Իրաքի Քուրդիստանի նախագահը հայտնել է պաշտոնապես անկախանալու իրենց ցանկության մասին

Մասուդ ԲարզանիԻրաքի քրդերի նախագահ Մասուդ Բարզանին երկուշաբթի օրը հայտնել է, որ իրենց շրջանը ցանկանում է պաշտոնապես անկախանալ Իրաքից:

Երկար ժամանակ Իրաքի քրդերի համար անկախությունը նպատակ է եղել, շրջանն  ավելի քան երկու տասնամյակ է, ինչ ինքնավարություն է ձեռք բերել Բաղդադից, սակայն նրանք նախկինում չեն հայտարարել, որ ձգտում են անկախություն ձեռք բերել:

Ամեն դեպքում վերջին ճգնաժամը, երբ Իրաքում սունի ծայրահեղականները հսկայական տարածքներ են գրավել Իրաքի Քուրդիստանի սահմանի մոտակայքում, քրդերին դրդել է նման քայլի:

Բարզանին նշել է, որ ինքն  այդ հարցը կբարձացնի երեքշաբթի օրը Էրբիլում կայանալիք ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ: Ամերիկան քրդերի դաշնակից է հանդիսանում, սակայն ընդդիմանում է շրջանի անկախությանը:

Բարզանիի խոսքով հաշտությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ շիաները և սունիները հասկանան իրար և իշխանությունների միջև իրական համագործակցության երաշխիք լինի:

Երկօրյա աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակություն

ԼՂՀԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ այսօր երկօրյա աշխատանքային այցով Արցախ է ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, պաշտոնատար այլ անձինք: Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ կառավարական պատվիրակությանը դիմավորել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը` փոխվարչապետի, կառավարության այլ անդամների հետ:
ՀՀ վարչապետը` արցախյան գործընկերոջ և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ դրել Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Հուշահամալիր այցից հետո կայացել է հայկական երկու պետությունների գործադիր իշխանության ղեկավարների առանձնազրույցը. քննարկվել են համագործակցության զարգացմանն ու ընլայնմանն ուղղված հարցեր ու ծրագրեր: Այնուհետև քննարկումները շարունակվել են Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների մասնակցությամբ` ընդլայնված կազմով հանդիպմանը:
Ողջունելով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության այցը Արցախ, ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը նշել է, որ համատեղ լուծելի հարցերը բազմաթիվ են, օրախնդիր ու հեռանկարային, դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կլինեն հստակ մոտեցումներ: Երկու կառավարությունների միջև գոյություն չունի որևէ խնդիր, որը հնարավոր չլինի լուծել միացյալ ուժերով` ընդհանուր ազգային տեսլականի շրջագծում,- նշել է Ա. Հարությունյանը:
ԼՂՀ վարչապետը էական ու հրատապ է համարել Արցախի տնտեսական ինտեգրման խորացումը Հայաստանի Հանրապետության հետ` նշելով, որ, դա է թելադրում ներկա ռազմա-քաղաքական կացությունը տարածաշրջանում, և այն բխում է մեր ընդհանուր անվտանգության շահերից:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել արցախյան գործընկերներին ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ ՀՀ կառավարության կողմից հետայսու ևս կգործադրվեն բոլոր ջանքերը Արցախի տնտեսության զարգացման ուղղությամբ: Նա հակված է այն մտքին, որ բոլոր ոլորտներում համագործակցությունը լինի առարկայական ու նպատակային:
Հանդիպմանը հայկական երկու հանրապետությունների գերատեսչությունների ղեկավարները, ըստ ճյուղային ոլորտների, ներկայացրել են համագործակցության շրջանակներում կատարված աշխատանքները, նշել իրագործման փուլում գնտվող ծրագրերը, ինչպես նաև ձեռքբերել նոր պայմանավորվածություններ` համագործակցության շրջանակները ընդլայնելու վերաբերյալ:
Դրական գնահատելով տարբեր ոլորտների միջև փոխգործակցությունը` վարչապետներ Արա Հարությունյանն ու Հովիկ Աբրահամյանը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել են հետամուտ լինել շոշափված խնդիրների լուծմանը, մասնավորապես, աշխատել Վարդենիս-Սոթք-Հաթերք երկրորդ օդային գծի գործարկման և հակակարկտային կայանների համակարգը ավելի արդյունավետ օգտագործելու ուղղությամբ:
Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ առանձին գերատեսչությունների աշխատակիցների միջև, որտեղ կհստակեցվեն համագործակցության ընդլայնման վերաբերյալ հետագա անելիքները:
Անկախ

Նիգերիայում Բոկո հարամը առևանգել է ևս 60 կանանց և 31 տղաների

NigeriansԲոկո հարամի զինյալները ևս 60 աղջիկների և 31 տղաների են առևանգել Նիգերիայի գյուղերից:

Առևանգումները տեղի են ունեցել Կումբազայում, որը գտնվում է Չիբոկի մոտակայքում, որտեղից ապրիլին առևանգել էին 200 դպրոցական աղջիկների:

Այս առևանգումները մեծացրել են խաղաղ բնակչության անվտանգության տագնապները, քանի որ երկրում հայտարարված ռազմական դրությունը բնակիչներին չի փրկում Բոկո հարամի հարձակումներից:

Երկրի անվտանգության ուժերը հերքել են առևանգումների մասին լուրերը:

Նիգերիայի կառավարությանը մեծապես քննադատել են երկու ամիս առաջ դպրոցական աղջիկների առևանգմանն  արագ չարձագանքելու համար:

Չնայած առևանգված աղջիկներից 50-ը վերադարձել են իրենց ընտանիքներ, այնուամենայնիվ, առևանգվածների 75 տոկոսը դեռևս չի հայտնաբերվել:

Բոկո հարամը իրենց մոտ գտնվող գերիներին վերադարձնելու դիմաց պահանջում է ազատ արձակել իր ձերբակալված անդամներին:

Բոկո հարամ խմբավորման դեմ պայքարող տեղական խմբի ներկայացուցիչը հայտնել է, որ հարձակման ընթացքում չորս գյուղացի է զոհվել:

Մշակույթի նախարարությունը դիմել է դատարան՝ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը դադարեցնելու պահանջով.Tert.am

աֆրիկյաններՄշակույթի նախարարությունը դատարանի միջոցով կփորձի ստիպել «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ին դադարեցնել Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման աշխատանքները. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը։

«Այսօր դիմել ենք դատական մարմիններին, որպեսզի դատական վճռով ստիպենք դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները, քանի որ մեր ներկայացրած պահանջը չի իրականացվում։ Երեկ դադարեցրել էին, այսօր առավոտյան շարունակում են շինաշխատանքները»,-նշեց նա։

Նշենք, որ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունըհայտարարություն է տարածել, ըստ որի՝ նախարարությունը հունիսի 23-ին որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Աֆրիկյանների ակումբի ապամոնտաժման աշխատանքները, սակայն որոշումը ստանալուց հետո շինարարները շարունակել են քանդել շենքը։ Ակտիվիստները շինարարներին են ներկայացրել համապատասխան փաստաթուղթը՝ ուղղված «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Թադևոսյանին, որտեղ նշվում է, որ Տերյան 11 հասցեում գտնվող հուշարձան շենքի ապամոնտաժման աշխատանքների նկատմամբ գործակալության մասնագետները իրականացնում են շենքի ապամոնտաժման հսկողական աշխատանքներ։

«Հայտնում ենք, որ տեղում շինարարների կողմից ներկայացված փաստաթղթերը թերի են, բացակայում են ապամոնտաժման աշխատանքների վարման մարտյանը, հեղինակային և տեխնիկական հսկողության, գիտական ղեկավարման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը, ինչի վերաբերյալ գործակալության մասնագետների հրահանգը չի կատարվել։

Ոչ լիարժեք փաստաթղթերի բացակայությունը կարող է վտանգել հուշարձանների պահպանությունը։ Մինչ համապատասխան բոլոր փաստաթղթերի առկայությունն ապահովելն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները»,-նշված է պահանջում։

Նշենք նաև, որ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնությունը իր Facebook-ի էջում տեղեկացնում է, որ այս պահին երթով շարժվում են նախարարություն։

Հայաստանում ամեն տարի իրականացվում է 10.000 պլաստիկ վիրահատություն

Արմեն Հովհաննիսյան«Պլաստիկ վիրաբուժության պահանջարկը տարեցտարի նկատելի կերպով մեծանում է:  Հայաստանում ամեն տարի իրականացվում է մոտավորապես միջին հաշվով 10.000  պլաստիկ վիրահատություն», –  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն  Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ, թեև այս  մասնագիտությունը շատ երիտասարդ է, այն շատ արագ է զարգանում ամբողջ աշխարհում: «Դրա հաջողությունը  կապված է նոր եղանակների, տեխնոլոգիաների ներդրման հետ: Մենք  աշխատում ենք Հայաստան բերել  միայն որակյալ տեխնոլոգիաներ, քանի որ շատ կասկածելի ու վնասակար մեթոդներ կան, որոնք կիրառվում են,  և մենք  պայքարում ենք դրանց դեմ, որպեսզի դրանք Հայաստան չներթափանցեն», – ասաց նա հավելելով, որ այժմ նոր մեթոդներից լավագույնն է համարվում բջջային տեխնոլոգիաների կիրառումը,   երբ օգտագործվում են սեփական մարմնի բջիջները կրծքագեղձը մեծացնելու կամ  մաշկի որակը բարձրացնելու համար:

Բժիշկը նշեց, որ Հայաստանում դեռևս ոչինչ չի փոխվել և ամենաշատը կատարվում են քթի վիրահատություններ. «Դասակարգման մեջ վերջին 10-15 տարիների ընթացքում ոչինչ չի փոխվել և մոտակա 15 տարիներին ևս չի փոխվի. հայաստանցիները պլաստիկ վիրաբույժներին ամենաշատը դիմում են քիթ վիրահատելու համար: Անում են նաև կրծքագեղձերի, ոտքերի,  ականջների վիրահատություն», – ասաց Արմեն Հովհաննիսյանը: Երիտասարդների շրջանում նույնպես ավելի հաճախ դիմում են քթի խնդիրների պատճառով, իսկ արդեն ավելի մեծ հասակում կրծագեղձերի, որովայնի պլաստիկ վիրահատությունների պահանջարկը ավելի է  մեծանում: Ըստ նրա ` դիմում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ, բայց սովորաբար կանայք ավելի շատ են լինում:

Հատկանշական է, որ  քթի վիրահատության արժեքը մոտավորապես  350-650.000 դրամ  է, կրծքագեղձինը ավելի թանկ է, քանի որ միայն մեկ զույգ իմպլանտներն արժեն առնվազն 1000 եվրո: Սակայն ընդհանուր արժեքը կախված  է նաև տվյալ կլինիկայից և վիրաբույժից:

Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ հետվիրահատական բարդություններ լինում են, սակայն մահացության դեպք վերջին 15 տարիներին չի եղել: «Կարող են լինել հետվիրահատական սպեցիֆիկ խնդիրներ` հոդերի ասիմետրիա, հետվիրահատական բարդություններ և ոչ սպեցիֆիկ խնդիրներ՝ ալերգիա և այլն: Այդ պատճառով ամեն վիրահատությունից առաջ հաճախորդը հետազոտության է ենթարկվում», -ասաց նա:

Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանում երիտասարդները  հետաքրքրված են  պլաստիկ վիրահատությամբ և, չնայած որ սովորելը տևում է մոտ 9 տարի, այդ մասնագետների ավելցուկ կա հանրապետությունում:

 

Անկախ

1942թ-ի Օսկար արձանիկը աճուրդում վաճառվել է 79,200 դոլարով

օսկար արձանիկ,19421942թ-ի Օսկար արձանիկը Ռոդ Այլենդի աճուրդում վաճառվել է 79,200 դոլարով: Աճուրդի տունը, նախքան արձանիկի վաճառվելը, սպասում էր 5,000-30,000 դոլար ստանալ դրա վաճառքից, սակայն այն երկուշաբթի օրը գնել էին գրեթե 80,000 դոլարով:

Արձանիկը Ակադեմիայի 15-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել էր Ժոզեֆ Ս. Րայթը «My Gal Sal» ֆիլմի գունային ձևավորման համար:

33 սմ բարձրությամբ և 2 կգ կշռով արձանիկը Րայթի մահից հետո 1985թ-ին ժառանգել էր նրա զարմիկը:

Ակադեմիան նախկինում հետաքննել էր արձանիկի վաճառքի փաստերը: Ակադեմիայի կանոնակարգում նշված է, որ 1950թ-ից հետո տրված Օսկար արձանիկների շահողները կամ նրանց ժառանգորդները իրավունք չունեն դրանք վաճառել՝ նախքան 1 դոլարով Ակադեմիային առաջարկելը:

 

Բուհերի ու ՏՏ ոլորտի ընկերությունների համագործակցության նոր հնարավորություններ

arm-6810-eshukՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ԵՊՀ-ում ներկա է գտնվել մի շարք պետական բուհերի և ՏՏ ոլորտի առաջատար կազմակերպությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը: Եռակողմ պայմանագիրը կնքվել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, «Technology and Science dynamics» ընկերության և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մասնագետներ պատրաստող հայաստանյան մի քանի խոշոր բուհերի՝

Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի, Հայաստանում ֆրանսիական բարձրագույն ինժեներական ինստիտուտի և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի միջև:
ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կարևորել է նախաձեռնությունը՝ շեշտելով, որ բուհական կրթության զարգացման կարևոր խնդիրներից մեկը բուհ-աշխատաշուկա համագործակցության խթանումն է, քանի որ կրթական համակարգի առաջնային պահանջարկը ձևավորում է աշխատաշուկան: Հայաստանի կառավարությունը ՏՏ ոլորտը գերակա ուղղություն է հռչակել և այդ համատեքստում, ոլորտում աշխատող տնտեսվարողների բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի իրականացնելու հետաքրքրությունը փոխշահավետ և արդարացված նախաձեռնություն է:
Կողմերը պարտավորվել են իրականացնել համատեղ կրթական ծրագիր ՝բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ միավորելով ուժերը որակյալ մասնագիտական կադրերի պատրաստման հարցում: «Technology and Science dynamics» ընկերությունը, ինչպես նշել է այդ ընկերության տնօրենը, Հայաստանում իրականացնելու է արտադրական գործունեություն, բայց նպատակ ունի զբաղվելու նաև գիտահետազոտական աշխատանքներով: Այդ ուղղությամբ առաջին քայլը ակադեմիական ու արտադրական պոտենցիալների միավորումն է, որը նպատակ ունի նոր տեմպ հաղորդել տնտեսության ու բարձր տեխնոլոգիաների զարգացմանը : Հուշագրի ստորագրումից հետո կկազմվեն աշխատանքային խմբեր, որոնք արդեն կհստակեցնեն, թե համագործակցությունն ինչ ուղղությամբ է ընթանալու: Ըստ փաստաթղթի՝ ընկերությունները կազմակերպելու են հուշագիրը ստորագրած բուհերի ուսանողների պրակտիկան, իրականացվելու է ուսանողների այցելություններ ընկերությունների գրասենյակներ ու արտադրամասեր, ինչպես նաև դասախոսություններ, գիտաժողովներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: «Technology and Science dynamics»-ը պատրաստակամություն է հայտնել նաև ֆինանսավորել ու կյանքի կոչել ուսանողների կողմից առաջարկվող նորարարական տեխնոլոգիական գաղափարները:

ՄԱԿ. հունիս ամսվա ընթացքում Իրաքում 1,075 մարդ է զոհվել

Իրաք, զոհերՄԱԿ-ի մարդու իրավունքների դիտորդական խումբը հայտնել է, որ Իրաքում հունիս ամսվա ընթացքում զոհվել է 1,075 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ:

ՄԱԿ-ի դիտորդների տվյալներով՝ հունիսի 5-22-ը Նինվեյա, Դիյալա, Սալահ ալ-Դին նահանգներում զոհվել է առնվազն 757 և վիրավորվել 599-ը խաղաղ բնակիչ:

Խմբի պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը երեքշաբթի օրը Ժնևում լրագրողներին հայտնել է, որ այդ թվերը պետք է դիտարկվեն որպես մինիմում ցուցանիշներ:

Նրա տեղեկություններով վերոնշյալ նույն ժամանակահատվածում Բաղդադում և Իրաքի հարավային շրջաններում զոհվել է 318 և վիրավորվել 590 մարդ:

 Անկախ

Կասկածում եմ, որ հուլիսի 1-ին Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցման համաձայնագիրը կստորագրվի. Ալեքսանդր Իսկանդարյան

Ալեքսանդր Իսկանդարյան“Այն ինչ կատարվում է մեր շուրջ, աշխարհում հետաքրքիր է…և չնայած ողջ աշխարհի այս խիստ փոփոխություններին՝ Կովկասը հանգիստ է”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով արտաքին քաղաքական դաշտում տեղի ունեցող իրադարձություններին, տարածաշրջանային զարգացումներին, նշեց  քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ քաղաքագետի՝ Իրաքում, Իրանում, ինչպես նաև Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, որին խառնված է նաև Թուրքիան, ուկրաինական դեպքերը,  իհարկե, ընդհանուր առմամբ ազդեցություն  ունենում  են տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի վրա:

“Բայց քանի որ Կովկասում այս պահին կարևոր իրադարձություններ տեղի չեն ունենում,  կարելի է խոսել  Լավրովի այցի մասին”,-նշեց Իսկանդարյանը: Ըստ նրա՝ ԵՏՄ Հայաստանի ասոցացման պայմանագիրը պատրաստվում է, ստեղծվում է ճանապարհային քարտեզը, մի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են կազմվում:

“Սակայն կասկածում եմ, որ նախատեսվածի պես հուլիս 1-ին կիրականացվի  Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու համաձայնագրի ստորագրումը”,-նկատեց Իսկանդարյանը, իսկ պատճառն, ըստ քաղաքագետի, տեխնիկական է, նաև  ԵՏՄ հիմնադիր երկրների միջև առկա հարցերը:

“Այս հարցերը կլուծվեն, բայց այն, որ դա մեկ շաբաթվա ընթացքում կլինի, կասկածում եմ”-նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Բանախոսը ՌԴ արտգործնախարար Լավրովի այցը Հայաստան հիմնականում բնորոշեց որպես ռուսական և հայկական էլիտաների սովորական հանդիպում, քանի որ նրանք միշտ էլ քննարկման հարցեր ունենում են և այս այցը հերթականն էր: Իսկ այն, որ միևնույն ժամանակ Ռուսաստանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ, քաղաքագետը նորմալ է գնահատում, քանի որ ոչ ոք, այդ թվում՝ Ռուսաստանը, չի կարող հաշվի չառնել Արդբեջանի գործոնը, և սա բնական է:

Իսկ Լեռնային Ղարաբաղի վրա Հայաստանի ԵՏՄ անդամակցման հնարավոր ազդեցության մասին խոսելով՝ Իսկանդարյանը նշեց, որ ուղղակի կապ այս ամենը Լեռնային Ղարաբաղի հետ  չի կարող ունենալ:

 

Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությանը

ուորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտող կողմերին կոչ են անում խուսափել հռետորաբանությունից և գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակն ու վնասել խաղաղ գործընթացը: Այդ մասին “Թրենդ” գործակալությանն ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտումների դեպքերը։

 

Ուորլիքը հույս է հայտնել, որ մոտ ապագայում կկազմակերպվի ևս մեկ գագաթաժողով՝ որպես Ադրբեջանի և Հայաստանի նախագահների երկխոսության կառուցողական շարունակություն, որը տեղի է ունեցել անցած տարվա նոյեմբերին:

 

“Մենք հույս ունենք, որ նախագահները կընդունեն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերը՝ Փարիզում հանդիպելու վերաբերյալ”,-ասել է ամերիկացի համանախագահը։

 

Ինչպես նշում է Ուորլիքը, այդ հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող։ «Շփման գծում նման դիվերսիաները արգելակում են հակամարտության կարգավորումը, որը մեր ընդհանուր նպատակն է, և կարող է հանգեցնել շրջանի բնակչության անվտանգությանն ու բարեկեցությանը”,-ասել է նա։

 

Պատասխանելով համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք հերթական այցի մասին հարցին՝ Ուորլիքը նշել է, թե անհամբերությամբ է սպասում բանակցությունների շարունակությանը կամ տարածաշրջանում, կամ այլ վայրում։ “Դեռևս աշխատում ենք հերթական հանդիպումը ծրագրելու վրա”, – ընդգծել է Ուորլիքը։

Անկախ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

բրազիլիաԲրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր ուշագրավ մրցամարտեր են սպասվում:

 

երրորդ տուր

D խումբ 

Կոստա Ռիկա – Անգլիա

ժամը 20:00-ին

«Մինեյրաո» մարզադաշտ, Բելու Օրիզոնտի

 

Իտալիա – Ուրուգվայ՝ 23:00

«Արենա դաս Դունաս» մարզադաշտ, Նատալ

 

C խումբ

 

Հունաստան – Կոտ դ’ Իվուար՝ 00:00

«Կաստելան» մարզադաշտ, Ֆորտալեզա

 

Ճապոնիա – Կոլումբիա՝ 00։00

«Արենա Պանտանալ» մարզադաշտ, Կույաբա

Լոս Անջելեսում Մեքսիկայի թիմի ֆուտբոլային երկրպագուների հավաքույթը վերածվել է անկարգության

crowd celebrating Mexico's win -LAՈստիկանությունը կարգի է հրավիրել Մեքսիկայի թիմի ֆուտբոլային երկրպագուներին, երբ թիմի հաղթանկը տոնելու հավաքույթը վերածվել է անկարգության:

Կալիֆորռնիայի Հանթինգտոն Փարքում հավաքված հարյուրավոր երկրպագուներ խաղաղ կերպով նշում էին երկուշաբթի օրը Մեքսիկայի թիմի հաղթանակը, երբ նրանցից մեկ տասնյակ մարդիկ սկսել են մեքենաներ շարժել և շշեր նետել ոստիկանության ուղղությամբ:

Մեքսիկայի թիմը Խորվաթիային հաղթել էր 3-1 հաշվով՝ խմբային փուլից դուրս գալով Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ:

Երկրպագուները Մեքսիկայի դրոշներով դուրս էին եկել Լոս Անջելեսի արվարձանային քաղաքներից մեկը, մինչ փողոցների մեքենաները փորձում էին նրանց կողքով զգուշորեն անցնել:

Ոստիկանությունը շուտով ժամանել է աստիճանաբար աղմկոտ դարձող հավաքույթը վերահսկելու համար:

Ոստիկանությունից երկու ժամ է պահանջվել ամբոխին վերահսկելու և ծանրաբեռնված փողոցից հեռացնելու համար, ձերբակալվել է չորս մարդ:

 Անկախ

Մայրական և մանկական մահացությունների թիվը նվազում է. Կարինե Սարիբեկյան

Կարինե Սարիբեկյան«Հայաստանի Հանրապետությունում մայրական մահացությունների թիվն ընդգծված կերպով նվազման միտում ունի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Մայրական մահացություն է համարվում կնոջ մահը հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և դրանից հետո 42 օրվա ընթացքում: Պատճառները կարող են լինել 2-ը. մանկաբարձական  և էքստրագենետալ պաթոլոգիաների` տարբեր տեսակի հիվանդությունների պատճառով: «Անցյալ տարվա ընթացքում մայրական մահացության 8 դեպք է գրանցվել, իսկ այս տարի` առաջին վեց ամիսների ընթացքում միայն 1: Սակայն դա դեռ չի նշանակում, թե անցյալ տարվանից ցուցանիշը կրճատվել է.  պետք է սպասել վերջնական արդյունքներին», – ասաց Կարինե Սարիբեկյանը: Այս թվերի վրա ազդեցություն են ունենում տարբեր պատճառներ, այդ թվում` սոցիալ-տնտեսական պայմանները, վատ սովորությունները:  Ամենազարգացած երկրներում էլ լինում են նման ողբերգական դեպքեր և երբեմն դրանցից խուսափել պարզապես չի լինում:

«2011-2013 թվականների ընթացքում այդ թիվը կազմել է 19.2 դեպք: ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը  29,3 է ` 100.000 կենդանի ծնունդին, եվրոպական երկրներում միջինը 8 է, այսինքն ՝ մենք մեր ջանքերը պետք է շարունակենք այդ թիվը կրճատելու համար: Ցանկացած դեպք ողբերգություն է. դա պարզապես մեկ կնոջ մահը չէ, դա ողբերգություն է ամուսնու, երեխաների, հարազատների և ամբողջ համայնքի համար», – նշեց Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը ` հավելելով, որ ցուցանիշների նվազումը տեղի է ունենում մանկաբարձական խնդիրները լուծելու հաշվին, իսկ էքստրագենետալ պատճառների դեմ ավելի դժվար է պայքարելը:

Անդրադառնալով մանկական մահացությունների թվին, Սարիբեկյանն ասաց, որ ամեն տարի ամբողջ աշխարհում առնվազն 8 մլն երեխա է մահանում, որոնց 2/3-ը՝ նորածնային շրջանում: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը մանկական մահացություն  գրանցած ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրների քառյակում է՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից հետո:

Անկախ

Ես մահից չեմ վախենում. «Մուսուլման եղբայրներ»-ի առաջնորդներից Մուհամադ Բադիա

Մուհամադ Բադիա   Եգիպտոսում շարունակվում է ռազմական հեղաշրջման 51 հակառակորդների դատավարությունը, որոնց թվում են նաև «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության առաջնորդներից Մուհամադ Բադիան և կառույցի մի շարք այլ բարձրաստիճան գործիչներ: Այս գործընթացը ժողովրդի մեջ ստացել է «Ռաբիա» անունը՝ Կահիրեի համանուն հրապարակի անունով, որտեղ սպանվեցին ռազմական հեղաշրջման դեմ բողոքող տասնյակ ցուցարարներ:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Մուհամադ Բադիան, ելույթ ունենալով հերթական դատավարության ժամանակ, իրեն մահապատժի դատապարտելու որոշումը համարել է սխալ: Բադիան հայտարարել է, որ չի վախենում ոչ մահից, ոչ էլ ցմահ ազատազրկումից, քանի որ կարծում է, որ դատապարտյալների գործողությունները համարվում են ջիհադ Ալլահի ճանապարհին, և ինքը հույսը դրել է միայն Աստծու արդարության վրա:

Նշենք, որ այս գործով հերթական դատավարությունը տեղի կունենա հուլիսի 8-ին, որի ժամանակ կլսվեն վկաների ցուցմունքները:

Անկախ

Շախմատային խաչմերուկներում

հմ15348Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը  Չեխիայի Տեպլիցե քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, դարձավ հաղթող։

Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային  մրցաշարում կայացած չորս տուրից հետո վաստակել է 4 միավոր և միանձնյա գլխավորում է աղյուսակը:

Մրցաշարը կավարտվի հունիսի 27-ին։

Ջերմուկում անցկացվող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում 7-րդ տուրից հետո աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Կարեն Գրիգորյանը և Արման Փաշիկյանը:

Հունիսի 24-ին կկայանան վերջին տուրի պարտիաները:

Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը դիմավորեց Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած երիտասարդ ըմբիշներին

գղbb7cb4a7d2da164edc017ca26cc4e6f6ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ըմբշամարտի երիտասարդների ՀՀ հավաքական թիմի մարզիկներին, որոնք վերադառնում էին Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած երիտասարդների Եվրոպայի  առաջնությունից:

Հիշեցնենք, որ մեր մարզիկներն առաջնությանը նվաճել էին 4 մեդալ (2 ոսկե և 1 բրոնզե մեդալ հունահռոմեական ոճից, 1 բրոնզե՝ ազատ ոճից):

Նախարար Գ.Ղազարյանը շնորհավորեց մարզիկներին ու մարզիչներին  առաջնությանը նման հաջողությունների հասնելու համար և մաղթեց նորանոր մարզական բարձունքներ:

Մեդալակիրներին օդանավակայանում դիմավորելու էին եկել նաև նախարարության աշխատակիցները, մարզիկների հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու թիմակիցները, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ

Ազգային դրամը 21 տարեկան է

դրամԱմեն տարի ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) նախաձեռնել է միջոցառում` նպատակ ունենալով ներկայացնել ազգային դրամի պատմությունը նաև մարզերում: Մայրաքաղաքի դպրոցականները վաղուց արդեն ավանդաբար երկրի ֆինանսական համակարգի և դրամաշրջանառության վերաբերյալ տեղեկանում են ԿԲ-ում: Իսկ մարզաբնակ երեխաները չունեն նման գիտելիքներ ստանալու հնարավորություն: Ուստի, երկրի գլխավոր դրամատունը մարզերում կազմակերպվող ամենամյա ցուցահանդեսների միջոցով փորձում է ստանձնել երեխաներին կրթելու պատասխանատվությունը:

Ազգային դրամի պատմության ցուցահանդեսներ կազմակերպվել են արդեն Վանաձորում, Ստեփանակերտում, Իջևանում, Եղեգնաձորում, Աշտարակում, Արտաշատում և Հրազդանում: Վերջերս հերթական ցուցահանդեսը Արմավիրի մարզկենտրոնում էր:

Հայաստանը անկախության հռչակումից երկու տարի անց` 1993 թ. է հիմնել սեփական ազգային արժույթը` հայկական դրամը, իսկ հայկական դրամի խորհրդանիշը ստեղծվել է 1995 թ.: Դրամի խորհրդանշանն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը 1995 թ. սեպտեմբերին՝ նախքան եվրոյի և նրա խորհրդանշանի առաջանալը։

Դրամի թողարկումները Հայաստանում հիշատակվում են դեռևս Ք.ա. 1-ին հազարամյակից։ Դեռևս Երվանդունիների օրոք` Ք.ա VI-III դդ. Հայաստանի սատրապներն իրենց դիմապատկերներով դրամներ են թողարկել։ Այնուհետև Ք.Ա III Ծոփքի հայ թագավորներ Արշամը, Քսերքսեսը, Աբդիդարեսը։ Արտաշեսյանների ժամանակ դրամահատությունը Հայաստանում ավելի մեծ ծավալներ ստացավ, իսկ Տիգրան Բ Մեծի օրոք` Ք.ա. 95-55 թթ., հայկական մետաղադրամները մտան նաև միջազգային շուկա։ Այնուհետև I-IX դարերում տեղական դրամների գործածության մասին չկա ոչ մի հիշատակություն, փոխարենը գործածվում էին օտարերկրյա դրամները և դրամական միավորները։ Մեզ հասած առաջին դրամները` հայերեն մակագրություններով, հատվել են Բագրատունիների արքայատոհմի Լոռվա ճյուղի թագավոր Կյուրիկե Բ-ի կողմից։ 885-1045 թթ. Կիլիկյան հայկական պետությունը հատել է իր դրամը` նաև հայերեն մակագրությամբ։ Կորցնելով անկախությունը` մինչև 1918 թ. Հայաստանը չի ունեցել սեփական դրամական միավոր։

Արմավիրի մարզկենտրոնում «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը. ֆինանսներ բոլորի համար» միջոցառումը նպատակ ուներ ներկայացնելու երկրի գլխավոր դրամատան գործունեությունն ու դրամի պատմությունը նաև մարզաբնակներին: Ցուցահանդեսի առանձին տաղավարներով ներկայացված էին հանրապետության տարածքում տարբեր ժամանակաշրջաններում հայտնաբերված դրամանիշներ, ԽՍՀՄ ժամանակաշրջանում թողարկված թղթադրամներ և ԿԲ-ի կողմից թողարկված թղթադրամների, մետաղադրամների ու հուշադրամների ամբողջ հավաքածուն:
ՀՀ ԿԲ-ի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանն այն համոզման է, որ մեր ժամանակներում առանց ֆինանսական գիտելիքների հնարավոր չէ առհասարակ պատկերացնել առօրյան կամ արդյունավետ կազմակերպել աշխատանքն ու բիզնեսը: Քանի որ ֆինանսական ծառայությունների ոլորտը շարունակ զարգանում և նոր պահանջներ է թելադրում, դրանք ընկալելու համար պետք է համակարգի մասին մշտապես տեղեկացված լինել:

ԿԲ-ի դրամագետ Գևորգ Մուղալյանն իր պատմական ակնարկում նշում է, որ առաջին հայկական փողը, որ պահպանվել է մինչև մեր օրերը, Ք.ա. III դարի մետաղադրամ է: Հին Հայաստանում, բացի համապետական դրամից, եղել են նաև քաղաքային դրամներ, օրինակ` Արտաշատ քաղաքն ուներ իր դրամը, որը համապետականին հավասար գործածվում էր այդ քաղաքում: Ազգային դրամների պատմությունը վերսկսվում է 1918 թ. և նոր թափ ստանում երրորդ հանրապետության ժամանակ` 1993 թվականից: Կիլիկյան Հայաստանի մետաղադրամները 300 տարի շարունակ հիմնականում թողարկվել են հայատառ, սակայն եզակի նմուշներ եղել են (օրինակ` Լևոն Առաջին թագավորի ժամանակ), որոնք լատինատառ են արտադրվել:

Մարզի ղեկավարներն աջակցեցին, որ բոլոր դպրոցականները կարողանան ցուցահանդես այցելել և ծանոթանալ ներկայացված թղթադրամներին ու մետաղադրամներին, լսել ազգային դրամի պատմությունն ու գիտելիքներ ստանալ ԿԲ-ի գործունեության վերաբերյալ:
Միջոցառումը տևեց մի քանի օր: Բոլոր մարզաբնակները մարզկենտրոնի աջակցությամբ կարողացան ցուցահանդես այցելել` լսել դասախոսություններ, ծանոթանալ ֆինանսական համակարգի հիմնական խնդիրներին, իրազեկվել «Ավանդների երաշխավորման հիմնադրամի» գործունեության և սպառողների շահերի պաշտպանության ոլորտում ԿԲ-ի կողմից իրականացված բարեփոխումների, ֆինանսական հաշտարարի ինստիտուտի և ԿԲ-ի այլ նախաձեռնությունների վերաբերյալ: Միջոցառման նախաձեռնողների տեղեկացմամբ, միջոցառումն արդեն ավանդական բնույթ ունի և դարձել է շարունակական:

Լ.Ն

Լավագույնները` շենգավիթցի հանդբոլիստուհիները և հանդբոլիստներն են

c4d89371 նոր հանդբոլԱմառային այս շոգ օրերին ևս դադար չի տրվում, հանդբոլի խաղահրապարակում եռուզեռ է:

Երևանի Շենգավիթի համայնքի համալիր թիվ 1 դպրոցի դահլիճում կայացան մինչև 14 տարեկան աղջիկների և պատանիների բաց առաջնություններ:

Մարզուհիներ պայքարում առաջին տեղը գրավեց Շենգավիթի հավաքականը: Մարզիչ Աստղիկ Գյուրջինյանի սաները հաղթեցին բոլոր մրցակիցներին և արժանիորեն ճանաչվեցին ուժեղագույնը: Ապա հաջորդեցին Աջափնյակի, Նոր Նորքի, ՀՄԴ-ի հավաքականները:

Պատանիների պայքարում հավասարը չունեցավ Շենգավիթի հավաքականը (մարզիչ` Զեփյուռ Վանեսյան):

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին ՀՄԴ-ի և Աջափնյակի հավաքականները:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին

7108ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի և «Ակրոնիս» ընկերության հրավերով Հայաստանում գտնվող Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) վարկանիշային աղյուսակի թիվ 1 շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենին և աշխարհի գավաթակիր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, Հայաստանի ընտրանու կազմում աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, գրոսմայստեր Լևոն Արոնյանին։

Հանրապետության Նախագահը շախմատի աշխարհի չեմպիոնի հետ միասին հյուրընկալել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ»-ի նույն ծրագրի շրջանակներում մեր երկիր այցելած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխարհում հաջողությունների հասած մի շարք ընկերությունների՝ «Պարալելս», «Ակրոնիս» ընկերությունների և «Սկոլկովո» հիմնադրամի ղեկավարներին: Հիմնադրամը նույն ծրագրի ներքո համատեղել է շախմատը և տեղեկատվական տեխնոլոգիաները՝ նկատի առնելով, որ Հայաստանում արդեն իսկ զգալի հաջողություններ արձանագրած այդ ոլորտներին մեծ նշանակություն է տրվում:

Հանդիպմանը ներկա հիմնադրամի գործադիր տնօրենը նշել է, որ ծրագրի նպատակն է՝ Հայաստանն իր հաջողություններով ու առանձնահատկություններով ներկայացնել աշխարհին և զարգացման նոր հնարավորություններ ստեղծել մեր երկրում այդ և հեռանկարային մի շարք ոլորտներում:

Սերժ ՍարգսյանՆախագահը ողջունել է հյուրերին և հիմնադրամի առաքելությունը, ընդգծելով, որ մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել աշխարհի հզորագույն շախմատիստ Մագնուս Կառլսենին՝ նկատի առնելով նաև շախմատի նկատմամբ Հայաստանում ձևավորված վերաբերմունքը. «Ուրախ եմ, որ այստեղ է նաև Լևոն Արոնյանը: Նա մեր ժողովրդի պարծանքն է, և կարծում եմ՝ շախմատում Մագնուսի ամենաուժեղ հակառակորդը: Մենք, անշուշտ, մեծ հույսեր ենք կապում Լևոնի հետ, և առաջին հերթին նաև նրա շնորհիվ է, որ մեր փոքրիկ երկրից ընտրված թիմը երեք անգամ դարձել է շախմատային օլիմպիադաների եռակի չեմպիոն: Շնորհակալ եմ նրան անչափ: Իհարկե, ուրախ եմ նաև, որ այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր մեծ հաջողությունների են հասել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Կարծում եմ, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամն այս նախաձեռնությամբ հերթական անգամ ճիշտ կետին է ուղղել իր հայացքը, ինչը ողջունելի է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մագնուս Կառլսենը ևս մեծ պատիվ է համարել իր բնորոշմամբ՝ շախմատային մեծ պետությունում՝ հիասքանչ Հայաստանում գտնվելը. «Այս մի քանի օրվա ընթացքում, ինչ ես այստեղ եմ՝ Հայաստանում, տեսա այն սերը և խանդավառությունը, որ հայ ժողովուրդը տածում է շախմատի հանդեպ: Կարծում եմ, որ Հայաստանը՝ այսպիսի մոտեցմամբ և, հատկապես, շախմատը դպրոցական ծրագրի մաս դարձնելով, հրաշալի օրինակ է ծառայում ամբողջ աշխարհին: Դա շատ մեծ քայլ է»,-ասել է շախմատի աշխարհի չեմպիոնը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել Հայաստանի գիտական, կրթական ներուժին, շախմատի և ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ մեր երկրում իրականացված աշխատանքներին ու զարգացման հեռանկարային ծրագրերին:

 Անկախ

Բաքվի ավտոբուսում դեռահասի են բռնաբարել

բռնաբարությունԱդրբեջանում՝ Բաքվի երթուղային ավտոբուսներից մեկում, բռնաբարել են 15-ամյա աշակերտուհու, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

 

Ըստ տեղեկատվության՝ ոստիկանություն է դիմել Նասիմինի շրջանի բնակչուհի Կ.Վ.-ն, ով հայտնել է, որ ավտոբուսի վարորդները բռնաբարել են իր 15-ամյա դստերը:

 

Աղջիկը տնից դուրս է եկել երկու օր առաջ, և երկար որոնումներից հետո մայրը նրան գտել է   №13 երթուղային ավտոբուսում:

 

Աղջիկը խոստովանել է, որ սեռական բռնության է ենթարկվել ավտոբուսի վարորդների կողմից:

 

Փաստի առնչությամբ առթիվ կատարվում է քննություն:

Անկախ