Թաքսիմում հայտնվել են «կանգնած մարդկանց դեմ կանգնած մարդիկ»

mardik  Թաքսիմի հրապարակում ցույց իրականացնող «կանգնած մարդկանց» դեմ են դուրս եկել ութ հոգի և սկսել են հակադարձ ցույց: Նրանց սպիտակ շապիկների վրա գրված է եղել «կանգնած մարդկանց դեմ կանգնած մարդիկ» գրությունը: Ընդդիմադիր ցուցարարները մոտ կեսը ժամ այդպես կանգնած են մնացել, այնուհետև նստելով տաքսի, հեռացել են:

«Ռադիկալը» հայտնում է, որ Թաքսիմի հրապարակում գտնվող «կանգնած մարդկանց» և նրանց դեմ «կանգնած մարդկանց» միջև որևէ երկխոսություն չի եղել: Լրագրողների այն հարցին, թե ինչու եք այստեղ հավաքվել, ընդդիմադիր ցույցի մասնակիցները նշել են, որ իրենց նպատակը գրված է շապիկի վրա՝ այն է «կանգնած մարդկանց դիմաց կանգնած մարդիկ»:

 

 

Բաքվում հրդեհ է բռնկվել, մոտ 40 ավտոմեքենա այրվել է (լուսանկարներ)

3Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հունիսի 19-ին խոշոր հրդեհ է բռնկվել:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Բաքվի ճանապարհային ոստիկանության պետական վարչության տուգանային հրապարակում: Հրդեհը ընդգրկել է 1 000 քմ խոտածածկ տարածք: այրվել է մոտ 40 ավտոմեքենա:

 

5Հրդեհը մարելու համար դեպքի վայր է եկել մոտ 10 հրշեջ մեքնա: Հրդեհի առաջացման  պատճառները հայտնի չեն, կատարվում է հետաքննություն:

 

Human Rights Watch-ը Եվրահանձնաժողովի նախագահին կոչ է արել ստիպել Ալիևին ապահովել մարդու հիմնարար իրավունքները

2Միջազգային իրավապաշտապան Human Rights Watch կազմակերպությունը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարուզոյին ուղերձ է հղել՝ կոչ անելով հունիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների հարցը, հաղորդում է contat.az-ը:

Ուղերձում Բարուզոյին առաջարկվում է Բաքվին կոչ անել իրադրության բարելավման ուղղությամբ Եվրախորհրդարանի բանաձևերի համաձայն կոնկրետ քայլ ձեռնարկել:

HRW-ը ընդգծում է Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման, ինչպես նաև վերջերս ընդունված օրենսդրական սահմանափակումների վերացման անհրաժեշտությունը: Նման պահվածքը հակասում է Ադրբեջանի միջազգային պարտականություններին:

Հեղինակները Բարուզոյին կոչ են անում Ալիևին հստակ ակնարկել, որ Բաքու-ԵՄ հարաբերութունների ցանկացած խորացում պետք է ընդգրկի մարդու իրավունքների բաղադրիչը:

Կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին 15 ամսում Ադրբեջանում նկատվում է հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանփակման չարաշահում:

Առնվազն 22 ակտիվիստ, այդ թվում լրագրողներ, բլոգերներ բանտում են հայտնվել  քաղաքական դրդապատճառներով և իշխանություններին քննադատելու համար:

Վերջաբանում Բարուզոյին խնդրում են Ալիևին կոչ անել հետևել ԵՄ չափանիշներին`կատարել 2013թ. հունվարի 23-ի` մարդու իրավունքների վերաբերյալ բանաձևով ստանձնած պարտավորությունները:

 

 

Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և Ռումինիայի նախագահներն Ադրբեջանին կոչ են արել գազն արտահանել Nabucco-ի միջոցով

1

Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և Ռումինիայի նախագահներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հորդորել են ադրբեջանական գազն արտահանելու  համար ընտրել NabuccoWest գազամուղը:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, մինչև հունիսի վերջ ադրբեջանական “Շահ դենիզ” կոնսորցիումը պետք է որոշում կայացնի, թե  ադրբեջանական գազը Եվրոպա հասնելու է Nabucco West թե՞ TAP գազամուղի միջոցով: Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և Ռումինիայի նախագահներն էլ իրենց նամակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ են արել նախապատվությունը տալ  Nabucco West -ին:

 

“Nabucco West-ի կարևոր առավելությունն այն է, որ այս գազամուղը կարող է դիվերսիֆիկացնել դեպի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ էներգակիների մատակարարման ուղիները, քանի որ այդ երկրները գրեթե ամբողջությամբ կախված են ռուսական բնական գազից: Մենաշնորհ և մենաշնորհային վիճակ չպետք է լինի”,- հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը:

 

 

«Կանգնած մարդկանց» թիվը գնալով ավելանում է և՛ Թուրքիայում, և՛ արտասահմանում (լուսանկարներ)

2

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ Թուրքիայում բողոքի նոր ակցիա է սկսվել, որը ստացել է «կանգնած մարդ» անվանումը: Երեկ Էրդեմ Գյունդյուզ անունով մի քաղաքացի անշարժ կանգնել է Թաքսիմի հրապարակում՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը «Գեզի» այգու քանդման դեմ: Ահա Գյուդյուզի սկսած այս շարժումը հաշված ժամերի ընթացքում մեծ տարածում և աջակցություն է գտել ինչպես Թուրքիայի մի շարք քաղաքներում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Իզմիր բնակիչները ևս որոշել են հավաքվել քաղաքի կենտրոնական հրապարակներից մեկում և վերածվել «կանգնած մարդկանց»: Բացի այդ մոտ 100 երիտասարդ որոշել են կանգնել քաղաքի պողոտաներից մեկում՝ փակելով երթևեկությունը: Որոշ ցուցարարներ էլ նստել են հենց երթևեկելի փողոցների մեջտեղում: «Կանգնած մարդ» նախաձեռնությանը միացել են նաև բազմաթիվ կանայք: Երեկ երեկոյան Թաքսիմի մետրոյի մուտքի մոտ մի կին սկսել է իր կանգնելու ցույցը, որից հետո նրան միացել են ևս երկուսը: Կանայք մինչև առավոտ կանգնած են մնացել նույն տեղում: Հայտնի է, որ նրանցից մեկը ուշագնաց է եղել:

«Կանգնած մարդ» նախաձեռնությունը համակիրներ ունի նաև Թուրքիայի սահմաններից դուրս: Թուրքիական «Ռադիկալը» հաղորդում է, որ Նյու Յորքում մի թուրք երիտասարդ կանգնել է ԱՄՆ-ի խորհրդանիշը հանդիսացող Ազատության արձանի դիմաց և ժամերով անշարժ մնացել՝ այդպիսով իր աջակցությունը հղելով Թուրքիայում ցույց սկսած  հայրենակիցներին:

Դոլչեն ու Գաբբանան ստացել են մեկ տարի 8 ամսվա ազատազրկում

Դ և ԳԱյսօր Միլանի դատարանը հայտնի մոդելավորողներին մեկ տարի 8 ամսով բանտ է ուղարկել:

Նրանք ճաղերի ետևում կհայտնվեն ֆինանսական մեքենայությունների` հարկերից խուսափելու պատճառով, հայտնել է “Россия 24”-ը:

Դատախազությունը պահանջել է 2,5 տարվա կալանք: Դոլչեն ու Գաբբանան ծածկել են մլրդ եվրոյի եկամուտը` Լյուքսեմբուրգում ստեղծելով ձևական ընկերություն:

Չինաստանում զուգագուլպաներ են ստեղծել բռնաբարության դեմ ֆունկցիայով

գուլպա Սոցցանցերում նոր վարակ է  դարձել անսովոր զուգագուլպաների լուսանկարը: Չինացի բլոգերներն աղջիկներին առաջարկում են  զուգագուլպաների  օգնությամբ  պաշտպանվել բռնարարներից: Այս արտադրանքի արտաքին մակերեսն ամբողջովին մազածածկ է, ինչը  վիրտուալ կանացի ոտքը վերածում է տղամարդու ոտքի:

Նկարը համացանցում տեղադրել է Sina Weibo (չինական թվիթեր)-ի մի բլոգեր: Նա հայտարարել է “սուպերսեքսուալ ամառային զուգագուլպաները հակաբռնության ֆունկցիա ունեն ու, ամենայն հավանականությամբ, պետք կգան յուրաքանչյուր աղջկա:

Ի դեպ, իրականում գյություն ունեն նման զուգագուլպաներ, թե դա անանուն բլոգերի երևակայության արդյունքն է,  անհայտ է, սակայն այն համացանցում ծավալված քննարկումների նյութի է վերածվել:

Մարդկության գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ գտնվեցին, որոնք այս փափկամազ արտադրանքը սարկազմով  ընդունեցին.”Չկասկածեք, այն իսկապես կվախեցնի  այլասերվածներին, որոնք հիանում են ձեր ոտքերով: Սակայն կանայք պետք է հաշվի առնեն, որ նման գուլպաները կարող են վախեցնել ոչ միայն նրանց, այլև կանանցով հետաքրքրված գրավիչ տղամարդկանց”:

Ստամբուլում ցույցի նոր ձև են գտել՝ կանգնել

mardԱյն բանից հետո, ինչ թուրքական ոստիկանությունը ցրեց  «Գեզի» այգու ցուցարարներին, երեկ 18:00-ից սկսած Ստամբուլը բողոքելու մեկ այլ ձև է գտել: Կանգնե՛լ: Մի շարք երիտասարդներ իրենց բողոքը արտահայտելու համար որևէ տեղ են ընտրում Ստամբուլի կենտրոնական մասերում և անշարժ կանգնում այդտեղ: Այս տարբերակով երեկ Թաքսիմում կանգնեց Էրդեմ Գյունդուզը՝ իր այս շարժումը տարածելով ողջ երկրում:

«Կանգնած մարդ» անվանումը ստացած ցուցարարներից մեկն էլ 20-ամյա Ալիջան Բիրթեքսյոզն է, որին անցնող քաղաքացիները ողջունել են ծափահարություններով: Ալիջանը մամուլի ներկայացուցիչներին այսպիսի պարզաբանում է արել. «Ես աշխատում եմ ցույց տալ, որ ժողովուրդը ուժեղ է: Թաքսիմում մեր մեծ եղբայրը նման ցույց է սկսել, ես էլ նրան աջակցում եմ: Արդեն 4 ժամ է այստեղ եմ, մտածում եմ այստեղ կանգնել այնքան, ինչքան կկարողանամ դիմանալ: Դիմադրելու ենք: Ուզում եմ պաշտպանել Գեզի այգու կանաչը, բարձրացնել այն, չեմ ուզում, որ քանդեն, այդ պատճառով էլ դիմադրում եմ»:

«Կանգնած մարդ» դարձած Ալիջանին ողջունում են շրջակայքի բնակիչները, ոմանք աջակցում են նրան ջուր և թխվածք բերելով: Ցուցարարին աջակցում է նաև նրա մայրը: «Ես կանգնած մարդու մայր եմ, ցույցը շատ խելամիտ եմ համարում: Աստված տա, որ հրաշալի կերպով շարունակվող ցույցերը համապատասխան արդյունք ունենան»,-նշել է տղայի մայրը:

Նշենք, որ այս պահին, «Դողան» լրատվական գործակալության հաղորդմամբ, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում արդեն բազմաթիվ «կանգնած մարդիկ» կան:

Ամերիկացիներն ամեն տարի 165 մլրդ-ի մթերք են դուրս նետում

AMNԱՄՆ-ում դուրս է  նետվում սննդամթերքի ավելի քան 40%-ը: Նման տվյալներ է ներկայացրել Գյուղատնտեսության նախարարությունն ու Շրջակա միջավայրի պաշտպանության վարչությունը:

Փորձագետները հաշվել են, որ միջինը ամերիկացիները դուրս են նետում տարեկան 165 մլրդ-ի սնունդ: Դրա հետ կապված, Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը օրգանական թափոնների օպտիմալ օգտագործման պլան է առաջարկել: Ըստ այդ պլանի`  2016-ից  Նյու Յորքի բնակիչներն օրգանական թափոնները պետք է առանձնացնեն մյուս տեսակի աղբից:

Ներկայում Նյու Յորքում օրգանական թափոններն ընդհանուրի 35%-ն են կազմում (1,2 մլրդ): Թափոնների տվյալ տեսակը կվերամշակվի ու կօգտագործվի որպես պարարտանյութ կամ էլ` բնական գազ:

Փորձագետները կարծում են, որ տվյալ միջոցը դրական ազդեցություն կունենա քաղաքի էկոլոգիայի ու քաղաքացիների դրամապանակների վրա: Բացի այդ, առանձին աղբաման նետված սննդամթերքի մնացորդը սպառողին ցույց կտա, թե որքան է  նա անիմաստ շռայլում դրա վրա:

Երգչուհի Ռիհանան խոսափողով հարվածել է երկրպագուին, տեսանյութ

raninaԱմերիկյան երգչուհի Ռիհանայի համերգային շրջագայությունը, որի անունը Diamonds էր, հագեցված էր զանազան դեպքերով: Մասնավորապես,  երգչուհուն մեղադրեցին երկրպագուի վրա հարձակման մեջ: Փոփ կատարողը ֆանատին հարվածել է խոսափողով, երբ վերջինը փորձել է դիպչել նրան:

YouTube -ում հայտնվել է համերգից մի տեսագրություն, որտեղ նկարահանված է դեպքը: Կատարելով  We Found Love երգը` Ռիհանան անցել է առաջին շարքի ֆանատների առջևով, հնարավոր է, որ երկրպագուներից մեկը պարզապես ցանկացել է բռնել նրա ձեռքը, ինչին ի պատասխան ստացել է գլխին հարված խոսափողով: Այդ պահը ֆանատներից մեկին հաջողվել է ֆիքսել բջջային հեռախոսի տեսախցիկով:

Իսրայելում մեծ շուքով նշել են նախագահ Շիմոն Պերեսի 90-ամյակը

peres Իսրայելում սկսվել են երկրի նախագահ Շիմոն Պերեսի 90-ամյակին նվիրված տոնակատարությունները: Այս տարի այն համընկել է «Դեմքով դեպի ապագա» նախագահական 5-րդ համաժողովի հետ, որը Պերեսի նախաձեռնությամբ առաջին անգամ անցկացվեց 2008 թվականին: Տոնական միջոցառումներին մասնակցելու համար Իսրայել են ժամանալ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Մոնակոյի արքայազն Ալբերտը, ինչպես նաև հոլիվուդյան աստղեր Ռոբերտ Դե Նիրոն, Շերոն Սթոունը և Բարբարա Ստրեյզանդը: Ընդհանուր առմամբ հոբելյանական երեկոյին մասնակցել է 2500 հյուր:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը՝ նախագահ Պերեսին շնորհավորել են հանդիսությանը ներկա բարձրաստիճան հյուրերը, ինչպես նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Պերեսին իրենց շնորհավորական ուղերձներն են հղել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Հունաստանը մտադիր է 400 մլն եվրոյով Ադրբեջանին վաճառել DESFA գազային ընկերությունը

2 (1) Հունական իշխանությունները մտադիր են DESFA գազային ընկերությունն ադրբեջանական SOCAR ընկերությանը վաճառել 400 մլն եվրոյով: Դրա արդյունքում Աթենքը կվաճառի գազի արդյունահանմամբ զբաղվող ձեռնարկության 66% բաժնետոմսերը։

Ներկայում DESFA-ի բաժնետոմսերի 35%-ը պատկանում է Hellenic Petroleum-ին, իսկ 31%-ը՝ կառավարությանը: Վաճառքի դեպքում կառավարությանը կստանա մոտ 188 մլն եվրո, հաղորդում է ադրբեջանական “Վեստի” կայքը:

Բացի SOCAR-ից DESFA–ն ցանկանում էին գնել նաև ռուսական “Սինթեզ” և հույն-չեխական “PPF-Terna” ընկերությունները, սակայն դրանք հունիսին հրաժարվել են այդ մտքից։

Ադրբեջանցի իրավապաշտպանը Freedom House-ին մեղադրել է լպիրշության մեջ

1 (1)“Freedom House” միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցը զայրացրել է ադրբեջանցիներին:

Ադրբեջանցի իրավապաշտպան Նովելա Ջաֆարօղլուն հայտարարել է, թե կազմակերպությունը “լպիրշացել է”, հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը:

“Ոչ ոք չի ասում, որ Ադրբեջանում մարդու իրավունքները չեն խախատվում կամ քաղբանտարկյալներ չկան: Սակայն ես այդ զեկույցում օբյեկտիվություն չեմ տեսնում, և ընդհանրապես Freedom House-ը լպիրշացել է: Արդարացի լինելու համար գոնե պետք է նշել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության վիճակը շատ ավելի լավ է, քան հետխորհդային երկրներում: Ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում մարդու իրավունքները խախտվում են, իսկ մյուս երկրներում` ոչ: Օբյեկտիվ զեկույց պետք է կազմել, ոչ թե մատից հոտ քաշելով չհիմնավորված փաստեր գրել: Freedom House-ը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի նաև Հայաստանում տիրող իրավիճակին, որտեղ մարդու իրավունքների աղաղակող դեպքեր են գրանցվում, այլ ոչ թե կառչի Ադրբեջանից”,-հայտարարել է ադրբեջանցի իրավապաշտպանը:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է “Անցումային շրջանում գտնվող պետությունները” խորագրով ամենամյա զեկույցը: Ըստ զեկույցի`Ադրբեջանը, Տաջիկստանը, Ղազախստանը, Բելառուսը, Թուրքմենստանը, ինչպես նաև Ռուսաստանը համալրել են ավտորիտար երկրների շարքը: Կազմակերպությունը Ադրբեջանին քննադատել է նաև սպա Ռամիլ Սաֆարովի փառաբանման, Հունգարիայից Ադրբեջան էքստրադիցիայի, ինչպես նաև հանրահավաքներին մասնակցելու պատճառով տույժերի խստացման համար:

Չնայած ներքին խառնաշփոթին՝ Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման քարոզչությունը

Հարութ-Սասունյան1Միգուցե ոմանք ակնկալում էին, որ վերջերս Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերն ու անկարգությունները կգրավեն նրա ղեկավարների ուշադրությունը ներքին խնդիրների վրա՝ շեղելով նրանց կարևոր զարգացումներից, ինչպիսիք են, օրինակ, Հայոց ցեղասպանության հարցերը: Ցավոք, այդպես չեղավ:

 

Չնայած հարյուր հազարավոր ցուցարարներ զայրացած բողոքում էին Թուրքիայի ամբողջ տարածքում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Էրդողանի բռնատիրական իշխանության դեմ, արտաքին գործերի նախարարության պաշտոնատարները շարունակում էին զբաղվել իրենց սովորական ժխտողական պարտականություններով՝ հակազդելով Հայոց ցեղասպանության իրողությունը վերահաստատելու ուղղությամբ այլ պետությունների բոլոր ջանքերին:

 

Վերջին շաբաթների ընթացքում թուրքական արձագանքի երեք նման դեպքեր են գրանցվել.

 

1. Թուրքական կառավարությունը շատ խիստ արձագանքեց, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը վերահաստատեց Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ այն անվանելով «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»: Հռոմի պապն այդպես էր արտահայտվել հունիսի 3-ին հայ կաթոլիկների պատվիրակության՝ Վատիկան կատարած այցի ժամանակ: Չնայած Ֆրանցիսկոս պապը նման տեսակետներ արտահայտել էր նաև նախկինում՝ Արգենտինայում կարդինալ եղած ժամանակ, սակայն վերջերս Պապ ընտրվելուց հետո սա առաջին անգամ է, որ նա անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:

 

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շտապեց պաշտոնական բողոք ներկայացնել Վատիկանին՝ իր «հիասթափությունը» արտահայտելով Պապի հայտարարության առթիվ: Անկարայում Վատիկանի դեսպանին անմիջապես կանչեցին արտաքին գործերի նախարարություն և ասացին, որ Պապի տեսակետները «բացարձակ անընդունելի» են և կարող են վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին: Մի թուրք անանուն պաշտոնյա նույնիսկ հնարավոր է համարել, որ Հռոմի պապի առաջիկա այցը Թուրքիա կարող է վտանգվել՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա արտահայտած տեսակետներից հետո:

 

Նահանջելու փոխարեն, Վատիկանն էլ ավելի բարդացրեց իրավիճակը Թուրքիայի համար՝ հայտարարելով, որ Ֆրանցիսկոս պապը նախատեսում է 2015 թվականի Ապրիլի 24-ին այցելել Հայաստան՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ հոգեհանգստի կարգ մատուցելու համար:

 

Հաշվի առնելով թուրք պաշտոնատարների ժխտողական մտածողությունը, հասկանալի է, որ նրանք պետք է դժգոհ լինեին Պապի անկեղծ և բարոյապես ոգևորիչ հայտարարությունից: Ի վերջո, Հռոմի պապը ոչ միայն Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդն է, այլ նաև պետության ղեկավար: Այդուհանդերձ, կարիք չկար, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն այդպես բորբոքվեր, քանի որ Վատիկանը երկու անգամ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը՝ 2000 և 2001 թվականներին:

 

Թուրքական պաշտոնատարները կարծես թե չեն գիտակցում, որ չափից դուրս սուր արձագանքելով Հայոց ցեղասպանության ճանաչումներին, նրանք ակամա նպաստում են հենց այն հարցին, որը նրանք ձգտում են քողարկել: Իրոք, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Ֆրանցիսկոս պապի հայտարարության առնչությամբ թուրքական դատապարտումը միջազգային լրատվամիջոցներով հաղորդվել է ամբողջ աշխարհում՝  աջակցելով Հայոց ցեղասպանության փաստերի էլ ավելի հրապարակմանը: Անկարայի իսկական մտադրությունն է՝ ամբողջ աշխարհում խստորեն քննադատելով ամեն մեկին, ով համարձակվում է բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, մյուսներին հետ պահել նման հայտարարություններ անելուց, հատկապես հաշվի առնելով գալիք Հարյուրամյակը 2015 թվականին:

 

2. Այս ամսվա սկզբին Հունաստանի խորհրդարանը նույնպես զայրացրել է թուրքական իշխանություններին, երբ իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը՝ Ֆրանսիայի օրենսդիր մարմնից մի էջ ընդօրինակելով, օրինագիծ  է ներկայացրել, որը պատիժ է սահմանում այլատյացության և Հունաստանի կողմից ճանաչված ցեղասպանությունների՝ Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի ժխտման կամ խեղաթյուրման համար: Առաջարկվող օրենքի խախտողները կպատժվեն մինչև երեք տարվա ազատազրկմամբ և 5-20 հազար եվրո տուգանքով: Հունաստանի խորհրդարանը 1996 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Չնայած թուրքական կողմից դեռևս որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել վերջերս ներկայացված այս բանաձևի դեմ, սակայն արդեն պարզ է, որ ճնշում կգործադրվի Աթենքում Թուրքիայի դեսպանի և դիվանագիտական այլ խողովակների կողմից:

 

3. Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորներ Արսեն Ավակովը՝ ընդդիմադիր «Բատկիվշչինա» (Հայրենիք) կուսակցությունից և Վիլեն Շատվորյանն ու Նվեր Մխիթարյանը՝ իշխող  «Ռեգիոնների» կուսակցությունից, հունիսի 6-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ են ներկայացրել: «Ազերնյուզը» հաղորդել է, որ Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիները Խորհրդարանի առջև բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ այդ օրինագծի: Նաև, ադրբեջանական մի շարք կազմակերպությունների ստորագրությամբ նամակ է հղվել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին՝ պնդելով, որ այդ որոշումը «լուրջ մտահոգություն է պատճառում Ուկրաինայի թուրքալեզու ժողովուրդներին, հատկապես ադրբեջանցիներին… և լուրջ հարված է Ադրբեջանի ու Թուրքիայի համար»: Ըստ ուկրաինական լավատեղյակ աղբյուրների՝ ադրբեջանցի ցուցարարների հետևում կանգնած է Թուրքիայի կառավարությունը. խիստ է արձագանքել նաև Ղրիմի թաթարների մեջլիսի նախագահ և Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Մուստաֆա Ջեմիլևը:

 

Չնայած շարունակվող ներքին անկայունությանը՝ թուրքական պաշտոնատարները շարունակում են ամբողջ աշխարհում տարածել իրենց ժխտողական քաղաքականությունը՝ միջամտելով այլ երկրների ներքին գործերին: Կարելի է հուսալ, որ միջազգային հանրությունը կմերժի Էրդողանի վարչակարգի սնափառ և ամբարտավան կեցվածքը, ինչպես որ այն մերժվում է տանը՝ թուրք ազգաբնակչության զգալի հատվածի կողմից:

 

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Ջրհեղեղի պատճառով ֆրանսիական Լուրդի հազարավոր ուխտագնացներ են տարհանվել

i (1)Ֆրանսիայի հարավում գտնվող Լուրդ քաղաքի հանրահայտ վանական համալիրից հազարավոր ուխտագնացներ են տարհանվել ջրհեղեղի պատճառով: Ուխտագնացության  կենտրոնի ադմինիստրացիայի ներկայացուցիչները հայտնել են, որ արտակարգ դրության պատճառով հետաձգվել է ֆրանսիական Արրասի ու Իտալիայի հավատացյալների ժամանումը, որը  նախատեսված էր հունիսի 19-ին: Հայտնել են նաև, որ անջատվել է եպիսկոպոսի տան ու հիմնական շենքի հոսանքամատակարարումը: Ադմինիստրացիան բացառել է ամբողջ սրբավայրի հոսանքազրկումը:

Լուրդի իշխանությունները վախենում են,  որ ջրհեղեղի պատճառով տեղի կունենա կարճ միացում:Դրա պատճառով ուխտագնացներին խնդրում են մոտակա ժամանակներում քաղաք կատարելիք ուղևորությունները հետաձգել:

Նման հեղեղ եղել է 2012-ին:  Այն ժամանակ պատճառված վնասը կազմեց 2,5 մլն եվրո: Փորձագետները ենթադրում են, որ այս տարի այդ վնասը շատ ավելին կլինի:

Աղջիկը արհեստական թարթիչների պատճառով հայտնվել է հիվանդանոցում

400Կոսմետիկ սովորական պրոցեդուրան 28-ամյա բրիտանուհու համար վերածվեց դաժան փորձության.Լուիս Ջեքսոնը թարթիչների երկարեցումից հետո հայտնվեց հիվանդանոցում: Հարսանիքից օրեր առաջ նա դիմեց գեղեցկության սրահ:Դիմահարդարը հատուկ սոսնձով նրա թարթիչները երկարացրեց արհեստական թարթիչներով: Մասնագետի խոսքով,  գեղեցիկ թարթիչների էֆեկտը պետք է պահպանվեր 6 ամիս:

“Ես չէի  կասկածում անգամ, որ գեղեցիկ տեսք ունենալու համար ստիպված կլինեմ առողջությունս  վտանգել: Պրոցեդուրայից կես ժամ հետո մասնագետն ինձ հորդորեց աչքերս բացել, սակայն ես չէի կարողանում ոչ մի կերպ այդ անել: Գեղեցկության սրահում նստած, ես բղավում էի ցավից: Այդ պահին համոզված էի, որ կուրացել եմ ու այլևս երբեք չեմ տեսնի հարազատներիս: Իսկ երբ մի փոքր կարողացա բացել աչքերս` իսկույն ինձ նայեցի հայելում` դեմքս կրկնակի մեծացել էր”:

Բժիշկները վիրադանակի օգնությամբ  փորձեցին դնովի թարթիչները հեռացնել,սակայն նրանց ջանքերը հաջողությամբ չպսակվեցին: Ամեն անզգույշ քայլ կարող էր բարդացնել վիճակը: Աղջիկը հետաձգեց հարսանիքը: Եվ միայն մեկ ամիս անց, երբ դեմքի այտուցը վերջապես անցավ, այդ ժամանակ միայն  նա կարողացավ արհեստական թարթիչներից վերջնականապես ազատվել:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Լուիսն իմացավ, որ չարաբաստիկ սրահը փակել են:

Այս դաժան փորձությունից Լուիսը դասեր քաղեց` նա հանգեց այն եզրակացության, որ տպավորիչ արտաքինի համար չարժե ենթարկվել նման տանջանքների: Նա հաստատ գիտի, որ այլևս երբեք չի համաձայնի թարթիչները երակարացնել:

Պրահայի մի հատվածը խորասուզվել է խավարի մեջ

51c0db78-9589-5a51-9589-5a5ed036a98b.photo.0Ենթակայանում կատարված պայթյունի պատճառով Պրահայի մի հատվածը հոսանքազրկվել է: Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով էլ մայրաքաղաքի հարավային հատվածն ու կենտրոնական շրջաններից 2-ը` Վրշովիցեն ու Վինոգրադնին,  հոսանքազրկվել են:

Ականատեսներն ասում են, որ 3 պայթյուն է եղել: Ներկայում դեպքի վայրում փրկարարական ծառայություններն են աշխատում: Պարզում են կատարվածի  պատճառներն ու հանգամանքները:

Ողջ աշխարհում փախստականների թիվը հասել է 20 տարվա առավելագույն նիշին

i (4)Փախստականների վերաբերյալ տվյալները հրապարակել է  փախստականների գործերով զբաղվող ՄԱԿ-ի գերագույն կոմիսարի վարչությունը: Այդ տվյալների համաձայն, անցած տարի շուրջ 8 մլն մարդ ստիպված լքել են իրենց տները` հիմնականում զինված հակամարտությունների պատճառով:

Նրանց  կեսն աշխարհի 5 երկրների ներկայացուցիչներ են.Աֆղանստան, Սոմալի, Իրաք, Սուդան:

Զեկույցում նշվում է, որ վերջին անգամ նման բարձր ցուցանիշ է գրանցվել 1994-ին, Ռուանդայի գենոցիդի ու Հարավսլավիայի ճգնաժամի ժամանակ:

Երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում

big_1371406519_12Հունիսի 18-ին, ժամը 19.13-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ որ տեղական ժամանակով ժամը 18.47-ին Վրաստան – Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 2.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 44.290:

ՀՀ տարածքում երկրաշարժ չի զգացվել:

30 թուրք ոստիկան ծեծել է «El-Cezire» հեռուստաալիքի երկու օպերատորի

al caziraԹուրքական «Բիանեթի» փոխանցած լուրի համաձայն՝ «El-Cezire» հեռուսաընկերության երկու օպերատոր երեկ Թաքսիմի հրապարակում ծեծի են ենթարկվել 30 ոստիկանի կողմից: Թուրքիայի լրագրողների միությունը պահանջում է, որպեսզի բացահայտվեն այս արարքի պատասխանատուները: Դեպքը տեղի է ունեցել, երբ օպերատորները քայլելիս են եղել Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայով: Այդ ժամանակ մոտ 100-150 հոգանոց ոստիկանական խմբից 30 հոգի հարձակվել է նրանց վրա:
Չնայած այն բանին, որ տուժածները ոստիկաններին ասել են, թե լրագրողներ են, ենթարկվել են բռնության: Օպերատորներին այնպես են ծեծել, որ նրանք տեղ տեղ նույնիսկ իրենց մազերն են կորցրել: Օպերատորները անցել են դատաբժշկական քննություն, ըստ որի՝ դատական հայց են ներկայացնելու պաշտոնական դիրքը չարաշահած ոստիկանների դեմ: