Ստամբուլում ներկայացվել է «Գտնել Զաբել Եսայանին» փաստագրական ֆիլմը (տեսանյութ)

zabelԱյսօր երեկոյան Ստամբուլի Շիշլի թաղամասի պատկերասրահներից մեկում ցուցադրվել է 20-րդ դարի հայ ականավոր կին մտածողներից Զաբել Եսայանի կյանքի մասին պատմող «Գտնել Զաբել Եսայանին» փաստագրական ֆիլմը: Լարա Ահարոնյանի և Թալին Սուջյանի կողմից պատրաստված ֆիլմը ներկայացվել է «1908-1909 Սալոնիկից Ադանա հույսեր և անկումներ» ցուցահանդեսի շրջանակներում:

Ֆիլմում ներկայացված են Եսայանի կյանքի կարևոր դրվագները` Ստամբուլում անցկացրած մանկությունն ու պատանեկությունը, ուսանողական տարիները Փարիզում, ամուսնությունը, երեխաներին, նրա աշխատանքը 1909 թվականի Ադանայի կոտորածներն ուսումնասիրող խմբում, փախուստը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից, Կովկասում և Միջին Արևելքում ցեղասպանությունից հետո հավաքված որբերի և վերապրածների հիշողությունների գրառումը, այնուհետև անցումը Խորհրդային Միություն, աքսորը ստալինյան ռեժիմի կողմից և անհայտ մահը:

Ֆիլմում օգտագործված են Եսայանի ընտանիքի անդամների հուշերը, նրա գրվածքները, գրաքննադատական մեկնաբանություններ, պետական արխիվային նյութեր, ինչպես նաև ձայնագրություններ և լուսանկարներ:

 

Անկախ

Հայփոստը թողարկել է Հայոց ցեղասպանությանը նվիրված 5 նամականիշ

unnamed2014 թվականի հուլիսի 29-ից շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում թողարկված հինգ նամականիշ:

Նամականիշների պատրաստմանն իր աջակցությունն է բերել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը` տրամադրելով բացառիկ լուսանկարներ:
Նամականիշներից մեկը նվիրված է դանիացի միսիոներներ, մեծ մարդասերներ Կարեն Յեփփեին և Մարիա Յակոբսենին:

3 (10)

Մյուս նամականիշների վրա պատկերված են 2012թ. Բոստոնում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձանի, 2003թ. Փարիզում կանգնեցված Կոմիտասի արձանի, հայ պատմաբան, Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատությունների հեղինակ Ջոն Կիրակոսյանի և 1975թ. Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքում կանգնեցված Մեծ Եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի լուսանկարները:


 

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ

Գյումրին սպասում է ՃԿԿ-ի գործարկմանը

 Մարատ ՍարիբեկյանԱրտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականն է՝ այս տարի Շիրակի մարզում ևս ունենալ ճգնաժամային կառավարման կենտրոն: Այս մասին հայտնում է Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը: Այժմ վարչության շենքում կենտրոնի համար նախատեսված սենյակներում վերանորոգման աշխատանքներ են ընթանում:

ՙՄեր շենքային պայմանները լավը չեն, 4-րդ աստիճանի վթարայնության կառույց է, համեմատական առումով լավ հատվածում ենք կառուցում ՃԿԿ-ն, որպեսզի ցանկացած արհավիրքի դեպքում կանգուն մնա և աշխատի՚, – ասում է մարզային վարչության պետը:

Նրա փոխանցմամբ, սրանով չեն սահմանափակվում, այս պահին տարածք է որոնվում ապագա ՃԿԿ-ն հիմնելու համար, ուր անգամ երկրաշարժերը չեն խանգարի աշխատել:

ՙՄենք ուզում ենք նույն դոմիկային սիստեմը լինի, որոնք գետնակիպ են և փլվելու ենթակա չեն՚: Մարատ Սարիբեկյանն ասում է՝ աչքի տակ մի երկու տարածք ունի, սպասում է Շիրակի մարզպետը վերադառնա արձակուրդից, որպեսզի քննարկեն:

Խոսելով ՃԿԿ ունենալու անհրաժեշտությունից պաշտոնյան փաստում է՝ Շիրակը ռիսկային գոտում է, և երկրորդ՝ նաև փոխարինում է հանրապետական կենտրոնին. ՙԵրևանի արտակարգ իրավիճակների դեպքում մենք փոխարինող ենք դառնում՚:

Շիրակի ՃԿԿ-ի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները պատրաստ են, մնում է ավարտվեն տարածքի բարեկարգումը, աշխատանքի ընդունեն հաշմանդամների:

Մարատ Սարիբեկյանը վստահություն է հայտնում, որ մինչև սեպտեմբերի 4-ը՝ փրկարարի օրը, շինվերանորոգման աշխատանքները Շիրակի ՃԿԿ-ում ավարտված կլինեն:

Ստամբուլում եգիպտական հեղաշրջման տարելիցին նվիրված բողոքի քայլերթ է տեղի ունեցել

rabiaՍտամբուլում բողոքի քայլերթ է տեղի ունեցել` նվիրված 2013 թվականի օգոստոսի 14-ին Եգիպտոսում ռազմական հեղաշրջման հակառակորդների նկատմամբ դաժան հաշվեհարդարի տարելիցին:

Ուղիղ մեկ տարի առաջ Կահիրեի «Ռաբիաթուլ Ադավիյա» և «Ան-Նահդա» հրապարակներում տեղի ունեցած ցույցերն արյունալի ավարտ ունեցան:

Այսօր Ստամբուլի կենտրոնական Բեյօղլու թաղամասից ցուցարարների խումբը երթով շարժվեց դեպի Գալաթասարայի հրապարակ: Ցույցի մասնակիցների շարքում քիչ չէին նաև եգիպտացիները, որոնք պարզել էին Թուրքիայի, Պաղեստինի, Եգիպտոսի և Սիրիայի դրոշները, ինչպես նաև անցած տարվա եգիպտոսյան դեպքերը պատկերող լուսանկարներ:

Ցուցարարների ձեռքում կարելի էր տեսնել նաև Թայիփ Էրդողանի և Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի նկարները:

 

Անկախ

«Իրաքում ցեղասպանություն իրականացնող իսլամիստները վերապատրաստվել են Թուրքիայում»

 

10613080_10204498190672985_307628355402575458_nԵրևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այդ իրենց իսլամիստ կոչող տականքները, որոնք հիմա ցեղասպանություն են իրականացնում Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ, վերապատրաստվել և կազմավորվել են Թուրքիայի տարածքում: Պատահական չի, որ նրանք թուրքերի նման՝ նույն ոճով, նույն ձեռագրով ցեղասպանություն են իրականացնում 21-րդ դարում:

Եթե աշխարհի բոլոր երկրների կողմից դատապարտվեր հայերի նկատմամբ իրականացված եղեռնը, ապա նման հանցագործություններ այլևս տեղի չէին ունենա: Իսկ հիմա էլ Թուրքիան իր տարածքում վերապատրաստված այս ելուզակներին քսի է տվել Իրաքի քրիստոնյա և եզդի ժողովուրդների վրա:

Այսքանից հետո արի հավատա Թուրքիայի ղեկավարների դերասանությանը, եվրոպացիների համար թխված նրանց թոզփչոցներին…Արի հավատա գերտերությունների, եվրոպացիների մարդասիրության, մարդու իրավունքների, ազատության, հավասարության մասին հեքիաթներին…Այդ ծայրահեղ իսլամիստներին զինելու գործում իրենց մեղքի մեծ բաժինն ունեն նաև իրենք»:

 

Անկախ

Դեսպան Կիրակոսյանը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հատուկ նիստում դատապարտել է Ադրբեջանի սադրանքները

Arman-KirakosyanՕգոստոսի 14-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանը կազմակերպության Մշտական Խորհրդի հատուկ նիստում հանդես եկավ հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ:

Հայաստանի դեսպանը խստիվ դատապարտեց Ադրբեջանի սադրանքները, որոնք հանգցրել են մի շարք զոհերի և մեծացրել լարվածությունը տարածաշրջանում: Նշվեց, որ Ադրբեջանը շարունակում է խախտել 1994 թ. մայիսի և 1995թ. փետրվարի եռակողմ համաձայնագրերը և անտեսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու միջազգային հանրության կոչերը՝ զերծ մնալու սադրիչ քայլերից ու կարգավորելու հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով:

Դեսպան Կիրակոսյանը խոր մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանցի զինվորականները սկսել են կիրառել ծանր զենք, ինչպես նաև շարունակում են գնդակոծել սահմանային գյուղերն ու քաղաքացիական անձանց: Անընդունելի համարվեց հայկական Չինարի գյուղում մարդասիրական հանձնառությամբ գտնվող Կարմիր խաչի մեքենայի գնդակոծումը:

Հայաստանի դեսպանը դատապարտեց պատահաբար ադրբեջանական տարածքում հայտնված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հրապարակային նվաստացումը, կտտանքների ենթարկելը, որոնք վերջինիս մահվան պատճառ են դարձել:

ՀՀ դեսպանն ընդգծեց, որ Բաքուն, մերժելով միջնորդների առաջարկությունը շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին, դրանով իսկ ստանձնում է հրադադարի խախտումների և մարդկային զոհերի համար ողջ պատասխանատվությունը:

Հայաստանի դեսպանը վերահաստատեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի կողմից միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման կարևորությունը ու նշեց, որ Հայաստանը Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ համատեղ անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկի սադրանքները կանխարգելելու, իրավիճակի կայունացման և բանակցային գործընթացի շարունակման ուղղությամբ՝ արցախյան հիմնահարցը բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու նպատակով:

Հույս հայտնվեց, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի նախաձեռնած Հայատանի և Ադրբեջանի նախագահների օգոստոսի 10-ին Սոչիում կայացած հանդիպման արդյունքներով Ադրբեջանը կհրաժարվի հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունից, վերջ կտա սադրանքներին ու փոխարենը ջանքեր կներդնի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Անկախ

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդես Երևանի պատմության թանգարանում

002 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը էներգետիկայի և բնական պաշարների ու քաղաքաշինության նախարարներ Երվանդ Զախարյանի և Նարեկ Սարգսյանի, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանի հետ միասին ներկա է գտնվել ՀՀ վաստակավոր ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի ծննդյան 80-ամյակին նվիրված «Նախագծեր և իրականացումներ» խորագրով ցուցահանդեսի բացմանը:

Երևանի պատմության թանգարանի նախասրահում կազմակերպված ցուցադրությանը, որին տեղում ծանոթացել են նաև ճարտարապետի  գործընկերներն ու մտերիմները, ներկայացվել են Գուրգեն Մուշեղյանի կյանքն ու գործունեությունն արտացոլող փաստավավերագրական նյութեր, լուսանկարներ:

Շնորհավորելով վաստակաշատ ճարտարապետին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Գուրգեն Մուշեղյանի ավանդն ու ներդրումը 20-րդ դարի երկրորդ կեսում Երևանի քաղաքաշինական զարգացման գործում: Գուրգեն Մուշեղյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին և Երևանի նախկին քաղաքապետերին ու գլխավոր ճարտարապետներին՝ գնահատանքի և մշտական ուշադրության համար:

Միջոցառման ժամանակ Գուրգեն Մուշեղյանը Կարեն Դեմիճյանի անվան մարզահամերգային համալիրի, «Հրազդան» մարզադաշտի և մի քանի այլ աշխատանքների նախագծային 3 ալբոմները նվիրել է Երևանի պատմության թանգարանին:

Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում ունեցած նշանակալի ավանդի, հասարակական ակտիվ գործունեության, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ Գուրգեն Մուշեղյանը Հայաստանի ճարտարապետների միության կողմից պարգևատրվել է պատվո դիպլոմով և ոսկե հուշամեդալով:

Տեղեկացնենք նաև, որ ցուցահանդեսը բաց կլինի շուրջ մեկ ամիս: Մուտքն ազատ է:

 

Անկախ

«Կոչումով բժիշկ» նախագծի նոր թողարկումը (տեսանյութ)

13ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ իրականացվող «Կոչումով բժիշկ»  նախագիծը հաջողությամբ շարունակում է իր ընթացքը:  Նախագծի միջոցով  հանրության դատին են ներկայացվում Հայաստանում և նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների   ամենօրյա բարդ, հարգանքի արժանի աշխատանքը:  Մեր երրորդ  անդրադարձը նվիրված է Անանիկյանների ընտանիքին:

 

ՀՀ Գիտությունների վաստակավոր գործիչ, պրոֆեսոր-ակադեմիկոս Պավել Անանիկյանը մտավորականների` բժիշկների, նկարիչների, գրողների մի քանի սերունդների արժանի հետնորդն է: Բժիշկներ են եղելնրա ծնողները, նաև նրանց ծնողները:

Պետրոս Անանիկյանը ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից է: 1955 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1963-ին աշխատել է նույն բուհի  ընդհանուր վիրաբուժության ամբիոնում (1976-2000թթ. որպես վարիչ):  Գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի վիրաբույժների միության նախագահության պատվավոր անդամ, այս և շատ այլ կոչումներ ունեցող բժիշկը տարբեր տարիների կտրվածքով  աշխատե, նաև  ղեկավարել է հայաստանյան առաջատար բժշկական հաստատություններ: Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ աշխատում է հարազատ դարձած Երևանի 3-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցում, որի գլխավոր վիրաբույժն է: Ամեն օր վաղ առավոտյան  մտնելով այժմյան «Արամյանց» բժշկական կենտրոն Անանիկյանը   հետաքրքրվում է հիվանդների առողջական վիճակով, ակտիվ հետևում հիվանդանոցի անցուդարձին, շտապում վիրահատարան: Հենց նրա խորհուրդն է կրտսեր գործընկերների համար ամենաարժեքաավորն ու սպասվածը

«Այնպես ստացվեց, որ ես ընտանեկան ավանդության  համաձայն դարձա բժիշկ-վիրաբույժ: Շատ եմ սիրել իմ մասնագիտությունը, անաչառ աշխատել եմ, վիրահատել եմ և շարունակում եմ վիրահատել»,- մասնագիտության ընտրությունը մեկնաբանելով՝ ասում է Անանիկյանը, ում կարծիքով վիրահատարանը նման է մարտի դաշտի, ուր պայքարում են մարդու կյանքի համար:

Անանիկյանի գնահատմամբ` բժիշկը պետք է լինի քաջ և ուժեղ, դիամակայի ցանկացած փորձության:

Գիտնականի աշխատանքները հիմնականում վերաբերում են սիրտանոթային վիրաբուժությանը: Նա  մշակել է ստամոքս-տասներկումատնյա աղիքային արյունահոսությունների բուժման եղանակներ, ինչպես նաև պարբերական հիվանդության, լեղապարկի բորբոքման ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժության հարցերը: Առաջարկել է լեղապարկի սուր և քրոնիկ բորբոքման բուժման միասնական եղանակ:  1976-98 թթ. եղել է Երևանի գլխավոր վիրաբույժը:

Բացի  որովայնի, կույրաղիքի, ճողվածքի, լեղապարկի ընդհանուր վիրահատություններից, Անանիկյանը վարպետորեն կատարել է նաև էնդոկրինոլոգիական, գինեկոլոգիական, ուրոլոգիական, ուռուցքաբանական վիրահատություններ: Անանիկյանը  մշտապես ձեռք է մեկնել բոլորին:

Վիրաբուժական գործունեության ընթացքում վիրաբույժին մշտապես ուղեկցել են հանդիպումները նշանավոր մարդկանց հետ:  Քչերը գիտեն, որ վիրաբույժը  մամուլում  հրատարակված  պատմվածքների, ակնարկների հեղինակ է, Հայաստանի գրողների և նկարիչների միությունների անդամ:  Վիրաբույժ աշխատելու երկարամյա  փորձի արդյունքում նա հավաքագրել է  արժեքավոր հուշեր հիվանդների, նրանց հարազատների և գործընկերների մասին, որոնք իրեն բնորոշ հումորի յուրահատուկ զգացումով  ամփոփել է «Բեկորներ»,  «Կուրիոզներ վիրաբույժի կյանքից» գեղարվեստական, ինչպես նաև «Վիրաբույժի զրույցներ» գիտահանրամատչելի գրքերում:

Անանիկյանը 1999 թ. տպագրված  «Բեկորներ» գիրքը նվիրել է իրեն մայրություն արած քույրերին`  Օվսաննային, Մարգարիտային և Արուսյակին, ովքեր մեծ դերակատարում են ունեցել նրա կյանքում:

«Նրանք հսկայական դեր են խաղացել իմ անհատականության կայացման գործում և մշտապես սրտումս մնացին որպես երեք սիրելի մայրեր»,- գրում է պրոֆեսոր- ակադեմիկոսը:

Պատահական չէ, որ Անանիկյանին հաճախ բնորոշել են որպես բժիշկ-նկարիչ:

Ինքնուս նկարիչը մի շարք անհատական և խմբակային ցուցահանդեսների մասնակից է: Իր ձեռքով ստեղծած կտավների մեծ մասը տանն է, մի մասն էլ յուրահատուկ արվեստի շունչ է հաղորդում աշխատասենյակին:

Անանիկյանը անմասն չի մնացել նաև հանրապետության քաղաքական կյանքի վճռորոշ խնդիրների շուրջ հրապարակումներից  և ելույթներից, բայց առաջին հերթին նա եղել է բժիկ, ով օրվա ցանկացած ժամին պատրաստ է զննել հիվանդին, տալ համապատասխան ցուցումներ, անհրաժեշտության դեպքում վիրահատել:

Հայաստանում բժշկության բնագավառի բարձրագույն պետական մրցանակի «Մխիթար Հերացու» շքանշանակիրն առանձնակի խանդավառությամբ ու սիրով է հիշում կյանքի ուղեկցի` պրոֆեսոր-նյարդաբան Էլմիրա Գևորգյանի հետ հանդիպումը` դեռ ուսանողական տարիներին:  Անանանիկյանի խոսքով` Գևորգյանը մշտապես ոգևորել է իրեն և հնարավորություն ստեղծել, որպեսզի կյանքի ամենօրյա դժվար հոգսերից շեղվելով, ժամանակ հատկացնի նաև ստեղծագործական  գաղափարների իրականացմանը:

Երևանի «Թիվ 2 բուժմիավորման» գլխավոր տնօրենի խորհրդատու Էլմիրա Գևորգյանին 2012 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով առողջապահության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար շնորհվել է վաստակավոր բժշկի պատվավոր կոչում: Գևորգյանը Կովկասյան տարածաշրջանի ամենափորձառու և արհեստավարժ նյարդաբաններից մեկն է, ով աշխատանքային գործունեության երկարամյա տարիներին անթիվ-անհամար հիվանդներ է ապաքինել, նաև ստեղծել է  նյարդաբան-բժիշկների դպրոց, հեղինակել մի շարք լուրջ գիտական աշխատանքներ, թեմային վերաբերող դասագրքեր, ձեռնարկներ հրատարակել: Նա  անսահման հարգանք է վայելում հիվանդների, կոլեկտիվի յուրաքանչյուր անդամի կողմից:

«Դպրոցն ավարտելուն պես ուզում էի աստղագետ դառնալ, սակայն հայրս  ինձ հետ պահեց` ասելով, որ աստղագետն այնքան էլ հարմար մասնագիտություն չէ»,- հիշում է պրոֆեսոր Գևորգյանը:

Այսպիսով մասնագիտության ընտրությունը նրան ոչ թե Բյուրականի աստղադիտարան, այլ Երևանի պետական բժշկական համալսարան տարավ: Աստղագիտությունն այժմ էլ հետաքրքրությունների տիրույթում է, սակայն բժշկությունն անփոխարինելի տեղ ունի նրա  կյանքում:

Ամուսնանալով՝ նրանք որպես երիտասարդ մասնագետներ գործուղվել են  Իջևան, երկու տարի անց, Կալինինո: Կարճ ժամանակահատվածում Գևորգյանն աշխատել է  որպես թերապևտ, և նյարդաբան,  զբաղեցրել նաև գլխավոր բժշկի տեղակալի, ապա գլխավոր բժշկի պաշտոնները:

«Այնպես ստացվեց, որ մեր ընտանիքում բոլորը բժիշկներ են: Չեմ պատկերացնում, որ կարող էի այլ մասնագիտություն ընտրել, դա մեր կյանքն է:

Բժշկությունը ոչ թե  գումար վաստակելու միջոց է, այլ առաքելություն:

Դա իմ եսն է, ես այլ կերպ ինձ չեմ պատկերացնում»,- անկեղծանում է նյարդաբանը, ով ամբողջ կյանքը նվիրել է նաև դասախոսական գործունեությանը:

Ավելի քան 20 տարի Գևորգյանը  զբաղեցրել է ԵՊԲՀ-ի նյարդաբանության ամբիոնի և կիցգիտահետազոտական լաբորատորիայի վարիչի պաշտոնը` հետագայում համարվելով նույն ամբիոնի պրոֆեսոր: 1962-ին Մոսկվայում հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Գլխուղեղի ուռուցքների կլինիկական սիմտոմատիկան և նեյրովիրաբուժական ախտորոշումը» թեմայով:

Տասնամյակների ընթացքում հեղինակել է նյարդային համակարգի հիվանդությունների տեղագրական ախտորոշմանը վերաբերող ուսումնական 7 ձեռնարկ և 2 դասագիրք:  Երկու մենագրությունների «Ճակատային բլթերի օջախային ախտահարումների ախտորոշման կատարելագործման ուղիները» (Ա.Ստեփանյանի հետ համատեղ) և «Պարբերական հիվանդության հոգենյարդաբանական տեսանկյունները» (Ա.Պ.Գևորգյանի հետ համատեղ) հեղինակ է: 220-ից ավելի նրա գիտականաշխատանքները  նոր խոսք են գլխուղեղի օջախային ախտահարումների ախտորոշման կատարելագործման, նյարդաբանական այլ բարդ հիվանդությունները յուրովի ներկայացնելու առումով:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 7 ատենախոսություն, ուսուցում է անցել ավելի քան 80 կլինիկական օրդինատոր:

1973-ից մինչև 2000 թվականը Էլմիրա Գևորգյանը ՀՀ առողջապահության նախարարությանգլխավոր նյարդաբանն էր: Դրանից հետո մինչև օրս ստանձնել է մայրաքաղաքիգլխավոր նյարդաբանի պարտականությունները:  1980-1990թթ. եղել է Նյարդաբանների համամիութենական ընկերության վարչության անդամ, ՀՀ նյարդաբանների ընկերության նախագահ, Գլխուղեղի ուսումնասիրության հայկական միջազգային ասոցիացիայի փոխնախագահ (1996-ից), Եվրոպականգիտության ասոցիացիայի հայկական բաժնի վարչության անդամ (1995-ից): Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա)  Գևորգյանն ընտրվել է «2005 թվականի գիտության նշանակալի կին», իսկ Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնը նույն թվականին նրան ճանաչել է առողջապահության բնագավառի առաջատար մասնագետ:

Բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում փորձառու մասնագետն ունի խորհուրդների իր զինանոցը:  Նա հորդորում է սկսնակներին  միշտ լինել ուշադիր հիվանդների հանդեպ, խորհրդակցել գործընկերների հետ:

«Բժշկությունը հեշտ գիտություն չէ, բայց պետքական է»,- նկատում է Գևորգյանը: Նրա խոսքով`  այս բարդ գործում հաջողելու լավագույն միջոցը դիմացինին սիրելն է:

Պավել Անանիկյանի և Էլմիրա Գրոևգյանի ընտանիքի բժշկական գիծը  հաջողությամբ  շարունակում են երեխաներն ու թոռները:

Նրանց դուստրը հոգեբույժ Անահիտ Գևորգյանն է, որդին` վիրաբույժ Պետրոս Անանիկյանը: Բժիշկի ուղին են ընտրել նաև նրանց երեխաները: Անահիտի դուստրը Աննան նույնպես հոգեբույժ է, Պետրոսի որդին`  Պավել Անանիկյան կրտսերը  բժշկական կրթություն է ստացել: Այժմ բնակվում է Ավստրալիայի Ադելաիդա քաղաքում և որպես երկրորդ մասնագիտություն  ընտրել է իրավագիտությունը:

Պետրոս Անանիկյանը խոստովանում է, որ  հոր հետ միևնույն հիվանդանոցում աշխատելը և հաճելի է, և պարտավորեցնող:

«Միշտ փորձել եմ հետ չմնալ նրա ավանդույթներից»,- ասում է պրոֆեսոր Պետրոս Անանիկյանը, ում համոզմամբ` բժիշկը պետք  է լինի ազնիվ իր և հիվանդի առջև:

Ինչպես յուրաքանչյուր ընտանիք, Անանիկյաններն էլ բժշկագիտության արդի խնդիրների մասին քննարկումներից անմասն չեն մնում:

«Բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանակնում են բժիշկ դառնալ, չպետք է մոռանան, որ այս մասնագիտությունը չեն ընտրում միայն լսելով. պետք է սիրել այն,  լինել պարտաճանաչ և  նվիրված»,-  ընդգծում է վիրաբույժը հավելելով, որ  բժիշկի համար լավագույն շնորհակալությունը կատարված աշխատանքի դիմաց մարդկանց գոհունակությունն է:

Բժշկական այս մեծ ընտանիքի  կրտսեր գործընկերներին ուղղված հիմնական հորդորն է լինել նվիրված իրենց գործին, աշխատել անշահախնդիր: Հայկական բժշկագիտության նվիրյալների մեծագույն ցանկություններից է նաև, որ առաջիկայում ծոռները ևս ընտրեն բժշկի ուղին:

Նախագծի շրջանակում Անանիկյաններին հյուրընկալվել էր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Հայաստանի եւ Արցախի 70 թեքեյանցի աշակերտ հանգստացել է ամառային ճամբարում

4 (1)Իրականացվեց «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հինգերորդ «Ամառային ճամբար» նախագիծը, որի շրջանակում Հայաստանի եւ Արցախի թվով 70 թեքեյանցի աշակերտներ եւ նրանց ուղեկցող ուսուցիչներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Հանքավանի «Արագած» մանկական ճամբարում: Ծրագիրն ընդգրկում էր մասնավորապես սոցիալապես անապահով եւ գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների:

Չքնաղ բնաշխարհի մի գողտրիկ անկյունում գտնվող ճամբարը մեծ սիրով ու ջերմությամբ հյուրընկալեց եւ համախմբեց Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից եւ Բերձորից ժամանած թեքեյանցիներին, որոնք ութ օր շարունակ ապրեցին ճամբարային կյանքի հետաքրքիր ռեժիմով` առավոտյան շեփորի կանչ, լիցքային վարժություններ, տողաններ ու շքերթներ: Թեքեյանցի մանկավարժների եւ ճամբարի ջոկատավարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների առօրյան հագեցած էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումներով: Մեծ խանդավառությամբ երեխաները մասնակցում էին գիտակների մրցույթին, սպորտային խաղերին, սովորում էին ազգագրական երգեր ու պարեր:

6 (1)Ճամբարը մի փոքրիկ Հայաստան էր, որտեղ առաջնայինը հայրենասիրական դաստիարակությունն էր, որը փաստավավերագրական ֆիլմերի եւ զրույց-բանավեճերի միջոցով սովորեցնում էր երեխաները բացահայտել եւ նորովի ճանաչել իրենց պապերի երկիրը, սիրել հային եւ հայկական հողը: Նույնիսկ ջոկատները ճամբարում կրում էին հայ ականավոր մշակութային գործիչների եւ ազատագրական շարժման հերոսների անունները:

Թեքեյանցիները մեծ ոգեւորությամբ մասնակցեցին գիշերային եւ ցերեկային արշավների, որոնց ժամանակ սովորեցին հոգալ ընկերների եւ շրջակա միջավայրի մասին. ծանոթացան նաեւ լեռնագնացության հմտություններին: Կազմակերպվեց էքսկուրսիա դեպի 13-րդ դարում հիմնադրված Տրդատավանք վանական համալիր, որտեղ երեխաները շարականներ երգեցին եւ վառ տպավորություններով վերադարձան ճամբար:

2Ճամբարում նշվեց նաեւ «Գյումրիի օր» մշակութային միջոցառումը, որում թեքեյանցիները ներկայացրին Գյումրիի պատմությունը, նրա ողջ կոլորիտը հարսանիքի, երգ ու պարի, ասմունքի ու կատակների միջոցով: Իսկ հյուրերն էին Շիրակի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը, կրթության բաժնի պետ Գեւորգ Ղումաշյանը, մշակույթի բաժնի գլխավոր մասնագետ Գոռ Մարգարյանը եւ այլք:

Հանգստի վերջին օրը նույնպես ակտիվ էր` բոլոր չորս Թեքեյան դպրոցները հրաժեշտ տվեցին ճամբարին իրենց ելույթներով: Նրանք մյուս ճամբարականներին ներկայացրին իրենց քաղաքները, դպրոցները, այս ամենը համեմելով երգ ու պարով եւ տոնական խարույկով: Բաժանումը հուզիչ էր, լի արցունքներով եւ ջերմ խոսքերով. դժվար էր հեռանալը մտերիմ ընկերներից, հոգատար «Արագածից», ուր իշխում են սերն ու բարությունը, ժպիտն ու ծիծաղը:

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի «Ամառային ճամբար» նախագիծը մեծապես նպաստում է մեր երկրի տարբեր անկյուններից ժամանած երեխաների մերձեցմանը, նրանց մտավոր, ֆիզիկական ու անհատական զարգացմանը: Հուսանք, որ նախագիծը, որը աշակերտներին պարգեւում է անկրկնելի հանգիստ, անջնջելի տպավորություններ ու նոր գիտելիքներ, կլինի հարատեւ:

 

Անկախ

Բրիտանացի երգիչ Կլիֆ Ռիչարդին մեղադրում են մանկապղծության մեջ

cliff-richard_1817489Երգիչ Կլիֆ Ռիչարդին մեղադրում են անչափահաս տղայի նկատմամբ սեքսուալ բռնության մեջ, հաղորդում է Agence France-Presse-ը:

Քրեական գործ դեռևս չի հարուցվել, սակայն երգչի տանն արդեն հետախուզում է արվել: Ինքը` երգիչը ողջ այդ ընթացքում եղել է երկրի սահմաններից դուրս:

Մեղադրող կողմը կարծում է, որ «սեքսուալ բնույթի գործողություններ անչափահա տղայի նկատմամբ երգիչը կատարել է 80-ականներին: Ռիչարդի փաստաբանները հայտարարել են, որ արտիստը հերքում է բոլոր մեղադրանքներն  իր հասցեին, սակայն համաձայն է հետաքննության հետ համագործակցել:

Մանկապղծության մեջ մեղադրանքները հնչել են «ԲիԲիսի»-ի հանգուցյալ հեռուստահաղորդավար Ջիմմի Սևիլի գործի հետաքննության ժամանակ,որն արդեն տասնյակ հաղորդավարների ձերբակալման է հանգեցրել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2013-ին  «ԲիԲիսի»-ի Newsnight  ծրագրի մեկնաբանները պարզել են, որ նախկին հեռուստահաղորդավար Ջիմմի Սևիլը տասնյակ տարիներ բռնաբարել է կանանց ու երեխաներին: Սևիլը մահացավ անցած տարի, 84 տարեկան հասակում: Ինչպես բրիտանական մամուլն է հայտնում, նրա  հաշվում 400 զոհ կա:

Հարբած կինը կծել է ոստիկանին ու մահացել

o_563001Պետրոզավոդսկում, հարբած  39-ամյա կինը կծել է ոստիկանին ու մահացել: Մահվան պատճառը դեռևս պարզ չէ: Դեպքը կատարվել է Լոսոսինսկի փողոցի շրջանում, որտեղ հարբած կինն ու մի տղամարդ զբոսնում էին, երբ նրանց մոտեցավ ոստիկանը:

Կինը քաշքշուկի ժամանակ կծել է ոստիկանին ու տեղնուտեղը մահացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  Քննչական վարչության մամլո ծառայության ներկայացուցիչը եթադրել է, որ կինը սրտի հետ կապված խնդիր է ունեցել ու, ըստ երևույթին, հուզվել:

Կնոջ մահվան փաստով ներկայում քննչական ստուգում է կատարվում:

Բեզոարյան այծերի թիվն աճել է. որսորդ

DSC00286«Ենթադրվում է, որ որսի սեզոնը  կբացվի օգոստոսի 23-ին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանը` նշելով, որ  սեզոնի բացման ամսաթիվը կախված է Բնապահպանության նախարարի հրամանագրից, որը  կսահմանի թույլատրված որսատեսակները և քվոտաները:

Ըստ նախաձեռնության անդամի` որսի նկատմամբ ձևավորված կաղապարային կարծիքներ կան, սակայն այն  մի քանի խնդիր լուծելու միտում ունի.  «Դա զենքին պատանեկան տարիներից  տիրապետելու միջոց է: Մեր երկիրը այնպիսի պայմաններում է գտնվում, որ չենք կարող թույլ տալ, որ պատանիները զենքը տիրապետել սկսեն միայն դպրոցում կամ բանակում: Դա մի շռայլություն է, որ մեզ թույլ տալ չենք կարող», – գտնում է Սարիբեկյանը: Մյուս կողմից, որսը թույլ է տալիս մարդուն մոտենալ բնությանը` կենդանիների հետ մրցակցության մեջ մտնելով. «Սովորաբար որսում են կենդանատեսակի պոպուլացիայի թույլ առանձնյակների` ծերերին կամ հիվանդներին: Առողջ կենդանուն հնարավոր չէ որսալ. բնության մեջ կենդանին ավելի ուժեղ է», – նշեց որսորդը:

Հայաստանում արգելվում է վայրի խոզի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի և կատվազգիների որսը: Ըստ Սարիբեկյանի` այս կենդանիներից շատերի որսի արգելքը պատճառաբանված է, սակայն մյուսների դեպքում դա կարելի է մեղմացնել. «Վերջերս լսեցի, որ վայրի խոզերը ոչնչացնում են գյուղատնտեսական հանդակները, այսինքն՝ վայրի խոզի որոշակի գլխաքանակ կա, և դրա որսը կարելի է կազմակերպել՝ մեծացնելով եղած քվոտաները: Դա ոչ միայն որսորդին է ձեռնտու, այլև տնտեսությանը: Այս առումով, կարծում եմ,  որոշակի  բաներ կարելի է վերանայել», – ասաց Էդուարդ Սարիբեկյանը` ընդգծելով, որ զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ, երբ շատ կենդանատեսակներ ոչնչացման եզրին են լինում, օրինական որս կազմակերպելու դեպքում ոչ միայն այդ կենդանիների քանակն է շատանում, այլև օգուտներ են լինում տնտեսության համար:

Սարիբեկյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ շատացել է բեզոարյան այծերի քանակը. եթե նախկինում այդ կենդանուն տեսնելու համար հատուկ տարածքներ պետք էր այցելել և անհրաժեշտ էին ուղեկցորդներ, ապա այժմ նրանց կարելի է տեսնել անզեն աչքով, օրինակ, Նորավանքի ժայռերի մերձակայքում: Նվազել է որոշ թռչնատեսակների քանակը, ավելացել են ագռավները և կաչաղակները:

Հայաստանում կան հազարավոր գրանցված որսորդներ: «Գրանցվածների 50 տոկոսը պարզապես զենք ձեռքբերելու նպատակով է դառնում կազմակերպությունների անդամ և  չի զբաղվում ակտիվ որսով»,- նկատեց Էդուարդ Սարիբեկյանը:

 

 Անկախ

Պատահար Երևանի Գայի պողոտայում. 10 ուղևորներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

avtovtar (1)Այսօր առավոտյան, ժամը 07.45-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեի դիմաց բախվել է կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. պտուղ-բանջարեղենի մթերման ծավալները

 

defaultՕգոստոսի 14-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 3067 տոննա բանջարեղեն, այդ թվում` 1704 տոննա լոլիկ, 277 տոննա վարունգ, 389 տոննա սմբուկ, 73 տոննա պղպեղ և 59 տոննա լոբի ու ոլոռ:

 

Նույն ժամանակահատվածում մթերվել է 1287 տոննա պտուղ, այդ թվում` 98 տոննա դեղձ, 158 տոննա ծիրան, 494 տոննա կեռաս, սալոր ու բալ, 146 տոննա ընկույզ և 255 տոննա հատապտուղ:

 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ հանրապետությունում մթերվել էր 1790 տոննա բանջարեղեն և 14204 տոննա պտուղ: Պտղի մթերման ծավալների նվազումը պայմանավորված է գարնանային ցրտահարություններով, որոնց արդյունքում հատկապես տուժել են ծիրանի այգիները:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

«Տավուշցի» ճնճղուկները հնարավոր է՝ չվել են հակառակորդի կրակոցների պատճառով

10614005_785889654766959_774540619_nՏավուշի մարզի գյուղերում արդեն երկար ժամանակ է՝ թռչուններ չեն երևում: Բերդի տարածաշրջանի մի շարք գյուղերում այս տարվա հունվարից բնակիչները նկատել են, որ իրենց այգիներից ու անտառներից թռչունների ծլվլոցներ չեն լսվում: <<Ճնճղուկները, որոնք անգամ ցուրտ ձմռանն էին բնակվում այստեղ, այս տարի չեն երևացել:

<<Երեկ մեր այգու սերկևիլի ծառին թռչնի բույն ենք գտել, բայց, ցավոք, դատարկ էր: Կարծում եմ՝ ուտելու բան չի եղել, սատկել են>>,-մեր թղթակցի հետ զրույցում նշեց Տավուշ գյուղի բնակիչ Ասյա Օհանյանը:

10609004_785889658100292_1706371529_nՍակայն, չի բացառվում, որ <<տավուշցի>> թռչուններն անհետացել են վերջին շրջանում հակառակորդի ակտիվ կրակոցների պատճառով: <<Հնարավոր է, քանի որ կրակոցները ևս խանգարող հանգամանք են: Այս պահին առանց ուսումնասիրելու դժվար է ասել՝ որոնք են պատճառները, դրանք կարող են լինել եղանակային պայմանները, մարդկային գործոնը: Կարող է կատունե՞րն են շատացել, միանշանակ ասել չեմ կարող, պետք է տեղում ուսումնասիրվի>>,-ասաց կենդանաբանության ինստիտուտի աշխատակից Մամիկոն Ղասաբյանը:

Ըստ մասնագետի, ձմռանը ցուրտ է եղել, հիմա էլ շոգ է, չի բացառվում, որ հենց բնակլիմայական պայմաններն են պատճառը, որ Տավուշից <<արտագաղթել են>> ճնճղուկները, կաչաղակները, ագռավները և մյուս թռչնատեսակները: <<Հնարավոր է՝ գարնանային անձրևները վնասել են թռչունների բներն ու ձվերը>>,-ասաց Մամիկոն Ղասաբյանը:

Ամեն դեպքում, բացառված չէ, որ Տավուշի՝ անտառներով շրջապատված գյուղերում ծիտիկները վախեցել ու չվել են հակառակորդի կրակահերթերի պատճառով: Գյուղացիների պատմելով՝ վաղուց նաև տաք երկրներից եկող երամներ չեն տեսել:

 

Անկախ

 

Սելին Դիոնը հետաձգել է իր համերգները հիվանդ ամուսնուն խնամելու համար

Սելին Դիոնը որոշել է հետաձգել շոու բիզնեսի իր բոլոր միջոցառումները, որպեսզի ողջ ուշադրությունը կենտրոնացնի իր ամուսին Ռենեի, իրենց ընտանիքի և առողջական խնդիրների վրա:Սելին Դիոն

Դեկտեմբերին Ռենեի քաղցկեղային ուռուցքի վիրահատությունից հետո բարդ շրջան է եղել զույգի համար, որը յուրաքանչյուր օր պայքարել է հիվանդության դեմ` միաժամանակ փորձելով համատեղել շոու բիզնեսի միջոցառումները և իրենց երեք երեխաների համար հոգ տանելը:

Կանադացի երգչուհին ևս պայքարում է կոկորդի մկանների բորբոքման դեմ, ինչի պատճառով նա չկարողացավ ելույթ ունենալ Լաս Վեգասում: Երգչուհին դեռևս չի ապաքինվել:

Այս ընթացքում Սելինը կհետաձգի իր բոլոր ելույթները Կոլիզեյի Caesars Palace-ում, ինչպես նաև չի կայանա Ասիայում այս աշնանը նախատեսված նրա համերգային շրջագայությունը: Երգչուհին իր ընտանիքի հետ միասին խնդրել է այս անգամ հարգել իրենց անձնական կյանքի իրավունքը:

 

Շվեյցարական Ալպերում գնացքը դուրս է եկել գծերից. վիրավորվել է 11 մարդ

 

գնացքՉորեքշաբթի  շվեյցարական Ալպերում սողանքի հետևանքով ուղևորատար գնացքը մասամբ դուրս է եկել գծերից, որի հետևանքով տասնմեկ մարդ է վիրավորվել:

Կուրից Սանկտ Մորից ուղևորվող գնացքի գծերից դուրս գալու հետևանքով վիրավորված 11 ուղևորներից հինգը լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ օդի մեջ կախված մյուս ուղևորներին փրկել են փրկարարները:

Հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած դժբախտ պատահարի պահին գնացքում 200 ուղևոր է եղել:
Կեսօրին բոլոր ուղևորներին տարհանել են գնացքից և վնասվածքներ չունեցող ուղևորներին տեղափոխել ավտոբուսներով:

Ադրբեջանի բնակչությունը կազմում է 9 մլն 528,9 հազար մարդ

բնակչություն 2014 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Ադրբեջանի բնակչության թիվը կազմում է 9 մլն 528,9 հազար մարդ: Տարվա սկզբի համեմատ այս թիվը աճել է 51,8 հազարով, այսինքն 0,5 տոկոսով: Այս տվյալները հրապարակվել է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի կողմից: Նշված ժամանակահատվածում բնակչության խտությունը կազմում է 110 մարդ/կմ3: Ադրբեջանի բնակչության 53,2 տոկոսը բնակվում է քաղաքներում, 46,8 տոկոսը` շրջաններում: Տղամարդիկ կազմում են բնակչության 49,7 տոկոսը, իսկ կանայք` 50,3-ը:

 

Իսրայելը ավիահարվածներ է կատարել Գազայի հատվածի ուղղությամբ` խախտելով զինադադարը

 

Գազա  «Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները 4 անգամ հարված են հասցրել Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ: Հայտնի է, որ իսրայելական կողմը կրակ է բացել Կահիրեում Իսրայելի և պաղեստինյան դիմադրության միջև 5-օրյա զինադադար հաստատելու պայմանավորվածության ձեռք բերումից 35 րոպե անց: Բարեբախտաբար ռմբակոծվել են ոչ թե բնակավայրեր, այլ արոտավայրեր: Թեև այս մասին պաշտոնական տեղեկություն չկա, այնուհանդերձ իսրայելական ռազմական ինքնաթիռները շարունակ պտտվում են Գազայի երկնքում:

Ավելի վաղ` Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Իսրայելն ու պաղեստինյան դիմադրությունը պայմանավորվել են երկարաձգել զինադադարը ևս 5 օրով` նպատակ ունենալով ժամանակ շահել երկարաժամկետ հաշտության հասնելու համար:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը 3 մանկապարտեզներին մատակարարված անորակ թռչնամսի վերաբերյալ

թռչնամիս«Էդվարդ Մխիթարյան» ԱՁ-ի կողմից մայրաքաղաքի 3 մանկապարտեզների անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նշված անհատ ձեռներեցի հետ,  որպես մատակարարի, պայմանագիրը կնքվել է ս.թ. հուլիսի 10-ին: Վերջինիս կողմից առաջին մատակարարումը եղել է 2014թ. օգոստոսի 12-ին: Հարկ է նշել, որ իրականացված մատակարարմանը հաջորդած 20 րոպեների ընթացքում վերոնշյալ 3 մանկապարտեզներ են այցելել իրավապահ մարմինների աշխատակիցներ և կապարակնքել են սառցախցերում տեղավորված տվյալ ապրանքն ամբողջությամբ:  Ավելորդ չենք համարում շեշտել, որ տվյալ ապրանքը որևէ մանկապարտեզում չի օգտագործվել:

Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել նշված մատակարարի հետ պայմանագրի լուծարման, պայմանագրով նախատեսված պատժամիջոցների կիրառման, ինչպես նաև վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (սև ցուցակ) ներառելու ուղղությամբ:

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի վերահսկողության, հանրակրթության վարչությունների, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից մանկապարտեզներում սննդի անվտանգությունն ապահովելու նպատակով պարբերաբար իրականացվում են անակնկալ ստուգումներ, ընտրանքային կարգով որոշակի սննդամթերքներից նմուշառումներ են կատարվում, որոնք ուղարկվում են նաև լաբորատոր փորձաքննության: