Հենրիխ Մխիթարյաը մարզվում է «Բորուսիայի» կազմում

հմ-3331446Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմը` Դորտմունդի «Բորուսիան», սկսեց նախապատրաստվել նոր մրցաշրջանին:

Թիմը հավաքվել է Կիրհբերգում: Ընդ որում, 3-րդ տարին անընդմեջ դորտմունդյան ակումբն ուսումնամարզական հավաքը սկսում է  ավստրիական Ալպերի ստորոտին գտնվող այս քաղաքում:

«Բորուսիան» 5 օր կմարզվի: Մասնակցում է թիմի հիմնական կազմի 9 և երկրորդ թիմի 8 ֆուտբոլիստ: Հավաքին մասնակցող ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

4 ֆուտբոլիստներ (Հյումելս, Վայդենֆելեր, Գրոսկրոյց, Դուրմ) մասնակցում են աշխարհի առաջնությանը, 5 ֆուտբոլիստ (Լանգերակ, Սոկրատիս, Իմոբիլե, Ռամոս, Չի) արձակուրդում է, 4 ֆուտբոլիստ (Բլաշիկովսկի, Ռոյս, Գյունդողան, Սար) ապաքինում է վնասվածքները:

Լյովա Վարդանյան. «Ֆուտբոլը բոլորս ենք սիրում, բայց Հայաստանում թիվ 1 մարզաձևն առայժմ ըմբշամարտն է»

Lyova-VARDANYAN

Ըմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, մեր երկրի ներկայացուցիչները միջազգային հեղինակավոր ստուգատեսներում անմասն չեն մնում խաղարկված պարգևներից: Եվ հետաքրքիր էր, թե Լեհաստանի Կատովիցե քաղաքում օրերս կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում իրենց ինչպես կդրսևորեն հերթափոխի ներկայացուցիչները: Եվ արդյունքը հուսադրող է` 4 մեդալ: Ստուգատեսում մերոնց մասնակցության մասին ահա թե ինչ ասաց Հայաստանի վաստակավոր մարզիչ, ըմբշամարտի միջազգային կարգի մրցավար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Լյովա Վարդանյանը.

– Սկզբում մրցագորգ դուրս եկան ազատ ոճի, ապա հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնում էին ազատ ոճի 7 ըմբիշներ: Մարզիկ չէինք հայտավորել միայն ծանրքաշային կարգում: Իսկ հունահռոմեական ոճի մեր երկրի ընտրանին լրիվ կազմով հանդես եկավ: Առաջնությունը նախապատրաստական փուլ էր օգոստոսի 5-10-ը Խորվաթիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությունից առաջ:
2013-ին անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշներն ունեցել էին բրոնզե 4 մեդալ, իսկ հունահռոմեական ոճի ըմբիշները` ոսկե 1 պարգև: Այս անգամ ազատ ոճի Հայաստանի հավաքականը տիրացավ բրոնզե 1 մեդալի, իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմը` ոսկե 2, բրոնզե 1 մեդալի: Մեր երկրի հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշների մրցելույթը կարելի է գերազանց գնահատել, իսկ ազատ ոճի ներկայացուցիչներինը` լավ: Ի դեպ, մեր ազատ ոճի ըմբիշները տպավորիչ գոտեմարտեր անցկացրին, սակայն վիճակահանությամբ անցանկալի իրավիճակներում հայտնվեցին: Մասնավորապես, 66 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ, 2013-ի աշխարհի, Եվրոպայի երիտասարդական առաջնությունների բրոնզե մեդալակիր Արեն Ալեքյանը հունգարացի Յանոշ Սեպզանին և ռուսաստանցի Եվգենի Ժիրբային հաղթելուց հետո ընդամենը 30 րոպե ժամանակ ուներ, որպեսզի շունչը տեղը բերեր: Մինչդեռ ուժեղ մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու համար, նա մեծ ուժեր էր վատնել և պարտվեց թուրք Հեյդար Յավուզին: Եթե նրան մեր մարզիկը մինչ այդ հանդիպեր, ապա անպայման կհաղթեր: Նա ամբողջ ուժերը ներդրել էր նախորդ գոտեմարտերում մրցակիցների նկատմամբ առավելության հասնելու համար: 96 կգ քաշային աշխարհի երիտասարդների 2013-ի արծաթե մեդալակիր Վիկտոր Կազիշվիլին հեշտությամբ հաղթեց ֆինն ըմբիշ Յերե Հեյնոյին, սակայն քառորդ եզրափակչում, երբ 30 վայրկյան էր մնացել, չդիմացավ լարվածությանը և պարտվեց վրացի Մուրազի Մչեդլիձեին: 50 կգ քաշային Մխիթար Գրիգորյանն առաջին գոտեմարտն անցկացրեց թուրք էմրե Դեմիրխանի հետ: Հայ ըմբիշը երկու անգամ 4 միավորանոց հնարք կատարեց, սակայն մրցավարները նրան միայն 2-ական միավոր շնորհեցին: Հետևանքը եղավ այն, որ Մխիթարը պարտվեց 6:8 հաշվով: Մրցավարների գործողություններից տուժեց նաև 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Սիմոնյանը:
phoca_thumb_l_FS-60KG-ARM-TUR-2-320x213– Մեդալակիրների մասին ի՞նչ կասեք:
– Փայլուն հանդես եկան հունահռոմեական ոճի ըմբիշներ Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (66 կգ), որոնք դարձան չեմպիոն: Ղարիբյանը և Կալաչյանը եզրափակչում առավելության հասան ռուսաստանցի մրցակիցների նկատմամբ: Գովեստի են արժանի նաև 96 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Կարեն Աբգարյանը և 60 կգ քաշային ազատ ոճի ըմբիշ Գոռ Գրիգորյանը, որոնք բավարարվեցին բրոնզե պարգևներով: Ի դեպ, Աբգարյանը 7:0 հաշվով հաղթում էր Բելառուսի ըմբիշին, սակայն մի պահ զգոնությունը թուլացրեց և պարտվեց: Այլապես նա կարող էր առնվազն արծաթե մեդալակիր դառնալ: Գրիգորյանն անցկացրած 5 գոտեմարտից միայն մեկում պարտվեց:

– Աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների կազմերում փոփոխություններ կլինե՞ն:
– Նոր ընտրություն է կատարվելու, դա կորոշեն թիմերի մարզիչները: Հետևություններ արվելու են: Մարզչական խորհուրդը կքննարկի, և այն ըմբիշները, որոնք լավ չեն մասնակցել, աշխարհի առաջնությունում հանդես չեն գա: Թերևս այդ քաշային կարգերում մասնակիցներ չհայտավորենք: Ինչպես Ռուսաստանի հավաքականը, Հայաստանի թիմն ամեն քաշային կարգում 5-6 ուժեղ ըմբիշ չունի: Ամեն քաշային կարգում 1-2 լավ մարզիկ կա:

– Եվրոպայի երիտասարդական առաջնությունից առաջ այդքան մեդալի հույս ունեի՞նք:
– Ազատ ոճի մեր ըմբիշներից 2-3 մեդալ էինք ակնկալում, նույնքան էլ` հունահռոմեական ոճի ըմբիշներից էինք սպասում: Թերևս ազատ ոճի մեր ըմբիշները «պարտք» մնացին: Նրանք այդ բացը կփորձեն լրացնել աշխարհի առաջնությունում:

– Առաջիկայում միջազգային ի՞նչ փորձություններ են սպասում Հայաստանի ըմբիշներին:
– Վանաձորում հուլիսի 18-20-ը կայանալու է օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոն Ստեփան Սարգսյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը: Ակնկալվում է, որ հանդես կգան մեկ տասնյակ երկրների պատվիրակներ: Ի դեպ, առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնողները որպես պարգև կստանան, համապատասխանաբար, 3 հազար, 2 հազար և հազար դոլար: Հաղթողի մարզիչն էլ չի անտեսվի և կհարստանա 500 դոլարով: Նախատեսվում է ուսումնամարզական հավաք, որից հետո մեր ըմբիշները կուղևորվեն Խորվաթիա, որպեսզի մասնակցեն աշխարհի երիտասարդական առաջնությանը: Սեպտեմբերի կեսին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալու է աշխարհի մեծահասակների առաջնությունը: Ունենք օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, աշխարհի չեմպիոն, մրցանակակիր ըմբիշներ: Հուսանք, որ մեր առաջատարներն իրենց նոր նվաճումներով կուրախացնեն մեր մարզասերներին: Իսկ մինչև այդ` օգոստոսին, Չինաստանում կայանալու են պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերը: Հայաստանից մասնակցելու են ազատ ոճի 2, հունահռոմեական ոճի` 1 ըմբիշ: Ցավոք, վերջին մրցաձևում մերոնց չհաջողվեց ևս մեկ ուղեգիր նվաճել: Դրանք բաժին էին հասել Եվրոպայի պատանեկան առաջնությունում 1-2-րդ տեղերը գրաված մարզիկներին:

– Ֆուտբոլն ի՞նչ ընդհանրություն ունի ըմբշամարտի հետ:
– Ըմբիշները մարզումների ընթացքում անպայման ֆուտբոլ են խաղում, և այդ մարզաձևը նրանց հոգեհարազատ է: Կատովիցեում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության օրերին մեր երկրի պատվիրակները, բոլոր ըմբիշները բաց չէին թողնում առիթը դիտելու Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները: Ինքս էլ սիրում եմ խաղալ, նաև դիտել ֆուտբոլ:

– Ո՞ր թիմը կդառնա աշխարհի չեմպիոն:
– Հոլանդիայի հավաքականը: Այս առաջնությունում ինձ համար հայտնություն էր Ուրուգվայի ընտրանին: Ցավոք, հարձակվող Սուարեսի կծելու հետ կապված միջադեպը խանգարեց այդ թիմին: Մեքսիկայի թիմը ևս զարմացրեց: Բրազիլիայի հավաքականն անկանխատեսելի է բոլոր առումներով, անկախ այն հանգամանքից, թե ինչ արդյունքի կհասնի:

– Խաղերը դիտելու հնարավորությունները մեծ են, ո՞ր հեռուստաալիքի հեռարձակումներին եք նախապատվությունը տալիս:
– Անհանգիստ բնավորություն ունեմ, շարունակ հեռուստաալիքները փոխում եմ, բոլորն էլ դիտում: Անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ նախընտրում եմ ռուսական հեռաուստաալիքներով խաղեր դիտել: Դրանց ֆուտբոլային մեկնաբանների պատրաստվածության մակարդակն անհամեմատ բարձր է:

– Մեր ըմբիշներն աշխարհի առաջնություններում անմասն չեն մնում խաղարկված պարգևներից, իսկ կարելի՞ է հուսալ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երբևէ կխաղա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:
– Եթե այդպիսի բան կատարվի, անչափ ուրախ կլինենք: Բայց դա այնքան էլ հեշտ չէ, ինչպես ասելն է: Պետք է ուժեղ հավաքականների մրցակցությամբ հաղթահարել ընտրական մրցաշարի արգելքը: Բացի այդ, հետևելով աշխարհի ընթացիկ առաջնությանը, ևս մեկ ամգամ համոզվում ենք, որ մասնակիցների թվում պատահական հավաքականներ չկան, և եղածներն իրենց խաղամակարդակով Հայաստանի ընտրանիից բարձր են: Մեր երկրի ազգային հավաքականում սիրված, ճանաչում ունեցող մի քանի ֆուտբոլիստ կա, մինչդեռ աշխարհի առաջնության մասնակից թիմերում մեծ թվով աստղեր են խաղում: Ֆուտբոլը բոլորս ենք սիրում, բայց Հայաստանում թիվ 1 մարզաձևն առայժմ ըմբշամարտն է: Եվ մեծահասակների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում էլ համոզված եմ` 5-6 մեդալ կունենանք, նաև` ոսկե փայլով:

 

Տրոմսյոյում Հայաստանի շախմատի հավաքականը վարկանիշով 8-րդը կլինի

շհօ43197Օգոստոսի 2-14-ը Նորվեգիայի Տրոմսյո քաղաքի մարզապալատը կհյուրընկալի Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի մասնակիցներին: Կխաղացվի 11 տուր: Օգոստոսի 7-ին, 13-ին շախմատիստները չեն խաղա:

Այդ ստուգատեսում սպասելիքները մեծ են Հայաստանի ներկայացուցիչներից, որոնք 2012-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած օլիմպիադայում դարձել էին այդ ստուգատեսի եռակի չեմպիոն:

Եվ ահա,  Շախմատի համաշխարհային  օլիմպիադայի պաշտոնական կայքը ներկայացրել է մասնակիցների հայտացուցակները:

Խաղացողների միջին վարկանիշով առաջատարը Ռուսաստանի հավաքականն է՝ 2767: Հայաստանի հավաքականը, որի կազմում են` Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Քոթանջյանը, ունի 2677  վարկանիշը և 8-րդն է: Ավելի բարձր վարկանիշ ունեն  Ուկրաինայի, Ֆրանսիայի, Հունգարիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ադրբեջանի ընտրանիները: Առաջատար տասնյակում են նաև Անգլիայի և Իսրայելի ներկայացուցիչները:

 

 

Հսկաների բախում Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

2014-World-Cup-www.lekbanjԲրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը թևակոխում է վճռական փուլ: Առջևում քառորդ եզրափակչի հանդիպումներն են: Ստուգատեսը դեռ չի ավարտվել, սակայն տպավորությունը մեծ է: Ֆուտբոլի կախարդների երկրում կազմակերպված առաջնությունում, հիրավի, ուշագրավ իրադարձությունները շատ են, և դեպքերի ընթացքին հուզմունքով, սրտի թրթիռով են հետևում ոչ միայն Բրազիլիայի տարբեր քաղաքների բազմահազար նստատեղեր ունեցող մարզադաշտերի տրիբունաներում, այլև աշխարհի տարբեր ծայրերում հեռուստաէկրանների առջև նստած միլիարդավոր ֆուտբոլասերներ:

Բրազիլիայում տոն է, և ասես աշխարհն էլ անմիջականորեն մասնակից է այդ խանդավառությանը, և երկրորդական պլան է մղվել մնացած ամեն ինչ:
Խաղադաշտերում հսկաների բախում է, և ոչ մի իրադարձություն անկանխատեսելի չի համարվում: Առաջնությանն արդեն հրաժեշտ են տվել Իսպանիայի, Անգլիայի, Իտալիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի և մի շարք այլ երկրների հեղինակավոր, բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված հավաքականները, սակայն կատարվածը զարմանալի չէ: Արգենտինայի հավաքականի, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի աստղ Լիոնել Մեսին 1/8 եզրափակչի Շվեյցարիայի հավաքականի հանդիպումից առաջ առանց թաքցնելու հրապարակավ հայտարարել էր, որ անակնկալ չի համարի, եթե իրենց թիմը զիջի մրցակցին, քանի որ աշխարհի առաջնությունում արժանավոր հավաքականները շատ են: Եվ անգամ կազմակերպիչ երկրի` Բրազիլիայի ընտրանին, որին համարում են հաղթողի հիմնական հավակնորդ, քիչ էր մնում զրկվի պայքարը
շարունակելու իրավունքից, բայց հաջողությունն այդ թիմի խաղացողներին ուղեկից էր: Իսկ բախտը ժպտում է միայն ուժեղներին:
Այսպիսով, հուլիսի 4-ին կկայանա քառորդ եզրափակչի երկու խաղ: Ֆորտալեզայում կմրցեն Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքանները: Ինչպես ասում են` տանը պատերն էլ են օգնում: Այնպես որ բրազիլացիները կփորձեն հաղթահարել նաև հերթական արգելքը: Ինչ վերաբերում կոլումբիացիներին, ապա ախորժակն ուտելիս է բացվում: Այդ թիմը կփորձի զարգացնել հաջողությունը:
365441Ռիո դե Ժանեյրոյում կմրցեն Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականները: Երկու թիմերի խաղն էլ, եթե ստացվում է, ապա անկասելի է: Այնպես որ դժվար է ասել, թե այդ հավաքականներից որը դուրս կգա կիսաեզրափակիչ:
Հուլիսի 5-ին նույնպես Ռիո դե ժանեյրոյում կմրցեն տպավորիչ խաղ ցուցադրող Հոլանդիայի հավաքականը և այս առաջնության հայտնություն Կոստա Ռիկայի ընտրանին: Վերջինիս ֆուտբոլիստներին կհաջողվի նոր անակնկալ մատուցել, թե ոչ, կպարզվի առաջիկայում:
Բրազիլիա քաղաքի մազադաշտում էլ հարաբերությունները կորոշեն Բելգիայի և Արգենտինայի ընտրանիները: Դարձյալ դժվար է կողմերից որևէ մեկին նախապատվություն տալ:
Այնպես որ աշխարհի առաջնությունում դեռ բավականին հարցականներ կան:
Հավելենք, որ հունիսի 4-ի երկու խաղերի հաղթողները կիսաեզրափակչում կմրցեն իրար հետ, իսկ հուլիսի 5-ի խաղերի հաղթողները կհանդիպեն միմյանց:

 

Գրոսմայստեր Էթլինա Դանիելյանն առաջատարների խմբում է

էդDanielian-1Վրաստանում շարունակվող շախմատիստուհիների «Գրան պրի» մրցաշարի 10-րդ տուրում  Էլինա Դանիելյանը, հանդես գալով սև խաաղքարերով, հաղթեց  չինուհի Ժաո Սյուին:

Դանիելյանն  6,5 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը: Առաջատարը` Հոու Հիֆանն ունի 8,5 միավոր:

 

Տեխնիկական արդյունքներ

 

10-րդ տուր

 

Ժաո Սյու – Դանիելյան` 0 : 1
Ստեֆանովա – Խոտենաշվիլի` ½ : ½
Կոներու – Մումինովա` 1 : 0
Հոու Հիֆան – Կոստենյուկ Ա.` ½ : ½
Յու Վենջուն – Մուզիչուկ Ա.` 1 : 0
Ձագնիձե – Դրոնավալի` ½ : ½


ԱՂՅՈՒՍԱԿ

1. Հոու Հիֆան 8,5
2. Յու Վենյուն 7
3. Դանիելյան 6,5
4. Ձագնիձե 6
5. Կոներու 5,5
6. Ստեֆանովա 5,5
7. Դրոնավալի 5,5
8. Մուզիչուկ Ա. 5
9. Կոստենյուկ Ա. 4,5
10. Ժաո Քսյու 2,5
11. Խոտենաշվիլի 2
12. Մումինովա 1,5

 

ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

բրազիլbrazilfansԲրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր  կկայանան 1/8 եզրափակիչի վերջին հանդիպումները։

Արգենտինա – Շվեյցարիա

«Իտակերան» մարզադաշտ, Սան Պաուլու

ժամը 20:00-ին

 

Բելգիա – ԱՄՆ

«Արենա Ֆոնտա Նովա» մարզադաշտ, Սալվադոր

ժամը 00:00-ին

Էլինա Դանիելյանը բարելավում է դիրքը

ֆիդե34782Վրաստանի Կվարելի քաղաքում շարունակվող շախմատիստուհիների  «Գրան պրի» մրցաշարի 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, հաղթեց Հնդկաստանի ներկայացուցիչ Համփի Կոներուին:

Էլինան վաստակած 5,5 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը:

 

Տեխնիկական արդյունքներ

9-րդ տուր 

 

Դանիելյան – Կոներու՝ 1:0
Ձագնիձե – Ստեֆանովա՝ 0:1
Դրոնավալի – Յու Վենջուն՝ 0.5:0.5
Մուզիչուկ Ա. – Հոու Հիֆան՝ 0:1
Կոստենյուկ Ա. – Ժաո Քսյու՝ 0.5:0.5

ԱՂՅՈՒՍԱԿ


1. Հոու Հիֆան 8
2. Յու Վենյուն 6
3. Ձագնիձե 5.5
4. Դանիելյան 5.5
5. Մուզիչուկ Ա. 5
6. Ստեֆանովա 5
7. Դրոնավալի 5
8. Կոներու 4.5
9. Կոստենյուկ Ա. 4
10. Ժաո Քսյու 2.5
11. Մումինովա 1.5
12. Խոտենաշվիլի 1.5

Աշխարհահռչակ մրցավարը շախմատի Հայաստանի ակումբային առաջնության, նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին

Աշոտ Վարդապետյան 1-ին նյութՔանիցս անդրադարձել ենք, որ մեզ շախմատային գերտերություն համարելով`Հայաստանի շախմատի ակումբային առաջնություն չենք անցկացնում: Եվ ահա սառույցը կոտրվեց, քառամյա ընդմիջումից հետո այն կրկին կազմակերպվել էր: Ուշագրավ է, որ եթե նախկինում մասնակից ակումբներ հավաքելն էր դժվարություն համարվում, ապա այս անգամ ռեկորդային թվով` 17 թիմ էր հանդես գալիս: Ընդ որում, մասնակցել ցանկացող ակումբների թիվը երեք տասնյակից ավելի էր: Իսկ թե ինչ տվեց առաջնության անցկացումը, խնդրեցինք պարզաբանել գխավոր մրցավար, նախկինում գլխավոր մրցավարի, գլխավոր մրցավարի տեղակալի կարգավիճակով աշխարհի առաջնության մրցամարտեր, Շախմատի համաշխարհային օլիմպիադաներ սպասարկած միջազգային կարգի մրցավար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Աշոտ Վարդապետյանին:

– Շախմատի ակումբային առաջնություն չանցկացնելու ցավալի փաստի մասին նախկինում շատ է խոսվել: 2014-ին էլ հույս էր հայտնվել, որ դեռ ժամանակ կա և հնարավոր է, որ այն անցկացվի: Թերևս կարևորն այն է, որ սպասելիքներն արդարացան, բարձրաձայնված հարցը լուծում գտավ: Մասնակից թիմերը շատ էին: Այն կարծիքին եմ, որ առաջին անգամ այս ստուգատեսում գերիշխում էր ակումբային մրցումների մթնոլորտը: Փաստորեն, հնարավորություն էր ստեղծվել, որ տարբեր` սիրողական, կիսասիրողական, պրոֆեսիոնալ ակումբներ խաղան մեկ մրցաշարում և ամեն մեկն ունենա իր առջև դրված խնդիրները: Այդ է պատճառը, որ մրցաշարը մասսայական էր և հետաքրքիր: Նպատակը միայն այն չէր, որ որոշվեր, թե որոնք են երկու լավագույն թիմերը, որոնք պետք է իրավունք ստանան հանդես գալու Եվրոպայի ակումբային առաջնությունում: Իհարկե, խաղարկվում էր այդպիսի երկու ուղեգիր, բայց կարևորվում է, որ մեր երկրում զարգանա ակումբային շախմատը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը մեծ ջանքեր է թափել, որ առաջնությունը բարձր մակարդակով անցկացվի: Դա հաջողվեց, և կարելի է սպասել, որ հաջորդ տարի կունենանք ավելի մեծ թվով, նաև ուժեղ մասնակից ակումբներ:

– Ի՞նչ կասեք առաջնության թիմերի պատրաստականության մակարդակի մասին:
– 6-7 թիմ առանձնանում էր, ուժեղ կազմ ուներ և պայքարում էր բարձր տեղերի համար: Ի վերջո, առաջին երեք տեղերը զբաղեցրին «Փյունիկը», ԲԿՄԱ-ն և Շախմատի հանրապետական դպրոցի թիմը: Ապա հաջորդեց ՖԻՄԱ-ն: Ուշագրավ է, որ Շախմատի հանրապետական դպրոցի և ՖԻՄԱ-ի մի շարք ուժեղ խաղացողներ համալրել էին այլ ակումբներ: «Փյունիկը» վարկանիշով ամենաբարձրն էր, և օրինաչափ է, որ այն առաջին տեղը գրավեց: Սա «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, որը Հայատանի շախմատի ֆեդերացիային աջակցել էր այս ստուգատեսն անցկացնելու հարցում, օգնությամբ կազմավորված թիմ է և կարող է Հայաստանը պարզ ճակատով ներկայացնել սեպտեմբերի 11-21-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կայանալիք շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունում, թեև այդ թիմի կազմում չկա Հայաստանի հավաքականի ոչ մի շախմատիստ: Հնարավոր է, որ նա հետագայում ուժեղացնի իր կազմը:
Նույնը կարելի է ասել նաև ԲԿՄԱ-ի մասին: ԲԿՄԱ-ի առաջին խաղատախտակը գլխավորում է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երիտասարդ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Խաղում էր նաև վերջերս գրոսմայստերի նորմա լրացրած Ռոբերտ Աղասարյանը: Ի դեպ, երկրորդ տեղի համար լարված մրցավեճ էր ծավալվել մի քանի թիմերի միջև: Առանձնանում էր նաև 6-րդ տեղը գրաված «Պոլիտեխնիկը», որը գլխավորում է մեր անվանի գրոսմայստերը` Ռաֆայել Վահանյանը: Ինչպես հայտնի է, Երևանի ճարտարագիտական համալսարանում Ռաֆայել Վահանյանի անվան շախմատի ակումբ է գործում, և Վահանյանը թիմում խաղալու էր հրավիրել Հայաստանի տարբեր տարիների չեմպիոններին: Մեր վետերաններից խաղում էին Վանիկ Զաքարյանը, Սլավա Մովսիսյանը, Հովիկ Խալիկյանը, Արտաշես Մինասյանը, Աշոտ Անաստասյանը, Վահանյանը: Թիմը համալրել էր նաև Հայաստանի 2014-ի չեմպիոն Տիգրան Քոթանջյանը: Թերևս արդյունքն ավելի ցածր ստացվեց, քան սպասվում էր: Պատճառն այն է, որ շախմատիստների մեծ մասը վերջին տարին պաշտոնական մրցումներում գրեթե հանդես չի գալիս, զբաղվում է մարզչական, կազմակերպչական աշխատանքով, և խաղային փորձի պակասը զգացնել տվեց:
Սուրճի արտադրության «ԼԵԲՕ» ֆիրման շախմատիստուհիների թիմ էր մրցասպարեզ հանել, որն առաջին տուրում, հանդիպելով ՖԻՄԱ-ի հետ, հաղթեց: Ընդ որում, 12-րդը ճանաչված այդ թիմի կազմում չէր ընդգրկվել Հայաստանի կանանց հավաքականի ոչ մի անդամ: Այնպես որ, չի բացառվում` հետագայում այդ անունով ավելի ուժեղ թիմ խաղա Եվրոպայի առաջնությունում: Արվեստագետներից կազմված «Զարթոնք» թիմի կազմում, որը զբաղեցրեց 16-րդ տեղը, խաղում էին Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ճանաչված նկարիչներ և այլն: Ընդ որում, Սաթյանը հաղթեց Հայաստանի մինչև 18 տարեկան շախմատիստուհիների չեմպիոն Սուսաննա Գաբոյանին: Սիրողական թիմ էր նաև «Ծաղկաձորը», որի 7-րդ տեղը զբաղեցնելը հաջողություն կարելի է համարել:

– Հայաստանի հավաքականի խաղացող Տիգրան Քոթանջյանի անունը նշեցիք, իսկ մեր ճանաչված բարձրակարգ գրոսմայստերներից ովքե՞ր էին նույնպես խաղում:
– «Փյունիկը» գլխավորում էին մեր երիտասարդ շնորհալի գրոսմայստերներ Ավետիք Գրիգորյանը, Զավեն Անդրիասյանը: Այդ թիմի պատիվն էր պաշտպանում Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհին` գրոսմայստեր էլինա Դանիելյանը:

– Դուք շախմատի «Միկա» ակումբի գործադիր տնօրենն եք: Ինչո՞ւ այն գերադասեց մնալ խաղից դուրս:
– «Միկան» ֆինանսական հնարավորություններ չունի, որ ցանկալի թիմ ձևավորի և մեծ ակնկալիքներով գործուղի մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Իսկ հենց այնպես հանդես գալ պարզապես հարիր չէր: Եթե կարիք զգացվեր մասնակցելու, «Միկան» թիմ կներկայացներ, բայց ոչ ուժեղ կազմով խաղալը պարզապես ինքնանպատակ կլիներ:

– Բացի երկու ուղեգրից, ի՞նչ պարգևներ էին նախատեսված:
– Պարգևատրման հիմնադրամը 600 հազար դրամ էր: Հաղթողը ստացավ 300 հազար դրամ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին տրվեց 200 հազար և 100 հազար դրամ: 6 խաղատախտակների առջև իրենց լավագույնս դրսևորած
շախմատիստները հարստացան 25-հազարական դրամով: Կազմակերպիչները մրցանակ էին սահմանել նաև 9-րդ տեղը գրավողի համար` 100 հազար դրամ: Այն հանձնվեց վետերանների հավաքականին: Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 9-րդը կարող է լինել երկրորդ կեսի հավաքականների պայքարին մասնակցած լավագույն թիմը: Նախապես էր այդ մասին հայտարարվել:

– Հայաստանի շախմատի ֆեդերացիան կաջակցի՞ մեր երկու թիմերին, որ մասնակցեն ակումբային թիմերի Եվրոպայի առաջնությանը:
– Հայաստանի շախմատի ֆեդերացիան վաղուց որդեգրել է այն սկզբունքը, որ ակումբները պետք է իրենք հոգան բոլոր ծախսերը:

– Շախմատը և ֆուտբոլն ամենից շատ մասսայականություն վայելող մարզաձևերն են: Շախմատիստները սիրում են ֆուտբոլ խաղալ, ֆուտբոլիստները` շախմատ: Քանի որ այժմ ֆուտբոլի աշխարհի առաջնություն է ընթանում Բրազիլիայում, հետևո՞ւմ եք այդ ստուգատեսին:
– Իհարկե, ոչ մի խաղ բաց չեմ թողել: Առաջնությունում գրավիչ և դիտարժան հանդիպումներ են ընթանում, մրցակցությունն անզիջում է: Մեկ-երկու խաղ է, որ նվազ հետաքրքիր է ընթացել: Ուրախալի է, որ դեռ ակնհայտորեն կոպիտ խաղ ցուցադրողներ չկան: Վառ վկայությունն այն է, որ դեղին և կարմիր քարտերի արժանացողներ, վնասվածք ստացողներ քիչ կան: Նախկինում, դա շատ է խանգարել ֆուտբոլին: Թերևս Հոնդուրասի հավաքականն է բացառություն, որը ֆրանսիացիների դեմ կոպիտ խաղաց:

– Ո՞ր թիմը կդառնա չեմպիոն:
– Գերմանիայի հավաքականի ներուժը մեծ է, և իմ սիրելի թիմն է: Հոլանդիայի հավաքականի խաղը եթե ստացվում է, անկասելի է: Ամեն դեպքում, այդ թիմը մեդալների համար պայքարի հիմնական հավակնորդներից է: Մեծ են Բրազիլիայի հավաքականի չեմպիոն դառնալու հնարավորությունները, մանավանդ որ նա հանդես է գալիս տանը:

-Ի տարբերություն նախկինի, խաղերի հեռարձակմանը հետևելու մեծ հնարավորություններ կան: Տեղեկատվության ո՞ր միջոցով եք հետևում առաջնության ընթացքին:
– Գերադասում եմ խաղերը դիտել ռուսական «Ռոսիա 1» հեռուստաալիքով: Կարծում եմ, որ ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբանների պատրաստվածության մակարդակն ավելի բարձր է, քան մերոնց: Երբեմն ռուսաստանցի մեկնաբանները հիմարություններ են դուրս տալիս, բայց ավելի հաճելի է նրանց լսել, քան մերոնց, որոնք ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալ են մեկնաբանում: Հիմնականում: Իհարկե, ունենք մեկնաբաններ, որոնք նորմալ են վարում հեռուստառեպորտաժները, բայց կան նաև այնպիսիները, որոնց պարզապես չես ցանկանում լսել: Հասկանալի է, որ ի տարբերություն ռուսաստանցի գործընկերների, մերոնք ոչ թե մրցավայրից, այլ հեռուստատեսության տաղավարից են մեկնաբանում, և նրանց համար դժվար է: Ի դեպ, խաղերի հեռարձակման մենաշնորհը Հայաստանի հանրային հեռուստատեսությանն է, որը հարկատուների միջոցներով է աշխատում, սակայն քայլ չի արվել, որ խաղերի, դրանց շուրջը կատարվող իրադարձությունների մասին տեղից որևէ գործուղված մասնագետ պատմի:

Սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը դիմավորեց Եվրոպայի առաջնությունից հաղթանակով վերադարձած երիտասարդ ըմբիշներին

գղbb7cb4a7d2da164edc017ca26cc4e6f6ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ըմբշամարտի երիտասարդների ՀՀ հավաքական թիմի մարզիկներին, որոնք վերադառնում էին Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած երիտասարդների Եվրոպայի  առաջնությունից:

Հիշեցնենք, որ մեր մարզիկներն առաջնությանը նվաճել էին 4 մեդալ (2 ոսկե և 1 բրոնզե մեդալ հունահռոմեական ոճից, 1 բրոնզե՝ ազատ ոճից):

Նախարար Գ.Ղազարյանը շնորհավորեց մարզիկներին ու մարզիչներին  առաջնությանը նման հաջողությունների հասնելու համար և մաղթեց նորանոր մարզական բարձունքներ:

Մեդալակիրներին օդանավակայանում դիմավորելու էին եկել նաև նախարարության աշխատակիցները, մարզիկների հարազատներն ու բարեկամները, ընկերներն ու թիմակիցները, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներ

Մեքսիկայի ֆուտբոլի հավաքականի մրցակիցը Հոլանդիայի ընտրանին է

4477Ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ տուրում Մեքսիկայի հավաքականը 3:1 հաշվով հողթեց Խորվաթիայի թիմին և վաստակած 7 միավորով A խմբում գրավեց երկրորդ տեղը: Այն բրազիլացիներին զիջեց լրացուցիչ ցուցանիշով, խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ:

 

1/8 եզրափակիչում մեքսիկացիների մրցակիցը B խմբում առաջինը ճանաչված Հոլանդիայի ընտրանին է:

 

Տեխնիկական արդյունքներ

 

A խումբ (երրորդ տուր)

 

Խորվաթիա – Մեքսիկա՝ 1:3

Պերիշիչ, 87 – Մարկես, 72, Գուարդադո, 75, Էրնանդես, 82

Հեռացում՝ Անտե Ռեբիչ, 89 (Խորվաթիա)

Նոր դրամաշնորհ Հայաստանի հակադոպինգային ծառայությանը և նոր անելիքներ

Արեգ Հովհաննիսյան- դոպինգՀայաստանի հակադոպինգային ծառայության նոր ծրագիրն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավանությանը: Դրամաշնորհ է հատկացվել 19 հազար 964 դոլար: Այդ միջոցներով նախատեսվում է առաջիկա մեկ տարում մեծածավալ աշխատանք կատարել: Ուշագրավ է, որ վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանի հակադոպինգային ծառայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից երրորդ անգամ է արժանանում դրամաշնորհի: Ոչ մի երկրի ներկայացուցիչ այդպիսի պատիվ չի ունեցել: Իսկ թե ինչ է նախատեսվում անել, պարզաբանեց Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

– Առաջիկա մեկ տարում Հայաստանում կայանալիք մրցաշարերի օրերին կկազմակերպվի ուսուցողական 5 ճամբար: Դրանց ունկնդիրները կլինեն մարզիչներ, մարզիկներ, մարզասերներ: Նպատակն այն է, որ հասարակությունը տեղեկացված լինի արգելված դեղամիջոցների վնասակար ներգործության, մարզիկների առողջությունը քայքայող, ազնիվ մրցակցությանը խանգարող երևույթների և դրանք կանխարգելող միջոցների մասին:

– Աշխատանքային մեխանիզմն ինչպիսի՞ն է լինելու:
– Մրցումների ժամանակ կենտրոններ են հիմնվելու, և պարզաբանումներ են կատարելու մեր մասնագետները: Մասնավորապես, հուլիսին Վանաձորում կայանալիք ըմբշամարտի միջազգային մրցաշարի, սեպտեմբերին Ռոբերտ Էմմիյանի մրցանակների խաղարկության հեռացատկի միջազգային մրցաշարի, հետո էլ Հայաստանի ըմբշամարտի, ծանրամարտի առաջնությունների, նետաձգության Եվրոպայի «Գրան պրի» մրցաշարի ժամանակ այդ ամենը կկիրառվի: Ի դեպ, Մոլդովայի հակադոպինգային ծառայությունը ևս դրամաշնորհ է ստացել, որի գլխավոր խորհրդատուն ես եմ: Իսկ Ֆինլանդիայի մասնագետները հուլիսի 13-16-ը կժամանեն Հայաստան, որպեսզի օգնեն խորհդատվությամբ: Բացի այդ, պետք է ընտրվի տարվա լավագույն մարզիկը: Այդ պատվին կարժանանա նա, ով հակադոպինգային ոլորտում իրեն ամենից լավ է դրսևորել:

– Մի քիչ անհասկանալի է, թե ինչպես է դա արվելու, ի՞նչ չափորոշիչներ են լինելու:
– Այդ մասին ավելի հստակ կհայտնվի Ֆինլանդիայի մեր գործընկերների Երևան ժամանելուց հետո: Կարող եմ միայն ասել, որ հանձնաժողով է ստեղծվելու, որի կազմում լինելու են ՀԱՕԿ-ի և Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասնագետները: Նախապատվությունը կտրվի այն մարզիկին, որն ավելի շատ ստուգված` փորձանմուշներ հանձնած կլինի, և կբացահայտվի, որ նա ոչ մի խախտում չի կատարել: Ամենևին պարտադիր չէ, որ նա մարզական բարձր ցուցանիշների հասած լինի: Բայց, որպես կանոն, ստուգվում են նրանք, ովքեր աչքի են ընկել միջազգային ստուգատեսներում, ճանաչում ունեն:

– Առաջիկայում արգելված դեղամիջոցների ցանկում նախատեսվու՞մ են փոփոխություններ:
– Սեպտեմբերին կհրապարակվի արգելված դեղամիջոցների նոր ցուցակը: Ուշագրավ է, որ ավելացված դեղամիջոցների թվում կլինեն քսենոն և արգոն գազերը: Այդ մասին արդեն որոշում կայացվել է: Բացահայտվել է, որ դրանց օգտագործումը նպաստում է արյան կարմիր գնդիկների ավելացմանը:

– Հետաքրքիր է, թե դրանք ինչպե՞ս են օգտագործում:
– Չեմ կարող ասել, հավանաբար շնչում են:

– Սպասվում էր, որ 2014-ի սկզբին Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը Հայաստանից կսպասարկեն չորս հակադոպինգային սպաներ: Ինչ՞ու մերոնց այդ հնարավորությունը չտրվեց:
– Ոչինչ չեմ կարող ասել, մեզ ոչ մի բացատրություն չի տրվել: Փաստն այն է, որ կազմակերպիչներն այլ երկրներից սակավաթիվ մասնագետներ էին հրավիրվել:

– Հայաստանի մարզիկների շարքերում կա՞ն արգելված դեղամիջոցների օգտագործման հանցանքում նոր բռնվածներ:
– Ոչ, հուսով եմ, որ չեն էլ լինի: Հայաստանի ծանրորդներից միայն 2014-ին 46 փորձանմուշ է վերցվել: Չեն հաշվում այն ստուգումները, որոնք կատարվել են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի առաջնություններում:

– Փաստորեն, հաշվարկում եք միայն այն ստուգումները, որոնք Հայաստանի մասնագետնե՞րն են կատարել:
– Ոչ: Մենք համատեղ ենք աշխատում Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ:

– Ստացվում է, որ հիմնականում մեր ծանրամարտիկնե՞րն են ստուգվում:
– Իրոք, այդպես է: Բայց նախատեսել ենք, որ առաջիկայում երկու անգամ 12-ական ըմբիշի ստուգենք: Այդ մասին արդեն պայմանավորվել ենք Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վերջիններս կորոշեն, թե այդ թվում քանիսը կլինեն հունահռոմեական ոճի և քանիսը` ազատ ոճի ըմբիշներ: Նախորդ անգամ ստուգվել էին հունահռոմեկան ոճի 5, ազատ ոճի 1 ըմբիշ: Այս անգամ 24 փորձանմուշ է վերցվելու: Թե ում պետք է ստուգել, կհայտնեն Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչները: Դա որոշում է վճարողը:

– Այլ մարզաձևերի մեր երկրի ներկայացուցիչները չե՞ն ստուգվելու:
– Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության վերջին համաժողովում համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը որոշել է, որ բացառության կարգով Հայաստանին ֆինանսներ տրամադրվեն, որպեսզի մեր երկրի ազգային առաջնություններում ստուգումներ կատարվեն: Այդ աշխատանքը կսկսվի հաջորդ տարվանից: Ընդ որում, փորձանմուշներ ենք վերցնելու մեր հայեցողությամբ: Նախնական որոշվել է, որ պետք է պարտադիր ստուգվեն ծանրամարտի, ըմբշամարտի, նաև մի քանի այլ մարզաձևերի ներկայացուցիչներ: Առայժմ հայտնի չէ, թե քանի փորձանմուշ վերցնելու համար է ֆինանսավորում կատարվելու, դա ընթացքում կպարզվի:

– Իսկ մեկ ստուգման համար ինքա՞ն գումար է պահանջվում:
– Մրցումների ընթացքում կատարվող ստուգումն արժի 220 հազար դրամ: Հիմնականում փորձանմուշներն ուղարկվում են Ավստրիայի լաբորատորիա: Դա ամենաէժանն է, այդ է ընտրության պատճառը:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին փորձություն է սպասում Դորտմունդում

ըմբշամարտ1Հունիսի 28-29-ը Դորտմունդում կկայանա հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշար: Գորգ կելնեն 20-ից ավելի երկրների ուշեղագույն ըմբիշներ: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի 11 ըմբիշով:

Դորտմունդում իրենց հնարավորությունները կփորձեն 59 կգ քաշային, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի բազմակի չեմպիոն և աշխարհի բազմակի մեդալակիր Ռոման Ամոյանը ու երիտասարդների աշխարհի առաջնության հաղթող Կարեն Ասլանյանը, 66 կգ քաշային Արամ Ջուլֆալաքյանը, 71 կգ քաշայիններ Ռաֆայել Ալեքսանյանն ու Վարշամ Բորանյանը, օլիմպիական արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի բազմակի մրցանակակիր Արսեն Ջուլֆալաքյանը, 81 կգ քաշայիններ Ռաֆիկ Մանուկյանն ու Հրաչ Հովհաննիսյանը, 85 կգ քաշայիններ Արթուր Շահինյանն ու Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ քաշային, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն ու աշխարհի արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյան:

Հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել է, որ այս մրցաշարի արդյունքներով կկազմավորվի  հավաքականը, որ կմասնակցի սեպտեմբերի 6-ից 14-ը Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Կոլումբիայի ֆուտբոլի հավաքականը Բրազիլիայում երկրորդ հաղթնակը տարավ

Կ_905818676100647_81Բրազիլիայում շարունակվող  ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Բրազիլիա քաղաքի մարզադաշտւմ կայացած  C խմբի երկրորդ տուրի խաղում Կոլումբիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ Կոտ դ’ Իվուարի թիմի նկատմամբ: Գոլառատ  էր հանդիպման երկրորդ կեսը:

Կոլումբացիները, երկրորդ հաղթանակը տանելով,  վաստակած 6 միավորով  գլխավորեցին C խմբի աղյուսակը: Կոտ դ’ Իվուարի թիմն ունի 3 միավոր: Ճապոնիայի և Հունաստանի հավաքականները միավոր չեն վաստակել և միմյանց հետ կմրցեն հունիսի 20-ին:

 

Տեխնիկական արդյունքներ

C խումբ  (երկրորդ տուր)

 

Կոլումբիա – Կոտ դ’Իվուար՝ 2:1

Խամես Ռոդրիգես, 64, Խուան Կինտերո, 70 – Ժերվինյո, 73

 

Հավաքականները հանդես եկան հետևյալ կազմերով.

 

Կոլումբիա. Դավիդ Օսպինա, Կամիլո Սունիգա, Կրիստիան Սապատա, Մարիո Յեպես, Պաբլո Արմերո (Սանտիագո Արիաս, 72), Կարլոս Սանչես, Աբել Ագիլար (Ալեխանդրո Մեխիա, 79), Խուան Կուադրադո, Վիկտոր Իբարբո (Խուան Կինտերո, 53), Ջեյմս Ռոդրիգես, Թեոֆիլյո Գուտյերես:

 

Կոտ դ’Իվուար. Բուբակար Բարի, Արտուր Բոկա, Դիդյե Զոկորա, Սերժ Օրյե, Սուլեյման Բամբա, Շեյկ Տիոտե, Յայա Տուրե, Մաքս Գրադել (Սալոմոն Կալու, 67), Սերեյ Դյե (Մաթիս Բոլի, 73), Ժերվինյո, Վիլֆրիդ Բոնի (Դիդյե Դրոգբա, 60):

 

ԱՂՅՈՒՍԱԿ

 

Խ Հ Ո Պ Մ
1.
Կոլումբիա  2 2 0 0 6
2.
Կոտ դ’Իվուար  2 1 0 1 3
3.
Ճապոնիա 1 0 0 1 0
4.
Հունաստան 1 0 0 1 0

Որ երկրի հավաքականը կհաղթի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

երկրպագուներ (1)Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ամբողջ աշխարհում մեկ ամսով երկրոդ պլան է մղել բոլոր հիմնախնդիրները: Այնուամենայնիվ, եթե չասենք, որ այդպես է ամբողջ աշխարհում, ապա թեկուզ 32 երկրներում, որոնց ներկայացուցիչները եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք են նվաճել:

Ընթացիկ առաջնությունն ուշագրավ է մի քանի առումով: Այն կազմակերպվել է մի երկրում, որի անունը ֆուտբոլի խորհրդանիշ է: Միլիարդավոր մարդկանց համար սիրելի ֆուտբոլը Բրազիլիայում պաշտամունք է, համազգային մոլի հետաքրքրություն: Ընդ որում, Բրազիլիայում կայացած նախորդ`1950-ի աշխարհի առաջնությունից հետո մեծ ցավ է մնացել: Թվում էր, թե այդ երկրի հավաքականը պետք է ավելացնի իր նվաճած տիտղոսները, սակայն Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտի 200 հազար հանդիսականների ներկայությամբ եզրափակչում 1:2 հաշվով պարտվեց Ուրուգվայի թիմին, և դա այդ երկրում մի շարք ինքնասպանությունների պատճառ դարձավ: Պարզապես, մարդիկ պատուհաններից իրենց ցած էին նետում:

Իսկ «Մարականան» տարիներ անց վերակառուցվել է, կրկնակի պակաս նստելատեղեր ունի, քան նախկինում, սակայն մնում է առաջնության գլխավոր իրադարձությունների թատերաբեմը: Ֆուտբոլային կրքերը Բրազիլիայում չեն նվազել, թեև այլևս ինքնասպանություններ գործելու տրամադրվածություններ էլ չկան:
Աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիայի հավաքականից տանն անցկացվող աշխարհի առաջնությունում միայն հաղթանակ են սպասում, ցանկացած այլ արդյունք կհամարվի ոչ պատվաբեր:
երկրպագուներ (2)Եվ առաջին իսկ` ստուգատեսի բացման խաղում բրազիլացիները քիչ էր մնում, որ հիասթափեցնեին իրենց երկրպագուներին: Այդ հանդիպումում մրցակից Խորվաթիայի ընտրանին փայլուն տպավորություն թողեց: Եվ եթե ճապոնացի մրցավար Յուիտի Նիսիմուրին կասկածելի 11 մ-ոց տուգանային հարված չնշանակեր խաղը 1:0 հաշվով շահող խորվաթների դարպասին, ի վնաս վերջիններիս, ևս մի քանի կոպիտ վրիպումներ թույլ չտար, դժվար է ասել, թե իրադարձություններն ինչ հունով կընթանային: Այդ մասին կմոռացվի: Փաստն այն է, որ բրազիլացիները հաղթեցին 3:1 հաշվով և թարմ լիցք ստացան:
Հետաքրքիրն այն է, որ 2010-ի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից Հոլանդիայի հավաքականին առաջնության մեկնարկից առաջ շատերը դուրս էին թողել հաղթողի հավակնորդների ցուցակից: Բանն այն է, որ այդ թիմի կազմում աստղերն այժմ ավելի քիչ են, քան Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած նախորդ առաջնությունում: Բայց հոլանդացիները մեծ անակնկալ մատուցեցին: Նրանք վրեժը լուծեցին աշխարհի նախորդ առաջնության եզրափակչում իրենց պարտության մատնած իսպանացիներից: Ընդ որում, աշխարհի նախորդ առաջնության չեմպիոնները զիջեցին անփառունակ` 1:5 հաշվով: Այդպիսի անակնկալ կանխատեսելն անհնարին էր: Իսպանիայի հավաքականը, որը վերջին 6 տարում երկու անգամ հաղթել է Եվրոպայի, նաև աշխարհի առաջնություններում, վերջին շրջանում երբեք այդքան անօգնական ու նվաստացած չէր եղել: Ընդ որում, այդ խաղի հաշիվը կարող էր ավելի մեծ լինել:
Թերևս այդ է պատճառը, որ դժվար է որևէ նախապատվություն տալ եվրոպական տիտղոսակիր այլ թիմերին` առանց վնասվածք ունեցող Ռիբերիի մրցավայր ներկայացած Ֆրանսիայի, նաև Անգլիայի, Իտալիայի հավաքականներին: Ի դեպ, Ֆրանսիայի ընտրանին ապագայի թիմ են համարում և 2016-ի Եվրոպայի առաջնության հաղթողի հիմնական հավակնորդ: Այդ ստուգատեսը կայանալու է հենց այդ երկրում:
Պորտուգալիայի հավաքականը, որը գլխավորում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, դեռևս վստահություն չի ներշնչում, որ կարող է ոսկե մեդալներ նվաճելու հավակնություններ ունենալ: Այս առումով Արգենտինայի հավաքականը ևս հակասական վիճակում է: Թիմի կազմում է այնպիսի վառ անհատականություն, ինչպիսին Լիոնել Մեսին է, սակայն նրա կողքին են մի շարք ֆուտբոլիստներ, որոնց հետ համատեղ չեմպիոնի կոչման հավակնելը շատ բարդ է:
Քիչ չեն ֆուտբոլասերները, որոնք կարծում են` եկել է ժամանակը, որ վճռական խոսք ասի Գերմանիայի հավաքականը, բայց այդ թիմի կազմում, բացի Տոմաս Մյուլլերից, չկա մեկ ուրիշը, որն առաջնությունում ապացուցի, որ մարտական է տրամադրված և պատասխանատու խաղերում ի վիճակի է գնդակներ խփել մրցակիցների դարպասը:
Մեկնարկային հանդիպումում փայլուն տպավորություն թողեց Չիլիի հավաքականը, որը 3:1 հաշվով հաղթեց Ավստրալիայի թիմին: Ի դեպ, աշխարհի եռակի չեմպիոն լեգենդար Պելեն կարծում է, որ Չիլիի հավաքականը մեծ ներուժ ունի և կարող է մի շարք անակնկալներ մատուցել և անգամ հայտնվել եզրափակչում: Նա հավատում է, որ իր երկրի` Բրազիլիայի հավաքականը կխաղա եզրափակչում, իսկ մրցակիցները կարող են լինել Չիլիի, գուցե նաև Գերմանիայի, Իսպանիայի, Արգենտինայի ներկայացուցիչները: Ֆուտբոլի արքան չի բացառում, որ Հարավային Ամերիկայի երկրներից չեմպիոնության համար պայքարի նաև Արգենտինայի ընտրանին:
Իրոք, Բրազիլիայի հավաքականի հաղթելու հնարավորությունները մեծ են, շատ կարևոր է, թե ինչպես իրեն կդրսևորի, նորովի կբացահայտի թիմի աստղ Նեյմարը:
Իսկ թե ինչպես կընթանան իրադարձությունները` դժվար է կանխագուշակել: Պետք է սպասել, խաղերի մեծ մասն առջևում է, և առաջնությունն ավելի գրավիչ է դառնում, քանի որ անկանխատեսելի է:

Ուշագրավ մրցամարտեր՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության 8-րդ օրը

բրազimagesԲրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 8-րդ օրն ուշագրավ մրցամարտեր են սպասվում.

 

C խումբ

 

Կոլումբիա ու Կոտ դ՜ Իվուար

Ժամը 20:00-ին

«Նացիոնալ» մարզադաշտ, Բրազիլիա

Գլխավոր մրցավար՝ Հոուարդ Ուեբ, Անգլիա

 

D խումբ

 

Ուրուգվայ – Անգլիա

Ժամը 23:00-ին

«Կորինտիանս» մարզադաշտ, Սան Պաուլու

Գլխավոր մրցավար՝ Կառլոս Վելասկո Կարբալյո

 

C խումբ

 

Ճապոնիա – Հունաստան

 Ժամը 2:00-ին

«Դաս Դունաս» մարզադաշտ, Նատալ

Գլխավոր մրցավար՝ Ժոել Ագիլար, Սալվադոր

 

 

Մեծ խաղեր` ֆուտբոլի «կախարդների» երկրում

բրազիլիաՀունիսի 12-ից հուլիսի 13-ը ֆուտբոլի «կախարդների» երկիրը` Բրազիլիան, կհյուրընկալի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին: Խաղերը կկայանան 12 քաղաքներում: 32 ազգային հավաքական տեղաբաշխվել է 8 խմբում: Ամեն խմբում 4 թիմ կվիճարկի պայքարը շարունակելու իրավունք տվող 2 ուղեգիր:

Այսօր կտրվի երկարատև մարաթոնի մեկնարկը, Սան Պաուլուում կկայանա А խմբում ընդգրկված Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականների մասնակցությամբ առաջնության բացման հանդիպումը:
Ակնկալվում է, որ առաջնության խաղերի օրերին մարզադաշտերի տրիբունաները լեփ-լեցուն կլինեն հանդիսականներով: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան նախատեսում է, որ կստանա 4,5 մլրդ դոլարի եկամուտ: Աշխարհի առաջնության անցկացման համար նա ծախսել է 2 մլրդ դոլար: Դրանից շուրջ 1 մլրդ դոլար ներդրվել է անմիջապես Բրազիլիայի տարածքում՝ մարզադաշտեր, ենթակառուցվածքներ, հյուրանոցներ, օդանավակայաններ սարքավորելու համար: Իսկ ընդհանրապես աշխարհի առաջնության կազմակերպման համար ծախսվել է 16 մլրդ դոլար, գրեթե նույնքան, ինչքան աշխարհի նախորդ հինգ առաջնությունների անցկացման համար:
Բրազիլիայում դժգոհ են և կարծում են, որ աղքատ երկրում այդ գումարն ավելի նպատակային կարելի էր օգտագործել և օգնել թշվառ վիճակում հայտնված բազմահազար մարդկանց, նրանց կեցությունը փոքր-ինչ բարելավել: Այդ է պատճառը, որ Բրազիլիայում շարունակ բողոքի ցույցեր են կազմակերպվում:
Աշխարհի առաջնության պարգևատրման հիմնադրամը 560 մլն դոլար է: Ի դեպ, այն 140 մլն դոլարով ավելի է, քան 2010-ին ՀԱՀ-ում կազմակերպված աշխարհի առաջնությունում էր: Այս տարվա առաջնությունում չեմպիոն դարձած հավաքականը որպես պարգև կստանա 40 մլն դոլար:
Ի դեպ, տարբեր երկրներում տարբեր պարգևավճարներ են խոստացել: Մասնավորապես, Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ, աշխարհի չեմպիոն դառնալու դեպքում այդ երկրի հավաքականի ֆուտբոլիստները և գլխավոր մարզիչը կստանան 720 հազարական եվրո: Ընդ որում, 2010-ին, երբ իսպանացիներն աշխարհի չեմպիոն դարձան, արժանավորներից յուրաքանչյուրը ստացել էր 600 հազարական եվրո: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար նրանք կստանան 72 հազարական, կիսաեզրափակչին մասնակցելու համար՝ 180 հազարական, իսկ եզրափակչում հանդես գալու դեպքում՝ 360 հազարական եվրո:
Եթե Իսպանիայի հավաքականը չդառնա չեմպիոն, ձախողում կհամարվի: Բանն այն է, որ նա, ըստ խաղացողների արժեքի, գնահատվում է որպես աշխարհում ամենաթանկը` 489,9 միլիոն եվրո, ապա հաջորդում են Բրազիլիայի (477,5 մլն), Արգենտինայի (474 մլն), Գերմանիայի (447,9 մլն), Ֆրանսիայի (402,1 մլն), Անգլիայի (356,3 մլն), Բելգիայի (336,7 մլն), Իտալիայի (325,2 մլն), Պորտուգալիայի (289,5 մլն), Կոլումբիայի (225,4 մլն) հավաքականները: Իսկ ահա աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին չմասնակցող Հայաստանի հավաքականի արժեքն է 53 մլն եվրո:

Աշխարհի առաջնության մասնակիցների թվում միայն մեկ հայ ֆուտբոլիստ կա` Իրանի հավաքականի 31-ամյա կիսապաշպան Անդրանիկ Թեյմուրյանը, որ «Էսթեղլալ» ակումբի ներկայացուցիչ է: Նա իր մրցելույթները սկսել է Թեհրանի «Արարատ» թիմում: 2006-2010 թթ. խաղացել է անգլիական «Բոլթոն», «Ֆուլհեմ» ակումբներում, հանդես է եկել Քաթարի առաջնությունում: Անդրանիկն Իրանի հավաքականում խաղում է 2005-ից, եղել է նաև թիմի ավագը: Այդ ընթացքում նա մասնակցել է 76 հանդիպման և դարձել 8 գոլի հեղինակ: Թեյմուրյանը Հայաստանի քաղաքացիություն ունի:

Ուշագրավ է նաև, որ տարբեր երկրների հավաքականների կազմերում ակումբային թիմերից ամենից շատ խաղացողներ հանդես կգան Մյունխենի «Բավարիայից»` 15: Ապա այս ցուցանիշով հաջորդում են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» (14), կատալոնական «Բարսելոնան» և անգլիական «Չելսին» (երկուսն էլ` 13-ական), «Նապոլին», «Յուվենթուսը» (երկուսն էլ` Իտալիա), Մադրիդի «Ռեալը» (բոլորն էլ` 12-ական):

 

 

Ինչպես է Առաջին հեռուստաալիքը նախատեսում ներկայացնել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը

futboli-ashxarhi-201-n49607-1Հունիսի 12-ին Բրազիլիայում մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մարզասերներն անհամբերությամբ են սպասում: Տոն կլինի ոչ միայն օվկիանոսի այն ափին: Հեռարձակումների միջոցով խաղերի ընթացքին կհետևեն ամբողջ աշխարհի միլիարդավոր մարզասերներ: Բացառություն չեն կազմի նաև մեր երկրի բնակիչները: Պատասխանատու այդ գործը ստանձնել է Հայաստանի հանրային հեռուստատեսությունը: Պարզելու համար, թե ինչ է սպասում մարզասերներին, զրուցեցինք Առաջին հեռուստաալիքի մարզական հաղորդումների ղեկավար Սերոբ Օհանյանի հետ:

– Նախ, հետաքրքիր է, թե ֆուտբոլն ինչ տեղ ունի ձեր կյանքում:
– Հակիրճ պատասխանելը դժվար է: Անկեղծ չեմ լինի, եթե ասեմ, որ այն իմ կյանքի ամենամեծ հետաքրքրությունն է կամ իմաստը: Այդուհանդերձ, շատ եմ սիրում ֆուտբոլ, այն ինձ գրավում է: Հայաստանի հավաքականի խաղերին ամեն անգամ հետևում եմ սրտի թրթիռով և մեծ հուզմունքով, ոգևորվում ամեն մի հաջողությունից: Նաև անգլիական ֆուտբոլի սիրահար եմ, այդ երկրի հավաքականի երկրպագուն: Արդեն երկու տասնամյակից ավելի ցավում եմ անգլիական «Լիվերպուլի» համար:

– Նախկինում` պատանեկան, երիտասարդական տարիքում ֆուտբոլով կանոնավոր զբաղվե՞լ եք:
– Ոչ: Ամեն ինչ սահմանափակվել է բակային ֆուտբոլով, երբ մեր թաղամասի տարբեր շենքերի տղաների հետ թիմեր էինք կազմում և ֆուտբոլային մրցաշարեր կազմակերպում:

– Քանի որ Հայաստանի հավաքականին անդրադարձաք, հետաքրքիր է` այն երբևէ կխաղա՞ աշխարհի առաջնությունում:
– Բոլորս հույսեր ենք փայփայում և սպասում դրան: Իսկ դա իրականություն կդառնա, թե ոչ, կախված է միայն խաղացողներից և մարզիչներից, ինչ խոսք, նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, որը փորձում է հնարավորն անել, որպեսզի մեր երկրի ազգային հավաքականն ուժեղ խաղացողներով համալրվի և բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրի: Հայկական ֆուտբոլը զարգացնելու գործում որոշակի դեր ունի նաև մեր հեռուստաընկերությունը, և հուսահատվելու իրավունք չունենք:

– Առաջին հեռուստաալիքն ինպե՞ս է նախատեսում ներկայացնել աշխարհի առաջնությունը:
– Ուղիղ կհեռարձակվեն բոլոր 64 խաղերը, իսկ շատ ուշ ժամերին անցկացվելիք խաղերի տեսագրությունները կցուցադրվեն նաև ցերեկը: Խմբային մրցաշարերի վերջին տուրի հանդիպումները նույն ժամերին են կայանալու: Այն խաղերը, որոնք ուղիղ եթերով չեն ցուցադրվի, հետո տեսագրությամբ կներկայացվեն: Ֆուտբոլային խաղերը կներկայացվեն նաև Առաջին հեռուստաալիքի պաշտոնական կայքով:

– Առաջին հեռուստաալիքն ունի ֆուտբոլային հաղորդում` «Լրացուցիչ ժամանակ»: Բացի այդ, աշխարհի առաջնության օրերին նախատեսվո՞ւմ են ֆուտբոլին նվիրված այլ հաղորդումներ:
– Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությունից առաջ, ստուգատեսին նվիրված հեռուստաշոու կկազմակերպվի, որին կմասնակցեն Հայաստանի ֆուտբոլի լավագույն մասնագետներից մի քանիսը: Նրանք կհայտնեն իրենց նկատառումները, սպասելիքները: Ամեն օր կներկայացվի առաջնության օրագիրը, որի շրջանակում կցուցադրվեն նախորդ օրվա խաղերի ամենադիտարժան դրվագները: Հրավիրվելու են ճանաչում ունեցող մարդիկ` ոչ միայն սպորտի բնագավառից: Նրանք կարծիքներ կհայտնեն խաղերի և առաջնության ընթացքի մասին, կանխատեսումներ կանեն: Ֆուտբոլային հաղորդումները սկսվելու են ժամը 19:00-ից, իսկ օրվա առաջին հանդիպումը հեռարձակվելու է ժամը 20:00-ին, այնուհետև` 23:00-ին և 2:00-ին: Միայն մեկ հանդիպում, որը կայանալու է Ճապոնիայի և Կոտ դ’ Իվուարի հավաքականների միջև, նախատեսված է ցուցադրել ժամը 5:00-ին:
– Հնարավո՞ր է, որ հեռարձակումներին խանգարեն տեխնիկական դժվարությունները:
– Տեխնիկական անձնակազմն ամեն ինչ անում է, որ թերություններ, անցանկալի միջադեպեր չառաջանան: Հնարավոր է` խնդիրներ ծագեն միայն` կապված արբանյակային ազդանշանի հետ, որոնք կփորձենք արագորեն շտկել:

– Ովքե՞ր են մեկնաբանելու խաղերը:
– Այդ աշխատանքում կներգրավվեն մարզական հաղորդումների խմբագրության աշխատողները: Խաղերը կմեկնաբանեն Սլավա Սարգսյանը, Կարեն Գիլոյանը, Մենուա Մեհրաբյանը, Ռոբերտ Գասպարյանը: Եվ քանի որ կարևորում ենք նաև փորձագետների կարծիքը, մեր հաղորդավարների հետ միասին եթերում կլինեն և տարբեր դրվագների հետ կապված պարզաբանումներ կտան ֆուտբոլային մասնագետները՝ Աբրահամ Խաշմանյանը, Ալբերտ Սարգսյանը, Կարեն Դոխոյանը, Աշոտ Բարսեղյանը, Արմեն Պետիկյանը և ուրիշներ:

– Միայն վերջի՞ն սերնդի մարզիչներ են մասնակցելու:
– Առաջնության բացմանը նվիրված հաղորդմանը նախատեսել ենք, որ ներկա կգտնվի նաև Արկադի Անդրիասյանը

– Նախկին փորձը ցույց է տվել, որ խոշորամասշտաբ ստուգատեսների հեռարձակումների ընթացքում երբեմն մեկնաբանները կոպիտ վրիպումներ են թույլ տալիս, զավեշտական բաներ ասում: Եվ դժգոհություններն անպակաս են` կապված ոչ միայն հաղորդավարների մասնագիտական, այլև հայերենի տերմինաբանության իմացության հետ: Ի՞նչ է արվում, որ այդպիսի դեպքերը բացառվեն:
– Այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է կատարվում, սակայն դրությունը միանգամից շտկել հնարավոր չէ, միշտ էլ կարելի է սխալներ գտնել: Քննադատությունն էլ ըմբռնումով ենք ընդունում, փորձում սխալները շտկել:

– Ինչո՞վ է բացատրվում, որ Հայաստանում միայն Առաջին հեռուստաալիքը պետք է հեռարձակի աշխարհի առաջնության հանդիպումները: Մյուս հեռուստաընկերությունները չե՞ն կարող դա անել:
– Առաջին հեռուստաալիքը Եվրոպական հեռարձակողների միության (EBU) անդամ է, որը հնարավորություն է տվել գնելու համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ստուգատեսի ցուցադրման իրավունքը: Մեզ արդեն դիմել են «Արմենիա» և «Հ2» հեռուստաընկերությունները, որպեսզի առաջնությունից իրենց կադրեր տրամադրենք, և համաձայնել ենք:

– Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հեռուստաընկերությունների` ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակումների հարցում որևէ դերակատարություն ունի՞:
– Ոչ, չունի:

– Ժամանակակից տեխնիկական հնարավորությունները շատ մեծ են, և վճարովի մալուխային հեռուստատեսությամբ, արբանյակային կապի, առավել ևս` համացանցի օգնությամբ ֆուտբոլասերները կարող են խաղերը դիտել:
– Հայաստանի տարածքում Ֆուտբոլի աշխարհի առաջնության հեռարձակումը վերպահված է Առաջին հեռուստաալիքին: Պատրաստվում ենք մյուս բոլոր հեռուստաալիքներին նամակներ ուղարկել և տեղեկացնել, որ Հայաստանի տարածքում խաղերի հեռարձակման բացառիկ իրավունքը մերն է:

– Բայց ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերից ցուցադրումներ կատարելու արգելքը կարող է դժգոհությունների պատճառ դառնալ: Մարդիկ վճարովի հեռուստաընկերությունների ծառայությունից են օգտվում, որպեսզի այլընտրանք ունենան, ցանկալի մակարդակով հաղորդումներ դիտեն, մեկնաբանություններ լսեն: Ի վերջո, հնարավոր է, որ այդ պարագայում ոմանք հրաժարվեն այդ հեռուստաալիքներից օգտվելուց: Չի բացառվում, որ եթե փոխպայմանավորվածությամբ հարցերը չկարգավորվեն, տարաձայնություններ ծագեն, աղմուկ բարձրանա և, նրբությունների հետ կապված, խնդիրը հասնի իրավաբաններին: Լավ, կանխատեսելը, իհարկե, անշնորհակալ գործ է, այդուհանդերձ ի՞նչ եք կարծում, եզրափակչում ո՞ր երկրների հավաքականները կմրցեն:
– Ցանկանում եմ, որ հանդիպեն Անգլիայի և Ուրուգվայի հավաքականները:

Արթուր Սարկիսովը Հայաստանի հավաքականից վերադարձել է վնասվածքով

ասarturՀայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը միացել է Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» իր խաղընկերներին: Թիմը շարունակում է ուսումնամարզական հավաքը և կավարտի հունիսի 13-ին:

Ակումբ պաշտոնական կայքըտեղեկացնում է, որ Սարկիսովը

Հայաստանի հավաքականից վերադարձել է թեթև վնասվածքով:

Հունիսի 15-ին «Վոլգան» ստուգողական հանդիպում կանցկացնի Նիժնի Նովգորոդի «Գորոդեց» թիմի հետ:

Լևոն Արոնյանը նախավերջին տեղում է

լևոնAronian-GiriՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում անցկացվող շախմատի գերմրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան հոլանդացի Անիշ Գիրիի հետ:

Հայ գրոսմայստերը վաստակել է 2,5 միավոր և նախավերջին տեղում է:

7-րդ տուրում Արոնյանը կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ:

Արոնյան – Գիրի` ½:½

Ագդեստեյն – Կարուանա` ½:½

Կարյակին – Կառլսեն` ½:½

Տոպալով – Կրամնիկ` 1:0

Գրիշչուկ – Սվիդլեր` ½:½

Աղյուսակ

1.

 Կրամնիկ

3½

2.

 Կարլսեն

3½

3.

 Կարուանա

3½

4.

 Ագդեստեյն

3

5.

 Կարյակին

3

6.

 Գիրի

3

7.

 Գրիշչուկ

3

8.

 Տոպալով

2½

9.

 Արոնյան

2½

10.

 Սվիդլեր

2½

Հայաստանի բռնցքամարտիկները Չեխիայում տիրացան 4 մեդալի

6420206c2d37408a2579e4573366c9473-բռնցքամարտՀայաստանի բռնցքամարտիկները Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում տիրացան 4 մեդալի:

75 կգ քաշային Արման Հովիկյանը դարձավ ոսկե մեդալակիր: 64 կգ քաշային Գոռ Երիցյանը և 69 կգ քաշային Արման Դարչինյանը ճանաչվեցին երկրորդը, իսկ 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը բավարարվեց բրոնզե պարգևով։

Հունիսի 8-14-ըմեր բռնցքամարտիկները  Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կմասնակցեն միջազգային մրցաշարի: