Չուխաջյանցիների հաղթանակները

Ձախից` Համբարձումյան Աննա, Դոյդոյան Սեդա, Պետրոսյան Արմինե

Ձախից` Համբարձումյան Աննա, Դոյդոյան Սեդա, Պետրոսյան Արմինե

Վերջերս Գյումրիում տեղի ունեցավ «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնը` Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն նվիրված էր Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցին և հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին:

Ավանդաշատ Գյումրին` ոտքի կանգնած մոտ երկուսուկես տասնամյակ առաջ տեղի ունեցած երկրաշարժի աղետից հետո, հույսով ապրում և կերտում է իր ժամանակակից պատմության նոր էջը:  Եվ այս փառատոնի կազմակերպումը մշակութային ինքնատիպ դիմագիծ ունեցող քաղաքում վերածվել է իսկական արվեստի տոնի, որը նոր թափ է առնում:

Փառատոնն անուրանալի ավանդ ունի հայ արվեստի զարգացման գործում: Այն հնարավորություն է ընձեռում ոչ միայն բացահայտելու կատարողական արվեստի մեր ներուժը, այլև համեմատելու այն երաժշտական ավանդույթներով հարուստ երկրների շնորհալի պատանիների կատարողական արվեստի հետ:  Այն նշանակալի դեր ունի պատանիների ու երիտասարդների համակողմանի զարգացման ու դաստիարակման, գեղագիտական ճաշակի ձևավորման, տաղանդաշատ կատարողների նորանոր անունների բացահայտման ու հայ մշակույթի քարոզման գործում:

«Վերածնունդ» միջազգային մրցույթ փառատոնը տարեցտարի ընդլայնում է մասնակիցների թիվը և աշխարհագրությունը, և դա ապացույցն է այն իրողության, որ հազարամյակների մշակույթ ունեցող մեր ժողովուրդն այսօր էլ կարող է աշխարհին հպարտորեն ներկայանալ իր երիտասարդ ու շնորհալի երաժիշտ կատարողների արվեստով: Այն դարձել է ոչ միայն Գյումրի քաղաքի մշակութային կյանքի վերածնունդը խորհրդանշող կարևոր իրադարձություն, այլև Հայաստանի այցեքարտ աշխարհի բազմաթիվ երկրներում:

Այս տարի փառատոնում իր արվեստով փայլեց շուրջ 2500 մասնակից:

Փառատոնում ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Նրանց ակտիվությունը մեծ մասամբ պայմանավորված է նոր տնօրենի` Նաիրա Վահանյանի բերած թարմ շնչով: Տիկին Վահանյանը ոգևորում է երեխաներին` նրանց  հորդորելով մասնակցել միջոցառումների և մրցույթների: Դրա վառ ապացույցն է միջազգային մրցույթ-փառատոնում Աննա Համբարձումյանի և Սեդա Դոյդոյանի հաղթանակը (1-ին և 2-րդ մրցանակ), որի համար նրանք երախտապարտ են իրենց դպրոցին և սանթուրի դասատու Արմինե Պետրոսյանին:

Փառատոնին մասնակցել են նաև Ռուբեն Ավագյանը (4-րդ դասարան, ժող.մեներգ, 1-ին մրցանակ), Եզեկելյան Վարդանը (2-րդ դասարան, ժող. մեներգ, 3-րդ մրցանակ), Գրիգորյան Զարուհին (7-րդ դասարան, դաշնամուր, 3-րդ մրցանակ), Մինասյան Մարիաննան, Տիգրանյան Արևիկը, Պողոսյան Արիկոն (դասական տերցետ, 3-րդ մրցանակ), Իսպիրյան Ալինան (3-րդ դասարան, Ժող.մեներգ, Ֆ.Մարտիրոսյանի անվ.մրցանակ), Գրիգորյան Աննան, Կարապետյան Մարգարիտան, Ազատյան Ռաֆիկը, Մինասյան Մարիաննան (հատուկ դիպլոմներ):

 

Ա. Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթը դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ

DSC07811Մայիսի 9-12-ը Թել Ավիվում անցկացվող Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) 57-րդ գլխավոր վեհաժողովում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ընտրվել է որպես WFIMC-ի անդամ։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այսուհետև կանդամակցի մի պատկառելի ու հեղինակավոր երաժշտական ընտանիքի, որի անդամ են այնպիսի աշխարհահռչակ մրցույթներ, ինչպիսիք են Չայկովսկու անվան, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան, Մոնրեալի երաժշտական միջազգային մրցույթները։

Միջազգային երաժշտական այս կառույցը հիմնադրվել է 1957 թվականին։ Այսօր համաշխարհային այս ֆեդերացիային անդամակցում են աշխարհի առաջատար 120 երաժշտական ​​մրցույթներ։ WFIMC-ի նպատակն է բացահայտել խոստումնալից և տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին։

Մեծ պատիվ է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի անդամակցումը WFIMC-ին։ Այն նոր հեռանկարներ է բացում և ևս մեկ քայլ է հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու ճանապարհին։

Հատկապես ուրախալի է այս լուրը ստանալ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթի նախօրեին, որը կմեկնարկի հունիսի 6-ին Երևանում՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը։

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը դարձել է Հայաստանի այցեքարտը դասական երաժշտության աշխարհում։ Այն մեծ հեղինակություն է վայելում ամբողջ աշխահում և տարեցտարի ավելի լուրջ մրցակցություն է ունենում բավականին հայտնի միջազգային մրցույթների հետ։

 

Մահացել է Մարջ Սիմփսոնի նախատիպը

Պորտլենդում, 94 տարեկանում մահացել է Մարգարեթ Գրոունինգը, ամերիկացի պրոդյուսեր “Սիմփսոնները” մուլտեսրիալը ստեղծողի` Մեթ Գրոունինգի մայրը, ով Մարջ Սիմփսոնի նախատիպն է դարձել:

Մահախոսականում ասվում է, որ կինը ծնվել է 1919-ին, 1941-ին ավարտել Լինֆիլդի քոլեջն ու շուտով ամուսնացել իր համակուրսեցու հետ, ում նա ընտրել է այն պատճառով, որ երիտասարդին  ամենալավ էր հաջողվում իրեն ծիծաղեցնել: Նրանք 5 երեխա ունեցան` Պաթին, Մարկը, Մեթը, Լիզան, Մեգին: Ընտանիքի հայրը վախճանվեց 1996-ին:

pic_13681111141980-ականներին “Սիմփսոների” սցենարի վրա աշխատելիս Մեթ Գրոունինգն իր կատակերգության հերոսների համար փոխ է առել հարազատներից շատերի անունները: Այսպես, օրինակ, սերիալում հայտնվեցին Մարջ ու Հոմեր Սիմփսոն ամուսիններն ու նրանց դուստրերը` Լիզան, Նեգին և Մարջի քույրը` Պաթի անունով:

Մարգարեթ Գրոունինգը բազմիցս ասել է, որ իրեն երբեք Մարջ չեն կոչել ու “Սիմփսոնների” հեոսուհին էլ իրեն բոլորովին նման չէ, ու հավելել, որ այդ հերոսուհուն շատ է համակրում, քանի որ նա ընտանիքում հիմնական հաշտարարն է:

“Սիմփսոնններ” 1989-ից է ցուցադրվում ու ամենաերկար մուլտսերիալն է համարվում ամերիկյան հեռուստատեսությունում: Ներկայում թողարկվել է նաև “Սիմփսոնների” 24-րդ սեզոնը:

Հայտնի են Լոկառնոյի ՄԿՓ-ի «Բաց դռներ» ծրագրի նախընտրական փուլի արդյունքները

Locarno Open doors«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հրավերով 2012 թ-ի հոկտեմբերի 29-ից 30-ը Հայաստանում էին գտնվում  Լոկառնոյի կինոփառատոնի «Բաց դռներ» (Open Doors) ծրագրի տնօրեն Մարտինա Մալակրիդան (Martina Malacrida) և  փառատոնի խորհրդատու, տարածաշրջանային փորձագետ Ժոել Շապրոնը (Joel Chapron): «Ոսկե ծիրան»-ի դահլիճում կազմակերպված երկօրյա աշխատաժողովի և անհատական հանդիպումների  ժամանակ հյուրերը տեղացի կինոռեժիսորներին և պրոդյուսերներին ներկայացրեցին «Բաց դռներ»   ծրագիրը, որի նպատակն է օժանդակել  առաջնային  փուլում գտնվող նախագծերի զարգացմանը  և  գտնել համատեղ արտադրության գործընկերներ:

«Բաց դռներ» ծրագիրը յուրաքանչյուր տարի կենտրոնանում  է որևէ տարածաշրջանի վրա և այս տարի ծրագիրը նվիրված է Կովկասի տարածաշրջանի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին:

«Բաց դռներ» ծրագրին Հայաստանից ներկայացվել էր լիամետրաժ ֆիլմերի 38 նախագիծ, որոնցից ընտրվել են 5-ը` Օքսանա Միրզոյանի «Անդունդ», Նորա Մարտիրոսյանի «Տարածք», Լևոն Մինասյանի «Երկրորդ ճանապարհորդությունը», Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Դաշտ», Նիկա Շեկի և Սարիկ Հովսեփյանի «Երկար այգիներ» նախագծերը: Ընդհանուր առմամբ 3 երկրից ստացվել էր մոտ 116 հայտ, որի արդյունքում նախընտրական փուլն հաղթահարել են 12-ը:

«Բաց դռներ» ծրագիր կիրականացվի օգոստոսի 10-13-ը` Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս ծրագիրը բաղկացած կլինի երկու հիմնական մասերից: Ընտրված ծրագրերի ներկայացացիչների մասնակցությամբ տեղի կունենա աշխատաժողով, որի ընթացքում նախագծերի հեղինակները կհանդիպեն եվրոպացի պրոդյուսերների հետ, իսկ ժյուրիի կողմից հաղթող ճանաչված նախագծերը կպարգևատրվեն 40.000, 7.000 եւ 6.000 եվրո մրցանակներով:

Տեղեկացնենք նաև, որ Լոկառնոյի 66-րդ միջազգային կինոփառատոնի Կովկասյան ծրագրի շրջանակներում կցուցադրվեն նաև հայկական` վերջին 20 տարում նկարահանված ֆիլմերի մեծ ընտրանի:

Մադոննան Sotheby’s-ի միջոցով վաճառքի է հանել Ֆերնան Լեժեի կտավը

o_733263Այսօր  Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառքի են հանվելու ականավոր իմպրեսիոնիստների  և մոդեռնիստների աշխատանքները: Աճուրդի գլխավոր լոտը կդառնա ֆրանսիացի  պոստիմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Սեզանի “Խնձորներ” կտավը: 1889-1890-ականների արված կտավը նախնական գնահատմամբ 25-35 մլն դոլար է:

“Խնձորներն” աճուրդի է հանվել ամերիկացիներ Ալեքս և Էլիզաբեթ Լևիտների  հավաքածուից, որից մեկ այլ ` Ամեդեո Մոդիլյանիի “Ամազոնուհի” (1909) կտավը  գնահատվել է 20 մլն դոլար: Լևիտների հավաքածուից ստացված գումարը կգնա իրենց անունը կրող բարեգործական հիմնադրամ:

Աճուրդի հանված  աշխատանքներից են Պաբլո Պիկասոյի “Սիլվետը” (1954), “Սիրահարները Պրովանսում”(1888):

Իսկ փոփ երգչուհի Մադոննան աճուրդի է հանել ավելի քան 20 տարի իրեն պատկանած ֆրանսիացի մոդեռնիստ, կուբիզմի հիմնադիրներից մեկի` ֆերնան Լեժեի “Երեք կին կարմիր սեղանի շուրջ” կտավը: Ենթադրվում է, որ այն կվաճառվի 5-7 մլն դոլար: Վաճառքից ստացված ամբողջ գումարը երգչուհին մտադիր է տրամադրել Աֆղանստանում ու Պակիստանում աղջիկների ուսման աջակցության նպատակով ստեղծված “Լույսի ճառագայթ” հիմնադրամին:

Չորեքշաբթի Christie’s աճուրդում վաճառք կներկայացվեն իմպրեսիոնիստների ու մոդեռնիստների աշխատանքները: Թոփ լոտն է լինելու Անդրե Դերենի  Մատիսի կնոջ “Մադամ Մատիսը կիմոնոյով” կտավը, որը գնահատվել է 15-50 մլն դոլար: Կտավում Ամելի Մատիսն է կարմիր կիմոնոյով, որը նա հաճախ էր կրում ու որով նրան հաճախ էլ պատկերել է ինքը` Անրի Մատիսը և նրա  գեղանկարիչ գործընկերները:

 

Հայտնի են «Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հաղթողները

_DSC5556Մայիսի 5-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում ամփոփվեցին կարճամետրաժ ֆիլմերի «Հայացք» երիտասարդական փառատոնի արդյունքները, տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։ Փառատոնի փակման արարողությունն ուղեկցվում էր համերգային ծրագրով. ելույթ ունեցավ «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը։

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ Մայիսի 1-5-ը տևած կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել են 25 կարճամետրաժ ֆիլմեր, մասնակցության համար դիմել էին շուրջ 70 երիտասարդներ։

Ֆիլմերի ընտրությունը կատարել է պրոֆեսիոնալ ժյուրին՝ ի դեմս ռեժիսոր Վ. Գևորգովի, կինոռեժիսոր Ա. Գևորգյանի, օպերատոր Ս. Բաբասյանի, կինոքննադատ Ր. Մովսիսյանի: Ժյուրիի նախագահն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Անետա Երզնկյանը:

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնի ժյուրին մրցանակներ շնորհեց 4 անվանակարգում։ ՙԼավագույն խաղարկային ֆիլմ՚ անվանակարգում հաղթող ճանաչվեց Յուրի Մուղդուսյանի «Իրականության պաթոս» ֆիլմը։ ՙԼավագույն վավերագրական ֆիլմ՚ անվանակարգի հաղթողն էր Խանե Պողոսյանի «Մեծ աշխարհի իմ անկյունը» ֆիլմը։ Լավագույն օպերատորական աշխատանքի համար մրցանակ ստացավ Ալբերտ Սարգսյանի «Վաղ գարուն» ֆիլմը։ Իսկ ահա ՙՀանդիսատեսի համակրանք՚ անվանակարգում առաջինն Արտյոմ Բարխուդարյանի «Արթնացիր, Մար» կինոնկարն էր։ Մրցանակներ շնորհեցին նաև կինոփառատոնի հատուկ գործընկերներ «Լաբարնա» («Labarna») հուշանվերների, «Արվեստի աշխարհ» («Art World») խանութ սրահները։ Հայաստանի երիտասարդական հինմնադրամը կինոփառատոնի բոլոր հաղթողներին Ծաղկաձորում հանգստանալու ուղեգրեր նվիրեց։

Ժյուրիի նախագահ Անետա Երզնկյանը բարձր գնահատեց երիտասարդական այս նախաձեռնությունը։ «Փառատոները ոչ միայն տոն են, այլև որոշակի հաշվետվություն, հնարավորություն շփվելու միմյանց հետ, ստեղծագործական մթնոլորտ ստեղծելու։ Փառատոնը ստացվեց, ինչի համար շնորհավորում եմ թե′ կազմակերպիչներին, թե′ մասնակիցներին»,- ասաց Անեստա Երզնկյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

ԱՄՆ-ում անծանոթը կրակել է Ջենիֆեր Լոպեսի վրա

400-225Ամերիկյան առողջարանային  Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքի լողափին, հացազրույցի ժամանակ  անծանոթը սկսել է կրակել հայտնի երգչուհի ու դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի վրա: Դրա մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Ռոբ Մարչիանոն, ում հետ էլ երգչուհին զրուցում էր կրակոցների պահին:

Տեղ հասած ոստիկանության աշխատակիցները հաստատել են, որ կրակոցներից ոչ ոք չի տուժել:

Ներկայում ոստիկանությունը որոնում է   մեղավորին:

Մայրաքաղաքում բացվել է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը

isabekyan.3Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի “Հայ Արտ” մշակութային կենտրոնի “Էդուարդ Իսաբեկյան” ցուցասրահի և այնտեղ ներկայացված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի որդուն` Արամ Իսաբեկյանին:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, Էդուարդ Իսաբեկյանի արվեստի երկրպագուներ:
Ցուցասրահի հիմքը դրվել էր դեռեւս 2004թ.-ին՝ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, եւ խորհրդանշական է, որ ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր հենց երջանկահիշատակ վարչապետի եւ գեղանկարչի որդիներին՝ Տարոն Մարգարյանին ու Արամ Իսաբեկյանին: Վերջինս, ի դեպ, Երևան քաղաքին է նվիրաբերել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 28-ը: Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ողջույնի խոսքում նշել է, որ այս ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է շփվելու իսաբեկյանական արվեստին, իսկ գեղարվեստի ակադեմիայի և մշակութային ու նաև այլ ուսումնական հաստատությունների ուսանողների համար սա կծառայի նաև որպես ուսուցողական կենտրոն: Գեղանկարչի որդին իր հերթին ընդգծել է, որ սիրով է կայացրել հոր թողած ժառանգության մի մասը Երևան քաղաքին նվիրելու որոշումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

«Ստանիսլավսկու «Սիստեմը» և խաղի պարադոքսը» գրքի մասին

գիրք2012 թ, «Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակված Հ. Հովհաննիս­յանի այս գիրքն ինձ հետաքրքրեց մի քանի տեսանկյունից, որի մասին չեմ կարող թաքցնել առաջացած մտքերը: Ինչպես  վկայում է հեղինակը գիրքը վերաբերում է դերասանի արվեստի գեղագիտական համակարգը քննելու խնդրին:

Թատրոնն այն ավանդական արվեստն է, որի ձևերի ու մեթոդների, առանձնահատ­կությունների մասին շատերն են անդրադարձել ու գրել հրաշալի վերլուծություններ:

Ստանիսլավսկու «սիստեմը» թատրոնում կիրառելը հարյուրամյա պատմություն ունի: Այդ մասին հայ թատրոնի բեմադրիչները (Լևոն Քալանթար, Վավիկ Վարդանյան, Արմեն Գուլակյան և ուրիշներ) ժամանակին և՛ գրել են, և՛ կիրառել: Սակայն դարն ապրած անցյալին անդրադառնալը, որպես կիրառելի կարգ, ժամանակավրեպ է: Ստանիսլավսկու հետևորդները նրա արվեստից օգտվեցին, կիրառեցին, որից հետո գեղագիտորեն առաջ եկան ժամանակակից գաղափարներով դրամատուրգիա, բեմահոգեբանական կամ փորձարարական նոր համակարգ: Բեմարվեստը, դերասանի խաղը միշտ հակված է գեղեցիկ լինելու, բեմում ճշմարիտ հույզեր արտահայտելու, մարդուն գեղագիտական հաճույք պատճառելու համար: Ճշմարտությունն այն է, որ բեմի, դերասանի և հանդիսատեսի կապը ընդունելի լինի գեղագիտորեն:

Արդի թատերական արվեստը, մասնավորապես թատրոնները հեռացել են անցյալի դասական և գեղագիտորեն բարձրարվեստ ներկայացումներ բեմադրելուց, ոչ միայն այն պատճառով, որ չունենք ժամանակակից արժեքավոր դրամատուրգիա, ռեժիսորներ և տաղանդավոր դերասաններ, այլև զարգացնող և պահանջներ ներկայացնող թատերա­գիտություն: Թատրոնները վաղուց հեռացել են ոչ միայն Ստանիսլավսկու, այլև անցյալի ավանդական բարձրակարգ և դասական եղանակներից: Իսկ պահանջնել կամ փորձել ուսուցանել այդ «սիստեմը» ոչ միայն անիրականալի է, այլև անիմաստ: Թատրոնն իր սիստեմը ձևավորում է ռեժիսորի և դերասանի անձնավորումից: Ռեժիսորը պետք է լինի հոգեբան, բեմական արվեստի մեծ և ճանաչելի փորձարար, ոչ միայն դերասանի, այլև հանդիսատեսի համար ընդունելի անուն, որպեսզի դերասանի մոտ որոնի և արթնացնի արվեստի բարոյական և ընդունելի արժեքը: Ցավոք, այս առումով Ստանիսլավսկու «սիստեմը» անիմաստ երա­զանք է:  Թատերագետը որոնումների ընթացքում չպետք է հեռանա ժամանակակից իրական պատմությունից: Նորը չտեսնելով ու չգնահատելով, կառչել դարերի խորքերին, նշանակում է ոչինչ չանել:

Գիտությունը զարգանում է, հինը հնանում, երբեմն էլ մնում է այն կարևորն ու առաջադիմականը, քանի դեռ չի ստեղծվել նորը: Նորը ստեղծելու համար պետք է նոր մտածելակերպ ունենալ և հնի մեջբերումներով փորձել նոր խոսք ասել, նշանակում է զբաղվել կեղծարարությամբ: Գիտական դասերն անհրաժեշտ են, իսկ հնացած մտքերը նորություն չեն:

Գրքի հեղինակ Հ. Հովհաննիսյանը գիտականորեն և գիտակցորեն պետք է հասկանա, որ գրքից գիրք ռուսական մամուլից ու թատերագիտական գրքերից ծայրահեղորեն խեղդող և ձանձրացնող մեջբերումներով լցված մտքերն ոչ միայն ժամանակակից չեն, այլև ձանձրալի: 200 էջանոց գրքում կա 287 մեջբերում, որը կազմում է 70-80 էջ, անընդունելի է: Չի կարելի հիանալ հնացած մեթոդներով և փորձել ընթերցողին ու մասնագետներին համոզել, որ այդ դատողություններն օգտակար են բեմարվեստում: Յուրաքանչյուր հեղինակ պետք է ի զորու լինի և իրարից տարբերի օգտակարն ու անօգուտը: Այս ամենը կարելի էր ներկայացնել մի ընդարձակ հոդվածում և զուր ջանքեր ու միջոցներ չվատնել ասելիքը, համոզիչ դարձնելու համար: Այդ դեպքում կշահեր և՛ հեղինակը, և՛ ընթերցող-մասնագետները: Բավական է հիշենք, որ այս գիրքը հեղինակի «Դերասանի արվեստի բնույթը» (2002) գրքի շարունակվող կրկնությունն է:

Ռուս թատրոնի մեկնաբանների «սիստեմը», նրանց բեմական հոգեբանությանը վերաբերող մտքերն արդի հայ բեմի սահմաններից դուրս է և անիրականանալի: Թատրոնը կորցրեց իր տեղն ու դերը, երբ ժամանակակից թույլ դրամատուրգիան մուտք գործեց բեմ: Իդեալականացվեց դրանց հասարակական հնչեղությունը: Իսկ թատերգությունը լռեց, հրապուրվեց սերիալներով: Հարկ չեմ համարում խոսել գրքի մյուս մանրամասների մասին: Բայց կցանկանայի, որ այս գիրքը մի քանի տասնյակ մասնագետ ընթերցող ունենար:

ՌՈԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ

Գրականագետ, արվեստաբան,

պրոֆեսոր

Ղազախստանը մտադիր է իր «Kazakhwood»-ը ստեղծել

51835b2f-cbfe-4e1a-cbfe-4e15b91011a6.photo.0Ղազախստանում  հայտարարվել է «Kazakhwood» նախագծի մասին, որը տեղի հոլիվուդյան տարբերակն է լինելու: Նման հայտարարություններով  է հանդես եկել պրոդյուսեր ու ռեժիսոր Բախիտ Աուպբաևը: Նրա խոսքով, գլխավոր նպատակն այն է, որ ղազախական կոնտենտն արտասահմանում վաճառվի  մեկ բրենդով («Kazakhwood»): Ընդ որում, կոնտենտ ասելով ենթադրվում են ոչ միայն կինոֆիլմները, այլև երաժշտությունն ու թատերական բեմադրությունները:

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնը մեկնարկեց Ցեղասպանությանը նվիրված ֆիլմով

Photo 0016Մայիսի 1-ին Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում մեկնարկեց «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը։

Առաջիկա երկու օրերի ընթացքում Հ. Մալյանի անվան թատրոնում կցուցադրվեն շուրջ 25 կարժամետրաժ ֆիլմեր՝ Արթուր Օրդյանի «Հովվերգություն» վավերագրական ֆիլմը, Շողիկ Հակոբյանի խաղարկային «Սպասասրահում» ֆիլմը, Սոնա Խաչատրյանի «Երանելի օրեր», Գուժ Թադևոսյանի «Մարգար պապը», Զավեն Գրիգորյանի «Մեր Մարինե», Գառնիկ Խչոյանի «Հանդիպում խաչքարի մոտ» և այլ ֆիլմեր։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ընդգծեց, որ կինոփառատոնի նպատակը երիտասարդ ստեղծագործողների զարգացմանը նպաստելն է, նրանց ինքնադրսևորման հարթակ տրամադրելը։ «Մեր նպատակն այս ոլորտի զարգացումն է, և դրա լավագույն ճանապարհն առկա գործընթացների մեջ նոր սերնդի ներգրավումն է։ Ուրախալի է, որ կան երիտասարդ, շնորհալի ստեղծագործողներ, և մենք պետք է նրանց կողքին լինենք»,- նշեց Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ այս փառատոնն ունենալու է շարունակական բնույթ։

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հեղինակ Սերգեյ Սանոյանը նշում է, որ այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է նոր ու հետաքրքիր, ինչու չէ, մասամբ անհասկանալի ու ըմբոստ կինոնկարների ականատեսը դառնալու, ինչպես նաև ծանոթանալու և շփվելու երիտասարդ ստեղծագործողների հետ։

«Երիտասարդական կինոփառատոները մեծ կինո, մեծ էկրան մուտք գործելու, ինչպես նաև առաջին աշխատանքը, առաջին ֆիլմը ցուցադրելու հնարավորություն են տալիս»,- ասաց կինոգետ, արվեստագիտության թեկնածու, ժյուրիի նախագահ Անետա Երզնկյանը:

Փառատոնի բացման արարողությանը տեղի ունեցավ «Միասին աշխարհում» ոչ մրցութային ֆիլմի պրեմիերան։ Այն նկարահանվել է Ուրուգվայում և պատմում է Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչած Ուրուգվայի, այստեղ ապրող հայկական համայնքի մասին։ «Միասին աշխարհում» ֆիլմի ռեժիսորը Ռուբեն Գևորգյանց կրտսերն է, հեղինակ և պրոդյուսերը՝ Սերգեյ Սանոյանը։ Ինչպես տեղեկացրեց Ս. Սանոյանը, «Միասին աշխարհում» ֆիլմը Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից ընտրվել և ներկայացվելու է Կաննի փառատոնի երիտասարդական ֆիլմերի շուկայում։ Երիտասարդ հեղինակները հույս ունեն, որ իրենց ֆիլմը նույնպես կնպաստի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնում ժյուրին մրցանակներ կշնորհի 4 անվանակարգում՝ ՙԼավագույն ռեժիսոր՚, ՙԼավագույն օպերատորական աշխատանք՚, ՙԼավագույն ֆիլմ՚, ՙԼավագույն մտահղացում՚։

Նշենք, որ «Հայացք» երիտասարդական կինոփառատոնը նախաձեռնել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը։ «Հայացք» երիտասարդական կինոփառատոնի հատուկ գործընկերներն են «Լաբարնա» («Labarna») հուշանվերների, «Արվեստի աշխարհ» («Art World») խանութ սրահները։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Թուրքիայում հրեական գերեզմանատուն են քանդել

an3001367412357Թուրքիայի Իզմիրում  թունելի շինարարության ժամանակ 6 մ խորության վրա հայտնաբերվել են հրեական գերեզմաններ: Թուրքական “Հուրիեթի” տեղեկացմամբ, տապանաքարերը շինարարները  թողել են հողի մեջ, իսկ ոսկրերը հանձնել են հրեական համայնքին: Համայնքի առաջնորդ Ժակ Կայան հայտնել է, որ հրեաների աճյունները կրկին կթաղվեն գործող հրեական գերեզմանոցում: 2012-ին   զատկին Ստամբուլում  հրեական գերեզմանատունը պղծվել էր:

Նաոմի Քեմփբլն ու Վլադիսլավ Դորոնինը բաժանվել են

a8f35e63c01461b623878149ab72ea04Ամերիկյան մամուլը գրում է ամենահայտնի աստղային զույգի բաժանման մասին: The New York Post տեղեկացմամբ, Նաոմի Քեմփբլի ու ռուս միլիարդատեր Վլադիսլավ Դորոնինի սիրավեպը մոտեցել է  ավարտին:

Սիրահարները հավատացնում են, թե պարզապես թայմ-աութ են վերցրել, իսկ ուրիշները պնդում են, որ դա ավելի շուտ վերջակետ է: “Россия 24” տեղեկացնում է, որ զույգին միասին չեն տեսել մարտի սկզբից: Նաոմին երեկույթներին ներկայանում է առանց Դորոնինի, իսկ վերջինիս էլ նյույորքյան հյուրանոցի բարում տեսել են անծանոթ շիկահերի հետ:

Ամերիկայում անգլիացի առաջին վերաբնակները մարդակեր են եղել

130501234153_skull_304x171_apԱմերիկացի գիտնականները վկայություններ են ներկայացրել, որոնք հաստատում են, որ 1609-1610-ի խստաշունչ ձմռանն 130501233137_girl_304x304_reuters_nocreditԱմերիկայում անգլիացի վերաբնակները կաննիբալությամբ են զբաղվել:

Ի դեպ, դրա մասին գրավոր աղբյուրներում ևս նշված է եղել, սակայն գիտական ապացույցներ մինչ այժմ չկային:  Վաշինգտոնում Բնագիտության ազգային թանգարանի մասնագետներն անցած տարի պեղումների ժամանակ Վիրջինիայի (հիմնադրել են վերաբնակները 1607-ին: Ժամանակի ընթացքում Ջեյմս ամրոցի շուրջ գաղութ առաջացավ, որն անվանվեց Ջեյմսթաուն)  Ջեյմս ամրոցի տեղում 14-ամյա աղջկա աճյունի ուսումնասիրություն են կատարել:

Գանգի ու սրունքոսկրի վրա, որոնց տարիքը 400 է, հայտնաբերվել են հարվածի ու քերթման հետքեր: Գիտնականների խոսքով, դա վկայում է նրա մասին, որ ինչ-որ մեկը փորձել է բացել գանգը ու հանել ուղեղը: Բացի այդ, զոհի լեզուն են հեռացրել ու դիմային հյուսվածքները, որոնք XVII դարում համարվել են նրբահամ ուտելիք:

“Հստակ հետքեր կան, որոնք վկայում են, որ մարմինն անդամահատվել է ու միսն առանձնացվել ոսկրերից”,-հայտնել է անթրոպոլոգ Դագ Օուսլին:

Կրքեր «Անուշ» օպերայի շուրջ. մտավորականները կպահանջեն արգելել նոր «Անուշի» ներկայացումը Ֆրանսիայում

Սերժ ԱվետիքյանԱպրիլի 26-ին Գաբրիել Սունդուկյանի անվան  ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Անուշ» օպերայի պրեմիերան: Այն Հայաստանում կցուցադրվի նաև մայիսի 3-ին և 4-ին, այնուհետև կներկայացվի  Ֆրանսիայում:

Բեմադրության և լիբրետոյի ադապտացիան  ֆրանսահայ  դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանինն է, բեմի ձևավորումը, հագուստները, խորեոգրաֆիան՝ Նիկոլյա Մյուզեինը, գործիքավորումը և երաժշտության վերամշակումը՝ Անահիտ Սիմոնյանինը, դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը, լուսային ձևավորումը՝ Ժան-Մարկ Սկաչկոյի:

Դերերում` Անուշ` Սոֆյա Սայադյան, Սարո` Լիպարիտ Ավետիսյան, Մոսի` Գուրգեն Բավեյան: Բեմում հանդես են գալիս 15 երաժիշտներ և «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և խմբավար` Սոնա Հովհաննիսյան):

Պատահական չէ ընտրված նաև  բեմադրության  վայրը` ազգային թատրոնը: Ռեժիսորի խոսքով` «Անուշը» դասական օպերա չէ, որ օպերային թատրոնում բեմադվի:

«Անուշի» նորովի մեկնաբանությունը, սակայն, հայ մտավորականների մի մասի  շրջանում դժգոհությունների առիթ է դարձել: Մտավորականների մի խումբ պատրաստվում է առաջիկայում բաց նամակով հանդես գալ, որով ՀՀ նախագահին կոչ կանեն միջամտել և թույլ չտալ, որ Ավետիքյանի մեկնաբանությամբ «Անուշը» ցուցադրվի Ֆրանսիայում:

«Եթե սփյուռքում գտնվող մեր հայրենակիցներին կարոտախտը հրահրում է նմանատիպ ցածր որակի բեմադրություններ անել իրենց սիրողական ուժերով, ապա  ոչ միայն կարող ես աչք փակել թերությունների վրա, այլև ողջունել: Բայց երբ փորձ է արվում արտահանել Հայաստանի անունը կրող, Հայաստանում պատրաստված այսպիսի մի խայտառակ խառնաշփոթ, մի բալագանային ներկայացում, ապա ժամանակն է, որ մեր մտավորականությունը ոտքի կանգնի և թույլ չտա  արտահանել այն և դրանով իսկ դրսում վարկաբեկել ոչ միայն հայ ժողովրդին, այլև արվեստի գոհարներից «Անուշ» օպերան»,- ասում է դիրիժոր Արա Պետրոսյանը:

Նրա  խոսքով` Ավետիքյանի բեմադրած Անուշը զուրկ է դրամատիկ զարգացումից, իսկ նվագախումբը իր խղճուկ, հազիվ լսելի ձայներով ոչ միայն չի  աջակցում դրամատուրգիայի զարգացմանը, այլև հակառակը` այն վերածում է մոնոտոն հնչյուններ արտաբերող կույտի: «Խախտվել են  գործիքավորման հարմոնիայի ամենատարրական կանոնները: Իբր թե մտցրել են ժողովրդական գործիքներ, բայց չկա գործիքավորում: Եթե վերցնեին սիմֆոնիկ նվագախմբի «Անուշի» արդեն գործիքավորված պարտիտուրը, փոփոխություն դրանում մտցնեին, դեռ հասկանալի կլիներ: Բայց երբ անգրագետ էքսպերիմենտներ են անում, դա ընդունելի չէ,- ասում է Պետրոսյանը հավելելով,- ի՞նչ նորամուծություն եք «Անուշում» մտցրել, բացի ճչացող անճաշակությունից և գռեհկության հասնող խառնաշփոթից: Բավական է ոտնահարվեն մեր դասական արժեքները»:

ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը ևս բացասական է ընդունել «Անուշի» նոր մեկնաբանությունը. «Այնտեղ ռեժիսուրա չկա, ո՛չ ձևավորում կա, ո՛չ զգեստների հագուկապ կա, ոչինչ չկա: Հասկանում եմ, որ ուզում էր նոր խոսք ասել, բայց չստացվեց: Այդ միջակ ներկայացումը չի կարելի Փարիզ տանել, ի՞նչ կարծիք կկազմեն մեր մասին»:

AnoushԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի համար էլ նոր ներկայացումը բոլորովին ընդունելի չէ` սկսած հագուստներից մինչև ռեժիսուրան. «Ինձ հատկապես զայրացնում է Թումանյանի հանդեպ այսպիսի վերաբերմունքը»:

Գրականագետ, արվեստաբան, պրոֆեսոր Ռոբերտ Դավթյանը կարծում է, որ Անուշի նոր մեկնաբանությամբ Ավետիքյանը խախտել է Թումանյանի ու Տիգրանյանի հեղինակային իրավունքները. «Մոնտաժ անելը կամ անկիրթ ձևով Թումանյանին կամ Տիգրանյանին խմբագրելը որևէ ռեժիսորի իրավունքը չէ, դա  առնվազն հանցագործություն է : Չկա նորմալ ձևավորում, սյուժե: Սա կատարելագործված խայտառակություն է, որը ընդհանրապես պետք է արգելել Հայաստանից դուրս բերել ու որևէ տեղ ցուցադրել»:

Դավթյանն ասում է, որ 1947-ին, երբ  Գոհար Գասպարյանը  Հայաստան եկավ և Անուշ պիտի կատարեր, 6 ամիս Լոռիում ապրեց, ուսումնասիրեց բնությունը, քարերը, սարերը, տները, կենցաղը, որ կարողանա  Անուշ երգել, իսկ «այս մարդիկ ոնց որ ձեռք առնեն»:

Անդրադառնալով նկատառմանը, թե Ավետիքյանն աշխատել է «Անուշ» օպերայի առաջին տարբերակի վրա` վերականգնելով մինչխորհրդային տարիների տարբերակը, Դավթյանն ասում է. «Սովետական կարգերի ժամանակ Անուշը հնչել է աշխարհով մեկ և դա փառք ու պատիվ է բերել ոչ միայն հայ ժողովրդին, այլև ամբողջ սովետական երաժշտական արվեստին: Այդպիսի բան չկա: Տիգրան Լևոնյանի բեմադրությունն արդեն մաքրված ու հստակ էր: Անուշը համաշխարհային գործ է և ոչ մի կապ չունի սովետական կարգերի հետ»:

Երևանի կոնսերվատորիայի վոկալի տեսական ֆալուկտետի թիվ 1-ին ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանին «Անուշի» նոր մեկնաբանությունում դուր չեն եկել կտրտված արիաները, որոնք փոխվում են գրական տեքստով. «Դեմ եմ, որ դա անվանվի օպերա` «Անուշ» օպերա, այն դեպքում, երբ  այդքան կրճատումներ են կատարվում, ոճը փոխվում է և դառնում է ժամանակակից բեմադրություն:  Հետաքրքիր բաներ կային մեջը, բայց սա «Անուշ» օպերա չէ, սա կարող է լինել գրական-երաժշտական կոմպոզիցիա, բայց ոչ «Անուշ» օպերա»:

Մարտիրոսյանի կարծիքով` ավելի հաջողված կլիներ, եթե Ավետիքյանն ուրիշ ստեղծագործությունների վրա էքսպերիմենտներ աներ, օրինակ` Կոմիտասի «Անուշը» վերցներ, որը հանդիսատեսին հայտնի չէ նախկին բեմադրություններով:

«Հիմա սա ինչի՞ համար է արվում, իմաստը չեմ հասկանում: Որպես մոդեռն ստեղծագործություն ներկայացվում է, որպեսզի մոռացվի՞ դասականը: Չհուզեց ինձ այն, ինչ տեսա, դա «Անուշ» չէր ինձ համար, դա ուրիշ անուն կարող էր ունենալ: Գոնե աճող սերունդը պետք է հասկանա, թե որն է «Անուշ» օպերան, սա «Անուշը» չէր»:

Ավետիքյանը, պրեմիերայի օրն անդրադառնալով հակասական կարծիքներին, ասել է. «Ժողովրդին է պատկանում այն, ինչ ուզում են, թող անեն: Դա էլ ինձ չի պատկանում, վերջացավ, ես տվեցի այսպիսով, հանձնեցի, ինչպես ասում են: Չսպասեք ինձնից, որ ասեմ` ա, ինչու են սա ասում, ա, լավ էր»:

«Անկախը» մինչ նյութի տպագրությունը չկարողացավ կապ հաստատել Ավետիքյանի հետ` նրանից մեկնաբանություն ստանալու համար:

Ավելի վաղ, սակայն,  Սերժ Ավետիքյանը Bravo.am-ի հետ հարցազրույցում, խոսելով «Անուշի» նոր բեմադրության մասին, ասել է, որ փորձել է լիբրետոյում վերականգնել այն, ինչ կտրել, կրճատել էր Խորհրդային Միությունը. «Դրանք կարճ հատվածներ են, բայց շատ կարևոր հաղորդագրություն ունեն, ներկայացնում են երիտասարդների դիրքորոշումը Անուշի և Սարոյի, նրանց վարքի հանդեպ, հոր դիրքն Անուշի հանդեպ, քահանայի դիրքն Անուշի ծնողների և  գյուղի հանդեպ: Թումանյանը XIX դարի վերջին համամարդկային գործ է գրել երիտասարդ աղջկա և  տղայի մասին, որոնք ուզում են ազատորեն վայելել միմյանց հանդեպ սերը, սակայն  նրանց չեն թույլատրում, որովհետև գոյություն ունեն ադաթներ կամ, ինչպես ասում են, չգրված օրենքներ»:

Անդրադառնալով նոր բեմադրության ասելիքին` Ավետիքյանը նշել է, որ ցանկանում է`  գործը նոր սերունդների համար ներքին ազատություն ձեռք բերելու խթան հանդիսանա. «Շատ կարևոր է ամրապնդել ազատությունը նաև սեքսուալ հարաբերությունների հարցում, որ ծնողները չորոշեն, թե ում սիրեն, ում հետ ապրեն: Անհրաժեշտ է կարողանալ օրենքների և ադաթների շրջանակում կառուցել սեփական ներքին ազատությունը, որովհետև դրանից դուրս, մեկ է, չես կարող ապրել»:

 

Հայրը սպանել է աղջկան ցնծացող ամբոխի աչքի առջև

ol3001367391708Երկու երեխաների մայր երիտասարդ կնոջը սեփական հայրը  զրկել է կյանքից  այն պատճառով, որ կինը փախել էր իր օրինական ամուսնուց ու խայտառակել ընտանիքը:

«Amnesty International» կազմակերպության տվյալներով, աֆղանական Բաջիս նահանգում սպանվածի անունը Հալիմա էր ու նա 18-20 տարեկան էր:

Մինչ նրա ամուսինն Իրաքում էր, կինը իր  մի բարեկամ տղամարդու հետ փախել էր, սակայն շուտով  նրան բռնել ու հոր տուն էին  բերել: Հայրը խորհրդի համար դիմել էր տեղի ավագանիներին, որոնք էլ որոշեցին, որ Հալիման հրապարակայնորեն պետք է մահվան դատապարտվի: Ավագանիների դատավճիռն իրականացրեց աղջկա հայրը.նա առանց խղճմտանքի կրակեց դստեր վրա:

Ներկայում ավագանին ու աղջկա հայրը թաքնվում են արդարադատությունից: Այն տղամարդու ճակատագիրը, ում հետ կինը փախել էր, հայտնի չէ:

Կասկադ համալիրի տարածքում կրկին նշվել է Ջազի միջազգային օրը

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, ջազի հայ վարպետների ու ջազ-բենդերի մասնակցությամբ մայրաքաղաքում մեծ շուքով նշվում է Ջազի միջազգային օրը: Կասկադ համալիրում տեղադրված բեմահարթակը հերթական անգամ համախմբել էլ ջազի հազարավոր սիրահարների, ովքեր մինչև ուշ երեկո հաճույքով հետևել են բացօթյա համերգային ծրագրին, որի շրջանակում հնչել են ինչպես հայտնի ու սիրված, այնպես էլ ազգային նվագարանների միախառնումով ջազային հետաքրքիր ստեղծագործություններ:

Երևանցիների հետ միասին համերգային ծրագրին հետևել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Երևան քաղաքի մշակութային կյանքում ունեցած նշանակալի վաստակի, ինչպես նաև ջազային արվեստի զարգացման ու տարածման գործում ունեցած ավանդի համար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Արմեն Հյուսնունցը, Արմեն Թութունջյանը և Վահագն Հայրապետյանը միջոցառման շրջանակում քաղաքապետի կողմից պարգևատրվել են  Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ մեդալով:

«Երևանցիների համար արդեն հաճելի ու սպասված ավանդույթ է դարձել Ջազի միջազգային օրը հենց այս վայրում մեծ շուքով նշելը: Եվ տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլորիս, մեր բոլոր ջազմեններին մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ ու վստահեցնում, որ նրանց բոլոր այն նախաձեռնումները, որոնք միտված կլինեն Երևանի մշակութային կյանքը առավել աշխուժացնելուն և հարստացնելուն, մշտապես կստանան Երևանի քաղաքապետարանի աջակցությունը: Ի դեպ, եղանակային պայմաններն էլ արդեն թույլ են տալիս, որ ավելի հաճախ կազմակերպենք նմանատիպ բացօթյա միջոցառումներ, ինչը անպայման կիրականացնենք», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Գնահատանքի և ուշադրության համար շնորհակալություն հայտնելով քաղաքապետին, պարգևատրված ջազմենները նշել են, որ նման գնահատանքի արժանանալը որքան հաճելի, նույնքան էլ պարտավորեցնող է` սիրելի մայրաքաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ավելի մեծ ներդրում ունենալու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄՆ-ում, Ավստրիայում և Լիբանանում

300.Armenian Genocide Commemoration event Washington 30.04.2013Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումերի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հովանու ներքո, Համազգային հայ կրթական եւ մշակութային միության հրավերով, ապրիլի 27-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ հայ ազգային եւ հոգեւոր երգերի անվանի կատարող սոպրանո Աննա Մայիլյանի եւ Էթնո-վոկալ եռյակի համերգը:

Համերգի ընթացքում հանդիսատեսին ներկայացվեցին հայ դասական, հոգեւոր եւ ժամանակակից երգարվեստի նմուշներ, ինչպես նաեւ նորահայտ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Նույն օրը երեկոյան, ի պատիվ Աննա Մայիլյանի եւ Էթնո-վոկալ եռյակի, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն: Հյուրերին ուղղված իր խոսքում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանն ընդգծեց մշակութային դիվանագիտության նշանակությունը՝ կարեւորելով հայ արվեստի գործիչների եւ հայկական կառույցների դերակատարությունն ինչպես հայկական համայնքներում, այնպես էլ օտար լսարաններում հայկական մշակույթի եւ հայ արվեստի ներկայացման գործում:

Ապրիլի 26-28-ը Վիեննայում և Գրացում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:

Ապրիլի 26-ին Վիեննայի Մխիթարյան Միաբանության Մխիթար սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Մխիթարյան միաբանությունից Հայր Պողոս Կոճանյանը եւ Հարություն Տանիլը: Հայոց ցեղասպանությանը վերաբերող ներկաների հարցերին պատասխանեց Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:

Ապրիլի 27-ին Վիեննայում տեղակայված ուղղափառ ասորական համայնքի Մշակութային միության դահլիճում առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրությունում քրիստոնյա հպատակների՝ հայերի, հույների և ասորիների կոտորածների մասին ելույթով հանդես եկավ Բեռլինի Ազատ համալսարանի Ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման աշխատանքային խմբի ղեկավար դոկտոր Թեսսա Հոֆմանը: Վերջինս ներկայացրեց քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանության հանգամանքները, անդրադարձավ Գերմանիայի Բունդեսթագի կողմից 2005 թ. հունիսի 16-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևին, որի շրջանակներում անդրադարձ կա նաև ասորիների և Պոնտոսի հույների կոտորածներին: Հոֆմանը ներկայացրեց նաև Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Բեռլինում նախագծվող Օսմանյան կայսրությունում ցեղասպանության զոհ գնացած հայերին, հույներին և ասորա-արամեացի-քաղդեացիներին նվիրված հուշահամալիրի կառուցման ծրագիրը, որի համար արդեն իսկ որոշակի գումար է հատկացվել Բեռլինի քաղաքային և Բրանդենբուրգի երկրամասային իշխանությունների կողմից: Միջոցառմանը ներկա էր ՀՀ դեսպանության դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը:

Ապրիլի 27-ի երեկոյան Ավստրիայի հանրային ORF 3 հեռուստաալիքը ցուցադրեց գերմանացի վավերագրող Էրիխ Ֆրիդլերի 2010 թվականին նկարահանած Հայոց ցեղասպանությանը նվիրված ԱՂԵՏ-ցեղասպանություն փաստավավերագրական ֆիլմը:

Ապրիլի 28-ին Գրաց քաղաքի հայ եկեղեցական համայնքը Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ հոգեհանգստյան պաշտոն մատուցեց Գրացի Կալվարիենբերգ եկեղեցում, որին հաջորդեց մոմերով երթը դեպի Դոմինիկյան եկեղեցու սրահ, ուր տեղի ունեցավ զոհերի հիշատակին նվիրված հիշատակի միջոցառում: Միջոցառմանը ներկա Գրացի հասարակայնության ներկայացուցիչների առջև ցուցադրվեց Էրիխ Ֆրիդլերի Հայոց ցեղասպանությանը նվիրված «ԱՂԵՏ-ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմը, որին հաջորդեց համերգային մասը՝ Գրացում հիմնադրված Բխիյան լարային քառյակի կատարմամբ:

303.Armenian Genocide Commemoration event in Lebanon 30.04.2013Ապրիլի 29-ին  Լիբանանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-համերգ, որին ներկա էին  Լիբանանի մշակույթի եւ արդյունաբերության նախարարներ Գաբի Լեյունը եւ Վրեժ Սապունջյանը, արտաքին գործերի եւ էմիգրանտների նախարար Ադնան Մանսուրի ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Նաումը, պետնախարար Փանոս Մանճյանը, Լիբանանի խորհրդարանի անդամներ Աբդել Լատիֆ էլ-Զեյնը եւ Ղասան Մխայբերը, Արթուր Նազարյանը, Ժան Օղասափյանը, Սերժ Դուրսագսյանը, Շանթ Չինչինյանը, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, հայկական քաղաքական կուսակցությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ,  Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, հոգեւոր հայրեր:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա իր խոսքում նշեց, որ 98 տարի հետո էլ հայ ժողովրդի հանդեպ իրականացված հանցագործության հետեւանքները չեն վերացվել: Դեսպան Քոչարյանն ընդգծեց, որ մարդկության դեմ կատարված հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, որ Հայոց Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակություն է եւ պետք է  խստիվ  դատապարտվի մարդկության կողմից: Նա շնորհակալություն հայտնեց աշխարհի բոլոր երկրներին եւ կազմակերպություններին, մասնավորապես՝  Լիբանանին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանոթյունը: Դեսպան Քոչարյանը բարձր գնահատեց Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական մարմնի արդյունավետ գործունեությունը եւ սերտ համագործակցությունը ՀՀ դեսպանության հետ: Դեսպանը շեշտեց, որ հայերը, որպես հավաքական ազգ եւ իբրեւ պետություն, շարունակելու են իրենց պայյքարն աշխարհի տարբեր անկյուններում ցեղասպանության բոլոր դրսեւորումները բացառելու ուղղությամբ:

Հուշ-համերգին Արմինե Աբաջյան Բասմաջյանի, Թամար Հովյհաննիսյանի, Ժաննա Սահակյանի, Տաթեւիկ Արտինյանի, «Համազգայինի» երգչախմբերի ղեկավար եւ դուդուկահար Զաքար Քեշիշյանի, ջութակահարներ Արմեն եւ Աշոտ Ջենդերեջյանների, երգիչ Գեւորգ Բեբեջյանի կատարմամբ հնչեցին Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Հենդելի, Բախի, Վիվալդիի, Վաժա Ազարաշվիլիի եւ Կոմիտասի ստեղծագործությունները:

Երեկոյի ավարտին հյուրերն իրենց գրառումները թողեցին Ցեղասպանության զոհերի ոգեկոչման հուշամատյանում:

Եվրոպայում նշելու են Վալպուրգյան գիշերը

iԱպրիլի 30-ից մայիսի 1-ը եվրոպական ու Սկանդինավյան թերակղզու երկրներում նշելու են Վալպուրգյան գիշեր:

Վալպուրգյան գիշեր են անվանում գարնան փառատոնը,  որը  նաև համարվում է հեթանոսական տոներից ամենանշանակալին ու նվիրված է բերքատվությանը: Հիմնականում այն նշում են Կենտրոնական ու Հյուսիսային Եվրոպայում:

Անվանումն առաջացել է Սբ. Վալպուրգից: Նա Ուիմբուռնյան միանձնուհի էր, որը Գերմանիա էր ժամանել  Անգլիայից, 748-ին` մենաստան հիմնադրելու մտադրությամբ: Նա մահացել է 777-ի փետրվարի 25-ին,Հայդենհայմում: Կյանքում մեծ ճանչում ուներ, իսկ մահից հետո նրան սկսեցին սրբի պես պաշտել: Սրբերի հռոմեական ցուցակում նրա օրը համարվում է մայիսի 1-ը:

Միջին դարերում հավատալիք կար, որ Վալպուրգյան գիշերը ողջ Գերմանիայից ու Սկանդինավիայից վհուկները հավաքվում են խրախճանքի. ցախավելները հեծնած սարերի  գագաթներն են թռչում ու մասնակցում կատաղի խնջույքի, պարերի ու հարաբերվում չար ուժի հետ:

Պարարվեստի միջազգային օրը նշանավորվել է միջազգային ասպարեզում Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթի փայլուն հաղթանակով

մշակույթի նախարարությունՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. ապրիլի 26-29-ը Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացվող «Սուպեր պար` ֆոլկլորից մինչև մոդեռն» առաջին  միջազգային  մրցույթ-փառատոնին: Ի թիվս այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսրայելը, Լատվիան, Հայաստանն արժանացել է փառատոնի բարձրագույն պարգևին՝   «Գրան պրի» մրցանակի: