Նամակ ՀՀ-ում եվրոպական դիվանագիտական ներկայացուցչություններին

աֆրիկյաններԵվրոպայի խորհրդի գրասենյակ

Պրն. Օլեքսանդր Պավլյուկ, գրասենյակի ղեկավար

 

Եվրոպական միության պատվիրակություն

Ն.Գ. պրն. Տրայան Հրիսթեա, դեսպան, պատվիրակության ղեկավար

 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Ռայներ Մորել, արտակարգ և լիազոր դեսպան

 

Իտալիայի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Ջովաննի Ռիչուլլի, արտակարգ և լիազոր դեսպան

 

Լեհաստանի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Զդիսլավ Ռաչինսկի, արտակարգ և լիազոր դեսպան

 

Լիտվայի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Էրիկաս Պետրիկաս, արտակարգ և լիազոր դեսպան

 

Հունաստանի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Իոաննիս Տայիս, արտակարգ և լիազոր դեսպան

 

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանություն

Ն.Գ. տկն. Քեթրին Ջեյն Լիչ, արտակարգ և լիազոր դեսպաններ

 

Շվեդիայի Թագավորության դեսպանություն

Ն.Գ. տկն. Դիանա Յանսե, արտակարգ և լիազոր դեսպան

 

Շվեյցարիայի դեսպանություն

Ն.Գ. պրն. Լուկաս Գասսեր, արտակարգ և լիազոր դեսպան

 

Ռումինիայի դեսպանություն

Ն.Գ. պրն. Սորին Վասիլե, արտակարգ և լիազոր դեսպան

 

Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն

Ն.Գ. պրն. Անրի Ռենո, արտակարգ և լիազոր դեսպան

 

Պրն. Թիմոթի Դեյվիդ Սթրայթ, պատվավոր հյուպատոս

Նորվեգիայի թագավորություն, Ֆինլանդիա

 

Պատճենը՝ լրատվամիջոցներին

 

17.06.2014

Մեծարգո դեսպաններ,

 

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնության անունից ձեր ուշադրությունն ենք հրավիրում առ այն, որ ՀՀ կառավարությունը փորձում է խախտել 21.10.2008թ-ին ԱԺ-ի կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան (Գրանադա, 3.10.1985): Մասնավորապես, խախտվում է վերոնշյալ կոնվենցիայի 5-րդ հոդվածը, որի համաձայն. “Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելելպահպանվողորևէհուշարձանիամբողջականկամմասնակիտեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել…”:

Աֆրիկյանների ակումբի շենքը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի եզակի պահպանված կառույցներից է, որը ներառված է պետության կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկում: ՀՀ կառավարության 7.10.2004թ N 1616-Ն որոշման հավելված 2-ի համաձայն շենքը ենթակա էր տեղափոխման: Սակայն վերոնշյալ կոնվենցիան վավերացնելուց հետո ՀՀ Սահմանադրության հոդված 6-ից ելնելով՝ Կառավարության այս որոշումը ուժը կորցրած է համարվում:

Մենք խիստ մտահոգված ենք այն փաստով, որ 2011թ-ից ի վեր ՀՀ կառավարությունը, մասնավորապես Մշակույթի նախարարությունը, շարունակաբար արհամարհում է ՀՀ միջազգային պարտավորություններին հետևելու՝ իր վերոնշյալ որոշումը անվավեր ճանաչելու և հուշարձանի պահպանությունն ու վերականգնումն իրականացնելու մեր պահանջները: Ավելին, 2014թ. հունիսի 9-ից սկսած կառուցապատող կազմակերպությունը սկսել է շենքի ապամոնտաժումը: Մի քանի տասնյակ քաղաքացիների, մասնագետների և լրատվամիջոցների ջանքերով առայժմ հնարավոր է եղել կանխել հուշարձանի ապամոնտաժումը: Սակայն վտանգ կա, որ ցանկացած պահի ապամոնտաժման աշխատանքները կարող են վերսկսվել: Մենք աշխատում ենք մի քանի ուղղություններով՝ իրավական գործընթաց, հանրության իրազեկում և մոբիլիզացում, շենքի մոտ շուրջօրյա հերթապահություն և այլ գործողություններ:

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնության մեջ ներգրավված են ակտիվիստներ, մասնագետներ, լրատվամիջոցներ ու ՀԿ-ներ, որոնք շարունակաբար մասնակցել են մի շարք մշակութային, բնապահպանական, հանրային տարածքի, մարդու իրավունքների պաշտպանության նախաձեռնությունների, մասնավորապես՝ Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարը, Պահպանենք Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունները, Վճարում ենք 100 դրամ նախաձեռնությունը և այլն:

Մենք ձեզ կոչ ենք անում հանդես գալ որպես Գրանադայի կոնվենցիայի երաշխավորներ, մանրամասն ծանոթանալ իրավիճակին և արձագանքել: Արձագանքները կարող են լինել աջակցող հայտարարությունների ու մեդիա միջամտությունների, բանակցությունների, հանրային քաղաքական ճնշման տեսքով և այլ միջոցներով:

Կանխավ շնորհակալ ենք խնդրին ընթացք տալու համար և ակնկալում ենք ձեր շուտափույթ արձագանքը:

 

 

Հարգանքով՝

Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը քաղաքացիական նախաձեռնություն

 

 

 

Թուրք ժխտողականներին չհաջողվեց խափանել Ցեղասպանությանը նվիրված ելույթը Ավստրալիայի խորհրդարանում

Հարութ-Սասունյան1Ավստրալիայի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հանձնախումբը հրավիրել էր տողերիս հեղինակին ելույթ ունենալու Սիդնեյի և Մելբուռնի ոգեկոչման միջոցառումներում և պաշտոնական ճառով հանդես գալու Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում ապրիլի 24-ի շաբաթվա ընթացքում:

Ապրիլի 27-ին Ավստրալիայի թուրքական շահերի պաշտպանության միությունը երեք էջանոց նամակ հղեց խորհրդարանի բոլոր անդամներին՝ կոչ անելով բոյկոտել իմ ելույթը: Խորհրդարանի անդամներից մեկը նամակի պատճենը փոխանցեց Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին իմ ելույթի նախօրեին: Հմտորեն շարադրված նամակը, ամենայն հավանականությամբ գրված Թուրքիայի դեսպանատան արհեստավարժ լոբբիստների կողմից, մի քանի սխալ պնդումներ և զրպարտիչ մեղադրանքներ էր պարունակում:

Թուրքական ժխտողական խումբը ձգտում էր Անկարայի մարդու իրավունքների սահմանափակումները ներմուծել մի այնպիսի ժողովրդավարական երկիր, ինչպիսին Ավստրալիան է, փորձելով սահմանափակել ոչ միայն տվյալ ելույթ ունեցողի խոսքի ազատությունը, այլև խորհրդարանի՝ իր ընտրած անձանց հրավիրելու իրավունքը: Ինձ անվանելով «պրոպագանդիստ», որն «օգուտ է քաղում հակամարտությունից և ատելությունից», թուրքերն իրենց  նամակում «խստորեն» խորհուրդ էին տվել պատգամավորներին ներկա չլինել իմ ելույթին:
Ավստրալիայի թուրքական միության գործադիր տնօրեն Գյունեշ Գյունգորը կեղծ հայտարարություն էր տարածել, թե իբր ես Համբիկ Սասունյանի «ազգականն» եմ, այն պարզ պատճառով, որ կրում եմ միևնույն ազգանունը: Համբիկը մեղավոր էր ճանաչվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար: Թեև յուրաքանչյուր մարդու կյանքը շատ թանկ է, սակայն Գյունգորը կոկորդիլոսի արցունքներ է թափում միայն մի թուրք դիվանագետի մահվան առիթով՝ անտեսելով 1.5 միլիոն անմեղ հայերի զանգվածային սպանությունները… Ինչքանո՞վ դուր կգա Գյունեշ Գյունգորին, եթե նրան մեղադրեմ մի քանի հանցագործների հետ «ազգակցական» կապ ունենալու մեջ, որոնց գտել եմ համացանցում, միայն այն պատճառով, որ նրանք կրում են միևնույն ազգանունը:

 

Գյունգորն իր նամակում նաև չարախոսել է ականավոր իրավաբան Ռաֆայել Լեմկինին, որն ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը` Օսմանյան կառավարության կողմից հայերի բնաջնջման մանրամասն ուսումնասիրությունների հիման վրա: Հուսահատորեն փորձելով ամեն գնով արատավորել Լեմկինի անբասիր վարկը, Գյունգորը պնդել է, թե «նիստի վերջում նրա ագրեսիվ մեկնաբանությունների պատճառով նրան [Լեմկինին] դուրս են հրավիրել սենյակից»: Գյունգորը նույնիսկ սխալ էր գրել Լեմկինի անունը:

 

Վերջում թուրք պրոպագանդիստը փորձեց ներկայացնել Հայոց ցեղասպանության և հրեական Հոլոքոստի միջև եղած տարբերությունը: Հայոց ցեղասպանության հարցերում փորձագետ ձևանալուց հետո Գյունգորը խոստովանեց իր տգիտությունը` նշելով, որ «Օսմանյան կայսրության վերջին շրջանի մասին դեռ շատ բան պետք է իմանալ և շատ եզրակացություններ անել»:

 

Հակառակ Գյունգորի փորձերին խոչընդոտելու իմ ելույթը՝ պատգամավորները և հյուրերը, այդ թվում՝ գիտնականներ, ընտրված պաշտոնյաներ և հրեական համայնքի ղեկավարներ ինձ դիմավորեցին հոտընկայս ծափահարություններով: Զարմանալիորեն Գյունգորը հայտնվեց խորհրդարանում լսելու իմ ելույթը՝ չվստահելով միջոցառումը չեղյալ համարելու իր սեփական կարողությանը: Չնայած ունկնդիրներին բավականին ժամանակ էր տրված ցանկացած հարց տալու համար, սակայն Գյունգորը և նրա երկու թուրք գործընկերները որևէ հարց չտվեցին: Շատ զարմանալի էր, որ երբ թուրքերը լքում էին խորհրդարանի դահլիճը, լսվեց, որ Գյունգորի գործընկերներից մեկը նրան ասաց. «չեմ հասկանում, թե նման գիշերներին ինչ ենք անում այստեղ…»:

 

Իմ մյուս ելույթները տեղի ունեցան լիքը դահլիճներում` առանց խափանման: Ըստ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի տվյալների՝ Սիդնեյում ապրիլի 24-ին իմ առաջին ելույթի ժամանակ 1100 մարդ է ներկա եղել: Հաջորդ գիշեր ես երկրորդ անգամ ելույթ ունեցա նույն քաղաքում: Այնուհետև, ապրիլի 27-ին ելույթով հանդես եկա համանման մի միջոցառման ժամանակ Մելբուռնում` 500 հյուրերի ներկայությամբ:

 

Իմ ճամփորդության ընթացքում միակ տհաճ երևույթը Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթի հղած ուղերձն էր Սիդնեյի ոգեկոչման արարողությանը: Վերցնելով մի էջ նախագահ Օբամայի «պիեսների ժողովածուից», Էբոթն իր հակիրճ ուղերձում, խուսափելով ցեղասպանություն բառից, օգտագործեց ցանկացած այլ բառ (սարսափ, ողբերգություն, սարսափելի իրադարձություններ, կորուսյալ կյանքեր): Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը գրեց վարչապետին, որ նրա ուղերձը չի կարդալու լսարանի առջև, որովհետև «ցեղասպանություն բառի կոպիտ բացթողումը մեծ վիրավորանք է Ավստրալիայի հայ համայնքի նկատմամբ»: Ղահրամանյանը հիշեցրեց վարչապետին նախորդ տարվա նրա ուղերձի մասին, երբ որպես ընդդիմության առաջնորդ նա պատշաճ կերպով բնութագրել էր Հայոց ցեղասպանությունը: Ի տարբերություն վարչապետի` Ավստրալիայի գանձապետ,  երկրի կառավարության ամենաբարձրաստիճան նախարար Ջո Հոկին հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը հստակորեն ճանաչող պաշտոնական հայտարարությամբ:

 

Ես հեռացա Ավստրալիայից՝ խորապես տպավորված 50 հազարանոց հայ համայնքի քաղաքական բարձր ակտիվությամբ, որը ծնկի է բերում թվաքանակով իրեն մի քանի անգամ գերազանցող, ավելի քան 200 հազարանոց թուրքական համայնքին:

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հրշեջ-փրկարարները տասնյակ մարդկանց կյանք են փրկել

հրդեհ ստեփանակերտումԻնչպես հայտնում են ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` հունիսի 16-ին ժամը 13.37-ին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի կառավարման կետում Ստեփանակերտի փրկարարական վարչության ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ընդհանուր թվով 7 հրշեջ մեքենա, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 հատուկ փրկարարական մեքենա: Հրդեհաշիջմանը զուգահեռ իրականացվել են տարհանման աշխատանքներ:

Հրդեհը բռնկվել է առաջին հարկի լսարաններից մեկում և արգելափակել ելքերը, լուսամուտների մի մասը: Հրդեհի բռնկման պահին շենքում գտնվում էին 150 ուսանող և 30 դասախոս ու աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.37-ին, մարվել` 15.50-ին: Փրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում էին հանրապետության վարչապետը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հրդեհի հետևանքով այրվել է 1 լսարան, հրդեհի բռնկման պատճառը և հասցված վնասի չափը ճշտվում են։

Անկախ

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը հայստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝
հունիսի 18-20-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Հունիսի 21-22-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-20-ը էապես չի փոխվի, այնուհետև կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում՝
Հունիսի 18-20-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:Հունիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան  36.00C (2006 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան       9.90C (1981 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան  22.50C

Անկախ

Որքանո՞վ են օբյեկտիվ էլեկտրաէներգիայի թանկացման` Նազարյանի հիմնավորումները

MHM88651Ազգային ժողովում այսօր անցկացվեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին խորհրդարանական ուժեր, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ բարձրացված հարցերին պատասխանում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ներկայացնելով սակագնի բարձրացման հիմնավորումները` Նազարյանն ասաց, որ դա պայմանավորված է էներգետիկ շուկայի մասնակից ընկերություններին անհրաժեշտ միջոցների հատկացմամբ, որի ողջ գումարը կազմում է 17,5 մլրդ դրամ` 3,85 դրամ կՎտ/ժամի դիմաց:

Նազարյանը ներկայացրեց այդ 17,5 մլրդ դրամի բաշխումն` ըստ ընկերությունների. «Հայաստանի էլեկտրական ցանցեր՝ 5,7 մլրդ դրամ, Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր՝ 2 մլրդ դրամ, Միջազգային էներգետիկ կորպորացիա՝ 0,5 մլրդ դրամ, Երևանի ՋԷԿ՝ 7 մլրդ դրամ, Հայկական ատոմակայան` 1,6 մլրդ դրամ, վերականգվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններ` 1 մլրդ դրամ, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հաշվարկային կենտրոն»-ը ՝ 0,1 մլրդ դրամ»:

Ըստ նրա` Հայաստանի էլեկտրական ցանցերում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է այն հիմնական գործոնով, որ 2013-14 թթ. ընթացքում ատոմակայանի վերալիցքավորման և վերանորոգման աշխատանքներից հետո մի բլոկը նախատեսվածից 88 օր ավելի ուշ է մտել ցանց, և չի արտադրվել 300 մլն կՎտ/ժամ էներգիա: Ստիպված են եղել այդ էժան էլեկտրաէներգիայի պահանջարկը լրացնել Հրազդանի ՋԷԿ-ի հաշվին:

Գործոններից մեկն էլ եղել է սակավաջուր տարին. «Որոտանի կասկադը և Սևան-Հրազդան կասկադը միասին մոտ 200 մլն կՎտ էլեկտրաէներգիա պակաս արտադրեցին, և այս երկու գործոններով պայմանավորված՝ մենք ունեցանք Հայաստանի էլեկտրական ցանցերում 18.3 մլրդ դրամի վնաս, որը Բաշխիչ ցանցի մարժայի հաշվարկման մեթոդիկայի համաձայն՝ պետք է հատուցվի երեք տարվա ընթացքում»,-ասաց Նազարյանը:

Ռոբերտ ՆազարյանՆերկայացվեցին նաև մյուս ընկերությունների ֆինանսական ճեղքվածքների պատճառները` Բարձրավոլտ էլեկտրական ցանցերինը, օրինակ, առաջացել է վերականգնման և վերազինման ծախսերի, միջպետական էլեկտրական գծերի, ինչպես նաև Իրան-Հայաստան էլեկտրագծի կառուցման համար ստացած արտոնյալ վարկի պատճառով: Միջազգային էներգետիկ կորպորացիայի կամ «Սևան-Հրազդան» կասկադի ֆինանսական ճեղքվածքը` 4 մլրդ դրամի կապիտալ ներդրումներից, Երևանի ՋԷԿ-ինը` ընկերության կողմից արտոնյալ վարկի ստացումից,
Հայկական ատոմակայանի ֆինանսական ճեղքվածքը` շահագործման և պահպանման ծախսերից, ինչպես նաև շահագործման անվտանգության բարձրացման նպատակով աշխատած վառելիքի պահպանման ծախսերի ավելացումից և ռեզերվային ինքնավար ջրամատակարարում ապահովելու, լրացուցիչ խորքային հորերի փորման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունից: Հիշեցնենք, որ այս խնդիրն առաջ էր եկել այն բանից հետո, երբ ձկնաբուծության հետևանքով Արարատյան դաշտում լրջորեն վնասվել էին արտեզյան ջրային պաշարները:

Ինչևէ, ներկայացրած հիմնավորումները չբավարարեցին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին: Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ավելի արդար կլյներ, եթե այս լսումներին մասնակցեին էլեկտրաէնեգիա արտադրող ընկերությունների պատասխանատուները, որոնց ապաշնորհ կառավարման հետևանքով առաջացած ֆինանսական ճեղքվածքը պետք է «փակի» ՀՀ քաղաքացին. «Այդ կազմակերպությունները, որ միաբերան հայտարարում են, թե աշխատում են 0% շահութաբերությամբ, արդյոք մազոխիստնե՞ր են, թե ոչ: Եթե ընկերությունն աշխատում է 0% շահութաբերությամբ, էստեղ 2 տարբերակ պիտի լինի` կամ հոգեբանական խեղումներ ունեն, կամ ուղղակի  ապաշնորհ և վատ կառավարիչներ են»,-հայտարարեց նա:

Նազարյանը չհամաձայենց պատգամավորի հնչեցրած տեսակետների հետ: Նրա խոսքով` ներկայացված հիմնական գործոնները որևէ ձևով վատ մենեջմենթով չեն պայմանավորված: «Մենք երբևէ վատ մենեջմենթի արդյունքում ձևավորված ֆինանսական ճեղքվածքները հաշվի չենք առնում, այլ հաշվի ենք առել մեր մեթոդիկայում ամրագրված այն ծախսային հոդվածները, որտեղ մեր կանխատեսումները չեն արդարացվել, և տեղի է ունեցել վնաս»:

MHM88656 copyԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը նկատեց. «Փաստորեն, եթե մենք հիմա այդ ընկերությունների կրած վնասները փոխհատուցում ենք, ստացվում է, որ մենք իրենց պարտքով գումար ենք տալիս: Հետո, երբ այդ ծախսերը փակվեն, մեզ այդ գումարը վերադարձնելո՞ւ են, թե ոչ: Տրամաբանորեն, պետք է վերադարձվի, որովհետև սպառողի մեղքով չի առաջացել այս վիճակը»:

Ռոբերտ Նազարյանը միայն խոստացավ, որ հաջորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում տեղի չի ունենա: Ինչ վերաբերում է նվազմանը, ապա նա նշեց, որ դա չպետք է բացառել, բայց խոստանալ էլ չի կարող:

Անգամ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին էր մտահոգում այն հարցը, թե ինչու պետք է սպառողը վճարի գերկորուստների դիմաց:

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին, մի շարք հարցերի հետ միասին, հետաքրքրում էր, թե ինչ արդյունավետությամբ է կառավարվել Բաշխիչ ցանցերի աշխատանքը և ընդհանուր գնահատական տրվե՞լ է ցանցերի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ:

Նազարյանը նշեց, որ կառույցի արդյունավետության նկատմամբ իր կողմից գնահատական հնչեցնելը ճիշտ չի լինի. «Մեր կարգավորող հանձնաժողովի մասով կարող եմ ասել, որ եթե կառույցը չի ապահովում  լիցենզիայի պայմանները, խախտում է էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները և ոտնահարում սպառողների շահերը, ապա մենք վարչական վարույթ ենք իրականացնում և օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառում»:

Մի շարք հարցեր բարձրացրեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մասնավորապես կապված «ՀայՌուսգազարդի» հետ կնքած «տխրահռչակ» պայմանագրի հետ: Նա հետաքրքրվեց, թե այդ պայմանագիրը որքանո՞վ է ազդել սակագնի բարձրացման վրա:

Նազարյանը չցանկացավ գնահատական տալ այդ պայմանագրին, ինչ վերաբերում է ազդեցությանը, նշեց, որ կայանը վաճառվել է 31 միլիոն դոլարով, և պայմանը եղել է այն, որ 15 տարում այդ ներդրումը վերադարձվի: Ըստ Նազարյանի, կայանի բոլոր ծախսերն ամրագրված են իրենց պայմանագրերում. «Հիմա շատ ա, քիչ ա, դուք որոշեք: Մենք ամրագրել ենք այն անհրաժեշտ ծախսային հոդվածները, որից պակաս անելու իրավունք չունենք»:

MHM88654 copyԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Զուրաբյանի ելույթից հետո նրան հիշեցրեց ոչ վաղ անցյալը: «Այս քաղաքական թիմը լրիվ բարոյական իրավունքն ունի մեզ կշտամբելու, քանի որ մտածում է, որ հայ ժողովուրդը երևի մոռացել է մութ ու ցուրտ տարիները»:

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը խիստ վիրավորվեց Նաղդալյանի ակնարկից ` նշելով, որ այդ տարիները Արցախյան պատերազմի հաղթանակի տարիներ էին:

Լսումներին մասնակցում էր նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը: Նշենք, որ նախորդ շաբաթ Հանրային խորհրդում նույնպես տեղի էր ունեցել քննարկում այս թեմայով` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Վազգեն Սաֆարյան

Վազգան Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  այն կորուստները, որոնց մասին այստեղ խոսում են, չպետք է սակագնի մեջ ներառվեն, քանի որ դրանք այդ ընկերությունների ոչ որակյալ աշխատանքի հետևանքով են առաջացել:

«Կորուստները պետք է իրենց շահույթներով փոխհատուցեն,-կարծում է նա,-երկրորդը` ծառայություն մատուցող կազմակերպությունները չպետք է  բարձր շահութաբերություն ապահովեն, որովհետև դա անդրադառնում է տնտեսության ոչ արդյունավետ զարգացման վրա, ինչի հետևանքով կարող ենք ունենալ ոչ մրցունակ ապրանքներ դրսի շուկաներում: Այդ իմաստով, էլեկտրաէներգիայի գինը պետք է միջինացված լինի այն երկրների էլեկտրաէներգիայի գների հետ, որոնց հետ մենք առևտրային հարաբերություններ ունենք»:

Խնդիրը լուծելու համար Սաֆարյանն առաջարկում է անել ամեն ինչ, որպեսզի կառուցվի Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը, որի դեպքում մենք իրանական կողմից կստանանք 3 խմ գազ և դրա դիմաց կվաճառենք 9 կՎ/ ժամ էներգիա. «Արդյունքում մենք կարող ենք 2 միլիարդ կՎտ էլեկտրաէներգիա էլ վաճառել Բաշխիչ ցանցերին, ենթադրենք, 1 դրամով»,-նշում է նա:

Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ են մոտ 400 միլիոն դոլար վարկային ռեսուրսներ: Սաֆարյանի խոսքով` Ճապոնիան պատրաստ է այդ ռեսուրսները տալ, պարզապես կառավարությունը պիտի կարողանա բանակցային գործընթաց իրականացնել, քանի որ խնդիր կա արտաքին պարտքի և ՀՆԱ-ի համամասնության առումով: Այնուամենայնիվ, նա գտնում է, որ կարելի է այդ գումարը հայթայթել նաև ներքին ռեսուրսների միջոցով:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար(առանց ԱԱՀ-ի): Համաձայն այդ հաշվարկների` էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3,85 դրամով կամ շուրջ 4 դրամով: Ըստ նախնական տվյալների, էլեկտարէներգիայի ցերեկային սակագինը 1 կՎտ/ժամի դիմաց կարժենա 41,85 դրամ՝ ներկայիս 38 դրամ փոխարեն, գիշերայինը՝ 31,85 դրամ` գործող 28 դրամի փոխարեն: Սակագների փոփոխությունն, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի ս.թ. օգոստոսի մեկից:

 

Անկախ

Ադրբեջանցիները Թևան Պողոսյանի ընտանիքին մեղադրել են ահաբեկչության մեջ և ստացել պատասխան.Պանորամա

թևան պողոսյանՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովը հնարավորություն էր այցելել Բաքու, բայց էմոցիոնալ պոռթկումներն ու բանավոր խոսքով հարձակումները երեք մեկուսացված հայերի նկատմամբ, մտահոգիչ են: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրում է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, որը այժմ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի և Թևան Պողոսյանի հետ միասին գտնվում է Բաքվում, հաղորդում է Պանորաման:

Հիշեցնենք` նրանք մասնակցում են ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոութ» (Rose-Routh) սեմինարին: Այսօր սեմինարի 2-րդ օրն է: Այսօր սեմինարում քննարկման թեման Վրաստանն է` էներգետիկ ու տարածաշրջանային խնդիրներով:

«Հետաքրքիր է`արդյոք հակահայ ցուցարարները նորից կգա՞ն», -գրել է Կիրակոսյանը:

Նշենք, որ հայկական պատվիրակության անդամներին երեկ Բաքվում դիմավորել են բողոքի ակցիաներով:

Փորձագետն իր միկրոբլոգում պարբերաբար տեղեկացնում  է` ինչ է կատարվում Բաքվում, մասնավորապես, սեմինարի դահլիճում:

«ՆԱՏՕ ԽՎ-ի հայկական պատվիրակության անդամները հերքում են ադրբեջանցիների մեղադրանքները` հայտարարելով, որ Հայաստանում պաշտպանության ոլորտում կատարվող բարեփոխումները հաջողված են», -գրել է Կիրակոսյանը:

Նա ներկայացրել է նաև ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի ու ադրբեջանցի հռետորների միջև փոքրիկ բանավեճը:

«ՆԱՏՕ ԽՎ ադրբեջանական պատվիրակությունը Հայաստանի նախագահին անվանեցին տեռորիստ, իսկ Թևան Պողոսյանի ընտանիքին մեղադրեցին ահաբեկչության մեջ», -փոխանցում է Կիրակոսյանը:

Նույն բլոգում, պարոն Կիրակոսյանը նշել է, որ Թևան Պողոսյանը հակադարձել է ադրբեջանական կողմին, ասելով` «Ես հպարտանում եմ այն ամենով, ինչ արել է իմ հայրը…նա ինձ սովորեցրել է սիրել հայրենիքը»:

Նշենք, որ Թևան Պողոսյանը Ժիրայր Պողոսյանի որդին է, ով 1998 – 1999 թթ. ԼՂՀ վարչապետն է եղել, իսկ 1992 թ-ին` ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալի պաշտոնակատար։

Ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միկրոբլոգի հետևյալ գրառմանը. «Բոլոր հիմնարար ազատությունները երաշխավորված են, կա ազատ ԶԼՄ և ազատ ինտերնետ», նույն միկրոբլոգում Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանել է հետևյալ կերպ. «Ես Բաքվում եմ և միանգամայն այլ իրականություն եմ տեսնում»:

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը

Սամվել ԳեւորգյանԱյսօր՝ հունիսի 17-ին առավոտյան 66 տարեկան հասակում մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը:

Սամվել Գեւորգյանը ծնվել է 1948թ. հոկտեմբերի 2-ին Թալինի շրջանի Զարինջա գյուղում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` բանասերի որակավորմամբ:

1971-72-ին աշխատել է ուսուցիչ Թալինի շրջանի Ն. Բազմաբերդ գյուղում, 1972-73-ին` «Աշտարակ» թերթում, 1973-89-ին` հեռուստառադիոպետկոմում խմբագիր, ինֆորմացիայի գլխավոր խմբագրության բաժնի վարիչ, 1989-1991-ին` «Հայք» թերթի գլխավոր խմբագիր, 1991-93-ին` հեռուստապետ-վարչության պետ, 1993-95-ին` ՀՀ Նախագահի խորհրդական: «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել եւ մինչեւ 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ: Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:

1995-ի հուլիսի 28-ին ընտրվել է Ազգային Ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ վարչության անդամ:

Սամվել Գեւորգյանը 2008թ. ակտիվորեն մասնակցել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը:

 

Հայ պատգամավորը՝ Բաքվում. Ադրբեջանի նախաձեռնած սպառազինությունների մրցավազքը սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար.NEWS.am

Կորյուն Նահապետյանը բաքվումՍպառազինությունների մրցավազքը, որ նախաձեռնել է Ադրբեջանը, լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը, որը  Բաքվում մասնակցում է Վեհաժողովի սեմինարին: Նա հայտարարել է, որ վերջին 7 տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն մեծացել է 20 անգամ եւ փորձել է այդ ներկայացրել որպես իրական սպառնալիք տարածաշրջանի համար: Նա այդ կապակցությամբ կառույցից կոշտ արձագանք է պահանջել, հաղորդում  է NEWS.am-ը:

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ, Կորյուն Նահապետյանից հետո ելույթ ունեցած հայ պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ Ադրբեջանին մեղադրել է ղարաբաղյան հակամարտությունը սկսելու համար: Նա հայտարարել է, որ ԽՍՀՄ փլուզման նախաշեմին Ադրբեջանում մեծ քանակությամբ զենք ու զինամթերք էր մնացել, եւ պաշտոնական Բաքուն, օգտվելով դրանից, սկսել է սպառնալ Ադրբեջանում բնակվող հայերին:

Այս հայտարարությունները, բնականաբար, դուր չեն եկել ադրբեջանական կողմին: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, Միլի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիաֆաթ Ասքերովը հայտարարել է, որ Հայաստանի պատվիրակությունը երկու օր շարունակ «Բաքվում սադրանքով է զբաղվում»: Ավանդույթի համաձայն, հիշելով «գրավյալ տարածքների» եւ «միլիոնավոր փախստականների մասին»՝ ադրբեջանցի պատգամավորը նաեւ հայտարարել է, թե «ահաբեկչությունը Հայաստանում պետական քաղաքականություն է, իսկ երկրի ղեկավար Սերժ Սարգսյանը տարածաշրջանի թիվ մեկ ահաբեկիչն է»:

 Անկախ

ՏՐԴԱՏ Ա ԱՐՇԱԿՈՒՆԻ. նա Հռոմ մտավ հաղթահանդեսով, որպես հաղթող, որ իր սրով կերտեց Հայաստանի անկախության իրավունքն

Տրդատ_Ա_(1)Արտաշեսյան հզոր թագավորության անկումից հետո Հայաստանում թագավորական իշխանությունն ու պետականությունը չվերացավ: Հայաստանը նվաճած Հռոմը վախեցավ հայության դիմադրությունից և Մեծ Հայքը չկցեց Հռոմին` դարձնելով նրա պրովինցիաներից մեկը, այլ Հայաստանում նշանակեց թագավորներ և երկիրը կառավարում էր նրանց միջոցով: Այսպիսով, Հայաստանը գոնե ներքին խնդիրներում պահպանեց իր ինքնիշխանությունը, սակայն դարձավ Հռոմին ենթակա պետություն, որի գահին բազմում էին օտարները:

Այս վիճակը, բնականաբար, ձեռնտու չէր հայոց ռազմական ավագանուն: Հայության մեջ դեռևս թարմ էին տիգրանյան կայսրության հիշողությունները, և Հայաստանն իր հսկայական պոտենցիալով պիտի ձգտեր պետական անկախության` չհանդուրժելով Հռոմին ենթակա երկրի կարգավիճակը:
Հայաստանի նկատմամբ իր նկրտումներն ուներ նաև հզորացող պարթևաց թագավորությունը, որի գահակալները, լավ հասկանալով Հայաստանի հակահռոմեական տրամադրությունները, ձգտում էին Հայաստանը ներքաշել իրենց քաղաքական ոլորտը:
Դրան դեմ չէր նաև հայությունը: Նախ` Հռոմի տիրապետությունը զզվելի էր, հայոց ավագանին դա հանդուրժել չէր կարող, երկրորդ` պակաս դեր չունեին հայ-պարթևական ազգակցական կապերն ու էթնիկ-մշակութային, կրոնական ընդհանրությունները:
Եվ առաջին դարի կեսերին արդեն ներքուստ ուրվագծվում է հայ-պարթևական դաշինքի տեսլականը:
Պարթև Արշակունիների թագավորությունը, որ թուլացել էր Տիգրան Բ Մեծ արքայի հարվածներից, աստիճանաբար ուշքի էր գալիս: Եվ ահա, Վոնոն Բ արքայի օրոք արդեն պարթևները դարձյալ տարածաշրջանում սպառնալից ուժ են դառնում Հռոմի համար:
Երբ մահանում է Վոնոն Բ արքան, նրա երկու կրտսեր զավակները գահակալ ու թագավոր են ճանաչում Վաղարշ Ա-ին` (52-80) իրենց ավագ եղբորը` ուխտելով ողջ կյանքում հավատարմորեն ծառայել նրան: Իր հերթին Վաղարշ Ա-ն ուխտ է անում, որ իր եղբայրները կգահակալեն տարբեր երկրներում:
Հայոց ավագանին իր հերթին իր անկախության ձգտումները կապում է Պարթևների թագավորության հզորության հետ: Եվ ահա, հայ իշխանները դիմում են պարթևաց արքա Վաղարշ Ա-ին` խնդրելով աջակցել Հայաստանին հակահռոմեական պատերազմում և իր եղբայր Տրդատին բազմեցնել հայոց գահին:
54 թ. Հայաստանն ապստամբում է Հռոմի դեմ, հայտարարում իր անկախության մասին, Տրդատ Արշակունին պարթևական բանակով մտնում է Հայաստան և հայ ավագանու կողմից հռչակվում որպես հայոց թագավոր Տրդատ Ա Արշակունի (54-88)` այսպիսով Հայաստանում հիմք դնելով Արշակունիների թագավորությանը (54-428):
58 թ. միայն Հռոմը կարողացավ լրջորեն անդրադառնալ Հայաստանին, և հռոմեական զորքերը Գնեոս Դոմետիոս Կորբուլոնի գլխավորությամբ մտան Հայաստան` վերականգնելու իրերի նախկին դրությունը: Նրանք կարողացան ընկճել հայոց զորքերին: Պարթևաց արքան, զբաղված լինելով պատերազմով արևելքում` վրկանանց երկրում, չկարողացավ ժամանակին օգնության փութալ: Հայկական բանակը նահանջեց Ատրպատական: Հռոմեացիները գրավեցին մայրաքաղաք Արտաշատն ու ավերեցին այն: Իր բարբարոս վարմունքը Կորբուլոնը բացատրում է նրանով, որ զորքերի սակավության պատճառով չէր կարող կայազոր թողնել այնտեղ: Իրականում Արտաշատը` Հայոց Կարթագենը, հռոմեացիներն ավերեցին, որպեսզի հայերն այն չդարձնեին հզոր պատվար հակահռոմեական պայքարում:
Հռոմը գահազուրկ հայտարարեց Տրդատ Ա-ին և հայոց գահին բազմեցրեց ազգությամբ հրեա Տիգրան Զ-ին, որ մոր կողմից հեռավոր ազգակցական կապ ուներ հայ Արտաշեսյանների հետ: Տրդատ Զ-ն մայրաքաղաք հռչակեց ու հաստատվեց Տիգրանակերտում:
Վաղարշ Ա-ն շտապ հաշտություն կնքեց վրկանանց երկրի հետ ու զորքով շտապեց Հայաստան` աջակցելու եղբորը` հայոց թագավոր Տրդատին` մեծ ուժեր կենտրոնացնելով հայոց Միջագետքում: Հայ-պարթևական ուժերը գրավեցին Տիգրանակերտը: Տիգրան Զ արքան հռոմեական զորքերով փախուստի դիմեց:
Ստիպված լինելով հաշտվել եղելության հետ` Կորբուլոնը ճանաչեց Տրդատի իրավունքները հայոց գահի վրա և Մծբինում զինադադար ստորագրեց Տրդատի հետ:

Կորբուլոնի վարմունքը դժգոհություն է առաջացնում Հռոմի արքունիքում: Ներոն կայսրը (54-68) նրան շնորհազրկում է և շուտով` 62 թ. Հայաստան է ուղարկում մեծ զորաբանակ` Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ:
Սակայն Պետոսին և հռոմեական բանակին անփառունակ վախճան էր սպասում: Պետոսը գոռոզ ու ինքնահավան զորավար էր: Մի քանի սահմանային ամրություններ գրավելով` նա զեկուցագրեր է ուղարկում Հռոմ, թե Հայաստանը նվաճված է: Նրա ամբարտավանությունը հասավ այնտեղ, որ անգամ հարկ չհամարեց պահակապետեր ու ժամապահներ կարգել հռոմեական զորքի կայանատեղի-ճամբարում: Օգտվելով առիթից` 62 թ. գարնանը հայոց բանակը` Վասակ սպարապետի ու Տրդատ արքայի հրամանատարությամբ, Ծոփքում` Արածանու ափին գտնվող Եռանդի (Հռանդեա) դաշտում շրջափակեց հռոմեական բանակը:
Հռոմն իր պատմության ընթացքում երեք անգամ է մեծ պարտություն տեսել: Պարտություններ, որոնք նվաստացրել են Հռոմը ու նրա հեղինակությունը նսեմացրել: Առաջինը մ.թ.ա. 216 թ., երբ Կարթագենի զորավար Հաննիբալը Կաննի ճակատամարտում ջախջախեց մեծաթիվ հռոմեական զորքը: Ապա մ.թ.ա. 53 թ., երբ հայ-պարթևական բանակը Խառանի ճակատամարտում ջարդեց հռոմեական զորքերը, իսկական սպանդ սարքեց ու հարուստ ռազմավար ձեռք բերեց: Հռոմի Երրորդ խայտառակությունը Եռանդում էր: Հայոց բանակը շրջապատված ու գերված ոսոխին ուղղակի նվաստացրեց` ստիպելով հռոմեացի լեգեոնականներին ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստած լծի տակով:
Այս խայտառակությունից հետո Հռոմեական զորքերը զինաթափված փախուստի դիմեցին Գամիրք:
Կարգալույծ արված Պետոսի փոխարեն Արևելքի գործերն իր ձեռքը վերցրեց դարձյալ Կորբուլոնը, որ ճիշտ գնահատելով իրերի բնույթը` շտապեց հաշտություն կնքել Տրդատ Ա-ի հետ, ճանաչել նրա թագավորությունը Հայաստանում, սակայն հաշտության պայմանագրի վավերացումը թողեց ապագային, քանզի Տրդատ Ա-ն համաձայնություն տվեց այցելել Հռոմ ու հայոց թագը ստանալ անձամբ Ներոն կայսրից:

64 թ. Տրդատ Ա-ն երեք հազար հեծյալից բաղկացած մեծ շքախմբով մեկնում է Հռոմ: Հռոմեացի պատմիչները նշում են, որ երբեք ոչ մի գահակալ նման փառահեղ ընդունելության չի արժանացել Հռոմում: Սովորաբար օտար գահակալները Հռոմ են ժամանել որպես հռոմեացի զորավարների գերյալներ, որպես հպատակներ ու հարկատուներ: Իսկ Տրդատին Ներոնն անձամբ դիմավորեց Հռոմից շատ հեռու` Նեապոլիսում: Տրդատը Հռոմ մտավ հաղթահանդեսով, որպես հաղթող, որ իր սրով կերտեց Հայաստանի անկախության իրավունքն ու գոռոզ Հռոմին ստիպեց հաշտվել իրողության հետ:
Ներոնը Տրդատի պատվին տոնահանդեսներ և գլադիատորական խաղեր կազմակերպեց Հռոմում: Տրդատ Ա արքայի ընդունելությունը Հռոմի գանձարանից հսկայական գումար խլեց:
Ներոնը Տրդատին հանձնեց հայոց գահը Հռոմի ֆորումում: Հայաստանը, որպես Հռոմին իրավահավասար տերություն, հռչակեց «Հռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ պետություն»:
Տրդատը դատարկ ձեռքով չէր ժամանել Հռոմ: Նա Ներոն կայսեր համար չքնաղ նվեր էր բերել, որ այսօր էլ` երկու հազար տարի անց, հիացնում է Իտալիա այցելողներին: Այդ նվերը վենետիկյան հրաշալի Կվադրոն է` Վենետիկի սուրբ Մարկոսի տաճարի ճակատը զարդարող քառաձի քանդակը:
Ներոն կայսրը, ճանապարհելով Տրդատին, մեծ ռազմատուգանք վճարեց նրան, որով հայոց արքան վերանորոգեց Կորբուլոնի ավերած Արտաշատ մայրաքաղաքը: Տրդատն իրեն նշանավորեց նաև այլ շինությամբ: Նա Գառնի ամրոցի տարածքում գտնվող հին տաճարի փոխարեն կառուցեց նորը` հիմք ունենալով հին հայկական տաճարաշինական մոդելը` Մուսասիրի տաճարը և թողեց արձանագրություն. «Հելիոս (արև) Տիրիդատես (Տրդատ) թագավոր Մեծ Հայքի, թագավորելով իբրև դեսպոտ (վեհապետ) կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում (75 թ.) իր թագավորության»:
Նա իր թագավորության ժամանակ արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս` պատժելու Կովկասյան լեռնականներն, որոնք ասպատակում էին Հայաստանը:
Տրդատ Առաջինը (54-88) իր գահակալությամբ Հայաստանում հիմք դրեց նոր` Արշակունիների թագավորության (54-428):
Տրդատն իր թագավորությամբ փառավորեց հայոց անունն ու մահացավ 88 թ.:

 

 

Եվրոպան պատրաստվում է առաջին համաշխարհային պատերազմի, իսկ Հայաստանը ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու համար

100

– Զգացմունքային առումով Հայոց ցեղասպանությունը մեծ և խուլ ցավ է ինձ համար: Այլևս չկան հայկական այն հանճարեղ եկեղեցիներն ու տաճարները, չկան նաև նրանք` հայերը, նրանց բարբառը, պարը և այլն: Դա բարոյական և նյութական հսկայական կորուստ է ոչ միայն հայերի, այլև ամբողջ աշխարհի համար: 1940-1945 թթ. հրեաների և հայերի հետ միասին մահացան նաև հույներ, գնչուներ, իսկ այդ սպանդի մտածելակերպը մինչ օրս չի վերանում: Ուստի Ցեղասպանության ճանաչումը ինձ համար լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս՝ մարդկությունը հասե՞լ է այն կետին, որից հետո այլևս չկա վերադարձ,- մեզ հետ զրույցում ասաց Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը:
– Պարոն Գասպարյան, Եվրոպայում նշում են Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցը, իսկ աշխարհի հայերը՝ Ցեղասպանության: Որևէ կապ տեսնո՞ւմ եք:
– Ուղիղ կապ կա: Հայ ժողովուրդը շատ է տառապել այդ պատերազմի պատճառով: Առաջին համաշխարհային պատերազմում մահացածների թիվը մինչ օրս հստակ չէ: Քաղաքական գործիչ, գրող Վարուժան Ոսկանյանն իր «Շշուկների մատյան» գրքում նշել է, որ պատմությունը գրում են հաղթողները, ոչ պարտվողները, իսկ այդ լռության բացատրությունը կարելի է գտնել այդ ժամանակահատվածի միջազգային քաղաքական իրադարձություններում: Օսմանյան Թուրքիան Առաջին համաշխարհայինի հաղթողներից է, իսկ նոյեմբերին, ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի, գծվել է հայ-թուրքական սահմանը և Հայաստանին ապահովել Սև ծովի ելք: Սակայն այդ ամենը մնաց թղթի վրա: Պատերազմի ժամանակ Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող հայկական պատմական հողերը լիովին դատարկվել էին, բայց 1923 թ. Լոզանի պայմանագրից հետո Հայաստանի վերաբերյալ հոդվածը ոչնչացվել է, իսկ 1920 թ. նոյեմբերին Հայաստանի մյուս կեսը սովետականացվել է:
– Ի՞նչ է անում հայկական սփյուռքն այդ լռությունը կոտրելու համար:
– Ասեմ, որ հայկական սփյուռքը շատ արագ ոտքի կանգնեց, սակայն շատ հարցեր բաց մնացին: Այսօր Հայաստանին սպառնում են, մինչդեռ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը գրավել՝ հիշեցնելով Ցեղասպանության մասին և փորձում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել:
– Եթե Թուրքիան չհամաձայնի, ինչպե՞ս պետք է Հայաստանը լուծի այդ հիմնախնդիրը:
– Խնդիրը միայն Թուրքիան չէ, թեպետ այնտեղ Ցեղասպանության տաբուն արդեն սկսել է ճաք տալ, հատկապես` վերլուծաբանների, լրագրողների շրջանակներում և համալսարաններում: Այսօրվա քաղաքացիական հասարակության մեջ բացեիբաց խոսվում է թուրքական պետության պատասխանատվության մասին: Հիշենք, որ 1915 թ. թուրքերն ու քրդերը, վտանգելով իրենց կյանքը, բազում հայերի են փրկել, սակայն որոշ թուրքեր այլ կերպ են մտածում: Տեղի են ունենում քաղաքական փոփոխություններ, Թուրքիայից ի հայտ են գալիս թաքնված հայերի կամ իսլամացված հայերի խմբեր, որոնք սկսում են պաշտպանել իրենց ինքնությունն ու իրավունքները: Ուստի, Թուրքիայի կառավարությունը, սեփական ժողովրդի ճշնման ներքո, պետք է ազատագրվի անցյալի մթագնած ու տխուր հիշողություններից՝ վերանայելով հայերի նկատմամբ ողջ պատմությունը: Երկրորդ ուղին այդ երկու պետությունների միջև երկխոսությունն է: Հայերս չենք կորցնում այդ հույսը, որ մի օր Թուրքիան կփոխի իր վերաբերմունքն այդ կնճռոտ հարցում: Եվ, վերջապես, երրորդ ուղին միջազգային հանրության ակտիվ դերակատարությունն է: Եթե Թուրքիան և Հայաստանը դնենք կշեռքին, ապա քաղաքական կամ պրագմատիկ տեսանկյունից կշեռքի նժարները կթեքվեն Թուրքիայի կողմը: Նույնը վերաբերում է միջազգային կառույցներին: Ինչ վերաբերում է միջազգային կարծիքին, ապա այն մեծ մասամբ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը:

 Ելենա Չոբանյան

Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից

Ֆորմուլա 1,Միխայել Շումախեր«Ֆորմուլա-1»-ի հանրաճանաչ ավտոմրցարշավորդ Միխայել Շումախերը դուրս է եկել կոմայից։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով գերմանական Bild-ին։

Հազարավոր երկրպագուներին ուրախացնող լուրը հաստատել է լեգենդար մարզիկի գործակալ Սաբինա Քեմը։

Շումախերի ներկայացուցիչը հայտարարել է, որ աշխարհի յոթակի չեմպիոնը արդեն կոմայի մեջ չէ և Գրենոբոլի հիվանդանոցից տեղափոխվել է վերականգնողական կլինիկա։
«Նրա ընտանիքը ցանկանում է շնորհակալություն հայտնել Գրենոբոլի հիվանդանոցի բոլոր աշխատակիցներին։ Բացի այդ, մենք շնորհակալ ենք բոլորին աջակցության համար, որը, իհարկե, շատ է օգնել », – հայտարարել է Քեմը։
Միխայելը արդեն արձագանքում ձայներին և հպումներին։ Սակայն չի հաղորդվում, թե հատկապես, որ հաստատությունում է նա այժմ գտնվում ։

Անկախ

Ուկրաինայի ներկա վիճակը թավալ-գլոր անելով տարածվելու է ամեն տեղ

Ռաիսա Ղարագյոզյան«Այսօր Ուկրաինայում մեծ սուգ է: 49 զոհ, 49 ջահել տղամարդ, 49 հիանալիորեն պատրաստված մարտիկ, որ այնպես չի հերիքում ուկրաինական փաստորեն նորաստեղծ բանակին: Այնքա՜ն երեխաներ մնացին անհայր, ջահել կանայք այրիացան, մայրեր խելագարվեցին որդիների հանկարծական կորստից…» – “Անկախի” հետ զրույցում ասել է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոյի կինը` ծնունդով գորիսեցի Ուկրաինայում բնակվող գրող և հրապարակախոս Ռաիսա Ղարագյոզյանը:

 

Նրա խոսքով, թվում է պատերազմը երբեք չի վերջանալու, որովհետև իբր պատերազմ էլ չկա, պատերազմի պաշտոնական հայտարարություն չկա, ուրեմն ոչ ոք ոչնչի համար պատասխանատու չէ: Ինքնաթիռն ուկրաինական է, Լուգանսկը ուկրաինական տարածք է, կռվողները Դոնբասի ապստամբներն են, իսկ ուկրաինական կառավարությունը ապստամբների դեմ հակաահաբեկչական զինված գործողություններ է կիրառում: Վ. Պուտինը Պիղատոս է՝ ոչ մի ինքնաթիռ չի խփում, ոչ մի տանկ չի մտցնում Ուկրաինա, ոչ ոքի չի զինում, չի ֆինանսավորում, ոչ մի հանցավոր հրաման չի տալիս, այլ միայն փափուկ, շատ գեղեցիկ տեմբրով ու դեմքին հմայիչ-ամոթխած ժպիտ խաղացնելով` հարցազրույց է տալիս եվրոպական և ոչ եվրոպական ԶԼՄ-ի թղթակիցներին, հիմարացնում ամենքին և շարունակում իր բնությանը շատ հարազատ ճիզվիտական հիբրիդային պատերազմը: Առայժմ Ուկրաինայի դեմ, Դոնբասում: Ռուսաստանն ու իր ճիզվիտ ղեկավարն իրերի դրությունն այսպես են ներկայացնում աշխարհին:

 

«Հարց է ծագում, բա Դոնբասի այդ «խեղճուկրակ ապստամբները» ո՞րտեղից են այդքան զենք ու զինամթերք, տանկեր, զենիթային հրանոթներ ձեռք բերում, այդ այսպես կոչված ապստամբները ե՞րբ հասցրին ինքնաթիռներ խփելու մեջ նման փայլուն հմտություն ձեռք բերել: Իբր՝ « դե, մենք՝ ռուսներս, բանից անտեղյակ չենք, դուք եք՝ ձեր խնդիրները, ոնց ուզում եք՝ գլուխ հանեք»: Այդ երիցս անիծված երկիրն իր ճիվաղային համակարգով անհեթեթության է վերածել ամբողջ աշխարհը, սևը սպիտակի տեղ է մատուցում, ստին ճիշտ ասում, իսկ ճշմարտութունը կեղծություն ներկայացնում, այնինչ անբարոյականությունը խրախուսում, ավազակին հերոսի կոչում տալիս, հերոսին խայտառակության սյունին գամում, չարը բարի է ներկայացնում, բարին՝ չար», – հավելել է տիկին Ղարագյոզյանը: Այնուհետև շարունակել է, թե աշխարհն ինչ անի՝ շիվարած թե շիվարած ձևանալով սպասում է, սպառնում, սպասում ու սպառնում, որ… Ճիվաղի ականջը կձգի: Չգիտակցելով, որ Ուկրաինային վիճակվել է քավել այս անկատար աշխարհի մեղքը, որովհետև Ուկրաինայում իսկական համաշխարհային հիբրիդային պատերազմի սկիզբն է դրվել, որը անշտապ-անշտապ թավալ-գլոր անելով տարածվելու է ամեն տեղ՝ Եվրոպայում, Կովկասում, ամենուր, որքան թույլ տանք ամենքս՝ Պուտինի ձեռքը սեղմող և Ռուսաստանի պետական տոնը կեղծավորաբար շնորհավորող նախագահ Պորոշենկոն, ռուսի հետ առևտուր անել սիրող գերմանացիներն ու շրթներին խաղաղարարի շինծու ժպիտ սարքած ֆրանսիացի Օլանդը, տակից Ռուսաստանին ծածուկ ռազմական նավեր վաճառելով ու փաստորեն զինելով նրան, Մաքսային միությանը միանալու պատրաստակամ Սերժ Սարգսյանը, Միկոյանի արձան դնող ու Սասուցի Դավթի արձան քանդող երևանյան ավագանին ու դրան խրախուսող ու իրենք իրենց տակը փորող հայ ռուսամետ զոմբիները:
«Ժամանակն է վերջապես արթնանալ լեթարգիական քնից, առավոտյան անհոգ, ծուլորեն ծխախոտ փստացնելով սուրճ խմելուց և գիտակցել, որ համաշխարհային հիբրիդային պատերազմը, որը կարող է շատ անսպասելիորեն լայնամասշտաբայինի վերածվել, արդեն ծմլկտում է մեր շեմին: Ու մտածել, թե ինչ անել, ոնց չարի առաջն առնել, ոնց կանգնեցնել, չեզոքացնել Պուտինին, որ հետո ուշ չլինի», – եզրափակել է հրապարակախոսը:

Անկախ

Ուրիշին տալու տարածք այլևս չունենք…

Անժելա ՏերյանՀարցազրույց Երևանի պատմության թանգարանի հնագիտության և միջնադարյան պատմության բաժնի վարիչ, պատմաբան Անժելա Տերյանի հետ: Նա «Ար աստծո պաշտամունքը Հայաստանում», «Հայաստանը արարչագործության և քաղաքակրթության բնօրրան», «Հայոց հնագույն պետություն. Միտանի» գրքերի, ինչպես նաև բազմաթիվ գիտական հրապարակումների հեղինակ է:

– Գիտենք, որ հայերս հնագույն ժողովուրդ ենք: Մեր բազմաթիվ հարևանները չեն հասել մինչև XXI դար: Տիկին Տերյան, Ձեր կարծիքով ո՞րն է հայերի հարատևման գաղտնիքը:

– Հայերի հարատևման գաղտնիքի մասին տարբեր տեսակետներ կան: Ընդունված տեսակետ է, որ մեր կրոնի, մշակույթի, քաղաքակրթության շնորհիվ է: Այս ամենն ընդունում եմ, բայց իմ ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ մեր հարատևման գաղտնիքը նաև մեր տարածքի մեջ է: Պատմությունը ցույց է տալիս, որ փոքր տարածքով պետությունը չի կարող հարատևել. բավական է մի ճակատամարտ պարտության ելքով, որպեսզի այդ պետությունն այլևս դադարի իր գոյությունը: Իսկ երբ մեծ տարածքով պետությունն է ճակատամարտում պարտություն կրում կամ որևէ անհաջողություն ունենում, բնակչությունը կարողանում է կազմակերպված ձևով այդ երկրի մի տարածքից մյուսը տեղափոխվել և շարունակել զարգանալ` պահպանելով իր ինքնությունը, մշակույթը իր հայրենի երկրի սահմաններում:
Հնագույն ժամանակներում հայերով բնակեցված է եղել Միջերկրական, Սև և Կասպից ծովերի միջև ընկած հսկայական տարածքը: Մեր հարատևության գաղտնիքը մեր հսկայական տարածքների մեջ է եղել: Չեմ բացառում, իհարկե, մշակույթը, քաղաքակրթությունը, արհեստը, առևտուրը, բայց հիմնական գործոնը, կարծում եմ, տարածքն է եղել:

– Ձեր գիտական հոդվածներում նշում եք, որ հայը միայն իր հայրենիքի սահմաններում կարող է պահպանել իր ինքնությունը, մշակույթը: Մյուս կողմից էլ ներկայումս մեր պետության տարածքն այնքան մեծ չէ, որ տեղից տեղ տեղափոխվելու և ռեաբիլիտացվելու հնարավորություն տա: Ի՞նչ լուծում կա այս խնդրին:

– Կարող եմ գարդմանահայության օրինակը բերել: Արցախյան պատերազմի ժամանակ մոտավորապես կես մլն հայություն այստեղ եկավ, բայց նրանք չկարողացան ինտեգրվել, որովհետև կարծես տարածքը փոքր էր: Իհարկե, մեծ ցանկության դեպքում հնարավոր էր ամեն ինչ կազմակերպել, բայց պատերազմի խառը տարիներն էին, և ցիրուցան եղան: Իհարկե, իշխանությունների մեղքն է, որ չկարողացան ինտեգրվել, բայց տարածքն էլ իր նշանակությունն ունեցավ: Այսօր սիրիահայերի և ուկրաինահայերի օրինակով կարող ենք ասել, որ պիտի մտածենք հայությանը Հայաստան բերելու, այստեղ հաստատվելու, ինտեգրվելու համար պայմաններ ստեղծելու մասին: Այսպես նաև շարունակվելու է:

Մենք այնքան ենք սեղմվել, որ հիմա այլևս սեղմվելու տեղ չունենք, պիտի ընդարձակվենք, իսկ դրա համար հարկավոր է ուժ` ռազմական և տնտեսական հզորություն:
Պետք է աշխատենք եղած պայմաններով: Տարածքը մեծ չէ, բայց ընդարձակվելու համար կարելի է ինչ-որ բան կազմակերպել: Դա արդեն կախված է մեր իշխանավորներից: Տարածվելն այլընտրանք չունի: Օրինակ` մենք Սևրի պայմանագիր ունենք, որը պետք է վերակենդանացնել: Մենք ամեն ինչ կարող ենք անել, միայն շատ մեծ ցանկություն լինի: Դրա համար նախ պետք է այնպիսի սերունդ կրթել, որը կարողանա մտածել նախ և առաջ ժողովրդի, ոչ թե իր բարեկեցության մասին:

– Մի իրավիճակում ենք, երբ սեղմվելու տեղ այլևս չունենք, բայց մյուս կողմից էլ խոսվում է տարածքներ հանձնելու մասին: Որքանո՞վ են տեղին նման խոսակցությունները: Նման փոքր տարածք ունենալը նշանակում է, որ մենք վերացման վտանգի տա՞կ ենք:

– Ուրիշին տալու տարածք այլևս չունենք: Նորից եմ ասում, այնպիսի վիճակի ենք հասել, որ այլևս սեղմվելու տեղ չունենք: Իշխանավորից մինչև շարքային քաղաքացի, բոլորը պետք է հասկանան, որ միայն մի տարբերակ ունենք գոյատևելու, դա տարածքն է, առանց տարածքի իսկապես չենք կարող:
Գենետիկորեն է կարծես գալիս, որ հայն ընդարձակվելու, իր ամեն ինչը ցուցադրելու կարիք ունի, դրա համար են թողնում գնում այլ երկրներ: Պետք է հային հնարավորություն տալ, որ իր հայրենիքում ինքնադրսևորվի, այլապես աչքն ուղղում է դեպի այլ երկրներ, որտեղ կկարողանա ինքնադրսևորվել: Ուրեմն ինչքա~ն պետք է մեր իշխանավորները խելամիտ, ազգասեր և հայրենասեր լինեն, շատ լավ իմանան մեր ժողովրդի պատմությունը, անցյալը, որ կարողանան կառուցել մեր բոլորի ապագան:

– Ձեր հոդվածներում նշում եք, որ հնագույն ժամանակներում տարբեր պատճառներով հեռացել են Հայաստանից ու հայտնվել Եվրոպայում: Այդ ամենը հիմնավորող փաստեր կա՞ն:

– Իհարկե կան: Հիմա ես աշխատում եմ «Եվրոպական ժողովուրդների գրավոր աղբյուրներն իրենց նախահայրենիքի` հայերի և Հայաստանի մասին» աշխատության վրա: Այս գրքում ի մի պիտի բերվեն բոլոր փաստերը, որոնք հայտնի են: Չգիտեմ, թե ինչու է այդպես, բայց միշտ հոսք է եղել այստեղից, հատկապես վերջին երկու հազարամյակում:
Ամեն ինչ կարծես ստիպում էր, որ մեր ժողովուրդը չկարողանա ուժեղ պետություն ունենալ, իսկ այդ պարագայում քո ուժը, հատկապես ռազմականը, օտարներն են օգտագործում: Հայ զինվորականները մասնակցել են հռոմեական, բյուզանդական արշավանքներին: Հայերին դաժանությունները բնորոշ չեն, ուստի անարդարացի մղվող պատերազմները դրդել են հայերին լքել բանակը և հաստատվել այն վայրերում, որտեղ իրենք պատերազմ են մղել: Այսպես առաջացել են հայկական գաղութներ: Հետաքրքիրն այն է, որ հայկական ցեղերն անգամ հարյուրամյակներ անց պահպանել են հիշողությունը, թե որտեղից են եկել: Եվ սկսել են դա գրի առնել: Անգլիայի պատմության հնագույն փաստաթուղթը անգլո-սաքսոնական քրոնիկներ փաստաթուղթն է, որտեղ բացահայտորեն գրված է, որ Անգլիայի հնագույն բնակիչները` բրիտները, եկել են Արմենիայից` Հայաստանից:
Նույն գրավոր աղբյուրները գերմանացիների մոտ կան: IX-XI դարերի գերմանական բազմաթիվ աղբյուրներ` «Անոյի երգը», «Կայսեր քրոնիկ», վկայում են, որ գերմանական ժողովրդի կազմավորմանը մասնակցած մի շատ խոշոր ցեղախումբ` բավարական ցեղերը, հայկական ծագում ունեն: Դա իրենք են գրում, մենք չենք ասում: Բասկերի մասին բոլորը գիտեն: Էլի գրավոր փաստաթղթեր կան այդ մասին:
Մի խոսքով, շատ-շատ են տեղեկությունները, որ Եվրոպայի այսօրվա ժողովուրդների նախահայրերը գնացել են Հայաստանից:
Աշխարհի հնագույն քարտեզներում` սկսած մ.թ.ա. VI դարի Բաբելոնյան քարտեզից մինչև XIX դար, բոլորի վրա, անկախ նրանից` Հայաստանը պետականություն ունի, թե ոչ, Հայաստանը նշված է, իսկ այս ամենը վկայում է հայերի հնագույն ծագման և Հայաստան պետության գոյության մասին` սկսած հնագույն ժամանակներից:

– Այժմ բազմաթիվ բացահայտումներ են լինում, որոնք վկայում են, որ Հայաստանը եղել է այս կամ այն հայտնագործության, երևույթի բնօրրանը, բայց մարդկությունը կարծես չի ուզում լսել դրա մասին: Ի՞նչ կարող ենք անել, որ մեր ձայնը լսելի դարձնենք աշխարհին:

– Մինչև XIX դարը Հայաստանը Եվրոպայի ժողովուրդների հոգևոր ընկալումներում ինչ-որ հեռավոր հիշողություն էր, որ պատկերանում էր որպես հպարտ ու քաջարի ժողովրդի երկիր: Բայց XIX դարի երկրորդ կեսին աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է: Սկսվում է Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունն ազդեցության գոտիների համար: Գործում էին նաև աշխարհը կառավարել փորձող ուժերը, որոնք ձգտում էին կառավարելի դարձնել բոլորին: Իմ կարծիքով, հայերն այն ժողովուրդն են, որ չէին ենթարկվի աշխարհը կառավարել փորձողներին: Այս պայմաններում հայերի միավորման փորձերը նույնպես չէին ստացվում, Հայաստանը երեք պետությունների միջև էր բաժանված` Ռուսաստանի, Թուրքիայի, Պարսկաստանի:
Եվրոպացիներին ինչ-որ առումով հաճելի չէր նման խեղճուկրակ նախնի ունենալ: Նաև ազդեց քաղաքական իրավիճակը. ռուսական կողմնորոշման պատճառով հակահայկական տրամադրություններ առաջացան Եվրոպայում: XIX դարի կեսերից հայերին սկսեցին անտեսել: Ցավոք, այսօր էլ նույնը շարունակվում է:
Բայց այն ժամանակ մենք պետություն չունեինք, չէինք կարող ինքներս մեզ ներկայացնել, իսկ այսօր կարող ենք: Խորհրդային տարիներին համահարթեցման քաղաքականություն էր տարվում, ինչը թույլ չտվեց բարձրաձայնել: Բացի այդ, խորհրդային պատմագրության մեջ պատմաբաններ կային, որոնք ամեն ինչ անում էին, որ հայերն իրենց իրական պատմությունը չիմանան: Այսօր էլ ինչ-որ չափով շարունակվում է նույն բանը: Հիմա Խորհրդային Միությունը չկա, այդ պատմաբանները չկան, բայց նրանց աճեցրած կադրերը կան, որոնք շարունակում են նույն քաղաքականությունը:
Պետք է հասկանանք, որ ինքներս պետք է գրենք մեր պատմությունը, և այն նախ պետք է ներկայացնենք մեր ժողովրդին, այնուհետև` օտարներին:

– Ասացիք, որ մենք պետք է գրենք մեր պատմությունը: Դպրոցական դասագրքերն էլ մենք ենք գրում: Որքանո՞վ է մեր պատմությունը ճիշտ ներկայացվում մատաղ սերնդին:

– Ճիշտ եք ասում, մեր դասագրքերն էլ ցույց չեն տալիս պատմությունը: Դա ինչ-որ չափով շարունակությունն է խորհրդային տարիներից եկող պատմության, քանի որ այդ գրքերն էլ գրվել և խմբագրվել են այդ նույն մասնագետների կողմից: Մինչդեռ դպրոցը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր ժողովրդի կյանքում: Հենց դպրոցից է ձևավորվում ազգասիրությունը: Իսկապես, մեր դպրոցը մեծ անելիք ունի:

– Հաճախ մեղադրում ենք, որ օտարները` թուրքերը, ադրբեջանցիները, ավերում են մեր պատմական ժառանգությունը հայկական հետքը ջնջելու համար: Իսկ մենք որքանո՞վ ենք գնահատում և պահպանում մեր պատմական ժառանգությունը:

– 20 տարի առաջ սկսեցին Երևանն ավերել: Եթե այդ ժամանակ Նարեկ Սարգսյանը չլիներ Երևանի գլխավոր ճարտարապետը, հիմա կարող էինք բոլորովին այլ` ազգային ճարտարապետությամբ կառուցված մայրաքաղաք ունենալ, ոչ թե կանաչ-կապույտ ապակիներով բարձրահարկեր, որոնք տվյալ սեյսմիկ գոտում հակացուցված են: Համոզված եմ, որ եթե Թամանյանի նման մեկ այլ ճարտարապետ ունենայինք, կունենայինք մի հրաշալի կանաչապատ ազգային քաղաք:

– Տիկին Տերյան, անցյալի ու ներկայի պատմական դասերը հաշվի առնելով` ի՞նչ ապագա պիտի կառուցենք ու ինչպե՞ս պետք է դա անենք:

– Նախ, սերունդ պիտի ունենանք, ազգասեր, հայրենիքի համար պատրաստ ամեն ինչի, որը գիտի թե ինչ ունի և ինչի է ուզում հասնել: Եթե ամեն բնագավառում լինի համապատասխան լավ մասնագետը, ամեն մեկն իր տեղում լինի, մասնագետները ղեկավարեն մեր հանրապետությունը, մեր քաղաքը, ամեն ինչ շատ լավ կլինի:
Կարևոր է, որ ղեկավարները նաև անցյալն իմանան: Աշխարհի ոչ մի ժողովուրդ չունի այն պատմությունը, որ ունի հայ ժողովուրդը: Մեր պատմությունը մի հզոր զենք է, որը պետք է կարողանանք ճիշտ օգտագործել:
Մեր պատմությունը մեր շարժիչ ուժն է դեպի ապագա, իմանանք անցյալը, որ կարողանանք կերտել ապագան:

 

 

 

 

8 փաստ դեմենցիայի մասին

դիմենցիաՓաստ 1
Երկարակեցությունն ու դեմենցիան
Դեմենցիան (ձեռքբերովի տկարամտություն) ախտանշան է, որն ուղեկցում է նյարդային համակարգի մի շարք հիվանդությունների. Ալցհեյմերի հիվանդություն,Հանտինգտոնի հիվանդություն, Պարկինսոնի հիվանդություն ևն: Դրանք հաճախ ախտահարում են այն մարդկանց, որոնք երկար են ապրում: Օրինակ` յուրաքանչյուր երրորդ ծեր ամերիկացին մահանում է Ալցհեյմերի հիվանդությունից կամ էլ դեմենցիայի մեկ այլ տեսակից:
Հիվանդության խելացի կանխարգելման շնորհիվ հնարավոր է մեծերին պաշտպանել այդ ախտից: 2006-ի դրությամբ, աշխարհում հաշվվում էր ուղեղի աշխատանքի խանգարում ունեցող 24 մլն մարդ: Հետազոտության հեղինակները հաշվել են, որ 2040-ին այդ թիվը կհասնի 81 մլն-ի:
Նման տվյալները խնդիր են ոչ միայն բժշկության, այլև տնտեսության համար: 2005-2009-ի տվյալներով` դեմենցիայի ընդհանրական արժեքը կազմել է 422 մլն դոլար: Այդ գումարի մեջ է մտնում բուժախտորոշիչ միջոցառումների, դեղամիջոցների ու հիվանդների խնամքի արժեքը:
Փաստ 2
Վաղ դեմենցիան
Չնայած այն հանգամանքին, որ դեմենցիան հաճախ նույնացվում է տարեց մարդկանց հետ, տկարամտության ենթակա են նաև համեմատաբար ավելի երիտասարդ տարիքի մարդիկ, ասենք` մինչև 65 տարեկանները, երբեմն էլ` մինչև 40 տարեկանները:
Վիճակագրության համաձայն` Մեծ Բրիտանիայում 2003-ին 30-64 տարեկանների խմբում 100 հազարից 54-ը դեմենցիայով էր տառապում:
Վաղ դեմենցիան հիմնականում պայմանավորված է նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություններով: Հարաբերական երիտասարդ տարիքում դեմենցիայով հիվանդանալը կապում են գեների մուտացիայի հետ: Սակայն մտավոր ֆունկցիաների կորուստ կամ նվազում կարող է առաջանալ նաև գանգուղեղային վնասվածքների հետևանքով կամ էլ երկարատև ալկոհոլային թունավորման պատճառով:
Ցավոք, դժվար է ախտորոշել դեմենցիան վաղ շրջանում: Շատ ախտանշաններ, ինչպիսիք են մոռացկոտությունը, ցրվածությունը, կենտրոնանալու անկարողությունը, բացատրվում են հոգնածությամբ, սթրեսով, հետևաբար կոգնիտիվ (մտավոր) ֆունկցիաների վատացման դեպքում հարկ է դիմել մասնագետի:
Փաստ 3
Դեմենցիան ու ավելորդ քաշը
Դրանք սերտորեն կապված են: Դա հաստատ է: Սակայն, վերջերս պարզ դարձավ, որ ոչ միայն գիրությունը, այլև ավելորդ քաշը (երբ մարմնի զանգվածի ինդեքսը 25 և ավելի է) նույնպես ռիսկի գործոն է: Դա հաջողվել է պարզել շվեդ գիտնականներին, որոնք հետևում էին 65-ից բարձր տարիքի երկվորյակներին: Նման եզրահանգում են կատարել նաև ԱՄՆ-ի Կուպերի ինստիտուտի աշխատակիցները` վերլուծելով 19 հազար մարդու ֆիզիկական կեցվածքի տվյալներն ու հետևել նրանց 25 տարի: Պարզվել է, որ այն մարդիկ, որոնք նվազ ֆիզիկական պատրաստվածություն ունեին զննումների սկզում, տարիներ անց կանգնել են դեմենցիայի փաստի առջև:
Ի դեպ, դրա առնչությամբ արժե կրկին հիշել, որ ֆիզիկական մարզումները ոչ միայն նվազեցնում են դեմենցիայի առաջացման ռիսկը, այլև դանդաղեցնում հիվանդության զարգացման ընթացքը:
Ծխելը, հակառակը, բարձրացնում է դեմենցիայի ռիսկը (օրական 2 տուփը կրկնակի է մեծացնում ռիսկը), իսկ ալկոհոլային խմիչքների չարաշահումը կարող է նպաստել վաղ դեմենցիայի առաջացմանը:
Փաստ 4
Ճիշտ տրամադրությունը
Միայնակ տարեցները հաճախ են տառապում դեմենցիայից ու դրա դրսևորումներից: Իսկապես, միայնակության զգացում ապրող մարդկանց մոտ դեմենցիան մեկուկես անգամ ավելի արագ է զարգանում:
Հոգեկան դիսկոմֆորտը բոլոր տարիքներում է աղետ: Եթե երիտասարդի մոտ ախտորոշվել է ընկճախտ, ապա անոթային դեմենցիայով հիվանդանալու ռիսկը հասուն տարիքում եռապատկվում է: Նույնը վերաբերում է սթրեսային իրավիճակներին (ամուսնալուծություն, բաժանում ու խնդիրներ աշխատանքում): Համենայն դեպս` կանանց մոտ: Գիտնականների կարծիքով` կուտակված սթրեսն ազդում է առողջության վրա ապագայում. սիրտանոթային, նյարդային ու ներզատիչ համակարգերի խնդիրները հետագայում կարող են դեմենցիայի պատճառ դառնալ:
Փաստ 5
Մտավոր աշխատանքը
Մտավոր աշխատանքի դերը դեմենցիան կանխարգելելու իմաստով ուսումնասիրվում է վաղուց: 300 մարդկանց նկատմամբ իրականացված 20-ամյա ուսումնասիրւթյունը հնարավորություն է տվել պարզելու, որ ողջ կյանքում մտավոր ակտիվ գործունեությամբ զբաղվածների մոտ կոգնիտիվ ֆունկցիաների նվազումը 32%-ով դանդաղում է:
Նրանք, ովքեր քիչ են կարդում, քիչ են տեղեկություններ ստանում ու մշակում, դեմենցիան խիստ արագ է զարգանում: Ի դեպ, հաշվողական տեխնիկայով զբաղված տարեցները հազվադեպ են դեմենցիայով տառապում: Սա այն հազվագյուտ դեպքն է, որ համակարգիչների կիրառումն առողջականի վրա բարերար է ազդում: Համակարգիչներն օգնում են նոր գիտելիքներ ձեռք բերելուն, ուսումնասիրություներին, աշխարհի հետ փոխազդեցությանը:
Հայտնի է, որ մտավոր աշխատանքը ոչ միայն դանդաղեցնում է դեմենցիայի զարգացումը , այլև բարելավում այդ խնդրի առջև կանգնածների վիճակը:
Փաստ 6
Էստրոգեն հորմոնն ու անեմիան
Տրամադրության անկումը, ավելորդ քաշն ու անբավարար մտավոր գործունեությունը նպաստում են դեմենցիայի առաջացմանը: Այդ գործոններից բացի, դեր ունի նաև կնոջ արյան մեջ հետկլիմաքսային շրջանում էստրոգենների շատ բարձր կամ չափազանց ցածր մակարդակը, ինչը նույնպես հղի է մտավոր խանգարումների ռիսկով: Դիաբետի ու էստրոգենների բարձր մակարդակի համադրությունը ևս սրում է դրությունը: Պատճառը դեռևս պարզված չէ: Հնարավոր է, որ դա պայմանավորված է էստրոգեն հորմոնի` անոթների վրա ունեցած ազդեցությամբ:
Անեմիան և դեմենցիան նույնպես փոխկապված են: Արյան մեջ հեմոգլոբինի անբավարարությունը տարեց հասակում մտավոր խանգարումների առաջացման կրկնակի ռիսկ է: Գուցե դա պայմանավորված է այն փաստով, որ անեմիայի դեպքում հյուսվածքները նվազ թթվածին են ստանում, ինչը բացասաբար է ազդում ուղեղի վրա:
Փաստ 8
Երաժշտությունը և հիշողությունը
Դեմենցիայի տեսակներ կան, որոնք անբուժելի են, սակայն որոշ միջոցառումներով կարելի է դանդաղեցնել հիվանդության զարգացումը: Բացի դեղորայքից, որոնք ազդում են ուղեղի վրա ու կարգավորում կենսաքիմիական պրոցեսները, գիտնականներն ու բժիշկները դիտարկում են նաև հիվանդներին օգնելու այլընտրանքային տարբերակներ:
Դրանցից մեկն էլ ռեմինիստենտային թերապիան է: Կարծիք կա, որ թերապիան, որի ընթացքում հիվանդները պատմում են անցյալի մասին, հիշողության մեջ վերականգնում այդ իրադարձությունները, վերագնահատում դրանք, օգնում է մտավոր գործունեությանը, բարձրացնում տրամադրությունն ու ազդում վարքի վրա:
Արոմաթերապիան (մասնավորապես մելիսայի (թրնջխոտ) յուղի կիրառումը) նույնպես հարմար է մարդկանց հոգեբանական վիճակը բարելավելու համար, գերգրգռվածությունն է թուլացնում, չնայած 100 %-անոց ապացույցներ չկան: Աշխատանքային ու երաժշտական թերապիան նույնպես ոչ երկարատև, սակայն կարող են բարելավել դեմենցիայով տառապող մարդկանց վիճակն ու ազդել վարքի վրա:

Դեմենցիայի թեստ
Դեմենցիան ժողովուրդն անվանում է ծերունական մարազմ: Այն կանանց մոտ 2-3 անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ:
65-76 տարքիում է, որ մեծամասնության մոտ զարգանում է այդ հիվանդությունը:
Որքան շուտ հայտնաբերվեն դեմենցիայի ախտանշանները, այնքան շուտ կարելի է կանխող միջոցառումների դիմել: Գիտնականները դեմենցիան հայտնաբերելու արդյունավետ միջոցներ մշակելու վրա են աշխատում:
Դեմենցիայի առաջին ախտանշանները հայտնաբերող թեստ է անվանի մարդկանց լուսանկարով ճանաչելու ու նրանց զբաղմունքը նշելու տարբերակը: Արդյունքները վերլուծելով` հնարավոր է եղել դեմենցիան հայտնաբերել վաղ փուլում: Քանի որ նույնիսկ ոչ ցայտուն ախտանշաններ ունեցողները թեստը չեն կարողացել հաջողությամբ անցնել: Թեստը հարմար է 40-65 տարեկանների շրջանում վաղ դեմենցիան հայտնաբերելու համար:
Նույնիսկ սիրտանոթային հիվանդությունների հայտնաբերումը, արյան ճնշումն ու խոլեստերինի մակարդակը կարող են հուշել ավելի հասուն տարիքում դեմենցիայի զարգացման վտանգի մասին:

Առաջիկա օրերին՝անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում՝

հունիսի 15-16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 17-19-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 15-16-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

 

Երևանում՝
Հունիսի 15-16-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականւթյունը փոքր է:
Հունիսի 17-19-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
 

Հոլիվուդում Թուրքիայի պատվերով Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ կնկարահանվի

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ     Թուրքիան Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պատրաստվում է գեղարվեստական ֆիլմ նկարահանել: «Իմ հոգու դատարկությունը» ֆիլմի գործողությունները տեղի են ունենալու Վանում: Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում սկսված մի սիրո պատմություն ներկայացնող ֆիլմում կխաղա հոլիվուդյան աստղ Քեյթ Ուինսլեթը: Վերջինս մարմնավորելու է հայ բժշկուհու կերպարը: Ուինսլեթի խաղընկերոջ դերի համար ամենահավանական թեկնածուն մեկ այլ աստղ Մարկ Ուոլբերգն է: Ֆիլմի հիմնական նպատակն է առաջ տանել  ընդհանուր ցավի գաղափարը: Ներկայացվելու է, թե պատերազմը ինչպես խաթարեց միասին ապրող հայ, թուրք և քուրդ ժողովուրդների խաղաղությունն ու բարեկամությունը:

Ֆիլմի արտադրությամբ կզբաղվի հոլիվուդյան ընկերություններից մեկը: Նկարահանումների մի մասը տեղի կունենա Ախթամար կղզում, Արարատի մոտ և Էրզրումում: Նախատեսվում է, որ ֆիլմը մեծ էկրաններին կհայտնվի արդեն 2015 թվականին:

 Անկախ

Ռուսական տանկերը մտել են Ուկրաինայի տարածք

ukraine-after electionՈւկրաիանյի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ հինգշաբթի օրը երեք ռուսական տանկեր և այլ ռազմական մեքենաներ հատել են Ուկրաինայի սահմանը, որից հետո Ուկրաինայի և Ռուսաստանի ուժերի միջև հրաձգություն է սկսվել:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը:

Ավակովի տեղեկություններով՝ տանկեը անցել են Լուգանսկի շրջանի ռուսամետ անջատողականների հսկողության տակ գտնվող անցակետով: ռազմական մեքենաների շարասյան մեջ կային զրահամեքենաներ և հրետանի:

Ուկրաինայի տարածք մտնելուց հետո երկու տանկեր առանձնացել և շարժվել էին Գորլովկայի ուղղությամբ, որից հետո նրանց վրա հարձակվել էին Ուկրաինայի ռազմական ուժերը:

Շարասյան մի մասը ոչնչացվել է:

Հինգշաբթի օրը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել:

Առաջնորդները քննարկել են Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորելու վերաբերյալ Պորոշենկոյի նախագիծը:

 Անկախ

23 օր առաջ նշանակված աշխատակազմի ղեկավարն ազատվել է աշխատանքից.Փաստինֆո

անանյանՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Անանյանը, հաղորդում է Փաստինֆոն։
Համապատասխան որոշումը վարչապետն ստորագրել է այսօր։ Հիշեցնենք, որ Ա.Անանյանն այդ պաշտոնում չհասցրեց պաշտոնավարել անգամ մեկ ամիս. նա աշխատակազմի ղեկավար էր նշանակվել մայիսի 21-ին։
Ըստ որոշման՝ Անանյանն ինքն է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել։ Նշենք, որ նշանակումից հետո նա հասցրել էր հայտնվել սկանդալային իրավիճակում։
Մասնավորապես՝ նրա անունը շրջանառվում էր հունիսի 4-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի գործով: 59-ամյա Արամ Անանյանի «Volkswagen Touareg» մակնիշի 99 ՍՍ 500 համարանիշի ավտոմեքենան հունիսի 4-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է իր առջևով ընթացող, Աբովյանի բնակիչ, 24-ամյա Սևակ Սուքիասյանի վարած «ՎԱԶ 21083» մակնիշի 31 ՕՕ 011 համարանիշի ավտոմեքենային:
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ղեկին գտնվել է Անանյանի ընկերը, ով խնդրել էր Անանյանին մեքենան տրամադրել՝ հարսանիքի գնալու համար։
Մինչդեռ, Shamshyan-ի տեղեկություններով, դեպքից հետո վթարի վայր էր ժամանել մի երիտասարդ, որը ՃՈ աշխատակիցներին ասել էր, թե վարորդն իր հայրն է եղել ու աշխատում է պետական գերատեսչությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար:

Բարոյական չափանիշների քայքայումը և մարդկային ճակատագրերի դրաման` «Ոսկե Ծիրան­2014»­ի էկրաններին

ոսկե ծիրան«Ոսկե Ծիրան» 11­րդ միջազգային կինոփառատոնի ֆիլմերի ծրագիրն ավանդաբար պահպանում է չորս մրցույթները: Մասնավորապես` մրցույթում ընդգրկված ֆիլմերը կներկայացվեն համապատասխանաբար խաղարկային, վավերագրական, Հայկական համայնապատկեր և «Կորիզ » (կարաճամետրաժ ֆիլմերի) անվանակարգերում:

 

Այս տարի շուրջ 95 երկրից ներկայացված ավելի քան 1500 հայտերից մրցութային ծրագրում մասնակցության համար ընտրվել է ընդհանուր թվով 70 ֆիլմ, այդ թվում` 10 միջազգային խաղարկային, 12­ը` միջազգային վավերագրական, 18­ը Հայկական համայնապատկեր  և մոտ 30­ը` «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում:

Երևանյան կինոափառատոնի ծրագրի մասին այսօր լրագորղների հետ զրուցեցին ` «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, փառատոնի  փոխտնօրեն Արա Խանջյանը և Հայկական համայնապատկեր ծրագրի համադրող Րաֆֆի Մովսիսյանը:

 

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկված է 12 ֆիլմ. եղել է նախադեպ, երբ 13 է եղել, սակայն փառատոնի կազմակերպիչները փորձում են այնպես անել, որ ժյուրիի անդամները ժամանակ ունենան քննարկելու 2 ֆիլմ ամեն օր:  Խաղարկային մրցույթի ժյուրին գլխավորում է իտալացի կինոքննադատ, պրոդյուսեր Մարկո Մյուլերը:

Ֆիլմերի հեղինակների շարքում կան և՛ անվանի, և՛ սկսնակ ռեժիսորներ: Ստամբոլցյանը առանձնացրեց Ռիչարդ  Լինքլեյթերի «Պատանեկություն» ֆիլմը, որը ներկայացվել է «Օսկարի» և Բեռլինի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր է: Ռեժիսորը այդ ֆիլմի վրա աշխատել է 20 տարի: Միաժամանակ կան նաև երիտասարդ ռեժիսորների գործեր. Օրինակ, Միրոոսլավ Սլաբոշպիցկին , որը Կաննի քննադատների մրցույթում ստացավ գլխավոր մրցանակը: Նրա ֆիլմը կոչվում է «Ցեղը»: Ֆիլմը խուլուհամրերի մասին է և նկարահանվել է առանց խոսքի

«Խաղարկային ֆիլմերի անվանակարգը բավականին հետաքրքիր ծրագիր ունի այս տարի: Անցյալ տարի իշխում էին ծնողների և երեխաների հարաբերությունների մասին ֆիլմերը: Բոլորը նշում էին, որ ծրագիրը շատ դեպրեսիվ է: Այս տարի հավանաբար այդպես չի լինի: Կարելի է ասել, որ բոլորի գործերում բարոյական ճգնաժամը ընդհանուր  թեմա է: Կան անհանգստություններ բարոյական չափանիշների մասին: Աշխարհի տարբեր ծայրերից են բերվել ֆիլմերը, սակայն բոլորի մոտ այդ մտահոգությունը կա»,­ նշեց  Միքայել Ստամբոլցյանը:

 

«Ոսկե ծիրան» փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը անդրադարձավ վավերագրական մրցույթում ներկայացված ֆիլմերին: Ժյուրիի նախագահը Երվանդ Ջանիկյանն է: «Հիմնականում լիամետրաժ ֆիլմեր են ներկայացված, դրանց բոլորի բովանդակությունը տարբեր է և յուրօրինակ: Այդ գործերը մարդկային ճակատագրերի մասին են, որոնք իրենց միջավայրում չեն և փորձում են իրենց տեղը գտնել այդ իրավիճակում», ­ ասաց  պարոն Խանջյանը:

Րաֆֆի Մովսիսյանն անդրադարձավ «Հայկական համայնապատկերին»: Այս տարի 120 -ից ավելի ֆիլմերից ընտրվել է 18-ը: Նրա խոսքով` այս տարվա հայկական կինոարտադրանքն ավելի լավն է, քան «դրսինը»: Ֆիլմերի հիմնական մասը պրեմիերաներ:

«Ոսկե Ծիրան» 11­րդ միջազգային կինոփառատոնի բացումը տեղի կունենա հուլիսի 13­ին` Սերգեյ Փարաջանովի վերականգնված «Նռան գույնով»
Անկախ

Ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց «կրակել» Նախիջևանից

երասխ (2)Անցյալ շաբաթվա վերջը հայկական զինված ուժերի համար ցավալի ավարտ ունեցավ: Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի` Երասխ համայնքի տարածքում գտնվող դիրքերում հակառակորդի դիպուկահարների կրակից զոհվեց հայկական զինված ուժերի երկու զինծառայող` 26-ամյա սերժանտ Անդրանիկ Եղոյանն ու շարքային Բորիս Գասպարյանը: Այս օրերին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծից եկած վերջին տագնապալի տեղեկատվությունը չէր սա, հակառակորդի կողմից ակտիվություն է նկատվում, ու արդեն քանիերորդ անգամ հայկական կողմը զոհեր է ունենում : Ընթացիկ իրավիճակը սահմանային գոտում կարելի է գնահատել կայուն լարված:

Նախիջևանն ավելի շատ թուրքական ֆորպոստ է

Ուշագրավ է այն հանգամանքը, որ մինչ Երասխի մերձակայքի դիրքերի միջադեպը, սահմանային միջադեպեր հիմնականում լինում էին Արցախի հատվածում և Հայաստանի համար, այսպես ասած, «ավանդական» շրջանում` Տավուշում: Այս անգամ միջադեպն աննախադեպ էր.հակառակորդը կրակ բացեց Նախիջևանի ուղղությունից, որտեղ իրավիճակը միշտ համեմատաբար ավելի կայուն է եղել, իսկ Երասխի ուղղությամբ վերջին գրեթե 20 տարիներին վիճակը հատուկենտ «անվնաս» կրակոցներից ավելի չէր սրվել, առավել ևս` զոհեր չէին եղել:

Եվ ուշադրության արժանի է այս հանգամանքը. 20 տավա ընթացքում լուրջ միջադեպեր չեն եղելՀայաստանի Հանրապետության մայրաքաղաքից ընդամենը 60-65 կմ հեռավորության վրա: Սա արդեն մտորելու տեղիք է տալիս: 2013 թ. դեկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեց հրաման, որով Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվեց «Առանձին համազորային բանակ» զորամիավորումը: Ռազմական փորձագետների կարծիքով` Ադրբեջանի 5-րդ բանակային կորպուսը միշտ եղել է Թուրքիայի զինված ուժերի առանձնահատուկ ուշադրության ներքո և, փաստորեն, այն միշտ ընկալվել է որպես որոշ չափով թուրքական բանակի արշավային կորպուս:

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը լրատվամիջոցներից մեկին այս առիթով ասել է. «Նախկինում Նախիջևանի կողմում եղել են կրակոցներ, բայց դրանք շատ քիչ են եղել` համեմատած ղարաբաղյան ճակատի հետ: Եթե արդեն երկու զոհ ունենք, նշանակում է` սա արդեն վտանգավոր է, քանի որ Նախիջևանն ամբողջական Թուրքիա է, ոչ թե Ադրբեջան»:

Ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն էլ իր հերթին է լրատվամիջոցներին ասել, թե Երևանին այդքան մոտ սահմանագծից հնչող կրակոցների փաստը վկայում է Ադրբեջանին Թուրքիայի անթաքույց աջակցության մասին:

Եվ իրոք, ինչպես դեպքի հաջորդ օրը պատմել են միջադեպի ականատեսները, հայ զինծառայողները խոցվել են ոչ թե պատահական, այլ դիպուկահար կրակից, այն էլ` հզոր զենքերից, քանի որ Անդրանիկ Եղոյանը խոցվել է զուգարանում, իսկ Բորիս Գասպարյանը` խրամատի հրակնատի անցքից, ընդ որում հակառակորդի գնդակից զինվորին չի պաշտպանել անգամ պողպատե սաղավարտը: Այսինքն` կրակողները եղել են բարձր կարգի պրոֆեսիոնալներ: Բացի այդ, թե՛ երասխցիները և թե՛ հայ դիրքապահները նկատել են, որ կրակոցների ժամանակ հայկական դիրքերից մոտ 300-350 մ հեռավորության վրա կայանված է սև ամենագնաց, դեպի որն էլ կրակոցներից հետո տարբեր դիրքերից շտապել են 6-7 դիպուկահարները: (Համազորային դիպուկահարները 6-7 հոգանոց խմբերով չեն «աշխատում», բացի այդ, հասարակ զինծառայողներին սև ամենագնացներով չեն տեղափոխում:) Ականատեսները պնդում են նաև, որ այդ դիպուկահարները եղել են մինչև դեպքի օրն ու դրանից հետո այդ դիրքերում երբևէ չտեսնված համազգեստներով:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը չի բացառում, որ դիպուկահարները կարող են թուրքական կողմի ներկայացուցիչներ լինել: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ միջադեպի հաջորդ օրն ասել է, որ համազորային բանակի ձևավորման ընթացքում հայկական կողմը միշտ տեղեկություն ունեցել է Թուրքիայի կողմից աջակցության, այդ տարածքում վարձկանների առկայության, փոքր ստորաբաժանումների առկայության մասին:
Նախիջևանը հատուկ կարգավիճակ ունի Ադրբեջանի կազմում, այն և՛ Թուրքիայի անմիջական ուշադրության կենտրոնում է ու անմիջական սահմանակիցը, և՛ Ադրբեջանի, որովհետև հակառակորդները հասկանում են, որ Հայաստանի համար ամենավտանգավոր զարգացումները կարող են լինել Նախիջևանի կողմից: Ուստի մայիսի 5-ի միջադեպը միտում ունի փոխելու շփման գծի ստատուս քվոն:

Ադրբեջանի` Նախիջևանի կողմից կրակելու մոտիվացիան

երասխ (1)Նայենք, թե ինչ ընդհանուր համապատկերում տեղի ունեցան այս կրակոցներն ու փորձենք հասկանալ, թե ինչ նպատակ կարող էին դրանք հետապնդել:
Միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, որում մի քանի հետաքրքիր դրույթներ կային:
«Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը: Սրանով Ադրբեջանի իշխանությունները ցուցադրում են իրենց արհամարհանքը և՛ ԵԱՀԿ ՄԽ գործունեության, և՛ միջնորդ պետությունների ղեկավարների գործադրած ջանքերի, և՛ միջազգային հանրության նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքից անմիջապես հետո` հունիս 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պն հրավիրեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորեց դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ:
Դեսպան Կասպրշիկը մտահոգություն հայտնեց և խոստացավ քայլեր ձեռնարկել: Այսինքն` հերթական հերթապահ արտահայտությունը, որը դժվար թե շփման գծում իրավճակ փոխի, որովհետև մեր հակառակորդը թքած ունի ԼՂ հակամարտության միջնորդների հորդորների վրա, թե հարաբերությունների լուծման միակ ուղին վստահության վերականգնումն է, թե պետք է զերծ մնալ կրակոցներից ու դիվերսիոն-հետախուզական գործողություններից, շփման գծից հետ քաշել դիպուկահարներին, միջադեպերի կապակցությամբ միջազգային հետաքննություն անցկացնել և այլն:

Իսկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Սարգսյան-Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու և բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար: Փոխարտգործնախարարի համոզմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների յուրաքանչյուր ակտիվացմանը` ուղղված է բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը, Ադրբեջանն արձագանքում է սադրանքներով:

«Ե՛վ ԵԱՀԿ գործող նախագահը գալով տարածաշրջան, և՛ համանախագահները, և՛ Ֆրանսիայի նախագահն արդեն ուղղակի առաջարկել են հանդիպում նախագահների մակարդակով: Դա նշանակում է, որ միջնորդները հակված են, որ վերջ դնեն տեղում դոփելուն: Իսկ դրան վերջ դնելու հիմքը մադրիդյան փաստաթղթերի գաղտնազերծված մասն է: Ադրբեջանի գործողությունները, հայտարարությունները հակասում են այդ ամենին: Կարծում եմ` դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ անում են, որ այս փուլում չլինի այդպիսի քայլ առաջ բանակցային գործընթացում»,- ասել է Շավարշ Քոչարյանը:
Բացի այդ, Հայաստանը պատրաստվում է մինչև հաջորդ ամսվա սկիզբն անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ինչը բացահայտ Ադրբեջանի սրտով չէ: Ուստի, հակառակորդն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ անդամակցությանը խանգարի: Հակառակորդի կողմից մեր պաշտպանական դիրքերի ուժեղ և թույլ կողմերը գտնելու փորձերը, ինչպես օրերս Հ1-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, պլանային նպատակներ ունեն: Հակառակորդն անկասկած փորձում է իրավիճակը սրել, որովհետև նաև նպատակ ունի միակողմանի հաջողությունների հասնել բանակցությունների ընթացքում:

Բացի այս ամենը, կրակոցները պայմանավորված էին մի հանգամանքով ևս` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին խոշոր խմբաքանակի զենք-զինամթերք- զինատեսակների մատակարարումով: Անկասկած, հակառակորդի կողմից սպառազինության ձեռքբերումը, ընդ որում` ոչ միայն հարձակողական բնույթի, մեզ համար մտահոգիչ է: Ու ցանկացած պարագայում Հայաստանը փորձելու է այնպես անել, որ հակառակորդը սպառազինություններով չգերազանցի մեզ ու երբեք ի վիճակի չլինի հարցերը լուծելու զինատեսակների գերակշռությամբ: Ինչպես այս կապակցությամբ մատնանշեց հենց Սեյրան Օհանյանը. «Հակառակորդը փորձում է մեզ սպառազինությունների մրցավազքի մեջ ներքաշել, ու մենք շատ դեպքերում մեր երկրի սոցիալական, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցները սիպված ենք լինում ուղղել պաշտպանական ռեսուրսների ձևավորմանը: Իսկ հակառակորդն իր բախտը, ինչպես գիտենք, միշտ որոնում է հակամարտության ճանապարհով խնդրի լուծման ուղղությամբ: Միևնույն ժամանակ էլ ասեմ, որ նրանց մոտ գտնվող սպառազինության ամբողջ քանակն ու որակը մեր վերահսկողության տակ է, մենք ամբողջությամբ սպառազինությունների մրցավազքի մեջ չենք մտնում, քանի որ գտնում ենք, որ սպառազինությունը չէ մարտական գործողությունների ընթացքում հաջողություն երաշխավորում, այլ մարդը` իր պատրաստվածությամբ, և այն բոլոր հնարամտությունները, որոնք կարող են օգտագործվել անհամաչափ գործողությունների, փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու համար, ճիշտ այնպես, ինչպես եղել է արցախյան գոյապայքարի ժամանակ»,- նշեց Սեյրան Օհանյանը` Նվեր Մնացականյանի հետ հարցազրույցի ժամանակ:

Ցավոք սրտի, և սա ընդգծեց նաև ՀՀ պաշտպանության նախարարը, մինչև ԼՂ հակամարտության քաղաքական խնդրի լուծումը նման միջադեպերը մեր կյանքի ուղեկիցն են լինելու,և մենք ստիպված ենք լինելու զսպել հակառակորդի «եռանդը» պատժիչ գործողություններով: