևագրությունների մեջ իր պեղումներով։ Սևագրություններին կարելի է անդրադառնալ, եթե տվյալ գործի  արդեն մշակված տարբերակները ոչնչացել են, կորել և մնում է միայն այս ճանապարհով այն վերականգնել։ Ու՞մ ջրաղացին են ջուր լցնում Ավետիքյանն ու նրա համախոհները։

Ավեդիկյանական ջատագովների կեցվածքը փաստում է, որ նրանց չի հուզում ազգային մշակութային արժեքների խնդիրը։  Նրանք ոչ թե փորձում են  փրկել, շտկել իրավիճակը, այլ ամբողջ ուժով աշխատում են  իրենց անորակ ներկայացման համար մեղադրել  դիմացինին, շրջել հարցի էությունը, խնդիրը  անձնական վիրավորանքների դաշտ տեղափոխելով։ Սա չափազանց ցավալի փաստ է։

Ամենաթողության, անարխիայի այս մթնոլորտը  ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել։  Հարկ է, որ տեր կանգնենք մեր ժողովրդի ստեղծած  գոհարներին՝ Նախագահից մինչև  պարզ հանդիսատես։

 

ԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիրիժոր

 

«Անուշը պարտադիր պետք է լինի տրեխներո՞վ ու վրայից թրիքի հո՞տ պետք է գա, չէ՞ որ ուրիշ մոտեցումներ էլ կան». Սերգեյ Դանիելյան

Սերգեյ ԴանիելյանՍերժ Ավետիքյանի «Անուշ» մյուզիքլի պրեմիերայից հետո քննադատության մեծ ալիք բարձրացավ: Բազմաթիվ մտավորականներ միացան և  անգամ նամակ գրեցին Սերժ Սարգսյանին՝ խնդրելով, որ նախագահը թույլ չտա խայտառակ գործը դուրս բերել միջազգային ասպարեզ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այս թեմային, դերասան Սերգեյ Դանիելյանը հայտնեց, որ, թեև մյուզիքլը չի տեսել, սակայն գտնում է, որ եթե անգամ այն աշխարհի ամենաապաշնորհ ներկայացումն է, միևնույն է՝ անընդունելի է նամակ գրելու և նախագահին դիմելու երևույթը:

«Հասկանում եմ, որ ՀՀ նախագահը մտավորականների արվեստի ընկալման չափանիշն է, նա մաեստրոն է, բայց արդյոք նրան պե՞տք է անընդհատ անհանգստացնել: Վերջապես պետք է հասկանալ, որ նամակներ գրելու ժամանակներն անցել են: Տեղն եկած ժամանակ արվեստագետները սկսում են նախագահի լեգիտիմության հարցը որոշել, բայց նեղն ընկած տեղը նամակ են գրում նախագահին:  Հայաստանը պետք է ներկայանա: Ասում են՝ չի կարելի, որ Հայաստանի մշակույթը այդ բեմադրությամբ ներկայանա, բայց ո՞վ է այդ ասողներին արգելել անել ավելի լավը:  Եվ ի վերջու` մի՞թե Անուշը պարտադիր պետք է լինի տրեխներով, վրայից թրիքի հո՞տ պետք է գա, չէ՞ որ ուրիշ մոտեցումներ էլ կան». – ասաց Սերգեյ Դանիելյանը:
 

Մշակույթի նախարարությունը վերջապես դիմել է քաղաքապետարան` փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարությունը դադարեցնելու պահանջով

փակ շուկաՄաշտոցի պողոտայի հ. 5 հասցեում գտնվող Կենտրոնական ծածկած շուկայի հարակից շենքերի բնակիչների և լրագրողների ահազանգերի կապակցությամբ՝ ՀՀ մշակույթի նախարարի հանձնարարականով նախարարության աշխատակիցները կատարել են շուկայի տարածքի տեղազննում՝ լուսանկարել, փաստագրել են շենքի հետնամասում  վերսկսված շինարարական աշխատանքները: Իրավիճակին անձամբ ծանոթանալու նպատակով՝ 2013 թ. մայիսի 9-ին ՀՀ մշակույթի նախարարն անձամբ է այցելել շուկայի տարածք:

Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ մինչև մայիսյան տոների նախօրեն Երևանի քաղաքապետարանի կողմից շինարարական աշխատանքները դադարեցված էին և շենքի 0,00 նիշից բարձր որևէ աշխատանք չի իրականացվել: Շինարարական աշխատանքների կրկնակի դադարեցումը կատարվել է ՀՀ մշակույթի նախարարության պահանջով՝ ս. թ. մարտի 6-ի գիտամեթոդական խորհրդի մասնագիտական եզրակացության հիման վրա: Ըստ որի, անհրաժեշտ էր իրականացնել Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները՝ նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով: Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո սեփականատիրոջից պահանջվում էր մշակել շուկայի կորցրած կամարների վերականգնման նախագիծը և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը:

Ներկայումս, վերսկսված շինարարական աշխատանքների կապակցությամբ /որոնք չեն համապատասխանում մեր կողմից տրված նախագծային փաստաթղթերի պահանջներին և որոնցով նախատեսվում էր նորակառույցի երկաթբետոնյա հատվածի մասնակի քանդման աշխատանքներ/ ՀՀ մշակույթի նախարարությունը կրկին անգամ 2013 թ. մայիսի 13-ի 01/14-1/1534-13 գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան պահանջելով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ` հուշարձան-շենքում իրականցվող ապօրինի շինարարական աշխատանքները կանխելու, դադարեցնելու և տարածքում հսկողություն սահմանելու համար:

Արխիվը յուրաքանչյուր ազգի հիշողությունն է

արխիվՀայաստանի ազգային արխիվը հիմնադրվել է 1923 թ., որի գործունեության  հիմնական նպատակն է պետական փաստաթղթերի պահպանումը, հրապարակումը և օգտագործումը: Սակայն արխիվը չպետք է ընկալել միայն որպես  փաստաթղթեր պահպանող կառույց, քանի որ այն լայնորեն զբաղվում է գիտական և հրատարակչական գործունեությամբ: Պարբերաբար հրատարակվում են տարբեր փաստաթղթերի ժողովածուներ՝ նվիրված հայտնի պետական, հասարակական, մշակութային գործիչների կյանքին ու գործունեությանը, այդ թվում նաև տարբեր պատմական իրադարձություններին: Արխիվում պարբերաբար կազմակերպվում են նաև թեմատիկ ցուցահանդեսներ՝ նվիրված հիշատակի և տոնական օրերին: Այս թեմաների շուրջ է  մեր զրույցը Հայաստանի ազգային արխիվի փոխտնօրեն Էդգար Հովհաննիսյանի հետ:

– Կառավարությունը տարիներ առաջ ձեռնամուխ եղավ արխիվային նյութերի թվայնացման գործընթացին, ինչքանո՞վ էր այն անհրաժեշտ:

– Այսօր՝ XXI դարում, տեխնիկայի զարգացմանը զուգընթաց, արխիվը Հայաստանում և ողջ աշխարհում կանգնել է նոր մարտահրավերների առջև: Մեր օրերում արդեն թղթե կրիչով փաստաթղթերի հետ զուգահեռ ստեղծվում են նաև էլեկտրոնային փաստաթղթեր, և անհրաժեշտ է մտածել դրանց պահպանման, դասակարգաման և օգտագործման մասին: Խնդիրը բարդանում է նրանով, որ աշխարհում տեխնիկական առաջընթացը տեղի է ունենում արագ տեմպերով, և անհրաժեշտություն է առաջանում մտածելու նոր տեխնիկական լուծումների, արդիականացման ուղղությամբ: Երկրորդ հարցն արդեն իսկ արխիվում գոյություն ունեցող փաստաթղթերի թվայնացումն է, որը կերկարացնի նրանց կյանքը, ինչպես նաև կդարձնի օգտագործման համար առավել մատչելի: Արխիվում էլեկտրոնային քարտարանների ստեղծումը սկսել ենք շուրջ տասը տարի առաջ, իսկ բուն թվայնացումը՝ 3-4 տարի առաջ: Հայաստանի ազգային արխիվում պահպանվում է շուրջ 400 մլն փաստաթուղթ, և այս պահին թվայնացված է դրանց 0.05 տոկոսը: Սա այնքան էլ մեծ թիվ չէ, և դա հաշվի առնելով է, որ արխիվի նոր նախատեսվող հայեցակարգով պլանավորվում են լայնածավալ փոփոխություններ, որոնցով Հայաստանի արխիվային համակարգը կհամապատասխանեցվի համաշխարհային ստանդարտներին:

– Ի՞նչ վաղեմություն ունեն արխիվում պահպանվող փաստաթղթերը, և ի՞նչ մեխանիզմով են դրանք հավաքվում:

– Արխիվում պահապանվող փաստաթղթերի գերակշիռ մասը վերաբերում են 1828 թ. հետո ընկած ժամանակաշրջանին, երբ Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո այս կամ այն կերպ սկսվեց պետական փաստատթղթերի համակարգումն ու արխիվացումը: Իսկ առավել համակարգված այն սկսվեց Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո: Ամենահին փաստաթղթերը վերաբերում են XVI-XVII դարերի պարսկական տիրապետության շրջանին: Հայկական փաստաթղթերի մի զգալի մասն էլ պահվում է ԱՄՆ Բոստոն քաղաքում, որոնք հիմնականում առաջին հանարապետության տարիների փաստաթղթերն են և այնտեղ են հայտնվել Հայաստանից հեռացած դաշնակցական գործիչների միջոցով:

– Որևէ պետության ու հատկապես մեր երկրի համար որքանո՞վ է կարևորվում այս կառույցի գործունեությունը և ի՞նչ քայլեր են արվում այն առավել արդիականացնելու ուղղությամբ:

– Արխիվը ազգի հիշողությունն է, և դրա պահպանումը կարևոր աշխատանք է սերունդների համար: Մեր տնօրենի՝ Ա.Վիրաբյանի նախաձեռնությամբ պատրաստվող նոր հայեցակարգի շնորհիվ, փաստորեն, արխիվային գործը ՀՀ-ում կթևակոխի զարգացման նոր փուլ:

– Կա՞ն արդյոք այնպիսի նյութեր, որոնք հանդիսանում են անձնական սեփականություն և որոնց կիրառումն ու արտատպումը տարբեր նպատակներով արգելվում է:

– Նշեմ, որ արխիվում գտնվող բոլոր փաստաթղթերը, անկախ նրանց ծագումից, ապագաղտնիացված են, լինեն պետական թե անձնական արխիվներ: Անձնական արխիվները հիմնականում հայտնի պետական մշակութային գործիչների գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերն են, որոնք հաճախ իրենք կամ ժառանգները տրամադրում են մեզ: Արխիվային փաստաթղթերի օգտագործումը և դրա սահմանափակումը կարգավորվում են օրենքով և հիմնականում վերաբերում են այն նյութերին, որոնք պարունակում են նեղ անձնական բնույթի տեղեկատվություն: Մեր արխիվները, ի տարբերություն, ասենք` թուրքական արխիվների, բաց են բոլոր հետազոտողների համար, անգամ` օտարերկրյա, և նշեմ, որ տարեկան բազմաթիվ հետազոտողներ ենք ունենում արտասահմանից:

Նշենք, որ փաստաթղթերի թվայնացումը Հայաստանի ազգային արխիվում սկսվել է 2011 թ., իսկ ֆիլմերի (խոսքը, մասնավորապես, վավերագրական ֆիլմերի մասին է) թվայնացման աշխատանքները սկսվել են 2008-ին: Ազգային արխիվում պահվող շուրջ 1500 վավերագրական ֆիլմերից 1000-ն արդեն թվայնացվել են:

Լ.Ն

 

Ամերիկյան հայտնի ֆիլմերի մեղեդիները կներկայացվեն սիմֆոնիկ կատարմամբ

300-250Ապրիլի 15-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կներկայացնի «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ Այն ամերիկյան հայտնի ֆիլմերի մեղեդիների ներկայացումն է սիմֆոնիկ կատարմամբ։ «Hollywood Non-Stop» համերգային ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

Ծրագրում կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո և Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն», «Մալենա» և այլ կինոնկարների սաունդթրեքները։

Այսուհետև Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Բելիզում մայաների բուրգ են քանդել

maya400Շինարարական ընկերությունը շինանյութի` համար քանդել է  Կենտրոնական Ամերիկայում գտնվող մայաների բուրգը:

Բելիզի հնագիտության ինստիտուտի ղեկավար Հայմե Վեյը հայտարարել է, որ ավերածություն նկատել  են անցած շաբաթվա վերջին: Նա բացառել է շինության ոչ կանխամտածված քանդման հնարավորությունը, քանի որ համալիրը երկրում հանրահայտ է: Ոչնչացված բուրգի տարիքը գնահատվում էր 2300 տարի:

“Այդ մարդիկ հաստատ գիտեին, որ իրենց առջև պատմական հուշարձան է: Պարզապես, ապշեցնում է այն ավերողների անհավանական անհարգալից վերաբերմունքը”:

Բելիզի ոստիկանությունը հայտնել է, որ այդ փաստով հետաքննություն է իրականացվում,  հավանական է, քրեական գործ կհարուցվի:

Չնայած այն փաստին, որ Նոհմուլ համալիրն այժմ գտնվում է մասնավոր տարածքում, տեղի օրենքների համաձայն, մինչիսպանական ցանկացած շինություն գտնվում է  պետության պաշտպանության ներքո: