Հեռուստամեկնաբան Արտակ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ մի գրառում կատարեց` իր վրդովմունքը հայտնելով քաղաքապետարանի` կենտրոնը բարեկարգելու որոշմանը: Գրառումը մեջբերում ենք առանց կրճատման.
«Մի գրառում էի արել, որ երկիրը լքում է ադեկվատության զգացումը: Գրելուց հետո մտածում էի, որ կարծես թե մի քիչ չափազանցրել էի, գույները խիտ էի ներկայացրել: Բայց պարզվեց` ընդհակառակը: Այսօր հայտնի դարձավ, որ քաղաքապետարանը բաց մրցույթ է հայտարարել Հանրապետության հրապարակը նորոգելու համար: Երկար բացատրություն էր այն մասին, որ իրականում ծանրաբեռնված է երթևեկությունը, որ չի ծառայում իր նպատակին: Հասկանալի է , որ այդ շինարարությունը առնվազն մի քանի հարյուր միլիոն դրամ է լինելու: Ամենաքիչը` 150 մլն դրամ: Կարդում եմ և ուղեղումս չի տեղավորվում: Լու՞րջ է սա, թե՞ կատակ: Լավ, էս քաղաքում էդքան փող վատնելու տեղ չկա՞: Ախր մի քանի շաբաթ է անցել ընտրություններից, երբ բոլորը խոսում էին Երևանի ահավոր շատ պրոբլեմներից` ջրամատակարարումից մինչև քանդված շենքեր, չաշխատող վերելակներից մինչև վթարային հանրակացարաններ: Ի՞նչ եք կպել կենտրոնից ու պոկ չեք գալիս: Եթե խնդիրը մի երկու շենք քանդելն է, քանդեք, էլ խի՞ եք էդքան փող ծախսում: Ես հրաժարվում եմ հասկանալ քաղաքապետարանին: Ախր, սա ցինիկության գերադրական աստիճանն է, սա իրականությունից կտրվել է, ու այնպես կտրվել, որ չհասկանալ, որ երևանը էլ ցավ ու դարդ չունի, հիմա Հանրապետության հրապարակը պետք է նորոգել: Թող էդ գումարով շատ չէ, 10 հատ վերելակ գնեն, թող էդ գումարով շատ չէ, թող 10 ընտանիքի, էն որբերի, որ ապրում են անտանելի հանրակացարանում, բնակարան գնեն: Ախր ո՞նց կարելի է էս թանկացման ֆոնին էդ փողը ծախսել հրապարակի վրա: Լավ, կարելի է ճաշակ չխաղալ ժանտախտի ժամանակ: Չէ որ խոստացել էին, որ ծայրամասերին ուշադրություն կդարձնեն: Դե դարձրեք: Ինչի եք վեցերորդ անգամ ռեդիզայն անում հրապարակը: Հեսա էլի ամառ է գալու, էլի փակելու են հրապարակը ու էս շոգին էլի խցանումներ են լինելու: Վերջը էս քաղաքում Նարեկ Սարգսյանը մի բան անելու է, որ իրեն չանիծեն, չհայհոյեն ու ասեն` հա, էս մեկը լավն է: Լավ, էդ մարդը ինչի՞ է հետևողականորեն ընկել կենտրոնը այլանդակելու հետևից», – գրել է Արտակ Ալեքսանյանը ու վերջում պատասխան չի գտել, – «Եսիմ է…»:
ԺՀԿ-ն Էրդողանին «Gazman» է համարում
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պատրաստել է «Gazman–Պատմական ակնարկ ԱԶԿ-ի արցունքաբեր գազի մասին» գրքույկը, որի մեջ տեղեկություններ են տրվում, թե ի՞նչ է արցունքաբեր գազը, ի՞նչ վնաս է այն հասցնում առողջությանը, Թուրքիայում ինչքա՞ն արցունքաբեր գազ է օգտագործվում, ինչպե՞ս կարելի է այն օգտագործել, թվարկվում են Թուրքիայում վերջին մեկ տարում արցունքաբեր գազի կիրառման դեպքերը: Հետաքրքրական է, որ գրքույկի կազմի վրա պատկերված է վարչապետ Էրդողանը «Superman» ֆիլմի հերոսի հագուստով՝ ստանալով համապատասպան «Gazman» անունը:
«Radikal»-ի հաղորդմամբ՝ ԺՀԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ արցունքաբեր գազի վերաբերյալ այսօր Ազգային ժողովի նախագահությանը օրինագիծ են ներկայացնելու: «Եթե արցունքաբեր գազը արգելվի, ապա Թուրքիան կազատագրվի: Առանց արցունքաբեր գազի Թուրքիան ավել երջանիկ, հանգիստ, ավելի ժողովրդավար մի Թուրքիա կլինի»,-նշել է ԺՀԿ-ի ներկայացուցիչը:
Մերձավոր Արևելքում նոր զարգացումներ են ի հայտ գալիս
Սիրիայում ավելի քան երկու տարի ձգվող իրավիճակը սրել է իրավիճակն ամբողջ Մերձավոր Արևելքում: «Անկախը» բազմիցս ներկայացրել է տարբեր արևելագետների, ուսումնասիրողների ու փորձագետների կարծիքներ, ըստ որոնց` սպասելի էր, որ Սիրիայում ստեղծված իրավիճակը դուրս կգար բուն Սիրիայի սահմաններից և կտարածվեր հարևան երկրներում, առաջին հերթին` Լիբանանում:
Սիրիան դեռ «չմարսած»` Լիբանանն ակտիվացավ
Որ հենց այդպես էլ կլինի, նշել էին հայ փորձագետներից թե՛ Ռուբեն Սաֆրաստյանը, թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Լևոն Մելիք-Շահնազարյանը. բոլորը: Եվ նրանց կանխատեսումները երկար չսպասեցրին. վերջին օրերին Սիրիային զուգահեռ, իրավիճակը կտրուկ սրվեց նաև հարևան Լիբանանում:
Նախ` Լիբանանի հյուսիսի Տրիպոլի քաղաքի ալավիների և սունիների թաղամասերի միջև ականանետների, նռնականետների և խոշոր տրամաչափի գնդացիրների կիրառմամբ դաժան փոխհրաձգություն էր սկսվել դեռևս մայիսի 19-ին, զոհվել էր առնվազն 9 մարդ, վիրավորների թիվը գերազանցել էր 60-ը: Թեև Տրիպոլիում տեղակայվել էին լիբանանյան բանակի և ժանդարմության ստորաբաժանումները, մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը մարտերն առավել թեժացան, ինչի հետևանքով քաղաքում ևս 6 մարդ զոհվեց, 27-ը վիրավորվեցին: Լիբանանի պաշտպանության նախարար Ֆայիզ Հոսնը հանդես է եկել իրադրության լրջության վերաբերյալ նախազգուշական հայտարարությամբ: Ըստ նրա` Տրիպոլիում միջկրոնական բախումներ հրահրելու փորձերը կարող են ընդգրկել ամբողջ երկիրը և ներգրավել բոլորին` առանց բացառության: Նախարարը վստահեցրել է, որ բանակը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` երկրում ամբողջականության պահպանման, կայունության և անվտանգության ապահովման համար:
Սակայն դրանից հետո Լիբանանի ազգային տեղեկատվական գործակալությունը հայտնեց, որ մայիսի 23-ին քաղաքում սաստկացել է փոխհրաձգությունը: Լիբանանյան հեռուստատեսության ցուցադրած կադրերում երևում է, որ բնակելի թաղամասերում կրակոցներ են, կան կիսավեր տներ: Այդ օրն ալավիների ու սունիների միջև բախումների զոհ դարձավ ևս 9 հոգի: Դրանից հետո արդեն հակամարտության գոտուց արձակված երեք հրթիռներ պայթեցին պաղեստինցի փախստականների Ալ Բադաուի ճամբարի մոտ` վնասելով 3 մարդու:
Մի խոսքով` Լիբանանում այս օրերին ստեղծված իրավիճակը խիստ նմանվում է սիրիական «սցենարին»: Արտաքին աշխարհի դերակատարները, ինչպես բազմիցս նշել ենք մեր նախորդ հրապարակումներում, ամեն ինչ արեցին, որ իրավիճակը լարվի արաբական այս երկրում ևս, որտեղ առանց այն էլ սիրիական իրադարձությունների ազդեցությամբ, իրավիճակը շարունակում էր պայթյունավտանգ մնալ:
Հատկանշական էր, որ այս «միջադեպերը» տեղի են ունենում այնպիսի իրադարձություններին զուգահեռ, ինչպիսին է մայիսի 23-ին ԱՄՆ-ի Սենատի կողմից միաձայն բանաձևի ընդունումը, որն Իսրայելին աջակցում է իրանական միջուկային սպառնալիքի դեմ ուղղված ցանկացած գործողությունների դեպքում:
«Եթե Իսրայելը ստիպված լինի իր ժողովրդին իրանական միջուկային ծրագրից պաշտպանելու համար պատերազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, ԱՄՆ-ի կառավարությունը կաջակցի հրեական պետությանը՝ օգտագործելով ռազմական, դիվանագիտական, քաղաքական և տնտեսական ռեսուրսները»,- նշված է բանաձևում, որով նաև կոչ է արվում խստացնել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները:
Այս բանաձևի ընդունումից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի անցկացման հարցերն է քննարկել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ:
Ու այս համատեքստում ՀԱՊԿ անդամ-երկրների ԱԳ նախարարները մայիսի 27-ին Բիշքեկում ստորագրեցին Սիրիայի հարցով միջազգային խորհրդաժողով հրավիրելու մասին ռուս-ամերիկյան նախաձեռնությունը: ՀԱՊԿ ԱԳ նախարարների ամփոփիչ հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ ՀԱՊԿ-ն հանդես է գալիս սիրիական հակամարտության շուտափույթ հաղթահարման օգտին` հենց սիրիացիների ջանքերով և Սիրիայի ինքնիշխանությունը պահպանելով: «Այդ առնչությամբ ՀԱՊԿ երկրներն անհրաժեշտ են համարում այդ երկրում բռնությունների անհապաղ դադարեցումը, որտեղից էլ դրանք գան, լայն քաղաքական երկխոսության սկսումն իշխանությունների և ընդդիմության միջև` առանց նախապայմանների»,-ասված է հայտարարությունում:
Փաստաթղթում ընդգծվում է, որ ՀԱՊԿ երկրները «վճռականորեն դատապարտում են խաղաղ բնակչության դեմ ուղղված ահաբեկչության և բռնության ցանկացած դրսևորում» և հանդես են գալիս ընդդեմ հակաիրավական գործողությունների, որոնք ուղղված են Սիրիայում ներքին հակամարտության ռազմականացմանը, ներառյալ` զինված ընդդիմության գրոհայիններին զենքի մատակարարումները:
Այսինքն` Մերձավոր Արևելքի գործընթացները մտնում են ակտիվ միջնորդությունների փուլ. արտաքին ուժերն ակտիվացնում են իրենց լծակները սիրիական խնդրում:
Լիբանանը չէր կարող «չազդվել» սիրիական զարգացումներից
Իսկ ինչո՞ւ պետք է սիրիական սցենարները «արտահանվեին» Լիբանան. կամ ի՞նչ կապ ունի Լիբանանը սիրիական զարգացումների հետ: Նշենք, որ սիրիական գործոնն ամենաազդեցիկն է Լիբանանի քաղաքական ու տնտեսական կյանքում. մինչև 2005 թվականը, երբ սիրիական զորքերը դուրս բերվեցին Լիբանանից, այս երկրի համար բոլոր կարևոր որոշումները կայացվում էին հարևան Սիրիայի մայրաքաղաքում: Նույն ազդեցությունը նաև այսօր է զգացվում, քանի որ Բաշար Ասադն ալավի է, այսինքն` Լիբանանի բնակչության մեծամասնությունը, որ նույնպես ալավի է, նրա կողմնակիցներն են: Իսկ նրան դեմ է հիմնականում երկրի սունի մահմեդական բնակչությունը, որին աջակցում են Սաուդյան Արաբիան, Թուրքիան ԱՄԷ-ն և այլք, որոնք Սիրիայում օժանդակում են հակակառավարական զինված խմբավորումներին: Ահա Տրիպոլիում մահմեդական ահաբեկչական խմբավորումները ցանկանում են ստեղծել անկախ էմիրություն, ինչին նպաստում է սուննիական աշխարհը` ի դեմս Թուրքիայի:
Իսրայելն ու Արևմուտքը, ինչպես գիտենք, ձգտում են «նվաճել» ևս մեկ էներգակիրներով հարուստ երկիր` Իրանը, քանի որ վերջինս չի ենթարկվում նրանց թելադրած խաղի կանոններին: Հետևաբար, Արևմուտքը նախևառաջ պետք է շարքից հանի Սիրիային, ինչպես բազմիցս նշվել է: Այդ դեպքում տարածաշրջանի իրանամետ երկրներից մյուսը` Լիբանանը, ինքնըստինքյան կթեքվի Արևմուտքից «փչող քամուն» համընթաց: Սակայն երբ Սիրիայում Արևմուտքի «գործերը» դանդաղում են, պարզ է, որ աշխարհի հզորները պետք է փորձեն թուլացնել Սիրիայի իշխանությունների բոլոր հենակները, ներառյալ` Լիբանանում ստեղծեն խառնակ իրավիճակ: Սա մի քանի նպատակ կարող է ունենալ. նախ` ի դեմս Լիբանանի ալավիների, հզոր աջակցությունից զրկել Բաշար Ալ Ասադի վարչակարգին, և երկրորդ` տարածաշրջանում ստեղծել այնպիսի վիճակ, որ ցանկացած պահի հնարավոր լինի հայտարարել, որ տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու նպատակով այդտեղ պետք է խաղաղապահ զորքեր մտցվեն:
Իհարկե, մինչ այժմ Արևմուտքը տարածաշրջանն ապակայունացնելու գրեթե բոլոր գործողություններն իրականացրել է Թուրքիայի միջոցով: Որովհետև Թուրքիան, որ կարծես եվրաինտեգրման հույսը կտրել է, իր արտաքին քաղաքականության վեկտորն ուղղել է դեպի Արևելք, ու Մերձավոր Արևելք` առաջին հերթին: Հետևաբար, Թուրքիան ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում մեկը մյուսի հետևից երկրները ներքին խառնակություններ ունենան ու դրանով իսկ թուլանան: Դա միմիայն կուժեղացնի Թուրքիայի դիրքերը` իր նեոօսմանիզմի գաղափարներով հանդերձ:
Սա շատ վատ հետևանքներ կարող է ունենալ առաջին հերթին մեզ` հայերիս համար, քանի որ այս զարգացումնեը տեղի են ունենում մեր անմիջական հարևանությամբ, բացի այդ, ստեղծված իրավիճակում կարևորագույն դեր ունի հենց Թուրքիան, որը Սիրիայի օրինակով ցույց տվեց, որ իր հիմնական թիրախները մնում են իր պետական սահմաններին սահմանակից երկրների հայկական գաղթօջախները:
Մոռացել ենք առաջին hանրապետության ղեկավարների ազնվությունը
Հայ ժողովրդի պատմության մեջ հսկայական է մայիսյան հերոսամարտերի դերն ու նշանակությունը: Ճիշտ է, Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման ժամանակ պետականությունը` անկախությունը, մեր ժողովրդին տրվեց իրադրության հանգամանքների պայմաններում, բայց այն մեզ չտրվեց ինքնըստինքյան, ինչպես երկար ժամանակ նշվում էր:
Ուրիշները անկախություն ստացան, մենք` վերանվաճեցինք
Հիշենք, որ 1918 թ. դեռևս գործում էր Անդրկովկասյան սեյմը, որը բաղկացած էր հայերի, վրացիների և ադրբեջանցիների ազգային խորհուրդներից: Այդ ժամանակ թուրքական կողմը պահանջում էր առանձին երկրների հետ պայմանագրերի կնքում, և կովկասյան իշխանություններն էլ արդեն որոշ չափով հեղինակազրկվել էին: Այս իրավիճակում մայիսի 26-ին Սեյմը նիստ գումարեց, ու հենց այդ նիստի ժամանակ էլ լուծարվեց: Դրանից հետո Վրաց ազգային խորհուրդը մայիսի 26-ին նիստ գումարեց ու Վրաստանը հայտարարեց անկախ: Դրա հաջորդ օրը` մայիսի 27-ին, արդեն Ադրբեջանի ազգային խորհուրդը նիստ գումարեց և անկախ հռչակեց թաթարական այդ պետությունը` Ադրբեջանական Հանրապետությունը: Եվ այդ պայմաններում Հայաստանն արդեն մնացել էր միայնակ: Ուստի մայիսի 28-ին էլ Հայոց ազգային խորհուրդը Հայստանը հռչակեց անկախ պետություն, Թիֆլիսում էլ իրեն հռչակեց Հանրապետության գերագույն մարմին:
Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը 2.5 տարի, բայց այդ կարճ ժամանակամիջոցում ստեղծվեցին օրենսդիր ու գործադիր իշխանության մարմիններ, իրականացվեցին բազմաթիվ բարեփոխումներ, օրենքներ մշակվեցին, որ պետք է դրվեին շրջանառության մեջ և այլն:
Բայց, ի տարբերություն Վրաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի անկախությունը ինքնըստինքյան չկայացավ, դրա համար հայ ժողովուրդը դեռ պետք է հերոսամարտ մղեր: Հիշենք, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը ստեղծվեց այնպիսի ծանր պայմաններում, երբ միայն 180 հազար հոգի զոհ գնացին սովին ու համաճարակներին, այդ ժամանակ Էջմիածնում և հարակից շրջաններում կային ավելի քան 450 հազար գաղթականներ և այլն: Այս պայմաններում նորաստեղծ պետականության իշխանությունների գերխնդիրները շատ-շատ էին. պետք էր այդ մարդկանց կերակրել, օթևանով ապահովել, աշխատանք տալ և այլն: Եվ այդ բոլոր դժվարությունները հաղթահարելով ու այդպիսի ծանր պայմաններում, թուրքական հոծ բանակի սպառնալիքի ներքո, հայերը վերագտան իրենց անկախությունն ու պետականությունը: Այդ իսկ պատճառով արդարև Հայաստանի երրորդ Հանրապետությունը համարվում է առաջին Հանրապետության ժառանգորդն ու իրավահաջորդը:
Եթե համեմատենք առաջին և երրորդ հանրապետությունների ձևավորման սկզբնական ժամանակները, ապա տեսնում ենք, որ որոշակի տարբերություններով, բայց իրավիճակային խիստ նմանություններ կան` սով, գաղթականություն, աղքատություն, պատերազմ առաջին հանարապետության դեպքում և երկրաշարժ, պատերազմ, ԽՍՀՄ փլուզում, թուրք-ադրբեջանական շրջափակում, այս անգամ Ադրբեջանից հայ փախստականների հոսք դեպի հանրապետություն և երրորդ հանրապետության ստեղծման առաջին օրերին:
Առաջին հանրապետության ղեկավարների տված դասերը չենք սերտել
Չցանկանալով խորանալ մանրամասների մեջ, թե ինչպես գոյատևեց այդ 2.5 տարիներին առաջին հանրապետությունը, և ինչու կորցրեց իր անկախությունը, անցնենք այլ հարցի:
Այժմ արդեն անհրաժեշտություն է առաջանում հիշել, որ առաջին Հանրապետության ղեկավարներն ազնիվ մարդիկ էին, ինչպես հիմա պնդում են պատմագետներն ու պատմաբանները:
Բերենք մի քանի օրինակ: Հովհաննես Քաջազնունին, որ առաջին հանրապետության վարչապետն էր 1919 թ., գտնվելով ծանր սոցիալական վիճակում ու գումար չունենալով, արտասահման մեկնեց` վաճառելով իր վերարկուն ու դրանից ստացված գումարով տոմս գնեց: «Հավաստի տվյալներ եմ ասում. քանի որ հնարավորություններ չունեին, պետությունը սուղ միջոցներ ուներ ու պայմանների տեսանկյունից բավականին ծանր վիճակում գոյատևող պետություն էր, ու հենց այդ պայմաններում վարչապետը ստիպված էր Ամերիկա մեկնելուց առաջ վաճառել իր վերարկուն ու ստացված գումարը ծախսել տոմս գնելու վրա: Եվ հետաքրքիրն այն է, որ մինչ 1919 թ. մարտից մայիսն ընկած շրջանը, երբ Հայաստանն արտասահմանից առաջին օգնությունը ստացավ, նա թողեց վարչապետությունը` զբաղվելու համար այդ օգնությունը Հայաստան հասցնելու գործերով, քանի որ գլխավորը դա էր համարում»,- առաջին հանրապետության ղեկավարների մասին պատմում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:
Մի ուրիշ օրինակ է այն փաստը, որ Հայաստանի առաջին Հանրապետության ՛ վարչապետներ Քաջազնունու և Համո Օհանջանյանի որդիները զոհվեցին 1920 թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ:
Հարկ է հիշել, որ Էջմիածնի վեհարանի դռները Հովհաննես Թումանյանի պահանջով բացվեցին գաղթականներին օթևան տալու համար: Հիշենք, որ Սարդարապատի հերոսամարտերին մասնակցում էին բոլորը` սկսած կաթողիկոսից, գրողներից և վերջացրած հարուստներով, գյուղացիներով, ժողովրդով: Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիրներից գլխավորը` Արամ Մանուկյանը. մահացավ այդ օրերին հազարավոր հայերի կյանք խլած համաճարակից` բծավոր տիֆից: Որովհետև, ինչպես նշում են պատմաբանները, Երևանի դիկտատորը հրաժարվել էր իրեն հասանելիք դեղամիջոցից, որպեսզի իր բաժին դեղով ուրիշ` աղքատ մարդիկ ապաքինվեին:
«Այսօրվա ղեկավարության մեջ էլ, իհարկե, նվիրյալ մարդիկ կան, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են դիմել ինքնազոհողության, բայց այն նվիրումը, որ այն ժամանակվա ղեկավարության մեծ մասի մոտ կար, այսօր, ցավոք սրտի, ոչ բոլորի մոտ կա: Ընդհանուր առմամբ եմ ասում, երբ ղեկավարներին համեմատության մեջ ենք դնում, այն ազնվությունը, ազնիվ մղումը հիմա ես չեմ կարծում, որ ղեկավարության մեջ լինի այնքան շատ, ինչքան առաջին հանրապետությունում, ավելի շատ շահադիտական նկատառումներ եմ տեսնում այսօր: Մյուս կարևոր հանգամանքը. նրանք չէին խորշում անգամ իրենց որդիներին բանակ զորակոչելուց, ինչպես Համո Օհանջանյանի որդին զոհվեց հենց պատերազմի ժամանակ: Եվ բոլոր ղեկավարների զավակների միջև հավասարություն էին դնում, տարբերություն չկար մեծահարուստի, պաշտոնյայի ու հասարակ քաղաքացու միջև: Իսկ այսօր ո՞ր մի օլիգարխի որդին է մեկնում ծառայության, ու մեկնելիս էլ ինչպիսի՞ պայմաններում է ծառայում»,- նշում է Էդիկ Մինասյանը:
Այսպիսի օրինակներն առաջին Հանրապետության ղեկավարների մեջ շատ են: Ու հենց նրանց ջանքերի շնորհիվ էր, որ առաջին շրջանում պետականության կառուցումը կայացավ: Մենք, իսկապես, շատ դասեր ունենք քաղելու այդ ղեկավարներից, առաջին հանրապետության կարճ, բայց բուռն ու բովանդակալից գոյության պատմությունից: Հենց այն պարզ պատճառով, որ պատմությունը շատ հաճախ կրկնվում է:
Եվ երբ նայում ենք առաջին հանրապետության ղեկավարների վարքին ու կենցաղավարությանը, ապա նայում ենք նեկայիս հանրապետության «էլիտայի» վարքուբարքին, հարց է առաջանում` ներկայիս հանրապետության ղեկավարները դասեր քաղե՞լ են առաջին հանրապետության ղեկավարների թե՛ սխալներից, թե՛ ուսանելի փորձից ու կենսակերպից: Եվ ուզո՞ւմ են քաղել:
Այն ամենը, ինչ պետք է անի կառավարությունը 2013-ին…
Անցյալ շաբաթ` թեժ քննարկումներից հետո, Ազգայն ժողովը հաստատեց կառավարության 2013 թվականի ծրագիրը: Ըստ ներածության` Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրն ուղղված է մարտունակ և ապահով պետության կերտմանը. պետություն, որն ապահովելու է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը, անվտանգությունն ու բարեկեցությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինելու է պաշտպանված և ազատ` իր ապագան հայրենիքում կերտելու համար: Հայրենիքը դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողությունների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր` յուրաքանչյուր հայի համար:
Խոստանում է կառավարությունը
«Յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որ աղքատությունն ու գործազրկությունը ոչ թե ճակատագիր են, այլ ամենօրյա աշխատանքով հաղթահարվող դժվարություն: Յուրաքանչյուրը պետք է համոզված լինի, որ իր զավակների ապագան ավելի ապահով և լավն է լինելու հայրենիքում, քան օտար ափերում: Բարեկեցիկ կյանք ապահովող վաստակ ունենալու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ապահովելու է աշխատավարձերի համակարգված աճ: Այս աճը լինելու է հետևողական և համաչափ` միտված եղած աշխատատեղերը պահպանելուն և նորերի ստեղծումը խթանելուն: Կրթությունը և աշխատանքը դառնալու են աղքատության դեմ պայքարի մեր հիմնական զենքը»,- նշվում է ծրագրում:
Բայց կառավարության ներկայացրած ծրագիրը խոստանում է նաև, որ յուրաքանչյուր ոք կստանա որակյալ կրթություն և բժշկական օգնություն ու սպասարկում` անկախ բնակության վայրից, հանրային դիրքից և եկամտի չափից: Քայլեր կձեռնարկվեն միջին մասնագիտական կրթության ոլորտն ընդլայնելու ուղղությամբ, անապահով ընտանիքների երեխաները կունենան անվճար ուսում ստանալու հնարավորություն: Աստիճանաբար կընդլայնվի առողջության ապահովագրության համակարգը` ապահովելով բոլոր քաղաքացիների համար բժշկական ծառայությունների լայն տեսականու մատչելիություն:
Գործարկվելու է կուտակային կենսաթոշակային համակարգը: Ներկայիս կենսաթոշակների աճին զուգընթաց` այն հնարավորություն կտա հազարավոր քաղաքացիների տնօրինելու աշխատանքային տարիների ընթացքում իրենց կուտակած և նույնչափ պետությունից` որպես աջակցություն ստացած գումարները: Բազմաստիճան կենսաթոշակային համակարգը կապահովի թե՛ նվազագույն կենսաթոշակ բոլորի համար, թե՛ ավելի արդարացի աշխատանքային կենսաթոշակ` համակարգի մասնակիցների համար:
«Նշված բոլոր փոփոխությունները հնարավոր է իրականացնել միայն տնտեսության աճի և զարգացման պայմաններում: Տնտեսական աճ կարող ենք ապահովել արդար, օրենսդրորեն հստակ կարգավորված պայմանների պահպանման և միաժամանակ տնտեսվարողին հասցեական, թափանցիկ աջակցություն ապահովելու դեպքում: Արդյունաբերական քաղաքականության շրջանակներում աշխատատեղ ստեղծող և արտահանում ապահովող ձեռնարկությունները կստանան առարկայական և թիրախային օժանդակություն»,- ասում է կառավարությունը և հավելում, որ յուրաքանչյուրը պետք է վճարի իր ունեցվածքին և եկամտին համապատասխան հարկեր:
Ծրագրին կողմ քվեարկածները համաձայն են այն մտքին, որ ՀՀ կառավարության գործունեության արդյունքում կկրճատվեն աղքատությունն ու գործազրկությունը, կնվազի արտագաղթը, կամրապնդվեն ժողովրդավարական ինստիտուտները` նպաստելով իրավունքի գերակայության ամրապնդմանը:
Հայաստանում շատ ծրագրեր են «գերեզման իջել»
Բայց փոխարենը համակարծիք չեն ընդդիմության` Աժ-ում կառավարության ծրագրին դեմ քվեարկած ներկայացուցիչները: Մեր երկրում «ավանդաբար» այնպես է ստացվել, որ ազգաբնակչությունը հիմնականում դժգոհում է: Ու նաև այնպես են դասավորվել իրադարձությունները, որ ընդդիմությունը, հատկապես վերջին մի քանի տարիներին, անընդհատ քննադատել է իշխանություններին ամենալուսեղ և իրատեսական ծրագրերն անգամ ձախողելու մեջ: Կառավարության այս տարվա ներկայացրած ծրագիրն էլ բացառություն չէր. ընդդիմությունը բացթողումներն է նշում.
«Սա ծրագիր չէ, լավագույն դեպքում հռչակագիր է` մշուշոտ և անհեռանկարային կետերով: Թիրախային չէ և տարեկան կտրվածքով ցուցանիշներ չի ծրագրված, ինչը դարձնում է անվերահսկելի»,- խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ կառավարության 2013 թվականի ծրագրի մասին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` նույն անվերահսկելիության հետևանքն է, որ կառավարությունը պատասխանատվություն չի կրել նախորդ ծրագրի չիրականացման համար: Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկել այս ծրագրին, քանի որ կան նաև լուրջ բացթողումներ: «Ոչ միայն նոր ատոմակայանի, այլև ազգային փոխադրողի մասին, որը մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից է: Եթե այս ամենին գումարենք գյուղոլորտի ծանր վիճակն ու թանկացումները, որ շղթայական ռեակցիայի ազդեցություն կարող է ունենալ ժողովրդի կենսամակարդակի վրա, ակնհայտ է դառնում, որ Հայաստանի իշխանությունները ունակ չեն իրականացնելու երկրում հիմնարար բարեփոխումներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նման կածիք ունի նաև ոչ խորհրդարանական գործիչ, տնտեսագետ, «Պոլիտէկոնոմիա» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը: Նրա համոզմամբ` կառավարությունն արդեն ցույց է տվել, որ իր ծրագրերին չպետք է լուրջ վերաբերվել, որովհետև նախորդ 5 տարիներին ներկայացված բոլոր խոստումները, որ տվել է` չեն իրականացվել:
«Եվ այն մակրոտնտեսական ցուցանիշները, որոնք արձանագրվել են, հիմք են տալիս ենթադրելու, որ անիմաստ է քննարկել անորոշ ձևակերպումներով և ոչ մի կոնկրետություն չպարունակող ծրագիրը: Միակ հիմնական տոկոսները, որ խոստացվել են այս ծրագրով, 5-7 տոկոս ՀՆԱ աճն է. Ու սպասվող գնաճի պայմաններում անվանական ՀՆԱ-ի աճը նույնիսկ ավելի շատ կարող է լինել, բայց դա որևէ կապ չի ունենա իրական տնտեսական փոփոխությունների հետ: Այսինքն` սպասվող ինֆլյացիան ոչ միայն 5-7 տոկոս, այլև երկնիշ թվով ՀՆԱ աճ ցույց կտա, բայց դա վճարունակ պահանջարկի և ժողովրդի եկամուտների հետ ոչ մի կապ չի ունենա»,- ասաց տնտեսագետը:
Ըստ էության` կառավարության ներկայացրած ծրագրում իրոք պակասում են թվային և ցուցանիշային արտահայտությունները, ինչը սովորաբար արվում է այն ժամանակ, երբ ծրագիր գրողը վստահ չէ, որ կիրականանան իր ծրագրային դրույթները: Այսինքն` չկան թվեր, հետևաբար չկա նաև կոնկրետ ցուցանիշ, որը կարող են պահանջել ընդդիմախոսներն այդպիսի ծրագիր ներկայացնողից:
Այսինքն` իրոք ակնհայտ է, որ Հայաստանում գազը թանկանում է, էլեկտրաէներգիան նույնպես, հետևաբար` շղթայական ռեակցիայով այդ թանկացումները կտարածվեն բոլոր ոլորտներում: Սա նշանակում է, որ զուտ տոկոսային արտահայտությամբ երկրի համախառն ներքին արդյունքը` ՀՆԱ-ն, ավելի մեծ թվային արտահայտություն կունենա տարեվերջին: Բայց եթե ՀՆԱ աճն այնպիսին չէ, որ ապահովի վճարունակ պահանջարկի աճ, այսինքն` մարդիկ սկսեն ավելի շատ եկամուտներ ունենալ և դառնալ ավելի գնողունակ, ապա այդ ՀՆԱ ցուցանիշը, եթե կատարվի, անգամ գերակատարվի էլ, ոչ մի տարբերություն չի լինելու:
Բայց քանի որ կառավարության անդամները պնդում են, համոզված են, որ իրենց ծրագիրը լավ, իրատեսական ու իրականանալի և Հայաստանի ներկա պահանջերին համապատասխան ծրագիր է, սպասենք, թե ինչպես կիրականացվի այս հերթական ծրագիրը:
Հարկ է նշել մեկ հանգամանք ևս. նախորդ տարիներին, երբ կառավարությունը ինչ-որ ծրագիր էր ներկայացնում, ընդդիմադիր ուժերի կողմից, նրանցից գոնե մեկնումեկը, ներկայացնում էին նաև այլընտրանքային ծրագիր: Բայց այս տարի այդ այլընտրանքային ծրագիրն էլ չկա, ու կառավարության ծրագիրը հենված է ՀՀ նախագահի, ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախընտրական ծրագրերի դրույթների վրա:
ՅՈՒՆԻՍԵՖ. ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող երեխաների 65 տոկոսն աղքատության մեջ է ապրում
Համաձայն 2012 թ. ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացված “Խոսքը ներառման մասին է” ուսումնասիրությանը, Հայաստանում կան 8,000 պաշտոնապես գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնք, պաշտոնական վիճակագրության համաձայն, կազմում են ողջ մանկական բնակչության 1 %-ը: Այսուամենայնիվ, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի , հաշվի առնելով, որ մանկական հաշմանդամության միջազգային ակնկալելի ցուցանիշը մոտ 2.5 % է, առավել հավանական է, որ կլինեն շուրջ 12,000 հաշմանդամություն ունեցող երեխաներ, որոնց հաշմանդամությունը վկայագրված չէ տարբեր պատճառներով, ինչպիսին են օրինակ ընտանիքի չդիմելը կարգավիճակ ստանալու համար կամ հաշմանդամության սահմանման ներկայիս բժշկական ախտորոշման վրա հիմնված չափորոշիչները:
Հաշմանդամություն ունեցող երեխաների 65%-ն ապրում է աղքատության մեջ կամ օրական 3 ԱՄՆ դոլարով (Հայաստանում ընդհանուր աղքատության գիծը մեկ շնչի հաշվով ամսական կազմում է 97.1ԱՄՆ դոլար), մինչդեռ 8 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության կամ ավելի քիչ քան 2 ԱՄՆ դոլարով (Հայաստանում ծայրահեղ աղքատության գիծը մեկ շնչի հաշվով կազմում է 57.2 ԱՄՆ դոլար)` համաձայն ՀՀ Ազգային Վիճակագրական ծառայության կողմից տպագրված Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը 2012թ. զեկույցի:
Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները հանրակրթության հասանելիության հարցում բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնած: Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից 1-ը կամ 18%-ը բոլորովին դպրոց չի հաճախում: Գյուղական վայրերում ապրող և դպրոց չհաճախող հաշմանդամություն ունեցող երեխաների տոկոսն ավելի բարձր է. գյուղերում 4 հաշմանդամություն ունեցող երեխաներից մեկը կամ 23%-ը չի հաճախում դպրոց: Ավելին, դպրոց չհաճախող և գյուղական համայնքներում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների 51%-ը և դպրոց չհաճախող և Երևանում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների 36%-ը հավատացած է, որ իրենց երեխաները չեն կարող դպրոց հաճախել:
Հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրենց ընտանիքներից բաժանվելու և հաստատությունում, ինչպես օրինակ մանկատանը կամ հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցում տեղավորվելու ռիսկը ավելի բարձր է, քան մյուս երեխաներինը: Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Խոսքը ներառման մասին է» զեկույցի հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր 6 երեխայից մեկը կամ 16%-ն ապրում կամ սովորում է մանկատանը կամ հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցում: Ավելին, հաշմանդամություն ունեցող աղջիկներին համեմատաբար ավելի հաճախ են տեղավորում մանկատանը, քան տղաներին և նրանց առավել քիչ են հաճախում:
Հաշմանդամութուն ունեցող երեխաները առավել քիչ հավանական է, որ ունենան ընկերներ և ավելի քիչ հավանական է, որ մասնակցեն համայնքային կյանքի միջոցառումներին: ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցը ցույց է տալիս, որ հաշմանդամություն ունեցող երեխաների 12%-ը ընդհանրապես ընկերներ չունեն և նրանց 33%-ը չի մասնակցում իրենց համայնքում կազմակերպվող միջոցառումներին:
Հաշմանդամություն ունեցող երեխաներին և իրենց ընտանիքներին մատուցվող ծառայությունների հսկայական պակաս կա: Հաշմանդամություն ունեցող 5 երեխաներից չորսը կամ 81%-ը որևէ սոցիալական ծառայություն, բացի հաշմանդանդամության թոշակից չի ստանում:
Չնայած բոլոր խնդիրներին, Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության հարցում, մասնավորապես կրթության ոլորտում: Այսօր 1700 հաշմանդամություն ունեցող երեխաներ սովորում են մոտ 100 ներառական դպրոցներում և այս ցուցանիշը կավելանա Կրթության մասին օրենքում համապատասխան փոփոխությունների ընդունմամբ, որոնք ներկայումս քննարկվում են ՀՀ Ազգային ժողովի կողմից: Կան նաև 4 ցերեկային խնամքի կենտրոններ, որոնք գործում են Հայաստանի Տավուշի մարզում, որոնք մասնագիտացված ծառայություններ են մատուցում մոտ 600 հաշմանդամություն ունեցող երեխաների:
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մայիսի 31-ին, հունիսի 1-3-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորոպես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 23 մ/վրկ:
ՀՀ տարածքում՝
Մայիսի 31-ին, հունիսի 1-4-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանում՝
Մայիսի 31-ին հնարավոր է, հունիսի 01-04-ը՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Երևանի մայիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
• Օդի առավելագույն ջերմաստիճան 35.60C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 6.10C (1935 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 19.50C
Մահվան ելքով ավտոպատահարՎանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին
Մայիսի 30-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Օպել» մակնիշի 35 ST 292 և «Ֆորդ» մակնիշի 36 ՏՏ 492 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1990 թ. ծնված Վ. Մկրտչյանը տեղում մահացել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1968 թ. ծնված Հ. Էվոյանը և ուղևորներ՝ 1941 և 1999 թ. ծնված Գ. Էվոյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարությունն անտեսում է ՍԴ որոշումը. թոշակառուները չեն կարողանում օտարերկրյա լիազորագրով ստանալ իրենց կենսաթոշակը
Գագիկ Շահվերդյանի կինը բուժման նպատակով գտնվում էր Ֆրանսիայում, իսկ պարոն Շահվերդյանը տարիներ շարունակ չէր կարողանում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հյուպատոսի վավերացրած լիազորագրով ստանալ կնոջ կենսաթոշակը: Կենսաթոշակային մարմինը մերժում էր Գ. Շահվերդյանի բոլոր դիմումները` հիմք ընդունելով օրենքի այն դրույթը, որ լիազորագիրը վավերացված չի եղել ՀՀ-ում գործունեություն իրականացնող նոտարի կողմից:
Ունենալով բազմաթիվ բողոքներ այս խնդրով՝ Մարդու իրավունքների Պաշտպանը դիմեց ՀՀ Սահմանադրական դատարան, որի կայացրած որոշման շրջանակներում մեկ անգամ ևս արձանագրվեց, որ ՀՀ օրենսդրությամբ հստակ կարգավորվում է կենսաթոշակ ստանալու լիազորագրերի, ինչպես նաև նոտարի կողմից հաստատվող լիազորագրերին հավասարեցված լիազորագրեր տվող սուբյեկտների հետ կապված հարցերը, ինչպես նաև փաստվեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անտեսվել են վավերացված միջազգային պայմանագրերի նորմերը, որոնք գերակա իրավաբանական ուժ օրենքների նորմերի նկատմամբ:
Սակայն նույնիսկ այդ որոշումից հետո դեռ երկար ժամանակ խնդիր էր առաջացնում արտերկրի լիազորագրով կենսաթոշակ ստանալը: Կենսաթոշակային ոլորտի լիազոր մարմինը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, շարունակում էր անտեսել միջազգային պայմանագրերը և ՀՀ օրենսդրության պահանջները` դրանով խախտելով ոչ միայն Գ. Շահվերդյանի կնոջ, այլև բազմաթիվ մարդկանց իրավունքները:
Այդուհանդերձ, Նախարարությունը հրաժարվում է վճարել նախորդ մեկ տարվա գումարը, որը թոշակառուն այդպես էլ չէր ստացել (նախքան ՍԴ որոշման ընդունումը)` պատճառաբանելով, որ իրավական ակտը` տվյալ դեպքում ՍԴ որոշումը, հետադարձ ուժ չունի և չի կարող տարածվել իր՝ ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա: Մինչդեռ պետք է նկատել, որ այս խնդիրը կարգավորող օրենքը փոփոխության չի ենթարկվել և նույնն էր նաև նախքան ՍԴ կայացրած որոշումը: Հետևաբար դրա չիմացությունը դեռևս չի ազատում ՀՀ ԱՍՀ նախարարությանը նախորդ կենսաթոշակը վճարելու պարտականությունից:
Այս կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում:
Կանադայում մի երկրպագու համերգի ժամանակ դիպչել է Բեյոնսեի հետույքին
Հանրահայտ երգչուհի Բեյոնսեի «The Mrs. Carter Show» անունը կրող համերգային շրջագայության վերջին կանգառը Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենն է եղել: Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ կոպենհագենյան համերգի ժամանակ երկրպագուներից մեկը իրեն թույլ է տվել դիպչել երգչուհու հետույքին: Զայրացած երգչուհին էլ տղամարդուն այսպես է պատասխանել՝ «Անվտանգությունը քեզ կուղեկցի, որպեսզի դուրս գաս այստեղից»: Այնուհետև Բեոնսեն շատ հանգիստ շարունակելով իր համերգային շոուն:
Թուրք ոստիկաններին ճաշին ճանճով փչացած սենդվիչներ են բաժանել (տեսանյութ)
Մայիսի 26-ին Ստամբուլում տեղի էր ունեցել «Vialand» ժամանցի կենտրոնի բացման արարողությունը, որին մասնակցել էր նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Այդ օրը կենտրոնի տարածքը հսկող ոստիկանության աշխատակիցներին կեսօրին որպես ճաշ սենդվիչներ են բաժանել, որոնք փչացած են եղել:
«Doğan» լրատվական գործակալությունը հայտնում է, որ ոստիկաններից մեկը տեսագրել է իրենց տրված ճաշը, տեղադրել է այն համացանցում՝ հայտնելով իր դժգոհությունը: «Սենդվիչի մեջ դրված հազարի թերթիկները սև գույնի էին, ավելի ճիշտ դրանք փչացած էին: Ինչպես կարող է մարդ ուտել այն, ինչ միայն կարելի աղբը նետել: Առավոտյան յոթից աշխատում ենք և մեզ տրված ճաշն էլ այդ փչացած սենդվիչն էր: Մեջը ամենաքիչը մեկ շաբաթվա հնության պանիր էր դրված, որի վրա սև կետեր էին երևում, հավանբար ճանճ էր: Սա ի՞նչ խայտառակություն է, ոստիկանները այսպիսի՞ վերաբերմունքի են արժանի»,-զայրույթով նշել է ոստիկանը:
Սպասվում է անձրև և ամպրոպ
Մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը հանրապետության առանձին հատվածներում, մասնավորոպես Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 23 մ/վրկ:
ՀՀ տարածքում`
Մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, մայիսի 31-ին` առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 30-31-ին, հունիսի 1-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:
Երևանում`
Մայիսի 30-ին, հունիսի 1-3-ը` գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Մայիսի 31-ին տեղումների հավանականությունը փոքր է:
Երևանի մայիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ`
• Օդի առավելագույն ջերմաստիճան 34.20C (2006 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.60C (1937 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 19.20C
Հանրային խորհրդի պատվիրակության այցը Իրկուտսկ. ի՞նչն էր գլխավոր նպատակը
Մայիսի 20-22-ը Հայաստանի Հանրային խորհրդի պատվիրակությունը` ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում մասնակցել է “Տնտեսական և սոցիալական խորհուրդների և քաղաքացիական հասարակության այլ կառույցների դերը ասիական ինտեգրման գործընթացում” համաժողովին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Ալժիրի, Չինաստանի, Լաոսի և Ուկրաինայի պատվիրակությունները:
Հայկական պատվիրակության կազմում են եղել Հանրային խորհրդի անդամներ Ռուբեն Սաֆրաստյանը, Վազգեն Սաֆարյանը և Կորյուն Առաքելյանը:
Նշենք, որ Հայաստանը 2010-ից Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման կառույցների միջազգային ասոցիացիայի անդամ է, որին անդամակցում է 73 երկիր:
Ամեն երկու տարին մեկ ընտրվում է ասոցիացիայի նախագահող երկիր: Ընտրությունը կատարվում է ոչ թե անդամ երկրների, այլ մայրցամաքների քվեարկության արդյունքներով: Երկու տարի առաջ ընտրության իրավունքը տրվել է աֆրիկյան երկրներին, որոնք որպես նախագահող երկիր ընտրել են Ալժիրը: Այս անգամ սեպտեմբեր ամսին Ալժիրում կանցկացվի հերթական ընտրությունը, որին կմասնակցեն միայն ասիական երկրները, այդ թվում` Հայաստանը:
Այս համաժողովում մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվել է նաև նախագահող երկրի ընտրության հարցը:
Մեզ հետ զրույցում Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ նախագահող երկրի հիմնական հավակնորդներն են եղել Ռուսաստանն ու Հարավային Կորեան: Մասնակիցներն ընդհանուր հայտարարի են եկել Ռուսաստանի թեկնածությունն առաջարկելու հարցի շուրջ:
Վազգեն Մանուկյանը կարևորեց Ռուսաստանի կողմից կառույցի նախագահության ստանձնումը` ելնելով Հայաստանի շահերից: ՙՄենք ի սկզբանե կողմ էինք Ռուսաստանին ոչ միայն այն պատճառով, որ նա մեր ռազմավարական գործընկերն է, այլև այլ պատճառներով,- ասում է Վազգեն Մանուկյանը:- Նախ, պետք էր այնպիսի երկիր, որը լիներ Ասիան ու Եվրոպան միավորող, պետք է ունենար նոր մտածողություն, ինչը Ռուսաստանի դեպքում ավելի ակնհայտ է, քան կառույցին անդամակցող ասիական մյուս երկրների: Բացի այդ, կառույցի նախագահությունը պահանջում է նաև տնտեսական մեծ ներդրումներ կառույցը զարգացնելու նպատակով, ինչը, մեր կարծիքով, Ռուսաստանն ավելի պատրաստակամ է իրականացնել, քան Հարավային Կորեան՚:
Քննարկվող մյուս հարցերը վերաբերել են համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներին և ասիական երկրների տնտեսական ինտեգրմանը:
Այցի շրջանակներում Հանրային խորհրդի պատվիրակության անդամները հանդիպել են նաև Իրկուտսկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նշենք, որ Իրկուտսկում մոտ 15 000 հայ է ապրում:
Քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես պայմանավորվածություն է ձեռք բերվել համայնքը հայկական դասագրքերով ապահովելու հարցի վերաբերյալ:
Իրկուտսկի հայ գործարարների հետ հանդիպմանը կոչ է արվել ներդրումներ կատարել Հայաստանում: Քննարկման ժամանակ պարզվել է, որ հայ գործարարները խուսափում են ներդրումներ կատարելուց` ելնելով Հայաստանում բազմաթիվ արհեստական խոչընդոտների մասին խոսակցություններից: Վազգեն Մանուկյանը Հանրային խորհրդի կողմից պարտավորվել է, որ եթե ներդրումներ կատարելու ժամանակ նմանատիպ խնդիրներ ի հայտ գան, ապա Հանրային խորհուրդը դրանք ՀՀ նախագահին ու վարչապետին ներկայացնելու և հարթելու պատասխանատվություն կստանձնի:
Ռուս Էքստրեմալը Էվերեստից ռեկորդային թռիչք է կատարել
Ռուս Էքստրեմալը Էվերեստից ռեկորդային թռիչք է կատարել: Նիժնի Նովգորոդից 48-ամյա Վալերի Ռոզովը ավելի քան երկու տարի պատրաստվել է, որպեսզի թռչի ավելի քան ծովի մակերևույթից 7կմ բարձրությունից:
Թռիչքը կատարվել է մինուս 18աստիճան ջերմաստիճանի և ուժեղ հանդիպակաց քամու պայմաններում : Ազատ անկումից նա անցում է կատարում թռիչքի `համարյա մեկ րոպե հատուկ կոստյում հագած բեյսջամփերը թռել է ժամում 200կմ արագությամբ: Իսկ դրանից հետո ռուսաստանցին իջել է մոտ վեց հազար մետր բարձրության Ռոնգբուկ սառցաբեկորի վրա:
Պետք է նկատենք, որ Ռոզովն ու իր թիմը, որի մեջ կան նաև պրոֆեսիոնալ ալպինիստներ և նկարահանող խումբ, Հիմալայներում անց են կացրել մոտ երեք շաբաթ: Եվ միայն տուն հասնելով , էքստրեմալը կարողացել է գնահատել, թե ինչ մեծ աշխատանք է իրենից պահանջել այդ թռիչքը:
“Միայն տուն վերադառնալոց հետո ես հասկացա, թե ինքան ծանր է եղել ինձ համար այդ թռիչքը թե ֆիզիկապես և թե հոգեբանորեն, սակայն ես կարողացա կատարել իմ վաղեմի երազանքը”:-Ռոզովի խոսքերն է փոխանցում Metro-ն:
Վալերի Ռոզովը արդեն հայտնի էիր էքստրեմալ թռիչքներով: այսպես 2009թ. Հեռավոր Արևելքում նա թռել է գործող հրաբխի մեջ: 2010թ. Անտարկտիկայում ալպինիստը թռել է Ուլվետան գագաթից, 2011թ.`Մոնբլանից(Ալպեր): 2012 թ. նա Հիմալայներում թռիչք է կատարել Շիվլինգ սարից,6420մ. բարձրությունից, որ փաստորեն վերջնական մարզումն էր Էվերեստից առաջ:
Կրթության որակը դպրոցներում. արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքները միջին և միջինից ցածր են
Չնայած ուսումնական տարին ավարտվում է, սակայն Գիտելիքների թեստավորման կենտրոնը (ԳԹԿ) դեռ չի վերլուծել այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին անցկացված արտաքին ընթացիկ գնահատումների արդյունքները: ԳԹԿ թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետ Նարինե Բայաթյանն ասում է, որ հավանաբար վերլուծությունը կհրապարակվի սեպտեմբերին, երբ թարմ ուժերով կսկսեն նոր ուսումնական տարին, վերլուծությանն էլ դպրոցները ավելի գործնական մոտեցում կցուցաբերեն:
Նշենք, որ գարնանը հանրապետության բոլոր դպրոցների 11-րդ դասարաններում արտաքին ընթացիկ գնահատում է իրականացվել հայոց լեզու, հայ գրականություն, հանրահաշիվ և երկրաչափություն առարկաներից:
Արտաքին ընթացիկ գնահատման նպատակներն են` բացահայտել և վեր հանել կրթության ոլորտում առկա խնդիրները, նպաստել կրթության որակի բարելավմանը:
Նրա խոսքով` ԳԹԿ-ն մատնանշում է խնդիրը, սակայն չի առաջարկում այն լուծելու տարբերակներ, ոչ էլ վերահսկողի իրավասություն ունի: Մարզային վարչություններում են քննարկումներ կազմակերպվում` հիմնված ԳԹԿ վերլուծության վրա, որտեղ էլ որոշում են առկա թերությունների շտկման եղանակները:
Բայաթյանն ասում է, որ այս անգամ 11-րդ դասարանում են (վարժարանների, միջնակարգ և ավագ դպրոցների) ստուգողական թեստեր հանձնարարել, որպեսզի համեմատության մեջ տեսնեն, թե որ տիպի դպրոցն ինչպիսի կրթություն է ապահովում, նաև համեմատել են քաղաքային և գյուղական դպրոցների մատուցած կրթությունը: «Այդ առումով նշեմ, որ ինչքան խոշոր քաղաքներից հեռանում ենք դեպի մարզերի հեռավոր գյուղեր, այնքան արդյունքները նվազում են, այսինքն` մեր հանրապետությունում հավասար կրթության իրավունք կարծես թե բոլորը չունեն»,- ասում է Բայաթյանը` խուսափելով պատճառներ նշելուց:
Սակայն ուշագրավ է, որ սահմանամերձ գյուղերում միջին գնահատականը հավասար է միջին քաղաքներին, եթե ոչ խոշորներին:
Արդյունքներն ամփոփելով` Բայաթյանն ասում է, որ թեստերի մակարդակը մնացել է նույնը, սակայն արդյունքները համեմատաբար բարելավվել են, ինչը նշանակում է, որ ավագ դպրոցները կայանալու ճանապարհին են. «Երևում է, որ ավագ դպրոցներն աճել են և՛ իրենց նախորդ տվյալների, և՛ միջնակարգ դպրոցների, և՛ թեկուզ վարժարանների համեմատությամբ»:
«Անկախը» մի շարք դպրոցներից դժգոհություններ էր ստացել, որ արտաքին ընթացիկ գնահատման թեստերը հաշվի չեն առել հոսքային տարանջատումները, օրինակ` հայոց լեզվի թեստերը բարդ են եղել բնագիտա-մաթեմատիկական հոսքի համար, մաթեմատիկայի թեստերը բարդ են եղել հումանիտար հոսքի համար: Այս առումով Բայաթյանն ասում է, որ թեստերը ընդհանուր հոսքի միջին մակարդակով են կազմվել. «Միասնական քննություններն էլ նույն սկզբունքով են անցկացվում, հումանիտար հոսքից և ֆիզմաթ հոսքից եկածները լրիվ տարբեր արդյունքներ են տալիս: Ենթադրվում է, որ առարկան խորացված ուսումնասիրած աշակերտը պետք է ավելի լավ արդյունք ցույց տա, իսկ ոչ խորացված աշակերտը` ավելի ցածր արդյունք, դա նորմալ է: Շերտավորում անցկացնելու իմաստ ուղղակի չկար: Թեստերը կազմված են եղել ընդհանուր հոսքի միջին մակարդակով` ելնելով չափորոշիչների պահանջներից»:
Նրա խոսքով` ոչ հոսքային առարկաներից արձանագրված ցածր գնահատականները դպրոցների վատ որակի մասին չեն վկայի:
Նշենք, որ հանրապետության մակարդակով հայոց լեզվի միջին միավորը 4,1 է (10 բալանի համակարգով), հայ գրականությանը` 5,1, հանրահաշվինը` 3, երկրաչափությանը` 3: 2012-ի նոյեմբերին կայացած արտաքին ընթացիկ գնահատումների ժամանակ հայոց լեզվի միջին գնահատականն էր 4, հայ գրականությանը` 3,7, հանրահաշվինը` 4, երկրաչափությանը` 1,7:
Անկախ փորձագետների և մասնագետների կարծիքներն «Անկախը» կներկայացնի հետագայում, երբ արդյունքներն ամբողջովին վերլուծված և հրապարակված կլինեն:
Հայցվորների ջախջախիչ պատասխանը Միացյալ Նահանգների կառավարության հակահայկական միջնորդագրին
Անցյալ շաբաթ փաստաբանները հայ հայցվորների անունից պատասխանեցին Միացյալ Նահանգների կառավարության միջնորդագրին, որը կոչ էր արել Գերագույն դատարանին չվերանայել Դաշնային վերաքննիչ դատարանի որոշումը, որը հարվածի տակ էր դնում Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի ապահովագրական պահանջների վերաբերյալ վաղեմության ժամկետը երկարացնող Կալիֆորնիայի օրենքը:
Գլխավոր փաստաբանը Միացյալ Նահանգների անունից ներկայացրել էր քաղաքական միտումներով և թերի մի միջնորդագիր, որն ամբողջովին խեղաթյուրում էր ապահովագրական գործն ու անհիմն հարցեր բարձրացնում Կալիֆորնիայի օրենքի օրինականության վերաբերյալ:
Իգոր Տիմոֆեևը հայցվորների անունից ներկայացրած միջնորդագրում պնդում է, որ Կալիֆորնիայի օրենսդրական ակտը (Բաժին 354.4) չի խախտում որևէ դաշնային սահմանված քաղաքականություն և այդ պատճառով չպետք է կարճվի: Նա պնդում է, որ Կալիֆորնիայի նահանգն իրավասու է կարգավորելու ապահովագրական ընկերությունների պարտավորությունները, որոնք գտնվում են նահանգի իրավազորության և իրավասության ավանդական ոլորտում:
Հայցվորների փաստաբանը մեղադրում է Միացյալ Նահանգների կառավարությանը առաջ մղելու համար «դաշնային գործերի կարճման աննախադեպ մի տեսություն: Բոլոր պահանջները, որոնք ծագում են միջազգային միջադեպերից, բացառապես դաշնային իրավասության շրջանակում են, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ պահանջները կապված են մասնավոր անձանց ու մասնավոր պայմանագրերի հետ, և դաշնային կառավարությունը միջոցներ չի ձեռնարկել դրանց լուծման համար»:
Տիմոֆեևը Միացյալ Նահանգների կառավարության դիրքորոշումը որակում է որպես «հեղափոխական» և «նահանգների՝ որպես առանձին ինքնավարության հանդեպ հարգանքին հակասող»: Այնուհետև նա շարադրում է իր հակափաստարկները վեց կետից բաղկացած ամփոփագրում.
1. «Արդարացնելու համար 9-րդ շրջանային դատարանի արտառոց որոշումը, Կառավարությունը դրսևորում է արտաքին գործերի դաշտի խափանման տեսության աննախադեպ լայնախոհություն»: Տիմոֆեևը պնդում է. «Հայցվորների պահանջները մասնավոր [գերմանական ապահովագրական] ընկերության դեմ են և ոչ թե օտար ինքնիշխանության: Այս պահանջներն հիմնական մաս չեն կազմում Միացյալ Նահանգների և օտար պետության միջև «արտաքին քաղաքականության լուրջ բանավեճի»: Կալիֆորնիայի նահանգը լինելով «ամերիկահայերի ճնշող մեծամասնության բնակավայրը» ունի «օրինական հետաքրքրություն իր տուժած բնակիչների փոխհատուցումը ապահովելու համար, անկախ այն բանից, թե այդ վնասը պատճառվել է երկրի ներսում կամ արտերկրում»:
2. «Վերաքննիչ դատարանը հիմնական սխալ է թույլ տվել. այն անօրինական է համարում նահանգի հիմնավորված հետաքրքրությունն ապահովագրության կարգավորման գործում՝ վաղեմության ժամկետ հաստատելով նահանգի իրավական պահանջների և իր տուժած բնակիչների փոխհատուցման ապահովման համար միայն այն պատճառով, որ այդ իրադարձությունները ծագել են արտերկրում: Սա չէ օրենքի պահանջը»:
3. Հակադրվելով Կառավարության պնդմանը, թե 354.4-րդ բաժինը հիմնված է «արտաքին քաղաքականության կոնկրետ հարցի վերաբերյալ հատուկ քաղաքական տեսակետի վրա … որը դատապարտում է Օսմանյան կայսրության գործողությունները», Տիմոֆեևը դատարանին հիշեցնում է, որ նախագահ Օբաման անձամբ է ընդունել, որ օսմանյան զանգվածային ջարդերը եղել են «20-րդ դարի ամենասարսափելի վայրագություններից մեկը»: Բացի այդ, Նախագահը ջատագովել է այն նահանգներին, որոնք ոգեկոչել են հայերի «ջարդերը Օսմանյան կայսրության վերջին օրերին»: Տիմոֆեևը նաև պնդում է, որ «Նախագահի կրկնակի գովասանքը նահանգների ոգեկոչման ջանքերի մասին, հիմնովին հակասում է Կառավարության պահանջին, թե արտաքին գործերի հայեցակարգը ինքնաբերաբար մերժում է այս հարցի վերաբերյալ «տեսակետ» արտահայտող նահանգի ցանկացած գործողություն»:
4. «Կառավարությունը փորձում է ամրապնդել իր կարճման փաստարկը, հիշատակելով Միացյալ Նահանգների ջանքերը բանակցելու Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի պահանջների լուծման համար…. Կառավարությունն ընդունում է, որ 354.4-րդ բաժինը «չի հակասում» այդ դիվանագիտական ջանքերից որևէ մեկին: Իրոք, Կառավարությունը գիտակցում է, որ «Միացյալ Նահանգները չի …. փորձել բանակցել լուծելու համար հայերի պահանջները, ովքեր այդ ժամանակաշրջանում տուժել են Օսմանյան կայսրությունում»: Փաստորեն, պատճառներից մեկը, թե ինչու Միացյալ Նահանգների Սենատը հրաժարվում է վավերացնել Ամերիկյան Լոզանի դաշնագիրը՝ «պայմանագրի դրույթների բացակայությունն էր Օսմանյան կայսրությունից հայ փախստականների և արտաքսյալների համար»:
5. Կառավարությունը կարծես թե անհանգստացած է, որ 354.4-րդ բաժինը ««ցեղասպանության» քաղաքական պիտակ է փակցնում» Թուրքիային, որը «կարող է առաջ բերել Թուրքիայի զայրույթը: Սակայն վախը «օտար պետություններին վշտացնելուց…. նույնիսկ երբ Դաշնային կառավարությունը հուսահատորեն ցանկանում է խուսափել օտար պետություններին վշտացնելուց, իրավական պատճառ չի հանդիսանում խափանելու համար ավանդական նահանգային գործունեությունը…. Կառավարությունը չի կարողանում բացատրել, թե ինչու 354.4-րդ բաժնով կիրառվող «Հայոց ցեղասպանություն» եզրույթը վնասակար ազդեցություն կունենա արտաքին գործերի վրա, սակայն նույնը չի կարելի ասել շուրջ քառասուն նահանգների կողմից ընդունված օրենքների և բանաձևերի դեպքում, որոնք հստակորեն ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Կառավարությունը չի բացատրում նաև, թե ինչու «դատական պաշտպանության իրավունքներ ստեղծելու» օրենսդրական ակտն ավելի վիրավորական է Թուրքիայի համար, քան նահանգային օրենքները՝ Հայոց ցեղասպանությունն ընդգրկելով որպես դպրոցական պարտադիր ուսումնական ծրագրերի մաս»:
6. «9-րդ շրջանային դատարանի արտառոց որոշումը շփոթություն է առաջ բերում ավելի ցածր ատյանների դատարաններում»:
Տիմոֆեևն արդարացիորեն իր միջնորդագիրը եզրափակում է կոչ անելով Գերագույն դատարանին «վերանայել և ուղղել 9-րդ շրջանային դատարանի որոշումը` նախքան ավելի մեծ չարիք պատճառելը»:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Վաղը Ստամբուլում կդրվի Բոսֆորի վրայով անցնող երրորդ կամրջի հիմքը
Վաղը Ստամբուլում կդրվի Բոսֆորի նեղույցի վրայով անցնող արդեն երրորդ կամրջի հիմքը: Կամրջի շինարարությունը իրականացվում է «Kuzey Marmara» ավտոճանապարհային նախագծի շրջանակներում: Շինարարական աշխատանքների մի մասը կատարելու են կորեական բանվորական խմբերը:
Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը՝ նոր կամուրջը, որն ունենալու է 320 մ բարձրություն և 60 մ լայնություն, կտրուկ տարբերվելու է Բոսֆորի վրայով անցնող մյուս երկուսից և դառնալու է աշխարհում խոշորագույններից մեկը:
Կամրջի հիմքը դնելու օրը պատահական չէ ընտրված: 560 տարի առաջ՝ 1453 թվականի մայիսի 29-ին, թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը՝ անվանափոխելով այն Ստամբուլ: Սպասվում է, որ վաղվա արարողությանը կմասնակցեն նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը:
Կորոնավիրուս Ֆրանսիայում.առաջին մահը Լիլ քաղաքի հիվանդանոցում
Ֆրանսիայում կորոնովիրուսի առաջին զոհն է գրանցվել Լիլ քաղաքի հիվանդանոցում, որը հոսպիտալացվել էր մայիսի սկզբին: եվս մեկ այլ հիվանդ ծայրահեղ ծանր վիճակում է:
Ինչպես ճշտում է “Интерфакс”-ը, 65-ամյա տղամարդը երկրի հյուսիսում գտնվող “Վալենսիեն” հիվանդանոց է այցելել ապրիլի 23-ին : Այդ ժամանակ նա նոր էր վերադարձել ԱՄԷ-ից: Այնուհետև հիվանդը տեղափոխվել է Լիլ քաղաքի հիվանդանոցը, որտեղ մայիսի 7-ին բժիշկները հաստատել են, որ նա վարակված է նոր կորոնավիրուսով:
Այս նոր վարակը, որը նման է ոչ տիպային թոքբորբին, առաջին անգամ հայտնաբերել են մոտ մեկ տարի առաջ: Բժիշկները պնդում են, որ վիրուսը փոխանցվում է միայն շատ մոտիկ և երկարատև կապի դեպքում: Սակայն այս նոր հիվանդության մահացությունը շատ բարձր է, ավելի քան 50 տոկոս: 40-ից մի փոքր ավելի հիվանդներից 24-ը մահացել են:
Վարակի դեպքեր են գրանցվել Արաբական Էմիրություններում, Սաուդական Արաբիայում, Հորդանանում, Ֆրանսիայում, Մեծ Բրտանիայում, Գերմանիայում: Դեռևս Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը որևէ դեղ կամ միջոց չի կարողանում առաջակել հիվանդության վարակի դեմ պայքարելու համար:
Շոտլանդիայի խորհրդարանը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է ճանաչել
Շոտլանդիայի խորհրդարանը 64 կողմ ձայնով Հայոց ցեղասպանության տարելիցը նշելու մասին բանաձև է ընդունել: Բանաձևը դեռ ապրիլի 18-ին խորհրդարան էր ներկայացրել Շոտլանդիայի Ազգային կուսակցության պատգամավոր Մարկո Բիաջին: Մի շարք լրատվամիջոցներ, հղում կատարելով Շոտլանդիայի խորհրդարանի պաշտոնական կայքէջին, գրում են, որ Շոտլանդիայի խորհրդարանը որոշում է կայացրել հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը, ճանաչել այս և մյուս ցեղասպանությունները, քանի որ 1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրության կառավարությունը ձերբակալել է հայ մտավորականներին` տալով բռնի տեղահանությունների, արտաքսումների և հարյուր հազարավոր հայերի բնաջնջման սկիզբը:
Սպասվում է անձրև և ամպրոպ՝ քամու ուժգնությամբ
Մայիսի 29-30-ին հանրապետության առանձին հատվածներում, մասնավորապես Լոռիում և Տավուշում սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում պոռթկումները մինչև 23 մ/վրկ:
Մայիսի 29-30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ից 2-ը օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝
Մայիսի 29-30-ին ժամանակ առ ժամանակ, 31-ը 2-ը օրվա երկրորդ կեսին և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վրկ:








