Ադրբեջանի բնակչությունը կազմում է 9 մլն 528,9 հազար մարդ

բնակչություն 2014 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Ադրբեջանի բնակչության թիվը կազմում է 9 մլն 528,9 հազար մարդ: Տարվա սկզբի համեմատ այս թիվը աճել է 51,8 հազարով, այսինքն 0,5 տոկոսով: Այս տվյալները հրապարակվել է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի կողմից: Նշված ժամանակահատվածում բնակչության խտությունը կազմում է 110 մարդ/կմ3: Ադրբեջանի բնակչության 53,2 տոկոսը բնակվում է քաղաքներում, 46,8 տոկոսը` շրջաններում: Տղամարդիկ կազմում են բնակչության 49,7 տոկոսը, իսկ կանայք` 50,3-ը:

 

Հաքերները կոտրել են Մեդվեդևի թվիթերն ու հաղորդել ՌԴ վարչապետի հրաժարականի մասին

Twitter-MedvedevRussia-Ухожу-в-отставку.-...-390x290ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի թվիթեր-ըքաունթը հաքերեները կոտրել են: Դա հաստատել են ՌԴ կառավարության  մամլո ծառայությունից, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Մի քանի րոպեում Մեդվեդևի անունից հրապարակվել է,”Հեռանում եմ: Ամաչում եմ կառավարության գործողությունների համար: Ներեցեք”: “Միևնույն է, ես ազատ լուանկարիչ կդառնամ”,”Վաղուց էի ուզում ասել: Վովա:Դու ճիշտ չես”:

Թուրքիայում բժիշկների պակաս է զգացվում

doktor  Թուրքիայի առողջապահության փոխնախարար Իրֆան Սենջանը հայտարարել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում նախատեսվում է երկրում ավելացնել բժիշկների թիվը` հասցնելով այն 80 հազարի:

Կառավարությունը առողջապահական ոլորտում բժիշկների պակասը փորձելու է լրացնել դրսից մասնագետներ հրավիրելու ճանապարհով: Որպես հարմար տարբերակ դիտարկվում են հույն բժիշկները: Սենջանը նշել է, որ Թուրքիան մի շարք հույն բժիշկների առաջարկում է նախապատրաստական հատուկ դասընթացներ անցնել թուրքական համալսարաններում:

Այնուհանդերձ թուրքական առողջապահական ասոցիացիան համաձայն չէ կառավարության այս մոտեցման հետ: Ասոցիացիայի ներկայացուցիչ Բեյազիդ Իլհանի խոսքերով` իրենց խնդիրը ոչ թե բժիշկների պակասն է, այլ այն, որ մարդիկ աննշան խնդիրների դեպքում էլ հիվանդանոց են գալիս` առաջացնելով մեծ հերթեր: Նա նշել է, որ թեթև հիվանդությունների դեպքում քաղաքացիները պետք է դիմեն ընտանեկան բժիշկի օգնությանը:

Խոշոր ավտովթար Թուրքիայում, կան զոհեր

vtar      Թուրքիայի կենտրոնական Աքսարայ նահանգում ուղևորներ տեղափոխող ավտոբուս է վթարի ենթարկվել Անկարա տանող ճանապարհին: «Միլիյեթի» հաղորդմամբ` նախնական տվյալներով վթարի հետևանքով 8 ուղևոր է զոհվել, 15 հոգի տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական և շտապ օգնության ծառայությունները: Հայտնի է, որ ավտոբուսը շուռ է եկել, քանի որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը:

Վրաստանում կոնգո-ղրիմյան տենդից 3 մարդ է մահացել

1180-390x290Արևելյան Վրաստանում կոնգո-ղրիմյան տենդից 3 մարդ է մահացել, 9-ն էլ հիվանդանոցում են:

Ինչպես Խաշուրի շրջանի Հասարակական առողջապահության  կենտրոնի ղեկավար Դավիթ Չիկովանին է հայտարարել, տարածաշրջանում այդ հիվանդության համաճարակ է սկսվել.»Վրաստանում հիվանդության 15 դեպք է արձանագրվել, որոնց հիմնական մասը Խաշուրի շրջանում, հետևաբար, բոլոր առիթները կան տագնապի համար»:

Առաջին անգամ ղրիմյան հեմոռագիկ տենդը հայտնաբերվել է 1944-ի, Ղրիմում: Դա վտանգավոր բնական օջախային հիվանդություն է, որին բնորոշ է թունավորմամբ ու արյունազեղմամբ արտահայտված  տենդը: Հիվանդության գաղտնի շրջանը 2 օր է:

Ո՞վ կդառնա Թուրքիայի նոր վարչապետը

varchapet Օրերս Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում Թայիփ Էրդողանի տարած հաղթանակից հետո երկրի օրակարգում հայտնվել է ևս մի կարևոր հարց: Թուրքական հասարակական-քաղաքական շրջանակներում այս օրերին լայնորեն քննարկում են, թե ովքեր են հավակնում վարչապետի և ԱԶԿ-ի ղեկավարի պաշտոններին: Էրդողանի այն հայտարարությունից հետո, թե այս երկու պաշտոններն էլ միևնույն մարդն է ստանձնելու, քննարկվող թեկնածուների շրջանակը նեղացավ: Ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ հետո վարչապետի պաշտոնի ամենամեծ հավակնորդը ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն է համարվում: Վերջինիս տեղում կարող է հայտնվել Հաքան Ֆիդանը, որը հայտնի է ազգային անվտանգության ոլորտում իր պաշտոնավարությամբ: Այս հանգամանքը դժգոհությամբ է ընդունվում ընդդիմադիր թևի կողմից: Չնայած Դավութօղլուի կողմնակիցները շատ են, սակայն նրա անհաջողություններն  արտաքին քաղաքական դաշտում մտահոգությունների տեղիք են տալիս:

Վարչապետի պաշտոնին հավակնում է նաև ներկայիս փոխվարչապետ Բյուլենթ Արընչը, որը, սակայն, քիչ շանսեր ունի, քանի որ ԱԶ կուսակցության ներսում նրա կողմնակիցները շատ չեն: Քննարկվող անուններից մեկն էլ Էրդողանի մտերիմ ընկեր Մեհմեդ Ալի Շահինն է, ինչպես նաև մյուս փոխվարչապետ Ալի Բաբաջանը: Ցանկալի թեկնածուների թվում է նաև ԱԶԿ-ի փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, սակայն վերջինս, չլինելով մեջլիսի պատգամավոր, չի կարող ստանձնել վարչապետի պաշտոնը: Դավութօղլուի համար մրցակից կարող է հանդիսանալ տրանսպորտի, նավագնացության և կապի ներկայիս նախարար Բինալի Յըլդըրըմը:

Ինչ վերաբերում է նախագահ Գյուլին, ապա վերջինս չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը` ելնելով երկու հանգամանքից: Նախ նա մեջլիսի պատգամավոր չի հանդիսանում, ինչը պարտադիր պայման է վարչապետի համար: Բացի այդ, վարչապետի անունը հայտնի է դառնալու օգոստոսի 27–ին ԱԶԿ-ի հրավիրած կուսակցական արտահերթ կոնգրեսի ժամանակ, իսկ Գյուլը նախագահական աթոռին հրաժեշտ է տալու միայն հաջորդ օրը` օգոստոսի 28–ին: Հետևաբար Գյուլը պետք է հրաժարական տա մինչև կոնգրեսի օրը, ինչը անհավանական է համարվում: Չնայած Գյուլը նշել է, որ վերադառնալու է հարազատ կուսակցություն, սակայն նա վարչապետ և կուսակցության ղեկավար կարող է դառնալ լավագույն դեպքում միայն 2015 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:
Գալով Թայիփ Էրդողանի նախագահությանը, ապա պետք է նշել, որ այս պաշտոնում վերջինիս լիազորությունները բավական սահմանափակ են լինելու, քանի որ Թուրքիան առայժմ վարչապետական կառավարման համակարգ ունեցող պետություն է: Անցումը նախագահական կառավարման համակարգին հնարավոր է միայն սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու ճանապարհով: Այնուհանդերձ ԱԶԿ-ն, մեջլիսում չկազմելով բացարձակ մեծամասնություն, չի կարող հասնել այս փոփոխությանը: Նման հնարավորություն միգուցե առաջանա հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններից հետո, սակայն այս տարբերակն էլ քիչ հավանական է համարվում: Արդյունքում ակնհայտ է, որ Էրդողանը, չունենալով երկիրը ղեկավարելու ուղիղ լիազորություններ, դա փորձելու է անել վարչապետի ձեռքով: Հետևաբար վարչապետի պաշտոնը նա կվստահի իրեն մոտ կանգնած հավատարիմ մեկին:

 

Տաթևիկ Սարգսյան, Անկարա

Ուկրաինան կարգելի Ռուսաստանի օգնության մուտքը երկիր

Ըստ տեղեկությունների՝ մարդասիրական օգնությամբ բեռնված 280 ռուսական բեռնատարներ երեքշաբթի օրը ճանապարհվել են արևելյան Ուկրաինա, սակայն Ուկրաինան հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա առաքելությանը մուտք գործել երկիր, քանի որ այն չի համակարգվում միջազգային Կարմիր խաչի կողմից և հնարավոր է քողարկված ռազմական գործողություն լինի:

Ռուսաստան, Ուկրաինա

Կարմիր խաչից հայտնել են, որ իրենք տեղեկություններ չունեն, թե բեռնատարները ինչ են տեղափոխում և ուր են գնում: Այս ամենը կասկած է առաջացրել Ուկրաինայի և Արևմուտքի մոտ, և նրանց առաջնորդները մտավախություն են հայտնել, որ Ռուսաստանը այս կերպ կարող է զորքեր ուղարկել անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

Ռուսական հեռուստատեսությունները և լրատվական գործակալությունները հայտնել են, որ 2,000 տոննա օգնություն է ուղարկվել Ուկրաինա, որտեղ ՄԱԿ-ի տվյալներով՝ ռուսամետ անջատողականների և կառավարության ուժերի միջև բախումների հետևանքով ապրիլից ի վեր 1,300 մարդ է զոհվել:

Ինչևէ՝ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն նշել է, որ ավտոշարասայնը չեն թույլատրի մտնել երկիր:

Ուկրաինայի կառավարությունը պնդել է, որ բեռնատարները անցնեն կառավարության վերահսկողության տակ գտնվող սահմանային անցակետով: Այժմ սահմանի 100 կմ հատված գտնվում է ապստամբների վերահսկողության տակ:

Թուրքիան ավտորիտար պետություն դառնալու հայտ է ներկայացնում. Ս. Հացպանյան

Սարգիս հացպանյան«Օգոստոսի 27-ին պարզ կդառնա Թուրքիայի նոր վարչապետի անունը: Բոլորը նշում են, որ դա հավանաբար Աբդուլահ Գյուլը կլինի, բայց ես այդպես չեմ կարծում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, հրապարակախոս Սարգիս Հացպանյանը` ամփոփելով Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները: «Նախքան ընտրությունները «Ակոսում» մի հոդված տպվեց, որում  անդրադարձ էր կատարվել Թուրքիայի պատմության 11 նախագահներին և նրանց դիրքորոշմանը հայկական հարցի վերաբերյալ: Բոլորի վարած քաղաքականության մեջ որոշակի հայատյացություն կար, ի տարբերություն Գյուլի: Շատերը հիմնավորում են դա այն բանով, որ իբր ներկայիս նախագահի մայրը հայ է», – նշեց Հրապարակախոսը:

Ինչ վերաբերում է նորընտիր նախագահին` Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նա  չի թաքցնում իր իսլամական կոշտ դիրքորոշումը և գտնում է, որ Թուրքիան պետք է դառնա Միջին Արևելքի իսլամական աշխարհի դրոշակակիրը: Արևմտյան մամուլը արդեն սկսել է նրան «սուլթան» անվանել: «Թուրքիան ավտորիտար պետություն դառնալու հայտ է ներկայացնում: Շատ փորձագետներ կանխատեսում են, որ Էրդողանը դառնալու է երկրորդ Պուտինը տարածաշրջանում»,- ասաց Հացպանյանը:

Ըստ նրա` 2015-ին ընդառաջ Էրդողանը հայանպաստ որոշակի քայլեր կձեռնարկի` ցույց տալու, որ Թուրքիան հումանիստ պետություն է: «Մուշեղ իշխանի ծննդավայրում կվերականգնվի հայկական խոշոր եկեղեցի և կհանձնվի հայկական պատրիարքությանը: Որոշ վայրերում կվերականգնվեն հայկական անվանակոչությունները,  Հայաստանը Թուրքիայից տարանջատող Մարգարայի ավտոմայրուղին ուզում են Հրանտ Դինքի անվամբ կոչել` իբրև «խաղաղության խորհրդանիշ», – նշեց  ազատամարտիկը:

Սակայն գագաթնակետը, ըստ Հացպանյանի, տեղի կունենա ապրիլի 23-ին և Թուրքիայի դիվանագիտական ողջ կորպուսը պատրաստվում է դրան. «90 տոկոս հավանականություն կա, որ ապրիլի 23-ին Էրդողանը կժամանի Հայաստան և կայցելի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: Եթե նա անի այդ քայլը ամբողջ աշխարհը կխոսի ոչ թե Հայոց ցեղասպանյան մասին, այլև Թուրքիայի նախագահի այս մարդասիրական քայլից: Էրդողանը պատմության մեջ կմնա որպես Նոբելյան մրցանակի հավակնորդ: Սա կատարյալ մատ կլինի հայ դիվանագիտության համար», – ասաց հրապարակախոսը ` հայտարարելով   , որ Հայկական պետությունը պատրաստ չէ դրան:

Ավելին` մինչ այժմ որևէ նախադասությամբ թղթին չեն հանձնվել հայ ժողովրդի պահնջները և ցանկությունները: Հայ դիվանագետները շատ քիչ ժամանակ ունեն այս ամենը իրականացնելու համար:

 

Անկախ

Թուրքիայում կրկին հանքավայր է փլուզվել

հանքահորի փլուզում

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Զոնգուլդակի նահանգի հանքավայրերից մեկում փլուզում է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` 9 հանքափոր մնացել է գետնի տակ: Փլուզման պատճառները առայժմ հայտնի չեն: Փրկարարական աշխատանքները սկսվել են, հատուկ ջոկատները փորձում են անցք բացել և դուրս բերել հանքափորներին:

Զոնգուլդակում, որը համարվում է Թուրքիայի հանքարդյունաբերության կենտրոնը, 1992 թվականին խոշոր վթար էր տեղի ունեցել, որի հետևանոքով 263 հանքափոր էր զոհվել:

Ստամբուլի օդանավակայանում Էբոլայի տենդով հիվանդ ուղևոր է հայտնաբերվել

Էբոլայի տենդ

Թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ` Ստամբուլում Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում զբոսաշրջիկներից մեկի մոտ Էբոլայի տենդ է հայտնաբերվել: Զբոսաշրջիկը հանդիսանում է Նիգերիայի քաղաքացի: Ստամբուլ վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորին տեղափոխել են մեկուսարան:

Նշենք, որ մահացու համարվող Էբոլայի տենդ հետևանքով Արևմտյան Աֆրիկայում մոտ 1013 մարդ է մահացել, մոտ 1,8 հազար մարդ վարակակիր է հանդիսանում:

Թուրքերը պատրաստակամություն են հայտնել աջակցելու իրենց ադրբեջանցի «եղբայրներին»

 բանակ

Թուրքիայի պաշտպանության նախարարության կայքում տարածված տեղեկության համաձայն` Թուրքիայի մի շարք քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում` խնդրելով իրենց թույլ տալ ծառայության անցնել Ադրբեջանի բանակում: Թուրք քաղաքացիները ցանկություն են հայտնում միանալ իրենց «ադրբեջանցի եղբայրներին հայերի դեմ պայքարելու համար»: Հայտնի է նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, ինչպես նաև Գլխավոր շտաբի ղեկավար, բանակի գեներալ Նեջեթ Օզալը զանգահարել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և հետաքրքրվել հայ-ադրբեջանական սահմանի դրությամբ:

Թուրքական թանգարանը ցանկանում է ցուցադրել երկգլխանի դելֆինին

Ծովային կենսաբանը հայտնել է, որ իրենց համալսարանը տեղեկություններ չունի արևմտյան Թուրքիայի ծովափերից մեկում նկարված երկգլխանի դելֆինի գտնվելու վայրի վերաբերյալ:

երկգլխանի դելֆին

Երեքշաբթի օրը Մեհմեթ Գոկողլուն նշել է, որ հիմնվելով լուսանկարների վրա՝ կաթնասունը, ըստ երևույթին, դելֆինների միակցման արդյունքում է նման տեսք ստացել:

Նա հերքել է այն տեղեկությունները, որ Անթալիայում գտնվող իրենց համալսարանը ուսումնասիրում է կենդանու մնացորդները՝ ավելացնելով, որ իրենք կցանկանային ցուցադրել կենդանուն, եթե կարողանային գտնել:

Դելֆինի ձագին անցած շաբաթ հայտնաբերել էր մարզասրահի մի մարզիչ Էգեյան ծովի մոտ գտնվող Իզմիր քաղաքի ծովափերից մեկում:

Հետընտրական Թուրքիայում կրքերը չեն հանդարտվել

turkiaԵրեկ Թուրքիայի 81 մարզերի 923 շրջաններում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Թայիփ Էրդողանը, հավաքելով ձայների 51,8 տոկոսը, Թուրքիայի նախագահ է ընտրվել: Ամենից շատ ձայներ Էրդողանը հավաքել է հայրենի Ռիզեում, որտեղ նրան աջակցել է ընտրողների 81 տոկոսը, իսկ Թունջելիում նրան ամենաքիչ ձայներն են տվել` 24 տոկոս: Մյուս թեկնածուները` ԺՀԿ-ի և ԱՇԿ-ի միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն հավաքել է 38,44 տոկոս ձայն, իսկ ԺԴԿ-ի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը` 9,76 տոկոս:

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 74 տոկոսը, ինչից դժգոհ է մնացել ընդդիմությունը:

Արդյունքների հրապարակումից հետո Էրդողանն իր կուսակցության ղեկավար կազմի հետ միասին շտապել է մայրաքաղաք Անկարա, որտեղ հավաքված հազարավոր քաղաքացիների հետ միասին տոնել է իր հաղթանակը: Էրդողանը, որպես Թուրքիայի նոր նախագահ, իր առաջին ելույթը սկսել է ժողովրդին ուղղված շնորհակալական խոսքով` երախտագիտություն հայտնելով իրեն այդ պաշտոնին արժանի գտնելու համար:

Իսկ այսօր հետընտրական Թուրքիայում օրը սկսվել է նոր վարչապետի, ԱԶԿ կուսակցության նոր նախագահի և նոր կառավարության ձևավորման թեմայի շուրջ քննարկումներով: Նոր վարչապետի ամենահավանական թեկնածուն Ահմեդ Դավութօղլուն է: Այս հարցը պարզ կդառնա օգոստոսի 27-ին, երբ ԱԶԿ կուսակցական կոնգրեսի ժամանակ կհայտարարվի նոր վարչապետի և կուսակցության ղեկավարի անունը: Իսկ Աբդուլահ Գյուլն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վերադառնալու է հարազատ կուսակցություն:

 

Տաթևիկ Սարգսյան, Անկարա

Անկախ

 

Էրդողանը «չարյաց փոքրագույնն» է. թուրքագետ

Արտակ-ՇաքարյանցԹուրքիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները: Քվեարկողների 52 տոկոսը իր ձայնը տվեց գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 56 միլիոն մարդ, որից միայն 38,8 միլիոնը մասնակցեց ընտրություններին: Համաձայն թուրքական օրենսդրության՝ եթե ընտրողները 700 հազարով ավելի քիչ լինեին, ընտրությունների արդյունքները չեղյալ կհամարվեին:

«Համեմատած մարտյան ՏԻՄ ընտրություններին՝ Թուրքիայի նախագահական ընտրություններն անցան առանց լուրջ խախտումների: Տեղեկություն չեղավ  զեղծարարությունների կամ ընտրակեղծիքների մասին: Միակ բանը, ինչի մասին ընդդիմադիրները անընդհատ խոսում էին այն էր, որ իշխանությունները ավելի մեծ լծակներ են ունեցել գովազդելու համար, հեռուստատեսությամբ նրանց ավելի մեծ ժամանակ էր տրվում և այլն», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ ընդգծելով, որ մյուս կողմից, ընդդիմությունը ասելիք չուներ: Եթե Էրդողանը խոսում էր այն բանից, թե ինչ է արել և ինչ ծրագրեր ունի, ապա ընդդիմադիրները զբաղված էին միայն վարչապետին քննադատելով: Ընդդիմադիրները անգամ հրաժարվել էին հանդիպել ընտրողների հետ:

Ըստ Շաքարյանի՝ հայերի համար Էրդողանը «չարյաց փոքրագույն» տարբերակն է: Ընտրություններից առաջ նա մի սխալ արտահայտություն թույլ տվեց, սակայն հետագա ելույթների ընթացքում նա փորձեց մեղմել դրա ազդեցությունը:

Հիշեցնենք, որ ելույթներից մեկի ժամանակ էրդողանն ասել էր.«Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել, շատ են վիրավորել, վրացի են անվանել, դեռ ավելի վատ, կներեք՝ բայց նույնիսկ հայ են անվանել»: Ավելի ուշ՝ Քրոնիայում նա հայտարարել էր, թե ազգային փոքրամասնությունը` հույն լինի, հայ լինի, ասորի լինի, բոլորը այս երկրի հավասար քաղաքացիներն են: «Երկրորդ անգամ նա իր հաղթական ելույթում ասել էր, որ հայ լինելուց, քուրդ լինելուց, հույն լինելուց առաջ մենք բոլորս «թուրքիացի ենք»: Այս կերպ Էրդողանը նոր եզրույթ է փորձում հորինել: Նախ և առաջ՝ ոչ թե թուրք ենք բոլորս, այլ Թուրքիայի քաղաքացի, սրանով փորձելով գոնե իր ելույթում համերաշխություն բերել», – ասաց Շաքարյանը:

Նրա խոսքով՝ ազգայնականները ֆաշիզմն էին վերադարձնելու, ինչպես մի քանի տարի առաջ ցեղասպանություն բառն անգամ արտասանելը քրեորեն պատժելի էր Թուրքիայում, հայերի եկեղեցապատկան հողերի մասին խոսելը քրեական պատասխանատվության էր ենթարկվում: «Մենք շատ ավելի մեծ խնդիրներ էինք ունենալու: Եվ քանի որ Թուրքիան դեմ է հայկական շահերին, ապա Էրդողանը նույնպես դեմ է հայկական հարցի լուծմանը: Էրդողանը հակահայ քաղաքական գործիչ չէ, նա պարզապես Թուրքիայի Հանրապետության զարգացման համար աշխատող մարդ է», -ընդգծեց Արտակ Շաքարյանը:

Անկախ

Թուրքիայում նախագահական մրցավազքում հաղթանակ է տարել Էրդողանը

1133-390x290Քվեաթերթիկների 98%-ի հաշվարկով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 52%-ը ու հաղթանակ տարել նախագահական ըտրություններում:

Պաշտոնապես հաղթողի անունը կհայտարարվի բոլոր բողոքարկումների դիտարկումից հետո: Նախնական տվյալների համաձայն, նա հավաքել է 20,7 մլն ձայն (52%): Էքմելեդիմ Իհսանօղլուի համար քվեարկել է 15,4 մլն ընտրող (38,5%), իսկ Սելյահաթին Դեմիրտաշի օգտին` 3,9 մլն-ը (9,7%):

1923-ից մինչ օրս, Թուրքիայի նախագահ էր ընտրում երկրի խորհրդարանը: Մասնակցությոնւը կազմել է 72,9%: Քվեարկել է 40,7 մլն մարդ` 52,9 մլն ընտրողներից:

Այսօր Թուրքիայում նախագահական ընտրություններ են

secim   Այսօր Թուրքիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները: Հանրապետության հիմնադրումից հետո առաջին անգամ ժողովուրդը իր 12–րդ նախագահին կընտրի ուղիղ քվեարկության միջոցով: Վաղ առավոտյան ողջ երկրի տարածքում բացվել են ընտրատեղամասերը: Մոտ 52,5 մլն ընտրող հնարավորություն ունեն իրենց վստահության քվեն տալ երեք թեկնածուներից մեկին: Արտերկրում բնակվող մոտ 2,7 մլն Թուրքիայի քաղաքացիներ քվեարկությանը մասնակցել են օգոստոսի 2-ին: Ներքին գործերի նախարարության ենթակայության տակ գործող ոստիկանական հատուկ ջոկատները հսկում են ընտրությունների ընթացքը, որը մինչ այժմ անցնում է առանց միջադեպերի:

Առավոտյան իր քաղաքացիական պարտքն է կատարել նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդ Թայիփ Էրդողանը: Վերջինս ընտրատեղամաս է եկել կնոջ` Էմինե Էրդողանի հետ միասին: Գործող վարչապետը քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում կարևորել է այս նախագահական ընտրությունները` նշելով, որ ժողովուրդը իր ձայնը պետք է տա Թուրքիայի զարգացման և ժողովրդավարության համար:
Նշենք, որ նախագահական ընտրություններին առաջադրված է երեք թեկնածու: Ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը հանդես է գալիս իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անունից: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ազգայնական շարժում կուսակցությունները առաջադրել է միասնական թեկնածուի` Էքմելեդդին Իհսանօղլուին, իսկ ահա Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից նախագահի պաշտոնի համար պայքարում է Սելահադդին Դեմիրթաշը: Ընտրություններին ընդառաջ անցկացված վերջին սոցիալական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Էրդողանը հավաքելու է քվեարկողների ձայների 55 տոկոսը, Իհսանօղլուն ակնկալում է ստանալ 38 տոկոս ձայներ, իսկ Դեմիրթաշը միայն 7,5 տոկոս:

 

Թուրքիան ռազմական գործողություններ չի իրականցնի Իրաքի և Սիրիայի իսլամական պետության դեմ

turkey-militaryԹուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Իրաքի իսլամական պետություն խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ խոսք անգամ չի կարող լինել՝ ավելացնելով, որ իր երկիրը չի մասնակցել քրդական շրջանային կենտրոն Իրբիլ քաղաքի մոտակայքում ծայրահեղականների դեմ ԱՄՆ-ի իրականացրած օդային հարձակումներին:

Շաբաթ օրը պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը նշել է, որ իր երկիրը մինչ այժմ ոչ մի օգնություն չի տրամադրել ԱՄՆ-ին: Նա վկայակոչել է Թուրքիայի պատասխանատվությունը Թուրքիայի 49 քաղաքացիների նկատամամբ, որոնց Իսլամական պետությունը Մոսուլում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանից գերի է վերցրել հունիսին: Գերիների մեջ են դիվանագիտական աշխատակազմի անդամները, հատուկ ուժերի ոստիկանությունը և երեխաներ:

Յիլմազը հայտնել է, որ այս ամենի պատճառով իրենք որևէ այլ բան չեն կարող անել:

 

Անկախ

Թուրքիան առաջին անգամ նախագահ է ընտրելու ժողովրդի ուղիղ քվեարկությամբ

o_992382Թուրքիան պատրաստվում է երկրի համար պատմական ընտրությունների: Առաջին անգամ այն անց է կացվելու ուղիղ քվեարկությամբ.մինչ այդ պետության ղեկավար էր ընտրում խորհրդարանը: Այսօր հանրապետությունում լռության օր է ու ցանկացած տեսակի քարոզ` արգելված: Հարցման համաձայն, վարչապետ Էրդողանի հետ մրցակցության մեջ է Էքմելեդին Իհսանօղլուն ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելյահաթին Դեմիտաշը:

Էրդողանի հաղթանակը` քաղաքագետների կարծիքով, կարող է լուրջ սահմանադրական փոփոխություններ բերել.խորհրդարանական հանրապետությանը կփոխարինի նախագահականը: Պետության  ու կառավարող կուսակցության ղեկավարի պաշտոնում Էրդողանի համար առավելագույն ժամկետը լրացել է, ուստի, նախագահական մրզավազքում հաղթանակը նրա վերջին հնարավորությունն է մեծ քաղաքականության մեջ մնալու, հաղորդում է “Россия 24”-ը:

Թուրքիայում հայազգի ոսկերիչը թանկարժեք քարերով Ալլահի 99 անուններն է գրել

ustaԹուրքիայի հայազգի քաղաքացի 40-ամյա Շենոլ Վայվալակոն 22 տարի է, ինչ զբաղվում է ոսկերչությամբ: 7 տարի առաջ, երազում Մուհամեդ մարգարեին տեսնելուց հետո, նա որոշում է ընդունել իսլամ: Այնուհետև Վայվալակոն իր կյանքի 4,5 տարիները նվիրել է Աստծու անունների գրությանը: Մշակելով մոտ 15 հազար ադամանդ` նա ստեղծել է Ալլահի 99 անունները պատկերող մի աշխատանք`այսպիսով հավակնելով գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:

Անթալիայի Մուրադփաշա շրջանում ապրող Վայվալակոն «Ռադիկալին» պատմել է իր երազի մասին: «Այդ երազից հետո ինքս ինձ շատ արժեքավոր տեսա: Մտածեցի, որ իսլամի համար ինչ-որ բան պետք է անեմ: Մեկ տարի անց որոշեցի Ալլահի անունները պատկերել: Մարդիկ ինձ խորհուրդ էին տալիս չդիմել այս քայլին, բայց ես, հավատալով իմ երազին, վաճառեցի տունս, մեքենաս և Աստծո օգնությամբ արեցի: Իմ ստեղծագործությունն առաջինն ու միակն է աշխարհում»,-նշել է Վայվալակոն:

Աշխատանքի հեղինակը հայտնել է, որ դիմում է ներկայացրել Գինեսի ռեկորդների կազմակերպությանը և շուտով դրական պատասխանի է սպասում: Վայվալակոն նշել է նաև, որ իր ստեղծագործությունը նմանօրինակը չունի, և նա պատրաստվում է ապագայում ավելի մեծ չափսի ևս մեկը հեղինակել:

 

Անկախ 

Թուրքիան նախագահական ընտրությունների շեմին

օգոստոս 10

1923 թվականին հիմնվեց Թուրքիայի Հանրապետությունը, որի առաջին նախագահը դարձավ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Այդ ժամանակներից գրեթե մեկ դար անց 2014 թվականի օգոստոսի 10–ին Թուրքիան պատրաստվում է ընտրել իր 12–րդ նախագահին: Առաջին անգամ երկրի պատմության մեջ նախագահին կընտրի ժողովուրդը` ուղիղ քվեարկության միջոցով:

Այսպես նախագահական ընտրություններին առաջադրված է երեք թեկնածու: Ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը հանդես կգա իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անունից: Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական և Ազգայնական շարժում կուսակցությունները որոշեցին առաջադրել միասնական թեկնածուի` Էքմելեդդին Իհսանօղլուին: Իսկ ահա Թուրքիայի փոխրամասնություններին միավորած Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից պայքարի մեջ մտավ Սելահադդին Դեմիրթաշը:

Հետևելով Թուրքիայում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքին` կարելի է նկատել, որ քաղաքացիները առանձնապես հետաքրքրված չեն գալիք ընտրություններով, երկրում ոգևորությունն աննշան է, քանի որ արդյունքը առավել քան կանխատեսելի է: Համեմատություն անցկացնելով մարտ ամսվա վերջին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների հետ` ակնհայտ է, որ հիմնական պայքարը ընթանում էր այն ժամանակ և պարզ էր, որ գրանցված արդյունքները պայմանավորելու են նախագահական ընտրությունների ելքը: Այս պարագայում սպասել է, որ Էրդողանը պարզապես ամրապնդելու է իր հաղթանակը:

Նախագահական ընտրություններին ընդառաջ անցկացված վերջին սոցիալական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Էրդողանը հավաքելու է քվեարկողների ձայների 55 տոկոսը (ՏԻՄ ընտրություններ ժամանակ Էրդողանի գլխավորած ԱԶ կուսակցությունը հավաքել էր ձայների 45,6 տոկոսը, հանարապետականները` 27,8, իսկ ազգայնականները 15,2 տոկոս ձայներ), այսինքն շատ քիչ է հավանականությունը, որ ընտրությունները կտեղափոխվեն հաջորդ փուլ: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա Իհսանօղլուն ակնկալում է ստանալ 38 տոկոս ձայներ, իսկ Դեմիրթաշը միայն 7,5 տոկոս:

Անդրադառնալով թեկնածուների նախընտրական քարոզարշավներին, ելույթներին և խոստումներին` պետք է նշել, որ ընտրապայքարի առաջին իսկ օրերից ակնհայտ դարձավ, որ թեկնածուները շեշտը դնելու են կրոնական գործոնի վրա: Բանն այն է, որ Թուրքիայում ընտրողների մոտ երկու երրորդը հավատացյալ մուսուլմաններ են և բնական է, որ թեկնածուները հաշվի էին առնելու այս հանգամանքը: Թայիփ Էրդողանը, պայքարի մեջ մտնելով «Ազգային կամք, ազգային ուժ» կարգախոսով, իր առաջին ելույթը սկսեց աղոթքով և այն ավարտեց Ղուրանից տողերի մեջբերմամբ: Լինելով չափավոր իսլամի հայեցակարգով առաջնորդվող կուսակցության ղեկավար` Էրդողանի այս մոտեցումը բնական էր: Իսկ ահա նրա մրցակից ԺՀԿ-ԱՇԿ միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուի առաջադրումը այնքան էլ սպասել չէր: Իհսանօղլուն, տարիներ շարունակ գլխավորելով Իսլամական համագործակցություն կազմակերպությունը, ներակացնում է պարկեշտ հավատացյալի մի կերպար: Սա թույլ է տալիս նրան ձայներ ակնկալելու ոչ միայն իրեն առաջադրած կուսակցությունների, այլև կրոնամետ ԱԶԿ-ականների կողմից: «Հացի համար Էքմելեդդին» կարգախոսի ներքո հանդես եկող թեկնածուն Էրդողանից տարբերվում է իր զուսպ և հավասարակշիռ պահվածքով, միջազգային հարթակներում աշխատելու բազմամյա փորձով:

Իսկ ահա ԺԴԿ-ի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը որոշեց գնալ այլ ճանապարհով: Էրդողանի և Իհսանօղլուի հետ պահպանողական զանգվածների ձայների համար պայքարելու փոխարեն նա նախընտրեց հիմնվել երկրի աշխարհիկ ազգաբնակչության վրա: Իրեն համարելով Թուրքիայի փոքրամասնություններին ներկայացնող թեկնածու` Դեմիրթաշը ակնկալում է ստանալ ոչ միայն քուրդ քաղաքացիների ձայները, այլ նաև մյուս փոքրամասնությունների` այդ թվում և հայերի աջակցությունը: Կանխատեսվում է, որ քուրդ թեկնածուի օգտին կքվեարկեն նաև զգալի թվով ալևիներ: Դեմիրթաշը իր նախընտրական ելույթներում մշտապես շեշտը դնում է միասնության և խաղաղության գաղափարի վրա` մերժելով ազգային և կրոնական խտրականության դրսևորումները:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հայության դիրքորոշմանը, ապա այս հարցում միասնական կարծիք չկա: Երեք թեկնածուն էլ կարող են ձայներ ստանալ հայ համայնքից: Մասնավորապես համայնքի ավելի ավագ և պահպանողական սերունդը, քիչ թե շատ գոհ լինելով Էրդողանի վարչապետության տարիներին տեղի ունեցած դրական փոփոխություններից, կքվեարկի նրա օգտին: Իհսանօղլուին աջակցող հայերի թիվը քիչ է, իսկ ահա Դեմիրթաշին նախագահի պաշտոնին ցանկանում են տեսնել ընդդիմադիր, ձախ կողմնորոշում ունեցող, հիմնականում երիտասարդ սերունդի ներկայացուցիչները: Այնուհանդերձ հասկանալի է, որ փոքրաթիվ հայ համայնքի ձայները ոչ մի էական նշանակություն չեն կարող ունենալ ընտրությունների արդյունքների վրա:

Թուրքիայում նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ ամեն ինչ կարծես պարզ է: Ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտոնի հենց առաջին փուլում` դառնալով Թուրքիայի նոր նախագահը: Այնուհետև կմեկնարկի սահմանադրական բարեփոխումների գործընթացը` նպատակ ունենալով փոփոխել պետության կառավարման համակարգը և վարչապետականից անցնել նախագահական ղեկավարման: Կարելի է նկատելի է, որ այժմ Թուրքիայում ավելի շատ քննարկվում է այն հարցը, թե Էրդողանից հետո ով է ստանձնելու վարչապետի պաշտոնը: Հավանական թեկնածուները երկուսն են` ներկայիս ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն և Էրդողանի մտերիմ ընկեր, ԱԶ կուսակցության հիմնադիրներից Մեհմեդ Ալի Շահինը: Այսպիսով, Թայիփ Էրդողանն ու նրա գլխավորած կուսակցությունը դեռ երկար ժամանակ կշարունակեն ղեկավարել Թուրքիան` փորձելով հանրապետության հիմնադրման 100–ամյակին ընդառաջ կյանքի կոչել «Նպատակ-2023» ծրագրի կարևոր կետերը:

 

 

Տաթևիկ Սարգսյան, Թուրքիա