Քաղաքացիները շրջապատել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքը, լուսանկարներ

Այս պահին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընթանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: Նիստին թույլ տվեցին մասնակցել դրսում ակցիայի մասնակիցներից երկու քաղաքացու:

MHM89019

Ոստիկանությունը մի քանի քայլ հետ է գնացել. ակտիվիստներ

Արման Ավետիսյան«Երեկ նախատեսված էր խաղաղ բողոքի ակցիա ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացումների, սակայն ոստիկանները բռնարարքների դիմեցին և  27 քաղաքացի բերման ենթարկվեց», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ակտիվիստ Արման Ավետիսյանը: Նա նշեց, որ իրենց ակցիայի նպատակն էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հիմնավորումներ ստանալ, թե ինչու պետք է տեղի ունենա թանկացում:

Հիշեցնենք, որ օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՝ 3.8-4.3 դրամով: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պատճառաբանում է սա այն բանով, որ «Հայկական էլեկտրացանցերը» ֆինանսական ճողվածք ունի և պարտքերն արդեն կազմում են 16 միլիարդ 600 միլիոն դրամ:

«Ակցիան կլիներ բացառապես խաղաղ, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս շենքին մոտենալ  և իրենց պահանջներն էլ չէին ներկայացնում: Ոստիկանները արգելում էին ոչ միայն ցուցարարներին, այլև անցորդ քաղաքացիներին շարժվել, մոտենալ շենքին: Երբ մենք  պահանջեցինք հիմնավորել,  թե ինչու են մարդկանց տանում, ոչ մի պատասխան չհնչեց: Ցուցարարները արդեն գտնվում էին շենքից հեռու և ինքնաբերաբար փակում էին ոստիկանական ավտոմեքենայի ճանապարհը: Սկսվեց բռնարարք մարդկանց նկատմամբ: Ցուցարարները իջան Սարյան փողոց, ամեն ինչ ուղեկցվեց մարդկանց նկատմամբ վայրագ գործողություններով», – տեղեկացրեց ակտիվիստը ասելով, որ  ոչ ադեկվատ է  գնահատում ոստիկանության գործողությունները և պահանջեց, որ բոլոր մեղավոր ոստիկանները  պատժվեն: «Այլ բողոքի ակցիաների էլ  ենք մասնակցել, բայց այսպիսի վերաբերմունքը մեզ համար անակնկալ էր, ոստիկանության համար սա անկում էր: Այն մի քանի քայլ հետ էր գնացել», -ասաց նա:

Բողոքի ակցիայի մասնակցիներից ևս մեկը` Արսեն Ադամյանը նշեց, որ բերման ենթարկվածներից մեկը ինքն է եղել, սակայն իրեն նույնպես այդպես էլ չեն հիմնավորել դրա պատճառը: Այնուամենայնիվ ակտիվիստները հայտարարեցին, որ չնայած այս ամենին, իրենք շարունակելու են պայքարել թանկացման դեմ. «Մեզ բացարձակ չվախեցրին ոստիկանների գործողությունները, գնալու ենք մինչև վերջ, եթե հարկ լինի և՛ հայցեր, և՛ հակընդդեմ հայցեր ենք ներկայացնելու: Անելու ենք ամեն ինչ՝ կեղծիքները բացահայտելու համար», -ասաց Արսեն Ադամյանը:

 

 Անկախ

Որքանո՞վ են օբյեկտիվ էլեկտրաէներգիայի թանկացման` Նազարյանի հիմնավորումները

MHM88651Ազգային ժողովում այսօր անցկացվեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին խորհրդարանական ուժեր, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իսկ բարձրացված հարցերին պատասխանում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Ներկայացնելով սակագնի բարձրացման հիմնավորումները` Նազարյանն ասաց, որ դա պայմանավորված է էներգետիկ շուկայի մասնակից ընկերություններին անհրաժեշտ միջոցների հատկացմամբ, որի ողջ գումարը կազմում է 17,5 մլրդ դրամ` 3,85 դրամ կՎտ/ժամի դիմաց:

Նազարյանը ներկայացրեց այդ 17,5 մլրդ դրամի բաշխումն` ըստ ընկերությունների. «Հայաստանի էլեկտրական ցանցեր՝ 5,7 մլրդ դրամ, Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր՝ 2 մլրդ դրամ, Միջազգային էներգետիկ կորպորացիա՝ 0,5 մլրդ դրամ, Երևանի ՋԷԿ՝ 7 մլրդ դրամ, Հայկական ատոմակայան` 1,6 մլրդ դրամ, վերականգվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններ` 1 մլրդ դրամ, «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր», «Հաշվարկային կենտրոն»-ը ՝ 0,1 մլրդ դրամ»:

Ըստ նրա` Հայաստանի էլեկտրական ցանցերում ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է այն հիմնական գործոնով, որ 2013-14 թթ. ընթացքում ատոմակայանի վերալիցքավորման և վերանորոգման աշխատանքներից հետո մի բլոկը նախատեսվածից 88 օր ավելի ուշ է մտել ցանց, և չի արտադրվել 300 մլն կՎտ/ժամ էներգիա: Ստիպված են եղել այդ էժան էլեկտրաէներգիայի պահանջարկը լրացնել Հրազդանի ՋԷԿ-ի հաշվին:

Գործոններից մեկն էլ եղել է սակավաջուր տարին. «Որոտանի կասկադը և Սևան-Հրազդան կասկադը միասին մոտ 200 մլն կՎտ էլեկտրաէներգիա պակաս արտադրեցին, և այս երկու գործոններով պայմանավորված՝ մենք ունեցանք Հայաստանի էլեկտրական ցանցերում 18.3 մլրդ դրամի վնաս, որը Բաշխիչ ցանցի մարժայի հաշվարկման մեթոդիկայի համաձայն՝ պետք է հատուցվի երեք տարվա ընթացքում»,-ասաց Նազարյանը:

Ռոբերտ ՆազարյանՆերկայացվեցին նաև մյուս ընկերությունների ֆինանսական ճեղքվածքների պատճառները` Բարձրավոլտ էլեկտրական ցանցերինը, օրինակ, առաջացել է վերականգնման և վերազինման ծախսերի, միջպետական էլեկտրական գծերի, ինչպես նաև Իրան-Հայաստան էլեկտրագծի կառուցման համար ստացած արտոնյալ վարկի պատճառով: Միջազգային էներգետիկ կորպորացիայի կամ «Սևան-Հրազդան» կասկադի ֆինանսական ճեղքվածքը` 4 մլրդ դրամի կապիտալ ներդրումներից, Երևանի ՋԷԿ-ինը` ընկերության կողմից արտոնյալ վարկի ստացումից,
Հայկական ատոմակայանի ֆինանսական ճեղքվածքը` շահագործման և պահպանման ծախսերից, ինչպես նաև շահագործման անվտանգության բարձրացման նպատակով աշխատած վառելիքի պահպանման ծախսերի ավելացումից և ռեզերվային ինքնավար ջրամատակարարում ապահովելու, լրացուցիչ խորքային հորերի փորման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունից: Հիշեցնենք, որ այս խնդիրն առաջ էր եկել այն բանից հետո, երբ ձկնաբուծության հետևանքով Արարատյան դաշտում լրջորեն վնասվել էին արտեզյան ջրային պաշարները:

Ինչևէ, ներկայացրած հիմնավորումները չբավարարեցին ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներին: Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ավելի արդար կլյներ, եթե այս լսումներին մասնակցեին էլեկտրաէնեգիա արտադրող ընկերությունների պատասխանատուները, որոնց ապաշնորհ կառավարման հետևանքով առաջացած ֆինանսական ճեղքվածքը պետք է «փակի» ՀՀ քաղաքացին. «Այդ կազմակերպությունները, որ միաբերան հայտարարում են, թե աշխատում են 0% շահութաբերությամբ, արդյոք մազոխիստնե՞ր են, թե ոչ: Եթե ընկերությունն աշխատում է 0% շահութաբերությամբ, էստեղ 2 տարբերակ պիտի լինի` կամ հոգեբանական խեղումներ ունեն, կամ ուղղակի  ապաշնորհ և վատ կառավարիչներ են»,-հայտարարեց նա:

Նազարյանը չհամաձայենց պատգամավորի հնչեցրած տեսակետների հետ: Նրա խոսքով` ներկայացված հիմնական գործոնները որևէ ձևով վատ մենեջմենթով չեն պայմանավորված: «Մենք երբևէ վատ մենեջմենթի արդյունքում ձևավորված ֆինանսական ճեղքվածքները հաշվի չենք առնում, այլ հաշվի ենք առել մեր մեթոդիկայում ամրագրված այն ծախսային հոդվածները, որտեղ մեր կանխատեսումները չեն արդարացվել, և տեղի է ունեցել վնաս»:

MHM88656 copyԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը նկատեց. «Փաստորեն, եթե մենք հիմա այդ ընկերությունների կրած վնասները փոխհատուցում ենք, ստացվում է, որ մենք իրենց պարտքով գումար ենք տալիս: Հետո, երբ այդ ծախսերը փակվեն, մեզ այդ գումարը վերադարձնելո՞ւ են, թե ոչ: Տրամաբանորեն, պետք է վերադարձվի, որովհետև սպառողի մեղքով չի առաջացել այս վիճակը»:

Ռոբերտ Նազարյանը միայն խոստացավ, որ հաջորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում տեղի չի ունենա: Ինչ վերաբերում է նվազմանը, ապա նա նշեց, որ դա չպետք է բացառել, բայց խոստանալ էլ չի կարող:

Անգամ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին էր մտահոգում այն հարցը, թե ինչու պետք է սպառողը վճարի գերկորուստների դիմաց:

ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանին, մի շարք հարցերի հետ միասին, հետաքրքրում էր, թե ինչ արդյունավետությամբ է կառավարվել Բաշխիչ ցանցերի աշխատանքը և ընդհանուր գնահատական տրվե՞լ է ցանցերի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ:

Նազարյանը նշեց, որ կառույցի արդյունավետության նկատմամբ իր կողմից գնահատական հնչեցնելը ճիշտ չի լինի. «Մեր կարգավորող հանձնաժողովի մասով կարող եմ ասել, որ եթե կառույցը չի ապահովում  լիցենզիայի պայմանները, խախտում է էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները և ոտնահարում սպառողների շահերը, ապա մենք վարչական վարույթ ենք իրականացնում և օրենքի շրջանակներում պատժամիջոցներ կիրառում»:

Մի շարք հարցեր բարձրացրեց նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մասնավորապես կապված «ՀայՌուսգազարդի» հետ կնքած «տխրահռչակ» պայմանագրի հետ: Նա հետաքրքրվեց, թե այդ պայմանագիրը որքանո՞վ է ազդել սակագնի բարձրացման վրա:

Նազարյանը չցանկացավ գնահատական տալ այդ պայմանագրին, ինչ վերաբերում է ազդեցությանը, նշեց, որ կայանը վաճառվել է 31 միլիոն դոլարով, և պայմանը եղել է այն, որ 15 տարում այդ ներդրումը վերադարձվի: Ըստ Նազարյանի, կայանի բոլոր ծախսերն ամրագրված են իրենց պայմանագրերում. «Հիմա շատ ա, քիչ ա, դուք որոշեք: Մենք ամրագրել ենք այն անհրաժեշտ ծախսային հոդվածները, որից պակաս անելու իրավունք չունենք»:

MHM88654 copyԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը Զուրաբյանի ելույթից հետո նրան հիշեցրեց ոչ վաղ անցյալը: «Այս քաղաքական թիմը լրիվ բարոյական իրավունքն ունի մեզ կշտամբելու, քանի որ մտածում է, որ հայ ժողովուրդը երևի մոռացել է մութ ու ցուրտ տարիները»:

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը խիստ վիրավորվեց Նաղդալյանի ակնարկից ` նշելով, որ այդ տարիները Արցախյան պատերազմի հաղթանակի տարիներ էին:

Լսումներին մասնակցում էր նաև ՀՀ Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը: Նշենք, որ նախորդ շաբաթ Հանրային խորհրդում նույնպես տեղի էր ունեցել քննարկում այս թեմայով` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

Վազգեն Սաֆարյան

Վազգան Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  այն կորուստները, որոնց մասին այստեղ խոսում են, չպետք է սակագնի մեջ ներառվեն, քանի որ դրանք այդ ընկերությունների ոչ որակյալ աշխատանքի հետևանքով են առաջացել:

«Կորուստները պետք է իրենց շահույթներով փոխհատուցեն,-կարծում է նա,-երկրորդը` ծառայություն մատուցող կազմակերպությունները չպետք է  բարձր շահութաբերություն ապահովեն, որովհետև դա անդրադառնում է տնտեսության ոչ արդյունավետ զարգացման վրա, ինչի հետևանքով կարող ենք ունենալ ոչ մրցունակ ապրանքներ դրսի շուկաներում: Այդ իմաստով, էլեկտրաէներգիայի գինը պետք է միջինացված լինի այն երկրների էլեկտրաէներգիայի գների հետ, որոնց հետ մենք առևտրային հարաբերություններ ունենք»:

Խնդիրը լուծելու համար Սաֆարյանն առաջարկում է անել ամեն ինչ, որպեսզի կառուցվի Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը, որի դեպքում մենք իրանական կողմից կստանանք 3 խմ գազ և դրա դիմաց կվաճառենք 9 կՎ/ ժամ էներգիա. «Արդյունքում մենք կարող ենք 2 միլիարդ կՎտ էլեկտրաէներգիա էլ վաճառել Բաշխիչ ցանցերին, ենթադրենք, 1 դրամով»,-նշում է նա:

Երևան ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցման համար անհրաժեշտ են մոտ 400 միլիոն դոլար վարկային ռեսուրսներ: Սաֆարյանի խոսքով` Ճապոնիան պատրաստ է այդ ռեսուրսները տալ, պարզապես կառավարությունը պիտի կարողանա բանակցային գործընթաց իրականացնել, քանի որ խնդիր կա արտաքին պարտքի և ՀՆԱ-ի համամասնության առումով: Այնուամենայնիվ, նա գտնում է, որ կարելի է այդ գումարը հայթայթել նաև ներքին ռեսուրսների միջոցով:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ լրացուցիչ գումար(առանց ԱԱՀ-ի): Համաձայն այդ հաշվարկների` էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3,85 դրամով կամ շուրջ 4 դրամով: Ըստ նախնական տվյալների, էլեկտարէներգիայի ցերեկային սակագինը 1 կՎտ/ժամի դիմաց կարժենա 41,85 դրամ՝ ներկայիս 38 դրամ փոխարեն, գիշերայինը՝ 31,85 դրամ` գործող 28 դրամի փոխարեն: Սակագների փոփոխությունն, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի ս.թ. օգոստոսի մեկից:

 

Անկախ

Թեժ բանավեճ Հանրային խորհրդում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման շուրջ

IMG_4347Հանրային խորհրդի ձեռնարկատիրական գործունեության և սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովում այսօր բուռն քննարկում էր: Թեման էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն էր, որի վերաբերյալ հանձանժողովի նախագահ, ՀԽ անդամ Արշակ Սադոյանն ու հանձնաժողովի այլ անդամներ պարզաբանումներ էին պահանջում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչներից:

ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը չէր հասցնում պատասխանել, քանի որ Սադոյանը հարցը հարցի հետևից էր տալիս:

Այնուամենայնիվ, Բաղրամյանը փորձեց բացատրել, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Հրազդան ՋԷԿ-ի, ատոմակայանի ո՞ր խնդիրներն են առաջ բերել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման անհրաժեշտությանը: Սակայն նրա բացատրություններն է՛լ ավելի վրդովեցրին ներկաներին, որոնք հայտարարեցին, որ այդ  ընկերություններն իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները և ոչ թե դա անեն ժողովրդի հաշվին. «Թալանի համար ինքնանպատակ թանկացում է, որտեղի՞ց էդ խնդիրները»,-զայրացած հարցրեց Սադոյանը:

Բաղրամյանը փորձեց շարունակել՝ ասելով, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերում, օրինակ, 2013-14 թթ. ընթացքում առաջացել է 16,3 միլիարդ դրամի ճեղքվածք՝ անցյալ տարվա նոյեմբերին ատոմակայանի մի տուրբինի չաշխատելու հետևանքով: Նա հիշեցրեց, որ տուրբինը վթարի էր ենթարկվել:

Սադոյանը հերթական հարցն ուղղեց. «Ասում եք՝ անհրաժեշտություն կա, որ Երևան ՋԷԿ-ում 3.8 միլիարդ դրամի վերանոգորում կատարվի: Անհասկանալի է՝ այդքան գումարի վերանորոգում նոր կառուցվածքի մեջ դա ի՞նչ է»:

Երբ Բաղրամյանը փորձեց պատասխանել, Սադոյանն ասաց. «Ներողություն, մի հարց էլ տամ, ատոմակայանը կանգնել է ինչ որ մի ժամանակ, վթար է եղել և այլն: Դրա հետ կապված ամեն տարի պետք փոխհատուցում նախատեսվի՞»:

Մինչ Բաղրամյանը կփորձեր մասնագիտական տերմիններով երկար-բարակ բացատրել, թե հարցն ինչումն է, ներկաներից մեկն էլ հետաքրքրվեց, որ եթե այդ ընկերությունների ծախսերի մի մասը երեք տարի անց հետ է գալու, ապա հնարավո՞ր է այդ ժամանակ էլեկտրաէներգիայի սակագինն այդ չափով կրկին նվազեցվի:

«Եթե որևիցե գործոն ընդհանրապես չփոխվի, այսինքն՝ փոխարժեքը մնա նույնը, գազի գինը մնա նույնը, ապա 3.8 միլիարդ դրամով Երևան ՋԷԿ-ի հասույթը կնվազի և էդքանով կեժանանա»,-պատասխանեց Բաղրամյանը:

Սադոյանը պաշտոնապես հայտարարեց. «Այդ դեպքում եկող տարվա հունիսից հետո գները պետք է էապես էժանանան, որովհետև ատոմակայանի հետ կապված կորուստները վերանալու են, Երևան ՋԷԿ-ի հետ կապված լրացուցիչ ծախսերը վերանալու են»: Ավելին, նա անգամ առաջարկեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարի, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը ժամանակավոր է:

Սակայն ներկաները նկատեցից, որ միևնույն է՝ նման բան տեղի չի ունենա, քանի որ միշտ էլ կգտնվեն հանգամանքներ, որոնք կարդարացնեն թանկացումը և թույլ չեն տա, որպեսզի սակագնի նվազում տեղի ունենա:

Սադոյանը նաև հայտարարեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդհանրապես չունի ոլորտի  հեռանկարային զարգացման հաշվարկների պլան և չունենալով այդ պլանը՝ սահմանում  է սակագներ՝ ամեն տարի ավելացնելով:

 

Անկախ

Եթե որոշել են, որ էլեկտրաէներգիան պետք է դառնա 43 դրամ, ուրեմն կդառնա

էլ.Դեռևս այս տարվա փետրվարին առաջին անգամ Yerkir.am կայքը գրեց, որ ՀԷՑ-ում ճգնաժամ է, ընկերությունը ծանր ֆինանսական վիճակում է: Մանրամասն նկարագրվեց հավելագրումների, պարգևավճարների, կորուստների ծածկադմփոցի մի հետաքրքիր մեխանիզմ: Քանի որ անցյալ տարեվերջին էլեկտրաէներգիայի սակագները բարձրացան, սպառողները սկսեցին խնայողաբար էլեկտրաէներգիա օգտագործել, էլեկտրական հոսանքի սպառման ծավալները փոքրացան: Հենց վիճակագրական ծառայության տվյալներով` էլեկտրաէներգիայի սպառման ծավալներն այս տարվա առաջին եռամսյակում կրճատվել են 39 տոկոսով: Քանի որ սպառման ծավալները փոքրանում են, իսկ էլեկտրաէներգիա արտադրողներից գնվող էլեկտրաէներգիայի սակագինն էլ բարձրացել է, ստացվել է, որ ընկերությունը միայն մատակարարների գումարներն է կարողանում վճարել ու սկսել է վնասով աշխատել: ՀԷՑ-ը սկզբում լուռ մնաց, բայց միառժամանակ անց ակնարկեց, որ լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Խոստովանեց հենց ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների գծով տնօրեն Վլադիմիր Սազանովը, որ թանկ էլեկտրաէներգիա ձեռք բերելու պատճառով ընկերությունը 2 տարվա ընթացքում կրել է մոտ 60 մլն դոլարի վնաս:

Ստեղծված իրավիճակում, ինչպես նշվում էր տարբեր լրագրողների ու վերլուծաբանների կողմից, ՀԷՑ-ի համար հարցերը կլուծվեին, եթե ընկերությունը կարողանար հասնել հասարակությանը վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելուն:
Այս տարվա մայիսի սկզբին արդեն մամուլը գրեց, որ ՀԷՑ-ը պատրաստվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ): Ըստ շրջանառվող խոսակցությունների` սակագինը կարող էր գործող 38 դրամ/կվտ.ժամից հասցվել 45 դրամի: Դա նույնպես անարձագանք մնաց:
Մայիս ամսին Աժ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իր աղբյուրներից տեղեկություն է ստացել, որ էլեկտրաէներգիան թանկանալու է և 38 դրամի փոխարեն դառնալու է 45 դրամ` 1 ԿՎտ/Ժ էլեկտրաէներգիայի դիմաց: Ապա հարց ուղղեց էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին` թանկանալո՞ւ է, թե՞ ոչ: Փոխնախարարն ասաց, որ նման բան չկա:
Դրանից հետո, հունիսի 2-ին, ԱԺ-ին 2013 թ. բյուջեի կատարողականը ներկայացնելու ժամանակ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ հարց ուղղեց Խաչատուր Քոքոբելյանը, թե ճի՞շտ է, որ էլեկտրաէներգիայի սակագինը դառնալու է 45 դրամ, ինչին ի պատասխան Արա Սիմոնյանն ասաց. «Քննարկումներն ընթանում են, եթե դրանք պետք է հանգեցնեն նրան, որ պետք է վերանայվեն էլեկտրաէներգիայի սակագները, ուրեմն պետք է վերանայվեն: Որոշակի բան չեմ կարող ասել»:

Հիմա ՀԾԿՀ-ն ժողովրդի՞ կողմից է, թե՞ արջի

Հունիսի 4-ին արդեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ էլեկտրաէներգիան թանկանալու է: Իր տարածած հայտարարության մեջ հանձնաժողովը նշում էր, որ շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թթ. կանխատեսումները և պարզել, որ 2014-2015 թթ. սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Ուստի, հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը:
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ` էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում»,- նշվում էր ՀԾԿՀ-ի տարածած հայտարարությունում:
Լրացուցիչ պարզաբանումներից պարզ դարձավ, մասնավորապես, որ ծախսերի մեծացման վրա մեծ ազդեցություն է ունեցել ՀԱԷԿ-ի չաշխատելը, որի արտադրած էլեկտրաէներգիան ամենաէժանն էր ՀՀ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալի մեջ, բացի այդ, այլ ծախսեր կան և այլն: Ու սկսվեց…

Տնտեսագետները չեն հասկանում, թե ինչով է պայմանավորված ծախսերի փոփոխությունը, ինչու պետք է դրանք ազգաբնակչությունը ծածկի: Անցած տարվա հուլիսին էլեկտրաէներգիան թանկացավ միանգամից 25 տոկոսով: Այն ժամանակ այդ թանկացումը պայմանավորված էր գազի սակագնի թանկացմամբ, որից հայկական ՋԷԿ-երում էլեկտրաէներգիա են ստանում: Հիմա էլ էլեկտրաէներգիան պետք է թանկանա ևս մոտ 10 տոկոսով: Ստացվում է, որ 1 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը թանկանում է մոտ 35 տոկոսով:
ՀԾԿՀ-ն փորձում է հիմնավորել, թե համակարգի ֆինանսական կայունության, անխափան էներգամատակարարման համար անհրաժեշտ է 20 մլրդ դրամի ներդրում, որպեսզի ապահովվի անխափան աշխատանքը, բայց չկա կանխատեսելիություն, թե որքան ժամանակի համար է այդ թանկացումը: Եվ ինչպես արդարացիորեն նշել է տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը, հնարավոր է, որ որոշ ժամանակ անց նորից նույն պատճառաբանությամբ ասեն` 40 միլիարդի ծախսեր են հարկավոր համակարգի արդիականացման համար ու սակագինը բարձրացնեն: Տնտեսագետի խոսքով, Հայաստանում էներգետիկ համակարգերն իսկապես հին ու մաշված են, արդիականացման խնդիր կա, մեր էներգետիկ համակարգերը հիմնականում ռուսական ընկերություններին են պատկանում, իսկ ռուսական էներգետիկ ոլորտն այսօր արտաքին լուրջ պատժամիջոցների առջև է կանգնած: Աշոտ Եղիազարյանը վստահ է, որ այդ պատժամիջոցները դեռ կխստանան, ինչն էլ կհանգեցնի նրան, որ ռուսական էներգետիկ ընկերությունները ֆինանսական խնդիրների առաջ կկանգնեն:

Արժե հիշել, որ Հայաստանը, ներքաշվելով Եվրասիական նախագծերի մեջ, ըստ էության, իրեն զրկել է էներգետիկ համակարգի զարգացման այլընտրանքային հնարավորություններից, նույնիսկ Իրանի հետ էներգետիկ նախագծերի առումով:
Թե ինչ հետևանքներ կունենա այս թանկացումը, դժվար չէ ենթադրել: Հիշենք միայն մի «փոքրիկ» հանգամանք. յուրաքանչյուր ամիս վիճակագրական ծառայությունը հրապարակում է գնաճի ցուցանիշները, և արդեն քանիերորդ ամիսն է` ծառայության ներկայացուցիչնեը նշում են, որ գնաճի ցուցանիշների մեջ էական դեր ունեն անցած տարվա հուլիսի գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումները: Իսկ էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող թանկացումը, հաշվել են տնտեսագետները, Հայաստանում կհանգեցնի մոտ 15 տոկոս գնաճի, քանի որ այն ազդեցություն ունի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա:

Բայց ինչպես տեսնում ենք, ՀԷՑ-ը լուրջ է տրամադրված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցում, իսկ ՀԿԾՀ-ն կարծես մոռացել է, որ ՀՀ պետական մարմինների համար առաջնահերթ պետք է լինի Հայաստանի քաղաքացու շահը:

 

Ապրիլի 1-ից գործարկման մեջ կդրվի շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը

բջջայինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ ապրիլի 1-ից գործարկման մեջ կդրվի շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայությունը, որը հնարավորություն կտա բաժանորդներին առանց խոչընդոտների անվճար փոխել շարժական կապի իրենց օպերատորին՝ պահպանելով գործող հեռախոսահամարը։ Հեռախոսահամարների տեղափոխման գործընթացն իրականացվելու է 3 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն հիմնական դեպքերում տեղափոխումը կկատարվի մեկ օրվա ընթացքում։

«Գործելու է «մեկ պատուհանի» սկզբունքը, այսինքն` դիմում կներկայացվի միայն նախընտրելի օպերատորին։ Տարվա ընթացքում բաժանորդը հնարավորություն կունենա երկու անգամ օգտվել այս ծառայությունից»,-ասաց Սամվել Արաբաջյանը` հավելելով, որ համարի տեղափոխման դեպքում, տվյալ համարին զանգահարող անձը ձայնային ազդանշանի միջոցով կտեղեկանա, որ տվյալ համարը տեղափոխվել է այլ շարժական կապի օպերատորի ցանց։

Անդրադառնալով ծառայության ներդրումից հետո օպերատորների կողմից հնարավոր խարդախություններին՝ Սամվել Արաբաջյանն նշեց, որ այս ուղղությամբ հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնելու։

«Փորձը ցույց է տալիս, որ եղել են երկրներ, որտեղ օպերատորները փորձել են գովազդային հոլովակների կամ դեմպինգային գների միջոցով առավելություն ստանալ։ Սակայն մենք ուսումնասիրել ենք այդ իրավիճակները և ուշադիր ենք լինելու»,-ասաց նա: Վերջինս տեղեկացրեց, որ կանոնակարգվել է նաև շարժական կապի խեռախոսասարքերի և պլանշետների ապակոդավորման ծառայությունը։ Որոշակի ժամկետով կամ առանց բաժանորդագրման պարտավորությամբ առաջարկված կոդավորված սարքերի ապակոդավորումն օպերատորն իրականացնելու է առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե բաժանորդը կատարել է պայմանագրային պարտավորությունները։ Սակայն կան դեպքեր, երբ  հեռահաղորդակցության սարքերի ապակոդավորումն ավելի շատ ժամանակ է պահանջում։ Այդ դեպքերի համար ժամկետ է սահմանվել 5 աշխատանքային օր։ Նույն որոշմամբ` այն օպերատորները, որոնք վաճառում են կոդավորված սարքեր, պարտավոր են նույն վաճառքի կետերում առաջարկել նույն սարքերի ոչ կոդավորված տարբերակները, որպեսզի դրանք հասանելի լինեն։

2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ բոլոր գյուղերն ապահովված են առնվազն մեկ օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով։ Ընդ որում, ՀՀ բնակավայրերի 8,5 %-ը ապահովված են 1 օպերատորի, 23 %-ը՝ 2 օպերատորի և 68,5 %-ը` 3 օպերատորի հանրային շարժական կապի ծածկույթով։

Ռոբերտ Նազարյանը խորհրդարան է եկել պատասխաններով զինված

arm136988904079Խորհրդարանում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի գործունեության ծրագիրը, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Տարվա անելիքները ներկայացնելուց հետո պատգամավորները հերթագրվեցին Նազարյանին հարցերով դիմելու համար: Առաջինը հասցրել էր հերթագրվել ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նա Ռոբերտ Նազարյանից հետաաքրքրվեց, թե աշխարհում կա՞ որևէ այլ երկիր, որտեղ ներկրված գազի գինը սպառողներին է հասնում կրկնակի գնով, ինչպես Հայաստանում է:

Ռոբերտ Նազարյանը, որը կարծես սպասում էր այդ հարցին և իր մոտ գրավոր ուներ հարցի պատասխանները, նախ հայտարարեց, որ Հայաստանում գազի գնագոյացման մեթոդները համպատասխանում են աշխարհի լավագույն փորձին. «Երբ խոսում ենք մեր սպառողների մասին, միշտ վերցնում ենք բնակչությանը, իսկ մյուսներին` մոռանում,-ասաց Նազարյանը,- մասնավորապես գազի համակարգում ունենք երկու սպառողական խումբ` մինչև 10 000 խմ գազ սպառողներ և 10 000-ից ավելի սպառող բաժանորդներ»:

Ըստ Նազարյանի` պետք է դիտարկել սպառողական երկրորդ խմբին, որին գազը հասնում է 278 դոլարով, և մարժան կազմում ընդամենը 30 դոլար: «Մեր մեթոդիկայում ամրագրված է, որ յուրաքանչյուր սպառողական խումբ պետք է սպառի իր ստեղծած ծախսերի համար: Բնակիչների համար ծախսերն ու ներդրումերը շատ ավելին են: Չնայած որ բնակիչները մատակարարված գազի ընդամենը 30 տոկոսն են սպառում, սակայն նրանց բաժին  է ընկնում ծախսերի 60 տոկոսը»:

Այնուհետև Ռոբերտ Նազարյանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին հիշեցրեց, որ երբ 1992 թվականին Էկոնոմիկայի նախարարն էր, ինքը նրանից շատ բան է սովորել` մասնավորապես այն, որ սուբսիդավորումը լավ բան է, բայց խաչաձև սուբսիդավորումը` ոչ. «Հավատարիմ մնալով այդ դասին` մենք խաչաձև սուբսիդավորումից փորձել ենք հեռու մնալ»,-ասաց Նազարյանը:

Ինչ վերաբերում է աշխարհի այլ երկրներում սպառողներին կրկնակի ավելի թանկ հասնող գազի գնի օրինակներին, ապա Ռոբերտ Նազարյանը դրանք ևս ուներ ձեռքի տակ, օրիանկ` Դանիան, Շվեդիան, Իտալիան…

Ցավոք, հայտարարվեց ընդմիջում, և Նազարյանի թվարկումը կիսատ մնաց:

 

Անկախ

 

 

Գազի սակագինը հաստատվեց. 156 դրամ` նախկին 132-ի փոխարեն

050213.6.6_3Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվեց գազի սակագինը հաստատել նախապես հայտարարված չափով: Հաստատված սակագինը ուժի մեջ կմտնի արդեն հուլիսի 1-ից:

Հանձնաժողովը որոշեց ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին մատակարարովող 1000 խորանարդ մետր գազի սակագինը սահմանել 156 000 դրամ: Այսինքն, բնակչությանը մատակարարվող գազի 1 խ/մ-ի դիմաց սակագինը կազմում է 156 դրամ` նախկին 132-ի փոխարեն:

Հաստատված սակագինն, ի դեպ, 65 դրամով պակաս է «ՀայՌուսգազարդ»-ի առաջարկած սակագնից: Եվ սա ոչ միայն կառավարության առաջարկած սուբսիդավորման, այլեւ Հանձնաժողովի` «ՀայՌուսգազարդ»-ի առաջարկներում կատարած որոշ փոփոխությունների արդյունք է:

Այսպես, օրինակ, հանձնաժողովն առաջարկել է նվազեցնել ընկերության առաջարկում ներկայացված շահագործման համար նախատեսվող 7.275.34 մլն դրամ ծախսերը մինչեւ 2,801.53 մլն դրամ: Հանձնաժողովն առաջարկել է նաեւ10 200 դրամով նվազեցնել «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցների միջին աշխատավարձը, ընկերության առաջարկած 237 200-իփոխարեն սահմանելով 227 000 դրամ: Ի դեպ, հետաքրքրական մի փաստ եւս, պարզվում է, որ բացարձակ գերիշխող դիրք ունեցող ընկերությունը միլիոնավոր դրամներ է ծախսում իր գովազդի վրա: Ընկերության առաջարկով այդ գումարը կազմում է 40 մլն, իսկ հանձնաժողովի հաստատած տարբերակում 16 մլն դրամ է:

Ի դեպ, «ՀայՌուսգազարդ» տարեկան մուտք գործած գազի գինը 205, 588. 39 մլն դրամից հանձնաժողովը նվազեցրել է մինչեւ 142,736.56 մլն-ի, ինչպես բացատրեց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, ի հաշիվ կառավարության խոստացած սուբսիդավորման:

Հանձնաժողովի նիստում հրապարակված մեկ հետաքրքիր փաստ եւս. «ՀայՌուսգազարդ»-ը տարեկան 1812.5 մլն խ/մ գազ է ստանում, որից 1748.41մլն խ/մ-ը` Ռուսաստանից եւ 350 մլն-ը` Իրանից:

Ընդ որում, Ռուսաստանից ստացվող գազի գինը սահմանի վրա կազմում է 270 ԱՄՆ դոլար 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ պարսկական գազի գինը ոչ հանձնաժողովը, ոչ էլ պետական այլ մարմին չեն հրապարակում:

Ինչեւէ, այսօր երկարատեւ քննարկումներից եւ քննադատություններից հետո Հանձնաժողովն, ի վերջո կայացրեց գազի սակագինը բարձրացնելու մասին նախատեսվող որոշումը: Նախապես հայտարարված 156 դրամ սակագինը նույնությամբ հաստատվեց, չնայած արված բազմաթիվ առաջարկներին եւ հնչած քննադատություններին: Ի դեպ, նշենք, որ այսօր էլ նիստի ընթացքում Հանձնաժողովի շենքի մուտքի մոտ հավաքվածները պահանջում էին չընդունել գազի եւ էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

 

Էլեկտրաեներգիայի գինը 8 դրամով բարձրացավ

3Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում որոշել է էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը հուլիսի 7-ից սահմանել 38 դրամ/կՎտժ, իսկ գիշերային սակագինը` 28 դրամ/կՎտժ` բարձրանալով 8 դրամով կամ 27%-ով 1 կվտ/ժ համար։

Ըստ ՀԾԿՀ Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանի` արտադրող կայանների սակագնի վերանայումը պայմանավորված է գազի գնի բարձրացմամբ, համակարգում աշխատավարձերի բարձրացումով, փոխարժեքային գործոնով և ատոմակայանի վառելիքի գների աճով։ Արդյունքում` վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանալու է 8 դրամով կամ 27%-ով 1 կվտ/ժ համար: