«Անադոլու» գործակալության հաղորդմամբ`Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել ավելի վաղ հաստատված 5-օրյա զինադադարը երկարաձգելու ևս 24 ժամով: Այս մասին է հայտնել Կահիրեում պաղեստինյան պատվիրակության ղեկավար Ազամ ալ Ահմեդը: Վերջինիս խոսքերով` ևս մեկ օրը անհրաժեշտ է, որպեսզի հնարավոր լինի ավարտել անուղղակի բանակցությունները իսրայելական կողմի հետ: Զինադադարի երկարաձգման մասին տեղեկությունը հաստատել են նաև իսրայելական ռադիոն և թերթերը:
Daily Archives: August 19, 2014
Նախիջևանում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ նախարարների եռակողմ հանդիպումը
Երեկ Նախիջևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները, ադրբեջանցի նախարար Զաքիր Հասանովը նշել է եռակող ռազմական համագործակցության կարևորության մասին, ընդգծել թուրք-ադրեբեջանական եղբայրական և բարեկամական հարաբերությունների նշանակությունը, որոնք շարունակում են զարգանալ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարաբերություններին առնչվող ռազմական և քաղաքական բնույթի հարցեր, ինչպես նաև որոշում կայացրել նման հանդիպումներ անցկացնել տարվա մեջ երկու անգամ:
Իսկ այսօր ընթանում է եռակողմ հանդիպման տեխնիկական մասը: Նախարարները այց են կատարել տեղական զորամասեր, ինչպես նաև պայմանավորվածություն ձեռք բերել համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ: Ադրբեջանի ՊՆ նախարարի խոսքերով` զորավարժությունների նպատակը զինված ուժերի մարտունակության բարձրացումն է:
Իրանում նախադրյալներ են ստեղծվում կայուն տնտեսական աճ գրանցելու և լճացումից անհապաղ դուրս գալու համար
Իրանի խորհրդարանի դռնբաց նիստի ժամանակ Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիան, նշելով, որ երկրի կառավարության գերխնդիրը լճացումից անհապաղ դուրս գալն է, ասել է, որ լճացումից դուրս գալու օրինագծի, ֆինանսական համակարգի բարեփոխման և մրցունակ արտադրության խոչընդոտների վերացման օրինագծի մշակման գործում հաշվի են առնվել թե մասնավոր բաժնի գործադիր մարմինների կարծիքները , թե խորհրդարանում առկա կարծիքներըը:
«Ժողովրդի կենցաղային պայմանների բարելավումը, հասարակության խոցելի խավին աջակցելը, միջազգային հանրության շրջանում Իրանի դիրքերի բարձրացումը, արտաքին ճնշումների հանդեպ Իրանի խոցելիության կրճատումը նախադրյալներ են ստեղծում Իրանում կայուն տնտեսական աճ գրանցելու և լճացումից անհապաղ դուրս գալու համար»,- ասել է Իրանի էկոնոմիկայի նախարար:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանում գիտական ոլորտում մեծ քայլեր են ձեռնարկվել
Իրանի ներքին գործերի նախարար Աբդոլ Ռեզա Ռահմանի Ֆազլին ասել է, որ Իրանի համալսարաններում լարվածություն առաջացնող խնդիր գոյություն չունի:
«Ներկայումս, գիտական ոլորտում մեծ քայլեր են ձեռնարկվել, և համալսարաններում կայունություն և աշխուժություն է տիրում»,- հայտնել է Իրանի ներքին գործերի նախարարը:
Ռեզա Ռահմանի Ֆազլին հույս է հայտնել, որ կառավարությունը կկարողանա աշխարհին ներկայացնել հզոր, աշխույժ և կարող Իրանը:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Բիժան Նամդար Զանգանե. «Այլևս սահմանափակումներ չկան արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու համար»
Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այլևս սահմանափակումներ չկան արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու համար:
«Համաձայն ժնևյան միջանկյալ համաձայնագրի, չպետք է որևէ արգելք կիրառվի արտասահմանյան նավթատար նավերի Իրան վերադառնալու կամ Իրանից արտահանվող նավթային բեռների ապահովագրության հարցում»,- նշել է Իրանի նավթի նախարարը:
Իրան-«Վեցնյակ» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Ռուսաստան և Գերմանիա) ընթացիկ բանակցությունների շնորհիվ Իրանի դեմ դադարեցին կիրառվել մի շարք պատժամիջոցներ:
Արդյունքում, 2014-ի հուլիսի 25-ին և 29-ին Իրանի հարավային երկու նավահանգիստներ մուտք գործեց ոչ իրանական նավթատար նավ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «Մեհր» լրատվական գործակալությունը:
Իրանում առգրավվել է 8,5 տոննա թմրանյութ
Իրանի Հարավային Խորասան նահանգի ոստիկանապետի տեղակալ Ալի Ռեզա Ամինին տեղեկացրել է, որ 2014-ի սկզբից Հարավային Խորասան նահանգի ոստիկաններն առգրավել են 8600 կգ թմրանյութ:
«Իրանի կառավարությունը թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի նպատակով երկրի սահմանամերձ շրջաններ է ուղարկել անվտանգության ծառայության հազարավոր աշխատակիցների»,- նշել է Ալի Ռեզա Ամինին:
Տեղեկացնենք`Իրանը տեղակայված է Եվրոպայի և ափիոնի արտադրող հանդիսացող Աֆղանստանի միջև տարանցիկ միջանցքում:
Ուշագրավ է, որ թմրանյութերի ապօրինի շրջանառման դեմ պայքարում Իրանի գործադրած ջանքերի շնորհիվ աշխարհում առգրավված ողջ թմրանյութերի 89 տոկոսը բաժին է ընկնում հենց Իրանին:
Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Քաշի տարիքային ավելացումը կդադարի խնդիր լինելուց
Միջին տարիքում քաշի ավելացումը տարածված խնդիր է թե տղամարդկանց և թե կանանց համար, սակայն, վերջերս արված գիտական բացահայտումը հույս է ներշնչում, որ դրա մասին կարելի է վերջնականապես մոռանալ:
Աբերդինի համալսարանի գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ միջին տարիքում քաշի ավելացումն անքակտելիորեն կապված է գլխուղեղի `ախորժակի համար պատասախանատու բջիջների աշխատանքի դանդաղեցման հետ:
Դա նշանակում է, որ մենք տարիքի հետ սկսում ենք ավելի ուտել, քան պահանջվում է օրգանիզմին, ինչի հետ կապված էլ` ավելանում է քաշը:
Այս բացահայտման հեղինակներն ասում են, որ հիմա, երբ արդեն գիտենք, թե ինչպես են աշխատում նման բջիջները, իրենք կարող են ուշադրությունը սևեռել այն միջոցների որոնմանը, որոնք թույլ կտան պահպանել դրանց ակտիվությունը` խոչընդոտելով ախորժակի ու քաշի ավելացմանը:
Սակայն, առայժմ այդ միջոցները դեռևս գտնված չեն, ուստի քաշի ավելացումից պաշտպանվելու նպատակով պետք չէ ուտել այնքան, մինչև զգաս, որ հագեցել ես:
Սահակաշվիլին Վրաստանին է վերադարձրել պետության հաշվին գնած կոստյումներն ու վերարկուն
Վրաստանի կառավարության ադմինիստրացիան ստացել է նախկին նախագահ Սահակաշվիլու պետության հաշվին գնած հագուստեղենի մի մասը: Ինչպես նրա գրադարանի մամլո ծառայությունից են հայտնել, ծանրոցում կոստյումներ են ու վերարկու, որոնք Սահակաշվիլին գնել է բյուջեի գումարներով, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Օրեր առաջ Վրաստանի Գլխավոր դատախազությունը Սահակաշվիլուն մեղադրել է բյուջեի միջոցներով 8 կոստյում ու քաշմիրից վերարկու գնելու մեջ: Ինչպես գրադարանում են հայտնում, Սահակաշվիլի որոշել է այդ հագուստը վերադարձնել:
Հագուստը նախկին նախագահի բնակարանից Վրաստանի կառավարության գրասենյակ է ուղարկվել առաքիչի միջոցով ու ներկայում գտնվում է ընդունարանում, քանի որ ադմինիստրացիան հրաժարվել է այն ընդունել: Պաշտոնական անձինք բացատրել են, որ իրենք կարող են ընդունել միայն պաշտոնական ծանրոցները:
Ի դեպ, հագուստին կցված է Սահակաշվիլու գրությունն ուղղված նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն.»Կարող եք այս հագուստն օգտագործել ձեր հայեցողությամբ»:
Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի տենդից զոհերի թիվը հասել է 1229-ի
Ներկա դրությամբ Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի տենդից զոհերի թիվը հասել է 1229-ի:
ԱՀԿ-ի վերջին տվյալներով, գրանցված է հիվանդության 2240 դեպք: Ավելի վաղ ԱՀԿ-ն Էբոլայի տենդը համաշխարհային նշանակության սպառնալիք է ճանաչել: Զոհերը հիմնականում 4 երկրներից են` Լիբերիա, Գվինեա, Նիգերիա ու Սյերա-Լեոնե:
Էբոլայի տենդը հայտնի է 1976-ից: Հիվանդությունից մահացությունը կազմում է 90%: Այն փոխանցվում է շփման ճանապարհով: Հիվանդների մոտ ախորժակի կորուստ է առաջանում,բարձրանում է ջերմությունն ու գլխացավ է լինում, փսխում, ցան ու լուծ ու ներքին և արտաքին արյունահոսություն է սկսվում:
Օբաման հայտարարել է` Սիրիայում քիմիական զենքն ամբողջությամբ ոչնչացվել է
ԱՄՆ նախագահ Օբաման ու պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել են Սիրիայի հայտարարագրված քիմիական զենքի ուտիլիզացիայի ավարտի մասին, հաղորդում է Вести.Ru-ն:
Գործընթացն ավարտվել է նախանշված ժամկետից մի քանի շաբաթ առաջ: Վերջին խմբաքանակի ոչնչացումը կատարվել է ամերիկյան «Քեյփ Ռեյ» նավի վրա` Միջերկրական ծովի միջազգային ջրերում:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբիի խոսքով, ուտիլիզացիայի գործընթացին մասնակցել են տարբեր երկրների մասնագետներ: Ըստ քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ պայմանավորվածության, Սիրիայից դուրս է բերվել 1,2 հազար տ քիմիական նյութ: Ընդ որում, քիմիական նյութերի մի մասն էլ ոչնչացվել է Սիրիայի տարածքում:
Լոս-Անջելեսում դեռահասները համադասարանցիների զանգվածային սպանություն են պլանավորել
Հարավային Փասադենայում 2 դեռահասի են ձերբակալել, որոնք պլանավորել են համադասարանցիների ու դպրոցի մի քանի աշխատակցի սպանությունը:
Տեղի ոստիկանության սերժանտ Բրայան Սոլինսկին պատմել է, որ դավադրության մասին տեղեկությունը ոստիկանությունը ստացել է դպրոցի ադմինիստրացիայի կողմից: Հետախուզման ժամանակ դեռահասների բնակարաններում ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել նրանց ձերբակալության համար բավարար ապացույցներ:
Տեղեկությունների համաձայն, դեռահասները պլանավորել են դպրոցի 3 աշխատակցի սպանել ու հնարավորինս շատ աշակերտի: Նրանցից մեկը ձերբակալության ժամանակ կամովին է հանձնվել, իսկ մյուսը դիմադրել է:
Դպրոցում, որտեղ պետք է իրականացվեր ահավոր մտադրությունը, սովորում է 1,5 հազար երեխա:
Ջրհեղեղի պատճառով Պանամայում արտակարգ դրություն է հայտարարվել
Պանամայի արևմուտքում, Չիրիկի նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել, հաղորդում է Вести.Ru-ն:
«Չնայած աղետի գոտում հիմա փրկրարական աշխատանքներ են իրականացվում ու իրավիճակն այնտեղ վերահսկվում է, ես աետի գոտում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ որոշում եմ ընդունել»,-ասել է երկրի նախագահ Խուան Կառլոս Վարելան:
Նրա խոսքով, այդ միջոցը կարագացնի օգնությունը տուժածներին: Վերջին տվյալների համաձայն, տարածաշրջանում տարերային աղետից 9 մարդ է զոհվել: Ներկայում Պանամայում տուժածներին օգնության կամավոր հավաք է կատարվում: Այդ ընթացակարգն անձամբ ուղղորդում է նախագահի կինը:
Հռոմի պապ.”Ինձ 2 կամ 3 տարվա կյանք է մնում”
«Ես գիտեմ, որ ինձ քիչ է մնացել ապրելու: 2 կամ 3 տարի, իսկ դրանից հետո կհայտնվեմ Աստծու տանը»,-հայտարարել է 77-ամյա Հռոմի պապը` լրագրողներին, Հարավային Կորեայից Վատիկան տանող ճանապարհին:
«Ես մտորում եմ իմ մեղքերի, սխալների մասին, փորձում եմ խուսափել հպարտությունից: Ու այն պատճառով, որ օրերս հաշված են»,-պոնտիֆիկոսի խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Հռոմի պապը դրա մասին խոսել է միայն նեղ շրջանակում: Հիմա իր մտքերն է կիսել լրագրողների հետ: Նա չի բացառում, որ կհետևի իր նախորդին` Բենեդիկտոս XVI-ին: Ու դա այն ժամանակ, երբ այլևս չի կարողանա իր պարտականությունները կատարել:
60 տարի առաջ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսը չէր կարող հեռանալ, սակայն գործող Պապը նշել է, որ « Բենեդիկտոս XVI-ը բացեց այդ դուռը»:
Ավելի վաղ պոնիտիֆիկոսը կիսվել էր երջանկության իր գաղտնիքներով. դրանք 10 են: Նա բոլոր նրանց, ովքեր երջանկություն են փնտրում, խորհուրդ է տվել «անջատել հեռուստացույցը, հանդարտվել ու դադարել ուրիշներին սեփական մտքերը պարտադրելուց»:
Նրա խորհուրդներից մեկն իտալական թևավոր խոսքի նման է հնչում, որը կարելի է թարգմանել որպես «առաջ գնա ու թող բոլորը նույն բանն անեն», կամ « ապրիր ու թող մյուսներն էլ ապրեն»: Հենց այդ ցանկությունից է սկիզբ առնում կաթոլիկ եկեղեցու առաջնորդի վարկածով երջանիկ կյանքի թոփ-10-յակը`:
Հետո նա նշել է, որ պետք է ուրիշ մարդկանց հետ շփման մեջ բաց ու առատաձեռն լինել:
Ծծմբաթթվի արտահոսքի պատճառով Մեքսիկայում 80 դպրոց փակել են
Մեքսիկայի հյուսիսում 80 հանրակրթական դպրոց է փակվել ծծմբաթթվի արտահոսքի պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Սոնորա նահանգում պղնձի հանքից մեծ քանակությամբ ծծմբաթթու է լցվել գետը: Մաքուր ջրի անբավարարության ու թունավորման վտանգի պատճառով ավելի քան 5 հազար աշակերտ պարապմունքի չի գնա: 40 հազար քմ վտանգավոր նյութի արտահոսք է եղել օգոստոսի 6-ին: Այդ ընթացքում թունավորվել են մեքսիկական 7 քաղաքների ջրատարներն ու ավելի քան 20 հազար մարդու համար վտանգավոր վիչակ է ստեղծվել: Չնայած, Սոնորա գետի ջրի մաքրման փորձերին, մինչ օրս այն մահացու վտանգ է ներկայացնում: Ծծմբաթթի արտանետումը կարող է հանգեցնել քաղցկեղի, ժառանգական մուտացիաների ու երեխաների զարգացման շեղումների:
Մայրը հարկադրված սմարթֆոնի նոր հավելված է ստեղծել
Ամերիկյան Հյուսթոն քաղաքի բնակիչ Շերոն Սթենդիֆիրդը ահավոր հոգնել է այն բանից, որ իր որդին` Բրեդլին անընդհատ հեռախոսի զանգերին չի պատասխանում: Կինը գտել է ծրագրավորողների մի թիմ, որն էլ ստեղծել է մի նոր հավելված: Այն հնարավորություն է տալիս արգելափակել երեխայի հեռախոսը: Այդպիսով, եթե երեխան չի մոտենում հեռախոսին, ապա նա ընդհանրապես դրանից օգտվելու հնարավորությունը կորցնում է:
«Ես երբեք չէի կարողանում Բրեդլիին ստիպել ժամանակին հեռախոսին մոտենալ: Նրա լռությունն ինձ համբերությունից հանում էր ու, ինչ ասես մտքովս չէր անցնում: Այն ժամանակ ես որոշեցի ակտիվ գործունեության անցնել: Ես մի քանի ամիս ծախսեցի, որ գտնեմ հավելվածը գրող մասնագետների, ովքեր կկարողանային արգելափակել հեռախոսը, եթե ոչ ոք լսափողը չի վերցնում»:
Այդպես է ծնվել Ignore No More ծրագիրը, որը տեղադրելով` ծնողը հնարավորություն է ստանում սահամանափակելու սարքավորման հասանելիությունն այն դեպքում, եթե երեխան չի վերցնում լսափողը կամ էլ չի պատասխանում հաղորդագրություններին: Երբ արգելափակվում է երեխայի հեռախոսը, նա այդ վիճակից 2 ելք է ունենում.կամ վերցնում է լսափողը կամ պատասխանում հաղորդագրություններին կամ էլ կարողանում է դիմել անհետաձգելի օգնության: Եվ երբ զավակը դրա մասին տեղեկացնում է ծնողին, վերջիններս էլ հաղորդում են հատուկ գաղտնագիրը, որի օգնությամբ կարելի կրկին աշխատանքային վիճակի բերել հեռախոսը:
Ignore No More ծրագիրը Android հեռախոսների համար կարելի է ներբեռնել այստեղ` Google Play.
Վենեսուելայի կառավարությունն ինքնակամ ցրվել է
Վենեսուելայի կառավարությունը կամավոր ցրվել է, որպեսզի նախագահ Նիկոլաս Մադուրոյին հնարավորություն տա կառավարության կազմում վերադասավորություններ կատարել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կառավարության բոլոր անդամները վայր են դրել իրենց ծառայողական իրավասությունները, նման ձևով ճանապարհ բացելով երկրի կատարողական իշխանության վերակազմակերպման հնարավորության համար: Նախագահ Մադուրոն դրա համար նրանց շնորհակալություն է հայտնել:
Հանրապետության փոխնախագահ Խորխե Արեասան կոլեկտիվ պաշտոնաթողությունն անվանել է «իսկական հեղափոխականների արարք»: «Վենեսոլանա դե թելեվիսյոն» հեռուստաալիքի եթերում ելույթի ժամանակ նա ընդգծել է, որ այդ որոշումը համաձայնեցված է նախագահ Մադուրոյի հետ «պետական օրգանների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու ու կառավարական տարբեր մակարդակներում կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով»: