ԱՄՆ չի թույլատրել , որ Վենեսուելայի նախագահի ինքնաթիռն անցնի իր օդային սահմանով

nicolas-maduroՀինգշաբթի օրը Վենեսուելան մեղադրել է ԱՄՆ-ին Նիկոլաս Մադուրոյի ինքանթիռին Միացյալ Նահանգների օդային սահմանով անցնելու թույլատվություն չտալու համար:

Արտաքին գործերի նախարար Էլիաս Խաուան հայտնել է, որ Միացյալ Նահանգների պաշտոնյաները փակել են Պուերտո Ռիկոյից Չինաստան ուղևորվող Մադուրոյի ինքնաթիռի ճանապարհը:

Նա այս քայլը բնութագրել է որպես ագրեսիա և կոչ արել Միացյալ Նահանգների պետդեպարտամենտին բացատրել կատարվածը:

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Խաուայի հայտարարությունը ճիշտ չէ՝ ավելացնելով, որ իրենք իրականում թույլատրել են վենեսուելացիներին անցնել Միացյալ Նահանգների օդային տարածքով:

Մադուրոն պետական հեռուստաալիքներից մեկով հայտնել է, որ դա լուրջ խախտում է եղել:

Վենեսուելայի նախագահը խոստացել է քայլեր ձեռնարկել, ավելացնելով, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է նաև վիզաներ տրամադրել Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակից երկրի պատվիրակության անդամներին:

Պետդեպարտամենտից հայտնել են, որ վիզաներ չտրամադրելու մասին հայտարարությունը ևս ճիշտ չէ:

Մադուրոյի այցը Չինաստան նախատեսված է շաբաթ օրը: Խաուան հայտնել է, որ իրենք այլընտրանքային ճանապարհներ են փնտրում, որպեսզի այդ այցը տեղի ունենա:

 

Հրաբխի ժայթքման պատճառով 16 հազար մարդ է տարհանվել

880436Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով 16 հազար մարդ է տարհանվել. Նրանց տեղավորել են ժամանակավոր կացարաններում: 2,5 կմ բարձրությամբ Սինաբունգ հրաբուխը,որ գտնվում է Սումատրա կղզում, կիրակի արթնացել է երեքամյա քնից  ու  3 կմ-անոց մոխրասյուն արտանետել: Ինդոնեզիայի իշխանությունները նախազգուշացնում են վտանգի մասին ու տեղի ավիաընկերություններին խորհուրդ տալիս այդ շրջանում թռիչքներից առայժմ հրաժարվել:

Մետրոշինարարների անսպասելի գտածոն

o_826569Ավելի քան 200 հազար փաստանմուշ են հայտնաբերել Ռիո դե-Ժանեյրոյի մետրոշինարարները: Հնագետները ենթադրում են, որ գտածոն պատկանում է Բրազիլիայի վերջին կայսերական ընտանիքին`Դոն Պեդրու  II-ին:Դեկորատիվ զարդերի ու ամանեղենի կտորները, որ  թվագրվում են  XIX դարի կեսով, կուղարկվեն Պատմական ժառանգության ազգային ինստիտուտ` հետագա վերլուծության համար:

Նիգերիայում 87 մարդ է սպանվել

iՆիգերիայի հյուսիս-արևելքում գտնվող գյուղի վրա “Բոկո Հարամ” խմբավորման գրոհայինների հարձակման հետևանքով սպանվել է 87 մարդ:

Տեղի իշխանությունների տվյալներով, իսլամիստները կառավարական զինվորների անվան տակ ներթափանցել են գյուղ, ապա հսկիչ-անցագրային կետեր դրել ճանապարհի վրա ու սկսել են հրդեհել գյուղի տներն ու սպանել մեքենաներով անցնողներին:

“Բոկո Հարամ” արմատական իսլամական խմբավորմանը Նիգերիայի իշխանությունները մեղադրում են երկրի բազմաթիվ քաղաքացիների սպանության մեջ: Խմբավորման նպատակն է` Նիգերիան իսլամական պետության վերածելը:

Ահաբեկչության սպառնալիքի պատճառով Կահիրեի ստորգետնյա անցումը կաթվածահար է եղել

o_811367Կահիրեի մետրոպոլիտենի կայարաններից մեկում 2 ռումբ է հայտնաբերվել: Պայթյունի սպառնալիքի պատճառով գնացքների երթը դադարեցվել է, մի քանի կայարաններ փակ են, օպերատիվ միջոցառումներ են տարվում:

Վերջին շրջանում իսլամիստներն ավելի ու ավելի հաճախ են մետրոն օգտագործում` բողոքի ակցիաների ժամանակ տեղափոխվելով փողոցներից հրապարակներ: Նրանք արգելափակում են կայարանները, խոչընդոտում գնացքների տեղաշարժը:

Ռուս կինը Ճապոնիայում փորձել է խեղդել երեխային

o_656207Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացուն, որը փորձել է խեղդել 4-ամյա որդուն:

33-ամյա կինն իր ճապոնացի ամուսնու ու որդու հետ զբոսաշրջային մոտորանավակով Յամանակա լճում  էր: Նախնական տվյալներով`կինը երեխային նավակից դուրս է գցել: Ամուսինն իսկույն որդուն օգնելու համար դուրս է թռել: Տղային հաջողվել է փրկել, նրա առողջությանը հիմա ոչինչ չի սպառնում:

Ճապոնական ոստիկանության տվյալներով, կինը խոստովանել է, որ իրոք ցանկացել է խեղդել որդուն: Ճապոնիայում ՌԴ դեսպանությանը պաշտոնապես տեղեկացվել է կատարվածի մասին:

Մեքսիկայում թայֆունի զոհերի թիվը հասել է 80-ի

o_826207Մեքսիկայում աճում է ջրհեղեղի զոհերի թիվը: Աղետի հետևանքով 80 մարդ է զոհվել: Երկրին Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսներից միանգամից 2 ցիկլոն է պատուհասել:

Ընդհանուր առմամբ, տուժել է ավելի քան միլիոն մեքսիկացի: Շատերը զրկվել են օթևանից: Լուրջ ավերածություններ են եղել Ակապուլկոյում: Շաբաթվա սկզբից այնտեղ չեն գործում օդանավակայանները,ջրասույզ են տերմինալները, հոսանք չկա: Տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ չեն կարողանում հայրենիք վերադառնալ: Նրանց հարևան քաղաքներ հասցնելու նպատակով գործի են դրվել ռազմական ուղղաթիռներ:

Բայց բոլորը չէ, որ հուսահատվում են. ոմանք այս հնարավորությունն օգտագործում են քաղաքի փողոցներում սկուտերով զբոսնելու համար:

Պետական դրոշի օրը` Հարավային Օսիայում

742250271Այսօր Հարավային Օսիայում առաջին անգամ կնշեն Պետական դրոշի օրը: Տոնակատարությունը սկսվել է առավոտյան Ցխինվալ քաղաքի կենտրոնական հրապարակից: Հարավային Օսիայի դրոշն ուղղանկյուն է, բաղկացած 3 հավասարաչափ` սպիտակ, կարմիր ու դեղին (ոսկեգույն) գույնի շերտերից:

Դրոշի գույնը խորհրդանշում է ազգային գիտակցության  3 գլխավոր արժեքները: Սպիտակը մարմնավորում է արդարության, մաքրության ու սրբազան փառքի գաղափարները, կարմիրը` խորհրդանշում է  խիզախություն ու արիություն, իսկ ոսկեգույնը կամ դեղինը` երկնքից ու արևից տարածվող  բարի, երջանիկ ու բարեկեցիկ աշխարհի գունային  մարմնավորումն է:

Կանադայում երկհարկանի ավտոբուսի և գնացքի բախումից վեց մարդ է զոհվել, 11 մարդ ծանր վիճակում է

train collided- a double-decker bus -Ottawa2Օտտավայում մարդատար գնացքը բախվել է երկհարկանի ավտոբուսին, որի հետևանքով մահացել է վեց և ծանր վիրավորվել 11 մարդ:

Ականատեսների խոսքով ավտոբուսը անցել էր փակ արգելապատնեշով:

Սա հուլիսին տասնյակ մարդկանց կյանք խլած նավթատար գնացքի վթարից հետո Կանադայում տեղի ունեցած գնացքի ամենամեծ վթարն էր:

train collided- a double-decker bus -OttawaՕտտավայի հրշեջ ծառայության ներկայացուցիչը հայտնում է, որ  ավտոբուսի  մի շարք ուղևորներ են վիրավորվել, իսկ Twitter-ում տեղադրված հայտարարության համաձայն՝ գնացքի անձնակազմի անդամներից կամ ուղևորներից տուժածներ չկան:

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը Twitter կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ցավակցել էր դժբախտ պատահարից տուժածների հարազատներին:

Վթարը տեղի էր ունեցել Կանադայի մայրաքաղաք Օտտավայի արևմտյան հատվածում:

 

Մարոկկոյից հարյուրավոր փախստականներ գրոհով Իսպանիայի սահմանն են հատել (տեսանյութ)

m_825758Հարյուրավոր մարոկկացիներ փորձել են գրոհով անցնել Իսպանիայի սահմանը` հուսալով այնտեղ լավ կյանք գտնել: 300 աֆրիկացիները քանդել են 6-մետրանոց պատնեշը, որն իսպանական Մելիլյան բաժանում է Մարոկկոյից: Այնտեղ նրանք բախվել են ոստիկանության հետ:Տուժել է 7 մարդ: Բայց, այնուամենայնիվ, հարյուր երջանիկների հաջողվել է  բացել “Եվրոպայի լուսամուտը”: Դրա մասին հայտնել են Իսպանիայի իշխանությունները: Նրանց տվյալներով, Աֆրիկայի հյուսիսում տիրող անհանգիստ իրավիճակը ստիպում է հազարավոր մարդկանց ապաստան գտնել Իսպանիայում: Սակայն  եվրոպական երկրի տարածք գերադասում են ընկնել անօրինական ճանապարհով: Ոստիկանական ուղղաթիռից արված տեսանյութում  տեսանելի է  միգրանտների ամբոխը, որը հատում է սահմանային արգելապատնեշը:

Իրավապաշտպաններն ասում են, որ Իսպանիա են վազում ոչ միայն մարոկկացիները: Այդ ճանապարհով Իսպանիա են փախչում աֆրիկյան մյուս պետությունների քաղաքացիներ: Հաճախ նրանք փորձում են սահմանն անցնել Միջերկրական ծովով` ինքնաշեն լողասարքերով: Օրերս այդ կողմերում նման նավ է բեկվել. մեկ մարդ զոհվել է, ավելի քան տասը մարդ անհետ կորել է:

40 հազար զբոսաշրջիկ` ջրհեղեղի գերության մեջ

iՄեքսիկական Ակապուլկոյից չի կարողանում վերադառնալ 40 հազար զբոսաշրջիկ: Օդանավակայանը փակվել է ջրհեղեղի պատճառով:

Թռիչքուղին ու տերմինալներն ամբողջությամբ ջրի տակ են հայտնվել: Մեքսիկայի նախագահ Պենյա Նետտոյի ինքաթիռը վերջինն է վայրէջք կատարել, որից հետո օդանավակայանը փակվել է: Պետության ղեկավարը տուժած շրջաններ է այցելել:

Մեքսիկայում տեղատարափ անձրևները չեն դադարում: Նախօրեին տարածաշրջանին հարվածեց արևադարձային “Մանուել” փոթորիկը: Աղետի հետևանքով զոհվել է 30 մարդ, տասնյակ մարդիկ էլ անհետ կորած են համարվում:

Ավստրալիայի նոր վարչապետը պաշտոնապես անցել է պարտականությունների կատարմանը

i (1)Թոնի Էբոթը երդվել է ու անցել Ավստրալիայի վարչապետի պարտականությունների կատարմանը:

Լիբերալ-Ազգային կոալիցիայի առաջնորդը, որը  հաղթել էր սեպտեմբերի 7-ին կայացած համընդհանուր ընտրություններում, ներկայացրել է կառավարության նոր կազմը: Նրա խոսքով,  այդ կաբինետում “երկրի ամենափորձառու նախարարներն են”:

Իր հաղթանակից  անմիջապես հետո  Էբոթը խոստացավ, որ մեկ տարում կլուծի երկրի խնդիրները. կվերացնի ջերմոցային գազերի արտանետումների համար գանձվող հարկերը, Ասիայից արտագաղթող  հազարավոր նավերի առաջ արգելապատնեշ կդնի, իսկ բյուջեն  ավելցուկ կտա:

Բրազիլիայի նախագահը հետաձգել է ԱՄՆ կատարելիք այցը լրտեսության կասկածանքով

iԴիլմա Ռուսեֆը որոշել է ԱՄՆ կատարելիք այցը հետաձգել` ուսումնասիրելով ավելի վաղ հրապարակված փաստաթղթերը:

Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Սնոուդենի հրապարակած փաստաթղթերում ասվում է, որ ԱՄՆ  Ազգային անվտանգության գործակալությունը (ԱԱԳ)  գաղտնալսում է  Ռուսեֆի հեռախոսազրույցներն  ու հետևում  էլեկտրոնային հաղորդագրություններին, ինչպես նաև նախագահի օգնականների բանակցություններին: Բացի այդ, լրտեսում է բրազիլական  նավթային Petrobras ընկերությանը:

Առյուծը հոշոտել է եթովպիական կենդանաբանական այգու պահակին

առյուծԵթովպիայի մայրաքաղաք Ադիս -Աբեբայում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Պահակը մոռացել է փակել վանդակի դուռը, որտեղ քնած էր Կենենիս անունով առյուծը, և գազանը հաշված րոպեներում գզել է խեղճ մարդուն: Պահակախումբը փորձել է վախեցնել գիշատիչին` օդ կրակելով, սակայն դա չի օգնել քշել գազանին, հաղորդում է AFP-ը:

Ողբերգությունը կատարվել է, երբ  51-ամյա պահակ Աբեր Սիսլեյը մաքրել է առյուծի վանդակը, որին  կոչել են եթովպիական հայտնի վազող Կենենիս Բեկելի անունով: Տղամարդը մոռացել է փակել այն դուռը, որտեղ քնած է եղել գիշատիչը: Արդյունքում առյուծը հարձակվել է պահակի վրա և 15 րոպեում հոշոտել   նրան:Օգնության են հասել զինված ոստիկանները, բայց ոչինչ չեն կարողացել անել:

Այժմ կենդանաբանական այգին, որտեղ օրական մինչև 2000  մարդ է այցելում,  շրջափակված է, նրա ղեկավարությունը պաշտոնապես ցավակցել է իր աշխատակցի մահվան համար:

” Մենք ցավում ենք, բայց ոչնչով չենք կարող օգնել”,-տխրությամբ հայտարարել է այգու տնօրենը:

Ադիս-Աբեբայի կենդանաբանական այգին բացվել է 1948թ.` հատուկ իմպերատոր Հայլե Սելասիեի առյուծների համար, որոնց մինչ այդ նա պահում էր իր կալվածքում`  որպես ընտանի կենդանիներ: Նախորդ ողբերգական դեպքը այդ նույն կենդանաբանական այգում, երբ առյուծը գզել է պահակին, տեղի է ունեցել 1996թ.:

Տոկիոյում կազմակերպված “IT’s Armenia” սեմինարի վերաբերյալ

495.''IT's Armenia'' ceminar in Tokyo 17.09.2013Սեպտեմբերի 13-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը Տոկիոյում կազմակերպել էր “IT’s Armenia”խորագրով սեմինար, որին աջակցում էին Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպությունը (JETRO), Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը, Տնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը, Ռուսաստանի եւ նորանկախ պետությունների հետ տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ROTOBO) եւ Ճապոնիայի առեւտրաարդյունաբերական պալատը (JCCI):

 

Սեմինարը նվիրված էր Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որը ներկայացնելու նպատակով դեսպանությունը Տոկիո էր հրավիրել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ”-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանին, “Instigate CJSC”-ի համահիմնադիր եւ տեխնիկական բաժնի ղեկավար Վահագն Պողոսյանին, “Viasphere International and Viasphere Technopark”-ի ղեկավար Տոնի Մորոյանին (ԱՄՆ), “Mentor Graphics Corp.” -ի ինժեներական բաժնի տնօրեն Արա Մարկոսյանին (ԱՄՆ): Սեմինարին մասնակցեցին ճապոնական ընկերությունների, գիտահետազոտական կենտրոնների, պետական կառույցների մոտ 150 ներկայացուցիչներ:

 

Միջոցառման բացմանը ելույթ ունեցավ դեսպան Հրանտ Պողոսյանը՝ ներկայացնելով հայ-ճապոնական հարաբերությունները, իրականացվող աշխատանքն ու գործակցության խորացման հնարավորությունները:

Այնուհետեւ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց SSIS (Society of Semiconductor Industry Specialists) կազմակերպության նախագահ, “Hitachi” ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, ով խոսեց կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացման ուղիների, մասնավորապես՝ “Makimoto Wave” անուն ստացած միտումների, իր գործունեության ընթացքում ձեռք բերած փորձի եւ հաջողության հասնելու սկզբունքների վերաբերյալ:

 

Սեմինարի զեկուցողները համակողմանիորեն ներկայացրին Հայաստանի ՏՏ ոլորտի առանձնահատկությունները, վերջին 20 տարում իրագործված ծրագրերը, համագործակցության եւ ներդրումային հնարավորությունները, Հայաստանում արդեն իսկ հաջողությամբ գործունեություն ծավալած ընկերությունների փորձը եւ ոլորտի զարգացմանն ուղղված առաջիկա անելիքներն ու ակնկալիքները: Ճապոնական ընկերությունները հրավիրվեցին մասնակցելու հոկտեմբերին Հայաստանում կայանալիք “ArmTech Congress” եւ  “Dijitec Expo 2013” միջոցառումներին:

 

Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում հայ եւ ճապոնացի մասնագետները զրուցեցին ընդհանուր հետաքրքություն ներկայացնող հարցերի եւ Հայաստանում ճապոնական ընկերությունների ներգրավման հնարավորությունների վերաբերյալ: Ճապոնացի մասնակիցներից շատերը նշեցին, որ Հայաստանի նվաճումները ՏՏ ոլորտում իրենց համար անակնկալ էին, եւ միջոցառումը նպաստեց ՀՀ-ի հետ համագործակցելու հետաքրքրվածության խորացմանը:

Ճապոնիայում 101 տարեկանում մահացել է Toyota-ի նախկին ղեկավարը

տոյոտա Toyota-ի 101 տարեկան բազմամյա ղեկավարը վախճանվել է Ճապոնիայում: Առասպելական Էյձի Տոյոդան կանգնած է եղել ընկերության ակունքներում և օգնել է այն դարձնել համաշխարհային ճանաչված բրենդ :

Էյձի Տոյոդան վախճանվել է  սրտի  անբավարարությունից այն հիվանդանոցում, որը իր աշխատողների համար Տոյոտա-Սիթիում կառուցել է ավտոկոնցեռնը դեռ 1938թ.:Այդ քաղաքում է գտնվում ընկերության շտաբ-բնակարանը:

Տոյոդան ծնվել է 1913թ.: Նա աշխատել է ընկերությունում նրա հիմնադրման օրերից`1936թ.: Նա կորպորացիայի հիմնադիր Սակիտի Տոյոդայի զարմիկն էր:Նա սկսել է հասարակ մեխանիկի աշխատանքից, երբ ընկերությունը դեռ  հաստոցներ էր արտադրում: 1967թ. նա գլխավորել է ընկերությունը և այդ բարձր պաշտոնը զբաղեցրել է մինչև 1982թ.:Մինչև 1990-ականների սկիզբը տնօրենների խորհրդի նախագահն էր: Եվ մինչև մահը Տոյոդան ընկերության պատվավոր խորհրդականն էր, հիշեցնում է Reuters-ը:

Տոյոդան ղեկավարում էր  Toyota-ի արտադրության ներմուծումը ԱՄՆ-ի շուկա:  1960-ականներին ճապոնական ավտոմեքենաները հաջողությամբ սպառվում էին ԱՄՆ-ում, իսկ 80-ականների վերջին նա որոշում ընդունեց ավտոմեքենաներն  արտադրել Միացյալ Նահանգներում:

1950 թ. Տոկիոյի համալսարանի շրջանավարտ Էյձիին ուղարկեցին Ford ընկերության գործարան` փորձ ձեռք բերելու, որը ավտոմեքենաների զանգվածային արտադրության մեջ առաջինն էր: Նա ապշած էր ԱՄՆ-ում իր տեսածից:  Ճապոնիա վերադառնալով`  հայտարարեց, որ մի քանի բարեփոխում կիրականացներ աշխարում հայտնի ամերիկյան արտադրական համակարգի  մեջ: .

“Ճապոնական ավտոմեքենաների արտադրության և ճապոնացի ինժեներների հնարավորությունները հսկայական են, բայց մեր մեքենաներն ու արտադրական գործիքները մակարդակով ցածր են,-գրել է Էյձի Տոյոդան ԱՄՆ-ից,- եթե մենք խնդիրը լուծենք, կկարողանանք լավ էկոնոմ ավտոմեքենաներ արտադրել, որոնք չեն զիջի ամերիկյաններին”:

Էյձի Տոյոդայի ղեկավարությամբ ընկերությունն  ամենաքիչը 10 նոր գործարան է բացել, ընդլայնել արտահանումը տասնյակ երկրներ: Ընկերության մշակած  Corolla մոդելը բոլոր ժամանակների ամենավաճառվող մեքենան էր: Էյձի Տոյոդան հայտնի է նաև նրանով, որ իր ընկերությունում ստեղծել է ռացիոնալիզատորական խմբեր, որոնք մեծ ներդրում են կատարել նոր արտադրանքների մշակման և որակի բարձրացման մեջ:

 

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

indonesia-volcanoԱրտակարգ իրավիճակների վարչության պաշտոնիայի տեղեկություններով՝ անցած հանգստյան օրերին Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով 6,000 մարդ է տարհանվել:

Կիրակի ժայթքել էր Ինդոնեզիայի Սումատրա կղզու Սումատրա նահանգում գտնվող, ծովի մակարդակից 2,600 մ բարձրություն ունեցող Սինաբանգ լեռը՝ մոխիրով պատելով շրջակայքի կառույցները և մեքենաները:

Ըստ տեղեկությունների՝ շնչառական խնդիրներով հինգ մարդ է տեղափոխվել հիվանդանոց:

Ավելի քան 6,200 տարհանված մարդիկ տեղավորվել են ժամանակավոր կացարաններում:

 

Մեքսիկայում արևադարձային փոթորկի ու մրրիկի հետևանքով 50 մարդ է զոհվել

iՄեքսիկայում “Ինգրիդ” փոթորկի ու արևադարձային “Մանուել” մրրիկի հետևանքով առնվազն 50 մարդ է զոհվել:

Օդերևութաբանների տվյալներով, “Ինգրիդն” ու “Մանուելը” միաժամանակ երկու ` Ատլանտյան ու Խաղաղ օվկիանոսների կողմերից են հարվածել: Մասնագետները նշում են, որ նման զուգադիպություն եղել է ավելի քան կես դար առաջ:

Տարերքի հետևանքով խաղաղօվկիանոսյան  տարածքում գտնվող Հերերո նահանգում 30 մարդ է զոհվել: Վերկրուս նահանգում 12 մարդ սողանքի  զոհ է դարձել: 8-ը Հիդալգոյի, Օախակա և Պուեբլե նահանգներում են զոհվել: Անհետ կորել է  25 մարդ:

240 հազար մարդու  ունեցվածքն ու բնակարանն է ավերվել: Տեղի իշխանությունների տվյալներով,  ընդհանուր առմամբ տուժել է 1,2 մլն մարդ:

Ջրի վրայով քայլելը “նորաձև” է Կորեայում

jindo-modo-sea-parting-55-300x225Պարզվում է` ջրի վրայով քայլելն այնքան էլ բարդ չէ, սակայն դրա համար հարկավոր է Կորեայում լինել: Տարվա մեջ 2 անգամ արշիպելագում ջուրը հետ է քաշվում, ու  դրանից օգտվում են  զբոսաշրջիկները  “ջրի վրայով” զբոսանք կատարելու համար:

Աստվածաշնչից հայտնի դրվագը հիշեցնող տեսարանը, ինչպես ժամանակակից մասնագետներն են ասում, լրիվ հնարավոր է: Դրա համար միայն պետք է, որ  տեղատվությունն ուղեկցվի ուժեղ քամով: Չինդյո կղզու մոտ կատարվող երևույթն իսկական հրաշք կարելի է համարել: Տարեկան 2 անգամ` փետրվարին ու հունիսին, ջուրը ճեղքվում է մեկ ժամով ու ծովի հատակը անցուղու վերածում: Այդ ստորջրյա կամուրջը, որի երկարությունը 3 կմ է, իսկ առավելագույն լայնությունը` 40 մ, միացնում է  արշիպելագի 2 կղզիները: Այդ մեկ ժամում, երբ օվկիանոսը նահանջում է, տասնյակ հազարավոր մարդիկ փոքրիկ ուխտագնացություն են կատարում: Մի հետաքրքիր առանձնահատկություն էլ կա. արևելքի մշակույթում կորեացիներին ընդունում են այնպես, ինչպես Եվրոպայում  հրեաներին:

prirodnoe-chudo-moiseja-i-festival-razdelenie-morja“Ջրի վրայով քայլելու” սովորույթը հին արմատներ ունի, կապված է լեգենդի հետ: Կղզիներից մեկը` Չինդյոն, ահաբեկում էին մարդակեր վագրերը, դրա համար էլ բոլոր բնակիչները պարզապես փախան հարևան կղզի: Սակայն, նրանք  պատահական այնտեղ մոռացան պառավ Պպոնգին: Պառավն էլ` ծովային անդունդի թագավորին` Ծովահրեշին, աղոթելով խնդրեց փրկել իր կյանքը : Ծովահրեշն էլ, խղճալով  պառավին, ասաց նրան, որ նա կարող է  ծիածանի վրայով գնալ: Ծիածանի վրա ոտք դնելով`  պառավը տեսավ, թե ինչպես ծովը հետ քաշվեց: Այդպես  ծիածանի վրայով նա հասավ  մյուս կողմում գտնվող իր բարեկամներին:

Բրազիլիայում համերգի ժամանակ չափազանց ոգևորված, կիսամերկ երկրպագուն բեմից ցած է գլորել Բեյոնսեին (տեսանյութ)

A fan pulled Beyonce off the stageԿիրակի երեկոյան Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում համերգի ժամանակ կիսամերկ հանդիսատեսը Բեյոնսեին բեմից ցած է գլորել:

Չափազանց ոգևորված երկրպագուն հասցրել է իր գիրկը առնել բեմի վրա երգող 32-ամյա երգչուհուն և ցած գլորել:

Ինչևէ՝ Բեյոնսեի երկու թիկնապահները արագ բարձրացել են բեմ և ազատել նրան երկրպագուի գրկից:

Դեպքը տեղի էր ունեցել, երբ Բեյոնսեն, քայլելով բեմի վրա, թեքվել էր դեպ հանդիսատեսը:

Հանդիսատեսի գրկից ազատվելուց հետո Բեյոնսեն անմիջապես շարունակել է երգել և պարել:

Այնուհետև նա մոտեցել էր այդ նույն երկրպագուին և հայտնել, որ ամեն ինչ կարգին է:

Այնուհետև երգչուհին հարցրել էր տղամարդու անունը և նշել, որ ինքը բոլորին սիրում է: