Թուրքիայում ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է վթարվել

iԴեպքը կատարվել է Ադանայում: Վթարի հետևանքով զոհվել է օդաչուն` 60-ամյա Մուրատ Օզթյուրքը:

Թուրքական Aksam-ը գրել է, որ  բարձրագույն թռիչքի համար նախատեսված երկթև ինքնաթիռն  ընկել է նարնջի այգում:  Վթարի վայր հասած բժիշկներն ու փրկարարները տեսել են, թե ինչպես է սարքի ներսում այրվում հայտնի օդաչուի մարմինը:

 

Ամերիկյան երեք նահանգներին քսան տորնադո է հարվածել

o_776648Մայիսի  19-ին  մոտ քսան տորնադո է հարվածել Կանզաս, Օկլահոմա և Այովա նահանգներին, հաղորդում են ԱՄՆ ազգային օթերևութաբանական ծառայությունից:

Օկլահոմա նահանգի Շաունի քաղաքում տարերքի զոհ է դարձել մեկ մարդ: Ավերվել են ավելի քան 100 բնակելի տներ, հոսանքազրկվել է  մոտ 10 հազար մարդ: Նկատվել են բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը`վկայակոչելով տեղական ԶԼՄ-ները:

Տորնադոյի վտանգի հետ կապված, Կանզասի խոշորագույն Ուիչիտա օդանավակայանից տարհանվել են ուղևորները, հետաձգվել չվերթները: Մարդկանց խորհուրդ է տրվում դուրս չգալ փողոց և սպասել տարերքի վերջանալուն հատուկ թաքստոցներում:

 

Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի հանքի տարածքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է

big_1368993619_10Մայիսի 19-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի հանքի տարածքում «ԿամԱԶ» մակնիշի 62LO217 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է և վարորդ` 1948թ. ծնված Ալեքսան Բոզինյանն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Բոզինյանին, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Մայիսի 19-ի հորդառատ անձրևի հետևանքները

Մայիսի 19-ի հորդառատ անձրևի հետևանքներըՋրածածկված ավտոմեքենան դուրս է բերվել

Մայիսի 19-ին, ժամը 18.09-ին ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում ավտոմեքենան ջրածածկվել է, վարորդն արգելափակվել է ներսում: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են դիտահորը և ջրածածկումից դուրս բերել “Մերսեդես” մակնիշի 55OU552 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Համբարձումյան):

***

Օգնություն քաղաքացուն 

Մայիսի 19-ին, ժամը 18.03-ին ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը կուտակվել են Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում գտնվող նկուղային խանութի մուտքի մոտ.  քաղաքացին չի կարողանում դուրս գալ խանութից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հեռացրել են թիվ 18 շենքի նկուղային հարկում գտնվող խանութի պատուհանի ճաղավանդակը և քաղաքացիների օգնությամբ 1993թ. ծնված Էմմա Թադևոսյանին դուրս են բերել խանութից: Վերջինս տեղափոխվել է “Սբ. Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այլընտրանքային երկաթգիծ. ցանկալի՞, թե՞ անհրաժեշտ

       երկաթուղի Ի՞նչ խնդիրներ կլուծի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը

 Իրան-Հայաստան երկաթուղու  կառուցման և շահագործման մասին խոսվում է արդեն երկար տարիներ:  Նշենք, որ այսօր Հայաստանի երկաթուղային կապն այլ երկրների հետ ապահովվում է Վրաստանով, որով իրականացվում է  բեռների հիմնական հոսքը Այրում-Սադախլու ճանապարհներով: Այս հատվածից էլ բեռները տեղափոխվում են սևծովյան նավահանգիստներ, ապա լաստանավով` ՌԴ և Ուկրաինա: Թեպետ դեպի Իրան գործում է ավտոմոբիլային ճանապարհ, սակայն հայ գործարարները դեպի Պարսից ծոց դուրս գալու այլընտրանքային ճանապարհ չունեն: Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման դեպքում էապես կավելանան հայրենական ապրանքների թե՛ արտահանման, թե՛ ներկրման ծավալները:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցումը նպատակային ծրագիր էր դեռևս հետխորհրդային ժամանակաշրջանում: Այս խոշորագույն տրանսպորտային հատվածը միշտ համարվել  է  ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանի համար, որի իրագործման համար թերևս երկար տարիներ բանակցություններ և ֆինանսական ռեսուրսներ էին հայթայթվում: Ակնհայտորեն ծրագիրը բավական հավակնոտ է և ֆինանսական տեսանկյունից բավական ծախսատար,  բայց եթե  այս ճանապարհային  ժամանակակից հաղորդակցությունը կառուցվի, ապա այն տնտեսապես շահավետ կլինի և հենց սովորական քաղաքացու համար, մասնավորապես` գործարարների: «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը նախևառաջ  կխթանի բեռնափոխադրողներին և առևտրաշրջանառությունը: Փաստորեն, այս առանցքային օղակի կառուցման պարագայում հնարավոր կլինի Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ փոխադրումներ իրականացնել ամենակարճ երթուղով: Այս նախագիծն արդեն իրականություն է, ձեռք են բերվել համապատասխան միջոցներ:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ընկերության միջև արդեն ստորագրվել են Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի և Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագրեր, որոնց գործունեության ժամկետը մինչև 30 տարի է  շինարարության ավարտից հետո: Պայմանագրի շրջանակներում կողմերը նպատակադրված են ֆինանսավորել և զարկ տալ Հայաստանի հարավային երկաթուղու և Հայաստանի արագընթաց ճանապարհի նախագծման ու կառուցման աշխատանքներին: «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը պարտավորվում է սեփական միջոցներով իրականացնել պայմանագրերով նախատեսված նախագծերի ուսումնասիրությունը, հետագայում կոնսորցիումի եղանակով պետություն մասնավոր համագործակցության շրջանակներում իրականացնել շինարարությունն ու շահագործումը:

Համաշխարհային բանկը և Զարգացման ասիական բանկն արդեն պատրաստակամություն են հայտնել ֆինանսապես աջակցելու մայրուղու շինարարությանը մասնակցող ներդրողներին: Նախագիծը ֆինանսավորելու համար պետությունը պետք է  վերանայի իր գործելաոճը, որպեսզի նոր մասնավոր ներդրողների և կազմակերպություններ ներգրավի ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Ռասիա ՖԶԷ» ընկերության և «Հարավկովկասյան երկաթուղիներ»  ՓԲԸ-ի միջև եռակողմ փոխըմբռնման հուշագիր  է ստորագրվել ծրագրի զարգացմանն ուղղված տարածաշրջանային համագործակցության մասին:

Ծրագրի արժեքը 3 մլրդ դոլար է, իսկ նախագծերի ուսումնասիրության իրագործելիության ժամկետը` 18 ամիս: «Ռասիա ՖԶԷ» ընկերությունը պայմանագիր է ստորագրել միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների և կամուրջների կառուցման մեջ մասնագիտացված Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության հետ: Տեխնիկական առաջադրանքները ստորագրվել են  նախորդ տարվա նոյեմբեր ամսին, իսկ նախագծի ուսումնասիրության շուրջ աշխատանքները կապալառուի կողմից մեկնարկել են դեկտեմբեր ամսին:

Գծային երկաթուղին մոտ 316 կմ է լինելու  և սկսվելու է Գավառից՝ Սևանի արևմտյան մասից` ձգվելով մինչև Մեղրի: Ակնկալվում է, որ երկար սպասված այս ռազմավարական ծրագիրը սկզբունքային փոփոխություն է  մտցնելու Հայաստանի և տարածաշրջանային հաղորդակցությունների կառուցվածքում: Ունենալով Սև ծովի նավահանգիստներից դեպի Պարսից ծոցի նավահանգիստներ կատարվող փոխադրումների ամենակարճ երթուղին՝ օգտագործվելու է Հայաստանի ռազմավարական դիրքի ողջ ներուժը, ինչը կհանգեցնի տրանսպորտային ծախսերի և ժամանակի խնայողության զգալի բարելավման՝ խթանելով տարածաշրջանում տնտեսական աճն ու առևտուրը:

Մեր երկիրը զգալի արտադրական, հանքային և հումքային պաշարներ ունի, և դրանց լիարժեք շահագործման ու արտահանման համար անհրաժեշտ են ժամանակակից բարձրակարգ հաղորդակցության ուղիներ: Ծրագրի իրագործման աշխատանքներում նախատեսվում է  ներգրավել Միջանցքի գործունեությամբ շահագրգիռ բոլոր կողմերին, այդ թվում` ՌԴ-ին, Իրանին, Հնդկաստանին, ինչպես նաև Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Պարսից ծոցի երկրներին տարածաշրջանում առևտրային և հաղորդակցական հարաբերությունները բարելավելու նպատակով: «Մենք կողջունենք և ամեն կերպ կնպաստենք յուրաքանչյուր կազմակերպության, գործարարի մասնակցությունը մեր և տարածաշրջանի համար կարևորագույն  այս ծրագրերի իրագործմանը»,- նշել էր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

«Ռասիա ՖԶԷ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ժոզեֆ Բարկովսկին արդեն հայտնել է, որ  իրենք ձգտելու են ժամանակին ավարտել ծրագիրը՝ միաժամանակ ապահովելով որակական պահանջների իրականացումը: Որպեսզի այդ գործընթացներն իրականացվեն հնարավորինս կարճ ժամանակահատվածում, որոշում է կայացվել այդ հսկայածավալ աշխատանքը բաժանել առանձին հատվածների, որոնցում միաժամանակ կիրականացվեն շինարարական աշխատանքներ:

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու առաջին տրանշը, որը միմյանց է կապելու Երևանն ու Արարատը, Երևանն ու Աշտարակը, արդեն կառուցման փուլում է: Երկրորդ տրանշը՝ միմյանց կկապի Աշտարակն ու Թալինը: Այս հատվածում արագընթաց նոր ճանապարհի կառուցման նախնական աշխատանքներն օրերս են մեկնարկել: Երկրորդ ճանապարհային հատվածի կառուցման արժեքը 170 մլն դոլար է, որի կառուցման արդյունքում մոտ 40 րոպեով կկրճատվի Երևանից Գյումրի տանող ժամանակահատվածը: Ի դեպ այս մայրուղին կոնենա  42 կմ երկարություն և կապահովի երկկողմանի արագընթաց երթևեկություն: Այս հատվածի շինաշխատանքները փոքր-ինչ դանդաղում էին այդ տարածքում օտարման ենթակա բազմաթիվ հողատարածքների պատճառով:  Ուստի պետությունը փոխհատուցման գումար է հատկացրել, և բնակչության շրջանում իրականացվել են բացատրական աշխատանքներ:

 Լ.Ն

 

 

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ազգային բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ

Լուիզ Մանուկյան-ՍիմոնՆախագահ Սերժ Սարգսյանն իր և ամբողջ հայ ժողովրդի անունից ջերմորեն շնորհավորել է ազգային բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ և մաղթել առողջություն, երկար տարիների երջանիկ կյանք:
«Դուք փայլուն շարունակողն եք բարեգործության այն լավագույն ավանդույթների, որոնք եղել են և կան հայ իրականության մեջ: Տարբեր ժամանակներում և պայմաններում Դուք կարողացել եք ստանձնել պատասխանատվություն և իրականացնել ազգանպաստ և հայրենանվեր ծրագրեր: Ձեր ծանրակշիռ հանձնառություններով, տևական և արգասաբեր գործունեությամբ արժանիորեն վաստակել եք մեծ հեղինակություն թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Արցախի հազարամյա պատմությունը քարե մատյաններում

cicernavanqԱպրիլի 18-ից մայիսի 19-ը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանում ցուցադրվում  է Արցախի 7 հնավայրերից  (Ծիծեռնավանք, Տիգրանակերտ, Կարկառ, Շուշի, Հանդաբերդ, Հոռեկավանք, Կերեն) պեղված  հնագիտական 100  նոր  գտածոներ: Մի թանգարանում, որն իր մեջ ներառում է Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերը` զբաղեցնելով 90 հա տարածություն:

Իսկ ցուցադրությունը նվիրված է  հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան, որն էլ կշարունակվի մինչև մայիսի 19-ը` թանգարանների միջազգային օրը: Այդ օրն ավելի հետաքրքիր ու հիշարժան դարձնելու համար թանգարանի տնօրինությունը միշտ մի նոր բան է մտածում, թեև թատերականացված ներկայացումներն ու այլ միջոցառումներն էլ իրենց հերթին են լցնում օրը:

Իսկ թե ինչու այդ երկու հիշարժան առիթները մեկտեղվեցին հատկապես արցախյան անակնկալով, թանգարանի տնօրեն  Գագիկ Գյուրջյանի պատասխանն ավելի քան խոսուն է. «Վերջին տարիներին Արցախի 7 հնավայրերում  իրականացված պեղումների արդյունքում հայտնաբերված այս 100 նոր գտածոները ոչ միայն առաջին անգամ են Երևանում ցուցադրվում, այլև նորույթ են Արցախի մշակութային կյանքում, որովհետև մայիսի 19-ից հետո ողջ ցուցադրությունը կնվիրվի Արցախին: Եվ  սա Երևանի քաղաքապետարանի ու Լեռնային Ղարաբաղի մշակութային համագործակցության լավագույն օրինակներից է, որի բացմանը ներկա էին նաև Ղարաբաղի մշակույթի նախարարության ներկայացուցիչները: Դրանից լավ նվեր լինել չէր կարող»:

Չորս հնագիտական  արշավախմբեր են իրականացրել պեղումները, մեկը` Լեռնային Ղարաբաղից, երեքը` Հայաստանից: Հիրավի, դրանից լավ նվեր չէր կարող լինել ոչ միայն   թանգարանային օրվանն ընդառաջ, այլև  ի նշանավորումն մայիսյան փառահեղ հաղթանակների: Ցուցադրությունը շարժական բնույթ ունի, և պրն Գագիկ Գյուրջյանը հավատացած է, որ այն, Արցախի սեփականությունը դառնալով, կտեղափոխվի և կցուցադրվի նաև  այլ բնակավայրերում: Իսկ ցուցադրությունը Երևանում կմնա մինչև թանգարանային գիշերը: Այնպես որ, Էրեբունի թանգարանի գիշերային այցելուներին մի նոր անակնկալ է սպասում, իսկ ողջ հնավայրի  գիշերային լուսավորությունն արդեն նորություն չէ:

Այնուհանդերձ, թանգարանի  գիտահետազոտական բաժնի վարիչ Աննա Ազիզյանի օգնությամբ փորձենք փոքրիկ էքսկուրս կատարել արցախյան այդ 7 հնավայրերը ներկայացնող  ցուցասրահում: Նորովի բացահայտենք այդ զարմանահրաշ երկիրը:

Առաջին ցուցափեղկը հազարամյա կենսագրություն ունեցող Ծիծեռնավանքինն է (Քաշաթաղի շրջան): Միջնադարյան  IV-V դդ. թվագրվող բազիլիկ եկեղեցու և հարակից տարածքից պեղումների նյութերն էլ այդ ամենի լուռ վկաներն են: Եկեղեցական սպասքին վերագրվող նյութեր, նյութական օգտագործման ձիթաճրագներ, կարասներ, այսինքն` եկեղեցական սպասքի նյութեր, ինչպես նաև Ծիծեռնավանքի ճարտարապետական վերլուծությամբ արված լուսանկարներ:

2005 թ. ՀՀ ԳԱԱ  Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը` Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ, հայտնաբերեց հայոց արքա Տիգրան Բ Մեծի (95-55մ.թ.ա.) Արցախում հիմնադրած Տիգրանակերտ քաղաքը: 2006-2012 թթ. հնագիտական պեղումներ կատարվեցին այդ տարածքում: Իսկ արդյունքն ավելի քան շլացուցիչ էր:

Տիգրանակերտը ներկայացված է ինչպես միջնադարյան, այնպես էլ անտիկ ժամանակաշրջանը ներկայացնող  գտածոներով` ջնարակապատ անոթների բեկորներ, ամբողջական աղաման, մոմակալ, գինու կարասներ, երկաթե նետասլաքներ XII-XIII դդ., կան նաև այլ գտածոներ: Առանձնակի ուշադրություն են գրավում նաև անտիկ և վաղ միջնադարի շրջանի սափորների բեկորները, խոյակների զարդաքանդակները:

Անզեն աչքով էլ նկատելի է, որ ցուցադրության գերակշիռ մաս են կազմում Տիգրանակերտից պեղված նյութերը: «Տիգրանակերտը շատ հայտնի հուշարձան է, հայտնի է նաև իր նշանակությամբ և լայնածավալ պեղումներով»,- մեկնաբանեց երիտասարդ հնագետը:

Ցուցապաստառի գրությունից իմանում ենք, որ միջնաբերդի պեղումների արդյունքում բացվել է նրա  հյուսիսային պարսպապատի 180 մետրանոց հատվածը: Եվ այն իր ժամանակի ամենամեծ պեղված պատերից մեկն է Անդրկովկասում:

Հաջորդը Շուշիի տարածքում պեղված երկու հուշարձաններն են: Առաջինը Քրիստոսից առաջ VI-VII դարերի դամբարան է, իսկ մյուսը` ժայռալանջին հայտնաբերված Կարկառի ամրոցը` XII-XIV դդ.:

Հանդաբերդն էլ միջնադարյան հուշարձան է, որն առավել հայտնի է իր զարդաքանդակներով, պատկերավոր սյուժեներով զարդարված խաչքարերով, ինչպես նաև Հանդաբերդի «Տիրամայր» խաչքարի բեկորով` թվագրված XII-XIV դդ.:

Բացառիկ ուշադրության են արժանի նաև Կերենի տարբեր դամբարաններից հանված անոթները, մետաղյա իրերը, ապարանջանները, օղերը և շատ այլ գտածոներ:

Թեև Հոռեկա վանքը այցելուին ներկայացված է միայն եկեղեցու ճարտարապետական վերլուծությամբ: Հոռեկա վանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ, անտառապատ լեռան հյուսիսային լանջին, և 1279 թ. մինչև 1809 թ. գյուղը Հոռեկա է կոչվել, Թալիշ է դարձել 1822 թ.: Արցախ աշխարհի այս հնագույն սրբավայրը` վանքը, կառուցվել է V դարում Եղիշե առաքյալի գերեզմանի վրա: Բաղկացած է եկեղեցուց (1279թ.), գավթից (1284թ.), զանգակատնից (XVII դար) և օժանդակ այլ շինություններից: Վանքի բակը հարուստ է խաչքարերով, որոնք թվագրվում են VIII և հետագա դարերով:

Ուշագրավ է, որ այստեղ է թաղված Երմոլովի գլխավորած ռուսական բանակի շտաբի պետ, հետագայում Պարսկաստանում Ալեքսանդր Գրիբոյեդովի քարտուղար ու թարգմանիչ, 1813 թ. Գյուլիստանի պայմանագրի ստորագրման մասնակից, թալիշցի գեներալ Շամիր խանը:

Օրեր անց դարերի ոտնահետքերով այս ցուցանմուշները տուն` Արցախ կվերադառնան` հարստացնելու այդ հնամենի երկրամասի հայկականության փառահեղ պատմությունը:

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

Գյումրին` “Թանգարանների գիշեվա” մեջ

017Մայիսի 18-իմ նշվում է թանգարանների միջազգային օրը, որ այս տարի համընկել է “Թանգարանների գիշեր” տոնին:

Ամեն տարի Գյումրիի թանգարանները ևս նոր ծրագրերով են հանդես գալիս: Առավոտից մինչև կեսգիշեր թանգարանները հյուրընկալում են այցելուների, ներկայանում բազմաթիվ միջոռացումներով:
Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանում ցուցադրվեցին Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի և գեղանկարչության բաժնի ուսանողների աշխատանքները, ներկայացվեց Իսահակյանի “Ալագյազի մանիներ” պոեմի փոքրիկ բեմադրությունը, կազմակերպվեց ամենամյա գյումրվա թեյախմբությունը:
Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում տեղի ունեցան բազմաթիվ ցուցահանդեսներ: Թանգարանի բակում կազմակերպվեց “Ինչ, որտեղ, երբ” խաղի, “Կարատե դո” մարզային ցուցադրական առաջնություն, ներկայացումով հանդես եկավ Գյումրիի տիկնիկային թատրոնը, հնչեց երգ-երաժշտություն: Կարա-Մուրզայի անվան երաժշտական քոլեջի սաները ելույթ ունեցան` նվիրված Վլադիլեն Բալյանի ստեղծագործական գործունեության 60-ամյակին:
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում տեղի ունեցավ հացաթխության պրոցես` լավաշը որպես ավանդական ուտեստ խորագրով, թանգարանի այցելուների համար բակում տեղադրված էր ֆայտոնն ու Ալեքսանդրապոլի տարազներով կին և տղամարդ մանեկենները, տեղի ունեցավ Գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի Զգեստի մոդելավորում ֆակուլտետի ուսանողների պոդիումը, ինչին հաջորդեց Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը:
Մհեր Մկրտչյանի թանգարանն այս տարի ներկայացավ մոնո ներկայացմամբ` Պետեր տուրինի “Վերջ, վերջապես” պիեսի “Չէ” տարբերակով: Որում տեղ գտած հոգեբանական դրսևորումները զուգահեռել էին Մհեր Մկրտչյանի կյանքի հետ:
Ցուցահանդեսներ ու միջոռացումներ կազմակերպվեցին նաև քաղաքի մյուս թանգարաններում ու պատկերասրահներում:

Էսքիշեհիրում բացվել է «Մադամ Տյուսոյի» թանգարանի թուրքական տարբերակը

tusoԱշխարհի շատ երկրներում գոյություն ունեցող «Մադամ Տյուսոյի» թանգարանի միակ և առաջին թուրքական օրինակը բացվել է Էսքիշեհիրում՝ «Յըլմազ Բյույուքերշենի մոմից արձանների թանգարանը»: Վերջինիս բացմանը մասնակցել են բազմաթիվ արվեստագետներ, լրագրողները, գրողներ, քաղաքացիներ:

«Doğan» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ թանգարանի բոլոր արձանները պատրաստել է հենց Էսքիշեհիրի քաղաքապետ Յըլմազ Բյույուքերշենը: Թուրքական «Մադամ Տյուսոյում» տեղ են գտել պատմական դեմքեր, տեղական և արտասահմանյան նշանավոր անուններ՝ ընդհանուր առմամաբ 160 արձան: Ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի տարբեր ժամանակաշրջանի արձանները, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների կերպարները: «Մենք այնպիսի մարդկանց ենք մեծացրել, որոնցով հպարտանում ենք: Սակայն կարծում եմ, որ մեր պատմությանն ու նշանավոր դեմքերին առժանին չենք մատուցել: Մոմից արձանների միջոցով մարդիկ հանդիպում են պատմության և հայտնի անձանց հետ: Այդ պատճառով էլ սիրում եմ այս արվեստը: Հուսով եմ, որ իմ արած գործը ինքներս մեզ հետ հաշտվելու գործում թեկուզ և փոքր, սակայն որոշակի ներդրում կլինի»,-նշել է ստեղծագործ քաղաքապետը:

Չինաստանի բարձրաստիճան պաշտոնայներից մեկը կարծում է, որ չինացի զբոսաշրջիկենրը պետք է ավելի քաղաքավարի լինեն, քանի որ արտերկրում նրանք վնքսում են երկրի հեղինակությանը

ch1Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ չինացի զբոսաշրջիկների ոչ քաղաքավարի պահվածքը վնասում է երկրի հեղինակությանը արտերկում:

Երկրի չորս փոխվարչապետներից մեկը՝ Վան Յանը նշել է, որ արտերկրում հանգստացողները պետք է իրենց ավելի քաղաքավարի պահեն, չառանձնանան բարձր խոսելով և վատ պահվածքով:

Անցած տարի չինացիները ճանաչվեցին որպես աշխարհում ամենաշատ ծախսող զբոսաշրջիկներ: Ըստ ՄԱԿ-ի համաշխարահյին տուրիզմի կազմակերպության՝ նրանք 2012թ-ին արտերկրում զբոսաշրջության վրա ծախսել են 120 միլիարդ դոլար:

Անցած տարի չինացիները կատարել են 83 միլիոն ուղևորություն դեպի արտերկիր՝ 2000թ-ի 10 միլիոնի փոխարեն:

Վան Յանը կուսակցության պաշտոնաթերթին հայտնել է, որ չինացի զբոսաշրջիկների քաղաքավարության մակարդակը բարձրացնելը և նրանց վերաբերյալ լավ իմիջի ստեղծումը կառավարության և համապատասխան ընկերությունների պարտականությունն է՝ ավելացնելով, որ Չինաստանի իշխանությունները պետք է ուղղորդեն, որպեսզի զբոսաշրջիկները ենթարկվեն հասարակական կարգին և էթիկային, հարգեն տեղի կրոնը, հավատալիքները և ավանդույթները, ուշադիր լինեն իրենց խոսքի և պահվածքի վերաբերյալ, ինչպես նաև պահպանեն շրջակա միջավայրը:

Ինչևէ՝ որոշ չինացի զբոսաշրջիկներ նշում են, որ արտերկրում իրենց վերաբերվում են, որպես երկրորդ կարգի մարդկանց:

BBC-ի Պեկինի թղթակիցը տեղեկացնում է, որ այս տարվա սկզբին Չինաստանի ինտերնետ ֆորումները հեղեղվել էին բողոքներով, երբ Մալդիվների հյուրանոցներից մեկում չինացիների զբաղեցրած բոլոր համարներից հավաքել էին թեյնիկները: Ըստ երևույթին հյուրանոցի մենեջերը չէր ցանկացել, որ չինացիները իրենց սենյակներում եռացրած ջրով արագ պատրաստվող լափշաներ պատրաստեն, փոխարենը գումար ծախսեն և սնվեն հյուրանոցի ռեստորանում:

 

Օբաման ու Էրդողանը փոխանակվեցին նվերներով

obama-erdogan (1)Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով պաշտոնական այցով գտվում է ԱՄՆ-ում, այսօր հուշանվեր է հանձնել իրենց հյուլընկալած նախագահ Բարաք Օբամային: Էրդողանի նվերը թերևս ավանդաբար շնորհվում է բարձրաստիճան շատ պաշտոնյաների: Օբաման թուրք վարչապետից ստացավ թուրք ծաղկանկարների կողմից պատրաստված սալիկ՝ իր անունով:
Ինչպես հաղորդում է «Anaolu» գործակալությունը՝ նախագահ Օբաման էլ իր հերթին Էրդողանին նվիրեց ԱՄՆ-ի խորհրդանիշը՝ հախճապակուց պատրաստված սպիտակագլուխ արծիվ: Հետաքրքրական է, որ Էրդողանի նվերը պատրաստել էին ԱՄՆ-ում բնակվող թուրք վարպետներ Յունուս Ուսլուն և Բարըշ Թաշերը:

 

Ինչո՞ւ Հայաստանում ըմբշամարտով զբաղվող կանայք չկան

Azerbaijan's Ahmadli wrestles with Bulgaria's Yusein at the Senior Wrestling European Championship in BakuԸմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, սպասելիքները մեծ են: Օդեսայում օրերս կայացած ազատ ոճի ըմբշամարտի «Սև ծով» միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին տասը երկրների պատվիրակներ, մեր ըմբիշներն անմասն չմնացին խաղարկված պարգևներից: Թե ինչքանով են սպասելիքներն արդարացել, խնդրեցինք պարզաբանել միջազգային կարգի մրցավար Լյովա  Վարդանյանին:

– Մրցաշարը գրանցված է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի միջոցառումների օրացուցային ծրագրում: Այդ է պատճառը, որ  բոլոր երկրներից էլ կարողությունները փորձում էին լավագույն ըմբիշները: Պայքարի ոլորտ էին ներգրավվել Գերմանիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ուկրաինայի,  Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի և Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանից մրցագորգ դուրս եկած 6 մարզիկներից 3-ը մրցանակակիր դարձան: 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը կանգնեցին պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին, իսկ 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլանը բավարարվեց 3-րդ տեղով: Մրցումները բարձր մակարդակով էին, տիտղոսակիրները շատ էին: Ենոքյանը վճռական գոտեմարտում պարտվեց 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր դարձած ուկրաինացի ըմբիշին:

 – Իսկ մերոնցից ովքե՞ր չարդարացրին սպասելիքները:

– 74 կգ քաշային կարգում հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը փորձարկեց Հայաստանի առաջնության 2-րդ մրցանակակիր Վարուժան Կաջոյանին: Նա թրծվելու կարիք ունի: Հայաստանի հավաքականի հնաբնակ, 29-ամյա 74 քաշային Սուրեն Մարկոսյանը (74 կգ) մեկ հաղթանակ տարավ, հետո պարտվեց: Նա վնասվածք ուներ, այժմ ապաքինվել է, փորձում է վերագտնել իր լավ մարզավիճակը: Մուսա Մուրթազալիևն այս քաշային կարգում էր հանդես գաիս, սակայն այժմ ուժերն է չափում 84 կգ քաշայինների պայքարում և 2013-ին դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Մարկոսյանի հիմնական մրցակիցը Հայաստանի այս տարվա չեմպիոն, 2013-ի Եվրոպայի առաջնությունում 5-րդը ճանաչված Գրիգոր Գրիգորյանն է, որն այս ստուգատեսին չէր մասնակցում: Նա կարողությունները կփորձի մայիսի 20-24-ը Դաղստանում կայանալիք Ալի Ալիևի միջազգային մրցաշարում: Սերգեյ Հովսեփյանը (66 կգ) ևս իր օգտին հաղթանակ գրանցեց, հետո էլ պարտվեց: Գերծանրքաշային ըմբիշ չունեինք: Անդրանիկ Գալստյանը մասնակցել էր Եվրոպայի առաջնությանը և իրեն չէր կարողացել դրսևորել: Այդ է պատճառը, որ նրան նոր մրցաշարում հանդես գալու հնարավորություն չէր տրվել: Մեր մարզիկների հիմնական նպատակն է լավ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը կայանալու է սեպտեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Նրանց համար փորձություն կլինի նաև օգոստոսի 2-4-ը Վանաձորում կայանալիք Ստեփան Սարգսյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը:

 – Թբիլիսում 2013-ին կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշներից Դավիթ Սաֆարյանը (66 կգ) դարձել է չեմպիոն, Մուրթազալիևն արծաթե մեդալի է տիրացել: Աշխարհի առաջնությունում մեր թիմի հնարավորություններն ինչպիսի՞ն են:

– Պետք է լրջորեն նախապատրաստվել, նաև լավատես լինել: Ի դեպ, մեր պատանի և երիտասարդ ըմբիշներին ևս առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Հունիսին պատանիները Չեռնոգորիայում, հուլիսի սկզբին էլ երիտասարդները  Մակեդոնիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին: Օգոստոսին կայանալու են  պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները: Հոկտեմբերին էլ երիտասարդական հավաքականները մասնակցելու են Եվրոպայի գավաթի թիմային խաղարկությանը: Այդպիսի պատվի են արժանանալու Եվրոպայի առաջնությունում տասնյակում տեղ զբաղեցրած թիմերը: Սա նոր մրցաշար է: Այնպես որ, ըմբիշների օրացուցային ծրագիրը հագեցած է:

 – Այժմ շատ է խոսվում այն մասին, որ ըմբշամարտը կարող է դառնալ ոչ օլիմպիական մարզաձև: Հավատո՞ւմ եք, որ այդպիսի բան կկատարվի:

– Ի դեպ, Օդեսայում ցույց կազմակերպվեց` ի պաշտպանություն ըմբշամարտի, որպեսզի այն մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Բողոքի պաստառ պարզվեց. մրցաշարի բոլոր մասնակիցները միասին լուսանկարվեցին, և այդ ամենի մասին տեղեկացվեցին միջազգային մարզական  կազմակերպությունները, լրատվամիջոցները: Ինչպես հայտնի է, մայիսի 16-18-ը Մոսկվայում կայանալու է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Անցկացվելու են կազմակերպության նախագահի ընտրություններ: Փոփոխություններ են կատարվելու ըմբշամարտի երկու մրցաձևերի մրցակարգերում: Դիմում է ներկայացվելու Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը, որպեսզի ըմբշամարտը մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Ինչպես հայտնի է, ըմբշամարտը օլիմպիական խաղերի անցկացման սկզբից եղել է  ստուգատեսի ծրագրում: Թեև այն հանվել է 2020-ի օլիմպիական խաղերի ծրագրից, բայց հնարավոր է, որ այդ որոշումը վերանայվի: Ոչ ոք չի հավատում, որ ըմբշամարտը կարող է չլինել օլիմպիական խաղերի ծրագրում:

 – Հետաքրքիր է, թե Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի հավակնորդներն ովքեր են: Ֆեդերացիայի այժմ արդեն նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետին և՞ս նրանց թվում է:

– Մարտինետին, որը ներկայացնում է Շվեյցարիան, նույնպես նախագահ դառնալու ցանկություն է հայտնել, բայց ընտրվելու ավելի մեծ հնարավորություններ ունի Սերբիայի ներկայացուցիչ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նենադ Լալովիչը: Կարելի է ասել, որ տարբեր երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչների 70-80 տոկոսը նրան են ցանկանում տեսնել կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Հիմնական մրցապայքարը այս երկուսի միջև է ընթանալու: Հնարավոր է, որ տեղում նաև նոր թեկնածուներ առաջադրվեն:

 – Այդուհանդերձ, քանիցս ՄՕԿ–ի մի շարք պաշտոնյաներ մերկացվել են կոռումպացված լինելու հանցանքում: Հնարավո՞ր է, որ փողեր կորզելու նպատակով է ստեղծվել այս իրարանցումը:

– Թող այդ մասին մտածեն փողեր տվողները և վերցնողները: Հույսներս այն է, որ համարձակություն, ուժ, ճարպկություն պահանջող ըմբշամարտը, որը ոչ միայն տղամարդկանց կողմից է սիրված, այլև գեղեցիկ սեռի ներկայացուցիչների, կշարունակի մնալ օլիմպիական խաղերի ծրագրում:

 – Քանի որ կանանց անդրադարձաք, ապա հետաքրքիր է, թե ինչու Հայաստանում ըմբշամարտով զբաղվող կանայք չկան:

– Հայաստանում կանանց ըմբշամարտի հիմնադիրը ես եմ: 1998-ից մինչև 2003-ը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում 25-30 մարզուհի կար: Բայց երբ մեր երկրի մարզական պետական կառույցում աշխատանքի անցա, փոխարինող չգտնվեց: Փաստն այն է, որ Հայաստանում այժմ ըմբշամարտով զբաղվող մարզուհիներ չկան:

 – Տարօրինակ է, քանի որ մեր սահմանակից Ադրբեջանում և Վրաստանում ըմբշամարտի հավաքականներ կան: Ընդ որում, Ադրբեջանի ներկայացուցիչները պարբերաբար մեդալներ են նվաճում միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում:

– Բանն այն է, որ Ադրբեջանի հավաքականի կազմում են ուկրաինուհի բարձրակարգ ըմբիշներ: Թիմում միայն մեկ ադրբեջանցի մարզուհի կա: Վրաստանի հավաքականում մի քանի մարզուհի են: 

– Նպատակ չկա՞ դրսից մարզուհիների, նաև նոր մարզիկների հրավիրել Հայաստանի հավաքական:

– Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչներն առաջարկել են, որ իրենց տարբեր քաշային կարգերի 2-3-րդ համարների մարզուհիներին ընդգրկենք Հայաստանի հավաքականում, սակայն դեռ մտածում ենք, չենք կողմնորոշվել, թե այդ քայլն ինչքանով է նպատակահարմար: Եթե դրսից ըմբիշներ հրավիրենք, ապա նրանք կարող են լինել միայն գերծանրքաշայիններ: Առայժմ հարցական է, թե Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Յուրի Պատրիկեևը մրցելույթները կշարունակի՞, թե՞ ոչ: Եվրոպայի առաջնությանը նա չմասնակցեց: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում էլ առայժմ հսկա փորձառու մարզիկ չունենք: Ֆինանսական հիմնախնդիրներ չկան: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ըմբիշներին, մարզիչներին աջակցում է բոլոր հարցերում: Արդյունքներն էլ ակնառու են: Նախատեսվում է, որ աշխարհի առաջնությանը մեր երկու մրցաձևերի հավաքականներն էլ մարտական կազմերով հանդես կգան, և մեդալներ կլինեն:

 

Լևոն Արոնյանը 5-րդն է

լևոնimagesՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված շախմատի գերմրցաշարում Լևոն Արոնյանը 5-րդն է: Հաղթող դարձավ ռուսաստանցի  Սերգեյ Կարյակինը, որը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր:

2-3-րդ տեղերը բաժանեցին նորվեգացի Մագնուս Կառլսենն ու ամերիկացի Հիկարու Նակամուրան` 5,5-ական միավոր: Արոնյանը, Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթհան Անանդը և ռուսաստանցի Պյոտր Սվիդլերը հավաքած 5-ական միավորով բաժանեցին 4-6-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ գրոսմայստերը զբաղեցրեց 5-րդ տեղը:

7-րդը չինացի Վան Հաոն է`4,5 միավոր: Ապա հաջորդում են`Վեսելին Տոպալովը (Բուլղարիա)` 4, Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան)` 3, Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա)`  1,5 միավոր:

9-րդ տուր

Տեխնիկական արդյունքներ

Լևոն Արոնյան – Մագնուս Կառլսեն` 0,5:0,5

Սերգեյ Կարյակին  – Վեսելին Տոպալով`  0,5:0,5

Թեյմուր Ռաջաբով  – Պյոտր Սվիդլեր` 0,5:0,5

Վան Հաո – Վիշվանաթան Անանդ` 1:0

Յոն Լյուդվիգ Համեր  – Հիկարու Նակամուրա`  0:1

Ռեյհանլըում ցույց է տեղի ունեցել (տեսանյութ, լուսանկարներ)

1Ռեյհանլըում տեղի ունեցած պայթյունների դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել:

Ինչպես հաղորդում է թուրքական “Վաթան” պարբերականը, Հաթայի շրջանի Ռեյհանլը բնակավայրում տեղի ունեցած պայթյունների դեմ իրենց բողոքը արտահայտելու համար մոտ 1500 մարդ է ցույցի դուրս եկել, որոնց ոստիկանները բարիկադներով փորձել են խոչընդոտել:

2Չթույլատրված ցույցի մասնակիցները, հաղթահարելով բարիկադները, շարունակել են իրենց երթը: Ոստիկանները ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են օգտագործել: 1 ոստիկան և 4 ցուցարար գազից թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց:

2 4Երթի ժամանակ ցուցարարները հանդես են եկել “Կառավարությո՛ւն, հրաժարակա՛ն տուր” կարգախոսով:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ռեյհանլըում 4 պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել էր շուրջ 51 մարդ:

 ՏԵՍԱՆՅՈՒԹ  

Մոմավառություն և սև ժապավեններով ծաղիկներ Կառավարության շենքի դիմաց` ի նշան բողոքի

154157ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված ՀՀ զինված ուժերում զոհված զինծառայողների մայրերը, մի քանի տասնյակ քաղաքացիներ, ինչպես նաև «Բանակն իրականում» նախաձեռնության անդամներերը սև ժապավեններով ծաղիկներ են կախել ծառերին և մոմավառություն կազմակերպել:

mom4Ոստիկանները շարունակել են շղթայված պահել Կառավարության շենքը` թույլ չտալով ակտիվիսնտերին մոտենալ շենքին: Ոստիկանության ՊՊԾ պետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ  հայտարարել էր, որ ակցիան անօրինական է և պահանջել էր դադարեցնել այն: Հայտարարությունն ակցիայի մասնակիցներին ավելի էր զայրացրել, և վերջիններս, ճեղքելով ոստիկանների ստեղծած պատը, շարժվել էին դեպի Կառավարության շենք` խփելով շենքի դռներին և հանդիպում  պահանջելով ՀՀ վարչապետի հետ:

mom10Կառավարության շենքի դիմաց հավաքվածներին էր մոտեցել կառավարության քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, սակայն հավաքվածները պահանջել էին, որ իրենց ընդունի վարչապետը:

Ակցիային մասնակցում են նաև ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված 19-ամյա Լյուքս Ստեփանյանի հայրը և հարազատներն այսօր նրա դին դագաղով բերում էին Երևան` բողոքի ակցիա անցկացնելու Կառավարության շենքի դիմաց, սակայն Սեյրան Օհանյանի և Վլադիմիր Գասպարյանի հետ բանակցություններից հետո ծնողները  ճանապարհի կեսից հետ էին տանել իրենց որդու դին:

Տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական համաժողովը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2011 թվականից ի վեր ֆեդերացիայի կատարած աշխատանքը, նախանշել հետագա անելիքները:

3030Մինչ օրակարգի հարցերին անցնելը, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ այս տարի համաժողովը համընկել է հայկական շախմատի և ընդհանրապես հայ ժողովրդի պատմության նշանավոր իրադարձություններից մեկի՝ 50 տարի առաջ, 1963 թվականի մայիսի 20-ին, մեր ժողովրդի հանճարեղ զավակ Տիգրան Պետրոսյանի՝ աշխարհի շախմատի 9-րդ չեմպիոն հռչակվելու հոբելյանի հետ: «Անկասկած կարելի է ասել, որ մեր շախմատիստների բոլոր հաջողությունները, փառահեղ նվաճումները Տիգրան Պետրոսյանի թողած այդ մեծ ավանդույթների ու ժառանգության շարունակությունն են կամ՝ արգասիքը»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի շախմատային կազմակերպությունը հասել է հսկայական նվաճումների: Դրանցից Նախագահն ընդգծել և առանձնացրել է մի քանիսը՝ 2011 թվականին Չինաստանի Նինբո քաղաքում Հայաստանի ազգային հավաքականի՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճումը, 2012-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացված համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի երրորդ անգամ օլիմպիական չեմպիոն հռչակվելը: Նախագահը երախտագիտություն է հայտնել Հայաստանի հավաքականի տղաներին և բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով աջակցել են, որպեսզի տաղանդավոր այդ շախմատիստները կարողանան դրսևորվել: Սերժ Սարգսյանը խոսել է նաև աղջիկների շախմատի Հայաստանի հավաքականի հաջող ելույթների մասին՝ նշելով, որ, իհարկե, իրենց նվաճումներում աղջիկները դեռևս փոքր-ինչ ետ են մնում տղաներից: Նախագահը հույս է հայտնել, որ աղջիկների հավաքականին ևս կհաջողվի դառնալ չեմպիոն կամ գավաթ նվաճել:

Հաշվետու ժամանակաշրջանը նշանակալից է համարվել նաև այն առումով, որ Հայաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որտեղ շախմատը մտավ հանրակրթական դպրոցների ծրագրի մեջ` որպես պարտադիր առարկա:

Համաժողովի օրակարգի հաստատումից հետո, ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, շարունակելով ֆեդերացիայի նախագահի խոսքը, ավելի մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքները: Օրակարգի շրջանակներում ներկայացվել է նաև ֆեդերացիայի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, նախանշվել են Ֆեդերացիայի առաջիկա աշխատանքների հիմնական ուղղությունները: Հաշվետու ժամանակաշրջանում Ֆեդերացիայի կատարած աշխատանքը գնահատվել է դրական:

Համաժողովի պատգամավորները քննարկել են հաշվետու զեկույցը, ներկայացրել նաև մարզերում շախմատի զարգացման ուղղությամբ վերոնշյալ ժամանակահատվածում իրականացված աշխատանքն ու առկա խնդիրները:

Այնուհետև տեղի են ունեցել Ֆեդերացիայի նախագահի, նախագահության կազմի ընտրությունները: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Համաժողովի պատգամավորները քննարկել և հաստատել են 59 անդամից կազմված ֆեդերացիայի նախագահության կազմը և վերստուգիչ հանձնաժողովի կազմը:

Համաժողովից հետո տեղի է ունեցել ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը: Նախագահությունը, ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածությունները, ովքեր մտնում են Ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է դարձել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ` Յուրի Առուստամյանը, Գագիկ Գևորգյանը, Հովիկ Խալիկյանը, Լևոն Յոլյանը, Տիգրան Սարգսյանը, Աշոտ Վարդապետյանը, գործադիր տնօրեն` Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար` Գագիկ Հովհաննիսյանը: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ է վերընտրվել Վանիկ Զաքարյանը:

Նիստում հաստատվել են նաև Ֆեդերացիայի հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

«Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդես Արտաշատում

102649162167Այսօր Արտաշատում բացվել է «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» ցուցահանդեսը, որը Արարատի մարզի բնակիչներին ներկայացնելու է ազգային դրամի ուդրամաշրջանառության պատմությունը և ԿԲ գործունեությունը:

Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 23-ը: Մարզի իշխանությունների աջակցությամբկկազմակերպվեն դպրոցականների այցելություններ ցուցահանդես:

Ողջույնի խոսքում Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը նշել է, որ ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի դրամանիշերի պատմությունը՝ անտիկ ժամանակներից մինչև մեր օրերը, գլխավոր դրամատան գործառույթները և ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանությանը նվիրված նյութեր:

Երևանի դպրոցականներն այցելում են Կենտրոնական բանկ և ծանոթանում են բանկիգործունեությանն էքսկուրսիաների միջոցով: Կենտրոնական բանկի այս նախաձեռնության նպատակն էնմանատիպ հնարավորություններ ընձեռել նաև մարզերի աշակերտների և բնակիչների համար:

Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ ազգային դրամի պատմությանը նվիրված ցուցահանդեսներկազմակերպվել են Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Գյումրիում, Գավառում և Աշտարակում:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ադրբեջանում 5 զինծառայող է մահացել

Ադրբեջանում 5 զինծառայող է մահացելԱդրբեջանում ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 զինծառայող մահացել, 6-ը հոսպիտալացվել են:

Ինչպես  հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Գուբայի շրջանի Աթուջ գյուղի մերձակայքում: Ըստ նախնական տվյալների` պատահարի պատճառ եղել են անձրևը և “Raf” մակնիշի ավտոմեքենայի անվադողերի հետ կապված անսարքությունը:

Ավտոմեքենայում գտնվող չորս զինծառայողները մահացել են տեղում, ևս մեկը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Մյուս 5 զինծառայողների վիճակը գնահատվում է ծանր: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:

 

 

 

Մարադոնան կատաղի բախում է ունեցել լուսանկարիչների հետ

m3Դիեգո Մարադոնան բախում է ունեցել դեպի Բուենոս Այրես իր ճանապարհը փակած նկարիչների հետ:

m5Արգենտինացի լեգենդը գնում էր հանդիպելու նախկին ընկերուհի Վերոնիկա Օհենդային և իր երեք ամսական տղային՝ Դիեգո Ֆերնանդոյին, սակայն նա այնքան էլ ուրախ չէր իր հանդեպ տածած ուշադրությամբ: Նա քարեր էր նետել լուսանկարիչների և լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա՝ փորձելով նրանց ցրել, սակայն հնարքը չէր աշխատել, և նա սկսել էր նրանց ոտքով հարվածել:

Ներկայումս Դուբայում բնակվող 52-ամյա Մարադոնան իր 22-ամյա ընկերուհի Ռոսիո Օլիվիայի հետ է:

La Red Radio-ին լուսանկարիչներից մեկը հայտնել է, որ չնայած ուժեղ անձրևին՝ Մարադոնան դուրս է եկել մեքենայից, քարեր նետել լրագրողների վրա և ոտքով հարվածել լուսանկարիչներից մեկի ոտքին:

Նա նաև կռվել էր օդանավում ուղևորներից մեկի հետ, ով նրան հավելյալ ուտելիք էր առաջարկել:

Մարադոնայի ներկայացուցիչը The Sun-ին հայտնել է, որ Դիեգոն այժմ որոշ անձնական խնդիրներ ունի, և հուսով է, որ նա շուտով կկարողանա դրանք լուծել: