Մեծ ռինգում նոր սպասելիքներ հայուհիներից

Ռաֆիկ Մեհրաբյան և հավաքականP8211217Ռաֆայել Մեհրաբյանը ժամանակին մարզել է ԽՍՀՄ, Հունաստանի, Հայաստանի բռնցքամարտի հավաքականները, և նրա սաներն ակնառու հաջողությունների են հասել: Մասնավորապես, 2008-ին  Պեկինում կայացած օլիմպիական խաղերում մեր երկրի ներկայացուցիչը դարձել էր բրոնզե մեդալակիր: Այժմ փորձառու մասնագետը գլխավորում է Հայաստանի մարզուհիների հավաքականը: Եվ ահա, գեղեցիկ սեռի մեր երկրի ներկայացուցիչները փայլուն արդյունքներ են ցույց տալիս և հուսադրում, որ Ռիո դե ժանեյրոյում 2016-ին կայանալիք օլիմպիական խաղերի ռինգում կարող են պարգևների հավակնել:

Բուլղարիայի Ալբենա քաղաքում օրերս կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը  երեք ներկայացուցիչ ուներ: Եվ մեր մարզուհիները տիրացան երկու մեդալի` արծաթե և բրոնզե: Վերադարձից հետո ահա թե ինչ ասաց  Մեհրաբյանը:

– Կատարվածը նոր լիցք կտա և ավելի կոգևորի: Հույս ունեմ, որ մեր մարզուհիներն ավելի ծանրակշիռ հաջողություններ կունենան: Իսկ այս ստուգատեսն անցկացվեց ծովափնյա Ալբենա քաղաքում: Բարձր մակարդակով էր կազմակերպվել: Ի դեպ, ֆրանսիացիները պետք է առաջնությունն ամռանն իրենց երկրում կազմակերպեին, բայց  ինչ-ինչ պատճառներով նրանք հրաժարվեցին այդ անել: Եվ ստուգատեսն անորոշ ժամկետով հետաձգվեց: Այդուհանդերձ,  լրջորեն նախապատրաստվում էինք և ցանկանում էինք անպայման մասնակցել: Ինքս որոշել էի, որ եթե հաջողություն չլինի, այլևս չեմ շարունակելու թիմի հետ պարապել:  Իսկ ռինգ էին դուրս եկել 35 երկրների ներկայացուցիչներ: Ուժերն էին չափում մինչև 16 և 18 տարեկան մարզուհիները: Մերոնք հանդես էին գալիս մինչև 16 տարեկանների մրցաշարում: Արծաթե մեդալակիր դարձած 50 կգ քաշային Անուշ Գրիգորյանը 16 տարեկան է, իսկ Ֆրիդա Սարգսյանը (44 կգ) և բրոնզե պարգևի արժանացած Անի Հովսեփյանը (54 կգ) 15 տարեկան են և մրցում էին իրենցից ավելի տարիքովների հետ:

 – Կանանց բռնցքամարտը տարածվո՞ւմ է աշխարհում:

– Դժվարանում եմ ասել, թե ինչքանով է հավաստի, բայց խոսակցություններ կան, որ ինչպես ըմբշամարտի դեպքում, հարց կարող է դառնալ բռնցքամարտն օլիմպիական խաղերի ծրագրում մնալ կամ չմնալը: Եվ պայման է դրվել, որ այդ քայլին չի դիմվի միայն այն դեպքում, եթե կանանց բռնցքամարտը զարգացվի: Ի դեպ, մի շարք երկրներ, այդ թվում  Չինաստանը, Ռուսաստանը,  Բուլղարիան, Լեհաստանը, Թուրքիան, Ուկրաինան, մարզուհիներ էին ռինգ դուրս բերել բոլոր` կրտսեր տարիքի 13 և ավագ տարիքի 10 քաշային կարգերում: Ամենաքիչ մասնակից ուներ Հայաստանը: Ադրբեջանից 4 մարզուհի կար:  Ի դեպ, սահմանակից երկրի ներկայացուցիչներն ուսումնամարզական հավաք էին անցկացրել Բուլղարիայում այդ երկրի հավաքականի հետ միասին, բայց առաջին հանդիպումներում պարտվեցին և դուրս մնացին պայքարից: Մեկուկես տարի է, ինչ Հայաստանի կանանց բռնցքամարտի հավաքականն եմ գլխավորում, և այդ ընթացքում շարունակ նախապատրաստվել ենք: Պարապել ենք Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում գտնվող բռնցքամարտի մարզասրահում: Գերատեսչության բռցքամարտի պատասխանատու Թաթուլ Հովհաննիսյանը շարունակ մեր թիմի կողքին է եղել, աջակցել է որպեզի խնդիրներ չունենանք: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի միջոցներով էլ ուսումնամարզական հավաքներ ենք անցկացրել Ծաղկաձորում և Աբովյանում: Հայաստանում բռնցքամատով կանոնավոր պարապում է երեք տասնյակ մարզուհի: Հավաքականում է ընդգրկվել նրանցից 18-ը: Թեկնածուներ կային, բայց  դեռևս նրանք պատրաստ չեն խոշորամասշտաբ ստուգատեսների: Փաստորեն, մեր երեք մարզուհիներն էլ նորամուտ էին նշում միջազգային ռինգում, նրանք նախկինում ներկայացուցչական ստուգատեսների մասնակցելու հնարավորություն չէին ունեցել:

Ինչևէ, նպատակային աշխատանք է կատարվում, որ մեր լավագույնները 2016-ի խաղերից առաջ օլիմպիական վարկանիշային մրցաշարերի մասնակցեն: Հավաքականի թեկնածուների թվում են ոչ միայն Երևանի, այլև Դիլիջանի ու Լոռու, Արմավիրի մարզերի ներկայացուցիչները: Հավաքականի կորիզն են կազմում արմավիրցիները: Այս երեք մարզուհիներն էլ այդ մարզից են: Եվ շաբաթը 4 օր նրանք եկել են Երևան և մասնակցել հավաքականի մարզումներին: Ի դեպ, հասարակական կարգով մեծ աշխատանք է կատարում նրանց մարզիչը` Համլետ Սարգսյանը, որը Աղավնատուն գյուղում պարապում է համեստ պայմաններում` տեղի դպրոցի դահլիճում: Հավաքականի անդամներից  5-ն այդ գյուղից են: Ընդ որում, երեքը քույրեր են` Ֆրիդա, Քրիստինե, Հասմիկ Սարգսյանները: Քրիստինեն Եվրոպայի աղջիկների առաջնության մրցանակակիր է: 2012-ին նա պետք է Եվրոպայի երիտասարդների առաջնությանը մասնակցեր, սակայն, ֆինանսների պակասի պատճառով այդ հնարավորությունը չեղավ:

 – Անցումը տղամարդկանց բռնքամարտից կանանց բռնցքամարտին Ձեզ համար դժվա՞ր էր:

– Չէի ասի, թե կանանց բռնցքամարտը շատ բանով է տարբերվում: Գրեթե նույնն են կանոնները, մրցավարությունը, մոտեցումը: Կարելի է ասել, որ կանանց բռնցքամարտն ավելի էլեգանտ է, մարտավարությունը գրագետ է: Բայց հարմարվելու առումով ինձ համար դժվար էր: Իսկ այժմ շատ հետաքրքիր է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բռնցքամարտում հմտացնելը: Ի դեպ, մարզուհիներն ավելի պարտաճանաչ են, հրահանգները հստակ կատարում են, կարգապահությունը բարձր է, իսկ դա չի կարող արդյունք չտալ: Ասեմ, որ 64 կգ քաշային Արմինե Սինաբյանն էլ նախկինում դարձել է Եվրոպայի մեծահասակների առաջնության փոխչեմպիոն: Օլիմպիական խաղերում կանայք մրցելու են 51 կգ, 60 կգ և 75 կգ քաշային կարգերում: Ունենք լավ մարզուհիներ առաջին երկու քաշային կարգերում, սակայն 75 կգ քաշային կարգում արժանի թեկնածու առայժմ չկա: Այդուհանդերձ, երեք քաշային կարգերում էլ օլիմպիական վարկանիշային մրցաշարերում մասնակիցներ ռինգ դուրս կբերենք:

 – Ի՞նչն էր ուսանելի Ալբենայում:

– Սարգսյանն առաջին հանդիպումում մեկ միավորի տարբերությամբ զիջեց Ղազախստանի ներկայացուցչին: Նրա մրցակցուհին միջազգային ռինգում շուրջ հինգ տասնյակ հանդիպում էր անցկացրել, նաև մեր մարզուհուց մեկ տարով մեծ էր: Ֆրիդան հնարավորություն ուներ հաղթելու, բայց առաջին անգամ մեծ ռինգ դուրս գալով` չէր կարող անկաշկանդ լինել: Ընդ որում, ոչ ոք չէր հավատում, որ մեր բոլոր մարզուհիները նախկինում  միջազգային մրցումների չեն  մասնակցել: Իսկ Հովսեփյանը երեք հանդիպում անցկացրեց` հաղթելով ուժեղ մրցակիցների` Իռլանդիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչներին և պարտվեց միայն ուկրաինացի մարզուհուն: Մասնագետների մեծ մասը, նաև ինքս այն կարծիքին եմ, որ Անին հաղթեց, բայց մրցավարները 2:1 հաշվով հաղթանակը նվիրեցին նրա հակառակորդին: Արգենտինացի մրցավարը մեծ առավելությամբ էր հաղթանակը շնորհել Անիին, իսկ մյուս երկուսը` մեկ միավորի տարբերությամբ` 29:28 հաշվով ուժեղագույն էին ճանաչել ուկրաինուհուն:  Մինչև կիսաեզրափակիչ մրցավարությունն արդար էր, բայց հետո անդրկուլիսյան խաղեր սկսվեցին:  Չեմպիոնին որոշելիս կարծես ամեն ինչ պատվերով էր կատարվում: Այնպես որ Հովսեփյանը կարող էր նաև չեմպիոն դառնալ:

Իսկ Գրիգորյանն առաջին իսկ հանդիպումում մրցեց բուլղարացի մարզուհու հետ: Անուշը բացահայտ առավելություն ուներ, և երբ 2-րդ ռաունդում նրա մրցակցուհին երկրորդ անգամ հայտնվեց ռինգի հատակին, մրցավարը դադարեցրեց հանդիպումը: Հետո Անուշը հաղթեց Տայ Պեյի, Անգլիայի ներկայացուցիչներին, բայց պարտվեց չինացի մարզուհուն: Ընդ որում, երեք ռաունդներում էլ անզիջում պայքար էր: Չինացին ավելի փորձառու էր, և դա էլ օգնեց նրան, որ տիրանա ոսկե պարգևի: Ի դեպ, հադիպումից հետո Անուշն ասաց, որ եթե մեկ անգամ ևս մրցեր չինացու հետ, ապա անպայման կհաղթեր:

 – Հնարավոր չէ՞ր մինչև աշխարհի առաջնություն մեր մարզուհիներին որևէ միջազգային մրցաշարի մասնակցելու հնարավորություն տալ:

– Ինչու չէ, բայց ֆինանսներ չկային: Հույս ունեմ, որ հաջորդ տարի արդեն հավաքականը ֆինանսական աջակցություն կստանա: 2014-ին Անուշը կփորձի մասնակցել օլիմպիական պատանեկան խաղերին: Ապրիլին նախատեսվում են վարկանիշային մրցումներ Բուլղարիայում: Մինչև այդ նա ուսումնամարզական հավաքի կմասնակցի, նաև կարողությունները կփորձի միջազգային որևէ մրցաշարում: Անուշը մարզվում է Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ:

 – Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները վարձատրվո՞ւմ են:

– Ոչ, բայց այս հաջողությունից հետո անպայման նրանց թոշակ կնշանակվի: Ի դեպ, մարզուհիները ոչ միայն պարապում են, այլև աշխատում են, ընտանեկան տնտեսություններում տարբեր գործերում են ներգրավված:

 – Բռնցքամարտը չի՞ խանգարում կանացիությանը, կարճ ասած`մարզուհիները տղամարդկային հատկանիշներ չե՞ն ձեռք բերում:

– Եթե իմ սաներից որևէ մեկը դառնա օլիմպիական խաղերի, աշխարհի չեմպիոն, ապա ինքս կառաջարկեմ, որ նա հեռանա մեծ սպորտից և իր անձնականին ավելի շատ ուշադրություն դարձնի: Իսկ բռնցքամարտով զբաղվողները սովորական աղջիկներ են, շատ խելացի, նաև սրամիտ: Ի դեպ, մենք բավականին ուշացել ենք: Նախկին ԽՍՀՄ-ի կազմում եղած, այժմ անկախացած երկրների ներկայացուցիչները վաղուց են սկսել այդ աշխատանքը: Օրինակ` Ղազախստանի կանանց առաջնությանը շուրջ 200 մարզուհի է մասնակցում: Ռուսաստանում, Ուկրաինայում կանանց բռնցքամարտն ավելի մեծ  տարածում ունի, և դժվար է այդ երկրների ներկայացուցիչների հետ պայքարել:

 – Իսկ փորձնական մրցամարտերը մեր մարզուհիներն ո՞ւմ հետ են անցկացնում:

– Ուսումնամարզական հավաքներին մասնակցել են նաև մեր մեծահասակ մարզուհիները, և նրանք օգնել են երիտասարդներին նախապատրաստվելու: Իսկ Աբովյանում անցկացված ուսումնամարզական հավաքի ժամանակ որպես մրցընկեր ռինգ էին դուրս գալիս ուժեղ սեռի Հայաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականների անդամները և պատրաստակամորեն օգնում:

 – Մարզագույքի կամ որևէ այլ չլուծված հարց կա՞:

– Ձեռնոցների պակաս է զգացվում: Այժմ նոր տիպի ձեռնոցներ են արտադրում, բայց մենք չունենք: Ցանկալի է նաև, որ թիմի հետ աշխատի կին սպորտային բժիշկ: Մարզուհիները տարբեր խնդիրներ են ունենում, և կին մասնագետը միայն կարող է օգնել: Ի դեպ, բոլոր հավաքականները Ալբենա էին եկել իրենց բժիշների հետ:

 – Հնարավո՞ր է, որ մեր մարզուհիներն օլիմպիական խաղերում մեդալների հավակնեն:

– Նախ պետք է ուղեգրերի տիրանալ: Եթե այդ նպատակը չիներ, աշխատանքս անիմաստ կհամարեի:

«Արարատը» զարմանալի դիրքում

armenia-soccer-league-Pyunik-vs-AraratՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում  ավարտվեց առաջին խաղաշրջանը` 7 տուր: Ինչքան էլ զարմանալի է, առաջատարն է Երևանի «Արարատը», որը վերջին տարիների առաջնություններում ակնհայտ հետնապահ էր:

Թիմը բոլորից քիչ` 4 գնդակ է բաց թողել և վաստակել է բոլորից շատ` 14 միավոր:

Ուշագրավ է, որ 2008-ից հետո առաջին անգամ է  «Արարատը» վերին հորիզոնականում դիրք գրավել: Իսկ  տարիներ առաջ թիմը չեմպիոն չդարձավ, թեև արժանի էր: Պատճատն այն էր, որ «Փյունիկը» հաղթեց «Ոսկե խաղում»: Դրանից հետո տարաձայնություններն ավելի խորացան վերջինիս փաստացի տեր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և «Արարատ» ակումբի ներկայացուցիչների միջև: «Արարատի» արտասահմանցի ղեկավարները` Վարդան Սրմաքեշը և Հրաչ Կապրելյանը, արդարություն պահանջելով, հեռանկար չտեսնելով, այլևս չցանկացան, որ մեծ ներդրումներ արվեն: Թիմը քանդվեց: Հեռացողները քիչ չէին: Իսկ «Արարատի» լավագույն խաղացողը` Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին, որն այժմ կրում է ռուսական «Կրասնոդարի» մարզազգեստը,  տեղափոխվեց «Փյունիկ»:

Ինչևէ, «Արարատն» այս մրցաշրջանում, գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի ղեկավարությամբ, զգալիորեն առաջադիմել է, և արդյունքն ակնառու է:

Ի դեպ, թերևս զուգադիպություն է, բայց այս օրերին նշվում է լեգենդար «Արարատի» ԽՍՀՄ գավաթակիր և չեմպիոն դառնալու 40-ամյակը, և «Արարատի» ներկայիս զբաղեցրած դիրքը լավ նվեր է Հայաստանում հավաքված փառաբանված թիմի խաղացողների համար:

«Արարատից» 2 միավորով հետ է մնում «Փյունիկը»: Ապա հաջորդում են Կապանի «Գանձասարը» և «Միկան»` 11-ական միավոր: Վերջինս առաջնության մասնակիցներից միակն է, որ դեռևս չի ճաշակել պարտության դառնությունը: 9 միավորով 5-րդ հորիզոնականում  է հաստատվել նախորդ առաջնության չեմպիոն Գյումրիի «Շիրակը»: Թե ինչն է խանգարում, դժվար է գուշակել: Նույնը կարելի է ասել նաև 8 միավորով հաջորդող «Բանանցի» մասին, որը միայն մեկ հաղթանակ է տարել: Իսկ ահա աղյուսակը 3-ական միավորով եզրափակող «Ալաշկերտը» և «Ուլիսը» հիասթափեցնում են: Այս թիմերը դեռևս հաղթանակ չունեն:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի հոկտեմբերի 19-ին:

 

Հովհաննես Գաբուզյանը Եվրոպայի մինչև 18 տարեկան շախմատիստների փոխչեմպիոն

հգGabuzyan-13Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում ավարտված Եվրոպայի մինչև 18 տարեկան շախմատիստների առաջնությունում դարձավ փոխչեմպիոն:

Գաբուզյանն արծաթե մեդալակիր էր դարձել նաև Եվրոպայի 2011-ի Մ16, 2012-ի Մ18 և աշխարհի 2012-ի Մ18 տարեկանների առաջնություններում:

Սոսկ տեսական հնարավորություններ

Bulgaria Armenia Soccer WCupՖուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերին երկու խաղ կանցկացնի և կավարտի մրցելույթները: Մերոնք սոսկ տեսական հնարավորություններ են պահպանում եվրոպական B խմբից դուրս գալու համար:

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ներկայացուցիչները Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կմրցեն Բուլղարիայի հավաքականի հետ: Վերջինս 13 միավորով (3 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 1 պարտություն) աղյուսակում 2-րդ տեղում է: Բուլղարացիների համար այս հանդիպումը ոսկու գին ունի: Ի տարբերություն մերոնց, նրանք իրատեսական հնարավորություններ ունեն խմբում 2-րդ տեղը գրավելու և աշխարհի առաջնության  եզրափակչում հանդես գալու իրավունք նվաճելու համար: Բայց մեր երկրում բուլղարացիներին լուրջ փորձություն է սպասում:

Բանն այն է, որ Հայաստանի թիմը 2012-ի սեպտեմբերին Բուլղարիայի հավաքականին նրա դաշտում պարտվել էր 0:1 հաշվով: Ինչ խոսք, դա ցավալի էր, սակայն մի հանգամանք էլ կա, որ մարտականորեն տրամադրվելու առիթ է տալիս: Բուլղարացի ֆուտբոլիստները, հաղթանակի տենչով, անցանկալի կոշտ պայքարի դիմեցին, նաև տուրուդմբոց սարքեցին` փորձելով հոգեբանական ճնշում գործադրել: Եվ, ի վերջո, հասան իրենց նպատակին: Այնպես որ, բարեկամական տրամադրվածության նշույլ անգամ չկար: Այն դեպքում, երբ հայ ֆուտբոլասերները խաղադաշտ էին ներկայացել պաստառներով, որոնց վրա Անդրանիկի անունն էր, և հիշվում էր, որ հայ ազգային հերոսը կռվել է նաև  բուլղարացիների համար:

Ինչևէ,  մեր երկրի ֆուտբոլասերները որոշել են համարժեք պատասխան տալ. ոչ միայն Հայաստանի հավաքականին բուռն աջակցել տրիբունաներից, այլև համապատասխան վերաբերմունք դրսևորել մեր երկրի օդանավակայան եկած բուլղարացի ֆուտբոլիստների և նրանց երկրպագուների նկատմամբ:

Հոկտեմբերի 15-ին էլ մեր ընտրանին արտագնա խաղ կանցկացնի խմբի առաջատար Իտալիայի հավաքականի հետ: Իտալացի ֆուտբոլիստներն անցկացրած 8 խաղից 6-ում հաղթել են, 2 հանդիպում ավարտել են ոչ-ոքի և չեն կրել ոչ մի պարտություն: Վաստակած 20 միավորով նրանք իրենց համար ապահովել են խմբից դուրս գալու առաջադրանքը և արժանացել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք տվող ուղեգրի: Այդ է պատճառը, որ 9 միավորով այժմ նախավերջին` 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստները, որոնք 3 հաղթանակ են տարել և 5 պարտություն կրել, թերևս հույս ունեն, որ Իտալիայի ներկայացուցիչները ոչ մարտական կազմով կխաղան և այդ հանդիպումում հնարավոր է միավորներ կորզել:

Խաղը կայանալու է Նեապոլի «Սան Պաուլո» մարզադաշտում: Այն Իտալիայի մեծ մարզադաշտերից է և տեղավորում է 60 240 հանդիսական: Վերջին անգամ Իտալիայի ազգային հավաքականն այդ մարզադաշտում խաղ է անցկացրել 2006-ի սեպտեմբերին: Տոմսերի արժեքը տատանվում է 5-50 եվրոյի սահմաններում:

Իտալիայի հավաքականն այս մրցաշարի շրջանակում արդեն խաղացել է Հայաստանի թիմի հետ և Երևանում առավելության է հասել 3:1 հաշվով: Սակայն այդ հաղթանակը հեշտ չտրվեց տիտղոսակիր թիմին:

Այժմ մրցակցի հարկի տակ հանդես գալու հերթը Հայաստանի ներկայացուցիչներինն է: Կկարողանան մերոնք վերկանգնել սասանված հեղինակությունը, թե նոր անախորժության կմատնվեն` կպարզվի Նեապոլում:

Առաջիկա երկու հանդիպումների ժամանակ շատ բան կախված կլինի մեր առաջատարների խաղից: Ցավոք, Հենրիխ Մխիթարյանը (Դորտմունդի «Բորուսիա»), Յուրա Մովսիսյանը, Արազ Օզբիլիսը (երկուսն էլ` Մոսկվայի «Սպարտակ») վերջին շրջանում կայուն խաղով աչքի չեն ընկնում: Կարող են լավ խաղալ, նաև` վատ: Արտասահմանյան ակումբներում հանդես եկող հավաքականի մյուս ֆուտբոլիստները փոխարինվում են, փոխարինման դուրս գալիս կամ էլ նստած  մնում պահեստայինների նստարանին:

 

 

Վճռորոշ էր մրցաշարի վերջին օրը

1161Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում ավարտված Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով հանդբոլիստների մրցաշարի հաղթող դարձավ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի հավաքականը: Վանաձորցիներն առավելության  հասան բոլոր մրցակիցների նկատմամբ և վաստակած 10 միավորով արժանիորեն գրավեցին առաջին տեղը:
Փաստորեն, չեմպիոնը որոշվեց մրցաշարի վերջին օրը: Մինչ այդ, իրենց բոլոր հանդիպումները հաղթանակով էին ավարտել Վանաձորի մանկավարժական ինստիտուտի և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հավաքականները, որոնք էլ վճռական խաղում ուժերը չափեցին միմյանց հետ:

Վանաձորցիները հանդիպումն իրենց օգտին գրանցեցին 36:29 (17:11) հաշվով և ճանաչվեցին ուժեղագույն: Թիմի մարզիչն է Արման Բարսեղյանը: 8 միավորով Երևանի ՊԻ-ի հավաքականը (մարզիչ` Արմինե Անտոնյան) բավարարվեց 2-րդ տեղով:
Ի դեպ, 3-րդ մրցանակակրի հարցը նույնպես որոշվեց մրցաշարի վերջին օրը: Երևանի պետական համալսարանի թիմը սկզբունքային խաղում 19:17 հաշվով առավելության հասավ Արցախի պետական համալսարանի ներկայացուցիչների նկատմամբ: Հանդիպումը լարված բնույթ կրեց: Առաջին խաղակեսն ավարտվեց 9:9 հաշվով:
Այսպիսով, նախորդ խաղերի հաղթող ԵՊՀ հավաքականն այս անգամ բավարարվեց  3-րդ տեղով` 6 միավոր: Ապա հաջորդեցին Արցախի պետական համալսարանի (4 միավոր), Երևանի  Ժողտնտեսության ինստիտուտի (2), Ագրարային համալսարանի (0) հավաքականները:

Վերջում, հանդիսավոր պայմաններում արժանավորները պարգևատրվեցին: Հաղթող թիմը ստացավ գավաթ: Մրցանակակիր երեք հավաքականների խաղացողներին հանձնվեցին մեդալներ և պատվոգրեր:

Շախմատիստներին աճեցնում ենք` կորցնելու նպատակով

OLYMPUS DIGITAL CAMERAՇախմատային երկիր ենք համարվում, բայց դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է կազմակերպվել Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն: Սպասվում էր, որ ի վերջո, սառույցը կկոտրվի, և այս տարվա սեպտեմբերին այն կանցկացվի: Ընդ որում,  որպես մրցավայր նախապես ընտրվել էր Գյումրին, բայց ոչինչ չստացվեց: Թե ինչո՞ւ, այդ մասին խնդրեցինք պարզաբանել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանին:

– Նախատեսված էր սեպտեմբերին Հայաստանի տղամարդկանց ակումբային առաջնություն անցկացնել: Հաղթող թիմը խաղալու էր հոկտեմբերի 19-27-ը Հունաստանի Հռոդոս կղզում կայանալիք Եվրոպայի ակումբային առաջնությունում, սակայն  մեր հայտարարությունից հետո ոչ մի արձագանք չեղավ: Ընդ որում, մի շարք կազմակերպությունների, շախմատի կենտրոնների դիմեցինք, բայց ցանկացողներ չեղան: Թերևս պատճառն այն է, որ շախմատային ակումբներ, որպես այդպիսին, Հայաստանում չկան, չեն ձևավորվել: Նաև հետաքրքրվեցինք, թե ինչու է այդպես: Բանն այն է, որ նախկինում եղել են «Միկա», «Բանկային արքա», ՖԻՄԱ-յի շախմատիստների թիմերը, որոնք հաջող են հանդես եկել Եվրոպայի ակումբային առաջնությունում, բայց դրանք ցրվել են, քանի որ Հայաստանում միջավայր չկա ակումբային շախմատի զարգացման համար: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի, մարզերի ֆեդերացիաների ուժերով փորձում ենք  ակումբային շարժում ձևավորել, որպեսզի եկող տարի առաջնություն կազմակերպվի:

 – Հնարավո՞ր է, որ նախապես որոշվել էր առաջնությունը Գյումրիում անցկացնել, և դա պատճառ դարձավ, որ թիմերը չխաղան:

– Այդ հանգամանքը ոչ մի դեր չի խաղացել: Պարզապես չունենք շախմատի ակումբային այնպիսի շարժում, ինպիսին եվրոպական երկրներում կամ Չինաստանում է: Հայաստանում կա շախմատի շարժում կրթօջախներում, շախմատն ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում: Կարծում եմ` շախմատի զարգացման համար պետք է խրախուսել ոչ թե դպրոցներում շախմատի քարոզչությունը և տարածումը, այլ` ակումբային շախմատը: Շախմատը ոչ թե խաղ է բոլորի, այլ առավել օժտվածների համար:

 – Անդրադարձաք եվրոպական երկրներին, Չինաստանին: Շախմատի ներուժով Հայաստանը շատ երկրներից առաջ է: Ինչո՞ւ  են մեր երկրի լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և ուիշները, խաղում արտասահմանյան լավագույն ակումբներում, քանիցս դարձել են տարբեր երկրների չեմպիոններ և մրցանակակիրներ, սակայն Հայաստանում հանդես գալու հնարավորություն չկա: Գուցե պետք է մե՞ծ փողեր ներդրվեն, գործարարներն այդ աշխատանքում ներգրավվեն:

– Անպայման պետք է գործարարները մասնակցեն այդ շարժմանը: Այդուհանդերձ, գործարար աշխարհի ներկայացուցիչները հենց այնպես փողեր չեն տրամադրում: Նրանք պետք հետաքրքրություն, շահագրգռություն ունենան: Մեր շախմատիստներին և շախմատիստուհիներին եվրոպական և չինական ակումբները գումարներ են տալիս:

 – Բայց շախմատի ակումբային առաջնության անցկացումը մի՞թե կարող է եկամտաբեր դառնալ: Հայաստանում մրցամարտերի ընթացքին հետևելու ցանկություն այդքան շատ մարդ կունենա՞, կատարված ծախսերը կփոխհատուցվե՞ն:

1- nyut լաMagnus-Carlsen-levon-aronian-london-classics2012 – Հայաստանում  մեծ թվով մարդիկ չեն ցանկանա ակումբային առաջնությանը հետևել: Այժմ մեր երկրում անցկացվում են բարձր վարկանիշով միջազգային մրցաշարեր, բարձրակարգ շախմատիստներ են խաղում նաև Հայաստանի տղամարդկանց առաջնություններում, սակայն խաղասրահները նախկինի պես մարդաշատ, լեփ-լեցուն չեն: Կարելի է ասել, որ դրանք նույնիսկ կիսադատարկ չեն: Այնպես որ եկամտի մասին խոսելն ավելորդ է: Իսկ խոշոր կազմակերպություններին ձեռնտու չէ թիմեր պահելը, քանի որ ոչնչով չեն նպաստի դրանց աշխատանքի բարելավմանը, ո՛չ գովազդի, ո՛չ աշխույժ առևտրի առումով:

 – Այն տպավորությունն է, որ հայկական շախմատը սկսել է դոփել տեղում:

– Զարմանալի է, որ նկատել եք դա: Մի բան է, երբ հաջողություններ են լինում, նկատի ունեմ Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում, աշխարհի առաջնությունում հաղթանակները, մեկ այլ բան է շախմատի ընդհանուր վիճակը: Հաջողությունները մեծ մասամբ պայմանավորված են այն հանգամանքով, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեծ ուշադրություն է դարձնում մեր լավագույն խաղացողներով համալրված հավաքականի նախապատրաստությանը և մրցելույթների ընթացքին: Մնացածը, որը պետք է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամներն անեն, այն չէ: Ինձ ևս թվում է, որ շատ բան դոփում է տեղում: Փաստն այն է, որ անկախացումից հետո ունենք  նոր սերնդի շախմատիստներ, որոնք հասնում են գրոսմայստերի մակարդակի, բայց դրանից հետո նրանց արդյունքները սկսում են նվազել: Այդ հատվածի հետ աշխատող օղակ չունենք: Չկա որևէ մարմին, որը գրոսմայստերների հետագա աճն ապահովի: Մի տեսակ ստացվում է, որ շախմատիստներին աճեցնում ենք` կորցնելու նպատակով: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ներկայումս համալրված է խորհրդային ժամանակների շախմատիստներով: 23 տարի է անցել, բայց հավաքականում նոր խաղացողներ չկան, ոչ էլ  մրցասպարեզում են նշմարվում խաղացողներ, որոնք կարող են թիմը համալրել:

 – Թուրքիայում օրերս կայացած մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի երեք ներկայացուցիչներից ոչ մեկը չդարձավ մրցանակակիր: Ընդ որում, այդ տարիքի շախմատիստների մրցումներում նախկինում գրոսմայստեր Սամվել Տեր–Սահակյանը, լինելով տարիքով ավելի փոքր, համեմատաբար լավ էր հանդես գալիս իրենից ավելի մեծերի հետ պայքարում: Ո՞րն է պատճառը:

– Համամիտ եմ: Կա նաև խրախուսելու, քարոզչության խնդիր: Երևանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը երկրորդ անգամ որպես գլխավոր մրցավար կսպասարկի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը: Բայց այդ մասին գրեթե չի խոսվում: Մարզիչներն էլ ուշադրության կարիք ունեն: Մասնավորապես Վրեժ Օրդյանը մեր լավագույն մասնագետներից է, բայց նա այլևս Հայաստանում չի աշխատում, դուրս է եկել, շախմատի հեռակա դպրոց է հիմնել և օգնում է դրսի խաղացողներին: Շախմատային մթնոլորտն այն չէ, կազմակերպչական աշխատանքը կաղում է: Եթե այսպես շարունակվի, արդյունքներն էլ կնվազեն:

 – Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներսում տարաձայնություններ, խմորումներ կա՞ն: Օրինակ` կազմակերպության փոխնախագահ, Հայաստանի շախմատային ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանից դժգոհողները քիչ չեն:

– Ժամանակին առաջին բողոքը բարձրացրել է, չի ցանկացել համատեղ աշխատել Բարսեղ Բեգլարյանը և հրաժարվել է ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից: Ֆեդերացիայի կանանց շախմատի հանձնաժողովի նախագահ Արգեն Գեղամյանը հրաժարական է տվել, սակայն այն չի ընդունվել, և նա վերընտրվել է: Ինձ համար անհասկանալի է Հայաստանում շախմատային ակադեմիայի գործունեությունը: Ակադեմիան ենթադրում է  ապահովել բարձր մակարդակի շախմատ, սակայն այն զբաղվում է գյուղական բնակավայրերում շախմատը մասսայականացնելու, ինչ-ինչ հարցերով: Ի վերջո, ակադեմիան անցած ժամանակահատվածում  պետք է կադրեր աճեցներ  օլիմպիադայի մասնակցող հավաքականի համար: Չէի ցանկանա ներքին խնդիրների անդրադառնալ և գործընկերներիս մասին հանդիմանական բաներ ասել:

 – Բայց կարելի է մեկ անգամ հավաքվել և շիտակ զրույց սկսել, կնճռոտ հարցերին անդրադառնալ:

– Այո, դրա անհրաժեշտությունը կա:

 – Ինչո՞ւ վերջին շրջանում մեր առաջատար շախմատիստները` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և մյուսներն իրենց նման չեն: Մեծ ներուժ ունեցող շախմատիստներ կան, բայց  դա դրսևորել չեն կարողանում:

 – Կազմակերպչական ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը խանգարում է: Այս մասին նախագահը տեղյակ չէ: Մասնավորապես, ինքս հարց եմ բարձրացրել, որ այդ մակարդակի խաղացողներն օգնության կարիք ունեն: Փորձառու շախմատիստների հետ համատեղ աշխատելու լուրջ խնդիր կա: Վերջերս Արոնյանին ասել եմ, որ իր արդյունքներն իջնում են, քանի որ ճիշտ չի աշխատում: Լևոնը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Էլինա Դանիելյանն իմ սաներն են եղել: Ինքս վրդովված եմ, քանի որ բոլորն էլ մեծ օգնության կարիք ունեն: Մեր անվանի գրոսմայստերը` Ռաֆայել Վահանյանը, վերջին երեք տարին տարվա մեծ մասը Հայաստանում է անցկացնում, սակայն շախմատային ոչ մի աշխատանքում ներգրավված չէ: Նա ընտրվել է ֆեդերացիայի գրոսմայստերի հանձնաժողովի նախագահ, բայց աշխատանք դեռևս չի ծավալել:

 – Խնդիրը ֆինանսների բացակայության հե՞տ է կապված:

 – Ոչ, սոսկ կազմակերպչական բնույթի է: Շեշտը դրվել է շախմատը մասսայականացնելու վրա, բայց դա խանգարում է պրոֆեսիոնալիզմին, այն ճանապարհը, որ ընտրվել է, սխալ է: Ինքս դեմ եմ, որ շախմատը որպես առարկա  դասավանդվի  հանրակրթական դպրոցներում: Ի դեպ, 1980-84 թվականներին իմ նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ շախմատը դասավանդվել է Երևանի Աղասի Խանջյանի անվան թիվ 53 դպրոցում: Արդյունքը բացասական էր: Ուսումնասիրություններ կատարեցինք պրոֆեսորներ Լալայանի և Քալայանի հետ միասին: Համոզվելու համար միայն մեր փորձին չապավինեցինք : Ժամանակին` 1950-70-ական թվականներին, շախմատը դասավանդվել է եվրոպական երկրների դպրոցներում, և բացահայտվել է, որ երեխաներին չի կարելի սահմանափակել, ստիպել ավելորդ ժամանակ վատնել մի բանի վրա, որը նրանց սրտով չէ: Եթե նախասիրություն չկա, պարտադրաբար չի կարելի շախմատով զբաղվել: Կարելի է դպրոցներում արտադասարանական պարապմունքներ կազմակերպել:

 

Նոր անարդարություն Բուդապեշտում և մտածելու նոր առիթ

2- nyutՀունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունից Հայաստանի ներկայացուցիչները պատվով վերադարձան: Նվաճած մեդալներն էլ վկայում են, որ մերոնք լրջորեն էին նախապատրաստվել այդ փորձությանը: Չեմպիոն դարձավ ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), իսկ հունահռոմեական ոճի ըմբիշներից Արթուր Ալեքսանյանը (96 կգ) բավարարվեց արծաթե պարգևով, Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ կգ) և Ռոման Ամոյանն (55 կգ) արժանացան բրոնզե մեդալների: Այդուհանդերձ, մտահոգողն այն է, որ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Համաշխարհային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր Ալեքսանյանից գողացան ոսկե մեդալը:

22-ամյա մեր ըմբիշը եզրափակչում ամենևին էլ մրցակցին չպարտվեց, բայց մրցագորգի մրցավարը, նրա գործընկերները մեր մարզիկից պարզապես խլեցին բարձրագույն պարգևը: Եվ դա արվեց ակնհայտորեն:

Ալեքսանյանի և ռուսաստանցի  Նիկիտա Մելնիկովի մրցամարտն ավարտվեց 2:2 հաշվով, և քանի որ մեր մարզիկը վերջինն էր միավոր վաստակել,  նա էլ պետք է ճանաչվեր հաղթող: Բայց մրցագորգի մրցավարն իր սև գործն արել էր, մեր մարզիկին նկատողություն էր հայտարարել, որն էլ մրցակցին առավելություն էր տալիս: Ի դեպ, նա դա արել է այն ժամանակ, երբ Ալեքսանյանը մրցագորգին պառկած փորձում էր պաշտպանվել, որպեսզի  ռուսաստանցին գլորում չկարողանա կատարել: Եթե Արթուրը դուրս գար սահմանագծից, ապա կհամարվեր, որ նա կարգը խախտել է, բայց այդպիսի իրավիճակ չկար: Եվ մրցավարը, մեր մարզիկին հանիրավի նկատողություն տալով, նրա մրցակցին էլ 1 միավոր նվիրելով, թույլ տվեց, որ Մելնիկովը նոր գրոհ ձեռնարկի ծնկած դիրքից: Եվ ռուսաստանցին 1 միավոր էլ վաստակեց երկրորդ անգամ ծնկած դիրքից պայքարը շարունակելուց հետո:

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և բրոնզե մեդալակիր, Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, չթաքցնելով իր վրդովմունքը, նշել է, որ մրցավարները ռուս ըմբիշի կողմից էին: Նրանք Արթուրին անհիմն են պատժել, նկատողություն տվել, քանի որ նա մրցագորգի կարմիր շրջագծից ներս է գտնվել: «Բացի այդ, Ալեքսանյանը չէր շարժվում, այլ ռուս ըմբիշն էր նրան դիտմամբ հրում` փորձելով տեղաշարժել: Այս դեպքում մրցավարները լավ չդատեցին, լավ չէին տեսել կամ էլ ռուսների կողմից էին»,- ասել է, նա

Դեր խաղաց ևս մեկ հանգամանք: Նազարյանի սանը` 60 կգ քաշային Իվո Անգելովը մինչև այդ չեմպիոն էր դարձել` հաղթելով ռուսաստանցի Իվան Կուլյակովին: Ռուսաստանի ներկայուցիչները ազդեցիկ դիրքեր ունեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում, և պարզապես բացառվում էր, որ նույն օրը եզրափակիչ դուրս եկած այդ երկրի երկու ներկայացուցիչն էլ վճռական գոտեմարտերում ձեռքից բաց թողնեն ոսկե պարգևները: Ի դեպ, այս տարի Կազանում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերում Ալեքսանյանն անարդարացիորեն կրկին չեմպիոն չէր դարձել, և հաղթող էր ճանաչվել նույն Մելնիկովը: Եթե կազմակերպիչ երկրի ներկայացուցչի համար այդ ճանպարհով հաջողության հասնելն այնքան էլ զարմանալի չէ, ապա այս պարագայում ուղղակի խայտառակություն է: Առավել ևս, որ այդպիսի բաների պատճառով քիչ էր մնում, որ ըմբշամարտն օլիմպիական խաղերի ծրագրից հանվեր: Այդ կազմակերպության նորընտիր ղեկավարությունը խոստացել է, որ ամեն ինչ արդար կլինի, բայց, ինչպես երևում է, պատկերը գրեթե չի փոխվել:

Մելնիկովը պարգևատրման արարողության ժամանակ ձեռք մեկնեց մեր ըմբիշին: Նա շատ տխուր էր և պատվո պատվանդանից իջնելուց անմիջապես հետո վզից հանեց ոսկե մեդալը: Ինչ վերաբերում է Ալեքսանյանին, ապա մեր մարզիկը շատ ծանր է տանում կատարվածը:

Ի դեպ, ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը մրցավար չուներ: Բանն այն է, որ մեր մրցավարներից որևէ մեկը համապատասխան միջազգային կարգ չունի: Թերևս մրցավարների խմբում մասնագետի բացակայությունը մեծ բաց է:  Մտածելու առիթ կա, թե ինչու այդ հարցը երկար ժամանակ չի կարգավորվում: Բայց դա այլ խոսակցության թեմա է:

Արսեն Ջուլֆալակյանը կրկին զիջեց Ռոման Վլասովին

աա29607Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը բավարարվեց բրոնզե պարգևով: Մեդալի համար գոտեմարտում նա 3:0 հաշվով առավելության հասավ դանիացի Մարկ Մադսենի նկատմամբ:

Սկզբում մեր  ըմբիշը հաղթել էր ավստրիացի Ֆլորիան Մարչլին, սակայն հետո պարտվել էր ռուսաստանցի Ռոման Վլասովին, որին զիջել էր նաև 2012-ի օլիմպիական խաղերի եզրափակչում: Իսկ սփոփիչ գոտեմարտերում Ջուլֆալակյանը հաղթել էր պանամացի Ալմենդրա Ալվինին  և Ղրղզստանի ներկայացուցիչ Ուուլու Կոժոբեկին:

Այսպիսով, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությունում տիրացավ երեք մեդալի: 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ճանաչվել էր երկրորդը, իսկ  55 կգ քաշային Ռոման Ամոյանը` երրորդը:

Ինչո՞ւ Հայաստանի գրոսմայստերները ձախողվեցին Տրոմսյոյում

Aronian-Tomashevsky-1Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում անցկացված շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանից հանդես էր գալիս չորս գրոսմայստեր: Ցավոք, մերոնք անհաջող հանդես եկան: Թե ինչո՞ւ` փորձեցինք պարզել այդ ստուգատեսի գլխավոր մրցավարի տեղակալ, միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանից:

– Նոր ձևաչափով հինգերորդ անգամ էր շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշար անցկացվում: Նախկինում կազմակերպվել են այլ կարգի, նաև նոկաուտ համակարգով մի շարք ստուգատեսներ, որոնք անվանվել են աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարեր: Ի դեպ,  դրանք կոչվել են նաև աշխարհի առաջնություններ: Իսկ գավաթի խաղարկությունը ներկայիս ձևաչափով առաջին անգամ անցկացվել է 2005-ին, և հաղթել է Լևոն Արոնյանը: Ցավոք, դրանով էլ ավարտվել է մերոնց հաջողությունը: Ինձ հետաքրքրում էր նաև Տրոմսյոն, քանի որ 2014-ին Նորվեգիայի այդ քաղաքը հյուրընկալելու է առաջիկա Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակիցներին:

Այս մրցաշարն անցկացվում էր «Սկանդիկ» հյուրանոցում: Այն առանձնապես բարձր մակարդակի չէր, սակայն դրականն այն է, որ շախմատիստները իջևանել և խաղում էին նույն կառույցում: Եթե մրցաշարը տևական է, ապա այդ հանգամանքը շատ կարևոր է: Բացի այդ, եղանակն էլ նպաստավոր էր: Ջերմաստիճանը տատանվում էր 7-14-ի սահմաններում: Տրոմսյոն Հյուսիսային բևեռին մոտ է գտնվում: Ավելի մոտ միայն Շպիցբերգենն է: Ընդհանուր առմամբ, մրցաշարը լավ էր կազմակերպվել: Կային մի շարք կազմակերպչական թերացումներ, որոնց մասին անմիջապես հայտնեցինք, և նորվեգացիները փորձեցին հնարավորինս արագորեն շտկել դրանք: Ամեն դիտողություն հաշվի էր առնվում, և խնդիր էր դրվում, որ հաջորդ տարի կայանալիք օլիմպիադայի ժամանակ այն չկրկնվի:

Մասնավորապես, սննդի հետ կապված խնդիրներ կային: Երբեմն բոլոր մասնակիցներին առաջարկում էին միայն խոզի մսով կերակուրներ: Սակայն  մի շարք ազգերի,  կրոնների ներկայացուցիչներ, այդ թվում` հրեաները, մահմեդականները, խուսափում էին նման կերակուրից: Սակայն այլընտրանք չունեին: Բացի այդ, Նորվեգիան թանկ երկիր է: Ամեն մասնակցի սնվելու համար հաստատագրված գումար կար: Եվ ստացվում էր, որ այդ գումարի սահմաններում  հատկացված սնունդն ընդունելով` կարելի է կիսաքաղցած մնալ, մինչդեռ, Հայաստանում կամ այլ երկրներում այդ փողով հնարավոր է ճոխ ուտել: Դահլիճում թերություններ կային: Եվ կազմակերպիչներն այդ ամենը կարգավորեցին առանց լրացուցիչ ծախսերի: Նորվեգացիները խնդիր են դրել Շախմատի համաշխարհային օլիմպիադան բարձր մակարդակով անցկացնել: Նրանց դա կհաջողվի, թե ոչ, կպարզվի 2014-ին:

Ի դեպ, հավանական է, որ այդ հյուրանոցն օլիմպիադայի օրերին չօգտագործվի: Այն օդանավակայանին մոտ է գտնվում և բավականին հեռու է քաղաքի կենտրոնից: Կենտրոնում կառուցվում է հինգաստղանի հյուրանոց, որը կացարան է դառնալու օլիմպիադայի մասնակիցների մեծ մասի համար: Գրեթե պատրաստ է այն դահլիճը, որտեղ կայանալու են մրցամարտերը: Արվում է հնարավորը, որ մասնակիցները հետիոտն իրենց կացարաններից 5-15 րոպեում հասնեն մրցավայր:

 – Ի՞նչ պատահեց մեր շախմատիստներին:

– Խաղում էին Լևոն Արոնյանը և Հայաստանի հավաքականի մյուս փորձառու անդամները` Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, նաև շնորհալի երիտասարդ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը: Ցավոք, մերոնք դուրս մնացին պայքարից: Ընդ որում, գրոսմայստերները տարբեր ճակատագրեր ունեցան: Մովսիսյանը, Հակոբյանը, Մելքումյանն առաջին փուլում պարտվեցին, համապատասխանաբար, Յոն Լյուդվիգ Համերին (Նորվեգիա), Նգուեն Սոնին (Վիետնամ), Գրանադա Զունիգային (Պերու): Ընդհանրականն այն է, որ Հայաստանի շախմատիստներից ոչ ոք հաջող չխաղաց: Հակոբյանը չկարողացավ հունի մեջ մտնել` թերևս թերագնահատելով մրցակցին, զիջեց: Իսկ երկրորդ պարտիայում թեև առավելություն, հաղթանակի հասնելու հնարավորություն ուներ, սակայն փոքրիկ վրիպումից հետո ստիպված էր բավարարվել խաղաղ արդյունքով: Մովսիսյանն ակնհայտորեն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Վերջին շրջանում նա տարբեր միջազգային մրցաշարերում մարտական խաղ էր ցուցադրում, արդյունավետ պարտիաներ անցկացնում, սակայն այս անգամ ակտիվ չէր: Պարզապես Նորվեգիայում նրա խաղը չստացվեց: Ինչ վերաբերում է Հրանտ Մելքումյանին, ապա նրա մրցակիցն այս ստուգատեսի հայտնությունն էր: Զունիգան փորձառու շախմատիստ է, նաև գործարար է: Նա հողատեր է և լոլիկ է աճեցնում: Երբեմն այդ գրոսմայստերին թերագնահատում են, լուրջ շախմատիստ չեն համարում: Բայց նա բարձր վարկանիշ ունի և այս մրցաշարում էլ փայլուն խաղաց ու լրացուցիչ մրցամարտում կորզեց հաղթանակը: Ընդ որում, Մելքումյանը մրցամարտում երկու անգամ առջևում էր: Ինչ վերաբերում է Արոնյանին, ապա մեր երկրի հավաքականի առաջատարը վերջին շրջանի երրորդ խոշոր մրցաշարում առաջին օրվանից հիվանդ էր: Նկատի ունեմ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների 2012-ին Կազանում անցկացված ստուգատեսը, երբ պարտվեց Ալեքսանդր Գրեշչուկին, 2013-ի սկզբին Լոնդոնում կազմակերպված աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը:  Ի դեպ, նա չի սիրում արդարանալ, բայց ինքս տեսա, որ այս անգամ 7 օր շարունակ Արոնյանը վատառողջ էր: Թե ինչ էր պատահել, թերևս ավելի ստույգ պատասխանի  Հայաստանի շախմատի հավաքականի բժիշկ Արմեն Աղուզումցյանը, որը նույնպես մրցավայրում էր: Հնարավորն արվում էր, որ մեր շախմատիստը լավ խաղա, բայց հիվանդությունն իր դերը կատարեց: Լևոնը պետք է հետևություն անի և հաջորդ պատասխանատու մրցումներին ֆիզիկապես ավելի պատրաստ ներկայանա: Իսկ նա հաղթեց ղրղզստանցի Միխայիլ Մարկովին, ռուսաստանցի Իգոր Լիսիին և զիջեց ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկուն: Վերջինս արժանի խաղ ցուցադրեց, թերևս իր կյանքում նա ամենափայլուն պարտիաներն անցկացրեց: Ի դեպ, երկու պարտիայում էլ Լևոնն առավելություն ուներ և ձեռքից բաց թողեց հաղթանակը: Համակարգչով այդ քայլերն ակնհայտորեն տեսանելի էին: Վատառողջ լինելու հանգամանքն Արոնյանին խանգարեց: Ի դեպ, առաջին պարտիայում հաղթելուց հետո Տոմաշևսկին պաշտպանության չանցավ: Երկրորդ պարտիայում նա համարձակ քայլի դիմեց, երբ կասկածելի դիրք ուներ,  ֆիգուր զոհաբերեց, թաքնված գրոհ ձեռնարկեց, ամեն ինչ խճճեց և հանդիպումն ավարտեց ոչ-ոքի:

 – Օրինաչա՞փ էր ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հաղթանակը:

– Նա արժանի էր դրան: Կրամնիկը լրջորեն էր նախապատրաստվել, բարձրակարգ խաղ ցուցադրեց: Եզրափակչում նա առավելության հասավ ռուսաստանցի 22-ամյա շախմատիստ Դմիտրի Անդրեյկինի նկատմամբ: Այդուհանդերձ, նաև Կրամնիկի բախտը բերեց, քանի որ մրցաշարում պարտվեցին և եզրափակիչ չհասան այն խաղացողները, որոնք նրան կարող էին ավելի լուրջ դիմադրել, խանգարել ուժեղագույն ճանաչվելուն: Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր էր խաղարկվում: Արոնյանը և Կրամնիկն այդ ստուգատեսում  խաղալու իրավունք արդեն ունեին: Եվ եթե նրանցից որևէ մեկը 1-2-րդ տեղերում լիներ, օգտվելու էր համապատասխան վարկանիշ ունեցող ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը, նրան էր հանձնվելու ուղեգիրը: Այդպես էլ եղավ:

 – Մերոնց հետ կատարվածից ի՞նչ դասեր կարելի է քաղել:

– Ծանր մրցաշար է: Շախմատիստներից ոմանք փորձում էին երկու հիմնական պարտիաներում ոչ-ոքի արդյունքի հասնել և մրցակիցներին շրջանցել «արագ» շախմատի լրացուցիչ հանդիպումներում: Վերջիններում խաղացողների կարգերի տարբերությունն էլ փոքրանում է: Մասնավորապես, Անդրեյկինը դասական շախմատի պարտիաներում միայն մեկ հաղթանակ էր տարել և հասել մինչև եզրափակիչ: Այստեղ  նա պարտվեց: Ստացվեց, որ եզրափակչի մասնակիցը դասական շախմատի պարտիաներում 1-ական հաղթանակ և պարտություն ունի: Եվ խաղացողները պետք է մտածեն և այս կարգի մրցաշարին մոտենան  համապատասխան պատրաստականությամբ: Այս ստուգատեսը էականորեն տարբերվում է մյուսներից: 

– Դուք «Միկա» շախմատի ակումբի գործադիր տնօրենն եք: Ակումբը նախապատրաստվո՞ւմ է Եվրոպայի ակումբային առաջնությանը:

– Հոկտեմբերի 19-27-ը Եվրոպայի ակումբային առաջնությունը կայանալու է Հունաստանի Հռոդոս կղզում: «Միկա» ակումբի միայն կանանց թիմը կխաղա, իսկ տղամարդկանց հավաքական չենք ունենա:

 – Փաստորեն, «Միկա» կանանց ակումբն առանց Հայաստանի առաջնության մասնակցելու է դրսի խաղերին:

– Եթե առաջնություն անցկացվեր, Հայաստանում չէր գտնվի կանանց որևէ ակումբ, որը «Միկայի» համար խնդիր ստեղծեր, հավակնորդ չկար: «Միկայի» կազմում են  նույն խաղացողները` Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Հարիկա Դրոնավալին, Լեյլա Ջավախիշվիլին: Եվրոպայի ակումբային առաջնությունում թիմը մեկական անգամ չեմպիոն և արծաթե մեդալակիր է դարձել, երեք անգամ էլ բրոնզե պարգևների տիրացել:

 – Մեր ուժեղագույն շախմատիստները խաղում են տարբեր երկրների լավագույն ակումբներում: Նախատեսվում էր, որ սեպտեմբերին Գյումրիում պետք է անցկացվի շախմատի Հայաստանի տղամարդկանց ակումբային առաջնություն: Ինչո՞ւ այն չի կայանալու:

– Ամեն ինչ նախապատրաստվել էր, սակայն թիմեր չեղան, որոնք շահագրգռված լինեին մասնակցելու այդ առաջնությանը: Գործարարները, տարբեր ֆիրմաները ձեռք չեն մեկնում, որ շախմատային ակումբներին օգնեն:

 – Բայց ձևավորված կենտրոններ կան` ՖԻՄԱ–ն, Հայաստանի շախմատի ակադեմիան, «Միկան» և այլն:

– Հնարավոր է մրցասպարեզ հանել երիտասարդների թիմեր, սակայն ակումբային առաջնությունն այլ բան է պահանջում: Դա ինքնանպատակ չի կարելի անել: Մեծ թվով գրոսմայստերներ ունենք և ի վիճակի ենք ակումբային հզոր առաջնություն կազմակերպել: Պետք է այնպես արվի, որ մեր ուժեղագույնները խաղան, նրանց կողքին էլ աճեն երիտասարդները:

 

Լեգենդար հոկեյիստները Երևանում կհավերժացնեն Գրիգոր Մկրտչյանի հիշատակը

հոկեյԵրևանի մարզահամերգային համալիրի կամարների ներքո բարձրակարգ մարզիկների մասնակցությամբ շատ մրցումներ են անցկացվել: Եվ ահա սեպտեմբերի 19-ին մարզական այս կառույցում տափօղակով հոկեյի ընկերական մրցամարտ կանցկացվի: Սահադաշտ դուրս կգան ռուսական «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» ակումբների խաղացողները: Ուշագրավն այն է, որ միջոցառումը նվիրվելու է տափօղակով հոկեյի օլիմպիական խաղերի առաջին հայ չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի մահվան 10-ամյա տարելիցին:

Նա ԽՍՀՄ հավաքականի հուսալի դարպասապահն է եղել և 1956-ին դարձել օլիմպիական խաղերի չեմպիոն: Մկրտչյանն աշխարհի, Եվրոպայի եռակի չեմպիոն է, 1948-59 թթ. 9 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, ունեցել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում: 1965-67 թթ. հայ մասնագետը որպես մարզիչ գլխավորել է գնդակով հոկեյի ԽՍՀՄ հավաքականը, և նրա սաները  երեք անգամ հռչակվել են աշխարհի չեմպիոն:

Մկրտչյանը ծնվել է 1925 թ. Կրասնոդարում, մահացել է 2003-ին Մոսկվայում:

Գրիգոր Մկրտչյանի ընկերների նախաձեռնությամբ առաջարկ է եղել Հայաստանում յուրօրինակ միջոցառում կազմակերպելև հարգանքի տուրք մատուցել նրան:

«Հոկեյի լեգենդներ» թիմի կազմում խաղալու համար Երևան են ժամանելու օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմակի չեմպիոններ, դարպասապահ Վլադիմիր Միշկինը, պաշտպաններ` Վլադիմիր Լուտչենկոն, Սերգեյ Բաբինովը, Յուրի Լյապկինը, Ալեքսանդր Գվոզդևը, հարձակվողներ Իրեկ Գիմաևը, Ալեքսանդր Գոլիկովը, Վիկտոր Շալիմովը, Իգոր Միշուկովը, Ռոման Իլյինը, Եվգենի Դավիդովը, Անդրեյ Կովալենկոն, Ալեքսանդր Յակուշևը:

Հայաստանում սիրում են տափօղակով հոկեյը: Ցավոք, 2011-ին Երևանի մարզահամերգային համալիրում կազմակերպված C խմբի աշխարհի առաջնության մրցաշարից հետո Հայաստանի հավաքականը որակազրկվել էր մեկ տարով: Բանն այն է, որ մեր թիմի կազմում խաղում են հիմնականում ԱՄՆ-ում մարզվող և մրցելույթ ունեցող մեր հայրենակիցները: Եվ փաստաթղթերի ձևակերպում պահանջված ձևով չէր կատարվել:

Երևանի գեղասահքի դպրոցն ավերակի վերածելուց հետո էլ Հայաստանի առաջնություններ չեն անցկացվում:

Թվում էր, թե սահադաշտ չունենք, սակայն հավաքական կա: Բայց, չգիտես ինչու, 2012-ին նպատակահարմար չհամարվեց խաղալ Թուրքիայի Էրզրում քաղաքի մարզապալատում կազմակերպված C խմբի աշխարհի առաջնությունում:

Ինչևէ, մեր երկրի տափօղակով հոկեյի սիրահարները հնարավորություն ունեն հետևելու բարձրակարգ խաղացողների գործողություններին: Կազմակերպիչները լավ նվեր են մատուցել, ՄՀՀ-ի դռները բաց են բոլորի առջև:

 

 

Արթուր Առաքելյանը մնաց առանց մեդալի

աա29607Ցավոք, 60 կգ քաշային Արթուր Առաքելյանն առանց պարգևի մնաց Բուդապեշտում կազմակերպված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա զիջեցեց իրանցի Մասուդ Էսմայիլպուրին` 0:8:

Ալեքսանդր Գրիգորյանի թիմը հյուրընկալվելիս հաղթեց խոշոր հաշվով

ագgrigoryan_3Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 14-րդ տուրում Վլադիվաստոկի «Լուչ-Էներգիան», որի գլխավոր մարզիչն է Ալեքսանդր Գրիգորյանը, մրցակցի հարկի տակ առավելության  հասավ «Արսենալի» նկատմամբ` 3:0:

Հայ մասնագետի թիմը վաստակած 19 միավորով  8-րդ տեղում է:

Կարեն Գրիգորյանը և Յուրի Կուզուբովը

chess3Մարտունիում անցկացվող շախմատի «Սևանա լիճ» միջազգային մրցաշարի 8-րդ տուրում այսպիսի արդյունքներ գրանցվեցին.

Զավեն Անդրիասյան – Կարեն Գրիգորյան` 1 : 0
Ռոբերտ Հովհաննիսյան – Յուրի Կուզուբով՝ 0 : 1
Իվան Պոպով – Դարիուշ Շվիերց՝ ½ – ½
Մարկուս Ռագեր – ԱվետիքԳրիգորյան՝ 0 : 1
Սերգեյ Ժիգալկո – Արման Փաշիկյան՝ ½ – ½
Մրցաշարային աղյուսակը 5,5-ական միավորներով գլխավորում են Գրիգորյանը և Կուզուբովը:

Հայաստանի պատանի շախմատիստների փորձությունը Թուրքիայում

25441 chessԳրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը, միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գևորգյանը կմասնակցեն սեպտեմբերի 12-ին Թուրքիայում մեկնարկելիք շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությանը:

Հիշեցնենք, որ ստուգատեսը  պետք է անցկացվեր Հաթայ քաղաքում, բայց վերջին պահին կազմակերպիչներն այն տեղափոխեցին Ստամբուլից քիչ հեռու գտնվող Խոջաել:

Հովհաննես Աբրահամյան. «Լեգենդար թիմի հոբելյանը նշող չկա»

Ovannes Abraamyan IMG_0021Լրանում է ֆուտբոլի ԽՍՀՄ չեմպիոն և կրկնակի գավաթակիր «Արարատ» ֆուտբոլային ակումբի փառահեղ հաղթանակների 40 տարին: Լեգենդար թիմի հաջողության հոբելյանն արժանապատիվ նշելու հարցում առայժմ անորոշություն է: Այդ և մի շարք այլ հարցերի շուրջ զրուցեցինք «Արարատ» թիմի այն տարիների պետ Հովհաննես Աբրահամյանի հետ:

 – Ի՞նչ պարտականություններ ուներ այն տարիներին թիմի պետը:

– Բացի խաղից առաջ թիմի ֆուտբոլիստներին հանձնարարականներ տալուց,  զբաղվում էր բոլոր հարցերով: Հնարավորն արվում էր, որպեսզի խաղացողները բարվոք պայմաններում մարզվեն, հանգստանան, վերականգնեն ուժերը, կենցաղային որևէ խնդիր չունենան, մարզական ռեժիմը չխախտեն և այլն: 

– Մեր երկրի լավագույն թիմում, կարելի է ասել, աստղեր էին խաղում: Նրանք քմահա՞ճ էին, դժվա՞ր էր այդ ֆուբոլիստների հետ աշխատելը:

– Իհարկե, բոլորն էլ աստղեր էին: Եթե նրանք Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության մրցաշարում հաղթում են (1:0) իր կազմում աշխարհի 5 չեմպիոն ունեցող Մյունխենի «Բավարիային», ապա կասկած չի կարող լինել, որ դա կարող էին միայն բարձրակարգ խաղացողները: Բայց ինքս էլ նախկինում ֆուտբոլիստ էի եղել, մարզիչ, ֆուտբոլը հասկանում էի, և որևէ բարդություն չկար: Եթե ֆուտբոլիստը լավ էր խաղում,  որպես խրախուսանք պարգևավճար էի խոստանում, եթե վատ էր խաղում, հայտնում էի, որ ոչինչ էլ չի ստանալու: Արդարամիտ էի, հեղինակություն ունեի, և դա էլ օգնում էր աշխատանքը կազմակերպելուն:

 – Ո՞վ էր որոշողը, որ այս կամ այն խաղացողը պարգևավճար պետք է ստանա կամ չպետք է ստանա:

– Որոշողը թիմի գլխավոր մարզիչն էր, սակայն նա միշտ խորհրդակցում էր թիմի պետի հետ: Թիմի պետը գիտեր, թե ինչ հնարավորություններ կան: 

– «Արարատի» շատ մարզիչների հետ եք աշխատել: Նրանցից հատկապես ո՞ւմ կառանձնացնեք:

– 10 մարզչի հետ եմ աշխատել: Ամենափառահեղ պատմությունը գրել է Նիկիտա Սիմոնյանը, նրա ղեկավարած տարիներին է «Արարատը» ամենամեծ հաջողություններին հասել: Այդուհանդերձ, որպեսզի լավ թիմ ձևավորվեր, հիմնական աշխատանքը կատարել էր Արտյոմ Ֆալյանը: Նա խստապահանջ էր, կարգապահություն էր սիրում, բայց կարող էր ցանկացած խաղացողի քննադատել: Որոշ մարզիչներ խուսափում էին արդեն ճանաչված ֆուտբոլիստներին կամ   օրինակ` այնպիսի անհատականության, ինչպիսին Արկադի Անդրեասյանն է, դիտողություն անել, բայց Ֆալյանը  ոչ մեկին բացառություն չէր անում, մտածածն ասում էր: Նա սիրում էր ֆուտբոլը, կարգապահությունը, ճշտապահությունը: Թիմի հիմնական կազմ ընկնելու համար, պետք էր խաղալ, արդարացիորեն այդ իրավունքը նվաճել: Խստապահանջություն կար,  և դա լուրջ գրավական էր հաջողության հասնելու համար: 

– Այն ժամանակներում տրանսֆերային պատուհան, ֆուտբոլիստների առուվաճառք չկար: Ինչպե՞ս էր կատարվում թիմի համալրումը, խաղացողներն ի՞նչ ճանապարհով էին հրավիրվում:

– Ֆալյանը նոր թիմ ստեղծեց, մի շարք խաղացողներ դրսից հրավիրվեցին: Նամակագրություն կար, բացի այդ, ուսումնամարզական հավաքների ժամանակ այս կամ այն խաղացողին տեսնում էինք Սոչիում, այլ վայրերում ստուգողական խաղեր անցկացնելիս: Այն ժամանակ ֆինանսական գործարքներ չկային: Պարզապես բանակցում էինք, պայմանավորվում, թե հրավիրված ֆուտբոլիստներն ինչքան աշխատավարձ պետք է ստանան: «Արարատի» հիմնական կազմի խաղացողն ամիսը ստանում էր 2500 ռուբլի, փոխարինողների կազմի խաղացողը`1500 ռուբլի: ֆուտբոլիստներին որպես աշխատող տեղավորում էինք տարբեր գործարաններում, նաև լրացուցիչ ֆինանսներ էին հատկացվում: Ֆուտբոլը համարվում էր Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի մարզաձևը, և խաղացողներն իրենց փողերը ստանում էին ժամանակին: Ֆուտբոլիստներ կային, որոնք 4-5 տեղից աշխատավարձ էին ստանում: Լավագույններին արտահերթ ավտոմեքենա էին տրամադրում, բնակարան, կահույք: 

– Նիկիտա Սիմոնյանի հետ հե՞շտ էր աշխատել:

– Նա հանդարտ բնավորություն ունի, խաղաղասեր մարդ է, հեշտ էր: Դեպք է եղել, երբ նրան տեղեկացրել  եմ, որ առաջատար այսինչ խաղացողը ծախել է խաղը, ասում էր` ոչինչ: Բայց եթե նույն բանը Ֆալյանն իմանար, ապա նա խաղացողի կաշին  կքերթեր, մարզակոշիկները հանել կտար և պարտադիր մի քանի շրջան խաղադաշտի շուրջը կվազեցներ:

 – Իրո՞ք, այն տարիների՞ն էլ խաղերի առուծախ կար:

– Այն էլ ինչպիսի, պայմանավորված հանդիպումները քիչ չէին: Ուշագրավն այն է, որ հայկական թիմն անգամ այդպիսի պայմաններում, նաև երբ ԽՍՀՄ առաջնությունում ռուսական, ուկրաինական թիմերը գերակշռում էին և իրար օգնում, կարողանում էր ակնառու հաջողությունների հասնել: 

Արարատ– Այդպիսի մի խառը պատմությունում մեկ անգամ նաև Դուք եք հայտնվել: Խոսքն Ալմա–Աթայում կատարվածի մասին է:

– «Արարատը» դժվարին դրության մեջ էր հայտնվել և բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար երկու խաղից պետք է երկու միավոր վաստակեր: Դրսում մրցելու էինք Ղազախստանի «Կայրաթի» և Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ: Եվ Ալմա-Աթայում ինձ և թիմի ադմինիստրատոր Աշոտ Մանուկյանին ձերբակալեցին: Նախապատմությունն այսպիսին է: Հույս ունեինք, որ «Կայրաթի» ղեկավարությունը կընդառաջի, սակայն երբ դիմեցինք, որ միավորներ տրամադրեն, մերժեցին: Պատճառաբանությունն այն էր, որ Ղազախստանի Կենտկոմի ղեկավարությունը կարող է պատժել: Ընդ որում, դրանից մեկ տարի առաջ դժվարին դրության մեջ էր «Կայրաթը», և «Արարատը» սեփական հարկի տակ կայացած խաղում միավոր էր նվիրել, որպեսզի այդ թիմը չլքի բարձրագույն խումբը: Ստիպված պայմանավորվեցինք «Կայրաթի» դարպասապահի հետ: Ի նշան երախտիքի 4 հազար ռուբլի պետք է տայինք, որ նա էլ որպես պարգև բաժաներ թիմի խաղացողներին: Փողը պետք է հանձնեինք դարպասապահի աներձագին, բայց վերջինս պայմանավորված ժամին չեկավ: Զանգահարեցինք դարպասապահին: Բայց այդ ժամանակ հեռախոսը վերցնում է  նրա համարում գտնվող թիմի մարզիչը, և Մանուկյանը, առանց կասկածելու, ցանկանում է իմանալ, թե ինչու փողերը տանելու համար ոչ ոք չի եկել: Եվ մարզիչն ամեն ինչի մասին հայտնում է ոստիկանությանը: Շուրջ երեք տասնյակ ոստիկան ու զինվորական հայտնվեցին, մեզ տարան ոստիկանական բաժանմունք, մեկ օր պահեցին: Հետո ներկայացավ մի գեներալ և հետաքրքրվեց, թե ինչ է կատարվել: Հայտնեցինք, որ թիմը վտանգավոր իրավիճակում է, խնդրել ենք, որ օգնեն: Ընդ որում, մեկ տարի առաջ նույն հարցում մենք ենք աջակցել «Կայրաթի» ներկայացուցիչներին: Երբ նա լսեց այդ մասին, ցանկացավ ճշտել, ապա խիստ զայրացավ ու հանդիմանեց  ղազախական ակումբի թիմի պետին, թե ինչու նա չի ընդառաջել, բարեկամաբար վերաբերվել: Նիկիտա Սիմոնյանը մեզ մոտ էր մնացել, խաղից հետո թիմի հետ չէր մեկնել Մոսկվա: Հետո այդ գեներալն օգնեց, որ մեզ ինքնաթիռի տոմսեր տրամադրեն, և ուղևորվեցինք Մոսկվա: Իսկ «Կայրաթին» պարտվել էինք 0:1 հաշվով:

 – Երբ «Արարատը» դարձավ ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, ի՞նչ պարգևներ տրամադրվեցին:

– «ԳԱԶ 24» մակնիշի 5 ավտոմեքենա տրամադրվեց, որից  մեկն ինձ բաժին հասավ: Մյուսներն էլ «Ժիգուլի» ավտոմեքենաներ ստացան: Պարզապես դրանք գնվում էին արտահերթ, ինքնարժեքով: Նիկիտա Սիմոնյանն էր որոշում, թե ով ինչ արժանիքներ ունի: Ինքը հրաժարվեց «ԳԱԶ 24» ավտոմեքենա գնելուց: Խաղացողները բնակարաններ ստացան, տարբեր օգնություններ:

 – Ինչպե՞ս է նշվելու փառահեղ հաջողության հոբելյանը:

– Դեռ պարզ չէ, մի քանի օր առաջ «Արարատի» վետերանների ակումբի նախագահ Սերգեյ Պողոսյանի հետ էի զրուցում: Ինքս «Արարատի» վետերանների թիմի մարզիչն եմ: Նա էլ չգիտեր, թե ինչ պետք է արվի: Փաստորեն, ոչ ոք չի ցանկանում, որ  40-ամյակն արժանիորեն նշվի: Ստիպված ենք դիմել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին: Ժամանակ չի մնացել: Հանդիսությունը նախատեսվում է հոկտեմբերի 12-ին: Ի դեպ,  դա նաև Սիմոնյանի ծննդյան օրն է: Նրա հետ խոսել եմ, ասել եմ, որ ցանկանում ենք հաղթանակների տարեդարձը հանդիսավորությամբ նշել, բայց դեռևս անորոշ վիճակ է: Ընդ որում, Հանրային խորհրդի տուրիզմի, առողջ ապրելակերպի և կուրորտների ենթահանձնաժողովում, որի նախագահն է Կառլեն Հարությունյանը, քննարկվել է և հավանության  արժանացել, որ հոբելյանի առթիվ Երևանի  «Հրազդան» մարզադաշտի  հարևանությամբ հուշարձանախումբ տեղադրվի, որում կերտված կլինեն փառաբանված թիմի խաղացողները և մարզիչները: Դա աշխարհում ընդունված է: Այդ քայլը կնպաստի, որ նոր սերնդի մարզիկները ոգևորվեն և ֆուտբոլը զարգանա: Ի դեպ, արձանախումբը պատրաստվում է: Պետք է նաև ցուցահանդես բացվի: Սիմոնյանին  ցավով տեղեկացրի, որ այդ ամենին  «տորմուզ է» տրվել: Կառլեն Հարությունյանը զբաղվում է այդ հարցով, սակայն երևում է` նրա ուժը չի պատում: Հանձնաժողով է ստեղծվել, դիմել են նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին: Մերժում չի եղել, սակայն ոչինչ չի էլ արվում:

 – Հնարավոր է, որ Վարդանյանը չի ցանկանում խառնվել ֆուտբոլային հարցերին: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն ինքնիշխան է և որևէ միջամտություն պարզապես անթույլատրելի է համարում:

– Երևի այդպես է: Ֆեդերացիան խոստացել է օգնել: Բայց օգնելը մի բան է, հանդիսավոր նշելը` մեկ այլ: Նշելու համար կարելի է վետերանների մեկ խաղ կազմակերպել և ամեն  ինչ դրանով ավարտել: Մինչդեռ ծրագրով շատ բան է նախատեսվում: Պետք է Սիմոնյանը գա, հրավիրվելու են նաև ԱՄՆ-ում բնակվող արարատցիները, տարբեր հյուրեր և այլն: Բայց եթե չի նշվելու, ինչպե՞ս կարող են նրանք գալ: Փաստորեն, լեգենդար թիմի հոբելյանը նշող չկա:

 

Հասարակության արձագանքը կարող է շատ խիստ և անկանխատեսելի լինել

մխիթարյանՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Մերոնք աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում երկու խաղ են անցկացնելու: Հայաստանի ընտրանին առայժմ անհաջող է հանդես գալիս եվրոպական B խմբում ընդգրկված 6 հավաքականների մրցաշարում և 6 խաղից հետո վաստակած 6 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Սեպտեմբերի 6-ին մեր երկրի ներկայացուցիչները Պրահայի «Էդեն արենա» մարզադաշտում կմրցեն Չեխիայի հավաքականի հետ, որին  մարտին սեփական հարկի տակ զիջել են 0:3 հաշվով: Իսկ սեպտեմբերի 10-ին Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելու է Դանիայի ներկայացուցիչներին: Սերնդափոխություն ապրող հեղինակավոր այս թիմը Հայաստանի հավաքականին հյուրընկալելիս պարտվել էր 0:4 հաշվով, և կասկած չկա, որ փորձելու է վրեժը լուծել, վերականգնել սասանված հեղինակությունը:

Դժվար է լինելու հատկապես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի համար: Առայժմ նրա գլխավորած հավաքականի ցուցանիշներն անբավարար են, մասնագետն ինքն էլ դժգոհ է և հրաժարական է տվել, սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն այն չի ընդունել: Ակնհայտ է, որ նոր անհաջողություններից հետո ամեն ինչի պատասխանատվությունը կընկնի ՀՖՖ-ի ղեկավարության վրա: Հայկական ֆուտբոլում միակ հետաքրքրությունը մնացել են ազգային հավաքականի խաղերը, և հասարակության արձագանքը կարող է շատ խիստ և անկանխատեսելի լինել:

Թե Հայաստանի հավաքականն ինչպես հանդես կգա, շատ բանով պայմանավորված կլինի դրսում հանդես եկող մեր ֆուտբոլիստների խաղամակարդակից:

Բարեբախտաբար, թիմի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանն իր նոր ակումբի` Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ի վերջո դրսևորեց իրեն: Նրա մասին քննադատական խոսքեր էին սկսել հնչել նաև գերմանական լրատվամիջոցներում: Եվ ահա Գերմանիայի առաջնության 4-րդ տուրում Մխիթարյանը  երկու գնդակ խփեց  Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը, և նրա թիմն առավելության հասավ 2:1 հաշվով: Լավ է, որ 24-ամյա հայ ֆուտբոլիստն արթնացել է նիրհից: Մնում է, որ Մխիթարյանը նվիրումով խաղա և իրեն դրսևորի նաև Հայաստանի հավաքականի կազմում: Յուրա Մովսիսյանը մարտնչող ֆուտբոլիստ է, և կասկած չկա, որ  կներդնի բոլոր ուժերը, որպեսզի Հայաստանի հավաքականին իր խաղով օգտակար լինի: Ի դեպ, ֆուտբոլի Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա Մոսկվայի «Սպարտակի» կազմում 3 գնդակ է խփել: Վերջին` 7-րդ տուրում Մովսիսյանի թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Տոմի» նկատմամբ, և Յուրան էլ գրավեց մրցակցի դարպասը: Նրա խաղընկերը` Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Արազ Օզբիլիսը, նույնպես այդ հանդիպման ժամանակ մարզադաշտում էր և փոխարինվել է: Կարևորն այն է, որ նա խաղային փորձ ունի և կարող է օգտակար լինել մեր երկրի ազգային ընտրանուն:

Հայաստանի հավաքականի մյուս լեգեոնականները, բացառությամբ Կարագանդայի «Շախտյորի» հարձակվող Գևորգ Ղազարյանի, իրենց թիմերում բոլոր հանդիպումներին գրեթե չեն մասնակցում: Նրանք փոխարինողներ, փոխարինվողներ են կամ էլ նստում են պահեստային ֆուտբոլիստների կողքին: Այդուհանդերձ, ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, անկանխատեսելի, և Հայաստանի հավաքականը կարող է իրեն լավ դրսևորել:

 

 

Հենրիխ Մխիթարյանը` Բունդեսլիգայի 4-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

ՀՄ221286851373746587Հայաստանի ֆուտբոլի  հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Բունդեսլիգայի պաշտոնական կայքում իր օգտին քվեարկած ֆուտբոլասերներին: Բանն այն է, որ նա հարցման արդյունքով ճանաչվել է Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի լավագույն խաղացող: Մխիթարյանի օգտին քվեարկել է մարզասերների 41,33 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Շտուտգարտի» ֆուտբոլիստ  Ալեկսանդրու Մաքսիմը՝ 30,07 տոկոս: Երրորդ տեղում է «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Դիեգոն` 16,75 տոկոս:

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», իսկ Մխիթարյանը դարձել էր  երկու գոլի հեղինակ:

 

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնեց Չեխիա

ffa5Այսօր առավոտյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային չվերթով մեկնեցին Չեխիա: Սեպտեմբերի 6-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:00-ին, Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը Չեխիայի հավաքականի հետ: Թիմը կհանգրվանի Պրահայի «Մարիոտ Կորտյարդ Ֆլորա» հյուրանոցում:

Սեպտեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին, Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի նախախաղային մարզում Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում:

Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Պրահա հետևյալ կազմով՝

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան

Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան

Արսեն Բեգլարյան, «Գանձասար»

Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Լևոն Հայրապետյան, «Վիձև», Լեհաստան

Հրայր Մկոյան, «Գանձասար»

Արթուր Ավագյան, «Գանձասար»

Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Անդրանիկ Ոսկանյան, «Միկա»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Բորուսիա», Դ., Գերմանիա

Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»

Կառլեն Մկրտչյան, «Անժի», Ռուսաստան

Գևորգ Ղազարյան, «Շախտյոր», Ղազախստան

Մարկոս Պիզզելլի, «Կրասնոդար», Ռուսաստան

Արաս Օզբիլիս, «Սպարտակ», Մ., Ռուսաստան

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

Կարեն Մուրադյան, «Շիրակ»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան, «Սպարտակ», Մ., Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Ուրալ», Ռուսաստան

Սարգիս Ադամյան, «Հանզա», Գերմանիա

«Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության 70-ամյա հոբելյանը կնշվի շուքով

18547Երկրորդ համաշխարհային պատերազմի դժվարին ժամանակահատվածում` 1943-ին, ԽՍՀՄ–ում ստեղծվեց  «Աշխատանքային հերթափոխ» մարզական ընկերությունը: Նպատակն այն էր, որ պրոֆտեխկրթության համակարգի սովորողները և աշխատողները բարեկամանան ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետ, ֆիզիկական կոփվածք ձեռք բերեն` լավ վազեն, ցատկեն, նռնակ նետեն և պատրաստ լինեն  բանակում ծառայելու, երկիրը պաշտպանելու: Սպորտում մեծ նվաճումների հասնելու մասին սկզբնական շրջանում խոսք չկար: Հայաստանում էլ ստեղծվեց նույնանուն մարզական կառույց: Եվ ահա, այն դարձել է 70 տարեկան:

Եթե պատերազմական տարիներին պրոֆտեխուսումնարանները ռազմականացված հաստատություններ էին, կադրեր էին պատրաստում գործարանների համար,  նաև ունեին արտադրություններ, ապա խաղաղության հաստատումից հետո այդ կրթօջախներն արդեն հիմնականում ուսում ստանալու և մասնագիտանալու հանարավորություն էին տալիս երիտասարդներին: Սովորողների  մեծ մասը ծնողազուրկ էր կամ անապահով ընտանիքներից: Եվ ստեղծվել էին բոլոր հնարավորությունները, որպեսզի ՊՏՈւ-ների սաները լավ պայմաններում մասնագիտանան, նաև առողջությունը կոփելու, սպորտով զբաղվելու հնարավորություն ստանան: Այդ հաստատություններն ունեին  ժամանակակից խաղահրապարակներ, մարզագործիքներով կահավորված դահլիճներ: «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունը ոչ միայն Երևանում, այլև հանրապետության տարբեր բնակավայրերում ստեղծել էր հիանալի մարզակառույցներ: Հետագայում մեր երկրում ընդլայնվեց պրոֆտեխնիկական ուսումնարանների ցանցը: 1970-ականների կեսերին դրանց թիվը Հայաստանում հարյուրից ավելի էր: Ստեղծվել էր Պրոֆտեխկրթության պետական կոմիտե, որը գերատեսչական հզոր կառույց էր, նախարարության կարգավիճակ ուներ: Ընդ որում, Հայաստան սովորելու էին գալիս ոչ միայն խորհրդային հանրապետություններից, այլև Վիետնամից, Բանգլադեշից, արտասահմանյան այլ երկրներից:

Արմատավորված էին բռնցքամարտը, ըմբշամարտը, մարմնամարզությունը, հեծանվային սպորտը և այլն: Հատկապես մեծ ուշադրություն էր դարձվում բռնցքամարտին: «Աշխատանքային հերթափոխի» ներկայացուցիչներ են օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանը, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Թորոսյանը, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մխիթար Մանուկյանը, մարմնամարզության աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանը և ուրիշներ:

Հայաստանի անկախացումից հետո կազմակերպության  կյանքում նոր փորձություններ ծագեցին: Նախ, համակարգի փոփոխման հետ կապված, նորամուծություններ կատարվեցին: 1989-ին կրթական համակարգը միավորվեց. լուսավորության նախարարությունը, բարձրագույն ուսումնական հաստատությունների ու գիտության նախարարությունները և Պրոֆտեխկրթության պետական կոմիտեն միավորվեցին   Ժողկրթության նախարարության կազմում: «Աշխատանքային հերթափոխը» մնաց որպես հասարակական կազմակերպություն, սակայն ոչ պաշտոնապես սկսեց իրականացնել նաև հանրակրթական դպրոցների սովորողների, մանկապարտեզների սաների ֆիզիկական դաստիարակության աշխատանքը: Իսկ1991-ից այդ ամենը կատարվում է արդեն պաշտոնապես:

Խորհրդային տարիներից լուսավորության նախարարության համակարգում էր  Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական դպրոցը: Այս մարզօջախին էր վստահված Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆիզդաստիարակության աշխատանքների համակարգումը և իրականացումը: Դպրոցը զբաղվում էր  նաև պատանի մարզիկների մարզական վարպետության բարելավման խնդիրներով: Հաստատությունը նախապատրաստում էր մեր երկրի ներկայացուցիչներին դպրոցականների համամիութենական սպարտակիադաներին, ապահովում այդ ստուգատեսներին նրանց մասնակցությունը: Ընդ որում, սկզբում Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական դպրոցը, մնալով կրթական համակարգում, շարունակում էր զբաղվել դպրոցական ոլորտի ֆիզկուլտուրայի և սպորտի բոլոր  հարցերով: 1991-ից արդեն «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունը սկսեց ամբողջովին զբաղվել նաև այն խնդիրներով, որոնք կատարում էր Մարզական բարձրագույն վարպետության հանրապետական դպրոցը: Վերջինս մնաց, սակայն կարգավիճակը փոխեց` զբավելով միայն պատանիներին և աղջիկներին որոշ մարզաձևերում  ընդգրկելու աշխատանքով:

«Այժմ պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններ չկան: Արտադրական ձեռնարկություններից շատերը չեն աշխատում և տարբեր մասնագիտությունների նոր կադրերի պատրաստման խնդիրներով չեն զբաղվում: Դրանց փոխարեն գործում են  մի շարք  քոլեջներ, որոնց հետ  «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունը շարունակում է գործունեությունը: Դրանց թիվը Հայաստանում հասնում է շուրջ երեք տասնյակի: Անցկացվում են Հայաստանի դպրոցականների մարզական խաղեր, որոնցում ներգրավվում են նաև քոլեջների սովորողները: Ի դեպ, նախկինում քոլեջների թիվը մեծ էր, և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար առանձին  սպարտակիադա էր կազմակերպվում: Իսկ դպրոցականների մարզական խաղերն անցկացվում են անկախացման առաջին իսկ տարվանից: Արդեն կազմակերպվել է 22 ստուգատես: Դա ուշագրավ ցուցանիշ է: Այդ մրցումների ծրագրում 8 մարզաձև է: Դրանք այն մարզաձևերն են, որոնք ընդգրված են դպրոցականների աշխարհի առաջնությունների ծրագրում»,- ասաց «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության նախագահ Արա Մեհրաբյանը:

IMG_0019 Նա 2006-ից ստանձնել է նաև Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահի պարտականությունները, և «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության, Հայաստանի ԿԳ նախարարության համատեղ ջանքերով մեր երկրի պատանի մարզիկները հանդես են գալիս Դպրոցականների միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո կազմակերպվող մրցումներում, այդ թվում նաև տարբեր մարզաձևերի աշխարհի առաջնություններում: Այնպես որ «Աշխատանքային հերթափոխի» գործունեության ոլորտն ընդլայնվել է:

Այնուամենայնիվ, անկախացումից հետո կորուստներ եղել են, հնարավոր չի եղել պահպանել այն ամենը, ինչը ստեղծվել էր նախկինում: Խորհրդային տարիներին մարզընկերությանը մայրաքաղաքում մեծ տարածք էր հատկացվել, որպեսզի մարզահամալիր սարքավորվի: Սակայն Խորհրդային Միության փլուզման հետ այդ ծրագիրն էլ դադարեց:

«Ամենացավալին այն է, որ կորցրել ենք Կապանի մարզադաշտը: Մեր համար էլ անհասկանալի է, թե այդ ինչպես է տեղի ունեցել: Քանիցս դիմել ենք դատական  տարբեր ատյանների, բողոքել արդարությունը վերականգնելու համար, պայքարել, սակայն արդյունքի հասնել չի հաջողվել: Փաստորեն, ապօրինի քայլ է արվել: Թեև «Աշխատանքային հերթափոխի» նախկին ղեկավարությունն էր գործարք կատարել, սակայն այն օրինական ուժ չուներ, քանի որ մարզադաշտից հրաժարվելու համար կոլեգիալ որոշում էր անհրաժեշտ, որը չէր եղել: Կատարվածից մեկ շաբաթ հետո արդեն այդ մասին ահազանգ է բարձրացվել, բայց դա չի օգնել: Փաստորեն, խախտվել էր մարզական կազմակերպության կանոնադրությունը, և  նրա ղեկավարը միանձնյա վճիռ է կայացրել, որի իրավունքը չուներ»,- պարզաբանեց Մեհրաբյանը:

Այդուհանդերձ, կազմակերպության Երևանի, Գյումրիի, Վանաձորի մարզաբազաները պահպանվել են, գործում է նաև մայրաքաղաքի Էլեկտրալամպերի գործարանի հարևանությամբ գտնվող օլիմպիական պատրաստության կենտրոնը: Ի դեպ, Գյումրիի մարզաբազան 1988-ի երկրաշարժի ժամանակ փլուզվել էր, սակայն 2007-ին այն ամբողջովին վերանորոգվել է և նոր տեսք ստացել: 2006-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով վերանորոգվել է «Աշխատանքային հերթափոխի» Երևանի մարզահամալիրը:

Կազմակերպության ցուցանիշներն էլ խոսուն են: «Աշխատանքային հերթափոխի» մարզիկները մեդալների են արժանանում Հայաստանի տարբեր մարզաձևերի առաջնություններում, մեր երկրի տարբեր մարզաձևերի հավաքականների կազմերում հանդես գալիս խոշորամասշտաբ ստուգատեսներում, պարգևների տիրանում: Կան օլիմպիական խաղերի մասնակիցներ, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների  չեմպիոններ ու մրցանակակիրներ:

Ըստ Մեհրաբյանի` չէր լինի այդ ամենը, եթե չաջակցեր Հայաստանի կրթության և գիտության նախարությունը: Եթե օգնություն չցուցաբերվեր,  իհարկե, դժվար կլիներ, սակայն կազմակերպությունը կշարունակեր իր գոյությունը: Ընդ որում, բոլոր մարզախմբերն անվճար են: Ի դեպ, նախարարությունը 23 մլն դրամ է առանձնացրել, որպեսզի նոյեմբերին առաջին անգամ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցեն Բրազիլիայի Բրազիլիա քաղաքում կայանալիք Համաշխարհային գիմնազիադայի մրցումներին:

Այդուհանդերձ, «Աշխատանքային հերթափոխը» խնդիրներ ունի: Երկար ժամանակ է, ինչ մարզագույք չի ստացել: Հայաստանի սպորտի ղեկավարները տարիներ առաջ խոստացել են, որ դա կտրամադրեն: Բայց երբ բացահայտվել է, որ  «Աշխատանքային հերթափոխի» մարզաբազաների մի մասում պահպանվել է նախկինում եղած մարզագույքը, ռինգերը, այդպես էլ ոչինչ չեն հատկացրել:

«Դա անակնկալ էր, քանի որ կան այլ կազմակերպությունների այնպիսի մարզաբազաներ, որոնք 2000-ին մարզագույք էին ստացել, սակայն լավ չէին պահպանել և այժմ կրկին նորն են ստանալու: Իսկ մեր կազմակերպության կահավորումը մարզագույքով նպատակահարմար չի համարվել սոսկ այն պատճառով, որ հինը  հոգատար վերաբերմունքի շնորհիվ  մնացել է»,- ասաց Մեհրաբյանը:

Ինչևէ, սեպտեմբերին կայանալու է «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությունը: Կազմակերպության մարզերում գտնվող մասնաճյուղերում կանցկացվեն արմատավորված մարզաձևերի բաց առաջնություններ` բռնցքամարտի, ըմբշամարտի, սեղանի թենիսի, հանդբոլի և այլն: Նպատակն է` շուքով նշել հոբելյանը, նաև քարոզել սպորտը, առողջ ապրելակերպը: Ինչ խոսք, դա կնպաստի, որ նոր պարապողներ համալրեն «Աշխատանքային հերթափոխի» տարբեր մարզաձևերի խմբերը:

 

Աշխարհի առաջնություն` առանց Հայաստանի հավաքականի ծանրորդուհիների

ծանրամարտՀայաստանի ծանրորդները վերջին շրջանում հազվադեպ են ուրախացնում իրենց երկրպագուներին: Տխուր պատկերը կրկնվեց նաև վերջերս Թաթարստանի մայրաքաղաք Կազանում Համաշխարհային ուսանողական խաղերի  ծրագրով կազմակերպված ծանրամարտի մրցումներում: Մեր երկրից երեք մարզիկ էր մրցահարթակ դուրս եկել. երեքն էլ մնացին ձեռնունայն: Պատճառը պարզելու համար դիմեցինք Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանին:

 – Մեր ծանրորդները թույլ մասնակցեցին: Տվյալ ժամանակահատվածում նրանց պատրաստվածության մակարդակն այդքան էր:  Ի դեպ, Հայաստանի հավաքականը կարող էր այդ ստուգատեսին ավելի մեծ կազմով ներկայանալ, սակայն չունենք  այնպիսի ծանրորդներ, որոնք կարող էին պայքարել մեդալների համար: 

– Ո՞րն էր պատճառը, չէ՞ որ նախորդ Համաշխարհային ուսանողական խաղերում ունեցել ենք ոսկե և բրոնզե մեդալակիրներ: Չեմպիոն էր դարձել Աղասի Աղասյանը, երրորդ մրցանակակիր` Հայկ Հակոբյանը: Խնդիր չկա՞ր հաջողությունը զարգացնելու:

– Ամեն անգամ գետը գերան չի բերի:  Պարզապես, այս անգամ բախտը մերոնց ուղեկից չէր: Աղասյանն էլ լավ արդյունք  ցույց տվեց, սակայն դա այն չէր, որը նա մարզումների ընթացքում էր կատարել: Ի դեպ, եթե անգամ նա դա էլ աներ, լավագույն դեպքում 4-րդ տեղը կզբաղեցներ: Աղասին նախկինում հանդես էր գալիս 77 կգ քաշային կարգում, այս անգամ նա հայտավորվել էր 85 կգ քաշայինների մրցաշարում, սակայն դա խանգարիչ հանգամանք չէր, քանի որ արդեն մրցելույթներ ունեցել էր այդ քաշային կարգում:  Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նա չեմպիոն էր դարձել, 2-րդն էր ճանաչվել աշխարհի ուսանողական առաջնությունում: Աղասյանը  շուրջ մեկ տարի է, որ նոր քաշային կարգ է տեղափոխվել: 56 կգ քաշային փորձառու մարզիկ Սմբատ Մարգարյանն էլ բավարարվեց սոսկ 8-րդ տեղով: Վարդան Դավթյանն էլ (94 կգ), հրում վարժությունը կատարելիս չկարողանալով բարձրացնել իր իսկ պատվիրած ծանրությունը, 0 ստացավ և դուրս մնաց պայքարից: 

– Նրա ներուժը գերագնահատվե՞լ էր, թե՞ կատարվածը տակտիկական սխալ պայքարի հետևանք էր:

– Մոտեցումներից մեկի ժամանակ մեր ծանրորդը գլխավերևում պահեց 195 կգ-ոց ծանրաձողը, սակայն մրցավարները համարելով, որ տեխնիկական սխալ է թույլ տրվել, ցուցանիշը չգրանցեցին: Որպես մրցավար կարծում եմ, որ կատարման ժամանակ  փոքր սխալ կար, սակայն այն կարելի էր նաև անտեսել: Բացթողումը մեծ չէր: Հաջորդ երկու մոտեցումների ժամանակ Դավթյանը փորձեց ավելի մեծ ծանրություն հաղթահարել` 202 կգ, որը կոպիտ սխալ էր:

 – Մարզիկը հոգեբանորեն տրամադրված չէ՞ր այդ ծանրությունը բարձրացնելու: Նա կարո՞ղ էր այն գլխավերևից վեր հանել:

– Կարծում եմ, որ եթե 195 կգ ծանրությունը մրցավարներն արձանագրած լինեին, Վարդանը կկարողանար նաև ցուցանիշը բարելավել: Նա մրցահարթակ դուրս եկավ, երբ արդեն ձախողման սպառնալիք կար:

 – Վաղուց է, որ փորձառու Մարգարյանը բարձր արդյունքներով չի փայլում, ի՞նչն է պատճառը:

– Նա ծնկահոդի վնասվածք ուներ, շուրջ մեկ տարի դժվարություններ էր կրում: Անցյալ տարի աշխարհի ուսանողների առաջնությունում 3-րդը ճանաչվեց, աստիճանաբար փորձում է վերագտնել իր լավ մարզավիճակը: Այժմ նա առավել կարևորում է մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակցությունը, որը մեկնարկելու է սեպտեմբերի 22-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: Իսկ ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականում սերնդափոխություն է կատարվում: Դրա հետ պետք է համակերպվել: Առաջիկա մեկ-երկու տարին մեր մարզիկների արդյունքները ցածր են լինելու: Միայն 2014-ից ընտրանին նոր թափ կհավաքի, իսկ 2016-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային մրցումներն են սկսվելու: Այդ ժամանակահատվածում է, որ պետք է բացահայտվի, թե ինչ հնարավորություններ ունենք, օլիմպիական խաղերում մեր երկրի որ մարզիկները կարող են հավակնել պարգևների:

 – Հայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը ներկայումս ի՞նչ վիճակում է:

– Թեև սերնդափոխություն է կատարվում, սակայն հավաքականի հնաբնակներին ևս չենք անտեսում: Նրանք էլ մարզվում են, նախապատրաստվում են առաջիկա մեկնարկներին: Կարևորվում է 2014-ի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին մեր ընտրանու լավ մասնակցությունը: Մերոնք պետք է օլիմպիական խաղերի ուղեգրերի տիրանալու լուրջ հայտ ներկայացնեն: Հաշվի են առնվելու առաջիկա երկու տարիներին աշխարհի առաջնություններում  ցույց տրված արդյունքները: Եթե օլիմպիական խաղերում ունենանք 4 ծանրորդ և 2 ծանրորդուհի, լավ արդյունք կհամարվի:

 – Հավաքականում տիտղոսակիրներից ովքե՞ր են մնացել:

– Հոկտեմբերին Լեհաստանում կայանալու է աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականը մասնակիցների մեծ կազմ չի ունենա: Կփորձարկենք նաև մեր տիտղոսակիրներից ոմանց: Առաքել Միրզոյանը անհատական ծրագրով է մարզվում, Տիգրան Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը` նույնպես: Ռուբեն Ալեքսանյանն ապաքինվել է և աշխարհի առաջնությունում նրանից սպասելիքները մեծ են:

 – Գևորգ Դավթյանի մասին տեղեկությունները հակասական են: Ոմանք կարծում են, որ նա այլևս անելիք չունի, սակայն մարզիկը վստահեցնում է, որ չի պատրաստվում հրաժեշտ տալ մեծ սպորտին:

– Լավ է, որ նա այդպիսի ցանկություն ունի: Չպետք է բացառել, որ Դավթյանը կարող է նոր նվաճումների հասնել: 

– Ե՞րբ է նախատեսվում աշխարհի առաջնության վերջին նախապատրաստությունը:

– Առաջնությունը կսկսվի հոկտեմբերի 6-ին, Լեհաստանում: Ծանրորդները շուրջտարին նախապատրաստվում են: Իսկ աշխարհի առաջնությունից առաջ ուսումնամարզական երկու հավաք է նախատեսվում: Դրանցում կընդգրկվեն այն մարզիկները, որոնք կարողություններն են փորձելու աշխարհի առաջնությունում:

 – Ոչինչ չասացիք մեր ծանրորդուհիների մասին, մինչդեռ, 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում Հայաստանի ծանրամարտի հավաքականին պարզերես անողը բրոնզե մեդալակիր դարձած Հռիփսիմե Խուրշուդյանն էր:

– Մեր մարզուհիները խնդրել են, որ այս անգամ աշխարհի առաջնությունում մրցահարթակ դուրս չգան: Պատճառները տարբեր են: Շատ են վնասվածքներ ունեցողները: Մելինե Դալուզյանի ձեռքը վիրահատվել է, սակայն նրան դեռ ծնկահոդի վիրահատություն է սպասում: Քրիստինե Պետրոսյանի ծնկահոդն է վիրահատվել և նա ապաքինվում է: Էլեն Գրիգորյանը որակազրկված է և հանդես գալու իրավունք չունի, սակայն 2014-ի գարնանը` Եվրոպայի առաջնությունում արդեն մեկնարկի դուրս կգա: Խուրշուդյանն էլ մայր է դարձել, նրան էլ ժամանակ է պետք, որպեսզի կրկին վերադառնա մրցահարթակ: Դա մարզուհին ինքը պետք է որոշի: Նազիկ Ավդալյանն էլ բնակության է տեղափոխվել Երևան, պատրաստվում է մայր դառնալ: 

– Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նորանշանակ նախարար, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը միջամտո՞ւմ է Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախապատրաստական աշխատանքներին:

– Ակտիվ միջամտություն չկա, բայց քննարկումներ լինում են: Նա հաճախակի է հետաքրքրվում հավաքականի վիճակով: Լինելով ծանրորդ, այն էլ` հռչակավոր, նաև հայկական սպորտի ղեկավար, անհնարին է անտարբեր մնալ: Բացի այդ, նրա որդին` Նորայրը, Հայաստանի հավաքականի թեկնածուների թվում է:

 – Որևէ հակասություն չկա՞ Յուրի Վարդանյանի և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Շահազիզյանի միջև:

– Ոչ: Ամռանը, երբ Մոսկվայում բնակվող ֆեդերացիայի նախագահը Երևանում էր, հանդիպել է Վարդանյանին, նրանք զրուցել են, քննարկել են անելիքները, որոշել, թե ինչ պետք  է արվի, որպեսզի աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպվի և ամեն ինչ լավ լինի:

 – Առաջիկայում մեր ծանրորդներին ի՞նչ փորձություն է սպասում:

– Սեպտեմբերի 1-9-ը Լիտվայի Կլայպեդա քաղաքի մարզասրահը հյուրընկալելու է պատանիների աշխարհի առաջնության մասնակիցներին: Առաջին անգամ առանձին կարողություններն են փորձելու 13-15 տարեկանները և 16-17 տարեկանները: Փաստորեն, երկու թիմ ենք մրցասպարեզ հանելու: Չենք ցանկանում թույլ մարզիկներով մասնակցել: Թիմերում ընդգրկվել են հեռանկարայինները: Կրտսեր տարիքի պատանիների մրցաշարում հանդես կգա 5 մարզիկ, 4 ծանրորդ կմասնակցի ավագ տարիքի պատանիների մրցաշարին: Վերջնական կազմը կորոշվի օգոստոսի վերջին: Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա դատարկաձեռն չենք մնա: Սպասելիքները մեծ են հատկապես աշխարհի պատանիների չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանից (+94 կգ), որը կմասնակցի ավագ տարիքային խմբի մրցաշարին: 

– Չի՞ անհանգստացնում, որ հատկապես այս տարի շատ է պակասել միջազգային մրցաշարերում մեր ծանրորդների նվաճած մեդալների թիվը:

– Իհարկե, սակայն պատճառների մասին արդեն ասացի: Կարևորն այն է, որ մեդալներ կան: