Ավելի քան 9 մլն սիրիացի մարդասիրական օգնության կարիք ունի

iՄԱԿ-ի մարդասիրական օգնության կարգավորող Վալերիա Ամոսը հայտարարել է, որ Սիրիայում  շուրջ 9,3 մլն բնակիչ կարիքի մեջ է:

ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի նիստում նա հայտարարել է, որ կարիքավորների թիվը սրընթաց աճում է: ՄԱԿ-ի տվյալներով, միայն սեպտեմբերին նրանց թիվն արդեն 6,8 մլն է կազմել: 2 ամսում կարիքավորների թիվը 30%-ով ավելացել է:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ սիրիացիների մեծամասնությունն ապրում է առանց ջրամատակարարման, սննդի, հոսանքի ու դեղորայքի: Նա իշխանությունների հասցեին իր դժգոհությունն է հայտնել, որոնք շրջափակել են մարդասիրական առաքելության աշխատողների մուտքը: Դրա հետ կապված  կոչ է արել Անվտանգության խորհրդին օգնել մարդասիրական օգնության ապահովումն`  բեռներ հասցնել ու բուժաշխատողներին անցում տալ:

ՄԱԿ-ի գնահատմամբ, 2011-ի սկզբից Սիրիայից հեռացել է 2,8 մլն մարդ: Նրանցից շատերը ստիպված հարևան երկրներում են ապաստանել` Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում ու Եգիպտոսում:

Փոքրիկ ազգը, որը կարողացավ…

շիմոն պերես

Շիմոն Պերես

«Մարդիկ նախընտրում են  հիշել, բայց ոչ երևակայել: Հիշողությունը ծանոթ բանի հետ գործ ունի, իսկ երևակայությունը` անհայտի: Երևակայությունը կարող է  սարսափելի կերպարներ ստեղծել, երևակայությունը պահանջում է, որ մարդը ռիսկի դիմի ու բաժանվի  փորձածից: Նոր Իսրայելի սերմերը ծլել են  այն մարդկանց երևակայությունից, որոնք եղել են տարագրության մեջ: Տարագրություն, որ երկար է տևել, մոտ 2 հազարամյակ; Տարագրությունը հրեաներին թողել է աղոթքով, առանց հայրենիքի: Սակայն այդ երբեք չընդհատված աղոթքով  նրանք  հույս են փայփայել ու պահել իրենց նախնյաց  հողի հետ կապը:

Իսրայել պետության ստեղծման հետ այդ մեծ աղոթքը սերմանվեց մի բուռ հողակտորի վրա: Հողը  քիչ էր, իսկ շրջապատը` թշնամական: Հինկտակարանային Եգիպտոսից Իսրայել ուղևորության ժամանակ մենք հատել ենք հսկայական անապատը: Նոր ժամանակներում կրկին մեր հայրենի հողն ենք վերադարձել, որը նույնպես հիմնականում անապատ էր: Մենք պետք է նորից վերստեղծեինք մեզ: Աղքատների պես, որոնք վերադառնում են  տուն` իրենց խղճուկ հողակտորը, մենք պետք է հասկանայինք, թե ինչպես պետք է  կարիքի պայմաններում հարստանայինք:

Միակ կապիտալը, որ ունեինք, մարդկային կապիտալն էր: Չորային հողը ոչ թե ֆինանսական ներդրումներ էր ներգրավում, այլ միայն պիոներների, որոնք բավարարվում էին քչով, համաձայնում շատ աշխատելուն: Նրանք նոր կենսակերպ  հայտնագործեցին` կիբուցներ, մոշավներ, ձեռնարկեցին քաղաքների զարգացում և  ընկերակցություններ այն վայրերում, որտեղ ոչինչ չկար: Նրանք ջուր գտնելու որոնումներով հորատում էին հողը, աշխատում էին, իրենցից շատ բան պահանջում, հետն էլ  երազում ու նորարարություններ հղանում:

Նրանք իդեալիստ էին ու ինտելեկտուալ, սակայն ձգտում էին  հողը մշակել սեփական ձեռքերով: Երբ հասկացան, որ հողը բերրի չէ, ջուրն էլ բավարար չէ,  գնացին հայտնագործությունների ու տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ:

Կիբուցը դարձավ ինկուբատոր, իսկ ֆերմերը` գիտնական: Իսրայելում բարձր տեխնոլոգիաները սկսվում էին գյուղատնտեսությունից: Նույնիսկ ոչ մեծ տարածքով հողակտորներով ու ջրի սակավությամբ իսրայելացիները դարձան գյուղատնտեսության առաջատար:

Իսկ  շրջակայքի թշնամությունը չէր թուլանում: Իսրայելն իր գոյության  առաջին 62 տարում 7 անգամ հարձակման է ենթարկվել և  դիվանագիտական ու  տնտեսական լայնածավալ պատժամիջոցների թիրախ է եղել: Օտարերկրյա զորքերը օգնության չեն հասել: Մենք կարողացել ենք թվային առավելություն ունեցող ուժերին հաղթել մեր զինվորների խիզախության ու տեխնոլոգիաների շնորհիվ:

Իսրայելը երկրի չափսերին ոչ համապատասխան ու  դիմակայած վտանգներին հակակշիռ  ստեղծելու ունակություն է զարգացրել:

Իսրայելը միշտ էլ կլինի փոքրիկ երկիր և՛ տարածքով, և՛ բնակչության թվով: Ուստի երբեք չի կարող խոշոր շուկա դառնալ կամ արդյունաբերության խոշոր ճյուղեր զարգացնել: Բայց եթե  չափսը քանակական առավելություն է տալիս, ապա փոքր չափսը հնարավորություն է տալիս կենտրոնանալու որակի վրա: Իսրայելի միակ հնարավորությունը որակին ձգտելն է…

Ինչպես Իսրայելի առաջին վարչապետ Դավիդ Բեն Հուրիոնն է ասել, բոլոր փորձագետներն այնտեղ են, որտեղ կատարվել է,  փորձագետներ չկան այնտեղ, որտեղ դեռ պիտի կատարվի:

Որպեսզի ապագայի փորձագետ դառնաս, պետք է  փորձը փոխարինվի տեսնելու ունակությամբ: Ես համոզված եմ, որ հաջորդ տասնամյակն ամենազարմանալին կլինի թե՛ գիտության թե՛ արդյունաբերության համար հետևյալ ճյուղերի համաժամանակյա զարգացման շնորհիվ:

Դրանցից առաջինն արհեստական ինտելեկտի զարգացումն է: Վերջին 25 տարում համակարգիչների հնարավորությունները միլիոն անգամ են աճել:

Երկրորդը գիտական հայտնագործությունների բռնկումն է, որոնք տեղի են ունենում աշխարհում  ժամանակակից տեխնոլոգիաների  առավելությունների համադրման ու գիտնականների թվի ավելացման հետ (հիմնականում Հնդկաստանում ու Չինաստանում):

Երրորդ ուղղությունը նանոտեխնոլոգիայի ոլորտում հայտնագործություններն են, որոնք հնարավորություն են տալիս գաղտնազերծելու բնության ամենահրաշալի արարածի` մարդու ուղեղի կառուցվածքը: Դա հնարավորություն կտա բացահայտելու մարդու ներուժն ու կհանգեցնի սոցիալական մարտահրավերների, որոնց մասին անգամ չենք էլ երևակայում:

Մենք կկարողանանք կանխել ու բուժել հիվանդությունները, շրջանցել խոչընդոտները, ուղևորվել տիեզերքի հեռուներն  ու թափանցել օվկիանոսների խորքերը:

Ներկայումս Իսրայելն իրեն նախապատրաստում է այդ ուղևորությանը` օգնելով մյուս ճամփորդներին ու օգնություն ստանալով նրանցից:

Գյուղատնտեսությունն ավելի հեղափոխական է, քան արդյունաբերությունը. 25 տարում Իսրայելը գյուղատնտեսական արդյունաբերությունը մեծացրել է 17 անգամ: Մարդիկ չեն հասկանում,  սակայն գյուղատնտեսության 95%-ը գիտություն է և միայն 5%-ն է աշխատանք»: Շիմոն Պերես             

David Ben-Gurion with Golda Meir

Բեն Հուրիոն և Գոլդա Մեիր

Իսրայելը փորձարարական հրաշալի հարթակ է: Թշնամական միջավայրում երկիրը վերածվել է գաղափարների փորձարկման հրաշալի լաբորատորայի: Իսրայելացիները հասկացել են,  թե ինչ է նշանակում իրենց համար նավթից կախվածություն չունենալը թե ֆինանսական և թե շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից:

«Նավթն է ֆինանսավորում միջազգային ահաբեկչությունն ու անկայունություն ստեղծում» Շիմոն Պերես

Դուբայի շեյխ Ռաշիդի`«Իմ պապը ուղտով էր ճանապարհ գնում, հայրս` նույնպես, ես Mercedes եմ վարում, իմ որդին` Land Rover, նրա որդին նույնպես  Land Rover կվարի, իսկ որդու որդին նորից ուղտ կնստի»  արտահայտությունը հանգեցնում է այն գիտակցության, որ նավթային պաշարներն անսպառ չեն, և դա Իսրայելին ստիպում է  հսկայական գումարներ ներդնել  բնական պաշարների այլընտրանքային միջոցներ գտնելու նպատակով:

Շայ Ագասի. նա համոզված էր, որ եթե  մի երկիր անգամ կարողանա լրիվ անկախանալ նավթից, ապա աշխարհը կհետևի նրան: Նա մինչ այդ արդեն ուսումնասիրել էր մի քանի էկզոտիկ տեխնոլոգիաներ, սակայն որոշեց ավելի հասարակ համակարգի վրա կենտրոնանալ` էլեկտրամոբիլների, որոնք սնվում էին հանվող մարտկոցներով: Նա կարծում էր, որ  դա լուրջ քայլ է  էկոլոգիական շարժիչների ու տրանսպորտի  ստեղծման ճանապարհին: Ահա այս գաղափարն է, որ Շայ Ագասիին ստիպեց տեխնոլոգիական նորարարությունների ներդրումով զբաղվել հիբրիդային շարժիչների ու էլեկտրաշարժիչների ոլորտում:

Շվադ Շաքեդ. երբ նա  էլեկտրոնային վճարման  համակարգի` PayPal-ի նախագահ  Սքոթ Թոմսոնին երկար թախանձելուց հետո հասավ իր նպատակին, այն է` 20 րոպեով հանդիպման, Թոմսոնը չէր էլ պատկերացնում, թե իսրայելցի գործարարն ինչ է առաջարկելու իրեն: Իսկ երիտասարդ Շաքեդը հայտարարեց, որ կարող է լուծել օնլայն մեքենայությունների խնդիրը: Այն հարցին, թե ինչպես դա կարելի է անել, պատասխանեց. «Լավ մարդիկ հետք են թողնում համացանցում, թվային հետքեր, քանի որ նրանք թաքցնելու բան չունեն, իսկ վատ մարդիկ հետք չեն թողնում, քանի որ փորձում են թաքցնել իրենց այցելությունը: Եթե կարողանանք այդ հետքերը հայտնաբերել, ապա կարելի է այդ ռիսկը  հնարավորինս նվազեցնել ու հայտնաբերել նրանց: Դա շատ պարզ է»: «Այլևս չպետք է հապաղել»,- մտածեց Սքոթ Թոմփսոնը:

Նրա ընկերությունում 2 հազար աշխատակից կա (50-ը գիտությունների դոկտոր են), որոնք գիշերուզօր աշխատում են, որ ավազակներին հաղթեն: Նրա այն հարցին, թե ինչպես է Շաքեդը սովորել դա անել, երիտասարդը պատասխանեց` ահաբեկիչներին որսալու ընթացքում: Համաձայնություն տալով Թոմփսոնը վստահ էր, որ որոշ ժամանակով կազատվի այդ  հանդուգն  փորձարարից: Սակայն 3 օր անց Շաքեդը զանգահարում է Թոմփսոնին ու ասում, որ ամեն ինչ պատրաստ է: Արդյունքը գերազանցեց սպասումները.  Թոմփսոնը Շաքեդին  տեխնոլոգիաների ներդրման համար առաջարկեց 79 մլն: Շաքեդը հրաժարվեց. երկար բանակցություններից հետո համաձայնության եկան 169 մլն դոլարի շուրջ:

Դրանից հետո Թոմփսոնը ուղևորվում է Իսրայել` իր նոր ձեռք բերած ընկերություն:

Առաջինը, ինչին նա բախվեց այս երկրում, իսրայելական  խուցպան էր. ըստ հրեա գիտնական Լեո Ռոստենի` այս բառը ժամանակակից եբրայերենը (իվրիտ) փոխառել է  իդիշից, նշանակում է հանդուգն, անամոթ, համարձակ, բացառիկ կամքի տեր, ինքնավստահություն` գումարած մեծամտություն: Որևէ ուրիշ լեզվում չկա համարժեք բառ, որը լրիվ արտահայտի այս իմաստները: Կողքից դիտողի համար Իսրայելում այս բառի իմաստի դրսևորումն ամենուրեք է. թե ինչպես են ուսանողները խոսում իրենց դասախոսների հետ, ինչպես են աշխատողները շփվում իրենց ղեկավարի հետ: Դա նրանց ապրելու ձևն է: Տանը, դպրոցում թե բանակում իսրայելցին սովորում է, որ ինքնավստահությունը նորմ է:  Եթե նստած եք իսրայելցի գեներալների կողքին, ու բոլորը մտածում են, որ վատ չէր լինի սուրճ խմել, ով ամենից մոտ է նստած սրճեփին, նա էլ սուրճ է պատրաստում: Ու  սովորական բան է, որ գեներալները սուրճ եփեն իրենց զինվորների համար: Իսրայելի բանակը լավագույն օրինակն է հիերարխիայի բոլոր օղակների համար: Այստեղ կողք կողքի ծառայում են միլիոնատերերի, քաղաքական էլիտայի, տաքսիստների ու խոհարարների երեխաները: Ու զարմանաի չէ, որ Իսրայելի բանակը սոցիալական ամենաամուր ցանցն է, հետագա գործնական հարաբերությունների հիմքը:

Գործարար Ջոնաթան Մեդվեդն ասում է. «Շատ բան  կարելի է  ասել հասարակության մասին`  հիմնվելով այն բանի վրա, թե ինչպես է այդ հասարակությունը խոսում իր էլիտայի մասին: Իսրայելն այն միակ տեղն է, որտեղ յուրաքանչյուր մարդ, որ իշխանություն ունի, այդ թվում նաև վարչապետը, բանակի գեներալները, մականուններ ունեն, որոնք օգտագործում են բոլորը, ներառյալ` ժողովրդական զանգվածները»: Օրինակ` Բենյամին Նաթանյահուին ու Արիել Շարոնին Բիբի ու Արիկ մականուններով  են կնքել: 1980-ականներին գլխավոր շտաբի պետ Մոշե Լևիին անվանում են Մոշե Վա-Խեցի (կես Մոշե), քանի որ  կարճահասակ է:

Իսրայելացիները անհաջողություններից չեն հուսահատվում: Նրանք կարծում են, որ առանց «կառուցողական կամ ինտելեկտուալ անհաջողությունների», ինչպես իրենք են ասում, չի կարելի իսկական նորարարության հասնել: Այն իսրայելցի գործարարը, որը մի շարք անհաջողություններ է ունեցել, անհաջողակ չի համարվում: Նրա բացասական փորձն էլ արժեքավոր ակտիվ է համարվում:

Պետության հիմնադրումից սկսած` իսրայելացիները խորապես գիտակցել են, որ մոտ և հեռավոր ապագան միշտ էլ հարցականի տակ է: Եթե իսրայելցի գործարարը մի գործնական գաղափար է ունենում, ապա անմիջապես սկսում է իրագործել այն: Դա, իհարկե, լավ է գործի համար: Եթե երկար ես մտածում, ապա դա կարող է հանգեցնել մի վիճակի, երբ սկսում ես կասկածել` գուցե ինչ-որ բան այն չէ:

Եթե իսրայելացին տարվա վերջին ռադիոյով լսում է, որ ներհոսքը նվազել է, ապա դա ընկալվում է որպես վատ նորություն, ասես  խոսքը տեղումների քանակի նվազման մասին է: Ընտրությունների շրջանում տարբեր կուսակցությունների թեկնածուները հայտարարում են, որ իրենց պաշտոնավարման ժամանակ կկարողանան ևս 1 մլն ներգաղթողների հրավիրել երկիր: Իսրայելի բնակչությունն իր գոյության 60 տարիների ընթացքում աճել է 12 անգամ, իսկ տնտեսությունը մեծացել է  50 անգամ: 1968-1989 թթ. Իսրայելի կառավարությունը 112,5 մլն դոլար է վճարել Ռումինիայի բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուին ավելի քան 40,5 հազար հրեաներին ազատ արձակելու համար (յուրաքանչյուր հրեայի համար` 2,8 հազար դոլար):

Իր բոլոր խնդիրներով հանդերձ, իսրայելացին մի շատ կարևոր առավելություն ունի` նպատակի զգացողություն: Իսրայելը նավթ կամ բարեբեր հող չունի, ոչ մի ցամաքային սահման չունի, որով հնարավոր լինի արտաքին առևտուր անել: Բոլոր նյութական արժեքները ստեղծում է գործարարների բանակը:

«Հրեա ժողովրդի ամենամեծ ներդրումը մարդկության պատմության մեջ  չբավարարված լինելու զգացումն է: Դա վատ է քաղաքականության համար, սակայն շատ լավ` գիտության համար: Անընդհատ ցանկանում է փոխել ու փոխվել»: Այս թեզով Շիմոն Պերեսն ընդգծում է, որ գիտական ու շուրջգիտական վեճերը, սովորելու մշտական ցանկությունն ու նույնիսկ կատարյալը ստիպում են տնտեսությանը շարժվել դեպի վեր ու ամենակարևորը` բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը: Իսրայելցի մայրիկը երջանիկ կլինի, եթե իր երեխան դոկտոր կամ իրավաբան դառնա, սակայն առնվազն կհպարտանա, եթե իր զավակը ձեռներեց, գործարար դառնա: Իսրայելական ընտանիքը երեխային խանձարուրից գիտությունների դոկտոր, գործատեր է մեծացնում: Երկուսն էլ պատվավոր դերեր են արագ զարգացող հասարակության համար:

Բեն Հուրիոն` Իսրայել պետության  ստեղծողն ու  առաջին վարչապետը

Նա սիոնիստական շարժման հիմնադիրն է, որը համաշխարհային պատմության մեջ մտել է նաև որպես նոր Իսրայել պետության հիմնադիր: Նրա ողջ կյանքը ստորադասված էր  իր նախնիների երկրում հրեական պետության վերածնմանը: Կառավարություն է ստեղծել ու պայքարել Իսրայելի ճանաչման համար,  հեռացել է ու կրկին վերադարձել մեծ քաղաքականություն: Իր նպատակին հասել է 1948-ին: Ժամանակակից քաղաքական գործիչները նրան  Չերչիլի, Շառլ դը Գոլի և Ռուզվելտի շարքն են դասում: Նրա պատվին է անվանակոչվել միջազգային օդանավակայանը Թել Ավիվում, նրա անունով փողոց կա Երուսաղեմում և համալսարան` Նեգևում:

Նրա իսկական անունը Դևիդ Գրին է: Ծնվել է Վարշավայից ոչ հեռու, լեհական հրեաների ընտանիքում: Նրա հայրը քաղաքական սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Գերցելի ընկերն էր: Պատահական չէ, որ նա փոքր հասակից սիոնիզմի գաղափարներով էր տարված:  20-ամյա իրավաբանը 1906-ին Լեհաստանից  արտագաղթեց ու նախնյաց հողին ոտք դնելով` փոխեց իր անունն ավելի հրեական Բեն Հուրիոնով («երիտասարդ առյուծ»)` ի պատիվ  հռոմեական դարաշրջանի հրեա զորավարի: Իսրայելում նա  իսկույն առաջ գնաց:  Նրա մասին Ամոս Օզը գրել է, որ «պետության այն վաղ ժամանակաշրջանում շատ իսրայելցիներ նրա մեջ տեսնում էին Մովսեսին, Ջորջ Վաշինգտոնին, Գարիբալդիին ու Բարձրյալին»:

Առաջին աշխարհամարտի ժամանակ նա մեկնեց Ամերիկա, ուր երիտասարդ հրեաներին համոզում էր պատմական հայրենիք վերադառնալ:

1947-ին Հուրիոնը  կազմակերպեց հրեական Պաղեստինի մարտական պատրաստության ուսումնասիրությունը, քանի որ գիտեր, որ Իսրայելի անկախության հռչակումը կհանգեցնի պատերազմի: Նա օրեր ու գիշերներ էր անցկացնում զինվորական  գործի մասնագետների հետ, լսում նրանց ու քննում նրանց կարծիքները: Ավելի քան 6 ամիս անց ՄԱԿ-ը կյանքի կոչեց Պաղեստինը հրեական ու արաբական պետությունների բաժանելու որոշումը:  Բեն Հուրիոնը դարձավ Իսրայել պետության ժամանակավոր վարչապետը: Նա նպաստեց հրեական ժողովրդի ինքնիշխանության վերականգնմանը: Արաբական պետությունները խիստ դժգոհ էին դրանից ու սկսեցին Իսրայելի դեմ մարտական գործողություններ ծավալել: Բեն Հուրիոնը գլխավորեց երիտասարդ պետության սահմանների պաշտպանությունը:

Նա  հրեական պետության տեսիլքը վերածեց գործող ազգային պետության: Բեն Հուրիոնն է գլխավորել այն գործողությունները, որոնց արդյունքում կառուցվել է  երկիրը: Նրա առջև ծառացած խնդիրները շատ բարդ էին:  Դրանցից մեկն էլ 1930-ականներից մինչև Հոլոքոստի ավարտը ներգաղթյալների հոսքն ընդունելն էր: Նրանց մի մասը համակենտրոնացման ճամաբարներում էր, մի մասին հաջողվել էր փախչել Պաղեստին, մյուսներին տարբեր երկրներում մերժել էին  կացարան տրամադրել, և  նրանք ստիպված էին թաքնվել: Իսկ 1939-ին, երբ Բրիտանիայի կառավարությունը գաղութարարություն էր իրականացնում Պաղեստինում, սահմանափակեց  հրեաների ներգաղթը: Այդ քաղաքականությունը հայտնի է «Սպիտակ թուղթ» անվամբ:

Դրան ի պատասխան`  Հուրիոնը երկու  կազմակերպություն ստեղծեց, որոնք առաջին հայացքից իրար հակասող էին: Սկզբում նա ոգեշնչեց ու կազմակերպեց շատ հրեաների հետդարձը Եվրոպա, որ նրանք  բրիտանական բանակի «հրեական գումարտակներ» մտնեին ու  բրիտանացիների հետ կռվեին նացիստների դեմ: Միաժամանակ նա ընդհատակյա  գործակալություն էր ստեղծել, որի խնդիրն էր Եվրոպայի հրեա փախստականներին գաղտնի Պաղեստին ուղարկել` հակառակ Բրիտանիայի արտագաղթի քաղաքականության: Այդպիսով, Հուրիոնը Եվրոպայում կռվում էր բրիտանացիների հետ ու Պաղեստինում էլ պայքարում էր նրանց դեմ:

Բեն Հուրիոնը սևեռվել էր ցանկացած պայմանով պետություն ստեղծելու գաղափարի վրա: Նա բավականաչափ համբերություն չուներ, որ փորձեր կատարեր քաղաքականության  մեջ, որը նրա համոզմամբ ստեղծված էր միայն մարքսիստական գաղափարախոսությունն իրականացնելու համար: Նա համոզված էր, որ գաղութացման ծրագրի իրականացումը Իսրայելի ինքնիշխանության միակ հնարավոր երաշխիքն էր, հակառակ պարագայում չբնակեցված կամ թույլ բնակեցված շրջանների վրա թշնամին աչք կդներ ու միջազգային ընկերակցության միջոցով տարածքները կվիճարկեր:  Մյուս կողմից` խիտ բնակեցված քաղաքները կարող էին թշնամական օդուժի համար թիրախ դառնալ: Այդ հանգամանքը պատճառ դարձավ, որ բնակչությունը երկրով մեկ ցրված բնակություն հաստատեր: Բեն Հուրիոնը հասկանում էր նաև, որ մարդիկ սեփական կամքով  չէին գնա բնակություն հաստատելու քաղաքային կենտրոններից հեռու, եթե  կառավարությունն ինքը գաղութացման ծրագիրն իր ձեռքը չվերցներ ու վերաբնակների համար զեղչեր չնախատեսեր:

Բեն Հուրիոնը վարչապետ էր մինչև 1953 թ., կուսակցության ներքին հակասությունները ստիպեցին նրան հեռանալ:1955-ին նա ընտրութուններում հաղթեց ու կրկին վարչապետ դարձավ: Մեծ քաղաքականությունից նա հեռացավ 1970-ին ու գրական գործունեություն սկսեց:

Բեն Հուրիոնը մահկանացուն կնքեց 1973 թ. դեկտեմբերի 1-ին:

Հատվածներ «Խելացի մարդկանց ազգը» գրքից

Սիրիան կարող է Աֆղանստանին նմանվել. Աբդուլահ Գյուլ

գյուլ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել է, որ Սիրիան Միջերկրածովյան տարածաշրջանում կարող է վերածվել Աֆղանստանի նման մի երկրի, եթե միջազգային հանրությունը չաջակցի հակամարտության կարգավորմանը: Այս մասին հաղորդում է թուրքական «Հյուրիյեթը»: Գյուլի խոսքերով՝ եթե միջազգային հանրությունը ժամանակին միջամտեր Սիրիայում ստեղծված պատերազմական իրավիճակին, հնարավոր կլիներ խուսափել այսչափ զոհերից:

Նշենք, որ Սիրիայում ներքաղաքական պայքարի սկզբից ի վեր՝ 2011 թվականի մարտից, զոհվել է շուրջ 115 հազար մարդ, մոտ 4,5 մլն մարդ է լքել երկիրը, որոնցից  2 մլն բնակեցվել է հարևան երկրներում տեղակայված ճամբարներում՝ Լիբանանում, Իրաքում, Թուրքիայում և Հորդանանում:

Բաշար Ասադը բռնապետ է. ԱՄՆ պետքարտուղարություն

Բաշար Ասադ,ԱՄՆ պետքարտուղարությունԱՄՆ պետքարտուղարությունը գտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բռնապետ է, որը մասնակից է խաղաղ բնակչության սպանությանը, և ապագայում Սիրիայում նրա համար տեղ չկա: Այս մասին է հաղորդում թուրքական «Հաբերլերը»՝ վկայակոչելով պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսաքի հայտարարությունը՝ արված Ասադի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ելույթի շուրջ: «Մեր նպատակը ամեն հաղորդագրությանը արձագանքելը չէ, այլ Ժնև-2 համաժողովին պատրաստվելը: Ինչ վերաբերվում է Ասադին, ապա մեր դիրքորոշումը այս հարցում չի փոխվել: Նա բռնապետ է, որը սպանել է ավելի քան հարյուր հազար մարդու և նա տեղ չունի ապագա Սիրիայում»,-հայտարարել է Պսաքին:

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Մեդվեդևը հայտարարել էր, որ Սիրիայի նախագահին երկրի ապագայի հարցի շուրջ բանակցություններից հեռացնելը իրատեսական չէ և դրա փոխարեն անհրաժեշտ է քննարկել նրան անվտանգության երաշխիքներ տալու հարցը:

Թուրքիան ցանկանում է տարանցիկ երկիր դառնալ իսրայելական գազի համար

turk-israelԹուրքական «Zorlu» հոլդինգը բանակցություններ է սկսել իսրայելական ընկերության հետ Իսրայելից Թուրքիա գազի խողովակաշար անցկացնելու վերաբերյալ: Սակայն թուրքական «Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ կողմերին չի հաջողվում համաձայնության գալ թուրք-իսրայելական լարված հարաբերությունների պատճառով: «Թուրքիան կախում ունի այլ երկրների գազի մատակարարումից: Մենք հույս ունենք նոր գործընկեր ձեռք բերելու և դառնալու տարանցիկ երկիր դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում»,-հայտարարել է «Zorlu» հոլդինգի ղեկավար Օմեր Յունգյուլը: Մասնագետների գնահատմամբ՝ նախագիծը 3,5 մլն դոլարի արժեք ունի:

Հիշեցնենք, որ երկու պետությունների հարաբերությունները լարվեցին այն բանից հետո, երբ 2010 թվականի մայիսին իսրայելական հատուկ նշանակության ջոկատները հարձակում կատարեցին թուրքական «Mavi Marmara» նավի վրա՝ դառնալով 10 մարդու մահվան պատճառ: Չնայած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս դեպքի համար պաշտոնապես ներողություն խնդրեց Թուրքիայից, այնուհանդերձ թուրք-իսրայելական հարաբերություններում առաջընթաց չի նկատվում:

Մուհամադ Մուրսին դատալսումից խուսափելու համար ձևացրել է, թե սրտի կաթված է ստացել

 Մուհամադ Մուրսի   Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամադ Մուրսին սարսափելի վախենում է իր նկատմամբ հարուցված դատական գործի սկսվելուց: Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ գաղտնի տեղում պահվող Մուրսին ձևացրել է, թե սրտի կաթված է ստացել, որպեսզի խուսափի նոյեմբերի 4-ին դատարան ներկայանալուց: Աղբյուրների համաձայն՝ նախկին նախագահը գտնվում է շատ ճնշված և նյարդային վիճակում և դատալսման օրվա մոտենալու հետ մեկտեղ մոտ է հիստերիայի մեջ ընկնելուն: Նախագահի հոգեզգացական վիճակը գնալով վատանում է: Նա գանգատներ ունի սրտի շրջանում սուր ցավերի պատճառով, սակայն նրան զննած բժիշկները չեն տվել սրտի կաթվածի ախտորոշում: Մուրսիին թուլատրվում է պարբերաբար հեռախոսով խոսել ընտանիքի հետ, որոնց հետ նա քննարկում է դատարանում իրենց ներկայացնող փաստաբանների հարցը:

Այնուհանդերձ առայժմ հայտնի չէ, թե որտեղ է պահվում Մուհամադ Մուրսին հուլիս ամսին Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո:

Սիրիայում ոչնչացվել են քիմիական զենքի արտադրության բոլոր սարքավորումները

i (5)Սիրիայում ամբողջովին ոչնչացվել են քիմիական զենքի արտադրության սարքավորումները: Քիմիական զենքն արգելող կազմակերպության մասնագետները , որոնք Սիրիա էին մեկնել հոկտեմբերի սկզբին` Բաշար Ասադի պաշտոնական թույլտվությունից  անմիջապես հետո, հայտնել են  քիմիական զենք արտադրող հայտարարագրված բոլոր սարքավորումների ոչնչացման մասին:

Ինչպես  նշել են Քիմիական զենքն արգելող կազմակերպությունից, սա առաջին դեպքն է, երբ փորձագետները քիմիական զենք են ոչնչացնում մի երկրում, որտեղ պատերազմ է: Ավելի վաղ հայտնվում էր, որ մարտագլխիկներն ու ավիառումբերը պատրաստվում են ճզմել ծանր բեռնատարների անիվների տակ:

 

Չնայած բողոքի ցույցերին՝ Իսրայելը ազատ է արձակել պաղեստինցի բանտարկյալներին

Իսրայել,Պաղեստին, բանտարկյալներԻսրայելը չորեքշաբթի առավոտյան ազատ է արձակել 26 պաղեստինցի բանտարկյալների՝ խթանելով երկու երկրների միջև խաղաղ բանակցությունները:

Սա պայմանավորված ազատվելիք չորս խմբերից՝ ընդհանուր 100 բանտարկայլ, ազտված բանտարկայլների երկրորդ խումբն էր:

Պաղեստինի բանտային իշխանությունները հաստատել են, որ 21 բանտարկյալներ ազատ են արձակվել Արևմտյան ափին, իսկ մյուս հինգը՝ Գազայում:

Ազատված բանտարկայլներով ավտոբուսներին Արևմտյան ափին ուրախության ճիչերով դիմավորել են նրանց ընտանիքները:

Սակայն որոշ իսրայելցիներ դժգոհ են մնացել բանտարկյալներին ազատելու փաստից և բողոքի ցույց են կազմակերպել Արևմտյան ափի բանտի մոտակայքում, որտեղ նախքան ազատվելը պահվում էին բանտարկյալները:

Իսրայելի վարչապետ Բինյամին Նաթանյահուն հայտնել է, որ պաղեստինցի բանտարկյալներին ազատելու որոշում կայացնելը իր կարիերայի ամենաբարդ որոշումն է եղել:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը ողջունել է բանտարկյալներին ազատ արձակելու փաստը: Սակայն նա զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագիր չի կնքվի մինչև բոլոր պաղեստինցի բանտարկյալները ազատ չարձակվեն:

 

Սիրիայում գրոհայինները Թուրքիայի սահմանի մոտ քիմիական զենք են կիրառել

i (1)Սիրիացի գրոհայինները կրկին թունավորող նյութով զենք են կիրառել Ռաս-էլ-Այն քաղաքի մոտ, որը գտնվում է Թուրքիայի սահմանից ոչ հեռու:

Քուրդ զինվորների խոսքով, պայթյունի տեղում դեղին ծխասյուն է բարձրացել, իսկ զինվորների մոտ թունավորման նշաններ են ի հայտ եկել: Սակայն, քիմիական զենքի կիրառման մասին պաշտոնական տեղեկացում երկրի իշխանությունների կողմից չի եղել:

Չնայած դրան, երկրի հարավ Արևելքում տարհանել են շուրջ 2 հազար խաղաղ բնակիչների:  Որպեսզի բնակչությունը կարողանա հեռանալ վտանգավոր վայրից, բանակն ու գրոհայինները ժամանակավորապես դադարեցրել են մարտերը Դամասկոսի մոտ: Տարհանվողներին օգնություն են ցուցաբերում Կարմիր խաչն ու մյուս իրավապաշտպան կազմակերպությունները:

Բաշար Ասադը համաներում է հայտարարել հանցագործ զինվորականների համար

asadՍիրիայի նախագահ Բաշար Ասադը համաներում է հայտարարել մինչև հոկտեմբերի 29-ը զինվորական ծառայության շրջանակներում հանցանք կատարածների համար: Այս որոշումը հրապարակվել է որպես կառավարության՝ համար 70-րդ համաներման հրամանագիր:

5 կետից բաղկացած հրամանագիրը ուշագրավ հիշատակում է պարունակում դասալիք զինվորների վերաբերյալ: Այսպես, եթե երկրի սահմաններից դուրս ծառայող սիրիացի զինվորները դիմել են դասալքության, ապա 90 օրվա ընթացքում զորամաս հետ գալու և ներկայանալու պարագայում նրանց ներում է շնորհվելու: Սա վերաբերում է նաև երկրի ներսում ծառայող զինվորներին, սակայն վերջիններիս հետ գալու համար 30 օր է տրվելու: «SANA» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հրամանագիրը ուժի մեջ կմտնի պետական պաշտոնաթերթում հրապարակվելուց հետո և կտարածվի մինչև հոկտեմբերի 29-ը հանցանք կատարածների վրա:

Սիրիայում տեսուչները չեն կարողացել մուտք գործել քիմիական զենքի կիրառման ծրագրի մաս կազմած 2 վայրեր

UN inspectors in SyriaՔիմիական զենքի համաշխարհային վերահսկման մարմինը հայտնել է, որ անվտանգության նկատառումներով իր տեսուչները չեն կարողացել մուտք գործել Սիրիայի քիմիական զենքի օգտագործման ծրագրի մաս կազմած երկու վայրեր:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ կիրակի օրվա դրությամբ տեսուչները կարողացել են մուտք գործել Դամասկոսի մատնանշած 23 թունավոր գազի կիրառման ծրագրի մաս կազմող վայրերից 21-ը:

Առաքելությունը իր հայտարարության մեջ չի նշել, թե ով է պատասխանատու անվտանգության հետ կապված խնդիրների համար, սակայն հայտնել է, որ երկու վայրերը մուտք գործելու համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով բանակցությունները կշարունակվեն:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ որոշ վայրեր մուտք գործելու համար հրադադար է անհրաժեշտ:

 

Սիրիական Հոմսում ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ

homsՍիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով մեկ մարդ է զոհվել, ավելի քան 40 հոգի վիրավորվել է: Թուրքական «Հաբերլերի» փոխանցմամբ՝ ականապատ մեքենան պայթել է քաղաքի հարավային մասում տեղակայված հրապարակում: Տուժածների թվում կան նաև կանայք և երեխաներ:

Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների պաշտպանության մշտադիտարկման սիրիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպության հաղորդմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել գլխավորապես ալավիներով բնակեցված թաղամասում:

Նշենք, որ վերջին ամիսներին Սիրիայում բազմաթիվ բախումներ են գրանցվել ընդդիմությանը աջակցող սունիների և Բաշար Ասադի վարչակարգի կողմակից ալավիների միջև:

 

Սիրիայի տարածքի մեծ մասը հոսանքազրկվել է

i (1)Դամասկոսից ոչ հեռու  մի շարք պայթյունների հետևանքով վնասվել է գազատարը, որը գազ էր մատակարարում երկրի հարավում տեղակայված էլեկտրակայաններին:

Իշխանությունների հավաստմամբ, հոսանքն անջատվել է ինչպես ամբողջ Դամասկոսում, այնպես էլ երկրի գրեթե բոլոր տարածաշրջաններում: Այդ պայթյունների համար Սիրիայի կառավարությունը մեղադրում է ընդդիմադիրներին:

Թուրք-իրաքյան հարաբերություններում դրական առաջընթաց է նկատվում

irak  «TRT Haber»-ի փոխանցմամբ՝ Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զիբարին ուրբաթ օրը կայցելի Թուրքիա: Այցի շրջանակներում քննարկվելու են երկկողմ համագործակցության, սիրիական ճգնաժամի, տնտեսական և տարածաշրջանային մի շարք հարցեր:

Պետք է նշել, որ վերջին տարում թուրք-իրաքյան հարաբերություններում որոշակի լարվածություն է նկատվում: Ավելի վաղ Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքը հայտարարել էր, թե Թուրքիան  տարածաշրջանի բոլոր երկրների համար վերածվում է թշնամու «տարածաշրջանում գերակշիռ դիրք գրավելու և հարևանների գործերի մեջ խառնվելու փորձերի հետևանքով»: Ի պատասխան այս հայտարարությանը՝ վարչապետ Էրդողանը նշել էր, որ Իրաքը առաջին հերթին պետք է լուծի իր ներքին խնդիրները և ապա հարևաններին մեղադրի թշնամական վերաբերմունք դրսևորելու մեջ: Կողմերի միջև լարվածությունը սրվեց Թուրքիայի և Հյուսիսային Իրաքի միջև էներգետիկ համագործակցության պատճառով: Թուրքիան իրաքյան նավթի ու գազի հիմնական սպառողն է:

Բաշար Ասադին «Մի՛ հանձնվիր» գրությամբ դրոշ են նվիրել

Բաշար Ասադ,սիրիաԺողովրդավար կանանց միջազգային կազմակերպությունից մի պատվիրակություն այցելել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Վերջինս կանանց հետ անկեղծ զրույց է ունեցել՝ ներկայացնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը: Կանայք հույս են հայտնել, որ տարածաշրջանում ծավալված անխաղաղ վիճակն ու հակամարդությունը վաղ թե ուշ կավարտվի:

Թուրքական «Ռադիկալը» հաղորդում է, որ հանդիպման ժամանակ նախագահ Ասադի հյուրերը նրան հիշարժան իր են նվիրել՝ սպիտակ դրոշ, որի վրա կարմիր տառերով գրված է «Մի՛ հանձնվիր»: Այս արտահայտությունը բազմիցս օգտագործվել է Ստամբուլի «Գեզի» այգու համար պայքարի ժամանակ: Հյուրերի հետ համատեղ լուսանկարը, որտեղ Ասադը իր ձեռքում պահում է վերոհիշյալ դրոշը, հայտնվել է նախագահի «Instagram»-ի էջում, որտեղ նա գրանցված է «Syrianpresidency» անունով:

 

 

Ասադը Սիրիայի քրդերին հաշտության և խաղաղության կոչ է արել

ասադՍիրիայի նախագահ Բաշար Ասադը երկրի քուրդ ազգաբնակչությանը խաղաղության կոչ է արել: Այս մասին հաղորդում է «Հաբեր 7» հեռուսաալիքը՝ հղում կատարելով Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարության դիվանագիտական աղբյուրներ վրա: Հայտնի է, որ Ասադը քրդերին խոստացել է, որ հաշտության գալու պարագայում իրենք կստանան 18 խորհրդարանական մանդատ:
Տեղեկություն կա նաև, որ քրդերի հետ համաձայնության գալու նպատակով Սիրիայից հատուկ պատվիրակություն է մեկնել Էրբիլ, որը հանդիսանում է ոչ միայն Հյուսիսային Իրաքի այլ նաև Սիրիայի քրդերի քաղաքական կենտրոնը: Հաղորդվում է, որ Հյուսիսային Իրաքի նախագահ Մեսուտ Բարզանին բանակցությունների համար հրավիրվել է Դամասկոս, սակայն նա հրաժարվել է այս այցելությունից:

 

Լիբանանում առևանգված երկու թուրք օդաչուները ազատ կարձակվեն

թուրք օդաչուԱյս տարվա օգոստոս ամսին Լիբանանում առևանգված երկու թուրք
օդաչուները շուտով ազատ կարձակվեն: Այս մասին հայտարարել է Լիբանանի ներքին գործերի նախարար Մարվան Շարբելը՝ չմանրամասնելով գերիների ազատման մանրամասները:
Թուրքական ավիաուղիների աշխատակից օդաչուները գերի էին ընկել Բեյրութում հյուրանոց գնալու ճանապարհին: Նրանց առևանգման պատասխանատվությունը ստանձնել էր «Զուվար ալ Ռիդա» խմբավորումը: Ավելի վաղ «Ահ Նահար» թերթը հաղորդել էր, որ գերիներին անհայտ ուղղությամբ են տարել այն բանից հետո, երբ լիբանանյան ոստիկանությունը հայտնաբերել է նրանց գտնվելու վայրը:

 

 

Կահիրեում կրկին զանգվածային բախումներ են, կան տուժածներ

ԵգիպտոսԵգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի հազարավոր կողմնակիցները կրկին բողոքի ցույցերի են դուրս եկել Կահիրեում՝ դժգոհության արտահայտություններ անելով բանակի ղեկավար գեներալ Աբդել Ֆաթահ աս Սիսի հասցեին: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը: Կահիրեի հարավային մասում տեղի ունեցած բազմահազարանոց ցույցի ժամանակ զանգվածային բախումների հետևանքով մեկ հոգի հրազենային վնասվածք է ստացել, 4 մարդ վիրավորվել է:
Մուրսիի կողմնակից իսլամիստները բազմամարդ ցույցեր են անցկացրել նաև Եգիպտոսի մյուս քաղաքներում՝ Ալեքսանդրիայում և Բուհայրայի շրջանում: Ի տարբերություն հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի, որոնց ընթացքում սպանվեցին «Մուսուլման եղբայրների» տասնյակ կողմնակիցներ, երեկվա ցույցը անցել է համեմատաբար հանգիստ, առանց միջադեպերի:

 

 

Քիմիական զենքը հնարավոր է ոչնչացնեն Սիրիայի սահմաններից դուրս

157 (1)Փորձագետները դեռ չեն որոշել, թե ինչպես պետք է ոչնչացնեն քիմիական զենքը: Հնարավոր է դա անեն  Սիրիայի սահմաններից դուրս: Սակայն ռուս դիվանագետները նշում են, որ ինչ որ բան հասատատ ասել դեռևս անհնար է: Ավելի վաղ ԱՄ Պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերին հայտարարել էր, որ քիմիական զենքը պետք է հնարավորինս շուտ հանել երկրից:

Ռուսական ԱԳՆ-ում ընդգծել են, որ Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը սեպտեմբերի 27-ին մի փաստաթուղթ է ընդունել, որում հաստատվում է, որ զենքի ոչնչացման հարցում պետք է կողմնորոշվել մինչև նոյեմբերի 15-ը: Մինչ այդ ամսաթիվը, մասնագետները պետք է  զենքի ոչնչացման պլան ու գրաֆիկ կազմեն: Ռուս դիվանագետները պարզաբանել են, որ մանրամասները քննարկվում են Հաագայում,  սիրիական քիմիական զենքի ոչնչացումը պլանավորող ոչ ֆորմալ խմբավորման կողմից.այնտեղ ներկա են նաև ՌԴ փորձագետներ:

 

Ահաբեկչությունների շարք Բաղդադում, 35 զոհ, 80 վիրավոր

Իրաք, Բաղդադ,ԱհաբեկչությունԲաղդադում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 35 մարդ է զոհվել, մոտ 80 հոգի վիրավորվել է: Ամենաարյունալի ահաբեկչությունը տեղի է ունեցել Բաղդադի կենտրոնական մասում տեղակայված ռեստորաններից մեկի մոտակայքում, որտեղ երկու ականապատ մեքենա է պայթել: Նմանօրինակ պայթյուն էլ տեղի է ունեցել քաղաքի հյուսիսարևելյան մասի շիական թաղամասում:

Ինչպես գրում է թուրքական «Հաբերլերը»՝ երեկ էլ Իրաքի հյուսիսում մահապարտի ինքնապայթեցման հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել: Իշխանությունները ենթադրում են, որ պայթյունները պետք է կապել Ալ-Քայիդա ահաբեկչական կազմակերպության հետ: Պետք է նշել, որ վերջին շրջանում Իրաքում սրվել է լարվածությունը իսլամական երկու հիմնական ուղղությունների ներկայացուցիչների՝ սունիների և շիաների միջև: