Բիրտանիայում տան շեմը վաճառվել է 750 հազար դոլարով

iՄի բրիտանացի զույգի հաջողվել է իրենց տան շեմը վաճառել  առասպելական`գրեթե 3 քառորդ մլն դոլարով:

Բանն այն է, որ տան շեմը բուդայական  բացառիկ նմուշ է: Այդ քարը տարիներ շարունակ  տան մասն է կազմել ու բոլոր այդ տարիներին զույգը փորձել է պարզել քարի ծագումը:

Արդյունքում, Bonham’s-ի աճուրդի տան փորձագետներին այնուամենայնիվ հաջողվեց պարզել, որ քարը շրիլանկյան բուդդայական տաճարի պահպանված  7 աստիճաններից մեկն է, որի մոտավոր տարիքը` առնվազն 1000 տարի է:

Քարը Մեծ Բրիտանիա են բերել 1950-ին, թեյի պլանտատորները:

Ֆրանսիայում վերջնականապես հավանության է արժանացել միասեռ ամուսնությունների ու որդեգրման մասին օրենքը

i-115Ֆրանսիայում վերջնականապես հավանության է արժանացել այն օրինագիծը, որը թուլ կտա միասեռ զույգերին ամուսնանալ ու երեխա որդեգրել: Օրենքի նախագծի օգտին է քվեարկել 331 պատգամավոր, դեմ` 225-ը:

Ավելի վաղ փաստաթուղթը հավանության էր արժանացել երկրի խորհրդարանի` Սենատի վերին պալատում: Սպասվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի ամառվա սկզբին, երբ այն կստորագրի նախագահ Օլանդը և կհրապարակվի երկրի  տպագիր պաշտոնական օրգանում` Journal official-ում:

Իսկ  միասեռ ամուսնությունների հակառակորդների կազմակերպությունը մտադիր չէ հրաժարվել օրենքի նախագիծն ընդունելու դեմ ուղղված փորձերից:

Գոմելցին նախագծել է կարտոֆիլացան սարք

pic_1366723537Գոմելի բնակիչ Պավել Կարոլիկը ստեղծել է մի սարք, որն օգնում է կարտոֆիլ ցանել: Ինքը` գյուտարարն արդեն փորձարկել է այն գործում ու հիանալի լուծել իր առջև դրված խնդիրը` կարտոֆիլ ցանելը:

Սարքը պատրաստվել է ջրատար 2 խողովակից, որոնք իրար են միացվել հարթաշուրթի սկզբունքով. մի խողովակի մեջ կարտոֆիլն է, իսկ մյուսում` պարարտանյութը (սարքի մեջ տեղադրված սարքավորումը չափավորում է քանակը): Իսկ այգեգործին մնում է բացել խողովակի կափարիչները` “լիցքավորման համար” ու հողաթմբի մեջ կարտոֆիլ ցանել:

“Այս սարքավորումը շատ հարմար է թոշակառուների համար, հատկապես նրանց, ով մեջքի ցավ ունի: Չես կռանում ցանելու  համար”,ասում է թոշակառու գյուտարարը: Նա հույս ունի որ իր գյուտը կհետաքրքրի արդյունաբերական ձեռնարկություններին, որոնք կարող են գոմելցու գյուտը վերցնել, կամ էլ վաճառել գյուղատնտեսական ապրանքների խանութում:

“Գոմելսկի վեդոմոստին” գրում է, որ նման բան ստեղծել էին Օռլովի պետական գյուղատնտեսական ակադեմիայում, սակայն այն ուներ մի շարք թերություններ: Կարտոֆիլը բեռաուսական խոհանոցի կարևորագույն մթերքներից է, նրանց կարտոֆիլասիրությունը հաճախ կատակների նյութ  է դառնում:

Sotheby`s-ը Մոսկվայում կցուցադրի Ջինա Լոլոբրիջիտայի ակնեղենը

934217511Հանրահայտ իտալացի կինոդերասանուհի Ջինա Լոլոբրիջիտայի գոհարեղենը, որ նա ստացել է “Ամենագեղեցիկ կինն աշխարհում” ֆիլմի համար, այսօր կցուցադրվի Մոսկվայում, այնուհետև, մայիսի 14-ին Ժնևի Sotheby`s-ում աճուրդի կհանվի:

Վաճառքի են հանվելու Bvlgari-ի 1950-ականների և 1960-ականների կարևոր գործեր: Աճուրդի կարևոր լոտերից են ադամանդյա մանյակն ու ապարանջանը, որոնք նա կրել է նաև 1961-ին կայացած “Ոսկե գլոբուսի” հանդիսության ժամանակ. Լոլոբրիջիտան մրցանակի  արժանացավ արտասահմանյան ֆիլմում կանացի լավագույն դերի համար: Այդ զարդերը գնահատվել են 300-500 հազար դոլար: Իսկ ադամանդով մարգարտյա ականջօղերը, որ նա կրել է “Անսանձ կնոջ սանձահարումը” ֆիլմի ժամանակ, կարող են վաճառվել մինչև 1 մլն դոլարով: Հավաքածուի գլխավոր անակնկալը Լոլոբրիջիտայի` “Ամենագեղեցիկ կինն աշխարհում” ֆիլմի համար ստացված “Դավիթ դի Դոնաթելոյի” մրցանակն է կանացի լավագույն դերի համար: Ոսկե արձանիկը` մալաքիտե պատվանդանին գնահատվել է 50-80 հազար դոլար:

Վաճառքից ստացված գումարի մի մասը կտրամադրվի ցողունային բջիջների ուսումնասիրությանը:

Հարավային Կորեայում շուտով ապակյա ճանապարհ կհայտնվի` Sky walk

a51e278dc3Շուտով Հարավային Կորեայում նոր տեսարժան վայր կհայտնվի` ապակյա –ճանապարհ` ծովի վրայով: Դրա վրայով զբոսանքի ժամանակ այնպիսի տպավորություն կստեղծվի, ասես քայլում ես ջրի վրայով: Sky walk-ին նախատեսված է U-ի ձև տալ: Այն պատրաստվելու է  Իգիդա  զբոսայգու հարավային մասում, որտեղից Ուրյուկդո կղզիների գեղեցիկ տեսարան է բացվում:

Այն դեպի ծովը կձգվի 12-13 մետր: Ի դեպ, ճանապարհով զբոսանքն անվճար է լինելու:

Կայքահենները հայտարարել են Սպիտակ տանը կատարված պայթյունի մասին

400-225Կայքահենները կոտրել են տեղեկատվական գործակալության Twitter-ը ու   գրություն տեղադրել, թե իբր Սպիտակ տանը պայթյուն է եղել: Հայտարարությունը հայտնվելուց անմիջապես հետո, Associated Press –ի  թվիթերն արգելափակվել է: Գործակալությունն այլ սոցցանցերում հաստատել է, որ  Սպիտակ տանը տեղի ունեցած պայթյունի ու նախագահ Օբամայի վիրավորվելու մասին տեղեկությունը չեն համապատասխանում իրականությանը: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Կարնին հայտնել է, որ Օբաման ողջ -առողջ է:

Գործակալությունը ներողություն է խնդրել թյուրիմացության համար ու  հայտնել, որ կփորձի շատ արագ վերականգնել հսկողությունը: Twitter Associated Press-ն ունի գրեթե 2 մլն բաժանորդ: Գործով կզբաղվի ԿՀՎ-ն: Գործակալության թղթակիցներից մեկի խոսքով,  ավազակային “գրոհից”մոտ մեկ ժամ առաջ որոշ աշխատակիցներ ստացել են սպառնալիքով նամակներ:

Կատարվածի պատասխանատվությունն  իր վրա է վերցրել “Սիրիական էլեկտրոնային բանակ” խմբավորումը, որը պաշտպանում է նախագահ Ասադին: Կիրակի նույն խմբավորումը կոտրել էր CBS  հեռուստաընկերության թվիթերյան կայքն ու ամերիկյան իշխանությունների հասցեին քննադատություն տեղադրել:

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սերժ-Սարգսյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում մեր անմեղ նահատակների հիշատակի առջև: Նահատակներ, որոնց մեծ մասը նույնիսկ շիրիմ չունեցավ:

Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը բնաջնջվեց իր տանը և բռնագաղթի ճանապարհին:

Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը 20-րդ դարի առաջին ցեղասպանության հետևանքով կորցրեց հազարամյակների ընթացքում կուտակած հոգևոր-մշակութային արժեքներ, որոնք, լինելով ազգային՝ հայկական, որպես արվեստի ստեղծագործություններ և քաղաքակրթական նվաճումներ՝ ունեին նաև համաշխարհային նշանակություն:

Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետևանքով կորցրեց հազարամյակների ընթացքում կուտակած նյութական արժեքներ, որոնք յուրացվեցին թուրքական պետության և նրա բնակչության կողմից:

Տարածաշրջանի բնիկ և հնագույն ժողովուրդներից մեկը ցեղասպանության հետևանքով կորցրեց իր հայրենիքում ապրելու հնարավորությունը և իրավունքը:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր պարտքն է գիտակցել, ինչպես նաև միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ցեղասպանության ժխտումը նույն հանցագործության ուղղակի շարունակությունն է, և այդ հանցագործությունը ժամանակակից Թուրքիայում շարունակվում է:

Ոմանք մեզ առաջարկում են «100 տարի առաջվա հին վերքերը չփորփրել, այլ նայել առաջ»: Մեր պատասխանը նման հորդորներին հետևյալն է՝ Օրհան Փամուկին և Հրանդ Դինքին 100 տարի առաջ չեն դատել: Դատել են մեր աչքի առաջ: Թե՛ թուրքական, թե՛ հայ հասարակությունների համար այս խնդիրն արդիական է և հրատապ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Յուրաքանչյուր ապրիլի 24 առիթ է նորոգելու մեր ուխտը՝ հավատարիմ լինել հայոց պետականությանը, որի գոյությունն արդեն բացառում է և բացառելու է հայերի ցեղասպանության կրկնությունը: Եվ մենք՝ որպես պետություն ու որպես ժողովուրդ, պայքարել և պայքարելու ենք աշխարհի որևէ անկյունում մարդկության դեմ ուղղված ամենադաժան հանցագործության՝ ցեղասպանության բոլոր դրսևորումների դեմ` ազգատյացության սերմանումից մինչև բնաջնջում, անտարբեր լռությունից մինչև ժխտում: Պայքարելու ենք համոզմունքով, քանի որ դա է մեզ պարտադրում վերապրած ժողովրդի մեր կարգավիճակը:

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Քարդիֆում

245.Armenian Genocide Commemoration event in Cardiff 23.04.2013Ապրիլի 22-ին Քարդիֆում կայացավ տեղի Հայ Առաքելական Եկեղեցու ծխական խորհրդի կողմից կազմակերպված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված հուշ-միջոցառում։ Այն տեղի էր ունենում Քարդիֆի Խաղաղության Տաճարում և առաջինն էր՝ Ուելսի եկեղեցու կողմից ապրիլի 24-ը որպես Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելուց ի վեր։ Միջոցառմանը մասնակցեցին և ելույթ ունեցան Ուելսի եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Բերրի Մորգանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը և հայ ժողովրդի մեծ բարեկամ, Քարմարթենի քաղաքի Քրայսթ Չըրչ եկեղեցու հովիվ Պատրիկ Թոմասը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՄԹ և Իռլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Հուշ-երեկոյի ավարտին մասնակիցները ծաղկեպսակներ զետեղեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Քարդիֆում կանգնեցված խաչքարի մոտ։

 

Պե՞տք է արդյոք մաքրել ականջները

ականջՀիգիենայի պահպանումը ժամանակակից մարդու համար նույնքան բնական պահանջմունք է, որքան սնունդ ընդունելը կամ էլ քնելը: Ու որքան ավելի վեր ենք ելնում սոցիալական սանդղակով, այնքան «որակյալ» ենք հետևում մեզ`  մեր կարգավիճակին համապատասխանելու համար: Եվ, բացի այդ, ցանկացած մարդ  ավելի վստահ է իրեն զգում, երբ թարմ սպիտակեղեն է հագնում, սափրված է, իսկ սանրվածքը, հագուստն  ու եղունգները կոկիկ են: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ պետք է  մեզ վնասենք` տարվելով չափազանցված խնամքով:

Վաղուց հայտնի է, որ օրգանիզմում  նաև օգտակար մանրէներ կան, իսկ օճառով հաճախակի լվացվելը կարող է մաշկի չորության ու գրգվածության հանգեցնել և «մաքրության» հետևանքով   հիվանդածին մանրէների հետ միասին վերացնել նաև օգտակարը:

Փոքրուց  մեզ սովորեցնում են լվացվել, մաքրել ատամները, սանրվել: Սակայն եթե աչքերը, քիթը, բերանը գտնվում են «դիմային», երևացող մասում, ապա մեր ականջները տեսնել  չենք կարողանում: Գուցե դա է պատճառը, որ մեզ  անընդհատ թվում է, թե ուրիշները կարող են տեսնել մի բան, որը մենք ֆիզիկապես ի վիճակի չենք տեսնել: Դրա հետևանքով է, որ անընդհատ, ամեն օր ջանադրաբար մաքրում ենք մեզ համար ոչ տեսանելի օրգանը ու հետն էլ վնասում այն: Երբեմն նման գործողությունների պատճառով վնասվում է թմբկաթաղանթը:  Բանն այն է, որ լսանցքն  ունի  ծալքեր ու ոսկրի հատվածն էլ լսանցքի մոտ նեղանում է: Մաշկն ականջի ներսում շատ նուրբ է` 0,1 մմ, ուստի այն վնասելն առանձնապես դժվար  չէ անգամ բամբակյա փայտիկով: Բացի այդ, մեծ  է հավանականությունը, որ այդ փայտիկով ականջի ծծմբական  արտադրությունը, դուրս բերելու փոխարեն, ավելի խորը մղվի: Ի դեպ, ծծումբն ականջի խորքում չի առաջանում, այլ ամենասկզբում, գեղձերի աշխատանքի արդյունքում: Դա կեղտոտ գոյացություն չէ, ինչպես շատերին է թվում, այլ օրգանիզմի նորմալ գործունեության արգասիք, ինչպես և քթի խոռոչի լորձը, որը մազմզուկների հետ խոչընդոտում է  մանր իրերի, միջատների, փոշու, և վնասակար մանրէների  մուտքը ականջ: Եթե այն ձեզ չի անհանգստացնում, ապա հանգիստ թողեք ականջը` իր արտադրությամբ: Ականջը ինքնամաքրվող օրգան է: Բանն այն է, որ լսանցքի մաշկն անընդհատ աճում է թմբակաթաղանթից դեպի ելք: Աճում է այն դանդաղ, մոտավորապես` եղունգների նման: Ու դա հնարավորություն է տալիս լսանցքից դուրս բերելու այն ամենը ինչն օտար մարմին է համարվում: Օրգանիզմն ինքն իրեն մաքրում է` ազատվելով ամենայն ավելորդից:

Կարևոր է ականջը ջրից պաշտպանելը:  Հայտնի միջոց է մի ոտքի վրա թռչկոտելը` գլուխը խնդրահարույց ականջի կողմը թեքած ու բլթակը ներքև քաշելով:

Ինչո՞վ է վտանգավոր ջուրը: Իրականում դա մեծ վտանգ է, ինչն ականջաբորբի պատճառ կարող է լինել: Այդպես է զարգանում ցավով ուղեկցվող ականջի հիվանդությունը, որն օտիտ է կոչվում: Հետևաբար գուցե հակավոր է լողանալուց առաջ բամբակյա կամ հատուկ ականջակալները թաթախել ձեթով (զեյթունի) ու դրանցով խցել լսանցքը:

Իսկ հիվանդությունը կանխարգելելու համար հարկավոր է խուսափել խոնավությունից, միջանցիկ քամուց, բարձր ձայներից: Մի խանգարեք բնությանը, ու ականջները միշտ մաքուր ու առողջ կլինեն առանց մեր միջամտության:

Շատերն այնքան են տարվում ականջները մաքրելով, որ վնասում են թմբակաթաղանթը.  բամբակյա փայտիկներով ավելի ու ավելի խորն են ներթափանցում` փորձելով առավել մաքրության հասնել: Երբեմն էլ թմբակաթաղանթը վնասվում է մաքրման աշխատանքի ժամանակ հնչած հեռախոսազանգի, ձեռքերի դողի, բարձր ձայնի պատճառով:

Թմբկաթաղանթի վնասման վտանգը

Թմբկաթաղանթի վնասման մասին կարող է վկայել արյունը (մի փոքր), որից հետո վատանում է լսողությունը, ինչը կարող է քրոնիկ բնույթ ստանալ ու, ի վերջո, վատթարագույն դեպքում հանգեցնել լրիվ խլության:

Ընդհանրապես պե՞տք է ականջները մաքրել

Սովորաբար ծծումբն առաջանում է ինքնուրույն, ծամելու պրոցեսի կամ էլ խոսելու ընթացքում: Ծծմբի ինչ-որ քանակ հարկավոր է, որպեսզի ականջներում պահպանվի անհրաժեշտ միկրոֆլորան: Ուստի ինքնուրույն ականջները մաքրելու անհրաժեշտություն չկա:

Ի՞նչ է ծծումբն ու ինչի՞ համար է

Ծծբագեղձերը քրտնագեղձերի փոփոխված տեսակներ են, որոնք գտնվում են լսանցքի արտաքին մասում: Այն միանգամից մի քանի ֆունկցիա է կատարում, որոնցից հիմնականն ականջների պաշտպանությունն է: Մի կողմից` ծծումբը պաշտպանում է արտաքին ականջի լսանցքի մաշկը միկրովնասվածքներից: Բացի դրանից, ծծումը մանրէազերծող հատկություն ունի ու պաշտպանում է լսանցքի պատերը ցավածին մանրէների ներթափանցումից: Դրա քանակը խիստ անհատական է. կան մարդիկ, որոնց մոտ առատ ծծմբարտադրություն է լինում, և հակառակը: Մեկ խոսքով, անհանգստանալու բան չկա ո՛չ առատությունից, ո՛չ էլ թվացյալ պակասությունից: Գույնով այն նույնպես տարբերվում է. մուգ շագանակագույն, թանձր, պատերին կպած, լինում է նաև բավական բաց, չոր, երբեմն էլ` թերթիկների նման: Սակայն  երկու դեպքում էլ դրանք մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով են պայմանավորված, ու չի կարելի այդ փաստը դիտարկել որպես հիվանդագին վիճակ:

Ինչին պետք է ուշադրություն դարձնել

Եթե երեխան հիվանդ է, ու նրա մոտ ուժեղ թունավորման ախտանշաններ են, ապա, իհարկե, նրա մոտ առատ քրտնարտադրության հետ նաև առատ ծծմբարտադրություն է  առաջանում: Այդպիսով օրգանիզմը դուրս է բերում տարբեր հիվանդածին նյութեր: Մի կարևոր հանգամանք. հիվանդության ժամանակ առատ ծծմբարտադրությունը  երբեմն շփոթվում է հիվանդագին վիճակի, բորբոքման  հետ: Այդ դեպքում պետք է դիմել քիթ-կոկորդ -ականջի բժշկին:

Ինչո՞վ է վտանգավոր ծծմբային խցանը

Առաջին հերթին դա վտանգավոր է ու տհաճ նրանով, որ լսողության վատացում է առաջացնում, ինչն ավելի է խորանում, երբ խոնավության (լողանալուց հետո) պատճառով խցանն ուռչում է ու լրիվ փակում լսանցքը:

Խցանի հեռացման ժամանակ այն  կարող է ավելի խոր գնալ` վնասելով թմբկաթաղանթը, որն էլ հետագայում կարող է միջին ականջի բորբոքման պատճառ լինել: Ուստի խցանից  ինքնուրույն ազատվել խորհուրդ չի տրվում: Կտրականապես: Հիմնականում դա հանգեցնում է վիճակի վատթարացման:

 Իսկ ի՞նչ կարելի է անել տանը, ինքնուրույն

Կարելի է փորձել խցանը փափկացնել կամ էլ լուծել: Դրա համար պետք է օգտագործել պատրաստի միջոցներ (դրանք չեն նշվում, քանի որ մինչև  օգտագործելն անպայման պետք է խորհրդակցեք բժշկի հետ): Իսկ ամենաճիշտ տարբերակը մասնագետի օգնությանը դիմելն է:

Ի դեպ, խցանի հեռացումը  րոպեների հարց է: Ուրեմն ինչո՞ւ հապաղել` աշխարհը նոր գույներով լսելու բավականությունը հետաձգելով:

Հետաքրքիր փաստեր

ԼՕՌ-ը ոչ միայն բժշկության բաժին է, որն ուսումնասիրում է  ականջի, քթի ու կոկորդի կառուցվածքն ու ֆունկցիան (հունարենից. λωρος թարգմանվում է` ժապավեն): Սրբապատկերագրության մեջ ԼՕՌ-ը կտորի լայն շերտ է` ժապավեն, որը զարդարված է մարգարիտներով ու թանկարժեք քարերով:

«Քիթը» ոչ միայն օրգան է, այլև  ռուսական գրական մրցանակ, որը հիմնադրվել է Միխայիլ Պրոխորովի բարեգործական հիմնադրամի կողմից:

Վիրաբույժ, բնախույզ, մանկավարժ, հասարակական գործիչ,  վիրաբուժության մեջ անատոմա-փորձարարական ուղղության հիմնադիր Ն. Ի. Պիրոգովը թունդ ծխող էր և մահացավ վերին ծնոտի քաղցկեղից:

ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, որը Միացյալ Նահանգների անկախացման համար նշանակալի դեր է խաղացել, մահացել է  պարատոնզիլյա (հարնշիկային) այտուցից. այն ժամանակ բժշկությունն արդյունավետ միջոցներ դեռևս չուներ:

Փոփ արքա Մայքլ Ջեքսոնի առաջին պլաստիկ վիրահատությունը կատարվել է քթի վրա. նա այդ ժամանակ ընդամենը 26 տարեկան էր: Երկրորդ անգամ քիթը վիրահատելուց հետո այն պարզապես ընկավ, ու երգիչը ստիպված էր քթի պրոթեզ կրել: Ասում են, որ փոփ արքան թաղվել է առանց քթի. նրա երկրպագուներից մեկը գողացել է  պրոթեզը:

Բագրատիոնը շատ երկար քիթ է ունեցել, սակայն նա դրան հումորով է վերաբերվել: Երբ նրան տեղեկացրել են, թե ֆրանսիացիները  մեր քթի տակ են, նա պատասխանել է. «Նայած ում քթի: Եթե ձեր քթի մասին է, ուրեմն պետք է անհապաղ նահանջենք, իսկ եթե իմ քթի, ապա դեռ կհասցնենք ճաշել»:

Քթի վիրահատություն առաջին անգամ կատարվել է դեռևս 3000 տարի առաջ հին Հնդկաստանի, Արաբիայի ու Պարսկաստանի ժողովուրդների կողմից: Այն ժամանակներում քիթը կտրելը դավաճանության  պատժամիջոց էր, ու հաճախ էլ այն վերականգնում էին:

Ի դեպ, թվում է, թե բույրերի աշխարհը կանանց տարածքն է, սակայն, պարֆյումերիայի գլուխգործոցների հեղինակները տղամարդիկ են: Բանն այն է, որ կանանց հոտառությունը բնավորության նման փոփոխական է, ինչն ավելի սրվում է ձվազատման ժամանակ, իսկ նախադաշտանային շրջանում` «բթանում»:

Փռշտոցն անսովոր արագություն ունի` ավելի քան 160 կմ/ժամ արագություն:

Հին շումերները համոզված էին, որ մարդու իմաստությունը կենտրոնացված է ականջներում: Այդ է պատճառը, որ շումերական պատկերներում հաճախ մարդիկ մեծ ականջներ ունեն:

Մարդու ականջները, ավելի ճիշտ` ականջի բլթակներն աճում են ողջ կյանքում:

Մեր միջին ականջում է գտնվում է մեր մարմնի  ամենափոքր`  1 մմ-անոց մկանը:

Պարզվում է, որ մսոտ ու մեծ ականջները լավ առողջության նշան են:

Գիտնականները կարծում են, որ շատ ուտելու հետ լսողությունը վատանում է:

Ի դեպ, չինացի Լյու Չունգը, որը 995-ին նախարար էր, յուրաքանչյուր աչքում երկուական բիբ ուներ:

Բարձր ձայները, ասպիրինն ու սուրճը «ականջներում» ղողանջի պատճառ կարող են դառնալ:

Մեկ ժամ ականջակալներով երաժշտություն լսելը մեծացնում է ականջախեցու մանրէների քանակը 7 անգամ:

Դեռևս XV դարում Լեոնարդո դա Վինչին նկարել է կոնտակտային լինզաների նախատիպը:

Արթուր Կոնան Դոյլը մասնագիտությամբ ակնաբույժ էր:

Բեթհովենն արդեն խլացել էր,  երբ իր № 9 սիմֆոնիայի համար գրեց «Ներբող  բերկրանքին»-ը: Հիմա այն կատարում է Կոլումբիայից մի անսովոր նվագախումբ, որի անդամները  բացառապես լսողական խանգարումներով երեխաներ են:

Բոստոնի պայթյունների առնչությամբ հայկական կապի մասին կեղծ մեղադրանքը պետք է դատապարտվի

Harut SassounianԱնցյալ շաբաթ Բոստոնի մարաթոնի բարբարոսական պայթյունների առնչությամբ շատ անպատասխան հարցեր են մնում:

 

Հաստատված փաստերի բացակայության պայմաններում դժվար է հիմնավորված եզրակացության հանգել և գտնել Ցարնաև եղբայրների (Թամերլան, 26 տարեկան  և Ջոխար, 19 տարեկան) արյունահեղ գործողությունների շարժառիթը: Հետաքրքիր է նշել, որ Թամերլանը կրում է 14-րդ դարի միջինասիական արյունարբու զորապետի (Լենկթեմուրի) անունը, որը հողին է հավասարեցրել ամբողջ քաղաքներ և կոտորել միլիոնավոր անմեղ մարդկանց:

 

Նախընտրելի է չեչենների, մահմեդականների և Ցարնաև ընտանիքի մասին անհիմն եզրակացություններ և ընդհանրացումներ անելու փոխարեն մի շարք կարևոր հարցեր առաջ քաշել.

 

– Դեռևս 2011 թվականին, երբ Ռուսաստանի հատուկ ծառայությունները խնդրեցին Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) հետաքննել Թամերլանի արմատական իսլամիստական կապերն ու ընդհատակյա խմբերին միանալու մտադրությունները, ՀԴԲ-ն որքանո՞վ լավագույնս իրականացրեց այդ առաջադրանքը: Եթե ՀԴԲ-ի գործակալները մանրազնին աշխատանք կատարեցին և կասկածելի ոչինչ չգտան, ինչո՞ւ մի քանի ամիս անց չհետևեցին Թամերլանին, երբ վերջինս 2012 թվականին վերադարձավ Միացյալ Նահանգներ, վեց ամիս անցկացնելով Չեչնիայի և Դաղստանի խռովության մեջ գտնվող հանրապետություններում: Եվ, ինչո՞ւ Միացյալ Նահանգների իրավապահ մարմինները չհետաքննեցին Թամերլանի համակարգչում հայտնաբերված ջիհադական տեսահոլովակներն ու արմատական իսլամիստական կայքերի հղումները:

 

– Եթե ռուսական նախազգուշացումը լրջությամբ չհետապնդվեց Միացյալ Նահանգների պաշտոնյաների կողմից, արդյոք նրանց որոշումը հիմնված էր քաղաքական նկատառումների՞ թե՞ ահաբեկչության ռիսկի պատշաճ գնահատման վրա: Արդյոք Միացյալ Նահանգների պաշտոնատարները գերադասեցի՞ն չմիջամտել Ռուսաստանի ներքին հակամարտությանը, քանի որ չեչեն ապստամբները մարտնչում էին Ռուսատանի դեմ իրենց անկախության համար: Արդյոք Միացյալ Նահանգները չեչեն «ահաբեկիչներին» դիտում է որպես «ազատության մարտիկնե՞ր», եզրակացնելով, որ նրանք վտանգ չեն ներկայացնում Միացյալ Նահանգների համար: Առավել կարևոր է, թե ի՞նչ դեր են խաղացել հակառուսական դիրքորոշում ունեցող ազդեցիկ նոր պահպանողական ամերիկյան շրջանակները Թամերլանի վերաբերյալ զգուշացումները գնահատելիս:

 

– Արդյոք Ռուսաստանի հատուկ ծառայությունները մանրամասն հետաքննե՞լ են Թամերլանին, երբ նա հայտնվել էր նրանց տեսադաշտում Դաղստան և Չեչնիա կատարած վեցամսյա այցի ընթացքում, հատկապես այն բանից հետո, երբ դժգոհ էին մնացել իրենց ավելի վաղ հարցմանը ՀԴԲ-ի սառն արձագանքից:

 

– Արդյոք այս ահաբեկչությունը, որի հետևանքով զոհվեցին չորս և վիրավորվեցին մոտ 200 ամերիկացիներ, Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններին կմղի՞ ավելի սերտ համագործակցության իրենց ռուս գործընկերների հետ, որպեսզի համատեղ ուժերով պայքարեն ահաբեկչության դեմ, անկախ միջազգային քաղաքական նկատառումներից:

 

– Արդյոք Միացյալ Նահանգները կհետաքննի՞ 2003 թվականին Թամերլանի և նրա ընտանիքի երեք անդամների՝ Թուրքիա կատարած տասնօրյա այցը, ինչպես բացահայտել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամար Գյուլերը: Ի՞նչ նպատակով էին Ցարնաևներն այցելել Թուրքիա և ո՞ւմ հետ էին շփվել այնտեղ:

 

Անդրադառնալով Ցարնաև եղբայրների շատախոս հորեղբայր Ռուսլան Ցարնիին, նշենք, որ նա վիճահարույց և հակասական մեկնաբանություներ արեց, որոնք տարածվեցին ամբողջ աշխարհում CNN-ի, NBC-ի, Wall Street Journal-ի, Reuters-ի, Time շաբաթաթերթի և այլոց կողմից: Հորեղբայր Ցարնին մեղադրեց իսլամացած կրոնափոխ մի անանուն հայի Քեմբրիջից՝ Թամերլանին արմատական դարձնելու համար:

 

Մերիլենդի բնակիչ Ցարնին «NBC Today» շոուին պատմեց, որ իր հայ ծանոթներից մեկը հայտնել է Թամերլանի վրա «արտաքին ազդեցության» մասին. «Նա [ծանոթը] ասաց, թե ինչ-որ մեկը լվանում է նրա [Թամերլանի] ուղեղը, ով նոր է իսլամություն ընդունել: Ես ուզում եմ շեշտել, որ նա [ծանոթը] հայկական ծագում ուներ»:

 

Սակայն, հորեղբայր Ցարնին բոլորովին այլ բացատրություն տվեց CNN-ին իր զարմիկների քստմնելի արարքների համար: Նա մեղադրել է նրանց որպես «ձախողվածների», պնդելով, որ նրանք խայտառակել են իրենց ընտանիքի և չեչեն ժողովրդի պատիվը: Սակայն, հետագայում NBC Today-ին նա ասաց, որ իր զարմիկներին «ձախողվածներ» է անվանել զայրույթի պահին և նա հիմա վստահ է, որ նրանց հանցագործությունը կապ չունի Ռուսաստանի կամ Չեչնիայի հետ: Նաև, Ցարնին հակասեց ինքն իրեն, պնդելով, որ «վերջերս իսլամացած հայկական ծագում ունեցող» անձը նա է, ով Թամերլանի «ուղեղն է լվացել» և ոչ թե իր ծանոթը:

 

Հարց է ծագում, թե ո՞վ է Ցարնին և ինչո՞ւ է նա մեղադրում հայերին: Համացանցային մի թեթև որոնումից պարզ դարձավ, որ նա անմիջական կապեր ունի կասպյան տարածաշրջանում ներգրավված արևմտյան էներգետիկ  ընկերությունների հետ: Նա աշխատել է Big Sky Energy, Golden Eagle Partners և Nelson Resources Ltd ընկերություններում. բոլոր երեքն էլ ուղղակի ներդրումներ ունեն Կասպից ծովի էներգետիկ նախագծերում: Կարե՞լի է արդյոք էներգետիկ այս ընկերությունների հետ Ցարնիի ունեցած կապերով բացատրել նրա մեղադրանքներն ընդդեմ հայի:

 

Վերջապես, ինչո՞ւ ոչ մի հայկական կազմակերպություն կամ հայ պաշտոնյա չբողոքեց լրատվամիջոցներին, որոնք Ցարնիի անհիմն ու զրպարտչական հայտարարությունները տարածեցին՝ մեղադրելով մի հայի Թամերլանին արմատական դարձնելու մեջ: Նման մի իրավիճակ ստեղծվել էր տարիներ առաջ, երբ ավստրալիական The Canberra Times թերթը հաղորդեց, որ «Հռոմի պապի վրա հայ մարդասպան է կրակել»: Իրականում, Հովհաննես Պողոս Երկրորդ պապի վրա կրակել էր թուրք Մեհմեդ Ալի Աղջան:

 

Ժամանակն է, որ հայերը հակազրպարտչական մի կազմակերպություն հիմնեն, որը ակտիվորեն կհետապնդի բոլոր նրանց, ովքեր զրպարտում և անվանարկում են հայերին ամբողջ աշխարհում:

 

 

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

 

Մոմավառություն Գյումրիում

23.04.2013-1Գյումրիում երիտասարդները դուրս էին եկել ավանդական ապրիլքսանչորսյան երթի: Երթը սկսվեց այսօր երեկոյան, ժամը 18:00-ից` Գյումրու Շարլ Ազնավուրի հրապարակից, ապա Հայաստանի դրոշներով, պաստառներով ու ջահերով, “ճանաչում”, “Հայաստան”, “հատուցում” վանկարկելով երթի մասնակիցները շարժվեցին դեպի կենտրոնական հրապարակ:

Մասնակցում էր մոտ 50 երիտասարդ:
Այս նախաձեռնության հեղինակներն էին “ԱՐՄ ստրոնգ” երիտասարդական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Շիրակի մարզային կենտրոնը, “Աջակից” ՀԿ-ն, Սուրբ Հակոբ եկեղեցասեր երիտասարդական միությունը:

Քայլերթի հանգրվանը, նախատեսածի նման եղավ Սուրբ “Ամենափրկիչ” եկեղեցու բակում` քահանայի հետ ընդհանարական աղոթքով: Տեղի ունեցավ նաև մոմավառություն. մոմերով խաչ կազմվեց, ապա երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը: