Ի՞նչ քայլեր է իրականացնելու Գևորգ Կոստանյանը գլխավոր դատախազի պաշտոնում

A4F0E2B2-EF14-4FC1-934D-4BD06004B76B_mw1024_n_sԱյսօր խորհրդարանում իր թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելուց առաջ ելույթով հանդես եկավ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը: Նա ներկայացրեց գլխավոր դատախազության գործունեության արդյունավետության բարձրացման ուղղված այն միտումներին ու նպատակներին հասնելու միջոցները, որոնք, ըստ նրա, կարող են իրականացվել հնարավորինս սեղմ ժամկետներում:

Առաջին հերթին դա Հայաստանի Հանրապետությունում` հատկապես դատախազական համակարգում, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարն է և ոչ պրոֆեսիոնալ դատախազներից ազատվելը. «Ոչ պրոֆեսիոնալ դատախազն, իմ կարծիքով չարիք է, քանի որ նրա ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով կարող են ընդմիշտ խեղվել մարդկային ճակատագրեր: Դատախազության ցանկացած պաշտոնյա, ով համաձայն չէ այն ձևակերպման հետ, որ կոռուպցիան ու ոչ պրոֆեսիոնալիզմը տեղ չունեն դատախազական համակարգում, շատ շուտով իրենք տեղ չեն ունենա համակարգում, սա քննարկման առարկա հանդիսանալ չի կարող»,-ընդգծեց նա:

Կոստանյանն իր պաշտոնավարության կարևորագույն խնդիրներից է համարելու նաև այն, որ դատախազը չի կարող լինել կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքականությամբ: Նման ցանկություն ունեցող դատախազներին կտրվի հնարավորություն քաղաքականությամբ զբաղվելու, բայց մի պայմանով` լիազորությունները վայր դնելուց հետո:

Անդրադառանլով անպատժելիության մթնոլորտի մասին առկա տեսակետին, նա ասաց, որ համաձայն չէ, որ դա համատարած բնույթ է կրում, սակայն համարում է, որ մեկ դեպքն իսկ բավական է նման տրամադրությունների վրա ազդելու համար, հետևաբար իր կարևորագույն նպատակներից մեկն է դարձնելու այն, որ ապահովվի օրենքի առջև բոլորի հավասարությունը, հանցագործները ստանան համարժեք պատիժ, և հարգվեն գործին առնճվող բոլոր կողմերի դատավարական իրավունքները:

Անդրադառնալով պետության համար գլխավոր դատախազությանը վերապահված հույժ կարևոր լիազորություններին` քրեական հետապնդում հարուցելը, հետաքննության և նախաքննության օրինականությանմ նկատմամբ հսկողությունը, մեղադրանքի պաշտպանումը դատարանում, պետական շահերի պաշտպանության հայցի հարուցումը դատարան, դատարանների վճիռների, դատավճիռների որոշումների բողոքարկումը և պատիժների ու հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը, նա ասաց, որ դրանց թվարկումն, անգամ, բավական է, որ նույնիսկ ոչ իրավաբան մասնագետը պատկերացնի, թե իրեն վերապահված լիազորություններից ցանկացածի իրականացման ժամանակ թույլ տրված թեկուզ աննշան թերությունն ինչպիսի աղետալի հետևանքներ կարող է ունենալ ողջ համակարգի և պետության համար:

Կոստանյանը նաև ընդգծեց, որ քաղաքակիրթ հասարակության մեջ մեկ անձի նկատմամբ կատարված հանցանքը հանցանք է բոլորի նկատմամբ` նշելով, որ այս գաղափարի պաշտպանության վրա է կառուցվում ցանկացած երկրի դատախազական համակարգը. «Այլապես, մենք ունենում ենք մի հասարակություն, որտեղ յուրաքանչյուրն ինքնուրույն է պաշտպանվում հանցագործութնուններից, ինչն էլ իր հերթին բերում է մի իրավիճակի, որտեղ գործում է ուժեղի իրավունքը, ինչը հարիր չէ քաղաքակիրթ հասարակությանը և բացարձակ անընդունելի»,-ասաց նա:

Կոստանյանը նաև արձանագրեց, որ մեր պետության առջև այսօր ծառացած են բազմաթիվ խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս ունենալ այնպիսի պետություն, որտեղ բոլորն ապրում են ապահով և բարեկեցիկ կյանքով` նշելով, որ դա որոշ դեպքերում կախված է օբյեկտիվ պատճառներից: Սակայն, ըստ նրա, արդարադատության համակարգում հաջողության հասնելու համար ամեն ինչ բացառապես կախված է մեզանից, և այստեղ բոլոր խնդիրները սուբյեկտիվ են: «Այս հարցում մեր առջև չկա ոչ մի օբյեկտիվ խոչընդոտ, ոչ ոք մեզ չի խանգարում, պատասխանատուն միայն մենք ենք և պետք է պահանջենք միայն և միայն մեզանից»,-ասաց նա

Նա համոզմունք հայտնեց, որ խստագույնս պահպանելով օրինականության սկզբունքը` կարելի է կարճ ժամանակահատվածում հասնել այնպիսի արդյունքների, որոնք ոչ միայն կարտացոլվեն վիճակագրութան մեջ, այլև տեսանելի կլինեն հասարակության համար և կփոխեն արդարադատության նկատմամբ հասարակական ընկալումը:

Զինդատախազն անդրադարձավ նաև քրեակատարողական հիմնարկների գերծանրաբեռնվածության խնդրին և նշեց, որ անհրաժեշտ է որդեգրել պատժի նկատմամբ նոր` քսանմեկերորդ դարին հարիր մոտեցումներ: «Հանցագործություն կատարած անձին պատժելու իմաստը սոցիալական արդարության վերականգնումն է, պատժի ենթարկված անձի ուղղումն ու նոր հանցագործութնունների կանխումը, ոչ թե այդ անձին հասարակությունից մկուսացնելն ու որոշ ժամանակ անց նրա մասին մոռանալը»:

Ամփոփելով խոսքը` նա հայտարարեց, որ իրավական պետության կառուցման, օրենքի առաջ բոլորի հավասարության, հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձին համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ իրակամացվող գործընթացը ՀՀ դատախազությունն ի զորու չէ կատարել միայնակ, և որ այս գործընթացում մեծ կարևորություն ունեն ողջ արդարադատության համակարգն ու արդարադատությանը նպաստող բոլոր օղակների համակարգված և քրտնաջան աշխատանքը` առաջին հերթին դատական համակարգը, առանց որի պատշաճ աշխատանքի իրավական պետության կառուցման հնարավորությունը վտանգված է:

 

Հանրայինը սերիալ կցուցադրի, բայց…

theme_1Խորհրդարանն այսօր շարունակեց նախորդ քառօրյայում ընդհատված հարցի քննարկումը` կապված Հանրային հեռուստառադիոընկերության 2012 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդման հետ, որը ներկայացնում էր խորհրդի նորանշանակ նախագահ Ռուբեն Ջաղինյանը:

ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը Ռուբեն Ջաղինյանից հետաքրքրվեց նոր եթերաշրջանում սերիալային քաղաքականության մասին: Վերջինս պարզաբանեց. «Պատրաստվելու է մեկ` ոչ թե սերիալ, այլ 12, 16, 18 կինոմասերից բաղկացած սերիալներ: Սցենարներն այնպես են գրված, որ եթե դուք նայեք 8-րդ մասը, դա ձեզ չի խանգարի, որ առաջին յոթը չեք նայել: Կարծում եմ` դրանք ավելի պատրաստված են այն մոտեցումներով, որ Հանրայինը որդեգրել է, այսինքն դրան կլինեն ավելի հայրենանվեր»:

Այնուհետև հարակից ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: Նա կիսեց գործընկերների այն մտահոգությունը, որ սերիալները դառնում են կրկնօրինակման աղբյուր հատկապես դեռահասների շրջանում` ազդելով նրանց մտածելակեպրի, բառախաշարի, վարքի վրա և դառնալով խնդիր իրական կյանքում:

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի բարձրացրած հարցը` կապված սերիալաներում բռնության տեսարանների բավականին մեծ տոկոսի հետ, Հայկ Բաբուխանյանը նույնպես օրակարգային համարեց` նշելով, որ ցանկացած ֆիլմ և հաղորդում պետք է դաստիարակչական էֆեկտ ունենա. «Ժամանակին «Աննա»սերիալ կար, որտեղ մի ընտանիքի դժբախտությունը, որ միգուցե բնորոշ էր մեր հասարակության 5 տոկոսին, ողջ հանրությունը ստիպված էր դիտել, միչդեռ դա բնորոշ չէ բոլոր ընտանիքներին, և չպետք է դա պարտադրել բոլորին»,-ասաց Բաբուխանյանը:

Մհեր Շահգելդյանն ավելացրեց, որ անհրաժեշտ է մշակել ռազմավարություն, որի հիմնական մոտեցումներից մեկը պետք է լինի եթերում ազգային հերոսի ձևավորումը: «Այո, հեռուստատեսությամբ պետք է դաստիարակել այն քաղաքացուն, որին մենք ուզում ենք տեսնել` նախ և առաջ իհարկե հասկանալով, թե մենք ինչպիսի՞ քաղաքացի ենք ուզում ունենալ»,-արձագանքեց Բաբուխանյանը:

Վերջինիս խոսքով` սերիալ ցուցադրելը համաշխարհային միտում է, և օրինակ, ռուսական հեռուստատեսության մեջ շատ են նպատակային, դաստիարակչական նշանակություն ունեցող սերիալները. «Օրինակ, տվյալներ կան, որ բժիշկների մասին մի հեռուստասերիալի ցուցադրումից հետո շատ երիտասարդներ որոշել են դառնալ բժիշկ: Իսկ ռուսական մեկ այլ սերիալում քարոզվել է շատ երեխաներ ունենալը, որը ժողովրդագրական խնդիր լուծելու նպատակ ունի»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հանրային հեռուստաընկերությունը նպաստել է գաղջ մթնոլորտի ձևավորմանը: Բաբուխանյանը նշեց, որ ցանկացած լրատվամիջոց ազդում է հանրային կյանքի վրա, և հանրայինը ևս բացառություն չէ:

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հայտարարեց, որ նշված խնդիրները հնարավոր է լուծել օրենսդրական բարեփոխումների միջոցով և հայտնեց, որ պատրաստվում է առաջիկայում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Մասնավորապես, պատգամավորն առաջարկելու է, որպեսի օրենքով սահմանվեն, թե  կոնկրետ որ հաղորդումները ողջ հեռուստահաղորդումների քանի տոկոսը պետք է կազմեն, և դա պետք է բխի պետական պատվերի պահանջից: Պատգամավորը օրենքով կարգավորման խնդիր է դիտում նաև վերահսկող մարմնի ստեղծումը, որը պետք է վերահսկի Հանրային հեռուստաընկերության քաղաքականության իրականացումը:

Առաջարկներից մեկն էլ վերաբերում է հեռուստատեսության գործունեության համար չափորոշիչների և գնահատման մեխանիզմների ստեղծմանը:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հույս հայտնեց, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը կարդարացնի ոլորտը բարելավելու հանրության սպասումները և վերջինիս հորդորեց այս բարի ցանկությունը դիտել նաև իբրև պահանջ:

 

 

Ազգային ժողովն աշխատանքը սկսեց Փոստանջյանի և ռուս սահմանապահների միջադեպով

theme_1Այսօր` սեպտեմբերի 30-ին, մեկնարկեց խորհրդարանի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական քառօրյա աշխատանքը:

Մինչ օրակարգը հաստատելը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սեպտեմբերի 25-ին Սյունիքի մարզում Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ռուս սահմանապահերի միջադեպին:

“Արդյո՞ք պահանջել կամ ստացել եք համապատասխան տեղեկատվություն, և ընդհանրապես ի՞նչ իրավունքի ուժով են համապատասխան ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչները պետական սահմանից տասնյակ կիլոմետրեր հեռու իրականացրել այդպիսի գործողություններ և անցագրային կետ սահմանել”,-հարցրեց պատգամավորը:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դեպքի հաջորդ օրը հեռախոսազրույց է ունեցել Զարուհի Փոստանջյանի հետ, և վերջինս նշել է, որ շաբաթ օրը Սյունիքի մարզից վերադառնալուց հետո կհանդիպեն, և ինքն ավելի մանրամասն կտեղեկացնի միջադեպը. “Այդ հանդիպումը չստացվեց, երևի օբյեկտիվ պատճառներով, քանի որ ընտրություն էր տվյալ մարզում”,-ասաց նա:

Խորհրդարանի ղեկավարը նաև հայտնեց, որ այսօր առավոտյան ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից նամակ է ստացել, սակայն դեռևս չի հասցրել դրան ծանոթանալ: Նա հավաստիացրեց, որ ընդմիջման ժամին կծանոթանա նամակի բովանդակությանը և կհասկանա միջադեպի պատճառները:

“Միանշանակ համակարծիք եմ, որ Հայաստանի Հանրապետության սահմաններում օրենքը պետք է գործի ինչպես մեզ, այնպես էլ բոլորի համար, և եթե որևէ ոտնձգություն է եղել մեր գործընկերոջ կատմամբ, անպայման մենք կփորձենք համապատասխան գնահատական տալ”,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

 

Նախագահն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

 Նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մաuին առաջարկությունը:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

SՍեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին:

Ողջունելով հյուրին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր գնահատեց Հայաստանի դիվանագիտության ակտիվ ներգրավվածությունը միջազգային բազմակողմ գործընթացներում։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին սիրիական ճգնաժամի, դրա հետևանքով փախստականների արտահոսքի վերաբերյալ։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հյուրընկալել է տաս հազարից ավել սիրիահայերի, իսկ Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայեր շարունակում են ապրել ճգնաժամի պայմաններում։

Հայաստանի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունեցին սեպտեմբերի 27-ին Անվտանգության խորհրդում սիրիական քիմիական զենքի վերաբերյալ միաձայն ընդունված բանաձևը և կարևորեցին հակամարտության քաղաքական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Բան Կի-մունը անդրադարձան  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին։ Նախարար Նալբանդյանը ներկայացրեց հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում նախարար Նալբանդյանը նշեց, որ ՄԱԿ-ը և Եվրոպայի խորհուրդը հանդիսանում են առանցքային գործընկերներ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների պաշտպանության, այլատյացության  և անհանդուրժողականության դեմ պայքարում, որոնք համաեվրոպական այդ կառույցում Հայաստանի նախագահության առաջնայնություններից են։

Անդրադառնալով ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը սատարում է ՄԱԿ-ի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը: «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի բարեփոխումների գործընթացին և  պատրաստ ենք մեր ներդրումը բերելու այդ գործին: Հավատում ենք, որ բարեփոխումները հնարավորություն են ընձեռում ընդլայնելու կազմակերպության դերը՝ միջազգային հանրության առջև ծառացած առանցքային խնդիրներին լուծումներ գտնելու համար»,- ընդգծեց Հայաստանի արտգործնախարարը։

Անկրկնելի դերասան, մշակույթի նվիրյալ, խորագիտակ մտավորական, իրական ազգային գործիչ…

1380211_451888968264118_1116865737_nՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր  և խորհրդի անունից ցավակցագիր է հղել Սոս Սարգսյանի մահվան կապակցությամբ, որտեղ մասնավորապես նշվում է.

«Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացանք մեծանուն դերասան, ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ Հանրային խորհրդի անդամ Սոս Սարգսյանի մահվան մասին: Անվանի դերասանի մահը մեծ կորուստ է հայ ժողովրդի  և համաշխարհային մշակույթի համար:

Անկրկնելի դերասան, մշակույթի նվիրյալ, խորագիտակ մտավորական, իրական ազգային գործիչ ու աննկուն քաղաքացի Սոս Սարգսյանը փայլուն չափանիշ է երիտասարդ սերունդների համար, իսկ նրա արվեստը՝ հավերժ մնայուն:

Հանրային խորհուրդը ստեղծման օրվանից պատիվ ունեցավ Սոս Սարգսյանի հետ կիսելու հանրային կյանքը վերափոխելու, քաղաքացիական հասարակություն ձևավորելու մեր նպատակն ու գործունեությունը, որը նոր որակ և ուժ ստացավ ազդեցիկ մտավորականի ճշմարտախոսության ու իմաստության շնորհիվ:

Հանրային խորհրդի և իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Սոս Սարգսյանի ընտանիքին, հարազատներին և ողջ հայ ժողովրդին:

Վստահ ենք, որ Մեծ մարդու և վառ անհատականության անունն ու գործը հավերժ կապրեն մեր պատմության էջերում և բոլորիս սրտերում»:

 

Հանրային խորհրդի քաղաքաշինության ենթահանձնաժողովը դեմ է Կլոր շենքը քանդելուն

g_imageՀանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովում այսօր քննարկվում էր «Զվարթնոց» օդանավակայանի կլոշ շենքը քանդել-չքանդելու հարցը: Հիշեցնենք, որ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերջերս դիմել էր Հանրային խորհուրդ` տեղեկացնելով, որ ՀՀ կառավարությունն ու «Զվարթնոց» օդանավակայանի կառավարիչ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն քննարկում են օդանավակայանի առաջիկա 5 տարիների զարգացման խնդիրները, որի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել վերջնական գնահատական տալու հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման խնդրին:

Քաղավիացիայի վարչության կողմից Հանրային խորհրդին առաջարկվել էր համատեղ քննարկել հարցը, որպեսզի մինչև վերջնական որոշում կայացնելը հասկանալի լինեն այն գնահատականներն ու մոտեցումները, որոնք առկա են համալիրի նկատմամբ հանրության և ոլորտի մասնագետների կողմից:

MHM81659Քննարկմանը մասնակցում էին Հանրային խորհրդի ենթահանձնաժողովներում ընդգրկված անվանի ճարտարապետներ, Հանրային խորհրդի անդամ, ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ մինասյանը, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի նախագահ ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը, ինչպես նաև Հայաստանի քաղաավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչ Աշոտ Ազիզյանը:

Հխ անդամ Վազգեն Սաֆարյանը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ հարցը քննարկվել է նաև ՀԽ քաղավիացիայի ենթահանձնաժողովի նիստում, որտեղ ընդունվել է որոշում, ըստ որի «Զվարթնոցի» հին համալիրը չպետք է քանդել, այլ պետք է գտնել լուծումներ այն այլ նպատակներով օգտագործելու համար: Ենթահանձնաժողովն իր հերթին մի շարք առաջարկներ է ներկայացնել լուծման հնարավորությունների վերաբերյալ:

Սաֆարյանը չբացառեց, որ հարցը կքննարկվի նաև ՀԽ մշակույթի ենթահանձնաժողովում, Հուշարձանների պահպանության ենթահանձնաժողովում. «Այնպես որ Հանրային խորհուրդը շաMHM81660ատավորն է, և որի  կարծիքը պետք է հաշվի առնի թե՛ «Զվարթնոցի»  սեփականատերը, թե՛ Քաղավիացիայի վարչությունը:

Մինչ բուն քննարկմանն անցնելը, ՀԽ քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ հարցն ընդգրկվել է նաև  Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական հանձնաժողովի նիստի օրակարգ, որտեղ միաձայն ընդունվել է բացասական որոշում:

Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ գոյություն ունի միջգերատեսչական հանձնաժողով` վարչապետի որոշմամբ, որը քննարկումներ է կատարում այն բոլոր հարցերի շուրջ, որը վերաբերում է կոնցեսիոներին և իր որոշումների մասին տեղյակ է պահում կառավարությանը: «Նաև այս հարցի վերաբերյալ են քննարկումներ, հնչել են բազմաթիվ կարծիքներ` շատ հիմնավոր վերլուծություններով, և որոշում է կայացվել, որ քանդել-չքանդելու հարցը չպետք է վերապահվի մի խումբ մարդիկանց, այլ պետք է լինի հանրային քննարկման արդյունքում: Եվ այն որոշումը, որը կկայացնի հանրությունը, կլինի ընդունելի նաև մեզ համար»,-ասաց նա:

Միաժամանակ Քաղավիացիայի գլխավոր վարչության պաշտոնյան նշեց, որ Կլոր շենքն ունի պահպանման խնդիր` այն այժմ չի օգտագործվում, գտնվում է անմխիթար վիճակում, կա քանդման վտանգ: «Մենք կոնցեսիոներին առաջարկեցինք կազմել նախահաշիվ և ներկայացնել, թե տարեկան ծախսը որքան կկազմի պահպանման համար, վերջինս ասաց, որ տարեկան պահպանման ծախսեր առայժմ չի կարող ներկայացնել, սակայն ներկայացրեց մեկ այլ ծախս, որ 10-12 միլիոն դոլլար է պետք շենքը վերակառուցելու և դրա քանդման վտանգը կանխելու համար»:

MHM81661Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը նախ հարցրեց, որ եթե այդ տարածքը նախատեսվում է հետագա զարգացման համար, ապա ինչո՞ւ է հիմա քանդելու խնդիր դրվում կամ կա՞ արդյոք նախահաշվային փաստաթուղթ, որը հիմնավորում է  վերակառուցման համար 10-12 միլիոն դոլլար ծախսը և կա՞ համապատասխան կազմակերպության կողմից ուսումնասիրություն ներկայիս սեյսմիկ վիճակի մասին: «Դեռևս մի քանի տարի առաջ այդ շենքը վերանորոգված էր և ծառայում էր իր նպատակին»,-հիշեցրեց Մուշեղյանը:

Քաղավիացիայի վարչության ներկայացուցիչը պատասխանեց, որ կոնցեսիոների կողմից նախագծային աշխատանքներ հավանաբար արված կլինեն, և 10-12 միլիոն դոլլարը «օդի միջից վերցված թիվ չի լինի»:

Ինչ վերաբերում է սեյսմիկ անվտանգությանը և այն հարցին, որ ընդամենը մի քանի տարի առաջ շենքն օգտագործվում էր, ասաց. «Բոլորս գիտենք, թե ինչպես էր շահագործվում, միշտ վտանգը կար, երբ մեքենան բարձրանում էր, արագ իջնում էր: Այնտեղ անմխիթար վիճակ է»:

Մուշեղյանն էլ նկատեց, որ անմխիթար վիճակ արտահայտությունը հաճախ է օգտագործվում, երբ ցանկանում են որևէ բան քանդել կամ կառուցել:

Ներկաներին հետաքրքրում էր նաև, թե քանդելու նպատակի վերաբերյալ մշակված որևէ ծրագիր կա՞, թե ոչ, և եթե որոշվի այն քանդել, ապա ինչ է լինելու դրա փոխարեն: Այս և այլ հարցեր, այնուամենայնիվ, մնացին անպատասխան, որովհետև օդանավակայանի միակ ներկայացուցիչը, որը մասկանցում էր քննարկմանը, հրաժարվեց պատասխանել հարցերին` նշելով, որ ինքը ներկա է գտնվում միայն քննարկումն իր ղեկավարությանը փոխանցելու նպատակով և հարցերին պատասխանելու իրավասություն չունի:

Ներկաները խոսեցին շենքի ճարտարապետական-մշակութային բարձր արժեքի մասին` նշելով, որ մինչ վերջերս այն տարբեր երկրներում ներկայացվում է ցուցահանդեսաների` որպես խորհրդային ժամանակաշրջանի մոդեռնիստական ճարտարապետության փայլուն նմուշ: Ներկաներից մեկը հռետորական հարց բարձրացրեց` արդյո՞ք օդանավակայանի սեփականատերը տեղյակ է, թե ինչ գանձի է տիրապետում:

Հանրային խորհրդի քաղաքաշինության և ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովը նույնպես որոշեց, որ կլոր շենքը պետք է պահպանվի, և պետք է գտնել տարբերակներ այն որևէ նպատակով օգտագործելու, որպեսզի պահպանման ծախսերը հոգան այդ ճանապարհով:

Հանրային խորհրդի ենթահանձնաժողովների որոշումները կներկայացվեն Հանրային խորհրդի նիստին, և համապատասխան փաստաթուղթ կուղարկվի Քաղավիացիայի գլխավոր վարչություն:

 

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հաղորդում տալ հանցագործության մասին

images«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ երեկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ/ФСБ) խոչընդոտել է «Ժառանգության» քարոզչական խմբի գործունեությունը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում, որի կազմում եղել են Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, ՀՀ այլ քաղաքացիներ:

Առավոտյան Կապանից Մեղրի ճանապարհին ԱԴԾ աշխատակիցները կանգնեցրել եւ խուզարկել են «Ժառանգության» քարոզչախմբի երկու մեքենաները՝ առանց որեւէ հիմնավորման: Ընդ որում` մեքենաներին չեն թույլատրել շարունակել իրենց երթը մինչեւ որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի ներկայացրել իր պատգամավորական վկայականը, խմբի առաքելությունը՝ ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզչության շրջանակներում, եւ բացատրություններ պահանջել կատարվող գործողությունների համար, որից հետո ԱԴԾ-ականը ինչ-որ հեռախոսազանգ է արել եւ ապա թույլ տվել քարոզչախմբին շարունակել իր ճանապարհը: Ընդ որում` ռուս ԱԴԾ-ականները գործել են ոչ թե ՀՀ իրավապահների, այլ ՀՀ ՊՆ զինվորների ուղեկցությամբ:

Սակայն երեկոյան՝ ետդարձի ճանապարհին, «Ժառանգության» ավտոշարասյունը նորից կանգնեցվել է ՌԴ ԱԴԾ-ի ներկայացուցիչների կողմից՝ ստուգման եւ խուզարկության նպատակով: Նրանք վերստին մերժել են Զարուհի Փոստանջյանի պահանջը՝ հիմնավորելու իրենց գործողությունները: Ռուս ԱԴԾ-ականները գործել են կոպիտ եւ անհարգալից պահվածք դրսեւորել թե ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ թե խմբի մյուս անդամների՝ ՀՀ քաղաքացիներ հանդեպ: Միջադեպի ամբողջ ընթացքը նկարահանել է Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը: Սակայն ԱԴԾ-ականը փորձել է խլել նրա տեսախցիկը եւ կոտրել այն: Հետագայում դեպքի վայր ժամանած մի բարձրաստիճան ԱԴԾ-ական՝ ոմն գնդապետ Միրզոեւ, Զարուհի Փոստանջյանից ներողություն է խնդրել իր ստորադասի կատարած արարքի համար, հիմնավորել ՌԴ ԱԴԾ-ի գործողությունները ինչ-որ իրանցի թմրագործակալի փնտրման աշխատանքներով  եւ առաջարկել ներքին կարգով փոխհատուցել կոտրված տեսախցիկի արժեքը: Սակայն  Զարուհի Փոստանջյանը հրաժարվել է առաջարկվող գումարից եւ պնդել, որ այն պետք է վճարվի դատական կարգով՝ ՀՀ օրենքներով նման հանցագործության համար նախատեսված պատժին զուգահեռ:

Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հաղորդում տալ հանցագործության մասին:

«Ժառանգություն»-ը Հայաստանում Ռուսաստանի իշխանություններից պահանջում է պաշտոնապես ներողություն խնդրել եւ բացատրություններ տալ այս անընդունելի միջադեպի կապակցությամբ, իսկ ՀՀ իրավապահ եւ դատական մարմիններից՝ համապատասխանաբար հետաքննել այս միջադեպը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Տեղեկատվություն՝ դատական կարգադրիչների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ներգրավված մեղադրյալների մասին

դատախազությունՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է նախաքննությունը։ Սեպտեմբերի 25-ի դրությամբ, որպես մեղադրյալ է ներգարվվել 19 անձ, եւս 2 հոգի գտնվում են կասկածյալի կարգավիճակում։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` ստորև ներկայացնում ենք գործով ներգրավված անձանց տվյալներն ու առաջադրված մեղադրանքները՝

1. ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

2. ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

3. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է գրավով:

4. ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

5. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Սամվել Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

6. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Փալիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314 հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

8. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Ազատի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոխարինվել է անձնական երաշխավորությամբ:

9. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արման Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

10. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայությունում որպես անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314 հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

11. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

12. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության վերահսկողության բաժնի պետ Եղիազար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

13. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ, ապա 2012թ. նոյեմբերից ՀՀ վարչական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Էդուարդ Հովհաննիսյանին մեղադարանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

14.  ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ՀՀ Արարատ և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արմեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

15. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Մհեր Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

16. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման նախկին պետ Հայկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

17. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Արտակ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

18. ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ Նորայր Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

19. 15.08.2013թ. որոշում է կայացվել դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Բաղդասարի Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա գտնվելու վայրը պարզելու նպատակով հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Կասկածյալներ Արտյոմ Ֆելիքսի Մամյանի և Մերուժան Մերուժանի Կյուրեղյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Հենրիխ Մխիթարյանը` գոլի հեղինակ

ՀՄ221286851373746587Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան,  ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ շրջանում լրացուցիչ խաղաժամանակում 2:0 հաշվով առավելության հասավ Գերմանիայի առաջնության երկրորդ խմբում հանդես եկող «Մյունխեն 1860» թիմի նկատմամբ: Մյունխենում անցկացված հանդիպման հիմնական ժամանակում կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0:

Խաղընկերոջը փոխարինած գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը 105-րդ րոպեին անվրեպ իրացրեց 11 մետրանոց տուգանային հարվածը:  2 րոպե անց գոլի հեղինակ դարձավ Մխիթարյանը:

«Բորուսիան» դուրս եկավ երրորդ շրջան:

Տեխնիկական արդյունքներ

«Մյունխեն 1860» – «Բորուսիա »Դորտմունդ՝ 0:2

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 105 (11 մ), Հենրիխ Մխիթարյան, 107

 

Նախագահը մասնակցել է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը

 

MHM81550 copyՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը: Նախագահը հանդես է եկել ելույթով՝ ողջունել Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, այդ թվում՝ աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիք եկած հոգևոր առաջնորդներին, հույս հայտնել, որ ժողովը նույն միասնականության ոգու վկայությամբ այսուհետ գումարվելու է պարբերաբար՝ ի փառս մեր հավատավոր ժողովրդի: Սերժ Սարգսյանը ժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք:


***
Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը

 

Ձե՛րդ Սրբություն Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,
Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

Ուրախ եմ գտնվել այստեղ՝ հայոց հոգևոր կենտրոնում, բոլորիս համար նվիրական Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սրտանց ողջունում եմ բոլորիդ՝ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, և հատկապես աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիքի բարեբեր հող եկած հոգևոր առաջնորդներին: Առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ լավատեղյակ եմ բոլորիդ ազգանպաստ ու հայրենանվեր ձեռնարկումներին և շնորհակալ եմ այդ ամենի համար:

Երախտապարտ եմ Ամենայն Հայոց Հայրապետին ինձ հրավիրելու և ողջույնի խոսքով ձեզ դիմելու այս հնարավորության համար: Այստեղ գտնվելով՝ ինչպես և մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ, անհրաժեշտ եմ համարում իմ որդիական սերը, նվիրումը և աջակցությունը մեկ անգամ ևս հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Հայոց պատմության վայրիվերումներին ծանոթ մարդիկ կարող են իրավամբ գնահատել այն կարևորագույն առաքելությունը, որ կատարել և այսօր էլ շարունակում է կատարել մեր Մայր Եկեղեցին: Առաքյալների ջանքերով հիմնադրված այս հոգևոր հաստատության շնորհիվ պետականությունից զրկված և աշխարհասփյուռ դարձած հայ ժողովուրդը երբեք չկորցրեց իր կապն այն վեհ արժեքների հետ, որոնք սոսնձում են հայոց ինքնությունը:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղն այսօր էլ շարունակում է լույս սփռել մեր մեջ, իսկ Հայոց Եկեղեցու սպասավորները շարունակում են իրենց անձնուրաց ծառայությունը՝ հավատարիմ մնալով Սուրբ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և Հայ Եկեղեցու լուսամիտ հայրապետներ Ներսես Աշտարակեցու, Խրիմյան Հայրիկի, Վազգեն Առաջինի և մեր մյուս հոգևոր հայրերի պատգամներին:

Քսաներկու տարի է, ինչ մենք վերականգնել ենք անկախ հայոց պետականությունը, սակայն հայոց ազգային կյանքում Մայր Եկեղեցու հայապահպան դերակատարությունը շարունակում է մնալ նույնչափ կարևոր: Այսօր առավել, քան երբևէ մեզ անհրաժեշտ է ամրացնել այն հոգևոր արժեքները, որոնք մեզ կապում են և դարձնում են միասնական հայ ժողովուրդ:

Իր Սահմանադրության ուժով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Մեծագույն հաճույքով գոհունակություն եմ հայտնում պետության և Եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության և մեր ազգային խնդիրները լուծելու գործում միմյանց փոխլրացնելու կապակցությամբ:

Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

Մայր Հայաստանն աշխարհի բոլոր հայերի տունն է, իսկ Մայր Եկեղեցին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի վեմն ու հենասյունը: Դարեր շարունակ Աստվածապաշտ հայ ժողովրդի հայացքն ուղղված է եղել առ Սուրբ Էջմիածին: Հենց այստեղ է բաբախում մեր Մայր Եկեղեցու սիրտը, որը սնուցվում է միլիոնավոր մեր հավատավոր քույրերի ու եղբայրների որդիական սիրով ու աղոթքներով:

Այժմ մենք հիրավի դարակազմիկ իրադարձության ականատեսն ենք դառնում: Հանգամանքների բերումով դարեր շարունակ, մասնավորապես վերջին վեց հարյուրամյակների ընթացքում, հնարավոր չի եղել գումարել Հայոց Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողով: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այժմ հնարավորություն է ստեղծվել հաղթահարելու այդ հիմնախնդիրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսինքն՝ մեր հայրենի հողի վրա գումարելով Եպիսկոպոսաց ժողով:

Այս իրադարձությունը կարևորագույն ազդակ է մեր հավատավոր ժողովրդին և կոչված է ապացուցելու Մայր Եկեղեցու հավատարմությունը աշխարհասփյուռ հայությանը համախմբելու գործին: Վստահ եմ, որ այս ժողովը կազդարարի նոր առաջընթաց հայոց հոգևոր կյանքում և թույլ կտա համայն հայությանը նոր եռանդով ու լիցքով լծվել ազգային իղձերի իրականացմանը:

Այս ժողովի գումարմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թևակոխում է իր պատմության նոր փուլ: Այն հնարավորություն է ստանում գտնելու մեր հոգևոր ու բարոյական կյանքի բազմաթիվ հարցերի պատասխաններ, մեր ժամանակների մարտահրավերներին համապատասխան բարեփոխելու և արդիականացնելու իր աշխատանքը:

Գիտեմ, թե որքան ծանրաբեռնված է լինելու ձեր աշխատանքի օրակարգը: Կարծում եմ՝ քննարկվող հարցերից մեկին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել. դա Մեծ եղեռնի զոհերին սրբադասելու Հայոց երկու Հայրապետների կարևորագույն նախաձեռնությունն է:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին մեր ողջ ժողովուրդը շարունակում է իր «ոչ»-ը հնչեցնել մարդկության դեմ հանցագործություններին: Դա մեր պարտքն է մեր նախնիների, մեր անմեղ զոհերի և ամբողջ մարդկության հանդեպ, որպեսզի ապագայում հնարավոր լինի կանխել նոր ցեղասպանությունների կրկնությունը: Մեծ է այսօր այս առումով աշխարհասփյուռ մեր ժողովրդի ակնկալիքը նաև Հայ Եկեղեցուց և իր Եպիսկոպոսաց պատվական դասից:

Այս օրերին Սիրիայում շարունակվում է կործանարար քաղաքացիական պատերազմը, որը դարձավ սիրիահայ համայնքի ծանրագույն փորձությունը: Սիրիայում կատարվողը մեր ամենամեծ ցավն է և մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունը: Սիրիայի ժողովուրդը հայերիս համար ամենածանր պահին գրկաբաց ընդունեց ցեղասպանությունից մազապուրծ եղածներին և իր ունեցածը կիսեց մեզ հետ: Մենք ցանկանում ենք, որ ստեղծված իրավիճակի համար հնարավորինս արագ քաղաքական հանգուցալուծում գտնվի և դադարեցվի արյունահեղությունը մեր բարեկամ երկրում:

Քրիստոնեական հավատքը, սերը և բարոյականությունը, մեր դավանանքը աչքի լույսի պես պահելու և պաշտպանելու պատասխանատվությունը օրհնություն է բոլորիս համար: Խորապես համոզված եմ, որ դարեր ի վեր այդ ամենի մարմնավորողն ու իրագործողը մեր ժողովրդի կյանքում Հայոց Եկեղեցին է իր բոլոր Նվիրապետական Աթոռներով, թեմերով, ծուխերով ու կառույցներով: Սա այն հաստատությունն է, որը յուրաքանչյուր հայ պետք է սիրի, փայփայի ու պահպանի՝ իբրև դեպի հավերժություն մեր ժողովրդի մշտագնա ճամփորդության գրավական:

Վերահաստատելով ուրախությունս Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողովի կապակցությամբ՝ հույս եմ տածում, որ այն նույն միասնականության ոգու վկայությամբ այսուհետ գումարվելու է պարբերաբար՝ ի փառս մեր հավատավոր ժողովրդի:

Բոլորիդ մաղթում եմ հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Թո՛ղ Աստված պահի ու պահպանի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և Հայաստան մեր աշխարհը:
Շնորհակալություն:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով հանդիպման ժամանակ

 

3877Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Մինչ այդ տեղի ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների նեղ ձևաչափով հանդիպում, որի ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

 

***

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով հանդիպման ժամանակ
Հարգելի գործընկերներ,

Ելույթս կսկսեմ Վլադիմիր Պուտինն ուղղված երախտագիտության խոսքով՝ հյուրընկալության և մեր աշխատանքների համար հիանալի պայմաններ ստեղծելու համար:

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետագա զարգացման հարցին՝ որպես նրա անդամների անվտանգության երաշխիքի, մոտենում է մեր երկրների ինքնիշխանության և անկախության ապահովման, պաշտպանունակության բարձրացման և արդի մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցության համապատասխան մեխանիզմների ստեղծման դիրքերից:

Մենք մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ մեր աշխատանքի արդյունավետության և մեր կազմակերպության հեղինակության հետագա բարձրացումն ուղղակիորեն կախված է մեր արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայի մակարդակից:

Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում է այդ համատեքստում իր վրա վերցրած պարտականությունները, քանի որ մենք ելնում ենք մեր դաշնակցային հարաբերությունների առաջնահերթությունից և հավաքական անվտանգության համակարգին չվնասելու սկզբունքից:

Ընդհանուր առմամբ, այդ ուղղությամբ մեզ հաջողվել է դրական արդյունքների հասնել: Նախօրոք համաձայնեցված համատեղ ելույթներն ու հայտարարությունները բազմակողմ հարթակներում, միջազգային կազմակերպություններին կից ՀԱՊԿ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին հավաքական ցուցումները դարձել են պարբերական պրակտիկա:

Այդուհանդերձ, մեր կարծիքով, այստեղ պահանջվում են մի ամբողջ շարք համաձայնեցված ջանքեր ինչպես փոխգործակցության արդյունավետության բարձրացման մասով, այնպես էլ, ցավոք, եղած թերությունների բացառման մասով: Կբերեմ ընդամենը մեկ օրինակ. մեր փաստաթղթերում, այդ թվում՝ անցյալ տարի դեկտեմբերին ընդունված մոսկովյան հայտարարության մեջ, ընդգծվել էր ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա, որոնք, մասնավորապես վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, ժողովուրդների իրավահավասարությանը և ինքնորոշմանը, և տարածքային ամբողջականությանը: Համանման դրույթ է ամրագրված նաև համատեղ հրամաններում: Սակայն, ի հակադրություն մեր իսկ կողմից ընդունված որոշումների, որոշ անդամ պետություններ այլ հարթակներում և ուրիշ կազմակերպություններում նույն հարցի կապակցությամբ ընդունում են հայտարարություններ, որոնք աններդաշնակ են ՀԱՊԿ շրջանակներում ընդունված որոշումներին: Վերջին տարիներին փաստաթղթեր են ընդունվել, այդ թվում՝ նախագահական մակարդակով, որոնցում ադրբեջանական կողմի մատուցմամբ ընտրողաբար, ի վնաս մյուս սկզբունքների, առանձնանում է տարածքային ամբողջականության սկզբունքը:

Բնականաբար, շատ երկրներ Ադրբեջանի հետ կապված իրենց շահերն ունեն: Բայց, մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնել, երբ այդ հարաբերությունները բերում են այնպիսի փաստաթղթերի ընդունմանը, որոնք ուղղված են ՀԱՊԿ անդամ պետությունների շահերի և, ընդհանուր առմամբ, Կազմակերպության հեղինակության դեմ:

Այս թեման հատկապես արդիական է Ադրբեջանի նախագահի հայատյաց հռետորաբանության, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ ուժի կիրառման մշտապես հնչեցվող սպառնալիքների ֆոնին:

Հարգելի գործընկերներ,

Անփոփոխ է մնում նաև մեր Կազմակերպության նպատակաուղղվածությունը ՄԱԿ-ի, նրա մասնագիտացված ստորաբաժանումների և անվտանգության հարցերով զբաղվող այլ միջազգային կազմակերպությունների հետ կապերի ամրապնդման ուղղությամբ: Կարևոր է, որ ՀԱՊԿ-ն այսուհետ ևս հավատարիմ մնա տարածաշրջանային և գլոբալ համագործակցության գործընկերային կապերի հաստատման ուղղությանը: Ընդ որում, արդարացված կլիներ այն, որ այս ոլորտում փոխգործակցությունը կառուցվեր այդ կազմակերպությունների կողմից ՀԱՊԿ-ի հանդեպ դրսևորվող վերաբերմունքին համաչափ:

Նոր գլոբալ մարտահրավերների և սպառնալիքների լույսի ներքո հատուկ արդիականություն է ձեռք բերում ՄԱԿ-ի դերի ուժեղացումը միջազգային ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում: Դա ակնառու կերպով դրսևորվել է մերձավորարևելյան տարածաշրջանում վերջին զարգացումների օրինակով, մասնավորապես, Սիրիայում: Հայաստանը, լինելով աշխարհագրորեն Սիրիային ամենամոտը տեղակայված ՀԱՊԿ անդամ պետությունը և Սիրիայում ունենալով բազմահազարանոց համայնք, ավելի սուր է զգում բոլոր ռիսկերը և սպառնալիքները ՀԱՊԿ պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար:

Մենք Սիրիայում հակամարտության առաջին իսկ օրերից հանդես էինք գալիս դրա շուտափույթ խաղաղ կարգավորման օգտին՝ համազգային երկխոսության հիման վրա: Այդ կապակցությամբ միջազգային հանրության, մասնավորապես՝ Սիրիայի հետ հարևան պետությունների դերը, պետք է կայանար հենց այդ երկխոսության աջակցության մեջ՝ հաշվի առնելով հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի շահերը:

Այս համատեքստում մենք միանշանակ ողջունում ենք ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Հարգարժան գործընկերներ,

Որպես ամփոփում, ցանկանում եմ հաստատել տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության աջակցման գործում մեծ ներդրում ունեցող Համագործակցության Շանհայի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու Հայաստանի հետաքրքրվածությունը: Այս հարցում ակնկալում եմ ձեր աջակցությունը:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ղրղզստանի Նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ Ղրղզստանի նախագահության շրջանում անձամբ իր և մեր բոլոր ղրղզ գործընկերների կողմից իրականացված մեծ աշխատանքի համար: Էստաֆետն ընդունում է ռուսական կողմը:

Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ և մեր ռուսաստանցի բարեկամներին հաջողություններ և պատրաստ ենք սերտ համագործակցության:

 

Վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ

10713_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 22-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ բացվել է Օշական համայնքի վերակառուցված կամուրջը, որը Քասախ գետի վրայով ճանապարհ է բացում դեպի հանդիպակաց ափում գտնվող հողատարածքներ: Բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետ Սարգսյանին՝ նախկինում իրենց կողմից բարձրացված այդ խնդրին հետամուտ լինելու համար: Բնակիչները նշել են, որ կամուրջի գործարկման արդյունքում հնարավորություն են ստացել մշակել գետի այն ափում գտնվող շուրջ 300 հեկտար հողատարածքներ, որոնք ճանապարհի բացակայության պատճառով մինչ այժմ չէին օգտագործվել:

2011 թվականին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Օշական կատարած այցելության ժամանակ բնակիչները բարձրացրել էին կամուրջի հարցը: Վարչապետը խոստացել էր կամուրջի վերակառուցման նախագիծն ընդգրկել ՀՀ կառավարության հրատապ ծրագրում: Կամուրջի կառուցման համար հատկացվել է 20 մլն դրամ:
Այցի ընթացքում Տիգրան Սարգսյանը զրուցել է օշականցիների հետ՝ լսել նրանց խնդիրներն ու պատասխանել վերջիններիս հետաքրքրող մի շարք հարցերի: Համայնքի բնակիչները գոհունակություն են հայտնել Օշականում հիմնված ամբուլատորիայի աշխատանքներից և շնորհակալություն հայտնել կառավարությանը՝ իրենց համայնքի համար խմելու ջրի նոր ջրագիծ կառուցելու համար:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն Աշտարակի մարզադաշտում մասնակցել է ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառումներին:

Արթուր Ալեքսանյանը բավարարվեց արծաթե պարգևով

աաpayqary-sksum-en-art-n22839-1Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչը ձեռքից բաց թողեց չեմպիոն դառնալու հնարավորությունը: Մեր մարզիկը չօգտվեց հնարավորությունից, ծնկած դիրքից չհամարձակվեց գլորել մրցակցին և միավոր վաստակել: Իսկ վերջինս դա կատարեց:

96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի և  ռուսաստանցի Նիկիտա Մելնիկովի մրցամարտն ավարտվեց 2:2 հաշվով:

Մեր մարզիկը երկու զգուշացում ուներ և հաղթանակը շնորհվեց նրա մրցակցին: Ալեքսանյանը բավարարվեց արծաթե պարգևով:

Անկախության հանրաքվե

անկախություն1991 թվականն ամենաբախտորոշ տարեթվերից էր հայ ժողովրդի պատմության մեջ: Հայաստանը վերագտավ իր անկախությունը:

1990 թ. Անկախության հռչակագրից հետո ՀՀ Գերագույն խորհրդի որոշումով 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե: Հայաստանի Հանրապետության բնակչությունը  պատասխանեց հետևյալ հարցին. «Համաձայն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ, ժողովրդավարական հանրապետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»: Հայ ժողովուրդը միասնաբար, ավելի, քան 99% ձայների մեծամասնությամբ «այո» ասաց անկախությանը: Եվ սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագուն խորհուրդը, ամփոփելով հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

Հայ ժողովրդի կյանքում նոր ուղի բացվեց` անկախության ուղին:

Գերագույն խորհրդի կողմից անկախության հռչակումից հետո տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետությունը: Առաջինը Լիտվան է, որ ՀՀ-ն ճանաչել է դեռ մինչև  անկախության հռչակումը` 1991 թ. օգոստոսի14-ին: Ապա 1991 թ. ընթացքում ևս 47 պետություն ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը.

1.         Ռումինիա – 11.11.1991

2.         Ռուսաստան – 16.12.1991

3.         Թուրքիա – 16.12.1991

4.         Մոնղոլիա – 20.12.1991

5.         Ուկրաինա – 21.12.1991

6.         Շվեյցարիա – 23.12.1991

7.         Կոստա-Ռիկա – 23.12.1991

8.         Բուլղարիա – 23.12.1991

9.         Ղազախստան – 23.12.1991

10.       Աֆղանստան – 24.12.1991

11.       Մեքսիկա – 25.12.1991

12.       Իսրայել – 25.12.1991

13.       Կանադա – 25.12.1991

14.       Կուբա – 25.12.1991

15.       Իրան – 25.12.1991

16.       Թունիս – 25.12.1991

17.       Պերու – 26.12.1991

18.       Թաիլանդ – 26.12.1991

19.       ԿԺԴՀ – 26.12.1991

20.       Հնդկաստան – 26.12.1991

21.       Բրազիլիա – 26.12.1991

22.       Ավստրալիա – 26.12.1991

23.       ԱՄՆ – 27.12.1991

24.       Եգիպտոս – 27.12.1991

25.       Չինաստան – 27.12.1991

26.       Ուրուգվայ – 27.12.1991

27.       Ալժիր – 27.12.1991

28.       Սլովենիա – 27.12.1991

29.       Վիետնամ – 27.12.1991

30.       Լեհաստան – 27.12.1991

31.       Հորդանան – 28.12.1991

32.       Ինդոնեզիա – 28.12.1991

33.       Ճապոնիա – 28.12.1991

34.       Բանգլադեշ – 28.12.1991

35.       Օման – 28.12.1991

36.       Կամբոջա – 29.12.1991

37.       Ֆինլանդիա – 30.12.1991

38.       Հարավային Կորեա – 30.12.1991

39.       Լիբանան – 30.12.1991

40.       Բելգիա – 31.12.ա1991

41.       Արգենտինա – 31.12.1991

42.       Դանիա – 31.12.1991

43.       Նիդեռլանդներ – 31.12.1991

44.       Հարավսլավիա – 31.12.1991

45.       Մարոկկո – 31.12.1991

46.       Գերմանիա – 31.12.1991

47.       Մեծ Բրիտանիա – 31.12.1991

1992 թ. ճանաչման գործընթացը շարունակվեց, և էլի տասնյակ պետություններ ճանաչեցին Հայաստանի Հանրապետության անկախությունն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին նրա հետ:

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

 3809Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, շրջել հիմնանորոգված ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին, որից հետո դիտել է դպրոցի սաների կատարմամբ կայացած համերգը և խորհրդանշական ծառատունկ կատարել դպրոցի բակում:

38251976թ. հիմնադրված այդ դպրոցը, որն ավերվել էր 1988թ. երկրաշարժի ժամանակ և 1990թ.-ից ուսումնական գործընթացը վերսկսել տնակային պայմաններում, կառուցվել է 2012-2013թթ. «Մեդիամաքս» մեդիա ընկերության, Հայ օգնության ֆոնդի և «Do something» կազմակերպության համատեղ «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի շրջանակներում: Դպրոցի կառուցման նախաձեռնությանն աջակցել են գլխավոր նվիրատուներ Մարդիգյան ընտանիքի հիմնադրամը, համաշխարհային ճանաչում ունեցող ռոք-երաժիշտներ Իէն Գիլանը, Թոնի Այոմին, Վիվասել-ՄՏՍ ընկերությունը, նաև բազմաթիվ այլ նվիրատուներ՝ ՀՀ կառավարությունը, բարերարներ, մի շարք մասնավոր ընկերություններ:

Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է Գյումրու «Արագած» ճեմափողոց, որտեղ նրան ներկայացվել են փողոցի հիմնանորոգման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նախագահին զեկուցվել է, որ 1960-ական թթ. կառուցված «Արագած» ճեմափողոցը, որը միացնում է Հաղթանակի պողոտան Վարդանանց հրապարակին, 1988թ. երկրաշարժից հետո մինչև 2012թ. բարեկարգման, ասֆալտապատման աշխատանքների չի ենթարկվել: Գյումրի համայնքի բյուջեի միջոցների հաշվին 2012թ. հունիս-նոյեմբեր ժամանակահատվածում և 2013թ. իրականացվել են ճեմափողոցի հիմնանորոգման ուղղությամբ ծավալուն աշխատանքներ:
Սերժ Սարգսյանը Գյումրիում այցելել է նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից տարածքում բացված «Խաչքարերի պուրակ», որտեղ ներկա է գտնվել «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 19-22-ը անցկացվող «Արհեստների և արվեստների փառատոնին», այնուհետև Վարդանանց հրապարակում դիտել է «Արտ էքսպո» 1-ին միջազգային ցուցահանդեսը: Շրջայցի ճանապարհին Նախագահն այցելել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի ևս, ծանոթացել իրականացվող վերանորոգման աշխատանքներին:

Շիրակի մարզ աշխատանքային այցի ավարտին Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Գյումրու քաղաքապետարանում՝ քաղաքի զարգացման ծրագրերի, իրականացված աշխատանքների, այդ թվում՝ աղետի գոտու բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի և առկա խնդիրների վերաբերյալ: Ընդգծելով, որ շարունակվելու է Շիրակի մարզին, այդ թվում՝ Գյումրի քաղաքին պետական աջակցությունը բնակարանաշինության, քաղաքի բարեկարգման և մի շարք այլ ուղղություններով՝ Նախագահը միաժամանակ կարևորել է տեղական իշխանությունների ակտիվ աշխատանքը ինչպես առկա խնդիրների լուծման, այնպես էլ զարգացման ծրագրերի իրականացման գործում: Զեկույցներով հանդես են եկել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Շիրակի մարզից ՀՀ ԱԺ պատգամավորներ, Նախագահի աշխատակազմի, Շիրակի մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ: Նախագահը պատասխանել է խորհրդակցության թեմայի վերաբերյալ մասնակիցներին հետաքրքրող հարցերին, տվել համապատասխան հանձնարարականներ:

 

Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը

ձերբակալվել էՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝  ՀՀ քր. օր-ի 178 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու  կասկածանքով /խարդախություն՝ խոշոր չափերով/  20.09.2013թ.  ձերբակալվել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը:

Վ.Ավետիսյանը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղ. Հ.Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ.Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

ՀՀ ՊՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Պատմամշակութային շենքի շուրջ հերթական աղմուկն ու հարակից շենքի բնակիչների պահանջը (տեսանյութ)

220px-Բունիաթյան1924 թվականին Մոսկվայում բնակվող անվանի ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը (Նիկոլայ Բունիաթով) Ալեքսանդր Թամանյանի հրավերով գալիս է Հայաստան և ստանձնում Երքաղխորհրդի ճարտարապետական արվեստանոցի ղեկավարի և  Երևանի առաջին գլխավոր ճարտարապետի պաշտոնը:

Անուրանալի է նրա դերը մայրաքաղաքի քաղաքաշինական վերելքի գործում: Բունիաթյանի անմիջական ղեկավարությամբ են բացվել մայրաքաղաքի մայրուղիներն ու հրապարակները, կառուցապատվել նոր թաղամասեր, իրականացվել Թումանյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկի երկու նմանատիպ բնակելի տներով (1925) քաղաքաշինական լուծումը: Նրա նախագծով են կառուցվել «Երևան», «Սևան» հյուրանոցները (վերջինս քանդվեց 2004-ի դեկտեմբերին):

655454_900Բունիաթյանի նշանավոր կառույցներից է նաև Գյուղբանկի շենքը, որը կառուցվել է 1927 թ. Ալեքսանդր Թամանյանի նախաձեռնությամբ: Հենց այս շենքն էլ այսօր հանրային տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել, ըստ որոնց` շենքի ներկայիս սեփականատերը պատրաստվում է քանդել այն:

Սեփականատերը «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ–ն է, որի տնօրենների խորհրդի նախագահը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանն է: Ընկերությունն իրականացնում է ներդրումներ անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև տրամադրում կառուցապատման կառավարման և վարման ծառայություններ:

IMG_0756«Անկախի» հետ զրույցում ընկերության տնօրեն Արտաշես Կազախեթյանը հայտնեց, որ դեռևս 2010 թ. դեկտեմբերի 21-ին հայտարարել է Երևանի Վ. Սարգսյանի, Դեղատան և Խորենացու փողոցների հատույթում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի ճարտարապետական հայեցակարգի մշակման մրցույթ, որի արդյունքներն ամփոփվել են 2011 թ. մարտի 14-ին: Մրցույթին ներկայացվել է 16 աշխատանք: Ժյուրիի կազմում են եղել ճարտարապետության և շինարարության ոլորտների անվանի մասնագետներ: Քննարկման արդյունքում ժյուրին համատեղ որոշում է կայացրել առաջին մրցանակ չշնորհելու վերաբերյալ: Երկրորդ մրցույթի ժամանակ ընտրվել է Ռուբեն և Միքայել Հասրաթյանների ներկայացրած նախագիծը:

Կազախեթյանը նաև տեղեկացրեց, որ 2012 թ. հուլիսին նախագիծը ներկայացվել է ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստին և Երևանի քաղաքապետի քաղաքաշինական խորհրդի հանձնաժողովի նիստին: Կազմակերպվել են նաև հանրային լսումներ: Ընկերության ղեկավարը հավաստեց, որ այն, ինչ արվում է իրենց կողմից, ամբողջությամբ օրենքի սահմաններում է, և իրենք պատրաստ են ապացուցել դա փաստաթղթերով:

Ինչ վերաբերում է Գյուղբանկի շենքի քանդման մասին խոսակցություններին, ապա Կազախեթյանն ասաց. «Գյուղբանկի շենքը չի քանդվելու: Դա ոչ միայն բազմիցս հայտարարվել է մեր կողմից, այլև արտացոլված ու ամրագրված է մեր բոլոր նախագծերում և պահպանման պարտավորագրերում»:

Հարց է ծագում` եթե ամեն ինչ օրենքի սահմաններում է, ապա ինչո՞ւ են նման խոսակցություններ պտտվում: Կազախեթյանի խոսքով` շենքի շուրջ հիմնական բողոքները գալիս են Դեղատան 4 հասցեում գտնվող շենքի բնակիչներից:

IMG_0740Այս հասցեում գտնվող շենքը կառուցվել է 1927 թ. Գյուղբանկի շենքի հետ միասին` որպես աշխատակիցների հանրակացարան: Շենքում 11 բնակարան է: Ի դեպ, դա տարածքում միակ բնակելի շենքն է, և տարիների ընթացքում դրա շուրջ այնքան բազմահարկ շենքեր են կառուցվել, որ այն կարծես խոնարհվել ու կուչ է եկել:

Շենքի ձախ հատվածում վեր է խոյացել 19-հարկանի «Էլիտ պլազա» բիզնես համալիրը, որն ամենևին համահունչ չէ Հանրապետության հրապարակի ճարտարապետական ոճին:

«Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի»-ի կողմից կառուցվող բազմաֆունկցիոնալ 9-հարկանի շենքը պետք է կառուցվի բնակելի շենքի աջ հատվածում, որն էլ ավելի խոցելի կդարձնի այն լուսավորության, բակային տարածքի և ընդհանրապես  հարմարավետության տեսանկյունից:

Բնակիչներն ակտիվորեն պայքարում են շենքի կառուցման դեմ, ինչպես ժամանակին պայքարել են «Էլիտ պլազայի» դեմ: Սակայն Կազախեթյանը պնդում է, որ բնակիչների պայքարն այլ ենթատեքստ ունի. նրանք ուզում են, որ ընկերությունը գնի իրենց բնակարանները և  հնարավորինս բարձր գին վճարի դրանց դիմաց: «Իրենց տեսանկյունից մեզ վրա ճնշում են գործադրում: Դա արդար չէ»,- ասաց Կազախեթյանը` նշելով, որ իրենք բնակիչներին դեռևս 2 տարի առաջ տեղեկացրել են, որ տարածքում կառուցելու են բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն, որպեսզի բնակիչները որոշեն իրենց հետագա անելիքը: Այդ ժամանակ նրանց նաև առաջարկվել է բնակարանները վաճառել իրենց, սակայն, ըստ Կազախեթյանի, բնակիչների կողմից հնչել են անտրամաբանական գներ. «Մենք պատրաստ էինք անգամ դա քննարկել, սակայն եղան նաև մի քանի բնակիչներ, որոնք ընդհանրապես չցանկացան վաճառքի մասին խոսել, իսկ նման դեպքում անիմաստ էր շարունակել բանակցությունները»:

Այսպիսով, նախագիծը մշակվել է առանց Դեղատան 4 հասցեի շենքի, և այս պահին Կազախեթյանը բնակիչների հետ առուվաճառքի վերաբերյալ քննարկումներն այլևս ժամանակավրեպ է համարում:

Բնակիչները դիմել են Հանրային խորհուրդ: Հանրային խորհրդի Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովին ուղղված դիմումի մեջ նշված է, որ շինարարությունն ապօրինի է, հաստատված նախագիծ չկա, իսկ իրենք հայտնվել են շինհրապարակում` աղմուկի, փոշու, ծանրաքարշ մեքենաների մեջ, հաշվի չի առնվում իրենց կարծիքը, ոտնահարվում են իրենց իրավունքները:

IMG_0763Կազախեթյանն առարկում է. «Մեր ընկերությունն աշխատում է Հայաստանի լավագույն շինարարական ընկերության հետ, քանդման աշխատանքները մեծ զգուշությամբ են իրականացվում, ջրում ենք ողջ միջավայրը` օրական 15-20 տոննա ջուր օգտագործելով, որպեսզի փոշու արտանետումները նվազեցնենք: Բայց եթե շինարարություն է, հնարավոր չէ աղմուկից ու փոշուց ամբողջությամբ զերծ մնալ: Մենք այդ շենքի բնակիչներին ասել ենք` կամա թե ակամա հարևաններ ենք, եկեք լավ հարևաններ լինենք, հակառակ դեպքում ոչ ոք չի շահելու»:

Ինչ վերաբերում է պատմամշակութային արժեք ունեցող շենքերին, ապա նա վստահեցնում է, որ իրենք ուսումնասիրել են և վեր հանել այնպիսի փաստեր, որոնց մասին անգամ Հայաստանի ճարտարապետներն ու մշակութաբանները տեղյակ չէին:  «Վավերագրական ֆիլմ էլ ենք նկարահանել: Դա մեր հիմնավորված հետաքրքրության արդյունքն է, որն ունի նաև կոմերցիոն նշանակություն, որովհետև որքան արժեքավոր է շենքը, այնքան դա մեր շահերից է բխում»:

IMG_0731Կազախեթյանը մի հետաքրքիր փաստ ներկայացրեց Կովկասյան առևտրային բանկի շենքի մասին, որը կառուցվել է 1910 թ.: Այժմ այդ շենքը նույնպես ներառված է նրանց նախագծում: «Մինչ օրս գիտեին, որ այդ շենքի ճարտարապետը Մեհրաբյանն է, սակայն մենք պարզեցինք, որ դրա հեղինակը թիֆլիսաբնակ հայ ճարտարապետ Օհանջանովն է: Մենք Թիֆլիսից ձեռք ենք բերել նաև այդ շենքի օրիգինալ նախագիծը` Օհանջանովի ստորագրությամբ: Ընդհանուր առմամբ, լուրջ գումարներ ենք ծախսել ուսումնասիրելու այն, ինչի տերն ենք և բնականաբար այդ ամենը պահպանելու ենք ինչպես հարկն է»:

IMG_0727Ի դեպ, ինչպես ընկերության կայքում, այնպես էլ շինհրապարակի տարածքում «Պահպանելով հինը` կերտենք նորը» կարգախոսով տեղեկատվական վահանակ է տեղադրված, որտեղ համակողմանիորեն ներկայացված են Գյուղբանկի շենքի պատմությունը, հարակից տարածքներում տեղակայված հաստատությունները, շենքի վիճակը, վերակառուցման անհրաժեշտությունն ու հետագա ճակատագիրը և այլ տեղեկատվություն:

Նշվում է, որ ժամանակն անդառնալի հետք է թողել այս կառույցների վրա` խարխլելով ամրությունը և սկզբնական դիզայներական տեսքը, և շենքի ենթակառուցվածքները չեն համապատասխանում ժամանակակից տեխնոլոգիական պահանջներին, բազմամյա օգտագործման և մթնոլորտային ազդեցությունների հետևանքով ստացել են տարբեր բնույթի և աստիճանի բազմաթիվ վնասվածքներ, և վնասվածության մակարդակը, ըստ գործող նորմերի սանդղակի, դասվում է 3-րդ աստիճանի: Այս պահին տարածքում իրականացվում են ամրացման և մաքրման աշխատանքներ, իսկ շինարարությունը կսկսվի մոտ ժամանակներս, երբ քաղաքապետարանի քաղաքաշինական խորհրդի կողմից կլինի վերջնական եզրակացությունը:

Ընկերությանը պատկանող ողջ տարածքը 2800 քմ է, որը գնվել է մաս-մաս` 2008-ից սկսած: Բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնը նախատեսվում է շահագործման հանձնել երկու տարուց:

IMG_0734ՀԽ Ազգային արժեքների ենթահանձնաժողովի անդամների այցը Դեղատան 4 հասցե

Սեպտեմբերի 18-ին ՀԽ Ազգային արժեքների ենթահանձնաժողովի անդամները` ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանի գլխավորությամբ, այցելեցին նշված հասցե և հանդիպեցին բնակիչների հետ: Երբ բակում բնակիչների հետ քննարկվում էր ստեղծված իրավիճակը, հանկարծ նրանց մոտեցավ Արտաշես Կազախեթյանը և եռակողմ հանդիպման շրջանակներում քննարկում ծավալվեց: Բնակիչները կրկին բարձրացրեցին իրենց բողոքի ձայնը` նշելով, որ աղմուկ է, փոշի, բակը գրավված է, երեխաները խաղահրապարակ չունեն, ջուրն էլ ժամանակ առ ժամանակ կտրվում է, իսկ բարձրահարկ շենքի կառուցման դեպքում կզրկվեն արևի լույսից:

Ինչ վերաբերում է բնակարանները վաճառելուն, ապա բնակիչներից ոմանք կտրականապես դեմ արտահայտվեցին այդ մտքին` ասելով, որ չեն պատրաստվում լքել այն վայրը, որտեղ ծնվել ու մեծացել են. «Մեզ համար այս տարածքն ավելի թանկ արժե, քան առաջարկվող ցանկացած գումար»,- ասաց բնակիչներից մեկը:

IMG_0764Այնուհետև Կազախեթյանը Հանրային խորհրդի ներկայացուցիչներին հրավիրեց շինհրապարակ, որտեղ քանդման և մաքրման աշխատանքներ էին իրականանում: Որոշ շենքերի ճակատային սալիկներ համարակալված էին, ինչը նշանակում էր, որ դրանք քանդվելու և նորից շարվելու են:

Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց բանավոր խոսակցությունը շարունակել Հանրային խորհրդում` փաստաթղթերի և համապատասխան պետական կառույցների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա:

Տեսանյութ

Հանրային խորհրդի ներկայացուցիչներն այցելել են Դեղատան 4 հասցե

7660c8397492962c4019a9cfefc968c3Օրեր առաջ Հանրային խորհուրդ էին դիմել Երևանի Դեղատան 4 շենքի բնակիչները՝ խնդրելով պաշտպանել իրենց իրավունքները:

Դիմումի մեջ նշվում էր, որ իրենց շենքն ունի ընդհանուր պատ Դեղատան 2 հասցեի հետ, որտեղ պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Գյուղբանկի շենքն է, և այնտեղ իրականացվող ապօրինի շինարարությունն անհանգստություն է պատճառում իրենց:

Բնակիչները նաև նշել էին, որ շինարարությունն ապօրինի է, չկա հաստատված նախագիծ, իսկ իրենք հայտնվել են աղմուկի, փոշու և ծանրաքարշ մեքենաների մուտքուելքի մեջ:

IMG_0759Բնակիչներին անհանգստացնում էր նաև այն, թե արդյո՞ք ռիսկի չեն ենթարկվում իրենց շենքի հիմքերը և արդյո՞ք այդ հատվածում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բարձրահարկ շենքի կառուցումը չի խլի իրենց արևի լույսը:

IMG_0734Ինչպես տեղեկանում ենք ՀԽ մամլո ծառայությունից, դիմումը նախ քննարկվել է Հանրային խորհրդի Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովում, իսկ սեպտեմբերի 18-ին ենթահանձնաժողովի մի խումբ անդամներ՝ Լևոն Ներսիսյանը (ճարտարապետ), Աշոտ Մանուչարյանը (պատմաբան), Վահան Տեր-Ղազարյանը (հնագետ, գրող, հրապարակախոս), Իրինա Գալստյանը (իրավագետ), ինչպես նաև հրավիրյալ Տարոն Մարգարյանը (սեյսմիկ շինարարության մասնագետ, կոնստրուկտոր) ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանի գլխավորությամբ այցելել են Դեղատան 2 հասցե և հանդիպեցին բնակիչների հետ:

IMG_0756Ստեղծված իրավիճակը քննարկելու ժամանակ նշված հասցե է այցելել նաև Գյուղբանկի տարածքի ներկայիս սեփականատեր «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ տնօրեն Արտաշես Կազախեթյանը: Բնակիչներն ու ՀԽ ներկայացուցիչները սեփականատիրոջ ներկայացուցչի մոտ բարձրացրել են իրենց հուզող խնդիրները: Ընկերության տնօրենը հավաստիացրել է, որ իրենց կողմից իրականացվող բոլոր քայլերն օրենքին համապատասխան են ընթանում: Նա նաև տեղեկացրել է, որ այս պահին տարածքում կատարվում են քանդման և մաքրման աշխատանքներ, որից հետո պետք է սկսվի բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի կառուցման գործընթացը՝ նշելով, որ պատմամշակութային հուշարձաններն ամրացվելու են, իսկ արտաքին տեսքն ամբողջությամբ պահպանվելու է:

IMG_0764Այնուհետև ՀԽ Ազգային արժեքների պահպանման ենթահանձնաժողովի նախագահ Ժասմեն Ասրյանի պահանջով ՀԽ ներկայացուցիչները Արտաշես Կազախեթյանի ուղեկցությամբ մուտք են գործել շինհրապարակ: Տեղում ծանոթանալով կատարվող աշխատանքներին՝ ՀԽ ներկայացուցիչները մի շարք հարցեր են բարձրացրել՝ մասնավորապես կապված պատմամշակութային հուշարձան համարվող շենքերի պահպանման, կառուցվող բազմաֆունկցիոնալ համալիրի հետ դրանց ներդաշնակեցման և այլ հարցերի վերաբերյալ:

ՀԽ ներկայացուցիչներն այցից հետո որոշել են բնակիչների դիմումում բարձրացված հարցերի և այցի արդյունքում ձեռք բերված տեղեկատվության հիման վրա համապատասխան գրություններ ուղղել պատկան մարմիններին և ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր ու պարզաբանումներ, որից հետո Հանրային խորհուրդ հրավիրել բնակիչներին, ինչպես նաև «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ տնօրեն Արտաշես Կազախեթյանին, որն իր հերթին կներկայացնի շինարարական աշխատանքների օրինականության վերաբերյալ բոլոր փաստաթղթերն ու բնակիչների հետ ընդհանուր հայտարարի կգա բարձրացված հարցերի շուրջ:

Գրիգոր Գրիգորյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

աա29607Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը, նախ, հաղթեց մադագասկարցի Տոդիսո Ռատոլոջանահրիին, ապա`գվատեմալացի Պեդրո Օրլանդո Մարտինես Չենին: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը կլինի Բելառուսի ներկայացուցիչ Ալի Շաբանուն: