Հայաստանը կշարունակի իր միջազգային խաղաղապահ առաքելությունը
«Միջազգային համագործակցությունը մեր միջազգային երաշխիքների ամրապնդման ուղղությունն է և չենք կարող առանց միջազգային համագործակցության մեր իմիջի և մեր երկրի անվտանգության համար համապատասխան երաշխիքներ ստեղծել»,- ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Նոյեմբերյանի տարածաշրջանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով`հայաստանի մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելությանը շարունակական է լինելու. «Խաղաղապահ առաքելությունը մեր մասնակցությունն է անվտանգության այն խնդիրներին, որոնք այսօր մտահոգիչ են միջազգային հանրության համար: Մենք միջազգային խաղաղապահ առաքելությամբ ցույց ենք տալիս, որ ոչ միայն սպառողն ենք, այլ նաև մասնակիցը միջազգային անվտանգույթյան ապահովման»:
Ներկայում Հայաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Աֆղանստանում և Կոսովոյում, ինչը կլինի շարունակական: Հայաստանը բանակցում է Իտալիայի հետ Լիբանանում խաղաղապահ առաքելություն սկսելու համար, ինչպես նաև հավանություն է տրվել ՄԱԿ-ի շրջանակներում Լիբանանում, գուցե նաև Հյուսիսային Աֆրիկայում ծառայությունն իրականացնելու ծրագրին:
« Դրանով մենք բարձրացնում ենք մեր փոխգործունակությունը, փոխկապակցված մեր հնարավորությունները,- ասում `Օհանյանը`հավելելով, որ Աֆղանստանում ծառայության առաջին իսկ տարիներին հայ խաղաղապահները ծառայության այնպիսի պայմաններ են ստեղծել, որպիսին չի եղել մինչ այդ:- Գերմանական զարախմբի ղեկավարությունը ապշած էր մեր զինծառայողների հնարամտություններով»:
Աղջիկները ևս կկարողանան յուրացնել սպայի մասնագիտությունը
ՊՆ-ն այս տարի իգական սեռի ներկայացուցիչների համար ընդունելություն է հայտարարել բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով`ներկայում զինված ուժերում բավականին մեծ քանակությամբ աղջիկներ են ծառայում`այն ոլորտներում, որտեղ որ իրենք կարող են ծառայել, օրինակ`բուժքույրներ, կապավորներ, ավտոմատ կառավարման համակարգում, նաև մարտական ստորաբաժանումներում կան աղջիկներ: Այդ ամենը իրականացվում է կամավոր սկզբունքներով: Իսկ այս տարվանից ցանկության դեպքում աղջիկները ևս կարող են ընդունվել ռազմական ուսումնական հաստատություններ:
«Բոլորին հրավիրում եմ սովորելու, մենք համապատասխան պայմաններ կստեղծենք: Աղջիկները, որոնք որ կսովորեն բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություններում, երեկոյան ժամերին կկարողանան իրենց տուն գնալ, բայց միևնույն ժամանակ դա չի բերի նրան, որ իրենց մասնագիտությանը չեն տիրապետի»,- ասում է Օհանյանը:
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Հայաստանի՞ն
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել է, որ “եթե հայկական կողմը գազ մատակարարելու խնդրանքով դիմի իրենց, իրենք չեն մերժի”:
“Ադրբեջանը “մարդասեր” երկիր է և գիտակցում է իր դերը որպես տարածաշրջանի առաջնորդի: Եթե Հայաստանը գազի հետ կապված խնդիրը լուծելու խնդրանքով մեզ դիմի, մենք կարող ենք օգնել”,-ադրբեջանական “ANS ТВ” հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Աբդուլաևը, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ”կայքը:
Կայքը ընդգծում է, որ Ադրբեջանը Վրաստանին գազ է վաճառում 1 000 խորանարդ մետրը 230 դոլարով, իսկ Ռուսաստանը Հայաստանին 1 000 խորանարդ մետր գազը վաճառում է 315 դոլարով:
Մեկնաբանելով SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևի հայտարարությունը`Ադրբեջանի Հանրապետության նախագահի աշխատակազմի պետի տեղակալ, Արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովը հայտարարել է. “Հիմա Հայաստանն իր “ագրեսիվ քաղաքականության” պատճառով գտնվում է ծանր դրության մեջ: Եթե նրանք, հաշվի առնելով իրենց ծանր վիճակը, դիմեն ադրբեջանական կողմին, մենք կկարողանանք առաջադրել մեր պայմանները և պահանջները”:
76-ամյա առաջին տեզերագնաց կինը դեպի Մարս միակողմանի թռիչք կատարելու ցանկություն է հայտնել
Դեպի տիեզերք թռիչք կատարած առաջին կինը հայտնել է, որ եթե իրեն հնարավորություն տան ուղևորվել Մարս, ապա ինքն անպայման կօգտագործի այդ հնարավորությունը, եթե նույնիսկ այլևս հետ չվերադառնա երկիր:
76-ամյա Վալենտինա Տերեշկովան նշել է, որ Մարսն իր սիրելի մոլորակն է, և ինքը երազում է այնտեղ գնալու մասին:
«Մենք գիտենք մարդու հնարավորությունների սահմանը: Իսկ սա մեզ համար երազանք է: Շատ հավանական է, որ առաջին թռիչքը միակողմանի լինի: Սակայն ես պատրաստ եմ»,-ավելացրել է ռուս տիեզերագնացը:
Տերեշկովան 26 տարեկանում ազգային հերոս դարձավ՝ միանձնյա թռիչք կատարելով դեպի տիեզերք: Նա նաև եղել է Կարմիր մոլորակ գնալու հնարավորությունները ուսումնասիրող խմբի անդամ:
Տելեշկովան սիրողական մակարդակի պարաշյուտիստ էր, երբ նրան ընդգրկեցին Մոսկվայի տիեզերական ծրագրի մեջ: Նա իր թռիչքը իրականացրել է 1963թ-ին, որի համար պարգևատրվել է Սովետական միության հերոսի կոչմամբ:
Նա իր երեք օր տևած առաքելության ընթացքում 48 անգամ պտտվել է Երկրի շուրջ և սահմանել ամենակարճ ժամանակահատվածում ամենաշատ շրջապտույտները կատարելու նոր ռեկորդ:
Հետագայում որպես Սովետական միության ներկայացուցիչ նա պարգևատվել է ՄԱԿ-ի խաղաղության ոսկե մեդալով:
Հունիսի 16-ին Ռուսաստանում կնշվի Տելեշկովայի պատմական թռիչքի 50-ամյակը:
Նյու Յորքում տեղի է ունեցել զուգարանի թղթից պատրաստված հարսանեկան զգեստների ամենամյա մրցույթը
Իններորդ ամենամյա զուգարանի թղթից պատրաստված հարսանեկան զգեստների մրցույթում հաղթող զգեստը պատրաստված էր 16 գլանափաթեթ զուգարնի թղթից, փայլող սոսինձից, մթույան մեջ փայլող սոսինձից, թելից:
Ալբանական ծագում ունեցող կալիֆորնացի վարսահարդար Միմոզա Հասկան մրցույթից հեռացել է 2,000 դոլար պարգևատրմամբ իր մանր ծաղիկներով և թագով թղթից պատրաստված ստեղծագործության համար:
Մրցույթը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Նյու Յորքում: Այն կազմակերպվել էր Cheap-Chic-Weddings.com-ի կողմից:
Մրցույթի մասնակիցներին իրենց զգեստների պատրաստման համար թույլատրված էր օգտագործել միայն թուղթ, կպչուն ժապավեն, սոսինձ և թել: Նրանք իրենց ստեղծագործությունների վրա աշխատել են ավելի քան մեկ ամիս:
Cheap-Chic Weddings-ը արդեն ինը տարի է, ինչ կազմակերպում է այս մրցույթը և ընկերության համահիմնադիրներից մեկը տեղեկացնում է, որ յուրաքանչյուր տարի զգեստները ավելի ու ավելի տպավորիչ են դառնում:
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները համապատասխանաբար ստացել են 1,000 և 500 դոլար:
Սեյրան Օհանյանը Գորիսի միջադեպի մասին
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հինգշաբթի այցելել է Գորիսում նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանին: Ասում է, որ Բուդաղյանի վիճակը միջին ծանրության է, նրա հետ կարճ զրուցել է, սակայն դեպքի վերաբերյալ մանրամասներով չի ծանրաբեռնել:
«Որպես անձ, և որպես ԶՈՒ ղեկավար դատապարտում եմ ցանկացած միջանձնային այդպիսի ելքով դեպքեր, դատապարտում եմ ոչ միայն զինվորականի և քաղաքացիականի միջև վեճը, այլ նաև յուրաքանչյուր քաղաքացու միջև: Մենք այնքան սպառնալիքներ և մարտահրավերներ ունենք դրսիցՙ մեզ հայտնի ու ոչ լավը ցանկացող հարևան պետությունների կողմից, որ ներսում պետք է միասնական լինենք, և այդպիսի վեճերը պետք է ավարտվեն խոսքով,- ասում է Օհանյանը:- Եվ իհակե դատապարտում եմ ոտնձգությունները, որոնք կատարվում են և զինվորի և բարձրաստիճան սպայական անձնակազմի նկատմամբ»:
Նախարարի կարծիքով դեպքը տեղի է ունեցել պահի ընթացքում ծագած միջանձնային հարաբերությունների ընթացքում: «Չեմ կարծում, որ դեպքն արդյունք է նրա, որ զինվորականի կեցվածի կամ համազգետսի անկում կա: Հայոց բանակի սպա և զինվոր լինելը հերոսական մասնագիտություն է, քանի որ ամեն վայրկյան առնչվում են վտանգի, դժվարությունների, զինվորական ծառայությանը հարիր սահմանափակումների հետ»:
Նախարարը համամիտ չէ կարծիքի հետ, որ երկրում անպատժելիության մթնոլորտ է տիրում և կատարվածը դրա հետևանք է: Նրա համոզմամբ քննությունը կպարզի ողջ իրողությունը և մեղավորները կպատժվեն:
Ռուսաստանի հակամիասեռականները զգուշացրել են ցույց կազմակերպել, եթե Էլթոն Ջոնը համերգի ժամանակ փայլուն հագուստ հագնի
Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնին զգուշացրել են, որ Ռուսաստանում կայանալիք համերգի ժամանակ չհագնի իր փայլուն բեմական հագուստները, հակառակ դեպքում հակամիասեռականները ցույց կկազմակերպեն:
Երգիչը պատրաստվում է հաջորդ ամիս համերգով հանդես գալ Կրասնոդար քաղաքում, իսկ կոմունիստական խմբակցության անդամները նրան հայտնել են, որ իր բեմական հագուստները պրոպագանդում են համասեռամոլությունը և կարող են հակասել տեղի օրենքներին, որոնցով համասեռամոլությունը քրեական արարք է համարվում:
Դրա փոխարեն Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունն առաջարկել է նրան համերգի ժամանակ հագնել ավանդական կազակական հագուստ:
Կուսակցության տեղի ղեկավարն առաջարկել է, որ Էլթոնը հագնի մինչև ծունկը երկարություն ունեցող կաֆթան, երկարաճիտ կաշվե կոշիկներ և գլխին դնի մորթե գլխարկ՝ Ռիա Նովոստիին տեղեկացնելով, որ դա ավելի հարգալից վարքի դրսևորում կլինի:
Էլթոն Ջոնի ներկայացուցիչը չի ցանկացել մեկնաբանել այդ նորությունը:
Նաոմի Քեմփբլը դատարանի առջև կկանգնի իտալացի լուսանկարչի վրա հարձակվելու համար
Հայտնի մոդել Նաոմի Քեմփբլին դատի են տվել իտալացի լուսանկարչի վրա հարձակման համար: Ըստ տեղեկությունների՝ հարձակումից հետո տղամարդը որոշ ժամանակ անց է կացրել հիվանդանոցում:
Սուպերմոդելը հարվածել և ճանկռել էր պապարացիին, երբ նա լուսանկարում էր նրան իր նախկին միլիարդատեր ընկերոջ հետ հանգստանալիս:
Ջովաննին պնդում է, որ իր դեմքը ճանկռվել և կապտել էր, երբ Քեմփբլը նրան ապտակել և պայուսակով հարվածել էր:
Տղամարդը իտալական La Repubblica թերթին հայտնել էր, որ նրա եղունգը վնասել էր իր ձախ աչքը և մի քանի վարկյան նա ոչինչ չի կարողացել տեսնել, միայն լսել է, թե ինչպես են նրա թիկնապահը և ընկերը հեռացնում սուպերմոդելին:
Քեմփբելը չի ընդունում իր դեմ առաջադրված մեղադրանքը, և այսօր նրա ներկայացուցիչը հայտնել էր, որ Նաոմին պապարացիների բռնության զոհ է դարձել:
Դեպքը տեղի էր ունեցել 2009 թ-ին Սիցիլիայի ծովափերից մեկում, որից հետո, ըստ Ջովաննիի տեղեկությունների, ինքը հիվանդանոցում մնացել է երեք օր:
Էմիլ Բաբայան. Հանձնաժողովը չունի այլընտրանք, քան խստորեն առաջնորդվել օրենքով
«Փաստինֆո» գործակալության հարցերին է պատասխանում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Էմիլ Բաբայանը:
-Պարոն Բաբայան, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը գործում է մոտ 1.5 տարի, սակայն միայն վերջերս է տվել իր առաջին եզրակացությունները: Ինչո՞վ է պայմանավորված նման դանդաղկոտությունը:
-Այո ճիշտ եք, հանձնաժողովը գործում է 2012 թվականի հունվարի 20-ից արդեն 1.5 տարի և իր առաջին եզրակացությունները տվել է մայիսի 3-ին: Սակայն ես չեմ կարծում, որ գործ ունենք դանդաղկոտության հետ: Ավելի շուտ գործ ունենք նոր ստեղծված մի կառույցի հետ, որը անխուսափելիորեն պետք է անցնի կայացման փուլ: Համաձայնեք, որ իրատեսական չէր լինի ակնկալել, որ մեր պետության մեջ նախադեպը չունեցող կառույցը իր ստեղծման պահից անմիջապես պետք է սկսեր բուռն գործունեություն ծավալել մի ոլորտում, որն ամբողջովին նոր է: 2012 թվականի ընթացքում մենք ստիպված ենք եղել լուծել տարաբնույթ տեխնիկական և կազմակերպչական խնդիրներ, որոնք կարող են այնքան ել տեսանելի չլինել, սակայն առանց դրանց լուծման մենք չէինք կարող բնականոն գործունեություն ծավալել: Ոչ պակաս կարևոր է եղել նաև այն հանգամանքը, որ աշխատանքը, որ հանձնաժողովը կատարում է և պետք է կատարի Հայաստանում երբեք չի կատարվել, հետևաբար չկա կուտակված փորձ և համապատասխան մասնագետներ: Այս պայմաններում հանձնաժողովի անդամներ համար ոլորտին առնչվող մասնագիտական գիտելիքների կուտակումը և միջազգային փորձի ուսումնասիրությունը դառնում է չափազանց կարևոր: Անցած մեկ ու կես տարվա ընթացքում այս ուղղությամբ նույնպես մեծ քանակի աշխատանք է կատարվել:
-Հանձնաժողովի եզրակացությունները, մասնավորապես ՊԵԿ նախագահ Գ. Խաչատրյանի մասով, միանշանակ չընդունվեցին հանրության կողմից: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:
-Ցանկացած նորմալ հասարակությունում ցանկացած հարցի վերաբերյալ միշտ էլ լինում են տարբեր մոտեցումներ և դա բնական է: Կարծում եմ՝ հասարակությանը մտահոգող հարցերի բաց քննարկումն այն ճանապարհն է, որը տանելու է դեպի առկա խնդիրների արագ և արդյունավետ լուծման: Սակայն նման դեպքերում կարևոր է, թե քննարկման մասնակիցները քննարկում են առկա փաստերի համադրությունը օրենքի պահանջների հետ, թե համադրում են իրենց նախապես ունեցած համոզմունքները հանձնաժողովի եզրակացության հետ: Հանձնաժողովը «Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան պարտավոր է որդեգրել առաջին տարբերակը՝ և համադրել առկա փաստերը օրենքի պահանջների հետ, ինչը և արել է իր եզրակացության մեջ: Առաջնորդվել երկրորդ մոտեցմամբ այն է՝ իր եզրակացությունները կառուցել հասարակական ակնկալիքների վրա հանձնաժողովը ուղղակի չի կարող: Եվ եթե նույնիսկ կարողանար էլ, կարծում եմ դա կլիներ այս հանձնաժողովի որպես կառույց ոչնչացման ամենակարճ ճանապարհը: Եթե ուսումնասիրելու լինենք որևէ այլ պետությունում նմանատիպ կառույցների կայացման պատմությունը կտեսնենք, որ միշտ էլ որոշ ժամանակ է պահանջվում դրանց կայացման համար և երբեք դրանց գործունեության արդյունքները միանշանակ չեն ընդունվում հասարակության կողմից:
-Ի վերջո, ի՞նչ է եզրակացրել հանձնաժողովը ՊԵԿ նախագահի և Վանաձորի քաղաքապետի հետ կապված վարույթի արդյունքում:
-Նախ ասեմ, որ եզրակացություններում հանձնաժողովը իրեն առաջադրված հարցերը փորձել է համակողմանի քննարկման ենթարկել, ինչ արդյունքում մենք ունենք մի դեպքում 14, իսկ մյուս դեպքում 9 էջից բաղկացած եզրակացություններ: Փորձեմ դրանք ներկայացնել հնարավորինս խուսափելով իրավաբանական ձևակերպումներից: ՊԵԿ նախագահի մասով հանձնաժողովը ստացել էր համարյա նույնաբովանդակ դիմումներ «Թրանսպարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնից և քաղաքացի Ռ. Նիկողոսյանից: Երկու դիմումատուներն էլ ներկայացրել էին մամուլի որոշ հրապարակումներ որոնցում պնդում կար, որ մի շարք ընկերություններ պատկանում են ՊԵԿ նախագահին: Դիմումատուները խնդրել էին հանձնաժողովին պարզել թե արդյոք այդ հրապարակումները համապատասխանում են իրականությանը և եթե այո, ապա արդյոք դրանց առնչությամբ ՊԵԿ նախագահը չի գտնվում շահերի բախման իրավիճակում: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը որդեգրել է գործողությունների շատ պարզ տրամաբանություն՝ 1. Պարզել թե ում են պատկանում դիմումներում նշված ընկերությունները, 2. Ի պաշտոնե ինչ առնչություն է ունեցել ՊԵԿ նախագահը այդ կազմակերպությունների հետ, և վերջապես 3. Համադրել ստացված փաստերը օրենքի պահանջների հետ: Մի շարք գերատեսչություններից և անձամբ ՊԵԿ նախագահից ստացված փաստերից պարզ դարձավ, որ նշված ընկերություններից ոչ մեկը չի պատկանում ՊԵԿ նախագահին, ավելին՝ դիմումներում նշված ընկերություններից մի քանիսը գոյություն չունեն: Այստեղ պետք է պարզաբանել, որ «պատկանել» եզրույթը հասարակության մեջ կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, սակայն համաձայն գործող օրենսդրության պատկանել նշանակում է, որ տվյալ անձը հանդիսանում է տվյալ ընկերության հիմնադիր կամ մասնակից: Սակայն այստեղ առաջանում է երկրորդ խնդիրը՝ շահերի բախման իրավիճակում գտնվելու համար պարտադիր չէ, որ ընկերությունը պատկանի պաշտոնատար անձին, այն կարող է պատկանել նաև նրան հետ փոխկապակցված անձի: Եվ իսկապես դիմումներում նշված ընկերությունների մի մասում մասնակից կամ հիմնադիր էին հանդիսանում ՊԵԿ նախագահի հետ ազգակցական կապի մեջ գտնվող անձինք: Սակայն ազգակցական կապը դեռևս չի նշանակում, որ մենք գործ ունենք փոխկապակցված անձի հետ: Այստեղ նույնպես հայ հասարակության մեջ կարող են լինել բազմաթիվ մոտեցումներ, սակայն այս առումով օրենքը հստակ սահմանում է փոխկապակցված անձանց շրջանակը: Եվ փաստերը համադրելով օրենքի սահմանումների հետ մենք ունենք այն իրավիճակը, որ նշված ընկերություններից միայն երկուսն էին, որ պատկանում էին ՊԵԿ նախագահի հետ փոխկապակցված անձանց, այն է՝ նրա զավակներին: Այս երկու ընկերությունների մասով էլ ոչ դիմումներում և ոչ էլ հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ չեն եկել փաստեր, որ կվկայեին, որ ՊԵԿ նախագահը իր լիազորությունների շրջանակում կատարել է այնպիսի գործողություն կամ ընդունել է այնպիսի որոշում, որն ինքնին օրինական լինելով կարող է հանգեցնել կամ նպաստել նշված ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը՝ ինչը պարտադիր պայման է շահերի բախման իրավիճակում գտնվելու փաստը արձանագրելու համար: Ինչ վերաբերում է Վանաձորի քաղաքապետի հետ կապված վարույթին ապա այստեղ ամեն ինչ ավելի պարզ էր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահը իր դիմումում, հղում անելով Վանաձորի քաղաքապետի լրատվական միջոցներից մեկին տված հարցազրույցին, նշել էր, որ իր կարծիքով քաղաքապետը որոշ արտահայտություններ անելով հարգալից վերաբերմունք չէր դրսևորել քաղաքացիների նկատմամբ: Վանաձորի քաղաքապետը իր բացատրություններում ընդունել էր, որ իսկապես ոչ տեղին արտահայտություն է թույլ տվել և հայցել էր քաղաքացիների ներողամտությունը: Հանձնաժողովը գտել է, որ իսկապես նշված արտահայտությունը կարող է վիրավորական հնչել, սակայն հանձնաժողովը նաև հաշվի էր առել այն փաստը, որ Վանաձորի քաղաքապետը նշված հարցազրույցի հենց հաջորդ օրը փորձել էր հրապարակային ներողություն հայցել այն քաղաքացիներից ովքեր կարող էին վիրավորվել նրա ոչ տեղին արտահայտությունից: Համադրելով բոլոր փաստերը հանձնաժողովը գտել էր, որ Վանաձորի քաղաքապետի գործողությունների շղթան տեղավորվել է էթիկայի կանոնների շրջանակում, սակայն հարցը փակված համարելու համար առաջարկել էր քաղաքապետին աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել քաղաքացիներից: Ավելացնեմ, որ այս վերջին առաջարկը պարտադիր բնույթ չուներ քաղաքապետի համար, սակայն նա հարգելով իր համայնքի բնակիչներին անմիջապես կատարել է հանձնաժողովի առաջարկը:
-Ձեր ասածից կարելի՞ է եզրակացնել, որ հանձնաժողովը կիրառել է օրենքը և եթե հասարակության մի հատվածը դժգոհ է հանձնաժողովի եզրակացությունից պետք է բողոքի օրենքից և ոչ թե հանձնաժողովից:
-Ես ամենևին հակված չեմ պնդելու, որ հանձնաժողովը գործել է անթերի, սակայն մի բան հստակ է՝ հանձնաժողովը չունի այլընտրանք քան խստորեն առաջնորդվել օրենքով, նույնիսկ այն դեպքերում, երբ օրենքով առաջնորդվելու դեպքում մենք ունենում ենք հասարակության կողմից ոչ միանշանակ ընդունվող եզրակացություն: Հանձնաժողովի անդամները նույնպես բարձրաստիճան պաշտոնատար անձինք են և ենթարկվում են նույն էթիկայի կանոններին ինչ բոլորը, իսկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի առաջին կանոնը պահանջում է հարգել օրենքը և ենթարկվել օրենքին: Մի բան հստակ է մենք առաջնորդվում ենք և այսուհետ ևս առաջնորդվելու ենք այն սկզբունքով, որ օրինականություն կարելի է հաստատել միայն օրինական ճանապարհով:
-Հանձնաժողովը պլանավորո՞ւմ է առաջիկայում հանդես գալ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով, հաշվի առնելով հնչող քննադատությունները:
-Օրենսդրական փոփոխություններ կատարելու հարցին, իմ կարծիքով, պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ: Այդ մասին կարելի է խոսել միայն այն բանից հետո, երբ հանձնաժողովի որոշակի փուլի գործունեության արդյունքները կամփոփվեն, վեր կհանվեն այն խնդիրները, որոնք լուծում են պահանջում, սակայն դրանց լուծումը անհնարին է առկա օրենսդրական կարգավորման շրջանակներում, կուսումնասիրվի տվյալ խնդրին առնչվող միջազգային լավագույն փորձը: Այստեղ է, որ մենք իսկապես կարիք ունենք տարբեր գաղափարների բաց և շահագրգիռ քննարկման, ինչի արդյունքում կծնվեն մեր պետության համար օգտակար առաջարկներ:
-Այս պահին հանձնաժողովի վարույթում կա՞ն գործեր և ընդհանրապես ինչո՞վ է այս պահին զբաղված հանձնաժողովը:
-Հանձնաժողովի վարույթում այս պահին քննարկվող գործ չկա: Սակայն վարույթներ հարուցելը հանձնաժողովի միակ գործառույթը չէ: Հանձնաժողովը 2012 թվականի համար իր առջև մի քանի առաջնային խնդիր էր դրել, որոնցից են հայտարարագրերի ներկայացման համակարգի ձևավորումը և հայտարարագրերում առկա տեղեկատվության հրապարակայնության ապահովումը: Ինչպես գիտեք այս երկու կարևոր խնդիրները մենք արդեն լուծել ենք: Ստեղծվել է հանձնաժողովի պաշտոնական կայքէջը www.ethics.am, որտեղ հրապարակված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը: Եվ այս հայտարարագրերը պարբերաբար հայտնվում են հասարակության ուշադրության կենտրոնում: Այս պահին Համաշխարհային բանկի օժանդակությամբ մենք զբաղված ենք այս համակարգի արդիականացմամբ: Այս ծրագրի շրջանակում իրականացվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց թղթային տարբերակով հայտարարագրումից էլեկտրոնային հայտարարագրման համակարգին անցումը: Էլեկտրոնային հայտարարագրման համակարգի շրջանակում նախատեսվում է ներդնել հայտարարագրերի վերլուծության էլեկտրոնային համակարգ, որը կներառի ըստ առանձին ցուցանիշների ռիսկերի գնահատման բաղադրիչ: Մենք առցանց կապի մեջ կգտնվենք մի շարք գերատեսչությունների հետ և հնարավորություն կունենաք արագ և արդյունավետ ստուգելու հայտարարագրերում ներկայացված տվյալները: Մինչև այս տարվա վերջ այս համակարգը պատրաստ կլինի, որը որակական նոր աստիճանի կբարձրացնի մեր աշխատանքը, ինչպես նաև դրա հրապարակայնությունը:
Մեհրիբան Ալիևան ընտրվել է Իլհամ Ալիևի գլխավորած կուսակցության փոխնախագահ
Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան դարձել է իշխող “Ենի Ազերբայջան” (Նոր Ադրբեջան) կուսակցության ղեկավարության անդամ:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, կուսակցության համագումարի որոշմամբ՝ Մեհրիբան Ալիևան դարձել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած “Ենի Ազերբայջան” կուսակցության փոխնախագահ։
Նրանից բացի, փոխնախագահներ են ընտրվել նաև Գիտությունների ակադեմիայի նախագահ Աքիֆ Ալիզադեն, Ալի Ահմեդովը, ինչպես նաև փոխվարչապետ Ալի Հասանովը։
Վարչապետն ազատամարտիկների հետ քննարկել է նրանց հուզող խնդիրները
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած ազատամարտիկներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Կառավարության ղեկավարը լսել է ազատամարտիկներին հուզող խնդիրներն ու հարցերը, վերջիններիս հետ հանգամանալից քննարկել դրանց լուծման հնարավորությունները, ուղիները, ծանոթացել նրանց ներկայացրած առաջարկությունների փաթեթին:
Որպեսզի պետության օժանդակությունը լինի հասցեական՝ վարչապետը հանձնարարել է Պաշտպանության նախարարությանը մանրամասն ուսումնասիրել սոցիալական ծրագրերում ներգրավված ազատամարտիկների ցուցակները և դրանցում իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ:
Ազատամարտիկները վարչապետի հետ կիսվել են, որ սոցիալական խնդիրներից զատ, այսօր իրենց ոչ պակաս մտահոգում է հասարակության ոչ պատշաճ վերաբերմունքն իրենց նկատմամբ, ինչը բարոյալքման ֆոն է ստեղծում: Նրանք մատնանշել են նաև լրատվամիջոցների ոչ ճիշտ արձագանքն իրենց բարձրացրած խնդիրներին. իրենք ոչ թե բողոքում են, այլ հրավիրում կառավարության ուշադրությունն իրենց նկատմամբ:
Որպես այդ ուշադրության առաջին դրսևորում, ազատամարտիկներն առաջարկել են, որպեսզի հանրապետությունում սահմանվի Ազատամարտիկի օր, որը կկարգավորվի օրենքով: Զրուցակիցները քննարկել են նաև հայրենասիրական դաստիարակությանը, Ազատամարտիկի թանգարանի հիմնմանը և այլ խնդիրներին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը խոստացել է կառավարությունում քննարկել բարձրացված խնդիրները, փորձել գտնել անհրաժեշտ լուծումներ, որոնք կարճ ժամանակ անց ևս մեկ անգամ կքննարկվեն ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ:
Էներգետիկ անվտանգությունն իր մասին հիշեցրեց
Հայաստանում էներգետիկ անվտանգության հարցը մեկ անգամ ևս գլուխ բարձրացրեց, երբ սկսեցին շրջանառվել խոսակցությունները, թե «Հայռուսգազարդը» դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով` գազի սակագինը Հայաստանում վերանայելու համար: Էներգետիկ անվտանգությունը, գլոբալ առումով, կանխորոշիչ նշանակություն ունի, հատկապես Հայաստանի համար, որովհետև մենք հիշում ենք 90-ականների սկզբի էներգետիկ ճգնաժամը, ինչը հանգեցրեց ընդհանրապես տնտեսության կոլապսի, ահավոր արտագաղթի: Ինչպես բխում է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության դրույթներից, երկրի էներգետիկ անվտանգությունը հանդիսանում է հայոց պետականության դիմադրողականությունը պայմանավորող կարևորագույն տարրերից մեկը:
Եթե խոսքը էներգակիրների գներով պայմանավորված էներգետիկ անվտանգության, կամ ավելի ստույգ` էներգետիկայի դիվերսիֆիկացման մասին է, ապա գազի թանկացումը, իհարկե, ազդեցություն կունենա երկրի սոցիալական վիճակի վրա: Իհարկե, թերևս դեռ ոչ այնքան սուր, պայթյունավտանգ իրավիճակ ստեղծի, քանի որ պետությունն ինչ-որ չափով թանկացումը սուբսիդավորում է: Բայց եթե մենք ստիպված լինենք վճարել միջազգային գին, ապա բավական բարդ սոցիալական վիճակ կստեղծվի:
«Իսկ սոցիալական վիճակի վատթարացումը կբերի քաղաքական բարդ իրավիճակի: Այսինքն` շատ վճարող, ոչ ունևոր մարդն արդեն կսկսի ավելի բողոքական քաղաքական դիրքորոշում ունենալ: Այդ ամենը առկա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ սոցիալ-տնտեսական վիճակը Հայաստանում չի փոխվի: Ինչքան ավելի զարգանա մեր տնտեսությունն ու կայունանա մարդկանց բարեկեցությունը, այնքան էներգակիրների միջազգային գներն ավելի պակաս կազդեն սոցիալական և քաղաքական գործընթացների վրա»,- նշում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն, քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սևակ Սարուխանյանը, որ բազմիցս հանդես է եկել ՀՀ էներգետիկ անվտանգությանը վերաբերող հոդվածներով և ուսումնասիրություններով:
Ո՞ւր են «Հավակնոտ» ծրագրերի արդյունքները
Կառավարությունը դեռևս 2007 թ. նոյեմբերին հաստատեց Էներգետիկայի նախարարության (այժմ` ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն) գործունեության ծրագիրը, որը միտված էր ոլորտի երկարաժամկետ զարգացմանը: Ծրագիրը բխում էր ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգից և սահմանում էր նախարարության գործունեության հիմնական ուղղությունները: 1. ապահովել ցածր գներով հուսալի էլեկտրամատակարարում բոլոր սպառողների արմատական կարիքները բավարարելու համար` միևնույն ժամանակ խթանելով երկրում էներգախնայողությունը: 2. խուսափել էներգիայի ներկրման այնպիսի եղանակներից, որոնց պարագայում Հայաստանի անվտանգությունը կարող է ենթարկվել Հայաստանի Հանրապետության իրավասությունից դուրս գտնվող իրադարձությունների ու քաղաքականության անհարկի ազդեցությանը, երկրի էներգետիկ հաշվեկշռում առավելագույնս օգտագործել սեփական վերականգնվող էներգառեսուրսները և միջուկային էներգիան: 3. ապահովել Հայկական ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը և այլն:
Ընդհանրապես էներգետիկ անվտանգությունը բաղկացած է երեք հիմնական մասերից` էներգիայի գնից, մատակարարման անվտանգությունից և բնապահպանության վրա ազդեցությունից: Երեք ուղղություններով էլ Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը, համեմատած միջազգային իրադրության հետ, բավականին լավ է, քանի որ երկրում դեռևս գործում է ատոմակայան, Հայաստան է մտնում երկու գազատար` Ռուսաստանից և Իրանից, գնային առումով մենք դեռևս բավականին հետ ենք միջազգային գներից:
Որ գազի գինը բարձրանալու է, պարզ էր դեռևս տարիուկես առաջ, քանի որ գազի թանկացումը միջազգային միտում է, և Ռուսաստանի կողմից բազմիցս հայտարարվել է, որ կապույտ վառելիքի գինը բոլորի համար բարձրանալու է: Ճիշտ է, մենք այսօր ամենաէժան ռուսական գազ գնող պետությունն ենք, բայց պետք է սպասել, որ ապագայում գազի գներն էլի կարող են բարձրանալ: Սա, ինչպես արդեն հասցրեցինք տեսնել, Հայաստանի տնտեսության վրա լրջագույն ազդեցություն կարող է ունենալ, որովհետև մենք անմիջական կախման մեջ ենք գազից:
Ֆունդամենտալ առումով հարցը պետք է լուծել երկու ճանապարհով: Մեկը Հայաստանում էներգաէֆեկտիվության բարձրացումն է, ինչպես բազմիցս նշել են ոլորտի մասնագետները, քանի որ այսօր Հայաստանի տնտեսությունը չափից դուրս շատ էներգիա է ծախսում մեկ դոլար ապրանք արտադրելու համար: Ու մեր ձեռնարկությունները, տեխնիկական կազմը պետք է արդիականացնել, որպեսզի տնտեսությունն իր վրա չկրի էներգակիրների թանկացման ամբողջ ծանրությունը: Երկրորդ` պետք է մտածել երկրում էներգետիկ նոր հզորությունների ստեղծման մասին, որոնք կապված չեն լինի արտաքին աշխարհից մուտք գործող էներգակիրների հետ:
«Էներգամատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացումը հնարավորություն կտա Հայաստանին էներգետիկ անվտանգություն ապահովել և ծածկել ներքին պահանջարկը,- ԱՄՆ դեսպանատան կողմից կազմակերպված «Հայաստանի էներգետիկ ոլորտի ապագան. Էներգամատակարարման և վերականգնվող էներգետիկայի հարցերը» ֆորումի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը և հավելել:- Այսօր Հայաստանն էներգետիկ պաշարներ չունի և այդ հարցում ծանր վիճակում է, այդ պատճառով անհրաժեշտ է տարբեր աղբյուրների միջոցով էներգամատակարարումը դիվերսիֆիկացնել և ներքին պահանջարկ ապահովել: Այսօր էներգիայի արտադրության հարցն ամբողջ աշխարհում բավական սուր է դրված, բոլոր երկրները խնդիրների են բախվում էներգապաշարների ապահովման հարցում և աշխատում են էներգետիկ անվտանգության ուղղությամբ, ինչպես Հայաստանում: Միաժամանակ, Հայաստանն էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ունի, ինչպիսիք են հիդրոէլեկտրակայանները»:
Էներգիա խնայեք, ինչպես ամբողջ աշխարհում են անում
Էներգախնայողության իմաստով` Հայաստանում, ցավոք սրտի, էներգախնայողության համակարգերի ներդրման ուղղությամբ ոչ մի աշխատանք չի կատարվում, անգամ խոսքը խորհրդային շրջանում կառուցված շենքերի մասին էլ չէ, որոնք էներգախնայողության տեսանկյունից բավականին թույլ են, այլև նոր շենքերի:
«Նոր կառուցվող շենքերի համար ևս գծագրվելիս և կառուցվելիս էներգախնայողության և էներգաէֆեկտիվության ոչ մի հաշվարկ չի կատարվում, այն դեպքում, երբ ամբողջ Եվրոպայում վերջին տասնամյակում շինարարական ընկերություններում հիմնական կետերից մեկը շենքերի էներգաէֆեկտիվությունն է, որի համար նրանք համապատասխան լիցենզիա են ստանում: Օրինակ` Հոլանդիայում խնդիրը բավականին լուրջ է դրված, և ընկերությունները ինչ-որ շենք կառուցելու համար անպայման հաշվի են առնում էներգաէֆեկտիվությունը` որպես հիմնական չափանիշ»,- ասաց Սևակ Սարուխանյանը:
Էներգետիկան դիվերսիֆիկացնելու մեկ այլ տարբերակ էլ Հայաստան մուտք գործող գազամուղները տարբեր կառավարիչների շահագործման հանձնելն է` երկրորդ գազային օպերատորի ստեղծումը: «Եթե Հայաստանի Հանրապետությունը միջոցներ ձեռնարկի երկրորդ գազային օպերատոր ստեղծելու համար, իհարկե, այլընտրանք կստեղծի: Բայց հիմա կա մեկ գազային օպերատոր, ինչը որոշակիորեն արդարացված է` հաշվի առնելով Հայաստանի շուկայի փոքր ծավալները: Եվ երկրորդ` Իրանից գազի ներկրման ծավալների ավելացումն անմիջականորեն կապված է սպառման շուկայի հետ: Եթե լինեն նոր ՋԷկ-եր, որոնք կօգտագործեն իրանական գազը և դրա փոխարեն Իրանին կտրամադրեն էլեկտրաէներգիա, ապա գազատարը կարող է բավականին էֆեկտիվ օգտագործվել: Այսօր, հաշվի առնելով մոտ 2 մլրդ խմ սպառումը Հայաստանի Հանրապետությունում, նման հեռանկար չկա, որ երկու գազատարներն էլ էֆեկտիվ կաշխատեն»,- իր դիտարկումները ներկայացրեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրենը:
Բայց ՀԷԿ-երից, ՋԷկ-երից, ատոմակայանից բացի, մեր երկիրն ունի նաև հողմակայանների, արևային էլեկտրակայանների համակարգեր ստեղծելու հնարավորություններ, որոնք այս պահի դրությամբ Հայաստանում երրորդական-չորրորդական պլան են մղված, այնինչ շուտափույթ քայլեր չձեռնարկելու դեպքում կարող ենք մեկ անգամ ևս ականատես լինել «ցուրտ ու մութ» տարիներին: Պատմությունը կրկնվելու սովորություն ունի:
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացնելու
Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացնելու Արդարադատության միջազգային դատարան:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմն այդ հայցով հայկական կողմից պահանջելու է փոխհատուցում վճարել “ադրբեջանական հողերի օկուպացման” հետևանքով Ադրբեջանին հասցված նյութական վնասի համար:
Ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունների փորձագետների հետ իրենք այժմ հասցված վնասի ստույգ չափը գնահատելու ուղղությամբ աշխատանքներ են տանում: “Նախնական գնահատականով՝ ադրբեջանական տարածքների բռնազավթման հետևանքով Ադրբեջանին հասցված տնտեսական վնասի չափը գերազանցում է 300 մլրդ դոլարը: Ադրբեջանի նախագահը հրահանգել է, որ գնահատումը կատարվի միջազգային չափանիշներին համապատասխան: Փաստաթղթի պատրաստմանը մասնակցում է Գնահատողների միջազգային ասոցիացիան: Փաստաթուղթը պատրասատելու են միջազգային գնահատողները, ինչպես նաև ադրբեջանցի գիտնականները, տնտեսագետները, հասարակական կազմակերպությունները: Ադրբեջանի կառավարությունը չի միջամտելու այդ փաստաթղթի պատրաստմանը: Փաստաթուղթը պատրաստ լինելուն պես ադրբեջանական կողմը փոխհատուցման պահանջով հայց է ներկայացնելու: Արդեն երկար ժամանակ է, ինչ հայերը ոչ միայն շահագործում են բռնազավթված տարածքների օգտակար հանածոները, այլև օգտվում են այդ տարածքների մյուս բարիքներից”,-ասել է Հասանովը:
Ըստ Հասանովի՝ Ադրբեջանը մինչև այժմ Հայաստանի դեմ նման հայց չի ներկայացրել, քանի որ սպասել է, որ “հայկական կողմը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր կձեռնարկի, սակայն իրենք դա չեն տեսել, ուստի նման որոշմանն են հանգել”:
Այս պահին դիմորդները ընդունելության միասնական քննություններ են հանձնում «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից,լուսանկարներ
Այսօր ՀՀ և ԼՂՀ 14 քննակենտրոններում 1687 դիմորդ միասնական քննություն պետք է հանձնի «Կենսաբանություն», 340 դիմորդ` «Աշխարհագրություն» և 224 դիմորդ` «Ընդհանուր պատմություն» առարկաներից:
Այս պահին ԵՊՀ քննակենտրոնում քննություն է անցկացվում «Կենսաբանություն» առարկայից: Քննակենտրոնի 319 դիմորդներից քննության է ներկայացել է 304-ը:
Քննակենտրոնում գործում են բջջային կապի խլացուցիչներ, ծնողները քննության ընթացքին հետևում են էկրանների միջոցով: Նրանք ներս են մտնում 5-ական խմբերով և շտապում էկրաններին գտնել իրենց երեխաներին:
Տիկին Սաթենիկը, ով ներս մտավ երրորդ խումբ ծնողների հետ, առաջինն էր, որ գտավ իր երեխային և անմիջապես սկսեց լուսանկարել նրան: «Արմինես բնավ էլ չի լարվում, շատ լավ պարապել է և վստահ ենք, որ շատ լավ կհանձնի: Անցյալ տարի մեծ աղջիկս է միասնական ընդունելության քննություններ հանձնել, դրա համար էլ այս ձևը Արմինեին ծանոթ է` չի շփոթեցնի», – ասաց տիկին Սաթենիկը:
Գնահատականները ԳԹԿ-ն կհրապարակի քննություններից չորս օր անց:
Տեսանյութի արտահոսքը անձամբ Լիսկա՞ն է կազմակերպել
«Ա1+»-ի ձեռքի տակ է հայտնվել Գորիսում Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դաժան միջադեպի տեսագրությունը։ Թե որքանով է այն ամբողջական եւ լիարժեք , ձեռնպահ ենք մնում մեկնաբանելուց։ Այդ նախաքննական մարմնի գործն է։
Մենք որոշել էինք չհրապարակել այս տեսանյութը, եթե չլիներ գլխավոր զինդատախազ Գևորգ Կոստանյանի արձագանքը Սյունիքի մարզպետարանի՝ երեկ տարածած հայտարարությանը։
Սյունիքի մարզպետարանի կողմից Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի տեսագրության սղագրումն ու տարածումը նախաքննության տվյալների հրապարակում չէ, քանի որ մինչև տեսագրության առգրավումը այն գտնվել է Խաչատրյանի ընտանիքի անդամների տրամադրության տակ» ,- այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ ասել է գլխավոր զինդատախազ Գևորգ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետարանը երեկ հայտարարություն է տարածել` հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ՝ ներկայացնելով տեսագրության նկարագրությունը։
Այսօր զինդատախազը, պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ է առգրավվել տեսագրությունը, ասել է, թե դեպքից ժամեր անց:
Մյուս հարցին, թե այդ դեպքում մի քանի ժամում ինչպե՞ս են մարզպետարանի աշխատակիցները կարողացել դիտել տեսագրությունը և անգամ սղագրել այն, Կոստանյանը պատասխանել է, թե այդ մի քանի ժամվա ընթացքում նրանք կարող էին դիտել, անգամ պատճենահանել տեսագրությունը:
Չի բացառվում, որ մեր ձեռքի տակ հայտնվել է հենց այդ պատճենված տեսագրության օրինակը։
Այն ներկայացնում ենք առանց մեկնաբանության։ Տեսագրությունն արված է ժամը 23-ի սահմաններում։ Երեւում է դաժան միջադեպի հետեւաքով սպանված Ավետիք Բուդաղյանի երկրորդ անգամ գալը , Սյունիքի մարզպետարանի փոխանցմամբ, արդեն նախկին մարզպետի տուն։http://syunik.gov.am/news/item/2013/06/05/hunisi1/
Թե ինչ է եղել, դրանից առաջ, պարզ չէ։ Շատ բաներ էլ անհասկանալի են, եւ միայն նախաքննական մարմինը թերեւս կարող է հստակ պատասխան տալ։
Միայն հիշեցնում ենք, որ պետական մարմինը՝ ի դեմս Սյունիքի մարզպետարանի, արդեն հրապարակել է այս տեսագրության նկարագրությունը։
a1plus.am
Իրանի նոր նախագահը երկրի արտաքին և ներքին քաղաքականության մեջ փոփոխություն չի մտցնի
Հունիսի 14-ին հարևան Իրանում տեղի կունենան 11-րդ նախագահական ընտրությունները: Իրանի նախագահի մոտ 700 թեկնածուներից այս պահին ընտրապայքարը շարունակում են 8-ը: Երկրի ընտրական համակարգն այնպիսին է, որ թեկնածուները նախօրոք գրանցվում են, հետո սահմանադրության պահապանների խորհուրդ կոչվող բարձրագույն մարմինն արդեն քննում է թեկնածուների գործերի համապատասխանությունը երկրի սահմանադրությանը: Փաստորեն, մոտ 700 գրանցված թեկնածուներից այդ խորհուրդն ընտրել է ութ քաղաքական գործիչների թեկնածությունը և լիազորել այդ թեկնածուներին` շարունակել իրենց հետագա ընտրապայքարը:
Իրանի զարգացումներին ուշիուշով հետևող փորձագետներն ընտրությունների հիմնական ինտրիգը կապում էին նախօրոք գրանցված թեկնածուներից նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի և գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մտերիմ թիմակցի` Ռահիմ Մաշայիի անունների հետ: Բայց խորհուրդը մերժեց նրանց թեկնածությունը, և նրանք հնարավորություն չստացան շարունակելու իրենց հետագա ընտրապայքարը: Այդպիսով իրանագետները համոզված են, որ ընտրությունների ինտրիգային հնարավորությունները սպառված են:
Իրանի նախագահի թեկնածուները մոտենում են ընտրական վերջին հանգրվանին
Ներկայումս արդեն որպես նախագահի թեկնածու հանդես եկող ութ թեկնածուներն Իրանի հասարակությանը լավ հայտնի են. նրանք ժամանակին զբաղեցրել են բավական բարձր պաշտոններ, և նրանց մեջ կան նաև այնպիսիք, որոնք հենց այս պահին էլ բարձր պաշտոն ունեն: Բոլորը գիտությունների դոկտորներ են, լավ տիրապետում են Իրանի խնդիրներին: Նրանց մի մասը պահպանողական ուժը ներկայացնող գործիչներ են, մյուս մասը` բարեփոխական:
«Պահպանողականների մեջ ներկայումս ներքին համաձայնություն կա, և թեկնածուներից մեկը պետք է իր թեկնածությունը հանի մյուսի օգտին: Այսինքն` ներկայումս առավել մեծ շանսեր ունեցող քաղաքական գործիչները հոգևոր առաջնորդի խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին է, երկրորդը` Ազգային անվտանգության բարձրադիր խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին, որ նաև միջուկային հարցով գլխավոր բանագնացն է, և երրորդը Թեհրանի քաղաքապետ Դալիբաֆն է: Այս երեքից յուրաքանչյուրը հաղթելու մեծ շանսեր ունի: Սակայն, իմ կարծիքով, մեծ դեր կարող է ունենալ հոգևոր առաջնորդի կարծիքը, քանի որ, ինչպես նախորդ ընտրությունների ժամանակ, հոգևոր առաջնորդն ընտրապայքարի վերջին փուլում կողմնորոշվեց Ահմադինեժադի կողմը, և հասարակության մեծ մասը քվեարկեց վերջինիս օգտին: Այս պահի դրությամբ, սոցիալական հարցումներից դատելով, առաջին տեղում է Վելայաթին: Մեծ ընտրազանգված ունեն նաև բարեփոխական ուժերը, սակայն նրանք քարոզչությունն իրականացնելիս լրատվամիջոցների հետ հարաբերություններում կարծես մի քիչ սահմանափակ հնարավորություններ ունեն: Հիմա բարեփոխականներից մեծ շանսեր ունեցող ևս երկու գործիչ կա` Իրանի նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի խորհրդական Մոհամմադ Ռեզա Արեֆը և Ռոհանին: Ինչ-որ պահի հնարավոր է` նրանք իրենցից մեկին ընտրեն որպես բարեփոխականների միասնական թեկնածու: Այս հարցում էլ կարևոր կլինի Իրանի նախկին նախագահ Մուհամմադ Խաթամիի դիրքորոշումը»,- իրավիճակը նյերկայացրեց իրանագետ Արմեն Իսրայելյանը:
Նա նշեց, որ ընդհանուր առմամբ, եթե վերլուծելու լինենք իրավիճակը, ապա հիմնական պայքարը կընթանա այս երկու թևերի` պահպանողականների և բարեփոխիչների միջև, բայց նրանց միջև կա նաև գործող նախագահ Ահմադինեժադի թևը, որը կարծես դեռևս վերջնական որոշում չի կայացրել, թե նշված թեկնածուներից ում է աջակցելու. կարծես վերջին շրջանում խոսվում է Ջալիլիին աջակցելու մասին:
Արմեն Իսրայելյանը նաև կարծիք հայտնեց, որ Իրանում ներկայիս դրությամբ հանգիստ ու նորմալ ընտրապայքար է ընթանում, Ռաֆսանջանիի և Մաշայիի խաղից դուրս գալուց հետո որևէ ինտրիգային իրադարձություն չի ծավալվում:
«Կարծում եմ` ընտրապայքարը հանգիստ ուղիով կընթանա, և հետընտրական փուլում չեմ կարծում, որ ինչ-որ խռովություններ ու զարգացումներ լինեն: Նախ` այն թեկնածուները չկան, որ կառաջացնեն այդպիսի իրավիճակ, երկրորդ` Իրանի իշխանությունները տիրապետում են երկրի ներքին անվտանգությանը, վերահսկում են իրավիճակը ու որևէ փորձ` դրսից թե ներսից, լրագրողների մասնակցությամբ կամ այլ ուժերի, անմիջապես չեզոքացնում են: Ավելին` ներքին գործերի նախարարությունը վերջերս հայտարարեց նույնիսկ, որ հնարավոր է` ընտրությունների օրերին երկրի սահմանները որոշ ժամանակով փակվեն արտաքին միջամտությունը բացառելու նպատակով»,- ասաց Արմեն Իսրայելյանը:
Ի՞նչ նորություն կբերի տարածաշրջանային և միջազգային քաղաքականության մեջ Իրանի նոր նախագահը
Ինչ վերաբերում է Իրանի նախագահի թեկնածուների քաղաքական վարքագծին ու քարոզարշավի էությանը, ապա մասնագետների կարծիքով` բոլորի մոտ կարմիր թելի նման անցնում է տնտեսությունն առողջացնելու գլխավոր խնդիրը: Նման տեսակետ հայտնեց նաև իրանագետ Գոհար Իսկանդարյանը: Նա նշեց նաև, որ սա է թիվ մեկ խնդիրը բոլոր թեկնածուների համար, որովհետև այսօր Իրանում նկատվում է տնտեսական բավականին լուրջ ճգնաժամ, որն առավելապես կապված է Իրանի նկատմամբ իրականացված պատժամիջոցների հետ:
«Օրինակ` Իրանի նախկին արտգործնախարար Ալի Վելայաթին կարծում է, որ պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել Արևմուտքի հետ հարաբերություններին և այդ հարաբերությունների միջոցով կարողանալ նվազեցնել այդ պատժամիջոցների ազդեցությունը: Իսկ դրա միջոցով կկարողանան տնտեսությունը ոտքի կանգնեցնել: Հաջորդ թեկնածուն` Դալիբաֆը, կարծում է, որ կկարողանա Իրանի տնտեսությունը ոտքի կանգնեցնել առաջիկա երկու տարիների ընթացքում: Այսինքն` յուրաքանչյուրն ունի իր թեզը, բայց բոլորի թեզերը վերաբերում են տնտեսական խնդիրները լուծելուն»,- նշեց Գոհար Իսկանդարյանը:
Մեզ համար թերևս կարևոր է, թե ինչպես կանդրադառնան Իրանի նախագահական ընտրությունները տարածաշրջանային զարգացումների, հայ-իրանական հարաբերությունների և Իրանի հայ համայնքի վրա, որովհետև տնտեսական շրջափակման պատճառով մեր երկու «պատուհաններից» մեկի մասին է խոսքը: Այսինքն` Իրանի ընտրությունները և այդ երկրում ընթացող ցանկացած զարգացում մեզ համար արդեն ռազմավարական նշանակություն է ստանում:
Մասնագետներն այս առումով նշում են, որ ութ թեկնածուներից ով էլ լինի Իրանի նախագահ, միևնույն է, Հայաստանի հետ հարաբերությունները բացասական առումով որևէ լուրջ փոփոխություն չեն կրելու:
«Որովհետև, ի վերջո, Իրանի արտաքին և ներքին քաղաքական կուրսերը մշակվում են հոգևոր առաջնորդի գիտությամբ և հեռահար ծրագրերով: Ու նախագահի փոփոխությամբ որևէ փոփոխություն չի կարող իրականանալ քաղաքականության մեջ: Կարող են հռետորաբանությունները փոխվել, առկա գույները փոխվել` լավի կամ վատի, բայց բովանդակությունն ինքնին չի կարող փոխվել: Եվ ութից ով էլ լինի նախագահ, ես կարծում եմ` հայ-իրանական հարաբերությունները կմնան այնպես, ինչպես կան, եթե զարգացում չունենան»,- համոզմունք հայտնեց Գոհար Իսկանդարյանը:
Իրանագետ Մհեր Բաղդասարյանն էլ այս առումով կարծիք հայտնեց, որ տարածաշրջանային քաղաքականության վրա Իրանի նախագահական ընտրությունները կարող են ազդել այն դեպքում, երբ ինչպես 2009 թ. ընտրություններից հետո եղավ, այդ երկրում հետընտրական ներքին լարվածություն առաջանա, ինչը բացառված չէ: Ուղղակի հարցն այն է, որ ներկայիս թեկնածուների մեջ, ինչպես նշվում է, չկան ինչ-որ մարդիկ, որոնք հանգեցնեն այնպիսի վիճակի, ինչպիսին ստեղծվեցին անցած ընտրություններից հետո: «Այնպես որ Իրանի ընտրությունները տարածաշրջանային քաղաքականության վրա կանդրադառնան, եթե երկրում ինչ-որ ներքին լարվածություն առաջանա, ու այդ լարվածությունն էլ բերի ինչ-ինչ հետևանքներ: Բայց տարածաշրջանում Իրանի քաղաքականության վրա դժվար շատ լուրջ անդրադարձ ունենան նախագահական ընտրությունները: Որովհետև, ինչպես գիտենք, եթե նույնիսկ այդ երկրի արտաքին քաղաքական ուղղությունները մշակվում էլ են ինչ-որ կաբինետներում, միևնույն է, վերջնական հաստատում ստանում են հոգևոր առաջնորդի կողմից»,- եզրափակեց Մհեր Բաղդասարյանը:
Իսկ թե ինչ կստացվի վերջնարդյունքում, կերևա մոտ օրերս, ընտրությունները յոթ սարի հետևում չեն:
Ռուսաստանի նախագահը և իր կինը ամուսնալուծվում են
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա կինը՝ Լյուդմիլան, հայտարարել են իրենց բաժանության մասին:
Գրեթե 30 տարի ամուսնացած լինելուց հետո Պուտինը հինգշաբթի երեկոյան Կրեմլում կազմակերպված բալետային ներկայացման ժամանակ պետական հեռուստաընկերությանը հայտնել է իրենց որոշման մասին:
«Մենք այդ որոշումը միասին ենք կայացրել» հայտնել է Պուտինը:
Լյուդմիլա Պուտինը իր ամուսնու՝ Ռուսաստանը ղեկավարելու երկարատև տարիների ընթացքում շատ հազվադեպ է երևացել հանրության առջև՝ նշելով, որ ինքը հարապարակայնություն չի սիրում և ինքնաթիռով թռչելը դժվար է իր համար:
Միանգամից երեք բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց,լուսանկարներ
Այսօր առավոտյան Հանրապետության հրապարակում միանգամից երեք բողոքի ակցիա էր կազմակերպված: Հրապարակում օտարերկրացիներ էլ կային, որոնք զարմացած նայում էին մարդկանց ակցիաներին, իսկ նրանց ուղեկցորդները փորձում էին բացատրել, որ Հայաստանում թանկացել է գազի գինը, որ իշխանությունները ոչինչ չեն կարող անել, քանի որ թանկացումները Ռուսաստանից են գալիս: Նրանք միևնույնն է զարմացած նայում էին ու ոչինչ չէին հասկանում: Իսկ իրականում մարդիկ միայն գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումներից չէ, որ բողոքում էին: Իրենց բողոքը հրապարակ էին բերել նաև ազատամարտիկները, ովքեր դեռ երեկ լրագրողների հետ հանդիպմանը պնդում էին, որ մինչև վերջ տեր են կանգնելու իրենց իրավունքին և հասնելու այն բանին, որ թոշակները բարձրանան: “Մենք հո՞ մեղավոր չենք, որ պատերազմում չենք զոհվել”, – նորից կրկնում էին նրանք ու պնդում, որ իրենց թոշակները չեն բավարարում անգամ դեղորայք գնելուն, իսկ հիմա առհասարակ բարձրացան գազի, հետևաբար նաև մյուս բոլոր ապրանքների գները:
“Ի՞ նչ ենք անելու, – հարցնում էին ազատամարտիկներն ու խմբվում կառավարության շենք մտնողների շուրջ,- տա՞ մ, ձեփռնափայտս էլ տա՞ մ` ուտեք”, – բորբոքվում էին նրանք:
Մոտ տասը րոպե տևած ակցիայից հետո ազատամարտիկները շարժվեցին Ազատության հրապարակ` այնտեղ շարունակելու իրենց բողոքը:
Բայց Կառավարության շենքի դիմացի հրապարակը չազատվեց: Քաղաքացիները այժմ էլ պահանջում էին Սուրիկ Խաչատրյանին ոչ միայն հեռացնել աշխատանքից, այլև ենթարկել պատասխանատվության քրեական օրենսգրքով: Ակտիվիստներից մեկը` Դավիթ Սանասարյանը, լրագրողների համար ձևակերպեց պահանջի ողջ բովանադակությունը. “Անպատժելիության մթնոլորտին վերջ տալ է պետք: Մենք պահանջում ենք, որ Լիսկային ենթարկեն քրեական պատասխանատվության”:
Բուհերում կրթության գինը մինչև 200 հազար դրամով բարձրացել է, իսկ որա՞կը…
Տիկին Կարինեի որդին ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դիմորդ է, ապագա ծրագրավորող: Ասում է, որ մասնագիտություն ընտրելիս փորձել են այնպիսին ընտրել, որ հեռանկարային լինի և ավարտելուց հետո անգործ չմնա: Տիկին Կարինեն մանկավարժ է, աշխատում է դպրոցում: Եթե որդին ընդունվի, կդառնա ընտանիքի երկրորդ ուսանողը, իսկ դա արդեն մեծ հոգս է ընտանիքի համար: «Ծնողի համար շատ դժվար է, բայց կաշվից էլ դուրս գալով փորձում ենք այնպես անել, որ երեխաներն ապագա ունենան»,- ասում է նա` հավելելով, որ ուսման վարձավճարներն ու ծնողների աշխատավարձերն անհամատեղելի են:
Կարինեի հույսն այն է, որ որդին անվճար կընդունվի, և հարկ չի լինի մտածել վարձավճարը հայթայթելու մասին: Իսկ եթե վճարովի համակարգում ընդունվի, ապա կգնա, բանակում կծառայի, կվերադառնա, նոր կշարունակի ուսումը. մինչ այդ ավագ քույրն արդեն ավարտած կլինի:
Տիկին Նաիրան էլ մեզ հետ զրույցի պահին որդու հետ փորձում էր որոշում կայացնել, թե ԵՊՀ որ ֆակուլտետն ընտրեն. մաթեմատիկայի՞, թե՞ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի: Ասում է, որ Հայաստանում աշխատավարձերը և ուսման վարձերը սարի ու ձորի տարբերություն ունեն, ուստի չեն էլ մտածել վճարովի համակարգում ուսանելու տարբերակի մասին. հույս ունեն, որ որդին, ինչպես և ավագ եղբայրը, անվճար համակարգում կսովորի:
Այս տարվա առաջինկուրսեցիները ստիպված կլինեն մինչև 150 հազարով ավելի վճարել իրենց ուսման համար:
Վարձավճարները կտրուկ են բարձրացել ԵՊՀ-ում. այստեղ բոլոր ֆակուլտետներում նախորդ տարվա համեմատ վարձավճարն ավելացել է 100 հազար, իսկ որոշ ֆակուլտետներում էլ 150 հազար դրամով: Այսպես, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում վարձավճարն այս տարի կլինի 500 հազար` ի տարբերություն նախորդ տարվա 300 հազար դրամի, Սերվիս ֆակուլտետում` 450 հազար նախորդ ուսումնական տարվա 300 հազարի փոխարեն: Այժմ ԵՊՀ-ում վարձավճարի նվազագույն շեմը 400 հազար դրամն է:
Թանկացումներով հաջորդում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, որտեղ վարձավճարները բարձրացել են 60-140 հազար դրամով: Այստեղ, օրինակ` «գեղեցիկ արվեստ» մասնագիտությունը յուրացնելու համար ուսանողները ստիպված կլինեն վճարել 560 հազար դրամ նախորդ տարվա 420 հազար դրամի փոխարեն: Վարձավճարների նվազագույն շեմը 450 հազար դրամն է:
Երրորդ տեղում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որտեղ բոլոր ֆակուլտետներում վարձավճարներն ավելացել են 100 հազար դրամով, և այս բուհում վարձավճարների նվազագույն շեմը 500 հազար դրամն է:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսումը թանկացել է 60-70 հազար դրամով: ՀՊՃՀ-ում վարձավճարի նվազագույն շեմը 2013-2014 ուսումնական տարվա համար 402 հազար դրամն է:
Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանում ուսումը թանկացել է 60 հազար դրամով, վարձավճարների նվազագույն շեմը 360 հազար դրամ է:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում վարձավճարներն ավելացել են 10-40 հազար դրամով` 240 հազար դրամ նվազագույն շեմով:
Ուսումը 100-200 հազարով թանկացել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 50-70 հազար դրամով` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:
Վարձավճարներն այս ուսումնական տարում անփոփոխ են մնացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (580-800 հազար դրամ), Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (բոլոր ֆակուլտետներում ուսման վարձը 400 հազար դրամ է), Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (նվազագույն շեմը` 260 հազար):
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` ուսման վարձի թանկացումն ինքնապատակ չէ, կրթությունն ունի իր գինը, իսկ վերջին երեք տարիներին ամեն ինչ թանկացել է, բացի ուսման վարձից. «Ուսման վարձի թանկացումը նպատակ է հետապնդում բարձրացնել դասախոսների աշխատավարձերը։ Պետք է որոշենք՝ ինչ ենք ուզում որպես հասարակություն, եթե ուզում ենք, որ դասախոսի աշխատավարձը բարձր լինի, պիտի պատրաստ լինենք ուսման վարձի թանկացմանը»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Պողոսյանն էլ, անդրադառնալով ուսման վարձերի և աշխատավարձերի տարբերությանը, ասում է. «Գիտենք,որ հուլիսի 1-ից լինելու է նվազագույն աշխատավարձի բարձրացում շուրջ 30 տոկոսի չափով: Կասեք, թե դա բավարար չէ, բայց մի մոռացեք, որ յուրաքանչյուր աշխատանք ունի իր գինը»:
Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի խոսքով. «Որակյալ կրթությունը թանկ է, բայց… բայց , և այդ բայցերը պետք է հաշվի առնել»: Ղուկասյանն ասում է, որ վարձերի այդչափ բարձրացումը կարող է մատչելիության առումով խնդիրներ ստեղծել և դիմորդները պակասեն:
Նա կարծում է, որ ստեղծված պայմաններում սոցիալական ծրագրեր, համալիր միջոցառումներ պետք է իրականացվեն, որպեսզի կրթությունը շարունակի մատչելի մնալ հանրության լայն շերտերի համար: «Որակյալ կրթության համար պետք է թանկ վճարել, այլ հարց է` ի վիճակի՞ է արդյոք ՀՀ քաղաքացին վճարել դրա համար,- ասում է Ղուկասյանը:- Ամեն դեպքում 100 հազարով թանկացումը մեծ գումար է, հույս ունեմ, որ կրթության որակն էլ կլավանա»:
Բարձրագույն կրթության մատչելիությունն ապահովելու համար նախագահի նախաձեռնությամբ գործում է ուսանողական վարկերի նախագիծը: Առևտրային բանկերն առաջարկում են ուսանողական վարկեր առավելագույնը 1 800 000 դրամի չափով: Ըստ այդմ` բանկը կարող է 4 տարվա ընթացքում 4 անգամ փոխանցում կատարել բուհի հաշվեհամարին առավելագույնը 450 հազար դրամի չափով` կախված վարձավճարից: Վարկի հատկացման համար հարկավոր են երկու երաշխավորներ, որոնցից մեկը պետք է ուսանողի ծնողը լինի: Վարկը հատկացվում է մինչև 10 տարի ժամկետով, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, ուսման տարիներին վճարվում են միայն տոկոսադրույքները, իսկ ուսումնառության ավարտից հետո սկսվում է վարկի մայր գումարի մարումը:
Ծրագիրը ենթադրում է, որ պետբյուջեից կսուբսիդավորվի վարկի 2 տոկոսը, իսկ գերազանց առաջադիմության դեպքում` 3 տոկոսը: Նմանատիպ պայմաններով ուսանողական վարկեր են տրամադրում, օրինակ, «Անելիք», ՎՏԲ, «Արարատ», «Կոնվերս» բանկերը:
Ուսանողական վարկերին, սակայն, ծնողները թերահավատորեն են վերաբերվում, քանի որ վստահ չեն, որ իրենց երեխան բուհն ավարտելուց հետո աշխատանք կկարողանա գտնել: Ստացվում է, որ կրթության մատչելիության խնդիր ունեցող ուսանողները, օրինակ, ստիպված կլինեն ընտրել մանկավարժական համալսարանը, մինչդեռ ԿԳ նախարարը պարբերաբար հայտարարում է, որ մեր երկրին նոր մանկավարժներ պետք չեն. կադրերի ավելցուկ կա:
