Հակառակորդը կրակել է քաղաքացիական ավտոմեքենայի վրա, որն ամբողջությամբ այրվել է

2-Small1Հայաստանի հյուսիսարեևելյան սահմանագոտում այսօր համեմատաբար խաղաղ է եղել: Մովսեսցիների խոսքով, գյուղի ուղղությամբ հնչել են հատուկենտ կրակոցներ: Սակայն նախօրեին ադրբեջանցի դիպուկահարները, դարձյալ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, Ներքին կարմիրաղբյուր-Այգեպար ճանապարհահատվածում կրակել են քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ:

Տավուշ գյուղի բնակիչ Վարդան Դարբինյանին պատկանող մեքենան ամբողջությամբ այրվել և մոխրի է վերածվել: Բարեբախտաբար, ավտոմեքենայից ուղևորները կարողացել են ճողոպրել և չեն տուժել:

 

Անկախ

Սահմանամերձ Մովսեսում գյուղի տոնը չեն նշի

10271609_783617668327491_748326690412800668_nԱմեն տարի օգոստոսի երկրորդ կիրակին նշվում է` որպես Մովսես գյուղի տոն: Վաղը` օգոստոսի 10-ին, սակայն, սահմանապահ համայնքը տոնակատարություններ չի կազմակերպի` վերջին օրերին սահմանային լարվածության պատճառով:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը Անկախ-ի թղթակին հայտնեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով` մեծ միջոցառում տեղի չի ունենա: <<Անվտանգության նպատակով հետաձգվել է տոնախմբությունը>>,-նշեց նա:

10389084_783617458327512_4873690891779681900_nՄովսեսի <<տոնացույցում>> գյուղի օրը կարմիրով է արդեն մի քանի տարի` գյուղի հովանավոր, գործարար Վազգեն Վանեսյանի նախաձեռնությամբ, ում աջակցությամբ էլ կառուցվել է Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Վաղը գյուղի հոգևոր տաճարում կմատուցվի պատարագ, որին կհաջորդի մատաղի մատուցման արարողությունը:

10563193_783616524994272_8573578556107934465_nԳյուղի օրվա առիթով ելույթ կունենա մշակույթի տան երգի ու պարի խումբը, որն արդեն մի քանի օր է` փորձեր է կատարում: Երգչախումբը կկատարի <<Խիո խիո>> ստեղծագործությունը:

 

 

Անկախ

2014-08-09 / Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի մրցաշարին

 Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ներկա է գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի ամենամյա միջազգային մրցաշարին:

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Սարգսյան-Պուտին

Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մասնավորապես անդրադարձել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար փոխգործակցությանը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցերի, մասնավորապես՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդրին:

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Նախագահ Սերժ Սարգսյանին և շնորհակալություն հայտնել հրավերն ընդունելու և Սոչի այցելելու համար:

Սարգսյան-Պուտին

«Կարիք չկա բնութագրել հայ-ռուսական հարաբերությունները. դրանք կրում են բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթ, ինչի մասին են խոսում նաև Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի, Հայաստանի ղեկավարության վերջին որոշումները: Աշխատանքը կատարվում է, և ես կցանկանայի Ձեզ տեղեկացնել այն մասին, թե այդ ուղղությամբ ներկա պահին այն ինչ վիճակում է գտնվում:

Բայց, անշուշտ, մենք նաև երկկողմ օրակարգի շատ հարցեր ունենք, ինչի մասին մենք այսօր, անկասկած, կխոսենք, ինչպես նաև հնարավորություններ կան ավելի մանրամասն քննարկել ղարաբաղյան կարգավորման հետ կապված հարցերը: Ուստի մեր օրակարգը շատ մեծ և հագեցած է»,-ասել է ՌԴ Նախագահը:

Սարգսյան-Պուտին

Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այս հանդիպման նպատակով Սոչի այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար և նշել. «Մեր վերջին հանդիպումից անցել է երեք ամիս և մեր որոշ պայմանավորվածությունների արդյունքներն ամփոփելու անհրաժեշտություն կա: Բացի մեր երկկողմ հարաբերությունների օրակարգից, ես նույնպես կցանկանայի քննարկել որոշ հարցեր՝ կապված ինտեգրացիոն գործընթացների, ավելի կոնկրետ՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հետ:

Իհարկե, մեզ անհանգստացնում է իրավիճակը Ուկրաինայում: Եթե Դուք անհրաժեշտ կհամարեք, Վլադիմիր Վլադիմիրի, տեղեկացրեք մեզ այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկում է Ռուսաստանը, իսկ ես իմ հերթին մանրամասնորեն Ձեզ կտեղեկացնեմ մեր տարածաշրջանում իրավիճակի մասին և հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում Ադրբեջանի կողմից իրավիճակի կանխամտածված շիկացման պատճառների մասին»:

Հանրապետության Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՌԴ Նախագահին՝ ջերմ ընդունելության և աշխատանքային լավ պայմաններ ստեղծելու համար:

Ղարաբաղյան հակամարտությունը այլևս սառեցված չէ. Ջեյմս Ուորլիք

Ցավոք, տարածաշրջանում տեղ գտնող բախումները փաստում են, որ հակամարտությունը այլևս սառեցված չէ։ Փորձե՛ք բացատրել վիրավոր կամ զոհված զինվորի ընտանիքին, որ այս հակամարտությունը սառեցված է: Այդ մասին “Ամերիկայի ձայնի” ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Ուորլիք

“Բնականաբար, տիրող իրավիճակը  մեզ մեծապես անհանգստացնում է, և անշուշտ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել` իրավիճակը մեղմելու համար։ Առաջին քայլը նախագահների հնարավոր հանդիպումն է Սոչիում, և հուսով եմ` այս հանդիպումը թույլ կտա կասեցնել բախումները հայ – ադրբեջանական սահմանում: Մենք հուսով ենք նաև, որ այս հանդիպումը թույլ կտա կասեցնել սադրիչ հայտարարությունները, որոնք չեն կարող որևէ դրական առաջնթացի հանգեցնել”,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք կողմերը պատրաստ են խաղաղ բանակցության, համանախագահն նշել է. “Կարող եմ հավաստիացնել երկու նախագահների հետ զրույցներ ունենալուց հետո, որ կողմերը ցանկանում են խնդրի խաղաղ լուծում գտնել, և մենք պետք է ամեն կերպ նպաստենք այս խաղաղ բանակցությունների հաջող ընթացքին, սակայն անհրաժեշտ է նաև երկու նախագահների պատրաստակամությունը։ Այսպիսով, մեծ սպասելիքներ ունենք գործընթացի ապագա զարգացումներից, միևնույն ժամանակ անհանգստացած ենք ներկա կացությամբ։ Բնականաբար, կողմերից ոչ մեկը չի ցանկանում մյուսի աչքերում թույլ թվալ, սակայն մենք համոզված ենք մի բանում, որ անհրաժեշտ են խաղաղ բանակցություններ, այլ ոչ` պետերազմ”:

 

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին

Ադրբեջան-Հայաստան

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը կկայանա ոչ թե օգոստոսի 9-ին, ինչպես նախատեսվում էր, այլ օգոստոսի 10-ին: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի` միջազգային հարցերով բաժնի ղեկավար Նովուզ Մամոդովը:

Սոչիում`նախագահական նստավայում, այսօր արդեն կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպմանը երկու պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր:

Անրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը ` Իլհամ Ալիևը նշել է, որ այս հակամարտությունը բավականին ձգձգվել է և լուծում է պահանջում:

Այժմ ընթանում է Վլադիրմիր Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Դոնեցկի մոտ կործանված «Բոինգի» զոհերի հարազատները 50 հազարական դոլար կստանան

original_e09930a74aa36c5858b9472e7a5e989c-390x290Malaysia Airlines ավիաընկերությունը Դոնեցկի մարզում   աղետի ենթարկված «Բոինգի» զոհերի հարազատներին 50 հազարական դոլար է վճարելու որպես  փոխհատուցում:

Ընկերության փաստաբան Յան վան Զուուրենը ճշգրտել է, որ 50 հազար դոլարը նախնական գումարն է, որ  Malaysia Airlines-ը  վճարելու է մինչև փոխհատուցման վերջնական գումարի չափը որոշելը: Նրա խոսքով, դա կարող է տևական ժամանակ պահանջել: Զոհերի  հարազատներն էլ արդեն տեղյակ են փոխադրողի որոշման մասին, հավելել է նա:

Արծրուն Հովհաննիսյան. «Մենք հակառակորդին հաղթեցինք և՛ սահմանին, և՛ տեղեկատվական հարթությունում»

10608997_803874066323665_1858752828_n (1)Օգոստոսի 9-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երևանի Կենտրոն և Ավան տարածքային կազմակերպությունների անդամները Ծաղկաձորում հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ։ Քննարկվեցին վերջին օրերին սահմանային լարվածության դեպքերը, մամուլի և սոցցանցերի արձագանքն իրադարձություններին և տեղեկատվական, քարոզչական դաշտում ՀՀԿ երիտասարդների դերը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ այս հանդիպումը կազմակերպվել է երիտասարդ հանրապետականների պահանջով։ «ՀՀԿ-ն միշտ եղել է բանակի կողքին, և կուսակցության երիտասարդական կառույցը նույնպես բանակի հետ, բանակում, զինվորների կողքին ծրագրեր է իրականացնում։ Այսօր էլ, առավել քան երբևէ կարևոր են այդ միջոցառումները, հատկապես տեղեկատվական դաշտում՝ երիտասարդների մասնակցությունը։ Պատահական չէ, որ ՀՀԿ երիտասարդական կառույցը հետաքրքրված է սահմանին տիրող իրադարձություններով։ Տեղեկատվական դաշտում երիտասարդությունն այսօր գործ ունի անելու, շատ կարևոր է, որպեսզի նրանք լիարժեք պատկերացնեն այն սխեմաները, որոնցով ՊՆ-ն աշխատում է ինֆորմացիոն հարթակում։ Երիտասարդությունն այսօր ամենաշատն է ժամանակ անցկացնում սոցցանցերում, և ցանկալի է, որպեսզի նրանց ներկայությունը համացանցում նպատակային և օգտակար լինի»,- ասաց Կարեն Ավագյանը։

Արծրուն Հովհաննիսյանը կարևորեց նման հանդիպումները՝ շեշտելով, որ եռօրյա, այսպես կոչված, պատերազմը մենք հաղթեցինք նաև տեղեկատվական դաշտում, ինչը նաև նման քննարկումների արդյունք էր։

Պաշտպանության նախարարի խոսնակը ներկայացրեց օպերատիվ իրավիճակը։ Փաստվեց, որ լարվածությունը սահմանին դեռ պահպանվում է, սակայն վերջին 5 օրում հակառակորդը հիմնականում զերծ է մնում սադրանքներից, արկածախնդրությունից, կրակոցները նվազել են. երեկ գիշեր հրադադարի խախտման 200 դեպք է գրանցվել, այս գիշեր՝ 100-ից էլ քիչ։

Խոսելով Ադրբեջանի սպառազինության մասին՝ բանախոսը նշեց, որ ադրբեջանական բանակում այդ սպառազինությունը յուրացված չէ։ Ադրբեջանցիները չունեն համապատասխան գիտելիք և ոգի՝ դրանք կիրառելու համար։

Անդրադառնալով տեղեկատվական դաշտին՝ Արծրուն Հովհաննիսյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ընդգծելով, որ մենք հաջողություններ ենք գրանցել բոլոր հարթություններում՝ թե՜ պաշտոնական լրատվադաշտի, թե՜ լրագրողների մասնագիտական կարողությունների առումներով։ «Պետք է շնորհակալություն հայտնեմ լրատվամիջոցներին, նույնիսկ նրանց, որոնք ժամանակին քննադատաբար էին մոտենում մեզ, սակայն վերջին շրջանում ըմբռնումով մոտեցան, հասկացան, որ պատերազմական իրավիճակում զգուշությունն ու ճիշտ տեղեկություն մատուցելն ավելի հրատապ է, քան կարճաժամկետ շահերը։ Անքննելի է այն փաստը, որ 5 օրերի ընթացքում մենք հակառակորդին հաղթեցինք և՜ սահմանին, և՜ տեղեկատվական հարթությունում»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ աշխատելու որոշակի անհրաժեշտություն կա սոցիալական ցանցերում, որտեղ կան ապատեղեկատվություն տարածող որոշակի խմբեր։ Այստեղ մեծ անելիքներ ունեն երիտասարդները, ովքեր պետք է շատ արագ, օպերատիվ ճշգրիտ փաստերով, մեկնաբանություններով հակազդեն։

Հանդիպման ընթացքում նախարարի խոսնակը պատասխանեց նաև երիտասարդ հանրապետականների հարցերին, որոնք վերաբերում էին Չինարիի բնակիչ, 31-ամյա Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքներին, Սոչիում նախագահների հանդիպումներից սպասվելիք ակնկալիքներին և այլն։

ՀՀԿ Կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության ղեկավար Միքայել Սահակյանը շեշտեց, որ իրենց կառույցը մշտապես արձագանքում է երկրի առջև ծառացած յուրաքանչյուր խնդիրի՝ փոքր, մեծ, տեղական թե մասշտաբային։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԿ Կենտրոն տարածքային կազմակերպության կազմում հիմնականում ընդգրկված են ուսանողներ և նորավարտ մասնագետներ՝ մեր գործունեությունն ավելի շատ ծավալում ենք տեղեկատվական տաշտում՝ քարոզելով հայրենասիրություն, միասնականություն, ինչպես նաև փորձում ենք հակազդել կեղծ ինֆորմացիոն հոսքերին։ Ունենք նաև շատ երիտասարդներ, ովքեր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո քաղաքացիական կյանքում իրենց պայքարը շարունակում են տեղեկատվական ոլորտում»։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Անկախ

Էբոլայի տենդը հասավ Կանադա

Էբոլայի տենդԿանադայում Էբոլայի տենդի կասկածանքի պատճառով կարանտինում է մի քաղաքացի, որի մոտ համապատասխան ախտանշաներ են հայտնաբերվել: Տղամարդը վերադարձել է Նիգերիայից, որտեղ մահացու վարակի բռնկում է գրանցվել. Նա ջերմություն ունի ու ռեսպիրատորային հիվանդություն: Զգուշության համար նրան մեկուսարանում են տեղավորել:

Երեկ Նիգերիայի նախագահ Գուդլակ Ջոնաթանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել տենդի բռնկման պատճառով:

Վերջին տվյալներով, Էբոլայի համաճարակի հետևանքով զոհերի թիվը 961 է:

Թուրքիան ռազմական գործողություններ չի իրականցնի Իրաքի և Սիրիայի իսլամական պետության դեմ

turkey-militaryԹուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ Իրաքի իսլամական պետություն խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ խոսք անգամ չի կարող լինել՝ ավելացնելով, որ իր երկիրը չի մասնակցել քրդական շրջանային կենտրոն Իրբիլ քաղաքի մոտակայքում ծայրահեղականների դեմ ԱՄՆ-ի իրականացրած օդային հարձակումներին:

Շաբաթ օրը պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ պաշտպանության նախարար Իսմեթ Յիլմազը նշել է, որ իր երկիրը մինչ այժմ ոչ մի օգնություն չի տրամադրել ԱՄՆ-ին: Նա վկայակոչել է Թուրքիայի պատասխանատվությունը Թուրքիայի 49 քաղաքացիների նկատամամբ, որոնց Իսլամական պետությունը Մոսուլում գտնվող Թուրքիայի հյուպատոսարանից գերի է վերցրել հունիսին: Գերիների մեջ են դիվանագիտական աշխատակազմի անդամները, հատուկ ուժերի ոստիկանությունը և երեխաներ:

Յիլմազը հայտնել է, որ այս ամենի պատճառով իրենք որևէ այլ բան չեն կարող անել:

 

Անկախ

Հակառակորդի օդուժը թռիչքներ է իրականացրել շփման գծի ողջ երկարությամբ

շփման գիծՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 3000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց:

Բացի հրադադարի խախտման վերոնշյալ դեպքերից, ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինները շփման գծի հարավային /Հադրութ/, արևելյան (Ասկերան) և հարավարևելյան` Մարտունու (Յուսուֆջանլու) ուղղություններով, ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել են հայ դիրքապահների կողմից և հակառակորդը, տալով կենդանի ուժի կորուստներ և վիրավորներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Անցած յոթ օրերի ընթացքում հակառակորդի օդուժը թռիչքներ է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծի ողջ երկարությամբ: ՊԲ ՀՕՊ ուժերը ոչ միայն դրանք ժամանակին հավաստանշել են և պահել վերահսկողության տակ, այլև առաջնագծում տիրող օպերատիվ իրադրությամբ պայմանավորված` օդ է բարձրացվել հայկական գրոհային ավիացիան:

Ընդհանուր առմամբ իրավիճակը սահմանային գծում եղել է լարված: ՊԲ առաջապահ զորամասերը շաբաթվա ընթացքում շփման գծի ողջ երկարությամբ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` հարկ եղած դեպքում իրենց գործողություններով կանխելով հակառակորդի նախահարձակ գործողության ցանկացած փորձ:

 

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

Անկախ

Ընտանեկան օրենսգիրքը լուրջ թերություններ ունի. փաստաբան

Խաչատուր Մարոզյան«Ընտանեկան օրենսդրությունը լուրջ թերություններ ունի և դրանցով պայմանավորված շատանում է ամուսնալուծությունների թիվը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իրավաբանների ու հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը:  Նա նշեց, որ երբեմն մի քանի փոքր կենցաղային գժտությունները կարող են պատճառ դառնալ, որ գործը հասնի դատարան. «Եթե սկսում են աշխատել փաստաբանները, ապա դեպքերի մեծ մասում ամուսնալուծություններ են գրանցվում: 1-3 ամիս հետո զույգը ամուսնալուծվում է, քանի որ այդ ընթացքում փաստաբանները արդեն սկսում են գույքի բաժանման գործընթացը, ինչը, բնականաբար, ավելի է վատթարացնում ամուսինների հարաբերությունները: Սակայն զույգերի 60 տոկոսը հետագայում փոշմանում է» , – նշեց Մարոզյանը;

Այս իրավիճակը մտահոգության պատճառ է դարձել շատ կազմակերպությունների համար:

Ըստ փաստաբան Լիանա Բալյանի` ամուսնալուծությունների թիվը մեծացել է,  քանի որ ՀՀ օրենսդրությամբ հեշտացված է ամուսնալուծության գործընթացը: «Եթե ամուսնալուծություններիի ընթացակարգը բարդացվի, դա կնպաստի ամուսնալուծությունների քչացմանը», – ասաց նա:  Փաստաբանը գտնում է, որ նման գործերում անհրաժեշտ է հոգեբանի միջամտությունը. «Երբ ամուսինները դիմեն դատարան ամուսնալուծության հարցով, նրանց հետ պետք է սկսի աշխատել հոգեբանը: Դատարանը պետք է հոգեբանին ժամանակ տա, որպեսզի վերջինս փորձի հաշտեցնել կողմերին: Հակառակ դեպքում նա կգրի իր եզրակացությունը ու կտրամադրի դա դատավորին», – գտնում է փաստաբանը:

Ամուսնալուծվելու գործընթացը անհապաղ պետք է սկսել միայն այն դեպքում, եթե կինը կամ ամուսինը հոգեկան հիվանդ է, կամ եթե ամուսիններից մեկը երեք տարուց ավել երկրից դուրս է գտնվել:

Դատական համակարգին կից գործի հոգեբանի ինստիտուտը ներդնելու նախագծի հեղինակն Լիանա Բալյանն  է:

«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցացիա» ՀԿ-ն արդեն դիմել է նախագահին այս հարցով: Բացի այդ,  նախագիծը կներկայացվի  նաև ՀՀ կառավարությանը:

Անկախ

Ալիևին ականջից բռնած են բերելու բանակցությունների. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Hrant-Melik-ShahnazaryanՔաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Հետաքրքիր է, չէ՞, որ պատերազմ հրահրող և ՀՀ Նախագահի հետ հանդիպումից խուսափող ադրբեջանական կողմն առաջինը սկսեց բարձրաձայնել վաղը կայանալիք եռակողմ հանդիպման մասին։ Անհամբեր դարձան հանկարծ, և կարծում եմ, բոլորս հասկանում ենք, թե ինչու։ Մի քանի օր առաջ գրել էի, որ Ալիևին ականջից բռնած են բերելու բանակցությունների, էսօր ինձ արդեն Նոստրադամուս եմ կամաց-կամաց զգում))))։

Բայց, որ ճիշտն ասեմ, կանխագուշակումներս պատմական հիմք ունեն։ 94-ին էլ ադրբեջանցիները չէին ուզում հանդիպել հայկական պետությունների ղեկավարների հետ։ Բայց հետո խնդրվելով եկան, որ հրադադարի պայմանագիր ստորագրեն։ Էսօր էլ են նույն վիճակում, ինչի համար հատուկ շնորհակալություն սահմանին կանգնած մեր զինվորին”։

 

Անկախ

Սիցիլիայի գյուղերից մեկում 20 տուն վաճառքի է հանվել յուրաքանչյուրը մեկ եվրոյով

village of GangiԴեպի Էթնա լեռը բացվող տեսարանով Սիցիլայի Գանգի գյուղում յուրաքանչյուրը մեկ եվրոյով վաճառքի է հանել 20 տուն:

Գյուղը որոշել է ցածր գնով վաճառել այդ լքված տները, քանի որ գյուղը միջոցներ չունի դրանք վերանորոգելու համար:

Միջերկրական ծովի կղզու կենտրոնում տեղակայված գյուղը հիմնադրվել է 12-րդ դարում, իսկ վերջին տարիների ընթացքում այնտեղ բնակչության նվազման միտում է նկատվում:

7,000 բնակչություն ունեցող համայնքը ցանկանում է նոր ներդրումներ իրականացնել գյուղում, որի տներով արդեն հետաքրքրված են ամերիկացիներ, շվեդներ և նույնիսկ ռուսներ:

Քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ վաճառվող տների կապակցությամբ հարյուրավոր զանգեր է ստացել Իտալիայից և արտասահմանից, իսկ երկու տուն արդեն վաճառել են իտալացի բիզնեսմենի և նրա ռուս կնոջը:

Չնայած տները վաճառքի են հանվել մեկ եվրոյով՝ այնուամենայնիվ վաճառքի հետ կապված այլ ծախսեր ևս գոյություն ունեն: Վաճառքի հետ կապված տեղական ծախսերը կարժենան շուրջ 5,000 ֆունտ, իսկ վաճառքի միջնորդը հայտնել է, որ տների վերանորոգումը կարժենա մոտ 28,000 ֆունտ:

Գնորդները տեղական համայնքին պետք է վճարեն նաև 4,000 ֆունտ, ինչպես նաև երաշխավորեն, որ կվերանորոգեն տունը:

 

Անկախ

Քիմ Քարդաշյանը իր լուսանկարներով գիրք կհրապարակի

kim-kardashianՔիմ Քարդաշյանը Rizolli Universe-ի հետ պայամնագիր է կնքել իր լուսանկարներով գիրք հրապարակելու համար:  «Kim Kardashian Selfish» վերնագրով գիրքը կունենա 352 էջ և գրախանութներում կհայտնվի 2015 թ-ի ապրիլի 7-ին: Գիրքը կարժենա 19,95 դոլար:

Քիմ Քարդաշյանը նշել է, որ այս գաղափարը իր մոտ ծագել է այն ժամանակ, երբ Վալենտինի օրվա կապակցությամբ նմանատիպ գիրք է պատրաստել իր ամուսին Քանյե Ուեստի համար, և այն այնքան գեղեցիկ է ստացվել, որ ինքը որոշել է նմանատիպ գիրք հրապարակել:

Երբ Քիմին հարցրել են, թե գրքի մեջ կներառվեն արդյոք Քանյեի համար պատրաստված գրքի լուսանկարներից, Քիմը պատասխանել է, որ դրանցից միայն մի քանիսը:

 

Անկախ

Հայրենասիրության դաս՝ հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված Արմեն Հովհաննիսյանի տանը

DSC_9832Օգոստոսի 8-ին «Գեղարեգ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունն ամփոփեց «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ծրագիրը։ Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքների շուրջ 35 պատանիներ ու երիտասարդներ նախ եղան ռազմաավիացիոն ինստիտուտում, այցելեցին կենտրոնական ռազմական հոսպիտալ, որտեղ տեսակցեցին հուլիսի 31-ին հակառակորդի հարձակման ժամանակ թշնամու հետ ձեռնամարտի բռնված, ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին դիմագրաված և վերջիններիս փախուստի մատնած Նորայր Քամալյանին։ Պատանիներն իրենց երախտագիտությունը հայտնեցին մերօրյա հերոսին իր սխրանքի համար՝ շուտափույթ առողջություն մաղթելով նրան։

DSC_9846Հաջորդ այցելությունը «Եռաբլուր» պանթեոն էր, որտեղ ծրագրի մասնակիցները խոնարհվեցին զինվորական պանթեոնում հանգչող հերոսներին, ծաղիկներ դրեցին 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիվերսիոն խմբերի հարձակման ժամանակ փոխհրաձգության հետևանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շիրմին։

DSC_9855«Պատիվ ունեմ» ծրագիրն ամփոփվեց Արմեն Հովհաննիսյանի տուն այցելությամբ։ Պատանիները հանդիպեցին Արմենի ծնողների հետ, ծանոթացան նրա անձնական իրերին, լսեցին հուշեր Արմենի մասին։

Տեղեկանալով, որ պատանիներն իրենց այցելել են հոսպիտալից՝ Արմեն Հովհաննիսյանի մոր՝ տիկին Մարինեի առաջին հարցը եղավ՝ ինչպե՞ս է վիրավոր Նորայր Քամալյանը։

DSC_9853Արեմենի մայրը նշում է, որ իրենց տունը միշտ լիքն է այցելուներով։ Ծանոթ-անծանոթ, երեխաների ձեռքը բռնած, մշտապես գալիս են, լինում Արմենի փառքի սենյակում։ Տիկին Մարինեն հայրենասիրական ինքնատիպ դաս անցկացրեց Գեղարքունիքից ժամանած երեխաների համար։ «Մենք սակավաթիվ ազգ ենք, և խիստ անհրաժեշտ է, որպեսզի հայրենասիրությունը փոքր տարիքից սերմանվի երեխաների մեջ։ Մենք պետք է համախմբված լինենք, որպեսզի կարողանանք դիմագրավել արտաքին թշնամիներին։ Մեզ պետք է հզոր բանակ, իսկ հզոր բանակի գրավականը հայ զինվորն է, ով առանց վարանելու պետք է անցնի ժամկետային զինծառայությունը։ Այսօր զինվորները շատ ավելին են անում, քան մենք՝ թիկունքում գտնվողներս, ուստի չպետք է մոռանանք նրանց։ Մենք պետք է ուժեղ լինենք թիկունքում, որպեսզի տղաները մեզանից ուժ ստանան։ Եթե մենք այսօր գլուխներս դնում ու հանգիստ քնում ենք, մեր տղաների շնորհիվ է։ Մատաղ սերունդը պետք է հասկանա, որ սահմանները պաշտպանելով, ոչ միայն ընտանիքն են պաշտպանում, այլև իրենց ապագա զավակների բաժին հայրենիքը»,- ասում է տիկին Մարինեն։

Արմեն Հովհաննիսյանի փառքի սենյակում պատանիները կատարեցին հայրենասիրական երգեր, գրառումների տետրում թողեցին իրենց երախտիքի խոսքերը։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» ծրագիրն անցկացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Հակառակորդը հերթական անգամ հետ է շպրտվել՝ կրելով կորուստներ

1339061887_g_imageՕգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ և հարավարևելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Առաջնագծում ծավալված փոխհրաձգության ժամանակ պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 86 կրակոց:

Հայկական կողմից տուժածներ չկան:

ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:

 

Անկախ

Թուրքիան առաջին անգամ նախագահ է ընտրելու ժողովրդի ուղիղ քվեարկությամբ

o_992382Թուրքիան պատրաստվում է երկրի համար պատմական ընտրությունների: Առաջին անգամ այն անց է կացվելու ուղիղ քվեարկությամբ.մինչ այդ պետության ղեկավար էր ընտրում խորհրդարանը: Այսօր հանրապետությունում լռության օր է ու ցանկացած տեսակի քարոզ` արգելված: Հարցման համաձայն, վարչապետ Էրդողանի հետ մրցակցության մեջ է Էքմելեդին Իհսանօղլուն ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցության համանախագահ Սելյահաթին Դեմիտաշը:

Էրդողանի հաղթանակը` քաղաքագետների կարծիքով, կարող է լուրջ սահմանադրական փոփոխություններ բերել.խորհրդարանական հանրապետությանը կփոխարինի նախագահականը: Պետության  ու կառավարող կուսակցության ղեկավարի պաշտոնում Էրդողանի համար առավելագույն ժամկետը լրացել է, ուստի, նախագահական մրզավազքում հաղթանակը նրա վերջին հնարավորությունն է մեծ քաղաքականության մեջ մնալու, հաղորդում է “Россия 24”-ը: