Պլուտոնի արբանյակներն անուններ են ստացել

PlutonՊլուտոնի 2 արբանյակները, որոնք պայմանական P4 և P5-ով  էին նշվում, պաշտոնական անուններ են ստացել: Աստղաբանության միջազգային միությունը անցկացված մրցույթի արդյունքում դրանք անվանել է  Ցերբեր ու Սթիքս,ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Անունները պատահական չեն, այլ ընտրվել են որոշակի սկզբունքով.դրանք պետք է  կապ ունենային  անտիկ առասպելաբանության մեռյալների աշխարհի հետ: Հին հունական առասպելներում  Պլուտոնը մեռյալների աշխարհի թագավորն էր, իսկ Խարոնը (որի պատվին անվանել են խոշորագույն արբանյակը)` մեռյալների հոգին Սթիքս գետով  (P5-ի նոր անունը) տեղափոխողը: Նիկտան` գիշերվա աստվածուհին, Հիդրան` ստորգետնյա ջրերի հրեշը, Ցերբերը` մեռյալների աշխարհի պահակը: Աստղագետները պետք է անուններ ընտրեին առասպելների հերոսներից:

Աստղաբանների միջազգային միությունն է  զբաղվում երկնային մարմինների անվանակոչմամբ: Հակառակ որոշ ընկերությունների հայտարարությունների, գիտական ընկերակցության ընդունած պրոցեդուրայով ոչ ոքի թույլ չի տրվում գնել աստղը,աստղակերպը կամ էլ այլ օբյեկտ անվանակոչելու իրավունք: Որոշակի  կարգի օբյեկտներ ստանում են որոշակի կարգի համապատասխանող անուններ, ասենք` տրոյյական աստղակերպերն անվանակոչվում են տրոյական պատերազմի հերոսների անուններով: Եվ այս կանոնակարգի շրջանակներում է, որ հնարավոր են երկնային մարմինների` իրական մարդկանց կամ էլ կազմակերպությունների անուններով անվանակոչելը:

Բաքվում տեղի է ունենալու Թյուրքական խորհրդի տրանսպորտի և կապի նախարարների հանդիպումը

1 (7)Այսօր`հուլիսի 3-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի է ունենալու Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) տրանսպորտի և կապի նախարարների առաջին նիստը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, նիստին մասնակցելու են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղրղզստանի և Ղազախստանի ներկայացուցիչները: Միջոցառմանը մասնակցելու է նաև Թուրքիայի համագործակցության խորհրդի քարտուղարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են տրանսպորտի ոլորտում երկրների միջև փոխհարաբերությունները, տնտեսական համագործակցության տարբեր ասպեկտներ: Մեկօրյա միջոցառման ավարտից հետո կողմերը նախատեսում են ստորագրել համատեղ հռչակագիր:

Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2009թ.-ի հոկտեմբերի 3-ին: Խորհրդի անդամ երկրներն են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը և Ղրղզստանը:

Կահիրեի համալսարանի մոտ բախումների հետևանքով 16 մարդ է զոհվել

iԵգիպտոսի մայրաքաղաքում նախագահ Մուրսիի համախոհների ու անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով ավելի շատ մարդիկ են զոհվում:

Երկրի առողջապահության նախարարության ներկայացուցչի տվյալներով,կա 16 զոհ, ավելի քան 200 մարդ վիրավոր է:  Թե նրանցից քանիսն են ոստիկան` պարզ չէ: Ականատեսները պատմում են հրաձգության, արցունքաբեր գազի մասին: Անկարգությունները Կահիրեի համալսարանի մոտ սկսվեցին այն բանից հետո, երբ նախագահ Մուրսին 45-րոպեանոց ելույթով դիմեց եգիպտացիներին: Նա հիշեցրեց, որ ընտրվել է  ժողովրդավարական պրոցեդուրայի արդյունքում ու կտրականապես հրաժարվեց հեռանալ` խոստանալով “կյանքի գնով” պահպանել սահմանադրական կարգը: Նրա խոսքը տարակուսանքով ընդունեցին նրա մի քանի մլն հակառակորդները: Ընդդիմության ներկայացուցիչ Խալեդ Դաուդը նրա խոսքն անվանեց քաղաքացիական կռվի հայտարարություն, քանի որ Մուրսին անտեսում է քաղաքացիների`  պաշտոնը թողնելու կոչերը:

Երեքշաբթի լրացավ  ընդդիմության 48-ժամյա ուլտիմատումի ժամկետը: Ընդդիմությունը պահանջում էր Մուրսիի հրաժարականը: Մինչդեռ, նման ուլտիմատում է ներկայացրել Եգիպտոսի բանակը բոլոր քաղաքական ուժերին ու այն լրանում է այսօր` 18:00-ին: Գեներալները խոստացել են երկրում տիրող իրադրությունը հսկողության տակ վերցնել, եթե քաղաքական գործիչները չդադարեցնեն հակադրությունն ու կոմպրոմիսի չգնան:

Չնայած հրապարակային շռայլ գովասանքներին՝ ԱՄՆ խորապես մտահոգված է Էրդողանով

Հարութ-Սասունյան1Մի քանի ամիս առաջ ես հոդված էի գրել` «Օբաման շահագործում է թուրք ղեկավարների շողոքորթության մարմաջը» վերնագրով` բացատրելով, որ Միացյալ Նահանգների նախագահը կարողանում է համոզել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ կատարի իր պահանջները՝ օգտվելով շռայլ գովասանքների հանդեպ նրա ունեցած թուլությունից:

 

Նրանք, ովքեր ծանոթ են Էրդողանի բնավորության բռնատիրական բնույթին, որն ամբողջովին դրսևորվեց վերջերս Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում ցուցարարների դեմ դաժան հարձակումների ժամանակ, խորապես մտահոգված են Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից Էրդողանի բռնակալական վարչակարգի հաճախակի կեղծ ներկայացմամբ՝ որպես «իսլամական աշխարհի համար տիպար երկիր»:

 

Նման գնահատականների կեղծությունը բացահայտվեց, երբ «Վիկիլիքսի» կողմից հրապարակվեցին Անկարայում ԱՄՆ դեսպանատան հազարավոր դիվանագիտական գաղտնի հեռագրերը, ցույց տալով, որ Էրդողանի մասին ամերիկացի պաշտոնատարների իսկական կարծիքը՝ ճիշտ հակառակն է նրանց հրապարակային արտահայտությունների:

 

Գերմանական «Դեր Շպիգել» ամսագրում հրապարակված դեսպանատան զեկույցներում Թուրքիայի վարչապետը բնութագրվում է որպես «իշխանատենչ իսլամիստ՝ շրջապատված կոռումպացված և անիրազեկ նախարարներով»: ԱՄՆ դեսպանատան 2005 թ. մայիսի հեռագրում կասկած է հայտնվում, որ Էրդողանը երբեք իրատեսական աշխարհայացք չի ունեցել և հավատացել է, որ նա ընտրվել է Աստծո կողմից՝ Թուրքիան ղեկավարելու համար: Իրազեկ աղբյուրները տեղեկացրել են ամերիկացի պաշտոնատարներին, որ Թայիփը հավատում է Աստծուն … սակայն չի վստահում նրան»:

 

ԱՄՆ դիվանագետները հաղորդում են, որ Վարչապետն իր գրեթե բոլոր տեղեկությունները ստանում է իսլամիստական ուղղվածություն ունեցող թերթերից՝ անտեսելով իր նախարարների առաջարկները: Թուրքական ռազմական և հետախուզական ծառայություններն իրենց որոշ զեկույցներն այլևս նրան չեն ուղարկում: Նա ոչ մեկին լիովին չի վստահում՝ շրջապատելով իրեն «քծնող (բայց անբարտավան) խորհրդականների երկաթյա օղակով»: Չնայած Էրդողանի գոռոզ պահվածքին՝ նա սարսափում է իր իշխանությունը կորցնելուց:

 

Թեև, թուրք առաջնորդն իր պաշտոնն առաջին անգամ ստանձնելիս, պատերազմ էր հայտարարել կոռուպցիայի դեմ, սակայն իրազեկիչները ԱՄՆ դեսպանատան պաշտոնատարներին հայտնել են, որ կոռուպցիան առկա է երկրի բոլոր մակարդակներում, նույնիսկ Էրդողանի ընտանիքի ներսում: Մի բարձրաստիճան պետական խորհրդական գաղտնաբար հայտնել է լրագրողին, որ Վարչապետը հարստացել է պետական նավթային զտարանի սեփականաշնորհման միջոցով: Էներգետիկայի նախարարության մի պաշտոնյա պնդել է, որ Էրդողանը խնդրել է իրանցիներին գազամուղի վերաբերյալ գործարք կնքել թուրքական մի ընկերության հետ, որը պատկանում է իր վաղեմի դասընկերոջը: Բացի այդ, ամերիկյան երկու աղբյուրներ պնդում են, որ Վարչապետն ունեցել է շվեյցարական ութ բանկային հաշիվներ: Էրդողանը հերքում է նման բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ իր հարստությունը, հիմնականում, գոյացել է իր որդու հարսանեկան նվերներից և հաստատել, որ մի անանուն թուրք գործարար վճարել է իր չորս զավակների կրթության ծախսերը Միացյալ Նահանգներում: Ամերիկայի դեսպանատան կողմից նման բացատրությունները դիտվել են որպես «անհամոզիչ»:

 

Դեսպանատան հեռագրերում պարունակվում են նաև շատ այլ ցնցող մեղադրանքներ Էրդողանի դեմ: Իրազեկիչները Միացյալ Նահանգների պաշտոնատարներին ասել են, որ երբ նրա կուսակցության թեկնածուն պարտվել է Տրապիզոնի քաղաքապետի ընտրություններում, իբր թե Վարչապետը պետական գաղտնի հաշվից միլիոնավոր դոլարներ է փոխանցել իր մտերիմ ընկերոջը՝ Ֆարուկ Նաֆիզ Օզակին, ում նշանակել էր «Տրաբզոնսփոր» ֆուտբոլային ակումբի ղեկավար: Դրամը նախատեսված էր լավագույն խաղացողներ ձեռք բերելու  համար, որպեսզի ֆուտբոլային թիմի հաղթանակներն ստվերեին ընտրված քաղաքապետի ձեռքբերումները:

 

Ըստ ԱՄՆ նախկին դեսպան Էրիկ Էդելմանի ուղարկած հեռագրի՝ Էրդողանի կողմից նշանակված պաշտոնյաները չունեին «մասնագիտական խորություն»: Մինչ ոմանք «կարծես թե, ի վիճակի են սովորելու աշխատանքի ընթացքում, մյուսները անճարակ են կամ, թվում է, հետապնդում են անձնական… շահեր»: Բարձրաստիճան թուրք պաշտոնատարները Անկարայում ԱՄՆ դեսպանատանը հայտնել են, որ նրանք ցնցված են Վարչապետի աշխատակազմից: Ըստ տեղեկությունների՝ Էրդողանն իր տեղակալի պաշտոնում նշանակել է «անիրազեկություն, նախապաշարմունք և տգիտություն» ցուցաբերած մի անձնավորության: Պարզվում է, որ կանանց հարցերով նախարար Նիմեթ Չուբուկչուն՝ ամուսնական անհավատարմության քրեականացման ջատագովը, իր պաշտոնը ձեռք է բերել, որովհետև եղել է Վարչապետի կնոջ ընկերուհին: Մեկ այլ նախարար մեղադրվում է «հովանավորչության, հերոինի մաքսանենգության և անչափահաս աղջիկների նկատմամբ ունեցած հակումների համար»:

 

Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից հրապարակավ բարձր գնահատվող արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն ևս գտնվում է թաքուն քննադատության թիրախում: Ըստ ամերիկյան դեսպանատան գաղտնի հեռագրերի՝ Դավութօղլուն «շատ քիչ է հասկանում քաղաքականությունից՝ Անկարայից դուրս»:  Ըստ էության, Միացյալ Նահանգների դիվանագետները անհանգստացած են «նրա իմպերիալիստական տոնով … և նեոօսմանյան տեսլականով»: 2010 թ. հունվարի զեկուցագրում, Ամերիկայի դեսպանը հայտնել է, որ Թուրքիան ունի «Ռոլս Ռոյսի հավակնություններ, բայց Ռովերի ռեսուրսներ»: Պաշտպանության նախկին նախարար Մեհմեդ Գյոնուլը նույնպես քննադատաբար է մոտեցել արտաքին գործերի նախարարին՝ ամերիկյան իշխանություններին նախազգուշացնելով նրա՝ «Էրդողանի վրա ունեցած իսլամիստական ազդեցության» մասին և նրան անվանելով «բացառիկ վտանգավոր»:

 

Հրապարակային շռայլ գովասանքներով շփացնելով Էրդողանին, չնայած ներքուստ գիտակցելով նրա բնավորության թերությունները, Միացյալ Նահանգների իշխանություններն այժմ պետք է լիովին պատասխանատվություն կրեն՝ երկրի ներսում և արտերկրում Վարչապետի կործանարար վարքագծի համար:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Թուրքիայում կայացել են Ազգային ժողովի նախագահի ընտրությունները

4Ջեմիլ Չիչեքը վերընտրվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահի պաշտոնում:
Ինչպես հաղորդում է թուրքական “Անադոլու” գործակալությունը, իշխող Արդարաություն և զարգացում կուսակցության պատգամավոր Ջեմիլ Չիչեքը 229 ձայն է հավաքել: Քվեարկությանը մասնակցել է 477 պատգամավոր: Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Օսման Քորություրքը ստացել է քվեարկողների 109 ձայնը:
Ջեմիլ Չիչեքը Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահի պաշտոնում ընտրվել էր դեռևս 2011թ.-ի հուլիսի 4-ին:

«Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների ավարտական հանդեսը

KindergartenՀունիսի 29-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն« կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Կենտրոնի Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանի ավագ խմբի սաների ավարտական ցերեկույթը: Գեղեցիկ զարդարված դահլիճում տեղեր էին զբաղեցրել հոգևոր հայրերը, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր, թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչներ:

Վահագն և Լուսինե Աֆյանների բարերարությամբ ձեռք բերված գեղեցիկ համազգեստով զուգված փոքրիկները «Տերունական աղոթքի» փայլուն արտասանությամբ բացեցին հանդեսը և Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը ստանալուց հետո ցուցադրեցին իրենց գիտեցածը և սովորածը: Ի տարբերություն նախորդ միջոցառումներին, ներկաներին ողջունեցին և ողջ հանդեսը վարեցին իրենք՝ շրջանավարտները, ում շուրթերից հնչած Այբ-բեն-Գիմը, գեղեցիկ արտասանությունն ու երգը,խրոխտ պարը վեր էր սպասվածից:

Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանի 16 շրջանավարտներից տասը նոր ուսումնական տարին սկսելու են հայկական դպրոցներում! Թիվ 104 հայկական դպրոցի տնօրեն տիկին Իրինա Ժամկոչյանը, Վրաստանում ՀՀ դեսպանորդ պարոն Վահագն Աֆյանը արժևորեցին սաների պատրաստվածության մակարդակը և նախակրթարանի ուսուցիչների՝ տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, երգի, պարի դաստիարակչուհիներ Լալա Գևորգյանի, Նարինե Ղուշչյանի, հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանի ներդրումը՝ լավ սովորելու, իսկական հայ մեծանալու ամուր հիմք և մեծ կարողություն ստեղծելու գործում:

Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի բարերար, ռուսաստանաբնակ Բորիս Սաակովը, անթաքույց գոհունակությամբ ընդգծեց իր բարերարությամբ կառուցված «Հայարտուն» կենտրոնի ազգանվեր գործունեությունը, որտեղ մարդիկ ստանում են այն, ինչը իրենց հոգուն մոտ է ու հարազատ:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնության խոսքում բարձր գնահատեց նախակրթարանի գործունեությունը, բարձրաճաշակ և շքեղ հանդեսները, որոնք վկայում են հայկական ոգով, հայ մշակույթի շնչով մանուկ սերնդի դաստիարակությանը նախակրթարանի ուսուցիչների նվիրվածության մասին:

«Հայարտուն» կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ Նելսոն Պետրոսյանի տիկին Աննա Պետրոսյանը Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանն ավարտելու վկայագրեր բաժանեց շրջանավարտներին, որից հետո երեխաները հյուրասիրվեցին տորթով:

Հավլաբարի «Սուրբ Էջմիածին» եկեղեցում Վիրահայոց Թեմի առաջնոորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպիոս Միրզախանյանի հանդիսապետությամբ և լուսարարապետ Տեր Մանուկ Զեյնալյանի մասնակցությամբ կատարվեց նախակրթարանի սաների և նրանցից երկուսի ծնողների մկրտության արարողություն:

 

Իտալիայի ծովափնյա քաղաքներից մեկը արգելել է բիկինիներ հագնել

Italian beachՀարավային Իտալիայի ծովափնյա քաղաքներից մեկը զարմացրել է տեղաբնակներին և օտարերկրյա հանգստացնողներին արգելք դնելով բիկինիի վրա:

 

Վիետրի Սուլ Մարե քաղաքը արգելել է մարդկանց ծովափում չափազանց բաց լողազգեստներ կրել:

Շատ բաց լողազգեստով կամ առանց շապիկի քաղաքում շրջող հանգստացողները այժմ կտուգանվեն:

Բիկինիների և առանց շապիկի քաղաքում շրջելու արգելքը այստեղ մտցվել էր 2010թ-ին, սակայն քաղաքապետ Ֆրանկո Բենինկասան այժմ որոշել է առավել խստացնել այդ սահմանափակումները քաղաքի համբավը առավել լավ պաշտպանելու համար:

Օրենքը խախտողները կտուգանվեն մինչև 500 եվրո:

Տեղի ոստիկանության կոմիսարի տեղեկություններով՝ մարդիկ կիսամերկ մտնում են տարբեր հանրային վայրեր, ինչը ամոթալի է և պետք է կանգնեցնել:

Հակասություններ եւ ներքին-արտաքին առնչություններ

Շահան ԳանտահարյանԲաքվի ղեկավարի նորագույն հոխորտանքներին անդրադառնալու անհրաժեշտություն չէր զգացվի, եթե մի կարեւոր  հանգամանք վերլուծման փորձ կատարողի համար ինքն իրեն տիրական ձեւով զգալի չդարձներ: Ադրբեջանի նախագահի հոխորտանքները անշուշտ ուղղորդված էին Մոսկվայի կողմից նկատառելի ծավալով կատարված զինավաճառքին եւ սպառազինության նոր խոստումին:

Եւ բնական է, անշուշտ, որ երեւույթը հայկական դաշտի համար առնվազն մտահոգիչ նկատվեր կրկնակի իմաստով: Նախ՝ հակառակորդի ռազմականացման նոր աստիճանաչափի նվաճումը, երկրորդ՝ զինուժի մատակարարի հանգամանքը: Ի վերջո, Հայաստանի Հանրապետության գլխավոր եւ առանձաշնորհյալ ռազմավարական գործընկերն էր, որ առեւտրական հսկայական գործարքներով  առնչվում էր Հայաստանի Հանրապետության գոյությունը չընդունող Ադրբեջանի հետ:

Ռուսական դիրքորոշումների այս ելեւէջները եւս զգայացունց իբրեւ նորություն պետք չէ ընկալել, մեկնած քաղաքական գործնապաշտության կիրառվող տեսությունից եւ մանավանդ նախընթաց օրինակներից: Պարզապես, այս անգամվա հրապարակված ծավալներն են, որոնք կցուցադրվեն, ռազմական շքերթներ կկազմակերպվեն եւ Ալիեւը իր հոխորտանքներին եւ ռազմատենչ հռետորաբանությանը նոր թափ կտա, ընդհուպ մինչեւ իր բանակին հրահանգելով Հայաստանի Հանրապետության դեմ պատերազմի նախապատրաստվելու:

Զուգահեռ, Երեւանը օդուժի վարժողական ծրագրեր է ցուցադրում, որի ուղերձը պատերազմին պատրաստ եւ համարժեք պատասխանելու կարողականության փաստն է, եւ որի հետ պետք է հաշվի նստի Ադրբեջանը արկածախնդրական որեւէ քայլի դիմելուց առաջ:

Ալիեւյան հոխորտանքները կարող են դիտարկվել ներադրբեջանական սպառման տրամաբանության սահմաններում, հատկապես նախընտրական արշավի շարժառիթներով: Խնդիրը, սակայն այլ մեկնաբանութան պետք է ենթարկել։

Եռանախագահները ոչ շատ առաջ ցավ ու ափսոսանք հայտնելուց հետո, որ արցախյան հարցի լուծումը անվերջ ձգձգվում է, վերընդգծել էին համաձայնեցված երեք սկզբունքները. տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորշման իրավունքի եւ ուժի կիրառման բացառման  (ընդգծումը մերն է):

Պարզ է, որ այս երեք սկզբունքները ամբողջական հասկացողություն են ենթադրում եւ որեւէ մեկը անջատ տրամաբանության մեջ չի ընկալվում եւ չի գերադասվում, հակառակ նրան, որ առաջնահերթության կարգը որոշ ուղերձ է փոխանցում: Ուրեմն, Ալիեւի կողմից նախապատերազմական իրավիճակի խաբկանք ստեղծելը ուղղակի հակադրվում է երրորդ սկզբունքին: Եւ եթե ռուսական զինուժը օգտագործվում է այս հոխորտանքներին թափ տալուն կամ թեական պատերազմի նախապատրաստությանը, ռուսական կողմը ինքնահակասական ընթացքի մեջ է պարզապես:

Խորապես մտահոգիչ է Ռուսաստան-Ադրբեջան զենքերի վաճառքի տարողությունը: Այս մտահոգության բարձրաձայնմանը զուգահեռ, սակայն հայկական քաղաքական եւ լրագրական դաշտը կարող է  ընդգծել վերը նշված եւ այլ կարեւոր հակասություններ:  Բաքուն ունի ստանալիք մի այլ ուղերձ . եթե հստակ է, որ երեք սկզբունքները մեկ ամբողջական հասկացողության զամբյուղում պետք է ընկալել, ուրեմն ուժի կիրառման բացառումը մերժելով Բաքուն մերժած կլինի նաեւ իր կողմից շատ փայփայված տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը:

Մի պահ կանգ առնենք պատերազմի վերսկսման հավանականության վրա, նկատելով Ալիեւի հիշեցումը, թե ավարտած է պարզապես պատերազմի առաջին փուլը եւ ոչ թե պատերազմը: Պատերազմի յուրաքանչյուր փուլ, թե ընդհանրապես ամբողջ ընթացքը որոշվում է ոչ թե զինվորների թվով եւ ռազմական արհետագիտության հագեցվածությամբ, այլ մարտունակությամբ: Մարտունակության գերակայությունը հայկական կողմինն է:

Մարտունակությունը սերտորեն կապված է հասարակության բարոյահոգեբանական վիճակի հետ: Այդ վիճակը, իր հերթին, երկրում տիրող արդար հասարակարգի հետ: Իր երկրում մնալու եւ իր երկրի սահմանները պաշտպանելու կոչված մարդը կբազմապատկի իր տրամադրվածությունն ու նվիրվածությունը, եթե համոզվի, որ կայացման ընթացքի մեջ է իր երկիրը: Այս դիտակետից էլ մեկնած Հայաստանի ներպետական վերջին զարգացումները, Վերահսկիչ պալատի բացահայտումները, նախագահի դիտողությունները, հաշվետվության անհրաժեշտության ընդգծումները կարող են արդյունավորվել, եթե իրողապես նկատվի ինքակառուցողականության եւ ինքնասրբագրման ուղղվածություն: Իսկ այս առաջնային խնդիրը, եթե ընդունենք, որ բարոյահոգեբանական վիճակի եւ մարտունակության բարձրացման հետ սերտ աղերս ունի, ապա այն կստանա ազգային անվտանգության տեսակետից ռազմավարական նշանակություն:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

Լոնդոնի անգլիական հեռուստաընկերությունը ռամազան ամսին ուղիղ եթերով ազան է հեռարձակելու, Անգլիայի մահմեդականները ցնծում են

ramazanԱնգլիական «Channel 4» հեռուստաընկերությունը մեկ շաբաթից սկսվող  մահմեդական  մեծ պահքի՝ ռամազանի ամսվա ընթացքում ամեն առավոտ ուղիղ եթերով հեռարձակելու է իսլամական աղոթքի կանչը՝ ազանը: Բացի այդ՝ անգլիական ալիքը հավատացյալ  մահմեդականներին հիշեցման կարգով հայտնելու է նամազի ժամերը, ինչպես նաև մոտ օրերս ցուցադրվելու է ռամազանի մասին պատմող մի քանի րոպեանոց ֆիլմ:

Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ հեռուստաընկերության տնօրեն Ռալֆ Լին նշել է, թե իրենք հաշվի են առել, որ նման որոշման համար կարող են քննադատության արժանանալ: Տնօրենը ընդգծել է, որ Անգլիայում օրեցօր աճում է  մահմեդականների թիվը: «Մեր հեռուստադիտողների մեծամասնությունը երիտասարդներ են, իսկ Անգլիայի մահմեդականների կեսը մոտ 25 տարեկան է»,-նշել է տնօրեն Լին:
Հեռուստաընկերության որոշումը արժանացել է Անգլիայի մահմեդական համայնքի բարձր գնահատականին: Վերջիններս նշել են, որ այս կերպ ալիքը օգնում է երկրում իսլամականության ճիշտ ներկայացմանը: Անգլիայում 2011 թվականի տվյալներով մոտ 3 միլիոն մահմեդական է բնակվում: Սա կազմում է երկրի բնակչության 5 տոկոսը:

 

Թուրքիայում Էրդողանին Հիտլերին են նմանեցրել

hitler
Թուրքիայում Թեքիրդաղի շրջանում «Գեզի» այգու պաշտպանության համար ցույցերի ժամանակ համալսարանական երկու ուսանող քաղաքի կենտրոնում գտնվող իշխող Արդարություն և զարգացում կուսակցության գրասենյակի դիմացի շենքի վրա մեծ պաստառ էին փաքցրել: Պաստառի վրա պատկերված է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նմանեցված Ադոլֆ Հիտլերի: Պաստառի վրա հեղինակները թողել են հետևյալ գրությունը՝ «կործանվելու ես ֆաշիստ»:
«Ռադիկալը» գրում է, որ փողոցում տեղադրված հսկիչ տեսախցիկը տեսագրել է պաստառը կախող երիտասարդներին: Ոստիկանությունը պաստառը հեղինակած երեք քաղաքացու հարցաքննելուց հետո ազատ է արձակել: Նրանց նկատմամբ դատական գործ է հարուցվել՝ «հասարակական պաշտոնյային վիրավորելու» մեղադրանքով:

:

Թուրքիայում գործարկվել է թուրքական արտադրության առաջին «Toyota Corolla» մեքենան

toyota   Թուրքիայի Սաքարիայի շրջանում տեղակայված «Toyota» մեքենաշինական ընկերության գործարանում տեղի է ունեցել թուրքական արտադրության առաջին «Toyota Corolla» ավտոմեքենայի ցուցադրության արարողությունը, որին ներկա է գտնվել Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը:

Նշենք, որ Թուրքիայում «Toyota» ընկերությունը 1,4 մլն թուրքական լիրայի ներդրում է իրականացրել, իսկ մեքենաշինությունը ընդհանուր առմամբ կազմում է երկրի արտահանման մոտ 13,3 տոկոսը: Նախարար Չաղլայանը հայտարարել է, որ Թուրքիայում օրեցօր զարգանում է արտադրական այս ոլորտը և դառնում մրցունակ, չնայած նրան, որ Եվրոպայում, ԱՄՆ-ում և Չինաստանում արտահանման ցուցանիշը նվազել է:

Բաքվում սկսվել է Ի. Ալիևի դեմ մահափորձ ծրագրած խմբի դատավարությունը

3Ադրբեջանում սկսվել է 29 մարդուց բաղկացած խմբի դատավարությունը, որը “Եվրատեսիլ-2012”-ի նախօրեին նախագահ Իլհամ Ալիևի դեմ մահափորձ էր ծրագրում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, հուլիսի 2-ին Աֆղան Հաջիևի նախագահությամբ Բաքվի`ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է նախնական դատավարությունը, որի ընթացքում հաստատվել է ամբաստանյալների ինքնությունը, և գործը փոխանցվել է դատական վարույթ:

Դատաքննությունը նշանակվել է հուլիսի 9-ին է:

 

Ուղղափառ հրեաները պայքարում են սիոնիստ ազգակիցների դեմ

hrea Եվրոպայի տարբեր երկրներից մոտ հազար ուղղափառ հրեա հավաքվել է Բրյուսելում տեղակայված Եվրամիության գրասենյակի դիմաց՝ բողոքելով Իսրայելի կողմից իրականացվող սիոնիստական քաղաքականության դեմ: Ակցիայի կազմակերպիչները իսրայելական կառավարությանը մեղադրել են իրենց հայրենիքում, այսինքն Իսրայելում փոքրամասնություն ներկայացնող ուղղափառ հրեաներին սիոնիստ դարձնելու փորձ կատարելու մեջ:

«Անադոլու» գործակալությունը գրում է, որ ցույցի մասնակիցների մամլո հաղորդագրության մեջ ասվում է, թե իսրայելական առաջնորդները բանակի դիտում են որպես լավ միջոց սիոնիզմի մասայական տարածման համար, այդ պատճառով էլ ուղղափառ հրեաներին ստիպում են անցել ծառայություն՝ հաշվի չառնելով այն փաստը, որ դա ազդում է բանակի մարտունակության վրա: Միևնույն ժամանակ նշվում է, որ ուղղափառ հրեաներին բանակում ծառայել ստիպելու փաստը հակասում է հուդդայականության կանոններին: Սրա հետևանքով երիտասարդ հրեաները նախընտրում են բանտում հայտնվել, քան թե ծառայել իսրայելական բանակում՝ հայտվելով սիոնիզմի քարոզչության հոսանքի մեջ:

Այսպիոսվ ակցիայի մասնակիցները Եվրամիությանը կոչ են արել ստիպելու Իսրայելին հրաժարվել իր որդեգրած քաղաքականությունից, ինչպես նաև քաղաքական ապաստան տալ այն հրեաներին, որոնք խուսափում են բանակում ծառայելուց: «Իսրայելական պետությունը ներկայացնում է ոչ թե հրեաների, այլ սիոնիստների շահերը, այդ պատճառով էլ հրեաները չպետք է պատասխանատվություն կրեն իսրայելական կառավարության գործողությունների համար»,-հայտարարել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ նշելով, որ Իսրայելի համար իսկական հուդդայականությունը սիոնիզմն է, ինչի հետ իրենք համաձայն չեն:

Եգիպտոսում կարող է ռազմական հեղաշրջում տեղի ունենալ

egiptosԵգիպտական բանակը երկրի կառավարությանն ու ընդդիմության 48 ժամ ժամանակ է տվել ստեղծված դրությունը կարգավորելու համար: Եթե սահմանված ժամանակում կողմերը համաձայնության չգան, ապա բանակը կանցնի գործի՝ իր ձեռքը վերցնելով իշխանությունը և ներկայացնելով խնդրի լուծման սեփական տարբերակը: Այս մասին հաղորդել է Եգիպտոսի պաշտպանության նախարար գեներալ Աբդելֆատահ աս Սիսը: «Զիված ուժերը կրկնում են իրենց կոչը, ժողովրդի պահանջը պետք է լսվի, դուք ունեք 48 ժամ, որպեսզի հաղթահարեք դժվարությունները, որոնք առաջացել են այս պատմական ժամանակաշրջանում»,-ընդգծել է գեներալը:

Միևնույն ժամանակ եգիպտական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Մուհամադ Ալին հայտարարել է, որ իրենք նպատակ չունեն զավթելու իշխանությունը, այլ միայն փորձում են գործել ժողովրդի շահերից ելնելով: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս կապակցությամբ հայտնել է իր անհանգստությունը, քանի որ բողոքի ցույցերը կարող են բռնության պատճառ դառնալ: «Նախագահ Մուրսին ընտրվել է ժողովրդավար ճանապարհով, սակայն այսօր նրա կառավարությունը պետք է հարգի ընդդիմությանն ու փոքրամասնության կարծիքը»,-նշել է Օբաման:

Ռուստամ Իբրահիմբեկով ընտրվել է Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունների միասնական թեկնածու

2Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները միավորող Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը (Ազգային խորհուրդ) այսօր՝ հուլիսի 2-ին,  84 կողմ և մեկ ձեռնպահ ձայնով Ադրբեջանի նախագահի թեկնածու է առաջադրել խորհրդի ղեկավար հայտնի ռեժիսոր, դրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Ինչպես ավելի վաղ կանխատեսվել է, նրա թեկնածությանը հավանություն են տվել “Ադրբեջանի  ազգային ճակատ”, “Բաց հասարակություն”, “Դասական ազգային ճակատ” և այլ կուսակացությունների ներկայացուցիչները:

Խորհրդի նիստի ընթացքում ընթերցվել է նաև Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար, ներկայում ազատազրկման մեջ գտնվող Ալի Իսանովի հայտարարությունը՝ ի պաշտպանություն Իբրահիմբեկովի թեկնածության:

Ընդդիմադիր հայտնի “Մուսավաթ” կուսակցության՝ Իբրահիմբեկովի թեկնածությունը պաշտպանելու շուրջ կասկածները ցրել է կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը: Նա հանդես է եկել Իբրահիմբեկովի թեկնածության պաշտպանությամբ: Մյուս կողմից՝ նախքան Իբրահիմբեկովի՝ որպես թեկնածուի պաշտոնական գրանցումը, ուժի մեջ է մնում “Մուսավաթի” նախկին որոշումը՝ նախագահի պաշտոնում Ղամբարի թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու սույն թվականի հոկտեմբերին:

 

Պետդուման առաջին ընթերցմամբ տնտեսական համաներում է հայտարարել

o_787203ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է տնտեսական համաներման մասին  որոշման նախագիծը: Դրա օգտին քվեարկել են “Միացյալ Ռուսաստան” և “Արդար Ռուսաստան” խմբակցությունների պատգամավորները: ԼԴՊԿ և ՌԴԿԿ քվեարկությանը չեն մասնակցել:

Փաստաթուղթը վերջնական ընթերցմամբ կընդունվի  հուլիսի 2-ին, մինչև օրվա վերջ`ուղղումների քննարկումից հետո:  Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսական համաներում կարող է շնորհվել դատված 10 հազար ձեռնարկատերերի:

 

Քաղցկեղից մահացել է Պիրս Բրոսնանի դուստրը

Բրոսնանը դստեր հետՀայտնի հոլիվուդյան դերասանի 41-ամյա դուստրը մահացել է  ձվարանների քաղցկեղից, հունիսի 28-ին: Հայտնի է, որ Ջեյմս Բոնդի դերակատարը 1980-ին  ամուսնացել էր Կասանդրա Հարիսի հետ, դրանից հետո պաշտոնապես որդեգրել նրա դստերը` Շառլոտային ու որդուն` Քրիստոֆերին:

“Իմ թանկագին դուստրը   քաջաբար պայքարեց քաղցկեղի դեմ 3 տարի: Սա մեզանից յուրաքանչյուրիս համար մեծ կորուստ էր: Մենք աղոթում ենք նրա համար ամեն օր: Ես չեմ կարողանում հավատալ, որ նա մեզանից հեռացել է”:

60-ամյա դերասանը նաև նշել է, որ դուստրը իր կյանքի վերջին ժամերին շրջապատված էր հարազատներով. կնոջ կողին են եղել  ամուսինը` Ալեքսը, երեխաները` Իզաբելան ու Լուկասը և իր եղբայրները` Քրիստոֆերն ու Շոնը:

Շառլոտայի մայրը` Կասանդրա Հարիսը,  1991-ին նույնպես մահացել է քաղցկեղից:

Չինացի ՏՏ մասնագետը պատահաբար կայարանի հսկայական գովազդային էկրանի վրա պոռնոֆիլմ է ցուցադրել

chinese IT specialist. filmՏՏ  մասնագետին բռնեցրել են աշախատավայրում պոռնոֆիլմ դիտելիս, երբ նա պատահաբար ֆիլմը ցուցադրել է կայարանում տեղադրված հսկայական գովազդային էկրանի վրա, որի անսարքությունը նա քիչ առաջ էր վերացրել:

Չինաստանի Ցզիլին կայարանում հարյուրավոր մարդիկ ուշադիր դիտում էին գովազդային էկրանի վրա մոտ 10 րոպե ցուցադրվող ֆիլմը:

Ըստ երևույթին,  մասնագետն  իր նոթբուքը միացրել է գովազդային էկրանին անսարքությունը վերացնելու համար, սակայն, աշխատանքն ավարտելով, մոռացել է համակարգիչը անջատել էկրանից:

Անսարքությունը վերացնելուց հետո նա միացրել էր պոռնոֆիմը` չիմանալով, որ այն դիտում են նաև հարյուրավոր այլ մարդիկ:

The Sun-ը հայտնում է, որ ոստիկանությունը հարցաքննել է մասնագետին և դեռևս նրա նկատմամբ որևէ պատիժ չի սահմանել:

YouTube-ում տեղադրվել է մի հոլովակ, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է մարդկանց մեծ բազմությունը շփոթված նայում էկրանին:

Մոսկվայում ադրբեջանցիներն ու թուրքերը ծեծել են իրար

1Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ադրբեջանցիների և թուրքերի միջև բախում է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին “ՌԻԱ Նովոստի”-ին հայտնել է ներքին գործերի նախարարության մայրաքաղաքի կենտրոնական վարչությունը:

Դեպքը տեղի է ունեցել սրճարաններից մեկում: Կոնֆլիկտի մասնակիցները օգտագործել է տրավմատիկ զենք: Նրանցից չորսը հոսպիտալացվել են, մյուսները լքել են դեպքի վայրը:

Ըստ նախնական տվյալների` կոնֆլիկտին մասնակցել է 10 մարդ: Նրանք եղել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ:

Ջրհեղեղ Չինաստանում.զոհվել է 39 մարդ

o_672071Ջրհեղեղների ու սողանքների հետևանքով Չինաստանում զոհվել է 39 մարդ, 13-ը համարվում են անհետ կորած:

Ավելի վաղ ժողովրդական հանրապետությունում նախազգուշացում էր տարածվել որ հյուսիսում, հյուսիս-արևելքում և արևմուտքում, Սիչուան նահանգում, ու Հուանհե  և Հուայհե գետերի երկայնքով տեղակայված շրջաններում հորդառատ տեղումներ են լինելու: Հիմա փոթորիկը մոտենում է Գուանդուն ու Հայնան նահանգներին: Վերջին տարում Չնաստանում սա արդեն 6-րդ փոթորիկն էր: