Առողջապահության նախարարությունը դատապարտում է սիրիահայ բժշկի նկատմամբ բռնության կիրառումը

Untitled2ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մեծ վրդովմունքով են տեղեկացել Թալինի բժշկական կենտրոնի սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանի հանդեպ անմարդկային վերաբերմունքի` նրան ծեծի ենթարկելու փաստի մասին։

“Պատերազմի հետևանքով մեծ կորուստներ կրած, իրենց ծննդավայրում կայացած սիրիահայ մի խումբ բժիշկներ այսօր աշխատում են մարզային մեր հիվանդանոցներում` իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելով տեղի մասնագետներին։ Պողոս Աղոյանը նրանցից մեկն է, ով երկու ամիս առաջ մասնագիտական իր հմտության շնորհիվ կարողացավ փրկել սահմանային վիճակում գտնվող հիվանդներից մեկի կյանքը։ Դրա համար ՀՀ առողջապահության նախարարի կողմից նա պարգևատրեց պատվոգրով։

Բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի ցանկացած փաստ ինքնին դատապարտելի է։ Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա` անգամ հաշվի չառնելով, որ նրա մասնագիտական օգնությունը վաղն անհրաժեշտ է լինելու իրեն կամ իր հարազատին։

Շատ ավելի մեծ է նման արարքների պատճառած բարոյական վնասը ոչ միայն բժշկին, այլև մեր ողջ հասարակությանը։ Նման երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։

Վստահ ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ”,-գրված է ԱՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի հիվանդանոցում աշխատող 41-ամյա սիրիահայ սրտաբան Պողոս Աղոյանը երեկ՝ օգոստոսի 21-ին, NEWS.am լրատվական կայքի հետ զրույցում հայտնել էր, որ մեքենայի կայանման շուրջ վիճաբանության մեջ է մտել Թալինի քաղաքապետի բարեկամների հետ, որոնք իրեն հայհոյել էին ու ծեծի ենթարկել: Պողոս Աղոյանը դեպքի առթիվ հաղորդում էր տվել ոստիկանությունում: նա նաև հայտնել էր, որ հիասթափված է հայրենիքից և պատրաստվում է լքել Հայաստանը:

Անկախ

«Նոր Հալեպ». ոչ թե չարախնդալ, այլ 1 դոլարի նվիրատվություն կատարել

նոր հալեպ«Սա ռեալ ծրագիր է, աշխատանքներն արդեն տարվում են, ապրել ցանկացողներն էլ կան: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա 2015-ի Կաղանդը սիրիահայերը կդիմավորեն իրենց բնակարաններում»,- դեռևս նախորդ տարի սեպտեմբերին մեզ հետ զրույցում ասում էր «Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը:
Խոսքն Աշտարակ քաղաքում կառուցվելիք «Նոր Հալեպ» թաղամասի մասին է, որի գաղափարը ՀՀ սփյուռքի նախարարությանն է, և որի նպատակն է ստեղծել 7 հարկանի շենքերից բաղկացած թաղամաս՝ ընդհանուր առմամբ 488 բնակարանով, սիրիահայերի համար բավականին մատչելի պայմաններով:

Գաղափարն իրագործելու համար 2013 թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» որոշումը և դիմեց Աշտարակի քաղաքապետարան, իսկ Աշտարակի ավագանին 2013 թ. հուլիսի 23-ին որոշում կայացրեց Աշտարակում «Նոր Հալեպ» անվամբ բնակելի թաղամաս հիմնելու և այն կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4.8 հա հողամաս նվիրաբերել անհատույց սեփականության իրավունքով:
Սակայն անվճար հողահատկացումով խնդիրը չէր լուծվի. հարկավոր էին լուրջ ներդրումներ, քանի որ ծրագրի արժեքը մոտ 25 մլն դոլար է:

Սկսեցին աշխատանքներ տարվել հովանավորներ գտնելու ուղղությամբ: Գումարի մի մասն էլ պետք է վճարեին այդ թաղամասում բնակարաններ ձեռք բերել ցանկացող սիրիահայերը, որի արժեքը մոտավոր հաշվարկներով կազմելու էր բնակարանի ողջ արժեքի մոտ մեկ երրորդ մասը: Մոտավոր հաշվարկներով` այդ տարածքում բնակարանի 1 քմ-ը կարժենա մոտ 500 դոլար:

2015-ի Ամանորին հաշված ամիսներ են մնացել, սակայն շինարարությունը դեռ չի էլ մեկնարկել, քանի որ բարեգործների շնորհիվ հավաքված գումարն ընդամենը 52 մլն դրամ է, որից 10 մլն 60 000 դրամը հատկացվել է գեոդեզիական աշխատանքների կատարմանը: Ի դեպ, ամենամեծ նվիրատուն «Գրանդ Տոբակո» ընկերությունն է՝ 42 մլն դրամ:
Ինչ վերաբերում է ծրագրին դիմած 650 ընտանիքներին, ապա նրանցից ոչ մեկը մինչ օրս չի կնքել նոտարական պայմանագիր և ոչ մի լումա չի տրամադրել ծրագրի իրականացմանը:

images«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը ոչ միայն տարակուսած է, այլև հիասթափված: Նա այս պահի դրությամբ բոլոր դիմումատուներին համարում է ծրագրից դուրս եկած:

Հալաջյանը ենթադրում է, որ հավանաբար ծրագրին դիմողները շատ ավելի մեծ ակնկալիքներ ունեին դրսի ֆինանսավորումից՝ մտածելով, որ բնակարաններն իրենց են տրվելու շատ չնչին գումարներով կամ գրեթե անվճար: Չնայած նախնական թերթիկում բոլորն էլ լրացրել էին այն տողը, որ պատրաստ են գոնե 5000 դոլար վճարել մաս-մաս, միանգամից կամ վճարման այլ եղանակով:
«Բայց եթե անգամ գային ու ասեին, որ կարող են 500 դոլար ներդրում կատարել՝ կնքելով նոտարական պայմանագիր, մենք կհասկանայինք և կընդառաջեինք,- ասում է Հալաջյանը,- իսկ ծրագիրը կարող էր սկսվել մեկ շենքով, գոնե մեկ շենքում 50 ընտանիք կտեղավորվեր, ապա կամաց-կամաց առաջ կգնայինք: Այդ դեպքում մենք էլ կարող էինք դիմել կառավարությանը, որ ֆինանսապես աջակցի: Բայց հիմա պետությունն ասում է՝ եթե մարդը նոտարական պայմանագիր չի կնքել, ո՞ւմ համար եք շենքը կառուցում»:

Դիմումատուների համար պայմանագրում մի շատ կարևոր կետ էլ է նշվել, ըստ որի` ցանկացած պահի քաղաքացին կարող է հրաժարվել ծրագրից՝ իր վճարած գումարը հետ ստանալով: Այս ամենից հետո Լենա Հալաջյանը զարմացած է, որ մարդիկ չեն գալիս ու գործնական քայլեր չեն կատարում ծրագիրն իրագործելու համար:

Բայց եթե սիրիահայերին ինչ-որ կերպ կարելի է հասկանալ, քանի որ հազիվ են իրենց ծախսերը հոգում կամ խուսափում են ներդրումներ անելուց՝ չվստահելով ծրագրի իրագործմանը և վտանգի տակ չդնելով իրենց առանց այն էլ վտանգված ռեսուրսները, ապա Սփյուռքի անտարբերությունն այս ծրագրի նկատմամբ պարզապես անհասկանալի է:

Լենա Հալաջյանն ասում է, որ միայն իրենց ՀԿ-ի անունից 175 երկլեզու նամակ է հղվել Սփյուռքի հայկական կազմակերպություններ, սակայն որևէ արձագանք մինչ օրս չի ստացվել. «Անգամ չեն պատասխանել, որ գոնե ասեն՝ շնորհակալ ենք, ստացել ենք ձեր նամակը, բայց չենք կարող օգնել»:

ՀԿ-ի սիրիահայ ղեկավարը չի ուրանում Սփյուռքի դերը սիրիահայերին աջակցելու գործում, հատկապես` Սիրիա ուղարկվող օգնության տեսանկյունից, բայց եթե հարցը վերաբերում է Հայաստանից արտագաղթը կանխելուն, հայրենադարձությունը խթանելուն, ապա կարծում է, որ սա հենց այն է, ինչին պետք է օժանդակի հայկական Սփյուռքը:

big_1379495650_3688878Հալաջյանը չի հասկանում նաև մեր եկեղեցու լռությունը. «Լոս Անջելեսում մի խաչքար տեղադրելու համար 20 հազար դոլար են նվիրաբերում: Գուցե էնտեղ մի խաչքար տեղադրելու փոխարեն էստեղ մի ընտանիքի ապահովեն բնակարանով»:
Սակայն Լենա Հալաջյանն ամենից շատ վիրավորված է շրջանառվող այն լուրերից, թե իբր իրենց ծրագիրը ձախողվել է: «Ոմանք կարծես ներքուստ ուրախանում են, որ ծրագիրն առաջ չի գնում: Ես հիասթափված եմ այդ մարդկանցից: Եթե իրենք չեն ուզում նվիրաբերել, դա իրենց խնդիրն է, բայց չեմ կարող պատկերացնել, որ նմանօրինակ ծրագրի չիրականանալով ուրախացողը կարող է հայ կոչվել: Հիմա մենք կանգնած ենք շատ լուրջ համահայկական հարցի առաջ, և փոխանակ չարախնդալու, պետք է ձեռք ձեռքի տալով՝ այս գործը խթանենք, մարդկանց ոգևորենք և ամեն ինչ անենք, որ ծրագիրն իրականություն դառնա»:

Եվ մինչ ծրագրի պատասխանատուները ջանքեր են գործադրում այն իրականություն դարձնելու համար, Հայաստանը լքող սիրիահայերի թիվն օրեցօր ավելանում է:
Հալեպահայ մի կին, որի ընտանիքն արդեն մեկ տարուց ավելի է՝ Հայաստանում է, ասաց, որ պատրաստվում են օգոստոս ամսին Սիրիա վերադառնալ, քանի որ արդեն սպառվել են խնայած գումարները, որով բնակարանի վարձն ու ապրուստն են հոգում: «Արդեն 15 ամիս է՝ այստեղ ենք, բայց ամուսինս էդպես էլ գործ չի գտել: Ամսական 1200 դոլար ծախսում ենք, որից 400 դոլարը բնակարանի վարձն է: Այլևս չենք կարող, առանց աշխատանքի հնարավոր չէ, պետք է վերադառնանք Դամասկոս, որտեղ համեմատաբար խաղաղ է»:

Մեր զրուցակիցն անկեղծորեն ասաց, որ շատ է ուզում հաստատվել Հայաստանում, քանի որ այստեղ երեխաների համար շատ ավելի բարենպաստ պայմաններ կան բոլոր առումներով՝ անվտանգություն, որակյալ կրթություն և այլն, սակայն ստիպված են վերադառնալ պատերազմող երկիր, քանի որ այնտեղ գոնե հացի խնդիրը կարող են լուծել:

«Նոր Հալեպ». իրականություն կդառնա՞ սիրիահայերի նոր երազանքը». մեկ տարի առաջ այսպես էինք վերնագրել մեր առաջին հոդվածն այս թեմայով՝ չնայած պատասխանատուների վստահությանն ու դրական տրամադրվածությանը: Այսօր հարցականներն է՛լ ավելի շատ են, իսկ ծրագրի ապագան՝ ավելի անորոշ: Սակայն չցանկանալով խտացնել իրականության գորշ գույները` միանում ենք Լենա Հալաջյանի կոչին՝ ուղղված ողջ հայությանը Հայրենիքում ու Սփյուռքում. «Յուրաքանչյուրդ կատարեք մեկ դոլարի ներդրում, և «Նոր Հալեպն» իրականություն կդառնա»:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

Փոքրիկ Գառնին Սիրիայի դրոշն է նկարում, որ ծննդավայրի կարոտն առնի

սիրիահայեր (1)2012 թ. փետրվարի 28-ն էր: Սիրիայի Նոր գյուղ թաղամասում բնակվող հայկական ընտանիքում նոր երեխայի ծնունդի էին սպասում: Երիտասարդ կնոջ` Դալարի երկունքի ցավերը բռնել էին, և ամուսինը` Հակոբը, նրան հիվանդանոց էր տեղափոխում:

Սակայն կես ճանապարհին նրանք ստիպված էին կանգ առնել. ճանապարհը դեպի հիվանդանոց փակ էր, կրակոցներ էին հնչում… «Դալա՛ր, դիմացիր»,- ասում էր Հակոբը կնոջը:
Իսկ ճանապարհը չէր բացվում ու չէր բացվում: Շտապօգնություն էլ հնարավոր չէր կանչել, քանի որ երբ կրակոցները սկսվում էին, կյանքը Հալեպում կանգ էր առնում: Ի վերջո, երկարատև տանջանքից հետո երիտասարդ ամուսինները հասնում են հիվանդանոց, և Դալարը հաջողությամբ երկրորդ զավակին` Զավենին լույս աշխարհ է բերում:
Սիրիահայ այս ընտանիքն այսօր Հայաստանում է, հայրենիք է տեղափոխվել մոտ մեկուկես տարի առաջ: Իսկ մինչ այդ նրանք փորձում էին կառչած մնալ հայրենի քաղաքին` վառոդի ծխի և արկերի պայթյունների տակ չհավատալով, որ երբեմնի խաղաղ ու բարեկեցիկ Հալեպն այլևս հիշողություն է:
Անիրական երազից նրանց վերջնականապես հանում է 2012-ի օգոստոսին իրենց տան մոտ հնչած պայթյունը, ու երիտասարդ ընտանիքը հենց հաջորդ օրը լքում է սիրելի քաղաքը:
Մինչ Երևան հասնելը, նրանք մեկնում են Դամասկոս` Դալարի հայրական տուն, որտեղ իրավիճակը դեռևս այնքան էլ լարված չէր: Սակայն Դամասկոս հասնելը մի մեծ փորձություն էր: Օդանավակայանի ճանապարհին պարզվում է, որ ընդդիմադիրները պայթեցրել են օդանավերին վառելանյութ մատակարարող բեռնատարները: Կառավարական օդանավակայանն արդեն հրե ճիրաններում էր: Իրավիճակը խիստ լարված էր: Նրանք օդանավակայանի և Հալեպի մեջտեղում էին, բայց ո՛չ առաջ կարող էին գնալ, ո՛չ հետ, երկու ճանապարհներն էլ փակվել էին գրոհայինների կողմից. «Շուտով ամուսնուս մոտեցավ մի սիրիահայեր (2)մարդ, որն իր վրա պատասխանատվություն առավ մեզ գյուղերի միջով օդանավակայան հասցնել»,- պատմում է Դալարը:
Ավտոմեքենաները կանգնեցնում են և այդ մարդու ուղեկցությամբ ոտքով շարժվում առաջ. մի կողմում կառավարական զորքերն էին, մյուս կողմում` գրոհայիները, իսկ երկնքում ժամանակ առ ժամանակ պայթյուններ էին որոտում:
Ի վերջո, հասնում են օդանավակայան. ինքնաթիռը, որ թռիչք պետք է կատարեր ժամը 15:00-ին, օդ է բարձրանում ժամը 21:30-ին: Բարեբախտաբար, այդ ծանր փորձություններից հետո նրանք հասնում են Դամասկոս:
8 ամիս անց են կացնում Դամասկոսում: Նրանց դուստրը` 7-ամյա Գառնին, ընդունվում է հայկական դպրոց, Հակոբը, որ մասնագիտությամբ ոսկերիչ է, աշխատանք է գտնում, բայց այլ բնագավառում: Սպասում են, մինչև Հալեպում իրավիճակը կայունանա` վերադառնան: Բայց ոչ միայն Հալեպում չէր խաղաղվում, այլև պայթյունները կամաց-կամաց հասնում էին Դամասկոս: «Մի օր հենց աղջկաս դպրոցի մոտ պայթյուն եղավ, դպրոցի ամբողջ ապակիները կոտրվեցին, թափվեցին: Հասկացանք, որ այստեղ էլ այլևս ապահով չէ, և որոշեցինք տեղափոխվել Հայաստան»,- ասում է Դալարը:
Եվ օրեր անց, երբ գնում են հայկական դեսպանատուն, վիզաները վերցնում և տաքսի նստած տուն վերադառնում, հանկարծ երկնքում մեծ ծուխ են նկատում: Վարորդը պատմում է, որ քիչ առաջ մի քանի թաղամաս այն կողմ մեծ պայթյուն է եղել:
Երբ Դալարը լսում է թաղամասի անունը, մի պահ քարանում է, հետո բացականչում. «Գառնին, Հակո՛բ, Գառնին»,- ապա ինքնամոռաց տաքսու դուռն ընթացքի մեջ բացում է, որ իրեն դուրս նետի:
Թաղամասում, որտեղ պայթյունը եղել էր, դստեր դպրոցն էր գտնվում: Հետո պարզվում է, որ պայթյունը հենց դպրոցի կողքին է եղել, և ուսուցչուհին պատմել է, որ եթե այն 10 վայրկյան առաջ լիներ, հետևանքները շատ ծանր կլինեին, քանի որ երեխաների դպրոցից դուրս գալու պահին է եղել: «Երեկոյան ամուսնուս ասացի` վերջ, այլևս անհնարին է մնալը, պետք է Հայաստան գնանք: Իսկ այդ օրվա վախը ինձի մնաց»:
Մեկ շաբաթ անց նրանք արդեն Հայաստանում էին:
Երեխաների անվտանգությունն ապահովում են, բայց սոցիալական խնդիրը գնալով ավելի ու ավելի է ծանրանում: Հակոբն աշխատանք չունի: Իր մասնագիտությամբ ցանկացել է գործ ձեռնարկել, սակայն մի շարք դժվարությունների առաջ է կանգնել: Փորձել է անգամ շինարարության բնագավառում աշխատել, սակայն այստեղ էլ նրան խաբել են` խոստացած գումարի փոխարեն մի քանի անգամ քիչ գումար տալով: Հիասթափվել է, երդվել, որ այլևս Հայաստանում որևէ գործ չի անի: Հակոբի եղբայրները 10 տարուց ավելի է` Ֆրանսիայում են ապրում: Որոշել է եղբայրների մոտ գնալ:
սիրիահայեր (3)«Մենք Սիրիայում շատ լավ կապրեինք, որևէ խնդիր չունեինք, կյանքը շատ հեշտ էր: Այստեղ 100 դոլարը կմանրես, մեկ օր էլ չի բավականացնի: Կյանքն այստեղ շատ թանկ է, չհաշված, որ ամսական 400 դոլար միայն տան վարձ կվճարենք,- ասում է Դալարը:-Սիրիայում էդքան աղքատություն կար, բայց անկարելի բան էր, որ մարդ մուրացկանություն աներ կամ աղբամանները մտներ, նման բաներ մենք տեսած չէինք: Այստեղ ահավոր է»:
Ընտանիքն ապրում է խնայողությունների և եղած ոսկին վաճառելու հաշվին: Սակայն ապրուստի այդ միջոցն էլ շուտով կսպառվի: Իսկ այս պահին նրանց վարձակալած բնակարանում ապրում է 9 հոգի. օրեր առաջ նրանց են միացել նաև Հակոբի մայրը, քույրը ամուսնու և երկու երեխաների հետ: Վերջիններս Հալեպից տեղափոխվել էին Եվրոպա, սակայն նրանց արտաքսել են: Ընտանիքի բոլոր անդամներն առայժմ անգործ ու անորոշ վիճակում սպասում են, իսկ թե ինչի` իրենք էլ չգիտեն:
Դալարին մի քիչ տխրեցնում է նաև տեղացիների վերաբերմունքը իրենց նկատմամբ, չնայած չի ժխտում` լավ վերաբերմունքով մարդիկ էլ շատ կան: Պատմում է, որ օրեր առաջ գնացել է հագուստ գնելու, և վաճառողներից մեկը դժգոհ տոնով ասել է, թե մենք ղարաբաղցիներից չէինք ազատվել, դուք եկաք:
Չնայած սոցիալական ծանր վիճակին, մարդկանց հետ դեռևս անսովոր հարաբերություններին` Դալարը գերադասում է Հայաստանում մնալ: «Ամենակարևոր զգացումը, որ սա իմն է, չէ՞ որ Հայաստանը մեզի համար միշտ երազ էր: Այստեղ շատ լավ է, միայն գործն է, որ մեզի համար խնդիր է»:
Դալարն անգամ համաձայն է, որ ամուսինը միայնակ մեկնի Ֆրանսիա, աշխատի, իսկ ինքը երեխաների հետ մնա Հայաստանում: Նա չի ուզում, որ երեխաները Եվրոպայում մեծանան. «Հիմա այստեղ, որ կտեսնեմ, թե Գառնին ինչպես օրինավոր հայկական դպրոց կերթա, մաքուր հայերենով կխոսե, հայ ընկերուհիներ, ընկերներ ձեռք կբերե, ինձի համար ուղղակի հարստություն է»:
Փոքրիկ Գառնին, որն արդեն մաքուր արևելահայերենով է խոսում, նույնպես սիրում է Հայաստանը, Երևանը: Բայց հարցին` կուզե՞ս վերադառնալ Սիրիա, ասում է. «Այո, շատ եմ կարոտել մեր տունը, մեր բակը, կուզեմ գնալ, կարոտս առնել ու նորից հետ գալ»:
Քիչ անց Գառնին ցույց է տալիս իր նկարած նկարներից մեկը. Սիրիայի դրոշն է. «Երբ Սիրիայի դրոշը տեսնում եմ, լաց եմ լինում»,- ասում է կարոտած աչքերով փոքրիկը:

 

Անի Գասպարյան

Անկախ

Հալեպում 25-ամյա հայ երիտասարդ է վիրավորվել

հալեպՀՅԴ Հալեպի գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր`մայիսի 13-ին, Հալեպի Նոր Գյուղ և Ազիզե թաղամասերում ընկած հրթիռների հետևանքով վիրավորվել է 25-ամյա Անտուան Դանիելյանը: Վիրավորված հայ երիտասարդը տեղափոխվել է հիվանդանոց:

 

 

Սիրիահայ ընտանիքները՝ քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում

001(2)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը:

2014 թվականի առաջին եռամսյակում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում համապատասխան օժանդակություն է ցուցաբերվել հարյուրավոր սիրիահայերի:

Մասնավորապես կենցաղային իրեր, հագուստեղեն, գրենական պիտույքներ են տրամադրվել 228 ընտանիքի: Պարենային աջակցություն է ստացել 64 ընտանիք, ևս 47-ին տրամադրվել է դրամական աջակցություն:

Զուգահեռ շարունակվում է անապահովության գնահատման համակարգում սիրիահայ ընտանիքների հաշվառումը, նպաստների տրամադրումը: Քաղաքապետարանի և վարչական շրջանների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ նաև վերջինների զբաղվածության հարցը: Երևանի ԶԾՏԿ-ներում հաշվառվել է 24 սիրիահայ, կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել 25-ը: Ըստ անհրաժեշտության տրամադրվում են նաև հրատապ օգնություններ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
հասարակայնության հետ կապերի վարչություն

Բնակարանների հանձնում սիրիահայ ընտանիքներին՝ Կովսականում

Կովսական2014 թվականի ապրիլի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում տեղի է ունեցել բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությունը: Բազմաբնակարան շենքում բնակարաններ են ստացել նաև տասը սիրիահայ ընտանքիներ, որոնք այս տարիների ընթացքում տեղափոխվել և վերաբնակեցվել են Կովսականում:

ԿովսականՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամը նույնպես իր ներդրումն է ունեցել  բազմաբնակարան շենքի կառուցման գործում՝ այդպիսով նպաստելով Ազատ և Անկախ Արցախի վերաբնակեցման քաղաքականությանը և զարգացմանը:

ՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամի պատվիրակությունը ներկա գտնվելով բնակարանամուտի արարողությանը, հանդիպել է նաև Կովսականում վերաբնակեցված սիրիահայ ընտանքիների հետ՝ ծանոթանալով նրանց խնդիրների հետ: Հիմնադրամի պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Քաշաթաղի շրջանի աշխատակազմի, ՙՙՔաշաթաղ՚՚ հիմնադրամի հետ և ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ՝ հետագա ծրագրերի իրագործման ուղղությամբ:

ՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամը շնորհավորում է Արցախում իրենց տունը կառուցած սիրիահայ ընտանքիներին և մաղթում բարեբեր և արդյունավետ աշխատանք հետագա գործունեության մեջ: ՙՙՕգնիր Եղբորդ՚՚ բարեգործական հիմնադրամը վերահաստատում է իր հանձնառությունը աջակցելու հայրենիք տեղափոխված սիրիրահայությանը և ևս մեկ անգամ հայտարարում, որ տվյալ ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները շարունակական են և սիրիահայությունը դեռևս կարող է ցանակագրվել Կովսականում վերաբնակեցվելու նպատակով:

Անկախ

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիային ձեռնտու չէ հայերի նոր կոտորածը». քաղաքագետ

Լևոն Մելիք-ՇահնազարյանՔեսաբում Թուրքիայի գործողություններն ուղղված են ոչ թե հայերի, այլ քրդերի դեմ: Թուրքիայի հիմնական նպատակը ոչ թե Քեսաբը և հայերին ոչնչացնելն է, այլ Սիրիայում ձևավորված Արևմտյան Քրդստանի ոչնչացումը, քանի որ այն լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետի խոսքով` այդ տարածքում քրդերի թիվն անհամեմատ ավելի մեծ է հայերի թվից: Երկու տարի առաջ Բաշար Ասադը Սիրիայում քրդերին ինքնավարություն տվեց: Այժմ Սիրիայում արդեն ձևավորվել է «Արևմտյան Քրդստան» հասկացությունը, իսկ Սիրիայի քրդերին միացել են նաև Թուրքիայի քրդերը:

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիային ձեռնտու չէ հայերի նոր կոտորածը: Ուղղակի Արևմտյան Քրդստանը ոչնչացնելու Թուրքիայի նպատակի առջև կանգնել են Քեսաբի հայերը, և լավ է, որ սիրիական բանակին և հայկական կազմակերպություններին հաջողվեց ժամանակին տարհանել բնակչությանը Քեսաբից»,- ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով` սիրիական բանակն ամեն ինչ անում է՝ Քեսաբը զինյալներից հետ գրավելու համար, ինչի մասին է խոսում այն, որ Քեսաբի համար մարտերում զոհվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբորորդին:

Անկախ

Նախաձեռնություն`ուղղված քեսաբահայերի օգնությանը

logo Քեսաբահայերին օգնելու համար դրամահավաք կկազմակերպվի.  Այսօր այս մասին «Ելակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսիսն հայտարարեցին  «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության անդամները:

Նրանք հակիրճ ներկայացրին իրենց իրականացրած ծրագրերը և անդրադարձան հրատապ խնդրին` հայաբնակ Քեսաբ քաղաքում ստեղծված ծանր իրավիճակին`նշելով, որ «Հալէպ» կազմակերպության անդամները որոշել են քաղաքացիական շարժում սկսել` կազմակերպելով դրամահավաք: Նախաձեռնությանը միացել են բազմաթիվ խմբեր, անհատներ, նախաձեռնություններ, որոնք պատրաստակամություն են հայտնել կազմակերպության հետ միասին կյանքի կոչել ծրագիրը:

Հավաքված դրամական միջոցները ուղղվելու են  Լաթաքիայում ապաստան գտած քեսաբցիներին: Ասուլիսով  տրվեց դրամահավաքի մեկնարկը. քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվելու են արկղեր, նաև յուրաքանչյուր ոք իր աջակցությունը կարող է ցույց տալ` փոխանցումներ կատարելով «Հալէպ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության հաշվեհամարին, որոնք հասանելի են կազմակերպության կայքէջում:

Անկախ

«Միջազգային հանրությունը Քեսաբի դեպքերի վերաբերյալ հայտարարություններով հանդես է եկել միայն հայկական Սփյուռքի ջանքերի շնորհիվ». քաղաքագետ

սերգեյ մինասյանՔեսաբի ցավալի դեպքերին միջազգային հանրության արձագանքը համարժեք չէ: Նման դեպքերում միակ համարժեք պատասխանը պետք է լինի ռազմական միջամտությունը, ոչ թե հայտարարություններով հանդես գալը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Ըստ քաղաքագետի` այն, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, միջազգային որոշ կառույցներ հայտարարություններով են հանդես եկել Քեսաբի դեպքերի վերաբերյալ, հայկական Սփյուռքի ջանքերի շնորհիվ է:

«Իհարկե, պետք է բարձր գնահատենք այն աշխատանքը, որ տանում է Սփյուռքը աշխարհի տարբեր հատվածներում, սակայն ինձ համար ներկայումս առավել կարևոր է, թե սիրիական բանակը երբ կկարողանա կրկին վերականգնել վերահսկողությունը Քեսաբի նկատմամբ, ինչը հնարավորություն կտա մեր հայրենակիցներին վերադառնալ իրենց տները»,- ասաց Սերգեյ Մինասյանը:

Նրա կարծիքով`այս դեպքում սիրիական բանակի համար շատ կարևոր է Ռուսաստանի ռազմական աջակցությունը՝ զինյալներին կարևոր նշանակության տարածքներից հետ մղելու համար: Կարևոր նշանակության տարածք է նաև Քեսաբը, որը հետ բերելու համար սիրիական բանակն ամեն ինչ անելու է, իսկ Ռուսաստանի ռազմական աջակցությունը շատ լուրջ օգնություն կարող է լինել:

Անդրադառնալով Քեսաբի դեպքերի վերաբերյալ Հայաստանի արձագանքին՝ Սերգեյ Մինասյանը նշեց, որ Հայաստանն այդ դեպքերին անդրադարձել է թե՛ արտգործնախարարության, թե խորհրդարանական մակարդակով:

«Այս պահին քեսաբահայերը Սիրիան լքելու և այլ երկիր տեղափոխվելու ցանկություն չունեն, իսկ Հայաստանը սիրիական իշխանությունների և միջազգային կառույցների օգնությամբ փորձում է հասնել նրան, որ քեսաբահայերը իրենց տները վերադառնալու հնարավորություն ստանան,  սակայն, եթե ռազմական գործողությունները ձգձգվեն, Հայաստանն արդեն ավելի ակտիվ քայլեր պետք է ձեռնարկի` նրանց խնդիրներին լուծում տալու համար:

Սիրիահայ գործարարի համար Հայաստանը դրախտ է, եթե թողնեն աշխատել

սիրիահայ-գործարար-2Ջորջ Շաքարյանը Հալեպի ամենահայտնի ոսկերչական ընկերություններից մեկի հիմնադիրն է: Նրանց ոսկյա զարդերը Սիրիայում մեծ համբավ ունեին: Այդ գործով նա զբաղվել է 1989-90-ականներից մինչ 2011 թ. ամառը` այն օրերը, երբ Հալեպում հնչեցին առաջին կրակոցներն ու քաղաքը վերածվեց ռազմադաշտի:
«Հայրս եղած է լումայափոխ»,- պատմում է նա,- պապենական գործ էր, ես էլ էի սկզբում հորս հետ դրանով զբաղվում: Հետո առանձնացա և իմ անձնական գործատեղիս հիմնեցի»:
Լումայափոխ (այսինքն` տարադրամի փոխանակող) բառի վրա ակամա ժպտում եմ, մտածում եմ` գեղեցիկ բառ է, կարելի է օգտագործել:

Ջորջն իր կնոջ, երեքամյա աղջկա ու մեկամյա որդու հետ ընդամենը 7 ամիս առաջ է Սիրիայից եկել Հայաստան: Թե ինչպես են այդքան կարողացել դիմանալ, դժվար է պատկերացնել: Համենայն դեպս, նրանք հենց պատերազմի սկզբին հասցրել են զգալ դրա դառը պտուղները:

2011-ի օգոստոսի սկզբին, երբ Հալեպում իրադրությունը լարվեց, և այլևս հնարավոր չէր աշխատել, Ջորջի ոսկերչական արտադրամասը փակվում է: Ինքն էլ փակվում է տանը: «Վախենում էինք տնից դուրս գալ, օրվա մեջ` ընդամենը մի քանի ժամ: Ամեն օր 15-20 հրթիռ կընկներ, և այլևս դու և քո բախտդ, չգիտեիր` քո՞ գլխին կընկներ, թե՞ ուրիշի: Ամեն տեղ խառը վիճակ, կրակոցներ, հարձակումներ»:

Բայց պարզվում է` տանը մնալն էլ ապահով չէ: Նրանց բնակարանը հայկական «Նոր գյուղ» թաղամասում էր: 2011-ի սկզբին այդ թաղամասը հարձակման է ենթարկվում, և գրոհայինները թաղամասը գրավում են: Բնակիչները լքում են տները` չհասցնելով անգամ իրերը տեղափոխել: Ողջ ունեցվածքը թալանում են` թողնելով դատարկ պատերը: Ջորջն իր ընտանիքի հետ տեղափոխվում է կնոջ ծնողների տուն, որը համեմատաբար ապահով տեղ էր: Այսօր «Նոր գյուղը» կրկին սիրիական բանակի ձեռքում է, և բնակարանները օգտագործվում են իշխանական զորքերի կարիքների համար: Ճիշտ է, փաստաթղթերով այդ տունն իրենցն է, բայց պատերազմի ժամանակ ո՞վ կարող է ասել, թե հետո ի՞նչ կլինի:

Չնայած ծնվել ու մեծացել է Սիրիայում, խոստավանում է, որ հայրենիք տեղափոխվելու գաղափարը միշտ մտքում պտտվել է: Անգամ վերջին շրջանում, երբ տարեկան մեկ-երկու անգամ որպես տուրիստ գալիս էր Հայաստան, փորձում էր նաև հասկանալ, թե վերադառնալու դեպքում ինչով կարող է զբաղվել: «Ցավոք, ստիպված եղանք հարկադրաբար և անպատրաստ վիճակում գալ»:

Հայաստանում նրա համար սոցիալականից առավել դժվար էր հոգեբանական խնդիրների հաղթահարումը, որն էլ ավելի էին սրում տեղացիները` ասելով. «Ինչո՞ւ եկաք, ի՞նչ գործ ունեք այստեղ, թողեք գնացեք, այստեղ ապրելու տեղ չէ»:
«Հարատև կլսեմ այս բաները ամեն օր: Բայց իմ տպավորությամբ ամեն ինչ այդքան վատ չէ, որքան որ ներկայացվում է: Այո, խնդիրներ շատ-շատ կան, բայց երբեմն դրանք չափազանցվում են: Հայրենիքդ է` կծու ըլլա, անուշ ըլլա` քոնն է»,- ասում է Ջորջը:

IMG_3362Այնուամենայնիվ, նրան հաջողվում է հաղթահարել հոգեբանական խնդիրը և անցնել գործնական քայլերի: Մարտի 2-ին քաղաքի ամենաբանուկ հատվածում` Հյուսիսային պողոտայում, բացվում է իր և սիրիահայ գործընկերոջ`  Հարութ Խամայանի հիմնած արագ սննդի կետը` “Բատատան”` առաքման ծառայությամբ: Ճիշտ է, առայժմ միայն հսկայական ծախսեր ու ներդրումներ են արել, ու դեռ հույս էլ չունեն, որ մոտ ապագայում ծախսերը կփակեն, բայց Ջորջը լավ է տրամադրված և ամեն ինչ անելու է, որ բիզնեսը հաջողվի:
«Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, հիմնովին կտեղափոխվեմ ու ընդմիշտ կհաստատվեմ Հայաստանում: Եթե չկարողացա գլուխ հանել` ստիպված պիտի լինեմ շատերի պես հեռանալ»,- ասում է նա:

Ի դեպ, երբ սկսել են բիզնեսի համար տարածքներ փնտրել, վարձավճարներն ուղղակի ցնցել են նրան. «Խելքեն-միտքեն դուրս վարձքեր` 8 հազար դոլար, 10 հազար, 20 հազար, 30 հազար… Շանզ էլիզեյում էլ էս վարձքերը գոյություն չունեն»,- ծիծաղում է:
Նոր բիզնեսի համար արդեն մոտ 22 հազար դոլարի ներդրում է արել: Ամսական 2500 դոլար էլ տարածքի վարձավճարն է: Եթե այս ամենին գումարենք նաև Ջորջի` ամեն բան օրենքի շրջանակներում անելու սկզբունքը, արդեն ակնհայտ է, որ սիրիահայ գործարարին քարքարոտ ճանապարհ է սպասում: «Ես չեմ կարող օրենքը շրջանցել, թեկուզ ծանր է, ինչ է, պետք է օրինավոր աշխատեմ: Ամեն ինչ կատարյալ և օրինակելի պետք է ըլլա: Շատ լսած եմ, որ Հայաստանում դա այնքան էլ ընդունված չէ, ասում են` էդպես օգուտ չես ունենա, կվնասիս, գլուխդ կցավցնես և այլն…Այդ բոլորը աչքի առած եմ, բայց կքայլիմ իմ սկզբունքով: Տեսնենք, մինչև երբ կդիմանամ»:

սիրիահայ-գործարար-1Առայժմ հաճախորդների հիմնական մասը ծանոթ-բարեկամ սիրիահայերն են, որոնք գալիս են իրենց հայրենակցին շնորհավորելու և որևէ բան համտեսելու:
Ի դեպ, մինչ սննդի բիզնեսով զբաղվելը Ջորջը մտադիր է եղել իր մասնագիտության` ոսկերչության բնագավառում գործ ձեռնարկել, սակայն չորս կողմից ասել են, որ գործը մեռած է, իմաստ չունի: «Հետո, երբ հաշվարկեցի, որ եթե իմ բոլոր գործիքները, որոնք կշեռքով շատ ծանր են, հոս բերեմ, մոտ 25 հազար դոլար կնստի: Եթե գործն էլ լավ չի, ուրեմն անիմաստ էր այդ ծախսն անել»: Սակայն նա հույս ունի, որ մի օր այդ գործը վերագործարկելու է Հայաստանում:

Ջորջն ամբողջ սրտով ուզում է մնալ Հայաստանում, կապվել այս հողին, աշխատել ու ստեղծել: Ցավոք, ամեն բան իրենից կախված չէ, և ապագան էլ մշուշոտ է, հատկապես` երեխաների համար: Կողքից էլ առավոտից երեկո «հոս ձգե, գնա» ասողներն են:
«Ցուցամոլությունը հոս շատ զորավոր է,- նկատում է Ջորջը,- օրինակ, 18 տարեկան տղան «Լեքսուզ» ջիպ կվարե, որի գինը 100 հազար դոլար է: Լավ, որտեղի՞ց էդ գումարը: Ղեկը որոշ խումբ մարդկանց ձեռքին է, մնացած ժողովուրդը` խեղճ, իր հացի հետևեն: Եթե ժողովրդի համար նորմալ պայմաններ ստեղծեն, թողնեն աշխատել, սա դրախտ է, բոլորը հետ կվերադառնան, եկողն էլ չի երթա: Ասում են` անցյալ տարի Հայաստան 15-16 հազար սիրիահայ եկած է, իսկ հիմա թիվն իջած է 5-6 հազարի: Ո՞ւր գնացին, ինչո՞ւ գնացին: Ովքեր էլ որ կմնան, մի կերպ իրենց բազուկին կարողություններով կմնան… Ծնված օրից կլսեինք` հայրենիք, հայրենիք: Եկանք, բայց հայրենիքը մեզ չառավ իր ափի մեջ»:

 

Անի Գասպարյան

Անկախ

 

 

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցում է սիրիահայերին

Օգնության բաշխում` Աջակցություն սիրիահայերին ծրագրով -12.20132014 թ. հունվարի 30-ից մարտի 7-ը  Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներին արձագանքման հիմնադրամի ֆինանսավորմամբ, իրականացրեց մարդասիրական օգնության  բաշխում 263 սիրիահայ ընտանիքի (980 մարդու): Սիրիահայերին տրամադրվեցին ձմեռային հագուստ և կոշիկ, հիգիենիկ պարագաների փաթեթներ և ծածկոցներ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հանդիսանալով օժանդակ կառույց Կառավարությանը` մարդասիրական ոլորտում և առաջնորդվելով իր առաքելությամբ, այն է` կանխարգելել և թեթևացնել մարդկային տառապանքները, չէր կարող անմասն մնալ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին արձագանքելուն և նրանց աջակցել է ժամանման առաջին իսկ օրվանից:

Հաշվի առնելով իրավիճակն ու աջակցության կարիք ունեցող սիրիահայերի մեծ թիվը, ՀԿԽԸ-ն ձեռնամուխ եղավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործմանը:

Ծրագրեր են իրականացվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, Ավստրիական զարգացման գործակալության, ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ և Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ: Նշված ծրագրերի շրջանակներում ՀԿԽԸ-ն սիրիահայերին աջակցություն է տրամադրում հետևյալ հիմնական ուղղություններով. ընդունելության պայմանների բարելավում, սոցիալական աջակցություն, ՀՀ տարածք մուտքի պայմանների բարելավում և չվերադարձելիության սկզբունքի պահպանում, ինքնաբավության և ապրելակերպի բարելավում, համայնքների հզորացում, իրազեկվածության բարձրացում և ինտեգրում, սեռական և գենդերային բռնությունների կանխարգելում ու արձագանք:

2012 թ. աշնանից  մինչ օրս 500 ընտանիքի տրամադրվել են հիգիենիկ փաթեթներ, 1615 մարդ ստացել է ձմեռային հագուստ և կոշիկ ձեռք բերելու կտրոններ, հաշմանդամություն ունեցող 60 մարդու տրվել են հենաշարժողական միջոցներ, լսողական սարքեր և ակնոցներ, առավել կարիքավոր 32 շահառուների տրամադրվել է 15 000-ական դրամ:

Իրականացվում է նաև անհատական և խմբային խորհրդատվություն` ՀՀ-ում շահառուների իրավունքների և պարտականությունների, զբաղվածության, առողջապահության և կրթության վերաբերյալ: 2012թ. մինչ օրս 1736 սիրիահայերի տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն:

2013 թ. ծրագրերում ընդգրկվեց նաև եկամտաբեր գործունեության խթանման բաղադրիչը, որը նպատակ ունի օգնել սիրիահայերին իրենց փոքր բիզնեսն սկսելու հարցում` տրամադրելով համապատասխան գործիքներ` ըստ իրենց նախասիրությունների և հմտությունների: 2013թ. գործիքներ ստացան 88 սիրիահայեր:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցել է նաև սիրիահայ երեխաներին:  2013 թ. ընթացքում 147  երեխա ստացել է հագուստ և կոշիկ, որից 97 դպրոցականի նաև գումար է տրվել` հագուստ և գրենական պիտույքներ ձեռք բերելու համար, փոքրիկներին տրամադրվել են նաև մանկական սայլակներ, մանկական սնունդ և տակդիրներ: 2013 թ. օգոստոսի 1-ից 7-ը ամառային ճամբար է  կազմակերպվել` ընգրկելով սիրիահայ երեխաներին:

2014 թ. տարբեր ծրագրերի շրջանակներում` սեփական բիզնես սկսելու համար գործիքներ կստանա ևս 160 շահառու: Մոտակա ամիսներին 300 ընտանիքի կտրամադրվեն կենցաղային և հիգիենիկ պարագաներ, 250 ընտանիքի (1000 մարդ) կտրվեն ձմեռային հագուստի և կոշիկի ձեռքբերման կտրոններ, խրոնիկական հիվանդություններ ունեցող շահառուներին` դեղորայքի ձեռքբերման կտրոններ:

2014 թ. ՀԿԽԸ-ն նախատեսում է փախստականներով ու սիրիահայերով բնակեցված համայնքների համախմբման աշխատանքներ տանել` ընդգրկելով քաղաքացիական հասարակությանն ու համագործակցելով միջազգային և տեղական կազմակերպությունների հետ` խնդիրների բացահայտման, որոշումների կայացման և ռեսուրսների համախմբման գործընթացում համայնքների ներուժն ուժեղացնելու համար: Համայնքային որոշ խնդիրներին լուծում տալու համար կտրամադրվեն դրամաշնորհներ:

Պարենային օգնություն հայաստանաբնակ սիրիահայությանը

օգնիր եղբորդ«Օգնիր Եղբորդ» հիմնադրամը հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու նպատակներին՝ շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը և մասնավորապես հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին:

«Օգնիր Եղբորդ» հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցացիան 2014 թվականի փետրվարի 12-ից՝ սկսած ժամը 12:00-18:00, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 500 ընտանիքներին տրամադրելու է պարենային սննդամթերքի օգնություն: Օգնությունը բաժանվելու է  Հայաստանի ազգային սկաուտական շարժման ՀԱՍԿ ՀԿ-ի գրասենյակում՝ Երվանդ Քոչար 17/6 հասցեում:

Օգնությունը կրելու է շարունակական բնույթ, ուստի ցուցակներում չներառված սիրիահայերը օգնություն ստանալու համար կարող են գրանցվել «Օգնիր Եղբորդ» հիմնադրամի գրասենյակ՝ Հանրապետության 30, ամեն օր ժամը 12.:00-ից մինչև 16:00:

Անկախ

Սիրիահայ օճառագործի օրգանիկ օճառներով հիացել է անգամ Հորդանանի իշխանուհին

շանթՇանթ Խայալյանը ծնվել է Հալեպում 1976 թ., սովորել հայկական դպրոցում, որից հետո ուսումը շարունակել է Անգլիայում` մասնագիտանալով գովազդի և մարքեթինգի բնագավառում:

Վերադառնալով ծննդավայր` Հալեպ, Շանթը սեփական ձեռնարկություններն է հիմնել, ընդ որում` մեկը մեկից խիստ տարբեր. ավտոսարքավորումների խանութ, զեյթունի ձեթի արտադրամաս, գովազդային գործակալություն, ավտոմեքենաների վերանորոգման կենտրոն: Շարքը թվարկելիս նա մի պահ կանգ է առնում ու փորձում հիշել: «Ուրիշ ի՞նչ ունեինք,- ծիծաղում է,-այսքանն եմ հիշում»:

Էությամբ անհանգիստ, պրպտող, միշտ նորը փնտրող Շանթին հանգստյան մեկ կիրակին էլ էր ձանձրալի թվում, ուստի որոշում է դա էլ մի բանով լցնել և մի օր իր քիմիկոս ընկերոջը խնդրում է մի հետաքրքիր բան առաջարկել, որ սովորի և զբաղվի: «Ասաց` օճառ կսարքե՞ս: Ասացի` այո: Սովորեցրեց, ես էլ զեյթունի ձեթի արտադրամաս ունեի, վերցրեցի զեյթունը և սկսեցի փորձարկումները»,- պատմում է նա:

Մոտ երեք ամիս անց Շանթին հաջողվում է առաջին օճառն արտադրել: Հետո կամաց-կամաց կատարելագործվում է, նորանոր տեսակներ հորինում` կաթով, գազարի հյութով, մաղադանոսով, երիցուկով, մեղրով և այլն: «Արտադրում էի ոչ թե վաճառելու համար, այլ հաճույքի, որպես հոբբի, և նվիրում բարեկամներիս, ծանոթներիս»,- ասում է նա:

Հաճույքի համար օճառ պատրաստող Շանթը, սակայն, չէր էլ կարող երևակայել, որ մի օր դա իր ապրուստի հիմնական միջոցն է դառնալու:

Շանթի արտադրած օրգանիկ օճառներում իսպառ բացակայում է քիմիան` գույն, բույր և այլն, ամեն ինչ բնական հումքից է: Սակայն Հայաստանում դա ինչ-որ առումով թերություն է: Շանթը նկատել է, որ հայերն օճառ գնելիս նախ և առաջ հոտ են քաշում, և եթե հոտը դուր է գալիս, վերցնում են: Օճառագործն ասում է, որ այդ մոտեցումը սխալ է, որովհետև լավ հոտն ամենևին էլ չի ենթադրում, որ օճառը որակյալ է, ընդհակառակը՝ դա վկայում է քիմիական հավելումների մասին:

2012 թ., երբ Սիրիայում իրավիճակը սրվում է, նա էլ շատերի պես ստիպված է լինում լքել ծննդավայրը: Ընտանիքը` կնոջն ու դստերը, տեղափոխում է Հայաստան: Բարեբախտաբար, տարիներ առաջ Երևանում բնակարան էր գնել` մտածելով, որ ապագայում կարող է երեխաներին պետք գալ: Սակայն կյանքն այնպես է դասավորվում, որ հերթը երեխաներին չի հասնում: «Մեկ ամիս էր` խանութները փակել էի, որովհետև այլևս հնարավոր չէր այդ պայմաններում աշխատել: Անգամ վերջին օրը, երբ աշխատանքի էի գնում, ահավոր տեսարանների ականատես եղա` այրված դիակներ աղբամանների կողքին, փողոցներում,- պատմում է նա,- իսկ դրանից առաջ երկու անգամ սնայպերով մեքենայիս խփել էին` փորձելով սպանել: Մի անգամ էլ մեր տան մոտ մի էնպիսի ուժեղ պայթյուն եղավ, որ դրա ճնշումից մինչև հիմա մեջքիս մկանները ձգվում են: Մի օր էլ քնած էինք,  երբ տան ապակին կոտրվեց, և փամփուշտը տուն մտավ: Մի խոսքով, հասկացանք, որ հեռանալու ժամանակն է»:

IMG_2203Մինչ ընտանիքը տեղափոխում է Երևան, Հորդանանում ապրող ընկերը նրան առաջարկում է տեղափոխվել իրենց մոտ և օճառի բիզնեսով զբաղվել: Շանթը միայնակ մեկնում է: «Ընկերոջս կինը կոսմետիկայի, օճառի բիզնեսով էր զբաղված, բայց ոչ բնական: Առաջարկեցին, որ ես էլ իմ օճառները ստեղծեմ և միասին այդ գործը զարգացնենք»:

Հորդանանում բարեգործական ցուցահանդեսի են մասնակցում, որտեղ ներկայացնում են օճառները: Ցուցահանդեսից մոտ մեկ ամիս անց թագավորական պալատից զանգ է գալիս. «Հայտնում էին, որ իշխանուհին շատ է հավանել մեր օճառը, և մեզ հրավիրում են պալատ` ընթրիքի»,- պատմում է Շանթը:

Երեկոն միայն հյուրասիրությամբ չի ավարտվում. օճառագործներին նաև շնորհակալագրեր են տալիս, թագավորական հուշանվեր, կրծքանշան, մի խոսքով` մեծարում են, իսկ Շանթին, իմանալով, որ պատրաստվում է Հայաստան մեկնել, հորդորում են մնալ և զարգացնել օճառի բիզնեսը: Սակայն Շանթը գերադասում է Հայաստան գալ:

Ուսումնասիրելով հայաստանյան օճառի շուկան՝ նա հանդիպում է օճառ արտադրող շատ մարդկանց հետ, բայց պարզում է, որ բոլորն աշխատում են խոհանոցային, տնային պայմաններում. դրսից հումքը բերում են, հալեցնում, գույներ, հոտ, ավելացնում, ձև տալիս և վաճառում: «Ես զրոյից եմ սկսում, անգամ եթերային յուղերն եմ ինքս պատրաստում, գլիցերինը նույնպես բնական է, ինչպես հասկացա, Հայաստանում ոչ ոք գլիցերին չի արտադրում, և ես կարծես թե միակն եմ»:

Բայց քանի որ Սիրիայից դատարկաձեռն էր վերադարձել, բիզնես հիմնելու համար գումար չուներ, դիմում է Փոքր և միջին բիզնեսի զարգացման կենտրոն, որպեսզի վարկ վերցնի: Ներկայացնում է բիզնես պլանը: Հաստատում են: Գումարը փոխանցում են 6 ամիս հետո, այդ ընթացքում Շանթի սիրտն անգործությունից պայթում էր, բայց ինչ-որ աշխատանքներ անում է. դասավանդում է «Եվրասիա» միջազգային համալսարանում, անգլերենի անհատական պարապմունքներ անցկացնում, անգամ անձնական մեքենայով տաքսի վարում: «Կյանքը դժվար է, պետք է վազվզել: Եթե նստես, ոչինչ չես ունենա: Մարդիկ կան, որ Սիրիայում շատ լավ են ապրել, բայց կորցնելով այդ ամենը` հիմա եկել են Հայաստան և չեն կարողանում հարմարվել այն մտքի հետ, որ ավելի քիչ պետք է վաստակեն: Ես ինքս շատ լավ եմ ապրել, մի քանի հազար դոլարը մեկ շաբաթում եմ ծախսել, բայց էսօր այդ գումարն ամիսներով չեմ տեսնում: Ի՞նչ է, հիասթափվե՞մ, ոչինչ չձեռնարկե՞մ: Ընդհակառակը, մարդ չպետք է հուսահատվի, պետք է գործի, ճկուն լինի, կարողանա հարմարվել նոր իրավիճակին»:

933943_270904829727398_597397948_nՇանթի հայաստանյան առաջին արտադրանքը` «Beauty products»-ը, արդեն պատրաստ է` 8 տեսակի օճառ  զեյթունի ձեթով, գլիցերինով` պատրաստված կիտրոնով, ծիրանով և սև հաղարջով: Ի դեպ, Հայաստանում բժիշկները նրան խորհուրդ են տվել իր օճառներում կիրառել նաև խնկածաղիկ, որը շատ օգտակար է մաշկի համար, և այդ տեսակը նույնպես արդեն պատրաստ է:

Օճառների վրա նշված է, որ այն պատրաստված է ձեռքով: Իհարկե, աշխատանքը ձեռքով շատ դժվար է, բայց Շանթը դա համարում  իր արտադրանքի յուրահատկություններից մեկը. «Օգտագործում եմ 1688 թ. տեխնոլոգիա, ամեն ինչ` ձեռքով»,- նշում է նա:

Շանթն ուզում է, որ չնայած հսկայական աշխատանքին և բարձր որակին` արտադրանքը սպառողին հասնի հնարավորինս մատչելի գնով, որպեսզի շատերը կարողանան օգտվել:  110 գրամանոց օճառի արժեքը նախատեսում է մոտ 600 դրամ:

Այս ամենը, իհարկե, հիանալի է, սակայն Շանթը դեռևս չի կարողացել դուրս գալ շուկա: Մասնագետ է փնտրում, որ այդ հարցով զբաղվի, որովհետև ինքը չի հասցնի նաև դա անել:

Երբ Հայաստանում բիզնեսը կայանա, Շանթը լրջորեն կզբաղվի նաև դրսի շուկա դուրս գալով: Այս պահին նրա օճառները հասել են Նորվեգիա, Ֆրանսիա, Կորեա, Չինաստան, Ուկրաինա և այլ երկրներ, որտեղից դրական արձագանք է ստացել:

Չնայած Հայաստանում տնտեսական, սոցիալական վիճակը գոհացուցիչ չէ, զրոյից սկսելն էլ` բավականին դժվար, Շանթը մտադիր չէ որևէ այլ երկիր տեղափոխվել: Սիրիա վերադառնալ ընդհանրապես չի ուզում, որովհետև կարծում է, որ եթե անգամ պատերազմն ավարտվի, գործ էլ լինի, միևնույն է, իրավիճակը, մթնոլորտը առաջվանը չի լինի: «Ես ընտրել եմ իմ ճանապարհը: Ինձ շատ բան պետք չէ. եթե կարողանամ ընտանիքիս համար նորմալ բարեկեցություն ապահովել, էս երկրից գնացողը չեմ»,-ասում է նա:

Շանթը կարծում է, որ սիրիական ճգնաժամը մի հնարավորություն է վերադառնալու հայրենիք և ապրելու հայրենի հողի վրա: «Պատմությունը մեզ դասեր է տալիս, բայց մենք այդպես էլ չենք սովորում: 1915 թվականի ջարդերից հետո ցրվեցինք աշխարհով մեկ, 1988-ի դեպքերի ժամանակ նորից օտար երկրներ գնացինք: Հետո Իրաքի պատերազմը եղավ, եկան, էլի գնացին: Հիմա էլ սիրիահայերը… Վերջիվերջո պետք է բոլորը հասկանան, որ միևնույն է, մենք օտար հողի վրա տեղ չունենք: Ճիշտ է` այնտեղ ենք ծնվել, մեծացել, ապրել, որի համար շատ շնորհակալ ենք, բայց հայը պետք է հայ հողի վրա ապրի»,- ասում է սիրիահայ Շանթ Խայալյանը, որն արդեն համալրել է «Վերադարձ Հայաստան» կազմակերպության շարքերը և իրեն համարում է լիարժեք հայրենադարձ:

Անի Գասպարյան

Անկախ

Հայաստան. սիրիահայ երիտասարդի ամենադժվար, բայց ամենանախընտրելի տարբերակը

IMG_1860Սիրիահայ Հարութ Լախոյանը Հայաստան է եկել մինչ սիրիական ճգնաժամը: 2001-ին նա ընդունվել Երևանի ճարտարագիտական համալսարան, ծրագրավորողի մասնագիտություն ստացել և որոշել մնալ Հայաստանում: Ճիշտ է, ինչպես շատ տեղացիներ, նա էլ իր մասնագիտությամբ աշխատանք չգտնելու պատճառով աշխատել է լրիվ այլ ոլորտում, սակայն ի վերջո հարմարվել է հայաստանյան իրավիճակին. «Սփյուռքահայերի համար հարմարվելը շատ դժվար է, որովհետև մենք Հայաստանը մի քիչ ուրիշ ձևով ենք պատկերացնում, ավելի երազային, եթերային, իսկ իրականությունը ավելի դաժան է»,- ասում է նա:

Հարութի ծնողներն այնքան էլ գոհ չէին որդու որոշումից, որովհետև եթե նա վերադառնար Հալեպ, այնտեղ շատ ավելի հեշտ աշխատանք կգտներ, կյանքը շատ ավելի հեշտ կդասավորվեր: «Ինձ համար ավելի հեշտ կլիներ նույնիսկ մեկ ուրիշ երկրում, քան Հայաստանում: Ամենադժվար տարբերակը Հայաստանն էր, բայց և ամենանախընտրելին»:

Սիրիայի բարեկեցիկ կյանքը Հարութի համար չէր, քանի որ նրա ցանկություններն ու ձգտումներն ավելին էին, քան Սիրիայի հնարավորությունները. «Իմ ծննդավայրը` Սիրիան, մշակութային առումով մի քիչ ավելի ցածր էր, շատ առումներով` սահմանափակ, և հինգ տարի Երևանում ապրելուց հետո, Երևան-Հալեպ կոնտրաստն ինձ համար շատ մեծ էր»,- խոստովանում է նա` միաժամանակ նկատելով, որ չնայած այդ ամենին` Հալեպում մարդկային փոխհարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա էին, քան Հայաստանում,- այնտեղ  անգամ արաբ ժողովուրդն ավելի մարդկային, հասնող, օգնող էր»:

Եվ չնայած բազում հիասթափություններին` նա Հայաստանում նույնպես հանդիպում է լավ մարդկանց և հենց մարդկային գործոնն էլ նրան համոզում է ամեն ինչի մեջ միայն բացասականը, սևը չտեսնել և մնալ Հայաստանում:

2006-ին ավարտելով համալսարանը և իր մասնագիտությամբ հարմար աշխատանք չգտնելով` Հարութն աշխատում է անշարժ գույքի գործակալությունում որպես գործակալ: Խոստովանում է, որ գործը լավ էր անում: Երբ սիրիական ճգնաժամի հետևանքով սկսվում է սիրիահայերի ներհոսքը Հայաստան, այդ գործի մեջ լինելով` շատ բան է տեսնում: Բացահայտում է հայաստանյան հակասությունների մի նոր շարք. մարդիկ, որոնք առիթից օգտվելով` չարաշահումներ արեցին անշարժ գույքի ոլորտում` ի վնաս սիրիահայերի, և մարդիկ, որոնք ունեին բնակարան Երևանում, բայց ապրում էին արտասահմանում, առանց որևէ վճարի տրամադրեցին դրանք սոցիալապես անապահով սիրիահայերին: Իհարկե, առաջին երևույթը գերակշռող էր:

Հարութը մեկ տարի է` ամուսնացել է, կինը հայաստանցի է: Ապրում են վարձով, քանի որ բնակարան ձեռք բերելը, ըստ նրա, խնդիր է ոչ միայն իր, այլև շատ երիտասարդների համար, որոնք պետությունից աջակցություն չունեն, ծնողներից էլ` ժառանգություն:

ՍիրիահայՉնայած դժվարություններին` նա այսօր լուրջ բիզնեսի հիմք է դնում երկու գործընկերների հետ: Անցյալ տարի երկարատև բանակցությունների շնորհիվ նրանք դարձել են  շվեյցարական հայտնի Swissbacks ընկերության բացառիկ ներկայացուցիչը ոչ միայն Հայաստանում, այլև 20 երկրներում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Իրանում և այլն:

Ընկերությունն աշխարհին ներկայացնում է նորարարություն ոսկերչության ոլորտում`  ականջօղերի նոր փականներ, որի գյուտի հեղինակը ֆրանսիացի ոսկերիչ Սեբաստիան Բարիերն է: Այն մեկ մասից բաղկացած ուղիղ, բայց ճկվող փական է, որն ընդամենը մեկ շարժումով ականջօղն ամրացնում է ականջին: Swissbacks-ը հիմնվել է 2006-ին, և այդ ժամանակվանից սկսած` նմանատիպ փական ստեղծելու փորձեր են արվել: Առաջին մոդելը չի հաջողվել, քանի որ երեք անգամ բացել-փակելուց հետո կոտրվել է: Այժմ փականը կարող է բացվել-փակվել մոտ 15 հազար անգամ: Սակայն մինչ այդ արդյունքին հասնելը 60 000 զույգ ականջօղ է փչացել: Այսօր փականն այնքան կատարելագործված մեխանիզմ ունի, որ անգամ չինացիները չեն կարողանում կրկնօրինակել: Միակ ընկերությունը, որին հաջողվել է կատարելագործել այն, շվեյցարական աշխարհահռչակ Rollex ընկերությունն է:

Այդ փականների հիմքի վրա հայ ոսկերչի կողմից տեղծվել է նաև ականջօղերի շուրջ 70 տարբերակ, որոնք շուտով կցուցադրվեն և վաճառքի կհանվեն «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնում:

Swissbacks-ի ոսկյա փականները` որպես նորարարություն, սովորական ոսկուց ավելի թանկ են: Սակայն փականի առավելությունը միայն նոր տեսքը չէ, այլև հարմարավետությունը: Նախ` այն միաձուլված է ականջօղին, և կորչելու վտանգը բացառված է, բացի այդ, բոլորովին չի ցավեցնում ականջը, դրանցով անգամ կարելի է քնել` առանց որևէ անհարմարության:

Հարութը հույս ունի, որ իրենց բիզնեսը հաջողություն կունենա, քանի որ այն նորույթ է և մրցակցության խնդիր չկա: Իրենք էլ իրենց հերթին են ամեն ինչ անում օրենքի տառին համաձայն: Չնայած դրան` նա կարծում է, որ Հայաստանում կա մի համընդհանուր օրենսդրական խնդիր. «Եթե մենք` հայերս, ցանկանում ենք մեր երկիրը մոտեցնել ավելի զարգացած երկրներին, ապա դա պետք է անենք փուլային տարբերակով, աստիճանաբար, ոչ թե  տվյալ երկրի մոդելը բերենք և ուղղակիորեն կիրառենք: Դա նույնն է, որ ասենք` սովետական հին մեքենայի վրա «Ֆեռարիի»  շարժիչ դնես: Այդ մեքենան շարքից դուրս կգա»:

Նա տեսնում է, որ գործարարության առումով Հայաստանը շատ ցավալի պատկեր ունի, և փոխանակ օրենքներն այնպես  կատարելագործվեն, որ նպաստեն գործարարության զարգացմանը, ընդհակառակը` խոչընդոտում են:

Չնայած այս ամենին` նա սիրում է Հայաստանը և փաստում, որ ինքը հայրենադարձվել է: «Այսօր ես չեմ պատկերացնում իմ կյանքը Հայաստանից դուրս: Միգուցե դա կա՛մ իմ համբերությունից է, որ այսքան հիասթափվելով հանդերձ` դեռ դիմանում եմ, կա՛մ էլ դեռ այդքան չեմ հիասթափվել: Բացի այդ, հաղթահարել եմ այն վախը, որն ունի ամեն մի սփյուռքահայ Հայաստան գալիս. խաբվելու վախը: Ես արդեն շատ եմ խաբվել, շատ բան կորցրել և այդ փուլն անցել եմ»,- ծիծաղում է նա:

Որպես իսկական հայրենադարձ` նա համալրել է նաև «Վերադարձ Հայաստան» (Repat Armenia) կազմակերպության շուրջ 5 հարյուր հայրենադարձների շարքերը, որոնք սեփական օրինակով կոչ են անում արտերկրում ապրող հայերին վերադառնալ հայրենիք:

 

Անի ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախ

Մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը

օգնությունՆոյեմբերի 20-ին ՀՀ  սփյուռքի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համագործակցության արդյունքում կողմերի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակներում, մեկնարկեց Հայաստան տեղափոխված շուրջ 5000 սիրիահայերի պարենային աջակցության ծրագիրը:

 

Ինչպես նշեց Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանը, ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր անձ 6 ամսվա ընթացքում կստանա ամսական 16.2 կգ պարենամթերք: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը:

 

Ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքները կատարվել են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի գործընկերների և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների («Առաքելություն Հայաստան», Հայ օգնության միություն և այլն) հետ սերտ համագործակցությամբ:

 

Ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունը «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն է, որը շարունակելու է բաժանել պարենամթերք ծրագրում ներառված սիրիահայերին:

Երկարաձգվում է սիրիահայերին տրված արտոնության ժամկետը

կառավարության նիստՀՀ կառավարությունը թույլատրել է Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ քաղաքացիների կողմից 2012թ. հուլիսի 1-ից հետո ներմուծված ավտոմեքենաների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը: Մաքսային մարմիններ դիմելիս սիրիահայերը պետք է ներկայացնեն ՀՀ սփյուռքի նախարարության գրությունը:

Հաջորդ որոշմամբ մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգվել է նաև սիրիահայերի` առանց որակավորման քննություն հանձնելու վարորդական վկայականները փոխանակելու ժամկետը:
Կառավարությունն իր նիստում փոփոխություն է կատարել ՀՀ 2013թ. պետբյուջեում և ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների փաստացի գոյացող մուտքերի հաշվին և դրա սահմանում ստանձնած պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու, այդ մուտքերի ստացմանն առնչվող, ինչպես նաև ոստիկանության գործունեությանն անհրաժեշտ առանձին, այդ թվում` անհետաձգելի համարվող ծախսերի ֆինանսավորումն ապահովելու հանգամանքով:
Կառավարությունն ընդունել է պետական 100 տոկոս բաժնեմասով «Կոնտինենտտեքս» ՓԲԸ լուծարելու որոշում. դրա նպատակը կարի արտադրության շուկայում հեռանկար չունեցող, վնասով աշխատող առևտրային կազմակերպության հետագա գործունեության դադարեցումն է:
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը բխում է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջից: Որոշման 2-րդ հավելվածում սահմանվել են հինգաստղանի «Դելյուքս» հյուրանոցի որակավորման կարգի նվազագույն պահանջները: Դրանց ներդրումը և դրանք գերազանցող շքեղ հյուրանոցների տարբերակումը կնպաստեն առավել բարձր պահանջ ունեցող զբոսաշրջիկների ներգրավմանը:
Համահայկական ձմեռային առաջին խաղերը կազմակերպելու և անցկացնելու նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել է կազմկոմիտե և հաստատվել դրա կազմը: Կազմկոմիտեն գլխավորելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

 

ԱՆ-ն վերջերս Սիրիայից Հայաստան ժամանածներին կոչ է անում պատվաստվել պոլիոմիելիտի դեմ

rotaԱռողջապահության համաշխարհային կազմակերպության տեղեկատվության համաձայն ( http://www.who.int/csr/don/2013_10_19_polio/en/ )`  Սիրիայի Դեր-ալ–Զոր նահանգում գրանցվել է պոլիոմիելիտի կասկածով խմբակային հիվանդացման դեպքեր: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում երկուսի մոտ հնարավոր է հաստատվի «վայրի» պոլիովիրուսի առկայություն: Դեպքերի մեծամասնությունը մինչև երկու տարեկան երեխաներ են, որոնց մոտ առկա է սուր թորշոմած կաթվածահարություն` պոլիոմիելիտի ախտանշաններից մեկը: Սիրիայի արևելյան նահանգում մինչև հինգ տարեկան ավելի քան 100000 երեխա պոլիովիրուսներով  վարակվելու ռիսկ ունեն:

Պոլիոմիելիտը կայուն հաշմանդամություն առաջացնող անբուժելի հիվանդություն է: Այն կարող է կանխարգելվել միայն պատվաստումների միջոցով: Պոլիովիրուսն ախտահարում է նյարդային համակարգը` ժամերի ընթացքում առաջացնելով կաթվածահարություն: Հիվանդությունը համարվում է էնդեմիկ Նիգերիայում, Պակիստանում և Աֆղանստանում, սակայն եզակի դեպքեր հանդիպում են նաև այլ երկրներում:

Սիրիայի հարևան երկրներում պլանավորվում է իրականացնել պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումների կամպանիա` հիմնական ուշադրությունը դարձնելով փախստականներին:

Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից երկրներին ուղղված արագ արձագանքման կոչը, ինչպես նաև սիրիահայ մեր հայրենակիցների ներգաղթը Հայաստանի Հանրապետություն, երկրում պոլիոմիելիտի ներկրումը և հետագա տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ  առողջապահության նախարարությունը հորդորում է վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետություն ներգաղթած մինչև 15 տարեկան սիրիահայ մեր հայրենակիցներին դիմել բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններին հիվանդության վաղաժամ հայտնաբերման, պոլիոմիելիտի դեմ անվճար պատվաստումներ և խորհրդատվություն ստանալու համար:

Քաղաքապետարանը սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցություն է տրամադրում տարբեր ոլորտներում

սիրիահայերԵրևանի քաղաքապետարանը քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողությամբ իրականացնում է սիրիահայ ընտանիքներին սոցիալական աջակցության ծրագիր, որը  ներառում է աջակցություն տարբեր ոլորտներ։  2013 թվականի  հունվար-հոկտեմբեր ամիսներին քաղաքապետարանը դրամական աջակցություն է տրամադրել 439  ընտանիքների՝ բնակարանների վարձերի, կոմունալ վարձավճարների, դեղորայքի ձեռքբերման և այլ նպատակներով։ Կենցաղային իրեր, հագուստ, կոշկեղեն, դեղորայք է տրամադրվել  1047  ընտանիքների, պարենային աջակցություն՝ 466  ընտանիքների։

Սիրիահայերն ընդգրկված են նաև քաղաքապետարանի սոցիալական ընդհանուր ծրագրերում. Երևանի ԶԾՏԿ-ներում հաշվառվել են 259 քաղաքացիներ, «Գթության խոհանոցից» օգտվում են 43 սիրիահայեր։

Սիրիահայ քաղաքացիներից 70-ը կենսաթոշակի իրավունք են ձեռքբերել, 25 սիրիահայ ընտանիքներ էլ նպաստի իրավունք են ստացել։

Ուսումնական տարվան ընդառաջ՝ սիրիահայ ընտանիքների 67 դպրոցահասակ երեխաներ ստացել են դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ։

Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանի խոսքով՝ բացի սոցիալական աջակցության տարաբնույթ ծրագրերից, քաղաքապետարանը նաև երևանցիների առօրյայում սիրիահայերի լիարժեք ինտեգրմանն ուղղված քայլեր է ձեռնարկում։ Այդ նպատակով, օրինակ, սիրիահայ երեխաներն ակտիվորեն մասնակցել են «Էրեբունի-Երևան» տոնակատարությանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունը Ուսուցչի օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրել նաև սիրիահայ 4 ուսուցիչների։ Պարգևատրվել են նաև ամռան ընթացքում Երևանի Ս.Շահումյանի անվան համար 1 դպրոցում սիրիահայ աշակերտներին արևելահայերեն դասավանդող ուսուցիչները

Սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրում ներագրավված է նաև առողջապահության վարչությունը։ 2013թ. հունվարից մինչ օրս Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել 1361 սիրիահայեր, որոնցից  139-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում. նրանց տրամադրվել է անվճար բժշկական օգնություն և սպասարկում։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Սիրիահայերը Թուրքիայի թիրախներից մեկն են

սիրիահայերԱյս օրերին աշխարհն անհամբեր սպասում է` Սիրիայի դեմ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները ռազմական գործողություններ կսկսե՞ն, թե՞ ոչ: Այս հարցը հետաքրքիր է ոչ միայն Սիրիայում աշխարհաքաղաքական շահեր հետապնդողներին, ուղղակի հետաքրքրասերներին ու միջազգային հարաբերություններով հետաքրքրվողներին, այլև մեզ` հայերիս համար: Առաջին հերթին այն պարզ պատճառով, որ սիրիահայ համայնքը հայկական սփյուռքի մայր համայնքն է համարվում:

«Բոլորս էլ լավ գիտենք, որ այդ համայնքը ձևավորվել է հատկապես Ցեղասպանությունից հետո: Ցեղասպանության ենթարկված մեր ազգի մնացորդներից մի չնչին մասը, որ կենդանի է մնացել, անցնելով Դեր-Զորի անապատը, Սիրիայում է հաստատվել հետագայում այլ երկրներ տեղափոխվելու հույսով, բայց 1924 թ., ինչպես գիտենք, նրանց տրվեց քաղաքացիության իրավունք, և սիրիահայերը անցյալ 90 տարում ինտեգրվեցին սիրիական հանրությանը»,- ներկայացրեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, նախարարության` սիրիահայերի հարցերով զբաղվող  աշխատանքային խմբի ղեկավար Ֆիրդուսի Զաքարյանը:

Փաստորեն սիրիահայ համայնքը ձևավորվել է Ցեղասպանության իրականացման հիմնական վայրերում. Դեր Զորը Սիրիայում է: Բավականին մեծ ու կազմակերպված համայնք էր, որը լուրջ դեր ու նշանակություն ուներ ոչ միայն Մերձավոր Արևելքի հայ համայնքների շարքում, այլև աշխարհի` համարվելով սփյուռքի կենտրոնական ու գլխավոր համայնքներից մեկը: Մինչև սիրիական խնդիրների սկիզբը ոչ պաշտոնական տվյալներով Սիրիայում ապրում էր 100 հազար, իսկ պաշտոնական տվյալներով` մոտ 80 հազար հայ: Եվ այս համայնքը ոչ միայն հայկական խոշոր ազգային-մշակութային կենտրոն էր, այլև անմիջապես  Թուրքիայի սահմանների մոտ բավական ուժեղ հայկական գործոն:  Այս համայնքը մեծ դեր ուներ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում,  և հենց նման հզոր ու կազմակերպված համայնքի գոյությունը սահմանի երկարությամբ բավական լուրջ խնդիրներ էր ստեղծում Թուրքիայի համար: Դրա համար էլ պատահական չէ, որ սիրիական կոնֆլիկտի մեկնարկից սկսած` Թուրքիայի համար այն հետաքրքրություն ներկայացնող ուղղություններից մեկն էր:

«Սիրիայի հարցի հետ կապված` Թուրքիայի թիրախում, ի թիվս այլ հարցերի, նաև տեղի հայ համայնքի խնդիրն է: Թուրքիայի համար ներկայում ստեղծված իրավիճակը հարմար առիթ է Սիրիայի հայկական համայնքը թուլացնելու և կազմալուծելու համար: Իհարկե, Անկարային որևէ կերպ ձեռնտու չէր հարևան երկրում ուժեղ հայկական համայնքի գոյությունը, որը, ի դեպ, հենց Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հետևանքով է ձևավորվել իր այսօրվա տեսքով: Սպասելի էր, որ Թուրքիան ամեն կերպ թիրախավորելու է հայ համայնքին և փորձելու է թուլացնել այն: Եվ այն տեղեկությունները, թե Թուրքիայից ֆինանսավորում են հայերի վրա հարձակումներն ու սպանությունները, տրամաբանությունից զուրկ չեն և իրականությունից հեռու չեն: Պետք է հասկանալ, որ Թուրքիան մեր օրերում նույնպես շարունակում  է հայատյաց քաղաքականություն վարել, և Սիրիայի հայ համայնքի դեպքում դա վառ ընդգծվում է: Այս առումով տեղի հայ համայնքի համար ևս մեկ բացասական զարգացում կլինի միջազգային լիարժեք ներխուժումը Սիրիա, որի ակտիվ ջատագովներից և պատրաստակամ մասնակիցներից է Թուրքիան»,- պարզաբանեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Համենայն դեպս, սիրիական դեպքերի ամբողջ ընթացքում բազմաթիվ հրապարակումներ, հայտարարություններ եղան, կարծիքներ ու տեսակետներ հնչեցին, որ Սիրիայի ապստամբները, որոնք  մարտական պատրաստություն են անցնում նաև Թուրքիայում կամ թուրք հրահանգիչների միջոցով, հենց այդ թուրք հրահանգիչների միջոցով էլ ուղղորդվում են` հարվածներ հասցնելու նաև հայկական թիրախներին` մարդկանց, տներին, գույքին, ազգային-մշակութային շինություններին և այլն: Տարբեր կազմակերպություններ նաև բազմիցս հանդես են եկել հայտարարություններով, որ սիրիայի ապստամբների շարքերում քիչ չեն նաև թուրք ու ադրբեջանցի վարձկանները, որոնք, բնականաբար, նույնպես հայերին ու հայկական ամեն ինչը որպես թիրախ են տեսնում: Ու, ինչպես նշեց թուրքագետը, միջազգային ներխուժումն էլ ավելի վտանգավոր պայմաններ կստեղծի սիրիահայ համայնքի համար:

«Բացի մարդկանց սոցիալ-կենցաղային հարցերից, Սիրիայում կան բազմաթիվ մշակութային կոթողներ ու հուշարձաններ, այդ թվում նաև հայկական եկեղեցիներ, մշակութային կոթողներ, որոնք մեր մշակութային ժառանգությունն են և պարզապես կործանվում են ու կորչում: Եվ շատ ցավալի կլինեն այդ կորուստները: Ցեղասպանությունից հետո մարդիկ 100 տարվա ընթացքում ստեղծել են դպրոցներ, մշակութային օջախներ, միություններ` նոր կյանք, և հիմա կորցնում են այն»,- նշեց սփյուռքի նախարարության  Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ Լուսինե Ստեփանյանը:

Նշենք, որ թեև ոչ ոք հստակ չգիտի, թե սիրիահայ բազմահոծ համայնքից քանի հոգի է դեռ մնում Սիրիայում, քանիսն են տեղափոխվել Հայաստան ու քանիսը` այլ երկրներ, ամեն դեպքում թե՛ սփյուռքի նախարարությունը և թե՛ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշում են, որ այս պահին Հայաստանում է հանգրվանել մոտ 10 հազար սիրիահայ:

«Վերջին տվյալներով, որը մեծ մասամբ ստանում ենք լրատվամիջոցներից, քանի որ պաշտոնական տվյալներ, որպես այդպիսին, չկան, տարբեր կարգավիճակներով ու փաստաթղթերով սիրիահայեր են, որոնք անընդհատ ժամանում են Հայաստան կամ մեկնում են Հայաստանից, ուստի մենք այդ տվյալներով ասում ենք, որ մոտ 10 հազար սիրիահայ է այսօր գտնվում Հայաստանում: Այդ 10 հազար սիրիահայերից 432-ը միայն այս պահին ունի փախստականի կարգավիճակ: Եվս 103 հոգի սպասում է իր կարգավիճակի հաստատմանը: Սիրիահայերը Ցեղասպանությունից են մազապուրծ եղել, մեկ սերունդը դեռ չվերջացած, մեկ դարի ընթացքում, նրանք արդեն երկրորդ անգամ են ստիպված բռնում գաղթի ճանապարհը»,- հայտնեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի և հասարակական տեղեկատվության պատասխանատու Անահիտ Հայրապետյանը:

Սիրիայում, ըստ սփյուռքի նախարարության ունեցած տվյալների, դեռ ունենք շուրջ 50 հազար հայրենակից: Արդեն նշեցինք` 10 հազար սիրիահայ գտնվում է Հայաստանում, իսկ մնացած շուրջ 20 հազարը հարակից ու հեռավոր երկրներում են ապաստանել: Ստույգ հայտնի չէ նաև, թե ներկայումս Սիրիայում գտնվող հայերից քանիսն են ՀՀ քաղաքացիներ, բայց բավականին մեծ թվով ՀՀ քաղաքացիներ կան այնտեղ: Մոտավոր տվյալներով` Սիրիայում ներկայումս գտնվող սիրիահայերից վերջին 1 տարում գոնե 5 հազար հոգի ձեռք բերեց հայկական անձնագիր:

«Սիրիայում գտնվող հայերի խնդիրների հետ կապված` նախարարության հնարավորությունները սահմանափակ են, քանի որ չկան ո՛չ ցամաքային, ո՛չ էլ օդային ճանապարհներ, փակ են, և մենք, ըստ էության, որևէ կերպ չենք կարող ազդել  այնտեղի գործընթացների վրա»,- ասաց Ֆիրդուսի Զաքարյանը:

Բնականաբար, կոնֆլիկտի հետագա  ծավալման դեպքում դեռևս Սիրիայում մնացած հայերի մեծ հոսք կարող է  լինել դեպի Հայաստան: Հաշվի առնելով, որ Հայաստանում ներկայումս գտնվող սիրիահայերը դեռևս բազմաթիվ չլուծված հարցեր ու խնդիրներ ունեն, պետք է պարզել` մեր երկիրը, անհրաժեշտության դեպքում, կարո՞ղ է ընդունել ու ապաստան տալ սիրիահայերին նոր հոսքի դեպքում:

«Սիրիական կոնֆլիկտի շուրջ նոր զարգացումների սպասելիս, լարվածության մեծացմանն ընդառաջ, ասեմ ձեզ, որ մենք բոլոր սցենարներին էլ պատրաստ ենք: Մենք ելնում ենք իրավիճակից ու առկա փորձից: 2012 թ. մայիսի վերջին մենք չէինք սպասի, որ սիրիահայերի այդպիսի ներհոսք կունենանք և մեկ տարի անց Հայաստանում 10 հազար սիրիահայեր կլինեն: Ենթադրում էինք, որ մի քանի հազար հոգի կգան: Հիմա մենք, բոլոր դեպքերում, պատրաստ ենք, ու եթե նորից սիրիահայեր գան, մենք կընդունենք նրանց, ինչպես ընդունել ենք այս 10 հազար հոգուն: Եթե նրանք խնդիր չդնեն, որ անպայման պետք է Երևանում հանգրվանեն, մենք կարող ենք նույնիսկ նրանց երևանամերձ համայնքներում տեղավորել»,- ասաց Ֆիրդուսի Զաքարյանը:

Ամեն դեպքում սիրիահայերի հանդեպ սփյուռքի նախարարությունը որդեգրել է այն սկզբունքը, որ որևէ արհեստական մոտեցում չի լինելու սիրիահայ համայնքի պահպանման համար. ո՛չ  փորձելու են այդ համայնքը քանդել, ո՛չ էլ հորդորելու են մնալ Սիրիայում, քանի որ դա սիրիահայերի լուծելու ու որոշելու հարցն է:

«40 տարվա եղածը կոմպյուտերի նման դիլիթ անել չես կարող…»

Պերճ ՄսռլըանՍիրիայի մանկական հագուստի արտադրության խոշորագույն ընկերություններից մեկի` «Յուպիտերի» հիմնադիր, սիրիահայ Պերճ Մսրլյանն արդեն մեկ տարուց ավելի է` կնոջ ու երկու զավակների հետ Հայաստանում է:

Մանկական հագուստի արտադրության ոլորտում 20 տարիների ընթացքում իր ուժերով լուրջ հաջողությունների հասած 40-ամյա սիրիահայ գործարարը ցավով է պատմում, թե քանի արտադրամաս է լքված ու անտեր թողել ու հեռացել Սիրիայից: «Գործվածքի ֆաբրիկան առանձին էր, ջինսինը` առանձին, բամբակյա հագուստինը, բրդյա հագուստինը` առանձին, մեծածախ առևտրի կենտրոնը` առանձին»,- թվարկում է նա:

«Յուպիտերի» արտադրանքը սպառվում էր գրեթե ողջ արաբական աշխարհում:

Երբ Սիրիայում իրադրությունը լարվեց, բիզնեսն անմիջապես անկում ապրեց և ի վերջո կաթվածահար եղավ: Պերճ Մսրլյանը ստիպված էր կամաց-կամաց արտադրամասերը փակել: Արդեն 6-7 ամիս է` փակ են բոլորը, իսկ արտադրանքը բարձիթողի վիճակում է պահեստներում, և հայտնի էլ չէ` պահեստները թալանվա՞ծ են, թե՞ ոչ:

Գործարարը նշում է, որ Սիրիայում ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ իրադարձություններն այդքան արագ կզարգանան: «Չես կարող համակերպվել, որ մեկ օրում այդ ամենը, այդ անունը, որ շուկայի համար ստեղծել ես, թողնես և գնաս ուրիշ տեղ` սկսելով մի բան, որը չգիտես` կհաջողվի՞, թե՞ ոչ»,- ասում է նա:

Հագուստի ոլորտում թրծված գործարարը, ուսումնասիրելով հայաստանյան շուկայի այդ ոլորտը, մեծ հիասթափություն է ապրում` հասկանալով, որ չի կարող նույն գործը դնել նաև այստեղ, քանի որ բարենպաստ պայմաններ չկան. «Զարմանքով իմացա, որ այստեղ ոչ մի հումք չկա այդ բիզնեսը սկսելու համար,- ասում է նա,- ամեն ինչ ներկրվում է դրսից, ինչը շատ թանկ է: Իսկ Սիրիայի առավելությունն այն էր, որ այնտեղ ամեն ինչի արտադրությունը կար, հումքի գերակշիռ մասը տեղում էր արտադրվում և շատ էժան էր»:

Նրա խոսքով` Սիրիայում մոտ 30 հազար հագուստի արտադրամաս կար, և այդ ոլորտը բավականին զարգացած էր:

Պերճ Մսրլյանը, սակայն, ուսումնասիրելով հայաստանյան շուկան, երկու ընկերների` Հմայակ Սանոսյանի և Վիգեն Փիլիպոսյանի հետ որոշում է սննդի բիզնեսով զբաղվել. «Քանի որ ես առայժմ ծանոթ չեմ հայաստանյան բիզնես միջավայրին, քաղաքին, օրենքներին, ընտրեցի այդ բիզնեսը` մտածելով, որ այն համենայն դեպս ավելի քիչ ռիսկային կլինի. սնունդը մարդիկ փորձում են, և եթե լավն է, որակով է, ապա օգտվում են»:

Այս ոլորտում էլ երիտասարդ գործարարը շատ արագ իր հմտությունները ցուցաբերեց: Ընդամենը երեք ամիս է անցել, սակայն Սայաթ-Նովա 20 հասցեում գտնվող «Միսթեր Բարբիքյու» արագ սննդի կենտրոնը հասցրել է գրավել երևանցիների ուշադրությունը. «Առաջընթաց կա,- ասում է Պերճը,- օրեցօր հաճախորդների թիվն ավելանում է, մենք էլ մեր կողմից ենք բիզնեսը զարգացնում: Տեսնենք` մինչև ուր կարող ենք հասնել: Ամեն ինչի սկիզբն էլ դժվար է, մանավանդ որ մենք այստեղ օտար ենք, չնայած որ սա մեր հայրենիքն է»:

Ինչպես Հայաստանում բիզնես սկսող բոլոր սիրիահայերը, այս դեպքում էլ գործարարները պհարկերից են նեղվում. «Շատ բարձր են, տարբերություն չկա` նոր ես բիզնես դնում, թե արդեն կայացած ես: Ամեն բիզնեսի պարագայում պետք է նորին որոշ ձևով օգնեն,- կարծում է Պերճ Մսրլյանը` նշելով, որ Սիրիայում, օրինակ, այդպես էր,-հատկապես արտադրության պարագայում. բաներ կային` երեք տարի, բաներ կային` հինգ տարի հարկ չէիր մուծում: Համաձայնություններ կային արաբական աշխարհի տարբեր երկների միջև առանց մաքսի առևտուր անելու, մի խոսքով` շատ առավելություններ կային»:

Գործարարի հույսերը քիչ են, իսկ ցանկությունը` մեծ, որ Սիրիայում իրավիճակը լավանա, և իրենք կարողանան վերականգնել կորցրածը: «Եթե հնարավոր չլինի վերականգնել, գոնե կարողանանք բիզնեսի փակման գործընթացը նորմալ կազմակերպել»,- ասում է նա:

Որպես գործարարի` հայաստանյան շուկայում ամենից շատ նրան զարմացրել են արտահանման չնչին տոկոսներն ու ներկրման հսկայական չափերը. գրեթե ամեն ինչ դրսից է բերվում, ինչը, ըստ նրա, երկրի տնտեսության ամենամեծ սխալներից մեկն է: «2-3 մլն ժողովուրդ ունեցող պետությունն իրավունք չունի աղքատ լինելու,- կարծում է սիրիահայ գործարարը,- տարածքներ կան, հողեր կան, սովետից մնացած բազմաթիվ գործարաններ, ո՞ւր են դրանք: Պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, որ տնտեսությունը զարգանա, և մարդիկ չհեռանան»:

Կատակով նշում է, որ իրենցից մեծ ջանքեր չի պահանջվել, ոչ էլ արևելահայերենի չտիրապետելն է խանգարել, որպեսզի արագ նկատեն Հայաստանում երկու ծայրահեղ խավերի գոյությունը` չափազանց հարուստներ և չափազանց աղքատներ:

Եվ տեսնելով հայաստանյան իրողությունը` հատկապես արտագաղթը, նրանց էլ առաջին հերթին անհանգստացնում է իրենց երեխաների ապագան Հայաստանում մնալու դեպքում. «Մենք Սիրիայում ամեն ինչ ունեինք, չէինք զգում, որ օտար երկրում ենք, որևէ խնդիր չկար: Ընդհակառակը, եթե հայ ես, ուրեմն առավելություն ունես, ինչը երևի մեր պապերից է եկել:  Այնտեղ գիտեին` հայն ինչ անում է, լավ է անում, կամ չի անում: Դրա համար էլ մեզ մեծ հարգանքով էին վերաբերվում»:

Ինչ վերաբերում է նոր միջավայրին, նոր բարքերին, ապա Պերճ Մսրլյանը կարծում է, որ հարմարվողը պետք է իրենք լինեն, քանի որ իրենք են եկել Հայաստան: Որքան էլ դժվար լինի, նրանք ցանկանում են համակերպվել այն մտքի հետ, որ սիրիական պատերազմը ոչ թե վատ երազ էր, այլ իրողություն, որը խլեց իրենց բոլոր ձեռքբերումներն ու կայուն ապագայի հույսերը: Ուստի հաղթահարելով հոգեկան ճգնաժամը` պետք է առաջ գնալ. «Եթե պիտի աչքդ մնա ետև, որևէ քայլ անել չես կարող: Մյուս կողմից էլ 40 տարվա եղածը կոմպյուտերի նման դիլիթ անել չես կարող: Մի խոսքով, մեր վիճակը հիմա շատ դժվար է: Բայց մեկ է, ուր էլ գնայինք, զրոյից էլ նվազով պիտի սկսեինք: Ես ընտրեցի Հայաստանը: Եթե ամեն ինչ լավ լինի, ապա այստեղ էլ կմնանք: Հիմա կարծես զրոյին մոտեցել ենք»,- ծիծաղում է նա: