Միջբուհական մարզական խաղեր՝ 5 մարզաձևից

DSC_5751Ապրիլի 7-ին շախմատի մրցաշարով մեկնարկեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված միջբուհական մարզական խաղերը: Դրանք անցկացվում են ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, արագ շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ:

Շախմատի մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրեց Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Գառնիկ Ցուցույանը, 2-րդ տեղում էր Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի Երևանի մասնաճյուղի ուսանող Բորիս Կառակոզովը, իսկ երրորդ հորիզոնականում՝ նույն բուհի ուսանող Էդգար Պապյանը։

Երեկ տեղի ունեցան նաև սեղանի թենիսի մրցումները: Մրցավար Մեսրոպ Ղուկասյանը տեղեկացրեց, որ միջբուհական խաղերին մասնակցող թենիսիստները պրոֆեսիոնալ մարզիկներ չեն, սակայն բավականին լավ են խաղում։ Նա նկատեց, որ սեղանի թենիսը Հայաստանում տարածված մարզաձև է, վայելում է մեծ մասսայականություն։

Այս մարզաձևում առաջինը Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանը ներկայացնող Սերյոժա Մկրտչյանն էր, երկրորդ տեղում Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ուսանող Պատվական Մաթևոսյանն էր, երրորդում՝ Հայկական բժշկական ինստիտուտի ուսանող Ազատ Չախոյանը։

Այսօր միջբուհական մարզական խաղերում իրենց բազկի ուժը կչափեն բազկամարտիկները, ապրիլի 8-9-ին կմրցեն վոլեյբոլի թիմերը, իսկ ապրիլի 10-13-ը տեղի կունենան ֆուտբոլային խաղերը:

Միջբուհական մարզական խաղերի նպատակն է նպաստել ՀՀ ոչ պետական բուհերի և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողների շրջանում մի շարք սպորտաձևերի զարգացմանը, երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը:

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Պետական պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն` կա՛մ գիտնական են, կա՛մ պաշտոնյա. ԲՈՀ-ի նախագահ

լիլիթ արզումանյանՀարցազրույց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանի հետ

– Տիկին Արզումանյան, վերջերս ԲՈՀ-ի գործունեությունը հայտնվել է լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում: Ինչո՞վ եք պայմանավորում աճող հետաքրքրությունը գիտական աստիճանաշնորհման համակարգի հանդեպ:

– Անկեղծ ասած` չգիտեմ: Ես էլ եմ զարմանում` ինչու հանկարծ ԲՈՀ-ը, որը չեմ կարծում` լայն հասարակական հետաքրքրությունների կենտրոնում պետք է լինի, քանի որ հասարակության մի մասի համար նախատեսված կառույց է, հանկարծ դարձավ համընդհանուր հետաքրքրության առարկա: Երևի բարձրաստիճան պետական չինովնիկների պաշտպանություններն էին պատճառը:

– Դեկտեմբերին, երբ Դուք նշանակվեցիք ԲՈՀ-ի նախագահ, հայտարարեցիք, որ պայքարելու եք անորակ աշխատանքների դեմ, ինչպես նաև մասնագիտական խորհուրդների աշխատանքի բարելավման համար: Այս ուղղությամբ ի՞նչ է կատարվել և դեռ ի՞նչ եք նախատեսում անել:

– Եթե կարճ ամփոփեմ` վերանայվել է ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման անվանացանկը, վերակառուցվել, վերաձևավորվել են բոլոր մասնագիտական խորհուրդները: Այսօր ունենք նոր մասնագիտական խորհուրդների ցանց ամբողջության մեջ, որոնք նոր մեխանիզմով են ձևավորվել` անվանացանկին և գիտական ներուժին համապատասխան:
Վերանայվել են ժողովածուները և պարբերականները: Այս ընթացքում 67 աշխատանք է վերադարձվել մասնագիտական խորհուրդներ, որոնք պաշտպանությունից հետո այստեղ չեն հաստատվել և հետ են ուղարկվել վերանայման:

– Իսկ նոր մասնագիտական խորհուրդների աշխատանքից գո՞հ եք:

– Դեռ վաղ է գնահատելը, որովհետև դրանք ձևավորվել են հունվար-փետրվար ամիսներին: Դեռ չեն հասցրել աշխատանքներ ներկայացնել: Հետո արդեն հետագա գործընթացը ցույց կտա, թե որքանով ենք արդյունքի հասել:

– Որքան գիտեմ, վերադարձված աշխատանքների հիմնական մասը տնտեսագիտության ոլորտից է: Ինչո՞ւ:

– Ուղղակի ինձ թվում է` ոլորտի անբարեխիղճ վերաբերմունքն է պատճառը: Գիտական աստիճանաշնորհումը, այնուամենայնիվ, գիտության հետ կապված երևույթ է, որակավորում ես երիտասարդ գիտնականի, բայց այսօր չես հասկանում, թե ինչ գործընթաց է դրա տակ: Այդքան գիտնական չի կարող ստեղծվել մի տարվա մեջ: Չգիտես, թե դա ինչ է, անհասկանալի է, թե ինչու են այդքան պաշտպանում: Ինձ համար գոնե անհասկանալի է:

– Իսկ ինչպե՞ս են պաշտպանում, եթե որակը չեն ապահովում:

– Դե, հիմա… Փաստերը ցույց են տալիս, որ պաշտպանում են:

– Հայաստանյան գիտական արդյունքի հիմնական մասն ապահովում են ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ոլորտի ներկայացուցիչները, սակայն պաշտպանությունների թվով սրանք փոքր թիվ են կազմում: Ինչպե՞ս կբացատրեք:

– Իհարկե շատ քիչ չեն, բայց, այո, տնտեսագիտության հետ չեն համեմատվի. անհասկանալի է տնտեսագիտության այդ թիվն ընդհանուր համակարգում և ընդհանրապես հենց տնտեսագիտության բնագավառում: Ի՞նչ է արվում տնտեսագիտության ոլորտում և ո՞նց է այդքան գիտնական արտադրվում, ի՞նչ օգուտ են տալիս նրանք… Ոչ մի տվյալ հօգուտ այդ գործընթացի չի խոսում:

– Իսկ ԲՈՀ-ն ուսումնասիրություններ անո՞ւմ է այդ երևույթը հասկանալու համար:

– Դա զուտ բարոյական խնդիր է, ինչպե՞ս հասկանանք: Դա մեր ընդհանուր հասարակարգի բարոյական չափանիշների խաթարումից է գալիս:

– Մի կողմից` գիտությունն ու գիտնականն անտեսված են, մյուս կողմից` մոդայիկ է գիտական աստիճան ունենալը: Ինչպե՞ս կբացատրեք այս հակասական երևույթը:

– Ես չգիտեմ: Հարց եք տալիս, որի պատասխանը դժվարանում եմ ասել: Ինչո՞ւ են այսքան պաշտպանում, չգիտեմ: Երևի տեսականորեն կա ինչ-որ մտայնություն, որ ով հնարավորություն ունի ունենալու` պետք է ունենա: Այս թիվն ինձ համար էլ է անհասկանալի: Հասկանում եմ, որ պետք է սերնդափոխություն, բայց քանակը շատ ավելին է, քան պահանջարկ կա:

– Գիտությամբ զբաղվելն աշխատատար գործընթաց է: Երբ պաշտոնյաները պաշտպանում են, հարց է առաջանում, թե ինչպես են համատեղում մասնագիտական և գիտական գործունեությունը:

– Այո, ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ մեր պետական պաշտոնյաներին, որոնք հանկարծ որոշում են, օրինակ, դոկտոր դառնալ, ասեին` դարձար դոկտոր, լավ արեցիր, դե հիմա դուրս արի պաշտոնից ու գնա գիտության բնագավառ: Դարձար գիտնական` գնա աշխատիր որպես գիտնական: Պետք է դա ասվի: Պետական քաղաքականություն պետք է լինի: Պետական պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն` կամ գիտնական են, կամ պաշտոնյա, երկուսը միասին չի լինում:

– Իսկ ԲՈՀ-ը կարո՞ղ է օրինագիծ մշակել կամ առաջարկել, որով պաշտոնյաներին արգելվի պաշտպանել իրենց պաշտոնավարման ընթացքում:

– Դա ավելի շուտ քաղաքական որոշում է և ԲՈՀ-ի իրավասություններից դուրս է:

– Կան անձինք, ընկերություններ, որոնք գումարի դիմաց գիտական աշխատանքներ են գրում: Ձեր պաշտոնավարման ընթացքում գրանցվե՞լ է դեպք, երբ պատվերով գրված աշխատանքը բացահայտվել է: Ի՞նչ մեխանիզմներ կան այս երևույթի դեմ պայքարելու համար:

– Մեխանիզմներ չկան բացահայտելու` աշխատանքը պատվիրված է, թե ոչ: Մենք հո իրավաբանական հիմնարկ չենք: Ուղղակի հույսը մեր մասնագիտական խորհուրդների բարոյականության վրա է: Այսօր ուրիշ կռվան չկա: Այնտեղ է մաղվում, մերը երկրորդ փուլն է: Այստեղ ես փորձում եմ դա անել, և կարծես ստացվում է: Եթե աշխատանքը լավ է գրված, մենք ոչինչ չենք կարող անել, որովհետև գնահատում ենք ոչ թե անձին, այլ աշխատանքը: Այսօր հետ ուղարկված աշխատանքների զգալի մասն արտագրություններ են:
Բայց, կրկնում եմ, իրական մաղն այնտեղ է: Դաշտը կարգավորելու գործին պետք է լծվենք բոլորս: Մասնագիտական խորհուրդների նախագահները և անդամները պետք է հասկանան, որ ունենք մի դաշտ, որն այսօր մաքրելու, այնտեղ միայն գիտնականներին ներս թողնելու խնդիր ունենք: Ոչ գիտնականները, որոնք փորձում են խցկվել այդ դաշտ, չպետք է կարողանան խցկվել: Դա բոլորիս խնդիրն է: Վերջին հաշվով դա իրենց ավելի շատ պետք է նեղի, քանի որ ներս են թողնում գիտական դաշտ մի մարդու, որը դառնալով գիտությունների դոկտոր` դառնում է իրենց հավասար: Արդյոք դա ճի՞շտ է: Որ կողմից էլ նայում ես, էլի ծագում է բարոյական չափանիշների խնդիրը: Վարչարարությամբ դրա դեմն առնել հնարավոր չէ, կարելի է քայլեր ձեռնարկել, բայց լիովին անկարելի է դեմն առնել, եթե չկա բարոյական խնդիր:

– Բարոյական չափանիշներից բացի, մասնագիտական խորհուրդներն ի՞նչ նոր սկզբունքով են աշխատելու, որը պետք է նպաստի խնդրի կարգավորմանը:

– Չափանիշների պահպանման սկզբունքով, այդքանն էլ բավական է:

– Իսկ ի՞նչ բարեփոխումների կարիք կա ոլորտում:

– Նախարարի հետ մշակել ենք նոր չափանիշներ, մասնավորապես` հրապարակումների հետ կապված: Հիմա քննարկման փուլում է, երբ հաստատվի` բոլորդ կիմանաք:
Շատ կուզենայի, որ կոչումների կանոնակարգը վերանայվեր: Երևի այդ աշխատանքը կսկսենք, կվերանայենք:
Իսկ հեռահար ցանկությունն այն է, որ գիտական աստիճանի վկայագիր ստանա գիտնականը: Վերջին նպատակը դա պետք է լինի, որ գիտությունը մնա գիտնականին:

 

 

Բուհերի ինքնավարության եվ ֆինանսական կայունության հեռանկարները` քննարկման թեմա

DSC_9590Մարտի 6-ին ԵՊՀ–ում անցկացվեց «ATHENA» – «Աջակցություն բարձրագույն ուսումնական հաստատությունների կայունությանն ու ինքնավարությանը» ծրագրի հայաստանյան աշխատաժողովը:

 «ATHENA» ծրագիրն իրականացվում է «TEMPUS»-ի ֆինանսավորմամբ, Եվրոպական համալսարանների ընկերակցության (EUA-European Universties Association) ընդհանուր համակարգմամբ և Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի բուհերի մասնակցությամբ:

Ողջունելով ներկաներին՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը կարևորվեց աշխատաժողովի ընթացքում քննարկվող խնդիրները. «ԵՊՀ-ի և գործընկերների անունից պետք է նշեմ, որ հայաստանյան կրթական համակարգում կարևորվում է բուհերի ֆինանսական կայունության և ինքնավարության գործընթացը: ՀՀ բարձրագույն կրթական համակարգում այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել. մենք շատ խնդիրներ ենք հաղթահարել, բարդ, հետաքրքիր, բայց և միաժամանակ կորուստներով ու ձեռբերումներով լի ճանապարհ ենք անցել: Այսօր արդեն այդ ձեռքբերումներն ամրապնդելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ պետք է իրականացնենք»:

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նույնպես կարևորեց միջոցառումը և նշեց, որ աշխատաժողովը թույլ կտա համալսարանական ինքնավարության և ֆինանսական կայունության նոր համակարգը Հայաստանում ճիշտ նախագծել ու արդյունավետ դարձնել:

Ինքնավարությունն ու ֆինանսական կայունությունն անհրաժեշտ նախապայմաններ են համալսարանների առաքելությունը հավուր պատշաճի իրականացնելու հարցում, ուստի բուհական կառավարման և ֆինանսավորման ոլորտներում բարեփոխումները բարձրագույն կրթական համակարգի արդիականացման կարևոր բաղադրիչներ են:

Եվրոպական համալսարանների ասոցիացիան, որը հանդիսանում է նախագծի ընդհանուր համակարգողը, ընդգրկուն գործունեություն է ծավալում բուհական ինքնավարության և ֆինանսավորման բնագավառներում՝ եվրոպական տարածաշրջանի բուհերի՝ նշված ոլորտներում առկա իրավիճակը բնութագրող տվյալների հավաքագրմամբ, վերլուծմամբ և հաջողված մոդելների նախանշմամբ: «ATHENA» նախագիծը նշված գործունեության բաղկացուցիչ մասն է՝ միտված Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում բարձրագույն կրթական համակարգերի բարեփոխմանը, զարգացմանն ու արդիականացմանը: Նախագծի նպատակն է եվրոպական առաջատար փորձի ներկայացմամբ աջակցել նշված ոլորտի բարեփոխման համակարգային քաղաքականության մշակմանը և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:

«ATHENA» հայաստանյան աշխատաժողովը հնարավորություն է ընձեռում մեկտեղելու բարձրագույն կրթության ոլորտի հայաստանյան շահառուներին (մասնավորապես բուհերի և ոլորտով զբաղվող պետական մարմինների ներկայացուցիչներին) և քննարկելու հանրապետությունում համալսարանական ինքնավարությանն ու ֆինանսավորմանն առնչվող խնդիրները:

Հաշվի առնելով Հայաստանում բուհական ինքնավարության ու ֆինանսավորման ներկա վիճակը՝ աշխատաժողովը նպատակ ունի նաև շահառուների միջև երկխոսության միջոցով ձևակերպել կառավարման, ինքնավարության և ֆինանսավորման բարեփոխումների հնարավոր ուղենիշները:

Աշխատաժողովի մասնակից միջազգային փորձագետները հայաստանյան մասնակիցների հետ քննարկեցին բարձրագույն կրթության արդիականացման ճանապարհին առկա մարտահրավերները և հնարավորությունները: Նրանք ներկայացնում էին Ավստիրայի հետազոտության և գիտության նախարարությունը, Գրացցի տեխնոլոգիական համալսարանը, Իտալիայի Տրենտոյի համալսարանը և Նորվեգիայի բուհերի ընկերակցությունը:

Փորձագետներից յուրաքանչյուրը ներկայացրեց ինքնավարության և ֆինանսավորման բարելավման ուղղությամբ իրենց երկրների և հաստատությունների անցած ճանապարհը:

EUA-ի կառավարման, ֆինանսավորման և հանրային քաղաքականության բաժնի վարիչ Թոմաս Էսթերմանը հանդես եկավ ծավալուն զեկույցով հայաստանյան բուհերի կողմից նախապես իրականացված հետազոտության հիման վրա՝ գնահատելով մեր երկրի բուհական համակարգի ինքնավարությունը կազմակերպչական, ֆինանսական, ակադեմիական և աշխատակազմի համալրման ոլորտում:

Հավելենք, որ ծրագրի հայաստանյան համակարգողն է ԵՊՀ-ն, գործընկերներն են ԿԳՆ-ն, ՀՊՃՀ-ն, ԳՊՀ-ն, ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը:

Կրկնակի դիպլոմները հնարավորության կտան ԼՂՀ շրջանավարտներին կրթությունը շարունակել արտերկրում

կգնՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր ստորագրվել է ՀՀ և ԼՂՀ  կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թթ Համագործակցության ծրագիր: Համաձայն ծրագրի` մասնավորապես, ԼՂՀ-ի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու նպատակով ՀՀ պետական բուհերում կհատկացվեն տարեկան 60 անվճար տեղեր /բակալավրիատ/, միաժամանակ կապահովվի լավագույն շրջանավարտների մագիստրոսական կրթությունը` տարեկան 30 անվճար տեղեր հատկացնելով ՀՀ պետական բուհերում ԼՂՀ-ին հատկացված նպատակային տեղերում ընդգրկված և ԼՂՀ բուհերի շրջանավարտների համար, ինչպես նաև կհատկացվեն տարեկան 5 ասպիրանտական անվճար տեղեր:
Հանրակրթության ոլորտում նախատեսվում է, որ ՀՀ ԿԳ նախարարությունն անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի դասագրքերի, մեթոդական և մասնագիտական գրականության ձեռքբերման ուղղությամբ: Բացի այդ, կողմերը միջոցներ կձեռնարկեն ՀՀ-ում կազմակերպվող դպրոցականների առարկայական օլիմպիադաների, մարզական սպարտակիադայի, ինտելեկտուալ խաղերի և տարբեր մրցույթների հանրապետական եզրափակիչ փուլերին ԼՂՀ թիմերի մասնակությունն ապահովելու և հաղթողներին հապապատասխան միջազգային մրցույթների թիմերի կազմում ընդգրկելու ուղղությամբ:
Բարձրագույն կրթության և գիտության ոլորտում կողմերը, մասնավորապես, կապահովեն ՀՀ ԳԱԱ և Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ Արցախի գիտական կենտրոնի արդյունավետ գործունեությունը` Արցախի տնտեսության զարգացմանն անհրաժեշտ գիտատեխնիկական հետազոտությունների, հումանիտար և բնագիտական գիտությունների գծով գիտական ուսումնասիրությունների և ըստ ոլորտների գիտական լաբորատորիաների ստեղծման ուղղությամբ: Կողմերը կապահովվեն նաև ԼՂՀ մասնագիտական կրթության ինտեգրումը ՀՀ մասնագիտական կրթությանը` հետևողակն աշխատանքներ իրականացնելով Բոլոնյան կրթական գործընթացին ընդգրկման ուղղությամբ, ինչպես նաև  ԼՂՀ և ՀՀ բուհերի միջև համաձայնագրերի կնքման արդյունքում ըստ անհրաժեշտության կրկնակի դիպլոմներ շնորհելու միջոցով ԼՂՀ բուհերի շրջանավարտների ուսումն արտերկրի բուհերում շարունակելու հնարավորության ընձեռումը` հաշվի առնելով ԼՂՀ չճանաչված պետություն լինելու հանգամանքը:

Շտեմարանային խուճապը սկսված է. ինչպե՞ս են կազմվում շտեմարանները և ո՞ւմ են ձեռնտու

շտեմարան-կոլաժ (800x400)Կենսաբանության միասնական քննությունից գնահատականները կնվազեն. ԳԹԿ

16-ամյա Լիլիթ Շահումյանը բժշկական համալսարանի ապագա դիմորդ է, բուհ ընդունվելու համար կրկնուսույցի մոտ պարապում է «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաները: Պատմում է, որ երբ ծանոթացել է կենսաբանության շտեմարանի 3-րդ և 4-րդ հատորների առաջադրանքներին, խուճապի է մատնվել, թե ինչպես պետք է կարողանա քննությունը հանձնել: Ասում է, որ շտեմարանի նոր հատորներում շատ են շփոթեցնող հարցերը, վրիպակները, ինչպես նաև` առաջադրանքներում առկա սխալները:

«Օրինակ, խնդիրներ կան, որոնք 1-3-րդ հատորներում լուծելիս մի տվյալ պիտի հիմք ընդունենք, սակայն 4-րդի դեպքում` այլ: Հիմա քննությանն ինչպե՞ս իմանամ` խնդիրը շտեմարանի որ հատորից է, որ ճիշտ լուծեմ»,- ասում է նա` հավելելով, որ պատահում է նաև, երբ մի դեպքում նույն պատասխանը ճիշտ է համարվում, մեկ այլ դեպքում` սխալ:
Լիլիթը պատմում է, որ այժմ անգամ դասագրքերի նկարներն են մանրակրկիտ ուսումնասիրում, քանի որ դրանցից ևս հարցեր կան:

Նշենք, որ շտեմարանը քառահատոր է, ամեն հատորի արժեքն է 2600 դրամ: Նախորդ տարվա շտեմարանների երեք հատորները միավորվել են` կազմելով այս տարվա շտեմարանի 1-ին և 2-րդ հատորները: Իսկ 3-րդ և 4-րդ հատորները նոր` այս տարվա համար կազմված առաջադրանքներն են:

Երևանի թիվ 29 ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ալլա Թորոսյանն ասում է, որ 12-րդ դասարանում դեռ շտեմարանի առաջին հատորն են ուսումնասիրում` այստեղ հարցերը հասկանալի են և ծրագրային, վերաբերում են անցած նյութին` սկսած 5-րդ դասարանից:
Թորոսյանը, որ ծանոթ է նաև ռուսաստանյան շտեմարաններին, ասում է` հաճախ է նկատում, որ որոշ հարցեր ուղղակիորեն թարգմանված են ռուսականից: Սակայն, չնայած այդ հանգամանքին, ռուսական շտեմարանները շատ ավելի մատչելի են:

Նա նշում է, որ այժմ բարդ խնդրի առջև է կանգնած, թե ինչ անի, որ մինչև ուսումնական տարվա վերջն աշակերտները հասցնեն քառահատոր շտեմարաններն ուսումնասիրել: «Եթե ուսուցիչն է դժվարանում, բա աշակերտն ի՞նչ ասի: Բայց ամեն ինչ անում ենք, որ հասցնենք»,- ասում է նա:

Անցած տարի կենսաբանության միասնական քննությունից արձանագրվել էին աննախադեպ բարձր գնահատականներ: 182 դիմորդ` 10 տոկոսը, վաստակել էր առավելագույն 20 միավոր, իսկ 17-20 միավոր ստացած դիմորդները կազմում էին ընդհանուրի 42 տոկոսը:

Հարցին, թե այս տարվա շտեմարանների բարդությունը կապվա՞ծ է նախորդ տարվա բարձր գնահատականների հետ, ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը պատասխանում է, որ շտեմարանի բարդությունը չափելը ճիշտ չէ. շտեմարանը բազա է, որում տեղ պետք է գտնեն տարբեր բարդության առաջադրանքներ, որպեսզի թեստ կազմողը կարողանա ճկուն լինել և համապատասխան մակարդակի թեստ կազմել:

«Նախորդ տարի կենսաբանությունից արդյունքների բարձր լինելը կանխատեսել էինք, քանի որ մինչ այդ շտեմարաններ չկային, չնայած գնահատականները շատ ավելի բարձր էին, քան մենք էինք կանխատեսել,- ասում է Իսպիրյանը:- Դա ոչ թե շտեմարանի պրոբլեմն էր, այլ թեստը այդ կոնտինգենտի համար մի փոքր ավելի ցածր բարդության էր կազմված»:

Իսպիրյանն ասում է, որ այս տարվա թեստերում առաջադրանքների ուղիղ կեսը կլինեն կարճ պատասխան ենթադրող կամ պնդումների փունջ պարունակող հարցերը: Այդպես կկարողանան տարբերակել լավ իմացողին մի փոքր քիչ իմացողից և չիմացողից: Անդրադառնալով աշակերտների և մասնագետների դժգոհությանը, թե առաջադրանքները բարդ են, ասում է. «Այն դիմորդներն են անհանգստացած, որոնք փորձում են շտեմարաններն անգիր անել: Մենք խորհուրդ չենք տալիս որևէ մեկին պատասխանները կամ շտեմարաններն անգիր անել: Եթե ուսումնառության տարիներին նա սովորել է, օրինակ, բջջի կառուցվածքը, հարցն ինչպես էլ ձևակերպված լինի, նա ճիշտ կպատասխանի, իսկ տարակուսողների համար կդժվարանա, քանի որ այդ առաջադրանքներում ընտրության հնարավորություն չի լինի»:
Անդրադառնալով սխալներին` Իսպիրյանը կոչ է անում դրանց մասին իրազեկել ԳԹԿ-ին, որպեսզի նման առաջադրանքները քննական թեստերում չներառվեն:

Հարցին, թե ինչպիսին կլինեն կենսաբանության միասնական քննության այս տարվա արդյունքներն ըստ ԳԹԿ կանխատեսումների, Իսպիրյանն ասում է, որ նման կանխատեսումներ չեն կարող անել. «Բայց կարծում եմ, քանի որ անցած տարի արդյունքները շատ բարձր էին, մեր ակնկալածից էլ բարձր, այս տարի պետք է որ մի փոքր նվազի, բայց խոսքը բարձր միավորների մասին է, ոչ թե անբավարարների»:

«Օրենքից դուրս» շտեմարանները` աշակերտի շա՞հ, թե՞ եկամտի աղբյուր

Իսպիրյան-բախշյանԿԱԻ փոխտնօրեն Անահիտ Բախշյանի կարծիքով` շտեմարանների գոյությունն աշակերտների շահերից չի բխում, այլ ընդամենը որոշ մարդկանց համար եկամտի աղբյուր է:
«Շարունակում եմ պնդել, որ սա ստվերային բիզնես է: Ունեմ վարչապետին ուղղված նամակ` հարցով, թե ինչքան հարկ է մուծվել պետբյուջե շտեմարանների վաճառքից, որի պատասխանն այդպես էլ չեմ ստացել,- ասում է Բախշյանը:- Սա եկամտի լայն խողովակ է, որից օգտվում են շատ-շատ մարդիկ, որոնք անմիջապես կառավարության հետ են կապված: Այստեղ ես չեմ տեսնում մեր աշակերտների շահը: Չեմ տեսնում պնդումը, որ արվում է և՛ նախարարության, և՛ ԳԹԿ-ի կողմից, թե կանխատեսելի հարցերն ենք հավաքում մի տեղ, որ երեխային ուղղորդի»:

Տիկին Բախշյանի կարծիքով` շտեմարանների գոյությունը խախտում է նաև ԳԹԿ կանոնադրությունը, ըստ որի` ԳԹԿ-ն կոչված է սովորողների գիտելիքների, կարողությունների ստուգման նպատակով կազմակերպելու հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների և բուհ ընդունվողների թեստավորումն ու քննությունների գործընթացը:
«Սա է իր պարտականությունը, պիտի թեստերը կազմի և կազմակերպի քննությունները: Հիմա այս կենտրոնը ոչ միայն թեստերն է կազմում, այլև աշակերտի ձեռքն է տալիս այդ թեստը: Այսինքն` դառնում է մի կարևոր խաղացող այդ դաշտում, այն դեպքում, երբ պիտի լիներ անկախ մարմին: ԳԹԿ-ն 2009-ին հանվեց նախարարության կազմից և գնաց կառավարության աշխատակազմ, որպեսզի անկախ մարմին լինի, գնահատի կրթության նախարարության գործը: Հիմա ստացվում է, որ կրթության նախարարությունը կազմակերպում է կրթության գործընթացը դպրոցներում, իսկ անկախ մարմինը, որը միայն պիտի գնահատեր, մասնակցում է գիտելիքների ձևավորմանը և ինքն էլ իրեն գնահատում»,- ասում է Բախշյանը:

Նա նշում է նաև, որ շտեմարանների հիման վրա հարցաշարեր կազմելը խախտում է «Կրթության մասին» ՀՀ օրենքը: Ըստ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի. «Պետական հանրակրթական դպրոցների ավարտական, ինչպես նաև պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների անցկացման համար նախապատրաստվող հարցաթերթիկները (հարցաշարերը, քննական հարցերը, խնդիրները և այլ առաջադրանքները) կազմվում են բացառապես պետական հանրակրթական դպրոցների (1-12-րդ դասարանների) կրթական ծրագրերով նախատեսված, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից պետական հանրակրթական դպրոցներում օգտագործման համար երաշխավորված և առնվազն մեկ ուսումնական տարվա ընթացքում պետական հանրակրթական դպրոցներում օգտագործված (դասավանդված) դասագրքերին, ձեռնարկներին, խնդրագրքերին և ժողովածուներին համապատասխան»:
ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանն այս հարցում համամիտ չէ տիկին Բախշյանի հետ: «Ինքը շտեմարանները դիտում է որպես դասագիրք, մինչդեռ շտեմարանները հարցարաններ են,- ասում է Իսպիրյանը:- Շտեմարանը հարցերի խումբ է, իսկ այդ հարցերը կազմվում են դասագրքերից: Եթե նախկինում շտեմարան չկար, թեստ կազմողը կազմում էր 4 թեստ դասագրքից: Հիմա կազմում է օրինակ` 40 թեստ դասագրքերից և քննության համար առաջարկում այդ 40-ից ցանկացած չորսը»:

Տիկին Բախշյանը, անդրադառնալով օրենքի ԳԹԿ մեկնաբանմանը, ասում է, որ ամեն ոք օրենքը մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է ձեռնտու. «Հիմա, քանի դեռ շտեմարանները ո՛չ փորձաշրջան են անցել, ո՛չ էլ երաշխավորված ուսումնաօժանդակ նյութ պարունակող գրքեր են եղել, չեն կարող ծառայել որպես հարցաշարերի նյութ: Սա ասում է օրենքը»:

«Անկախը» փորձեց ճշտել ԿԳՆ դիրքորոշումն այս հարցում: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ «տվյալ պահին ԿԳՆ և ԳԹԿ տեսակետների միջև հակասություն չկա»:

Հայաստանի բուհերը կհամագործակցեն Վիշեգրադյան հիմնադրամի հետ

համագործակցությունՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Վիշեգրադի միջազգային միջազգային հիմնադրամի Արևելյան գործընկերություն ծրագրի կառավարիչ Լենկա Բուցկովային:
Հանդիպման և համագործակցության նախնական պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ ԿԳ նախարարի Սլովակիա կատարած պաշտոնական այցի ընթացքում, որտեղ Արմեն Աշոտյանը սլովակյան կողմին առաջարկել էր հայկական բուհերը ներգրավել Վիշեգրադյան քառյակի կրթական ծրագրում:
Երևանում ՀՀ ԿԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Լ. Բուցկովան ներկայացրել է Վիշեգրադյան հիմնադրամի կողմից իրականացված բուհական ծրագրերը, որոնք նպատակ ունեն նպաստել անդամ երկրների միջբուհական կապերի զարգացումը:
Կողմերը քննարկել են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ Վիշեգրադի միջազգային հիմնադրամի համագործակցության, համատեղ գիտակրթական ծրագրերի իրականացման հնարավորությունները:Այդ նպատակով նախարարի նախաձեռնությամբ հիմնադրամի պատասխանատուները հանդիպումներ կունենան նաև  Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավարների հետ և կքննարկեն ըստ ուղղությունների համատեղ դրամաշնորհային ծրագրերի, պրոֆեսորադասախոսական և ուսանողական համակազմի շարժունության ապահովմանը միտված նախաձեռնություններ:
Վիշեգրադյան գործընթացում ներգրավված երկրներն են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան և Հունգարիան:

 

« «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ կրթության իրավունքը դառնում է ավելի խտրական». Աշոտ Բլեյան

բլեյան«Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ այսուհետ պետական ծրագրերով արտերկրում ուսանելու մեկնող անձանց տարկետման իրավունք տրվելու է Կառավարության կողմից՝ համապատասխան գրավի դիմաց:

ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ այդ ձևով իրենք փորձում են փակել բոլոր այն դռները, որոնցով մարդիկ կխուսափեն ծառայությունից:

«Մենք պետք է տարանջատենք կրթության իրավունքը և պետության նկատմամբ պատասխանատվությունը: Նա, ով ընտրում է պետության կողմից առաջարկվող կրթաթոշակային ծրագիր, պարտավոր է հաշվի նստել պետության հետ: Նախարարության առաջնահերթ խնդիրը կրթություն ստանալն առաջնային նպատակ դարձնելն է: Կրթության և գիտության նախարարությունը Զինապարտության օրենքի փոփոխությամբ մի նպատակ է հետապնդում, այն է` սովորելու մեկնեն նրանք, ում համար առաջնահերթությունը կրթությունն է»,- ասաց Տիգրան Սահակյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար Աշոտ Բլեյանն էլ նկատեց, որ «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությամբ հարցը չի լուծվում, ընդհակառակը, այդ օրենքի փոփոխությամբ կրթության իրավունքը դառնում է ավելի խտրական:

Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ՝ կարևորը «Զինապարտության մասին» օրենքի փոփոխության նպատակն է, որը հստակ չէ: Անդրադառնալով գրավի չափին` Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ 8.5 միլիոն դրամը ողջամիտ չէ:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, որ 8,5 մլն դրամ գույքային գրավը վերաբերում է միայն միջկառավարական համաձայնագրերով արտասահման ուսման մեկնող ուսանողներին։

Արմեն Աշոտյանի հրամանով` մի շարք բուհերի տրվել է նախազգուշացում

Արմեն ԱշոտյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց` ՀՀ մի շարք բուհեր` “Սյունիք” իստիտուտը, Երևանի “Գլաձոր” համալսարանը, Հյուսիսային համալսարանը, Եվրասիա միջազգային համալսարանը, Ուրարտու համալսարանը, “Ազպաթ-վետերան” դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը, Երևանի “Մանց” համալսարանը, Մովսես Խորենացու անվան համալսարանը, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսա-իրավագիտական համալսարանը, Գյումրու “Պրոգրես” համալսարանը բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի լիցենզիայի պայմանների և պահանջների խախտման կապակցությամբ ստացել են նախազգուշացում: Համաձայն հրամանների` վերոնշյալ բուհերի համար սահմանվել են համապատասխան ժամկետներ` խախտումների վերացման վերաբերյալ հիմնավորող փաստաթղթեր ՀՀ կրթության և գիտության նախարարություն  ներկայացնելու համար: Հրամանների համար հիմք են հանդիսացել` “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքը, “Լիցենզավորման մասին” ՀՀ օրենքը,  ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված` Հավելվածների 10-րդ կետի համապատասխան ենթակետերի  պահանջները և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013թ. մայիսի 24-ի N 686–Ա/Ք   հրամանի համաձայն իրականացված ուսումնասիրության  արդյունքների մասին տեղեկանքը:

Անկախ

ԵրՃՇՊՀ-ն վերածվել է հիմնադրամի

երճշպհՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը դեռ մեկ տարի առաջ քննարկել է պետական համալսարանները ՊՈԱԿ-ից հիմնադրամի վերակազմակերպելու հարցը և եզրակացրել, որ այն բխում է Բոլոնյան գործընթացի պահանջներից և մեկ քայլ առաջ է համալսարանների ինքնավարության ապահովման տեսակետից: Խորհուրդը ողջունել է դեռևս 2012թ. այս ուղղությամբ կատարված առաջին քայլը, որով Հայաստանի պետական ագրարային համալսարանը վերակազմակերպվեց որպես հիմնադրամ:

Այսօր կայացած նիստում Կառավարության որոշմամբ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի է վերածվել Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Ակնկալվում է, որ նորաստեղծ հիմնադրամը ավելի մեծ հնարավորություն կունենա բարելավել կրթության որակը, ճկուն և արդյունավետ օգտագործել իր գույքը, ներգրավել արտաքին ներդրողների, ավելացնել պետբյուջե մուծվող հարկերը:

Անկախ

Օտարերկրյա բուհերում սովորողների համար կսահմանվեն հավասար պայմաններ

նիստ-կգԱյսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում կձևավորվեն օրենսդրական հիմքեր` օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով, ակնկալելով, որ օտարերկրյա բուհում սովորելը ուղղված կլինի անձի` միայն կրթական կարիքները բավարարելուն:

Օքսֆորդի համալսարանը պատահաբար բոլոր ուսանողներին է ուղարկել վատ գնահատականներ ստացած համակուրսեցիների անունները

University CollegeՕքսֆորդի համալսարանի քոլեջը վշտացրել է իր ուսանողներին՝ քննությունների ժամանակ վատ գնահատականներ ստացած ուսանողների անունները պատահաբար ուղարկելով հարյուրավոր համակուրսեցիների էլեկտրոնային հասցեներին:

Ուղարկված նամակներում նշված են եղել նախատոնական քննությունների ժամանակ ամենացածր գնահատականներ ստացած ուսանողների անունները և գնահատականները:

Համակուրսեցիներին են ուղարկվել 60 տոկոսից պակաս միավորներ հավաքած գրեթե 50 ուսանողների անուններ:

Այդ տվյալները պատահաբար ուղարկել էր քոլեջի ակադեմիական ադմինաստրատորը:

Քոլեջից չեն հայտնել, թե էլեկտրոնային նամակը քանի մարդու է ուղարկվել, սակայն ենթադրվում է, որ հարյուրավոր ուսանողներ ստացել են այն:

Քոլեջի աշխատակազմը ուսանողներին խնդրել էր ջնջել նամակը, քանի որ այն անճշտություններ է պարունակում:

Քոլեջի ուսանողներից մեկը հայտնել է, որ իրեն հանրային կերպով նվաստացրել են և քոլեջից բացատրություն է պահանջել կատարվածի համար:

Անկախ

Արմեն Աշոտյանը ներկայացրել է 2014 թվականի գերակա խնդիրները ԿԳ ոլորտում

արմեն աշոտյանՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը՝ “2014 թվականի գերակա խնդիրները և ծրագրերը” թեմայով: Նախարարը ներկայացրել է ընթացիկ տարվա այն անելիքները, որոնք, ըստ Ա. Աշոտյանի, թույլ կտան ևս  մեկ քայլ առաջ տանել կրթական բարեփոխումները: Նախարարի խոսքով` այս տարի առաջարկվել են այնպիսի գերակա խնդիրներ, որոնք մի կողմից` նախորդ տարիների բարեփոխումների տրամաբանական շարունակությունն են, մյուս կողմից` նոր ակնկալիքներ են ձևավորում շահառուների մոտ:

Անդրադառնալով հանրակրթության ոլորտի գերակա խնդիրներին` Ա. Աշոտյանն առանձնացրել է մի շարք խնդիրներ, մասնավորապես, ընթացիկ տարվա ընթացքում կշարունակվի դասագրքերի փորձարկման գործընթացը. մեկ տարի շուրջ 80 դպրոցում կփորձարկվեն դասագրքերը, ապա կլրամշակվեն և նոր միայն կմտնեն դպրոց: “Այս գործընթացը մեզ թույլ է տվել կտրուկ նվազեցնել դասագրքերում առկա անճշտությունների և վրիպակների քանակը և պատահական չէ, որ վերջին տարիներին հասարակությունը և մասնագիտական հանրույթը լուրջ դժգոհություններ չունի` դասագրքերի որակի հետ կապված”,-նշել է նախարարը` ընդգծելով, որ այս տարի կլրամշակվի նաև դպրոցների վարկանիշավորման համակարգը, որը հասարակությանը կմատուցի առավել ճշգրիտ և արժանահավատ տեղեկատվություն:

Բացի այդ, նախատեսվում է շարունակել առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու գործընթացը: Ըստ Ա. Աշոտյանի` նախորդ տարի արտադրության է դրվել հայկական առաջին պլանշետը, որը կարող է դառնալ այն հիմնական կրթական գործիքը, որի միջոցով 2015 թվականից առաջին դասարանցիները կունենան առավել հագեցած կրթական ծրագրեր` մեկը պարտադիր կրթական չափորոշչին համապատասխան, մյուսը` հավելյալ ուսուցողական: “Ազգային երգ ու պար” առարկայի փորձնական դասավանդումը մի շարք դպրոցներում ևս ընդգրկված է գերակա խնդիրների շարքում. փորձնական փուլ անցնելուց հետո այն նախատեսվում է դարձնել պարտադիր առարկա: Այդ կապակցությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով` կազմված լավագույն մասնագետներից, ովքեր էլ կմշակեն առարկայի ուսումնական  պլանը:

Հաջորդ գերակա խնդիրը հանրակրթության ոլորտում 9-ամյայից անցումն է 12-ամյա պարտադիր, այդ թվում`  մասնագիտական կրթության: Ըստ նախարարի` այդ ուղղությամբ այս տարվա բյուջեում նախատեսված են բավականաչափ միջոցներ, ինչպես նաև առկա է համապատասխան օրենսդրական նախաձեռնություն: Ա. Աշոտյանը կարևորել է նաև ազգային փոքրամասնությունների համար իրականացվող միջոցառումները` մայրենի լեզվով դասավանդման որակի բարձրացման, դասագրքերի մշակման և ուսուցիչների վերապատրաստման ուղղությամբ: Անդրադառնալով նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում գերակա խնդիրներին` Ա. Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում շարունակվելու են տարիներ առաջ մեկնարկած բարեփոխումները` ԵՄ-ի և այլ միջազգային գործընկերների օժանդակությամբ: “Ոլորտը տարեցտարի առավել պահանջված է դառնում:  ՀՀ կառավարությանը հաջողվել է ընթացիկ տարվա համար ԵՄ-ի համապատասխան ֆոնդերից 6 մլն եվրո դրամաշնորհ հատկացնել գյուղատնտեսական քոլեջներին` վերջիններս արդիականացնելու և դրանք տնտեսության համար առավել պահանջված դարձնելու ուղղությամբ”,-նշել է նախարարը` հույս հայտնելով, որ այս տարին ևս ոլորտի համար ձեռքբերումների տարի կլինի:

Բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում որպես գերակա խնդիր Ա. Աշոտյանը կարևորել է Բոլոնիայի գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունների շարունակականության  ապահովումը: Մասնավորապես, ընդգծվել է Որակավորումների ազգային շրջանակի ներդրման շարունակականության խնդիրը: “ՈԱՇ-ն այն առանցքն է, որը թույլ կտա հայկական բուհերի դիպլոմների առավել լայնածավալ և լիարժեք ճանաչում ԵՄ երկրներում` ըստ համապատասխան մակարդակների: Որպես գերակա խնդիր` պետք է նշել նաև սոցիալական խոցելի խմբերի ուսանողների կրթության հարցը: Նախորդ տարի մեկնարկել են մի շարք սոցիալական ծրագրեր, որոնք կշարունակվեն ընդլայնվել նաև այս տարի: ԱԺ-ում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունը, համաձայն որի` կսահմանվեն ուսանողական զեղչերի պարտադիր  նվազագույն շեմերը և սոցիալական խմբերի համար օրենքով երաշխավորված զգալի  զեղչերը:

Առաջիկայում նախարարությունը կներկայացնի ուսանողների սոցիալական կարիքների գնահատման հետազոտություն, որտեղ առավել ընդգրկուն ներկայացված են ուսանողության խնդիրները, այդ թվում` հանրակացարանի, ճաշարանի,  ուսման վարձի, տրանսպորտի, որն իր հերթին  թույլ կտա կառավարությանն առավել հստակ պատկերացնել` ինչ սոցիալական խնդիրներ ունի ուսանողությունը և որտեղ հատկապես կենտրոնացնել կառավարության ջանքերը”,-նշել է նախարարը` ընդգծելով նաև Նորարարությունների հիմնադրամի իրականացրած նախագծերը, որոնց համար 10 բուհերի զգալի լրացուցիչ ֆինանասավորում է տրամադրվել` ավելի արդիական կրթական միջավայր ստանալու համար:

Ըստ Ա. Աշոտյանի` ոլորտում գերակա է նաև հակակառուպցիոն ռազմավարության միջոցառումը, որը նախարարի խոսքով` դեռ երկար ժամանակ պարտադիր պայման է լինելու և կրելու է շարունակական բնույթ: Այս կապակցությամբ նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է հասարակության աջակցության կարիքը: “Մենք ունակ ենք լսել հասարակության ձայնը և մեր որոշումների կայացման գործում այդ ձայնը դարձնել որոշիչ, եթե այն փաստարկված է: Այսպիսի հետադարձ կապ հասարակության հետ մենք երբեք չենք ունեցել, և որոշումների կայացման գործընթացում նման տեսակի թափանցիկություն և մատչելիություն երբեք չի եղել, այդ թվում` կրթության ոլորտում”,-նշել է Ա. Աշոտյանը:

Անդադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճին Աշոտյանն ասել է. «Կարիք չկա 1998-2008 թթ.-ի ժամանակահատվածի վերլուծությունների գնահատականների հետ կապված ունենալ նման սուր արձագանք, քանի որ որևէ ենթատեքստ այդ գնահատականների ու վերլուծականների մեջ չկա»:

Նրա խոսքերով` այդ թվականներին էլ ՀՀԿ-ը եղել է պետական կառավարման համակարգի հիմնասյուներից մեկը: «1998թ-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո իշխանության կոնֆիգուրացիան ՝ Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան, երեքից երկուսը հանրապետականամետ կամ հետո հանրապետական դարձած մարդիկ էին: Իսկ 2003թ-ի նախագահական ընտրություններից հետո հիշում եք իշխանության կոնֆիգուրացիան` Ռոբերտ Քոչարյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան: Այդ տարիները նաև մեր տարիներն են` հաջողությունների, խնդիրների, տնտեսական վերելքի, հասարակաքաղաքական փոփոխությունների, և կարիք չկա նման սուր արձագանքի, քանի որ դա մեր ընդհանուր պատմությունն է և զարմանալի է այդ գնահատականը հատկապես երկրի երկրորդ նախագահի կողմից»,-ասել է  Ա.Աշոտյանը:

Ըստ Ա. Աշոտյանի` իր համար հաճելի է, որ ՀՀ երկրորդ նախագահը հիշատակել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը, բայց չգիտի, թե որքանով էր այն անկեղծ: «Հետաքրքիր է, թե երբ է Ռ.Քոչարյանը վերջին անգամ այցելել պանթեոն, չգիտեմ, գուցե սխալ եմ»,- ասել է  նա` հավելելով, որ ՀՀԿ-ն գնահատում է անցյալը, բայց կառուցում է ապագան. «Կարիք չկա սեփական ցավդ դարձնել ուրիշի հիվանդություն, մենք նման խնդիր չունենք»:

Անկախ

 

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի հատկացման մրցույթ

կրթաթոշակՀայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ։ Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման բակալավրիատի առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Կրթաթոշակ տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը ՀԵՀ-ին է հատկացրել 60 մլն դրամ։

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

  • սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
  • միակողմանի ծնողազուրկ ուսանող,
  • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
  • հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
  • տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
  • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
  • պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։ Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն): Կրթաթոշակի հատկացման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում (http://heh.am):

Նշենք, որ 2011-2013թթ. Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ կառավարության աջակցությամբ պետական բուհերի անվճար համակարգում չընդգրկված, վերոնշյալ չափանիշներին համապատասխանող ավելի քան 2150 ուսանողի հատկացրել է կրթաթոշակներ։

 

Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև

հհ-սլովակիաՄեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության այցը Սլովակիայի Հանրապետություն:  Պատվիրակության առաջին հանդիպումը Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի հետ էր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է`  այս երկրի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով: Արմեն Աշոտյանի խոսքով` այցի նպատակը գիտակրթական ոլորտում միջպետական համագործակցության զարգացումն է.  բացի այդ, ըստ նախարարի` հայկական կողմի համար առաջնային է` ընդլայնել միջբուհական համագործակցությունը: “Ես ուրախ եմ, որ երկու բուհերը` Հայաստանի ազգային ագրարային համալսարանը /հիմնադրամ/ և Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը, արդեն կուտակել են  համագործակցության մեծ փորձ, և այսօր մենք ներկա ենք այդ համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման գործընթացին: ՀՀ կառավարության գերակայության շրջանակում է գյուղատնտեսության զարգացումը, և այդ համատեքստում գյուղատնտեսական մասնագիտությունների զարգացումը մենք դիտարկում ենք` որպես լավագույն ներդրում ոլորտում”,-նշել է Ա. Աշոտյանը:  Անդրադառնալով Հայաստանի կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ մինչև 2015 թվականը Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունը, որը, ըստ Ա. Աշոտյանի,  մեկ անգամ ևս ընդգծում է կրթական բարեփոխումներում եվրոպական  գործընկերների վստահության արտահայտումը: Ողջունելով հյուրերին` բուհի ռեկտոր Պիտեր Բելիկը հույս է հայտնել, որ  այսուհետ ևս գիտակրթական ոլորտում Հայաստանի և Սլովակիայի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը կպահպանվի և կզարգանա: Հանդիպման ընթացքում Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի ներկայացուցիչները ներկայացրել են շնորհանդես` բուհի գիտակրթական պոտենցիալի, կառուցվածքի, ծրագրերի և հեռանկարների վերաբերյալ: Հանդիպման ավարտին երկու բուհերի ռեկտորները ստորագրել են փոխըմռնման հուշագիր, որը նախատեսում է ուսանողների և դասախոսների փոխանակում, ընդհանուր ծրագրերի իրականացում, ինչպես նաև փորձի փոխանակում: Նշվել է, որ Նիտրայի գյուղատնտեսական համալսարանը վերջերս է միջազգային հավատարմագրում անցել. այդ կապակցությամբ բուհի ներկայացուցիչներն իրենց  պատրաստակամությունն են հայտնել` իրենց աջակցությունը ցուցաբերել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին` վերոնշյալ գործընթացում:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շրջանավարտները, ովքեր հետազոտական ծրագրեր են իրականացնում Նիտրայի գյուղատնտեսական համալսարանում:

 

Հայաստանի ԲՈՒՀ-երի ավելի քան 100 ուսանող կստանան Beeline կրթաթոշակ

բիլայնի կրթաթոշակ«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի և ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ հայտարարում են «Beeline Scholarship» ծրագիրի մեկնարկի մասին:

Ծրագրի շրջանակում Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի ուսանողները մրցակցային հիմունքներով կարող են ստանալ Beeline կրթաթոշակ մինչև 300.000 դրամի չափով: Ծրագրին կարող են մասնակցել երկրորդից չորրորդ կուրսերում վճարովի համակարգում սովորող այն ուսանողները, ովքեր մասնագիտանում են` սոցիալական և հումանիտար գիտություններ, արվեստ, ճարտարագիտություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, իրավունք, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, բիզնես կառավարում և ճշգրիտ ու բնական գիտություններ ոլորտներում:

«Համոզված եմ, որ մեր ծրագիրը հնարավորություն կընձեռի տաղանդավոր ուսանողներին ձեռք բերել այնպիսի մասնագիտություն, որն, անշուշտ,  օգտակար կլինի իրենց հայրենիքի համար: «Beeline Scholarship» ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, իսկ դա նշանակում է, որ 38 պետական համալսարանի ավելի քան 50.000 ուսանող կարող են դառնալ այս ծրագիրը մասնակիցը: Ինձ համար շատ հաճելի է, որ «ԱրմենՏել» ընկերության հերթական սոցիալական ծրագիրը, կօգնի երիտասարդներին ինքնուրույն ստեղծել պայմաններ ապագայում հաջողության հասնելու համար»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Բրիտանական խորհրդի համար կարևորագույն ուղղություն է կրթությունը: Beeline Scholarship ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ոչ միայն կրթաթոշակ ստանալ, այլև ընտրական հանձնաժողովում ընդգրկված մարդկանց ներկայանալ որպես ապագայում փոփոխություններ բերող մասնագետներ: Մենք ուրախ ենք համագործակցել «ԱրմենՏել»  ընկերության հետ և հուսով ենք, որ առաջիկայում ականատես կլինենք ծրագրի նկատելի արդյունքներին»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

«Beeline Scholarship» ծրագիրն իրականացվելու է երկու հիմնական փուլով: Առաջին փուլում մասնակիցները պետք է ներկայացնեն «Ինչ փոփոխություն եմ պատրաստվում իրականացնել իմ ոլորտում» ծրագիր-առաջարկը: Երկրորդ փուլում Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարության, միջազգային, կրթական և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներից, այդ թվում նաև կրթական ոլորտում առաջատար էքսպերտներից կազմված հանձնաժողովն առաջին փուլն անցած մասնակիցներից կընտրի այն 80-110 ուսանողին, ովքեր կարժանան  «Beeline կրթաթոշակ»-ին: Կրթաթոշակի գումարը չի կարող գերազանցել ուսանողի մեկ ուսումնական կիսամյակի համար նախատեսված գումարի չափը:

 Ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղից զանգահարելով  +374 10 552945 (ներքին 5109) կամ ուղարկելով նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև Facebook սոցիալական ցանցում` ընկերությունների պաշտոնական կայքերում

 https://www.facebook.com/BritishCouncilArmenia և https://www.facebook.com/beeline.am

Կմեկնարկի «Medicus 2013» 10-րդ միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը

lOGOՆոյեմբերի 6-ին՝ ժամը 14.30, Երևանի պետական բժշկական համալսարանի վարչական մասնաշենքի ֆիզիկական կուլտուրայի դահլիճում կմեկնարկի «Medicus 2013» 10-րդ հայաստանյան միջբուհական ինտելեկտուալ խաղերի առաջնությունը, որը բաղկացած է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ», «Բրեյն ռինգ», «Էրուդիտ կվարտետ» խաղափուլերից։ Առաջնությանը կմասնակցի շուրջ 30 թիմ ՀՀ բուհերից և ավագ դպրոցից։

Խաղերն անցկացվելու են սպորտային ինտելեկտուալ խաղերի դասական կանոններով։ Հարցերը տրամադրվել են Հայաստանի գիտակների ասոցիացիայի կողմից։ Երկօրյա ինտելեկտուալ խաղերի նպատակն է զարգացնել ինտելեկտուալ շարժումը Հայաստանում, բարենպաստ մթնոլորտ ստեղծել պրոֆեսիոնալ գիտակների շրջանում բնական սերնդափոխության համար, նպաստել բարեկիրթ հասարակություն կառուցելուն։

Ինտելեկտուալ խաղերի առաջնությունը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը և Հայաստանի գիտակների ասոցիացիան։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այդպես էլ կրթությունն «ապրանք» չդարձավ

կրթությունԱյդպես էլ Հայաստանի «մեծապատիվ տիարք» չհասկացան մի պարզ ճշմարտություն` կրթություն մատուցելը համարվում է ծառայությունների մատուցում: Իսկ ծառայությունների մատուցման ոլորտում, ամբողջ քաղաքակիրթ աշխարհում գործում է մի պարզ սկզբունք. ցանկացած սակագին փոփոխվում է, երբ տվյալ ծառայություն մատուցող ոլորտը թևակոխում է զարգացման ավելի բարձր աստիճան, դրանից հետո է տեղի ունենում թանկացումը: Իսկ ծառայությունների գները բարձրացնել ընդամենն աղոտ խոստումներ տալով, թե ինչ–որ անորոշ ապագայում  հայկական բուհերում մատուցվող կրթական ծառայությունները ինչ–ինչ փոփոխություններ կունենան, ուղղակի ծիծաղելի է, եթե ոչ ծաղր: 

Ինչպես գիտենք, ԵՊՀ-ն որոշել է ուսման վարձավճարները թանկացնել 100.000 դրամով և նվազագույն շեմը նախկին 300 հազար դրամի փոխարեն դարձնել 400 հազար դրամ: Վարձավճարների բարձրացմամբ են նոր ուսումնական տարին սկսում նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, ինչպես նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Տնտեսագիտական համալսարանում վարձավճարները բարձրացել են 100-150 հազար դրամով: Ճարտարագիտական համալսարանում նոր ուսումնական տարվանից ուսման վարձերը կլինեն 402-522 հազար դրամի սահմաններում: Կոնսերվատորիայում ուսման վարձն ավելացել է 100-200 հազար դրամով:

Այս որոշման հեղինակներն ուսման վարձավճարների թանկացումը  պատճառաբանում են այն հանգամանքով, որ վերջին տարիներին բուհերի ծախսերը շատացել են. բուհն այժմ մեկ ուսանողի համար ավելի շատ գումար է ծախսում, քան նախկինում, ինչը պայմանավորված է կահավորանքի, տեխնիկական և լաբորատոր անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմամբ:

Մի պահ մոռանանք հայկական իրականությունը և անդրադարձ կատարենք առաջատար կրթական համակարգ ունեցող երկրների փորձին: Ֆրանսիայում, օրինակ, Սորբոնի համալսարանում Ֆրանսիայի ռեզիդենտ քաղաքացիների համար ուսումն անվճար է, իսկ ոչ ռեզիդենտների համար ուսման վարձավճարները սկսվում են տարեկան 7 հազար եվրոյից: Բացի Սորբոնի համալսարանից, Ֆրանսիայի շատ այլ համալսարաններում կրթությունը բավականին թանկ է: Նայենք ԱՄՆ-ի օրինակին. այդ երկրի բուհերում, առավել ևս միջազգային հեղինակություն վայելող, ուսման վարձավճարները հասնում են տասնյակ հազարավոր դոլարների: Եվրոպական շատ այլ երկրների առաջատար ու միջին կարգի բուհերում էլ ուսման վարձավճարները բավականին բարձր են:

Իհարկե, լավ կրթությունը չի կարող էժան լինել, եթե հաշվի առնենք ուսումնական գործընթացի կազմակերպչական, նյութատեխնիկական պայմանների բավարարումը, հեղինակավոր ու որակյալ փորձագետներով ու մասնագետներով պրոֆեսորա-դասախոսական անձնակազմերը համալրելու անհրաժեշտությունը և այլն: Տպավորություն կարող է ստեղծվել, թե մեզ մոտ էլ նույն պատճառաբանություններն են բերվում, սակայն դա չի արդարացնում կրթության ոլորտի հայ պատասխանատուներին:

Նախ` այն պարզ պատճառով, որ այդ երկրներում առաջնորդվում են «կրթությունը պետք է լինի ոչ թե էժան ու անհասանելի, այլ թանկ, բայց հասանելի բոլորին» սկզբունքով: Իսկ դա նշանակում է, որ ստեղծված են բազմազան ու բազմապիսի մեխանիզմներ, որոնցով ուսանողներն ու նրանց ծնողները կարող են վճարել որակյալ կրթության համար: Օրինակ` գործում են կրթության ֆինանսավորման տարբեր ու տարատեսակ հիմնադրամներ, այդ երկրների բանկային համակարգերն ունեն ուսանողական վարձավճարների վարկավորման ճկուն մեխանիզմներ, պետությունը կիրառում է կրթության վարձավճարների սուբսիդավորման, զեղչերի ու փոխհատուցումների ճկուն մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս գումար չունեցող, բայց  ուսումնատենչ երիտասարդին ստանալ որակյալ կրթություն` համոզված լինելով, որ իր ստացած կրթությամբ հետագայում կկարողանա արդարացնել ու «ծածկել» կրթության համար արված ծախսերը:

Այդ երկրներում կրթությունը, ինչպես և պետք է լինի, դիտարկվում է, որպես ապրանք, և մարդիկ գիտեն, թե ինչի համար են վճարում, գիտեն այդ ապրանքի, այսինքն` իրենց ստացած կրթության արժեքը: Օրինակ` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի համալսարաններում կրթություն ստանալ ցանկացողներին բուհերը տրամադրում են սպառիչ տեղեկություններ, թե ուսանողն իրենց մոտ ինչ առարկաներ է ուսումնասիրելու, ինչ մակարդակով, ինչ չափանիշների է համապատասխանում այդ կրթությունը, ինչպիսի հիմնարկների, կազմակերպությունների կամ կառույցների համար են կրթության այդ չափանիշներն ընդունելի, իրենց համալսարանի շրջանավարտների քանի տոկոսն է աշխատանք գտնում, ինչպիսի վարձատրությամբ աշխատանք է գտնում, ինչպես են օգնում իրենց շրջանավարտներին հետագայում աշխատանք գտնելու հարցում, իրենց պատրաստած մասնագետներն աշխատաշուկայում ինչ պահանջարկ ունեն և այլն:

Բացի այս ամենը, նորմալ ու նախանձելի կրթական համակարգեր ունեցող երկրներում, ինչպես, օրինակ` Շվեդիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում  և այլն, բուհերն ակտիվորեն համագործակցում են պետական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ` իրենց կրթական ծրագրերը նրանց պահանջներին համապատասխանեցնելու համար, որպեսզի կարողանան պահանջված մասնագետներ պատրաստել, ոչ թե ընդամենը դիպլոմներ տալ… Մեկ այլ օրինակելի մեխանիզմ էլ կա այդ երկրներում. օրինակ` ինչպես Հայաստանում պետությունն է բուհերին պետպատվերի շրջանակներում մասնագետների պատրաստում պատվիրում, նույն կերպ էլ մասնավոր հատվածի ներկայացուցիչներն են այդ բուհերին ուղիղ, անմիջական կապի միջոցով պատվիրում իրենց համար համապատասխան մասնագետների պատրաստում` պետության պես  ուսման վճարները լրիվ կամ մասնակի փոխհատուցելով: Սա ևս մեկ լծակ է, որն օգնում է ուսանողներին չվախենալու ուսման վարձավճարների թանկությունից: Իսկ հայկական բուհերից քանի՞սը կարող են իրենց գոնե մեկ տարվա շրջանավարտների հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կամ վիճակագրություն ներկայացնել: Քանի՞սը կարող են ասել, թե իրենց պատրաստած որ մասնագիտությունն ինչպիսի պահանջարկ ունի աշխատանքի շուկայում, քանիսն են դիմորդների ու նրանց ծնողների համար էքսկուրսիաներ կազմակերպում իրենց կրթօջախներում` ներկայացնելու համար մատուցվող կրթության ձևը, որակը, բուհի լաբորատոր-լսարանային, նյութա-տեխնիկական պայմանները, ուսումնա-մեթոդական տարրերն ու պրոցեսները, պրոֆեսորա-դասախոսական կազմին…

Հայ ուսանողը կա՛մ պետք է հարմարվի, կա՛մ հեռանա…

Մինչդեռ ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը հրավիրված ասուլիսում արդարացնում է ուսման վարձերի թանկացումը` պնդելով, թե դա ինքնանպատակ չէ, թե վերջին տարիներին ամեն ինչը թանկացել է, բացի ուսման վարձից, որ կրթությունն էլ իր գինն ունի…

Նախարարը խոստանում է «ջանքեր թափել», որ այս ամենից, իր խոսքերով ասած, «պլյուսով դուրս գանք», որ կրթաթոշակներ են սահմանվելու լավագույն ուսանողների համար, որ կառավարությունը փորձում է այնպես անել, որ վարձավճարներից գոյացած միջոցների 7 տոկոսը բուհերը հատկացնեն ուսման վարձավճարների զեղչեր սահմանելու հիմնադրամներին և այլն:

Բայց ոչ մի տեղ չի խոսվում, թե ուսման վարձավճարների բարձրացումն ինչպես կանդրադառնա ուսման որակի բարձրացման վրա: Օրինակ` ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները կշարունակե՞ն տառապել «նախնադարյան» համակարգիչներն աշխատեցնելով, թե՞ նոր ու ժամանակակից համակարգիչներով կստեղծեն իրենց նյութերը, 240 հոգով 4-5 տեսախցիկի վրա՞ հույսները կդնեն տեսանյութեր պատրաստել սովորելիս, թե՞ գոնե 2-3 հոգուն մեկ տեսախցիկ կհասնի…

Ոչ մի տեղ այս հարցերի պատասխանները չկան: Չկան նաև այնպիսի հարցի պատասխաններ, թե ինչպիսի նոր տեխնոլոգիաներ կներդրվեն ուսումնական գործընթացների կազմակերպման համար, ինչպիսի ու ինչ կարգի մասնագետներ կհրավիրվեն դասավանդման համար և այլն: Կարծես ամեն ինչ, բացի մի քանի լսարանների կոսմետիկ վերանորոգումից, նույնն է մնում` թե՛ կրթության որակը, թե՛ պայմանները, միայն վարձավճարներն են թանկանում:

Սեպտեմբերի 2-ին` «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած բողոքի երթի ժամանակ, երբ ուսանողները հասան կառավարության շենքի մոտ, նրանց դիմավորեց կառավարության դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ու ցնցող «նորություններ» հայտնեց. «Բուհերն ինքնավար մարմիններ են, ու երբ ուսման վարձը թանկանում է, հավասարաչափ թանկանում է նաև պետության համար: Պետպատվեր գոյություն ունի, ես պարտավոր եմ լինելու կատարել նրանց որոշումը և ավելի գումար վճարել պետպատվերի համար: Այնպես որ մենք այստեղ  դեմ դիմաց կանգնած կողմեր չենք` այս խնդիրն ինչքան ձեզ համար է բարդ, այնքան էլ կառավարության համար է բարդ: Բայց կառավարությունը մյուս կողմից փորձում է ուրիշ միջոցներ ձեռնարկել` սոցիալական խնդիրները լուծել, ուսանողական հիմնադրամների խնդիրները լուծել, լրացուցիչ զեղչեր սահմանել»:

Ստացվում է` պետական բուհերն ինքնագլուխ ինչ ուզեն, կարող են անել` առանց կառավարության ցանկությունները հաշվի առնելու: Կառավարությունն էլ համաձայն է բուհերի ղեկավարների պատճառաբանությունների հետ ու հարց չի բարձրացնում, թե ինչու են ուսման վարձավճարները թանկացնում խոստացված փոփոխություններից ու բարելավումներից առաջ, ոչ թե հետո:

 

Վասն գիտելիքի կամ կրկին շտեմարանների մասին

  1. շտեմարան1Ինչո՞ւ  գրեցի այս հոդվածը

Վաղուց էի մտմտում, բայց շտեմարանների և դրանց հիման վրա կազմված թեստերի շուրջ այնքան աղմուկ կար, որ իրար չէին լսում: Հիմա, երբ կրքերը կարծես մի քիչ հանդարտվել են, երբ հանրակրթական ավագ դպրոցի շրջանավարտները  հայոց լեզվից և հայ գրականությունից լավ-վատ հանձնել են ավարտական, միասնական  քննությունը, արժե արդեն խոսել՝  մի քիչ այլ տեսանկյունից և այլ մոտեցումով:

Միանգամից ասեմ, որ խոսքս ուղղված է մեզ բոլորիս, ովքեր զբաղվում են կրթության և դպրոցի, ինչպես նաև մայրենի լեզվի ուսուցման և դասավանդման հարցերով: Խորին հարգանքով եմ վերաբերվում բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել  կամ շարունակում են համագործակցել ԳԹԿ-ի հետ: Գիտեմ, որ թեստ կամ հարցարան կազմելը հեշտ գործ չէ: Ուստի արժանին պիտի մատուցել այն գիտնականներին, որոնք այս կամ այն չափով առնչվել կամ ուղղակիորեն տքնել են՝ ստեղծելու համար թե՛ հարցարանների ժողովածուներ, թե՛ շտեմարաններ, թե՛ թեստեր:  Ընդ որում՝ խոսքս վերաբերում է բոլոր տարիների հեղինակներին՝ սկսած պրոֆեսորներ Պետրոս Բեդիրյանից և Վազգեն Համբարձումյանից մինչև այսօրվա շտեմարանի հեղինակային խմբի յուրաքանչյուր անդամ: Ներեցե՛ք, որ բոլորին հականե-հանվանե չեմ թվարկում. նպատակս սկսած գործի ապագան կամ շարունակությունը տեսնելու միտումն է:

Հոդվածը գրելու պատճառներից մեկն էլ «Անկախ» շաբաթաթերթում (28. 06. 2013թ.) ԳԹԿ-ի ներկայացուցչի հետ լրագրողի հարցազրույցն էր, որտեղ սովորողների գնահատման և թեստավորման կենտրոնի պատասխանատուն ասում է.  «Քննությունները անցան շատ խաղաղ ու հանգիստ պայմաններում: Շտեմարանային քննությունները, այն առումով, որ ոչ մի բովանդակային բողոք չունենք, կարելի է համարել արդարացված: Այսինքն՝  շտեմարանները  ծառայեցին նպատակին, ինչի համար ստեղծվել էին. չունեցանք առաջադրանքներ, հարցադրումներ, որոնք կունենային երկիմաստություն կամ բողոքարկումների տեղիք կտային»:

Ասել է թե՝ բողոք չկա, ուրեմն ամեն բան լավ է, եկե՛ք շարունակենք նույն ոգով: Արդյոք պիտի նույն ոգո՞վ առաջ գնանք, թե մի պահ կանգ առնելու և հարցը խորությամբ  ուսումնասիրելու ճիշտ ժամանակն է, քանի դեռ ուսումնական տարին չի սկսվել:

Հաջորդ կարևոր պահը, որն ինձ միշտ զարմացրել է, հենց շրջանավարտի, միասնական քննություն հանձնողի անձի անտեսումն է: Մեծահասակները, կրթության գործի կազմակերպիչներն ամեն ինչ անում են, թվում է, պարմանիների համար՝ անտեսելով և զանց առնելով մեր հասարակության ստվար մի զանգվածի իրավունքները, պետական փաստաթղթերով նրանց առջև դրված  պահանջները, ինչպես նաև ցանկացած պատանու կամ աղջկա պարզունակ թվացող հարցը՝ դա ինձ պե՞տք է …

  1. Կրթության բովանդակությունը ներկայացնող փաստաթղթեր

Նրանք, ովքեր մոտ են կրթական գործին կամ զբաղվում են դրանով կամ էլ գաղափար ունեն տարրական մանկավարժությունից, գիտեն, որ գոյություն ունի «կրթության բովանդակություն» հասկացություն: Կրթության բովանդակությունը սահմանվում և հաստատվում է կառավարության կողմից, ձևավորվում և ամբողջանում է պետական փաստաթղթերով՝ Հանրակրթության պետական չափորոշիչ, սրա հիման վրա՝ առարկայական չափորոշիչ և ծրագրեր, սրանց մեջ արձանագրված պահանջներից ելնելով էլ ստեղծվում,  կազմվում են դասագրքերը և ուսումնաօժանդակ ձեռնարկները:

Հիմա փորձենք  կարդալ և ուղղակի մեջբերել Հանրակրթության պետական չափորոշչի՝ ավագ դպրոցի հայոց լեզվի և հայ գրականության սահմանները նշող հատվածը (armedu.am կամ aniedu.am).  «47. Ավագ դպրոցի ծրագրի «Հայոց լեզու, գրականություն» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

1) մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով (ընդգծումը՝ հեղինակի), սեփական մտքերը, հույզերն արտահայտելուն, մարդկանց հետ հաղորդակցվելուն, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալուն, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալուն.

2) հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություներին  հաղորդակից  դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու գիտելիքների, կարողությունների և հմտությունների  (ընդգծումը՝ հեղինակի) ձևավորմանը.

3) սովորողների կողմից լեզուն որպես մշակութային արժեքի ընկալմանը, այն կրելու, պահպանելու ու տարածելու անհրաժեշտության, հայ գրականության` որպես ազգային մշակույթի կարևորագույն արժեքի, ազգային մտածողության և հոգեբանության բացահայտողի դերի, գրական ստեղծագործություններին, արվեստի գործերին ծանոթանալու և հաղորդակցվելու  անհրաժեշտության  գիտակցմանը.

4) գեղագիտական ճաշակի ձևավորմանը, Հայաստանում ապրող մյուս ժողովուրդների և համաշխարհային գրական մշակույթի արժեքների գնահատմանը:

48. Ավագ դպրոցի ծրագիրը պետք է ներառի գիտելիքներ, պատկերացումներ`

1) բանավոր և գրավոր կապակցված խոսք կառուցելու նրբերանգների (ընդգծումը՝ հեղինակի), հայոց լեզվի քերականական կառուցվածքի, լեզվաոճական առանձնահատկությունների և ճարտասանական հիմնական սկզբունքների,

2) գրական լեզվի կենսունակ (գործածական) բառապաշարի, հայերենի բառաստեղծման  սկզբունքների,

3) հայ և արտասահմանյան դասական ու ժամանակակից գրական երկերի, հայ և այլ ազգերի ժողովրդական  բանահյուսության,

4) գրականության պատմության, գրականության տեսության մասին»:

Հայցում եմ ընթերցողների ներողամտությունը այսպիսի ծավալուն մեջբերման համար: Սակայն սա խիստ անհրաժեշտ է՝ հասկանալու համար, թե ի՛նչ է պահանջում պետությունը հայոց լեզու և հայ գրականություն դասավանդողներից և ի՛նչ է ակնկալում ավագ դպրոցի շրջանավարտից: Եթե մի քիչ ավելի սեղմենք և պարզ արտահայտվենք, ապա կառավարության հաստատած փաստաթուղթը սովորողներից ակնկալում է որոշակի գիտելիքներ հայոց լեզվից և հայ գրականությունից, իսկ որ ավելի կարևոր է, այդ գիտելիքների հիմքի վրա որոշակի կարողությունների և հմտությունների  ձևավորում.  ընկալել գրվածքի լեզվաոճական առանձնահատկությունները, բանավոր և գրավոր խոսք կառուցել, ճարտասանական որոշակի հմտություններ դրսևորել: Այսինքն՝ մայրենի լեզվի  և գրականության ուսուցման խնդիրը նախ և առաջ սովորողի հաղորդակցական կարողությունների զարգացումը, կյանքի համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերումն է:

Նկատե՞լ եք, որ նույնիսկ ամենաառօրեական հարաբերություններում հաջողության հասնում են ճարտար լեզու ունեցողները: Գնացե՛ք շուկա, ոչինչ մի՛ գնեք, այլ ուշադիր հետևե՛ք վաճառողների խոսքին, մարդկանց վերաբերվելու հմտությանը: Հաճախ եմ հիացմունքով հետևել  հաղորդակցական և ճարտասանական հմտություններ ունեցող առևտուր անողին, որը շատ արագ և իր ուզած գնով իրացրել է ապրանքը: Սա, անշուշտ, արվեստ է: Մարդը ձեռք է բերել կյանքում իրեն անհրաժեշտ կարողություն՝ առանց հայոց լեզվի քերականական համակարգի մեջ խորանալու կամ անգիր անելու:

Այսպես նաև բոլոր ոլորտներում:  Պահանջվում է կենդանի խոսք, հաղորդակցություն, շփվելու հմտություն, և կրթության բովանդակությունը սահմանագծող փաստաթուղթը ևս հստակ պահանջում է՝ գիտելիք, անշուշտ, բայց ոչ հանուն գիտելիքի, այլ դրա հիման վրա՝ ձևավորել, զարգացնել և շարունակաբար կատարելագործել կարողություններ  և հմտություններ ողջ կյանքի համար, սեփական բարեկեցության ապահովման համար: Չեմ կարծում, որ քերականություն սերտած այսօրվա շրջանավարտը շուկայում առևտուր անող և իր ընտանիքը վարդի պես պահող վաճառականի նման փայլուն խոսքով հանդես գալու կարողությամբ օժտված լինի:

Հայոց լեզու և հայ գրականություն դասավանդողի առջև այս ընդհանրական փաստաթղթի պահանջներն ավելի ընդգծված են ներկայանում առակայական չափորոշչում և ծրագրերում: Ավագ դպրոցի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի չափորոշչում (armedu.am կամ aniedu.am) առավել հստակ ընդգծվում են հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման հիմնական նպատակադրումները՝ սովորողների բանավոր և գրավոր խոսք կազմելու, հաղորդակցական  կարողությունների զարգացումը:

Հիշյալ չափորոշչի Զ կետը (էջ 28-35) ներկայացնում է այն նվազագույն պահանջները, որոնք պարտադիր են ավագ դպրոցի շրջանավարտի համար: Պահանջները ներկայացվում են երեք մակարդակով և երկու համակարգերով՝ ա) գիտելիքների, բ) կարողությունների և հմտությունների:  Սա նշանակում է, որ  ավագ դպրոցն ավարտող ոչ բոլոր շրջանավարտներից պիտի պահանջվեն գիտելիքների և կարողությունների նույն քանակը  կամ մակարդակը: Ասեմ նաև, որ թե՛ հայոց լեզվից, թե՛ հայ գրականությունից սովորողին ներկայացվող նվազագույն պահանջները երկու հոսքով են մատուցվում՝  ա) ընդհանուր և բնագիտական հոսքեր, բ) հումանիտար հոսք:

Ամենաթեթև ակնարկն անգամ ցույց է տալիս, որ այս պահանջների մեջ ամենից քիչ տեղ հատկացված է զուտ քերականական կամ գրականագիտական գիտելիքներին, առավել շեշտվում են ձեռք բերած կարողությունները, որոնց առկայության համար կիրառվում են հետևյալ բայ-պահանջները՝ կարդալ, գրել, ձևակերպել, գտնել, որոշել, տարբերել, հարստացնել, բացահայտել, մեկնաբանել, կիրառել, գործածել, համեմատել, քննարկել, կազմակերպել, կառուցել և այլն:  Նշանակում է՝ թեստային կամ  շտեմարանային պահանջները և առաջադրանքները ևս պիտի կառուցվեն այս պահանջներին համապատասխան՝ հենվելով սրանց վրա և ապահովելով պետականորեն  վավերացված  փաստաթղթի  պահանջների  իրականացումը:

Հիմա նորից  դառնամ  ԳԹԿ-ի ներկայացուցչին և շարունակեմ մեջբերումը. «Բազան (շտեմաարնների) կընդլայնվի, …….. որ կարողանանք պատահական ընտրելու գործոնը նվազեցնել և հստակ գիտելիք (ընդգծումը՝ հեղինակի)  ստուգող  առաջադրանքները  շատացնել»:

Բայց չէ՞ որ հենց ԳԹԿ-ի ներկայացուցիչը հիանալի պիտի իմանա պետական փաստաթղթերի բովանդակությունը և տիրապետի դրանց պահանջներին, որ կարողանա ղեկավարել մասնագիտական-առարկայական հանձնախմբերի աշխատանքը: Այնինչ ներկայացուցիչը ևս կա՛մ չգիտի, կա՛մ անտեսում է կառավարության որոշումները և խոսում է միայն գիտելիքը ստուգելու մասին:

Շատ տարօրինակ է, որ աջ ձեռքով դպրոցի համար չափորոշիչներ, սովորողին ներկայացվող պահանջներ ենք մշակում՝ գիտելիք, կարողություն, հմտություն հերթագայությամբ, խոսքի զարգացման և շարունակական մշակման պահանջ ենք դնում, բայց ձախ ձեռքով ստուգում ենք միայն գիտելիքը, որը, ցավոք, պատանուն պետք է միայն թեստային առաջադրանքները կատարելու, որոշակի դրական միավոր վաստակելու և  բուհի ուսանող դառնալու համար:  Մնում է միայն մեկ կամ երկու տարվա դառը հիշողությունը՝ դասուսույցի մոտ վազելու, թութակի պես ուրիշի մտքերը կրկնելու, հայոց լեզվի քերականական համակարգը ցանկացած լեզվաբանից էլ լավ անգիր սերտելու տանջանքը: Իսկ սեպտեմբերին մեր նորաթուխ ուսանողն արդեն իր ուղեղից հիմնովին ջնջում է թե՛ հայոց լեզուն ու ոճաբանությունը, թե՛ հայ գրականությանը և գրականագիտությունը:  Ահռելի և անօգուտ  բեռ, որի համար դիմորդը բավական լավ վճարել  է դասուսույցին:

Եթե մի հրաշքով դառնայի 16-17 տարեկան, դատի կտայի այն մարդկանց,  որոնք շտեմարաններ և թեստեր են կազմում՝ անտեսելով կրթության բովանդակությունը նշող փաստաթղթերի պահանջները, բանավոր և գրավոր խոսք չսովորեցնող, արդեն առաջին դասարանից  շտեմարաններով և թեստերով ինձ վարժեցնող մեծահասակներին, որոնք գիտությամբ զբաղվելու փոխարեն ընկել են դեռահասիս վտիտ ուսերին ու գրպանին և գլուխս  լցնում են կյանքում ինձ պետք չեկող գիտելիքներով:

Ստացվում է, որ մի բան ենք սահմանում, բայց խորությամբ ստուգում ենք միայն մաքուր քերականություն կամ ոճաբանություն, մաքուր գրականագիտություն կամ գրականության տեսություն: Սա քերականություն կամ գրականագիտություն է՝ հանուն … բանասիրության: Զարմանալի է, թե շտեմարաններով քննություն հանձնած և բարձր միավորներ շահած դիմորդին ինչո՛ւ  առանվազն գիտության թեկնածուի կոչում չենք տալիս, քանի որ նա կարճ ժամանակով ավելի շատ բան է գլխում տեղավորում, քան այսօրվա բուհերի՝ կոչում գնած շատ դասախոսներ և գիտության թեկնածուներ…

  1. Շտեմարաններ, ուղեցույցներ

Հիմա աչքի անցկացնենք հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական, միասնական  գրավոր և բանավոր քննությունների ուղեցույցը (հեղինակներ՝  Միրցա Հալաջյան,  Աշխեն Ջրբաշյան, Փառանձեմ  Մեյթիխանյան): Սույն ուղեցույցի 9-րդ էջում կարելի է կարդալ. «Թեստային առաջադրանքները (հայոց լեզվից) կազմվում են հիմնական դպրոցի  «Մայրենի» 5-րդ, 6-րդ,  «Հայոց լեզու» 7-րդ, 8-րդ, 9-րդ և ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարանների  դասագրքերում  (ընդգծումը՝ հեղինակի) ամփոփված ծրագրային նյութի հիման վրա: Նույն բանը կարդում ենք նաև հայ գրականությունից տրվող առաջադրանքների մասին:  Թեստերն ընդգրկում են դասագրքերի նյութը:

Անշուշտ, կրթության բովանդակությունը ներկայացնում են նաև դասագրքերը, բայց հենվելով չափորոշիչների և ծրագրերի պահանջների վրա: Այսինքն՝ շտեմարան կամ թեստ կազմողները նախ պիտի շատ հանգամանորեն ուսումնասիրեն պետական փաստաթղթերը, դրանց պահանջները, հետո միայն, թերևս հպանցիկ  անդրադառնան դասագրքային նյութին:

Այնինչ  թեստ  կազմողները միայն ու միայն դասագրքերով են առաջնորդվում: Իսկ դասագրքերը հիմնականում ներկայացնում են ծրագրային նյութը, այսինքն՝ ապահովում են գիտելիքի հոսքը՝ առանց ձևավորելու կարողություն և հմտություն: Սա արդեն մեթոդական-մանկավարժական խնդիր է, որն ուսուցիչը պիտի ապահովի համապատասխան մեթոդամանկավարժական պատրաստականությունից հետո: Չնայած լավ դասագիրքը գիտելիքի մատուցմանը զուգահեռ պիտի ընդգրկի այնպիսի  առաջադրանքներ, որոնք սովորողին մտածել կտան, կստիպեն սովորած  քերականական գիտելիքը կիրառել սեփական բանավոր և գրավոր խոսքում, գրականագիտական երևույթները ինքնուրույնաբար գտնել և ցույց տալ կարդացած գրական երկում:

Գիտեմ, որ ավելի հեշտ է գիտելիքի ստուգման առաջադրանքներ կազմել, քան կարողության և հմտության ստուգման: Սա մանրակրկիտ ու հետևողական աշխատանք է պահանջում. այս դեպքում խաչվում են մի քանի գիտություններ՝ սկսած մեթոդաբանությունից և հոգելեզվաբանությունից  և վերջացրած տրամաբանությամբ և թեստաբանությամբ: Ավելին՝ շտեմարան և թեստ կազմողները դպրոցում հայոց լեզու և գրականություն դասավանդելու փորձ պիտի ունենան:

Բացի դրանից, ցանկացած լեզվի քերականություն կենդանի և կենսունակ է  խոսքի ոլորտում: Նախադասությունից դուրս դժվար է որոշել  բառերի խոսքիմասային պատկանելությունը, օրինակ՝ Տրված բառաշարքում քանի՞ վերաբերական կա (Շտեմարան 1, էջ 56, հ. 121): Կամ էլ զուտ մեքենայական աշխատանք է, որ տեքստի մեջ պիտի հաշվի գոյականների, ածականների, դերանունների  և այլնի քանակը: Ասենք, հաշվեց, տեսավ, որ կա վեց ածական (բայ, դերանուն և այլն): Հետո ի՞նչ:

Մեթոդական առումով տեղին չէ նաև անընդհատ պահանջել, որ գտնի սխալը: Լավագույն դեպքում պիտի գտնի և ուղղի կամ էլ ճիշտ ձևը պիտի տրված լինի, որ դիմորդը գտնի և տեղադրի համապատասխան տեղում: Թեստ կազմելու մշակույթը պահանջում է դա: Թեստն իր մեջ պարունակում է ճիշտ պատասխանը, դիմորդը պիտի հենց այդ ճիշտը հայտնաբերի՝ տրամաբանորեն, մտածելով, հենվելով իմացածի վրա: Թե չէ գտավ կամ էլ պատահականորեն ճիշտ նշեց, որ այսինչ համարի նախադասության մեջ բառագործածության սխալ կա: Ի՞նչ ստուգեցինք: Սա նույնիսկ գիտելիք էլ չէ, այլ բախտախաղ. բախտս բերեց՝ ճիշտ կնշեմ ու վերջ: Ուզում եմ հասկանալ՝ այսպիսի մեքենայական նշումները ի՛նչ են տալիս մեզ, կամ ինչի՛ց ենք իմանում, որ համապատասխան թիվը նշող դիմորդը գիտի նաև դրա ճիշտ լուծումը:

Ահա 57 էջի առաջադրանքը (Շտեմարան 1, համար 122-125). Տրված բառերից քանիսը կարող են գործածվել տարբեր խոսքի մասերի արժեքով: Մաքուր քերականական գիտելիք՝ հանուն քերականության: Ասենք թե պատահականորեն նշեց ճիշտ մեր ուզած թիվը: Արդյոք դիմորդը հստակորեն պատկերացնո՞ւմ է, թե իր նշած ժամանակ բառը ե՛րբ է իբրև գոյական գործածվում, իսկ երբ՝ կապ: Կամ դա նրան երբևէ պետք գալո՞ւ է:

Նույնպիսի առաջադրանքներ սփռված են շտեմարանի բոլոր հատորներում: Ահա երկրորդ հատորում 48-65 համարի առաջադրանքներում պահանջվում է նշել, թե կազմությամբ ածանցավոր քանի՛ բայ կա տրված տեքստում կամ նախադասություններում (էջ 47-66):

Ենթադրենք ՝ ճիշտ նշեց, որ կա տասը բայ, իսկ ի՞նչ իմանանք՝ այդ դիմորդը խոսելիս ճի՞շտ է գործածում դրանց խոնարհման ձևերը, արդյոք չի ասում՝  թռչի՛ր, լվացրո՛ւ, բաժակս  լցրա՛,  աշխատանքս  վերջացրեցի և խոսքային այլ «գոհարներ»:

Իսկ հայ գրականության առաջադրանքներն ուղղակի դասագրքերի սերտողություն են պահանջում: Շատ հանգիստ կարելի է «Քաոս» վեպը չկարդալ, բայց դրան վերաբերող թեստային առաջադրանքներն անթերի կատարել:

Մեզանում այս էլ քանի տարի գրեթե կատարելագործման հասցվեցին գիտելիք ստուգող, ավելի ճիշտ՝ սերտողություն պահանջող առաջադրանքները: Այսօր բոլորն էլ գոհ են. շտեմարաններ կան, կնստեցնեն  դիմորդներին  և անգիր անել կտան, կվաժեցնեն և կմարզեն լավագույնս, հետո էլ կպարծենան դիմորդների ստացած միավորներով, որ հետո նոր ուսումնական տարվա համար քերականություն և գրականագիտություն  սերտած  ուսանողների  նոր խմբաքանակ մատուցեն բուհին:

Բայց եկե՛ք դիտարկենք քերականախեղդ և գրականախեղդ եղած ուսանողի հետագա ճակատագիրը …

  1. Ուսանող դառնալուց հետո

Եվ այսպես՝ քերականություն, գրականագիտություն և այլ –ություններ, դասագրքերի հեղինակների մտքերն առանց հասկանալու սերտած և անգիր արած ուսանողը հայտնվում է բուհում: Նա վերջապես ազատագրվել է թե՛ հայոց լեզվից, թե՛ հայ գրականությունից:

Այստեղ պիտի բացահայտվի, որ շտեմարաններով կամ թեստերով իրենից ի՛նչ պահանջել են, երբեք էլ պետք չի գալու: Ընդհակառակը, հիմա նրանից պահանջվում է  մասնագիտական գրականություն կարդալ, կարդացածը հասկանալ, շարադրել սեփական բառերով, կարծիք հայտնել, մասնակցել սեմինարների և գործնական աշխատանքների, զեկուցումներ, ռեֆերատներ, անհատական և կուրսային աշխատանքներ գրել, լսարանի առջև ելույթ ունենալ, մասնակցել զանազան քննարկումների, բանավեճերի և այլն և այլն: Ի դեպ, աշխատանքի այս տեսակները պահանջվում  են նաև ավագ դպրոցի հայոց լեզվի և հայ գրականության չափորոշիչով:

Ահա մեր նորաթուխ ուսանողը խիստ զարմացած և շփոթված է. նա սովոր է անգիրի, իսկ այստեղ ասում են՝ մտածի՛ր, դատի՛ր, կարծի՛ք հայտնիր: Նա պատրաստ չէ. նրան դպրոցում դա չեն սովորեցրել, նա չի կարողանում իր մտքերը, կարդացածը հասկանալի, գրական լեզվով շարադրել, գիտական լեզվով հաղորդակցվել, պահանջվող  աշխատանքը կատարել: Նորաթուխ ուսանողը հանկարծ հասկանում է, որ իրեն խաբել են. սովորեցրել են գիտություն հանուն գիտության, բայց չեն տվել մտածելու, տրամաբանելու, խոսք կազմելու կարողություն և հմտություն: Այնինչ ավագ դպրոցում թե՛ հայոց լեզվի, թե՛ հայ գրականության դերը (հատկապես ոչ հումանիտար հոսքում) հիմնականում խոսքի ուսուցումը և զարգացումն է:

Այսպիսի անել վիճակում հայտնված ուսանողն սկսում է քրքրել համացանցը, ուշադրությամբ կարդալ բոլոր հայտարարությունները և վազել, վճարել և գնել անհրաժեշտ անհատական, կուրսային  աշխատանքները, անգամ մագիստրոսական, հետո էլ թեկնածուական թեզերը:

Տեսնո՞ւմ եք՝ ի՜նչ հիանալի ձևով մարդուն սովորեցրինք վճարել իր չունեցած կարողությունը ձեռք բերելու համար: Արդյոք սա չի՞ խոսում պետական մտածողության բացակայության կամ կրթական գործի հանդեպ անտարբերության մասին:

Վաղը, այս պատանիներն ու աղջիկները կավարտեն բուհը, ուսումը կշարունակեն դրսում կամ չեն շարունակի, ու քանի որ կիրառական օտար լեզուն ավելի հեշտ է նրանց տրվում, խաչ կդնեն թե՛ հայոց լեզվի, թե՛ հայ գրականության վրա: Հետո էլ զայրանում ենք, թե ի՜նչ սերունդ է, չի հարգում, չի սիրում իր լեզուն, իր արմատները, մեսրոպյան տառերը: Բայց չէ՞ որ մենք՝ կրթության ոլորտի բոլոր պատասխանատուներս, բոլոր դասատուներս, բոլոր մեծահասակներս ենք նրան խռովեցրել մեր լեզվից և մայրենի գրականությունից անհետաքրքիր, տաղտկալի շտեմարաններով և թեստերով՝ խախտելով պետականորեն վավերացված փաստաթղթերի պահանջները…

  1. Ի՞նչ եմ առաջարկում

Ընթերցողը հիմա իրավամբ կհարցնի՝ ի՛նչ առաջարկներ կան: Քանի որ երկարեց խոսքս կարճ կապեմ և խոնարհաբար դիմեմ մեզ՝ բոլորիս: Եկե՛ք՝

  1. Հանգամանորեն ուսումնասիրենք պետական փաստաթղթերը, հայոց լեզվի, հայ գրականության առարկայական չափորոշիչները և ծրագրերը,   առաջնորդվենք դրանց պահանջներով, շտեմարաններ և թեստային առաջադրանքներ կազմենք դրանց հիման վրա:
  2. Եթե հնարավոր է, ավագ դպրոցներում ավելացնենք հայոց լեզվի ստուգման ևս մեկ փուլ. բանավոր խոսք և ելույթ հանրության առջև: Եթե սովորողը չի հաղթահարում այս փուլը, նա չի մասնակցում պետական ավարտական, միասնական քննությանը:
  3. Հայոց լեզվի, հայ գրականության շտեմարաններ կազմող  աշխատանքային խմբում  ընդգրկենք բանասեր-մեթոդաբանների, ովքեր հմտացել են հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման մեթոդական բնագավառում, որպեսզի շտեմարաններում ապահովվի գիտելիք, կարողություն, հմտություն  ստուգող առաջադրանքների հերթագայությունը:

Ի դեպ, գործող շտեմարանների հեղինակներից   միայն մեկն է մանկավարժական գիտությունների թեկնածու, երկու հոգի էլ  ուսուցիչ են, մնացածը բանասիրական գիտությունների դոկտորներ կամ թեկնածուներ են: Այնինչ պիտի ճիշտ հակառակը լիներ. երկու- երեք գիտնական, մնացածը՝ մեթոդաբան-մանկավարժ կամ էլ ուսուցիչ:

  1. Համարձակություն ձեռք բերենք և թեստերում ընդգրկենք խոսք կառուցելու պահանջ. կարծում եմ՝ մեր հանրապետությունում կարելի է գտնել 10-12 անաչառ և չվաճառվող մասնագետ, որոնք կստուգեն սովորողների  շարադրանքները:
  2. Վերջապես տարբերակենք և առանձին թեստերով ստուգենք հումանիտար և ոչ հումանիտար հոսքերի  շրջանավարտների՝ հայոց լեզվից և հայ գրականությունից ձեռք բերած գիտելիքները, կարողությունները և հմտությունները:
  3. Դպրոց մտնող մեթոդիստներին և պաշտոնյաներին խոնարհաբար խնդրենք, որ ոչ թե մանրուքների  հետևից  ընկնեն (ասենք՝ դասի թեման ինչպես գրանցել մատյանում և այլն) և ուսուցիչների գլխին դամոկլյան սուր շողացնեն, այլ սիրով, համբերատարությամբ, սովորեցնելով հետևեն՝ ժամանակ  և հնարավորություն, ինչպես նաև համապատասխան պատրաստականություն ունե՞ն արդյոք հայոց լեզու և հայ գրականություն դասավանդողները՝  սովորողների  հաղորդակցական, ստեղծագործական կարողությունների,  բանավոր և գրավոր խոսք կազմելու հմտությունների զարգացման ուղղությամբ աշխատելու  համար:

Թամար  Ալեքսանյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու

Հրապարակվել են բուհ ընդունվածների ցուցակները. դուրս է մնացել մոտ 700 դիմորդ (լրացված)

գթկՀրապարակվել են բուհեր ընդունված դիմորդների ցուցակները և անցողիկ միավորները:

ԳԹԿ արտաքին համագործակցության  բաժնի պետ Արա Իսպիրյանը «Անկախ»-ի հետ զրույցում  ասաց, որ  առաջին փուլով պետական բուհեր են ընդունվել 10 500 դիմորդներ:  Դրական միավորներով դուրս են մնացել շուրջ 600-700 դիմորդներ:

Նշենք, որ այս տարի բուհերի թիմորդների թիվը մոտ 15 000  էր, որոնցից 13000-ը պետական բուհերի դիմորդներ էին: Բուհերին հատկացվել էր շուրջ 17 հազար ընդունելության տեղ:

ԳԹԿ-ն արդեն հրապարակել է  բուհերի ու ֆակուլտետների ցանկը, որտեղ թափուր տեղեր կան: Հուլիսի 15-20-ը կանցկացվի  բուհական ընդունելության երկրորդ փուլը` քննություններից դրական գնահատականներ ստացած, բայց որևէ տեղ չընունված դիմորդները կկարողանան երկրորդ անգամ բուհ դիմել` եթե իրենց հանձնած քննություններին համապատասխան մասնագիտություններով թափուր տեղեր լինեն:

Թափուր տեղեր ունեցող մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ` հետևելով հղմանը:

Ա. Աշոտյան. Այս տարի ևս բուհերի ընդունելության քննություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում

կգնՀանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր անդրանիկ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում մեկ հարց էր՝ “ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունների նախնական արդյունքների ներկայացում և քննարկում”:  Բացելով նիստը՝ նախարարը նշել է, որ այս տարի ևս բուհերի ընդունելության քննություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում: “Հասարակության և ԶԼՄ-ների ուշադրությունը մեզ օգնում է մի կողմից ավելի լավ կազմակերպել քննական գործընթացը, մյուս կողմից՝ արձանագրում դրական միտումներ՝ գործընթացի կազմակերպչական և բովանդակային փոփոխություների արդյունքում:  Իհարկե, առկա խնդիրները շուտափույթ լուծման կարիք են պահանջում, և նախարարությունն առաջարկում է արդեն այսօրվանից հաջորդ տարվա ընդունելության  քննությունների համակարգի բարելավման ուղղությամբ առաջարկներ ներկայացնել”,-նշել է Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ  դրական միավորներ ստացած այն դիմորդները, ովքեր առաջին փուլի արդյունքում չեն ընդունվի իրենց հայտին համապատասխան  որևէ մասնագիտությամբ, հնարավորություն կունենան առաջին փուլի ամփոփումից հետո՝ հուլիսի 15-ին, նոր հայտ ներկայացնել՝ երկրորդ փուլին մասնակցելու համար: Նախարարը նաև ռեկտորներին  առաջարկել է համապատասխան առաջարկություններ ներկայացնել՝ բուհական մասնագիտությունների խոշորացման հետ կապված: “Այս գործընթացը ժամանակի հրամայական է ոչ միայն կրթության բովանդակության զարգացման տեսանկյունից: Հայտնի է, որ UNESCO –ն մշակել է նոր մասնագիտություների դասակարգիչ, որը դրվելու է նաև Հայաստանի բուհերի մասնագիտությունների ցանկի հիմքում, քանի որ մեր երկիրը գնում է համադրելի  և ճանաչելի կրթական համակարգ կառուցելու ուղղությամբ”,-ընդգծել է նախարարը՝ ավելացնելով, որ բուհական ընդունելության քննությունների ցանկի վերանայման հարցով ևս բուհերի ղեկավարները պետք է իրենց առաջարկությունները ներկայացնեն: Արմեն Աշոտյանը նաև ներկաներին տեղեկացրել է, որ պատրաստվում է “Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին”  ՀՀ օրենքի  փոփոխությունների համապատասխան փաթեթ, որը կուղարկվի բուհերին՝ կարծիքի:
Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, ով հիմնականում ներկայացրել է քննությունների առաջին փուլի արդյունքները: Ըստ այդմ՝ քննությունները կազմակերպվել են 36 քննական կենտրոններում, որոնցից 11-ը՝ Երևանում: Առաջին փուլին մասնակցած դիմորդների ընդհանուր թիվը 14345 է, որը նախորդ տարվա համեմատ փոքր-ինչ նվազել է: Ըստ ԳԹԿ տնօրենի՝ դա ունի մի քանի պատճառ, մասնավորապես, ավելացել է միջին մասնագիտական հաստատություններում սովորել ցանկացողների թիվը, ինչպես նաև հեռակա ուսուցման և արտասահմանյան բուհեր ընդունվողների քանակը: Հիվանդության պատճառով քննությունն ընդհատել է 5 դիմորդ, հեռացվել է 3-ը: Բողոքարկումների ընդհանուր թիվը 379 է, որից բավարարվել է 94-ը: