Բժիշկները կնոջ ստամոքսում գրիչ են հայտնաբերել

pen stuck inside womanՍտամոքսի ցավից վեց ամիս տառապող կնոջ ստամոքսում բժիշկները գրիչ են հայտնաբերել:

20-ամյա ուսանող Շինգ Ֆանգը այցելել էր Թայվանի կենտրոն Թեյբեյ քաղաքի հիվանդանոց, երբ ստամոքսի անտանելի ցավից այլևս չէր կարողանում ուտել:

Բժիշկները էնդոսկոպիայի միջոցով նրա ստամոքսում երկարավուն առարկա են նկատել, որից հետո ռենտգենյան ճառագայթներով հետազոտության արդյունքում պարզվել է, որ աղջկա ստամոքսում կես տարի շարունակ գրիչ է եղել:

Բժիշկները անմիջապես վիրահատել և հեռացրել են գրիչը:

Նրանք հայտնել են, որ եթե այն մի փոքր էլ մնար այնտեղ կարող էր մահվան հանգեցնել:

pen stuck inside woman2Ամեն դեպքում երիտասարդ կինը չի հիշում, թե ինչպես է գրիչը կուլ տվել:

Նա նշել է, որ հնարավոր է գրիչը իր ստամոքսում հայտնված լինի քննությունների լավ արդյունքները տոնելու նպատակով չափից շատ խմելուց հետո:

 

Անկախ

Հետազոտություն. միայնակ մտածելը հաճույք չի պատճառում

aloneԴուք երևի կցանկանայիք փախչել այս խառնաշփոթ աշխարհից և ժամանակ անց կացնել միայնակ, ձեր մտքերի հետ: Սակայն նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ իրենց ժամանակը մենակ անցկացրած մարդկանց մեծ մասը կարծում է, որ դա այնքան էլ հաճելի չէ:

Ընդհանուր առմամբ հետազոտության ժամանակ 6-15 րոպե մտածելու համար մենակ թողնված մարդիկ իրենց ստացած հաճույքը 9-նիշանոց սանդղակով միջին թվեր են գնահատել: Փորձին մասնակցածների կեսն իրենց ստացած հաճույքը գնահատել է միջին կամ միջինից ցածր գնահատականով:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են հինգշաբթի օրը Science ամսագրում:

 

Անկախ

 

Աջակցություն են ստանում էլեկտրաէներգիայի թանկացումից և բնական աղետից տուժած քաղաքացիները

կառավարության նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է աղքատ ընտանիքների համար փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված սպառման ծավալի մեծացումը և հնարավորինս աջակցել, կանխել աղքատության խորացումն այդ ընտանիքների համար: Որոշվել է դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող՝ կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին՝ ընտանեկան նպաստի բազային մասը բարձրացնելով 1000 դրամով, սոցիալական նպաստը՝ 1000 դրամով, եռամսյակային հրատապ օգնությունը՝ 1000 դրամով: Այսպիսով, նպաստի միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով՝ 29 հազար 350 դրամից դառնալով 30 հազար 350 դրամ:
Մեկ այլ որոշմամբ Վարդենիս համայնքում փոթորկից տուժած տնտեսություններին որպես անհատույց աջակցություն տրամադրվել է մետաղապլաստե բլոկով ցինկապատ մետաղական թիթեղ, արտասահմանյան պրոֆիլով պատուհաններ: Միաժամանակ նախատեսվում է հիմնանորոգել Մադինա համայնքի դպրոցը:
Գարնանային հեղեղումների, բնական և տեխնածին այլ աղետների հետևանքով պետական նշանակության ճանապարհների առանձին հատվածների հրատապ և առաջնահերթ հիմնանորոգման անհրաժեշտությունից ելնելով կառավարությունը որոշել է անհրաժեշտ գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, քանի որ մրցույթի այլ ձև կիրառելու դեպքում հնարավոր չէ ժամանակին ապահովել աշխատանքի ամբողջ ծավալը:

 
Փոքր և միջին ձեռնարկատերերը ՀԴՄ ձեռք կբերեն տարբերակված գներով
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը սահմանել է, որ ՓՄՁ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ները ս.թ. հուլիսի 1-ի փոխարեն կներդրվեն ս.թ. օգոստոսի 1-ին, հոկտեմբերի 1-ին և 2015թ. հունվարի 1-ին: Այդ հարկ վճարողներին թույլատրվել է ՀԴՄ-ները ձեռք բերել տարբերակված գներով, ընդ որում՝ սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ներն անվճար են, իսկ այլ գյուղերում՝ տարբերակված գների 50 տոկոսի չափով: Վարչապետը անհրաժեշտ է համարել, որպեսզի հանրությունը հանգամանորեն տեղեկացվի կառավարության ձեռնարկած այս քայլին, որն ուղղված է ՓՄՁ աջակցությանը:
Գործադիրը Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2014թ. միջոցառումների ծրագրում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շահագրգիռ մարմիններից կստանա գործարար միջավայրի բարելավման մեկ ծրագրում ընդգրկված միջոցառումների տեղեկատվությունը և եռամսյակը մեկ կներկայացնի ՀՀ կառավարության աշխատակազմ, ինչի շնորհիվ կբարձրանա մոնիթորինգի արդյունավետությունը և կկրճատվի ավելորդ փաստաթղթաշրջանառությունը:
Փոփոխություններ կատարելով իր նախկին յոթ որոշումներում, գործադիրը դրանով իսկ այդ որոշումներն համապատասխանեցրել է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքներին:
Հայաստանցի արտագնա աշխատողների համար ավելի նպաստավոր պայմաններ կստեղծվեն
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՌԴ տարածքում ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում ՌԴ քաղաքացիների գտնվելու կարգի մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հաջորդ որոշմամբ համաձայնություն է տրվել 1994թ. հուլիսի 19-ի՝ երկու երկրների տարածքում աշխատող քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության խնդիրները կարգավորող համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միացման ճանապարհային քարտեզով նախատեսվում է, որ անդամակցության պահին մեր երկիրը պետք է միանա «Աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքի անդամների իրավական կարգավիճակի մասին» 2010թ. նոյեմբերի 19-ի համաձայնագրին, որով ավելի բարենպաստ ռեժիմ է սահմանվում, քան նախատեսված է ՄՄ անդամ չհանդիսացող պետությունների քաղաքացիների համար: Այսպես՝ միգրանտ աշխատողը և նրա ընտանիքի անդամներն ազատվում են երկիր մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում աշխատանքի տեղավորման մարմիններում գրանցվելուց: Ըստ երկրորդ փաստաթղթի, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության, տեղի գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով, մեկ տարի աշխատել Ռուսաստանի տարածքում: Նշված դրույթները պետք է գործեն միայն 2015թ. հունվարի 1-ից, սակայն սույն համաձայնագրերի կնքումը թույլ կտա դրանք կիրարկել ավելի վաղ ժամկետում, ինչը բխում է ՌԴ մեկնող ՀՀ քաղաքացիների շահերից:
Հաստատվել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է: Ծրագիրը կդառնա ՀՀ 2015թ. պետբյուջեի նախագծի մշակման աշխատանքի հիմքը, ինչպես նաև պետական կառավարման մարմինների և հանրության համար ընկալելի կդարձնի կառավարության առաջիկա երեք տարվա հարկաբյուջետային քաղաքականության գերակայությունները և ծախսային քաղաքականության ռազմավարությունը: Կառավարության ղեկավարը կարևորել է այս փատաթուղթը, որը մշակվել է բոլոր նախարարությունների և գերատեսչությունների մասնակցությամբ:
Կառավարությունը թույլատրել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված սարքավորումների ժամկետը երկարացնել ևս մեկ տարով:
2014թ. հոկտեմբերի 11-31-ը ներառյալ գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական և անցկացման աշխատանքների իրականացման նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է շուրջ 1 մլրդ 130 մլն դրամ, որը հաշվառման դաշտային աշխատանքի ավարտից հետո փոխհատուցվելու է Եվրամիության տրամադրելիք 2 մլն եվրո դրամաշնորհով:
Հավելավճար է տրվելու ծանր աշխատանք կատարող պետական պաշտոնյաներին
ՀՀ կառավարությունը սահմանել է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց բարձրլեռնային վայրերում աշխատելու դեպքում տրվում է հավելում 8 հազար դրամի չափով: Պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ առողջության համար ծանր, վնասակար աշխատանքի կատարման դեպքում տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 12 տոկոսի չափով, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքի կատարման դեպքում՝ 24 տոկոսի չափով (սույն դրույթները չեն տարածվում ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների վրա): Որոշման գործողությունը տարածվում է 2014թ. հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Մի շարք որոշումներով գործադիրը սահմանել է պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների լրավճարի դեպքերը, չափերը և վճարման կարգը, հաստատել դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձին օտար լեզվի իմացության համար տրվող հավելավճարի չափը, դիվանագետների պաշտոնային դրույքաչափերը և այլն:
Կանցկացվի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը
ՀՀ կառավարությունը որոշել է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի իրականացման նպատակով ՀՀ մարզպետարաններին լրացուցիչ գումար հատկացնել մարզահագուստ ձեռք բերելու նպատակով:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է ուսումնական հաստատությունում զինվորական ղեկավարների ընտրության դեպքում միասնական համակարգի ներդրումը, որը կներառի միասնական որակական պահանջներ, ընտրության մեթոդներ, չափանիշներ՝ բոլոր շահագրգիռ կազմակերպությունների ներգրավմամբ:
Փոփոխելով և լրացնելով մեկ այլ որոշում, կառավարությունը Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին հատկացրել է շուրջ 98 մլն դրամ, որով հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտները կապահովվեն սննդով:
Նիստում ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրվել է Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող շինություններից մեկը օտարել մրցույթով. նպատակը պետական և ՏԻՄ բյուջեների մուտքերի ավելացումն է, ինչպես նաև տարածքի վիճակի բարելավումը:
Կառավարությունը որոշել է Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի Ծաղկաձորում գտնվող շենք-շինությունները երեք տարով ուղղակի վարձակալությամբ տրամադրել «Օլիմպիկ Ռեսթ» ՍՊԸ-ին:
Կառավարության որոշմամբ Տավուշի մարզպետին հանձնարարվել է «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնտեսական գոտու հողամասերից մեկը «Քեմփ վենչուրս» ՓԲԸ հողամասի հետ փոխանակելուց հետո ազգային պարկի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, ՀՀ բնապահպանության նախարարին՝ ներկայացնել նշված հողամասը ազգային պարկին ամրացնելու կառավարության որոշման նախագիծ: Որոշման նպատակը Դիլիջանի միջազգային դպրոցի անձնակազմի և սաների ուսուցման և հանգստի կազմակերպումն է: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պայմանագրի կողմերը պետք է բարեխճորեն կատարեն իրենց պարտավորությունները և խոստացել Տավուշի մարզ այցելելու դեպքում սեփական աչքով տեսնել կատարված աշխատանքը:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը կարգավորել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրական նոր գործառույթի՝ ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափերի սպասարկման ծառայությունների հետ կապված հարաբերությունները:
 

Այլ հարցեր
Գործադիրը «Ամ-Էսկա» ՍՊԸ-ին տվել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր:
Կառավարության որոշմամբ Երևանի բնակիչ, Պրահայի տեխնիկական համալսարանի ասպիրանտ Դավիթ Հարությունյանին մինչև ուսումնառության ավարտը՝ 2017թ. ձմեռային զորակոչը, տարկետում է տրվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից:
Նիստում Կամո Ադամյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Նիստի ավարտին վարչապետը դիմել է ներկաներին. «Ես առաջարկում եմ իմ գործընկերներին, և այդ աշխատանքի համակարգումը հանձնարարում եմ փոխվարչապետին, որ նախարարները ամիսը մեկ անգամ ըստ գրաֆիկի այցելեն մարզեր: Շատ կարևոր և նույնիսկ պարտադիր է, որ յուրաքանչյուր նախարար գոնե ամիսը մեկ անգամ այցելի մեկ մարզ, ծանոթանա, ժողովրդի հետ հանդիպի, քննարկի, թե ինչ պրոբլեմներ ունի մեր ժողովուրդը: Շատ կարևոր է, որպեսզի կառավարությունը շփվի մեր հասարակության, ազգաբնակչության հետ»:

Հայկական ֆուտբոլային թիմերի խայտառակ մեկնարկը Եվրոպայի լիգայի մրցաշարում

Եվրոպա լիգաarm136333175562Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղերում Երևանի «Փյունիկն» ու Գյումրիի «Շիրակը» պարտություններ կրեցին:

«Փյունիկը» Ավանի Ֆուտբոլային ակադեմիայի խաղադաշտում 1:4 հաշվով զիջեց Ղազախստանի «Աստանային»: Սարգիս Հովսեփյանի գլխավորած թիմը խայտառակվեց և հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հույսերը կորցրեց:

«Շիրակը» Գյումրիում  1:2 հաշվով պարտվեց Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Շախտյորին»: Ընդ որում, մերոնք միակ գնդակը խփեցին 11 մ-ոց տուգնային հարվածով:

Ժամը 22:00-ին Երևանի «Միկան» Խորվաթիայում պայքարը կսկսի «Սպլիտի» հետ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ,

առաջին հանդիպում

 

«Փյունիկ» – «Աստանա» (Ղազախստան)՝ 1:4

Աղվան Պապիկյան, 68 – Տանատ Նուսերբաեւ, 40, Բայուրժան Ջոլչիեւ, 67, Ֆոկսի, 71, Ատանաս Կուրդով, 84

 

«Շիրակ» – «Շախտյոր» (Ղազախստան)՝ 1:2

Սերժ Դեբլե, 86, 11 մ – Միհրետ Տոպչագիչ, 71, Գեդիմինաս Վիչյուս, 83

 

Վարչապետն ընդունել է Լիբանանի հայազգի նախարարին

Libanani_naxarar1-472x265Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության էներգետիկայի և ջրի հայազգի նախարար Արթուր Նազարյանին:
Բարձր գնահատելով Հայաստանի և Լիբանանի միջև ավանդական բարեկամական կապերը՝ կառավարության ղեկավարն ընդգծել է. «Որպես ՀՀ վարչապետ անելու եմ ամեն ինչ, որպեսզի մեր երկու երկրների հարաբերություններում ակնհայտ դրական տեղաշարժ արձանագրվի, ու բազմաոլորտ համագործակցությունն ավելի ակտիվանա և ամրապնդվի»:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ առևտրատնտեսական գործակցության զարգացումը և առկա ողջ ներուժի լիարժեք իրացումը: Այս առումով երկուստեք անհրաժեշտ է համարվել միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեության ակտիվացումը, ինչը նոր թափ կհաղորդի տնտեսական հարաբերություններին: Հովիկ Աբրահամյանը և Արթուր Նազարյանը մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, անդրադարձել ստեղծված իրավիճակում Լիբանանի հայ համայնքի առաջ ծառացած խնդիրներին և մարտահրավերներին:
Հայաստանի վարչապետը ջերմ ողջույններ է փոխանցել Լիբանանի իր գործընկերոջը և հրավիրել իրեն հարմար ժամանակահատվածում այցելել Հայաստան:

 

Անկախ

Դեսպան Փոլադյանի հանդիպումները Լաթաքիայում

untitled1-472x265Հուլիսի 1-3-ը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանի և Դամասկոսի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Լաթաքիա նահանգ: Այցի շրջանակներում հուլիսի 1-ին դեսպան Փոլադյանը հանդիպում ունեցավ Լաթաքիայի նահանգապետ Ահմադ Շեյխ Աբդուլքադերի հետ:

Հանդիպման ընթացքում Լաթաքիայի նահանգապետը ՀՀ դեսպանին ներկայացրեց նահանգի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Երկուստեք ընդգծվեց Լաթաքիայի, ինչպես նաև քեսաբահայության ավանդական ծանրակշիռ դերը նահանգի սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքում, մտքեր փոխանակվեցին ներկայումս նրանց առջև ծառացած հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ: Այդ համատեքստում Լաթաքիայի նահանգապետը և դեսպան Փոլադյանն անդրադարձան վերջերս սիրիական բանակի կողմից ազատագրված հայաբնակ Քեսաբում այժմ տիրող իրադրությանը:

Այցի շրջանակներում դեսպան Փոլադյանն այցելեց Քեսաբ, ուր քաղաքապետ Վազգեն Չափարյանի և շտապօգնության մարմնի հետ քննարկեց քեսաբահայերի՝ հայրենի քաղաք վերադարձի և նոր կյանք սկսելու հետ կապված դժվարություններն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Դեսպանն այցելեց նաև Քեսաբի ռազմական ընդհարումների ընթացքում տուժած հայկական եկեղեցիներն ու մշակութային կենտրոնները:

Այնուհետև Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ քաղաքացու անձնագրերի հանձնման արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին Լաթաքիայի հոգևոր հայրեր և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիսավոր պայմաններում ՀՀ քաղաքացու անձնագրեր ստացան մի քանի տասնյակ լաթաքիահայեր:

Շնորհավորելով անձանգիր ստացողներին` դեսպան Փոլադյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր հայի կյանքում մեծ և հիշարժան իրադարձություն է ՀՀ քաղաքացի դառնալը, և հույս հայտնեց, որ իրենց գործունեությամբ նրանք մշտապես բարձր կպահեն ՀՀ քաղաքացու պատիվը:

Իրենց ելույթներում հայ համայնքի ներկայացուցիչները բարձր գնահատեցին ՀՀ ղեկավարության դերակատարությունը թե՛ քեսաբահայության, թե՛ առհասարակ սրիահայության խնդիրներին լուծումներ գտնելու հարցում:

 

Անկախ

Չինական ավագ դպրոցի նախագիծը առաջ է շարժվում

timthumbՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Հանդիպման ընթացքում  քննարկվել է Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ միջազգային դպրոց հիմնելու ծրագիրը: Դեսպանը նախարարին է ներկայացրել նախագծի իրագործման առաջարկություն՝ նշելով, որ չինական կողմը պատրաստ է իր վրա վերցնել դպրոցի կառուցման ֆինանսավորումը, հստակեցնելով կրթական ծրագիրը, ինչպես նաև դպրոցի կառավարմանն առնչվող հիմնական մանրամասները:

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը շնորհակալություն է  հայտնել դեսպանին՝  նախաձեռնությանն արձագանքելու և գործնական քայլեր ձեռնարկելու համար, նշելով, որ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը լինելու է ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող դպրոց, որտեղ կկազմակերպվի չինարեն լեզվի, ինչպես նաև մշակույթի և պատմության ուսուցում: Անդրադառանալով դպրոցի կառավարման կազմակերպմանը՝ ՀՀ ԿԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի դպրոցների կառավարման համակարգը՝ նշելով, որ  չինական կողմը ևս կարող է ներգրավվել դպրոցի կառավարման գործընթացին՝ ունենալով իր ներկայացուցիչներին դպրոցի կառավարման խորհրդում:

Իսկ կրթական ծրագրերի ու ուսուցման մեթոդների հարցում, ինչպես նշել է նախարարը, հայկական կողմն ակնկալում է չինացի մասնագետների աջակցությունը: “Չինական հրաշքի մասին ողջ աշխարհը  հիացմունքով է խոսում: Ես հույս ունեմ, որ մենք համատեղ ջանքերով  Հայաստանում, ի դեմս այս դպրոցի, կստեղծենք չինական փոքրիկ հրաշք”,- հանդիպման ընթացքում նշել է Արմեն Աշոտյանը:
Քննարկման ընթացքում նշվել է, որ չինական դպրոցի նախագիծը  ձևի և բովանդակության առումով  տարածաշրջանում և  նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում բացառիկ կլինի և կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ տարածաշրջանի այլ երկրներում:

 

Անկախ

Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները

001 (2)Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները:

2014 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալներով՝ Երևանի քաղաքապետարանում ընդունելություններին մասնակցել է 996 քաղաքացի, որից 116-ը՝ հունիս ամսվա ընթացքում: Ներկայացված հարցերը ստացել են համապատասխան լուծումներ:

Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվող ընդունելություններին հունվարի 1-ից հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում մասնակցել է  2810 քաղաքացի: Ընդ որում, նրանցից միայն 534-ը՝ վերջին ամսվա ընթացքում: Բնակիչների կողմից ներկայացված 2200 հարցի տրվել է դրական լուծում և սպառիչ պատասխան:  Բարձրացված հարցերից 18-ը մերժվել է՝ վարչական շրջանի կամ քաղաքապետարանի լիազորությունների  շրջանակում չլինելու պատճառով: 522 դիմում էլ կատարման ընթացքում է և պատասխանատուների մշտական հսկողության  տակ՝ հնարավորին սեղմ ժամկետում դրանց ևս լուծում տալու նպատակով:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայիսից վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ամենշաբաթյա ընդունելություններին մասնակցում և բնակիչներին հուզող հարցերին տեղում ծանոթանում են  նաև քաղաքապետի տեղակալները, խորհրդականները և աշխատակազմի քարտուղարը:

Ընդունելությունների ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված բոլոր հարցերին տրվել են համապատասխան լուծումներ կամ սպառիչ պատասխաններ:

Ինչպես ընդունելությանը մասնակցած բնակիչներն են նշել, քաղաքապետի տեղակալի ներկայությունն ու մասնակցությունն իր հերթին նպաստում է, որ տեղում լուծումներ գտնեն նաև այն խնդիրները, որոնց լուծման համար իրենք պետք է դիմեին քաղաքապետարան և որոնց համար որոշակի ժամանակ էր պահանջվելու: Պատասխանատուները նաև հենց այս հանգամանքով են պայմանավորում ընդունելություններին մասնակցող բնակիչների թվի աճը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանում և վարչական շրջաններում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները 

Ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում

Անահիտ ԲախշյանՄի քանի օր առաջ  Երևանի  քաղաքապետին աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել թ.174 հիմնական դպրոցի տնօրենը: Ըստ լուրերի՝ պատճառը եղել է դպրոցում ինչ-որ կազմակերպության կողմից ստուգումների արդյունքում տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը, որի հետևանքով բացահայտվել են հրամանագրված անձինք, որոնք չեն աշխատել դպրոցում և աշխատավարձը յուրացվել է տնօրենի կողմից: Կրկնում եմ՝ ըստ տարածված լուրերի, որոնց մասին  քաղաքապետարանը, ինչպես իրենք են ասում, տեղյակ չէ: Ես  այս մասին արդեն հարցում եմ ուղարկել  քաղաքապետին, պատասխանի մասին նույնպես կտեղեկացնեմ հասարակությանը:

Սակայն ասելիքս այլ է: Միայն այս տարվա անցած 6 ամիսների ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ դպրոցի  տնօրենը խարդախ ճանապարհով յուրացնում է կրթությանը հատկացված պետական միջոցները: Եթե թ. 27 հիմնական դպրոցի դեպքում այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործը տնօրենի կողմից աշխատանքից ազատման պատճառ չդարձավ, այլ հասավ դատարան, որտեղ արդեն նախկին տնօրենը  հրապարակավ ընդունեց իր մեղքը, վերականգնեց պետությանը հասցրած վնասը և քաղաքապետի հրամանով 1,5  տարով ազատվեց թե՛ տնօրենի, թե՛ մանկավարժի պաշտոններից, թ.174-ի տնօրենն ավելի ամոթով էր, ազատվեց իր դիմումի համաձայն: Այս փաստն արդեն վկայում է այն մասին, որ այս տնօրենի մասին տարածված լուրերը  մոտ են ճշմարտությանը:

 

Ի՞նչ է կատարվում մեր դպրոցներում, ինչպե՞ս է, որ  այս երևույթները  չեն կանխվում պատկան մարմինների  կողմից, և ոչ միայն չեն կանխվում, այլև  շատ  տարածված  մտածելակերպ կա՝ «Իսկ ո՞վ չի անում, որ…»: Արդյո՞ք  քաղաքային իշխանությունը  պայքարում է  այս հանցավոր երևույթի դեմ, չի երևում, որովհետև  նա  հրապարակային ոչ մի  քննադատական  խոսք, նախադասություն, միտք այդպես էլ  չարտահայտեց  թ.27  դպրոցի  նախկին տնօրենի  վարքագծի մասին, իսկ թ.174 դպրոցում իրականացված ստուգումների  վերաբերյալ լռում է, կարծես խոսքը պետական անվտանգության մասին է:  Եզրակացությունս հետևյալն է. եթե  արատավոր երևույթի մասին  պետական մարմինը լռում է, ուրեմն  այն նրա  կողմից խրախուսվում ու թաքցվում է  այնքան ժամանակ, քանի դեռ  չի  բացահայտվել: Գուցե  թաքցնելը երկուստեք ձեռնտու՞  է: Մեր հասարակությունն ու մասնավորապես կրթությունը պատանդ  են մնացել պաշտոնյաների ծանոթների, բարեկամների ամբիցիաների ձեռքին, մինչև ե՞րբ….

 

Անահիտ Բախշյան

«Բարև Երևան» խմբակցության անդամ

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումները շարունակվում են

IMG_3910Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների մարզային փուլը շարունակվում է:

Արտաշատ քաղաքում այսօր կայացած հանդիպմանը մասնակցել են   ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մարզի բնակիչներ։

ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, խոսելով երկրի զարգացման գործում Սահմանադրության կարևորությունից, նշել է, որ Սահմանադրությունը պետք է  կարողանա ապահովել պետության, հասարակության կյանքի նորմալ կենսագործունեությունը: «Մենք այսօր խոսում ենք դատական համակարգի անկատարությունից, հավաքների ազատությունից և այլն. սրանց լուծման միջոցներից մեկը հենց Սահմանադրությունն է»,- ասել է Հանձնաժողովի անդամը:

Նրա խոսքով Սահմանադրությունը պետք է լուծի մի քանի կարևոր խնդիր՝ մարդու իրավունքների և ազատությունների սահմանում և այդ իրավունքների ու ազատությունների պաշտպանություն, ինչպես նաև դրանց ապահովման իրական մեխանիզմներ: Անդրադառնալով կառավարման ձևի փոփոխությանը՝ Հրայր Թովմասյանը  խոսել է նաև պառլամենտական կառավարման մոդելին անցնելու անհրաժեշտությունից: Ըստ նրա՝ կիսանախագահականի դեպքում, եթե նախագահն ունի պառլամենտական մեծամասնություն, կառավարման ձևը վերածվում է սուպերնախագահականի, իսկ եթե չունի այդ մեծամասնությունը, ապա՝ պառլամենտականի: «Այդ դեպքում մենք ունենալու ենք թույլ նախագահ, ով չի կարողանա արձակել պառլամենտը, ազատել վարչապետին և այլն, հետևաբար` կհասունանա սահմանադրական, քաղաքական ճգնաժամ»,- ընդգծել է Հրայր Թովմասյանը:

Հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը կարևորել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, նշելով, որ գործող Սահմանադրությունը  չի կարգավորում որոշ դրույթների լեգիտիմության ապահովումը: «Մենք ունենք կայացած իրավական պետություն, կայացած դատական համակարգ, սակայն կան հարցեր, որոնց լուծումը հնարավոր կլինի իրականացնել միայն սահմանադրական բարեփոխումների միջոցով»,- ասել է Հանձնաժողովի անդամը:

Քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հարց են բարձրացրել, թե ինչպես են Սահմանադրությամբ ապահովվելու պաշտոնատար անձանց հանրային պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները: Հարցին ի պատասխան Հրայր Թովմասյանը նշել է, որ Սահմանադրությամբ պետք է հստակեցվի հանրային պաշտոնատար անձանց լիազորությունների շրջանակը, ներառվի հաշվետվողականության հստակ ընթացակարգեր: «Ստացվում է, որ հանրային պաշտոնատար անձն ունի լիազորություն՝ ընտրություններից առաջ հայտարարություններ անելու, սակայն չունի հանրային պատասխանատվության պարտավորություն: Հետևաբար, սրանք, միանշանակ,  սահմանադրության մակարդակում լուծվող խնդիրներ են»,- ասել է Հանձնաժողովի անդամը:

Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ Արմավիրում:

 

Անկախ

Պարտադիր ու պարտադրված. կառավարության մոտեցումը կուտակային կեսնաթոշակային համակարգին

դեմ եմՀունիսի 21-ին ԱԺ-ն երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կուտակային կենսաթոշակների մասին կառավարության ներկայացրած օրենքի նոր նախագիծը: «Կողմ» քվեարկեց 66 պատգամավոր, «դեմ» և «ձեռնպահ» չկային. նիստին ընդդիմադիր խմբակցությունները չէին մասնակցում:

Կառավարությունը, խախտելով բոլոր հնարավոր ընթացակարգերը, որոնք պետք է ապահովեին խորհրդարանին ինչ-որ բան ներկայացնելու համար, ներկայացրեց ու քվեարկության դրեց այս նոր օրինագիծը, ինչպես նշում էին ԱԺ ոչ իշխանական պատգամավորները: Օրենքի պահանջ էր, որ նախագիծը պետք է անցներ լուրջ ուսումնասիրություն ԱԺ հանձնաժողովներում, հանրային քննարկումներ անցկացվեին առնվազն 15 օր: Նախագծին պետք է կցված լիներ արդարադատության նախարարի եզրակացությունը, որ այն համապատասխանեցված է ՍԴ պահանջներին: ԱԺ ընդդիմադիրները համոզված են` այս պահանջներից ոչ մեկը չի կատարվել ու ոչինչ էլ չի համապատասխանեցվել:

Դրանից հետո ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը, խորհրդակցելով հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում ընդգծեցին. «Ոչ իշխանական քաղաքական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունն անվավեր են: Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ վճռականորեն շարունակելու ենք պայքարել` ՍԴ որոշման ամբողջական կիրառման համար»:

Նոր օրինագծով կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հետաձգվում է մինչև 2017 թ., այսինքն` ով ուզում է չմասնակցել պարտադիր կուտակայինին, պետք է նորից դիմում գրի այդ կապակցությամբ: Իսկ մինչ 2017 թ. պարտադիր բաղադրիչը պետք է տարածվի պետական հատվածի աշխատողների վրա:

«Կառավարությունը փորձում է այս կերպ բաժանել շահառուների խմբին, և 2017 թվականից հետո աշխատաշուկա մտնողներին ու մասնավոր հատվածի աշխատակիցներին մտցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ»,- այս առումով նշում է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանն ու անընդունելի համարում այդ մոտեցումը:

Կառավարության նոր ներկայացրած ու ԱԺ քաղաքական մեծամասնության կողմից հաստատված նոր օրենքում, համոզված են դրան դեմ արտահայտվողները, ոչինչ չի փոխվել, բացի մի ձևակերպումից` պարտադիր բաղադրիչը դարձել է նպատակային վճար` սոցվճար, որն, ի դեպ, հարկերին հավասարեցված վճար է ու պետք է համատարած լինի բոլորի համար:
«Պարզապես չի կարող մեկի համար լինել ու մյուսի համար չլինել. տարիքի խտրականություն կա, սոցիալական վիճակի խտրականություն կա, աշխատանքի խտրականություն կա, դրա տրամաբանությունը ո՞րն է»,- նշում էր «Դեմ եմ» նախաձեռնության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը` նոր օրինագիծն ԱԺ ներկայացվելու օրը:

Այս պնդմանը, իհարկե, այլ պատասխան ունի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որ համոզված նշում է, թե միայն ձևակերպումները չէ, որ փոխվել են, այլ նոր օրենքում կան բազմաթիվ էական փոփոխություններ, և «Դեմ եմ»-ի ու ընդդիմադիր պատգամավորների դժգոհությունների ու բերած փաստարկների կապակցությամբ էլ ընդգծում. «Ես ինչքան հասկանում եմ, ինչ էլ ներկայացվի` իրենք դեմ են լինելու,- իսկ լրագրողի դիտարկմանը, թե նրանք փաստարկում են իրենց դժգոհությունները` հավելեց,- մենք էլ ենք փաստարկում»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հունիսի 20-ին ԱԺ-ում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած կուտակային օրենքի նոր փաթեթը, ի պատասխան այն պնդման, թե միայն պարտադիր կուտակային բաղադրիչի անունը չի փոխվել «նպատակային սոցիալական վճար» բառով, հայտարարեց. «Աղբի անունը մեղր դնելով` այն չի քաղցրանում, այլ նույն աղբն է մնում»:

Ըստ պատգամավոր Արմեն Ռուստամյանի էլ` կառավարությունը փորձ է անում ստեղծել ինչ-որ ծխածածկույթ ու դրա տակ ընդունել ժողովրդի համար անընդունելի ծրագրերն ու օրենքները:

«Ինչի՞ ենք մենք մեզ խաբում, թե դա նպատակային սոցիալական վճար է, էս ամեն ինչի մեջ ճիշտը միայն վճար բառն է, որ վճարելու է ժողովուրդը: Դա նպատակային վճար չէ, սուտ եք ասում, որովհետև դա ֆինանսական ծրագիր է հետապնդում, բացեք ու կարդացեք, դա ֆինանսական խնդիր է լուծելու, ինչի՞ եք խաբում ժողովրդին, թե նրա սոցիալական հարցն եք լուծում»,- նշում էր Ռուստամյանը:

Մի ուշագրավ դիտարկում. ինչ վերաբերում էր կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա թե՛ օրենքների առաջին փաթեթի դեպքում, որի դրույթները ՍԴ-ի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին, թե՛ այս դեպքում կառավարությունը փաթեթները ԱԺ-ում քննարկելու համար արտահերթ նստաշրջաններ հրավիրեց, ինչը, ըստ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների, հնարավորինս հեշտ ու արագ այս համակարգը կյանքի կոչելն է: Ինչ վերաբերում է հարցին, թե ում վրա է պարտադիր տարածվելու համակարգը, ապա կառավարությունը նշում է, թե մինչև 2017 թ. պարտադիր բաղադրիչը կկիրառվի մոտ 50-60 հազար պետական աշխատողների վրա, որոնց համար այդ միջոցները փոխանցելու է պետությունը: Այս պնդմանն էլ ընդդիմադիրները հակադրում են իրենց պնդումը` եթե համակարգը մնա 50 հազար հոգու վրա, չի գործի, կրիտիկական զանգված չի հավաքվի, և կառավարությանը պետք է նվազագույնը 160-200 հազար մարդ, որպեսզի ֆինանսական հարցեր լուծի բարեփոխման անվան տակ:

Հիշենք` վարչապետ Հովիկ Աբրահամյանը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նշել էր` այն պետք է լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված, ինչի կապակցությամբ ընդդիմադիր պատգամավորներից մեկը նշեց, թե նոր օրինագծով վարչապետի այդ հայտարարության իմաստը բացվեց. համակարգը պարտադիր է պետական համակարգի աշխատողների համար և պարտադրված մասնավոր սեկտորի 90 տոկոսի համար: Ոչ թե «պարտադիր, բայց ոչ պարտադրված», այլ պարտադիր և պարտադրված:
Այս ամենին հավելենք, որ չնայած թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ «Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարել էին, որ վտանգների դեպքում համապատասխան քայլերի կդիմեն, ընդհուպ մինչև բողոքի ակտիվ ակցիաների վերսկսում` ակտիվ պայքար, փողոցներում դեռ այդ բողոքի ակցիաները չեն երևում:

 

Ստրասբուրգում հայ խորհրդարանականները Ադրբեջանի նախագահին հակահայ շոուի շանս չեն տվել

EXXVԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վստահ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հարց ուղղելը տակտիկապես սխալ կլիներ, քանի որ այն ևս մեկ հնարավորություն կտար ադրբեջանական կողմին հակահայկական պրոպագանդայի, հակահայկական շոուի նոր արարի, որին վստահաբար ձգտում կամ սպասում էր Ադրբեջանի ղեկավարը: <<Հայաստանի այս պատվիրակությունը աչքի է ընկնում նրանով, որ մեծ մասը ԵԽԽՎ-ում 5,8,10 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեն և այդ տարիների ընթացքում նման իրավիճակների մեջ հայտնվել են, փորձարկել են նման իրավիճակներ: Այնպես, որ համաձայնության եկանք պատվիրակության բոլոր անդամներով և կայացրինք նման որոշում: Մեր պատվիրակության անդամները պատրաստել են ելույթներ, որոնց տեքստերը կցվել են վեհաժողովի արձանագրությանը: Դրանցում մենք ներկայացրել ենք մեր եվրոպացի գործընկերներին՝ շեշտելով Ադրբեջանի պահվածքը, անհարիր լինելը նախագահողի դիրքին>>:

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ հայկական պատվիրակությունն աշխատել է համախմբված և շարունակելու է ակտիվ ու աշխույժ աշխատանքն առաջիկա վեց ամիսներին, այսինքն՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահության ժամկետում:

“Կարելի էր և բոյկոտել, և աղմկել, և թողնել հեռանալ, ընդհանրապես դահլիճ չգնալ, սակայն նախընտրեցինք մնալ և աշխատել դահլիճում: Դահլիճում մնալով` մենք հետևում ենք տարբեր պատվիրակների հակազդեցությանը, նրանց արձագանքներին: Դա ևս օգնեց` հասկանալու, թե ինչ բնույթի քայլեր ենք անելու: ԵԽԽՎ-ի աշխատանքներն այդ 30 վայրկյանանոց հարցի մեջ չեն, մանավանդ որ դու հետագայում չունես արձագանքելու հնարավորություն”,-նշեց Նաղդալյանը՝ իրենց հետագա աշխատանքում կարևորելով եվրապատգամավորների հետ անհատական աշխատանքը առանձին հարցերի ուղղությամբ:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ևս, անդրադառնալով Ալիևին հարցեր չուղղելու վերաբերյալ դիտարկմանը, ասաց, որ հարցեր չհնչեցնելու նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի հնարավորություն չտրվի հակառակորդ երկրին թեմայից շեղվելու, իր խնդիրներից չխոսելու և նեգատիվն ուղղելու մեր հիմնախնդիրներին: <<Այն ցինիզմը, բացասականը, ագրեսիան, որ Ադրբեջանը պատրաստել էր մեր հարցերին պատասխանելու համար, ուղղեց եվրոպացի պատգամավորներին, ինչով կարծիքը լուրջ փոխվեց և բացասական կարծիք ստեղծվեց Ալիևի մասին”,-ասաց պատգամավորը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ևս ընդգծեց, որ հակառակորդ երկրին հարց ուղղելով՝ հնարավորություն կտրվեր նրան եվրոպական բարձր ամբիոնից հնչեցնել այն, ինչն այլ կերպ չէր կարող ասել:

 

Անկախ

Խարկովի ու Դոնբասի արանքում բետոնե պատ են կառուցելու

163-390x290Խարկովի մարզի նահանգապետ Իգոր Բալուտան հայտարարել է  Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի արանքում բետոնե պատ կառուցելու պլանի մասին, հաղորդում է Lenta.ru-ն:

Նրա խոսքով, այդ շինությունը թույլ չի տա, որ դիվերսիոն-հետախուզական խմբեր ներթափանցեն մարզի տարածք ու նաև կօգնի կանխել ահաբեկչական ուժերի մուտքը: Նա նշել է, որ  ՆԳՆ մասնագետները հայտնաբերել են ամենախոցելի հատվածներն ու այնտեղ ջոկատներ նշանակել հսոկողության համար:

«Մենք որոշել ենք, թե ինչպիսին պետք է լինի բլոկպոստը, ինչ տեսք պետք է ունենա ու ինչ պետք է այնտեղ գտնվի` կուտակիչից մինչև ցնցուղ. այդ սկզբունքով կսարքավորենք ամբողջ վարչական սահմանը»,-ասել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի, Դոնեցկի, Լուգանսկի ու Խարկովի մարզերի արանքներում  Դնեպրոպետրովսկի նահանգապետ Կոլոմոյսկին առաջարկեց արգելապատնեշ կառուցել:

Էրդողանը կհաղթի նախագահական ընտրություններում առաջին փուլով. թուրքագետ

Էրդողան«Թուրքիայի նախագահական ընտրությունների ժամանակ հենց առաջին փուլում կհաղթի ներկայիս վարչապետ Էրդողանը: Նա, հավանաբար, կստանա ձայների 53 տոկոսը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Այսօր լրանում է Թուրքիայում օգոստոսի 10-ին կայանալիք նախագահական ընտրությունների համար մասնակից թեկնածուների գրանցման ժամկետը: Մինչ այս պահը գրանցվել է 3 թեկնածու.  Սելահադին Դեմիլթաշ, Էքմելեդդի Իհսանօղլու և Ռեջեփ Թայիփ Էրդողան:

Հակոբ Չաքրյանը նշեց, որ այս տարի ընտրությունները առանձնանում են նախորդներից, քանի որ նախկինում Թուրքիայում նախագահին ընտրում էր խորհրդարանը, և, բնականաբար, հաղթում էր այն գործիչը, ում ներկայացրել էր իշխող կուսակցությունը. այս տարի ժողովուրդն է ընտրելու:  «Էրդողանը գիտի իր ընտրազանգվածի պահանջները և կատարում է դրանք: Իսկ այդ մարդկանց չեն հետաքրքրում մարդու իրավունքները կամ դեմոկրատիան: Դա ապացուցում է այն հանգամանքը, որ, չնայած դեկտեմբերին տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալին, Էրդողանի կուսակցությունը, այնումենայնիվ, հաղթեց ՏԻՄ ընտրությունների ժամանակ», – ասաց թուրքագետը` ընդգծելով, որ խնդիրը Էրդողանի հաղթանակը չէ, այլ նրա վերին աստիճանի հանդուգն կեցվածքը: Նրա` նախագահ դառնալու դեպքում Թուրքիան   հնարավոր է անցնի նախագահական համակարգի:

Հակոբ Չաքրյանի համոզմամբ` Արևմուտքը ևս աջակցում է Էրդողանին, քանի որ տարածաշրջանում տեղի են ունենում կարևոր իրադարձություններ, և նրանց համար կարևոր է հուսալի մարդ տեսնել որպես Թուրքիայի ղեկավար. «Այո´, ԵՄ-ը և ԱՄՆ-ը քննադատում են Էրդողանին, բայց քննադատել միշտ չէ, որ նշանակում է ձերբազատվել: Էրդողանը չարյաց փոքրագույնն է նրանց համար», – ասաց նա:

 

Նրա խոսքով` ընտրությունների արդյունքները ազդեցություն չեն ունենա հայ-թուրքական հարաբերությունների վրա. «1991 թվականից ի վեր բազմաթիվ կառավարություններ են փոխվել, բայց այդ երկրի հակահայկական քաղաքականությունը չի փոխվել: Հայաստանի հետ հարաբերությունները նրանք դիտում են որպես ներքին ազգային խնդիր, իսկ ազգային խնդրի հարցում պետական քաղաքականություն է կիրառվում, այդ պատճառով նախագահի կամ կառավարության փոփոխությունով այդ քաղաքականությունը չի փոխվի»:

 

 Անկախ

 

«Փոքրիկ իշխանի» այգի Ֆրանսիայում

161-390x290Ֆրանսիայի արևելքում, Գերմանիայի հետ սահմանի մոտ զվարճանքների այգի է բացվել Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» մոտիվներով, որը, ի դեպ, թարգմանվել է աշխարհի 275 լեզուներով, հաղորդում է  Lenta.ru-ն:

Այգու այցելուները կարող են այստեղ կենդանի աղվեսներ ու գրքում հիշատակված մյուս գազանիկներին տեսնել ու նույնիսկ կերակրել: Բացի այդ, հյուրերը կարող են 3D ֆիլմ դիտել ու անգամ ինտերակտիվ զրույց ունենալ համակարգչով ստեղծված էքզյուպերյան հերոսների հետ:

Այգում նաև 2աերոստատ կա, որոնք ամրացված են 150 մ բարձրության վրա ու ստեղծում են մոլորակի տպավորություն, որն այցելել էր Փոքրիկ իշխանը: Այցելուները կարող են նաև բիպլանով թռչել, քանի որ  «Փոքրիկ իշխանի» հանճարեղ գրողը նաև օդաչու էր:

Այգին ստեղծող Ջերոմ Ջիակոմոնին հույս ունի, որ ամեն օր այստեղ կայցելի շուրջ 150 հազար մարդ, հիմնականում 2-12 երեխաներ ու «մեծեր» , ովքեր դեռ հիշում են, որ ինչ որ ժամանակ փոքր են եղել:

Անկախ

Այլընտրանքային բիզնես գաղափարը կփրկի՞ Աֆրիկյանների շենքը

Աֆրիկյանների շենքԱֆրիկյանների շենքը կամաց-կամաց վերանում է Տերյան 11 հասցեից, մինչդեռ պայքարող քաղաքացիները չեն պատրաստվում հանձնվել: Նրանք ամեն օր նորանոր ակցիաներ են կազմակերպում՝ ներգրավելով մտավորականներին, հասարակական ակտիվ շերտերի ներկայացուցիչներին:

Սրան զուգահեռ` այս օրերին մամուլում շրջանառվում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի ժամանակ քննարկման է դրվել պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի կողմից:

Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրենսդրական նախաձեռնոթյան համար հիմք է ծառայել մի շարք ՀԿ-ների կողմից բարձրացած խնդիրը, ըստ որի` գործող օրենքը որոշակի հակասության մեջ է ՀՀ կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի հետ:

Արփինե ՀովհաննիսյանԳործող օրենքն ասում է, որ հուշարձանը կարող է տեղափոխվել բացառիկ դեպքերում՝ չմանրամասնելով, սակայն, այդ բացառիկ դեպքերը, որոնք իր հերթին սահմանում է կառավարությունը՝ որոշակի նյութական պահպանության կամ քաղաքաշինական նպատակների հետ պայմանավորված:

Նոր օրենքով նախատեսվում է խստացնել տեղափոխման կարգը՝ օրենքում ամրագրելով կոնվենցիայի այն դրույթը, որ հուշարձանը կարելի է տեղափոխել միայն այն դեպքում, երբ վնաս է սպառնում դրա նյութական պահպանությանը կամ  առկա է կորստի վտանգ, և ուրիշ ոչ մի դեպքում: Այսինքն` օրենքը համապատասխանեցնում են միջազգային կոնվենցիայի դրույթին:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախագիծը գրեթե մեկ տարի է՝ քննարկումների փուլում է. նախորդ տարվա նոյեմբերի 1-ին տեղի են ունեցել լսումներ, որին հրավիրված են եղել մասնակցելու նաև տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնց կողմից ստացված առաջարկների հիման վրա էլ կատարվել են լրամշակումներ:

Ինչ վերաբերում է օրենքի փոփոխության դեպքում դրա հետադարձ ուժի կիրառմանը, ապա պատգամավորը հիշեցնում է, որ օրենքը խստացնող է, ուստի այն հետադարձ ուժ ունենալ չի կարող:

Փաստորեն, եթե անգամ օրենքը փոփոխվի ու խստացվի, դա, օրինակ, Աֆրիկյանների շենքի համար որևէ նշանակություն ունենալ չի կարող:

Պատգամավորը հիշեցնում է, որ Կոնվենցիան և միջազգային պայմանագրերը նույնպես հետադարձ ուժ չունեն:

Նշենք, որ Աֆրիկյանների ակումբը տեղափոխման ենթակա պատմամշակութային հուշարձանների ցանկում է մտցվել դեռևս 2004 թ. կառավարության որոշմամբ: Դրանից չորս տարի հետո միայն՝ 2008 թվականին է Հայաստանը վավերացրել Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որի հոդվածներից մեկն ուղղակիորեն արգելում է պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, եթե այն չի բխում կառույցի պահպանման անհրաժեշտությունից:

Արփինե Հովհաննիսյանը զերծ մնաց Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ այդ գործի թղթային բազան իր ձեռքի տակ չէ, և հնարավորություն չի ունեցել ուսումնասիրելու: Սակայն նշեց, որ ընդհանրապես այդ ոլորտի հետ կապված խնդիրը համարում է բավականին զգայուն՝ հատկապես մշակութային ժառանգություն ունեցող երկրների համար: «Յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի համար կա կոնկրետ լուծում, նախ պետք է գնահատել դրա նպատակային հարցը: Բարդ է ասել՝ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեպքում պատճառն օբյեկտի՞վ է, արդարացվա՞ծ է, թե ոչ: Համենայնդեպս, այսօր իրավական տեսանկյունից բոլոր հիմքերը կան շենքը տեղափոխելոււ»,-նշեց պատգամավորը:

Սարհատ Պետրոսյան«Ուրբան Լաբ Երևան» հասարակական կազմակերպության նախագահ, ճարտարապետ, Աֆրիկյանների շենքի քանդման դեմ պայքարող ակտիվիստ Սարհատ Պետորսյանը հակադարձում է պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի այն պնդմանը, թե հասարակական կազմակերությունների շրջանում նախագծի քննարկման վերաբերյալ լայն իրազեկում է տեղի ունեցել: «Շահագրգիռ կողմը մեր կազմակերպությունն է, կոնվենցիայի խախտումը մենք ենք հայտնաբերել և դեռևս 2012 թվականին մեր կազմակերպությունն է հանդես եկել նման առաջարկով և դիմել ԱԺ բոլոր խմբակցություններին, որ օրենքում փոփոխություններ կատարվեն, սակայն երբևիցե մենք չենք հրավիրվել նման քննարկման»,-ասաց նա:

Օրենքը կոնվենցիային համապատասխանեցնելը, ըստ Սարհատ Պետրոսյանի, մարդկանց աչքերին «թոզ փչելու» եղանակ է. «Իրենք կոնվենցիան խախտում են, հետո կոնվենցիայի տեքստը մտցնում են օրենքի մեջ, որ հետագայում ասեն՝ մենք այն ժամանակ օրենքում նման դրույթ չունեինք, հիմա ունենք: Սա ժուլիկություն է: Օրենքը խստացնելով՝ հարցը չի լուծվում, քանի որ կոնվենցիան արդեն իսկ այդ պահանջը դրել է, իսկ միջազգային կոնվենցիաները օրենքից ավելի ուժեղ են»:

Այժմ, երբ ի հեճուկս պայքարի բոլոր մեթոդների, Աֆրիկյանների շենքն այնուամենայնիվ, ապամոնտաժվում է, Սարհատ Պետրոսյանը Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանության և վերօգտագործման այլընտրանքային տարբերակ է առաջարկում, որն ուղղված է շենքի տեղում կառուցվելիք հյուրանոցի սեփականատիրոջը: Նա համոզված է, որ եթե առաջարկն ընդունվի, ապա այն կարող է հիանալի բիզնես-գաղափար լինել՝ մեծ բիզնես շահույթով:

«Մենք առաջարկում ենք Աֆրիկյանների շենքը պահպանել իր տեղում՝ դարձնելով այն նախատեսվող կառույցի մաս և դրանով իսկ ավելացնելով նրա արժեքը որպես Հայաստանում նախադեպը չունեցող մի հյուրանոց»,-ասում է նա:

Ճարտարապետը հիշեցնում է, որ նման լուծումներ հաջողությամբ իրականացվել են աշխարհի բազմաթիվ պատմական հուշարձանների դեպքում: Եվրոպական երկրների օրինակներից զատ, նա ներկայացնում է հարևան Վրաստանի մայրաքաղաքի սրտում գտնվող «Մարիոտ» հուրանոցի շենքը, որը կառուցել է հայ մեծ բարերար Միքայել Արամյանցը:

 

«Այդ շենքը բացվել է 1915-ին, մինչդեռ Աֆրիկյանների շենքի ճակատին առկա է «1914» թվական նշումը։ Իսկ Բաքվում որևէ բարձրակարգ հյուրանոց պատմական շենքում չի գտնվում: Փաստորեն, եթե այս առաջարկն ընդունվի, Աֆրիկյանների շենքի վայրում կառուցվող հյուրանոցը Անդրկովկասում կդառնա ամենահինը՝ լուծելով ոչ միայն Աֆրիկյանների շենքի պահպանման և դրա հետ կապված հարակից խնդիրները, այլև կնպաստի սեփականատիրոջ հեղինակության բարձրացմանը և բիզնես շահույթի ավելացմանը»:

Մնում է, որ տարածքի սեփականատիրոջը գրավի հնամյա շենքի պահպանման այլըտրանքային բիզնես առաջարկի հմայքը:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Նախագահը մասնակցել է մանկավարժական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը

7135_bՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2013-2014 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Հանրապետության Նախագահը գերազանցության դիպլոմներ է հանձնել Մանկավարժական համալսարանի շուրջ երկու տասնյակ լավագույն շրջանավարտների, շնորհավորել նրանց ուսումնական շրջանն ավարտելու և ուսուցչի բարձր կոչմանն արժանանալու կապակցությամբ, մաղթել անձնական երջանկություն և մասնագիտական հաջողություններ:

7137_b«Այսօր ձեզնից մի մասը ստացավ դիպլոմներ, մյուս մասն, անպայման, այսօր վաղը կստանա կամ, միգուցե, արդեն ստացել է, բայց վստահությամբ ձեզ ասում եմ, որ դիպլոմ ստանալը չի նշանակում, որ դուք արդեն դարձել եք մանկավարժ: 7141_bՄանկավարժի բարձր կոչմանն արժանանում են կամ այդ կոչումը վաստակում են տարիների քրտնաջան աշխատանքով, ինքնակրթությամբ և ինքնակատարելագործումով: Դուք ընդամենն այսօր իրավունք եք ստացել դպրոց մտնելու, դասարան մտնելու, բայց այդ կոչմանն արժանանալու ճանապարհին դուք պետք է շատ ջանք ներդնեք: Ասածս հետևյալն է՝ ձեզ համար ավարտվել է ընդամենը ուսումնական այս շրջանը, այս փուլը, և դրանով ոչ թե ավարտվում, այլ միգուցե սկսվում է ուսումնառության ամենատևական փուլը: Մարդ ողջ կյանքի ընթացքում պետք է սովորի, պետք է գիտելիք ձեռք բերի, հակառակ պարագայում՝ այդ մարդը չի կարող գոհ լինել կյանքից, այդ մարդը չի կարող հաշտ լինել ինքն իր հետ, չի կարող շատ մեծ օգուտ տալ հասարակությանը: 7150_bԲոլորդ գիտեք, որ մեր ժողովրդի մեծերը՝ սկսած Մեսրոպ Մաշտոցից մինչև Խաչատուր Աբովյան, եղել են կա՛մ ուսուցիչներ, կա՛մ ուսուցչապետեր: Նույնիսկ այն մեծերը, ովքեր անձամբ չեն դասավանդել, սերունդների համար եղել և կոչվել են ուսուցիչներ: Ձեր մասնագիտության պատասխանատվության սահմանները չափազանց ընդգրկուն են: Խնդրում եմ սա ևս հաշվի առնել: Վաղը, երբ դուք մտնեք դասարան և հանդիպեք տասնյակ զույգ աչքերի, որոնք լցված են հետաքրքրասիրությամբ, հիշեք, որ այդ երեխաները իրենց ծնողների, իրենց Հայաստան երկրի համար ամենաթանկ գանձերն են, և հիշեք, որ այդ աչքերով ձեզ է նայելու վաղվա Հայաստանը:

Այսօր այստեղ առաջին անգամ ուզում եմ հրապարակավ հնչեցնել, որ Հայաստանի իշխանությունները կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակներում նախապատրաստել են և ուսումնական տարվա սկզբին, այսինքն` ամռան վերջին, մենք հանդես կգանք մի մեծ ու կարևոր, պետության համար ծախսատար ծրագրով: Բոլոր նրանք, ովքեր ակտիվ մասնակցություն կունենան այդ ծրագրի իրականացմանը, կլինեն պետության և հասարակության ուշադրության կիզակետում: Չեմ ուզում ավելի հանգամանորեն խոսել այս ծրագրի մասին, որովհետև մենք վերջին պայմանավորվածություններն ենք ձեռք բերում, վերջին շտրիխներն ենք ավելացնում և ամռան վերջին հանգամանորեն կխոսենք այդ ծրագրի մասին:

Սա ձեզ համար հնարավորություն է, լավ հեռանկար՝ աշխատելու սիրած մասնագիտությամբ և կայանալու:

Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, մեկ անգամ ևս շնորհավորում եմ ուսումնական այս շրջանն ավարտելու կապակցությամբ, ցանկանում եմ ձեզ անձնական երջանկություն ու նաև մասնագիտական հաջողություններ: Եվ մեկ անգամ ևս հիշեք՝ ձեր այդ հաջողություններից է կախված Հայաստանի ապագան»,-շրջանավարտներին ուղղված շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Միջոցառման ավարտին համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը Հանրապետության Նախագահին է հանձնել Խաչատուր Աբովյանի անվան մեդալը: Այն գերատեսչական ամենահին մեդալն է Հայաստանում և ունի 70 տարվա պատմություն:

Անկախ

Հոտած ձկան հոտով երգչուհին

22-ամյա երգչուհի Քեսի Գրեյվսը տառապում է մի բացառիկ հիվանդությամբ, որը կոչվում է տրիմեթիլամինուրիա: Աղջկա մարմնից անընդհատ տհաճ հոտ է բուրում` նման հոտած ձկան: Հիվանդությունն աղջկան բազում անհարմարություններ  է  պատճառում, սակայն նա ոչինչ չի կարողանում անել դրա դեմ:

o_976787Ապագա արտիստի մոտ այդ հիվանդությունը հայտնաբերվել է 3 տարեկանում, պատճառն օրգանիզմում տրիմեթիլամինի կուտակումն է: Մեզի, քրտինքի ու արտաշնչած օդի հետ տարածվում է  օրգանական տհաճ հոտով:

Աղջիկը խոստովանում է, որ իր կյանքն ավելի հաջող կլիներ, եթե «հոտավետ» հիվանդություն չունենար:

«Ձեզ ծանոթ է հին ձկան հոտը, երբ շուկա եք մտնում: Ահա այդպես եմ ես բուրում ամեն օր,-պատմում է սկսնակ երգչուհին: – Հոտն արձակվում է իմ մազերից, մաշկից: Ես կարող եմ լողանալ օրը 3 անգամ, սակայն դա ինձ չի օգնում»:

Մի քանի միջոց կա այդ հիվանդության դեմ պայքարելու համար. Սակայն դրանցից և ոչ մեկը խնդրից վերջնականապես ազատման երաշխիք չի տալիս: Քեսին մտադիր է  դասախոսություններ կազմակերպել իր հիվանդության վերաբերյալ, որպեսզի մարդիկ կարողանան ավելի շատ բան իմանալ ու իրենց վերաբերմունքը փոխել այն  հիվանդների նկատմամբ, ովքեր վատ են բուրում:

Անկախ

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 2-ից 3-ը)

օպերատիվ իրավիճակԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 12-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, խուլիգանության, յուրացման և կաշառակերության 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 4, կողոպուտի և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Անկախ

Ոսկեղեն` համագյուղացիներից

ձերբակալությունՕրերս ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 1969 թ. ծնված Գայանե Ս.-ին:
Պարզվել է, որ նա հունիսի 3-ին հյուրընկալվելով համագյուղացու տանը` ննջասենյակի պահարանի զարդատուփից գողացել է 330.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր, որոնք 200.000 դրամով վաճառել է Երևան քաղաքի ոսկու շուկաներից մեկում:
Ոստիկանները պարզել են նաև, որ Գայանե Ս.-ն 2001 թ. ամռանը հյուրընկալվելով մեկ այլ համագյուղացու տանը` գողացել է երկու ոսկյա մատանի:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:

Անկախ