Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ թուրքական Հաթայ նահանգի Ալթընօզյու շրջանում պայթել է անօրինական վառելիքի պահոց: Պայթյունը տեղի է ունեցել հակամաքսանենգ օպերացիայի իրականացման ժամանակ, երբ հանցագործները կրակել են վառելիքի պահեստների վրա: Նախնական տվյալներով 10 մարդ է զոհվել, կան վիրավորներ:
Թուրք ամուսնական զույգը սևամորթ երեխա է ունեցել, ինչի “պատճառը” սևամորթ պարողն է եղել
Թուրքիայի բարձրաշխարհիկ ընտանիքների երկու ներկայացուցիչներ շքեղ հարսանիքով ամուսնացել են, սակայն երբ ծնվել է առաջնեկը, պարզվել է, որ երեխան սևամորթ է:
Ինչպես տեղեկացնում է “Takvim” պարբերականը, Թուրքիայի բարձրաշխարհիկ հասարակությունում միջադեպը լուրջ սկանդալի պատճառ է դարձել։ Երջանիկ զույգը մինչ ամուսնությունը առանձին-առանձին ամուրի կյանքին հրաժեշտ տալու երեկույթներ է կազմակերպել։
Երեկույթին մի լավ զվարճանալուց բացի ոգելից խմիչքը չարաշահած հարսնացուն կենակցել է սևամորթ պարողի հետ: Մեկ օր անց ամեն ինչի մասին մոռացած հարսնացուն ամուսնացել է իր սիրելիի հետ:
Հարսանիքից անմիջապես հետո հղիանալու լուրն ուրախացրել է զույգի ընտանիքներին, ամենից շատ ուրախացել է ամուսինը, ով ծննդաբերության համար կնոջ հետ գնում է ԱՄՆ-ում։ Զույգն ունեցել է առողջ, բայց սևամորթ երեխա։ Միայն երեխայի ծնվելուց հետո է կինը հիշել, թե ինչ էր եղել: Հասկանալով, որ երեխան իրենը չէ, փեսան վերադարձել է Թուրքիա։ Երեխայի մայրն էլ չի կարողանում համակերպվել իրականության հետ, և նրան մխիթարելու համար ԱՄՆ է մեկնել նրա ընտանիքը։
Աշխատանքից հեռացվել է Ռեյհանլըի ոստիկանապետը
Թուրքիայի Հաթայի շրջանի Ռեյհանլը բնակավայրում տեղի ունեցած պայթյուններից հետո աշխատանքից հեռացվել է Ռեյհանլըի ոստիկանապետը:
Ինչպես հաղորդում է “Ֆիրաթ” գործակալությունը, պայթյուններից մեկ շաբաթ անց ոստիկանապետ Մուրաթ Բերքը աշխատանքից հեռացվել է: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2009 թ.-ին:
Նրան փոխարինել է Դույգու Ուզունդուրուքանը: Նման որոշում կայացվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի`Հաթայ այցելությունից հետո:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ռեյհանլըում 4 պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել էր ամենաքիչը 51 մարդ: Այդ ահաբեկչությունը կազմակերպելու համար Թուրքիան մեղադրում էր Սիրիային, չնայած ձերբակալված բոլոր մարդիկ Թուրքիայի քաղաքացիներ են։ Ահաբեկչությունից անմիջապես հետո թուրքերն սկսել էին քարկոծել սիրիացի փախստականներին՝ պահանջելով հեռանալ։
Ադրբեջանը 115 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 10 ուղղաթիռ կգնի
Ադրբեջանը ուղղաթիռների արտադրությամբ զբաղվող իտալական “AgustaWestland” ընկերությունից 10 ուղղաթիռ կգնի:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ադրբեջանական կողմը պատվիրել է 8 միավոր AW139 տեսակի ուղղաթիռ և 2 միավոր AW189 տեսակի ուղղաթիռ: Ադրբեջանական ավիուղիների և AgustaWestland–ի միջև կնքված գործարքի ընդհանուր արժեքը 115 մլն եվրո է: Ուղղաթիռների առաջին խմբաքանակն Ադրբեջան կհասնի այս տարվա երկրորդ կեսին: Նշվում է, որ իտալական կողմը պատվերն ավարտին կհասցնի մինչև 2014թ-ը:
Գործակալությունն ընդգծում է, որ AW139 տեսակի ուղղաթիռներից 4-ը և AW189 տեսակի երկու ուղղաթիռներ օգտագործվելու են ծովով ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնելու համար, իսկ մյուս ուղղաթիռները՝ շտապօգնության, փրկարարաորոնողական աշխատանքների համար:
Սիրիական հարցի շուրջ բողոքող ցուցարարներին թուրքական ոստիկանությունը դիմավորել է արցունքաբեր գազով
Այսօր Ստամբուլում Սիրիայի նկատմամբ վարած Թուրքիայի կառավարության քաղաքականության դեմ բողոքող ցուցարարներին ոստիկանությունը դիմավորել է արցունքաբեր գազով և ջրաշիթերով:
Anatolia լրատվական գործակալության տվյալներով՝ ոստիկանության սպաները փակել են ցուցարարների ճանապարհը, երբ նրանք երկու խմբով քայլել են դեպի Դոլմաբահչե պալատի մոտ գտնվող Բեշիկթաշ թաղամաս:
Որոշ ցուցարարներ փորձել են բարձրանալ ոստիկանների կողմից տեղադրված արգելապատնեշը, սակայն ոստիկանները նրանց նկատմամբ կիրառել են արցունքաբեր գազ և ջրաշիթեր: Ցուցարարների մի մասը պատսպարվել է մոտակայքում գտնվող Դոլմաբահչե մզկիթում:
Նամանատիպ ցույց երեկ տեղի էր ունեցել Անկարայում, որտեղ ուսանողների և անվտանգության աշխատակիցների միջև բախումներ էին տեղի ունեցել՝ ցույցի ժամանակ ձերբակալվել է 30 մարդ, երկուսը վիրավորվել են:
Ստամբուլի և Անկարայի ցուցարարները բողոքում են Թուրքիայաի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի՝ սիրիական ապստամբներին աջակցելու դեմ:
Սիրիան մեղադրել էր Թուրքիայի կառավարությանը ապստամբներին զենքեր, պայթուցիկներ, մեքենաներ, կործանիչներ և գումար մատակարարելու համար:
ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հյուրընկալել է ընդդիմության առաջնորդների, ապստամբ հրամանատարների և հազարավոր սիրիացի փախստականների:
Թուրքական առաջին տրամվայը «Մետաքսագործ շերամ» է կոչվել
Թուրքիայի Բուրսա քաղաքի փողոցներով շուտով կսկսի երթևեկել հայրենական արտադրության առաջին տրամվայը, որը ստացել է «Մետաքսագործ շերամ» անվանումը: Այն արտադրել է տեղական «Durmazlar Holding»-ը՝ Բուրսայի քաղաքապետի աջակցությամբ:
Նման հետաքրքիր անվանման ընտրության պատճառն այն է, որ հենց այս քաղաքում է մի ժամանակ սկսվել է նշանավոր Մետաքսի ճանապարհը: Այս տրամվայի շահագործումը թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտվածությունը և ավտոբուսների առաջացրած աղմուկը: «Anadolu» գործակալությունը գրում է, որ «Մետաքսագործ շերամ» տրամվայը նախատեսված է 277 ուղևորի համար՝ 72 նստատեղով: Տրամվայի ներկայացման ժամանակ Բուրսայի քաղաքապետը նշել է, որ արդեն երկու ամսից «Մետաքսագործ շերամ»-ը կհայտնվի քաղաքի փողոցներում:
Էրդողանն ու Օբաման համակարծիք են Սիրիայի հարցում
Երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցություններից հետո Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման համատեղ մամլո ասուլիս են տվել: Էրդողանը նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ը հետագայում ևս իրենց բոլոր ուժերը կենտրոնացնելու են ահաբեկչության դեմ պայքարի համար և այդ համագործակցության աշխարհագրությունը բավական լայն է:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, Էրդողանի և Օբամայի բանակցություններում տարածաշրջանային և գլոբալ խնդիրերի շարքում քննարկման գլխավոր թեման եղել է Սիրիան: «Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ Անկարայի ու Վաշինգտոնի դիրքորոշումը սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում լիովին համընկնում են: Մեզ համար առաջնային խնդիր է Սիրիայում արյունահեղ հակամարտության դադարեցումը, սիրիական քաղաքացիների օրինական իրավունքների ապահովումը, ընդդիմությանը աջակցելը և Ասադի հեռանալը, քիմիական զենքի օգտագործման կանխումը և այդ երկրում ահաբեկչական կազմակերպությունների գործունեության արգելակումը, ինչպես նաև Սիրիայում ապրող ազգային փոքրամասնությունների անվտանգության ապահովումը»,-նշել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետը ընդգծել է նաև, որ թուրք-ամերիկյան համագործակցությունը հասել է բարձրագույն մակարդակի և այս առումով իր այցը կարելի է պատմական համարել:
Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել է Հայկական հարցի և հայ-թուրքական հարաբերությունների մասին
Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլեպինը ժողովրդավար պետությունների խորհրդարանների կողմից Հայկական հարցի կիրառումը որակել է որպես մեծ սխալ: Այս մասին հաղորդում է «Son haberler» կայքը՝ վկայակոչելով «Today’s Zaman»-ի հրապարակած լուրը: Վիլեպինը այս հարցերի մասին է խոսել Ստամբուլում տեղի ունեցած մի ժողովի ժամանակ՝ նշելով, որ Հայկական հարցը «պատմաբանների գործն է» և «պատմությունը կանոններով կրկին չի կարելի գրել»:
Դոմինիկ դը Վիլեպինը, հիշատակելով հայ-թուրքական մերձեցման գործում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ունեցած ներդրումը, նշել է, որ Հայկական հարցի նման նուրբ և բարդ խնդիրների լուծման համար բարի կամք և երևակայության ուժ է անհրաժեշտ, իսկ լուծման գործընթացը ժամանակ կպահանջի: «Երկու երկրների միջև առկա խնդրում ինչքան քիչ երկիր ներգրավվի, այնքան ավելի լավ»,-հավելել է փորձառու քաղաքական գործիչը
Թուրքիայում դեմոկրատիայի վախճանը՝ Ստամբուլում ճնշվում են ուսանողական ցույցերը (տեսանյութ)
Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում անցած շաբաթ տեղի ունեցած պայթյունների դեմ բողոքի ցույցերը Անկարայից տեղափոխվել են Ստամբուլ: Այսօր ցերեկը մոտ հազար ուսանող հավաքվել էին Ստամբուլի համալսարանի դիմաց: Ուսանողները տրամվայի գծով շարժվել են դեպի Քադըքյոյ թաղամաս, այնտեղ նրանց են միացել Միմար Սինան համալսարանից ուսանողական խումբ: Ուսանողները շարժվել են դեպի Դոլմաբահչե պալատում գտնվող վարչապետական գրասենյակ: Այնտեղ նրանք սկսել են բացատրություն պահանջել, իսկ ոստիկանները ուսանողների դեմ բարիկադներ են կառուցել:
«Radikal»-ը հաղորդում է, որ բողոքող ուսանողները իրենց պաստառների վրա գրել էին «Ռեյհանլըի կոտորածի պատասխանատվությունը ԱԶԿ-ից են հարցնելու», «ԱԶԿ-ը ձեռքդ քաշիր Սիրիայից», «Անիծվե՛ն Ամերիկայի ծառաները», «Դավութօղլու հեռացի՛ր», «Երիտասարդությունը հաշիվ է պահանջելու մարդասպաններից», արտահայտությունները: Ինչպես և երեկ Անկարայում, այնպես էլ այսօր Ստամբուլում, ոստիկանությունը ցուցարարների դեմ ուժ է կիրառել՝ օգտագործելով ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ, կան վիրավորներ:
Փաստորեն թուրքական իշխանությունները շարունակում են այլախոհության ցանկացած դրսևորման ճնշման իրենց ավանդական քաղաքականությունը՝ թույլ չտալով ուսանողությանը ազատորեն արտահայտելու իրենց բողոքը կառավարության այս կամ այն քայլի նկատմամբ: Այդքան գովելի թուրքական դեմոկրատիան աստիճանաբար կորցնում է իր վերջին հետքերը:
http://webtv.radikal.com.tr/Turkiye/3515/besiktas-a-yuruyen-ogrencilere-polis-mudahalesi.aspx
Թուրքիայի պատմության դասագրքերում փոփոխություններ են տեղի ունենալու. Թուրքիայի ազգային կրթության նախարար
Թուրքիայի ազգային կրթության նախարար Նաբի Ավջըն հայտարարել է, որ պատմության դասագրքերում փոփոխություններ են տեղի ունենալու:
Ինչպես հաղորդում է Ստամբուլում լույս տեսնող հայկական “Ակօս” թերթը, Թուրքիայի կրթության նախարարն ասել է, որ պատմության դասագրքերից պետք է հեռացվեն այն նախադասությունները, որոնք միավորմանը ծառայելու փոխարեն անջատողական դեր են կատարում:
Լրագրողների այն հարցին, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են տեղի ունենալու, նախարարը նշել է, որ կետ առ կետ չի նշելու`հավելելով, որ կիմանան այն ժամանակ, երբ փոփոխությունները տեղի ունենան:
Նշենք, որ Թուրքիայի պատմության դասագրքերում հայերը, հույները և ասորիները հաճախ անվանվում են “դավաճան և անջատողական”:
Թուրքիայի TRT հեռուստաընկերությամբ ցուցադրվում է պոլսահայ երգչուհու արևմտահայերեն երգը (տեսանյութ)
Պոլսահայ երգչուհի Էրլին Թոմաօղլուի “Ձյունի փաթիլ” երգի տեսահոլովակը մայիսի 11-ից ի վեր ցուցադրվում է թուրքական “TRT Müzik” պետական հեռուստաընկերությամբ։
Ինչպես տեղեկացնում է “Հայ թերթը”, Էրլին Թոմաօղլուի այս արևմտահայերեն երգը տեղ է գտել “Տարիներ անց” անվամբ ալբոմում, որը Թուրքիայում արևմտահայերենով լույս տեսած առաջին ալբոմն է:
Թոմաօղլուն տեսահոլովակը ցուցադրելու խնդրանքով դիմել է TRT հեռուստաընկերությանը և 10 օր անց դրական պատասխան ստացել։
Հայերեն երգը ներկայացվում է թուրքերեն ենթագրերով։ “Դա հատկապես շատ էի ցանկանում, քանի որ ուզում էի, որ իմ երգը հասկանան ոչ միայն հայերը, այլև թուրքերը։ Իմ տեսահոլովակի հեռարձակումը TRT-ի եթերում Թուրքիայում ապրող հայերի համար շատ կարևոր և ուրախալի է: Անչափ ուրախ եմ”,-ասել է երգչուհին։
TRT-ն երկու տարի առաջ հեռարձակել էր երգչուհի Սիբելի տեսահոլովակը, որը ևս հայերենով էր:
Ադրբեջանում զինվորը ինքնասպան է եղել
Ադրբեջանում հերթական զինվորը ինքնասպան է եղել: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թովուզի շրջանի զորամասերից մեկում իր վրա կրակել է 1994թ. ծնված շարքային Ռամիլ Ալիզադեն, որը զորակոչվել էր Լենքորանի զինկոմիսարիատից: Գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունում հաստատել են փաստը: Միջադեպի պատճառը պարզ չէ:
Ըստ լրատվամիջոցների` նախորդ տարի Ադրբեջանի Զինված ուժերը կորցրել են 97 զինծառայող, որոնցից 77-ը՝ արտակարգ պատահարների հետևանքով:
Ադրբեջանում REAL շարժման առաջնորդի ձերբակալության ժամկետը նորից երկարաձգվել է
Բաքվի շրջանային դատարանը այսօր՝ մարտի 15-ին, ևս 3 ամսով երկարացրել է ադրբեջանական ընդդիմադիր “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ձերբակալության ժամկետը, հաղորդում է “Contact.az”ը:
Մամեդովը երկու ամսով ձերբակալվել էր այս տարվա փետրվարի 4-ին, այնուհետև նրա ազատազրկումը երկարաձգվել է ևս 2 ամսով: Այսպիսով նրա ձերբակալության ժամկետը երկարացվել է մինչև սեպտեմբերի 4-ը: Նա մեղադրվում է այս տարվա հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլլի քաղաքում անակարգությունների կազմակերպման մեջ: Նախկին մեղադրանքով Մամեդովին սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում:
Դատարանը իր որոշումը պայմանավորել է մի շարք լրացուցիչ վկաների հարցաքննության անհրաժեշտությամբ: Մամեդովը նշել է, որ իր ձերբակալության և դրա ժամկետի երկարացման իրական պատճառի իրեն երկրի քաղաքական կյանքից մեկուսացնելն է:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Իլգար Մամեդովի գործի ուսումնասիրությունը: Դատարանը Ադրբեջանի կառավարությանը գործին առնչվող մի շարք հարցումներ է ուղարկել, որոնց Բաքուն պետք է պատասխանի մինչև հունիսի 18-ը:
Ադրբեջանը նախագահական ընտրությունների նախօրեին խստացնում է վերահսկողությունը ինտերնետի նկատմամբ. Amnesty International
Միջազգային իրավապաշտպան Amnesty International (AI) կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների` համացանցում զրպարտություն և վիրավորանք տարածելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու որոշումը: Ադրբեջանի իշխանությունները չպետք է գալիք նախագահական ընտրությունները քննադատության ձայները լռեցնելու պատրվակ դարձնեն, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, հաղորդում է “Contact.az”-ը:
“Ադրբեջանի իշխանությունները վախենում են քննադատական ձայներից ու այդ փոփոխությունների միջոցով ցանկանում են խոսքի ազատության վերջին կղզյակի վրա դնչկալ հագցնել”,-հայտարարել է կազմակերպության փոխտնօրեն Դեյվիդ Դիաս Ժոգեն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությունը 10 տարվա ընթացքում նպատակաուղղված խստացնում և սահմանափակում է խոսքի ազատության իրավունքը: Դա իրականացվում է ուժի կիրառման, ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների վրա ֆիզիկական ճնշում գործադրելու, օրենսդրական սահմանափակումների միջողով, նշվում է միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Միլլի մեջլիսը (խորհրդարան) մայիսի 14-ին քրեական օրենսգրքում փափախություն կատարելու մասին օրինագիծ է ընդունել, որը քրեական պատասխանատվություն է սահմանում համացանցում զրպարտություն և վիրավորանք տարածելու համար:
Յան Քելին քննադատել է Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը փոխելու առաջարկը
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Յան Քելին պատասխանել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը մինչև նախագծերի դիտորդ իջեցնելու առաջարկին, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը:
Քելին քննադատել է Բաքվի նմանատիպ մոտեցումը: “Մենք կցանկանայինք Ադրբեջանը տեսնել հաջողված, ժողովրդավարական և բարգավաճող ու ինքնիշխան երկիր: Այդ իսկ պատճառով իմ կառավարությունը մտահոգված է Ադրբեջանի իշխանությունների՝ այս տարի տեղի ունեցած բողոքի ցույցերի նկատմամբ արձագանքով, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչների ձերբակալությամբ, ինչպես նաև “Ազատ մտքի համալսարանի” փակմամբ”,-ասել է Քելին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը կկարողանա որպես ժողովրդավարական ազգ առաջ շարժվել օրենքի գերակայության, ինչպես նաև բոլոր հիմնարար ազատությունների հարգման միջոցով:
“ԱՄՆ-ը իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ-ի՝ Բաքվում գտնվող ներկայիս գրասենյակի կարգավիճակին և լիահույս է, որ Ադրբեջանը կապահովի ԵԱՀԿ-ի հուսալի ներկայությունը`բոլոր ուղղություններով աշխատանք իրականացնելու համար: Մենք վճռականորեն կոչ ենք անում Ադրբեջանին կառուցվածքային երկխոսություն սկսել ԵԱՀԿ-ի հետ՝ Բաքվի կողմից բարձրացված խնդիրներին լուծում տալու համար”,- ասվում է դեսպանի հայտարարության մեջ:
Դեսպանը նշել է, որ իրենք ակնկալում են, որ Բաքուն նախագահական ընտրությոնենրում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավեր կուղարկի նաև ԵԱՀԿ-ին:
Հիշեցնենք, որ Մամեդյարովը ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակի իջեցման մասին դիմում էր ներկայացրել մարտի 18-ին: Ադրբեջանի արտգործնախարարը նման առաջարկը պայմանավորել էր միջազգային իրադրության փոփոխմամբ և Ադրբեջանի նվաճումներեով:
Ադրբեջանը խստացնում է ազատագրված տարածքներ մուտք գործելու պայմանները
Ադրբեջանը մտադիր է խստացնել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների` ազատագրված տարածքներ մուտքի-ելքի կանոնները, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Համաձայն գործակալության` այդ նպատակով “Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքների մասին” օրինագծում հատուկ կետեր են ընդգրկվել: Այսպես՝ Ադրբեջանի հետ մուտքի-ելքի անայցագիր ռեժիմի պայմանագիր չունեցող երկրների քաղաքացիները, ինչպես նաև ադրբեջանական քաղաքացիություն չունեցող անձիք ադրբեջանական կողմից կարող են ազատագրված տարածքներ մուտք գործել արտգործնախարարության և դիվանագիտական առաքելությունների կողմից համապատասխան կարգով այցագրի ստացման դեպքում: Բացի այդ՝ Ադրբեջանի հետ մուտքի-ելքի անայցագիր ռեժիմի պայմանագիր ունեցող երկրների քաղաքացիները ազատագրված տարածքներ կարող են մուտք գործել Ադրբեջանի Հանրապետությա ն տարածքից արտգործնախարարության, ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների կողմից հատուկ թույլտվություն ստանալուց հետո: Այս հոդվածը խախտողները կպատժվեն Ադրբեջանի քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխան:
Օրինագիծը մոտ ապագայում կներկայացվի Միլլի մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարան) քննարկմանը:
Թուրք տղամարդիկ գնում են Ռիգա դիտելու «Շիկահերների փառատոնը»,լուսանկարներ
Թուրքական «Haberler»-ը պատմում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կազմակերպված «Շիկահերների փառատոնի» մասին, որի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թուրքերը: Ռիգայում արդեն ավանդական դարձած փառատոնը կազմակերպվում է ամեն տարի մայիսի վերջին շաբաթվա ընթացքում: Այս տարի աշխարհի տարբեր երկրներից եկած մոտ 10 հազար շիկահեր կմասնակցի կազմակերպված շքերթին: Այս հետաքրքիր փառատոնին հետևելու համար մոտ հազար թուրք տղամարդ կմեկնի Ռիգա:
Հրանտ Դինքի սպանության հետևում ահաբեկչական խմբավորում չկա. թուրքական վճռաբեկ դատարան
Թուրքիայի վճռաբեկ դատարանի պատիժ սահմանող բաժանմունքը որոշում է կայացրել, որ Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրյալները ոչ թե «զինված ահաբեկչական խմբավորման», այլ «հանցագործություն իրականացնելու նպատակող կազմավորված խմբավորման» անդամներ են: Համաձայն այս որոշման՝ մեղադրյալների մի մասի պատժի չափը մեծացվելու է, պատիժ չստացած որոշ կասկածյալներ էլ պատասխանատվության են ենթարկվելու:
«Radikal»-ը հայտնում է, որ ի տարբերություն տեղական դատարանի՝ բաժանմունքը տեսել է սպանությանը խմբավորման մասնակցությունը, սակայն այն ահաբեկչական չի համարել: Այսպիսով Դինքի գործով դատավարությունը «խմբավորում չկա» կետից հասավ մինչև «խմբավորում կա, սակայն այն ահաբեկչական չէ» ձևակերպմանը: Անկասկած սա առաջընթաց է գործում, սակայն այն հանգամանքը, որ խմբավորումը ահաբեկչական չի համարվել հաշվի առնելով, թե թուրքական քրեական օրենսգրքում ինչ պատիժներ են սահմանվում ահաբեկչության դեմ պայքարին վերաբերվող օրենքով, այս որոշումը ընդունելի չէ:
Անկարայում ուսանողները պահանջել են Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը՝ հանդիպելով ոստիկանների լուրջ դիմադրությանը
Անկարայի տարբեր համալսարանների ուսանողներ, հավաքվելով տարբեր վայրերում, բողոքել են Ռեյհանլըում տեղի ունեցած ահաբեկչության դեմ՝ պահանջելով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հրաժարականը: Ուսանողները երթ են կազմակերպել դեպի արտգործ նախարարություն՝ հանդիպելով ոստիկանության դիմադրությանը:
Թուրքական «Radikal»-ը հաղորդում է, որ նախարարության շենքի դիմաց 15 ուսանող է ձերբակալվել, մասնավորապես Միջինարևելյան տեխնիկական համալսարանի ուսանողների նկատմամբ կոշտ ուժ է կիրառվել: Արցունքաբեր գազի և ռետինե փամփուշտների կիրառման հետևանքով բազմաթիվ վիրավորներ կան, 3 ուսանող գլխի ծանր վնասվածք է ստացել:
Թուրքիայում ձերբակալել են Ռեյհանլըի պայթյունի կասկածյալներին
Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում անցած շաբաթ տեղի ունեցած պայթյունի հետաքննությունը շարունակվում է: Երեկ թուրքական ոստիկանությունը մի քանի մարդու է ձերբակալել, որոնց կասկածում են թուրք-սիրիական սահմանային քաղաքում պայթյուն իրականացնելու մեջ:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ ձերբակալվածներին հարցաքննելու են համաձայն թուրքական օրենսգրքի 10-րդ հեդվածի՝ այն է «Ահաբեկչության դեմ պայքարի»: Հայտնի է դարձել, որ պայթյունի գործով 8 հոգու խիստ հսկողության տակ տեղափոխել են Ադանայի դատարան ցուցմունք տալու համար: