Կինը տոնել է կամրջի հետ իր ամուսնության տարեդարձը

Jodie Rose-bridge2Ավստրալացի կինը, որն անցած տարի ամուսնացել էր Ֆրանսիայի Սերե ավանում գտնվող Le Pont du Diable կամրջի հետ, նշել է իրենց ամուսնության մեկամյա տարեդարձը:

Ջոդի Ռոուզը մեկ տասնամյակ ճանապարհորդություններ է իրականացրել աշխարհի տարբեր երկրներում և հատուկ կոնտակտային միկրոֆոնների միջոցով գրանցել տարբեր կամուրջների ճոպանների տատանումները՝ հետագայում դրանցով երաժշտություն ստեղծելու նպատակով: Այդ ընթացքում նա գտել էր իր միակին:

Ռոուզը հայտնել է, թե որքան դժվար է բաժանումն իր ամուսնուց՝ 14-րդ դարի քարե կառույցից, ինչ ինքը վերադարձել է տուն՝ Սիդնեյ:

Jodie Rose-bridgeԿինը նաև կիսվել է իր հիշողություններով, երբ ինքը հունիսի 17-ին 14 հյուրի ներկայությամբ ամուսնացել է թարգմանաբար Սատանայի կամուրջ անունն ունեցող կամրջի հետ:

Չնայած նրանց ամուսնությունն օրինական կերպով չի ընդունվում ո՛չ Ավստրալիայում, ո՛չ Ֆրանսիայում՝ Ռոուզը հույս ունի այցելել իր ամուսնուն՝ նախքան իրենց ամուսնության երկրորդ տարեդարձը:

 

Անկախ

Մայիսին չամուսնանալու ավանդույթը եկել է նախահայկյան ժամանակներից

Գրիգոր ԲրուտյանՀայաստանում շարունակում է տարածված իրողություն մնալ մայիսին չամուսնանալու ավանդույթը: Մարդիկ խուսափում են մայիսին ամուսնանալուց: Առաքելական եկեղեցին չի արգելում մայիսին ամուսնանալը, և դա համարում է սնահավատություն:  Այս թեմայով այսօր լրագրողների հետ զրուցեց ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը:

«Նման ավանդույթները հիմնականում կապում են կրոնական պատկերaցումների հետ: Այս դեպքում դա այդպես չէ: Մենք պարզել ենք դրա ակունքները, երբ ծանոթացել ենք նախահայկյան օրացույցի հետ: Բանն այն է, որ տարեմուտը այն ժամանակ համարվում էր ամառվանից մեկ շաբաթ առաջ, և դրանից առաջ սկսվում էր 70-օրյա արգելքների շրջանը: Ապրիլի 5-ից հունիս 10-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում արգելվում էր մսամթերքի, կաթնամթերքի գործածությունը, արգելվում էին նաև ամուսնական հարաբերությունները, պսակադրությունները: Սրա մնացորդները մնացել են ոչ միայն մեր կյանքում, այլև հարևան երկրների կենսակերպում»,-ասաց Գրիգոր Բրուտյանը, հավելելով, որ իրեն հայտնի չէ` որևէ անհաջողություն եղել է այն ընտանիքների հետ, որոնք պսակադրվել են մայիս ամսին:

301 թվականին քրիստոնեությունը ընդունելուց հետո հին կրոնի հետ կապված շատ ավանդույթներ վերացան, սակայն շատ բեկորներ դրանցից, այնուամենայնիվ, մնացին: «Ես կողմնակից եմ ավանդույթները պահպանելուն: Այն պահպանելը հիմք ունի. դրանք ստեղծվել են իմաստուն մարդկանց կողմից և դիմացել են ժամանակի քննությանը:

 

Այն հարցին, թե հնարավոր է, որ այս ավանդույթը այլ ազգերից փոխառված լինի, աստղագետը պատասխանեց. “Հայագիտությունը ձևավորվել է Հայաստանից դուրս և հայագետների մեծ մասը կրթություն է ստացել դրսում: Այնտեղ իշխում էր այն միտքը , թե Հայաստանում ինքնուրույն ոչինչ չի եղել: Սակայն, եթե տեսնում ենք , որ նույն երևույթը գոյություն ունի տարբեր տեղերում, պետք է նայել պատճառաբանությանը. տվյալ դեպքում մենք հստակ տեսանք մայիսին չամուսնանալու ավանդույթի ակունքները”:

Հայաստանում 1000 ամուսնական զույգից ամուսնալուծվում է մեկը

Կարինե-ԿույումջյանՀայաստանում հաշվառվել է 763 հազար 584 տնային տնտեսություն: Այսօր լրագրողների հետ հադիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

«Տնային տնտեսությունը այն մարդկանց խումբն է, որոնք ապրում են մի հարկի տակ և մասամբ կամ ամբողջությամբ կիսում են իրենց միջոցները, նրանք կարող են լինել ազգակիցներ կամ՝ ոչ»,- ասաց նա` ընդգծելով, որ տնային տնտեսությունների գերակշիռ մասը 485 հազար նուկլեար ընտանիքներն են, այսինքն՝ այն ընտանիքները,  որտեղ միայն ամուսիններն են կամ նրանց հետ նաև երեխաներ, կամ մայր և երեխա, հայր և երեխա:

Կարինե Կույումջյանը հայտնեց, որ 2011թ-ի մարդահամարի տվյալներով 15 տարեկանից բարձր կանանց շրջանում երբևէ ծնածների 12%-ը կազմել են մեկ երեխա ունեցող կանայք, 29%-ը՝ երկու երեխա ծնած կանայք, շուրջ 20%-ը՝ երեք երեխա, 4 երեխա ծնածները՝ 7%, 5 և ավելի երեխաներ ծնածները՝ 4%: Հայաստանում բնակվող կանանց 28%-ը երբևէ երեխաներ չի ծնել: «Կինը չի կարողանում վերարտադրել իրեն և իր ամուսնուն: Հայ կինը մարդահամարի տվյալներով միջինը ծնում է 1,6 երեխա` անհրաժեշտ  2,1 երեխայի փոխարեն»,-նշեց նա:

Վերջին տարիներին ամուսնալուծությունները աճել են. 1000 ամուսնական զույգից մեկը միջինում բաժանվում է: 2011 թվականի տվյալներով մեր բնակչության 2,6 տոկոսը բաժանվում է: Թեև այդ թիվը բարձրանում է, սակայն միջազգային տվյալների հետ համեմատած այն բարձր ցուցանիշ չի համարվում:

Ամուսնության միջին տարիքը աղջիկների համար 2011 թվականի տվյալներով  25.5-ն է, իսկ տղաներինը` 28.5-ը: 2000 թվականի տվյալներով այդ ցուցանիշներն  աղջիկների համար եղել է 23, իսկ տղաների համար 26:

 

 

 

Մայիս-վայիս. Ինչու՞ մայիսին չեն ամուսնանում. սնահավատություն, թե՞ հիմնավոր տեսակետ

DSC06681 Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մայիս ամսվա ամուսնությունների  վերաբերյալ ժողովրդի շրջանում տարածված համոզմունքները քննարկեցին Այրարատյան հայրապետական թեմի Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցու և Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը և քուրմ Գեղամը:

“Ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցին որևէ ամսին  ամուսնություն չի արգելում, բացի Մեծ պահքի վերջին` Ավագ շաբաթվա ամուսնություններից: Սա ընդամենը  սնահավատություն է. ես ինքս էլ մայիս ամսին կատարել եմ պսակադրության արարողություններ և,  փառք Աստծո, այդ ընտանքիներն ապրում են խաղաղ, երջանիկ: Իսկ այդ սնահավատությունը, կարծում եմ, կապված է նրա հետ, որ հնում մայիս ամիսը աղքատ ամիս է եղել. նախորդ բերքը վերջացել է, իսկ նորը դեռ չի եղել, այդ պատճառով ժողովուրդը կոչել է “մայիս-վայիս” և ուրախության արարողություններ չեն կատարել, բայց Հայ առաքելական եկեղեցու կողմից նման արգելքի խնդիր բնավ չկա”,- նշեց Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:

“Նախ շնորհավորում եմ մայիս ամսվա մեր հաղթանակների առիթով և թող Վահագն Աստված ձեզ զորավիգ լինի”,-լրագրողներին ողջունեց քուրմ Գեղամը և նշեց, որ պսակադրությունը ունի խորհուրդ. սա զուտ տղայի և աղջկա ամուսնություն չէ. մեր ավանդական հայ պատկերացումներում սա երկու տոհմերի դաշինքն է,  և այն պսակադրությամբ հաստատելու խորհուրդը պետք է լիառատ սեղանով նշել: Քուրմ Գեղամը համաձայնեց Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանի այն մտքին, որ սա ժողովրդական սնահավատություն է և մեկնաբանեց, որ երբ հին պտուղը, ընդեղենը վերջացել է, այդ դաշինքը նշելու համար առատ սեղան պատրաստելու հնարավորությունը սուղ է եղել:  “Սրանով է պայմանավորված այդ համոզմունքը, և մենք չենք խրախուսում մայիսին ամուսնություններ չկատարելը”,-ավելացրեց քուրմ Գեղամը:

“Անկախի” այն հարցին, թե ցեղակրոնները խրախուսու՞մ են հայի և այլազգիի ամուսնությունը, քուրմ Գեղամը պատասխանեց, որ արիական բոլոր ազգերի ամուսնությունը, որոնց նախահայրենիքը Հայաստանն է և կրում են արիական արյուն,  խրախուսում են, իսկ ոչ արիական ազգի հետ հայերի ամուսնությունը գենախեղման է հանգեցնում. դա էլ ժամանակակից աշխարհի չարիքներից է:

“Չի կարող հայ տղամարդը ամուսնանալ այլ ռասսայի ներկայացուցչի հետ և ունենալ նորմալ երեխա”,-նշեց քուրմ Գեղամը:

Իսկ այն հարցին թե հայ եկեղեցին ընդունում է քրիստոնյայի և, օրինակ, մահմեդականի ամուսնությունը, քահանան պատասխանեց. “Մենք նման պսակը չենք ընդունում, չենք կատարում”:

Այս հարցի վերաբերյալ քուրմ Գեղամն այլ պատկերացում ունի. “Եթե նույնիսկ մահմեդական է, մեզ համար դա նշանակություն չունի, կարևորը, որ  հայ է և արյունը մաքուր է”:

Իրաքում ուժի մեջ կմտնի 9տարեկանից փոքր երեխաների հետ ամուսնության օրենքը

իրաքԻրաքում աղմկալից օրենք է ընդունվել: Շուտով երկրում կարելի է ամուսնանալ ինը տարեկանից փոքր աղջկա հետ; Արևմտյան դիտորդների կարծիքով այդ կարգը իշխանությունները ընտրություններից առաջ հատուկ են առաջ քաշել, որպեսզի բավարարեն շիիթական ընտրազանգվածին, հաղորդում է   The Telegraph-ը:

Վերլուծաբանների կարծիքով, շիիթների մեծ մասը նոր ընտանեկան օրենքի նկատմամբ դրական վերաբերմունք ունեն, ինչը չի կարելի ասել իրավապաշտպանների մասին, որոնք դեմ են այդ սարսափելի նորամուծություններին: Իրաքում ընտրությունները կկայանան ապրիլի 30-ին: Մինչ այդ վերոհիշյալ ամուսնությունների մասին օրենքը ուժի մեջ կմտնի:

Այժմ իրաքցի աղջիկները կարող են ամուսնանալ 15 տարեկանում, իհարկե ծնողներից թույլտվություն ստանալուց հետո: Առանց ավագների թույլտվության նրանք կարող են ընտանիք կազմել միայն 18 տարեկանից: Հաշվի առնելով, որ տեղի կանոններով ամուսնությունից հետո կինը դառնում է ամուսնու սեփականությունը, նոր օրենքի ընդունումը աղջիկների համար սարսափելի կլինի: Շարունակությունը կարդացեք այստեղ:

 

Անկախ

Անդրեա Բոչելլին ամուսնացել է

Անդրեա Բոչելլին ամուսնացել էԱնդրեա Բոչելլին ամուսնացել է: Դասական ժանրի երգիչը ամուսնացել է իր ընկերուհի Վերոնիկա Բերտիի հետ Իտալիայի Լիվորնո քաղաքի Մոնտեներո տաճարում մարտի 21-ին:

 

Իտալացի տենորին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ հարսանիքի օրը նաև զույգի դուստր Վիրջինիայի ծննդյան երկրորդ տարելիցն է եղել: Միջոցառումը փոքր է եղել, որին մասնակցել են զույգի մտերիմ ընկերները և ընտանիքի անդամները: Երգչի առաջին ամուսնությունից ունեցած երկու որդիները ևս ներկա են եղել հարսանիքին:

Փեսացուն Կոռնելիանիի ատլասե կոստյում էր կրում, իսկ հարսնացուն փղոսկրի գույն ունեցող ատլասե Էրմանո Շերվինոյի զգեստով էր:

Սա Բերտիի առաջին ամուսնությունն էր, իսկ Բոչելլիի՝ երկրորդ: Երգիչը և Բերտին արդեն 12 տարի է ինչ միասին են:

Անկախ

Այս տարի բերդում 32 ամուսնություն ու 9 ամուսնալուծություն է գրանցվել

ամուսնություն2014 թվականի երեք ամիսներին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում  գրանցվել է 32 ամուսնություն և 9 ամուսնալուծություն: Անցած տարի էլ գրանցվել է 4 ամուսնալուծություն և նույնքան՝  32 ամուսնություն:

Բերդի ՔԿԱԳ  տարածքային բաժնի ղեկավար Գրետա Դարբինյանի խոսքով, տավուշցի զույգերը միշտ չէ, որ նախընտրում են գրանցել իրենց պսակադրությունը: Շամշադինցի տղաները հիմնականում նախընտրում են համերկրացի հարսանացուների: Թեև վերջին տարիներին քիչ չեն դեպքերը, երբ, օրինակ, հեռավոր մովսեսցին հարս է բերում Հայաստանի հյուսիսից՝ Գյումրիից կամ բերդցի փեսան նախընտրում է թալինցի աղջկան:

«Ինտերնետի՝ սոցիալական ցանցերի տարածմանը զուգահեռ այս միտումն էլ մեծացավ, թեև հիմնականում տավուշցին տղաների 95 տոկոսը հարսնացուին ընտրելիս Տավուշից հեռու չեն գնում»,-նշեց Գրետա Դարբինյանը:

Ի դեպ, կնոջից բաժանվելու նպատակով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման դուռը  թակում են հիմնականում տարիքով տղամարդիկ: «Այդ ինը ամուսնալուծվողներից 7-ը 50-60-անց են, ունցել ենք անգամ 1938 թվականին ծնված տղամարդ, որ դիմել է ամուսնալուծվելու հարցով,- ասաց Բերդի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը:-Հաշտ-համերաշխ բաժանվում են, առանց դատ ու դատաստանի, ես իհարկե, չեմ խորանում նրանց անձնական հարցերի մեջ, բայց կարծում եմ, որ նրանք ցանկանում են բաժանվել, մեկնել արտերկրում գտնվող երեխաների մոտ, թղթերն են տանում, որ այնտեղ բարձր թոշակի հարցերը կարգավորեն»:

Վերջին երեք ամիսներին Բերդի տարածաշրջանում գրանցվել է 50 ծնունդ, 98 մահ: Աղջիկների համար տարածված են Մանե, Նարե, Միլենա, Էլեն անունները:

«Մեր հայկական անունները՝ Հասմիկ, Գոհար, Վարդուհի,  ցավալի է, բայց այս անուններն այլևս արդիական չեն, իսկ տղաներիn  ավելի շատ կոչում են Արտյոմ, Էրիկ, Գոռ, Դավիթ: Վերջերս ծնվել է նաև Արես»,-տեղեկացրեց Գրետա Դարբինյանը:

 

 

 

Նորանշանակ զույգը չպետք է երկար ժամանակ նշանված մնա

ամուսնությունԱմուսնությունը մարդու կյանքում տեղի ունեցող կարևորագույն և ամենապատասխանատու իրադարձություններից է:  Գրեթե բոլորը՝ անկախ սեռից ու տարիքից, ինչ-որ ժամանակ երազել են հեքիաթային հարսանիքի,  երջանիկ ու ներդաշնակման ընտանեկան կյանքի մասին:

ՙՙՃիշտ է ներկայում հարսանեկան ոչ բոլոր ծեսերն են պահպանվել, բայց դրանցից շատերն այսօր էլ արդիական են: Օրինակ` հարսի կոշիկ գողանալը, որը վերադարձնում էին ֆինանսական փոխահատուցում ստանալուց հետո միայն, կամ դուռ բռնելը,  երբ սրով պահում են դուռը` խոչընդոտելով հարսին տնից դուրս հանելը՚՚,- archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց պատմաբան Ագապի Հովնանյանը:

Ըստ հին հայկական ավանդույթի զույգերն ամուսնանում էին առանց միմյանց տեսնելու՝ ծնողների ընտրությամբ: Տղայի չափահաս դառնալուց հետո ծնողներն ու բարեկամները սկսում էին նրա համար աղջիկ փնտրել: Նշանադրության արարողության ժամանակ ապագա հարսն ընդունում էր տղայի ընտանիքի նվիրած ոսկե զարդն ի նշան համաձայնության:   Նորանշանակ զույգը չպետք է երկար ժամանակ նշանված մնար. որպես կանոն հարսանիքը կազմակերպվում էր նշանադրությունից մեկ կամ երկու շաբաթ անց:

Պատմաբանի համոզմամբ այժմ հարսանիքից առաջ ընթանում են բանակցություններ հյուրերի քանակի, հարսի շորի եւ այլնի շուրջ. ամեն մի մանրուք կարևորվում է: Հատուկ ուշադրություն է դարձվում հրավիրատոմսերին, քանզի դրանցով ընդգծվում է հրավիրյալ անձի կարեւորությունը:

Սակայն հարսանեկան ճամփորդությունը ամենակարևոր հանգամանքներից մեկն է նոր ամուսնացած զույգի սերն ու հարաբերությունները ամրապնդելու համար, այդ պատճառով զույգերը մեծամասամբ նախապատվությունը տալիս են առավել ռոմանտիկ վայրերին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Պետությունը որոշել է պարգևատրել 50 տարի համատեղ ապրած ամուսիններին

ol3001392284068Լեհաստանի քաղաքական ղեկավարությունը որոշում է ընդունել հատուկ նախագահական մեդալով պարգևատրելու ամենադիմացկուն կանանց ու տղամարդկանց, որոնք օրինական ամուսինների կարգավիճակով ապրում են միասին  ավելի քանի 50 տարի:

Ավելի վաղ նման ավանդակարգ կար Լեհաստանի մի քանի քաղաքներում:

Ի դեպ, 50 և ավելի տարիներ միմյանց հանդեպ հավատարմություն դրսևորած զույգերի նկատմամբ նաև աշխարհի ուրիշ երկրներ ու իշխանություններ են իրենց հարգանքը հայտնում: Օրինակ, ԱՄՆ-ում ամուսնության 50-ամյակին կարելի է ակնկալել նախագահի շնորհավորանքը, Մեծ Բրիտանիայում` թագուհուց շնորհավորանքներ են ստանում 60 տարի միասին ապրած զույգերը:

 Անկախ

2013-ին ամուսնությունների թիվը նվազել է, ամուսնալուծություններինը՝ աճել

загруженное (1)2013 թվականին գրանցվել է 18.363 ամուսնություն: 2012 թվականի 19.063 ամուսնության համեմատ 2013-ին ամուսնությունների բացարձակ ցուցանիշը նվազել է 3.7 տոկոսով: Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով գրանցված ամուսնությունների դեպքերը կազմել են 6.1 պրոմիլ 2012-ի 6.3 պրոմիլի համեմատ:

Ամուսնություններին զուգահեռ 15.6 տոկոսով աճել են ամուսնալուծության դեպքերը: 2013-ին գրանցվել է ամուսնալուծության 3756 դեպք՝ 2012-ի 3250 դեպքի համեմատ: Յուրաքանչյուր հազար բնակչի հաշվով ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը 2013-ին կազմել է 1.2 պրոմիլ 2012-ի 1.1 պրոմիլի համեմատ:

2013-ի ամուսնության և ամուսնալուծության ցուցանիշներին անդրադարձել է ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ժողովրդագրության ցուցանիշների համաձայն` 2013-ին ամուսնությունների ընդհանուր գործակիցը միջին հանրապետականից բարձր է եղել Վայոց Ձորի, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերում:

«2013-ին ամուսնությունների ընդհանուր գործակցի նվազում է արձանագրվել Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում: Ամենացածր ցուցանիշը գրանցել է Տավուշի մարզում, ամուսնության ընդհանուր գործակիցը կազմել է 4.9 պրոմիլ»,- ասել է նա:

Ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Լոռու մարզում, ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը կազմել է 2 պրոմիլ հանրապետական 1.2 միջին ցուցանիշի համեմատ:

«Ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը Երևանում կազմել է 1.5 պրոմիլ, Վայոց Ձորում `1.4 պրոմիլ: Մնացած մարզերում ամուսնալուծության ընդհանուր գործակիցը միջին հանրապետականից ցածր է: Յուրաքանչյուր հազար ամուսնության հաշվով 2013-ին գրանցվել է ամուսնալուծության 205 դեպք 2012-ի 170 ամուսնալուծության դեպի համեմատ»,- նշել է Կարինե Կույումջյանը:

 

Անկախ

Ամուսնական գործակալությունները Հայաստանում պահանջված են. շուրջ 6 հազար մարդ իր կեսին է փնտրում գործակալության միջոցով

գործակալությունՏեղեկատվական տեխնոլոգիաներն աստիճանաբար գալիս են փոխարինելու մարդկային անմիջական շփումներին: Հարազատների, ընկերների որպիսությունն իմանալու համար այլևս այցելություններ ու հանդիպումներ պետք չեն, բավական է  մեկ զանգը կամ տեսակապը:

Տիկին Աիդան իր դստեր վրա հաճախ է բարկանում ամբողջ օրը համակարգչի առաջ անցկացնելու համար: «Ամբողջ օրն աշխատանքի վայրում է այդ արկղի դեմը, երեկոյան էլ հասնում է տուն, համակարգիչը գրկում ու նստում: Դուրս չի գալիս, մարդու հետ չի շփվում, ո՞նց պիտի իր ընտրյալին գտնի»,- ասում է նա` հավելելով, որ իր երիտասարդության տարիներին օրը օր չէր, եթե փողոցում մեկը չմոտենար,  հաճոյախոսություն ու խոսակցություն բացելու փորձեր աներ, ինչը հիմա չկա:

Փողոցային ծանոթություններին փոխարինելու է եկել վիրտուալ ծանոթությունը: Այժմ սովորական երևույթ է սոցցանցերի միջոցով ծանոթությունն ու ամուսնությունը: Թեև նույնը ամուսնական գործակալությունների մասին ասել դեռ չենք կարող, սակայն պարզվում է` Հայաստանում այս ծառայությունն էլ պահանջված է և մեծ հաջողություն ունի:

Ինտերնետում փնտրտուքների միջոցով կարելի է գտնել երկու ամուսնական գործակալության տվյալներ. «Հանդիպում» և «Երջանկության գաղտնիքը»:

«Հանդիպում» ամուսնության և ընտանիքի կենտրոնը գործում է արդեն 9 տարի, այս ընթացքում հասցրել է միավորել 500-600 զույգերի և ունեցել է ընդամենը մեկ ամուսնալուծության դեպք: Կենտրոնում կարող է գրանցվել ամուսնանալ ցանկացող յուրաքանչյուր անձ` վճարելով 12500 դրամ անժամկետ պայմանագրի համար: Կենտրոնի կարգախոսն է` «Հանուն հայրենիքի կազմենք ընտանիք»:

Կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը, որ մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցիչ է,  պատմում է, որ տարիներ առաջ դպրոցում աշխատելիս հասկացավ, որ չամուսնացած ուսուցիչները աշակերտների նկատմամբ պակաս ներողամիտ են, քան երեխա ունեցողները:  «Հայրս  էլ զինվորական էր և  շատ միայնակ տղամարդ աշխատակիցներ ուներ: Որոշեցի ցերեկույթներ կազմակերպել, որտեղ ուսուցիչներն ու սպաները ծանոթանում էին, հետո շատերն ամուսնացան»,- պատմում է Նարե Մարտոյանը: Այդպես էլ առաջացել է ամուսնական գործակալություն ստեղծելու և միայնակ մարդկանց օգնելու գաղափարը:

Նարե Մարտոյանը պատմում է, որ սկզբնական շրջանում մարդիկ գաղտագողի էին գալիս, միայնակ, որ հանկարծ ոչ ոք չիմանա: Բայց հիմա մտածելակերպը փոխվել է: Պատահում է, որ զավակները գալիս են ծնողներին են գրանցում, կամ ծնողներն են երեխաների համար գալիս. «Հիմա մարդիկ, հատկապես` կանայք  հասկացել են, որ իրենք են  ընտրություն կատարողը և որոշողը: Ամեն մարդ ընտրելու և ընտրվելու հնարավորություն ունի այստեղ»:

Գործակալությանը դիմում են թե՛ Երևանից, թե՛ մարզերից և թե՛ արտերկրից, ընդհանուր առմամբ գրանցված են 3000 կին և 1500 տղամարդ: Ամենաերիտասարդ այցելուները 17 տարեկան են, իսկ ամենատարեցը` 85, որը այժմ հանդիպումների փուլում է:

Տնօրենի խոսքով` իրենց այցելուները կայացած մարդիկ են, հաճախ` մի քանի բարձրագույն կրթությամբ,  և խիստ զբաղվածության պատճառով պարզապես չեն կարողացել գտնել իրենց կեսին:

Այս գործակալության այցելու կանայք  ուզում են երջանիկ ամուսնություն, հավատարիմ ամուսին, ամուր հենարան, որ իրենց վստահ ու պաշտպանված զգան: Տղամարդու արտաքինը կանայք չեն կարևորում: Նյութականն էլ քչերն են առաջնային համարում:

Իսկ տղամարդիկ կարևորում են արտաքինը, փնտրում են գեղեցիկ ու քնքուշ կանանց, այստեղ էլ է գործում այն խոսքը, թե ընդունում են հագուստով, ճանապարհում  խելքով:

«Քիչ է պատահում, որ պարտադիր պայման համարեն ամուսնացած չլինելը: Նախկինում այդպես չէր, դռնեդուռ էին ընկնում, պատմական էքսկուրս կատարում աղջկա անցած ճանապարհը պարզելու համար: Հիմա կարևորում են ներկան ու ապագան»,- ասում է Մարտոյանը:

Պոտենցիալ զույգերին միմյանց ծանոթացնելու և դրսևորվելու հնարավորություն տալու համար երկու ամիսը մեկ կազմակերպվում են ռեստորանային հանդիպումներ, նաև այլ միջոցառումներ:

Մարտոյանը պատմում է, որ բազմաթիվ օրինակներ ունեն, երբ արտերկրից Հայաստան են տեղափոխվել` կենտրոնի միջոցով այստեղ իրենց զույգին գտնելով: Նման օրինակ է նաև ԱՄՆ-ի բնակիչ 62-ամյա կնոջ և Սանկտ Պետերբուրգի բնակիչ տղամարդու պատմությունը, որոնցից յուրաքանչյուրը ցանկանում էր գտնել իր կեսին ու իր հետ իր բնակության երկիր տանել: Վերջում զույգը ո՛չ ԱՄՆ, ո՛չ էլ ՌԴ մեկնեց, հաստատվեց Հայաստանում:

Մի փոքր այլ են կանոնները «Երջանության գաղտնիք» ամուսնական գործակալությունում, որը գործում է արդեն 4-րդ տարին: Անցած տարի այս գործակալության միջոցով ստեղծվել է շուրջ 60 ընտանիք:  Գործակալության այցելուների թիվը հազարից ավելի է: Տնօրեն Իլոնա Բաղիշյանի խոսքով` իրենց դիմում են «կիրթ, գեղեցկուհի աղջիկներ, գրագետ տղամարդիկ, որոնք սովորում են, մի քանի տեղում աշխատում, և անձնական կյանքի համար ժամանակ պարզապես չի մնում»:

Այստեղ գրանցման և 1 տարվա պայմանագիր կնքելու համար հարկավոր է վճարել 5 հազար դրամ, իսկ առաջին ծանոթության ժամանակ վճարվում է սահմանված գումարի 2-րդ մասը: Տնօրենը, սակայն, չցանկացավ բացահայտել  այդ սահմանված գումարի չափը:

Գործակալության տնօրենը պատմում է, որ ամեն ինչ սկսվել է իր միայնակ ընկերուհիներին և ամուսնու միայնակ ընկերներին ծանոթացնելուց: Երբ ծանոթությունները երջանիկ ավարտ են ունենում, ամուսիններով որոշում են ամուսնական գործակալություն ստեղծել. «Բավականին լավ հաջողությունների ենք հասել, քանի որ աշխատանքի մեջ հաշվի ենք առնում հայկական մենթալիտետը, խիստ պահպանում ենք կոնֆիդենցիալությունը»:

Կենտրոնում տղամարդկանց գրանցում են 28 տարեկանից սկսած, իսկ աղջիկներին` 18 տարեկանից: Իսկ այցելուների առավելագույն տարիքային շեմը 65-70 տարեկանն է:

«25 տարեկան տղան դեռ պատրաստ չէ լուրջ ամուսնության: Իսկ 27-28 տարեկան տղան արդեն գիտի` ինչ է ուզում, ինչ աղջկա հետ է ուզում ամուսնանալ»,- բացատրում է Բաղիշյանը:

Այցելուների մեջ գերակշռում են 30-40 տարեկան անձինք, իսկ սեռային հարաբերակցությամբ այցելուների 60 տոկոսը կանայք են և միայն 40-ը` տղամարդիկ: Կենտրոնում զույգերին հանդիպեցնելու համար հատուկ միջոցառումներ չեն կազմակերպվում. «Երևանը փոքր քաղաք է, և բոլորը միմյանց ճանաչում են: Անգամ ընդունելության համար յուաքանչյուրին հատուկ ժամի ենք կանչում, որ միմյանց չհանդիպեն: Ամեն ինչ անում ենք, որ այստեղ մտնողն իրեն վատ չզգա»:

Միմյանց ընտրում են նախ լուսանկարների միջոցով, հետո փոխադարձ համաձայնությամբ միմյանց հետ հեռախոսազանգով են ծանոթանում, ապա հանդիպում:

«Միանշանակ կարող ենք ասել, որ շատ մարդկանց երջանկացրել ենք, ու դա է մեզ ստիմուլ է տալիս, որ շարունակենք աշխատանքը»,- ասում է Բաղիշյանը:

Տնօրենի խոսքով` թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ փնտրում են ավելի երիտասարդ կողակցի:

«40 տարեկան կինը, օրինակ, փնտրում է 39-41 տարեկան տղամարդու, մինչդեռ այդ նույն տարիքի տղամարդը գալիս է և ուզում է ծանոթանալ 25 տարեկան աղջկա հետ: Ցավալին այն է, որ այդ 25 տարեկան աղջիկը երբեմն ուզում է այդ տղամարդուն»:

Տղամարդիկ կարևորում են կնոջ կազմվածքը, նախընտրում են նիհարներին, մինչդեռ կանայք տղամարդու արտաքինին ուշադրություն չեն դարձնում, նախընտրում են, որ տղամարդն ունենա տուն և աշխատանք: «Այն աստիճանի ենք հասել, որ գեր աղջիկներին չենք գրանցում»,- ասում է Բաղիշյանը:

Գործակալության միջոցով տեղի ունեցած ամուսնությունների 70 տոկոսը Հայաստանում է եղել, մնացածը` արտերկրում:

Բաղիշյանը պատմում է, որ ամեն կերպ փորձում են օգնել այցելուներին. «Մի տղամարդ այցելու ունեինք` 42 տարեկան, ում հետ հանդիպում էր, չէր ստացվում: Ի վերջո որոշեցի ես ընտրել նրա համար թեկնածու, լուսանկարը ցույց տվեցի, չհավանեց: Բայց հետո նորից զանգահարեցի, թե մի լավ աղջիկ կա, ուղղակի նկարը չկա, պետք է հանդիպի, որ տեսնի: Նույն աղջկա հետ հանդիպում կազմակերպեցի, հիմա արդեն ամուսնացած են ու բալիկի են սպասում»:

Ամուսնական գործակալության հեռուստատեսային տարբերակ էլ է ստեղծվել. ԱՏՎ հեռուստաընկերությամբ հեռարձակվում է «Արի ամուսնանանք» հաղորդաշարը: Ռուսական նույնանուն հաղորդման նմանակը,  սակայն, սոցիալական ցանցերում հաճախ է քննադատվում: