Գագիկ Հարությունյանը հանդիպել է ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ

NA Const CourtՀուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ:

Բացելով հանդիպումը՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակիցներին  տեղեկացրեց, որ ՀՀ ՍԴ նախագահը հերթական անգամ Արցախ է ժամանել ԼՂՀ իշխանությունների և դատական համակարգի ներկայացուցիչների հետ իրավական զարգացումների և սահմանադրական արդարադատության հարցերը քննարկելու համար:
Այնուհետև ՀՀ ՍԴ նախագահը հանդես է եկել բանախոսությամբ՝ նվիրված ժամանակակից իրավական զարգացումներին, սահմանադրական համակարգերի հեռանկարներին և այլ հարցերի: Պարոն Գագիկ Հարությունյանն իր զեկույցում որոշ պարզաբանումներ է տվել նաև ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության և քննարկվող հայեցակարգերի վերաբերյալ:
Հանդիպման վերջում ՀՀ ՍԴ նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

 

Անկախ

Սահմանադրական փոփոխությունները մտահոգում են քաղաքագետներին ու քաղաքական ուժերին

նախագահի հետ հանդիպումԻնչպես գիտենք, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն ապրիլի 10-ին հանրությանն ու հանրապետության նախագահին ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակը:

Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագիր էր ստորագրել 2013 թ. սեպտեմբերի 4-ին, ըստ որի` այդ հանձնաժողովը պետք է մշակեր ու ներկայացներ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ: Թեև այդ նախագիծը, ինչպես նշեց մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, դեռևս նախնական տարբերակն է ու անպայման պետք է դրվի լայն քննարկման` ողնաշարն արդեն տեսանելի է:

Հայաստանում քաղաքական ու կառավարման համակարգի խնդիրների հնարավոր լուծումը, ըստ նախագծի հեղինակների, կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Նկատի ունենալով, որ միջազգային պրակտիկայում կան խորհրդարանական կառավարման համակարգի բազմաթիվ տարատեսակներ, Հայաստանի Հանրապետության կոնկրետ իրողություններից ելնելով, առաջարկվում են հետևյալ մոտեցումները:

Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից: Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը, ըստ նախագծի հեղինակների, հնարավոր է միայն այն դեպքում, եթե նա ուղղակի ներգրավված չլինի քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական լինի, անաչառ և կատարի առաջին հերթին հաշտարարի ու միջնորդի դեր` ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն:

Հաջորդիվ առաջարկվում է, որ վարչապետը պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովի առջև: Ազգային ժողովը, որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության բարձրագույն մարմնի` կառավարության նկատմամբ, իսկ հանրապետության նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը: Այդ խնդիրների արդյունավետ լուծման համար նման համակարգը պետք է ենթադրի գործադիր իշխանության ղեկավարի համար խորհրդարանական կայուն մեծամասնության առկայություն:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով` առաջարկվող փոփոխությունները վատագույն տարբերակն են, քանի որ երկիրը կա՛մ պետք է նախագահական լինի` ԱՄՆ-ի տարբերակով, կա՛մ խորհրդարանական: Իսկ խորհրդարանական կառավարման մոդելը Հայաստանի պարագայում ճիշտ չի համարում: «Որովհետև Հայաստանում տևականորեն կուսակցություններ չեն կայանում: Իսկ երբ չկան կուսակցություններ, կուսակցությունների քաղաքական ղեկավարությունն օլիգարխանում է, այդտեղ ուրեմն, ոչ մի լավ բան չի ստացվելու: Ինձ թվում է` նախագահն իր հայտարարությամբ ուզում է ասել, թե ինքն անաչառ է լինելու սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթի նկատմամբ: Բայց այդպես կլինի՞, թե ո՞չ: Ոչ: Վաղը կարող է ասել, օրինակ` հանգամանքները փոխվել են, մտածելակերպս փոխել եմ: Դա դեռևս ոչինչ չի նշանակում»,- նշեց նա:

Հայաստանում, ասաց Շիրինյանը, ընդհանուր ճգնաժամ է, իսկ մնացած բոլոր քաղաքական գործընթացները` վարչապետի հրաժարական, սահմանադրական փոփոխությունների փաթեթ և այլն, կապված են ավտորիտար ռեժիմի զարգացման ուղիներ որոնելու հետ:

«Ծավալվող պրոցեսները փակուղին խորացնում են, արմատական լուծում չի առաջարկվում: Եթե Հայաստանում, դասական իմաստով, լիներ պոտենցիալով քաղաքական ղեկավարություն կամ շատ հայրենանվեր զինվորականություն, իշխանությունը դիկտատուրայով կսահմանափակեր, ճգնաժամը կհաղթահարեր ու հետո կմտածեր ժողովրդավարության և այլնի մասին»,- նշում է քաղաքագետն ու հավելում, որ ճիշտ կլիներ, եթե նախագահը դուրս գար ՀՀԿ-ից (3-4 տարի է մնում պաշտոնավարմանը), իշխանությունը, առանց ՀՀԿ-ի կողմը նայելու, կենտրոնացներ իր ձեռքերում, կոնսենսուսով գնար առաջ:

Այդ հնարավորությունը, սակայն, Շիրինյանի կարծիքով` չկա. «Հանրապետականն ինքը չի փոխվում, ինչպե՞ս կարող է երկիր փոխել, իսկ ով հենվում է ՀՀԿ-ի ռեսուրսի վրա, ի՞նչ է անելու»:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներն իրենց նախագծում նշում են, թե առաջարկվող համակարգով միասնական գործադիր իշխանություն կլինի` վարչապետի գլխավորությամբ, առանց դուալիստական գործադիր իշխանության վտանգի, հատկապես երկրի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը և պաշտպանությունը, խորհրդարանի և հանրապետության նախագահի միջև առճակատում չի լինի, քանի որ հանրապետության նախագահը վերկուսակցական անաչառ արբիտր կլինի, պատահական անձանց իշխանության գալու վտանգը և իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ և հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը, չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում` չունենալով համարժեք քաղաքական պատասխանատվություն խորհրդարանի առջև:

Նշվում է նաև, որ կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը, կբարձրանա խորհրդարանի` որպես օրենսդիր և վերահսկող մարմնի քաղաքական դերը, որտեղ պետք է էականորեն ուժեղացվի ընդդիմության դերը: Խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը կնպաստի կուսակցությունների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը և երկրում աստիճանաբար երկբևեռ դասական քաղաքական համակարգի ձևավորմանը, վերջապես, երկիրը կկարողանա ավելի ճկուն դիմագրավել արտաքին քաղաքական մարտահրավերներին, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ և նվազ չափով անձնավորված:

Քաղաքական ուժերից մեկը` ՀԱԿ-ը, հայտարարեց, որ կտրուկ դեմ է սահմանադրական փոփոխությունների գործընթացին ու ներկայացված նախագծին և կոչ արեց քաղաքական ուժերին ու ողջ հանրությանը չընդունել որպես խայծ նետված այս գաղափարը, համատեղ ջանքերով հանել այն այսօրվա քաղաքական օրակարգից ու կենտրոնանալ Սերժ Սարգսյանի հեռացման առաջնահերթ նպատակի վրա:

«Կենտրոն» հեռուստաալիքի եթերում Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն ևս սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխությունների փաթեթին և դրա քննարկմանը հատկապես այս ժամանակահատվածում, երբ երկրում առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ:

Մոտ երկու տարի առաջ խորհրդարանական կառավարման ու 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու առթիվ հանրային քննարկումներ հրավիրած և օրենսդրական նախաձեռնություն հեղինակած «Ժառանգությունը» ևս կարծում է, որ այս պահին չպետք է անդրադառնալ սահմանադրական փոփոխություններին և քննարկման դնել դրանք:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անձամբ խորհրդարանական համակարգի կողմնակից է, բայց ոչ այն տարբերակով, որ առաջարկվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի կողմից: «Առաջարկվածն իրենից կոմունիստական մոդել է ներկայացնում: Նվազագույն դեմոկրատական տեսքը պահվում է, բայց հիմա ԱԺ նախագահին տալիս են եգիպտական փարավոնների լիազորություններ, և ըստ էության` գենսեկի կարգավիճակով համակարգ է ձևավորվում: Փաստացի խորհրդային մոդել է, հասկանալի է, թե ում համար է նախապատրաստվում: Եվ իզուր չէ, որ այս համակարգում թե՛ հանրապետության նախագահը, որ ընտրվում է անկուսակցական ԱԺ կողմից, թե՛ վարչապետը, որ տեխնիկական բնույթ պետք է ունենա, շինծու պաշտոններ են: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանն այդ շինծու պաշտոններին չի ուզի գնալ »,- նշեց Բոզոյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը, փոփոխությունների փաթեթը հանրությանն ու նախագահին ներկայացնելու ժամանակ տեղեկացրեց, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հանրաքվեի կդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին` նկատի ունենալով այն, որ 2017-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, իսկ 2018-ին` նախագահական:

Բոզոյանն այս կապակցությամբ շեշտում է, որ սահմանադրական հանրաքվե պետք է անցկացնել միմիայն նոր իշխանությունների կողմից: Իսկ եթե իշխանություններն ուզում են շուտ անցկացնել այդ հանրաքվեն, ապա պետք է անցկացնեն արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, որից հետո արդեն կքննարկվի, թե որ համակարգն է ավելի ճիշտ Հայաստանի համար` պառլամենտակա՞ն, թե՞ կիսանախագահական, ու ամենավերջում նոր` սահմանադրական հանրաքվեն:

Մինչդեռ Սերժ Սարգսյանը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իր մոտեցումը հայտնի է. «Եվ ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս` ես այդպես եմ կարծում»:

Բայց նախագահը նշեց նաև, որ Սահմանադրությունը սերունդների համար է, և անում է առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումներն իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով, քննարկումների փուլը սկսելուց առաջ էլ պաշտոնապես հայտարարեց, որ անձամբ այլևս չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար:

«Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ Հայաստանում մեկ մարդն իր կյանքում երկու անգամից ավելի չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նախագահի այս հայտարարության առիթով քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը պարզապես հնչեցրել է սեփական մոտեցումը սեփական ճակատագրի վերաբերյալ, բայց մի հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց. «Սահմանադրական փոփոխություններից հետո, այո, ստեղծվում է ավելի ուժեղ վարչապետի ինստիտուտ, բայց նա հայտարարեց, որ ինքը չի ցանկանում վարչապետ լինել: Մենք պետք է առնվազն ուրախանանք, որ նա չի ցանկանում երկու ժամկետից ավելի պաշտոնավարել, և փաստացի դա հայտարարեց: Դրա տակ ինչ-որ բան փնտրել կարելի է, բայց ես ինքս ոչինչ չեմ տեսնում: Չնայած դրա հետ մեկտեղ մի հանգամանք ևս կա. Սերժ Սարգսյանը խոսեց նախագահի և վարչապետի պաշտոնների մասին, բայց ոչ մի խոսք չասաց ԱԺ խոսնակի պաշտոնի մասին»:

ՀՀ կառավարությունն իր միասնական իրավական դիրքորոշումն է արտահայտել ՀՀ սահմանադրական դատարանի որոշման առթիվ

կառավարության նիստՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը տեղեկացրել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը որոշակի պարզաբանումներ է պատրաստել` կապված Սահմանադրական դատարանի որոշման կիրառման հետ: Պարզաբանումները կառավարությանն է ներկայացրել ՀՀ արդարադատության փոխնախարարը:
ՀՀ արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյան – Մեծարգո փոխվարչապետ, հարգելի գործընկերներ, հաշվի առնելով Սահմանադրական դատարանի` ապրիլի 2-ին կայացրած որոշումից հետո ստեղծված իրավիճակի բարդությունը, երբ տեղ են գտնում տարբեր իրարամերժ մոտեցումներ և մեկնաբանություններ՝ կապված Սահմանադրական դատարանի որոշման մեկնաբանման, օրենքի դրույթների կիրառելիության և ուժի մեջ մտնելու, ՍԴ-ի որոշման հետադարձ ուժի հետ, հարկ ենք համարում կառավարության միասնական իրավական դիրքորոշումը ներկայացնել այս հարցի առնչությամբ: Ցանկանում ենք շեշտել, որ ՍԴ-ի որոշումները մեկնաբանելիս, ընկալելիս և կիրառելիս անհրաժեշտ է բացառապես ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ, Սահմանադրական դատարանի մասին օրենքով և այդ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներով: Մի քանի կարևոր հարցադրումները կամ խնդիրները, որոնց ցանկանում ենք անդրադառնալ, հետևյալն են.
Առաջին, որ ՍԴ-ն սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել օրենքի 8 իրավադրույթներ, իսկ 7 դրույթներ ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող` որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման սահմաններում: Միևնույն ժամանակ, համաձայն որոշման եզրափակիչ մասի 7-րդ կետի՝ իրավական անվտանգությունը չխաթարելու նկատառումով հակասահմանադրական ճանաչված բոլոր իրավադրույթները ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ այդ դրույթները մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակավորապես պահպանում են իրավական ուժը, այսինքն` գործում են: Որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչև սեպտեմբերի 30-ը կատարված և կատարվելիք կուտակային վճարներին:
Երկրորդ, համաձայն Սահմանադրական դատարանի օրենքի 68-րդ հոդվածի՝ հնարավոր է միայն երեք դեպք, երբ ՍԴ-ն կարող է իր որոշմանը տալ հետադարձ ուժ: Դա քրեական օրենսգրքի, վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենսգրքի դրույթների հակասահմանադրականության հարցի դեպքում, կամ երբ ՍԴ-ն իր որոշմանը տալիս է հետադարձ ուժ: Տվյալ պարագայում ՍԴ-ն ոչ միայն նման քայլի չի դիմել, այսինքն՝ հետադարձ ուժ չի հաղորդել այս որոշմանը, այլև անվավեր ճանաչված նորմատիվ ակտի համապատասխան դրույթների ուժը կորցնելու ժամկետը հետաձգել է մինչև սեպտեմբերի 30-ը, ինչը սույն օրենքի նշված հոդվածի՝ այսինքն 68-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն նշանակում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը վիճարկվող դրույթները համարվում են Սահմանադրությանը համապատասխանող:
Երրորդ կարևոր հանգամանքը, որ ցանկանում ենք շեշտել, ՍԴ-ի որոշումից միանշանակ հետևում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Բացի այդ, համաձայն օրենքի 7-րդ հոդվածի առաջին մասի՝ նրանք պարտավոր են կատարել համապատասխան ամսական կուտակային վճար: Այս պահանջը նույնպես գործում է մինչև սեպտեմբերի 30-ը:
Չորրորդ, մինչև սեպտեմբերի 30-ն ամբողջությամբ գործում է նաև օրենքի 76-րդ հոդվածը: Այսպիսով, այս հստակության հետ կապված, կարծում ենք, որ մտացածին և տեղին չեն շրջանառվող իրարամերժ մոտեցումները: Կարծում ենք, սա կողմնորոշիչ կլինի կառավարության համար՝ ՍԴ որոշման բովանդակության վերաբերյալ միասնական հստակ դիրքորոշում ունենալու:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյան – Ես առաջարկում եմ, պարոն Կիրակոսյան, ինչ որ ներկայացրեցիք, նաև գրավոր տրամադրվի բոլոր պետական մարմիններին , որպեսզի նաև ընկալումն ավելի ճշգրիտ լինի : Այսօր սահմանափակվենք հաղորդումն ընդունելով ի գիտություն: Այլ հարցեր կամ առաջարկություններ, կամ ինչ որ խնդիրներ կա՞ն: Խնդրեմ, Պարոն Ասատրյան:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյան – Պարոն Գևորգյան, Վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, և այն սկսել է գործել: Վարչապետի որոշմամբ ժամկետ սահմանվեց մինչև մայիսի 15-ը, որպեսզի աշխատանքային խումբը Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված բոլոր իրավական դիրքորոշումները, նորմերը, որոնք նշեց նաև պարոն Կիրակոսյանը, հնարավորինս սեղմ ժամկետում կարողանա օրենսդրական փաթեթով ներկայացնել կառավարությանը: Եվ նաև մենք երեկ հայտարարության արեցինք, որ հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ մասնակցելու այդ աշխատանքներին, քանի որ ի վերջո համատեղ աշխատանքի արդյունքում պիտի լուծումներ գտնենք իրավական դաշտում, օրենքի շրջանակում: Եվ այդ առումով մեկ անգամ ևս առաջարկում ենք ուղղակի մասնակցել այդ աշխատանքին և զերծ մնալ տարբեր շահարկումներից:

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքում հետաքրքիր կարծիք է հայտնել երեկվա ՍԴ որոշման կապակցությամբ

կարեն քոչարյանԵս, իհարկե, իրավաբան չեմ, բայց ՍԴ երեկվա որոշումից հետևյալ եզրակացություն արեցի` դատարանը ապացուցում է որ օրենքը խախտվել է (իսկ հակասահմանադրական բառը հուշում է, որ խախտվել է պետության Գլխավոր Օրենքը), սակայն քաղաքացիները 6 ամիս Պարտադիր պետք է ապրեն հակասահմանադրական ճանաչված Պարտադիր կուտակայինի պայմաններում։ Դա նույն է, որ ասենք դատարանը որոշում կայացնի, որ ինչ-որ մեկը գողություն է կատարել, հետո ասի, բայց դու գնա շարունակի ևս 6 ամիս գողություն անել, հետո կգաս մեզ կասես, որ փոխվել ես և մենք անպայման կհավատանք, որ դու փոխվել ես։
ՍԴ այս որոշումը, սերիալներով կրթված արդի սերունդը կգնահատեր երկու բառով` Մաման- ծաղկաման։

Անկախ

ՍԴ-ն հաճելիորեն զարմացրեց . «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական են

սդԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2014 թ. ապրիլի 2-ին որոշում ընդունեց, որով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածներ ու դրույթներ հակասահմանադրական ճանաչվեցին:

Անվավեր ճանաչվեց վիճարկվող հոդվածների ու դրույթների մեծ մասը

Մասնավորապես ՍԴ-ն որոշեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 7-րդ հոդվածի 1-ին և 11-րդ մասերի, դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված 13-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները` այն մասով, որով չեն ապահովում յուրաքանչյուր անձի հայեցողությամբ իր սեփականություն հանդիսացող աշխատավարձի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը և հանգեցնում են մարդու կամքից անկախ նրա սեփականության իրավունքի սահմանափակման, ճանաչել ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Իրավունքի գերակայության և իրավական որոշակիության սկզբունքների պահանջներին համարժեք իրավունքների պաշտպանության կոնկրետ երաշխիքներ չամրագրելու և տվյալ իրավահարաբերություններում գործադիր իշխանության հայեցողության սահմանները չհստակեցնելու հանգամանքից ելնելով` անվավեր ճանաչվեց նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի՝ վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված 2-րդ հոդվածի 6-րդ կետի «…որի տնօրինման … կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» դրույթը և 44-րդ հոդվածի 1-ին մասը ևս ճանաչվեցին Սահմանադրության համապատասխան պահանջներին հակասող և անվավեր:

Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանավեցին վեճի առարկա հոդվածների հետ համակարգային առումով փոխկապակցված 41-րդ հոդվածի 4-րդ մասի «Ռիսկերի կառավարման համակարգին ներկայացվող պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով» և 76-րդ հոդվածի 2-րդ մասի՝ գույքի արգելանքի միջոցով վարչական ակտի հիման վրա գույքի տնօրինման, տիրապետման կամ օգտագործման սահմանափակման միջոցով սեփականության իրավունքը սահմանափակող դրույթները ևս` երկրորդի մասով հաշվի առնելով նաև, որ տվյալ դրույթին առնչվող իրավահարաբերությունները չեն վերաբերում սույն օրենքի իմաստով պարտադիր կուտակային վճար կատարողի (հարկային գործակալի) անմիջական հարկային պարտավորությունների կատարմանը:

Սահմանադրական դատարանը վճռեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:

Հաշվի առնելով, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, մասնավորապես` տվյալ որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավադրույթները համակարգային առումով փոխկապակցված են Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներով և 80-ից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումների հետ, որոնց շատ դրույթներ տվյալ որոշման հիման վրա օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի պահանջը համակարգային առումով իրավական անվտանգությունը չխաթարելու վերաբերյալ, բարձր դատարանը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թ. սեպտեմբերի 30-ը` հնարավորություն տալով ԱԺ-ին և կառավարությանն իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու տվյալ որոշման պահանջներին:

Թերևս ՍԴ-ի որոշման ամենակարևոր կիզակետերից մեկն էլ վերաբերում է արդեն իսկ հաշվարկված պարտադիր վճարներին: Այս առումով որոշման մեջ նշվում է, որ տվյալ որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները:
ՍԴ-ի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից` 2014 թվականի ապրիլի 2-ից:

ՍԴ որոշումը դեռ պետք է ուսումնասիրել, բայց քաղաքական գործիչները ոգևորված են

Օրենքի դրույթների ուժը կորցրած ճանաչելու ժամկետ սահմանելու կապակցությամբ ՍԴ-ում օրենքի դրույթների սահմանադրականությունը վիճարկող խմբի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն զուգահեռ` ՍԴ-ն գործադրեց դրանք որոշակի ժամանակ հետո ուժը կորցրած ճանաչելու ինստիտուտը, ինչը խնդիրներ կարող է առաջացնել, ուստի դեռ չպետք է շտապել: Ըստ պատգամավորի` ՍԴ-ի որոշումը կարող են մեկնաբանել միայն այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո:
«Կարևորն այն է, որ հստակ է` Սահմանադրությանը հակասող նորմերի վերաբերյալ մեր ներկայացրած փաստարկները ճիշտ էին, շնորհակալություն բարձր դատարանին, որ ընդունեցին դա»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ կսկսվի դատական հայցերի նոր փուլ քաղաքացիների, աշխատակիցների և գործատուների կողմից, որոնք պահանջելու են իրենց վճարները հետ վերադարձնել: Ընդհանուր առմամաբ Արծվիկ Մինասյանը ՍԴ-ի որոշումը գոհացուցիչ համարեց:

Որոշումը դրական գնահատեց նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` նշելով, սակայն, որ որոշման վերաբերյալ վերջնական կարծիք կարող է հայտնել միայն վճռին մանրամասնորեն ծանոթանալուց հետո:
ՍԴ-ի որոշումը, բնականաբար, ունեցավ նաև քաղաքական հետևանքներ: Այն լսելուց անմիջապես հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ քաղաքական պատասխանատվություն ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն անմիջապես պետք է հրաժարական տա:
Նման միտք էլ հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը` ֆեյսբուքյան իր էջում գրելով անուններ, որոնք, իր կարծիքով, ՍԴ որոշումից անմիջապես հետո պետք է հրաժարական տան: Շնորհակալություն հայտնելով քառյակին` ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, «Ժառանգությանն» ու ՀՅԴ-ին, «Դեմ եմ» շարժմանը, Արծվիկ Մինասյանին, Արտակ Զեյնալյանին և Մարինե Խաչատրյանին, ինչպես նաև Սահմանադրական դատարանին այս որոշման համար` Բագրատյանը նշում է. «Լուրջ հետևություններ պիտի անեն USAID-ը և Համաշխարհային բանկը` Հայաստանի Հանրապետության տարածքում հակասահմանադրական «բարեփոխումները» խրախուսելու համար: Սահմանադրական դատարանի այսօրվա որոշումից հետո հրաժարական պիտի տան վարչապետ Տ. Սարգսյանը, նախարարներ Ա. Ասատրյանը, Վ. Գաբրիելյանը, Դ. Սարգսյանը, Հ. Թովմասյանը, ԿԲ-ից` Ա. Ջավադյանը և Ն. Երիցյանը»:
Ինչ վերաբերում Հրայր Թովմասյանին, ապա նա էլ իր ֆեյսբուքյան էջում իր վերաբերմունքն արտահայտեց ՍԴ-ի որոշման վերաբերյալ. «Այս պահին արձագանքները տարբեր են և հակասական: Սահմանադրական դատարանի որոշման մեջ յուրաքանչյուրը տեսնում է այն, ինչ ցանկանում է տեսնել: Բոլորին, հատկապես` իրավաբաններին հորդորում եմ ձեռնպահ մնալ սահմանադրական դատարանի որոշումից չբխող եզրահանգումներ ու հետևություններ անելուց: Ակնհայտ է, որ սահմանադրական դատարանի որոշումը ևս մեկ քայլ է մեր իրավական համակարգի զարգացման ուղղությամբ: Վստահ եմ` այն կնպաստի Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային առավել արդյունավետ համակարգ ունենալու հարցում: Հուսով եմ` առաջիկայում հնարավորություն կունենամ տեսակետ արտահայտելու և ներկայացնելու սույն որոշումը»:

ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որ նաև ՍԴ-ում օրենքը պաշտպանողներից էր, ՍԴ-ի շենքից դուրս գալով` հայտարարեց, որ ինքը, միևնույն է, մնում է պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման կողմնակից: Լրագրողների հետ զրուցում նա նշեց, որ ՍԴ-ն ոչ թե օրենքն է հակասահմանադրական ճանաչել, այլ օրենքի հոդվածները, «սահմանադրական դատարանն ասաց, որ սա սա, սա չի համապատասխանում սահմանադրականությանը, հետևաբար մենք դա, դա, դան` պետք է փոխենք»,- նշեց պատգամավորը, իսկ արդեն ՍԴ-ի շենքի բակում, պատասխանելով իրեն ուղղված հարցերին, թե ինչու իրենց պաշտպանած օրենքը հակասահմանադրական ճանաչվեց, հայտարարեց, որ իրավական դաշտն է թերի:
«Դրա պատճառը ոչ թե ես եմ կամ մեծամասնությունը կամ փոքրամասնությունը, դրա պատճառները շատ-շատ են»,- ասաց պատգամավորը:
ՍԴ որոշման վերաբերյալ մեկնաբանությունները, պարզաբանումները, իրոք, հնարավոր կլինի լսել, ստանալ կամ նշել այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո միայն: Ուստի այդ որոշմանը դեռ կանդրադառնանք:

Կառավարության հայտարարությունը ՍԴ որոշման մասին

կառավարությունՍահմանադրական դատարանը շեշտել է՝ 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Միևնույն ժամանակ, դատարանը սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկել մինչև սեպտեմբերի 30-ը: Կառավարությունն առաջ է տանելու ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված այս արմատական բարեփոխումը՝ դրա պատշաճ սահմանադրական ձևակերպումների շրջանակներում:
Կառավարությունը հետագա գործողությունների ծրագիրը կընդունի Սահմանադրական դատարանի որոշումը ստանալուց և ուսումնասիրելուց հետո:

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճահարույց դրույթները

Ադրբեջան,Իլհամ Ալիև,Սահմանադրական դատարանՀայաստանի Սահմանադրական դատարանն այսօր Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի ամբողջ շարք հոդվածներ, որոնց վերաբերյալ հայց էին ներայացրել դատարան:

Միաժամանակ ՍԴ-ն մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ է տվել խորհրդարանին և կառավարությանը՝ օրենքի որոշ դրույթները փոփոխության ենթարկելու: Մինչ այդ կատարված կենսաթոշակային բոլոր վճարումները պետք է վերանայվեն: Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Սահմանադրական դատարանը փաստել է, որ օրենքի որոշ դրույթներ հակասում են Սահմանադրությանը և սեփականության իրավունքի սահմանափակումներ են պարունակում:

ՍԴ նախագահը նշեց, որ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չհակասեն նրան: Գագիկ Հարությունյանի խոսքով` ՀՀ սահմանադրության մեջ թոշակ եզրույթն ամրագրված չէ, սակայն ամրագրված են սոցիալական իրավունքի հիմնադրույթները:

«Էականն այն է, որ իրեն սոցիալական հռչակած պետությունը հստակ ճանաչում է իր սոցիալական պարտավորությունները: Պետությունը սահմանափակված է այդ իրավունքով, միջազգային պարտավորություն է ստանձնել ճանաչել յուրաքանչյուրի սոցիալական իրավունքը: 50-ից ավելի երկրների փորձը վկայում է, որ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրումը բարձրացնում է երկրի կայունությունը, ժողովրդի բարեկեցությունը: Ներդրման ձևերն են կարևոր, և պետք չէ մեխանիկորեն փոխառել այլ երկրների փորձերը, առավել ևս, երբ այլ երկրներում շտկումներ են կատարվել»,- ասաց ՍԴ նախագահը: Նա նշեց, որ Հայաստանը եզակի երկրներից է, որտեղ թոշակային սահմանումները ձևավորվում են ոչ թե սոցիալական վճարներից, այլ հանվում են աշխատավարձերից:

Ապա Գագիկ Հարությունյանը հայտնեց որոշումը, ըստ որի, գրեթե ամբողջությամբ բավարարել է հայցը:

Նշենք, որ օրենքի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ հայցը ներկայացրել էին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն ու փաստաբան Մերի Խաչատրյանը, որոնք եզրափակիչ ելույթով են հանդես եկել:

Գործի շրջանակներում որպես պատասխանող էին հանդես գալիս Սոցիալական հարցերով խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանն ու ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Անկախ

ՍԴ-ն այսօր կհրապարակի իր որոշումը (ուղիղ միացում),լուսանկարներ

սդՍահմանադրական դատարանը, որը մարտի 28-ից սկսել էր «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին»  օրենքի սահմանադրականության հարցի քննարկումն, այսօր, ժամը 11-ին կհրապարակի իր որոշումը:

Գործընթացին կարող եք հետևել www.civilnet.am -ի ուղիղ հեռարձակմամբ.

 

Անկախ

ՍԴ նախագահի համար պարզ է` կառավարությունն այնպես է արել, որ պարտադիր կուտակայինի վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը

Const.-court2-450x300Այսօր Սահմանադրական Դատարանում «Կուտակային կենսաթոշակների» մասին օրենքի սահմանադրականության հայցի քննության ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց` նվազագույն աշխատավարձ ստացողն ինքը պետք է վճարի՞ պարտադիր կուտակայինի վճարները, թե՞ գործատուն, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ պարտադիր կուտակային վճարը հարկ չէ, այն ուշացած աշխատավարձ է:

Այդ պատասխանից հետո ՍԴ նախագահը նշեց, որ իր համար արդեն պարզ է` կառավարությունն օրենսդրական այդ լուծումն արել է այնպես, որ պարտադիր կուտակայինի դեպքում վճարումներ անի նաև նվազագույն աշխատավարձ ստացողը։
Իր հերթին ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ են 40 տարով «պարտադիրը» կիրառում, թող վերջին 10-15 տարվա ընթացքում կիրառեն, կամ, միգուցե, տոկոսների հարցն այլ կերպ լիներ, տարբեր տոկոսներ սահմանվեին: Ֆելիքս Թոխյանը նաև օրենքի կիրառումը հետաձգելու հնարավորություններից հետաքրքրվեց:
Արտեմ Ասատրյանն էլ պատասխանեց, որ այս օրենքով երկրի սոցիալական պաշտպանության համակարգ է ստեղծվում: «Ես կարծում եմ, որ մենք արդեն ուշացրել ենք օրենքի ընդունումը, և նորից հետաձգելը ավելի ծանր հետևանքների կհանգեցնի: Մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ առնվազն 20-25 տարի 10 տոկոս վճարներ պետք է արվեն, որ բարեփոխումը կատարվի, այլ դեպքում համակարգը չի աշխատի և իր ֆունկցիան չի կատարի»,-ասաց Արտեմ Ասատրյանը պատասխանեց Արտեմ Ասատրյանը:
Ֆելքս Թոխյանի այն հարցին, թե ինքը կարո՞ղ է հրաժարվել կենսաթոշակի իր իրավունքից, Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Կարող եք, այո»:
Ֆելիքս Թոխյանի այն դիտարկմանը` թե ինքը ցանկանում է կենսաթոշակ ստանալու իր իրավունքն իրագործել շատ ավելի ուշ, քան որոշել է պետությունը, բայց պետությունը 40 տարի առաջ իրեն ասում է՝ ոչ, պետք է ստանաս, հիմա պետք է վճարես, իսկ 40 տարի հետո նոր կարող ես հրաժարվել, նախարարը պատասխանեց. «Քաղաքացիները ունեն իրավունքներ և պարտականություններ, պետությունն ունի պարտականություններ քաղաքացիների հանդեպ, որոնք իրագործելու համար գործիքներ է ստեղծում: Տվյալ դեպքում մենք գործ ունենք կենսաթոշակային ապահովագրության հետ, որի մեխանիզմներն այն են, ինչ շարադրված են օրենքում»:
 

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով Կառավարությունը երկրում սոցիալական պաշտպանության համակարգ է ձևավորում». Արտեմ Ասատրյան

արտեմ ասատրյանԱյսօր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով Կառավարությունը երկրում սոցիալական պաշտպանության համակարգ է ձևավորում:

«Տարբեր ուսումնասիրություններ են կատարվել հասկանալու համար, թե Հայաստանի համար կենսաթոշակային ինչպիսի՞ համակարգը կարող է արդյունավետ լինել, քանի որ ներկայիս համակարգը չէր կարողանում ապահովել այն երկու խնդիրները, որոնք           պետք է կարգավորվեն կենսաթոշակի միջոցով, և ընտրվել է հենց այս մոդելը, որով մենք երկրի սոցիալական պաշտպանության մոդել ենք ստեղծում»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Նախարարի խոսքով` կենսաթոշակը հիմնական երկու կարևորագույն խնդիր է լուծում՝ թոշակ ստացողը պետք է աղքատ չլինի և աշխատող քաղաքացին, ով անցել է թոշակի, պետք է ստանա արժանավայել փոխհատուցում: Իսկ ներկայիս կենսաթոշակային համակարգն այս երկու խնդիրը չի լուծում, ուստի անհրաժեշտ է ունենալ մի համակարգ, որի միջոցով հնարավոր կլինի կարգավորել դրանք:

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթների սահմանադրականությունը վիճարկելու համար Սահմանադրական Դատարան են դիմել 36 պատգամավորներ: Դատաքննությունն սկսվել է մարտի 28-ին և շարունակվում է այսօր: Դատարանը հասցրել է լսել դիմող կողմի ներկայացուցիչներին և պատասխանող կողմին: Դատավորները հարցեր են ուղղել կողմերին:

ՍԴ-ն քննարկում է պարտադիր կուտակայինի սահմանադրականությունը (ուղիղ միացում)

Const.-court2-450x300Մեկնարկել է ՍԴ նիստը, որտեղ արդեն երկրորդ օրն է, քննարկվում է «Պարտադիր կուտակային կնեսաթոշակային համակարգի մասին» օրենքի սահմանադրականության հարցը:

Հետևեք նիստին Civilnet.am-ի ուղիղ հեռարձակմամբ.

«Արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու համար պետք է անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին». պատասխանող կողմի հայտարարությունը

հակոբ հակոբյանԱյսօր սահմանադրական դատարանում սկսվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա:

Պատասխանող կողմը կուտակային համակարգի ներդրման օգտին նշեց ծնելիության նվազման հանգամանքը: Պատասխանող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի խոսքով` մեր երկրում ծնելիությունը պակասել է, արտագաղթն ավելացել է,  տնտեսությունը գտնվում է ոչ բարձր զարգացման մակարդակի վրա:

«Առկա միտումները շարունակելու պարագայում` 2025 թվականին մեզ մոտ գրանցվելու է 20 000 ծնունդ: 2050-ին մեզ մոտ տեսականորեն ստացվում է երկու թոշակառու մեկ աշխատող»,- ասաց Հակոբ Հակոբյանը` հավելելով, որ բաշխողական համակարգը չի կարող համեմատության մեջ մտնել կուտակային համակարգի հետ և ապահովել արժանապատիվ կենսաթոշակի վճարում:

Ըստ Հակոբ Հակոբյանի` արժանապատիվ կենսաթոշակ ապահովելու համար պետք է անցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելով` մենք լուծում ենք երկու խնդիր, նախ ուղիղ կապ ենք ստեղծում կենսաթոշակի և աշխատանքային տարիներին վաստակածի միջև, ապա բարձրացնում կենսաթոշակի փոխհատուցման գործակիցը: Մեր հաշվարկներով` վերջում մենք կկարողանանք ապահովել 40-50 տոկոս փոխհատուցման գործակից»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

 

ՍԴ-ն ժամանակավորապես կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթներ

սդՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Գործով դատաքննությունը նշանակված է մարտի 28-ին:

ՍԴ որոշումանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ` հետևելով հղմանը:

Անկախ

Արծվիկ Մինասյանը հույս ունի, որ ՍԴ-ն հաշվի կառնի Հանրային խորհրդի տեսակետը

Արծվիկ Մինասյան,ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բարձր է գնահատում Հանրային խորհրդի քայլը, ըստ որի ՀԽ-ն դիմել է ՀՀ նախագահին և կառավարություն՝ առաջարկելով մկինչև 2014 թվականի հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ և քննարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու առաջարկությունները:

«Ցավոք, փորձը, որ մենք կատարեցինք, տապալվեց կառավարության և քաղաքական մեծամասնության ջանքերով, ուստի մինչև հունվարի 1-ը պառլամենտում նման քննարկում կազմակերպելն իրատեսական չեմ համարում, բայց մյուս կողմից, քանի որ հարցը ներկայացվել է Սահմանադրական դատարան, հույս ունենք, որ այնտեղ նաև Հանրային խորհրդի կարծիքը քննարկման առարկա կդառնա»,-ասաց պատգամավորը:

 Անկախ

ԲՀԿ-ն կմիանա կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ ՍԴ ներկայացվելիք հայցին

ԱԺԱյսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը լրագրողներից մեկի խնդրանքով անդրադարձավ դիտարկմանը, թե ինչու՞ է ԲՀԿ-ն դեմ քվեարկում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառմանը, եթե 2010 թվականին կողմ է քվեարկել դրան:

«Մենք կողմ ենք եղալ համակարգին, ոչ թե պարտադիր բաղադրիչին: Այն ժամանակ, երբ քննարկումներ էին ընթանում, ենթադրվում էր, որ արդեն2014 թվականին կլինի ավելի բարձր տնտեսական աճ, քան հիմա է, և աղքատության մակարդակն էլ ավելի ցածր կլինի: Այն ժամանակ կարծում  էինք, որ այդ բեռն ավելի հեշտ կլինի տանել: Սակայն կանքը հակառակը ցուց տվեց», – ասաց Միքայել Մելքումյանը:

ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանն էլ հավելեց, որ, չնայած ամեն տեսակ խոչընդոտներին, որ առաջադրում է կառավարությունը, իրենք շարունակելու են օրենքի շրջանակներում պայքարել պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ: Պատգամավորները տեղեկացրեցին, որ իրենց խմբակցությունը կմիանա այն ընդդիմադիր խմբակցություններին, ովքեր պատրաստվում են այս խնդրով հայց ներկայացնել Սահմանադրական դատարան, թեև ԲՀԿ-ում վստահ չէն, որ ՍԴ-ն կկայացնի սոցիալական զանգվածների տեսակետն արտահայտող որոշում: