ԳԹԿ ներկայացուցիչ. Շտեմարանային քննությունները կարելի է համարել արդարացված

Արա ԻսպիրյանԱվարտվեց միասնական քննությունների առաջին փուլը: Այս տարի առաջին անգամ առարկաների գերակշիռ մասի թեստերը կազմվել էին նախապես հրապարակված շտեմարանների հիման վրա: Արդյունքում` 10 քննական առարկաներից դժգոհություններ  հիմնականում չկան: 

Քննությունների առաջին փուլի մասին «Անկախ»-ը զրուցել է  Գնահատման և թեստավորման կենտրոնի  արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանի հետ:

–Պարոն Իսպիրյան, միասնական քննությունների առաջին փուլն արդեն ավարտվել է: Ամփոփելով` որքանո՞վ է իրեն արդարացրել շտեմարանային համակարգը:

– Քննությունները անցան շատ խաղաղ ու հանգիստ պայմաններում: Շտեմարանային քննությունները, այն առումով, որ ոչ մի բովանդակային բողոք չունենք, կարելի է համարել արդարացված: Այսինքն  շտեմարանները  ծառայեցին նպատակին, ինչի համար ստեղծվել էին. չունեցանք առաջադրանքներ, հարցադրումներ, որոնք կունենային երկիմաստություն կամ բողոքարկումների տեղիք կտային: Այս մասով արդարացրեց իրեն:

Ինչ վերաբերում է արդյունքներին, եթե համեմատենք նախորդ տարվա  քննությունների հետ, որոշ առարկաների մասով  մենք ունենք նույն պատկերն, ինչ նախորդ տարիներին, կան մեկ-երկու առարկաներ, որտեղ նույնիսկ արդյունքները նվազեցին` «հայոց լեզու և գրականություն»  և «ֆիզիկա» առարկաներից: Կան առարկաներ, որոնցից արդյունքները աճ են արձանագրել`«կենսաբանություն», «աշխարհագրություն», «օտար լեզուներ»: Քննությունների լրացուցիչ փուլի ավարտից հետո յուրաքանչյուր առարկայի   յուրաքանչյուր  առաջադրանքի մասով մեզ մոտ վերլուծություն կլինի, և մենք կկարողանանք տեսնել, թե ինչ խնդիրներ կային, որ առաջադրանքներն էին, որ, ենթադրենք, լավն էին, վատն էին, հեշտ էին, բարդ էին: Ըստ այդմ էլ հետևություններ կանենք:

Բայց կարծում եմ, որ ամեն դեպքում կառուցվածքային փոփոխություններ էլի կլինեն, այսինքն թեստերի զարգացման հետ կապված փոփոխություններ երևի թե կառաջարկենք, որպեսզի պատկերները ավելի հստակ լինեն մյուս տարիների համար:

-Այսինքն հետագայի համար թե՞ շտեմարանների բազան կմեծանա, թե՞ նոր տիպի հարցեր կընդգրկվեն թեստերում:

-Բազան կընդլայնվի, բայց ոչ բոլոր առարկաներից, հնարավոր է, որ ինչ-որ առարկաներից չլինի: Հնարավոր է նաև, որ մենք մյուս առարկաներում էլ անցնենք կարճ պատասխանների կամ այլ տիպի հարցադրումների, որպեսզի կարողանանք պատահական ընտրելու գործոնը նվազեցնել և հստակ գիտելիք ստուգող առաջադրանքները շատացնել:

–Նշեցիք, որ բովանդակային բողոքարկումներ չեն եղել: Ի՞նչ տիպի բողոքարկումներ են հիմնականում եղել:

– Բովանդակային բողոքարկում գրեթե չունենք, ունենք տեխնիկական բնույթի բողոքարկումներ: Դրանք ի օգուտ դիմորդի անմիջապես լուծվում են: Եվ ունենք խնդրանքներ` վատառողջ լինելու և նման տիպի այլ հարցերով: Բողոքարկման հանձնաժողովները առանձին քննարկում են և պատասխանում գրավոր:

-Թե դիմորդները, թե կրկնուսույցները նշում են, որ ավելի բարդ թեստեր էին ակնկալում. շտեմարաններում առկա շատ բարդ հարցերը թեստերում չեն ընդգրկվել: Թեստերը միտումնավո՞ր են հեշտ կազմվել:

-Չէի ասի, որ հեշտ թեստեր են կազմվել: Դիմորդները, ծնողները և պարապող ուսուցիչները ավելի շատ  անհանգստություն էին հայտնում «հայոց լեզու և գրականություն» առարկայից, որի շուրջ էլ հունվարից ԳԹԿ-ն անընդհատ քննարկումներ է կազմակերպել: Քննարկումների արդյունքում որոշ խուճուճ հարցեր կամ, այսպես ասած, ոչ կոռեկտ ձևակերպված, վիճելի հարցերը բացառվեցին: Ինչ վերաբերում է հարցի բարդ կամ հեշտ  լինելուն, այդ գնահատականը տալիս է միայն վերլուծությունը:

–Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ որոշ առարկաներից արձանագրվել են բարձր գնահատականներ, ինչպիսիք նախկինում չէին արձանագրվել:

-Ինչ վերաբերում է կոնկրետ առարկաներին, որոնց արդյունքները բարձր են, դա կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքներով, որոնք էլի կհասկանանք վերլուծությունների միջոցով: Օրինակ,  այն, որ «օտար լեզուների» արդյունքները միշտ էլ բարձր են եղել` պայմանավորված  բովանդակության չափով  և տրված պահանջներով: Կարծում եմ, որ շտեմարանների առկայությունն էլ օգնեց այդ երեխաներին, քանի որ այդքան բովանդակությունը կարողացան կոնկրետ  ժամանակում յուրացնել: Ինչ վերաբերում է «կենսաբանությանը», այնտեղ նույնպես բազայի քանակի հետ էր խնդիրը, այս տարի չէին հասցրել համապատասխան բազան ամբողջովին ձևավորել, օրինակ, ունենալ մաթեմատիկայի կամ ֆիզիկայի չափ, դա կլրացվի: «Կենսաբանության» դեպքում կարճ պատասխաններով հարցերը թեստում  ընդամենը  վեցն էին, իսկ «քիմիայից»` 45, այդ տարբերությունը զգացնել է տվել: Երևի թե դա մեզ մոտ քննարկման առարկա կդառնա` հետագայում   վերլուծելու, հասկանալու համար:

Ամեն դեպքում բոլորը գոհ են, թեկուզ բարձր միավորներից:

-Նախորդ տարիներին միշտ հայտարարվում էր, որ թեստերը որակյալ են, եթե միջին գնահատականը միջինի սահմաններում է, մինչդեռ այս տարի մի փոքր տատանում կա դրական ուղղությամբ` հիմնականում առարկայական միջինները բարձրացել են: Արդյո՞ք  սա նշանակում է,  որ թեստերն այս տարի իրենց որակով զիջում են:

-Չէ, թեստերն իրենց որակով չեն զիջում: Մի փոքր նվազել է  անբավարար ստացողների թիվը, ինչը, կարծում եմ, կապված է շտեմարանների առկայության հետ: Այսինքն,   միջին միավորների միջակայքն է խտացել, դրական միավորի շեմը հաղթահարելը հեշտացել է: Սա անակնկալ չէր:

Հիմնական առարկաներից` «հայոց լեզու և գրականություն», «մաթեմատիկա», «ֆիզիկա», խնդիր չենք ունեցել, կորը պահպանվել է նույն ձևով և միջինները «հայոց լեզվի և գրականության» և «ֆիզիկայի» դեպքում իջել են, «ռուսերենի», «մաթեմատիկայի» դեպքում պատկերը գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի: Աճը եղել է «կենսաբանությունից», «օտար լեզուներից» և «աշխարհագրությունից», որտեղ մոտ 1,5-2 միավոր բարձրացել է:

-Իսկ երկրորդ փուլի քննական թեստերը նույն բարդությանն են լինելո՞ւ:

-Քննական թեստերը ուղեցույցի հիման վրա են կազմվում  և պահանջները բոլորի համար նույնն են: Ունենք ուղեցույց, չափորոշիչ, ինչին հապատասխան կազմվելու են թեստերը, այսինքն թեստերը կլինեն համարժեք և այդ սահմաններում: Հույս ունենք, որ անակնկալներ առաջին փուլում չեն եղել, երկրորդ փուլում էլ չեն լինի:

-Հունիսի 25-ից մեկնարկել են բանավոր քննությունները: Այս առումով  նորամուծություններ կա՞ն:

-Թե գործընթացի, թե բովանդակության մասով նոր բաներ չունենք, բանավոր քննությունները  նախորդ տարվանից հունիսի 25 հուլիսի 8-ն են անցկացվում` լրացուցիչ քննություններին զուգահեռ: Հուլիսի 15-ին պարզ կդառնա, թե ով որտեղ է ընդունվել:  Նախորդ տարվա շարունակվող նորարարություններից է այն, որ բոլոր այն երեխաները, ովքեր դրական միավորներ են ստացել, բայց որևէ տեղ չեն ընդունվել,  թափուր տեղերի համար կարող են լրացուցիչ փուլին մասնակցել:

–Գնահատականները բարձր են, ուստի դեռևս դժգոհություններ չկան: Բայց երբ մրցույթը լինի և որոշ դիմորդներ անգամ բարձր գնահատականներով իրենց ցանկացած ֆակուլտետը չընդունվեն, ի՞նչ եք կարծում, դժգոհություններ չե՞ն լինի:

-Կապրենք, կտեսնենք: Ամեն դեպքում տեղերի քանակը քիչ չէ, բոլորն էլ կընդունվեն, բոլորն էլ բավարարված կլինեն, կարծում եմ:

Միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրումը մեկնարկել է

դիմորդներ2Մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրման գործընթացը: Դիմորդները, որոնք միասնական քննությունների առաջին փուլին չեն հայտագրվել` բանակից զորացրվածները, քոլեջների և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, արտասահմանյան ուսումնական հաստատությունների շրջանավարտները, կարող են հունիսի 24-հուլիսի մեկն ընկած ժամանակահատվածում հայտագրվել ԳԹԿ-ում, իսկ հունիսի 25-հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում գործերը բուհ ներկայացնել:

Միասնական քննությունների երկրորդ փուլի քննությունները տեղի կունենան հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում:

Իսկ ընդունելության բանավոր քննությունները տեղի կունենան հունիսի 25-հուլիսի 8-ը:

Ընդունելության արդյունքները կամփոփվեն և ցուցակները կհրապարակվեն հուլիսի 15-ին:

«Ֆիզիկայի» միջինը 11,64 է, դիմորդների 22 տոկոսն էլ անբավարար է ստացել

ֆիզիկա (1)Հրապարակվել են «ֆիզիկայի» միասնական քննության գնահատականները. Այսօր մինչ ժամը 18:00-ն դիմորդները կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները քննակենտրոններում:

«Ֆիզիկայի» քննությանը մասնակցել է հայտագրված 2482 դիմորդներից 2377-ը:

Միջին գնահատականը 11,64 է:

Այս տարի «ֆիզիկայից» անբավարար է ստացել դիմորդների 22 տոկոսը` 516 դիմորդ:

Նվազագույն դրական միավորներ` 7,5-13   են ստացել 921 դիմորդներ` 39 տոկոսը, 13-18 է ստացել դիմորդների 27 տոկոսը` 652 դիմորդ:

18-20 միավոր ստացել է դիմորդների 12 տոկոսը` 288 դիմորդ: Իսկ առավելագույն միավոր` «քսան» ստացել են 35 դիմորդներ`1,47 տոկոսը:

2012-ին «ֆիզիկայի» միջինը 12,1 էր` 0,46-ով բարձր այս տարվա ցուցանիշից:

Նախորդ տարվա համեմատ ավելացել է նաև «ֆիզիկայից» կտրվողների թիվը` նախորդ տարի 19,2 տոկոսն էր անբավարար ստացել` 2,8 տոկոսով պակաս:

Նախորդ տարի 17-ով ավելի էին նաև «20»-ները` 52 դիմորդ 2012-ին առավելագույն գնահատական էր ստացել:

ԿԳ նախարար. Մրցույթը մի շարք մասնագիտություններով թեժ է լինելու և անցողիկ միավորները բարձրանալու են

DSCN8343Այսօր հանրապետության տարածքում  ձևավորված  19 քննակենտրոններում 2457 դիմորդ քննություն է հանձնում ՛՛հայոց պատմություն՛՛ և 1302 դիմորդ ՛՛քիմիա՛՛ առարկաներից:  Սա միասնական քննությունների առաջին փուլի վերջին քննական օրն է:

Երևանի թիվ 170 ավագ դպրոցում ձևավորված քննակենտրոնում ՛՛հայոց պատմության՛՛ քննությանը ներկայացել է 235 դիմորդներից 211-ը, 24-ը բացակայում են:

Ռեինա Գևորգյանը ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիմորդ է, ՛՛հայոց լեզվից և գրականությունից՛՛ 18,25 է ստացել, ՛՛անգլերենից՛՛`19,5: Ասում է, որ քննությունների ընթացքից գոհ է և նմանատիպ գնահատական էլ այսօրվա քննությունից է ակնկալում: Ռեինան նշում է, որ թեստերը դժվար չեն, եթե շտեմարանները լավ սերտել ես:

Մարիամ Վարդանյանն էլ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դիմորդ է: Քննությունների ընթացքից գոհ է, նախորդ երկու  քննություններից`՛՛հայոց լեզվից և գրականությունից՛՛ 19,5, իսկ ՛՛անգլերենից՛՛`20 է ստացել: Չնայած բարձր գնահատականներին`ասում է, որ կրկնուսույցի մոտ ընդամենը 6 ամիս է պարապել: ՛՛Ինձ թվում է, որ այսօրվա քննությունը հեշտ կլինի: Նախորդ երկու քննություններն էլ ավելի հեշտ էին, քան մտածում էինք՛՛,- ասում է նա:

DSCN8349Քննակենտրոն էր այցելել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով նախ հարցուփորձ արեց դիմորդներին, թե գոհ են արդյոք քննությունների ընթացքից, ապա պատասխանեց նաև ծնողների հարցերին(մանրամասները տեսանյութում):

Աշոտյանն ասում է, որ միասնական քննությունների առաջին փուլն ավարտում ենք հաջողությամբ:  ՛՛Հաջողությունը պայմանավորում եմ այս գործընթացի դրական և բարձր հանրային ընկալումներով, բացասական լրահոսի, խոսակցությունների չնչին տոկոսով և մեր երեխաների  ցուցաբերած բարձր առաջադիմությամբ,- ասում է Աշոտյանը:-  Իհարկե, այս մեդալը երկրորդ երես էլ ունի, որովհետև շատ են բարձր  գնահատականները, հատկապես հումանիտար առարկաներից ունենք չափից շատ բարձր գնահատականներ, դա նշանակում է, որ մրցույթը մի շարք մասնագիտություններով թեժ  է լինելու և անցողիկ միավորները բարձրանալու են, հատկապես անվճար ուսուցման համար՛՛:

Աշոտյանի խոսքով`թեստերի հեղինակները հիմա էլ այլ ծայրահեղության մեջ են ընկել և քննական առաջադրանքների զգալի մասը ավելի հեշտ են, քան կարող էին լինել, մինչդեռ   չափից ավելի բարդ և չափից ավելի հեշտ թեստերը խոչընդոտում են գործընթացը:

ԿԳ նախարարը նշեց,ո ր հաջորդ տարվա համար ԳԹԿ հետ  աշխատելու են շտեմարանների բազան ավելացնելու ուղղությամբ. ՛՛Առաջադրանքների քանակը պետք է ավելանա, որպեսզի անգիր անելու հավանականությունն նվազի, երկրորդը`թեստերի կառուցվածքում կլինեն փոփոխություններ, որոնք կդժվարացնեն առանց հասկանալու ճիշտ պատասխանը որոնելու և գտնելու հնարավորությունը՛՛:

Հուլիսի 15-ին բուհերը կամփոփեն արդյունենքերը և կփակցնեն ընդունվածների ցուցակները:

Նախորդ տարվա պես  որևէ տեղ չընդունված, բայց դրական միավորներ ստացած դիմորդները կկարողանան լրացուցիչ դիմել առկա թափուր տեղերի համար:

՛՛Այս հնարավորությունը  վերաբերելու է բացառապես թափուր տեղերի առկայությամբ մասնագիտություններին և ֆակուլտետներին: Այսինքն, եթե թափուր տեղի խնդիր չլինի և մրցույթն ավարտված լինի, լրացուցիչ տեղեր չեն հատկացվի՛՛,- ասում է Աշոտյանը`հավելելով, որ արդեն իսկ ակնհայտ է, որ նման մասնագիտություններ են լինելու, օրինակ, իրավագիտությունը,  միջազգային հարաբերությունները, տնտեսագիտական ողջ բլոկը ԵՊՀ-ում և ԵՊՏՀ-ում, ԵՊԲՀ բոլոր մասնագիտությունները:

Աշոտյանի խոսքով`ոչ թե բոլոր դիմորդները կընդունվեն, այլ բոլոր դրական գնահատական ստացած դիմորդները ընդունվելու հնարավորություն կունենան:

Շտեմարանային քննություններ. «20»-ների թիվն ավելացել է մինչև 182 անգամ

դիմորդներ2Ավարտին է մոտենում միասնական քննությունների առաջին փուլը. հունիսի 21-ին դիմորդները  քննաշրջանի վերջին երկու առարկաներից` «քիմիայից» և «հայոց պատմությունից»  քննություն կհանձնեն:

Այս տարվա քննաշրջանը նախորդներից տարբերվեց դժգոհությունների բացակայություններով, համեմատաբար բարձր գնահատականներով (չհաշված մի քանի բացառությունները) և կանխատեսելիությամբ. այս տարի բոլոր քննական առարկաների (բացի Ընդհանուր պատմություւնից ) թեստերը կազմվել են նախապես հրապարակված շտեմարանի հիման վրա: Նախորդ տարի փորձնական «հայոց լեզու և գրականություն»  և «մաթեմատիկա» առարկաներն էին շտեմարանային: Նորարարությունն իրեն արդարացրեց և այս տարի  գրեթե բոլոր  քննական առարկաներից շտեմարաններ հրապարակվեցին:

Այս տարի աննախադեպ պատկեր է «կենսաբանության» դեպքում: Այս առարկայի միջին  գնահատականը 14,5 է նախորդ տարվա 11,4-ի փոխարեն: Այս տարի անբավարար է ստացել դիմորդների 12 տոկոսը, մինչդեռ 2012-ին անբարար աստացողների թիվը 7,9 տոկոսով ավել էր` 19,9 տոկոս: Իսկ «քսան» ստացողների թիվն այս տարի 182 անգամ ավելացել է. 2012-ին միայն մեկ դիմորդ էր առավելագույն միավոր հավաքել:

«Հայոց լեզվի և գրականության» միջինը 2012-ի համեմատ նվազել է 0,65 նիշով` 13,9-ից դառնալով 13,25: Նվազել է  նաև 20 բալ ստացողների թիվը` 80 դիմորդ նախորդ տարվա 200-ի փոխարեն, իսկ կտրվողների թիվն ավելացել է 3,5 տոկոսով` 5,5-ից հասնելով 9 տոկոսի: Չնայած դրան, դիմորդները և կրկնուսույցները թեստերից չեն դժգոհում` ասելով, որ ավելի բարդ առաջադրանքներ էին սպասում. շտեմարաններում առկա շատ բարդ առաջադրանքները թեստերում չեն ներառվել:

«Մաթեմատիկայից», որն ամենամասսայական քննություններից է ,  ևս դժգոհություններ չկան:  «Մաթեմատիկայի» միջին գնահատականը նախորդ տարվա համեմատ բարձրացել է` 11,97 է նախորդ տարվա 11,6-ի փոխարեն: 24-ով ավելացել է նաև 20 ստացող դիմորդների թիվը` 101 «քսան» նախորդ տարվա 77-ի փոխարեն: Միևնույն ժամանակ, 2012-ի համեմատությամբ ավելացել է նաև անբավարար ստացած դիմորդների թիվը` 15,5 տոկոսից հասնելով 17 տոկոսի:

Մաթեմատիկայի մասնագետ, կրկնուսույց Սուսաննա Մանուկյանը գնահատականների ծայրահեղության իր բացատրությունն ունի: Նրա խոսքով` կտրվողները պարզապես լավ պարապած չեն եղել. «Եթե նորմալ պարապած լինեին, գոնե միջին միավորներ կստանային: Իսկ բարձր գնահատականներ այս տարի շատ են ստացել, քանի որ շտեմարանում առկա շատ բարդ խնդիրները թեստերում չեն ներառվել»:

Մանուկյանի կարծիքով` շտեմարանի երեք հատորներն անգիր անել հնարավոր չէ, դիմորդը պետք է գիտելիք ունենա, որ կարողանա առաջադրանքները լուծել: «Իհարկե, թեստային համակարգը դուրս չի գալիս, զգալով են գրում: Ավելի օբյեկտիվ է, երբ երեխան լուծում  է առաջադրանքը, ապացուցում»,- ասում է Մանուկյանը:

Մաթեմատիկայի ուսուցչուհի, կրկնուսույց Սիրվարդ Ավետիսյանը ևս կարծում է, որ մաթեմատիկայի գիտելիքը թեստի միջոցով ստուգելը սխալ է. սովորելու փոխարեն աշակերտը ձգտում է առաջադրանքի պատասխանն անգիր անել:

Իսկ այս տարվա թեստերի մասին Ավետիսյանը դրական կարծիք ունի. միջին գիտելիք  ունեցողը կարողացել է դրական գնահատական ստանալ, իսկ բարձր գնահատականի համար էլ ավելի խորքային գիտելիքներ են պահանջվել:

Հիմքային գիտելիքը կարևորում է նաև կրկնուսույց Էմմա Խանաղյանը. «Շտեմարանով վարժեցնելը բանի նման չէ: Եթե դպրոցական գիտելիքների պաշարը չունենա դիմորդը, բուհում հաստատ խնդիրներ կունենա»:

«Ռուսերենի» միջին  գնահատականը  11,08  է` 1,5 նիշով բարձր նախորդ տարվա ցուցանիշից (10,3): Այս առարկայից անբավարար ստացողների թիվը 2012-ի համեմատությամբ նվազել է 7 տոկոսով` 22 տոկոսից հասնելով 15-ի: Նախորդ տարի «ռուսերենից» 20 միավոր ստացողներ չէին եղել, այս տարի 2 դիմորդ առավելագույն միավորներ է հավաքել:

«Աշխարհագրության» միջին գնահատականը 14,5 է: Նախորդ տարի միջինը 12,3 էր` 2,2 նիշով ցածր: Անբավարարների քանակը կրճատվել է 3,7 տոկոսով` 9,7-ից հասնելով 6-ի: Իսկ 20 միավոր ստացած դիմորդներն այս տարի չորսն են:

«Ընդհանուր պատմության»  դեպքում իրավիճակը հակառակն է` միջին գնահատականը նվազել է 0,7 նիշով` 12,2-ից դառնալով  11,5, անբավարար ստացողների թիվը 2012-ի համեմատությամբ ավելացել է 5,2 տոկոսով. դիմորդների 20 տոկոսն այս տարի կտրվել է: Իսկ 20 ստացողները նախորդ տարի երկուսն էին, այս տարի միայն մեկը:

Պատմության մասնագետ, կրկնուսույց Նաիրի Մուրադյանի կարծիքով ցածր գնահատականների  պատճառները մի քանիսն են. «ընդհանուր պատմությունից» շտեմարան չի եղել, այսինքն ցանկացած թեստային առաջադրանք նորություն է եղել դիմորդի համար: Բացի այդ, նախորդ տարվա համեմատությամբ քննական բովանդակությունն է ավելացել, իսկ պատասխանների  տարբերակներն էլ միմյանց  նման են եղել` դիմորդից ավելի մանրամասն գիտելիքներ պահանջելով:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը «Անկախ»-ի հետ զրույցում  վստահեցրեց, որ հաջորդ տարի ԳԹԿ-ն հեղինակային խումբ կձևավորի և «ընդհանուր պատմությունից» ևս շտեմարան կհրապարակվի: Իսկ այս տարի պարզապես շահագրգիռ խումբ չի հավաքվել, որ շտեմարան ստեղծի:

«Օտար լեզվի» միջին գնահատականը 15,47 է, 6 առարկաներից` «անգլերեն», «գերմաներեն», «ֆրանսերեն», «իսպաներեն», «իտալերեն», «պարսկերեն»,  կտրվել է դիմորդների ընդամենը 6 տոկոսը, իսկ 20 է ստացել 5,4 տոկոսը` 372 դիմորդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ էլի բարելավվել է:

«Ֆիզիկայի» միասնական քննության գնահատականները կհրապարակվեն հունիսի 23-ին, իսկ «քիմիայի» և «հայոց պատմության» գնահատականները` հունիսի 26-ին:

Հունիսի 24-ից ԳԹԿ-ում կսկսվի միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, որը կտևի մինչև հուլիսի մեկը: Այս փուլին կարող են մասնակցել արտասահմանյան ուսումնական հաստատությունների շրջանավարտները, բանակից զորացրվածները և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները:

 

Հրապարակվել են Օտար լեզվի գնահատականները

ֆիզիկա (1)Հրապարակվել են օտար լեզվի միասնական քննության գնահատականները: Այս տարի օտար լեզուներից քննություն է հանձնել 6900 դիմորդ: Նախապես  դիմորդներ էին հայտագրվել 6 օտար լեզուներից. «անգլերենից»  6475 դիմորդ, «գերմաներենից»  361 դիմորդ, «ֆրանսերենից»  295 դիմորդ, «իսպաներենից»  20 դիմորդ, «իտալեներից»  4 դիմորդ և «պարսկերենից» 1 դիմորդ:

ԳԹԿ-ն գնահատականների վերաբերյալ տվյալները հրապարակել է ընդհանրացված` առանց առարկաները տարանջատելու:

Ըստ այդմ` «օտար լեզվի»  քննության միջին գնահատականը 15,47 է: Անբավարար է ստացել դիմորդների 6 տոկոսը: 7,5-13 է հավաքել դիմորդների 25 տոկոսը, 13-18 միավոր է ստացել 37 տոկոսը և 18-20 է ստացել դիմորդների 30 տոկոսը:

Բոլոր վեց առարկաներից միասին  20 միավոր է ստացել 372 դիմորդ` ընդհանուրի 5,4 տոկոսը:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը վստահեցնում է, որ վերոնշյալ տվյալները կարելի է դիտարկել որպես «անգլերենի»  թվային տվյալներ, քանի որ մյուս առարկաներից դիմորդները քիչ են ու դրանց տվյալներն ընդհանուր ցուցանիշի վրա էապես չեն ազդում:

Նշենք, որ նախորդ տարի «անգլերենի» միջին գնահատականը 13,2 էր:

 

Մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները բողոքարկել է դիմորդների 1,6 տոկոսը

մաթեմատիկա-թեստՄաթեմատիկայի միասնական քննության արդյունքները բողոքարկել է 112 դիմորդ.  սա քննությանը մասնակցած դիմորդների 1,6 տոկոսն է:

Նշենք, որ քննությանը մասնակցել է 6622 դիմորդ:

Մաթեմատիկայի կրկնուսույց Սուսաննա Մանուկյանն ասում է, որ այս տարվա թեստերից գոհ է. շատ բարդ առաջադրանքներ չեն եղել և իսկապես գիտելիք ունեցող դիմորդը կարողացել է գրել ու համապատասխան գնահատական ստանալ:

«Այս տարվա թեստերը ոչ շատ դժվար էին, ոչ շատ հեշտ, խնդիրները լավ էին ընտրված»,- ասում է նա:

Անդրադառնալով թե կտրվող դիմորդների թվի և թե բարձր գնահատական ստացող դիմորդների թվի աճին 2012-ի համեմատությամբ` Մանուկյանն ասում է, որ կտրված դիմորդները պարզապես լավ պարապած չեն եղել. «Եթե նորմալ պարապած լինեին, գոնե միջին միավորներ կստանային, իսկ բարձր գնահատականներ շատ են ստացել, քանի որ շտեմարանի շատ բարդ խնդիրները թեստերում չեն եղել»:

Նշենք, որ Մաթեմատիկայից այս տարի կտրվել է դիմորդների 17 տոկոսը, իսկ 20 է ստացել 101 դիմորդ: Միջին գնահատականը 11,97 է:

Դիմորդներն այսօր քննություն են հանձնում ֆիզիկայից

ֆիզիկա (1)Այսօր Երևանում և մարզերում ձևավորված 15 քննակենտրոններում  2482 դիմորդներ քննություն են հանձնում ֆիզիկայից:

ԵՊԲՀ քննակենտրոնում  քննությանը 190 դիմորդ էր մասնակցում, 10-ը չէին ներկայացել:  Քննակենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանը քննության կարգը կարդալուց հետո  հայտարարեց քննության մեկնարկը: Դիմորդներին 3 ժամ է հատկացված թեստում ընդգրկված 80 հարցերին պատասխանելու համար:

ֆիզիկա (4)Ծնողները խումբ-խումբ մոտենում ու ԵՊԲՀ բակում դրված էկրանից քննակենտրոնի անցուդարձին են հետևում: ովքեր իրենց երեխային գտնում են էկրանի վրա, ուրախացած հարազատներին են զանգում` տեղեկացնելու, կամ էլ լուսանկարում են: Իսկ ծնողները, ովքեր չեն գտնում, ասում են, թե կարևորն այն է, որ երեխան լավ գրի, թող իրենք էլ էկրանի վրա նրան չգտնեն:

Ծնողների խմբի հետ բակ մտած տիկին Աղավնին էկրանին չի մոտենում, ասում է, որ դրանից ավելի կհուզվի. Իր առաջին դիրոմրդի առաջին քննությունն է այսօր:

ֆիզիկա (5)Նրա դուստրը ԵՊԲՀ  դիմորդ է, այսօր իր առաջին քննությունն է հանձնում, մի քանի օրից էլ քիմիայից քննություն կհանձնի:

Տիկին Աղավնին ասում է, որ 2 տարի պարապել է կրկնուսույցի մոտ, բայց միևնույն է որոշակի վախ կա` հնարավոր է բարդ լինեն առաջադրանքները կամ հուզվի: Ասում է, որ որքան էլ շտեմարանով պարապեն, միևնույն է, գիտելիք ու տրամաբանություն է պետք ֆիզիկայի առաջադրանքները լուծելու համար:

Տիկին Ալիսան էլ սպասում է իր որդուն, ով ՀՊՃՀ դիմորդ է: Արդեն քննություն հանձնել է մաթեմատիկայից և 15 ստացել:  Հույս ունի, որ այսօրվա քննությունն էլ տհաճ անակնկալներ չի մատուցի: Ասում է, որ քննությունների ընթացքից դժգոհություն չունի, փոխարենը դժգոհ է թեստային համակարգից. «Թեստը բացարձակապես գիտելիք չի  տալիս»:

Ֆիզիկայի գնահատականները կհրապարակվեն քննությունից 5 օր անց` հունիսի 23-ին:  Սա միասնական քննությունների առաջին փուլի նախավերջին քննությունն է: Հունիսի 21-ին էլ դիմորդները քննություն կհանձնեն Հայոց պատմություն և Քիմիա առարկաներից , ինչով էլ միասնական քննությունների առաջին փուլը կեզրափակվի:

 

Հրապարակվել են մաթեմատիկայի գնահատականները. 2012-ի համեմատ ավելացել է թե կտրվողների, թե 20 ստացողների թիվը

մաթեմատիկաՀրապարակվել են  հունիսի 11-ին տեղի ունեցած մաթեմատիկայի միասնական քննության գնահատականները: Դիմորդներն իրենց գնահատականները կարող են բողոքարկել քննակենտրոններում մինչ ժամը 18:00-ն:

Քննությանը մասնակցել է հայտագրված 6951 դիմորդներից 6622-ը, 329 բացակայել են:

Մաթեմատիկայի միջին գնահատականը 11,97 է:

Անբավարար է ստացել դիմորդների 17 տոկոսը` 1128 դիմորդ: Նվազագույն դրական միավորներ` 7,5-12,75 է վաստակել դիմորդների 42 տոկոսը` 2749 դիմորդ:  30 տոկոսը կամ 1985 դիմորդ հավաքել է 13-17,25 միավոր, իսկ 18-20 է ստացել 760 դիմորդ` 11 տոկոսը:

Այս տարի 20 միավոր է ստացել 101 դիմորդ` ընդհանուրի 1,5 տոկոսը:

Հիշեցնենք, որ 2012-ին մաթեմատիկայի միջին գնահատականը 11,6 էր, անբավարար էր ստացել դիմորդների 15,5 տոկոսը, իսկ 50,5 տոկոսը նվազագույն դրական միավորներ էր հավաքել` 7,5-13,25:

Նախորդ տարի 20 միավոր էր ստացել 77 դիմորդ:

Հայոց լեզվի և գրականության գնահատականը բողոքարկել է դիմորդների 1,4 տոկոսը

DSCN2227Հայոց լեզվի և գրականության քննության արդյունքներն ընդամենը 122 դիմորդ (1,4 տոկոսը) է բողոքարկել: Միասնական քննությունների առաջին փուլի ավարտից հետո` հունիսի 25-30-ն ընկած ժամանակահատվածում,  ԳԹԿ մասնագիտական հանձնաժողովները կքննեն բոլոր առարկաների բողոքարկումները և կհրապարակեն  որոշումները:

Հայոց լեզվի և գրականության քննության համար նման հանգիստ մթնոլորտը մի փոքր արտառոց է. սովորաբար դժգոհությունների մեծ ալիք է լինում: Այս անգամ ուսուցիչներն ու դիմորդները բողոքի մեծ ակցիա իրականացրեցին շտեմարանների 1-ին և 2-րդ հատորների հրապարակումից հետո` դժգոհելով արհեստական բարդությունից, առաջադրանքներից, որոնք կոչված են ընդամենը մեխանիկական հիշողություն ստուգելու:

Անի Պողոսյանը ԵՊՏՀ դիմորդ է, ապագա ապրանքագետ: Հայոց լեզվի և գրականության քննությունից 19 է ստացել, իր գնահատականից գոհ է, չնայած քննությունից առաջ վերջին պարապմունքին լրացված թեստից 20 էր հավաքել:

«Թեստը միջին բարդության էր, համենայնդեպս, ավելի տանելի էր, քան շտեմարանի 1-ին և 2-րդ հատորների առաջադրանքները»,- ասում է նա:

Նշում է, որ մեկ միավորն էլ անարդարացի է կորցրել` կարճ պատասխան ենթադրող հարցերից: «Առաջադրանքները 70-90 տոկոսով կատարել էի, բայց գնահատման կարգն այնպիսին է, որ մի թիվ էլ պակաս նշես` միավոր չես ստանում»:

Գնահատման համակարգն անարդարացի է համարում նաև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, կրկնուսույց Տաթևիկ Կարապետյանը: Նրա խոսքով` արդարացի չէ, երբ դիմորդը առաջադրանքի գերակշիռ մասը կատարել է, բայց միավոր չի վաստակում, ինչպես և դիմորդը, ով հարցին չի անդրադարձել ընդհանրապես: Եվ թեստում նման  շուրջ 20 հարց կա:

Այդուհանդերձ, Կարապետյանն ասում է, որ շտեմարաններին կողմ է` դրանցով քննություններն ավելի կանխատեսելի են, դիմորդը քննասենյակում անակնկալի չի գալիս: Բայց նաև նշում է, որ թեստերը կարող էին ավելի որակյալ լինել:

«Թող բարդ լինի, բայց ոչ խճճող»,- ասում է նա` հավելելով, որ ներկայիս շտեմարաններն ու թեստերը մասամբ են գիտելիք ստուգում: Դժգոհում է հատկապես շտեմարանի 1-ին և 2-րդ հատորներից. «Բառապաշարը խրթին է, երևի անգամ հեղինակներն  այդ բառերը չգիտեն, բառարանից են արտագրել: Կամ փոխանակ ստուգեն, թե որքանով է աշակերտը բանաստեղծության գաղափարական բովանդակությունը հասկացել, պահանջում են, որ իմանա, թե քանի տողից է այն բաղկացած»:

Հիշեցնենք, որ այս տարի  Հայոց լեզվի և գրականության միասնական քննության մասնակցել է 8648 դիմորդ: Միջին գնահատականը 13,25 է նախորդ տարվա 13,9-ի փոխարեն:

Այս տարի հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 788 դիմորդ կամ ընդհանուրի 9 տոկոսը: Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների   5,6 տոկոսը:

7,5-12,75 է ստացել 3276 դիմորդ կամ 38 տոկոսը: 13-16,75 է ստացել 2761 դիմորդ կամ ընդհանուրի 32 տոկոսը: 17-20 է ստացել 1823 դիմորդ կամ 21 տոկոսը:

Այս տարի առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ: Նշենք, որ 2012-ին 200 դիմորդ էր 20 միավոր հավաքել:

Հրապարակվել են Կենսաբանության, Աշխարհագրության և Ընդհանուր պատմության քննությունների գնահատականները

Picture 032Հրապարակվել են հունիսի 7-ին տեղի ունեցած երեք առարկաների միասնական քննության գնահատականները: Վաղը ժամը 9-18-ը քննակենտրոններում դիմորդները կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները:

«Աշխարհագրություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 340 դիմորդներից 330-ը: Միջին գնահատականը 14,5 է:

Անբավարար է ստացել 19 դիմորդ կամ ընդհանուրի 6 տոկոսը:  7,5-12,75 է ստացել 101 դիմորդ կամ 30 տոկոսը, 13-16,75 է ստացել 102 դիմորդ կամ 31 տոկոսը, 17-20 է ստացել 108 դիմորդ կամ 33 տոկոսը: Առավելագույն` 20 միավոր է ստացել 12 դիմորդ (4 տոկոսը):

Նշենք, որ 2012-ին աշխարհագրության միջին միավորը  2,2 նիշով ցածր էր` 12,3 էր,  դիմորդների 9,7 տոկոսն անբավարար էր ստացել, իսկ հիմնական մասը` 47,1 տոկոսը ստացել էր նվազագույն դրական միավորներ` 7,5-13,25:

«Ընդհանուր պատմություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 224 դիմորդներից 214-ը:

Միջին գնահատականը 11,5 է:  Ընդհանուր պատմությունից կտրվել է դիմորդների 20 տոկոսը (43 դիմորդ), 7,5-12,75 է վաստակել 95 դիմորդ` 44 տոկոսը, 13-16,75` 42 դիմորդ` 20 տոկոսը, 17-20 միավոր է ստացել 34 դիմորդ` 16 տոկոսը: 20 միավոր է ստացել ընդամենը մեկ դիմորդ:

Նախորդ տարի «Ընդհանուր պատմության» միջին գնահատականը ավելի բարձր էր`  12,2 էր,  ավելի փոքր էր նաև անբավարար ստացած  դիմորդների  թիվը` 14,8 տոկոսը: 2012-ին «Ընդհանուր պատմություն»-ից 20 միավոր էր ստացել 2 դիմորդ:

«Կենսաբանություն»-ից քննությանը մասնակցել է հայտագրված 1687 դիմորդներից 1643-ը: Միջին գնահատականը 14,5 է:

Անբավարար է ստացել 199 դիմորդ` 12 տոկոսը: Նվազագույն դրական միավորներ` 7,5-12,75 է հավաքել 392 դիմորդ` 24 տոկոսը, 13-16,75 միավոր է ստացել 364 դիմորդ` 22 տոկոսը, 17-20` 688 դիմորդ` 42 տոկոսը: Այս տարի կենսաբանությունից 20 միավոր է ստացել աննախադեպ թվով` 182 դիմորդ` 10 տոկոսը:

2012-ին «Կենսաբանության»  միջին միավորը 11,4 էր`3,1 նիշով ցածր այս տարվա միջինից: Անբավարար էր ստացել դիմորդների 19,9 տոկոսը, իսկ մեծ մասը` 45,7 տոկոս, ստացել էր նվազագույն դրական միավորներ`  7,5-13,25:   20 միավոր էր ստացել ընդամենը մեկ դիմորդ:

Ուսման վարձի զեղչեր` կարկուտից տուժած համայնքների ուսանողներին

կգնՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորներին, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ի կարկտահարության պատճառով ստեղծված իրավիճակը` առաջարկում եմ նշված մարզի առավել տուժած 22 համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր` առավելագույն չափով»:

Ցանկում ընդգրկված են Արմավիր, Ալաշկերտ, Արևիկ, Ամասիա, Արաքս, Ակնալիճ, Արշալույս, Բերքաշատ, Բամբակաշատ, Գետաշեն, Հայկավան, Հուշակերտ, Նալբանդյան, Նոր-Կեսարիա, Նոր Արտագերս, Նոր Արմավիր, Շենիկ, Շենավան, Ջրաշեն, Սարդարապատ, Քարակերտ, Ֆերիկ համայնքները:

Դիմորդները 2 րոպե ունեն մաթեմատիկայի ամեն առաջադրանքը լուծելու համար

մաթեմատիկաԱյսօր ՀՀ 30 քննակենտրոններում 6951 դիմորդներ միասնական քննություն են անձնում «Մաթեմատիկա» առարկայից:

Երևանի ԵՊԲՀ քննակենտրոնում 198 դիմորդներից քննությանը ներկայացել էին 186-ը: Քննության մեկնարկից վայրկյաններ առաջ քննասենյակ հասցրեց մտնել վերջին  դիմորդը` Մայիս Ղազարյանը, ով պատճառաբանեց, թե զարթուցիչի ժամն է սխալ դրել, այդ պատճառով էլ ուշացել է:

Քննակենտրոնի ղեկավար Անահիտ Մելքոնյանը մի քանի անգամ ուսանողներին բարձրախոսով ներկայացրեց քննության կարգը և ձևաթուղթը լրացնելու կանոնները, ինչպես նաև կոչ արեց հանձնել բջջային հեռախոսները, եթե հանկարծ մոռացել ու հետները ներս են բերել:  9:40 քննության մեկնարկը տրվեց:

Դիմորդները 3 ժամ ունեն 80 հարցերին պատասխանելու համար, այսինքն մեկ մարցին միջինը պետք է 2 րոպե հատկացնեն: Թեստերը կազմված են շտարամանային առաջադրանքներից:

Մարիաննա Ասատրյանը Սլավոնական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիմորդ է, մեկ տարի կրկնուսույցի մոտ է պարապել: Ասում է, որ շտերամանային առաջադրանքները տարբեր բարդության են` պարզից մինչև շատ բարդ, ուստի թեստի բարդությունը կախված կլինի նրանից,թե որ հարցերն առավել շատ ընդգրկված կլինեն: Մարիաննան նշում է, որ ինքը մի փոքր դանդաղ է առաջադրանքները լուծում ու չգիտի, թե ինչպես է անելու, որ հասցնի ողջ թեստը լրացնել:

Լիանա Անտոնյանն էլ Տնտեսագիտական համալսարանի դիմորդ է, երկու տարի կրկնուսույցի մոտ է պարապել: Ասում է, որ շտեմարանը փորձել է յուրացնել, ոչ թե անգիր անել և հույս ունի, որ լավ կգրի:

ծնողներՔննության մեկնարկից հետո քննակենտրոնի անցուդարձին ծնողները հետևում են քննակենտրոնի բակում դրված մեծ էկրանի միջոցով` դահլիճում 4 տեսախցիկ է տեղադրված:

Էկրանի մոտ խմբված ծնողներից յուրաքանչյուրը փորձում է իր երեխային գտնել, իսկ երբ չի կարողանում, հայտարարում է, թե հաջորդ քննությանը վառ գույնի զգեստ պետք է երեխան հագնի, որ հեշտ լինի գտնելը:

Տիկին Աննան իր աղջկան էկրանի վրա գտնելով հանգստանում է: Սա ապագա տնտեսագետի  երկորդ քննությունն է: Հայոց լեզվի քննությունից 12 է ստացել, բայց դժգոհ չեն` աղջիկը նախորդ քննությունից առաջ գիշերը չէր քնել, քննության ժամանակ էլ չի կարողացել կենտրոնանալ իր գրավորի վրա: Տիկին Աննան հույս ունի, որ այս անգամ պատմությունը չի կրկնվի և աղջիկը լավ կգրի:

Տիկին Մարիամի աղջիկն այսօր ևս երկրորդ քննությունն է հանձնում: Նա պահանջում էր, որ մի քանի ծնողների թույլ տան հետևել քննության ընթացին ներսից, ինչը քննակենտրոնի ղեկավարը մերժեց: Տիկին Մարիամն ասում է, որ իր դուստրը հայոց լեզվի քննությունը ևս ԵՊԲՀ քննակենտրոնում է հանձնել ու այն ժամանակ քննության վերջին ժամվա ընթացքում էկրանի վրա հստակ եսել են, թե ինչպես են որոշ դիմորդների օգնում. «Իրար խառնվեցինք, մտքովս չանցավ, որ նկարեմ տեսածս: Փորձ չունեինք»:  Նա մտավախություն ունի, որ այս անգամ էլ նույնը կկրկնվի: Ուստի էկրանին չէր մոտենում` սպասելով, մինչև քննության կեսը անցնի, որպեսզի այս անգամ հեռախոսի տեսախցիկը միացրած հետևի քննությանը:

 

Բորիս Մակիչյան. «Կամ մենք ենք Եվրոպայում, կամ Եվրոպան է մեզ մոտ»

մակիչյան Հայաստանում տարեցտարի նոր` միջազգային չափանիշներին համապատասխան քայլեր են արվում կրթության որակը բարձրացնելու նպատակով:

Հայաստանյան ուսումնական հաստատություններում արտասահմանյան փորձի ներդրման, ուսումնական հաստատությունների փորձնական հավատարմագրման գործընթացի և կրթության որակի բարելավմանն ուղղված աշխատանքների մասին են այսօր խոսել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի  ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար, գլխավոր մասնագետ Անուշավան Մակարյանը և Հյուսիսային համալսարանի ռեկտոր, հավատարմագրված հայկական համալսարանների ռեկտորների խորհրդի նախագահ  Բորիս Մակիչյանը:

Ըստ Մակիչյանի` վերջին քսան տարում բուհական համակարգում բարեփոխումների գործընթաց է իրականացվում և բոլոր բուհերը անկախ իրենց կարգավիճակից գնում են պետական հավատարմագրման.   «Փորձի փոխանակում կա`  կամ մենք ենք Եվրոպայում, կամ Եվրոպան է մեզ մոտ, մեր նպատակն է Հայաստանը դարձնել տարածաշրջանային գիտական կենտրոն»:

Ինչ վերաբերվում է ուսումնական հաստատությունների փորձնական հավատարմագրման գործընթացին, ապա Անուշավան Մակարյանը նշեց, որ այս նոր կարգը դեռևս ոչ մի բուհում չի կիրառվել, սակայն այդ ուղղությամբ փորձնական աշխատանքներ իրականացվում են: Ըստ նրա` գործընթացի նպատակն է, որպեսզի մասնագիտական փորձագիտական խումբը գնահատի բուհի մատուցած ծառայություններն ամբողջությամբ:

Հավատարամագրման նախկին կարգը միայն արդյունքն էր գնահատում, իսկ նոր կարգով ամբողջ ուսուցման մեխանիզմների, դասախոսական կազմի, բուհի հնարավորություններն են գնահատվելու:

Նոր պետական հավատարմագրման չափանիշները կառավարության որոշմամբ են հաստատվել, որոնք նույնն են և´ պետական, և´ ոչ պետական ուսումնական բոլոր հաստատությունների համար:

 Լուսինե Ասատրյան

 

Հայոց լեզվի և գրականության միջին գնահատականը 13,25 է, 80 դիմորդ էլ 20 է ստացել

հայոց լեզուՀրապարակվել են Հայոց լեզվի և գրականության միասնական քննության գնահատականները: Քննությանը մասնակցել է հայտագրված 8975 դիմորդներից  8648-ը, 327-ը չեն ներկայացել քննության:

Հայոց լեզվի և գրականության միջին գնահատականը 13,25 է նախորդ տարվա 13,9-ի փոխարեն:

Այս տարի հայոց լեզվից և գրականությունից անբավարար է ստացել 788 դիմորդ կամ ընդհանուրի 9 տոկոսը: Նախորդ տարի անբավարար էր ստացել դիմորդների   5,6 տոկոսը:

7,5-12,75 է ստացել 3276 դիմորդ կամ 38 տոկոսը: 13-16,75 է ստացել 2761 դիմորդ կամ ընդհանուրի 32 տոկոսը: 17-20 է ստացել 1823 դիմորդ կամ 21 տոկոսը:

Այս տարի առավելագույն 20 միավոր է ստացել 80 դիմորդ: Նշենք, որ 2012-ին 200 դիմորդ էր 20 միավոր հավաքել:

Այսօր ժամը 9-18-ը դիմորդները կարող են բողոքարկել իրենց գնահատականները քննակենտրոններում:

Բուհերում կրթության գինը մինչև 200 հազար դրամով բարձրացել է, իսկ որա՞կը…

Տիկին Կարինեի որդին ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի դիմորդ է, ապագա ծրագրավորող: Ասում է, որ մասնագիտություն ընտրելիս փորձել են այնպիսին ընտրել, որ հեռանկարային լինի և ավարտելուց հետո անգործ չմնա: Տիկին Կարինեն մանկավարժ է, աշխատում է դպրոցում: Եթե որդին ընդունվի, կդառնա ընտանիքի երկրորդ ուսանողը, իսկ դա արդեն մեծ հոգս է ընտանիքի համար: «Ծնողի համար շատ դժվար է, բայց կաշվից էլ դուրս գալով փորձում ենք այնպես անել, որ երեխաներն ապագա ունենան»,- ասում է նա` հավելելով, որ ուսման վարձավճարներն ու ծնողների աշխատավարձերն անհամատեղելի են:

Կարինեի հույսն այն է, որ  որդին անվճար կընդունվի, և հարկ չի լինի մտածել վարձավճարը հայթայթելու մասին:  Իսկ եթե վճարովի համակարգում ընդունվի, ապա կգնա,  բանակում կծառայի, կվերադառնա, նոր կշարունակի ուսումը. մինչ այդ ավագ քույրն արդեն ավարտած կլինի:

Տիկին Նաիրան էլ մեզ հետ զրույցի պահին որդու հետ փորձում էր որոշում կայացնել, թե ԵՊՀ որ ֆակուլտետն ընտրեն. մաթեմատիկայի՞, թե՞ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի: Ասում է, որ Հայաստանում աշխատավարձերը և ուսման վարձերը սարի ու ձորի տարբերություն ունեն, ուստի չեն էլ մտածել վճարովի համակարգում ուսանելու տարբերակի մասին. հույս ունեն, որ որդին, ինչպես և ավագ եղբայրը, անվճար համակարգում կսովորի:

եպհ1Այս տարվա առաջինկուրսեցիները ստիպված կլինեն մինչև 150 հազարով ավելի վճարել իրենց ուսման համար:

Վարձավճարները կտրուկ են բարձրացել ԵՊՀ-ում. այստեղ բոլոր ֆակուլտետներում նախորդ տարվա համեմատ վարձավճարն ավելացել է 100 հազար, իսկ որոշ ֆակուլտետներում էլ 150 հազար դրամով: Այսպես, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում վարձավճարն այս տարի կլինի 500 հազար` ի տարբերություն նախորդ տարվա 300 հազար դրամի, Սերվիս   ֆակուլտետում` 450 հազար  նախորդ ուսումնական տարվա 300 հազարի փոխարեն: Այժմ  ԵՊՀ-ում վարձավճարի նվազագույն շեմը 400 հազար դրամն է:

Թանկացումներով հաջորդում է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը,  որտեղ  վարձավճարները բարձրացել են 60-140 հազար դրամով: Այստեղ, օրինակ` «գեղեցիկ արվեստ» մասնագիտությունը յուրացնելու համար ուսանողները ստիպված կլինեն վճարել 560 հազար դրամ նախորդ տարվա 420 հազար դրամի փոխարեն: Վարձավճարների նվազագույն շեմը 450 հազար դրամն է:

Երրորդ տեղում  է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, որտեղ  բոլոր ֆակուլտետներում վարձավճարներն ավելացել են 100 հազար դրամով, և այս բուհում վարձավճարների նվազագույն շեմը 500 հազար դրամն է:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում ուսումը թանկացել է 60-70 հազար դրամով: ՀՊՃՀ-ում վարձավճարի նվազագույն շեմը 2013-2014 ուսումնական տարվա համար 402 հազար դրամն է:

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական համալսարանում ուսումը թանկացել է  60 հազար դրամով,  վարձավճարների նվազագույն շեմը 360 հազար դրամ է:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում վարձավճարներն ավելացել են  10-40 հազար դրամով` 240 հազար դրամ նվազագույն շեմով:

Ուսումը 100-200 հազարով թանկացել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 50-70 հազար դրամով` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

ginՎարձավճարներն այս ուսումնական տարում անփոփոխ են մնացել Երևանի Մխիթար Հերացու անվան  պետական բժշկական համալսարանում (580-800 հազար դրամ), Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (բոլոր ֆակուլտետներում ուսման վարձը 400 հազար դրամ է), Հայաստանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում (նվազագույն շեմը` 260 հազար):

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` ուսման վարձի թանկացումն ինքնապատակ չէ, կրթությունն ունի իր գինը, իսկ  վերջին երեք տարիներին ամեն ինչ թանկացել է, բացի ուսման վարձից.  «Ուսման վարձի թանկացումը նպատակ է հետապնդում բարձրացնել դասախոսների աշխատավարձերը։ Պետք է որոշենք՝ ինչ ենք ուզում որպես հասարակություն, եթե ուզում ենք, որ դասախոսի աշխատավարձը բարձր լինի, պիտի պատրաստ լինենք ուսման վարձի թանկացմանը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության մշակույթի,  երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Պողոսյանն էլ, անդրադառնալով ուսման վարձերի և աշխատավարձերի տարբերությանը, ասում է. «Գիտենք,որ հուլիսի 1-ից լինելու է նվազագույն աշխատավարձի բարձրացում  շուրջ 30 տոկոսի չափով: Կասեք, թե դա բավարար չէ, բայց մի մոռացեք, որ յուրաքանչյուր աշխատանք ունի իր գինը»:

Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արտուշ Ղուկասյանի խոսքով. «Որակյալ կրթությունը  թանկ է, բայց… բայց , և այդ բայցերը պետք է հաշվի առնել»: Ղուկասյանն ասում է, որ վարձերի այդչափ բարձրացումը կարող է մատչելիության առումով խնդիրներ ստեղծել և դիմորդները պակասեն:

Նա կարծում է, որ ստեղծված պայմաններում սոցիալական  ծրագրեր, համալիր միջոցառումներ պետք է իրականացվեն, որպեսզի կրթությունը շարունակի մատչելի մնալ հանրության լայն շերտերի համար: «Որակյալ կրթության համար պետք է թանկ վճարել,  այլ հարց է`  ի վիճակի՞ է արդյոք ՀՀ քաղաքացին վճարել դրա համար,- ասում է Ղուկասյանը:-  Ամեն դեպքում 100 հազարով  թանկացումը մեծ գումար է,  հույս ունեմ, որ կրթության որակն էլ կլավանա»:

Բարձրագույն կրթության մատչելիությունն ապահովելու համար նախագահի նախաձեռնությամբ գործում է ուսանողական վարկերի նախագիծը: Առևտրային բանկերն առաջարկում են ուսանողական վարկեր առավելագույնը 1 800 000 դրամի չափով: Ըստ այդմ` բանկը կարող է   4 տարվա ընթացքում 4 անգամ փոխանցում կատարել բուհի հաշվեհամարին առավելագույնը 450 հազար դրամի չափով` կախված վարձավճարից: Վարկի հատկացման համար հարկավոր են երկու երաշխավորներ, որոնցից մեկը պետք է ուսանողի ծնողը լինի: Վարկը հատկացվում է մինչև 10 տարի ժամկետով, տարեկան 12 տոկոս տոկոսադրույքով, ուսման տարիներին վճարվում են միայն տոկոսադրույքները, իսկ ուսումնառության ավարտից հետո սկսվում է վարկի մայր գումարի  մարումը:

Ծրագիրը ենթադրում է, որ պետբյուջեից կսուբսիդավորվի վարկի 2 տոկոսը, իսկ գերազանց առաջադիմության դեպքում` 3 տոկոսը: Նմանատիպ պայմաններով  ուսանողական վարկեր  են տրամադրում, օրինակ, «Անելիք», ՎՏԲ,  «Արարատ», «Կոնվերս» բանկերը:

Ուսանողական վարկերին, սակայն, ծնողները թերահավատորեն են վերաբերվում, քանի որ վստահ չեն, որ իրենց երեխան բուհն ավարտելուց հետո աշխատանք կկարողանա գտնել: Ստացվում է, որ կրթության մատչելիության խնդիր ունեցող ուսանողները, օրինակ, ստիպված կլինեն ընտրել մանկավարժական համալսարանը, մինչդեռ ԿԳ նախարարը պարբերաբար հայտարարում է, որ մեր երկրին նոր մանկավարժներ պետք չեն. կադրերի ավելցուկ կա:

 

 

Ռուսերենի միջին միավորը` 11,08 է, երկու դիմորդ էլ 20 է ստացել

դիմորդԳԹԿ-ն հրապարակել է հունիսի մեկին  կայացած Ռուսերենի միասնական քննության գնահատականները:

Ռուսերենից քննություն է հանձնել  հայտագրված 1209 դիմորդներից 1139-ը: Միջին գնահատականը 11,08 է:

Այս տարի ռուսերենից առավելագույն` 20 միավոր է ստացել 2 դիմորդ կամ 0,2 տոկոսը:

Այս տարի ռուսերենից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 15 տոկոսը, 7,5-12 միավոր է ստացել դիմորդների 46 տոկոսը, 13-17 միավոր` 27 տոկոսը, 18-20 միավոր` 12 տոկոսը:

Վաղը ժամը 9-18-ը դիմորդները քննակենտրոններում կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները:

Նշենք, որ նախորդ տարի` 2012-ին ռուսերենի միասնական քննության միջին միավորը  10,3 էր: Նախորդ տարի որևէ դիմորդ 20 բալ չէր ստացել, իսկ 17,5-20 բալ էր ստացել դիմորդների ընդամենը 2,7 տոկոսը: Նախորդ տարի ավելի շատ էր նաև անբավարար ստացողների թիվը` 22 տոկոս:

Մրցույթ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա»-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար

Երևանի գեղարվեստի պետական ակադեմիաՀայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ “Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա”  պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

“Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա” պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն`
ա) գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
բ) գիտությունների դոկտորի գիտական աստիճան և (կամ) պրոֆեսորի գիտական կոչում,
գ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա կամ առնվազն  հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
դ)ռեկտորի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, կրթության և գիտության ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել համալսարանի զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):
Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին  մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
ա) գրավոր դիմում(ՀՀ ԿԳ նախարարի անունով),
բ) երկու լուսանկար 3×4 չափսի,
գ) աշխատանքային գրքույկի պատճենը,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
է) տեղեկանք  մշտական բնակության վայրից,
ը) գիտությունների դոկտորի աստիճանի և (կամ) պրոֆեսորի գիտական կոչումը հավաստող      փաստաթուղթ,
թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով)    ներկայացնել 2013թ. հունիսի 5-ից մինչև հուլիսի 4-ը,  ժամը՝ 1000-ից 1300-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության  նախարարության անձնակազմի կառավարման վարչություն: Հասցեն` ք. Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարական տուն 3, հեռախոս` 583-483:
Մրցույթը տեղի կունենա 2013 թվականի հուլիսի 16-ին, ժամը 1200-ին, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շենքում:

Մրցույթներ` Սլովակիայի և ԻԻՀ բուհերում սովորելու համար

կգնՀՀ կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակում հայտարարում է  2013-2014 ուսումնական տարվա կրթաթոշակների մրցույթներ` Սլովակիայի և Իրանի Իսլամական հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու համար:

 

Սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը

կգնՄայիսի 6-ից ՀՀ բուհերում սկսվել է դիմորդների փաստաթղթերի ընդունման և հայտագրման գործընթացը: Փաստաթղթերի ընդունելությունը կտևի մինչև  հունիսի 1-ը, ժամը 1800-ը: Դիմորդը  կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետության  մեկ կամ մի քանի պետական և մասնավոր բուհերի՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտություններ:Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիների և օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաստաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18 00-ն: