Օդաչուն ինքնաթիռի բոլոր ուղևորների համար պիցա է պատվիրել

pizza-flightՎայոմինգի պիցայատներից մեկի մենեջերը նշել է, որ ինքը զարմացել է, երբ զանգահարել և մի ամբողջ ինքնաթիռի ուղևորների համար պիցա են պատվիրել:

Սակայն նա ուրախացել է, երբ հայտնել են, որ ինքնաթիռի մեջ 160 ուղևոր կա և շուրջ 38 պիցա է անհրաժեշտ:

Վաշինգտոնից Դենվեր ուղևորվող ինքնաթիռը վատ եղանակի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Շայեն քաղաքում, որտեղ ինքնաթիռը մնացել է երկու ժամ:

Ինքնաթիռի սնունդը սպառվել էր՝ ուստի օդաչուն որոշել է բոլորի համար պիցա պատվիրել:

Ավիաուղիների ներկայացուցչի խոսքով նրան չի զարմացրել օդաչուի պահվածքը, քանի որ իրենց օդաչուները միշտ հոգ են տանում ուղևորների համար:

Անկախ

 

Ադրբեջանի ՊՆ նախարարն այցելել է մերձճակատային զորամասեր

5 (1)Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր` հուլիսի 9-ին, այցելել է մերձճակատային շրջան, որտեղ զորավարժություններ են ընթանում, “Թրենդ” գործակալությանը տեղեկացրել են Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունից:

Նախարարության ղեկավարությունը ծանոթացել է այնտեղ տիրող իրավիճակին, ռազմական տեխնիկայի մարտական պատրաստականությանը, զինծառայողների բարոյահոգեբանական և սոցիալ-կենցաղային պայմաններին:

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ևս մի խումբ բարձրաստիճան զինվորականների ու լրագրողների ուղեկցությամբ այսօր այցելել էր հայ-ադրբեջանական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքեր ու հենակետեր:

 

Անկախ

Թուրքիայում վերահրատարակվել է հայ բանաստեղծների ժողովածուներից մեկը

garpisԹուրքական «Iş» բանկի մշակույթային հրատարակչությունը ընթերցասերներին է ներկայացրել «Կորած բանաստեղծներ» շարքի 5-րդ գիրքը: Վերջինս հայ բանաստեղծներ Կարպիս Ջանջիկյանի և Հայկազուն Գալուստյանի` 1942 թվականին լույս տեսած «Բալքըս» ժողովածուի վերահրատարակումն է:

Կարպիս Ջանջիկյանը (1920-1946) ծնվել է Պոլսի Սամաթիա թաղամասում: Նա սովորել է Կենդրոնական վարժարանում, այնուհետև Իտալական դպրոցներում: Մանուկ հասակից սկսել է  բանաստեղծություններ գրել, ապա միջնակարգ դպրոցում ծանոթացել է Հայկազուն Գալուստյանի հետ (1920-1985): Այնուհետև նրանք միասին հրատարակել են «Բալքըս» կոչվող ժողովածուն, որտեղ ներկայացված բանաստեղծությունները պատմում են հասարակ մարդկանց կյանքի պատմությունները: Նրանց ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն է թողել թուրք նշանավոր գրողներ Օրհան Վելիի, Մելիհ Ջևդեթի և Օքթայ Ռըֆաթի սկսած «Գարիփ» բանաստեղծական հոսանքը:

 

Անկախ

Կառավարության ղեկավարը ծանոթացել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ծրագրերին

232065191404915283Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, որն ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Գերմանական տեխնիկական ընկերակցության և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում:

Կառավարության ղեկավարը շրջել է կենտրոնում, եղել ճարտարագիտության և մուլտիմեդիայի լաբորատորիաներում, համակարգչային լսարաններում: Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է տեխնոլոգիական կենտրոնի ընթացիկ, ինչպես նաև առաջիկա ծրագրերին:

Վարչապետին մանրամասներ են ներկայացրել Հայաստանում Start up (սկսնակ) բիզնեսի և ՓՄՁ-ների համար մաքուր տեխնոլոգիաների ծրագրի վերաբերյալ, որն իրականացվում է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի աջակցությամբ: Դա մեր երկրում մաքուր տեխնոլոգիաներին վերաբերող միակ նմանատիպ ծրագիրն է, որը համագործակցում է Սիլիկոնյան հովտում գտնվող ամենամեծ Cleantech Open ակսլերատորի հետ:

Ծրագրի շրջանակում հայտարարվել է լավագույն բիզնես գաղափարների մրցույթ՝ վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, թափոններից էներգիայի ստացման և ջրային ռեսուրսների ոլորտներում : Հաղթողը հնարավորություն կստանա մասնակցելու Cleantech Open-ի կողմից Սիլիկոնյան հովտում կազմակերպվող ամենամյա գործարար համաժողովին:

Հաջորդիվ վարչապետ Աբրահամյանը դիտայց է կատարել Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի նախկին շենքում: Տարածքին ծանոթանալու նպատակն էր ուսումնասիրել տարածքը՝ պետական գերատեսչությունները ռացիոնալ տեղաբաշխելու և պետական ծառայությունները հասանելի դարձնելու համար:

Հանրապետության վարչապետի Շիրակի մարզ այցը եզրափակվել է մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ, որի ընթացքում Հովիկ Աբրահամյանն ամփոփել է աշխատանքային այցի արդյունքները և արձանագրված խնդիրների առնչությամբ համապատասխան հանձնարարականներ տվել պատասխանատու մարմինների ղեկավարներին:

 

Անկախ

Անկախ

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկում Գավառում

1400495634_constitutionՍահմանադրական բարեփոխումներին նվիրված հանրային քննարկումների մարզային փուլն այսօր շարունակվել է Գավառ քաղաքում: Հայեցակագային դրույթները ներկայացրել են Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ Դավիթ Հարությունյանն ու Գևորգ Դանիելյանը:

Դավիթ Հարությունյանը, խոսելով Սահմանադրության իրավական-քաղաքական և արժեբանական նշանակության մասին,  ընդգծել է, որ հասունացել է Սահմանադրության փոփոխման անհրաժեշտությունը` այն պայմանավորելով սոցիալ-քաղաքական, արժեհամակարգային իրողությունների փոփոխման դինամիկայով: «Սահմանադրական բարեփոխումներով պետք է լուծվի մարդու իրավունքների ապահովման հարցը»,-նշել է բանախոսը:

Նա առանձնացրել է երեք  տեսակի իրավունք՝ ազատություններ, հիմնական իրավունքներ և այլ տիպի իրավունքներ:  Նրա համոզմամբ, եթե չլինի որևէ երաշխիք, որը կապահովի այդ իրավունքների կյանքի կոչումը, ապա մենք չենք կարողանա  այդ իրավունքներն իրացնել: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սոցիալական ապահովության, սակայն, ըստ Դավիթ Հարությունյանի, Սահմանադրությունը չի կարող ապահովել դրանց ծավալը. դրանք կատարվում են օրենքներով, բայց Սահմանադրությունը պետք է կարողանա ամրագրել ճկուն ու կենսունակ մեխանիզմներ դրանց օրենսդրական ճիշտ կառուցվածքային ամրագրման առումով: Խոսելով իրավունքի գերակայության մասին` Հանձնաժողովի անդամը նշել է, որ օրենքը պետք է գործի բոլորի համար, որպեսզի այն ունենա գերակա նշանակություն:

«Ամենակարևոր սկզբունքն այն է, որ պետությունն իր իրավունքն իրականացնելիս սահմանափակվի մարդու իրավունքներով: Մենք պետք է լրացուցիչ կարգավորումներով հասնենք այս ամենի իրագործմանը»,-հավելել է  նա: Խոսելով  իշխանության բաժանման ու հավասարակշռման մասին՝ Դավիթ Հարությունյանը շեշտել է, որ եթե այնպիսի իրավիճակ լինի, որ պառլամենտում մեծամասնությունը և հանրապետության նախագահը  տարբեր քաղաքական ուժերից լինեն, ապա տեղի կունենա քաղաքական բախում, անխուսափելի  կդառնա  քաղաքական ճգնաժամը: «Հայեցակարգով մենք ներկայացնում ենք մոտեցումներ, որոնցով պետք է կարողանանք հնարավորինս անվտանգ լուծումներ գտնել այս իրավիճակի համար»,-ներկաներին հավաստիացրել է Դավիթ Հարությունյանը: Պատասխանելով  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին՝ նա նշել է, որ այսօր կա գործադիր իշխանության երկվություն, մի մասի համար պատասխանատու է կառավարությունը, մյուս մասի համար` նախագահը, իսկ եթե այդ պատասխանատվության կատարման մեջ թերանում է կառավարությունը, ապա հնարավոր է պահանջել նրա հրաժարականը, իսկ նախագահի հրաժարական հնարավոր չէ պահանջել: «Ուրեմն պետք է լինի հանրային իրավական պատասխանատվություն բոլորի համար»,-եզրափակել է Հանձնաժողովի անդամը:

Գևորգ Դանիելյանը ներկաների ուշադրությունն է  հրավիրել իրավունքների իրականացման կարգի սահմանմանը` նշելով, որ դրանով ավելի կանխատեսելի կդառնան այդ մեխանիզմները` ապահովելով ժողովրդավարական սկզբունքների իրականացումը: Սահմանադրությամբ նաև ազգային անվտանգության հարց պետք է լուծվի, օրինակ` որոշ թեկնածուներ սկզբում նշում են, թե գումար չունեն առաջադրվելու համար, սակայն հետագայում գումար են հայթայթում անհասկանալի տեղից: Նա նշել է, որ այդ գործընթացը  պետք է թափանցիկ լինի, որպեսզի արտաքին ինչ-ինչ ուժեր չներգրավվեն: Ըստ Գևորգ Դանիելյանի` խորհրդարանական գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ որոշ հարցերում կարևորվի նաև խորհրդարանական փոքրամասնության կարծիքը, որի ձայնը անհրաժեշտ է: «Քաղաքական փոքրամասնության լիազորությունների ընդլայնման առումով կարևոր է, որ նրանք նույնպես հնարավորություն ունենան հանրաքվեներ նախաձեռնելու, և կունենանք ավելի կառուցողական քաղաքական ուժեր»,-եզրափակել է Հանձնաժողովի անդամը:

Հարցուպատասխանի ժամանակ փոխանակվել են մտքեր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային գրեթե բոլոր դրույթների վերաբերյալ: Մարզի բնակիչները  հետաքրքրվել են   կառավարման պառլամենտական մոդելի ներմուծման  միջազգային փորձով: Հարցադրումներ են  եղել սոցիալական պետության, դատական համակարգերի առնչությամբ, որոնց պատասխանել է Դավիթ Հարությունյանը` ասելով. «Մենք ամրագրել ենք իրավական, սոցիալական պետություն, սակայն սոցիալական պետության գաղափարախոսություն  ինչ-որ իմաստով ենթադրում է մարդու իրավունքների սահմանափակում, և սա խնդրահարույց է, քանի որ հարց է առաջանում՝ ուր մնաց իրավական պետության սկզբունքը: Ուրեմն պետք է կարողանանք այս ամենը ճիշտ կառուցել, ձևի և բովանդակության առումով»:  Անդրադառնալով դատական համակարգին վերաբերող հարցին  նա ասել է, որ տեղական դատարանները կարող են բարձրացնել  հանրային վստահությունը: Ըստ նրա՝ դատավորն ինքը պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու հանրավորություն ունենա, պետք է ապահովվի նրա անկախությունը:

Հանդիպմանը հնչել են առաջարկություններ, դիտողություններ ու դիտարկումներ ևս, որոնք քննարկվել են  հանձնաժողովի անդամների հետ:

Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 11-ին, ժամը 11:00-ին Վանաձորում:

 

Անկախ

Երբ գերմանացիները խաղում են ինչպես բրազիլացիները

2-rd nyut 852147Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի առաջին մասնակիցը դարձավ Գերմանաիայի հավաքականը, որը կիսաեզրափակչում անսպասելիորեն առավելության հասավ տանտերերի` Բրազիլիայի թիմի նկատմամբ` 7:1 հաշվով:

Ընդ որում, Բրազիլիայի հավաքականը ոչնչացվել էր արդեն առաջին խաղակեսում: Հանգստի գնալուց առաջ նրանք մրցակցին զիջում էին 0:5 հաշվով: Եզրափակչում Գերմանաիայի հավաքականը կխաղա մյուս կիսաեզրափակչի`Հոլանդիա – Արգենտինա մրցամարտի հաղթողի հետ: Այս խաղն ավարտվել է ուշ գիշերով:
Իսկ բրազիլացիները պետք է կարողանան բնականոն հունի մեջ մտնել ֆուտբոլային պատմության ընթացքում ունեցած երկրորդ ողբերգությունից հետո: 1950-ին տանն անցկացված աշխարհի առաջնության եզրափափակչում նրանք 1:2 հաշվով զիջել էին Ուրուգվայի հավաքականին: Տարիներ են անցել, սակայն բրազիլացիները չեն մոռացել այդ անհաջողության մասին, և հետո էլ ամեն ձախողում համեմատում էին դրա հետ: Ստացվում է, որ, Բելու Օրիզենտիում Գերմանիայի ընտրանիից կրած խայտառակ պարտությունից հետո, այդ անելու նոր շարժառիթ կա:
Կիսաեզրափակչի խաղը բրազիլացիների համար սարսափելի` մղձավանջի 90 րոպե էր: Բրազիլացի մարզասերները ֆուտբոլային խաղին հետևում էին արտասուքն աչքերում: Արտասվում էին բոլորը` երեխաները, կանայք, տղամարդիկ: Եվ զարմանալի չի լինի, որ մի երկրում, որտեղ ֆուտբոլը գրեթե հավատքի ուժ ունի, Գերմանիայի հավաքականից կրած պարտության օրը հայտարարվի ազգային սուգ` թեկուզ ոչ պաշտոնական:
2014-ի հուլիսի 8-ին Բրազիլիայի հավաքականն աշխարհի առաջնությունների տարեգրությունում կրեց իր ամենախոշոր հաշվով պարտությունը: Նախորդ մեծ ձախողումը գրանցվել էր 1998-ին, երբ Փարիզում կայացած աշխարհի առաջնության եզրափակչում նրանք Ֆրանսիայի հերկայացուցիչներին զիջել էին 0:3 հաշվով: Բայց հիմա բրազիլացիները նոր վերք ունեն:
Ընդ որում, Բրազիլիայի հավաքականը վերջին խաղում ջախջախվեց ընդամենը կես ժամվա ընթացքում:
Թերևս, այդ ամենի մեղավորը գերմանացի ֆուտբոլիստներն են, որոնք խաղում էին ինչպես բրազիլացիները:
Ի դեպ, Գերմնաիայի նրկայացուցիչների համար ևս կատարվածն զարմանալի է: Թիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոստովանել է.«Ոչ ոք չէր սպասում, որ հաշիվն այդքան խոշոր կլինի: Ինձ համար նույնպես անակնկալ էր: Մեր բախտը որոշ առումով բերեց: Հաջողվեց արագ գոլ խփել:4:0 հաշվի ժամանակ մրցակիցը խուճապահար էր: Բրազիլիայի հավաքականի խաղը քանդվեց, և արդեն ընդմիջմանը պարզ էր, որ հաղթելու ենք: Պետք է համեստ լինել և հասկանալ, որ առջևում ամենակարևոր խաղն է»:

Բնապահպանության նախարարն ընդունել է Մարտինա Կարբովսկու ղեկավարած պատվիրակությանը

004 (4)ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է   ԵՄ և ՀՀ համագործակցության շրջանակներում իրականացվող «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» ԵՄ Թվինինգ Ծրագրի Գերմանիայի Դաշնության կողմից ղեկավար Մարտինա Կարբովսկուն (Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնության, շրջակա միջավայրի պահպանության, շինարարության և միջուկային անվտանգության դաշնային նախարարություն /BMUB) և Թվինինգ ծրագրի Հայաստանում մշտական խորհրդատու Թեոդոր Յուրոչեկին:

Մարտինա Կարբովսկին, իր կողմից շնորհավորելով նորանշանակ նախարարին, փոխանցել է նաև ԳԴՀ բնության, շրջակա միջավայրի պահպանության, շինարարության և միջուկային անվտանգության դաշնային նախարարի շնորհավորական ուղերձը և հույս հայտնել, որ վերոնշյալ ծրագրի ավարտից հետո ևս կշարունակվի ՀՀ և ԳԴՀ համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությունը:

002 (2)Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և բարեմաղթանքների համար և նշել. «Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը բավականին կարևոր են մեզ համար, քանի որ դրանք օգնում են կատարելագործելու և բարեփոխելու ոլորտի կառավարումն ու վարչարարությունը: Այսպիսի ծրագրերից է նաև Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացման ծրագիրը, որը մեկնարկել է 2013-ի հունվարին, աշխատանքների մեծ մասն արդեն արված են և հուսանք, որ նախատեսված ժամկետներում կհասցնենք ավարտել այն: Մեր նպատակն է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, հզորությունների ամրապնդման միջոցով ձևավորել էկոհամակարգային մոտեցմամբ բնապահպանական համալիր թույլտվությունների տրամադրման և հսկման արդյունավետ համակարգ: Հուսամ, որ հետագայում ևս առիթ և հնարավորություններ կունենանք իրականացնելու համատեղ նոր ծրագրեր››:

 

 Անկախ

«Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է». Հովիկ Աբրահամյան

218403Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մասնակցել է Արևշատ համայնքի ամառանոցի ջրարբիացված արոտավայր: Այն ջրարբիացվել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրով: Կառուցվել է 14 կմ ջրագիծ և երկու խմոց, ինչի համար ներդրվել է 124,2 մլն դրամ, որի մի մասը կառավարության պահուստային ֆոնդից: Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսվում է ձեռք բերել 47 մլն դրամի գյուղտեխնիկա: Ակնկալվում է, որ արոտավայրից կկարողանա օգտվել 1200 խոշոր եղջրավոր անասուն: Արևշատցիների խոսքով՝ ծրագիրը հրատապ էր և այն կնպաստի համայնքում անասնպահության զարգացմանը:

Դիմելով արևշատցիներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը լինելու է գյուղացու կողքին «Նման ծրագրերը պետք է լինեն շարունակական: Մենք պետք է ժամանակի ընթացքում լուծենք մեր գյուղացիների առջև ծառացած խնդիրները: Լինելու են պայմանավորվածություններ, խոստումներ մեր հնարավորությունների սահմաններում, որոնք իրականացնելու ենք»,- ասել է վարչապետը: Հովիկ Աբրահամյանը կարևորել է ջրարբիացված արոտավայրի առկայությունը համայնքում և շնորհակալություն հայտնել արևշատցիներին՝ ջերմ ընդունելության համար:

Վարչապետի հաջորդ կանգառն Ախուրյան համայնքն էր, որտեղ կառավարության ղեկավարին են ներկայացրել բնակելի շենքերի շինարարական աշխատանքներին վերաբերող մանրամասներ: Նշվել է, որ Ախուրյան համայնքում 136 ընտանիքի համար կառուցվելիք 4 բազմաբնակարան շենքից՝ 3-ի (104 բնակարան) շինարարական աշխատանքները վերսկսվել են 2014 թվականին, իսկ 4-րդ շենքի շինարարությունը (32 բնակարան) դեռևս չի սկսվել:

Պատասխանելով լրագրողների հարցին՝ 4-րդ մասնաշենքի շինարարությունը ձգձգվելու մասին հարցին՝ վարչապետը նշել, որ փորձելու է ճշտել պատճառները և լուծում տալ: Հարցը կքննարկվի նաև մարզպետարանում կայանալիք խորհրդակցության ժամանակ:
Այնուհտև վարչապետն այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ հանդիպել ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմին: Հովիկ Աբրահամյանը և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատասխանել են նրանց հուզող հարցերին, որոնք առնչվել են կրթության որակին, ուսանողների ուսման վարձին, աշխատանքային ուսումնական պրակտիկային և այլն: Կառավարության ղեկավարը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին քննարկել ներկայացված խնդիրները և գտնել համապատասխան լուծումներ:

Առաջարկվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի համար նախատեսվող հեռակա ասպերանտուրայի տեղերի մի մասը հատկացնել Գյումրու մասնաճյուղին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ առաջիկայում կրկին այցելելու է համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ քննարկելու ապագա ծրագրերը: Վարչապետն ընդգծել է, որ յուրաքանչյուր պայմանավորվածություն լինելու է գործ և այդ կարգը յուրաքանչյուրը պետք է պահպանի: «Իշխանության և բնակչության միջև անջրպետը պետք է վերանա: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ մարդիկ խոստումներ են տվել և չեն իրականացրել: Կարծես թե հավատի, վստահության պակաս կա և մենք դա հաղթահարելու ենք ու դրա համար կա քաղաքական կամք: Մեզ համար կարևորը քաղաքացուն բարեկեցիկ կյանքով ապահովելն է: Այսօր կարծես ակտիվանում է ազգաբնակչության և կառավարության կապը: Յուրքանչյուր դեպքի կառավարության անդամները արձագանքում են և այցելում մարզեր, համայնքներ: Մարդկանց աշխատանքով ապահովելը կառավարության գերակա խնդիրն է, և մենք փորձելու ենք առաջիկայում նեդրումներ ներգրավել, ստեղծել նոր աշխատատեղեր: Մենք անպայման ունենալու ենք հաջողություն և ես դրանում չեմ կասկածում»,- ընդգծել է Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետև վարչապետն ուսանողներին է ներկայացրել նոր կառավարության ձեռնարկած քայլերը և ծրագրերը, որոնք առնչվում են փոքր և միջին բիզնեսին, այդ բնագավառում հավասար պայմանների ստեղծմանը, գործարար միջավայրի բարելավմանը, սոցիալական խնդիրների լուծմանը և այլն:

 

Անկախ

Կիրականացվեն գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ծրագրեր

g_imageՀուլիսի 9-ին ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերում ներկայացված հայտերը։ Այս անվանակարգում ընդունվել է 14 հայտ։

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ, մրցութային հանձնաժողովի անդամ Հովհաննես Օհանյանը բավարար գնահատեց ներկայացված հայտերը։ Նա առանձնացրեց մարզային համայնքներում բնակիչների հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև բնակիչների՝ համայնքային կյանքի կառավարմանը, զարգացմանը ներգրավվելուն ուղղված ծրագրերը։

Հովհաննես Օհանյանը նկատեց, որ գյուղական համայնքների խնդիրներին առնչվող անվանակարգերն անհրաժեշտ են։ «Մեզ պետք են ծրագրեր հատկապես հեռավոր, սահմանամերձ տարածքներում։ Պետք է կարողանանք խթանել զբաղվածությունն այդ շրջաններում, աշխատանքներ կատարենք գյուղերում տեղական ինքնակառավարման գործընթացին բնակչության մասնակցության խթանման ուղղությամբ»,- նշեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչը։

 

Անկախ

Պահնորդների կազմակերպությունների լիցենզավորումը ոլորտը մենաշնորհելու վտանգ է ստեղծել

DSC09735Հուլիսի 1-ից պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպությունները պետք է լիցենզավորվեն՝ համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ օրենքի առաջացրած դժվարությունների մասին խոսեցին Պահնորդական գործունեություն իրականացնող և պահնորդներ (թիկնապահ) ուսուցանող կազմակերպությունների միության նախագահ Հովհաննես Պետրոսյանը և պահնորդական ծառայություն իրականացնող  կազմակերպությունների ղեկավարներ:

Ըստ Պետրոսյանի հայտնած տվյալների` ՀՀ-ում մոտ 10 հազար անձ աշխատում է որպես պահնորդ, շուրջ 4000 պահնորդ ունի որակավորման վկայական, և 06.06.2013 –ից ՀՀ ոստիկանությանն են դիմել շուրջ 900 անձ և, ըստ դիմողների ցուցակի,  մինչև 2014 թվականը որակավորման ստուգում են անցել մոտ 300 անձ,  2014թ.-ի հունվար ամսին որակավորման ստուգում է անցել մոտ 40 մարդ, մայիսի 23-ին մոտ 45 անձ, իսկ հունիսի 20-ին` 27 անձ. Ստացվում է, որ մեկ տարում ՀՀ ոստիկանությունում ամեն ամիս 35 պահնորդ անցել է որակավորման ստուգում և իրավունք ունեն աշխատել որպես պահնորդ, իսկ մնացած որակավորում չունեցող մարդիկ  որպես պահնորդ աշխատելու իրավունք չունեն:

«Ոստիկանությունը բացահայտ հայտարարել է, որ մրցակից է մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ, ինչը անթույլատրելի է, քանի որ ՀՀ կառավարության կողմից լիազոր մարմինը ՀՀ ոստիկանությունն է, ուստի մասնավոր կազմակերպությունները գերիշխող դիրք զբաղեցնող  պետական գերատեսչկան ապարատի հետ մրցակից չեն կարող լինել». – ասաց Հովհաննես Պետրոսյանը` ընդգծելով, որ սա ոլորտում մենաշնորհի և անբարեխիղճ մրցակցության վտանգ է ստեղծել:

Նա նաև փաստեց, որ ՀՀ օրենքի հոդված 12-ի համաձայն` թիկնապահի և պահնորդի իրավական կարգավիճակը, 3-րդ ենթակետը չի պահանջում պահնորդի գործառույթներ իրակացնելու համար համապատասխան որակավորման ստուգումը հավաստող փաստաթուղթ.

«Երկու տարում պայքարում են Օրենքում և ՀՀ կառավարության որոշումներում համապատասխան փոփոխություններ կատարելու համար, սակայն ՀՀ ոստիկանությունը չի ցանկանում դա, բազմիցս կատարվել են քննարկումներ, առկա են ոստիկանության գրավոր դիրքորոշումները, մշտապես ` բանավոր, երաշխիքներ են տվել, որ ամեն ինչ կարվի հօգուտ հանրության: Այսօր արդեն արդեն պարզ դարձավ, որ բանավոր երաշխիքները առ ոչինչ են», – ասաց նա:

Այս խնդիրը լուծելու համար միության նախագահը դիմել է ՀՀ վարչապետին և արդեն նախնական պայմանավորվածություն ձեռքբերել հանդիպման մասին:

 

Անկախ

«Կարեն Մկրտչյանը շառլատան է, ով խաբեությամբ յուրացրե՞լ է իրեն հանգանակված 80.000 եվրոն

կարեն-մկրտչյան

Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Ալեքսանյանն այսօր իր էջում սենսացիոն հրապարակմամբ է հանդես եկել: Նա գրել է, որ դերասան Կարեն Մկրտչյանը, որի բուժման նպատակով ավելի քան 80. 000 եվրո էր հավաքվել, ոչ այլ ինչ է, քան սովորական շառլատան:

Նա մասնավորապես գրել է.

Նախապես ասեմ, որ ինքս էլ ոգևորված չեմ այն պատմությամբ, որն այժմ ձեր դատին եմ հանձնում, ու շատ անգամ եմ այն հավաքել համակարգչիս մեջ, բայց ձեռքս դողացել է «հրապարակել» կոճակին սեղմելիս: Պատմությունը, որը ձեզ հիմա պատմելու եմ, ու փաստերը, որոնք բերելու եմ, ծայրահեղ տհաճ են ու ցավեցնող: Տհաճ են առաջինը այն տեսանկյունից, որ փչացնելու են մի շատ գեղեցիկ պատմություն, որում գլխավոր հերոսը դժվար կացության մեջ հայտնված մի խեղճ դերասան է, և ողջ ազգը շտապում է նրան օգնության: Իհարկե, հասկանում եմ, որ այս թեմայի արծարծումը նման տեսանկյունից կարող է և վնասել միանգամայն անմեղ ու ազնիվ մարդկանց, որոնք իսկապես օգնության կարիք ունեն, բայց ինչպես ասում են, դառը ճշմարտությունն ավելի նախընտրելի է կեղծիքից: Ու թող որ այդ կեղծիքը լավն է, գեղեցիկ է ու հուսադրող, բայց ես ձեզ կպատմեմ այն, ինչ գիտեմ՝ առանց խմբագրելու ու փաստերը թաքցնելու:

Այսօր՝ 2014 թվականի հուլիսի 9-ին, համբերությանս բաժակը վերջապես լցվեց: Դա եղավ այն բանից հետո, երբ առավոտյան աշխատանքի շտապելիս երթուղայինում ոտքի վրա կարդացի դերասան Կարեն Մկրտչյանի հարցազրույցը այն մասին, որ ինքն ապաքինվել է, ավելին՝ պատրաստվում է ֆիլմ նկարել: Ուշադրություն, խնդրում եմ, ֆիլմ նկարել է պատրաստվում մի մարդ, ով ամիսներ առաջ անգամ գումար չուներ, որ ընտանիքի նվազագույն կարիքները հոգար և հազիվ տան վարձն էր վճարում, իսկ հիմա նա այդքան ազատ միջոց ունի ֆիլմ նկարելու համար:

Ավելի ճիշտ կլինի սկսեմ ամենասկզբից: Դերասան Կարեն Մկրտչյանի վրա հարձակում է տեղի ունենում, որի արդյունքում նա հոսպիտալացվում է, ու բժիշկներն առանց վարանելու նրա մոտ ախտորոշում են «ուղեղի ցնցում»: Ամիսներ անց նրան այցելում մի լրագրող և Կարենից վերցնում մի հարցազրույց, որն ամիսներ անց դառնալու էր նրա բուժման հիմնական երաշխավորը:


Սովորական ուղեղի ցնցումից հետո Կարենը հայտարարում է, որ էլ չի կարող քայլել, ապա սկսում է կակազել, ապա առհասարակ դադարում է խոսել: Ի դեպ, նա կակազում է շատ վատ: Գուցե նա դերասան է, բայց վատ դերասան է: Տեսանյութը դիտած լոգոպեդ ընկերներս փաստեցին, որ կակազող մարդը չի կարող նման կերպ կակազել: Որոշ տառեր նա չի կարողանում արտասանել, ապա տեսանյութի վերջնամասում այդ տառերն արտասանում է ու սկսում է կակազել միանգամայն այլ տառերի վրա: Փաստացի, եթե Կարենը խնդիր ունենում է խոսելու հետ, դա չի լինում այն ձևով, որը նա ներկայացնում է տեսանյութում: Կոպիտ ասած՝ նա դերասան է և դերասանություն է անում: Դա նրա մասնագիտությունն է: Ամեն դեպքում, չկենտրոնանանք սրա վրա:

Տեսանյութից հետո լրատվական դաշտում սկսվում է իսկական արշավ ու հանգանակություններ են սկսում հոսել դեպի Կարենի բանկային հաշիվը: Ընթացքում տարբեր մարդիկ սկսում են պատմության մելամաղձոտ երանգներ հաղորդել. Կարենը ազատամարտիկ է (ՊՆ-ն ու որևիցէ այլ պատկան մարմին այդպես էլ չի հաստատել Կարենի ազատամարտիկ լինելու փաստը): Հիշեցնեմ, որ նույն կերպ ասում էին, որ շատ հզոր ազատամարտիկ ու հերոս է նաև Մոսկվայում վթարի ենթարկված Հրաչյա Հարությունյանը: Բայց ինչևիցե: Մենք սիրում ենք հորինել ու ճոխացնել, ապա հիասթափվել՝ պարզելով, որ շատ ենք ճոխացրել:
Ապա սկսում են տարածվել ինչ-որ դավադրության տեսություններ այն մասին, որ որակյալ դերասանների որս է գնում ու դրանով էլ ավելի հերոսացնել Կարեն Մկրտչյանին:

Ապա մամուլում նորից սկսում է հայտնվել Կարեն Մկրտչյանի բնակարանը, որտեղ նա վարձով է մնում: Հետագայում պարզվում է, որ դա ոչ թե վարձով տուն էր, այլ նրա աներոջ բնակարանն էր:

Ապա հնչեցվում է պատմության ամենակարևոր թիվը՝ 80.000 եվրոն: Ըստ թիվը հրապարակողների՝ հենց այս հսկայական գումարն էր անհրաժեշտ Կարենին վիրահատելու համար: Հիշեցնեմ, որ Կարենի մոտ ախտորոշվել էր սովորական ուղեղի ցնցում, որը գրված է նաև նրա էպիկրիզում, իսկ այդ գումարով, օրինակ, Գերմանիայում, որտեղ մեկնեց Կարենը, կարող են փոխպատվաստել երիկամ և ոսկրածուծ միանգամից (յուրաքանչյուր վիրահատության գինը 30.000-ից 40.000 եվրո է):

Ապա հայտնվում է մի բարերար, ով, տեսանյութից հուզված, հանձն է առնում վճարել Կարենի վիրահատության ողջ գումարը և նրան խնդրում է իրեն ուղարկել էպիկրիզն ու հիվանդանոցի տեղեկանքը՝ պահանջվող ծախսերի մասին: Կարենը, իհարկե, դա չի անում, որովհետև նման տեղեկանք հիվանդանոցից վերցնելն անհնար է, քանի որ նման դիագնոզով 80.000 եվրո արժողությամբ վիրահատություն չեն անում:

Արդյունքում Կարենը հավաքում է «անհրաժեշտ» գումարը գերազանցող գումար ու ընկերոջ հետ մեկնում է Գերմանիա: Նկատենք, որ ոչ թե կնոջ կամ մեկ այլ հարազատի, այլ հենց ընկերոջ, ում հետ ոտատակ է տալու Գերմանիան, ու ում հետ կայֆավատ լինել սկսեց հենց ինքնաթիռից: Իսկ այդ տեսանյութը, որտեղ տղերքը ջան են ասում, ջան լսում ու կատակում, հեռացվեց յութուբից:
Ի դեպ, այն մասին, որ գումարը հավաքվել է, Կարենը ասում է այն ժամանակ, երբ արդեն կասկածներ էին շրջանառվում, որ հավաքվել է 80.000 եվրոյից ավել գումար: Ու Կարենը դա անում է մարդկանց բերանը փակելու համար ու մեկնում:
Ապա Կարենը իր ուրախ ընկերոջ հետ ժամանում է Գերմանիա ու հետազոտվելուց հետո պարզվում է, որ արի ու տես, որ ոչ մի վիրահատություն էլ անհրաժեշտ չէր: Նրան ինչ-որ դեղեր են նշանակել, մասաժներ են արել ու հաշված շաբաթներում Կարենը վերականգնվել է: Ընթացքում ազատամարտիկ և հերոս Կարենը, իհարկե, չէր մոռանում հուզախառն նկարներ նկարվել ու նամակներ ուղարկել Գերմանիայից:
Ապա Կարենը գալիս է Հայաստան, նրան դիմավորում են իբրև հերոսի, ով պայքարեց ու հաղթեց հիվանդությանը: Հիմա էլ նա ասում է, որ դեռ բուժման մի կուրս էլ ունի, բայց արդեն լավ է ու իրեն նվիրելու է արվեստին ու ֆիլմ է նկարելու: Փաստորեն, փողը Կարենի մոտ գյոլ ա տվել:
Հիմա հարցս Կարենին: Եթե դու շառլատան չես ու մեզ խաբելով չես գնացել Գերմանիա, ապա բարի եղիր, հրապարակիր ծախսերդ, որ արել ես այնտեղ: Դու դա անել պարտավոր ես, որովհետև հանրությունը քեզ օգնել է, ու դու պարտավոր ես հաշվետվություն ներկայացնել քեզ օգնած հանրությանը: Ո՞ւր են այն գումարները, որոնք ավելացան, երբ պարզեցիր, որ ոչ թե վիրահատվելու ես, այլ դեղային բուժում ես ստանալու: Ինչո՞ւ ես լռում դրանց մասին: Ինչո՞ւ չես ավելացած գումարներով օգնում հիվանդ երեխաների»,-գրել է օգտատերը:

 

Հիշեցնենք, որ դերասան Կարեն Մկրտչյանը 2013-ի դեկտեմբերի 26-ին անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել իր բնակարանի մուտքում և հոսպիտալացվել՝ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ, որից հետո գտնվում էր անվասայլակին, կակազում էր և դժվարությամբ էր շարժվում:

Նրան Գերմանիա բուժման ուղարկելու նպատակով Հայաստանում կազմակերպվել էր մեծ դրամահավաք, որի օգնությամբ դերասանն ընկերոջ հետ մեկնել էր և օրերս վերադարձել Հայաստան՝ գրեթե ապաքինված։

Անկախ

Հոլանդիա – Արգենտինա մրցամարտից առաջ

43454Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր հայտնի կդառնա եզրափակիչ դուրս եկած Գերմանիայի թիմի մրցակիցը: Եզրափակիչի երկրորդ մասնակիցը կորոշվի Հոլանդիա – Արգենտինա  մրցամարտում:

Արգենտինայի ընտրանին 24 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ հանդես կգա կիսաեզրափակիչում:

Հոլանդիայի հավաքականն իր հերթին կփորձի կրկնել անցած առաջնության հաջողությունը: Չորս տարի առաջ Հարավային Աֆրիկայում կյացած աշխարհի առաջնությունում Հոլանդիայի թիմը դարձել էր փոխչեմպիոն:

Սան Պաուլոյի «Արենա Կորինտիանս» մարզադածտում կայանալիք խաղը կսպասարկի թուրք մրցավար Ջունեյթ Չաքիրը:

Հոլանդիայի և Արգենտինայի հավաքականներընախկինում միմյանց հետ ուժերն են չափել 8 անգամ: 4 հաղթանակ են տարել Հոլանդացիները, 3 խաղ ավարտվել   է ոչ- ոքի: Արգենտինացիները հաղթել են  մեկ հանդիպումում: Խփած և բաց թողած գնդակների տարբերությունն է` 13:6՝ հոգուտ հոլանդիացիների:

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Արգենտինայի հավաքականին, որի հաղթանակի գործակիցն է` 2,4 է: Հոլանդիայի թիմի հաղթանակը գնահատվում է 3,2 գործակցով, իսկ ոչ -ոքին ունի 3,3 գործակիցը:

Հավաքակակնների հավանականն կազմերը.

 

Հոլանդիա. Յասպեր Սիլեսեն, Ռոն Վլար, Ստեֆան դե Վրեյ, Բրունո Մարտինս Ինդի, Դեյլի Բլինդ, Դիրկ Կայտ, Նայջել Դե Յոնգ, Ուեսլի Սնեյդեր, Մեմֆիս Դեպայ, Արյեն Ռոբեն, Ռոբին վան Պերսի:

Արգենտինա. Սերխիո Ռոմերո, Պաբլո Սաբալետա, Մարկոս Ռոխո, Էզեկյել Գարայ, Խոսե Բասանտա, Խավյեր Մասկերանո, Լուկաս Բիլյա, Էնցո Պերես, Լիոնել Մեսի, Գոնսալո Իգուաին, Սերխիո Ագուերո:

Հոլանդիա – Արգենտինա հանդիպումը կմեկնարկի կեսգիշերին:

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

1404904383,1784Հուլիսի 9-ին, ժամը 00.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սախարովի հրապարակում բախվել է Ա. Սախարովի հուշարձանի բետոնյա պատնեշին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 8-ին, ժամը 10.45-ին, «FAW» մակնիշի ավտոբուսի վարորդը Նորագավիթի 1-ին փողոցի թիվ 1/6 հասցեի մոտ կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 2 ուղևորուհիները վայր են ընկել սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 8-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ 56-ամյա մի տղամարդ բուժօգնության է դիմել և հայտնել, որ հուլիսի 7-ին, ժամը 13.00-ին, Երևանի Սևանի փողոցի թիվ 86 շենքի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 8-ին, ժամը 22.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 54-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է Թբիլիսյան խճուղու թիվ 3/2 հասցեի մոտ` վայր ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, «Մերսեդես Բենց C-180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նշված հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հիվանդանոց դիմած կնոջը:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 4-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ հոնքի, աջ շրթունքի, ձախ նախաբազկի պատռած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 26-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է իրենց տան կտուրից վայր ընկնելու հետևանքով:
Նյութերի նախապատրաստման ընթացքում երիտասարդը բացատրություն է տվել, որ վնասվածքն ստացել է հուլիսի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, գտնվելով «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայում, որը Մխչյան-Բյուրավան ճանապարհի 1-ին կմ-ին շրջվել է:
Կատարվում է նախաքննություն:

***
Հուլիսի 8-ին, ժամը 08.30-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 27-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի 2 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 8-ին, ժամը 11.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1956 թ. ծնված Միքայել Մ.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է վրաերթի հետևանքով:
Պարզել է, որ հուլիսի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում, դեռևս չպարզված վայրում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Միքայել Մ.-ին` պատճառելով նշված վնասվածքը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 8-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Միքայել Մ.-ին Բալահովիտ գյուղում գտնվող ռեստորանի մոտ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Գագիկ Խ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` Գագիկ Խ.-ն հուլիսի 8-ին, ժամը 19.40-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կոտայքի մարզում` Մրգաշեն-Քանաքեռավան ճանապարհի 1-ին կմ-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 8-ին, ժամը 07.30-ին, «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Կապանի Գ. Արզումանյան փողոցում բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Անկախ

Դպրոցականների ճամբարներ է մեկնել երևանցի ևս 425 աշակերտ

ճամբարԵրևանի բոլոր վարչական շրջաններից հուլիսի 9-ին Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներ 20-օրյա հանգստի Է մեկնել ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շահառու դպրոցականների երկրորդ հերթափոխը ՝ 425 երեխա։

Վաղ առավոտյան յուրաքանչյուր վարչական շրջանի աշխատակազմի շենքի բակից սահմանված ժամին երեխաներին ճամբար են ճանապարհել ծնողները, վարչական շրջանի ղեկավարները։

Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում դպրոցականներին ճանապարհելու միջոցառմանը մասնակցել է նաև քաղաքապետարանի հանրակրթության պետ Գայանե Սողոմոնյանը։ Ծնողների հետ զրույցում հանրակրթության վարչության պետը ներկայացնել է նախօրեին ճամբարում արձանագրած արդյունքները և հավաստիացրել, որ երեխաները 20 օր շարունակ շրջապատված են լինելու մեծ հոգատարությամբ և ուրախ առօրյայով։

Երևանից ճամբարներ մեկնող երեխաներով ավտոբուսները ուղևորվել են Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։ Յուրաքանչյուր խմբի հետ մեկնել են մեկական բժիշկ և բուժքույր։ Ճամբարներում ևս սահմանված է բժիշկների շուրջօրյա հերթապահություն։

Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը ևս 425 երեխա հանգստանալու կմեկնի Ծաղկաձոր և Հանքավան։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին

DSC03809ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Նախարարը ողջունելով դեսպանին նշել է, որ բարձր է գնահատում 2 երկրների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ոլորտում համագործակցությունը, համատեղ ուսումնամարզական հավաքների կազմակերպումը և անցկացումը:

Դեսպանը, շնորհավորելով Գաբրիել Ղազարյանին՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան է փոխանցել ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ջերմ ողջույններն ու հույս հայտնել, որ ապագայում 2 երկրների սպորտի պատասխանատուների փոխադարձ այցելությունների կազմակերպումն առավել կսերտացնեն համագործակցությունը նշված ոլորտներում:

Հանդիպման ընթացքում նախարարն ու դեսպանը քննարկել են նաև սպորտի բնագավառում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի անհրաժեշտությունը, որն իր հերթին էլ ավելի կնպաստի Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության խորացմանը:

 

Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2014թ. առաջին կիսամյակի գնահատման և վերլուծության արդյունքները

001 (3)Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2014թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:  

Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում անցած վեց ամիսների կտրվածքով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արաբկիր, երկրորդը՝ Ավան, իսկ երրորդ տեղը` Դավթաշեն վարչական շրջանները: 2014թ. առաջին կիսամյակի ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով` ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:

Անդրադառնալով վարչական շրջանների գրանցած արդյունքներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հատկանշելով Արաբկիր վարչական շրջանի գրանցած ցուցանիշը, ընդգծել է, որ այն լավագույնս ապացուցում է գնահատման համակարգի ներդրման արդյունավետությունը. «Բոլորդ եք հիշում, որ դեռևս երկու տարի առաջ Արաբկիրը զբաղեցնում էր 10-րդ հորիզոնականը: Բայց հետևողական և սրտացավ աշխատանքի արդյունքում վարչական շրջանի ողջ թիմը հասավ ցանկալի այն արդյունքին, որն ունի այսօր, ինչի համար և իմ շնորհակալությունն ու գոհունակությունն եմ փոխանցում Արաբկիրի ողջ թիմին: Անշուշտ, գովելի է նաև այն ակնհայտ մրցակցային ոգին, որ ձևավորվել է վարչական շրջանների միջև: Եվ, այս ամենը հաշվի առնելով, ինձ համար անընդունելի է հատկապես այն վարչական շրջանների աշխատակարգը, որոնք նախկինում զբաղեցրել են բարձր հորիզոնականներ, սակայն այսօր զիջել են իրենց դիրքերը: Ըստ այդմ, իմ հորդորն ու պահանջը ձեզանից այն է, որ երբևէ չբավարարվեք ձեռքբերածով ու շարունակեք անել հնարավորը՝ մշտապես բարձր ցուցանիշներ արձանագրելու համար»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին էլ քաղաքապետը հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում փորձել շտկել նկատված բացթողումները: Ըստ այդմ, քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերին էլ հանձնարարվել է տեղերում աջակցել վերոնշյալ վարչական շրջանների աշխատակազմերին՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և ի հայտ եկած թերությունները շտկելու նպատակով. «Երևանցիների սպասելիքները մեր թիմից իսկապես մեծ են, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է իր հետևողական, սրտացավ ու ամենօրյա աշխատանքով արդարացնել նրանց սպասելիքները»,- ընդգծել է քաղաքապետը:

Խորհրդակցության վերջում, անդրադառնալով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարված և ընթացիկ աշխատանքներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելու համար պետք է յուրաքանչյուր տարի գերազանցվեն քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերով իրականցվող աշխատանքների արդյունքներն ու ծավալները, ինչը մեծապես պայմանավորված է հենց տեղերում իրականացվող կանոնակարգված գործունեությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը կդիմի Սահմանադրական դատարան

Դուրս մեր գրպանից«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունը պահանջում է վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները.  մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը:

Այժմ շարժման անդամ Արմեն Եփրեմյանը, նշում է, որ իրենց գերակա խնդիրը համաներման հասնելն է այն վարորդների նկատմամբ, ովքեր ժամանակին չեն կարողացել վճարել և արդյունքում նրանց տուգանքները եռապատկվել կամ հնգապատկվել են. «Մեր պահանջներին ի պատասխան կառավարությունը հայտարարել է, որ հարցը ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ է ստեղծել, որի կազմում եղել են  հասարակական կազմակերպություններ (որոնց մասին մենք իհարկե ոչինչ չգիտենք): Որոշում է կայացվել զիջումների գնալ և տուգանքների չափերը որոշ չափով նվազեցնել: Մենք կարծում ենք, որ դա բավարար չէ, քանի որ համաներում չի հայտարարվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր նախկինում խախտել են կանոնակարգը», – ասաց նա` ընդգծելով, որ իրենք դեմ չեն տուգանքներին , պարզապես «դրանք պետք է համահունչ լինեն մարդկանց գրպանին»:

Ըստ նախաձեռնության մեկ այլ մասնակից Արմեն Պետրոսյանի` համաներում չհայտարարելը անտրամաբանական է, քանի որ կառավարությունը ընդունել է, որ ներկայիս կանոնակարգը թերություններ ունի «Կառավարության կողմից արդեն որոշ չափով մեղմացվել են տուգանքների չափերը, այսինքն` նրանք ընդունում են, որ նախկին օրենքը՝ տուգանքների գների հետ կապված, սխալ է եղել», – ասաց նա:

Արմեն Պետրոսյանի խոսքով` իրենք դեմ չեն նորմալ երթևեկությանը, բայց չեն ընդունում, երբ հետապնդում են բիզնես շահեր ու ոչ թե քայլեր են անում նրա համար, որ երթևեկությունը կանոնակարգվի:

Նշենք, որ «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հաջորդ երթը տեղի կունենա հուլիսի 17-ին. դրա նպատակը մարդկանց իրազեկումն է, իսկ կարգախոսն է` «Չենք վճարում տուգանքները»:

Դրանից հետո նախաձեռնությունը ծրագրում է ակցիաներ իրականացնել նաև մարզերում:

 

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 8-ից 9-ը)

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 12-ը, յուրացման 4 և խարդախության 10 դեպքերը բացահայտվել են:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 5, գողության և խարդախության 2-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախօպերատիվ իրավիճակ

Ձայնաազդանշանային սարքեր` անբավարար տեսողությամբ հետիոտների համար

ձայնաազդանշանայինԱնբավարար տեսողությամբ հետիոտների երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով` հուլիսի 9-ին ճանապարհային ոստիկանության կողմից Երևան քաղաքի Թումանյան և Աբովյան փողոցների խաչմերուկի հետիոտնային անցումների վրա առկա հետիոտնային լուսացույցերի հետ տեղադրվել են նաև ձայնաազդանշանային սարքեր, որոնք միանում են հետիոտնային լուսացույցերի կանաչ ազդանշանների հետ միաժամանակ։

Անկախ

ԱՄՆ նախագահը առաջարկել է Ադրբեջանում դեսպանի նոր թեկնածուին

2 (1)ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է Ռոբերտ Ֆրենսիս Սեքութայի թեկնածությունը, տեղեկացնում է “Թրենդ” գործակալությունը։

2012թ.-ից մինչ օրս ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարն է, որի լիազորություններն ավարտվում են 2014թ.-ի օգոստոսին։

Սեքութան ԱՄՆ պետքարտուղարի՝ էներգետիկ հարցերով տեղակալի առաջին օգնականն է։

Նա աշխատել է նաև արտերկրում՝ Տոկիոյում (2007-2009թթ.-ին) և Բեռլինում (2003-2007թթ.-ին), որտեղ նա համակարգել է ԱՄՆ-ի կառավարության մասնակցությունը տնտեսական հարցերում։

Անկախ