Սասանված հեղինակությունը վերականգնել է պետք

մինասյան-վարդանՀունիսի 7-ին Երևանում և հունիսի 11-ին Կոպենհագենում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին կմրցի Մալթայի և Դանիայի հավաքականների հետ: Եվրոպական B խմբում ընդգրկված մեր երկրի թիմն այդ հանդիպումների ընթացքում պետք է փորձի լավ խաղ ցուցադրել, վերականգնել սասանված հեղինակությունը: Թե դա ինչքանով է իրատեսական` կպարզվի առաջիկայում: Փաստն այն է, որ մեր երկրի հավաքականն անհաջող է հանդես գալիս այդ ստուգատեսում և անցկացրած 4 խաղից հետո վաստակած 3 միավորով հանգրվանել է աղյուսակի նախավերջին` 5-րդ հորիզոնականում:

Առաջիկա մրցակիցը` խմբում վերջին տեղը զբաղեցնող Մալթայի հավաքականը, ամենևին էլ ուժեղ չէ: Դեռևս ոչ մի միավոր չունի, և անցկացրած 5 խաղերում միայն պարտություններ է կրել: Այնպես որ, եթե Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղում Հայաստանի ընտրանին չկարողանա հաղթել մրցակցին, ապա անհաջողություն կհամարվի:

Ի դեպ, մերոնք առավելության են հասել միայն Մալթայի (1:0) թիմի նկատմամբ և տանուլ են տվել մյուս  երեք խաղերը: Այդ է պատճառը, որ օրակարգային էր դարձել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի հարցը: Այն չընդունվեց, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չցանկացավ այդ ելքը, հետո էլ նույնպիսի դիրքորոշում դրսևորեց ՀՖՖ գործկոմը: Փաստորեն, եթե թիմն առաջիկա խաղերում չարդարացնի իրեն, ակնհայտ կդառնա, որ այդ քայլը սխալ է եղել և Հայաստանի հավաքականի անհաջողությունների պատճառներից մեկն էլ բարձրակարգ մարզիչ չունենալն է: Իսկ  լավ մասնագետի հրավիրելու համար մեծ փողեր են անհրաժեշտ:

Մեր թիմի ֆուտբոլիստների զգալի մասն արտասահմանյան ակումբներում է խաղում: Հիմնական հույսն այն է, որ նրանք իրենց լավ կդրսևորեն:

Հատկապես սպասելիքները մեծ են Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանից: Նա հավաքականում մի փոքր զգուշավոր է և ընտրական այս մրցափուլում աչքի չի ընկել տպավորիչ խաղով: Ուկրաինայի առաջնության վերջին հանդիպումներում Մխիթարյանի մեջ որոշ հոգնածություն էր նկատվում, հաճախակի էր սխալվում: Այնուամենայնիվ Հենրիխն ի վիճակի է երկու հանդիպում նվիրումով անցկացնել, մնում է սպասել, որ նրա խաղը կստացվի: Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին վերջին շրջանում խանգարում է վնասվածքը, և դժվար է ասել, թե նա ինչքանով կարող է օգտակար լինել: Բայց Մովսիսյանը և Մխիթարյանը դարձել են Ռուսաստանի և Ուկրաինայի ավարտված առաջնությունների ռմբարկուներ և խնդիր ունեն գնդակներ խփելու նաև Հայաստանի հավաքականի մարզազգեստով խաղադաշտ դուրս գալիս: Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսին էլ թեև երբեմն-երբեմն խանգարում է վնասվածքը, այդուհանդերձ նրանից առաջիկա խաղերում սպասելիքները մեծ են: Մարկոս Պիզելին «Կուբանից» տեղափոխվել է «Կրասնոդար» և իրեն դրսևորելու նոր հնարավորություններ է  ստացել, այնպես որ լավ տրամադրությամբ կարող է մասնակցել առաջիկա խաղերին: Նույնը կարելի է ասել նաև Արթուր Սարկիսովի մասին, որը Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» կազմում վարձավճարով էր հանդես գալիս և այժմ վերադարձել է հարազատ ակումբ` Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Ռոբերտ Արզումանյանն էլ ղազախական «Ակտոբեի» կազմում  բացել է իր խփած գնդակների հաշիվը: Էդգար Մանուչարյանն էլ (Ռուսաստան, «Ուրալ») վատ մարզավիճակում չէ:

Մտահոգում է այն, որ  հավաքականի խաղացողներից  ոչ բոլորն են իրենց թիմերի  մեկնարկային կազմերում եղել, խաղային փորձ կուտակել: Մասնավորապես, Դոնեցկի  «Մետալուրգի» ներկայացուցիչներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանն այդ կարգավիճակում են եղել: Նույնը կարելի է ասել մաև Մոսկվայի «Դինամո» ակումբի ղեկավարության հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգած դարպասապահ Ռոման Բերեզովսկու մասին:

Ինչևէ, Վարդան Մինասյանն ընտրության մեծ հնարավորություններ ունի: Վնասվածքների պատճառով հավաքական չեն հրավիրվել միայն Լևոն Հայրապետյանը (Լեհաստան, «Լեխիա») և Հրայր Մկոյանը (Չեխիա, «Բուդեյովիցե»): Ի դեպ, Մինասյանը շարունակում է զարմացնել իր որոշումներով: Բանն այն է, որ նա նախկինում հավաքական էր հրավիրում  Մոլդովայի բազմակի չեմպիոն ԲԱՏԷ ակումբի ներկայացուցիչ Զավեն Բադոյանին, երբ նա թիմում չէր խաղում: Վերջին շրջանում հայ ֆուտբոլիստը ԲԱՏԷ-ի մեկնարկային կազմում էր, սակայն Հայաստանի հավաքականի մարզիչը նրան հրավեր չի ուղարկել:

Ինչ վերաբերում է առաջիկա Հայաստան-Մալթա խաղին, ապա ենթադրվում է, որ «Հանրապետական» մարզադաշտը լեցուն չի լինի հանդիսականներով: Պատճառները տարբեր են: Դեր է խաղում նաև այն հանգամանքը, որ տոմսերի գները նույնն են մնացել, ինչ ավելի հեղինակավոր մրցակիցների հանդիպումների ժամանակ:

Վարչապետի հանձնարարականով Մրգաշատի բազմազավակ ընտանիքն ապահովվել է նոր առանձնատնով

6739_en_4Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում բնակվող Մխիթարյանների բազմազավակ ընտանիքն ապահովվել է նոր առանձնատնով:
Նշենք, որ ս.թ. մայիսի 22-ին Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում կառավարության ղեկավարը, հյուրընկալվելով Մխիթարյանների` 14 անդամներից (որոնցից 11-ը երեխա) բաղկացած ընտանիքին, խոստացել էր ամենասեղմ ժամկետում լուծում տալ այդ հարցին: Ընտանիքն ապրում էր վթարային՝ 2 սենյակից բաղկացած, կիսափուլ տանը:
Վարչապետի հանձնարարությամբ, այսօր Մխիթարյանների ընտանիքի համար ձեռք է բերվել երկհարկանի նոր առանձնատուն նույն գյուղում` 2500 քմ տնամերձ հողամասով:
Իր հերթին Մրգաշատ համայնքի գյուղապետարանը բազմազավակ ընտանիքին կտրամադրի գյուղատնտեսական նշանակության 2 հեկտար հողատարածք:

Երբ «էլիտան»` ընտրանին, ընտրասերված չէ…

լիսկա2 Անցած շաբաթվա թիվ մեկ աղմկահարույց իրադարձությունը  դարձավ հունիսի 2-ի գիշերը Գորիսում` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի` Լիսկայի տան մոտ կատարված սպանությունը: Գլխավոր դերերում էլ մարզպետն ու նրա շրջապատն էին, թե կոնկրետ ո՞վ, հավանաբար կասեն իրավապահները:

 Սկանդալային միջադեպերից «աչք չենք» բացում

Միջադեպը, իհարկե, զվարճալիների ու զավեշտալիների շարքը չի կարելի դասել, քանի որ մի մարդ սպանվել, երկուսն էլ վիրավոր են, ընդ որում` մեկը ազգային բանակի գնդապետ: Չենք ուզում անդրադառնալ դեպքի «պատմական արմատներին» ու առավել ևս` մանրամասներին, քանի որ առանձնապես մանրամասներ էլ չգիտենք:

Մեզ համար, որպես հասարակության, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որպես ազգի, պակաս կարևոր չէ, թե ինչու են Հայաստանում վերջին շրջանում այդպիսի միջադեպեր գրանցվում, և այս ամենը դեռ ինչքա՞ն պետք է շարունակվի: Էլ Գյումրիում են կրակոցներ հնչում, էլ փաստաթղթեր են հրապարակվում, որոնք վարչապետին ու բարձրաստիճան հոգևորականին կտրում են իրենց տրամաբանական իրականությունից ու տեղափոխում այլ` անհասկանալի ու արատավոր իրականություն, մեկ էլ, երբ դեռ նախորդները չէինք հասցրել մարսել, նոր կրակոցներ են հնչում արդեն Սյունիքում, ու դարձյալ մարդկային կյանքի կորստով, ու դարձյալ գլխավոր դերերում են իրենք իրենց քաղաքական ու իշխանական «էլիտա» համարողները:

Կարծում ենք` Հայաստանում չկա որևէ ողջամիտ մարդ, որ համոզված չլիներ, թե Սյունիքի մարզպետի բոլոր «քաջագործությունների»` անպատժելիությունը նման հետևանքների է հանգեցնելու: Համոզված ենք` բոլոր նորմալ ու  բանական մարդիկ հասկանում ու համոզված էին, որ երբ Սուրիկ Խաչատրյանը ծեծում է երեխային ու անպատիժ մնում, երբ նա, տեսախցիկներից անգամ չխորշելով, հարվածում է կնոջը ու հետո շարունակում պաշտոնավարել, դեռ մի բան էլ «Մարտական խաչ» է ստանում, ապա մի օր այդ ամենը շատ վատ ավարտ է ունենալու: Ահա և վատ` շատ վատ ավարտը. մեկի կյանքն ընդհատվեց, մյուսն էլ կյանքի ու մահվան կռիվ է տալիս:

Արամ Մանուկյան«Հայաստանում իշխանությունը ստեղծել է մի միջավայր, որտեղ թույլատրվում է հանցագործություն անել ու չպատժվել: Այդպիսի տասնյակ դեպքեր կարող ենք նշել, որ կրակում են, թիկնապահները ծեծում են և այլն: Սա գնալով պիտի հաճախանա, քանի որ այս մարդկանց ապրելու ձևը սա է, այս մարդկանց ստեղծած մթնոլորտը, համակարգը սա է»,- անդրադառնալով միջադեպին` նշում է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը և շարունակում իր միտքը, թե կադրերն այստեղ մեղավոր չեն, անգամ` այդ կրակողները, նրանց հովանավորները` մարզպետը, քաղաքապետը, այլ ամենաթողությունն ու «բեսպրեդելն» է մեղավոր, որ ստեղծվել է իշխանության կողմից: ՀԱԿ-ի պատգամավորը հավելեց, որ այնպես չէ, որ Սուրիկ Խաչատրյանը հանկարծ վերցրել ու հանցագործություն է կատարել. «Ինքը չէր կարող չանել, ինքն այդ միջավայրում է, ու եթե այդպես չաներ, կարող էր ավելի վատ վիճակում հայտնվել»: ՀԱԿ-ի պատգամավորի այս դիտարկումն առավել քան ուշագրավ է, քանի որ  նրա նշած ամենաթողության ավանդույթը սկիզբ է առել այն ժամանակ, երբ իշխող կուսակցությունը հենց իր հարազատ կուսակցությունն էր` ՀՀՇ-ն, բեսպրեդելի հիմքերը ՀՀՇ-ի իշխանության տարիներին են դրվել, և Լիսկան էլ հենց այդ տարիների ծնունդն է: 1992 թ.` պատերազմի ժամանակ, երբ Լիսկան զինված մտավ և Գորիսի քաղաքապետարանը գրավեց, օրենքը և իրավապահ մարմինները ոչինչ չարեցին, քանի որ Լիսկայի հովանավորները  իշխանության ամենաառանցքային դեմքերից էին: Այն ժամանակ ընդհանրապես իշխանական թևից ոչ ոք չէր պատժվում, հիմա գոնե հույս կա, որ կարող է պատժվել:

«Ոճիր և պատիժ», եթե, իհարկե, պատժող դեռ մնացել է

Ստյոպա ՍաֆարյանԲայց սովորաբար իրենց ժողովրդավարական հռչակած երկրներում նման դեպքերը ոչ միայն աչքաթող չեն արվում, այլև կայծակնային արագությամբ ստանում են թե՛ իրավական, թե՛ քաղաքական գնահատական: Իրավական` հետագայում նման դեպքերից խուսափելու համար և քաղաքական, որպեսզի նման միջադեպերը շղթայական ռեակցիայով իշխանական վերնախավի անդրկուլիսյան ինտրիգները չբացահայտեն: Բայց Հայաստանում…

«Նախադեպերը շատ են: Պարզապես, քանի որ Սյունիքի մարզպետն անգնահատելի ֆիգուր է իշխանությունների համար թե՛ ընտրությունները կեղծելու, թե՛ Սյունիքում բռնատիրություն հաստատելու առումով, բնականաբար, ոչ թե նա էր իշխանության պարտքի տակ, այլ իշխանություններն էին նրա պարտքի տակ մշտապես»,- այս դեպքի կապակցությամբ նշեց Ստյոպա Սաֆարյանը և շարունակեց, որ Սյունիքի մարզպետի գոյությունն իր պաշտոնում տարիներ շարունակ եղել է հիասթափության պատճառ շատ ու շատ նորմալ, արժանապատիվ մարդկանց համար:

Սյունիքի մարզպետի հայտարարությունը  («Լավ է, որ քնած եմ եղել, որ արթուն լինեի, մի 20 հատ էլ ես էի գլխին շարելու») վերջնականապես հունից հանեց գրեթե բոլորին: Զղջալու փոխարեն մարդը դեռ մի բան էլ հոխորտում էր: Որովհետև նախկին բոլոր «հերոսությունների» համար Սուրիկ Խաչատրյանի հետ ոչ ոք օրենքի լեզվով չխոսեց:

Մարդիկ կարծես աչքաթող արեցին նաև այն հանգամանքը, թե ինչ գործ ունեին զինված թիկնապահները կամ պահակազորը մարզպետի տանը և կողքին: Օրենքով դա թույլատրված չէ: Այդ ինչպե՞ս է պատահում, որ մարզպետը թիկնազոր է պահում,  երբ դա ոչ միայն օրենքով նախատեսված չէ, այլև արգելված է: Հենց նման դեպքերից խուսափելու համար էր թիկնազորից հրաժարվելու մասին որոշումը կայացվել բարձր էշելոններում:

Հիմա արդեն եղածը փոխել ոչ ոք չի կարող: Բուդաղյան եղբայրներից մահացածին ոչ ոք հետ չի բերի, գնդապետ Բուդաղյանն էլ դեռ հիվանդանոցում է: Ու այս անգամ արդեն կարևոր է, թե ինչ քննություն կընթանա, իրական հանցագործն ըստ արժանվույն պատիժ կստանա՞, թե հերթական անգամ ծածկադմփոց կարվի հերթական աղմկահարույց պատմությունը: Էլ ավելի կարևոր է, թե ինչպիսի գնահատական կտան իրենց կուսակից ընկերոջն ու «զինակցին» իշխող կուսակցության անդամները, որովհետև հետագա զարգացումները, պարզից էլ պարզ է, կընթանան միայն սուբյեկտիվ` քաղաքական դիրքորոշման պայմաններում: Համենայն դեպս, այդպիսին է մեր երկիրը. պետք է վերինը որոշի, թե ստորինն ինչ պատիժ կկրի, ոչ թե օրենքը:

«Ժամանակից առաջ չընկնենք, եթե դեպք է պատահել, կարծում եմ` լավ չէ, որ հետաքննության ընթացքում գնահատականներ տանք կամ փորձենք ինչ-որ բան մեր վերլուծականով ներկայացնել: Եթե մարդը հանցանք է կատարում, բնականաբար, պետք է պատժվի,- նշել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` դեպքի կապակցությամբ հայտնելով իր կարծիքը:- Ինձնից սկսած` ցանկացած մարդ, որ հանցանք կկատարի, պետք է ադեկվատ պատիժ ստանա»:

Կարծես թե անցավ նաև այն փուլը, երբ փորձում էին Լիսկային արդարացնել, թե իբր նրա տան վրա է հարձակում եղել,  թե պաշտպանվել են: Ամեն դեպքում, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր է առնելու:

 

 

 

 

Սուրեն Խաչատրյանին ազատեցին պաշտոնից.ճանապարհ դեպի նախարարական աթոռ

լիսկաԿառավարության նիստի մեկնարկին այսօր Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի առաջարկով օրակարգում ընդգրկվեց նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականի հարցը:

Փոխնախարարն առաջարկեց կառավարությանը ազատել Սյունիքի մարզպետին զբաղեցրած պաշտոնից, ինչը եւ արեց գործադիր մարմինն առանց ավելորդ քննարկումների:

Հիշեցնենք. Իր տան մոտ հնչած կրակոցներից եւ որդու կալանավորումից հետո մարզպետարանի կայքում հայտնվել էր հայտարարութուն, որում մարզպետը մասնավորապես նշում էր. «Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»: Փաստորեն, մարզպետը միանձնյա որոշում էր կայացրել եւ ինքն իրեն ազատել իր պարտականությունները կատարելուց: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 88.1. հոդվածը հստակ նշում է. «Մարզպետները նշանակվում և ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից»: Մոտավորապես նույն բովանդակությունն ունի դեռեւս 1997թ-ին ստորագրված եւ առա այսօր գործող «ՀՀ մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ նախագահի հրամանագիրը:

 

Փաստորեն, մարզպետը նախապես հայտարարել էր «ժամանակավոր» հրաժարականի մասին, բայց կառավարությունը նրան ընդմիշտ ազատեց 2004 թ. մարտի 25-ից առ այսօր զբաղեցրած այդ պաշտոնից:

Հանրային խորհրդում քննարկվել է գազի գինը. մասնակցել է նաև ՀԾԿՀ նախագահը

ՀԽ քննարկումՀանրային խորհրդում վերջին օրերին աշխատանքային քննարկումներ են անցկացվել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ինչպես ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովում, այնպես էլ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստում:

Հունիսի 5-ին ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի նախաձեռնությամբ Հանրային խորհրդում գազի սակագնի վերաբերյալ տեղի ունեցավ քննարկում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀԽ անդամներ Վազգեն Սաֆարյանը, Արշակ Սադոյանը, Ռոբերտ Աթոյանը, Հայկ Սարգսյանը, ՀԽ ֆինանսատնտեսական հարցերի հանձնաժողովի անդամներ:

Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշեց, որ գազի սակագնի կտրուկ աճն ավելի կխորացնի երկրում առկա սոցիալական լարվածությունը` առաջ բերելով մի շարք բացասական հետևանքներ:

Հանրային խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր ուղղեցին Ռոբերտ Նազարյանին, որոնք մասնավորապես վերաբերում էին «Հայռուսգազարդ» ընկերության ծախսերի ծավալին, աշխատավարձերի ֆոնդին, աշխատավարձերի նախատեսվող բարձրացման հիմնավորումներին, սահմանի և բաժանորդներին հասնող գազի գնի միջև առկա մեծ տարբերությանը (գրեթե կրկնակի, մինչդեռ ՀԽ անդամ Վազգեն Սաֆարյանի դիտարկմամբ` Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներ ունեցող երկրներում այդ տարբերությունը 40-50 տոկոս է) և այլ հարցերի:

Ռոբերտ Նազարյանի խոսքով` իրենք արել են հնարավոր ամեն բան` գազի առաջարկվող սակագինը նվազեցնելու ուղղությամբ: Միաժամանակ նա շեշտեց, որ կան նաև օբյեկտիվ հանգամանքներ, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել. նյութատեխնիկական ծախսերի ավելացում, աշխատողների թվի աճ, ներդրումային ծախսեր, գազօգտագործողների թվի աճ և այլն:

ՀԽ անդամ Ռոբերտ Աթոյանը նշեց, որ անգամ այդ փաստարկների դեպքում հնարավոր է գտնել մեխանիզմներ սակագինն առավել նվազեցնելու համար:  Նա բարձրացրեց ոչ միայն «Հայռուսգազարդի» աշխատողների աշխատավարձի հարցը` նշելով, որ դա այս պահին արդարացված չէ, այլև ընդգծեց օտարերկրյա անկախ փորձագիտական ընկերության կողմից ընկերության կառավարման և գործունեության արդյունավետության մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությունը:

Ռոբերտ Նազարյանը հայտնեց, որ իրենք հնարավորինս մեծ թվով կրճատել են ընկերության կողմից աշխատավարձերի բարձրացման առաջարկվող թիվը:

ՀԽ անդամներից մեկն առաջարկեց գազի սակագները սահմանել տարբերակված եղանակով, օրինակ` ըստ սեզոնի, նշելով, որ նման պրակտիկա արտերկրում գոյություն ունի: Ռոբերտ Նազարյանն ասաց, որ առաջարկը կարելի է առանձին քննարկել:

Բարձրացվեց նաև մարզերի համար տարբերակված մոտեցում ցուցաբերելու հարցը՝  հաշվի առնելով աշխարհագրական դիրքը (առավել ցուրտ մարզերում սահմանել ցածր սակագներ` ելնելով գազի օգտագործման առավել մեծ ժամանակահատվածից) և այլն:

Քննարկման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց աշխատանքային խումբ ձևավորել ՀԽ անդամների և ՀԾԿՀ մասնագետների միջև և համատեղ շարունակել աշխատանքը՝ գազի սակագինը նվազեցնելու հնարավոր այլ տարբերակներ գտնելու ուղղությամբ:

 

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ` ծանոթացել կարկտահարությունից առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին

10448_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի Արմավիր համայնք՝ ևս մեկ անգամ ծանոթացել գյուղացիական տնտեսությունների խնդիրներին, համայնքների ղեկավարների կողմից կազմված առավել անապահով ընտանիքների ցուցակներին, ներկայացրել կառավարության կողմից առաջիկայում ցուցաբերվելիք օժանադակության ծրագրերը:
Վարչապետը տեղեկացրել է, որ հունիսի 6-ի կառավարության նիստում որոշում է կայացվելու համայնքների ղեկավարների կողմից ներկայացված առավել կարիքավոր ընտանիքների ցուցակներում տեղ գտած գյուղացիական տնտեսություններին օժանադակել կանխիկ գումարով: «Օգնելու ենք, որպեսզի կարիքավոր ընտանիքները կարողանան լուծել կարագի, հացի, ձեթի հարցը: Ցուցաբերվելու է առարկայական օգնություն: Հանրապետության նախագահի մոտ այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում հանրապետության նախագահը հանձնարարել է մեզ՝ ձեզ հետ միասին մտածել, թե ինչպես նվազեցվեն գյուղացիական տնտեսությունների ռիսկերը: Տրամադրելու ենք պարարտանյութ, վառելիք, սերմացու, կարիքավոր ընտանիքներին օգնելու ենք կանխիկ գումարով: Օգնելու ենք ձեզ այգիներում ներդնել կաթիլային ոռոգման համակարգ, կիրառել ցանցային տեխնոլոգիաներ: Բացի այդ, Արմավիրի մարզում ներդրվելու են 50 նոր հակակարկտային կայաններ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը տեղեկացրել է նաև, որ կառավարության անդամներն իրենց անձնական եկամուտներից հատկացումներ են արել պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծված հիմնադրամին:
Անդրադառնալով գյուղացիների վարկային խնդիրներին՝ կառավարության ղեկավարը հորդորել է դրանց հետ կապված անմիջապես դիմել Կենտրոնական բանկի թեժ գծին և ներկայացնել բանկի կամ վարկային կազմակերպության հետ առկա հարցերը, որից հետո կառաջարկվեն համապատասխան լուծումներ: Վարչապետը վստահեցրել է, որ գյուղացիների վարկային բոլոր պայմանագրերը գտնվելու են մոնիթորինգի տակ՝ բացթողումները կանխելու համար:
10448_am_5Տիգրան Սարգսյանն այցելել է նաև Արմավիրի մշակույթի կենտրոն՝ ծանոթացել այնտեղ առկա պայմաններին: Գյուղացիներից մեկը նշել է, որ չնայած կենտրոնի վերանորոգմանը՝ այն չունի անհրաժեշտ տեխնիկական միջոցներ՝ ներկայացումներ բեմադրելու համար: Վերջինս խնդրել է կառավարության ղեկավարին՝ օժանադակել 1 մլն դրամով՝ բեմադրություններն իրականացնելու համար: Տիգրան Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել փոխանցել անհրաժեշտ միջոցները և նշել, որ մեկ ամիս անց այցելելու է գյուղ՝ խոստացված ներկայացումը դիտելու համար:
Հանդիպման ավարտին գյուղացիները շնորհակալություն են հայտնել վարչապետ Սարգսյանին՝ իրենց խնդիրներին զորավիգ լինելու համար:
Երևան վերադառնալու ճանապարհին վարչապետն այցելել է նաև կարկտահարությունից տուժած դաշտեր՝ ծանոթացել այնտեղ աշխատանքներ իրականացնող գյուղացիների խնդիրներին, ներկայացրել դրանց լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվելիք ծրագրերը:

Սպասվում են կարճատև տեղումներ

big_1370424916_1017ՀՀ տարածքում`

Հունիսի 6-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 7-10-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 7-ի ցերեկը և 8-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում`

Հունիսի 6-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 7-10-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:

Երևան քաղաքի հունիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան   36.60C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան       4.40C  (1967 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան   20.30C

Թուրքիայում ցույցի ժամանակ “Ալիև, հերթը քոնն է” վերտառությամբ պաստառ են պարզել

1Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցող ցույցերի ժամանակ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ ուղղված կարգախոսներ են հնչել:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը, համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ մի խումբ ցուցարարներ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում “Ալի’և, հերթը քոնն է” վերտառությամբ պաստառներ են պարզել: Ըստ կայքի` այդ ցուցարարներն ադրբեջանցիներ են`ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին: Ցուցարարները ի սկզբանե պահանջում էին հրաժարվել քաղաքի “Գեզի” այգին հատելուց, սակայն շուտով ցուցարարները սկսեցին պահանջել նաև վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը՝ Թուրքիայի կառավարությանը մեղադրելով խոսքի ազատությունը սահմանափակելու, ընդդիմադիրներին ճնշելու և աշխարհիկ Թուրքիան իսլամական դարձնելու նկրտումների մեջ: Ստամբուլին միացել են նաև թուրքական այլ քաղաքներ: Թուրքիայում բախումները դեռևս շարունակվում են: Արդեն զոհվել է երկու մարդ: Արդեն տեղեկություններ կան երրորդ զահի մասին:

 

Հավելենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը ներողություն է խնդրել ցուցարարներից: “Ցույցի սկզբնական շրջանում շրջակա միջավայրի պաշտպանության համար պայքարողների դեմ կիրառված ուժը սխալ, անարդար էր: Այդ քաղաքացիներից ներողություն եմ խնդրում ”,- ասել է նա:

 

 

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

3181Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետ Sիգրան Սարգսյանը, սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Oրակարգի հարցերի շրջանակում քննարկվել են Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցերը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բացման խոսքը Ազգային անվտանգության խորհրդի նիստում

Բարև ձեզ:

Հարգելի գործընկերներ, այսօրվա նիստում մենք քննարկելու ենք մեր երկրի էներգետիկ անվտանգության և տեղական ինքնակառավարման ինստիտուցիոնալ ամրապնդման հարցեր: Կարևոր հարցեր: Մենք շարունակելու ենք ոլորտ առ ոլորտ այնպիսի լուծումներ գտնել, որոնք խթանելու են պետական շինարարության ողջ գործընթացը և նպաստելու են սահուն գործող միասնական համակարգի ստեղծմանը:

Այսօր դժվարությունները շատ են Հայաստանում: Ոչ ոք դա չի վիճարկում: Բայց ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի տնտեսական զարգացման միտումները խոստումնալից են: 2012 թվականին մեր երկրում տնտեսական աճը կազմեց 7.2 տոկոս: Տնտեսական ակտիվության նման բարձր մակարդակը պահպանվում է նաև 2013 թվականին: Եվ սա տեղի ունի գնաճի ոչ բարձր և կառավարելի մակարդակի պայմաններում:

Այո՛, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը 2012-ին գերազանցել են հարևան բոլոր երկրներին: Ի համեմատություն բնական պաշարներով հարուստ մի շարք երկրների, այդ թվում նաև մեր հարևանների, Հայաստանում տնտեսական փոխակերպումը և տնտեսության դիվերսիֆիկացիան իրական պտուղներ են տալիս: Արդյունքում՝ Հայաստանը 2012թ. աշխարհի 188 երկրների մեջ ամենամեծ տնտեսական աճ ապահոված 23-րդ երկիրն էր:

Սա թույլ տվեց ի վերջո վերականգնել նախաճգնաժամային վիճակը: Ընդ որում` տնտեսության բոլոր հիմնական ճյուղերի աճի հաշվին: Նախաճգնաժամային թողարկման և եկամուտների մակարդակը հնարավոր է եղել ապահովել նախկինում գերիշխող շինարարության ճյուղի՝ մոտ կիսով չափ ցածր թողարկման պայմաններում: Այսինքն` այս ընթացքում տնտեսության մյուս ճյուղերի աճը և զարգացումը փոխհատուցել և գերազանցել են շինարարության ոլորտի կրճատումը` առաջ բերելով արտադրության և ծառայությունների նոր ոլորտներ և տեսակներ, հանգեցնելով տնտեսության առավել առողջ կառուցվածքի: Եվ սա այն պայմաններում, երբ գրեթե կրկնակի աճել են նաև պետության եկամուտները: Այս փաստերն անհերքելի են և արձանագրվում են ոչ միայն մեր կողմից: Այսուհանդերձ, սա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է բավարարված լինենք կամ անգամ գոհ: Իհարկե, ոչ:

Մենք պետք է ոլորտ առ ոլորտ մեր տնտեսությունը վերափոխենք թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով: Մենք նոր տնտեսություն ենք կառուցում: Աստիճանաբար կարկուտների հետևանքների դեմ պայքարելու փոխարեն մենք պետք է սկսենք հակակարկտային ցանցեր արտադրել հենց տեղում, ոռոգում սուբսիդավորելու փոխարեն հենց տեղում կաթիլային ոռոգման համակարգեր արտադրել, սկսել իրենց հետևից ամբողջական ոլորտներ առաջ տանող նախագծեր՝ արագ և էժան ջերմոցներ հավաքելու համար, օրինակ, անհրաժեշտ սարքավորումների արտադրությունից մինչև, ասենք, արևային մարտկոցների հավաքում: Եվ այդպես շարունակ: Այսպիսի նախագծեր պիտի կարողանանք խրախուսել, ինչին և մենք ձեռնամուխ ենք եղել:

3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում: Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական և տնտեսական ականներն են սպառնում պայթել և պայթել շատ արագ ու կարծես՝ միաժամանակ: Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարևան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները: Միայն այսպահային խրախճանքներ՝ սա է իրականացվող քաղաքականության տրամաբանությունը: Գոյացած գումարները խելահեղ արագությամբ մսխվում են միանգամյա օգտագործման ուղղություններով՝ տեսանելիություն ապահովող հսկայական շինարարական ծրագրերում, սոցիալական ծախսերի ֆինանսավորմամբ, ինչը վաղը ստիպված կրճատելու են, աշխարհի տարբեր ծայրերում հանուն մեկ երեկոյի ծափողջյունների միլիարդներ շաղ տալով: Այսինքն՝ գործեր, որոնք երկու քայլ առաջ հաշվարկողի համար ամեն ինչ պարզ են դարձնում:

Մյուս կողմից գալիս են անթաքույց բռնապետության կամ բռնապետական ռեժիմի հետևանքները: Ընդդիմախոսների բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթե տեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ են հիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց: Չեմ կարծում, թե որևէ մեկը դրանում կասկածում է: Եթե երկու տարի առաջ ադրբեջանցի երիտասարդները վախենում ու լռում էին, այսօր արդեն թեկուզ փոքր խմբերով, բայց արդեն քննարկում են, որ խոսք ասելու ժամանակը շուտով գալու է: Իսկ վաղը շատ մոտ է: Այն վաղը, երբ այս երկրում էլ սոցիալական ցանցերը ժողովրդի թշնամի են հռչակվելու: Ես ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային, որովհետև այդ երկրի իշխանությունները փոխանակ զբաղվեն սեփական պրոբլեմներով, սեփական ժողովրդի բարեկեցության խնդիրներով, սեփական հասարակության կառուցմամբ, կարծես թե լծվել են մեր դարդին դարման լինելու գործին, կարծես փորձում են մեզ խելք սովորեցնել, ինչպես ասացի, գարշահոտ պատկերացումներ տարածել մեր մասին:

Մենք պիտի շարունակենք մեր տնտեսության արդիականացումը և դիվերսիֆիկացումը մի քանի տարի հետո սպասվող տարածաշրջանային նոր վերադասավորումներում ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար: Եվ մենք այդ ճանապարհին ենք, որտեղ վայրկյան անգամ կանգնել չի կարելի: Չի կարելի հապաղել:

Ռուսերենի միջին միավորը` 11,08 է, երկու դիմորդ էլ 20 է ստացել

դիմորդԳԹԿ-ն հրապարակել է հունիսի մեկին  կայացած Ռուսերենի միասնական քննության գնահատականները:

Ռուսերենից քննություն է հանձնել  հայտագրված 1209 դիմորդներից 1139-ը: Միջին գնահատականը 11,08 է:

Այս տարի ռուսերենից առավելագույն` 20 միավոր է ստացել 2 դիմորդ կամ 0,2 տոկոսը:

Այս տարի ռուսերենից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 15 տոկոսը, 7,5-12 միավոր է ստացել դիմորդների 46 տոկոսը, 13-17 միավոր` 27 տոկոսը, 18-20 միավոր` 12 տոկոսը:

Վաղը ժամը 9-18-ը դիմորդները քննակենտրոններում կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները:

Նշենք, որ նախորդ տարի` 2012-ին ռուսերենի միասնական քննության միջին միավորը  10,3 էր: Նախորդ տարի որևէ դիմորդ 20 բալ չէր ստացել, իսկ 17,5-20 բալ էր ստացել դիմորդների ընդամենը 2,7 տոկոսը: Նախորդ տարի ավելի շատ էր նաև անբավարար ստացողների թիվը` 22 տոկոս:

Գնդապետ Բուդաղյանի վիճակը կայուն ծանր է, սակայն նկատվում է ապաքինման դրական դինամկիա

բուդաղյանՍուրեն Խաչատրյանի տան մոտ հրազենային վնասվածք ստացած գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, սակայն նկատվում է ապաքինման դրական դինամիկա. այս մասին այսօր լրագրողների հետ  հանդիպմանն ասաց ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ , փոխգնդապետ Արամ Ասատուրյանը:

Նրա խոսքով` Բուդաղյանի կյանքին վտանգ չի սպառնում,  գիտակցությունը տեղում է,   կարողանում է հարազատների հետ շփվել, սակայն շփումները սահմանափակված են: Նաև դեռևս ի վիճակի չէ ցուցմունք տալու:

Փոխգնդապետն ասաց, որ առաջիկա օրերին, երբ Բուդաղյանի վիճակը  բարելավվի, նրան վերակենդանացման բաժանմունքից  սովորական  հիվանդասենյակ կտեղափոխեն:

 

Ռուսաստանում կատուն փորձել է բջջային հեռախոսներ մտցնել բանտի տարածք

c1Բոլորին հայտնի է, որ բանտարկյալները կաշառում են բանտապաններին բջջային հեռախոսներ իրենց հետ ներս տանելու համար:

Սակայն վերջին հինգ ամիսների ընթացքում գրանցվել է կատվին որպես մեղսակից օգտագործելու երկրորդ դեպքը:

Ռուսաստանի հյուսիսային հատվածում գտնվող բանտի պահակները բռնել են ցանկապատի վրայով երկու բջջային հեռախոսներ և հեռախոսի լիցքավորման սարքեր տանող կատվի:

Դաշնային բանտային ծառայությունից հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել անցած ուրբաթ օրը, Կոմի շրջանի Սիկտիվկարա քաղաքի մոտակայքում գտնվող քրեական գաղութում:

Դեռևս պարզ չէ, թե կատուն ինչպես պետք է տեղ հասցներ իր վրա կապված բեռը:

Բանտի ներկայացուցչի տվյալներով` իրենք կատվին կպահեն այնքան ժամանակ, մինչև հետաքննության արդյունքում բանտարկյալներից չպարզեն, թե ում համար էին նախատեսված հեռախոսները:

Ավելի վաղ նման դեպք գրանցվել էր Բրազիլիայում, երբ Ալագաոս շրջանի Արպիրակա քաղաքի բանտում պատահաբար նկատել էին բանտի դարպասներից անցնող ժապավենով կապված մի կատվի:

Նրանք կատվի վրա հայտնաբերել էին հորատիչ, ականջակալներ, հիշողության քարտ, մարտկոցներ և հեռախոսի լիցքավորման սարք:

Նոր տարվա տոնին հաջորդած այդ դեպքի վերաբերյալ բանտի ներկայացուցիչը նշել էր, որ դժվար է պարզել է, թե ով է պատասխանատու դրա համար, քանի որ կատուն չի խոսում:

 

Լևոն Արոնյանը հաղթեց շախմատի համաժամանակյա խաղաշարում

Aron-13Levon-Aronyan054Լևոն Արոնյանը Գերմանիայի Մայսեն քաղաքի ճենապակու թանգարանում համաժամանակյա խաղաշար անցկացրեց Գերմանիայի երիտասարդական հավաքականի վեց շախմատիստների հետ: Արոնյանի մրցակիցներից չորսը միջազգային վարպետներ էին: Լևոնը խաղաշարում հաղթեց 4,5:1,5 հաշվով: Նա շահեց երեք պարտիա, իսկ մյուս երեքն ավարտեց հաշտությամբ:

 

Կինը պետք է վարորդ դառնա, որ հասկանա…

ԱթանեսյանԴեռևս տոհմային հասարակարգից, երբ մեր նախնիները հիմնականում մտածում էին գոյատևելու մասին, տղամարդիկ ֆիզիկական ուժի շնորհիվ պաշտպանում էին իրենց ցեղերը, ընտանիքները` թշնամու դեմ կռվի ելնելով, իսկ կանանց թողնում էին միայն երեխաներին մեծացնելու, կերակուր պատրաստելու և  նման այլ կենցաղային գործեր կատարելու աշխատանքը: Այդ ամենն արվում էր հաշտ ու համերաշխ, և կանայք կարծես չէին  էլ դժգոհում իրենց կյանքից: Սակայն մարդաբան Կլոդ Լևի–Սթրոսի ուսումնասիրության համաձայն` նախնադարյան տղամարդը կնոջն առաջ էր թողնում, քանի որ քարանձավից դուրս որևէ գազան կարող էր այդ պահին հարձակվել: Դա նշանակում է, որ առաջ կինը եղել է ֆիզիկապես ավելի ուժեղ և դեռ փոքրուց  տղամարդկանց պաշտպանել գազաններից կամ այլ հնարավոր վտանգաներից:

Այդքան ծեծված գենդերային թեմայի՝ երկու սեռերի դերերի  շուրջ փորձեցինք  զրուցել ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ:

– Պրն Աթանեսյան, կինն ու տղամարդը հավասա՞ր են:

– Նրանք երբեք հավասար չեն եղել, նաև հստակ չի եղել, թե ով ումից է բարձր: Կարծում եմ, որ կին-տղամարդ ներքին կոնֆլիկտը միշտ էլ եղել է: Եթե երկու սեռերի միջև պայքար կա, ուրեմն նրանք հավասարազոր են, որովհետև միայն հավասարների միջև կարող է պայքար լինել:

– Այդ դեպքում ինչո՞ւ տղամարդիկ թույլ չեն տալիս կանանց սոցիալապես աճել:

– Կանանց ոչ ոք չի ստիպում կամ չի արգելում դառնալ նախագահ, պատգամավոր, վարորդ և այլն: Նրանք են որոշում՝ ինչ անել: Կնոջն արգելելու ոչ մի մեխանիզմ, կարծրատիպ չկա, նույնիսկ կենցաղում: Եթե կինը չի զբաղվում քաղաքականությամբ,  ապա միայն այն պատճառով, որ նա ունի այլ հոգսեր, որոնք պակաս ծանր չեն: Համոզված եմ, որ կանայք կարող են դառնալ ինչ ցանկանան, քանի որ պատմությունից գիտենք` քիչ չեն եղել հայտնի և հերոսական կանայք: Իսկ ո՞վ է ասել, որ ուժեղ կնոջ մոտ ուժեղ տղամարդ չի կարող լինել:

– Ինչպիսի՞ն է կնոջ սոցիալական կարգավիճակը մեր երկրում:

– Շատ բարձր: Այդ իրավունքը նա ստացել է սեփական ջանքերի, աշխատանքի և իմաստության շնորհիվ: Ցավոք, կինն այսօր խառը ֆունկցիաներով է օժտված և չես հասկանում՝ նա կի՞ն է, թե՞ տղամարդ, ինչն էլ ավելի է դժվարացնում նրանց հետ շփումը: Երեխա ունենալն էլ մնացել է միակ ֆունկցիան, որով կինը տարբերվում է տղամարդուց:

– Իսկ տղամարդո՞ւ կարգավիճակը:

– Իրականում մեզ մոտ տղամարդկանցից դեռ շատ սպասելիքներ կան (հատկապես ֆինանսապես), բայց այսօր տղամարդու դեֆիցիտ կա: Եվ հիմնական պատճառը մայրն է, որ տղամարդը տղամարդ չի դառնում: Տղամարդը շատ լավ գիտակցում է, որ եթե չանի այն, ինչ հասարակությունն է պահանջում, կարժանանա այդ հասարակության և կնոջ վատ վերաբերմունքին: Միայն ֆինանսական սպասելիքների մասին չէ խոսքը, այլ հոգեբանական: Տղամարդը նույնպես սեր և հարգանք է ակնկալում կնոջից: Ուստի տղամարդկանց իրավունքները ևս պաշտպանության կարիք ունեն, հակառակ դեպքում դարձյալ տեղի է ունենում մարդու իրավունքների խախտում:

– Շատ փիլիսոփաներ, գրողներ պնդում էին, որ կինն ընդամենը երկրորդական, ոչ կարևոր էակ է, որն անհրաժեշտ է միայն սերունդը շարունակելու համար:

– Բայց եղել են նաև հակառակը պնդող ականավոր մարդիկ, որոնց կարծիքով` կինը կյանքի իմաստն է: Իրականում ոչ ոք չի ստիպում կնոջը լինել երկրորդական, նա է ընտրում այդ դերը: Կինը պետք է դառնա նախագահ, պատգամավոր, վարորդ, որ հասկանա` դա ամենալավ տարբերակը չէ, և վերադառնա նախկին դերին: Երբեմն էլ կանայք մտածում են՝ եթե հնարավոր է ամեն ինչ ձեռք բերել տղամարդու միջոցով, ինչո՞ւ տանջվել: Մի խոսքով, հավասարությունը չի կարող պարտադրվել, կինն ունի խոսքի, մտքի ազատություն: Կարևորը` չխաբի ո՛չ իրեն, ո՛չ էլ ուրիշներին:

– Ինչպիսի՞ն պետք է լինեն երկու սեռերի իդեալական դերերը:

– Չկա իդեալական ոչինչ: Ճիշտ կլիներ, որ Հայաստանում տղամարդիկ ավելի շատ շփվեին կանանց, իսկ կանայք՝ տղամարդկանց հետ, քանի որ դրսում տղամարդկանց կամ կանանց բամբասող խմբակույտերը պոտենցիալ ագրեսիայի պատճառ են: Իսկ երկու սեռերի կապը, շփումը միմյանց հետ չեզոքացնում է բացասական էներգիան:

– Ինչի՞ց սկսել շտկել:

– Ծնողներից: Նրանք պետք է չթաքցնեն իրենց զգացմունքները երեխաներից, այլ միմյանց ձեռքից բռնեն և բացեիբաց համբուրվեն՝ դրական օրինակ ծառայելով նրանց: Այդ առումով ԶԼՄ-ները ևս շատ անելիք ունեն: Իսկ այն կարծիքը, թե կոնֆլիկտային վիճակի լուծման համար մի կողմը միշտ պիտի զիջի, կարծրատիպ է: Հավասարների միջև խաղաղությունն ավելի կայուն է:

 

Հարցազրույցը` Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ

Անկարայում ցույցերի ժամանակ այրել են թուրքական դրոշը (տեսանյութ)

3Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունը տեսախցիկների միջոցով տեսագրում է ցույցերի ողջ ընթացքը: Տեսագրության մեջ հետաքրքիր կադրեր են գրանցվել ։
Ոստիկանության տեսախցիկները ֆիքսել են, թե Անկարայում ցուցարարների մի խումբ ինչպես է այրում անկախության խորհրդանիշ համարվող թուրքական դրոշն և այդ կապակցությամբ ուրախանում։

Սադրիչների մեկ այլ խումբ քարերով լի ծաղկամաններ է նետում ներքևում կանգնած ոստիկանների վրա։

Ըստ թուրքական “ՏՌՏհաբեր” կայքի` ցուցարարներն անկարգությունների ընթացքում վնաս են պատճառում շրջակայքում գտնվող մեքենաներին և շինություններին։

Էրդողանի վարչակարգի դեմ ակցիաներին միանում են խոշոր քաղաքների իշխանությունները

130603192324-pkg-walsh-turkey-ankara-protests-00002308-story-topԹուրքիայում վարչապետ Էրդողանի` Ստամբուլի գլխավոր հրապարակ Թաքսիմը վերակառուցելու մասին հայտնած մտադրությունից հետո ամբողջ երկրում բնապահպանների սկսած ցույցերին արդեն միանում են խոշոր քաղաքների իշխանությունները: Անթալիայի քաղաքապետ Մուստաֆա Աքայդընը, որը չի պատկանում Թուրքիայի իշխող կուսակցությանը, կարգադրել է ջուր չտալ ոստիկաններին՝ ցուցարարներին ցրելու համար:

Նա արգելել է ջրցաններ տրամադրել ոստիկաններին, ովքեր էլ օգնության համար դիմել են հրշեջներին: Սակայն վերջիններս աջակցել են քաղաքապետի դիրքորոշմանը և ջուր չեն լցրել ջրցան սարքերում: Արդյունքում ոստիկանությունը բողոքի ակցիան ցրել է արցունքաբեր գազի միջոցով:

Փրկարարներն աշխատել են ամբողջ գիշեր

big_1370344357_13060017Հունիսի 3-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներն իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել և ընկել է էքսկավատորի վրա. կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները, մոտենալով դեպքի վայրին, ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած ճանապարհահատվածը շարունակել են ոտքով (իրենց հետ վերցնելով անհրաժեշտ գույք և սարքավորումներ):

Պարզվել է, որ շինարարական աշխատանքներ իրականացնելիս «Հունդայի» մակնիշի էքսկավատորի վրա է ընկել մոտ 30 տոննա կշռով, 10-15 խմ ծավալով ժայռաբեկոր, ինչի հետևանքով վարորդը` Եղվարդ քաղաքի բնակիչ, 1986 թ. ծնված Արտյոմ Խալաթյանը տեղում մահացել է:

Քանի որ տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով ծանր տեխնիկայի կիրառումը հնարավոր չէր, աշխատանքներն իրականացվել են ձեռքի տեխնիկական միջոցներով:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 14 հրշեջ-փրկարար, ինչպես նաև տեղի բնակիչներ և ՀԷԿ-ի շինարարներ:

Ամբոջ գիշեր աշխատելով ու ձեռքի ուժով ժայռաբեկորները հեռացնելուց հետո` հունիսի 4-ին, ժամը 08.47-ին հրշեջ-փրկարարները բեկորների տակից դուրս են բերել վարորդի դին։

Դիվերսիա սահմանին. հայկական կողմն առանց կորուստների հետ է շպրտել ադրբեջանցի դիվերսանտներին

դիվերսիա ԼՂՀ սահմանին Քարվաճառի ուղղությամբ  հակառակորդն անցած գիշեր դիվերսիոն գործողություն է իրականացրել: Հայկական կողմը ադրբեջանցի դիվերսանտներին հետ է շպրտել. Այս մասին հայտնում է iLur.am-ը:

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, անդրադառնալով կատարվածին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. « Հակառակորդը այս օրերին իրեն դրսևորել է նույն կերպ. սահմանին միշտ էլ փորձում է առաջացնել նոր լարումներ, սակայն ստանում է արժանի հակահարված և հետ շպրտվում: Եղածի պատասխանատվությունը կրում է հակառակորդը: ՀՀ ԶՈՒ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, ոչ մի կորուստներ չունենք»:

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

big_1370338040_04 06ՈՒշադրություն

Հունիսի 7-9-ին երեկոյան ժամերին հատկապես` Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում են հորդառատ՝ ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ:

ՀՀ տարածքում՝

Հունիսի 5-6-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 7-9-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը՝ 7-ի ցերեկը և 8-ի գիշերը, կնվազի 4-5 աստիճանով:

Երևանում՝

Հունիսի 5-6-ին՝ երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 7-9-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Երևանի հունիսի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան   35.80C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան      3.80C (1967 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան  19.60C

 

Դիմորդները դեռևս չեն դժգոհում հայոց լեզվի և գրականության թեստերից

DSCN2237Երևանի պեական տնտեսագիտական համալսարանում  տեղակայված քննակենտրոնում այսօր «Հայոց լեզու և գրականություն» առարկայից քննություն է հանձնել 213 դիմորդ:

Քննության մեկնարկից 1  ժամ 45 րոպե անց առաջին դիմորդը ուրս եկավ քննասենյակից (քննության համար հատկացված է 3 ժամ):

Առաջինը դուրս եկածը  ԵՊՀ հոգեբանությանֆակուլտետի դիմորդ Մարիամ Թորոսյանն էր: Նրա խոսքով`  թեստը հեշտ էր, կողքից իրեն չեն խանգարել, ինքն էլ կենտրոնացել ու գրել է: Ասում է, որ 75 հարցն էլ շտեմարանից էին, թե հեշտ, թե դժվար հարցեր կային, բայց հասցրել է բոլոր հարցերին պատասխանել ու ակնկալում է, որ կստանա առնվազն 18,5-19 միավոր:

Առաջինը դուրս եկողներից էր նաև Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի դիմորդ Գոհար Հայրապետյանը: Մեկ տարի կրկնուսույցի մոտ պարապած դիմորդը իր աշխատանքը միջին է գնահատում, բայց չի դժգոհում. «Մեր անցածն էր, շտեմարանից: Հիմնականում հեշտ էր,  բայց հարցեր էլ կային, որ մի քանի անգամ ես կարդում, որ հասկանաս: Բայց ժամանակը հերիքել է»:

DSCN2239Քննասենյակից դուրս եկող դիմորդներին մանրակրկիտ հարցուփորձ էին անում հավաքված ծնողները: Վերջիններս անհանգիստ սպասում էին քննության ավարտին: Ծնողների զրույցներից պարզ էր, որ չնայած շտեմարանի առկայությանը` վախենում են հայոց լեզվի և գրականության քննությունի` այն համարելով ամենաբարդը բոլոր քննություններից: