Երևանում սահմանային անցուդարձը հեռավոր երազ է թվում. սահմանապահ զինվորի մեկ օրը

Առավոտյան ժամը 6-ին` նույն ժամին, երբ զինվորների վերկացն է, լրագրողներով լեցուն մեքենաները շարժվում են դեպի Տավուշի մարզ` մեկ օր մասնակից լինելու հայրենիքի պաշտպանի ծառայությանը: Նշանակետ զորամասը պատահական չի ընտրված. բանակային վերջին` մահվան ելքով միջադեպը այստեղ է գրանցվել: Բացի այդ, այն նաև Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների խաչմերուկում է գտնվում:

ժամապահՇուտով ասֆալտապատ հարթ ճանապարհն ավարտվում է ու մեքենան սկսում է խորդուբորդ, հակառակորդի աչքից թաքցրած  գետնափոր ճանապարհով ընթանալ:

Չորս ժամ տևած ուղևորությունից հետո մեքենաները կանգ են առնում զորամասում. Խնամված, մաքուր բակ, չորս կողմը ծաղկած վարդեր ու իրենց ծառայությունն անցկացնող երիտասարդներ:

Ճիշտը բանակ գնալն է

Ներս ենք մտնում այն պահին, երբ զինվորզորամասի դրոշի մոտ ժամապահի հերթափոխ է կատարվում: Զորամասը նույնպես մաքուր է, կահավորանքը` նոր. զգացվում է` ամեն ինչ արված է, որ զինվորի համար հարմարավետ լինի:

Դասասենյակում մի խումբ զինծառայողներ ուսումնասիրում են միջազգային մարդասիրական իրավունքը: Բոլորի առջև դասախոսությունների տետր է դրված:

Միջազգային մարդասիրական իրավունք ուսումնասիրող զինվորներից մեկն էլ Կարո Գալստյանն է: Նա արդեն մի տարվա ծառայության փորձ ունի: ԵՊՀ  աշխարհագրության  և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է: Ասում է, որ երբ զորացրվի, կշարունակի իր ուսումը:

Այն հարցին, թե ինչպես է անցնում ծառայությունը, պատասխանում է` ամբողջ օրը դասերով: Հավատացնում է, որ  ազատ ժամանակ շատ չեն ունենում, հազիվ հասցնում են իրենց կարգի բերել ու մի քիչ էլ հանգստանալ: «Ճիշտը բանակ գալն է»,- ասում է նա` հավելելով, որ իր կրտսեր եղբայրն էլ երկու տարուց բանակ կզորակոչվի:

Հետախույզ. «Ադրբեջանցիներն իրար հետ լեզու չեն գտնում, ուր մնաց մեզ հետ»

հետախույզՀաջորդը  շարահրապարակն է:  Այստեղ հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորները պարապմունք են անցկացնում: Դիմակավորված զինվորներից մեկն  Արտավազդ Սիմոնյանն է: Էջմիածինցի երիտասարդի ծառայությանը վեց ամիս է մնացել:  Նա ընտանիքի կրտսերն է, իրենից մեծ երեք քույր ունի: Արտավազդը ոսկերիչ է, մինչ բանակ գալը հասցրել է իր մասնագիտությունը լրիվ յուրացնել, անգամ իր պատրաստած զարդերից նվիրել ուսուցիչներին: Ժամանակին նաև բռնցքամարտով է զբաղվել: Հենց ֆիզիկական հատուկ տվյալների շնորհիվ էլ ընդգրկվել է հետախույզների վաշտում: Վաշտը նկարագրելիս ասում է, որ բոլորը համախմբված են, իսկական ընտանիքի պես:

Արտավազդը պատմում է, որ մարտական դիրքեր բարձրացել է մեկ տարի առաջ, երբ հակառակորդը սահմանը խախտելու փորձ էր արել: Սակայն իր հերթապահությունները միշտ խաղաղ են անցել, առանց կրակոցների: Այն հարցին, թե ինչ գիտի ադրբեջանցիների մասին, ժպիտով պատասխանում է, որ շատ բան գիտի, բայց գաղտնիք է. «Միակ բանը, որ կարող եմ ասել,  նրանք իրար հետ չեն կարող լեզու գտնել, ուր մնաց մեզ հետ»:

Պատմում է, որ բանակն ունի թե դրական, թե բացասական կողմեր: Լավն այն է, որ այստեղ մտածելակերպն է փոխվում դրական առումով, վատն այն է, որ ընտանիքից հեռու է. «Երբեմն հուսահատվում ես  դրսի հետ կապված մտքերից, կարոտում ես, ընտանիքիդ հետ չես կարող լինել, օգնելու բան է լինում` չես կարողանում անել»:

Այդուհանդերձ Արտավազդը վստահեցնում է` ուրախ է, որ եկել է ծառայության. «Ծառայությունը տղայի համար է: Այնպես որ բոլորին խորհուրդ կտամ իրենց պարտքը կատարել և ծառայել»:

Սպանության մանրամասները` ըստ հրամանատարի

ծխարանՀրետանավորների պարապմունքներին ու մեքենավարների աշխատանքին հետևելուց հետո շտապում ենք դեպքի վայր` ծխարան, որտեղ և կատարվել է ողբերգական պատահարը:

Գնդի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը ներկայացնում է կատարվածն առանց մանրամասների` պայմանավորված նախաքննության գաղտնիությամբ:

Նրա խոսքով`մի քանի զինվորներ ծխարանում նստած կարդալիս են եղել պահակային ծառայության կանոնագիրքը: Մուտքի դռան մոտից ժամապահը` Դավիթ Խաչատրյանը,  ժամ է հարցրել, սակայն ժամացույց չեն ունեցել, որ պատասխանեն: Դրանից էլ սկվել է կրակողի և սպանվածի միջև խոսակցությունը:

«Ծխարանում  չորս  մարդ է նստած եղել` վիրավորը, մահացողը և երկու հանգտստացող զինվոր: Նախնական տվյալներով` մեկ գնդակ է արձակվել մոտավորապես 25-30 մետր հեռավորությունից, առաջինը դիպել է վիրավորին, հետո դիպել է պատին ու մահացու խոցել Լյուքս  Ստեփանյանին:  Կրակել է ոչ թե կրծքին դրված դիրքից, այլ երբ իջեցրել է, գոտկատեղի մոտից»,- ասում է Ասատրյանը` հավելելով, որ երեքն էլ  լավ ծառայողներ են եղել, միմյանց հետ երբևէ կոնֆլիկտ չեն ունեցել:

Դեպքի պահին պահակապետը շրջելիս է եղել`պահակակետերը ստուգելիս:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասում է, որ զորամասը  ԶՈւ լավագույններից է, պարզապես պետք է լուրջ ուշադրություն դարձնել  միջանձնային հարաբերություններին, հայրենիքի պաշտպանի ձևավորման գործընթացում  ամեն օղակ իր մասնակցությունը պետք է ունենա:

«Այնտեղ, որտեղ շատ տղամարդիկ կան, վեճերը և կոնֆլիկտներն անխուսափելի են, պարզապես պետք է այնպիսի հատկանիշներ ձևավորենք, որ կարողանան ելքը խոսքով գտնել:  Մենք բոլորս էլ այդ ճանապարհով անցել ենք, բայց երբ բավականին պատկառելի հասակում ես գտնվում, նոր ես հասկանում, որ վեճերը պետք է լուծել փոխադարձ հասկացողության և հանդուրժողականության մթնոլորտում»,- ասում է Օհանյանը:

 «Փամփուշտը, որ քոնն է, չի վզզում, այն անձայն իր անբավարար գնահատականն է նշանակում քո պատրաստությանը»

զինվորներՀաջորդը զորավարժությունն է բաց դաշտում: Սցենարը հետևյալն է. հրետանային կրակային նախապատրաստությունից հետո հակառակորդը տանկով անցնում է հարձակման: Ճանապարհի կենտրոնում դիրքավորված զինվորը կրակի դեմ հիմնական պայքարողն է, որ նռնակի միջոցով կարողանում է շարքից հանել հակառակորդի զրահատեխնիկան, ապա ոչնչացնել հետևից հարձակվող հակառակորդին:

Օհանյանն ասում է, որ գործնական պարապմունքները հոգեբանական պատրաստվածության ուղղվածություն ունեն: Զորային հրաձգարաններում,  շուտով նաև  զորամիավորումներում մեծ  շինություններ են լինելու, որտեղ հոգեբանական գործնական պատրաստության պարապմունքներ են անցկացվելու:

«Երբ հակառակորդը կրակում է, ու գնդակը գլխավերևում վզզում է, գլուխներս միշտ ցածրացնում ենք, որովհետև հոգեբանորեն պատրաստ չենք: Իսկ պատերազմի ժամանակ զինվորներն ուշադրություն չեն դարձնում դրան, քանի որ պատերազմական գործողությունները հոգեբանորեն վարժեցնում են  ցանկացած իրավիճակում  պատրաստ լինել  առաջացած խնդիրներն իրականացնելուն: Պատերազմի ժամանակ, երբ զինվորի գլխավերևով է գնդակը վզզում,  ոչ մի զինվոր գլուխը չի իջեցնում, քանի որ գիտի` փամփուշտը, որ քոնն է, չի վզզում, այն անձայն իր անբավարար գնահատականն է նշանակում քո պատրաստությանը»:

Այցելում ենք նաև մարտական դիրքեր. թշնամին մոտ 300 մետր հեռավորության վրա է:

Անցած տարի ադրբեջանցիներն այստեղ դիվերսիոն  գործողություն են  իրականացրել` փորձելով խախտել սահմանը: Բայց ապարդյուն: Հայ զինվորները հակառակորդին հետ են մղել, ապա նաև պատասխան գործողություն հասցրել: Անցած տարվա փորձը հաշվի առնելով` դիրքը կահավորվել է դիվերսիոն հետախուզական միջոցների դեմ պայքարի միջոցներով,  խուսանավման ,  հակառակորդին  խաբելու և պաշտպանվելու պայմաններ են ստեղծվել:

Նշենք, որ ամեն օր հայկական զինված ուժերի մեկ երրորդը զենքի հետ գործ ունի. կեսը մարտական հերթապահություն է իրականացնում, մյուս կեսը` պարապմունքներ` պատրաստվելով հերթապահությանը:

Վերադառնում ենք Երևան, ուր սահմանային անցուդարձը հեռավոր երազ է թվում. այստեղ, շնորհիվ սահմանին կանգնած հայ զինվորի, վայելում ենք թվացյալ խաղաղությունը, երբեմն էլ անգամ մոռանում գնահատել մեր խաղաղ կյանքի երաշխավորի վաստակը:


“Միս Ամերիկա” կարող է դառնալ առանց ձեռքի աղջիկը

o_546321 “Միս Ամերիկա-2014” գեղեցկության մրցույթում Այովա նահանգը կներկայացնի 23-ամյա Նիկոլ Կելլին, որը իծնե առանց ձախ ձեռքի է: Ավելի վաղ աղջիկը ճանաչվել էր նահանգի ամենագեղեցիկը: Մրցույթը կկայանա այս տարվա սեպտեմբերին Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքում:

Նիկոլը խոստովանել է, որ կյանքում ինքը աշխատում է փորձել ամեն ինչ. զբաղվել է բեյսբոլով, պարով, դայվինգով: “Եթե մեկ տարի առաջ ինձ ասեին, որ ես կլինեմ գեղեցկության թագուհի, ես չէի հավատա”,-պատմել է աղջիկը, ավելացնելով, որ իր տիտղոսը կօգտագործի հասարակության ուշադրությունը գրավելու հաշմանդամությոն խնդիրների վրա:

Նիկոլը  Նեբրեսկա նահանգի համալսարանում սովորել է թատերական արվեստ և հույս ունի երբևէ խաղալ Բրոդվեյում:

2012 гթ., պատմության մեջ առաջին անգամ “Միս Ամերիկա” մրցույթում պայքարում էր Մոնտանա նահանգից աուտիզմով տառապող 18-ամյա Ալեքսիս Վայմանը :1994 թ. մրցույթում հաղթող ճանաչվեց  խուլ Հիզեր Ուայտսոնը, որը ներկայացնում էր Ալաբամա նահանգըհիշեցնում է  ИТАР-ТАСС-ը:

Մաքրվում է Թաքսիմ հրապարակը.ոստիկանական մեքենաների վրա քարեր են նետվում, լուսանկարներ

130610110550-01-turkey-protest-0610-horizontal-galleryՈստիկանության հատուկ նշանակության ջոկատը  գրավեց Ստամբուլի կենտրոնում  Թաքսիմ հրապարակը: Նրանք պատրաստվում են հրապարակից  մաքրել դրոշներն ու ցուցանակները: Հրապարակում հսկում են ջրցան մեքենաները, չնայած ոստիկանությունը հայտարարել է, որ ոչ մի գործողություն չի կրիրառի Գեզի այգում գտնվող մարդկանց նկատմամբ:

Բողոքվորները քարեր են նետում  ջրցան մեքենաների վրա, ցուցարարները հրապարակից քշվել են նրբանցքեր: Ոստիկանությունը նրանց վրա արցոնքաբեր գազ է կիրառում, հաղորդում է Իտառ-Տասսը:

Ստամբուլի կենտրոնում լարվածությունը շարունակվում է, անընդհատ բռնկվում են անկարգության նոր օջախներ, որոնց ոստիկանությունը օպերատիվ վնասազերծում է: Թաքսիմ հրապարակ են մտել ցուցարարներ, որոնք կոչ են անում չհակառակվել ոստիկանությանը:

Հրապարակի մուտքերի մոտ բարիկադներ են շարված, որոնք թույլ չեն տալիս ոստիկանությանը  մտնել ներս:

Բանկի` կառավարիչը մեղադրվում է յուրացում, վաշխառություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու մեջ

հհ դատախազությունԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է բանկի` «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Կ.Գյուլնազարյանի կողմից յուրացում, վաշխառություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Կ.Գյուլնազարյանը 2007թ. մայիսին Ա.Մովսեսյանի հետ գործարք է կատարել` վերջինիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որի արդյունքում Ա.Մովսեսյանն ընկել է նյութական ծանր վիճակի մեջ, իսկ Կ.Գյուլազարյանը` օգտվել այդ գործարքից:

Մասնավորապես` Կ.Գյուլնազարյանն Ա.Մովսեսյանին առաջարկել է իրեն ունեցած 2500 ԱՄՆ դոլար պարտքը մարելու համար իր բարեկամուհուց տոկոսով գումար վերցնել: 2002թ. հոկտեմբերին Ա.Մովսեսյանը, Կ.Գյուլնազարյանի միջնորդությամբ, վերջինիս բարեկամուհուց պարտքով վերցրել է 3000 ԱՄՆ դոլար գումար` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող` ամսական 5 տոկոսով:

Որպես գումարն ու տոկոսները վերադարձնելու երաշխիք` Ա.Մովսեսյանի հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը առուվաճառքի պայմանագրով ձևականորեն վաճառել է Կ.Գյուլնազարյանի բարեկամուհուն:

2006թ. Կ.Գյուլնազարյանի բարեկամուհին մահացել է, որից հետո վաճառված բնակարանը ժառանգությամբ ընդունել են վերջինիս զավակները:

2007թ. մայիսին Կ.Գյուլնազարյանը, իմանալով, որ Ա.Մովսեսյանը դեռևս 2002թ. վերցրած պարտքից 1000 ԱՄՆ դոլարն ու դրա տոկոսագումարներ` ընդհանուր 2000 ԱՄՆ դոլար, ի վիճակի չէ վերադարձնել մահացած բարեկամուհու որդուն, Ա.Մովսեսյանին առաջարկել է բնակարանը վաճառքի պայմանագրով անվանափոխել իր մորաքրոջ աղջկա անունով, որի դիմաց պարտավորվել է վճարել նրա պարտք-գումարը և տոկոսագումարները:

2007թ. սկզբին Կ.Գյուլնազարյանը 25 652 861 դրամ արժողությամբ բնակարանը 2000 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց ձևականորեն վաճառել է իր մորաքրոջ աղջկան` դրանով հնարավորություն ստեղծելով նշված գույքը ցանկացած պահի իր հայեցողությամբ տնօրինելու: Գործարքը ձևակերպվել է 20 մլն. դրամով:

Արդյունքում` Կ.Գյուլնազարյանը, օգտվելով Ա.Մովսեսյանի համար ոչ ձեռնտու պայմաններում կնքված գործարքի արդյունքում բնակարանն իր տնօրինության տակ գտնվելու հանգամանքից, 2009թ. մայիսի 15-ին իր մորաքրոջ աղջկա միջոցով, առանց Ա.Մովսեսյանին տեղյակ պահելու, բնակարանը գրավադրել է բանկում: Սակայն վարկային իր պարտավորությունները չկատարելու արդյունքում նշված բնակարանը 2012թ. օգոտոս ամսին անցել է բանկին` որպես սեփականություն, իսկ Մովսեսյանները զրկվել են իրենց բնակարանից:

Բացի այդ, Կ.Գյուլնազարյանը, ով 2003թ. հունիսից հանդիսացել է բանկերից մեկի «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` թվով 10 ավանդատուների` որպես ավանդ ներդրված գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010թ. փետրվարից մինչև 2010թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ժամկետից շուտ ավանդի գումարները հետ վերադարձնելու վերաբերյալ դիմումներում կեղծելով ավանդատուների ստորագրությունները, դրամարկղից ստացել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 110 422 665 դրամին համարժեք 300 863 ԱՄՆ դոլար և 952 485 ՀՀ դրամ` բանկին պատճառելով ընդհանուր 111 127 116 դրամի գույքային վնաս:

ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Գյուլնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Դիմորդները 2 րոպե ունեն մաթեմատիկայի ամեն առաջադրանքը լուծելու համար

մաթեմատիկաԱյսօր ՀՀ 30 քննակենտրոններում 6951 դիմորդներ միասնական քննություն են անձնում «Մաթեմատիկա» առարկայից:

Երևանի ԵՊԲՀ քննակենտրոնում 198 դիմորդներից քննությանը ներկայացել էին 186-ը: Քննության մեկնարկից վայրկյաններ առաջ քննասենյակ հասցրեց մտնել վերջին  դիմորդը` Մայիս Ղազարյանը, ով պատճառաբանեց, թե զարթուցիչի ժամն է սխալ դրել, այդ պատճառով էլ ուշացել է:

Քննակենտրոնի ղեկավար Անահիտ Մելքոնյանը մի քանի անգամ ուսանողներին բարձրախոսով ներկայացրեց քննության կարգը և ձևաթուղթը լրացնելու կանոնները, ինչպես նաև կոչ արեց հանձնել բջջային հեռախոսները, եթե հանկարծ մոռացել ու հետները ներս են բերել:  9:40 քննության մեկնարկը տրվեց:

Դիմորդները 3 ժամ ունեն 80 հարցերին պատասխանելու համար, այսինքն մեկ մարցին միջինը պետք է 2 րոպե հատկացնեն: Թեստերը կազմված են շտարամանային առաջադրանքներից:

Մարիաննա Ասատրյանը Սլավոնական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիմորդ է, մեկ տարի կրկնուսույցի մոտ է պարապել: Ասում է, որ շտերամանային առաջադրանքները տարբեր բարդության են` պարզից մինչև շատ բարդ, ուստի թեստի բարդությունը կախված կլինի նրանից,թե որ հարցերն առավել շատ ընդգրկված կլինեն: Մարիաննան նշում է, որ ինքը մի փոքր դանդաղ է առաջադրանքները լուծում ու չգիտի, թե ինչպես է անելու, որ հասցնի ողջ թեստը լրացնել:

Լիանա Անտոնյանն էլ Տնտեսագիտական համալսարանի դիմորդ է, երկու տարի կրկնուսույցի մոտ է պարապել: Ասում է, որ շտեմարանը փորձել է յուրացնել, ոչ թե անգիր անել և հույս ունի, որ լավ կգրի:

ծնողներՔննության մեկնարկից հետո քննակենտրոնի անցուդարձին ծնողները հետևում են քննակենտրոնի բակում դրված մեծ էկրանի միջոցով` դահլիճում 4 տեսախցիկ է տեղադրված:

Էկրանի մոտ խմբված ծնողներից յուրաքանչյուրը փորձում է իր երեխային գտնել, իսկ երբ չի կարողանում, հայտարարում է, թե հաջորդ քննությանը վառ գույնի զգեստ պետք է երեխան հագնի, որ հեշտ լինի գտնելը:

Տիկին Աննան իր աղջկան էկրանի վրա գտնելով հանգստանում է: Սա ապագա տնտեսագետի  երկորդ քննությունն է: Հայոց լեզվի քննությունից 12 է ստացել, բայց դժգոհ չեն` աղջիկը նախորդ քննությունից առաջ գիշերը չէր քնել, քննության ժամանակ էլ չի կարողացել կենտրոնանալ իր գրավորի վրա: Տիկին Աննան հույս ունի, որ այս անգամ պատմությունը չի կրկնվի և աղջիկը լավ կգրի:

Տիկին Մարիամի աղջիկն այսօր ևս երկրորդ քննությունն է հանձնում: Նա պահանջում էր, որ մի քանի ծնողների թույլ տան հետևել քննության ընթացին ներսից, ինչը քննակենտրոնի ղեկավարը մերժեց: Տիկին Մարիամն ասում է, որ իր դուստրը հայոց լեզվի քննությունը ևս ԵՊԲՀ քննակենտրոնում է հանձնել ու այն ժամանակ քննության վերջին ժամվա ընթացքում էկրանի վրա հստակ եսել են, թե ինչպես են որոշ դիմորդների օգնում. «Իրար խառնվեցինք, մտքովս չանցավ, որ նկարեմ տեսածս: Փորձ չունեինք»:  Նա մտավախություն ունի, որ այս անգամ էլ նույնը կկրկնվի: Ուստի էկրանին չէր մոտենում` սպասելով, մինչև քննության կեսը անցնի, որպեսզի այս անգամ հեռախոսի տեսախցիկը միացրած հետևի քննությանը:

 

«Ես սիրում եմ հայերին». պարսից թագուհին՝ Նյու Յորքի հայկական տաղավարում

մշակույթ-2Լիբանանահայ արվեստաբան, Բեյրութի «Նոյյան տապան» ցուցասրահի հիմնադիր Մովսես Հերկելյանը, որ արդեն 28 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների ներկայացրել է հայկական կերպարվեստը, վստահաբար հայտարարում է. «Այսօր աշխարհում հայ կերպարվեստը կարող է լինել մրցունակ, եթե այն ներկայացնենք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և ճիշտ ձևով»:

Հերկելյանը մարտ և ապրիլ ամիսներին կայացած վերջին երկու խոշոր ցուցահանդեսներում՝ Մոնակոյում և Նյու Յորքում,  դարձյալ ներկայացրել է մի շարք ժամանակակից հայ նկարիչների աշխատանքներ: Ասում է, որ հաջողություն են ունեցել: «Հատկապես Նյու Յորքում հայ գեղանկարիչների ստեղծագործությունները շատ բարձր գնահատվեցին, և եթե Հայաստանից այլ ցուցասրահներ էլ մասնակցեին, ապա հաջողություն կունենային»:

Նյու Յորքի ցուցահանդեսում, որին Հերկելյանն իր «Նոյյան տապան» ցուցասրահով մասնակցում էր յոթերորդ անգամ, ներկայացված են եղել համաշխարհային դասական և ժամանակակից հայտնի նկարիչների գործեր՝ Շագալ, Պիկասո, Մոդիլիանի և ուրիշներ: Ընդհանրապես գալերիստներն այդ ցուցահանդեսների ժամանակ ամենաթանկ կտավներն են վաճառում:

Մոնակոյի ցուցահանդեսին արվեստաբանը մասնակցել է հինգերորդ անգամ՝ ներկայացնելով հայ նկարիչներ Գևորգ Եղիազարյանի, Վահրամ Դավթյանի, Սուրեն Ոսկանյանի, Ռուբեն Աբովյանի, Յուրոզի և այլ նկարիչների գործեր: Մոնակոյում Հայաստանից մասնակցել է նաև «Բարձր արվեստ» ցուցասրահը, որն  անցած տարի Մոնակոյի ցուցահանդեսում ներկայացրել էր նաև Երվանդ Քոչարի նորահայտ տարածական ստեղծագործություններից մեկը: Այն արժանացել էր գլխավոր մրցանակին «Ամենայուրօրինակ ստեղծագործություն» անվանակարգում և դարձել ցուցահանդեսի խորհրդանիշը:

Հերկելյանը հետաքրքիր դրվագներ է պատմում Մոնակոյի ցուցահանդեսից. ֆրանսիացի հայտնի բալետի պարուհի Պրիդելլը, որը ցուցահանդեսի ընթացքում ելույթներ էր ունենում (երբեմն՝ բոլորովին մերկ), այցելել է «Նոյյան տապան» ցուցասրահի տաղավար և կտավներից ներշնչված՝ պարել հենց տաղավարում:

«Նոյյան տապան» տաղավար են այցելել նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայրը՝ Փալ Սարկոզին, որը նկարիչ է՝ մոդեռն ոճի քանդակների և կտավների հեղինակ: Հերկելյանն ասում է, որ ցուցահանդեսում հարյուրավոր տաղավարներ կան, և հնարավոր չէ բոլորն այցելել. հյուրին տաղավարը պետք է ինչ- որ բանով գրավի:

մշակույթ-1Նկատելով «Նոյյան տապան» տաղավարի ցուցանակին գրված «Արմենիա» բառը՝  այցելել է նաև Պարսկաստանի նախկին թագուհի Ֆարահ Դիբա Փահլավին: Հերկելյանը պատմում է, որ թագուհին զրուցել է իր տիկնոջ՝ Էլոյի հետ, ասել, որ մեծ հարգանք ունի հայոց պատմության ու մշակույթի հանդեպ: Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև, որոնք հետևում էին թագուհուն ողջ ընթացքում, մաքուր հայերենով ասել է. «Ես սիրում եմ հայերին»: «Երբ տիկինս ասաց, որ շատ լավ հայերեն է խոսում, թագուհին պատասխանեց, որ իր ամուսինը՝ շահ Ռեզա Փահլավին, շատ ավելի լավ է իմացել և իր հայ մտերիմների հետ հայերեն է խոսել»,- պատմում է Հերկելյանը:

Արվեստաբանը միջազգային խոշոր ցուցահանդեսներին մասնակցելը կարևորում է նաև նմանատիպ հանդիպումների, շփումների առումով և ևս մեկ անգամ հայտարարում, որ հայկական կերպարվեստը դրսում ըստ արժանվույն ներկայացնելու համար հայ գալերիստներն ու Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն մտածեն և համապատասխան քայլեր ձեռնարկեն:

Հիշեցնենք, որ Մովսես Հերկելյանն առաջարկում է Սփյուռքի և Հայաստանի ազդեցիկ հայերի ուժերի համախմբման միջոցով վերամշակել հայկական մշակութային քաղաքականությունը, որի նպատակով հանդիպումներ է ունեցել վարչապետի, Հանրային խորհրդի նախագահի, մշակույթի և սփյուռքի նախարարների և այլ անձանց հետ: Վերջերս Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում քննարկվել էր նրա նախաձեռնությունը:

Հերկելյանն ասում է, որ քննարկումն իր նպատակին ծառայեց, սակայն  գերազանց կլիներ, եթե չլինեին շեղումներ: «Ոմանք կա՛մ քննադատում էին մշակույթի նախարարին, կա՛մ գովաբանում, ինչը երկու պարագայում էլ նյութից շեղում էր,-ասում է արվեստաբանը,- իսկ մեր նպատակը քննադատելը կամ գովաբանելը չէ, այլ գործնական քայլեր կատարելը: Չնայած ես եկել եմ դրսից և Հայաստանի ներքին մշակութային կյանքին քաջածանոթ չեմ, սակայն ունեմ միջազգային փորձառություն և դրանից ելնելով՝ կարծում եմ, որ մենք թե՛ քանակապես, թե՛ որակապես ունենք բարձր արվեստ, սակայն դրան համապատասխան շուկա և գնահատանք չունենք»:

Մինչդեռ նա նկատում է, որ շատ այլ երկրներ, մեզանից բավականին թույլ մշակութային մակարդակ ունենալով, կարողանում են իրենց մշակույթը ճիշտ  ներկայացնել և դրանից օգտվել տնտեսապես, քաղաքականապես և բարոյապես:

Նշենք, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ մշակույթի նախարարությունն արդեն իսկ ունի պետական մշակութային քաղաքականության հայեցակարգ:

Հերկելյանը չի ժխտում, որ նման քաղաքականություն գոյություն ունի, և ինքն անձամբ վարչապետի առաջարկով մի քանի անգամ ընթերցել է այդ փաստաթուղթը, սակայն կարծում է, որ այն թերի է և չի համապատասխանում մեր արվեստի որակին ու քանակին, ինչպես նաև միջազգային հարթակներում ներկայացնելու նպատակին: Նա իր հատուկ կարծիքը գրավոր ներկայացրել է մշակույթի նախարարություն՝ գործնական առաջարկներով:

Ըստ Հերկելյանի` չպետք է ջնջել նախարարության փաստաթուղթը, ընդհակառակը` այն պետք է ընդունել իբրև հիմք և դրա վրա լրացումներ կատարել: «Այդ փաստաթղթում գրված է, թե ինչ է պետք անել, մենք պետք է ավելացնենք, թե ինչպես է պետք անել»,- ընդգծում է նա,- և բոլոր այն հայերը, որոնք հետաքրքրված են այս հարցով և ունեն միջազգային փորձառություն, պետք է համախմբվեն մշակույթի նախարարության շուրջ և մշակեն գործնական քայլեր, որպեսզի մենք դուրս գանք մեր կաղապարներից և կարողանանք մեր մշակույթը տնտեսականացնել և քաղաքականացնել»:

Հանրային խորհրդի քննարկման օրն արձանագրել են, որ առաջին քայլը պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի մտավոր կարող ուժերին մեկ համաժողովի շրջանակներում համախմբելը, որից հետո պարզ կլինեն նաև երկրորդ ու երրորդ քայլերը: «Իմ կարծիքով, Հանրային խորհրդի քննարկումը՝ իբրև նախաքայլ, արդյունավետ էր: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, որը նույնպես մասնակցում էր քննարկմանը, պատրաստակամ էր այդ ծրագիրն իրականացնել` շատ լավ հասկանալով, թե խոսքն ինչի մասին է»:

Արվեստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ աշխարհի ուժեղ երկրներն իրենց մշակութային քաղաքականության օրակարգում շատ կարևոր բաներ գրավոր չեն ամրագրում, բայց անում են, իսկ մենք, ընդհակառակը՝ շատ բան գրում ենք ու խոսում, բայց չենք իրականացնում:

 

 

2013-ի ամառային նորաձևության կարևոր միտումները

baska2

 

 

 

 

 

 

 

 

 

Ամառ, նորաձևություն: Սա այն դեպքն է, երբ որևէ մեկը չի կարող անտարբեր մնալ: Խանութների կողմից առաջարկվող բազմազանությունը, վառ գույներն ու ոճային մեծ ընտրանին ցանկացած կնոջ` անգամ ամենամտազբաղներին, ստիպում է մի հայացք նետել իր զգեստահարանին և մտածել այն թարմացնելու մասին:

93429069_3_644x461_lakirovannye-baletki-s-dip-dye-effektom-hm-zhenskaya-obuv

Այս ամառ նորաձևության գագաթնակետին են լաքապատ կոշիկներն ու աքսեսուարները: Սև և բեժ գույնի կոշիկներն, իհարկե, անհրաժեշտություն են, բայց այս ամառ գոնե մեկ զույգ կաշվե վառ գույնի բալետկա պետք է ունենալ: Սակայն դա պետք է
զուգակցել լաքապատ պայուսակներով ու կլատչերով, որոնք ամենուր են` թանկարժեք և մատչելի բրենդերի հավաքածուներում:

971dfa

Բայց քանի որ լաքապատ պայուսակներն առանց այն էլ աչքի ընկնող են, դիզայներներն աշխատել են համեստ գտնվել ձևավորման հարցում, այնպես որ դրանք ավելի շատ դասական են:

короткие-летние-платья-2013-39

 

2013-ի զգեստներն առանց ավելորդությունների են: Հիմնական շեշտը դրված է կնոջ կառուցվածքի ուրվագիծն ընդգծելու վրա:

50-ականների ռետրո ոճի զգեստներն այս տարի կրկին նորաձև. կիպ գրկող իրան և մինչև ծնկները հասնող փարթամ կիսաշրջազգեստ:

modnye-platya_5Նորաձև են նաև 80-ականների ասիմետրիկ զգեստները. դրանց մեջ են մտնում նաև փարթամ,  ընդգծված և որոշակի դետալներով մեկուսանի զգեստները:

Կաշվե զգեստներն այս տարի նորաձևության գագաթնակետին են. Դիզայներներն առաջարկում են ամբողջությամբ կաշվե զգեստներ կամ կաշվե կորսետով զգեստներ, իսկ ընտրությունը ձերն է:

Նշենք, որ կամաց-կամաց նորաձևությունը լքում են զգեստ-բլուզները: Այնպես որ դրա նց սիրահարներին մնում է սպասել դրանց վերադարձին:

-IJW3SwbpdAՉնայած որ այս տարի դիզայներները ձգտել են մինիմալիզմի և փորձել են իրենց հագուստներում ներառել դեկորացիայի նվազագույն էլեմենտներ, այնուամենայնիվ որոշ դետալներ շատ ակտուալ են. օրինակ, բասկան:

Բասկան տարվա ամենահիթային դետալներից մեկն է: Նրանց, ովքեր մի փոքր շփոթվեցին, ասենք, որ բասկան իրանի ու կոնքերի հատվածն առանձնացնող վոլանով դեկորն է, որը հանդիպում է զգեստների, կոստյումների և այլ հագուստի վրա: Այս ոճը հիանալի լուծում է հատկապես նրանց համար, որոնց կոնքերն արտահայտված չեն կամ որոնք շատ նիհար են:

Բասկան իր հաղթարշավը սկսել է` իբրև իսպանացի բասկերի ազգային կոստյում: Այդտեղից էլ առաջացել է ոճի անվանումը: Սակայն իրականում բասկան նորաձևություն են բերել ֆրանսիացիները: Վիկտորիա թագուհու դարաշրջանում այդ դետալը դարձավ տղամարդու կոստյումի զարդարանքը, իսկ մի ավելի ուշ` նաև կանանց հագուստի բաղկացուցիչ մասը:

baska_520-րդ դարում հայտնի կուտյուրե Քրիստոբալ Բալենսիագան իր հավաքածուներից մեկի առանցքային դետալներից մեկը դարձրեց հենց բասկան: Դա պատահական չէր. Քրիստոբալը ծնունդով իսպանական փոքրիկ Գեթերիա քաղաքից էր, որը եղել էր Բասկերի երկրի մի մասը: Այդպես նա ցանկացել էր ընդգծել իր արմատները:

1947 թվականին Քրիստիան Դիորն իր լեգենդար Նյու լուք ոճի հավաքածուն ստեղծելիս փարթամ կիսաշրջազգեստի համար ընտրեց ժակետ` բասկայով: Մինչ օրս բասկան Դիորի բոլոր հավաքածուների անբաժանելի մասն է կազմում:

1947-ից հետո մի պահ բասկան անհետացավ պոդիումներից` միայն հազվադեպ երևալով դիզայներների հավաքածուներում: 70-ականներին երկու անգամ բասկայով զգեստներ ցուցադրեց Իվ Սեն Լորանը: Սակայն այն վերադարձավ վերջին ժամանակաշրջանում` բավականին մեծ շուքով:

perforaciaՍեզոնի ամենակարևոր միտումներից է նաև կաշվի պերֆորացիան: Այն ամենուր է` հագուստին և աքսեսուարներին: Սակայն հիշեք, որ այն չպետք է չարաշահել. կա՛մ ընտրեք պերֆորացված կիսաշրջազգեստ կամ պայուսակ, կամ վերնաշապիկ, բայց ոչ երբեք այդ բոլորը միասին:

Սեզոնի գույները

Սեզոնի հիմնական գույներից է զմրուխտյան` իր բոլոր երանգներով` ամենանուրբ փիրուզից մինչև կանաչ:modnye-platya_13

Սեզոնի ոչ պակաս ֆավորիտներից է արքայական կապույտն ու դրա երանգները:

Սեզոնի պիկում են նաև կարմիրի երանգները: Կարմիր զգեստները միանգամայն ընդունելի են և՛ աշխատավայրում, և՛ ժամադրության գնալիս, և՛ modnye-platya_14զբոսանքի դուրս գալիս, և՛ իհարկե երեկոյան հանդիսությունների ժամանակ: Ամեն դեպքում այն ուշադրություն կհրավիրի ձեզ վրա և կստիպի ձեզ լսել:

Բայց եթե կարմիրը ձեզ համար չափազանց վառ գույն է, իսկ սևից արդեն ձանձրացել եք, ապա նորաձևությունն առաջարկում է կոմպրոմիսային տարբերակ. Մանուշակագույնն իր երանգներով: modnye-platya_15

2013-ի ամենանորաձև համադրություններից է սև-սպիտակը: Հատկապես գրավիչ են սև-սպիտակ համադրությամբ զգեստները:

Ամառային նորաձևության առավելություններից են վառվռուն, եթերային և թեթև սարաֆանները, որոնք կնոջն էլ՛ ավելի կանացի ու գրավիչ են դարձնում:

sarafany_letnie_43 Ձմռան ընթացքում տաբատները հագից չհանած կանայք վերջապես sarafany_letnie_46կարող են կրել իրենց սեռին բնորոշ հագուստ` ընդգծելով իրենց ողջ հմայքը: Նորաձևությունն այս առումով հատկապես գլխապտույտ բազմազանություն է առաջարկում: Իսկ գլխավոր միտումը սարաֆանների չափազանց երկար և չափազանց կարճ լինելն է:

Վայելե՛ք ամառը վառվռուն գույներով և վառ տրամադրությամբ:

 

 

Երկրաշարժ

big_1370881089_K990216.1732.f3.25.zrtՀունիսի 10-ին, ժամը 20.00-ին ՀՀ սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19.36-ին և 19.39-ին երկրաշարժեր են գրանցվել Թուրքիայի Վան քաղաքից 30 կմ դեպի արևելք համապատասխանաբար 4 և 3.6 մագնիտուդով: ՀՀ տարածքում ցնցումները չեն զգացվել:

Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջը ու դանակահարել երեխաներին

arm137085825983Հունիսի 9-ին, ժամը 21.45-ին,  ոստիկանության Կոտայքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջն ու դանակահարել երեխաներին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, 1976 թ. ծնված Աշոտ  Գևորգյանը տանը  դանակահարել և սպանել է կնոջը` 1982 թ. ծնված Անուշ  Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել դստրերին` 2001 թ. ծնված Շողակաթ  և 2007 թ. ծնված Մարիամ  Գասպարյաններին, որից հետո՝ դանակով հարվածել է իրեն` ստանալով որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք:
Աշոտ  Գևորգյանը, Շողակաթ և Մարիամ  Գասպարյանները տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայրից առգրավվել է 6 խոհանոցային դանակ:
Աշոտ  Գևորգյանը ձերբակալված է և գտնվում է հիվանդանոցում:
Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:

Հայոց բանակի զինվորի առօրյան (լուսանկարներ)

Snapshot - 27 copy«Անկախ»-ը ներկայացնում է Հայոց բանակի զինվորի առօրյան լուսանկարների միջոցով. հերթապահություն, տեսական դասեր, գործնական պարապմունքներ  և զորավարժություններ:

Սեյրան Օհանյանը ՊՆ ոլորտի առաջիկա անելիքների մասին

Սեյրան-ՕհանյանՀունիսի 7-8-ը երեք տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ Տավուշի մարզ էին մեկնել, որտեղ այցելեցին զորամասերից մեկը, հետևեցին զինծառայողների պարապմունքներին ու զորավարժությանը, ինչպես նաև այցելեցին մարտական դիրքեր:  Լրագրողները հանդիպում ունեցան նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով մեկ ու կես ժամ լրագրողներին ներկայացրեց ՊՆ ոլորտում բարեփոխումներն ու անելիքները, պատասխանեց հարցերին:

Ասուլիսը համընկել էր Սեյրան Օհանյանի վերանշանակման 50-րդ օրվա հետ, ինչի առթիվ նախարարը նշեց. «Երկրորդ անգամ նշանակումը պարտավորեցնող է ՊՆ անձնակազմի և անձամբ ինձ համար:  Նշանակում է, որ կրկնակի եռանդով իմ աշխատանքը պետք է շարունակեմ.  Հայաստանի շուրջ գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրավիճակը  և սպառնալիքներն ստիպում են ունենալ մարտունակ և մշտապես կատարելագործվող բանակ»:

Օհանյանը, խոսելով իր պաշտոնավարման հինգ տարիների մասին, ասում է, որ դրանք եղել են  ռազմավարական նոր մշակույթի ձևավորման տարիներ. «Պաշտպանական ռազմավարության վերանայումն ամենակարևոր միջոցառումն էր այս ժամանակահատվածի համար: Այս տարիների ընթացքում գնահատեցինք միջավայրը, սպառնալիքները, որ գոյություն ունեն մեր երկրի շուրջը և դրա ավարտին ունեցանք զինված ուժերի զարգացման պլան, որը որ միջնաժամկետ հեռանկարում ապահովելու է ՀՀ ԶՈՒ զարգացումը»:

Նախարարն ասում է, որ կարողացել են իրականացնել իրենց առջև դրված գլխավոր խնդիրը` ինքնիշխանության,  տարածքային ամբողջականության , պաշտպանության խնդիրները,  ՀՀ և ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովումը:

2008-ից շեշտադրվում են ոչ թե քանակային տվյալները, այլ նաև որակական աշխատանքը   զինված ուժերի մարտունակության առումով` սկսած պատրաստությունից մինչև ստորաբաժանումների ներդաշնակում. «Այդ տարեթվից ի վեր մեր բոլոր կարգախոսները եղել են` ԶՈՒ պատրաստությանը նոր որակ»:

Մշակվել է  նաև ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի  զարգացման ծրագիրը և ռազմական արդյունաբերական համակարգի հայեցակարգը, որն ազգային անվտանգության խորհրդում հավանության է արժանացել: Ըստ այդմ` ընթացք կտրվի  հայրենական ռազմական արտադրությանը:

Օհանյանը նշեց, որ 2014-ից ունենալու ենք մեր ակադեմիան, որն օպերատիվ մարտավարական օղակի  զինծառայողների պատրաստությունն է իրականացնելու: Ակադեմիայի տված կրթությունը  համապատասխանելու է մագիստրոսի աստիճանին:

«Լուրջ ուշադրություն ենք դարձնում նաև պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համալրման խնդիրներին:   Հատկապես  առաջին գծի զորամասերում դասակի հրամանատարի տեղակալները և  ջոկի հրամանատարները  պրոֆեսիոնալ սերժանտներ են, ինչը թույլ է տալիս հրամանատարների աջակցության շնորհիվ ավելի վերահսկելի և հետևողական դարձնել մարտական հերթապահության իրականացման ողջ խնդիրները»,- ասում է Օհանյանը:

Շարունակվելու է նաև զինված ուժերի համալրման խառը սկզբունքը` պայմանագրային զինծառայողներով և զորակոչիկներով: Պայմանագրային ծառայողների կազմը համալրվում է հատկապես սահմանամերձ բնակավայրերում` դրանով իսկ տեղացիներին դարձնելով սեփական բնակավայրի պաշտպանության մասնակիցը, ինչպես նաև որոշակի սոցիալական խնդիրներ լուծելով:

Նախարարը նշեց նաև, որ 2014-ից նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների վարձատրությունը:

Այսօրվանից` հունիսի 10-ից մեկնարկում է 2013-ի գարնանային զորակոչը:

Օհանյանն ասում է, որ վերջին մի քանի  տարիներին լուրջ հիմքերի վրա դրված  զորակոչի անցկացումը` սկսած  նախազորակոչային տարիքում կցագրային խնդիրներից, բուժհետազոտման խնդիրներից մինչև  անմիջապես զորակոչից առաջ բուժհետազոտման խնդիրները,  նորակոչիկների ընդգրկումը ԶՈւ ծառայությանը` հաշվի առնելով ադապտացիոն պրոցեսը:

«Հրամանատարների խնդիրեն է, որ ադապտացիայի ընթացքում ավելի ուշադիր լինեն սկսած անհատական դաստիարակչական պատրաստությունից:,- ասում է նախարարը:- Հայրենիքի պաշտպանը ձևավորվում է ոչ միայն բանակում, այլ սկսած ընտանիքից: Հայրենիքի պաշտպանի հատկանիշների կատարելագործումը իրականացնում ենք հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկի միջոցով`  զինկոմիսարիատից և դպրոցից տրամադրում են նորակոչիկների հատկանիշների մասին ինֆորմացիա: Դրա վրա հենվելով փորձում ենք նրանց մոտ ձևավորել զինվորներին  համապատասխան հատկանիշներ»:

Իսկ ՊՆ կառուցվածքի բարեփոխումների շրջանակում ստեղծվել է  նյութատեխնիկական դեպարտամենտ, որը իրականացնում է գնումների ողջ գործընթացը ի տարբերություն նախորդ տարիների, երբ համապատասխան վարչություններն իրականացնում էին և գնումը և ապահովումը:

Օհանյանն ասում է, որ կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքում կարողացել են  գնումների գործընթացն ավելի բարձր հիմքերի վրա դնել. « Բայց բոլորիս համար էլ հասկանալի է, որ նյութական միջոցները միշտ էլ որոշակի պաշտոնատար անձանց շահագրգռում են: Որքան լինելու են ֆինանսներ և նյութատեխնիկական միջոցներ, այնքան էլ մարդիկ այս կամ այն ժամանակամիջոցում հնարամտություններ են փորձելու գտնել` պետական շահերն օգտագործելու նաև սեփական շահերի համար: Մեր վերահսկողական մեխանիզմներով աշխատանքը դրա վրա ենք ուղղում, որպեսզի կարողանանք բացահայտել այդ կոռուպցիոն ռիսկերը, ժամանակին կանգնեցնենք մարդկանց,  ժամանակին հեռացնենք նրանց այդ գործընթացներից»:

 

Կարդացեք նաև`

Հայաստանը կշարունակի իր միջազգային խաղաղապահ առաքելությունը

Աղջիկները ևս կկարողանան յուրացնել սպայի մասնագիտությունը

ՊՆ· բանակում միջադեպերի յուրաքանչյուր մեղավոր պատժվում

Սեյրան Օհանյանը Գորիսի միջադեպի մասին

 

Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը դադարեցվել է, երբ նույնասեռականների ամուսնությունների դեմ բողոքող ցուցարարը հայտնվել է խաղահրապարակում (տեսանյութ)

f5Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունը դադարեցվել է, երբ նույնասեռականների ամուսնությունների դեմ բողոքող ցուցարարը հայտնվել է խաղահրապարակում` Ռաֆայել Նադալից մի քանի մետր հեռավորության վրա

Երեկ Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության ժամանակ թիկնապահները ստիպված են եղել պաշտպանել Ռաֆայել Նադալին, երբ տղամարդկանց եզրափակիչի ժամանակ նույնասեռականների ամուսնությունների դեմ բողոքող ցուցարարը ներխուժել էր խաղահրապարակ:
Կիսամերկ, դիմակով տղամարդուն թիկնապահները տապալել էին գետնին: Դեպքը տեղի էր ունեցել տրիբունաներում նույնասեռականների ամուսնությունների դեմ նրա համախոհների կազմակերպած ցույցից հետո:
Երբ տղամարդուն հեռացրել են խաղահրապարակից, Նադալը սեղմել է թիկնապահի ձեռքը և վերսկսել խաղը, որի ընթացքում նա հաղթել է Դեյվիդ Ֆերերին` ութերորդ անգամ դառնալով Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն:
Տրիբունաներում կրկին կիսամերկ տղամարդիկ ցուցադրում էին ցույցը կազմակերպած խմբավորման անունը` Hommen, որը հաճախակի ցույցեր է կազմակերպում նույնասեռականների ամուսնությունների դեմ:
Այս խնդիրը ծագել էր, երբ Ֆրանսուա Օլանդը անցած ամիս օրինականացրել էր նույնասեռականների ամուսնությունները:
Hommen-ը ռեֆերենդում է պահանջում նոր օրենքի համար, պնդելով, որ այն քայքայում է ընտանիքի սրբությունը:
Նադալը ընդունել է, որ ինքը սկզբից մի փոքր վախեցել է, քանի որ դեպքը շատ անսպասելի է տեղի ունեցել, սակայն հետո հասկացել է ցուցարարի նպատակը: Նա շնորհակալություն է հայտնել թիկնապահներին իրենց արագ արձագանքի և քաջության համար:
Ֆրանսիայի թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչը նշել է, որ ցուցարարները այժմ ոստիկանության ձեռքում են: Նադալի PR ներկայացուցիչը Tweeter-ում գրել էր, որ սպորտը և քաղաքականությունը իրար չխառնեն, իսկ ձախերը, աջերը և կենտրոնամետները բոլորն էլ նույնն են և թող իրենց հանգիստ թողնեն:

Եթե նույն կերպ շարունակեք, ստիպված կլինեմ ձեզ հասկանալի լեզվով խոսել. Թայիփ Էրդողան

erdoğanԵրեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Անկարա, որտեղ իրեն աջակցող կուսակցականների և քաղաքացիների առաջ խոսել է վերջին օրերին Թուրքիայում ստեղծված իրավիճակի մասին: Վարչապետը, նշելով, որ տեղի ունեցող իրադարձությունները կապ չունեն «Գեզի» այգու ծառերի հետ, ասել է. «Ինչու՞ են մեզ անհանգստացնում: Հարցը 15 հատ ծառի հատու՞մն էր: Լավ, համարենք Գեզի այգում 15 ծառ հատվեց, ապա ինչու՞ է դրա դեմ ուղղված ցույցեր տեղի ունենում Անկարայում, Իզմիրում: Խնդիրն այլ է: Խնդիրը այն է, որ ընտրությունների ժամանակ ԱԶԿ-ին շրջանցել չկարողացողները, ընտրելով այս ճանապարհը, ուզում են խառնել երկիրը: Սակայն դա նրանց չի հաջողվի: Մենք գիտենք նրանց թակարդները: Այդ թակարդները խափանող ուժն այստեղ է: Գեզի այգի գնացողներին ազգ են ասում, չգնացողներին չեն տեսնում: Նրանք մեքենաներ են այրել, զոհ են տվել մեկ ոստիկանի: Այս հասարակությունը չի այրում և քանդում, այս հասարակությունը կառուցում է»:

«Ռադիկալը» գրում է, որ Էրդողանը ցուցարարներին կոչ է արել անմիջապես վերջ տալ հավաքներին և ցրվել: «Եթե նույն կերպ շարունակեք, ստիպված կլինեմ ձեզ հասկանալի լեզվով խոսել»,-հայտարարել է Էրդողանը: Նշենք, որ ԱԶԿ-ն հունիսի 15-ին և 16-ին հանրահավաքներ է կազմակերպելու հաջորդաբար Անկարայում և Ստամբուլում:

Ինչպե՞ս անցավ Ստամբուլի ցուցարարների կիրակին (լուսանկարներ)

1  Թուրքիայում չեն դադարում զանգվածային բողոքի ցույցերը, որոնց սկզբի համար պատճառ հանդիսացավ Ստամբուլի «Գեզի» այգին ծառահատելու մասին կառավարության  որոշումը: Երեկ այգու համար պայքարի 13-րդ օրն էր: Քանի որ օրը կիրակի էր, ցուցարարները առավոտից սկսել են հավաքվել Թաքսիմի հրապարակում: Մի շարք քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների, միությունների անդամներ, տարբեր թաղամասերի բնակիչները խմբեր կազմելով քաղաքի տարբեր կողմերից քայլել են դեպի Թաքսիմ: Հրապարակի ցույցերի համար կանգնեցված հարթակից մասնակիցներին ուղղված ելույթներում քննադատվել է վարչապետ Էրդողանի արած հայտարարությունները, հնչել են «Ամեն տեղ Թաքսիմ է, ամեն տեղ դիմադրություն է», «Հեռացիր կառավարություն» արտահայտությունները:

«Դողան» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ դեպի Թաքսիմ հրապարակ ընթացող երթի ժամանակ մի միջադեպ է տեղի ունեցել: Մի խումբ ցուցարարների ձեռքին եղել է Խաղաղություն և ժողովրդավարություն քրդական կուսակցության, PKK-ի դրոշներ ու Աբդուլլահ Օջալանի նկարով պաստառներ: Այդ ժամանակ քայլերթին մասնակցող մի խումբ սկսել է քննադատողական արտահայտություններ անել նրանց հասցեին: Հնչել են «Դու՛րս PKK» «Դու՛րս Օջալան», «Թող անիծվի՛ PKK-ն», «Մենք Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք» արտահայտությունները:

Հայոց լեզվի և գրականության միջին գնահատականը 13,25 է, 80 դիմորդ էլ 20 է ստացել

հայոց լեզուՀրապարակվել են Հայոց լեզվի և գրականության միասնական քննության գնահատականները: Քննությանը մասնակցել է հայտագրված 8975 դիմորդներից  8648-ը, 327-ը չեն ներկայացել քննության:

Հայոց լեզվի և գրականության միջին գնահատականը 13,25 է նախորդ տարվա 13,9-ի փոխարեն:

Այս տարի հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 788 դիմորդ կամ ընդհանուրի 9 տոկոսը: Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների   5,6 տոկոսը:

7,5-12,75 է ստացել 3276 դիմորդ կամ 38 տոկոսը: 13-16,75 է ստացել 2761 դիմորդ կամ ընդհանուրի 32 տոկոսը: 17-20 է ստացել 1823 դիմորդ կամ 21 տոկոսը:

Այս տարի առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ: Նշենք, որ 2012-ին 200 դիմորդ էր 20 միավոր հավաքել:

Այսօր ժամը 9-18-ը դիմորդները կարող են բողոքարկել իրենց գնահատականները քննակենտրոններում:

Դարի ու քարի արանքում

դարՀունիսի 13-ին կլրանա Շահումյանի անկման 21 տարին: XXI դարաշեմին  16 հազար հայ  բնակիչ  հայտնվեց  դարի ու քարի արանքում: Նույնքան բեկված ճակատագրեր,  պատմությանը  դեռ անհայտ ու չընթերցված էջեր: Տարօրինակն այն է, որ Շահումյանն ընկավ, երբ մեկ ամիս առաջ ազատագրել էինք  Շուշին,  և այդ օրը «Գետաշեն» օպերացիան իրականացնելու խնդիր էր դրված:

Վերինշենցի Գրետա Զարգարյանի հետ իմ հանդիպման առիթը, բնականաբար, Շահումյանի գաղթի հազար ու մի ինչուների պատասխանն ունենալն էր: Իսկ պատասխանը երկար է, սկսվում է ծննդավայրի հուզական նկարագրությամբ և այն թողնելու դրվագներով:

Վերինշենը շրջանի ամենամեծ գյուղն էր և մինչ բռնագաղթը  7,5 հազար բնակիչ է ունեցել: Աչքի է ընկել իր գեղեցիկ առանձնատներով, հրաշալի մարդկանցով, բարեկեցիկ ապրելակերպով ու ազգայնականությամբ: Իսկ զրուցակիցս, ինչպես հետո պարզվեց, հետաքրքիր կյանքի ուղի անցած մի տիկին է, բազմանդամ ընտանիքի զավակ: Երեք քույր  ու եղբայր էին ու անշուշտ  պիտի արմատավորվեին իրենց սիրելի Վերինշենում, եթե չարաբաստիկ բռնագաղթը չլիներ:

Ավարտել է գյուղի  դպրոցը, միջնակարգ-մասնագիտական կրթությունը` Երևանի կոոպերացիայի տեխնիկումում ստացել, իսկ բուհն ավարտել է Մոսկվայում` ստանալով տնտեսագետի որակավորում: Այնուհետև գլխավոր տնտեսագետ է աշխատել  Շահումյանի շրջկոպում և Ագրոարդում: Իսկ 1991 թ., երբ վերջապես  սկսվեց շրջանի գազաֆիկացումը, որպես գլխավոր հաշվապահ աշխատեց այդ գրասենյակում, բայց, ցավոք, գործընթացը դեռ չսկսված ավարտվեց: «Չգիտեմ` ինձ ինչպես կհասկանաք, յուրաքանչյուր ազգի մեջ երբեմն շատ անհաղթահարելի գործոններ են լինում, առավել ևս, երբ շատ այլազգիներով  ես շրջապատված ու  փոքրամասնություն ես, փոքր շրջան, որը քարտեզի վրա  երբեք նշված չի եղել, բայց միշտ անկախ է եղել: Միակ բացն այն էր, որ դպրոցներում հայ ժողովրդի պատմություն չէր  ուսուցանվում»,- խոստովանում է տիկին Գրետան: Թեև աշխատանքային դժվարություններ, հակասություններ վերադասի հետ միշտ են ունեցել, բայց անարդարությունների դեմ ընդվզելով, ըստ զրուցակցիս, հաջողվել է որոշ խնդիրներ լուծել, միշտ բողոքել են մարզի պակաս ֆինանսավորումից:

Երբ 1962 թ. փակեցին «Նոր ուղի» օրաթերթը,  հայության ճնշման, ցույցերի ներքո այն  կրկին բացեցին: Ավելին ` շրջանը Երևանից միշտ  ստացել է հայկական թերթեր, ամսագրեր, հայալեզու հարուստ գրականություն: Այս ավանդույթը շարունակվել է նաև շարժման տարիներին, երբ տ-ն Գրետան էր արդեն ղեկավարում «Հայմամուլը»:  Հաճախ էր ուղղաթիռով Երևան  գալիս ու տանում  անհրաժեշտը:

Թեև Վերինշենին հարևան թուրքաբնակ մի քանի մեծ գյուղ եղել է, սակայն նրանից ավելի բարձր դիրքում գտնվող ու դեպի Մռավը ձգվող թուրքաբնակ Բալուղայան և Բաշղշլաղը Վերինշեն գյուղական համայնքի կազմում էին: Հայկական բնակավայրը, սահմանակից լինելով Կասմիր Իսմայելովի շրջանին, Լեռնային Ղարաբաղի հետ տրանսպորտային ճանապարհ չի ունեցել:  Իսկ  Ստեփանակերտ հասնելու համար հայը Իսմայելովից Եվլախ, Աղդամ, նոր միայն Ստեփանակերտ պիտի հասներ:

ՇԱԲԱԹՆ ՈՒՐԲԱԹԻՑ ՇՈՒՏ ԵԿԱՎ

88-ի շարժումը շրջանի վիճակն ավելի վատացրեց: Թե 4 տարի ինչպես  դիմակայեցին, մեկ Աստծուն ու մեկ էլ շահումյանցուն է հայտնի.  «Շրջանն ուներ իր պաշտպանական ջոկատը, որը ղեկավարում էր իմ գործընկեր Շահեն Մեղրյանը: Երբ նա  համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետն ավարտեց, որոշ ժամանակ ինձ մոտ աշխատեց, հետո` կոմերիտմիության առաջին քարտուղար դարձավ, պահածոների գործարանի տնօրեն: Երբ շարժումը սկսվեց,   Բաքվից մի ռուսախոս հայի՝ Ռուդոլֆ Միրզոև անունով, նշանակեցին որպես առաջին քարտուղար, որը մեզ շարունակ հանդարտեցնում էր, թե` սպասեք մինչև  Ղարաբաղի հարցը լուծվի, դուք մեխանիկորեն նրան կմիանաք: Բայց ժողովուրդն ինչի՞ն սպասեր կամ ո՞ւմ սպասեր, եթե չսատարեին ղարաբաղյան շարժմանը»,- ասում է Գրետան ու հավելում, որ Ժողովրդի ճնշման ներքո Միրզոևը հեռացավ իշխանությունից, նրան փոխարինելու եկավ Շահեն Մեղրյանը` միաժամանակ ղեկավարելով ողջ շրջանի ինքնապաշտպանությունը:

1992 թ. հունվարի 13-ին առաջին գրադը խփեց շրջկենտրոնին: Կրակի բաժին չդառնալու համար մարդիկ շարունակ ապահով վայր էին փնտրում, երեխաներին երբեմն Ստեփանակերտ տեղափոխում, շատերն էլ՝ բլինդաժներում լուսացնում: Միակ ապահով վայրը Գյուլիստանն էր ու Վերինշենի այն թաղամասերը, որոնք մեջքով սարին էին հենված: Գյուղի կենտրոնով Ղարաչայ գետն էր հոսում: Թեև Մանաշիդի բարձր սարը Վերինշենը պաշտպանում էր  թուրքի ռմբակոծումից, բայց 13-ի  գիշերը Բուզլուխի կողմից գյուղն այնքան ուժգին ռմբակոծեցին, որ  արկերը, սարին դիպչելով, հրավառության պես պայթում էին: «Երեխաներին հանգստացնում էինք, թե հրավառություն է, մի վախեցեք»,- հիշում է զրուցակիցս:  Մինչդեռ մեծերն էլ համոզված էին, որ Գետաշեն մտնող մեր տղաներին են ռմբակոծում, քանի որ լուսաբացին մերոնք  Գետաշեն պետք է մտնեին: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ:

88-ից Վերինշենը  հոսանքազրկված էր:  Հունիսի 13-ին գյուղի առավոտը  ուժգին  ռմբակոծություններով սկսվեց, ինչն էլ խուճապի մատնեց բնակիչներին: Շատ չանցած՝ Հայ Պարիս գյուղի ժողովուրդը, անկողինները անասուններին բարձած, սարերով  Վերինշեն հասավ: Գյուլիստանի անտառ տեղափոխվելու և այնտեղ մնալու որոշում կայացվեց, մինչև Հայաստանից օգնություն կգար: Զրուցակիցս անձամբ է լսել, թե Շահեն Մեղրյանն ինչպես էր խնդրում, որ ժողովրդին գոտեպնդելու համար գոնե մեկ  «Կոբրա» ուղղաթիռ  ուղարկեն,որ աչքներով տեսնեն ու զգան` իրենց պաշտպանող կա:

DSCF2117Գյուղից հեռացողների այս խումբը Նապատ չհասավ: Գիշերը լուսացրին  Գյուլիստանի անտառում, որովհետև  տ-ն Գրետայի Արկադյա փեսան, որ  զենք- զինամթերք էր տեղափոխում և տեղյակ էր շտաբի պլաններին, հուսադրում էր, որ Նապատ հասնելու կարիք չկա, որովհետև շուտով գյուղ են վերադառնալու: Մնում են ու տեսնում, թե իրենց տներն ինչպես են թալանում խաշնարածները:  Իսկ առավոտյան, երբ տեսան, թե մեր ԲՄՊ-ներն ինչպես թողեցին դիրքերն ու Գյուլիստան հասան,  նոր միայն  Նապատ շարժվեցին: Մինչ այդ մերոնք բուլդոզերով Կարաչինար գյուղի սարերով նեղլիկ ճանապարհ էին բացել, որպեսզի ժողովուրդը գոնե Թալիշ հասնելու հնարավորություն ունենար: Վտանգավոր ճանապարհ էր, բայց  այն փրկության արահետ եղավ հազարավորների համար, որոնք 3 օր ու գիշեր քայլեցին ինքնամոռաց՝ մի գետը 13 անգամ աջ ու ձախ կտրել-անցելով: Այս ու այնտեղից աղեկտուր ձայներ էին լսվում, հուսահատ ճիչեր, հարազատների փնտրտուք: Եթե շատ շահումյանցիներ, որպես սուրբ մասունք իրենց հետ տարան այնքան հող, որքան կպել էր ոտնամաններին, ապա Գրետան այդ «բարեբախտությունն» էլ չունեցավ, որովհետև ինքը դիմացավ ճանապարհի դժվարություններին, իսկ ոտնամանները՝ ոչ: Կես ճանապարհը ստիպված էր ոտաբոբիկ անցնել:

Երբ մտան Մարտակերտ,  Չայլուն ու Լուլասազն արդեն վառվում էին: Հունիսի 16-ին դատարկվեց նաև Այգեստանը (Չայլու): Գիշերը լուսացրին Երեք մանկուք եկեղեցում: Քարավանի անվտանգությունը, իհարկե, ապահովում էին հայ մարտիկները, հետախույզները` նախապես ստուգելով, հետախուզելով  անցնելիք ճանապարհի անվտանգությունը: Հասան Հաթերք, որտեղ կռիվն ու սոդոմ-գոմորը դեռ նոր պիտի սկսվեին:

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԻ «ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ»

Որոշ ժամանակ մնացին Ստեփանակերտում, քանի որ տուն վերադարձի հույս դեռ փայփայում էին, հետո  Շուշի գնացին, որպեսզի ժամանակավոր մի կացարան գտնեին, բայց բոլոր բնակարաններն արդեն զբաղված էին: «Ավտուբուսով մեզ Երևան բերին, սակայն Գորիսում Վանո Սիրադեղյանը մեզ արգելեց Հայաստան մտնել ասելով, թե հայաթափում ենք Ղարաբաղը: Տեղատարափ անձրևի  տակ ավտոբուսները կրկին Լաչին վերադարձան»,- հիշում  է տ-ն Գրետան:  Երբ հաջորդ օրն այդ խմբերին միացավ նաև Մարտակերտի ժողովուրդը,  Երևան վերադարձի ճամփան, որքան էլ Սիրադեղյանը չցանկանար, արդեն անխուսափելի էր: Հիմա ինչպե՞ս չասես` մտահոգվելու փոխարեն լավ կլիներ` Շահումյանը պահելու ցանկություն դրսևորեիք, որպեսզի շահումյանցիք այդպես ցիրուցան չլինեին աշխարհով մեկ ու նոր գերեզման չփնտրեին օտարության մեջ: Ինչպես  զրուցակցիս պատերազմի վետերան երկու եղբայրները, որոնց գաղթի ճամփաները  հեռավոր Կալինինգրադ հասցրին: Նրանք այդ քաղաքի պատվավոր  քաղաքացի դարձան ու շիրիմ գտան այդ օտար  հողում:

Կյանքը շարունակվում է: Շատ է պատահել` Գրետան մտքերով տարված  երթևեկել է  երևանյան փողոցներում, բայց մտովի քայլել է իր Վերինշենով, որտեղ ոչ միայն իր հայրական տունը, մանկությունն ու երիտասարդությունը մնաց, այլև ծնողների, հարազատների շիրիմները, որոնց  հոգիների հանգստության  մոմը միշտ վառում է Սբ. Սարգիս եկեղեցում:

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ…

Լուսանկարից մեզ նայող երիտասարդը Գրետայի քրոջ որդին է, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի  ուսանող Ֆուրման Գյորգյանը: Ծնվել է 1973 թ. օգոստոսի 28-ին,  զոհվել 1992 թ. սեպտեմբերի 29-ին Գյուլիստանի մոտակայքում:19-ամյա այս պատանին դեռ  8-րդ դասարանից է  եղել Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից: Անգամ ուսանող դառնալը նրան չկտրեց այդ «հիվանդությունից»: Երկու տարի անընդմեջ, հունվարյան քննությունները հանձնելուց հետո, պարտադիր գյուղ էր վերադառնում և  ինքնապաշտպանական ջոկատների կազմում տարբեր  մարտական գործողությունների մասնակցում:

Այդպես եղավ նաև 1992 թ. մայիսյան քննությունները հանձնելուց հետո, երբ իր ընտանիքն ու հարազատներն  արդեն Երևանում էին: Միևնույն է, նա կրկին Ղարաբաղ վերադարձավ: Շահումյանն արդեն ընկած էր, և Շահեն Մեղրյանը, պարտիզանական ջոկատներ կազմելով, փորձում էր հետ բերել կորցրածը: Միացավ այդ ջոկատներին: 1992 թ. սեպտեմբերի 29-ին Գյուլիստանի մոտակայքում, հատուկ առաջադրանքի ուղարկված ուղղաթիռի վթարից  զոհվեց 19-ամյակը նոր բոլորած խիզախ պատանին, որ սեպտեմբերին ոչ թե հատուկ առաջադրանք կատարելիս պիտի լիներ, այլ համալսարանի լսարանում: Մայր բուհն այսօր հերոսի անվան լսարան ունի:

Թաղված է Եռաբլուրում:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

 

Տիգրան Պետրոսյանը հռչակվեց Ալբենա բաց մրցաշարի հաղթող

տիգրան պետրոսյանԲուլղարիայի Ալբենա քաղաքում ընթացող ուժեղագույն բաց  մրցաշարն ավարտվեց մեր գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի փայլուն հաղթանակով: 1-ին տեղը գրավելու համար վերջին տուրում Տիգրանին կբավարարեր անգամ ոչ-ոքի արդյունքը, սակայն շախմատի համաշխարհային օլիմպիադաների կրկնակի չեմպիոնը հերթական անգամ ուրախացրեց իր բազմահազար երկրպագուներին՝ ամենապատասխանատու պահին էլ նա տարավ փայլուն հաղթանակ, 9 հնարավորից վաստակեց 8 միավոր, մոտակա մրցակիցների հետ տարբերությունը հասցրեց 1 միավորի և հերթական անգամ ապացուցեց, որ հայկական շախմատային միտքն ամենազորեղն է: Ի ուրախություն մեզ, 3-րդ մրցանակին էլ արժանացավ Հրանտ Մելքունյանը՝ վաստակելով 7 միավոր: Բրազիլաբնակ հայազգի գրոսմայստեր Գրիքոր-Սևակ Մխիթարյանը զբաղեցրեց 10-րդ, երևանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանն էլ 18-հորիզոնականը:

shamshyan.com

Կանանց բռնցքամարտ` զարգացման սուղ հնարավորություններ

sport 2-boxsԲռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս օրերին շարունակում է մրցելույթները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կազմակերպված Եվրոպայի առաջնությունում: Իսկ ահա այս մարզաձևի  հին աշխարհամասի և  աշխարհի կանանց առաջնություններն անցկացվում են առանձին:  Այդ է պատճառը, որ մեր երկրի մարզուհիների ընտրանին այժմ նախապատրաստվում է առաջիկա փորձություններին: Այդ մասին ահա թե ինչ ասաց թիմի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

– Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի կանանց հավաքականը կանոնավոր պարապմունքներ է անցկացնում: Թիմի թեկնածուների թվում 29 մարզուհի  կա: Բոլորն էլ հեռանկարային են, հույսեր են ներշնչում: Դժվարությամբ համակերպվեցի, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականից հետո մարզեմ մեր երկրի կանանց ընտրանին: Բայց այժմ այնպես եմ խորամուխ եղել այդ աշխատանքում, որ չեմ պատկերացնում ինձ առանց դրա: Մտահոգում է ֆինանսական կողմը: Միջոցները բավարար չեն մեր մարզուհիներին միջազգային մրցաշարերի գործուղելու համար, որպեսզի նրանք ռինգ դուս գան, կարողությունները փորձելու հնարավորություն ստանան: 

– Սովորաբար Հայաստանի բռնցքամարտի առաջնություններին զուգահեռ ուժերն են չափում նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Այս տարի ինչո՞ւ նման բան չարվեց:

– Ոչ բոլոր քաշային կարգերում ունենք մի քանի մարզուհիներ: Այդ է պատճառը, որ որոշվեց առաջնություն չանցկացնել: Եթե նախկինում ամեն քաշային կարգում արժանի մրցակցուհիներ կային, ապա այժմ  10 քաշային կարգերում ոչ բոլորում է այդպիսի վիճակ: Այդուհանդերձ, մի շարք քաշային կարգերում ունենք մեկական լավ մարզուհի: Եվրոպայի աշխարհի առաջնություններում մարզուհներն ուժերն են չափում 10 քաշային կարգերում, իսկ օլիմպիական խաղերում նրանք մրցում են միայն 3 քաշային կարգերում:

 – 2013-ին խոշորամասշտաբ ի՞նչ մեկնարկներ են նախատեսված:

– Մայիսին պետք է կայանային երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունները, սակայն կազմակերպիչ երկրի` Իտալիայի ներկայացուցիչները հրաժարվել են, և սպասում ենք, որ որոշվի, թե որտեղ են կայանալու այդ ստուգատեսները: 

– Ունե՞նք այնպիսի մարզուհիներ, որոնց հետ կարելի է հույսեր կապել:

– Ֆրիդա Սարգսյանը (48 կգ), Անի Հովսեփյանը (54 կգ), Անուշ Գրիգորյանը (81 կգ), Քրիստինե Սարգսյանը (51 կգ), Անուշ Աբգարյանը (56 կգ ) աղջիկների և երիտասարդ մարզուհիների ցանկացած մրցաշարում կարող են մեդալակիր դառնալ: Ընդ որում, մեր մարզուհիները հավակնում են 2014-ին հաջող մասնակցելու նաև պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին: Իսկ դրա համար պետք է մինչև վարկանշային մրցումները կարողությունները մի քանի անգամ փորձեն միջազգային մեկնարկներում, սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահություն ձեռք բերեն: Ինձ մտահոգում է, որ դրա հնարավորութունը չկա: Կարծում եմ, որ օլիմպիական ստուգատեսում կունենանք երկու մարզուհի: Քրիստինեն Եվրոպայի աղջիկների առաջնության մրցանակակիր է: Նախատեսված էր սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին մեծահասակների, երիտասարդների և աղջիկների Եվրոպայի առաջնություններն անցկացնել Ֆրանսիայում, սակայն ֆրանսիացիներն էլ հրաժարվել են  մրցումներ կազմակերպելուց: Առայժմ անորոշ վիճակ է, փորձում են նոր մրցավայր գտնել:

 – Հայաստանի հավաքականում մեծահասակ փորձառու մարզուհիներ կա՞ն:

– 64 կգ քաշային Արմինե Սինաբյանը մարզվում է Շվեդիայի Ուպսալա քաղաքում: Հին աշխարհամասի առաջնությունից երեք ամիս առաջ նա կժամանի Հայաստան: Արմինեի հետ կապը պահպանվում է: Առաջիկայում Արմինեն միջազգային մրցաշարի է մասնակցելու: Աշխեն Սիմոնյանն էլ 75 կգ քաշային կարգից  փոխադրվել է 81 կգ քաշային կարգ և քրտնաջան պարապում է: Ի դեպ, հավաքականի 6 մարզուհիներ Արմավիրի մարզից են և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ շաբաթը 5 օր Երևան են գալիս և պարապում  Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում գտնվող հարմարավետ մարզասրահում: Հավաքականում 18 մարզուհի է: Ի դեպ, կանանց բռնցքամարտը ոչ միայն Արամավիրի մարզում, մայրաքաղաքում է արմատավորված: Պարապողներ կան նաև Գյումրիում, Վանաձորում, այլ բնակավայրերում:

 – Կանանց բռնցքամարտը շա՞տ բանով է տարբերվում տղամարդկանց բռնցքամարտից:

– Կարելի է ասել, որ այժմ շատ քիչ է տարբերությունը, բայց կան  միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հատուկ որոշ նրբություններ: Ծանրաբեռնված պարապելու, տեխնիկատակտիկական պատարաստականության առումով մարզուհիները տղամարդկանցից գրեթե ոչնչով հետ չեն մնում: 2013-ին Չինաստանում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ ինքս հիացմունքով եմ հետևել բարձրակարգ մարզուհիների մասնակցությամբ մրցամարտերի: Ոչ միայն պատրաստականության մակարդակով, այլև  ռինգում դրսևորած  մտածելակերպով, մտահղացումների իրականացմամբ մարզուհիներն  ուժեղ սեռի ներկայացուցիչներից չէին տարբերվում: Կարելի է ասել, որ մարզուհիները բռնցքամարտի ավելի բարձր մշակույթ էին դրսևորում: Հատկապես ուշագրավ էր, որ իրար ջարդելու, վնասելու ձգտում չունեին:

 – Այնուամենայնիվ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար բռնցքամարտով զբաղվելը հեշտ գործ չէ: Մերոնք սիրո՞ղ մարզուհիներ են, թե՞ պրոֆեսիոնալ, նրանք վարձատրվո՞ւմ են:

– Ոչ մի վարձատրություն չկա: Միայն այս տարի մրցումներին մասնակցելու համար մեծահասակ մարզուհիների համար ֆինանսներ են հատկացվել: Ֆեդերացիայի ներկայացուցիչներն էլ ոչնչով չեն օգնում, պարզապես հրաժարվել են: Ֆեդերացիայի ղեկավարությունը մտադրություն չունի կանանց բռնցքամարտը ֆինանսավորել, չնայած այն օլիմպիական խաղերի ծրագրում է, երկրի պատվի խնդիր է:

  – Պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի վարկանիշային ի՞նչ մրցումներ են կազմակերպվելու:

– Առայժմ պարզ չէ, սակայն հնարավորը պետք է արվի որպեսզի մեր հեռանկարային մարզուհիներից երկուսը` Քրիստինեն և Անին ուղեգրեր նվաճեն և խաղերին  մասնակցեն:

– Ինչո՞ւ օլիմպիական խաղերում միայն երեք քաշային կարգում են մարզուհիները մրցում` 51 կգ, 60 կգ, 75 կգ:

– Չի բացառվում, որ հաջորդ օլիմպիական խաղերում այդ քաշային կարգերի թիվն ավելանա: Դա մեզ միայն կուրախացնի, քանի որ տարբեր քաշային կարգերում ունենք շնորհալի մարզուհիներ:

 – Ինքնանպատակ չէ՞, որ մեր երկրի կանանց հավաքականը կանոնավոր պարապում է, սակայն դրսում միջազգային մրցաշարերի մասնակցելու շատ սահմանափակ հնարավորություններ ունի:

– Մտավախությունն այն է, որ  աղջիկները կարող են հուսահատվել: Հայաստանում կանանց բռնցքամարտը զարգացնելը դժվար է: Պատկերն այլ կլիներ, եթե մարզուհիները շահագրգռվածություն ունենային, միջազգային մրցումների հաճախակի մասնակցեին, մրցանակներ նվաճելու հնարավորություն ստանային: Մնում է սպասել, որ աստիճանաբար ամեն բան կկարգավորվի:

 – Հայաստանում կա՞ն բռնցքամարտի կենտրոններ, որոնք իրենց դռները փակում են գեղեցիկ սեռի  ներկայացուցիչների առջև:

– Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրահանգ է տվել, որ բռնցքամարտի կենտրոններում զարգացնեն կանանց բռնցքամարտը: Թեև մասսայականության առումով գոհանալու առիթ չկա, բայց եթե մեր մարզուհիները լավ արդյունքի հասնեն, պարապողների թիվը կտրուկ կավելանա:

 – Հավաքականի մարզուհիները ձգտո՞ւմ են պրոֆեսիոնալ դառնալ, հետագայում մեծ փողեր վաստակել:

–  Այդ մասին դժվարանում եմ որևէ բան ասել, սակայն շնորհալի մարզուհիներ կան: Առայժմ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացնելու, մրցամարտեր կազմակերպելու ուղղությամբ քայլեր չի կատարում, թեև տղամարդկանց բռնցքամարտում ԱԻԲԱ-ի հովանու ներքո նաև պրոֆեսիանալների  մրցաշարեր են անցկացվում:

 

Բեյոնսեն աճուրդի է հանել իր հետ մեկ օր անցկացնելու հնարավորությունը

Երգչուհի ԲեյոնսենԵրգչուհի Բեյոնսեն պաշտոնապես հայտարարել է, որ նա, ով առաջինը կվճարի 25.000 դոլար, մի ամբողջ օր կանցկացնի իր հետ «Show World Tour» համերգային շրջագայության ընթացքում:
Հաջողակ (և հարուստ) երկրպագուն ժամանակ կանցկացնի սիրելի աստղի հետ կուլիսներում, կստանա բազաթիվ նվերներ,  Բեյոնսեի և իր հատուկ ֆոտոշարքը, VIP կարգավիճակում կդիտի երգչուհու համերգը:

Աճուրդը կտևի մինչև հուլիսի 11-ը: Հենց այդ օրն էլ կհրապարակվի հաջողակի անունը:

Դիտա ֆոն Թիզը ստեղծել է ներքնազգեստի հավաքածու

20130706-dita-2Շոու ծրագրերի աստղ Դիտա ֆոն Թիզը որոշել է «հրապուրել» իր իսկ երևակայության ներքնազգեստներով: Նա ստեղծել է ներքնազգեստի իր հավաքածուն: Ավելին` աստղն ինքն է նկարահանվել հավաքածուի գովազդում:
Ռետրո ոճն ու ժամանակակից տեխնոլոգիաները համադրող հավաքածուում մինիմալիզմին տեղ չկա, իշխում են գույները, ժանյակը, մետաքսը, ատլասը և հարուստ դեկորը: Դիտայի խոսքերով` յուրաքանչյուր կին պետք է ունենա նման ներքնազգեստ: