Արիզոնայում անտառային հրդեհներ են. տարհանվում են 460 տների բնակիչներ

i (7)Արիզոնա նահանգի Պրեսկոտ քաղաքում անտառային ուժեղ հրդեհներ են մոլեգնում, որոնք ավելի քան 4500 հա տարածք են գրավել:

Իրավիճակը վատթարանում է ուժեղ քամու պատճառով, քանի որ հրդեհը տարածվում է 30 կմ/ժամ արագությամբ: Օդերևութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկայում քամին էլ ավելի կուժեղանա:

500 հրշեջ է պայքարում կրակի դեմ, ուղղաթիռներ են ներգրավված շիջման աշխատանքներում:  Համապատասխան մարմինների տեղեկացմամբ, հրդեհը կրակի հետ անզգուշության հետևանք կարող է լինել:

 

 

 

Նյու Յորքում բջջայինը կարելի է լիցքավորել անմիջապես փողոցում

i (6)Նյու Յորքի այգիներում, պուրակներում ու հասարակական վայրերում շուտով կհայտնվեն արեգակնային մարտկոցներ, որոնց օգնությամբ կարելի է լիցքավորել բջջային հեռախոսները:

Այդ  կայանները  միաժամանակ 6 հեռախոս կարող են լիցքավորել:

Նման կայաններ ստեղծելու գաղափարը տեղի դիզայներական PENSA  բյուրոյին  ու երկրում  բջջային խոշորագույն օպերատորական AT&T ընկերությանն  է պատկանում: Նախագծի հեղինակները գտնում են, որ նման միջոցով զբոսաշրջիկները կարող են  զբոսանքի ժամանակ լիցքավորել հեռախոսները:

Սարքը լավ է աշխատում արևոտ եղանակին, սակայն խիստ անհրաժեշտության դեպքում հեռախոսը կարելի է լիցքավորել նաև գիշերը:

Goal Zero անվանված կայաններ կհայտնվեն Նյու Յորքի առնվազն 9 այգում:

 

 

Հունգարիայի խորհրդարանը տարհանվել է ռումբի պատճառով

i (3)Հունգարիայի խորհրդարանի շենքի մի մասը տարհանվեց,  երբ ոչ հեռու հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվեց Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից մնացած ռումբ:

Նախնական տվյալների համաձայն, խոսքը խորհրդային արտադրության 100 կգ քաշով ռումբի մասին է:

Հունգարիայի զինված ուժերի ներկայացուցիչը նշել է, որ ռումբի մասին տեղեկությունից հետո տարհանվել է խորհրդարանի հյուսիային թևը ու նրան հարող տարածքը` ներառյալ ազգագրական թանգարանը:

Ներկայում սարքավորումը վնասազերծելու աշխատանքներ են տարվում

 

 

18 վիրահատություն անցնելուց հետո ծծմբաթթվով հարձակման զոհ դարձած Մեծ թատրոնի բալետի ղեկավարը գրեթե ամբողջովին կույր է մնացել

Sergei Filin1Մեծ թատրոնի  բալետի գեղարվեստական ղեկավարը 18 վիրահատություն անցնելուց հետո այժմ գրեթե ամբողջովին կույր է, քանի որ դրանք արդյունք չեն տվել:

42-ամյա Սերգեյ Ֆիլինը աչքերի և դեմքի շրջանում լուրջ այրվածքներ էր ստացել, երբ իր տան մոտակայքում հունվարի 17-ին դիմակավոր մարդիկ նրա վրա ծծմբային թթու էին լցրել:

Նա մարտին Մոսկվայից տեղափոխվել էր Գերմանիա և չնայած լավատեսական պնդումներին` նա կորցրել է իր տեսողության 95 տոկոսը, իսկ աջ աչքը ամբողջովին կուրացել է:

Մեծ թատրոնի խոսնակը երեկ The Times-ին հայտնել է, որ թթուն շարունակական վնաս է հասցնում`ավելացնելով, որ Ֆիլինի դեմքի այրվածքները արդեն գրեթե ամբողջովին բուժվել են: Նա նաև նշում է, որ Ֆիլինը անընդհատ կապի մեջ է Գալինա Ստեպանենկոյի հետ, որը այժմ այդ պաշտոնում փոխարինում է նրան:

Sergei Filin2Ռուսաստանի հայտնի մշակութային խորհրդանիշ Մեծ թատրոնը  երկու անգամ նկատողություն է արել բալետի մենակատար Ցիսկարիձեին չթույլատրված հարցազրույցներ տալու համար: Մենակատարը Ֆիլին Ախենի համալսարանի կլինիկայում այցելելուց հետո հայտնել էր, որ գեղարվեստական ղեկավարը հավատում է, որ իր տեսողությունը կվերականգնվի և նա հետ կվերադառնա Մոսկվայի հայտնի թատրոն:

Սակայն, ինչպես երևում է, այդ հարցում դրական փոփոխություններ չեն լինում, իսկ նրա տեսողության վերաբերյալ կանխատեսումները այնքան էլ հուսադրող չեն:

 

Թուրքիայի հանրահայտ «կանգնած մարդը» նախկինում գլխաշորով ցույց է արել

mard   Ողջ Թուրքիայում հայտնի դարձած Էրդեմ Գյունդյուզը՝ նույն ինքը «կանգնած մարդը», որը կիրակի օրը Թաքսիմի հրապարակում ժամեր շարունակ անշարժ կանգնելով սկսեց մի շարժում, նախկինում ևս նմանատիպ ակցիաներ է իրականացրել՝ արտահայտելով իր բողոքը: Գյունդյուզի ընկերը՝ Ալպեր Ալփագյոզը «Facebook»-ում մի լուսանկար է տեղադրել, որում ինքն ու ընկերը գլխաշոր են կրում:

Ահա Ալպերը «Ռադիկալին» պատմել է 2004 թվականին տեղի ունեցած դեպքի մասին. «Ես և Էրդեմը միշտ եղել ենք մեր ճնշված ընկերների կողքին: Մենք ոչ մի քաղաքական կուսակցության անդամ չենք: Մեզ վշտացնում էր այն, որ գլխաշորով աղջիկները չէին կարող դասի գալ, այն դեպքում, երբ իսլամամետ տղաները նման խնդիր չունեին: Այսպես մենք որոշեցին գլխաշորով դասի գալ, ցույց տալու համար, որ մեր և աղջիկների միջև տարբերություն չկա: Եթե նրանց դասի չեն թողնում ապա մեզ ել պետք է չթողնեն: Դասախոսները մեզ խնդրեցին, որ նման բան չանենք, քանի որ հնարավոր է խնդիրներ առաջանային, սակայն ձայն չհանեցին, քանի որ լուսավորյալ մարդիկ են»,-պատմել է Ալպերը՝ նշելով, որ իրենց արած բողոքի ցույցի համար ոչ մի ճնշման չեն ենթարկվել:

Ադրբեջանում զորահանդեսի ժամանակ առաջին անգամ կցուցադրվի “Բուկ” զենիթահրթիռային համալիրը

2Հունիսի 26-ին Ադրբեջանում Զինված ուժերի օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում առաջին անգամ կցուցադրվի “Բուկ” զենիթահրթիռային համալիրը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Ըստ գործակալության՝ ինչպես այդ համալիրը, այնպես էլ ռազմական այլ տեխնիկան, որը պետք է ցուցադրվի զորահանդեսին, արդեն բերվել է “Ազադլըխ” հրապարակ:

Նախատեսվում է բացի “Բուկ” համալիրից առաջին անգամ ցուցադրել նաև զենիթահրթիռային “Տոր” համալիրը:

 

FEMEN ակտիվիստուհիները “սեքս մահափորձ” կազմակերպեցին Օբամայի դեմ, տեսանյութ

o_789657Ամերիկյան իշխանությունները չէին հասցրել ձերբակալել Բարաք Օբամային սպանել ցանկացող հանցագործներին, երբ ԱՄՆ նախագահի դեմ հաջորդ «մահափորձը» կատարվեց: Ազգի լիդերի Գերմանիա այցի ժամանակ  նրա շարասյան վրա հարձակվեցին կիսամերկ     ֆեմինիստները` պահանջելով Թունիսի  բանտից ազատել իրենց համախոհուհուն, հաղորդում է  Stern-ը:

Այնպիսի տպավորություն է, որ վերջերս    FEMEN ակտիվիստները որդեգրել են  “ոչ մի օր առանց ակցիայի” սկզբունքը: Միայն հունիսին նրանք փորձեցին շրջափակել Բեռլինում Բարբիի տունը, ձախողել հայտնի հեռուստաշոուն և ցույց անել Անգելա Մերկելի տան առջև:

Այժմ հերթը Բարաք Օբամայինն է: Շարժման ակտիվիստները կանգնել էին նրա շարասյան դիմաց և գոռում էին. “Free our sister!” (“Ազատեք մեր քրոջը”)` նկատի ունենալով Ամինա Սբոուին, որը ձերբակալվել է Թունիսում տոպլեքս ակցիայի ժամանակ: Բացի այդ, արտասահմանում ձերբակալված են գերմանուհի Ժոզեֆին Մարկմանը և ֆրանսուհիներ Մարգարետ Շտերն ու Պոլին Հիլերը, որոնք եկել էին պաշտպանելու իրենց ընկերուհուն:Աղջիկների մարմինների վրա գրված էր “Օբամա փրկիր  մեզ”:

Բաշար Ասադը ապագա չունի. Բարաք Օբամա

obamaԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ապագա չունի` «նա խորտակել է իր երկիրը արյան մեջ և այլևս չի կարող լեգիտիմություն ձեռք բերել»: Օբաման ընդգծել է, որ Սիրիան ժողովրդավարության և խաղաղության կարիք ունի, և ասել է,  որ Վաշինգտոնը կօգնի սիրիական ընդդիմությանը, սակայն չի նշել, թե հատկապես ինչ տիպի օգնության մասին է խոսքը:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը,  Օբաման խոսել է նաև   «Թալիբան» շարժման հետ բանակցությունների մասին: «Մենք գիտենք, որ Աֆղանստանում տիրող լարված իրավիճակը դեռ երկար կշարունակվի, սակայն պետք է ձգտենք երկխոսություն հաստատել»,-հայտարարել է Օբաման:

Կանցլեր Անգելա Մերկելը իր հերթին նշել է, որ Գերմանիան զենք չի տրամադրելու Սիրիային, ելնելով այն մտավախությունից, որ այն կարող է ոչ ճիշտ ձեռքերում հայտնվել: «Զենքի փոխարեն մենք հումանիտար օգնություն կուղարկենք Սիրիա»,-հայտարարել է Մերկելը:

Բելգիայում ալկոհոլի վաճառքի սահմանափակման օրենք կընդունվի

orenq   Բելգիայի իշխանությունները քննարկում են երիտասարդներին ալկոհոլի վաճառքի արգելման վերաբերյալ օրինագիծը: Մի դեպքում հնարավոր է արգելվի սպիրտային խմիչքի վաճառքը մինչև 18 տարեկան անձանց, իսկ մյուս տարբերակում այդ արգելքը կտարածվի մինչև 16 տարեկան երիտասարդների վրա:

Վերջերս նման արգելք ընդունվել էր նաև Նիդեռլանդներում, որտեղ այլևս չի թույլատրվում ալկոհոլ վաճառել 18 տարեկանից փոքր անձանց: Նման օրենք գործում է Եվրամիության անդամ 27 երկրներից 19-ում, սակայն Հունաստանում ալկոհոլ կարող են գնել 17 տարեկան երիտասարդները, իսկ ԵՄ 7 երկրներում, ներառյալ Բելգիան, արգելքի շեմը 16 տարեկանն է:

Նշենք, որ Նորվեգիայում և Իսլանդիայում ալկոհոլի վաճառքի հարցը ավելի խիստ է, այնտեղ թունդ սպիրտային խմիչք կարող են ձեռք բերել միայն 20 տարին լրացած երիտասարդները:

PKK-ի զիննյալների երկու երրորդը լքել է Թուրքիան

1 (2)Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները շարունակում են լքել Թուրքիան: Զինյալների երկու երրորդը հատել է Թուրքիայի տարածքն ու անցել Հյուսիսային Իրաք, տեղեկացնում է թուրքական “Սաբահ”-ը։

2013թ. մարտի 21-ին`Նովրուզի տոնակատաության ժամանակ, Դիարբեքիրում (Տիգրանակերտ) քրդական “Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցության պատգամավորները քրդերենով և թուրքերենով ընթերցել են Իմրալը կզզում ցմահ դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղության ուղերձը, որտեղ վերջինս հանդես էր եկել զինադադար հաստատելու  հայտարարությամբ և կոչ արել քուրդ զինյալների զենքը վայր դնել ու լքել Թուրքիան:

Իրանը նոր նախագահ ունի, միջազգային հարաբերությունները` նոր հույսեր

RohaniՇաբաթ օրը Իրանում կայացած նախագահական 11-րդ ընտրությունների արդյունքում ընտրողների 50.7 տոկոսի վստահության քվեով  ընտրվեց բարեփոխական ուժերի ներկայացուցիչ, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի նախկին բանագնաց Հասան Ռոհանին:

 Իրանի նորընտիր նախագահին արդեն իսկ շնորհավորական ուղերձներ են հղել մի շարք երկրների ղեկավարներ: Գերտերություններից Իրանի նախագահին շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ԱՄՆ-ն շնորհավորել է Իրանում անցած ընտրությունները: Հատկանշական է, որ ԱՄՆ-ն, իհարկե ոչ նախագահի, ոչ էլ պետքարտուղարի, այլ Սպիտակ տան ներկայացուցչի մակարդակով հույս է հայտնել, որ բարեփոխական թեկնածուի հետ հետագա երկխոսությունը կստացվի և առաջարկել Իրանի հետ ուղղակի բանակցություններ վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության մեջ ընդունված կանոնների համաձայն` սա նոր փուլ կարող է նախանշել մերձավորարևելյան, մասնավորապես` Իրանի շուրջ ձևավորված խնդրի կարգավորման հարցում:

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ գրանցվեց այս ընտրությունների արդյունքում, այն է, որ հետընտրական զարգացումներ չկան, իսկ երկրի բնակչությունը, հատկապես` ընդդիմադիր հատվածը, ցնծության մեջ է, քանի որ Ռոհանիին վստահության քվե տվել են նաև Իրանի այն քաղաքացիները, որոնք համարվում են ընդդիմադիր: Ինչպես հեռուստատեսությամբ նշեց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը, չի կարելի ասել, թե բարեփոխական նախագահն ընդդիմադիր է, նա ավելի շատ չափավոր պահպանողական է: Իսկ փորձագետն աննախադեպ է համարում այն, որ բոլորը սպասում էին, թե հիմնական պայքարը կընթանա պահպանողականների ու նախագահի աջակցած թեկնածուների միջև, իսկ Ռոհանին երրորդն էր, բայց հաղթեց հենց նա, այն էլ բավական մեծ տարբերությամբ:

Այն, որ հաղթանակ տարավ բարեփոխական ուժի ներկայացուցիչը,  նշանակում է, որ հետընտրական ցույցեր ու զարգացումներ չեն լինի, սա էլ իր հերթին նշանակում է, որ Իրանի դիրքերը թե՛ տարածաշրջանում, թե՛ միջուկային խնդրով տարվող բանակցություններում կամրապնդվեն, քանի որ նորընտիր նախագահը վայելում է հասարակության աջակցությունը:

«Դրական փոփոխությունների ակնկալիքը պայմանավորված կլինի այն հանգամանքով, թե նախագահն ինչ քաղաքականություն կորդեգրի այն հիմնական խնդիրների ու հիմնախնդիրների առնչությամբ, որոնք համաշխարհային հանրության մտահոգությունների առարկան են: Դրանք են` իրանա-սիրիական հարաբերությունները, լիբանանյան «Ֆաթխ» կազմակերպության հետ հարաբերությունները և միջուկային հիմնախնդրի առնչությամբ Իրանի դիրքորոշումը: Ահա եթե այս երեք կետերի շուրջ Իրանի նորընտիր նախագահը կտրուկ կամ էական փոփոխություններ իրականացնի, հնարավոր կլինի Իրան-Արևմուտք հարաբերություններում դրական տեղաշարժ արձանագրել, ինչն էլ մեծ ազդեցություն կունենա Իրանի տնտեսության վրա: Քանի որ, իմ խորին համոզմամբ, Իրանի իշխանությունների առջև կանգնած ամենակարևոր հիմնախնդիրը երկրի ներքին տնտեսական իրավիճակն է, ոչ թե արտաքին սպառնալիքները»,- այս առումով նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Սակայն տարբեր փորձագետների համոզմամբ` նորընտիր նախագահը վերոհիշյալ հարցերի առնչությամբ նույն քաղաքական կուրսը կտանի, ինչ նախորդ ղեկավարությունը, ուղղակի  շեշտադրումները փոքր-ինչ կմեղմանան:  Հազիվ թե իրանցիները լիովին հրաժարվեն իրենց դիրքրոշումից, քանի որ, ինչպես տեսնում ենք, պահպանողական ուժերի կողմից արդեն շնորհավորանք կա նորընտիր նախագահին,  հետևաբար այնպես չէ, որ Իրանում լիովին ընդդիմադիր ուժ է գալիս իշխանության: Ուղղակի` ավելի մեղմ քաղաքականություն վարող քաղաքկան ուժ, որն ավելի նուրբ, ոչ այնքան կտրուկ հայտարարություններով կմոտենա խնդիրներին: Հնարավոր է նաև, որ միջուկային խնդրում որոշ առաջընթաց նկատվի, քանի որ Հասան Ռոհանին նախկինում ազգային անվտագության բարձրագույն խորհրդի քարտուղարն էր, և նա այդ պաշտոնում մեծ հաջողությամբ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ է վարել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ: Այսինքն` ակնկալվում է, որ միջուկային ծրագրի շուրջ լուրջ առաջընթաց կլինի: Բայց դժվար է ենթադրել, թե Ռոհանին  կհրաժարվի նախկին իշխանությունների որդեգրած հիմնական քաղաքականությունից: Որովհետև նախընտրական շրջանում բոլոր 8 թեկնածուներն էլ հայտարարել են, որ իրենք շարունակելու են Իրանի` միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործելու իրավունքի իրականացումը:

«Ամեն ինչ կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսի զարգացումներ կլինեն տարածաշրջանում` Թուրքիայում, Լիբանանում, Սիրիայում: Այսինքն` Թեհրանը այնտեղ ծավավող իրադարձություններից բխող որոշումներ կկայացնի: Ժամանակը ցույց կտա, թե ինչ հաջողություններ կլինեն այդ երկրներում և ինչ զարգացումներ: Սակայն մենք տեսնում ենք, որ Իրանը վերջին տարիներին լուրջ հաջողություններ է արձանագրել թե՛ Իրաքում, թե՛ Լիբանանում, թե՛ Սիրիայում, ամեն դեպքում մինչ այժմ նրա ազդեցությունը կա, և դա էլ ավելի կամրապնդի նրա դիրքերը:

Իհարկե` այն, որ բարեփոխիչների թեկնածուն դարձավ Իրանի նախագահ, մի քիչ, շատ քիչ Իրանի շուրջ լարվածությունը կարող է թեթևացնել: Բայց սա ավելի շատ ուղղված է  ներքին լսարանը հանգստացնելուն: Քանի որ տնտեսական պատժամիջոցներից որոշակի անհանգստություններ, դժգոհություններ կային, ժողովուրդն էլ այդ հաղթանակը ընդունեց, շատ կարևոր փաստ է, որ նախկին նախագահներ Ռաֆսանջանին ու Խաթամին նույնպես աջակցեցին Ռոհանիին: Եվ այստեղ ոչ թե Ռոհանիի անձն է կարևոր, այլ բարեփոխական ուղղվածությունը»,-ասաց Արմեն Իսրայելյանը:

Մի՞թե Ռոհանին խաղաղության հրեշտակն է լինելու

Փաստորեն, Ռոհանին խորհրդանշում է նաև Իրանի հասարակական միասնականությունը, որը վերջին 4-5 տարիներին բացակայում էր Իրանում, և եթե այդպես շարունակվեր, արդեն լուրջ մարտահրավերներ կնետեր արդեն բուն իսլամական համակարգին: Ռոհանիի ընտրությունն Իրանի  ներքին կայունության ամրապնդմանը միտված քայլ էր, և որքան երկրի ներքին կայունությունը կուռ լինի, այնքան մեր հարևաններն արտաքին հարաբերությունները կարող են հօգուտ իրենց ծառայեցնել:

«Շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում տարածաշրջանում. Իրանին բոլորը մեղադրում էին հակաժողովրդավարության մեջ, սակայն այսօր նկատում ենք, որ Թեհրանի փողոցներում ցնծում են նախագահական ընտրությունների արդյունքներից, իսկ Ստամբուլի փողոցներում իշխանությունները ցուցարարներին` ընդդիմադիրներին ճնշում են, բռնություններ կիրառում: Սա քարոզչական առումով էլ Իրանի համար շատ լավ հարթակ էր իր դերը բարձրացնելու համար, և արդեն իրանական մամուլից երևում է, որ նրանք անպայման կօգտագործեն այս հանգամանքները: Բնականաբար, դա հանգեցնելու է տարածաշրջանում Իրանի դիրքերի ուժեղացման, սակայն էական փոփոխություններ չեն լինելու», -պարզաբանեց իրանագետը` հավելելով, սակայն, որ նախկին փորձը փաստում է, որ բարեփոխական նախագահները կարողանում են ընդհանուր լեզու գտնել Արևմուտքի հետ: Այսինքն` արտաքին քաղաքականության մեջ որոշ վերաձևակերպումներ կարող են ի հայտ գալ` նախկինում կարևորվում էր Իրանի կողմից իսլամական երկրների, Լատինական Ամերիկայի հետ հարաբերությունների խորացումը, սակայն ներկայումս հնարավորություն կա շեշտադրումների փոքրիկ փոփոխություններով փորձել հարաբերությունները լավացնել նաև Եվրոպայի հետ, ու Թուրքիայի ուսերից պոկել տարածաշրջանում ու իսլամական աշխարհում միակ ու անփոխարինելի առաջատարը լինելու ձգտումն ու շապիկը:

«Շատ հետաքրքրական են Իրանում համեմատաբար բարեփոխիչ նախագահի ընտրությունները, ինչը նշանակում է, որ Իրանն ավելի հստակ երկխոսության կգնա, բանակցությունների կգնա արտաքին աշխարհի հետ, իսկ դա` իր հերթին, նշանակում է, որ Թուրքիայի դերը հակաիրանական ճամբարի առումով, ավելի կիջնի»,- այս հարցի կապակցությամբ նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Իրանում  բարեփոխիչ ուժի ներկայացուցչի հաղթանակը նոր սպասումներ է բերում մեր տարածաշրջանային զարգացումներում: Մասնավորապես` ամբողջ աշխարհը տեսավ, որ Թուրքիան, որպես Մերձավոր Արևելքի համար ժողովրդավարության մոդել, արդեն կաղում է, և շատերն են խոսում Թուրքիայի «տհաս» ժողովրդավարության մասին: Ու ինչքան Թուրքիան զբաղված լինի ներքին խնդիրներով, ներքին գզվռտոցով, այնքան ավելի քիչ ժամանակ ու էներգիա կունենա արտաքին աշխարհի, միջազգային քաղաքական հարաբերություններում:

 

Օբաման Բեռլինում Ռուսաստանին և ԱՄՆ-ին առաջարկել է կրճատել միջուկային զենքի քանակը

Barak Obama in BerlinՋոն Քենեդիի` Բեռլինում Սառը պատերազմյան  պատմական ելույթից գրեթե 50 տարի անց նույն քաղաքում Բարաք Օբաման կոչ արեց ԱՄՆ-ին և Ռուսաստանին կրճատել միջուկային զենքի քանակները:

Օբաման, ելույթ ունենալով Բրանդենբերգյան դարպասի մոտ տեղակայված փամփշտակայուն ապակու հետևից, առիթը օգտագործել է Ամերիկային և Ռուսաստանին միջուկային մարտագլխիկները մեկ երրորդով պակասեցնելու առաջարկ անելու համար:

Նա նաև կոչ է արել Եվրոպային տնտեսական կոշտ քաղաքականության մեջ առավել խելացի լինել` նշելով, որ բյուջեի հավասարակշռումը չպետք է կառավարությանը շեղի իր հիմնական նպատակից` մարդկանց ապրելակերպը բարելավելու ուղուց: Նրա մեկնաբանությունները հիմնականում ուղղված են եղել Գերմանիային և կառավարության ծախսերը կրճատելու նպատակով Հունաստանի և Իսպանիայի վրա երկրի գործադրած ճնշմանը:

Օբաման վստահություն հայտնեց, որ Եվրոպան դուրս կգա տնտեսական ծանր վիճակից, եթե երիտասարդների գործազրկության մակարդակի առավել բարձրացման դեպքում երկրների ղեկավարները չափավորեն իրենց ծախսերը:

Ո՞ւմ ռազմավարական դաշնակիցն է Ռուսաստանը

13199631_news_bigpicՌուսաստանը վերսկսել է  Ադրբեջանին ռազմատեխնիկայի նոր խմբաքանակի մատակարարումը`  ներառյալ տանկեր, մարտական մեքենաներ, ծանր հրետանի, հրթիռահրետանային նորագույն զինատեսակներ և այլն: Այս մասին տեղեկատվությունը հայտնվեց հենց ռուսական լրատվամիջոցում` «Վեդոմոստի»-ում` ռուսական պաշտպանական արտադրության աղբյուրներին հղում անելով: Ընդ որում, մատակարարման գործը, ինչպես նշում է պարբերականը,  սկսվել է 2013-ի գարնանը: Այդ պայմանագիրը Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը գնահատում է 700 մլն–ից մինչև 1 մլրդ դոլար:

 Ադրբեջանը Ռուսաստանից գնել է հարձակողական պայքարի միջոցներ

Ճիշտ է` պաշտոնապես ո՛չ «Рособоронэкспорт»-ը և ո՛չ էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դրա մասին մեկնաբանություններ չեն արել, բայց հանդես չեն եկել նաև հերքմամբ:

Նշվում է, որ  պայմանագրով նախատեսվում է  Ռուսաստանից գնել  94 հատ Տ- 90-Ս  տանկ, մոտ 100  ՀՄՄ-3 հետևակի  մարտական  մեքենաներ, 18  «ՄՍՏԱ-Ս» ինքնագնաց հրետանային  համակարգեր, 18 «Սմերչ» համազարկային կրակի հրթիռային համակարգեր,   նույնքան  «Վենա» տիպի  հրետանային համակարգեր  և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» տեսակի ծանր կրականետների  վեց համակարգեր : Ընդ որում,  այս ամենի հետ գնվում են դրանց սպասարկող բոլոր անհրաժեշտ մեքենաները, իսկ  Տ-90Ս տանկերը` լրիվ կոմպլեկտավորմամբ:

Այս ամբողջը համարվում է հարձակողական բնույթի սպառազինություն: Եթե հաշվի առնենք, թե վերջին 20 տարում Ադրբեջանն անընդհատ որ երկրին է սպառնում պատերազմով, պարզ կդառնա, թե ում դեմ է ուղղվելու այս ամբողջ զենքն ու զինամթերքը:

Ճիշտ է` խոսակցություն արդեն կար, որ ռուսական կողմն Ադրբեջանին զինամթերք  է վաճառել, մասնավորապես` T90 տանկեր, բայց որ այդ քանակությամբ նման տեխնիկա են վաճառել, անսպասելի էր:

Ուշագրավ է, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ու մեր հակառակորդ Ադրբեջանը վաղուց են պայմանավորվածություն ունեցել և արդեն վաճառել են, ոչ թե նոր պիտի վաճառեն և գնեն  նշված սպառազինությունը: Ու բացի տանկերից, նաև` մյուս բոլոր զինատեսակները:

«Սմերչ» համակարգերի մասով կարող եմ ասել, որ ադրբեջանցիները վաղուց էին առնում, մենք գիտեինք, որ նրանք նման համակարգեր ունեն: «Սմերչ»-ները գաղտնի չեն պահվել: Այստեղ խնդիրն այն է, որ «ՄՍՏԱ-Ս» համակարգերը խոշոր տրամաչափի ինքնագնաց հրետանային  համակարգեր են, որոնք բավականին արդիական են, եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն «Ուրագան»-ների, որոնցից նույնպես գնել են, «ՄՍՏԱ»-ները սպառազինության մեջ են մտել 1989 թ. վերջերին, այսինքն` խորհրդային զինտեխնիկայի վերջին նմուշներից են և բավական արդյունավետ են, մանավանդ լեռնային պայմաններում»,- ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը` նշելով, որ այդ կարգի ու քանակի սպառազինություն Ադրբեջանի կողմից գնվելն ուղղակի սպառնում է մեր անվտանգությանը:

Ամբողջ խնդիրն այն է, որ ռուսական կողմն Ադրբեջանին վաճառելով  նման սպառազինություն, կարծես ուժերի հարաբերակցությունը թեքում է հօգուտ Ադրբեջանի: Նման սպառազինության վաճառքը Ռուսաստանի կողմից Ադրբեջանին անհասկանալի է. ինչպե՞ս կարելի է Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի հանդեպ նման կերպ վարվել:

«Այն հանգամանքը, որ Ռուսաստանը զինում է Ադրբեջանին, դրանով ադեն մոտենում է այն պահը, որ սպառազինություններն օգտագործելով` Ադրբեջանն ինչ-որ պահի արդեն կդիմի լայնածավալ մարտական գործողությունների, եթե մենք շատ ակտիվ հակամիջոցներ ու քայլեր չձեռնարկենք: Եթե համեմատվենք Ադրբեջանի հետ, մեր հնարավորությունները շատ ավելի սուղ են, ու մենք պետք է փորձենք դիվանագիտական ճանապարհներով ինչ-որ քայլեր անել: Բայց Հայաստանը միջազգային բոլոր ատյաններում անընդմեջ բարձրացնում է հարցը, որ Ադրբեջանն ակտիվ զինվում է, և սպառազինությունների մրցավազքի սահմանափակման հռչակագրի դրույթներն անընդհատ խախտում է, բայց միջազգային հանրությունը ոչ մի քայլ, առավել ևս` կոշտ քայլեր,  չի ձեռնարկում Ադրբեջանի դեմ: Այսինքն` հույսը դնել միջազգային հանրության վրա սխալ է: Մնում է երկրորդ տարբերակը. մենք պետք է մեր բանակը զինենք տեխնիկայով ու միջոցներով, որոնք Ադրբեջանին ուղղակի կստիպեն ձեռնպահ մնալ ագրեսիվ գործողություններից»,- ասաց Հրաչ յա Պետրոսյանցը:

Ռուս-ադրբեջանական սպառազինությունների հարցի առնչությամբ «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կոնցեպտուալ առումով որևէ փոփոխություն Ռուսաստանի ռազմատեխնիկական քաղաքականության մեջ, որը նա վարում է վերջին մոտ 2 տասնամյակներում, չի տեսնում:

«Ռուսաստանը, ինչպես մինչ այժմ, շարունակում է զենք և զինամթերք վաճառել Ադրբեջանին շուկայական գներով և Հայաստանին գրեթե ձրի կամ շատ մատչելի գներով տրամադրել համապատասխան զենք-զինամթերքը, որը հնարավորություն է տալիս բալանսավորել ղարաբաղյան կոնֆլիկտի գոտին և թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսումը: Խնդիրն այն է, որ նույն զենքն ու զինամթերքն Ադրբեջանը նույն հաջողությամբ կարող է գնել նաև այլ երկրներից: Եվ երբ Ադրբեջանը զենք գնեց Իսրայելից անցյալ տարվա մեծ կոնտրակտի ժամանակ, Ռուսաստանը պարտավորված չէր զգում համապատասխան քանակի զենք ու զինամթերք տրամադրել Հայաստանին` կոմպենսացնելու այդ փոփոխությունը: Այս պահին, երբ Ռուսաստանն ինքն է վաճառում այդ զենք-զինամթերքը Ադրբեջանին, ռազմավարական դաշնակցի պարտավորություններից ելնելով, ստիպված է և պարտավորված  Հայաստանին մատակարարել այդ զենքն ու զինամթերքը: Վերջիվերջո, եթե Ադրբեջանը չգնի այդ զենքը Ռուսաստանից, ապա կարող է դա անել յուրաքանչյուր այլ երկրից: Եվ  գուցե զարմանալի թվա, բայց Հայաստանին   ավելի է ձեռնտու, որ Ադրբեջանը ռազմատեխնիկական առումով համագործակցում է Ռուսաստանի հետ»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Այս տեսակետը, այն էլ ոչ մեկ անգամ, հնչել է նաև ռուս վերլուծաբանների շրջանակներում: Մասնավորապես Կովկասյան գիտական միության նախագահ, քաղաքագետ Ալեքսանդր Կրիլովը հենց այս գործարքի կապակցությամբ նշել էր,  թե ռուսական զենքի մատակարարումներն  Ադրբեջանին հնարավորություն են տալիս Ռուսաստանին պահել Ադրբեջանն իր ազդեցության ներքո և նվազեցնում են բաքվի ռազմական գնումները միջազգային շուկաներում. «Ադրբեջանին Ռուսական զենքի յուրաքանչյուր մատակարարում, նույնսիկ կոմերցիոն հիմքերով, Հայաստանում նյարդային ու հիվանդագին է ընդունվում ոչ միայն հասարակության կողմից, այլև էլիտայի: Բայց հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում ռուսական ներքին գներով, և դեպի Հայաստան զենքի մատակարարումները բալանսավորում են դեպի Ադրբեջան ռուսական զենքի վաճառքը»,- ասել է նա Vedomosdti.ru-ին:

Իսկ ռազմավարական և տեխնոլոգիական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կոնստանտին Մակիենկոն էլ նշել է, թե այս իրավիճակի առումով կարելի է զուգահեռներ անցկացնել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների վարած քաղաքականության հետ, որոնք մեծաքանակ ռազմական մատակարարումներ են կատարում հակառակորդներին` Եգիպտոսին ու Իսրայելին, Հունաստանին ու Թուրքիային և այլն: Այս երկրների կախվածությունը մեկ մատակարարից հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին ու Արևմուտքին զսպելու երկու հաճախորդների միջև առաջացած կոնֆլիկտը:

Ճիշտ է` Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշինքի մասին պայմանագիր ունեն, և ռուսական կողմը Հայաստանին սպառնացող վտանգի դեպքում պարտավոր է ռազմական աջակցություն ցուցաբերել հայկական կողմին, բացի այդ, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, և ՀԱՊԿ-ն էլ նույնպիսի պարտավորություններ ունի, ու հավանաբար սա էլ են հաշվի առնում վերլուծաբանները: Բայց եթե ռազմական գործողություննե՞ր սկսվեն Արցախի դեմ, արդյոք ՀԱՊԿ երկրները, Ռուսաստանը մեզ օգնություն կտրամադրե՞ն. այս հարցը շատ լուրջ հարց է, որը պայմանագրով չի երևում:

Բացի այդ, ենթադրենք, թե Ռուսաստանը հույսը դրել է այն հանգամանքի վրա, որ եթե Ադրբեջանը ուզի էլ, չի հարձակվի ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Արցախի վրա` վախենալով նույն Ռուսաստանից: Սակայն հնարավոր է, չէ՞, որ մի գեղեցիկ օր Ռուսաստանն ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենա Հայաստանին օգնելու անհրաժեշտության դեպքում. չէ՞ որ մենք ընդհանուր սահման չունենք…

Բացի այդ, ռուս վերլուծաբանների նշած պատճառաբանությունը չի կարող հիմնավոր համարվել. Ադրբեջանը չի հայտնվի ռուսական մատակարարումներից կախվածության վիճակում, քանի որ մեր թշնամիները հանգիստ կարող են սպառազինություն ձեռք բերել ոչ միայն Ռուսաստանից, այլև Թուրքիայից ու Իսրայելից, ինչի օրինակն արդեն կա: Իսկ Հայաստանի հետ Ռուսաստանի ռազմավարական դաշնակցության էությունը հուշում է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, պարտավոր է հրաժարվել նաև իր ֆինանսատնտեսական շահերից, եթե դրանք ուղղակիորեն սպառնում են Հայաստանի անվտանգությանը: Իսկ այս վերջին գործարքը հաստատ սպառնում է:

 Հ.Գ.

Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը  հայտարարությամբ հանդես եկավ. «Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներն ընդհանրապես, չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից: Վաճառվող արտադրանքի տեսակներն ու քանակը չի խախտում ուժերի հավասարակշռությունը և նախադրյալներ չի ստեղծում Ադրբեջանի ղեկավարության համար` իհարկե խելամտության դեպքում, ՀՀ և ԼՂՀ դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու համար:
ՀՀ պաշտպանության նախարարությունը զերծ կմնա որևէ հայտարարություն անելուց կամ դիրքորոշում հայտնելուց, հաշվի առնելով լրահոսում տեղ գտած որոշակի ապատեղեկատվության տարրերի հանգամանքը»:

Հնդկաստանի դատարանի որոշմամբ, եթե չամուսնացած կնոջ և տղամարդու միջև սեռական հարաբերություններ են տեղի ունենում, նրանք համարվում են օրինական ամուսիններ

indian couplesՀնդկաստանի դատարանի կայացրած որոշման համաձայն, եթե չամուսնացած կինն ու տղամարդը սեռական հարաբերություններ են ունենում,  նրանք համարվում են ամուսիններ, իսկ դրանից հետո միասին չապրելու դեպքում նրանք պետք է օրենքով բաժանվեն:

Ըստ դատավորի հայտարարության՝ եթե չափահաս կինը՝ 18 տարեկան և տղամարդը՝ 21 տարեկան, սեռական հարաբերություններ են ունենում,  դա օրինական ամուսնություն է համարվում, և մեկ այլ մարդու հետ սեռական հարաբերություն ունենալու թույլտվության համար նրանք պետք է բաժանվեն:

Հայատարարության մեջ նաև ասվում էր, որ ամուսնության գրանցումը և հարսանեկան արարողությունները միայն ձևականություններ են հասարակության համաձայնությունը ստանալու համար:

Ադրբեջանական բանակում էլեկտրահարումից զինվոր է մահացել

2 (2)Ադրբեջանական բանակում զինվորի մահվան դեպք է գրանցվել: 19-ամյա Սամեդով Արազ Սալմանը մահացել է էլեկտրահարումից:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” պետական գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Գազախական շրջանի N համարի զորամասում:

Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Վրաստանում կտտանքների համար ձերբակալվել է ՆԳՆ 9 աշխատակից

225-1Վրաստանի իշխանությունները ձերբակալել են ՆԳՆ և ՊՆ 9 աշխատակցի, որոնք կասկածվում են կալանավորներին կտտանքների ենթարկելու ու բռնաբարելու մեջ:

Չորեքշաբթի` հունիսի 19-ին,   Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին հայտնել է մի քանի պաշտոնական անձանց ձերբակալության մասին, որոնք բանտում կալանավորվածների նկատմամբ կատարված ոտնձգություններում կարող են մեղավոր լինել: Նրանց թվում ՆԳՆ 9 ներկա ու նախկին աշխատակիցներ են, որոնք կասկածյալ են համարվում ստորգետնյա պահեստում հայտնաբերված զենքի, թմրանյութերի ու կտտանքների  տեսանյութերի գործով:

Նախարարի խոսքով,  տեսանյութում նրանցից 2-ին ճանաչել են:”Ձերբակալվածներից մեկը ՊՆ աշխատակից է, 2-ը` նախկին ոստիկաններ: Նրանցից մեկն անձամբ է մասնակցել կալանավորների նկատմամբ կատարված բռնություններին,նա տեսանյութում կա”,-հայտնել է նախարարը: Սամերղելոյի նահանգապետը հայտնել է նրանցից 4-ի անունը: Խոսքը ոստիկանության գործող աշխատակից Մառլեն Խվաթիայի, ԿԱՊ-ի նախկին ղեկավար Սամերղելո Ռուսլան Շամախիայի, ոստիկանական վարչության նախկին ղեկավար Լևանե Կիրիայի,ինչպես նաև ոստիկանական բաժանմունքի նախկին պետ Իրաքլի Ախալայի մասին է:

Թաքստոցները հայտնաբերվել են հունիսի 17-ին, Սամերղելո Զեմո Սվանեթիի տարածաշրջանում: Հետախուզության ժամանակ ոստիկանությունն առգրավել է մեծ քանակությամբ տեսանյութ`  իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից ծեծի, կտտանքի ու սեքսուալ բռնության կադրերով:

Վրաստանի ՆԳՆ պետանվտանգության գործակալության աշխատակիցները ենթադրում են, որ թաքստոցները հայտնվել են ՆԳՆ պաշտոնյաների ու ՊՆ աշխատակիցների կարգադրությամբ` նախորդ իշխանությունների օրոք: Բացի սկանդալային տեսանյութերից, իշխանությունները մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր են հայտնաբերել, նռնակներ, կապի միջոցներ, թմրանյութեր, այդ թվում` հերոին, կոկաին և օփիում:

Մահացել է “Սոպրանոների կլանը” ֆիլմի գլխավոր դերակատարը

400-225Դերասան Ջեյմս Գանդոլֆինին, որը “Սոպրանոների կլանը” ֆիլմում գլխավոր դերն էր կատարում, մահացել է սրտի նոպայից, Իտալիայում: Նա 51 տարեկան էր:

Տեղի ԶԼՄ-ների տեղեկացմամբ, դերասանը մահացել է  ինֆարկտից, Հռոմում:

“Մենք ցնցված ենք ու վշտացած այդ լուրով: Ջեյմսը մեծ տաղանդ էր, սակայն որ ավելի կարևոր է` հոյակապ մարդ ու ընտանիքի սիրող անդամ: Նա բոլորին վերաբերում էր հավասարաչափ հարգալից”,-նրա մահվան կապակցությամբ գրել է “Սոպրանոների կլանը”սերիալը թողարկած  HBO հեռուստաընկերությունը:

Գերազանց կատարված դերի համար դերասանն արժանացել էր  “Էմմի”- ի:

ԱՄԷ-ում 30 մարդու են դատում պետհեղաշրջման փորձի համար

i (5)ԱՄԷ-ի իշխանությունները 30 մարդու մեղադրում են պետհեղաշրջման փորձի մեջ.նրանց մեջ Արաբական Էմիրությունների ու Եգիպտոսի քաղաքացիներ են:

Մեղադրյալի աթոռին են հայտնվել բժիշկներ, ինժեներներ ու մանկավարժներ: Նրանց մեղադրում են   “Մահմեդական եղբայրներ” կազմակեպության հետ “գաղտնի համագործակցություն” ստեղծելու մեջ`  երկրի ներկայիս կառավարությունը տապալելու նպատակով:

Մասնագետները դատական գործընթացը  “արդարադատության ծաղր” են անվանել: Նրանք վստահեցնում են, որ երկրի իշխանությունները ճնշում են խոսքի ազատությունը:

Բոլիվուդի աստղ Շահ Րուխ Խանի նկատմամբ հետախուզում է սկսվել, երբ լուրեր են տարածվել, որ դերասանը գիտի սուրոգատային մորից սպասվող, իր ապագա երեխայի սեռը

Khan and his wifeՀնդկաստանի առողջապահության նախարարությունը տեղեկանալով, որ բոլիվուդյան դերասանը և նրա կինը գիտեն իրենց երեխայի սեռը հետախուզում են սկսել նրանց նկատմամբ:

Առողջապահության նախարարությանը բողոք է հասել, որ Շահ Րուխ Խանը և նրա կինը՝ Գաուրին, գիտեն, որ իրենք տղա են ունենալու:

Հնդակաստանում երեխայի սեռը նախօրոք իմանալը արգելվել է՝ երեխայի սեռի պատճառով իրականացվող հղիության արհեստական ընդհատումները կանխելու համար:

Հնդկական մամուլի տեղեկություններով՝ Խանը տանը չի եղել, երբ առողջապահության նախարարության աշխատակիցները այցելել են նրան՝ նրանց երեխայի սուրոգատային մոր վերաբերյալ հարցեր տալու համար:

16 և 13 տարեկան երկու երեխայի հայր Խանը այս կապակցությամբ մեկնաբանություններ չի արել:

Հնդկաստանի ռադիոլոգիայի ասոցիացիայի բժիշկներից մեկը CNN-ին տված հարցազրույցում հայտնել է, որ ինքը կցանկանար իմանալ, թե ինչպես է այդ խիստ գաղտնի ինֆորմացիան տարածվել, քանի որ դրա մասին իմանում է միայն բժիշկը՝ ավելացնելով, որ երեխայի սեռի գաղտնիությունը պահելու վերաբերյալ օրենքին չենթարկվող բժիշկների ու հիվանդների դեմ քայլեր պետք է ձեռնարկվեն:

2011թ-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հնդկաստանում 6 տարեկանից ցածր 1,000 տղային բաժին է հասնում 914 աղջիկ: Դա տեղի է ունեցել տղա երեխաներին նախապատվություն տալու և աղջիկ երեխայի պարագայում հղիությունը ընդհատելու արդյունքում:

Բացի Հնդկաստանից՝ երեխայի սեռը ցույց տվող թեստերը արգելվել են նաև մի շարք այլ ասիական երկրներում, որտեղ նախապատվություն են տալիս տղաներին:

Երեխայի սեռի վերաբերյալ հիվանդին տեղեկացրած բժշկին սպառնում է երեք տարվա ազատազրկում կամ հինգ տարով բժշկական լիցենզիայի կասեցում:

Ծնողներին ևս սպառնում է հինգ տարվա ազատազրկում:

 

Ուսուցիչը մեկնարկային ատրճանակով կրակել է աշակերտի դեմքին

teacher shoot the puipleՈստիկանությունը հետաքննում է մեկնարկային ատրճանակով աշակերտի դեմքին կրակած ուսուցչի դեպքը:

Դեպքը տեղի է ունեցել Լա Մանշ նեղուցի կղզի Ջերսիի դպրոցներից մեկում, որից հետո աշակերտը տեղափոխվել է հիվանդանոց:

Տղամարդ ուսուցիչը հեռացվել է աշխատանքից, իսկ ոստիկանությունը հարցաքննում է դպրոցի աշխատակազմին և ականատեսներին:

Քաղաքական գործիչ Թրեվոր Փիթմանի կարծիքով՝ շատ լուրջ բան պետք է տեղի ունեցած լինի, որը ուսուցչին ստիպած կլինի կրակել:

Տուժած աշակերտի ինքնությունը չի հրապարակվել, սակայն, ըստ երևույթին, նա միջին տարիքի դեռահաս է:

Ջերսիի ոստիկանության տեղեկություններով՝ իրողությունը պարզելու նպատակով իրենք աշխատում են տուժածի, նրա ընտանիքի, ինչպես նաև մյուս աշակերտների և ուսուցիչների հետ: