Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Շիրակի մարզ: Կառավարության ղեկավարին ուղեկցում են ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, պաշտոնատար այլ անձինք:
Երկրի վարչապետի այցի առաջին կանգառը Շիրակի մարզի կարկտահարված դաշտերն էին, որտեղ կառավարության ղեկավարը ծանոթացել է երկու օր առաջ տեղացած ուժեղ կարկուտից տուժած մի շարք համայնքների կրած վնասներին: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, եղել է Նոր կյանք, Փանիկ, Սպանդարյան և Գեղանիստ համայնքների հացահատիկի դաշտերում, մանրամասն զրուցել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քննարկել պետական աջակցության տրամադրման հնարավոր տարբերակները: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է համայնքների բնակիչներին, որ կարկուտի պատճառած վնասն արագ հաշվարկելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ստեղծվել են հանձնաժողովներ՝ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ Շիրակի մարզպետարանի, ինչպես նաև տուժած համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնաժողովները սեղմ ժամկետում տեղեկատվություն կներկայացնեն համայնքների կրած վնասի իրական չափի վերաբերյալ, ինչի հիման վրա էլ ՀՀ կառավարությունը կգնահատի և որոշում կկայացնի պետական նպատակային օժանդակություն տրամադրելու վերաբերյալ: Կարկտահարությունից տուժած տնտեսություններին աջակցելու նպատակով պատասխանատու գերատեսչություններին հանձնարարվել է հնարավորինս սեղմ ժամկետում հաշվարկել և ներկայացնել նաև աշնանացան ցորենի սերմացուի ողջ պահանջարկը: Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ անձամբ հետևելու է այդ գործընթացի արագ կազմակերպմանը, և Հայաստանի կառավարությունը հնարավորինս օժանդակելու է գյուղացիներին՝ բնական աղետի հետևանքները հաղթահարելու հարցում:
Հանրապետության վարչապետը գյուղացիների հետ զրուցել է նաև նրանց հուզող մի շարք այլ խնդիրների շուրջ, որոնք վերաբերում էին ջրամատակարարմանը, դպրոցաշինությանը և այլ հարցերի: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կքննարկի և հնարավորության շրջանակում կփորձի լուծում տալ այդ խնդիրներին:
Գեղանիստ համայնքում կառավարության ղեկավարն անակնկալ այցելել է համայնքի բնակիչներից մեկի տուն, որտեղ ներկա է գտնվել բանակ զորակոչվող երիտասարդի ճանապարհման արարողությանը և բարի ծառայություն մաղթել նորակոչիկին:
Հաջորդիվ՝ մինչև մարզկենտրոն Գյումրի հասնելը, վարչապետը կայցելի մարզի ևս մի քանի համայնք:
Daily Archives: July 9, 2014
Հանրային խորհուրդը քննարկել է հանրությանը հուզող մի շարք հարցեր
Հանրային խորհուրդը պատրաստվում է առաջիկա լիագումար նիստին, որի օրակարգը նախապատրաստելու նպատակով հուլիսի 8-ին կայացել է ՀԽ փոքր խորհրդի նիստ:
Օրակարգ ընդգրկվող հարցերի մի մասը Հանրային խորհուրդը նախատեսում է նաև ներկայացնել ՀՀ նախագահին` հուլիսին կայանալիք հանդիպման ժամանակ:
ՀԽ փոքր խորհրդի նիստում, մասնավորապես, քննարկվել են հետևյալ հարցերը.
1. Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցը:
2. Արտագաղթի իրական չափերը, հետևանքները և դրա կանխարգելմանն ուղղված քայլերը:
3. Կենսաթոշակային նոր համակարգի ազդեցությունն ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա:
4. Երևանի փողոցներում «կարմիր գծերի» օրինականության և ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների անձնական հաշիվների վրա կալանք դնելու վերաբերյալ հարցը:
5. Էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների (Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի և նոր ատոմակայանի կառուցում) և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:
6. Անկախության տարիներին հանքերի վաճառքի և օգտագործման շահավետության հարցը:
7. Սննդամթերքի թանկացման պատճառները և ս.թ. հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման իրական պատկերը:
8. ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հետ կապված հարցը:
Այլ հարցեր:
Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցի քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նա մանրամասն ներկայացրել է գործընթացը՝ պատասխանելով խորհրդի անդամների հարցերին:
Արտագաղթի իրական չափերի, հետևանքների և դրա կանխարգելմանն ուղղված քայլերի վերաբերյալ քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը, որը ներկայացրել է նաև արտագաղթի վերաբերյալ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ` հարցը ևս մեկ անգամ համակողմանիորեն ուսումնասիրելու և ՀՀ նախագահին ներկայացնելու համար:
Ուսուցիչների, առողջապահության համակարգում աշխատողների, ինչպես նաև այլ բյուջետային աշխատողների սոցիալական վիճակի վրա կենսաթոշակային նոր համակարգի ազդեցության վերաբերյալ քննարկմանը ՀԽ հրավերով մասնակցել են «Դեմ եմ» նախաձեռնության անդամ մանկավարժներ Սոֆյա Հովսեփյանը և Շողեր Բաբայանը: Նրանք ներկայացրել են մանկավարժների վարձատրման հետ կապված խնդիրները` «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո: Որոշվել է այս հարցով նույնպես ստեղծել աշխատանքային խումբ, որը կամբողջացնի խնդիրները ՀՀ նախագահին ներկայացնելու համար:
Արևը` որպես դեղամիջոց
Բոստոնի բժշկական կենտրոնից Միքայել Հելիկը պնդում է` աշխարհում մոտ 1 միլիարդ մարդ պարբերաբար վիտամին D-ի պակաս է ունենում: Ընդ որում, խոսքը չի գնում միայն հյուսիսի ցուրտ գոտիներում ապրողների մասին. այս վիտամինի պակասի վտանգի առջև հաճախ կանգնում են նաև արևադարձային գոտիների բնակիչները:
Ավանդաբար համարվում էր, որ այս վիտամինի պակասը զգում են հատկապես հյուսիսի բնակիչները: Սակայն սա մոլորություն է, քանի որ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի կամ Հնդկաստանի բնակիչների մոտ ևս նկատվում է այս վիտամինի պակաս:
Բանն այն է, որ այս երկրների բնակիչները նախընտրում են փակ հագուստ կրել: Նրանք նաև մուգ մաշկ ունեն, որն արգելափակում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներթափանցմանը օրգանիզմ, որն էլ հենց պատասխանատու է D վիտամինի ստեղծման համար: Պետք է նաև հիշել, որ արևապաշտպան քսուքները կարող են 95% -ով կրճատել D վիտամինի ստեղծումը /սակայն սա, իհարկե, չի նշանակում,որ պետք է հրաժարվել արևապաշտպան քսուքներից. մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը չի վերանում/:
Այս պատճառով էլ, ինչպես ցույց է տալիս փորձը, որ երկրում էլ ապրեք, արևի վիտամինը ստանալը բավականին դժվար է: Անհրաժեշտ է օգտագործել այս վիտամինով հարուստ սնունդ: Յուղոտ ձուկն օգտակար է այս առումով, իսկ կաթը պարունակում է օրական օրգանիզմին անհրաժեշտ վիտամինի քանակի քառորդ մասը:
D վիտամինի պակասը կարող հարուցել հիվանդություններ, ինչպիսիք են ռախիտը, նաև կոտրվածքների հավանականությունն է մեծանում այն պատճառով, որ օրգանիզմ ներթափանցող կալցիումի 10–15% է միայն կարող յուրացվել օրգանիզմի կողմից առանց վիտամին D-ի: Բացի դրանից, մարդիկ, ովքեր քիչ են ստանում D վիտամին, հակված են հիվանդությունների` օստեպորոզ կամ քաղցկեղ: Նրանց շրջանում են հանդիպում նաև ավելորդ քաշ ունեցողները:
Հիշեցնենք նաև, որ ըստ վերջին հետազոտությունների` D վիտամինը երկարացնում է կյանքը: Մահացությունը երկու անգամ ավելի բարձր է D վիտամինի պակաս ունեցողների շրջանում: Իսկ վիտամինի փոքր քանակության և մահացության դեպքերի միջև կապը դեռևս բացահայտված չէ:
Զինամթերք` կամավոր
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ` 1952 թ. ծնված Լիպարիտ Հ.-ն կամավոր հանձնել է 3 լուսածիր, 7.62 մմ տրամաչափի 20 հրացանային, 7.62 մմ տրամաչափի` 60, ինքնաձիգի, 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ և «ՈւԶՌԳՄ» տիպի 2 պայթուցիչ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հերթական ստուգայցը. 28 վարորդ` ոչ սթափ վիճակում, 60-ը` առանց համապատասխան փաստաթղթերի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 30-ից մինչև հուլիսի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 95 տրանսպորտային միջոց. 28 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 60-ը` առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 7 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում:
Ամփոփվել են միասնական քննությունների նախնական արդյունքները
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի այս տարվա առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են ՀՀ բուհերի ընդունելության քննությունների նախնական արդյունքների ամփոփմանը, հանրապետական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ատեստատների բուհեր ներկայացման վերջնաժամկետի հստակեցմանը և պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարեկետում ստացած արական սեռի դիմորդների ցուցակների ՀՀ ՊՆ ներկայացմանը:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը ներկայացրել է ընդունելության քննությունների նախնական արդյունքները: Պետական ավարտական և միասնական քննությունները կազմակերպվել են երկու փուլով, 15 առարկաների քնությունները կազմակերպվել են 34 քննական կենտրոններում, որոնցից 10-ը՝ Երևանում: Առաջին փուլում ՀՀ բուհերն ունեցել են ընդհանուր թվով 11 642, իսկ երկրորդ փուլում՝ 1440 դիմորդներ,որում ներառված չեն ներբուհական քննություններ հանձնողները և ԼՂՀ դիմորդները: Այս տարի ևս քննություն հանձնողների ամենամեծ թիվը եղել է հայոց լեզու առարկայից: Հայտագրված քննություններից չեն ներկայացել շուրջ 1100 դիմորդներ, նրանցից հարգելի պատճառով բացակայածները հնարավորություն են ստացել մասնակցելու երկրորդ փուլին: Համաձայն միասնական քննությունների կարգի, եթե քննության ժամանակ դիմորդի ինքնազգացողությունը վատանում է, ապա նա իրավունք ունի հրավիրել քննական կենտրոնի բժշկին, ով կարձանագրի իրավիճակը և միջնորդություն կներկայացնի տվյալ դիմորդի քննությունն ընդհատելու վերաբերյալ: Այս տարի արձանագրվել է այդպիսի 48 դեպք և այդ դիմորդները ստացել են երկրորդ փուլին մասնակցելու իրավունք: Իսկ այն դիմորդները, ովքեր քննասենյակից հեռացել են առանց բշժկին դիմելու և ավելի ուշ բողոք են ներկայացրել, որ քննությունը կիսատ են թողել առողջության հետ կապված խնդիրների պատճառով, բողոքարկման հանձնաժողովի որոշմամբ երկրորդ փուլին մասնակցելու իրավունք չեն ստացել: Քննություններից հեռացվել է 8 դիմորդ՝ հիմնականում քննության ժամանակ հեռախոսներից օգտվելու և քննության կարգը խախտելու համար:
Բողոքարկումների ընդհանուր թիվը կազմել է 483, որից 385-ը քննական կենտրոններում և հիմնականում վերաբերել են տեխնիկական հարցերի և վարահաշվարկի կատարմանը: Բավարարվել է բողոքարկումների 15 տոկոսը:
Այս տարի նվազել է օտար լեզուների միջին գնահատականները, թեպետ հայոց լեզու և հայ գրականություն առարկաների համեմատությամբ դրանք ավելի բարձր են, իսկ մնացած առարկաների միջին միավորները նախորդ տարվա համեմատությամբ չեն փոխվել:
Նախարար Արմեն Աշոտյանը՝ ընդգծելով, որ բուհերի ընդունելության քննությունների առաջին փուլի արդյունքները պետք է հրապարկվեն հուլիսի 15-ին, նշել է, որ զուգահեռաբար պետք է կատարվի նաև թափուր մնացած տեղերի վերաբաշխում:
Նախարարը նշել է, որ դրական միավորներ ստացած այն դիմորդները, ովքեր առաջին փուլի արդյունքում չեն ընդունվի իրենց հայտին համապատասխան որևէ մասնագիտությամբ, հնարավորություն կունենան առաջին փուլի ամփոփումից հետո՝ հուլիսի 15-ին, նոր հայտ ներկայացնել: «Մենք թափուր տեղերի վերաբաշխման գործընթացը կազմակերպում ենք հետևյալ սկզբունքներով, որոնք ըստ էության չեն փոխվել: Նախ մենք նախապատվություն ենք տալիս ապահովելու այն դիմորդների բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը, ովքեր ստացել են դրական միավորներ: Երկրորդ՝ պետական պատվերով թափուր մնացած տեղերի վերաբաշխման ժամանակ առաջնահերթություն է տրվելու արվեստի և մարզային բուհերին»,- դիմելով ռեկտորներին նշել է նախարարը՝ Ա, Աշոտյանը՝ և առաջարկել երկօրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ տեղերի վերաբաշխման վերաբերյալ:
Հանրապետական ընդունող հանձնաժողովի քննարկեց նաև ԳԹԿ-ի կողմից ընդունելության քննությունների ամփոփման նպատակով դիմորդների ատեստատների ներկայացման վերջնաժամկետի հարցը:
Հաշվի առնելով բազմաթիվ դիմումներ` հանձնաժողովը որոշեց ատեստատների ներկայացման վերջնաժամկետ սահմանել հուլիսի 12-ը ներառյալ, մինչև ժամը 17.00-ն: Այն դիմորդները, ովքեր չեն հանձնի ատեստատները սահմանված ժամկետում, գործող կարգի համաձայն կզրկվեն բուհ ընդունվելու հնարավորությունից:
Նախարարն հանձնարարել է նաև կազմել պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում ստացած բուհ ընդունված դիմորդների ցանկը, որպեսզի սահմանված ժամկետներում ներկայացվեն ՀՀ պաշտպանության նախարարություն:
Օմսկում` շորթում, իսկ Աստրախանում` գողություն
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները Ծաղկահովիտ գյուղից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Ռոլանդ Ռ.-ին, որը հունվարի 10-ից ՌԴ Օմսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր շորթում կատարելու մեղադրանքով:
***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները Ավշար գյուղից բերման են ենթարկել 1966 թ. ծնված Կարեն Գ.-ին, որը մարտի 2-ից ՌԴ Աստրախանի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով
Նորվեգիայի արքայադուստրն իրեն մեդիում է հայտարարել
Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի դուստրը հայտարարել է, թե ինքը երկրի մի քանի քաղաքներում սպիրիտիզմի հրապարակային սեանսներ է անցկացնելու: 42-ամյա Մարտա-Լուիզայի շոուի տոմսի արժեքը 250 դոլար է: Նրան օգնելու է բրիտանացի մեդիում Լիզա Ուիլյամսը, հաղորդում է regnum.ru-ը:
Սկանդինավցիներին առաջարկվում է հետևել, թե ինչպես է արքայադուստրը շփվելու մեռյալ հոգիների հետ: Այդ լուրը նորվեգացիներին վրդովեցրել է, քանի որ, տարիներ առաջ նույն արքայադուստրը հայտարարեց, թե կարողանում է հրեշտակների հետ շփվել ու դպրոց էր բացել նունը ցանկացողներին սովորեցնելու համար: Սակայն, դյուրահավատ նորվեգացիներն ասում են, որ այդ դասընթացները խաբեություն էին:
Նռնակի պայթյունից Ադրբեջանում երեք զինծառայող է վիրավորվել
Նռնակի հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի Զինված ուժերի 3 զինծառայող, տեղեկացնում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկ՝ զորավարժությունների ընթացքում, նռնակի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել Բահրամ Հաշիմլին, Օրհան Մամեդովը և Ռեհիմաղա Աղալարզադեն։
Նշվում է, որ զինծառայողները առաջին բուժօգնությունն են ստացել, այնուհետև տեղափոխվել են ռազմական հոսպիտալ։ Զինվորների վիճակը բավարար է գնահատվում։
Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` բաժին է ներկայացել է 1991 թ. ծնված Սարգիս Ա.-ն, որը հուլիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):
Ռուսաստանը Կուբային ներել է 32 մլրդ դոլարի պարտքը
Այսօր Դաշնային խորհուրդը վավերացրել է մի համաձայնագիր, որի համաձայն Մոսկվան Կուբայի հանրապետությանը ներում է նախկին ԽՍՀՄ-ի ժամանակաշրջանում տրամադրած վարկով 32 մլրդ դոլարի պարտքը:
Դեռևս 2013-ի հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրի համաձայն, Կուբայի` ՌԴ-ին պարտքը կազմում է 35.2 մլրդ դոլար: Փաստաթղթով նախատեսվում է, որ պարտքի 90%-ը կներվի, իսկ մնացած 10%-ը պետք է մարվի 10 տարում, կիսամյա վճարումներով, հաստատված սեփական ժամանակացույցով: Առաջին վճարումը Կուբան կատարելու է 2014-ի հոկտեմբերի 25-ին, իսկ վերջինը` 2024-ի ապրիլի 25-ին:
Սպասվում է, որ այդ վճարումները կծառայեն Կուբայի տարածքում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Բրիտանական հուշարձանները կսովորեն խոսել
Արձանները, մոնումենտներն ու հուշարձանները, որոնք տեղադրված են Լոնդոնում ու Մանչեսթրում, ամառվա վերջին կխոսեն մարդկային ձայնով: Կոթողների խոսք սովորելու ու մենախոսություն կարդալու պատասխանատվությունը ստանձնել է ոչ առևտրային Sing London կազմակերպությունը: Ավելի վաղ այս կազմակերպությունն աղբամաններին սովորեցրել էր երգել, հաղորդում է The Telegraph.-ը:
Ներկայում Sing London-ը զբաղվում է Մեծ Բրիտանիայի պատմական երկու քաղաքներում 35 հուշարձանների «ձայնավորմամբ»: Սպասվում է, որ տեխնիկական վերջին ինովացիաների կիրառումը թուլ կտա հուշարձաններին խոսել հայտնի դերասանների ձայնով: Մոնումենտները ճառեր կասեն, որոնք նրանց համար գրելու են երկրի լավագույն հեղինակներ:
Օրինակ, լոնդոնյան Հայդ-պարկում տեղադրված Աքիլլեսի արձանը կխոսի «300 սպարտացիներ» ֆիլմի աստղ Դոմինիկ Ուեսթի, իսկ Բեյքեր-սթրիթում տեղադրված Շերլոկ Հոլմսի աձանը խոսելու է բրիտանացի վաստակավոր դերասան Էդ Սթոպարդի ձայնով:
Հուշարձանների ելույթները կարելի է լսել սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով, օգոստոսի 19-ից հետո:
Ի դեպ, Sing London-ի ներկայացուցիչները 2011-ին հաջողությամբ «երգացրին» աղբամաններին: Դրանք երգում էին, ծիծաղում ու խոսում այն ժամանակ, երբ աղբամանի մեջ ինչ-որ բան էին նետում:
«Նիվա»-ն փախցրել էր, բայց մասնատել չէր հասցրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հզոր «Նոգուրի» թայֆունը սպառնում է Տոկիոյին
Ավելի քան 30 մարդ է տուժել Ճապոնիայի հարավում, «Նոգուրի» թայֆունի հետևանքով: Տարերքը պատուհասել է Օկինավա պրեֆեկտուրային նախօրեին, հուլիսի 8-ին: Մարդկանց մեծամասնությունը վիրավորվել է ուժգին քամու պատճառով, որը բառացիորեն, նրանց գետնին է գցել: Պոկվել են տանիքներ ու տապալվել ծառեր: Հոսանքազրվել է ավելի քան 100 հազար տուն: Քամու արագությունը էպիկենտրոնում հասնում է 70 մ/վրկ-ի: Տարածաշրջանում հատուկ նախազգուշացում է արվել.տարհանվել է 600 հազար մարդ:
Հիմա թայֆունը խաղաղ օվկիանոսից ուղղություն է վերցնում դեպի հյուսիս, հաղորդում է “Россия 24”: Սպասվում է, որ այն կհասնի երկրի հարավային ափերին: Եթե քամու ուղղությունը չփոխվի, ապա «Նոգուրին» կարող է հասնել Ճապոնիայի կենտրոնական շրջաններ ու Տոկիո:
Էրդողանին ուղեկցող կառավարական թափորն ավտովթարի է ենթարկվել
Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ` Թուրքիայի նախագահի թեկնածու, ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանի թափորի մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել Դենիզլի քաղաքի կենտրոն տանող ճանապարհին:
Հայտնի է, որ ընթացքի ժամանակ քաղաքի կենտրոնական խաչմերուկներից մեկում կառավարական մեքենաներից մեկը բախվել է քաղաքացիների մեքենաներին, որի հետևանքով շղթայական վթար է տեղի ունեցել՝ վեց ավտոմեքենաների մասնակցությամբ:
Նաև հայտնի է, որ մի քանի մարդ վնասվածք է ստացել, որոնցից մեկին բժշկական օգնություն է ցուցաբերվել:
Էրդողանի պահակախումբը վթարից հետո նրան նստեցրել է մեկ այլ մեքենա և շարունակել ճանապարհը:
Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 8-ին Տավրիկյան պալատում աշխատանքային հանդիպում է ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ:
Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր:
ԱԺ փոխնախագահը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա իր զրուցակցին տեղեկացրել է մի շարք երկրների խորհրդարաններում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցանմուշների ներկայացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
Էդուարդ Շարմազանովն Ալեքսեյ Սերգեեւին առաջարկել է 2015 թվականին Հայոց ցեղասպանության թանգարանի մի շարք ցուցանմուշներ ներկայացնել նաեւ Տավրիկյան պալատում, ինչպես նաեւ ցեղասպանությանը նվիրված համաժողով հրավիրել: ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:
Ավտոմեքենան, որով փախուստի էին դիմել, հայտնաբերվեց
Հուլիսի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը, ժամը 05.00-ի սահմաններում, անհայտ անձինք գողացել են իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի 2 անիվները, գազի բալոնը, ձայնարկիչը, 2 բջջային հեռախոսները և մեկ այլ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մեքենան, որով փախուստի էին դիմել, պատկանում է 1966 թ. ծնված Աշոտ Ղ.-ին, որը բերման է ենթարկվել բաժին: Նա խոստովանել է, որ գողությունը կատարել է 1992 թ. ծնված Գոռ Ղ.-ի և 1963 թ. ծնված Դավիթ Ղ.-ի հետ: Վերջիններս նույնպես բերման են ենթարկվել բաժին:
«ՎԱԶ 2106»-ը տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման վայր:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
Իրաքն ահազանգում է ՄԱԿ-ին
ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամեդ Ալի ալ Հաքիմը նամակ է ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` ահազանգելով, որ «Իրաքի և Շամի իսլամական պետության» ահաբեկիչները գրավել են Բաղդադի մոտակայքում գտնվող Մութհանա ռազմաբազան և այնտեղ առկա քիմիական պաշարները: Նամակում ասված է, որ տարածաշրջանում ստեղծված անապահով մթնոլորտի պատճառով Իրաքը չի կարող իրականացնել քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները:
Հայտնի է, որ դեռևս Սադամ Հուսեյնի ժամանակ հիմնված բազայում առկա են քիմիական տարբեր թունավոր նյութեր և թափոններ:
Նշենք, որ 29-ին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել էր Իրաքում խալիֆայության ստեղծման մասին` Աբու Բաքր Բաղդադիի գլխավորությամբ:
Հուլիսի 25-ին կգործարկվի Ստամբուլ-Անկարա արագընթաց գնացքը
Հուլիսի 25-ին շահագործման կհանձնվի Ստամբուլ-Անկարա արագընթաց գնացքը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և հեռահաղորդակցության նախարար Լյութֆի Էլվանը: Վերջինիս խոսքով` ուշացման մասին խոսք չի կարող լինել:
Սկզբում հայտարարվել էր, որ Թուրքիայի երկու խոշոր քաղաքների միջև արագընթաց գնացքը կգործարկվի մայիսի կեսերին, սակայն գործընթացը հետածգվել էր սաբոտաժի փորձերի պատճառով:
Ստամբուլ-Անկարա երկաթգծի երկարությունը 533 կմ է: Այն միանալու է «Մարմարայ» թունելին, որը կապում է Թուրքիայի արևելյան և եվրոպական հատվածները: 2009 թվականին սկսված այս նախագծի համար ծախսվել է 4 միլիարդ դոլար:


