Ջեյմս Ուորլիքը ողջունել է Սոչիի հանդիպման նախաձեռնությունը

jamesԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը իր «Twitter»-յան էջում թողած գրառմամբ ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստանի
և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը: «Մենք ողջունում ենք Պուտինի նախաձեռնությունը` կապված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հետ: Մենք կոչ ենք անում պահպանելու զինադադարի ռեժիմը»,-գրել է Ուորլիքը իր միկրոբլոգում:

 

Անկախ

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի. Ջեյմս Ուորլիք

1 (2)Բազմաթիվ գլոբալ խնդիրների լուծման հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը պետք է առաջնահերթություն լինի: Այդ մասին Twitter-ի էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ: Մինսկի խմբի համանախագահներ Պիեռ Անդրիեն (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսերեն), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հուլիսի 22-ին Բրյուսելում առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:

Համանախագահները լուրջ մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում աճող լարվածության և բռնության կապակցությամբ: Համանախագահները երկու երկրների արտգործնախարարներին կոչ են արել թուլացնել լարվածությունը և հավատարիմ մնալ հրադադարի մասին համաձայնագրի պայմաններին:

 

Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ ջանքեր չի գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար. թուրք նախարար

Մևլյութ Չավուշօղլու  Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար Մևլյութ Չավուշօղլուն Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը լուրջ ջանքեր չի գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար: Նա կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ավելի ակտիվ մասնակցության դեպքում հակամարտությունն արդեն ավարտված կլիներ: «Հակամարտությունը պետք է կարգավորվի հնարավորինս շուտ»,-ասել է նախարարը` նշելով, որ Ուկրաինայում առաջացած վիճակը նրա հետևանքն է, որ Օսիայի, Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները չեն լուծվել: «Հիմա Ղրիմի հարցն է առաջ եկել: Նման սառեցված կոնֆլիկտները վտանգ են ներկայացնում Եվրոպայի կայունության համար»,-նշել է Չավուշօղլուն:

 

Անկախ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ

6623ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկցնում են՝

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիպում է ունեցել ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ, խոսել մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն հարցերի մասին:

«Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ մեր նախկին հանդիպումից բավական ժամանակ է անցել՝ չնայած դուք պարբերաբար տարածաշրջանային հանդիպումներ եք ունեցել, իսկ երկու ամիս առաջ ես եմ այցելել ԱԳՆ կենտրոնական ապարատ։ Բացի այդ, քանի որ վերջին ժամանակներս բավականաչափ հաճախ են դարձել այցելությունները, որոնց ընթացքում ես հնարավորություն են ունեցել ձեզնից շատերի հետ հանդիպելու և խոսելու: Այս հավաքը շատ լավ առիթ է անդրադառնալու մեր արտաքին քաղաքականության օրակարգային հարցերին, միջազգային և տարածաշրջանային ավանդաբար գոյություն ունեցող և նոր առաջացող մարտահրավերներին ու դրանց դիմակայման ուղիներին:

 Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետՑավով պետք է արձանագրենք, որ աշխարհում անկայունության լուրջ միտումներ են նկատվում: Աճում են լարվածությունն ու անորոշությունը: Դա թելադրում է մեր դիվանագիտական ներկայացուցչությունների, արտգործնախարարության և շահագրգիռ այլ գերատեսչությունների գործունեության շարունակական կատարելագործում, միջգերատեսչական փոխգործակցության ամրապնդում: Դիվանագետը պետք է կարողանա ճիշտ ուսումնասիրել, վերլուծել և գնահատել իրավիճակը, տալ զարգացման կանխատեսումներ և առաջարկել ազգային շահերից բխող լուծումներ: Մենք հաճախ ենք նշում, որ կարևորագույն ներուժը մարդկային կապիտալն է: Ուստի սպասողական դիրքորոշում որդեգրած, դեպքերին լոկ արձագանքող, գործից խուսափող դիվանագետն անթույլատրելի ճոխություն է մեզ նման պետության համար: Ձեզնից ակնկալում ենք ակտիվ ներգրավում այն բոլոր տեղերում, որտեղ ուղղակիորեն կամ միջնորդավորված շոշափվում են Հայաստանի և հայության շահերը»,- ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետության Նախագահը:

Սերժ Սարգսյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի արդիական հարցերին, մի շարք ուղղություններով արտաքին գործերի նախարարության կողմից իրականացված և առաջիկա աշխատանքներին, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման ընթացքին, առկա մարտահրավերներին, դրանց դիմակայելու գործում արտաքին քաղաքական գերատեսչության անելիքներին: Սերժ Սարգսյանը ներկայացրել է նաև գործընկեր երկրների հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների զարգացման ներկայիս մակարդակն ու խոսել հեռանկարների մասին: Նա անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, հրադադարի հաստատումից քսան տարի հետո առկա վիճակին: Նախագահը բանակցային գործընթացում ընդգծել է հատկապես դիվանագիտության դերը և կարևորել հանդիպմանը ներկա դիվանագետներից յուրաքանչյուրի ամենօրյա հետևողական աշխատանքը:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին համայն հայության ջանքերի համադրման և համակարգված աշխատելու, այդ խնդրին համապարփակ ու խորքային մոտեցում ցուցաբերելու և Մեծ եղեռնի հարյուրամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու անհրաժեշտության մասին:

Իր խոսքում Նախագահն անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացին և այդ պարագայում տնտեսական հարաբերություններին:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև սիրիական ճգնաժամի բոլոր ռիսկերն ու հետևանքներն իրենց վրա զգացող Սիրիայի ստվար հայկական համայնքին Հայաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Նախագահն առանձնակի արժևորել է Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Գլխավոր հյուպատոսության գործունեությունը, որոնք այս ողջ ընթացքում գործուն աջակցություն են ցուցաբերում սիրիահայությանը և շնորհակալություն է հայտնել այդ երկրում աշխատող մեր դիվանագետներին՝ խիզախ ու անձնվեր ծառայության համար:

Նախագահը խոսել է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործում մեր երկրի կողմից իրականացվող գործուն աջակցության քայլերի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանը մշտապես և ամբողջ ծավալով իրականացնում է իր պարտականությունները` առաջնահերթ համարելով դաշնակցային հարաբերությունները:

Սերժ Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցությունն ու եվրոպական պետությունների հետ երկկողմ հարաբերությունների շարունակական խորացման և ամրապնդման ուղղությամբ աշխատանքները:

Հանրապետության Նախագահը ՀՀ դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմի ուշադրությունը հրավիրել է նաև դիվանագիտության տնտեսական բաղադրիչի ակտիվացման անհրաժեշտության վրա: Նախագահն ընդգծել է, որ մեր հանրապետությունում օտարերկրյա ներդրումներ ապահովելու համար անհրաժեշտ է առավել ճանաչելի դարձնել հայաստանյան տնտեսությունը և ճիշտ ներկայացնել Հայաստանում ներդրումներ կատարելու առավելությունները: Դրանց թվում, Նախագահի համոզմամբ, կարևոր նշանակություն ունի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության որոշումը:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է հյուպատոսական ծառայությունների որակին ևս՝ ընդգծելով, որ չնայած հյուպատոսական ոլորտում վերջին տարիներին իրականացվել են կարևոր բարեփոխումներ՝ միտված քաղաքացիներին մատուցվող հյուպատոսական ծառայությունների ընթացակարգերի դյուրացմանը, այնուամենայնիվ դեռևս շատ անելիքներ կան: Նախագահի համոզմամբ, յուրաքանչյուր բարեփոխման կամ նորարարության ներդրման առաջին գնահատողը Հայաստանի քաղաքացիներն են, և միայն նրանց դրական գնահատականն ու գոհունակությունն է հյուպատոսական ծառայության գործի առաջնային ցուցիչը: Ցանկացած որակյալ ծառայություն իրականացնելու համար, ըստ Նախագահի, հարկավոր են որակյալ կադրեր, որի ուղղությամբ ևս աշխատանքներ է իրականացվում: Դիվանագիտական ծառայությունը որակյալ կադրերով համալրելու գործում Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է Դիվանագիտական դպրոցի դերը:

Ելույթի ավարտին Նախագահը հաջողություններ է մաղթել դիվանագիտական ծառայության ղեկավար անձնակազմին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

3Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 31-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Պյեր Անդրյոյին՝ ֆրանսիացի նոր համանախագահին, որն իր լիազորությունների կատարմանը կանցնի մոտ ժամանակներս, և ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, հանդիպմանը մասնակիցները կարծիքներ են փոխանակել ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացի և դրա հեռանկարների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ մայիսի 16-19-ին՝ տարածաշրջան կատարած այցի ժամանակ, համանախագահներին չէր հաջողվել Բաքվում հանդիպել Իլհամ Ալիևի հետ, քանի որ վերջինս այցով գտնվում էր Վիետնամում:

 

Անկախ

Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան ծայրաստիճան ջերմ մթնոլորտում հաջողված հանդիպում էր. Անրի Ռենո

g_image

“Օլանդը կոչ արեց ընկալել այն քաղաքական իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը և ընկալելով այն` փնտրել մի միջոց, թեկուզ մի բանաձև, որը թույլ կտա Հայաստանն ասոցացնել ԵՄ-ի հետ”,- Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայաստանյան այցի արդյունքների ամփոփմանը նվիրված լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն: Դեսպանը Ֆրանսուա Օլանդի այցը որակեց որպես ծայրաստիճան ջերմ մթնոլորտում հաջողված հանդիպում:  Անրի Ռենոն խիստ կարևորեց նաև Օլանդի ուղերձը, որով խոստացավ Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առթիվ լինել Հայաստանում. “սա բավականին կարևոր հայտարարություն է օրենքի ուժով Հայոց  ցեղասպանությունը ճանաչած միակ երկրի ղեկավարի կողմից: Սա ցույց է տալիս խնդրո առարկայի վերաբերալ Ֆրանսիայի որդեգրած ռազմավարությունը”,-նշեց դեսպանը:

Դեսպանը կարևորեց նաև այցի տնտեսական բաղադրիչը, որի առնչությամբ հստակ ուղերձ կար առ Հայաստան. Ֆրանսիան Ռուսաստանից հետո Հայաստանում առաջին խոշոր ներդրողն է, և հարկ է այնպես անել, որ Հայաստան-Ֆրանսիա քաղաքական հարաբերությունների մակարդակին բարձրանան նաև տնտեսական հարաբերությունները: Այդ մտայնությանն էր ուղղված նաև Օլանդի այցը Հայաստանում նոր բացվող “Կարֆուր” առևտրի տուն և “Օրանժի” հայկական ներկայացուցչություն:

“Անկախ”-ի այն հարցին, թե դեսպան Ուորլիքի հայտարարությունն ու դրան հաջորդած 3 համանախագահների  հայտարարությունը ի ՞նչ էր նշանակում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, դեսպանը նշեց, որ 20-ամյա հրադադարը դեռ խնդրի լուծում չէ և կողմերը պետք է ձեռք առնեն բոլոր միջոցները տարածաշրջանում խաղաղության ու բարեկեցության ապահովման համար, իսկ համանախագահների հայտարարությունը լիովին համընկնում էր այդ քաղաքականությանը:

Անրի Ռենոն նշեց նաև, որ Մաքսային Միությանը անդամակցելը Հայաստանի` ինքնիշխան պետության որոշումն է, և բացառվում է, որ Հայաստանից պահանջվի հրաժարվել այդ որոշումից, բայց հայտարարվեց նաև, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու հարաբերությունները ԵՄ-ի հետ, ուստի, Ֆրանսիան ևս շահագրգռված է,որ Հայաստանը հավասար կարգավիճակով նստի բանակցային սեղանի շուրջ:

Խոսելով Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի մասին, դեսպանը նշեց, որ երկրորդ անգամ արդեն կա անհրաժեշտություն օրենքի նոր նախագիծը անպայման կազմել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նկատառումները հաշվի առնելով. սա բարդ գործընթաց է և ժամանակատար, սակայն դեսպանը նշեց, որ Ֆրանսիային հանձնարարված  է սատարել Շվեյցարիային Մարդու իրավունքների եվրոպական դատարան Շվեցարիայի կողմից ներկայացված հայցի կապակցությամբ: “Իսկ Ֆրանսիան առանձնահատուկ նախանձախնդրությամբ հետևում է այս հայցապնդման ճակատագրին, քանի որ եթե Շվեյցարիան դատը շահի, ապա Ֆրանսիայի կողմից ձեռնարկված օրինագծի իրավական հենքը ինքնըստինքյան երևան է գալիս՝ դառնալով անբեկանելի, որովհետև, փաստորեն, արդեն նախադեպը կա”,-նշեց Անրի Ռենոն:

Ռուբեն Հակոբյանը վտանգավոր է համարում Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

Ռուբեն ՀակոբյանԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի և համանախագահների համատեղ հայտարարություններին, ասաց, որ առաջին անգամ Մինսկի խումբը բացահայտ հայտարարում է, որ պետք է փոխվի ստատուս քվոն, քանի որ այն խանգարում է բանակցային գործընթացին, և որ պետք է  հետ վերադրաձվեն «գրավյալ տարածքները»։

«Սա չափազանց վտանգավոր մոտեցում է, եթե նկատի ունենանք այն օրակարգերը, որ այսօր կան աշխարհում,-ասաց Ռուբեն Հակոբյանը,-աշխարհի ուժեղներն այսօր իրար հետ հարցեր են լուծում, և կարծես թե պատերազմական գործողությունների դաշտը կամաց-կամաց տեղափոխվում է մեր տարածաշրջան»:

Նա ողջունեց  ԼՂՀ իշխանությունների և հասարակության ակտիվ դիրքորոշումը, որով նրանք դիմավորեցին համանախագահներին` նշելով, որ առանց Արցախի ժողովրդի մասնակցության, ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով ոչ մի հարց հնարավոր չէ լուծել:

Ռուբեն Հակոբյանի կարծիքով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններին Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ վերաբերվեն` հնարավոր մարտահրավերներին դիմակայելու համար և անեն ամեն ինչ, որ Ղարաբաղը դառնա հակամարտության կողմ:

Անկախ

Պետք է որոշենք` մեր պետության գոյության իմաստը ո ՞րն է. Արա Պապյան

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բոլոր կետերն ու հայտարարությունները շատ ընդհանրական են, առավել կարևոր են մանրամասները: Ի՞նչ խաղաղապահ ուժերի մասին է խոսքը, ո՞ր երկրների ուժերն են լինելու դրանք, ի՞նչ համամասնությամբ: Ստացվում է` մեզ ասում են, թե տվե՛ք ձեր իրական երաշխիքները, հետո կստանաք ինչ-որ բան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման  ժամանակ անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքականան զարգացումներին՝  նշեց «Մուդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

Ara-Papyan

Ըստ նրա՝  Մինսկի խմբի  ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթում արված շեշտադրումները և համանախագահների վերջին հայտարարությունը Արևմուտքի կողմից հայկական կողմերի վրա իրականացվելիք ճնշման նախաքայլերն են:

Ներկա պաշտպանական գիծն, ըստ Արա Պապյանի, ամրացված է, ունի հստակ տրամաբանություն և դրա համար մարդկային բազում կյանքեր ենք կորցրել: Ուստի, դրանք փոխարինելը ինչ-որ մշուշոտ ուժերով, որոնք շատ կոնֆլիկտներում ապացուցել են, որ անգամ իրենց անվտանգությունեը չեն կարողանում պաշտպանել, իրատեսական չէ: Ըստ Արա Պապյանի՝  1991թ.-ից հետո կոնֆլիկտը պետք է դիտարկվի միջազգային իրավունքի հիման վրա, այսինքն՝  ԽՍՀՄ-ի կողմից ընդունված որոշումների վրա չպետք է հիմնվել, այլ հիմք ընդունել 1920թ.-ին Ազգերի Լիգային որոշումը, որով ստացվում է՝ ոչ թե Հայաստանն է ինչ-որ բան գրավել Ադրբեջանից, այլ հակառակը:

Արա Պապյանն առայժմ պատերազմական իրադրություն չի կանխատեսում, քանի որ Արդրբեջանը միանշանակ երաշխիք չունի, որ կարող է հաղթել: Ստատուս-քվոյի այլընտրանքը պատերազմն է, սակայն, ըստ քաղաքագետի,  դա էլ կարող է բավարար չլինել: Քանի որ դեռևս կպահպանվի Ադրբեջանի կողմից ռևանշի ցանկությունը: Տևական անկախության հասնելու համար, ըստ նրա՝  Արդբեջանը չպետք է լինի, այլ ընդամենը բնիկ ժողովուրդների բնակատեղի:

Արա Պապյանը նշեց, որ սկզբնական շրջանում Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության որոշումը պատճառաբանվում էր Ղարաբաղի խնդրով, այսինքն՝ Ռուսատանը ճնշման լծակներ ունի , ուստի պետք է այնպես անել , որ ավելի վատ չլինի, սակայն հաշվի չէր առնվում, որ Արևմուտքը ազդեցության լծակներ ևս ունի և այս հայտարարությունները հենց այս լծակների բանեցման նախաքայլեր են:

Ըստ Արա Պապյանի` անհրաժեշտ է հասնել նրան, որ Հայաստանը Մաքսային Միությանը անդամակցի  անպայմանորեն Լեռնային Ղարաբաղի հետ միասին:

Ըստ բանախոսի` պետությունը պետք է նախ  ազգային խնդիրներ լուծի. «Այս պետության խնդիրը իր տարածքների ամբողջության վերականգնման հարցը պետք է լինի»,-նշեց Արա Պապյանը` ավելացնեով, որ պետությունը գոյություն ունի, եթե իր առջև գոյության իմաստ ունի դրված: Եթե չենք որոշել այս հարցի պատասխանը, ապա մեր պետությունը ինչո՞վ է տարբերվում, օրինակ, Ուրուգվայից կամ նույն հաջողությամբ կարող է լինել յուրաքանչյուր պետության տարածքում: Ուրիշ հարց էլ կա. նման իրավիճակում  մեր պետությունը արդյո՞ք կմնա իր այս սահմաններում»,-նշեց Արա Պապյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Զաքիր Հասանովի հետ

2 (2)Մայիսի 19-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն  ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պապովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոյին:

Հանդիպմանը քննարկել են շփման գծում առկա իրավիճակը: Իր հերթին Ադրբեջանի պաշտպանության  նախարարը նշել է, որ կոնֆլիկտի լուծման խնդրում միջազգային հանրության ջանքերն  անօգուտ են:

Նշենք, որ Ադրբեջանի նախագահը և արտգործնախարարը բացակայում են երկրից, հետևաբար համանախագահները չեն կարողացել հանդիպել նրանց հետ:

 

ԼՂՀ Քաշաթաղի բնակիչները փակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ճանապարհը.news.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչական կենտրոն Բերձորի մատույցներում բնակիչները փակել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստան) ճանապարհը, որոնք հերթական տարածաշրջանային այցն էին կատարել: Համանախագահները ստիպված են եղել դուրս գալ մեքենաներից եւ լսել բնակիչների պահանջները:

Բերձորից NEWS.am-ի թղթակցին հայտնել են, որ ճանապարհը փակել է տեղի երիտասարդությունը՝ պաստառներով, որոնց վրա գրված է եղել. «Մենք ենք այս հողի տերը», «Հարգեք մեր իրավունքները, մենք մեր որոշումը կայացրել ենք դեռ 1991-ին», «Ոչ միջազգային ուժերի տեղակայմանը»:

Մի քանի րոպե շփվելով ակցիայի մասնակիցների հետ եւ լսելով նրանց պահանջները, համանախագահները ամբոխի միջով հասել են տեղի վարչակազմի շենքին, որտեղ կարճ հանդիպում են ունեցել Քաշաթաղի շրջանի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ:

Շարունակությունը՝սկզնաղբյուր կայքում:

Անկախ

Մեզնից պահանջում են ազատագրված շրջաններ, իսկ Ադրբեջա՞նն ինչ է պատրաստ փոխզիջել

ջեյմս ուորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը, մայիսի 7-ին ելույթ ունենալով «Քարնեգի» հիմնադրամում, ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ամերիկյան կառավարության պաշտոնական դիրքորոշումը: Ամերիկացի համանախագահը նշեց, որ կողմերը հասել են մի այնպիսի կետի, երբ հետագա ընթացքի վերաբերյալ դիրքորոշումները շատ բևեռացված չեն, սկզբունքների, ըմբռնումների ու փաստաթղթերի մի ամբողջություն կա, որն արդեն շրջանառվել է և ուրվագծում է համաձայնությունը:

Ուորլիքը ներկայացրեց «հաստատված» փոխզիջման հիմնական տարրերը, որոնք հանրայնացվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների համատեղ հայտարարություններում:

«Այս սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը: Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ-ի խարտիան է, համապատասխան փաստաթղթերը և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը»,- ասաց Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահը նշում է այդ հիմքի վեց տարր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Ընդ որում` դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն:

«Առաջին` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը` կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով ապագայում, սա, ընդ որում, ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր: Երկրորդ` նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում: Երրորդ` Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել, և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի: Չորրորդ` պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը: Հինգերորդ` տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների` իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը: Եվ վերջապես վեցերորդ` կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության»:

Նրա ասածների մեջ, իհարկե, նոր բան չկա: 2009 թ. հուլիսից համանախագահող երկների նախագահները ամեն տարի հրապարակել են երեք սկզբունք` հակամարտության խաղաղ կարգավորում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք: Նորությունն այն շեշտադրումն է, որը տալիս է ամերիկացի համանախագահողը Արցախի կարգավիճակի հարցին` որպես հիմնական խնդրի: Դրական բան չկա այդ հայտարարության մեջ, որովհետև հիմնական սկզբունքների հետ հայկական կողմը հարցեր չունի, սակայն հարցն այդ սկզբունքների հիման վրա արվող առաջարկներն են:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այս հայտարարության կապակցությամբ նշեց, որ իրեն անհանգստացնում է ոչ թե այն, որ ըստ այդ հայտարարության ` Հայաստանը պարտվող կողմ է լինելու, այլ այդ հայտարարության համար ընտրված ժամանակը: «Ինձ թվում է` Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ-ն, ուկրաինական ճակատում բացարձակ ձախողում է գրանցում, Արևմուտքն այսօր խնդիր ունի իր դեմքը փրկելու, իսկ դրա համար երկրորդ ճակատ է պետք: Ուորլիքի հայտարարութունից հասկանում ենք, որ այդ ճակատը Անդրկովկասն է ,- ասաց Լևոն Շիրինյանը:- Ուորլիքի հայտարարությունը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ծրագիր է: Նրա կողմից ներկայացված 6 կետերը մեզ համար հավասարազոր են մահվան»:

Այս կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը մայիսի 9-ին Հաղթանակի այգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ես կոնկրետ դեմ եմ այդ մոտեցումներին, որ պետք է վերադարձնենք տարածքները: Հստակ բոլոր քայլերը պետք է հնչեցվեն, և այդ խնդիրը պետք է լուծվի երեք սկզբունքների հիման վրա` տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում, դա է լինելու մեր սկզբունքը»:

Ուորլիքի հայտարարությանն անմիջապես արձագանքեց ԼՂՀ ԱԳՆ-ն: «Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ: Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ` ազատ և իրավական կամարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ սակարկության: Գտնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը պետք է կենտրոնացվեն կարգավորման այնպիսի մեխանիզմների մշակման վրա, որոնք, հաշվի առնելով առկա իրողությունները, պայմաններ կապահովեն ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչո՞ւ ակտիվացան դիվանագետները

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը պարզաբանեց, թե ինչու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հենց հիմա ներկայացրել կարգավորման 6-կետանոց հիմնարար սկզբունքները: «Դրա համար կա երեք պատճառ. առաջին` լրանում է մայիսի 14-ին ստորագրված հրադադարի մասին պայմանագրի 20-ամյակը, երկրորդ` վերջին ամիսների ընթացքում կարգավորման գործընթացում առաջընթաց չկա, և այս ելույթով Ուորլիքը փորձում է նոր լիցք հաղորդել բանակցություններին: Եվ երրորդ` համանախագահն ուզում էր ներկայացնել ԱՄՆ քաղաքականությունը և տարբերակել Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը և շրջակա տարածքների կարգավիճակը, որովհետև տպավորություն է, որ երկու մայրաքաղաքներում, հասարակություններում, Լեռնային Ղարաբաղում այդ տարածքները դիտարկում են որպես ընդհանուր, սակայն դրանք տարբեր են, դրա հետ կապված արդյունքներն էլ պետք է տարբեր լինեն»:

Ակնհայտ է, որ Ուորլիքն ինքնագլուխ հայտարարություն չի արել, այլ կանխամտածված, ԱՄՆ իշխանությունների ու արտաքին քաղաքական կուրսի հետ փոխհամաձայնեցված:

Ուորլիքի հայտարարությունից 3 օր հետո միայն ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունն է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի ելույթի վերաբերյալ: Դրանում մասնավորապես ասվում է, որ ամերիկացի դիվանագետը իրավացի է, որ մի շարք առիթներով կողմերը գրեթե եկել են համաձայնության, սակայն Բաքվի հետքայլերի պատճառով հնարավորություն չի ընձեռվել առաջընթաց արձանագրելու տարբեր գագաթաժողովներում, չնայած կողմերը մոտ են եղել համաձայնությունների:
«Ամերիկացի դիվանագետը նշում է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները: Մենք բազմիցս ենք ընդգծել, որ առանց բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնարին է հասնել խնդրի հանգուցալուծման»,- նշվում է ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:

Պատերազմ, փոխզիջում կամ ստատուս քվո. ամերիկացի համանախագահի առաջ քաշած հակամարտության հանգուցալուծման երեք կետերից քաղաքագետ Սերգեյ Մինասյանը առաջին երկուսը բացառում է, մնում է ստատուս քվոն, քանի որ հնարավոր չէ դրանից խուսափել, երբ կողմերից մեկը պատրաստ չէ որևէ փոխզիջումային համաձայնության:

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի հայտարարությունից օրեր անց`մայիսի 12-ին, հրադադարի ռեժիմի հաստատման համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որով, գրեթե կրկնվում է Ուորլիքի հայտարարության բովանդակությունը:

Համանախագահների այս հայտարարության կապակցությամբ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ կա Մադրիդյան փաստաթուղթ, որը կողմերն ընդունել են որպես հիմք բանակցությունների համար, այլ ոչ թե ընդունել են բոլոր այն սկզբունքները, որոնք այնտեղ նշված են: Իսկ որպեսզի այդ բանակցություններում լինի առաջընթաց, անհրաժեշտ է համապատասխան մոտեցում բոլոր կողմերից: Տվյալ պարագայում Ադրբեջանի դիրքորոշումը թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում:
Մասնավորապես խոսքը վերաբերում է «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ» ձևակերպմանն ու ԼՂ ստատուս-քվոյի անդրադարձին: Շ.Քոչարյանն ընդամենն ասաց, որ սրանք երկու ամենասուր կետերն են, որոնց շուրջ, ակնհայտ է, կա անհամաձայնություն, ինչն էլ մատնանշում են համանախագահները:

Նշենք մի կարևոր հանգամանք. Ադրբեջանը պարբերաբար ձախողել ու չի կատարել բանակցային գործընթացի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչը ցույց է տալիս, որ դեպքերի ու իրադարձությունների` մեզ համար անցանկալի ընթացքի դեպքում մի անգամ էլ հավանաբար Հայաստանի կողմից լինի պայմանավորվածություններից հրաժարում: Հուսով ենք, որ բանը դրան չի հասնի, բայց այս տարբերակն էլ կա:

 

20-ամյա հրադադար. Ժամանակն ինքնաբերաբար մեր օգտին է աշխատում, բայց մենք չենք կարողանում ժամանակն աշխատեցնել մեր օգտին

Vazgen_Manukyan1994 թ. մայիսի 9-11-ը Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարները ստորագրեցին անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը, որով վերջ դրվեց ակտիվ ռազմական գործողություններին: Մի քանի օրից կլրանա հրադադարի կնքման 20-ամյակը: Հարց է առաջանում, թե ինչ ենք շահել ու ինչ կորցրել այս 20 տարիների ընթացքում:
Այս թեմայով «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ առաջին վարչապետ, 1992-ին ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հետ:

– Պարոն Մանուկյան, շատ է խոսվում, որ 1994-ի մայիսի զինադադարը շահեկան էր Ադրբեջանի, բայց ոչ Հայաստանի համար: Ձեր տեսակետն ինչպիսի՞ն է:

– Զինադադարը չի լինում հավասար պայմաններում, միշտ մեկը հաղթող է լինում, մյուսը` պարտվող, և զինադադար է կնքվում: Այդ առումով հայկական բանակը հաղթող կողմ էր, այսինքն` կարող էր շարունակել գնալ առաջ, բայց Բաքու հասնել չէր կարող: Այսինքն` Բաքվում կապիտուլյացիայի ստորագրում չէր կարող լինել:
Իհարկե, կարելի էր առաջ գնալ, բայց ի՞նչ գնով. հազարավոր երիտասարդների կորուստների գնով: Այդ տեսանկյունից կարծում եմ, որ զինադադարը ձեռնտու էր Ադրբեջանին, որը կոտրված վիճակում էր: Բայց բավական ձեռնտու էր նաև մեզ:

– 1998-ից ԼՂՀ-ն` որպես կողմ, չի մասնակցում բանակցություններին: Ինչո՞ւ այսպես ստացվեց: Ո՞ւմ էր ձեռնտու բանակցություններից ԼՂՀ-ի դուրս մնալը:

– Դա բարդ հարց է: Նախ` պետք է հասկանալ, թե «Ղարաբաղ» կոմիտեն ինչ քաղաքականություն էր վարում: Ղարաբաղյան շարժումն ամբողջ աշխարհի հայության համար ազատագրական պայքարի, ազգային արդարության վերականգնման հարց էր: Դա առաջացնում էր մեծ լիցք, ինչը հնարավորություն էր տալիս դիմանալու դժվարություններին, պատերազմելու, հաղթելու: Բայց քաղաքական տեսանկյունից ողջ աշխարհին ներկայացվում էր, որ դա ժողովուրդների ինքնորոշման հարց է, Ղարաբաղը հիմնվում է ազգերի ինքնորոշման վրա և ազատագրվում է Ադրբեջանից: Այդ պատճառով միշտ աշխատել ենք Ղարաբաղի հարցն առանձին ներկայացնել, ասել ենք, որ դա Ղարաբաղի հայության հարցն է, մենք օգնում ենք նրանց: Թվում է, թե ազգային մտածողության ու քաղաքականության մեջ հակասություն կա, բայց իրականում չկա:
Մեծ վեճեր կային այն ժամանակ` վերամիավորել Ղարաբաղը Հայաստանին, թե ոչ: Ե՛վ ես, և՛ Ղարաբաղ կոմիտեն և՛ շատ գործիչներ կարծում էինք, որ ճիշտ չէ վերամիավորելը, քանի որ այդ դեպքում կորցնում ես ինքնորոշման սկզբունքը և աշխարհի առջև կարող ես հանդես գալ ուղղակի որպես անեքսիայի ենթարկող, ինչը վտանգավոր էր: Մենք այն ուժը չունենք, որ ձեռնոց նետենք ամբողջ աշխարհին: Եվ բնական է, որ անընդհատ ձգտում էինք, որ բանակցող կողմը լինի Ղարաբաղը, իսկ մենք` միայն աջակցողը: Ադրբեջանը հասկանում էր, որ եթե Ղարաբաղն առանձին կողմ լինի, նույնն է, թե գործնականում ընդունի Ղարաբաղի անկախությունը: Անընդհատ այդ կռիվն ու վեճը եղել է, բայց մեզ միշտ հաջողվել է Ղարաբաղը որպես առանձին բանակցող կողմ ներկայացնել:
Վիճակը փոխվեց 1998-ին: Նախ` ճնշումները շատ էին, ոչ մեկը չէր ուզում ընդունել, որ Ղարաբաղն առանձին կողմ է: Մյուս կողմից էլ, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ, մինչ այդ էլ ԼՂՀ նախագահն էր, սկսեց ընկալվել, որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է և՛ ՀՀ-ն, և՛ ԼՂՀ-ն, որը ճիշտ մոտեցում չէր: Հիմա, եթե այդպես չլիներ, մենք շարունակեինք Ղարաբաղին որպես առանձին կողմ ներկայացնել, մենք ավելի շահեկան վիճակում կլինեի՞նք: Կարծում եմ, որ ոչ: Քաղաքական տեսանկյունից ճիշտ է, որ Ղարաբաղն առանձին կողմ լինի, բայց դա չէ հարցի լուծումը: Դա ավելի շատ հարցի լուծման ցուցանիշ է:
Այս առումով հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ չենք ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Այս վիճաբանությունը միշտ էլ եղել է. ընդունե՞լ Ղարաբաղի անկախությունը, թե՞ ոչ: Հարց այն չէ, որ ոմանք շատ ազգային են, ոմանք էլ` ոչ: Խոսքն ընդամենն այն մասին է, թե որն է քաղաքական տեսանկյունից ավելի նպատակահարմար: Կարծում եմ` ներկա վիճակում ընդունել Ղարաբաղի անկախությունը նշանակում է բանակցությունները չեղյալ հայտարարել և դիմացինին դրդել պատերազմի: Կարծում եմ` այս դանդաղ ընթացքը, երբ տարբեր երկրներ ու նահանգներ ընդունում են Ղարաբաղի անկախությունը, ավելի ճիշտ մոտեցում է, քան թե ՀՀ-ն ընդուներ անկախությունը:
Վերադառնալով բուն հարցին, այո, մեզ իսկապես ձեռնտու կլինի, եթե Ղարաբաղն ընկալվի որպես բանակցող կողմ, այդ դեպքում կարելի է համարել, որ Ղարաբաղի հարցն արդեն լուծված է:

– Հիմա փորձ է արվում Ղարաբաղին նորից բանակցություններում ընդգրկել որպես կողմ: Կարծում եք դա իրատեսակա՞ն է
– Կարծում եմ, որ ճիշտ է այդ ուղղությամբ գնալը:

– Խոսում ենք հրադադարի մասին, սակայն գրեթե ամեն օր ադրբեջանական կողմը կրակում է թե՛ հայկական դիրքերի, թե՛ խաղաղ բնակիչների ուղղությամբ: Նման պարագայում որքանո՞վ է տեղին խոսել հրադադարի մասին, թե՞ դե ֆակտո պատերազմի վիճակում ենք:

– Մենք չավարտված պատերազմի վիճակում ենք, երբ հրադադարի համաձայնություն է կնքվել: Հրադադարի հակառակը մեկ-մեկ իրար վրա կրակելը չէ, այլ բանակներով պատերազմելն է: Փառք Աստծո, մենք հիմա նման վիճակում չենք: Շատ ցավալի է ցանկացած երիտասարդի և մարդու մահը սահմանին, բայց դա զինադադար է: Մենք իսկապես ուժեղ ենք, բայց պատերազմ ոչ ոք չի ցանկանում: Ուրիշ բան, երբ քեզ պատերազմ են հայտարարում, պետք է հաղթես, մենք այդպես էլ արեցինք:

– Պարոն Մանուկյան, իսկ ըստ Ձեզ, այս տարիների ընթացքում կողմերից յուրաքանչյուրն ի՞նչ է շահել ու ի՞նչ կորցրել:

– Զինադադարը հանգեցրեց նրան, որ ամեն մեկը փորձեց ամրացնել բանակը և զարգացնել պետությունը: Բանակի ամրացում և՛ նրանք արեցին, և՛ Հայաստանն արեց: Նրանք ֆինանսական տեսանկյունից նոր տեխնիկա ձեռք բերելու ավելի շատ հնարավորություններ ունեին, բայց պատերազմում միայն տեխնիկան չէ որոշիչը: Կարծում եմ, որ հավասարակշռությունը չի փոխվել հօգուտ նրանց:
Ինչ վերաբերում է տնտեսությանը, Ադրբեջանը սկսեց օգտագործել իր նավթը, դաշնակից լինելը Վրաստանի և Թուրքիայի հետ, որն իրենց ուժեղացրեց, բայց կառավարման տեսանկյունից թուլացավ` դառնալով արևելյան միապետություն` դեմոկրատիայի շղարշով:
Հայաստանն ավելի լուրջ քայլեր արեց դեպի ժողովրդավարություն, բայց չեմ կարծում, որ Հայաստանն արդեն կարելի է անվանել լրիվ ժողովրդավարական երկիր: Մենք խնդիր ունենք, քանի որ ոչ մի ընտրության հետ հասարակությունը համաձայն չի եղել: Չնայած վերջին տարիներին քաղաքացիական հասարակությունը մի քանի հաղթանակներ տարել է, բայց շատ ու շատ հեռու ենք այն իրավիճակից, որ ասենք քաղաքացիական հասարակություն ունեցող ժողովրդավարական երկիր ենք:
Տնտեսական առումով ներքին ռեսուրսները լավ չենք օգտագործել և շատ թույլ ենք օգտագործել Սփյուռքի գոյությունը: Սփյուռք-Հայաստան համագործակցության հիմնական պոտենցիալն օգտագործված չէ:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը և զինադադարը պահպանելու ջանքերը որքանո՞վ եք հաջողված համարում:

– Կարծում եմ, որ շատ կարևոր առաքելություն է, որովհետև կարևոր է բանակցելով հետաձգել պատերազմը: Պատկերացրեք, եթե Մինսկի խումբը չզբաղվեր հարցով ու բանակցություններ չնախաձեռներ, թշնամական լռություն կտիրեր, որը մի օր անպայման կխախտվեր, բնականաբար` Ադրբեջանի կողմից: Գուցե և բանակցությունները շոշափելի արդյունք չեն բերել, բայց կարևորագույն առաքելությունն այն է, որ երբ բանակցության փուլում ենք, դրանով հետաձգվում է պատերազմը, իսկ եթե այն հետաձգվում է 20-40 տարի, դրանից հետո ոչ մեկն էլ պատերազմ չի սկսի:

– Որքանո՞վ է իրատեսական ԼՂ հակամարտության լուծումը առաջիկա տարիներին: Ըստ Ձեզ` ինչպե՞ս է հնարավոր դրան հասնել:

– Արդեն տասնյակ տարիներ Ղարաբաղն ապրում է որպես անկախ պետություն, այնտեղ սերնդափոխություն է տեղի ունեցել: Ներկայիս իշխանությունը վարողները նույնիսկ չեն հիշում, թե երբ է Ղարաբաղը ոչ անկախ եղել, արդեն անբնական կլինի գրչի ստորագրությամբ Ղարաբաղին զրկել անկախությունից, իրենք էլ չեն համաձայնի դրա հետ:
Բացի այդ, ԼՂՀ-ն ավելի ժողովրդավարական պետություն է, քան թե Ադրբեջանը, դա ցանկացած եվրոպացի էլ տեսնում է: Նեղ խոսակցությունների մեջ բոլորն էլ հասկանում են, որ հարցը լուծված է. պետք է այնպես անել, որ պատերազմ չլինի, այլ բան է փախստականների հարցը, սահմանների հստակեցումը, դրանք բանակցությունների հարց են:
Ժամանակը խնդիրը մաշելու հատկություն ունի, այդ առումով ժամանակն աշխատում է հօգուտ մեզ: Ուրիշ բան, թե մենք ինչպես ենք օգտագործում ժամանակը: Մեր ռազմաճակատը պետք է դառնար տնտեսությունը, մեծ քայլեր պետք է անեինք, նորմալ պետություն կառուցեինք: Այդտեղ ժամանակը հօգուտ մեզ չի աշխատում: Այո, զարգացումներ կան, բայց համեմատելի չեն հնարավորությունների հետ, որ ունեինք ու կարող էինք օգտագործել: Ու որքան էլ հարցը մաշվի, եթե լինես թույլ պետություն, իսկ դիմացինդ` հզոր ու ֆինանսական հնարավորություններ ունեցող, պարզ է` կփորձի այն հօգուտ իրեն լուծել:
Ստացվում է` ժամանակն ինքնաբերաբար մեր օգտին է աշխատում, բայց մենք չենք կարողանում ժամանակն աշխատեցնել մեր օգտին: Նշածս առումով: Մեր սխալը դա է: Եվ միայն նավթի հարցը չէ: Մենք զարգանալու հսկայական հնարավորություններ ունենք, որոնք բացարձակապես չեն օգտագործվել:

 

Ուորլիքի հայտարարությունը հայանպա՞ստ քայլ է, թե՞ սադրանք

8305e58b591b851bfc81a69b10024b3b-472x265

Սոցիալական ցանցերում շարունակվում է ակտիվորեն քննարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ:

Ֆեյսբուքի օգտատեր Վազգեն Ղազարյանը հետևյալ վերլուծությունն է արել.

«Մայիսի 7-ին Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Միացյալ Նահանգների քաղաքական դիրքորոշումը և ոչ միայն: Կարելի է ասել` ներկայացնելով, այսպես ասած, ԱՄՆ-ի դիրքորոշումը, նա ներկայացրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը: Միևնույն ժամանակ պետք է ասել, որ նա մեծ հաշվով ոչ մի նոր բան չի ասել: Նա պարզապես ներկայացրել է հակամարտության կողմերի միջև պայմանականորեն հաստատված փոխզիջման հիմնական տարրերը, որոնք հանրայնացվել էին դեռ 2009թ-ին:

Այնպես որ, առաջին հայացքից, ինչպես որ քիչ առաջ նշվեց, նա ոչ մի նոր բան չի ասել, քան այն, որ վերահաստատել է մի բան, որին տեղյակ էին բոլոր կողմերը (խոսքը նաև հասարակությունների մասին է) դեռ տարիներ առաջ, սակայն դրա ներկայացնելու ձևը բավական ուշագրավ է և արժանի մեկնաբանության:

Ինչպես հիշում եք, այս վեց կետերը մշտապես շահարկման առիթ էին դառնում տարբեր փորձագետների, քաղաքագետների կողմից, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների և հատկապես ադրբեջանցի պաշտոնյաների կողմից: Մենք հիշում ենք, թե ինչպես էր ադրբեջանական կողմը բազմիցս մանիպուլյացիայի ենթարկում առկա կետերը և սահմանում էր իրեն հարմար առաջնահերթությունը` անտեսելով այն կետերը, որոնք պաշտոնական Բաքվի շահերից չէին (չեն) բխում: Ուորլիքը, սակայն այդ առումով իր ելույթում արել է շատ հստակ հայտարարություն, որը, այսուհետ ըստ էության, ի չիք է դարձնում Բաքվի նման քաղաքականության հետագա փորձերը:

Այսպիսով՝ ամերիկացի պաշտոնյան ասել է մասնավորապես հետևյալը. «Կա վեց կետ, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Այս կետերի (կամ էլ տարրերի) հերթականությունը և դրանց հետ կապված մանրամասները, անշուշտ, բանակցությունների միջոցով պետք է որոշվեն, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն: Որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը»:
Կարճ ասած՝ այսուհետ, եթե նույնիսկ Ադրբեջանը փորձի էլ սեփական քաղաքականության համար իրեն նպաստավոր, ձեռնտու կերպով մեկնաբանել եղած սկզբունքները, ապա դրանք ոչ մի արժեք չպետք է ունենան նաև ադրբեջանական հասարակության համար, քանի որ ի դեմս Ուորլիքիմ մենք այժմ գիտենք միջազգային հանրության հստակ վերաբերմունքը նման ապակառուցողական քաղաքականության հանդեպ:

Ինձ համար երկրորդ ամենաուշագրավ պահը Ջեյմս Ուորլիքի ելույթում վերաբերում էր Արցախին և այդ երկրի ղեկավարության հետ իր հանդիպումներին: Նա իր ընդհանուր ելույթում, խոսելով Արցախի քաղաքական էլիտայի հետ հանդիպման մասին, ասել է հիմնականում հետևյալը. «Ես նաև Լեռնային Ղարաբաղում եմ եղել, որտեղ հանդիպել եմ դե ֆակտո իշխանությունների հետ, լսել նրանց դիրքորոշումները: Եկող շաբաթ կրկին նախատեսում եմ լինել այնտեղ՝ մյուս համանախագահների հետ միասին: Կասկածից վեր է, որ տևական խաղաղության ցանկացած համաձայնություն հաջողված համարվելու համար պետք է արտացոլի բոլոր կողմերի դիրքորոշումները»:

Պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչը փաստացի հակամարտության կողմ է ճանաչում նաև Արցախին, իսկ գուցե հենց միայն Արցախին: Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ուորլիքը իր թվիթերյան գրառումներից մեկում ասել էր, որ հակամարտությունը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև է, այլ Արցախի և Ադրբեջանի: Այս ելույթով կարելի է ասել, որ եթե անգամ ամերիկացի պաշտոնյան չի վերահաստատում իր ավելի վաղ արած պնդումը, ապա առնազն Արցախը ճանաչում է որպես հակամարտության կողմ, որն ինքն իրենով աննախադեպ է վերջին տարիներին ընթացող բանակցությունների շրջանակներում:

Այսքանից հետո հարց է առաջանում, թե ինչ դրդապատճառներ են ստիպել ԱՄՆ-ին նման կեցվածք ընդունել Արցախյան հակամարտության համատեքստում: Տեսեք, այն, որ ԱՄՆ-ի կողմից վերջին շրջանում նկատվում է ակտիվացում այս հարցում և այն էլ որոշ առումներով հայամետ կեցվածքով, ակնհայտ է, բայց նույնքան ակնհայտ չէ, թե որոնք են դրա հիմքում ընկած դրդապատճառները: Այնպես որ, ինչքան էլ առաջին հայացքից հայամետ թվա Ուորլիքի ելույթը, այն նաև մեծ վտանգներ է իր մեջ պարունակում: Չի բացառվում նաև, որ սա սադրանք լինի, բայց ամեն դեպքում շատ առաջ չանցնենք նման ենթադրություններով և սպասենք դեպքերի հետագա զարգացմանը»:

 

Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհանգստացնում է Ադրբեջանին

Ջեյմս ՈւորլիքԱդրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտնել է, որ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում լուրջ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունները՝ դեսպանությունը նշել է, որ ԱՄՆ համակարծիք չէ նրա դիրքորոշման հետ:

Նշենք, որ օրերս Ուորլիքը իր «Թվիթեր»-յան էջում կատարած գրառմամբ հայտնել էր, որ մայիս ամսին ԱՄՆ-ում նախատեսվում են հանդիպումներ Լոս Անջելեսում հայկական, իսկ Հյուսթոնում՝ ադրբեջանակական համայնքների հետ, որոնց ընթացքում քննարկվելու է ԼՂ հարցը:

Ուորլիքի քայլը քննադատության էր արժանացավ Ադրբեջանի կողմից, ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարեց, որ Ադրբեջանը հնարավոր է բարձրացնի Ջեյմս Ուրոլիքին հետ կանչելու հարցը:

 

Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախագահին կփոխարինի Մոլդովայում Ֆրանսիայի դեսպան Պիեր Անդրիյը

Ժակ ՖորԱռաջիկայում ԵԱԿՀ Մինսկի խմբի Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժակ Ֆորը, ավարտելով իր պարտականությունները, կփոխարինվի մեկ ուրիշ համանախագահով:

Ֆրանսիացի համանախագահի պաշտոնը կզբաղեցնի փորձառու դիվանագետ, Մոլդովայում Ֆրանսիայի դեսպան Պիեր Անդրիյը: Ռազմավարական հետազոտությունների ֆրանսիական հիմնադրամի փորձագետներից քաղաքագետ Կայծ Մինասյանը նշել է, որ Անդրիյի նշանակմամբ Ֆրանսիան կսկսվի ավելի կոնկրետ և ակտիվ աշխատանքներ տանել բանակցային գործընթացում:

 

Անկախ

Ջեյմս Ուորլիքը անհանգստացած է հայ- ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակվող բռնության դեպքերով

Ջեյմս ՈւորլիքԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը անհանգստացած է հայ- ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակվող բռնության դեպքերով։ Հակամարտող կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը բանակցությունների բարելավման համար:  Այս մասին ադրբեջանական “Թրենդ” գործակալությանը ասել է Ջեյմս Ուորլիքը։

Նրա խոսքով՝ զոհերի և վիրավորների վերջին դեպքերը ցույց են տալիս, որ դա վտանգավոր հակամարտություն է, որտեղ հաղթողներ չկան։

Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ-ն և դրա բոլոր ինստիտուտներն աջակցում են խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված համանախագահների ջանքերին։

Նրա խոսքով՝ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծում են այդ աշխատանքի կարևորությունը։ Կողմերը պետք է օգտվեն այդ պահերից` խաղաղ գործընթացի առաջխաղացման համար վճռական քայլեր ձեռնարկելու նպատակով։

 

Ինչպես նշում է Ուորլիքը, համանախագահները պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել։ “Ես և մյուս համանախագահները ողջ ուշադրությունը սևեռել ենք կողմերին օգնելու հարցին՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, նախագահների՝ վերջին 5 տարիներին ընդգծած տարրերի հիման վրա արդար և կայուն լուծման հասնելու համար։ Մեր չեզոքությունը շատ կարևոր է այս գործընթացի համար”,- ընդգծել է Ուորլիքը։

 

Նրա խոսքով՝ համանախագահները պարբերաբար այցեր են և շարունակելու են այցելել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ։ Այդ այցերը յուրօրինակ հնարավորություններ են՝ իրավիճակն ավելի լավ հասկանալու համար։
Անրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպմանը՝ համանախագահը նշել է, որ նախագահները համաձայն են բարձր մակարդակով հետագա բանակցությունները շարունակել։

 

Անկախ

ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

EAHKԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահները Հաագայում տեղի ունեցած Միջուկային անվտանգության թեմայով համաժողովի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Ադբեջանի արտգործնախարարների՝ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր «Թվիթեր»-յան էջում գրել է, որ հանդիպումը անցել է բավականին դրական: Ուորլիքը նշել է, որ համատեղ ջանքերով կարելի է հասնել խաղաղության:

 

Անկախ

Ադրբեջանի գործելաոճը խաթարում է խաղաղ բանակցային պրոցեսները

d5afd5a1d680d5a5d5b6-d5a1d5bed5a1d5a3d5b5d5a1d5b6

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Ադրբեջանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող տարբեր տրամաչափի գործիչներ, պարբերաբար, փորձում են ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Ադրբեջանի ակնկալիքները Միսնկի խմբից, հավանաբար, միակողմանի զիջումներն են, հետևաբար Մինսկի խմբի ցանկացաց այլ առաջարկություն Ադրբեջանի կողմից մատուցվում է խեղաթյուրված, չընկալված և պիտակավորված :

Նման գործելաոճը խաթարում է խաղաղ բանակցային պրոցեսները:

ԵԱՀԿ Մինսկի խումբը եղել և մնում է խնդրի խաղաղ կարգավորման լավագույն ձևաչափը”:

 

Անկախ

Նոր իրավիճակ` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ

140771

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ այս ամիս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելու նպատակով: Նման եզրակացության կարելի է գալ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումից, որում նա հույս է հայտնել, որ մարտ ամսին հնարավոր կլինի նման մակարդակի հանդիպում կազմակերպել:

Նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպումը կարևոր է ոչ միայն բանակցությունների շարունակականություն ապահովելու, այլև Ուկրաինայում ու, մասնավորապես, Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Բանակցությունների շարունակականության ապահովում

Նախագահների մակարդակով վերջին հանդիպումը կայացել է 2013 թվականի նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում: Չնայած այդ հանդիպմանը հետևած դրական մեկնաբանություններին՝ այդ թվում երկու նախագահների շուրթերից հնչած լավատեսական արձագանքներին, հանդիպումից որոշ ժամանակ անց իրավիճակը առաջնագծում կտրուկ սրացումներ ունեցավ:

Նախ, 2013 թվականի դեկտեմբերի 14-ին հակառակորդի դիպուկահարի գործողությունների արդյունքում հայ զինծառայող զոհվեց, իսկ ավելի ուշ՝ 2014 թվականի հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, հայկական մարտական դիրքերի նկատմամբ երկու ուղղություններով Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություն իրականացվեց: Արդյունքում հայկական կողմը ևս մեկ զոհ ունեցավ: Դիպուկահարների ակտիվացման հերթական ալիքը գրանցվեց հունվարի 29-ին, ինչի արդյունքում, ցավոք, կրկին զոհ գրանցվեց:

Նախագահների` Վիեննայում կայացած հանդիպման հաջորդող վերջին միջադեպը կապված է Ադրբեջանից հայրենիք հայրենադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հետ. բուժզննության արդյունքում պարզ դարձավ, որ վերջինիս Ադրբեջանում կտտանքների են ենթարկել. Խոջոյանը ոչ միայն ձեռքի կոտրվածք էր ստացել, այլև հրազենային վիրավորում ուներ:

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններ

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները համակարգային վերլուծության տեսանկյունից Հայաստանի ու Ադրբեջանի համար կարևոր են ոչ միայն տարածաշրջանային կայունության, Ղրիմի վերջնական կարգավիճակի հետ կապված իրադարձությունների տեսանկյունից, այլ այն հանգամանքով, որ ԼՂ բանակցային գործընթացի երեք դերակատարները` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն, ակտիվ ներգրավվածություն ունեն դրանում: Ավելին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը` մի կողմից ՌԴ-ԱՄՆ, մյուս կողմից` ՌԴ-ԵՄ հարաբերությունների սրացման հերթական պատճառ է դարձել: Պատահական չէ, որ նույն ամերիկացի համանախագահ Ուորլիքը իր թվիթերյան գրառումներից մեկում նշում է, որ չնայած ԱՄՆ-ն և ՌԴ-ն հակասություններ ունեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի շուրջ, սակայն այլ հարցերում, մասնավորապես, ԼՂ հարցում, երկու երկրները պետք է շարունակեն համատեղ աշխատանքը:

Հասկանալի է, որ համատեղ աշխատանքը ամերիկացի դիվանագետը նախևառաջ կարևորում է Հարավային Կովկասում հարաբերական կայունության և խաղաղության պահպանման համատեքստում, քանի որ էսկալացիոն երկրորդ ճակատը նախկին Խորհրդային Միության տարածքում, նոր` առավել սուր խնդիրներ առաջ կբերեր ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում, ինչը միայն մեր ռեգիոնով չէր սահմանափակվի:

Այս համատեքստում պատահական չէր նաև ամերիկացի դիվանագետի մտորումներն այն մասին, թե պետք է անհրաժեշտ եզրահանգումներ արվի Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Ղրիմի հանրաքվե

Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունները հայաստանյան ու ադրբեջանական տարբեր շրջանակների համար հետաքրքրական են առաջին հերթին հանրաքվե նախադեպի առումով: Այս երկու հարցերը միմյանց նման են հատկապես տիպաբանության տեսանկյունից, կարելի է նաև դիտարկման դնել այս հարցը միտումների ու նախադեպերի առումով, սակայն միաժամանակ պետք է հիշել, որ սա ինքնորոշման սկզբունքի իրացման միակ նախադեպը չէր, իսկ աշխարհում գրանցված այլ նախադեպեր մինչև այժմ էական ազդեցություն չեն ունեցել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Պատճառը ակնհայտ է. որքան էլ այս կամ այն գործոնը ազդեցություն ունենա գործընթացի վրա, նմանատիպ կոնֆլիկտների կարգավորման հարցում առանցքային դերակատարությունը վերապահված է քաղաքական որոշումներին:

Նոր իրավիճակում նախագահների առաջիկա հանդիպման օրակարգի առաջնային խնդիրը տարածաշրջանային անվտանգության և կայության հարցն է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանից հնչող ցանկացած կտրուկ հայտարարություն կամ սպառնալիք միջնորդների կողմից, ավելի կտրուկ հակազեդցության է հանգեցնելու, քան նախկինում»:

 

Անկախ

ԵԱՀԿ Մինսկի խումբը մարտ ամսին ակնկալում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը

Ջեյմս Ուորլիք   ԵԱՀԿՄինսկի խմբի ամերիկացի համանախագահ ը իր “Twitter”-յան էջում թողած գրությամբ հույս է հայտնում, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը տեղի կունենա այս ամիս: “Մենք հույս ունենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհանդիպեն այս ամիս: Միայն նրանք կարող են լուծել խաղաղության հասնելու ճանապարհի ամենադժվար հարցերը”,-գրել է Ուորլիքը:

Նշենք, որ երեկ Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ԼՂ հակամարտության հարցի շուրջ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ջեյմս Ուորլիքի գնահատմամբ՝ հանդիպումը բավական կառուցողական է եղել:

Անկախ