Բելառուսի գործընկերները ծանոթացել են Պետռեգիստրի աշխատանքներին

IMG_4872

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն օգոստոսի 12-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրի պետ Դմիտրի Կովալենկոյին և իրավախորհրդատու Իննա Լեուսին:

Բելառուսի գործընկերները Հայաստանում են եռօրյա այցով, որի ընթացքում նախատեսվում է փորձի փոխանակում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ: Դմիտրի Կովալենկոն նախարարին է փոխանցել Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարար Օլեգ Սլիժևսկիի ողջույնները և առաջիկայում հանդիպելու վերաբերյալ ցանկությունը: Բելառուսի ռեգիստրի պետը շնորհակալություն է հայտնել նախարարին իրենց խնդրանքը չմերժելու և գործընկերային ձևաչափով Հայաստանի պետռեգիստրի աշխատանքներին ծանոթանալու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

новый коллаж

Նախարարը հյուրերին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ հորդորելով քննարկումների ժամանակ վեր հանել ոչ միայն դրականը, այլև փոխանակվել երկու երկրների ռեգիստրի համակարգում առկա խնդիրներով և միասին փորձել լուծումներ գտնել: Այնուհետև հյուրերը փոխնախարար Արման Թաթոյանի և նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի հետ այցելել են ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն, ծանոթացել աշխատանքի կազմակերպման մեթոդներին, էլէկտրոնային գրանցման հնարավորություններին: Պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալ Արմեն Մաշինյանը, Գրանցման բաժնի պետ Արմեն Առաքելյանն ու Վերակազմակերպման և հիմնադրամների գրանցման բաժնի պետ Գագիկ Մկրտչյանը հյուրերին հանգամանորեն ներկայացրել են էլեկտրոնային գրանցման կարգն ու ընթացակարգերը:  Բելառուսական պատվիրակության ներկայացուցիչները անդրադարձել են իրենց երկրում գործող պետական ռեգիստրի վարման ձևերին ու եղանակներին:

Գործընկերները քննարկել են իրենց ամենօրյա աշխատանքում ծագող խնդիրները, ինչես նաև համեմատել ոլորտին առնչվող երկու երկրների օրենսդրական կարգավորումները: Երկուստեք մտքեր են փոխանակվել կատարելագործման մեխանիզմների ներդրման, օնլայն գրանցման արդյունավետության, տվյալների բազայի վարման վերաբերյալ:  Հատուկ ուշադրություն է դարձվել ոլորտում առկա համակողմանի հարցերին, որոնք, ըստ Արմեն Առաքելյանի, անընդհատ շտկվում են աշխատանքի ընթացքում: Խոսվել է նաև էլեկտրոնային համակարգի աշխատանքի տեխնիկական հնարավորությունների մասին, որոնք օգնում են բացահայտել և ուղղել առկա սխալները: Գործընկերների ուշադրության կենտրոնում է եղել նաև քաղաքացիների սպասարկման որակի կատարելագործման մեխանիզմների քննարկումը:

Մեկնարկել է ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Բելառուս

11345_am_1ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ` ԱՊՀ մասնակից երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Մինչ նիստի մեկնարկը իր նստավայրում՝ Բելառուսի Անկախության պալատում, պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն կարևորել է Անկախ պետությունների համագործակցության դերը որպես կայացած միջպետական միավորում, որը թույլ է տալիս մասնակից երկրներին լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այն արդյունավետ հարթակ է երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության տարբեր ուղղությունների շուրջ քննարկումների համար: Լուկաշենկոյի խոսքով՝ հենց ԱՊՀ-ի շրջանակում ձևավորված քաղաքական և տնտեսական համագործակցության հիման վրա է կազմավորվում Եվրասիական տնտեսական միությունը և միասնական տնտեսական տարածքը:
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև տեղեկացրել է, որ 2014 թվականի հոկտեմբերին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների գագաթնաժողովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը:
Քիչ անց Մինսկում կմեկնարկի ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Կոստյանը Կոնչիտայի դեմ

o_945391

Բելառուսի սլավոնական կոմիտեի նախագահությունը իշխանություներին կոչ է անում դադարեցնել հանրապետության  հետագա մասնակցությունը «Եվրատեսիլին», իսկ Բելռադիոհեռուստաընկերությանն առաջարկել է  հրաժարվել հեռարձակման իրավունքից:

«Կոնչիտա Վուրսթի հաղթանակը խորհրդանշում է Եվրոպական միությունում բարոյական արժեքների վերջնական անկումը: Նման Եվրոպան մեզ պետք չէ, դա  խոսուն օրինակ է այն բանի, թե ինչի է հանգեցնում ազատության միակողմանի բացատրությունը, լիբերալ գաղափարախոսությունն ու  կառավարող էլիտայի հոգևորության բացակայությունը»,- «Ինտերֆաքսը» մեջբերում է  հասարակական միավորման դիմումից:

Բելառուսի սլավոնական կոմիտեն հասարակական ոչ կառավարական ազգային միավորում է,   այն ղեկավարում է  Բելառուսի Ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Սերգեյ Կոստյանը: Կոմիտեի անդամների կարծիքով, «Եվրատեսիլը» վաղուց է քաղաքականացված:

Անկախ

Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում Բելառուսում

187.Genocide commemoration event in Belarus 25.04.2014Ապրիլի 24-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Բելառուսի հայկական համայնքային կազմակերպությունների նախաձեռնությամբ Մինսկի Սուրբ Ալեքսանդր Նևսկի եկեղեցու բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառում:

Միջոցառման մասնակիցների առջև ելույթ ունեցան ԲՀ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Գագիկ Հայրապետյանը և Մինսկի հայկական մշակութա-լուսավորչական «Հայաստան» կազմակերպության ղեկավար Գ.Եղիազարյանը: Այնուհետև եկեղեցու սպասավորների կողմից անցկացվեց Հայոց Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություն:

Անկախ

Բելառուսահայ Նինան հայրենիք է վերադարձել ազգային գաղափարախոսության իր տեսլականով

Nina-2Նինա Մեհրաբյանի հայրը 20 տարեկանից տեղափոխվել է Բելառուս, 15 տարի անց վերադարձել է հայրենիք, ամուսնացել ու արդեն ընտանիք կազմած մեկնել:
1987 թ. ծնվել է Նինան, մեկ տարի անց` եղբայրը: Չնայած բելառուսական միջավայրում բավականին հաջող հաստատվելուն` ընտանիքում հայկական ավանդույթներն ու մշակույթը խստորեն պահպանվել են: Եվ այն, որ այսօր 27-ամյա Նինան որոշել է մենակ վեր կենալ գալ Հայաստանում ապրելու, ինքն էլ է համարում այդ դաստիարակության արդյունք և երախտապարտ է իր ծնողներին. «Մեր տանը հնչել են հայկական երգեր, մեր ծնողները մեզ համար հայկական գրքեր են կարդացել, մեզ միշտ ասել են, որ Հայաստանն ամենալավն է: Մեր տանն արգելված է եղել օտար լեզվով խոսելը: Հայրս ասում էր` տանը թուրքերեն չլսեմ: Այսինքն` ինչ էլ որ լիներ` ռուսերեն, բելառուսերեն, եթե հայերեն չէր` ուրեմն թուրքերեն էր»:

Սակայն նրանք հաճախ չէին լինում Հայաստանում: Չորս տարեկանից հետո, օրինակ, Նինան առաջին անգամ Հայաստան է եկել 19 տարեկանում` մասնակցելու միջազգային մշակութային մի կոնֆերանսի, ներկայացնում էր Բելառուսը: Դա առաջին լուրջ ծանոթությունն էր հայրենիքի հետ: Հաջորդ այցն արդեն քաղաքական էր` 2008-ի նախագահական ընտրություններին, որպես միջազգային դիտորդ:

Այդ այցը նրա համար շատ կարևոր էր, որովհետև բացահայտում է իրական Հայաստանը. «Երևանից բացի, ես տեսա նաև Արարատի մարզի գյուղերը: Ընտրական հանձնաժողովները տեղակայված էին գյուղերի դպրոցներում: Տեսա դպրոցներ, որոնք այդ ցրտին պատուհան չունեին, հատակը բետոնից էր, գրատախտակն աթոռով հենված էր պատին, որ չընկնի, երեխաները վերարկուով ու ձեռնոցներով դաս էին գրում… Ես նման բաներ երբեք չէի տեսել, և դա ինձ համար մեծ շոկ էր»:

Վերադառնալով Բելառուս` սկսում է մտածել Հայաստանի հետ կապերն ամրապնդելու մասին, որպեսզի ինչ-որ կերպ կարողանա նաև օգտակար լինել: Սակայն Նինայի ծննդավայրում` Վիտեբսկ քաղաքում, շատ հայեր չէին ապրում, հայ համայնք` որպես այդպիսին, գոյություն չուներ:

Երբ ընդունվում է Բելառուսի մշակույթի համալսարան և տեղափոխվում մայրաքաղաք` Մինսկ, միանգամից միանում է տեղի հայ համայնքի կյանքին: Սակայն նկատում է, որ Մինսկում էլ համայնքը, մասնավորապես` երիտասարդությունը, համախմբված ու կազմակերպված չէ, չկա որևէ երիտասարդական կառույց: Նինան մի քանի ընկերների հետ հիմնում է երիտասարդական հայ համայնք: «Հինգ տարվա ընթացքում Բելառուսը դարձավ ԱՊՀ երկրների ամենաերիտասարդ և հզոր հայ համայնքներից մեկը»,- ասում է նա:

Այդ ժամանակ Նինան ավելի հաճախ է տարբեր ծրագրերով Հայաստան գալիս: «Եվ այդպես, մեկ, երկու, զգացի, որ ամեն անգամ Հայաստանից ավելի ծանր հոգով եմ գնում, չեմ ուզում գնալ: Ճիշտ է` Բելառուսում ինձ համար շատ լավ էր, այնտեղ բավականին կայացած էի, դասախոսում էի համալսարանում, ի դեպ, հիմա էլ դեռ ասպիրանտ եմ, ղեկավարում էի Բելառուսի երիտասարդ հայ համայնքը, և բոլորը Հայաստան տեղափոխվելու միտքս անլուրջ էին համարում: Բայց որոշեցի վերադառնալ»:

Այդ որոշումն ավելի գործնական բնույթ է ստանում, երբ անցյալ տարի Երևանում հանդիպում է «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) հասարակական կառույցի հիմնադիր Վարդան Մարաշլյանին, որին` որպես նախկին մոսկվաբնակ ակտիվ երիտասարդի, վաղուց գիտեր: «Repat»-ը շատ ճիշտ է աշխատում, հայրենադարձին երազներ ու հույսեր չի տալիս, շատ ճշգրիտ ներկայացնում է և՛ Հայաստանի դժվարություններն ու խնդիրները, և՛ առավելությունները, տեղեկացնում, թե ինչ ռեսուրսներ են պետք այստեղ հաստատվելու համար, և եթե դու պատրաստ ես հաղթահարելու բոլոր խոչընդոտները, ապա բարի գալուստ»:

Ըստ Նինայի` հիմնադրամի շուրջ հավաքված հարյուրավոր հայրենադարձներն են, որոնք օգնում են նորեկներին ավելի հեշտ անցնել այն ճանապարհը, որ անցել են իրենք:

«Repat»-ի շուրջ հավաքված տարբեր երկրների հայերն այսօր կուռ համայքն են ձևավորել Հայաստանում, և այդ բազմերանգությունը կարող է լրջորեն վերափոխել ու հարստացնել Հայաստանի գունապնակը: «Շատ ուրախ եմ, որ Հայաստանում գտնվում են տարբեր մարդիկ, անգամ արտասահմանցիներ, որոնք նոր շունչ, նոր ժպիտներ են բերում: Հիմա, երբ դուրս ես գալիս փողոց, ավելի հաճախ ես տեսնում ժպտացող մարդկանց»,- նկատել է Նինան:

397385_10151717476979203_980184517_nՉնայած ահռելի փոփոխություններին, որ մեր հայրենադարձ զրուցակիցը տեսել է Հայաստանում 2007-ից ի վեր, լավ գիտի, որ այսօր Հայաստանի առջև ծառացած է լրջագույն մի մարտահրավեր` արտագաղթը: «Այո, կան մարդիկ, որոնք օբյեկտիվ պատճառներով են գնում, բայց կա նաև մարդու մի տեսակ, որի կյանքի նպատակը կենցաղն է, նման մարդիկ առաջնորդվում են «որտեղ հաց, էնտեղ կաց» կարգախոսով, և այդ տեսակի մարդկանց անիմաստ էլ է բացատրել բարձր գաղափարներ` ազգ, ժողովուրդ, պարտականություն: Մեկ է` քեզ չեն լսի: Պիտի գնան ու համոզվեն, որ ստամոքսի խնդիրը լուծվում է, բայց դրա փոխարեն կորցնում են շատ ավելի մեծ բան»:

Նինան հասկացել է, թե որն է այսօր Հայաստանի և ընդհանրապես, հայության ամենագլխավոր խնդիրը: Ասում է` չունենք ընդհանուր մի նպատակ, ռազմավարություն, գաղափարախոսություն` պետականորեն մշակված: «Այսօր որևէ պետական անձ կարո՞ղ է ասել, թե մենք ուր ենք գնում: Իմ կարծիքով` ոչ: Հայաստանն ու Սփյուռքն առանձին-առանձին են գործում: Միասնական են միայն Ցեղասպանության ճանաչման գաղափարի շուրջ, վերջին օրերին համախմբվեցին նաև Քեսաբի դեպքերի շուրջ, բայց եթե Ցեղասպանության խնդիրը լուծվի, ինչի՞ շուրջ ենք համախմբվելու»:
Երիտասարդ բելառուսահայն ունի իր պատասխանը. ողջ հայությանը համախմբել Անկախ Հայաստան պետության շուրջ:

Ի դեպ, նա նշում է, որ Սփյուռքում շատերն են ուզում հայրենադարձվել, սակայն ռիսկ չեն անում, քանի որ Հայաստանի մասին Սփյուռք հասնող լուրերը հիմնականում բացասական են: Նույն բացասական ֆոնն էլ` ավելի խիտ գույներով, Հայաստանում է: Նինան զարմանում է, որ տեղաբնակները, փոխանակ իրենց վերադարձով ուրախանան ու ոգևորվեն, հարցնում են, թե ինչու են եկել մի երկիր, որտեղից բոլորն ուզում են գնալ: «Սա նույնն է, որ երկար տարիներ հետո վերադառնաս քո տուն, դուռը բացես ուրախ սրտով, դրական էներգիայով, ոգևորությամբ, ու քեզ չասեն` ներս արի»:

1801349_10201491610446435_316227844_oՆինան ընդամենը չորս ամիս է, ինչ Հայաստանում է մշտական բնակություն հաստատելու նպատակով: Չնայած երեք բարձրագույն կրթություններին` առայժմ լուրջ աշխատանք գտնելու փուլում է և ընդունում է, որ այստեղ դա հեշտ բան չէ, քանի աշխատաշուկան փոքր է, լավ մասնագետները` շատ, մրցակցությունը` մեծ: Սակայն վստահ է, որ իր մասնագիտությամբ կկարողանա աշխատանք գտնել:
Համալսարանը միջազգային մշակութային կապերի մենեջերի որակավորմամբ ավարտած, զուգահեռ նաև պետական կառավարման խորհուրդն ավարտած ու դրանից բացի`քոուչինգի բնագավառում խորացած երիտասարդն այսօր Հայաստանում աշխատելու համար ընտրել է վերջինը: Ինչո՞ւ, որովհետև քոուչինգն այստեղ տարածված ու զարգացած չէ, մինչդեռ դա մի կարևոր ոլորտ է, որի նպատակն է մարդուն բերել այն համոզման, որ ինքն ի վիճակի է հասնելու իր առջև դրված նպատակներին, ճանաչելու ինքն իրեն, բացահայտելու իր հնարավորություններն ու կարողությունները: Արտերկրում այն տարածված է տարբեր բնագավառներում:

1488040_10201059424362053_1456644567_nՆինան բիզնես քոուչինգի մասնագետ է, ինչը, ցավոք, Հայաստանում դեռևս այնքան էլ տարածված չէ, և դրանից օգտվում են միայն որոշ խոշոր կազմակերպություններ:
«Եթե քայլում ես, պետք է ինչ-որ տեղ հասնես: Ես ջահել եմ, ճկուն, սա չլինի` մյուսը կփորձեմ, դա էլ չլինի` մեկ այլ բան կձեռնարկեմ, բայց գիտեմ, որ առանց աշխատանքի չեմ մնա: Միշտ կարելի է ինչ-որ բան անել, եթե ցանկություն ունես»:
Կարևոր է, որ հիմա նա այստեղ է` տանը, ինչպես ինքն է ասում: Ճիշտ է` նրան ի սրտե «ներս արի» չեն ասել, բայց դե դուռն էլ երեսին չեն շրխկացրել, այնպես որ ամենևին չի պատրաստվում իր տնից հեռանալ:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Բելառուսի դեսպանատունը կտեղակայվի Առինջ գյուղում

բելառուսԱյսօր տեղի ունեցած նիստում կառավարությունը Բելառուսի Հանրապետությանը թույլատրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեփականատիրոջից սեփականության իրավունքով ձեռք բերել 0,3747 հա հողամաս` դեսպանության տեղակայման համար:

Բելառուսի նախագահը Բաքվում է

Ադրբեջան, Բելառուս, Ալեքսանդր ԼուկաշենկոԲաքվում տեղի է ունեցել Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական ընդունելության արարողությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, նոյեմբերի 21-ին` այդ արարողությունից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը առանձնազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Հանդիպմանը կողմերը դրական են գնահատել Ադրբեջանի և Բելառուսի միջև  քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը:

 

 

Նախագահը Մինսկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին

Սերժ Սարգսյան,Բելառուս, ԱՊՀ

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում այսօր Մինսկում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին:

Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարներն օրակարգի շրջանակներում քննարկել են տարբեր ոլորտներ ներառող 14 հարց, որոնք վերաբերել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման հեռանկարներին, իրավապահպանության ոլորտում համագործակցությանը, մշակութային-հումանիտար կապերի հետագա զարգացմանը:

Քննարկված հարցերի թվում են եղել 2014-2016թթ. ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների դեմ պայքարում համագործակցության, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում համագործակցության և 2014-2018թթ. թմրամոլությանը հակազդման մասին ծրագրերը, որոնք հաստատվել են նիստի մասնակիցների կողմից:

Նախագահները քննարկել և հավանության են արժանացրել նաև 2014-2018թթ. հանցավորության դեմ պայքարում համատեղ միջոցառումների միջպետական ծրագիրը, այդ նույն ժամանակահատվածում մարդկանց առևտրի դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին ծրագիրը:

Նիստում հաստատվել են կոռուպցիային հակազդման միջպետական խորհրդի ձևավորման մասին համաձայնագիրը և տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված հանցավորության դեմ պայքարում համագործակցության մասին հայեցակարգը ևս:

Հումանիտար համագործակցության ոլորտում քննարկվել են 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակը տոնելու նախապատրաստմանը վերաբերող հարցեր, որոշում է կայացվել 2014թ. ԱՊՀ-ում զբոսաշրջության տարի հայտարարելու և «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը 2014թ. իրականացնելու մասին:

Որոշվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Կիևում: ԱՊՀ նախագահությունը փոխանցվել է Ուկրաինային:

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելառուսի մայրաքաղաքում ԱՊՀ մասնակից պետությունների մյուս նախագահների հետ մասնակցել է նաև Անկախության պալատի բակում պատվավոր հյուրերի ծառուղու հիմնադրման արարողությանը:

Նախագահը Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին

 Սերժ Սարգսյան,Բելառուս,Մաքսային միություն,Միասնական տնտեսական գոտի

 Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով՝ Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահների մասնակցությամբ նիստին:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստում քննարկման է ներկայացվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության անդամակցության նախապատրաստման վերաբերյալ երեք փաստաթուղթ, որոնք հաստատվել են: Դրանք են Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին Հայաստանի մասնակցության մասին հայտարարությունն ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիրը:

 

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է կարճատև արձակուրդ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 24-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի և ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստերին:

Ռուսաստանը և Բելառուսը համատեղ զորավարժանք են իրականացրել

lukashenko-putinՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի իր գործընկերը դիտել են 22,000 զինվորների մասնակցությամբ երկու պետությունների համատեղ զորավարժանքները:

West 2013 զորավարժանքները տեղի են ունեցել հինգշաբթի արևմտյան Բելառուսի Գրոդնո քաղաքի մոտակայքում և Ռուսաստանի արևմտյան Կալինինգրադի մարզում: Զորավարժանքներին մասնակցում էին նաև 500 ռազմական մեքենա, 90 ինքնաթիռ, ինչպես նաև Ռուսաստանի սևծովյան ռազմական նավատորմը:

Երկու երկրների բանակները կանոնավոր կերպով համատեղ ռազմավարժանքներ են իրականացնում, սակայն հինգշաբթի իրականացվել են երկու պետությունների մասնակցությամբ երբևէ տեղի ունեցած ամենամեծ զորավարժանքները:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցում էր իր իննամյա որդու հետ միասին, որը նույնպես զինվորական համազգեստ էր կրում:

 

Սերժ Սարգսյանը Սոչիում հանդիպել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

3870_bԱշխատանքային այցով Սոչիում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մինչ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանի մեկնարկը հանդիպում է ունեցել Բելառուսի Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է, որ բարձր մակարդակի հաճախակի հանդիպումները, երկու երկրների տարբեր գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցությունն զգալիորեն նպաստում են միջպետական հարաբերությունների օրակարգի հարստացմանը փոխշահավետ բոլոր ուղղություններով:

Հայաստանի և Բելառուսի նախագահները գոհունակությամբ են նշել, որ մի քանի ամիս առաջ Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածությունների որոշակի մասն արդեն իրականացվել է, իսկ մի մասն էլ իրագործման ընթացքի մեջ է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից հետո միության անդամ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարին: Կողմերը քննարկել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում Բելառուսի աջակցությանը վերաբերող հարցեր:

Հայաստանի և Բելառուսի նախագահները հայ-բելառուսական հարաբերությունների ամրապնդման գործում մեծապես կարևորել են նաև Բելառուսում հայ համայնքի դերը:

Փոխվարչապետն ընդունեց Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակությանը

3590_bՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Բելառուսի Հանրապետության Մինսկի մարզի պատվիրակությանը` նահանգապետ Բորիս Բատուրայի գլխավորությամբ: Պատվիրակությունը Հայաստանում է` Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի հետ համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով, եւ անցած օրերին հանդիպումներ է ունեցել մարզային իշխանությունների հետ, ծանոթացել գործակցության ներուժին:

Ա. Գեւորգյանը ողջունեց համագործակցության նախաձեռնությունը` նշելով, որ ՀՀ կառավարությունը խրախուսում է ապակենտրոնացված մակարդակով հարաբերությունների խորացումը եւ գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի հետ ավանդական բարեկամական կապեր ունեցող Բելառուսի մարզերի հետ համագործակցությունը զարգանում է:
Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի ներուժի, տեղերում իրականացվող մեծածավալ ծրագրերի մասին` նկատելով, որ երկու մարզերը հարուստ են նաեւ պատմամշակութային ժառանգությամբ եւ զբոսաշրջային մեծ հնարավորություններ ունեն:

Հյուրերը տեղեկացրեցին, որ արդեն նախանշվել են համագործակցության որոշ նախագծեր, որոնք կարող են հաջողությամբ կյանքի կոչվել: Նրանք իրենց հայ գործընկերներին նույնպես հրավիրել են Բելառուս`համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները քննարկելու համար: Կողմերը հեռանկարային են համարում գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությունը:

Հասարակայնության հետ կապերի բաժին