Մարմնամարզության հուշամրցաշար` նվիրված Հրանտ Շահինյանի 90-ամյակին

մմe1fecf071f246aa44c25846606fb036aՄեկնարկեց ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951թ.), օլիմպիական խաղերի (Հելսինկի 1952 թ. ) կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր Հրանտ Շահինյանի մարմնամարզության հուշամրցաշարը: Մրցումներն անցկացվում են անվանի մարմնամարզիկի անունը կրող մարզադպրոցում: Ավանդական հուշամրցաշարը նվիրված է ՀԽՍՀ վաստակավոր մարզչի (1961թ.), ԽՍՀՄ յոթակի չեմպիոնի, բացարձակ չեմպիոնի, աշխարհի կրկնակի ոսկե դափնեկրի 90-ամյակին:
Տղամարդկանց առաջնությանը մասնակցում է 28 մարմնամարզիկ, իսկ կանանց առաջնությանը` 18 մարմնամարզուհի:

Երևանում է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանը

յու վ60d34e5cf161483b8014821d3d5f4994ՀՀ սպորտի և երիտասաարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն այսօր ընդունել է Ուրուգվայի զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ  Քեշիշյանին: Այդ մասին  տեղեկացնում է  ՀՀ սպորտի և երիտասարդական հարցերի նախարարության կայքը:

Վերջինիս պաշտոնակցի մոտ   ուղեկցել էր Հայաստանի Հանրապետությունում  Ուրուգվայի նորանշանակ դեսպան Անիբալ Կապրալին և Մոնտեվիդեոյի տուրիզմի տնօրեն Րաֆֆի Ունանյանը:

Հայազգի քաղաքական, պետական գործչի հետ հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում:Երկու երկրների նախարարների հանդիպումը մեկնարկեց ծանոթությամբ:

«Ուրուգվայի զբոսածրջության և սպորտի նախարարության  հետ իրավական կամ գործնական հարթությունում մինչ այս չի եղել որևէ համագործակցություն»,- նկատեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը և հույս հայտնեց, որ այս պաշտոնական հանդիպմանն անպայմանորեն կհետևեն գործնական քայլեր՝ հատկապես մարզական ոլորտում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկումներ ունեցան  երկու երկրների հնարավոր համագործակցության ուղիների, ինչպես նաև մարզական ոլորտում համատեղ իրականացվող նախագծեր շուրջ:  Երկու երկրների նախարարները փոխանակվեցին հուշանվերներով, Լիլիամ Քեշիշյանն իր հետ կտանի ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության անվանական ոսկե ժամացույցը:

Քեշիշյանը Հայաստանի գործընկերոջ ուղեկցությամբ եղավ նաև Հայաստանի շախմատի ակադեմիայում: Այստեղ նա ծանոթացավ հայկական շախմատի պատմությանը, հիացմունքով  մի քանի րոպե հետևեց  շախմատի դպրոցական 8-րդ օլիմպիադային մասնակից սաների խաղերին, այնուհետ  շրջեց մարզական կառույցի  տեխնիկապես հագեցած սրահներով:

Քեշիշյանը նշեց, որ քաջածանոթ է հայկական մարզաշխարհին, հետևում է հայ մարզիկներից շատ-շատերի խաղերին, և իբրև մեծ ֆուտբոլասեր՝ առանձանկի կարևորությամբ հիշատակեց ֆուտբոլի ազգային հավաքականի Դանիայի հետ խաղից դրվագներ` ասելով, որ հպարտությամբ է հետևել մեր տղաների ցուցադրած խաղը:

Հաշվի առնելով Հայաստանում շախմատի ու ֆուտբոլի զարգացման տեմպերը՝ նախարարն ընդգծեց, որ այս պահին էլ նշված երկու մարզաձևերում  տեսնում է համագործակցության ռեալ հնարավորություններ:

 

 

Ավելի ուշ նախարարներն այցելեցին նաև Երևանի օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ:

 

Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը 30 տարեկան է

սSamboԼրացավ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի գործունեության 30 տարին: Մարզօջախը հիմնադրվել է 1983թ. նոյեմբերին: Տարբեր տարիների կոչվել է «Երևանի Օրջոնիկիձեի շրջանի թիվ 2 համալիր մարզադպրոց», «Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված հանրապետական մարզադպրոց», իսկ 2003-ից կրում է ներկայիս անունը:
Երեք տասնամյակի ընթացքում, գերազանց արդյունքների համար դպրոցի մասնագետ-մանկավարժներից 30 ստացել են ՀՀ վաստակավոր մարզչի, 16-ը՝ Միջազգային կարգի մրցավարի կոչում, հիմնադիր-տնօրեն Լևոն Հայրապետյանը՝ արժանացել պետական բարձր պարգևների:
Եվրոպայի և աշխարհի առաջնություններում դպրոցի սաները նվաճել են 286 մեդալ, որից 64-ը՝ ոսկե, 77-ը՝ արծաթե, 145-ը՝ բրոնզե:
Մարզադպրոցը մասնաճյուղեր և ուսումնական խմբեր ունի Ստեփանակերտում, Վանաձորում, Աբովյանում, Արտաշատում, Եղվարդում:
Դպրոցն այսօր էլ, չնայած շենքային ոչ բավարար պայմաններին, գործում է լիարժեք, պատրաստում ապագա չեմպիոնների, ամենօրյա տքնաջան աշխատանքի շնորհիվ գրանցում նոր հաջողություններ, արդյունավետ գործունեությամբ նպաստում սամբո և ձյուդո մարզաձևերի զարգացմանն ու հանրահռչակմանը:
Շնորհավորում ենք մարզադպրոցի ողջ կոլեկտիվին հոբելյանի կապակցությամբ, մաղթում՝ նոր ու ավելի մեծ հաղթանակներ:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի 4-րդ միջազգային մրցաշար. Ծանոթությունը կկայանա խաղահրապարակում

IMG_0109Հայաստանի հանդբոլի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է նոյեմբերի 28-ին Երևանի «Դինամո» մարզասրահում մեկնարկելիք  «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» հանդբոլի 4-րդ միջազգային մրցաշարին:

Մեր թիմի գլխավոր մարզիչ Էդուարդ Օհանյանը հայտնեց, որ հավաքականի թեկնածուների թվում են 27 խաղացողներ: Նրանցից 11-ը Երևանից են, 7-ը` Վանաձորից, 6-ը` Ալավերդիից, 3-ը` Ստեփանակերտից:

Ներկայումս մարզիկները խմբերով պարապում են իրենց բնակավայրերում: Մասնավորոպես, Երևանում պարապմունքները կազմակերպվում են Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում:

Գլխավոր մարզչին օգնում են փորձառու մասնագետներ` Արարատ Բարսեղյանը (Վանաձոր), Աշոտ Հակոբյանը (Ալավերդի), Մարկ Մելիքյանը (Երևան):

Նոյեմբերի 14-18-ը մեր երկրի ընտրանին  ուղևորվելու է Թբիլիսի, որպեսզի համատեղ մարզումներ և ստուգողական հանդիպումներ անցկացնի Վրաստանի ներկայացուցիչների հետ:

«Երևանյան միջազգային մրցաշարի մասնակցությունը նախապատրաստական փուլ է 2014-ի հունվարի սկզբին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության ընռրական մրցաշարից առաջ: Ինչպես հայտնի է, Ռումինիայում մրցելու ենք տանտերերի և Թուրքիայի հավաքականների հետ: Այդուհանդերձ, Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք  առաջիկա միջազգային մրցաշարում կարևորելու ենք արդյունքը: Տանը հանդես գալու հանգամանքը պարտավորեցնում է, հավաքականը փորձելու է հնարվորինս լավ խաղալ: Թիմում ընդգրկվելու համար մրցակցություն է ծավալվել, բոլոր օղակներում էլ կան շնորհալի մի քանի երիտասարդներ: Հավաքականի կազմը կհստակեցվի  միջազգային մրցաշարի ավարտից հետո: Ինչ վերաբերում է մեր մրցակիցներին, ապա նրանց մասին քիչ բան է հայտնի: Այնպես որ, ծանոթությունը կկայանա խաղահրապարակում»,- ասաց Օհանյանը:

Հայաստանի թհեքվանդոյիստները կհամալրեն Իրանի պրոֆեսիոնալ ակումբները

վարդան ղահրամանյանՆոր հեռանկարներ են բացվում Հայաստանի և Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիաների համագործակցության համար: Օրերս Թեհրանում երկու երկրների այս մարզաձևի ներկայացուցիչները հանդիպել են և հստակեցրել առաջիկա անելիքները: Այդ մասին տեղեկացրեց Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:

– Հայաստանի թհեքվանդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի հետ միասին հանդիպեցինք Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մոհամեդ Փոլադարիի հետ, պայմանավորվեցինք, թե ինչ պետք է անենք, ինչպես շարժվենք, ի վերջո,  պայմանագիր կնքենք, որպեսզի երկու երկրների ֆեդերացիաների համար էլ փոխշահավետ լինի: Իրանի ներկայացուցիչների հետ համագործակցում ենք 2007-ից, բայց այդ երկրի ֆեդերացիայի նախագահի հետ կապեր ունենք 1995-ից: Ի դեպ, նախկինում Հայաստանի հավաքականը գլխավորել է իրանցի մասնագետ: Առաջիկայում սպասվում է Իրանի ներկայացուցիչների այցը Հայաստան, որին էլ կհաջորդի պաշտոնական պայմանագրի կնքումը:

 – Ի՞նչ կարող է տալ այդ համագործակցությունը:

– Հայաստանի ներկայացուցիչներն ավելի ընդգրկուն համատեղ մարզումներ կացկացնեն Իրանի թհեքվանդոյիստների հետ: Հարևան երկրում թհեքվանդոն համարվում է թիվ 1 մարզաձև, շատ են աշխարհի, օլիմպիական խաղերի չեմպիոնները: Մեր մարզիկները բարձրակարգ մրցընկերներ ունենալու խնդիր ունեն, և այդ բացը կլրացվի: Ամենակարևորը` մերոնք կմասնակցեն Իրանի երիտասարդական և բարձրագույն խմբի ակումբային առաջնություններին: Իրանում պրոֆեսիոնալ ակումբներ են գործում և դա լրացուցիչ հնարավորություն կտա մեր մարզիկներին  կատարելագործելու իրենց վարպետությունը, նաև ֆինանսներ աշխատելու: Նախկինում մեր մարզիկներից միայն Եվրոպայի չեմպիոն  Արման Երեմյանն է մասնակցել Իրանի ակումբային առաջնությանը, այժմ այդպիսի հնարավորություն թհեքվանդոկստանա Հայաստանի առնվազն չորս ներկայացուցիչ: Հետագայում այդ թիվը կարող է ընդլայնվել: Ինչ վերաբերում է համատեղ պարապմունքներին, ապա Իրանում կան ժամանակից մարզաբազաներ, որոնցում հնարավոր է արդյունավետ մարզումներ անցկացնել:

 – Հայաստանի հավաքականն ապահովվա՞ծ է էլեկտրոնային ժամանակակից սարքավորումներով, որոնց օգնությամբ գրանցվում են հասցված հարվածները, և մրցումների ընթացքում կատարվում է միավորների հաշվարկը:

– Թհեքվանդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի աջակցությամբ այդ հարցը կարգավորվել է: Բայց առաջիկայում Իրանում թողարկվելու են ժամանակակից, միջազգային արտոնագրով թույլտրված, նոր սարքավորումներ: Պայմանավորվել ենք, որ Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիան դրանցից մի քանի զույգ կգնի մատչելի գներով: Ի դեպ, այս անգամ ևս ձեռնունայն չենք վերադարձել և երկու մրցագորգ ենք բերել:

Հայաստանի ծանրորդների ձախորդ օրերը շարունակվում են

03.03.12-2538ծանրամարտԴժվար է ասել, թե ինչն է պատճառը, սակայն Հայաստանի ծանրորդները տևական ժամանակ է  չեն արդարացնում մարզասերների սպասելիքները: Եվ ահա, նոր անախորժություն: Նրանց ձախորդ օրերը շարունակովում են: Արգելված դեղամիջոցներ օգտագործելու համար որակազրկվել են մեր երկրի 6 ներկայացուցիչներ:

Ցմահ որակազրկվել է Նաիրա  Հարությունյանը: Երկու տարի արգելվել է մրցահարթակ դուրս գալ Աշոտ Բեջազյանին, Անդրանիկ Կարապետյանին, Գոռ Մինասյանին ևԴավիթ Գասպարյանին:

 

Կայացավ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպարտակիադայի հանդիսավոր բացումը

IMG_0102Այսօր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում կայացավ բուհի անադական` արդեն 34-րդ անգամ անցկացվող սպարտակիադայի հանդիսավոր բացումը:

Մասնակիցներին ողջունեց և  հաջողություններ մաղթեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը: Ապա ելույթ ունեցան բուհի սպորտային պարերի խմբի անդամները:

Հետո էլ խաղահրապարակ դուրս եկան սպարտակիադայի ծրագրով մրցող վոլեյբոլիստների թիմերի խաղացողները:

Սպարտակիադայի ծրագրում 15 մարզաձև է: Ստուգատեսի կշարունակվի ևս 10 օր:

Ի դեպ, ավարտվել է աթլետիկայի մրիցաշարը: Հաղթող են դարձել առաջին կուրսի ներկայացուցիչները:

IMG_0106

Հանդբոլի Շենգավիթի հավաքականը` Տիգրան Թերզյանի հուշամրցաշարի հաղթող

Handball-1MԵրևանի  Արաբկիրի թիվ 1 համալիր  մարզադպրոցի դահլիճում կայացավ հայկական հանդբոլի երախտավոր Տիգրան Թերզյանի հուշամրցաշարը: Այս ստուգատեսն անցկացվեց երկրորդ անգամ:
Նրա գլխավորությամբ հանդբոլիստուհիների Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները, թիմերը մեր երկրի պատիվն են պաշտպանել ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադաներում և առաջնություններում: Թերզյանը Հայաստանում առաջիններից մեկն էր, որն արժանացել էր համամիութենական կարգի մրցավարի կոչման: Ի դեպ, նա նաև քորֆբոլի միջազգային մրցավար էր: Թերզյանը 1993-ից մինչև մահը` 2009 թվականը, Երևանի խաղային մարզաձևերի դպրոցի տնօրենն էր: Այդ մարզօջախը ներկայումս կրում է Հանդբոլի մասնագիտացված դպրոց անունը:
Եվ ահա, անվանի մասնագետի հիշատակը վառ պահելու համար մինչև 12 տարեկան  մարզուհիների մրցաշար էր կազմակերպվել, որին մասնակցում էին 5 թիմեր:

Հաղթող դարձավ  Շենգավիթի հավաքականը (մարզիչ` Աստղիկ Գյուրջինյան): Ապա հաջորդեցին  Արցախի, ԽՄՕՄՄ-ի, ՀՄԴ-ի, Աջափնյակի ներկայացուցիչները:

Ինչպես է Արթուր Բաղդասարյանն ընտրվել Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ

Բ-ԾՎերջերս, երբ զրուցում էինք վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Կարեն Ասմարյանի հետ, նա հայտնեց, որ ՀՎՖ–ի ղեկավարության կազմում փոփոխությունները հրատապ պահանջ են: Եվ իրոք, դեպքերն այդ հունով ընթացան: Կազմակերպության համաժողով է անցկացվել, ֆեդերացիայի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ  Սուրիկ Խաչատրյանին փոխարինել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Թե ինչ է կատարվել, խնդրեցինք ներկայացնել Ասմարյանին:

– Հոկտեմբերի 9-ին անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության նիստ, որում  Սուրիկ Խաչատրյանը հայտնել է իր հրաժարականի մասին: Իսկ հոկտեմբերի 19-ին կայացել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համաժողովը, որին 34 մարդուց ներկա էին 30-ը: Կար նախագահի մեկ թեկնածու: Արթուր Բաղդասարյանն առաջարկել էր իր օգնությունը և ցանկություն էր հայտնել գլխավորելու ֆեդերացիան: Եվ նա միաձայն ընտրվեց ֆեդերացիայի նախագահ:

 – Կայի՞ն մարդիկ, որոնք չմասնակցեցին, բոլո՞րն էին հրավիրվել:

– Կազմակերպության նախագահության նիստի ժամանակ կազմվել էր ցուցակ, թե ովքեր են մասնակցելու: Դժվարանում եմ ասել, թե ինչու են մի քանիսը բացակայել:

 – Ֆեդերացիայի աշխատանքը նախկինում փաստացի կատարում էր գլխավոր քարտուղարի, գործադիր տնօրենի պարտականությունները ստանձնած Ռազմիկ Սուլթանյանը: Նա, նաև ղեկավար կազմի մյուս անդամները մասնակցե՞լ են համաժողովին:

– Ոչ միայն Սուլթանյանը, այլև փոխնախագահները` Գոռ Ալեյանը, Կարեն Ասմարյանը, Երևանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը, նախագահության անդամները ներկա են եղել: Համաժողովի աշխատանքին մասնակցում էր նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը: Վերջինս հանդես եկավ բացման խոսքով: Ապա ընտրվեց համաժողովի անցկացման պատասխանատու, և ամեն ինչ կազմակերպվեց բնականոն հունով:

 – Իսկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հրավիրված մարդ եղե՞լ է:

– Կազմակերպչական հարցերով զբաղվել է գլխավոր քարտուղարը: Ինքս այդ օրերին Երևանում չեմ եղել: Ճիշտն ասած, տեղյակ չեմ, թե ինչ է արվել: Ինչքան ինձ է հայտնի, ՀԱՕԿ-ից հրավիրվածներ պետք է  լինեին, թե ինչո՞ւ նրանք չեն մասնակցել` չեմ կարող ասել:

 – Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի համաժողովին, կազմակերպության նոր նախագահի ընտրություններին հաջորդել են իրադարձություններ, որոնք բոլորին են հայտնի: Խոսքը Երևանի օդանավակայանում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, ՕԵԿ–ի  նախագահ Արթուր Բաղդասարյանի և ՀԱՕԿ–ի նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի, մեղմ ասած, բախման, ՀԱՕԿ–ի տարածած այն հայտարարության մասին է, որ ընտրություններն օրինական չեն: Նախկինում մի շարք մարզական ֆեդերացիաների ընտրություններ են կայացել` մեծ և փոքր թերություններով, բայց այդպիսի բան չի եղել: Ի՞նչն է այս անգամ կատարվածի այդպիսի բուռն արձագանքի պատճառը:

– Կարծում եմ, որ ամեն ինչ կհարթվի: Վոլեյբոլի ներկայացուցիչների միջև, թերևս, ինչ-ինչ անհարթություններ կան, սակայն հակամարտություններ չկան: Վոլեյբոլի ներկայացուցիչները միահամուռ ցանկություն են հայտնել, որ Արթուր Բաղդասարյանն ընտրվի կազմակերպության նախագահ: Եվ աշխատելու այն ցանկությունը, որ նա ունի, նաև կապերը կարող են նպաստել, որ Հայաստանում վոլեյբոլը զարգանա:

 – Խոսակցություններ կային, որ Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի այդ պաշտոնը ստանձնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարներից է նրա Ռուսաստանի պաշտոնակից Նիկոլայ Պատրուշևը:

– Գործընկեր լինելու հանգամանքը նպաստել է, և փոխադարձ պայմանավորվածություն կա համագործակցելու նաև այս ոլորտում: Ինքս լավ հարաբերությունների մեջ եմ  Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկավարների հետ: Վոլեյբոլը Ռուսաստանում տարածված է և մեծ մասշտաբներ ունի: Անապայում Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, համագործակցության պայմանագիր է կնքվել, և խոստացել են աջակցել բոլոր հարցերում:

 – Հետաքրքիր է, թե ներկայումս ղեկավար ինչ կազմ ունի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Ովքե՞ր են օգնելու Բաղդասարյանին:

Բ-Ծ (1)– Բաղդասարյանի առաջարկով ֆեդերացիայի նախագահության կազմն ընդլայնվել է, և այժմ 21 հոգի են: Հիմնականում երիտասարդներ են` նոր մտածելակերպով և նոր մոտեցումներով: Փոխնագահներն են Հրաչյա Մուրադյանը, Ազատ Բաբայանը, գլխավոր քարտուղարը` Կարեն Ասմարյանը:

 – Ազատ Բաբայանի մասին մարզաշխարհին քիչ բան է հայտնի, ո՞վ է նա:

– Բաբայանը նախկինում վոլեյբոլիստ է եղել, խաղացել է Ռուսաստանում, այժմ էլ աշխատում է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդում:

 – Տարակուսանքներ կան, թե ինչու է այդ համաժողովն անցկացվել Արթուր Բաղդասարյանի նստավայրում, այն դեպքում, երբ ֆեդերացիան իր շտաբ–բնակարանն ունի, որը գտնվում է Հայաստանի ազգային ակադեմիայի շենքերից մեկում:

– Այդ կապակցությամբ ոչինչ չեմ կարող ասել: Համենայն դեպս, այնպիսի խնդիր չի եղել, որ մարդիկ վախից են քվեարկել:

 – Իսկ քիչ չէ՞ 30 մասնակցով համաժողովի կազմակերպումը:

– Նախորդ համաժողովին 20 մարդ է մասնակցել: Այս անգամ քվորումն ապահովված էր: Ի դեպ, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախկինում կայացած համաժողովներում 40 մարդուց ավելի մասնակից չի էլ եղել:

 – Սուրիկ Խաչատրյանը երկարացրել էր պայմանագիրը, որպեսզի ֆեդերացիայի շտաբ–բնակարանի համար վարձակալած տարածքը մնա: Կազմակերպության նստավայրը պահպանվելո՞ւ է:

– Ֆեդերացիան նոր նստավայր է ունենալու Երևանի Տերյան փողոցում: Չորս սենյակ է զբաղեցնելու, նաև նիստերի դահլիճ է ունենալու: Համապատասխան աշխատակազմ է լինելու: Նոյեմբերի 10-ին սպասվում է Ռուսաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան: Ղեկավարներից գալու են հսկողական խորհրդի նախագահ Նիկոլայ Պատրուշևը և ֆեդերացիայի նախագահ Ստանիսլավ Շևչենկոն: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին կտեղեկացվի, թե ինչ է նախատեսվում անել երկու երկրների ֆեդերացիաների համագործակցության ծրագրով:

 – Հնարավո՞ր է համատեղ նոր լիգա ստեղծվի:

– Կարող եմ ասել, որ մերոնք կմասնակցեն Ռուսաստանի բոլոր լիգաների մրցումներին, համատեղ մրցաշարեր կկազմակերպվեն, նաև Անապայի հիանալի մարզաբազայում ուսումնամարզական հավաքներ անցկացնելու հնարավորություն կստանանք: Անապայում վոլեյբոլի մեծ կենտրոն կա, որ աշխարհում լավագույններից է:

 – Այս փոփոխություններից աշխատանքը չի՞ տուժում: Մեր երկրում մրցումներ անցկացվո՞ւմ են:

– Հայաստանի տղամարդկանց առաջնությունը կազմակերպվել է Երևանում, այնուհետև կներգրավվեն նաև մարզուհիները: Կազմակերպիչները նախկին ֆեդերացիայի ներկայացուցիչներն են: Իսկ գավաթային մրցաշար կանցկացվի նոր կազմով` Վրաստանի, Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մնում է լուծել միայն մարզասրահի հարցը: Ցավոք, Հայաստանում չկա միջազգային չափանիշներին համապատասխանող վոլեյբոլի թեկուզ մեկ դահլիճ:

– Չափե՞րը չեն համապատասխանում:

– Ոչ: Հատակը պետք է ռետինե ծածկ ունենա, որը 40 հազար եվրո արժե: Ֆեդերացիայի նորընտիր նախագահը խոստացել է այդ հարցը կարգավորել: Ի դեպ, ունենալու ենք լողափնյա վոլեյբոլի երկու խաղահրապարակ` մեկը Երևանում, մյուսը` մարզերից մեկում: Կառուցվել է նաև վոլեյբոլի բազա, հիմնվելու է մասնագիտացված մարզադպրոց: Պլանը կա, մնում է լուծել տեղի և շինարարության հարցը:

 – Այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱՕԿ–ը դեմ, որ նոր ֆեդերացիան գործի:

– Հնարավոր է` պատճառն այն է, որ ՀԱՕԿ-ը ներկայացուցիչ չի ունեցել ֆեդերացիայի համաժողովում:

Հակամարտության կանխատեսելի տարբերակները

Արդեն ՀԱՕԿ-ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ չի ընդունում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները, կատարվածն անօրինականություն է համարում: Եվ քանի որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան անդամակցում է ՀԱՕԿ-ին, վերջինս իրավունք է վերապահում կասեցնելու մարզական կազմակերպության ճանաչումը և դիմելու միջազգային ատյաններին, որպեսզի այն չընդունվի նաև միջազգային կազմակերպությունների կողմից:

Հետևել է նաև Հայաստանի արդարադատության նախարության հրապարակումը, որում ասվում է, որ ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները փորձում են գերազանցել իրենց իրավունքները, Հայաստանի բոլոր մարզաձևերի ֆեդերացիաներն ինքնուրույն կազմակերպություններ են, և անկախ այն հանգամանքից` Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մնում է ՀԱՕԿ-ի կազմում, թե ոչ, վերջինս իրավասու չէ միջամտելու ՀՎՖ-ի գործերին և նշանակել ֆեդերացիայի նոր նախագահ կամ այլ պաշտոնատար անձանց:

Այնուամենայնիվ, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենք իրավացի են:

Համարվում է, որ Սուրեն Խաչատրյանը հրաժարական չի տվել, պարզապես լրացել է նրա պաշտոնավարման ժամկետը: Անընդունելի է համարվում, որ ՀԱՕԿ-ի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ՀՎՖ-ի համաժողովին: Ավելին, արգելվել է ՀԱՕԿ-ի աշխատակից Գաբրիել Ղազարյանի մուտքը, որը ՀՎՖ-ի վերստուգիչ հանձնաժողվի նախագահն է: Համաժողովում չի լսվել վերստուգիչ հանձնաժողվի հաշվետվությունը: Նախագահ ընտրված Արթուր Բաղդասարյանի անունը չի եղել պատգամավորների ցուցակում և այլն:

Եթե վերջինս հրաժարական չտա և նոր ընտրություններ չանցկացվեն, ՀԱՕԿ-ը սպառնում է ՀՎՖ-ին զրկել կազմակերպությանն անդամակցելուց: Ընդ որում, չի բացառվում դատարան դիմելու տարբերակը: Իսկ եթե ոչինչ չստացվի, ապա հավանական է` ստեղծվի Հայաստանի վոլեյբոլի ևս մեկ ֆեդերացիա:

Այնպես որ, շատ հնարավոր է` մեր երկրում մեկ մարզաձևի երկու հասարակական կազմակերպություն լինի:

Ի դեպ, այդպիսի նախադեպեր եղել են և կան: Մասնավորապես, ներկայումս մեր երկրում գործում է ջրագնդակի հասարակական երկու կազմակերպություն:

 

Հայաստանի ձյուդոյիստները խայտառակվեցին Լյուբլյանայում

ձյուդոjudoՍլովենիայի Լյուբլիանա քաղաքում անցկացված ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությանը մասնակցած հայ 6 ձյուդոյիստներից ոչ մեկին չհաջողվեց մրցանակակիր դառնալ:

Դժվար էսել, թե ինչն է պատչճառը: Ի դեպ, մինչև մրցումների մեկնելը հավաքականը մարզիչ Մարտին Սարգսյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք էր անցկացրել Աբովյանում:

Սլովենիայում 2-ական հաղթանակ տարան ու մեկ պարտություն կրեցին Նարեկ Կարապետյանը (60 կգ), Արսեն Ղազարյանը (66 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73 կգ): 55 կգ քաշային Գարիկ Հարությունյանն առաջին փուլում ազատ էր և միայն մեկ հաղթանակ տոնելով, հաջորդ փուլում պարտվեց ու դուրս մնաց պայքարից: Իսկ ահա, Դավիթ Ղազարյանը (66 կգ), Արտավազդ Հովսեփյանը (73 կգ) հանդիսականներ դարձան առաջին գոտեմարտերից հետո. նրանք զիջեցին մրցակիցներին:

 

Ձյուդոյիստուհի Լուսինե Ավագյանը «Գրան պրի» մրցաշարի 3-րդ մրցանակակիր

36572 ձյոււդոՉինաստանի Ցինդաո քաղաքում անցկացվում է ձյուդայի «Գրան պրի» մրցաշար: Մեկնարկային օրն հարուստ ավարի տիրացավ Ռուսաստանի հավաքականը: Այդ երկրի ներկայացուցիչներն արժանացան 3 առաջին և 4 երրորդ միցանակի:

Պատվո պատվանդանի  երրորդ աստիճանին կանգնեց Ռուսաsտանի դրոշի ներքո հանդես եկող 48 կգ քաշային Լուսինե Ավագյանը:

Պրոֆեսիոնալ թենիսիստների աղյուսակը շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը

ռնRafael-Nadal-001Հրապարակվել է պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանշային աղյուսակը: Լավագույն տասնյակում փոփոխություններ չկան: Աղյուսակը շարունակում է գլխավորել իսպանացի Ռաֆայել Նադալը:

1. Ռաֆայել Նադալ՝ 11 670 միավոր

2. Նովակ Ջոկովիչ` 11 120

3. Դավիդ Ֆերեր՝ 6 600

4. Էնդի Մարեյ՝ 6 280

5 . Խուան-Մարտին դել Պոտրո ՝ 5 365

7 . Ռոջեր Ֆեդերեր՝ 4 245

7 . Տոմաշ Բերդիխ՝ 4 180

9 . Ստանիսլաս Վավրինկա՝ 3 240

10. Ժո-Վիլֆրիդ Ցոնգա՝ 3 235

Թհեքվանդո. Հայաստանի և Իրանի համագործակցության ծրագրերի ընդլայնում

վղca2cd7c3135b0e62167b46837ffd3f32Թեհրանում կայացավ ՀՀ թhեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի,  ՀՀ թհեքվանդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի և Իրանի թhեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մոհամեդ Փոլադարի հանդիպումը: Հանդիպման նպատակը՝   բարիդրացիական, ջերմ բարեկամական հարաբերություններ ունեցող 2 երկրի միջև համագործակցության ծրագրերի ընդլայնումն է: Կողմերը քննարկեցին համատեղ մարզումներ ու ընկերական մրցումներ կազմակերպելու խնդիրները: Իրանական կողմն առաջարկեց  ՀՀ թhեքվանդոյի ազգային հավաքականի տարբեր տարիքային խմբերի մեդալակիր մարզիկների մասնակցությունն Իրանի բարձրագույն լիգայի խաղերին:

ՀՀ  թhեքվանդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, Արցախի հերոս, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը՝ Իրանի թհեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Սայիդ Մոհամեդ Փոլադարին  սիրով հրավերեց Երևան: Նա  տեղում կծանոթանա մեր սաների հետ տարվող աշխատանքներին, այնուհետև կողմերը կստորագրեն համագործակցության պայմանագիր:

ՀԱՕԿ-ը 23 տարեկան է

images ՀԱՕԿ1990 թ. հոկտեմբերի 26-ին, ժամը 11 ին, Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տան դահլիճում սկսվեց  Հայաստանի ազգային  օլիմպիական կոմիտեի հիմնադիր համագումարը: Միաձայն  առաջին նախագահ ընտրվեց  Ռուբեն Հակոբյանը:

Այսպիսով, ՀԱՕԿ-ի ստեղծումով   մեր երկրի մարզական պատվիրակություններն  առանձին թիմով, իր դրոշով  ու  օրհներգով մասնակցում  են  օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների , միջազգային մրցաշարերի:

1992 թ. Բարսելոնի օլիմպիական խաղերից հետո (մեր չորս մարզիկներ այնտեղ նվաճեցին երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ)  մեր օլիմպիականները սկսեցին նահանջել:

1996 թ.  Ատլանտայի օլիմպիական խաղերում  գրանցվեց  մեկական ոսկե և արծաթե մեդալ, 2000 –ին ` Սիդնեյի մարզահանդեսում  ` ընդամենը մեկ  բրոնզե պարգև, իսկ 2004-ին ` Աթենքում , հայաստանցի ոչ մի մարզիկ պատվո պատվանդանին կանգնելու բախտ չունեցավ: Եվ միայն  2004-ի տարեվերջին, երբ   ՀԱՕԿ-ի նախագահ ընտրվեց Գագիկ Ծառուկյանը, հայկական սպորտը կրկին սկսեց առաջադիմել: Պեկինի օլիմպիական խաղերում մեր պատվիրակության հաշվին գրանցվեց միանգամից վեց  բրոնզե մեդալ:

Մերոնք առավել վստահ հանդես եկան Լոնդոնում 2012 թ.  անցկացված օլիմպիական 30-րդ խաղերում:  16- ամյա ընդմիջումից հետո հաջողվեց կրկին արծաթե պարգև նվաճել /  ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը գրավեց երկրորդ տեղը, իսկ նրա երկու թիմակիցներ դարձան բրոնզե մեդալակիր /: Արդյունքում  մեր թիմը, նախորդ խաղերի համեմատ, վեր բարձրացավ 20 աստիճանով  և 205 երկրների պայքարում գրավեց  60- րդ տեղը:

Հաջողությունների  գործում մեծ է ՀԱՕԿ-ի դերը, որի աջակցությամբ Հայաստանում,  արտերկրում կազմակերպվում և անցկացվում են հայ մարզիչների մասնակցությամբ մասնագիտական սեմինարներ, տեսական և գործնական պարապմունքներ: ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ Հայաստանում կայանում են միջազգային մրցաշարեր: Մեծ ուշադրություն է դարձվում մարզիկների սոցիալ տնտեսական հարցերի լուծմանը, ցույց է տրվում  բարոյական,  ֆինանսական ու նյութական աջակցություն: Առավելապես խրախուսվում են մեդալակիրները  և խոստումնալից մարզիկները:

Վաղը ` հոկտեմբերի 26-ին,  ՀԱՕԿ-ը դառնում է 23 տարեկան:  Այդ առթիվ շնորհավորում ենք մեր բոլոր օլիմպիականներին, միջազգային մրցաբեմերում հաջողության հասած հայաստանցի  մարզիկներին, ՀԱՕԿ-ի նախկին և ներկայի աշխատակիցներին և ընդհանրապես հայոց մարզաշխարհի բոլոր ներկայացուցիչներին:

ՀԱՕԿ-ը պարզաբանում է կատարել

images ՀԱՕԿ«Անկախ»-ը նախապես հրապարկել էր, որ Արթուր Բաղդասարյանը հնարավոր է գլխավորի Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան: Այդպես էլ եղավ:

Ուշագրավն այն է, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, անընդունելի է համարում կատարվածը:

Հիշեցնենք, որ այդ մարզաձևի ֆեդերացիայի նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն էր:

Եվ ահա. ՀԱՕԿ-ը պարզաբանում է կատարել.

«Հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ազգային մարզական ֆեդերացիաների «հավասարազորության» վերաբերյալ եղած հայտարարությունները , Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ի գիտություն բոլորի տեղեկացնում է , որ առաջնորդվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով, շարունակում է համադասել մարզական հասարակական կազմակերպությունների աշխատանքը , այդ թվում նաև ֆեդերացիաների : Ավելին , համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայի 29-րդ հոդվածի , ՀԱՕԿ-ը հանդիսանում է միակ ազգային կազմակերպությունը , որի ճանաչումից հետո միայն հասարակական կազմակերպությունը կարող է հանդիսանալ մարզաձևի ազգային ֆեդերացիա և ներկայացված լինել միջազգային կառույցներում : Նույնիսկ եթե հասարակական կազմակերպությունը ճանաչվել է այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կողմից , որևէ խախտման դեպքում, համաձայնԽարտիայի և ՀԱՕԿ-ի կանոնադրության , ՀԱՕԿ-ը իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը :

Հետայսու շահարկումներից զերծ մնալու համար, խնդրում ենք ընդունել ի գիտություն , որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նաև հանդիսանում է մարզաձևերի ազգային ֆեդերացիաների իրավաբանական անձանց միությունը և համակարգում է նրանց գործունեությունը»:

 

 

Բերվել են սպորտային նավակներ՝ Դյուսբուրգից

սպորտի նախԵրեկ Դոնի Ռոստովից Երևան հասան ՀՀ թիավարության օլիմպիական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցին  ուղարկված   սպորտային 2 նավակները:1700-1800 եվրո արժողության սպորտային նավակները մասնագիտացված մարզադպրոցին նվիրաբերել է  Գերմանիայի Դաշնության Դյուսբուրգի հայտնի  ֆիրմաներից մեկի՝ «Պլաստեքս»-ի սեփականատեր Ռիչարդ Սեյռուգան:

Իսկ հասցեատիրոջը դրանք հասան  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջոցներով:

Արժեքավոր նվերներն ընդունելիս՝ մարզադպրոցում պատմում էին նավակների երկարուձիգ «ճամփորդության» մասին: Նախ` ԳԴ-ից հասել են Մոսկվա, այնուհետև Դոնի-Ռոստով, իսկ ճանապարհի այս հատվածը նրանք հաղթահարելեն մեր հայրենակից,Դոնի-Ռոստովի թիավարության հավաքականի ավագ մարզիչ՝ Ալեքսանդր Աբրահամյանցի հովանավորությամբ:

ՀՀ թիավարության օլիմպիական մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Հարություն Գասպարյանը ոգևորված էր գերմանացի գործընկերոջ վերաբերմունքից:

Ի դեպ, մոտ ապագայում նույն մարզադպրոցը Լեհաստանից ևս կընդունի նվերներ: Սպորտային ևս 10 նավակ Հայաստան կբերվի:

Թիավարության մարզադպրոցի նոր մարզագույքով զինումը մեր հավաքականի համար  կարող է լուրջհաջողությունների նախապայման լինել,-իր խոսքում նշել է ՀՀ թիավարության մարզաձևերի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Շահվալադյանը՝ թվելով իր սաների  վերջին հաջողությունները՝ երկրիսահմաններից դուրս:

Նա մասնավորապես նշել է՝ 2013թ. մեծահասակների աշխարհի առաջնությունում 16-ամյա Հայկ Ստեփանյանիմրցելույթը, որի շնորհիվ առաջնությունում նա գրավել է 19-րդ  տեղը, տարեվերջին  կարժանանա ՀՀ նախագահի թոշակին:

Այս տարի Եվրոպայի առաջնությունում Մակար Սարգսյանը գրավել է 13-րդ տեղը՝ ակադեմիական թիավարություն մարզաձևում, իսկ վերջինիս հարսնացուն` Աննա Եդիգարյանը ևս փայլել է բարձր ցուցանիշով, աղջիկների մրցապայքարում գրավել է 14-րդ տեղը:

 

Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի թիմը` Հայաստանի չեմպիոն

հանդբոլ - լավ gandbolՍտեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մարզասրահում ավարտվեց մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Մեդալները գտան տերերին: Չեմպիոն դարձավ Երևանի հանդբոլի մասնագիտացված դպրոցի հավաքականը:
Այն վերջին օրը 20:9 (13:6) հաշվով վստահորեն առավելության հասավ Շենգավիթի թիմի նկատմամբ: Այսպիսով, մարզիչ Անահիտ  Հարությունյանի սաները մրցաշարում հինգերորդ անընդմեջ հաղթանակը տարան և չկրեցին ոչ մի պարտություն: Իսկ ահա, Աջափնյակի ընտրանին մրցաշարում հինգերորդ անընդմեջ պարտությունը կրեց` 7:27 (3:12) հաշվով զիջելով Վանաձորի ներկայացուցիչներին: Տանտիրուհիների` Արցախի հավաքականն էլ հաղթեց ԽՄՕՄՄ-ի թիմին` 23:9 (16:1) հաշվով:
Եթե ՀՄԴ-ի ներկայացուցիչները բացահայտորեն ուժեղ էին բոլոր մրցակիցներից և վաստակած 10 միավորով գրավեցին առաջին տեղը, ապա մյուս մրցանակակիրները որոշվեցին խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ:
Բանն այն է, որ երեք թիմեր 6-ակա միավոր էին հավաքել: Ի վերջո, 2-րդ մրցանակակիր դարձավ Վանաձորի ընտրանին: Արցախի հավաքականը 3-րդն է: Իսկ այս թիմերին հավասար միավորներ հավաքած Շենգավիթի հավաքականը ստիպված էր բավարվել 4-րդ տեղով: Ապա հաջորդեցին ԽՄՕՄՄ-ի (2) և Աջափնյակի (0) թիմերը:
Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց արցախցի Մարիամ Բաբայանը: Լավագույն ռմբարկուի համար սահմանված մրցանակը հանձնվեց Շենգավիթի հավաքականի անդամ Շուշանիկ Եսայանին: Ուշագրավ է, որ հեռանկարային այս մարզուհին ընդամենը 13 տարեկան է: Նա մրցակիցների դարպասը գրավեց 43 անգամ:
Առաջնության հանդիսավոր փակման արարողությանը ներկա էին և արժանավորներին պարգևատրեցին Ստեփանակերտի քաղաքապետ, Հանդբոլի Արցախի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը և Արցախի սպորտկոմիտեի նախագահ Ռազմիկ Հովակիմյանը:
Մրցաշարը բարձր մակարդակով էր: Նաև մասնակիցների համար էքսուրսիա էր կազմակերպել: Նրանք եղան Շուշիում, Վանք գյուղում, Արցախի տեսարժան այլ վայրերում:

Կլինե՞ն փոփոխություններ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում

վոլեյբոլ (1)Օրերս Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի համաժողովում այդ կազմակերպության անդամ երկրներից բացակայել է միայն Հայաստանի ներկայացուցիչը: Հայաստանի ֆեդերացիան, որի նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն է, չլուծված մի շարք հարցեր ունի: Ի դեպ, Խաչատրյանը երկար ժամանակ է` չի մասնակցում ֆեդերացիայի նախագահության նիստերին: Այդ ամենի, ինչպես նաև նոր ղեկավար ունենալու մասին զրուցեցինք  Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի դասախոս, ՖԻՄԱ–ի գլխավոր մարզիչ Կարեն Ասմարյանի հետ:

 – Հոկտեմբերի երկրորդ կեսին Երևանում կանցկացվեն Հայաստանի վոլեյբոլի կանանց և տղամարդկանց առաջնությունների երկրորդ շրջանի հանդիպումները, կորոշվեն հաղթողները: Կանանց առաջնությանը մասնակցում է 4 թիմ: Տղամարդկանց մրցաշարում խաղում է 5 թիմ: Առաջին փուլից հետո կանանց մրցաշարում թիմերը տեղաբաշխվել են հետևյալ հերթականությամբ. Սիսիանի հավաքական, «Նժդեհ», Ստեփանակերտի և Շենգավիթի հավաքականներ: Տղամարդկանց առաջնությունում առջևում է Ստեփանակերտի հավաքականը, որին հաջորդում են ՖԻՄԱ-ն, Արմավիրի թիմը, Գորիսի «ԼեռԷքս»-ը, «Դինամոն»: Կանանց և տղամարդկանց առաջնություններում դեռևս ոչ մի բան պարզ չէ: Ամռանն էլ Երևանում անց էին կացվել լողափնյա վոլեյբոլի պատանիների և մեծահասակների առաջնություններ:

 – Ի՞նչ է տալիս Հայաստանին այդ էկզոտիկ մրցաձևի առաջնության կազմակերպումը:

– Ոչինչ: Պարզապես խաղեր են անցկացվում, զբաղմունք է: Աչքի ընկնողները չեն մասնակցում եվրոպական որևէ ստուգատեսի:  Ի դեպ, մարզուհիների մրցաշարի հաղթող Սիսիանի զույգը և ևս մեկ այլ զույգ հետագայում խաղացել են Բաթումում կազմակերպված միջազգային մրցաշարում: Թե երկրորդն ի՞նչ թիմ է եղել, դժվարանում եմ ասել: Մի բան է պարզ, որ երկրորդ մրցանակակիր «Նժդեհ» թիմին դրսում կարողությունները փորձելու հնարավորություն չի տրվել: Իսկ տղաների դեպքում  մրցաշարի հաղթողներին ոչ մի խրախուսանք չի եղել: Ասվում էր, որ պետք է նրանք ֆեդերացիա հրավիրվեն, բայց ոչ մի կապ չի եղել: Իսկ ահա ՖԻՄԱ-ն Թբիլիսիում խաղացել է 12 թիմերի մասնակցությամբ միջազգային մրցաշարում և գրավել 4-րդ տեղը:

Մասնակցել ենք Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի աջակցությամբ: Օգնեց նաև Երևանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա  Մուրադյանը: Մրցաշարը մասնակիցների ներկայացուցչական կազմ ուներ, և մենք առաջ ենք եղել Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի, տանտերերի ներկայացուցիչներից: Ընդ որում, բոլորն էլ բարձրակարգ մարզիկներով համալրված թիմեր ունեին: Բախտներս բերեց այն առումով, որ վիճակահանությամբ ուժեղ թիմերը մրցեցին իրար հետ, և մեզ համեմատաբար թույլ մրցակիցներ բաժին հասան: Ինչևէ, Հայաստանի ներկայացուցիչներն իրավունք ստացան հաջորդ տարի ընդգրկվելու այդ մրցաշարի հիմնական խմբում: Ընդ որում, այն ավելի ներկայացուցչական է դառնալու, մեծանալու է մասնակիցների թիվը, և ավելացվելու է պարգևատրման հիմնադրամը: Այս անգամ դրամական պարգևներ ստացան միայն 1-3-րդ տեղերը զբաղեցնողները: 

– Գաղտնիք չէ, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայում խժդժությունները շարունակվում են: Սուրեն Խաչատրյանի անվան շուրջ աղմուկը շատ է նաև վոլեյբոլում ստեղծված իրավիճակի առումով:

– Նա իր բողոքավորի կերպարը լրատվամիջոցների օգնությամբ փորձում է պահպանել, արդարանալ: Բայց արդարանալու հիմք չկա: Դարձյալ կրկնում եմ, որ ֆեդերացիայի նախագահը պետք է հրաժարական տա:

 – Խաչատրյանը, վերջին հայտնի իրադարձությունների հետ կապված, թողել է Սյունիքի մարզպետի պաշտոնը: Հնարավո՞ր է, որ առաջիկայում նա հրաժարվի նաև Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները կատարելուց:

– Փոփոխությունները ֆեդերացիայում հրամայական պահանջ են դարձել: Դեպի անդունդ ենք գնում: Ամբողջ համակարգը պետք է վերանայվի:

 – Հավակնություններ ունե՞ք ֆեդերացիայի նախագահ դառնալու:

– Ոչ: Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռազմիկ Սուլթանյանը զանգվածային լրատվամիջոցներին հայտնել է, որ Ասմարյաններն աթոռի կռիվ են անում: Սակայն նման բան չկա: Հայրս` Խաչիկ Ասմարյանը, ժամանակին, երբ Հայաստանի  վոլեյբոլի ֆեդերացիան էր գլխավորում, հրապարակավ հայտնել էր, որ եթե մեկը գտնվի, որ պատրաստ լինի ֆինանսներ ներդնել Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար, ինքն իր տեղը կամովին կզիջի նրան:  Փաստորեն, խոստումներ տրվեցին, նոր մարդիկ գլխավորեցին ֆեդերացիան, բայց ներդրումներ չեն արվում: Հետևանքը տեսանելի է: Նախկինում նույնպես ֆինանսերը քիչ էին, բայց համախմբվածություն կար: Հիմա դա էլ է կորել:

 – Ձեր կարծիքով` ո՞վ պետք է լինի ֆեդերացիայի նախագահ:

– Պետք է լինի այն մարդը, որը ցավում է վոլեյբոլի համար, կարող է վոլեյբոլի զարգացման համար փողեր բերել,  համախմբել այս մրցաձևի ներկայացուցիչներին, բռունցք կազմել և լրջորեն աշխատելու համար պայմաններ ստեղծել: Ընդ որում, պետք է ոչ թե մեկ մարդ աշխատի, այլ` հանձնաժողովներ, փոխնախագահներ, գլխավոր քարտուղարը, գործադիր տնօրենը և այլն: Պետք է մի թիմ հավաքվի, որը կարողանա ստեղծված հիմնախնդիրների լուծումները գտնել:

 – Երկու երնեկ մի տեղում չի լինում: Հնարավո՞ր է, որ ֆեդերացիան հաջողությամբ գլխավորի մեկը, որը նախկինում վոլեյբոլի հետ ընդհանրապես առնչություն չի ունեցել:

վոլեյբոլ– Իհարկե, այդպիսի փաստեր կան: Արտասահմանյան մի շարք երկրների ֆեդերացիաների նախագահները վոլեյբոլիստ չեն եղել, բայց աշխատանքը բարձր մակարդակով են կատարում: Մասնավորապես, կա  մեքսիկացի  Ռուբեն Ակոստայի օրինակը, որը 1982-ից մինչև 2008-ը գլխավորել է Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիան: Մինչ այդ նա ղեկավարել է Մեքսիկայի վոլեյբոլի ֆեդերացիան: Այդ մարդը մասնագիտությամբ իրավաբան է և հասավ նրան, որ ամբողջ աշխարհում վոլեյբոլը զարգացավ: Մեծածավալ աշխատանք կատարվեց, պայմանագրեր կնքվեցին տարբեր կազմակերպությունների, այդ թվում` հեռուստաընկերությունների հետ: Նրա աշխատանքի շնորհիվ էր, որ միջազգային կազմակերպությունը մեծ ֆինանսների տեր դարձավ: Կարևոր էր, որ ամեն ինչ շատ ճիշտ էր կազմակերպվում:

 – Եթե այդպիսի մարդ ի հայտ գա, ապա վոլեյբոլի ներկայացուցիչները նրա առջև ի՞նչ պահանջներ կդնեն:

– Մեր մարզաձևում պահանջներն այնքան էլ շատ չեն: Եթե նվազագույնը լինի, բոլորս էլ պատրաստ ենք ծանրաբեռնված աշխատելու: Միանգամից ուժեղ թիմեր և հավաքականներ ստեղծել հնարավոր չէ: Անհրաժեշտ է ֆինանսներ հայթայթել և մանկապատանեկան վոլեյբոլը զարգացնել, տարբեր տարիքային խմբերի հավաքականներ ստեղծել. ոչ թե թղթի վրա, այլ իրական:  Ուսանելի է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի օրինակը: Թիմերը պարբերաբար մասնակցում են Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարերի, եթե պարտվում են, ապա ժամանակի ընթացքում արդյունքներն էլ ավելի բարձր կլինեն: Կարևորը, որ մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Նույնն էլ վոլեյբոլում կարելի է անել: Թող մեր թիմերը պարտվեն, սակայն մեր մարզիչները, խաղացողներն իմանան, որ թիմեր կան, Հայաստանի պատիվը պաշտպանելու համար են պայքարելու, թեկուզ պարտություններն անխուսափելի են:

 – Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փորձը կարելի՞ է նաև վոլեյբոլում կիրառել. թույլ առաջնություն ունենք, սակայն դրսից հրավիրված մեր հայրենակիցների ուժերով մրցունակ հավաքական է ստեղծվել:

– Ցանկալի է: Մեծահասակների միջազգային խաղերում առնվազն մի քանի տարի արժանիորեն մրցակցել չենք կարող: Բայց պատանեկան ստուգատեսներում հնարավոր է խաղալ: Օրերս Թբիլիսիում  «Նժդեհի» աղջիկների թիմը 4 խաղ անցկացրեց Վրաստանի` 2015-ի «Եվրոպայի երիտասարդական օրեր» փառատոնի ծրագրով մրցումներին նախապատրաստվողների հետ: Վերջինս անցկացվելու է Վրաստանում: Մեր մարզուհիները 2 հաղթանակ տարան և 2 խաղում պարտվեցին: Վրաստանի ներկայացուցիչները մի շարք ուժեղ խաղացողներ ունեն: Ընդ որում, վոլեյբոլի մասնագիտացված դպրոց է հիմնվել, որը Հայաստանում չկա: Համապատասխան կահավորանքով հիանալի մարզաբազա է ստղծվել, որում առավոտյան ժամը 9-ից մինչև 21-ը մարզումներ են անցկացվում:

 – Հայաստանը մասնակցելո՞ւ է այդ ստուգատեսին:

– Տեղյակ չեմ: Հնարավոր չէ, որ հրավեր չունենաք, միայն պետք է նախապատրաստվել: Վրաստանը` որպես կազմակերպիչ երկիր, մասնակցելու է եզրափակիչ փուլին, իսկ մենք պետք է փորձենք այդ իրավունքին արժանանալ:

 – Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, անտարբեր չմնալով, չպե՞տք է հետևեն, որ մեր երկրի վոլեյբոլի ֆեդերացիան իր բարձրության վրա գտնվի, նորմալ աշխատի:

– Այդ կառույցները կարող են մեծ դեր ունենալ դրությունը շտկելու գործում: Գուցե առիթ է պետք, որ քայլեր ձեռնարկվեն Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար:

– Դիմե՞լ եք Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հայտնի է, որ նա վոլեյբոլի մեծ սիրահար է և խաղում է:

– Վարչապետին պետք է ֆեդերացիայի նախագահը դիմի, այդ կապերը և լծակները չունենք: Ուրախ ենք, որ նա վոլեյբոլով է զբաղվում և ցանակալի է, որ աջակցի:

  Հ.Գ. Խոսակցություններ կան, որ առաջիկայում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի ղեկը ստանձնելու է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ուշագրավ է, որ Ռուսաստանում նույն պաշտոնում գտնվող Նիկոլայ Պատրուշևը ղեկավար դիրք է զբաղեցնում այդ երկրի վոլեյբոլի ֆեդերացիայում: Ի դեպ, Ասմարյանը, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այդպիսի փոփոխության հնարավորությունը: Մնում է սպասել հետագա զարգացումներին:

Վերջնագծի մատույցներում

c4d89371 նոր հանդբոլԱյսօր Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի մարզասրահում կայացան Հայաստանի մինչև 16 տարեկան հանդբոլիստուհիների եզրափակիչ մրցաշարի նախավերջին` 4-րդ տուրի հանդիպումները:
Մրցանակային տեղի համար պաքյարող Արցախի և Վանաձորի հավաքականների մրցավեճն անզիջում էր: Ի վերջո, 2 գնդակի տարբերությամբ առավելության հասան վանաձորցիները` 23:21 (12:8):
Մյուս երկու հանդիպումներում ուժերն անհավասար էին` Աջափնյակ – Շենգավիթ` 8:38 (1:23), ԽՄՕՄՄ – ՀՄԴ` 7:54 (3:28):
ՀՄԴ-ի թիմը 4-րդ հաղթանակը տարավ և մասնակիցներից միակն է, որը չի ճաշակել պարտության դառնությունը: Այն վաստակած 8 միավորով գլխավորոմ է մրցաշարային աղյուսակը: 6 միավոր ունի Շենգավիթի հավաքականը: Ապա հաջորդում են` Վանաձորի, Արցախի (երկուսն էլ` 4-ական միավոր), ԽՄՕՄՄ-ի (2), Աջափնյակի (0) թիմերը:

Վաղը կկայանան հետևյալ հանդիպումները`

Աջափնյակ – Վանաձոր
Շենգավիթ – ՀՄԴ
Արցախ – ԽՄՕՄՄ

Արթուր Բաղդասարյանը գլխավորեց Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան

աբbig_66eb307cc17d47997be07445f0a8ceb5Այսօր անցկացված վոլեյբոլի Հայաստանի ֆեդերացիայի համաժողովում ընտրվել է նոր նախագահ: Այսուհետ այդ պարտականությունները կկատարի Հայաստանի ազգային անվտանգոևթյան խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նախկին նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 3 տարի ֆեդերացիան  գլխավորելուց հետո, այլևս չի առաջադրվել այդ պաշտոնում ընտրվելու համար: Նա հրաժարական է տվել: