Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանում
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ հանրապետության տարածքում՝
Հուլիսի 22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ, առանձին վայրերում հնարավոր է նեցին, կարկուտ:23-26-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 22-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում 5-6 աստիճանով, 23-25-ին կբարձրանա 5-6, արևելյան շրջաններում 7-8 աստիճանով:

Երևանում՝
Հուլիսի 22-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ• Օդի առավելագույն ջերմաստիճան 40.10C (1989թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 14.40C (1983թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 27.20C

Ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում (լրացված)

պայթյունՀուլիսի 22-ին, ժամը 11.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից վարորդ` Ա. Խ.-ը (ծնվ. 1967թ.-ին ) տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռ. Խ.-ը (ծնվ. 1961թ.-ին) , Ա. Բ.-ը ( ծնվ. 1961թ.) և Գ. Ա.-ը ( ծնվ. 1971թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ուղղաթիռով տեղափոխվել են «Զվարթնոց» օդանավակայան և հոսպիտալացվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Ռումինիայի քարանձավում 36,500 տարվա հնություն ունեցող մարդկային ոտնահետքեր են հայտնաբերվել

Oldest human footprintsՀետազոտողները Ռումինիայի Սիուր Իզբուկ քարանձավում հայտնաբերել են Եվրոպայի ամենահին, մարդկային ոտնահետքերից մեկը:

Ի սկզբանե՝ 400 ոտնահետքերը Կարպատներում հայտնաբերվել են 1965 թ-ին: Այդ ժամանակ ենթադրվում էր, որ դրանք պատկանում են մի տղամարդու, կնոջ և երեխայի և համարվում էր, որ դրանք 10,000-15,000 տարվա հնություն ունեն:

Սակայն այժմ ռադիոածխածնային չափումների արդյունքում պարզվել է, որ դրանք 36,500 տարվա հնություն ունեն:

Քարանձավի հետազոտողները վնասել են այդ ոտնահետքերը, որոնցից միայն 51-ն է մնացել անվնաս: Այնուամենայնիվ՝ այժմ ենթադրվում է, որ քարանձավում վեցից յոթ մարդ է եղել՝ ներառյալ առնվազն մեկ երեխա, որոնք քարանձավում պատսպարվել են ջրհեղեղից:

Ռումինիայում հայտնաբերված ոտնահետքերը համարվում են ամենահին ոտնահետքերից մեկը, սակայն հետազոտողները կարծում են, որ դրանցից ավելի հին ոտնահետքեր ևս հայտնաբերվել են:

Օրինակ՝ 2011թ-ին գիտնականները հայտնել են, որ Տանզանիայի Էնգարե Սերո վայրում հայտնաբերված ոտնահետքերը 120,000 տարվա հնություն ունեն:

Այդ հայտնագործությունը դեռևս չի հրապարակվել:

 

Ազատության պողոտայի և Ն. Զարյան փողոցի խաչմերուկում

ավտոպատահարՀուլիսի 22-ին, ժամը 19.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Ն. Զարյան փողոցի խաչմերուկում մարդատար ավտոբուսը բախվել է սյանը կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Բոգդան» մակնիշի, 3489L պետհամարանիշի N 267 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է «Մերսեդեսին» E 320 մակնիշի 34 AS 555 վարորդ Տիգրան Վարդապետյան, ավտոմեքենային, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակի սյանը, ինչից Ս. Մ.-ը ծնվ. 1963թ. Ա. Խ.-ը ծնվ. 1998թ. Լ. Հ.-ը ծնվ. 1959թ. Ա. Հ. ծնվ. 1959թ. տեղափոխվել են 1-ին համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ 5 ուղևոր տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Քնած երեխային հսկող չորս կոբրաները (տեսանյութ)

Baby - COBRASYouTube կայքում տարածվել է քնած երեխային հսկող չորս կոբրաների տեսանյութ:

Տեսանյութում երեխան քնած է մանկական մահճակալի վրա, իսկ չորս կոբրաները պաշտպանական կեցվածքով շրջապատել են մի քանի ամսական երեխային:

Մի պահ քնած երեխան բռնում է օձերից մեկին, սակայն մահացու կենդանուն դա չի անհանգստացնում:

Օգտատերերից ոմանք մեկնաբանությունների հատվածում գրել են, որ դա պարզապես հնարք է, իսկ օձերի թունավոր ատամները հանված են և բերանները փակված:

Պարզ չէ, թե այդ տեսանյութը որտեղ է նկարահանվել, սակայն կոբրաները հիմնականում բնակվում են Հնդկաստանում և հարավարևելյան Ասիայի այլ մասերում:

«Քնած երեխային հսկող օձերը» վերնագրով տեսանյութն առաջին անգամ համացանցում տեղադրվել է 2013 թ-ի հոկտեմբերին և այդ ժամանակ ևս մեծ ուշադրություն է գրավել:

Անկախ

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Գեղարքունիքի մարզ

2 (6)ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Գեղարքունիքի մարզ այսօր սկսվել է Վարդենիսի տարածաշրջանի Ակունք համայնքի «Արաքս-2» նորաստեղծ պանրագործարանից, ուր մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ նախարարը ծանոթացել է ընկերության գործունեությանը: Այստեղ տարեկան շուրջ 2 հազար տոննա կաթ է վերամշակվում, արտադրվում   6-8 տեսակի պանիր, իրացման խնդիրներ չկան: Ըստ գործարանի տնօրեն Արթուր Մովսիսյանի՝ ներկայումս ընկերությունն ընդարձակվելու փուլում է, որի ավարտից հետո, 2015 թվականին, արտադրանքի ծավալի և աշխատատեղերի ավելացումից զատ, հնարավորություն կստեղծվի թողարկել նաև թթու կաթնամթերք: Նախարարն այցելել է նաև պանրագործարանի նոր կառուցվող մասնաշենք:

6 (1)Այցելությունը շարունակվել է Վարդենիս, Գեղամաբակ, Շատվան, Շատջրեք և Ջաղացաձոր համայնքների դաշտերում, ուր նախարարը հավաստիացել է, որ սպասվող բերքը բարձր է լինելու: Առանձին դաշտերից անգամ ռեկորդային՝ 600 ցենտներ կարտոֆիլ, 80-90 ցենտների հասնող հացահատիկի բերք է սպասվում: Իսկ ընդհանուր առմամբ մարզը հողերի օգտագործման ցուցանիշով հանրապետության առաջատարն է: Այն այս տարի հասել է շուրջ 93%-ի: Գրեթե 2000 հեկտարով ավելացել են մշակվող հողատարածքները, որից 700 հեկտար կարտոֆիլի, 1000 հեկտար հացահատիկի դաշտերը:

4 (3)Այցի վերջին կանգառը Մեծ Մասրիկ համայնքում էր, ուր նախարարը ծանոթացել է համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրի շրջանականերում ստեղծված արոտօգտագործողների կոոպերատիվի աշխատանքներին: Երկու տարվա կենսագրություն և 350 անդամ ունեցող կոոպերատիվն  արդեն որոշակի արտադրական հաջողություններ ու առաջընթաց  ունի: Մասնավորապես, անասնագլխաքանակն ավելացել  է 20%-ով, մեկ կովի կաթնատվությունը 1800-ից հասել է 2250 լիտրի: Ջրարբիացվել է 510 հեկտար արոտավայր, կառուցվել 2,5 կիլոմետր ջրատար: Կոոպերատիվին հատկացվել է  11 միավոր գյուղտեխնիկա: Արտադրական հաջողությունները նոր հեռանկարներ են հուշում կոոպերատիվի անդամներին, որոնք խնդրել են նախարարին աջակցել տեղում կաթի վերամշակման փոքր արտադրություն ստեղծելու գործում:

Նախարարը նշել է, որ ծրագրի երկրորդ փուլը  հնարավորություն է տալիս նաև տեղերում ստեղծել փոքր արտադրություններ և վերջինիս շրջանակներում էլ, կոոպերատիվի արտադրության ծավալների և անդամների թվի ավելացման պարագայում , հնարավոր է  առաջիկայում վերանայել բարձրացված խնդիրը:

3 (8)Զրույցի ընթացքում նախարարը  նշել է, որ նշված ծրագրով Գեղարքունիքի մարզում ստեղծվել և գործում են 20 նման կոոպերատիվներ: Իրականացվող ծրագրերի արդյունքում  բարելավվող արոտավայրերը կհասնեն 16 300 հեկտարի, համայնքներին տրամադրվող գյուղտեխնիկան՝ 260 միավորի: Մինչ օրս այս ծրագրով մարզին հատկացվել է 165 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 30 տրակտոր:

Սերգո Կարապետյանն   անդրադարձել է պետական օժանդակության մյուս ծրագրերին և նշել, որ այն շարունակվելու է մյուս տարի ևս :

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

Անկախ

Բրազիլիան Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում մեկ միլիոնից ավել այցելու է ունեցել

բրազիլիա,ֆուտբոլիգավաթի առաջնությունԲրազիլացիները չկարողացան նվաճել Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը, սակայն հաջողություն գրանցեցին երկիր ժամանած այցելուների քանակով, քանի որ զբոսաշրջիկների թիվը սպասվածից 70 տոկոսով ավելին է եղել:

Մրցումների ընթացքում 203 տարբեր երկրներից 1,35 միլիոն այցելու է ժամանել հարավամերիկյան երկիր:

Բրազիլիան մրցումների ընթացքում սպասում էր 600,000 այցելուների:

Սակայն յուրաքանչյուր օր միջինում 485,000 ուղևոր է անցել 12 հյուրընկալող քաղաքների 21 օդանավակայաններով:

Բրազիլիայի հյուրանոցային օպերատորների ֆորումի տվյալներով՝ հյուրանոցների զբաղվածությունը ևս իր բարձրակետին է հասել: Վիճակագրական տվյալներով՝ յուրաքանչյուր օր 108,000 նոր ամրագրումներ են եղել:

Աշխարհի առաջնությունը նաև դարձել է Facebook-ի պատմության ընթացքում ամենաշատ քննարկված իրադարձությունը:

Մրցումների ամբողջ ընթացքում սոցիալական ցանցում Աշխարհի առաջնության վերաբերյալ ավելի քան երեք միլիարդ քննարկում է գրանցվել:

Ռիո դե Ժանեյրոյի Մարականա մարզադաշտում տեղի ունեցած եզրափակիչ խաղը ամբողջ աշխարհում դիտել է 3,6 միլիարդ մարդ:

Ըստ Տնտեսական հետազոտությունների հիմնադրամ ինստիտուտի զեկույցի՝ Աշխարհի առաջնությունը 9 միլիարդ ֆունտ ներդրում է ունեցել Բրազիլիայի տնտեսության մեջ:

Անկախ

Իսրայելական սուպերմարկետները բոյկոտում են թուրքական ապրանքները

boykot«Rami Levi» և «Blue Square» իսրայելական սուպերմարկետների ցանցերը բոյկոտ են հայտարարել թուրքական ապրանքների դեմ: Թուրքիայի` Գազայի հարցում Իսրայելի նկատմամբ բռնած կոշտ դիրքորոշման պատճառով իսրայելական սուպերմարկետների ցուցափեղկերից հանվել են թուրքական արտադրության բոլոր ապրանքները: Իսրայելական հեռուստաալիքի հաղորդմամբ`այս բոյկոտը սուպերմարկետներին 93 միլիոն դոլարի վնաս կարող է հասցնել: Սպասվում է, որ բոյկոտին կմիանա նաև իսրայելական սուպերմարկետների ամենամեծ «Super Sol» ցանցը: Նշենք, որ Իսրայելում թուրքական ապրանքներն ավելի էժան են, քան մյուսները:

 

Անկախ

Ադրբեջանում սպանված զինվոիների ծնողները պայքարում են արդարության համար

42010-2013թթ. ադրբեջանական բանակում սպանված զինվորների մի խումբ ծնողներ հերթական մամուլի ասուլիսն են հրավիրել Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտում:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, փետրվարի 20-ին` նախորդ  մամուլի ասուլիսի ժամանակ, ծնողները պահանջում էին օբյեկտիվորեն հետաքննել իրենց զավակների մահվան դեպքերը և ներկայացնել դրանց իսկական պատճառները: Այսպես` Իսմայիլ Իբադովը, Էլխամ Ազիզովը, Էլչին Քերիմբեյլին և այլոք դիմել են դատարաններին իրենց երեխաների մահվան դեպքերի հետաքննության ոչ օբյեկտիվ լինելու բողոքով, սակայն նրանք չեն կարողացել հասնել արդարության:

“Շատ ծնողներ, չկարողանալով դիմանալ իրենց որդիների կորստին, մահացել են: Ոմանք հիվանդացել են, իսկ մյուսներն էլ միջոցների բացակայության պատճառով չեն կարող ինչ-որ բան ձեռնարակել”,- նշել է “Զինադադարի զոհերը” ՀԿ-ի ղեկավար Բեյալը Ազիզովը:

Ծնողները դժգոհ են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովից: “Չնայած նոր նախարարի նշանակմանը` զինվորների մահվան դեպքերը չեն պակասում: Սա ոչ թե պաշտպանության նախարարության խնդիրն է, այլ` երկրի կառավարման ամբողջ համակարգի”,- ընդգծել են մամլո ասուլիսի մասնակիցները:

Ըստ կայքի` ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ունեցել է 47 զինծառայողի կորուստ, որոնցից 37-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում:

Անկախ

Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի հերթական մասնակիցն է ինքնահրկիզվել

3 (7)Բաքվում Ղարաբաղյան պատերազմի վետերանն ինքնահրկիզվել է, հաղորդում է “Վեստի” կայքը՝ հղում կատարելով Խազախի շրջանի դատախազությանը:

Ինքնասպանությունն իրականացվել է հուլիսի 20-ի երեկոյան՝ Բուզովնա գյուղում: Մայրաքաղաքի բնակիչ, 1971թ.-ին ծնված Նուրիև Ջոշհուն Էյվազ օղլուն հարազատների ներկայությամբ բենզին է լցրել իր վրա և այրել: Հարազատները մարել են կրակը, սակայն Նուրիևին փրկել չի հաջողվել: Վերջինս 8 ժամ հետո հիվանդանոցում այրվածքներից մահացել է:

“Նախնական քննության ընթացքում պարզվել է, որ Նուրիևն ամուրի է եղել, չի աշխատել և որոշ ժամանակ ապրել է հարազատների մոտ, որոնց տան մոտ էլ այրել է իրեն: Նուրիևը եղել է Ղարաբաղյան պատերազմի մասնակից”,- տեղեկացրել են դատախազությունից:

 

Անկախ

Արցախի խորհրդարանը հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պաշտապնություն Լևոն Հայրապետյանի

լևոն-ՀայրապետյանՍ.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:
Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով եւ ձեռնպահ ենք մնում նաեւ քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ՝ Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում, իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Համարում ենք, որ նախաքննության մարմինն առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից՝ հաշվի առնելով նաեւ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը: Մեր կարծիքով, իբրեւ օրինապաշտ քաղաքացի եւ բարձրակիրթ անձնավորություն, Լեւոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը եւ օգտակար կլինի` պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին:

Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն եւ համոզված ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լեւոն Հայրապետյանի անմեղությունը:

ԼՂՀ Ազգային ժողովի՝

«Դաշնակցություն»
«Ժողովրդավարություն»
«Հայրենիք» խմբակցություններ եւ
«Արցախատուն» պատգամավորական խումբ
22 հուլիսի, 2014
ք.Ստեփանակերտ

 

Անկախ

2014թ. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի շախմատի 5 դպրոց

005 (2)Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում:

002 (4)

Շինարարական աշխատանքների ավարտից հետո այս դպրոցը ևս կկահավորվի համապատասխան գույքով: Պատասխանատուները վստահեցրել են, որ դպրոցի բացումով զգալիորեն կավելանա նաև շախմատասեր մանուկների և պատանիների թիվը: Հարկ է նշել, որ այս տարի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի 5 շախմատի դպրոց և որ կարևոր է՝ դրանք ևս գործելու են անվճար:

009Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև կառուցվող շախմատի դպրոցին հարակից թիվ 82 մանկապարտեզ, շրջել խմբասենյակներում, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար ստեղծված պայմաններին: Օգտվելով առիթից՝ մանկապարտեզի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության  համար՝ ընդգծելով, որ հատկապես նախակրթարանների անվճար գործելու որոշումն իսկապես սոցիալական կարևոր նշանակություն ուներ: Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող ծրագրերը լինելու են շարունակական, և առաջիկա տարիներին փոքրիկ երևանցիների  համար հարմարավետ պայմաններ կապահովվեն բոլոր մանկապարտեզներում:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև վարչական շրջանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ հիմնանորոգման ծրագրի արդյունքում կրթօջախի շուրջ 450 սաների համար կապահովվեն հարմարավետ պայմաններ: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերի շրջանակում ամբողջությամբ լուծվեց նաև այս երաժշտական դպրոցի ջեռուցման խնդիրը: Ծանոթանալով հիմնանորոգման աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր երաժշտական դպրոցներում: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մայրաքաղաքի կրթօջախների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ երաժշտական դպրոցի տնօրենն էլ իր հերթին  ընդգծել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների կողմից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

շտապօգնություն1Հուլիսի 22-ին, ժամը 08.30-ին, «Երևան ավտոբուս» ՓԲԸ վարորդ, 1956 թ. ծնված Վաչագան Ա.-ի վարած «Հայգեր» մակնիշի ավտոբուսը Երևանի Աբովյան պուրակից Աբովյան փողոց տանող ուղեմասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել 1990 թ. ծնված Միհրան Կ.-ին և բախվել Աբովյան փողոցում գտնվող «Հայմամուլ»-ի թերթի կրպակին: Պատահարի հետևանքով Միհրան Կ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

 

Անկախ

Փարիզում պաղեստինցիների աջակցության ցույց կանցկացվի

parisՓարիզի քաղաքապետն ի վերջո արտոնել է պաղեստինցիների աջակցության վաղվա ցույցը: Ակցիան կազմակերպվել է Իսրայելի և Պաղեստինի միջև արդար և կայուն խաղաղության աջակցության կոմիտեի կողմից: Այն կսկսվի վաղը 18:30-ին՝ Փարիզի հայտնի Հաշմանդամների տան դիմացից: Ցույցին աջակցելու են աշխատակցական միությունները, իրավապաշտպան կազմակերպություններ, կոմունիստական և հակակապիտալիստական կուսակցություններ:

Նշենք, որ ավելի վաղ Փարիզի իշխանություններն արգելել էին պաղեստինցիների աջակցության ցույց անցկացնել` ելնելով անվտանգության նկատառումներից: Սակայն քաղաքական կուսակցությունները քննադատության ենթարկեցին այս որոշումը` հայտարարելով, որ նման արգելքն ավելի է հրահրում ցույցերը:

 

Անկախ

Թուրքիայում Գազայի զոհերի հիշատակին եռօրյա սուգ է հայտարարվել

gaza (2)Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել Գազայի հատվածում իսրայելական բանակի ռմբակոծման հետևանքով զոհվածերի հիշատակին: Թուրքիայի նախարարների խորհրդի համապատասխան որոշման մասին հայտարարել է փոխվարչապետ Բյուլենթ Արընչը: «Շուջայա թաղամասում 60-ից ավել անմեղ մարդ զոհվեց իսրայելական հարձակման պատճառով: Մենք դատապարտում ենք այն դաժան զանգվածային սպանությունները, որոնք Իսրայելն իրականացնում է պաղեստինյան ժողովրդի նկատմամբ: Այս կապակցությամբ մեր նախարարական կաբինետը որոշել է Թուրքիայում եռօրյա սուգ հայտարարել»,-նշել է Արընչը:

Նախագահական ընտրությունները բեկումնային կդառնան Թուրքիայի պատմության մեջ. Ալի Բաբաջան

babajanԹուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ գալիք նախագահական ընտրությունները բեկումնային կլինեն երկրի պատմության մեջ: Նրա խոսքով` նախագահական ընտրությունները հատուկ իմաստ են կրում երկրում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից:

Բանն այն է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահին կընտրի ժողովուրդը` ուղիղ քվեարկության միջոցով, իսկ նախկինում նախագահին ընտրում էր խորհրդարանը: «Առաջին իսկ հնարավորության դեպքում Թուրքիան անցում կկատարի նախագահական կառավարման համակարգին»,-հայտարարել է Բաբաջանը` նշելով, որ այն արդյունավետ կլինի երկրի զարգացման համար: Փոխվարչապետի խոսքով` այս հարցը կբարձրացվի անմիջապետ նախագահական ընտրություններից հետո:

 

Անկախ

Կետորսության արգելումից հետո փառատոնի ընթացքում տղամարդիկ ձևացրել են, թե կետ են որսում

Whale Festival - Nagato - Japan1Ճապոնիայում փառատոնի ժամանակ հսկայական կետի խաղալիք կրկնօրինակն օգտագործվել է հանդիսատեսին զվարճացնելու համար:

Կիրակի օրը Նագատոյում հարյուրավոր մարդիկ կանգ են առել դիտելու Կայոյի կետի փառատոնի շրջանակներում կազմակերպված տարօրինակ ցուցադրությունը, որի ընթացքում տեղաբնակները ձևացնում էին, թե կետ են որսում:

Ներկայացման ընթացքում կետորսները նախքան կետին ափ տանելը շինծու կենդանու վրա ցանց են նետել և կապել պարաններով:

Չնայած Ճապոնիայում կետորսության ավանդույթը սկսվել է հազարավոր տարիներ առաջ՝ այնուամենայնիվ փառատոնը ներկայացրել է 12-րդ դարի կետորսական ավանդույթը, երբ կետորսները սկսել են օգտագործել եռաժանիներ և ցանցեր:

Kayoi Whale Festival - Nagato - JapanԿետորսները ենթադրվող կետին հանել են ցամաք և խաղալիք կենդանուն փայտե տախտակի վրա՝ իրենց գլխավերևում բռնած տարել այնտեղ, որտեղ սկսվել է փառատոնը: Այդ ընթացքում հանդիսատեսն ուրախ ծափահարում էր:

Այնուհետև, ավանդական կետորսները ոտքերը ծալած նստել են դեմքով դեպի խաղալիքը և սկսել երգել ու ձեռքերը վերև բարձրացնել:

 

Անկախ

«Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում հիմնանորոգվում է «Մալաթիա» պուրակը

unnamed (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած շրջայցի շրջանակում այցելել է «Մալաթիա» պուրակ, որտեղ Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Գեղեցիկ Երևան» ծրագրի շրջանակում կատարվում են այգու հիմնանորոգման աշխատանքներ: Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի և վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է զբոսայգում և տեղում հետևել աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին ներկայացնելով պուրակի վերակառուցման և բարեկարգման ծրագիրը՝ պատասխանատուները զեկուցել են, որ շուրջ 1.7 հա մակերեսով նախկինում կիսաբարեկարգ ու անխնամ տարածքի փոխարեն ստեղծվում է ամբողջությամբ խնամված, նոր ծառատեսակներով, թփերով և ծաղիկներով համալրված տարածք:

Բնակիչների զբոսանքի ու հանգստի ապահովման նպատակով կառուցվելու են ճեմուղիներ, տարածքն էլ կահավորվելու է նստարաններով և աղբամաններով, իսկ երեխաների համար առանձնացվելու է մանկական խաղահրապարակներով ապահովված հարմարավետ գոտի: Հաշվի առնելով պուրակի թեք ռելիեֆը՝ ծրագրում ներառվել է նաև նոր հենապատերի կառուցում և առկա  հենապատերի վթարային հատվածների նորոգում: Պուրակի հիմնանորոգման աշխատանքների արդյունքում կվերակառուցվի նաև Սեբաստիա փողոցը Ռոմանոս Մելիքյան փողոցին միացնող անցուղին, կանցկացվի ժամանակակից արտաքին լուսավորության համակարգ: Տարածքն էլ կապահովվի  ոռոգման ցանցով: Պատասխանատուների հավաստմամբ՝ պուրակը շահագործման կհանձնվի  այս տարվա հոկտեմբերին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ծանոթանալով աշխատանքներին, հանձնարարել է մշտական հսկողություն իրականացնել աշխատանքների որակի ապահովման նկատմամբ:

ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Քլեր Մեդինան շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին համագործակցության և աջակցության համար՝  հույս հայտնելով, որ այն հետագայում ևս կլինի շարունակական:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերահաստատել է քաղաքապետարանի պատրաստակամությունը՝  ընդլայնել համագործակցությունն ու մշտապես աջակցել նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում:

«Վերջին երեք տարվա ընթացքում իրականում համատեղ ծրագրերի արդյունքներն իսկապես նկատելի են, և վստահ եմ, որ մեր համագործակցությունը կունենա իր շարունակությունը՝ ընդգրկելով համատեղ նոր ծրագրեր»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հատկանշելով, որ քաղաքապետարանի ծրագրային գերակայությունների շարքում առանձնակի կարևորված է մայրաքաղաքի այգիների և պուրակների բարեկարգումը, ինչը ևս հետզհետե կյանքի է կոչվում՝ տարեցտարի ավելի ու ավելի ընդլայնելով այդ ուղղությամբ ինչպես աշխատանքների ծավալը, այնպես էլ աշխարհագրությունը: Քաղաքապետ նաև հատկանշել է, որ, առաջնորդվելով մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով, ծրագրերի մեծ մասն իրականացվում է հատկապես ծայրամասային դիտարկվող վարչական շրջաններում:

Նշվել է նաև, որ ինչպես «Մալաթիա» պուրակում, այնպես էլ բարեկարգվող ու հիմնանորոգվող մյուս զբոսայգիներում կկառուցվեն թեքահարթակներ՝ հանգստի գոտիները հաշմանդամություն ունեցող բնակիչների համար մատչելի դարձնելու նպատակով:

Ի դեպ, միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում կբարեկարգվի ոչ միայն այս պուրակը, այլ նաև Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան և Գալշոյան փողոցների խաչմերուկին հարող այգին։

Քաղաքապետարանի և այլ կառույցների հետ համատեղ զբոսայգիների ու նոր պուրակների ստեղծման արդյունքում ընդհանուր առմամբ 2014 թվականին մայրաքաղաքում կանաչ զանգվածը կավելանա 5-6 հեկտարով, այդ թվում՝ շուրջ 4 հեկտար կկազմեն սիզամարգերը, իսկ հիմնանորոգվող ու բարեկարգվող այգիների կանաչապատ մակերեսը կկազմի 70-75 տոկոս:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Գյումրեցիները եկել էին անձամբ Քրիստոսի մոտ

DSC00321Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վերջինս տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի և քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հետ այցելեց ՙՄուշ 2/2՚ թաղամաս, խոսեց բնակիչների հետ: Վարչապետը Գյումրի էր ժամանել երկրաշարժից անօթևան մնացած 430 ընտանիքի բնակարանային ճակատագիրը քննարկելու և վերջնական լուծում գտնելու համար: Մինչ աշխատանքային խորհրդակցությունը, նորակառույց թաղամասում կառավարության ղեկավարը լսեց գյումրեցիների դժգոհություններն ու առաջարկները:

Գյումրու բնակչուհի Ֆենյա Սահակյանը նշեց, որ իր ընտանիքը ևս անօթևանների ցուցակներում՝ այդ 430-ի մեջ է, 26 տարի անցկացրել են տուն կոչված տնակներում, որոնք արդեն վաղուց շարքից դուրս են եկել: Այսօր էլ եկել էր վարչապետից վերջնական պատասխան ստանալու. ՙԱսում են՝ 100 սրբի դեմ գնալուն, մեկ անգամ Քրիստոսին դիմի. դիմենք իմանանք, վերջը ինչ պիտի լինի: Թող տուն տան, եթե չեն տա, էնքան գումար տան, որ ես առնեմ 6 հոգանոց ընտանիքս, Հայաստանից դուրս գամ: Արդեն հնարավոր չէ այսպես ապրել՚:

“Այսօր մենք հենց դրա համար ենք եկել”,-եղավ վարչապետի պատասխանը,-մարզպետարանում կքննարկենք և որոշում կկայացնենք”:

Ֆենյա Սահակյան

Տիկինը կառավարության ղեկավարին ներկայացրեց տնակում ապրելու դժվարություններն ու առաջարկեց իր հարսի ու թոռան հետ գա ոչ թե 26, այլ մեկ օր ապրի տնակում. ՙԿռիսը բարձրացել էր թոռնիկիս վրա, քնած տեղը, երեք ամիս էրեխես հիվանդանոց պառկավ: Ինչքան կարելի է՚, – ավելացրեց Ֆենյա Սահակյանը:

Իսկ թաղամասի բնակիչները Հովիկ Աբրահամյանին ներկայացրեցին իրենց ամենատարբեր խնդիրները՝ սկսած թաղամասի ասֆալտապատումից, վերջացրած բնակարաններում կիսատ-պռատ աշխատանքներով: Բնակիչներից մեկը վարչապետին հրավիրեց տեսնելու, թե ինչպես է, որ նոր շենքի չորրորդ հարկից քարեր են թափվում: Այստեղ վարչապետը դիմեց կառուցապատող կազմակերպության ներկայացուցիչներին, թե ինչումն է խնդիրը, սրանք էլ թե՝ որևէ խնդիր չկա, ամեն բան կարգին է: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը միջամտեց խոսակցությանը. ՙՇատ լուրջ խնդիր է, որ քարերը թափվում են ցած, ասֆալտապատումը շատ ծանր վիճակում է, էս բոլոր թերությունները ես տվել եմ ձեզ՝ նամակով, ոնց կարող եք ասել, որ թերություն չկա՚:

Քաղաքապետը նաև նկատողություն արեց ՙԳլենդել Հիլզին՚ , թե ինչպես կարելի է պոկված սալիկը դյուբելով ձգել. ՙԷսպիսի շինարարություն ես կյանքում չեմ տեսել՚:

Հովիկ Աբրահամյանը պաշտոնյաներին հիշեցրեց, որ այսքան տարի հսկայական գումարներ են ծախսվել շինարարության համար, և արդյունքում՝ բնակիչները դժգոհ են: Դա նշանակում է, որ վատ են աշխատել: Հանձնարարեց բոլոր թերությունները վերացնել, խնդիրներին հիմնական լուծումներ տալ:

 

Անկախ

Չինաստանը կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Boing-777-ի կործանման պատճառների բացահայտման համար

unnamedՉինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հուի Լեյը մալազիական ավիաուղիներին պատկանող Boing-777 ինքնաթիռի կործանման պատճառները բացահայտելու մեջ շահագրգիռ բոլոր կողմերին կոչ է արել միջազգային հետաքննություն սկսել:

Լեյը նշել է, որ իրենք աջակցում են Ամստերդամ-Կուալա Լումպուր թռիչք կատարող ինքնաթիռի կործանման վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանձևին` համաձայն որի պետք է անցկացվի մանրամասն և անաչառ հետաքննություն կործանման իրական պատճառների բացահայտման համար: Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ միջազգային ավիացիոն կազմակերպությունները պետք է մեծ դեր ստանձնեն վերոնշյալ հետաքննության անցկացման գործընթացում:
Անկախ