«Հատուկ» վերաբերմունք` հատուկ նշանակության ձեռնարկության աշխատակիցներին

OLYMPUS DIGITAL CAMERA«Հայփոստ» ՓԲԸ-ում, որը հանդիսանում է Հայատանում փոստային կապի ազգային օպերատորը, հետաքրքիր երևույթներ են դիտարկվում: «Անկախին»  «Հայփոստի» արդեն նախկին աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ այս ընկերությունում կադրային ջարդ է սկսվել: Նախատեսված է եղել աշխատանքից ազատել մոտ 100 աշխատակիցների:

«Հարյուր հոգու պետք է աշխատանքից ազատեին: Կեսին արդեն ազատել են, իսկ մյուս կեսին էլ պետք է ազատեին` սկսած մայիսի 15-ից: Բոլորիս փոխարեն աշխատանքի են ընդունում իրենց ծանոթ-բարեկամներին, հիմնականում` երիտասարդ` 20-26 տարեկան աղջիկների»,- պատմեց աշխատանքից ազատված աշխատակից Ա.Ա.-ն (խնդրել է իր անունը չհրապարակել):

Փորձեցինք այս տեղեկությունը ճշտել «Հայփոստի» մեր աղբյուրներից. նրան, բարեբախտաբար, աշխատանքից հեռացվելու վտանգ չէր սպառնում: Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ իրականում դա այլ խաղ է: Իրականությունը, պարզվեց, մեղմ ասած, սփոփիչ չէ:

ՀՀ կառավարության  1995 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 113 որոշման համաձայն` «Հայփոստ» պետական ձեռնարկությունն ընդգրկվել է հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների ցանկում և վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության կապի նախարարության «Հայփոստ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության»: «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության միակ բաժնետերը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:

Հետաքրքիր է, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ՀՀ կառավարության 2005 թ. մարտի 10-ի N 292-Ն որոշման համաձայն` հանդիսանում է Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատոր և որպես պետությունից պատվիրակված գործունեություն` իրականացնում է փոստային կապի ունիվերսալ ծառայությունների մատուցումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Բայց արի ու տես, որ, ինչպես նշվում է ընկերության պաշտոնական կայքէջում, «ՀՀ կառավարությունը, նպատակ ունենալով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացնել մեծածավալ բարեփոխումներ և ընկերության կողմից իրականացվող գործունեությունը համախատասխանեցնել միջազգային ընդունված չափանիշներին, 2006 թ. նոյեմբեր ամսին որոշում է ընդունել «Հայփոստ» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել հավատարմագրային կառավարման…»: Այդ որոշման շրջանակներում «Հայփոստի», այսպես ասած, հավատարմագրային կառավարումը հանձնվել է արգենտինացի կառավարիչներին: Այսինքն` հենց կառավարության կողմից «ազգային օպերատոր» հռչակված և «հատուկ նշանակության պետական ձեռնարկություն» որակված ընկերության կառավարումը հանձնվում է արտասահմանցի կառավարիչների: Բայց դա մեկ այլ խոսակցության թեմա է:

Ինչ վերաբերում է կառավարիչներին, ապա ըստ ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրի, ինչպես հայտնեց մեր աղբյուրը, «Հայփոստի» հավատարմագրային կառավարիչն ունի որոշակի պարտավորություներ, ինչպիսիք են, օրինակ, աշխատողների աշխատանքային իրավունքների պահպանումը, աշխատավարձերի փուլային բարձրացումը և այլն: Այս պայմանագրային դրույթների իրագործման վերահսկողությունն էլ վերապահված է ՀՀ կառավարությանը: Բայց մեր արգենտինացի «բարեկամները», ստանալով «Հայփոստի» կառավարման իրավունքը, մի հնարք են գործի դրել. մի քանի տասնյակ հոգու` «իրենց մարդկանց» , բավականին բարձր աշխատավարձով ու լավ աշխատանքային պայմաններով ընդունել են աշխատանքի, ու վերահսկիչ մարմիններին հենց այդ մարդկանց տվյալները ցույց տալով էլ` «թոզ են փչում» մեր կառավարության աչքերին ու ցույց տալիս, թե իրենք, իբր, կատարում են իրենց պայմանագրային պարտավորությունները: Իսկ նրանց, ովքեր բողոքում են աշխատանքային վատ պայմաններից կամ ցածր աշխատավարձից, ստիպում են աշխատանքից ազատվելու դիմում գրել: Ու «Հայփոստի» մեր աղբյուրը հավանական համարեց, որ վերոհիշյալ 100 հոգին հենց այն մարդկանցից են, որոնք դժգոհություն են հայտնել իրենց աշխատանքային պայմաններից ու հայտնվել «սև ցուցակում»: Եվ հավելեց, որ ներկա դրությամբ ընկերությունում իրենց աշխատանքային պայմաններից ու վարձատրության չափից բողոքողների թիվը բավականին մեծ է:

Տեղեկացանք նաև, որ մեկ այլ հնարք էլ կա. բողոքողներին  հայտնում են աշխատանքից հեռացվելու մասին, բայց իրականում չեն հեռացնում, այլ «ակնարկում են», որ նրանք, ցանկության դեպքում, կարող են նաև «վերադարձնել» իրենց աշխատանքը: Իսկ դրա համար, բնականաբար, ինչպես ընդունված է Արևելքում, պետք է նախ «շնորհակալություն» հայտնել աշխատանքը «վերադարձնողներին», իսկ հետո էլ` այդ «թանկագին» աշխատանքին խնամքով վեաբերվել` չբողոքել ու չտրտնջալ: Իսկ ով չի համաձայնվի, ավելի լավ, դիմում կներկայացնի ու կհեռանա, հեռացողների փոխարեն աշխատանքի կընդունեն «երիտասարդ ու բանիմաց» կադրերի` դարձյալ «իրենց մարդկանց»…

Այս բոլոր «նրբությունների» իսկությունը ճշտել, պարզաբանում ստանալ կամ թեկուզ հակառակ տեսակետ լսել մեզ դեռ չի հաջողվել, քանի որ «Հայփոստի» օպերատորի տված հեռախոսահամարները, որոնցով պետք է կապ հաստատեինք ընկերության մամուլի և հասարակայնության հետ կապերի գործառույթներ կատարող համապատասխան պատասխանատուների հետ, այդպես էլ չպատասխանեցին:

Մեր հարցմանը դեռ չի պատասխանել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունը, որից հարցրել էինք, թե արդյոք իրենք տեղյա՞կ են, նման խնդիր գոյություն ունի՞ կամ արդյոք ընկերության որևէ աշխատակցից բողոք ստացե՞լ են: Հուսանք, որ հետագայում այս կապակցությամբ որոշակի պարզաբանումներ կստանանք:

Մերձավոր Արևելքը «եռում» է, բայց չի «գոլորշիանում»

Mideast SyriaՃիշտ է` վերջին շրջանում համաշխարհային քաղաքականության թատերաբեմում փոքր–ինչ ակտիվացան Կորեական թերակղզում ընթացող գործընթացները, բայց աշխարհի այդ տարածաշրջանը դեռևս չի հավակնում խլելու Մերձավոր Արևելքից ամենաթեժ կետի «տիտղոսը»: Մերձավոր Արևելքում շարունակվում են աշխարհաքաղաքական շահերի բախման գործընթացները, և Սիրիայի շուրջ ձևավորված մթնոլորտն օրըստօրե ավելի է թանձրանում:

 Հայտարարություններ, որոնք էլ ավելի են լարում իրավիճակը

Վերջին շրջանում մի քանի ուշագրավ միջադեպեր եղան այս տարածաշրջանում: Սիրիան սկսեց մեղադրել Իսրայելին իր տարածքները հրթիռակոծելու, ապստամբներին աղքատացված ուրանի մարտագլխիկներով հրթիռներ տրամադրելու և այլ մեղքերի համար: Նաև մեղադրական հայտարարություններ  արեց Թուրքիայի վերաբերյալ, նշում էր մասնավորապես, որ Թուրքիան ապակայունացնող քաղաքականություն է իրականացնում Սիրիայում` զինելով ու պատրաստելով ապստամբներին:

Իր հերթին ԱՄՆ-ն հայտարարեց, թե պատրաստ է օգնել Իսրայելին, եթե վերջինս ռազմական գործողություններ սկսի Իրանի դեմ, ինչին ի պատասխան էլ Իրանը հայտարարեց, թե կործանիչ հարված կհասցնի բոլոր այն արտաքին ուժերին, որոնք կշարունակեն զինել Սիրիայի ապստամբներին: Մի խոսքով` իրավիճակը Մերձավոր Արևելքում  ավելի ու ավելի է լարվում:

Փորձագետները կարծում են, որ Արևմուտքն այժմ ամեն կերպ փորձում է Սիրիային կռվացնել Թուրքիայի հետ, Թուրքիային հաշտեցնել Իսրայելի հետ, ոչնչացնել Սիրիան որպես Լևոն Մելիք-Շահնազարյանպետություն, բաժանել այն մի քանի մասի և դարձնել Իրանի դեմ հերթական հենարանը: Վաղուց է նշվել, որ այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում, ուղղված է Իրանի, իսկ ապագայում նաև Ռուսաստանի դեմ:

«Եթե մենք ուշադրություն դարձնենք, Իրանն այսօր սահմանակից է Աֆղանստանի հետ, որտեղ ՆԱՏՕ-ի զորքերն են տեղակայված, Իրաքի հետ, որտեղ նույն զորքերն են: Եվ այսօր ծրագրվում է այդ զորքերը տեղակայել նաև Սիրիայում, ի դեպ, հաջորդիվ նաև Ադրբեջանում: Սա խոշոր ծրագրի իրականացում է, որի նպատակն է հսկողության տակ վերցնել Արևելքի բոլոր նավթագազային ճանապարհները, ծրագրերը, իշխանությունը դարձնել դրսից կառավարվող և, ի վերջո, շրջափակման մեջ վերցնել Ռուսաստանը: Փաստորեն, այսօր Սիրիայում, որտեղ ընթանում է այսպես ասած քաղաքացիական պատերազմ, իրականում  քաղաքացիական պատերազմ չէ: Դա հենարան է ստեղծում ապագա էքսպանսիայի համար: Եվ դա կայունացնել հնարավոր է միայն ուժով և միջազգային կազմակերպությունների շատ ակտիվ, լուրջ աշխատանքով, ինչն այս պահին, դժբախտաբար, չի նկատվում: Ինձ թվում է, որ Թուրքիա-Սիրիա հայտարարությունների ու մեղադրանքների փոխանակումը դեռ Թուրքիա-Սիրիա պատերազմի չի հանգեցնի: Բայց այն, որ դա կբերի լարվածություն թուրք-սիրիական սահմանին և Սիրիայի զինված ուժերի մի մասի ուշադրությունը կշեղի այն պայքարից, որն ընթանում է  ներսում, միանշանակ է: Այն, որ Թուրքիան նպատակ ունի Սիրիայից գրավել բավականին մեծ տարածքներ, արդեն չի էլ թաքցնում: Բայց Թուրքիան դա չի փորձի անել սեփական ուժերով, այլ` այլոց ուժերով, ինչն, ի դեպ, դեռևս հաջողվում է Թուրքիային»,- այս կապակցությամբ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:

 Իրանը չի հրաժարվում իր քաղաքական կուրսից

Մհեր ԲաղդասարյանՍտացվում է, որ այժմ Մերձավոր Արևելքում` ընդհանրապես և Սիրիայում` մասնավորապես, գործընթացներն Իրանի համար բավականին վտանգավոր են: Որովհետև Սիրիայի անկայուն վիճակը, ինչպես բազմիցս նշել ենք, անմիջական կապ ունի Իրանի հետ: Բացի դրանից,  արդեն երկար ժամանակ ձգձգվող և անընդհատ ուժեղացող պատժամիջոցները Իրանին կանգնեցրել են փաստի առջև: Այս պահին, սակայն, Արևմուտքի նպատակն առաջին հերթին Իրանում ներքին լարվածության ստեղծումն է, որ իր համար որոշակի խնդիրներ լուծի:  Իսկ խոսել որոշակի ռազմական գործողությունների կամ ռազմական միջամտության մասին հիմա թերևս իրատեսական չէ, որովհետև, եթե Իրանում պայթյունավտանգ իրավիճակ ստեղծվի, ամբողջ տարածաշրջանի վրա կանդրադառնա` անկանխատեսելի հետևանքներով հենց նույն Արևմուտքի և մյուս խոշոր խաղացողների համար:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հայտարարությանը Իսրայելի կողմից Իրանին հարվածեր հասցնելու վերաբերյալ, ապա Իրանի արձագանքն այս հարցում նորություն չէր, որովհետև իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանի համար առաջին թշնամիները ԱՄՆ-ն և Իսրայելն են: Եվ Իրանը, բնականաբար, չի պատրաստվում շեղվել որդեգրված կուրսից:

«Թե ինչպիսի արձագանք կլինի, չենք կարող ասել, բայց համենայն դեպս, ԱՄՆ-ի հայտարարությունը, թե կաջակցի Իսրայելին Իրանին հարվածելու դեպքում, ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, ԱՄՆ-ն վերջին շրջանում իր քաղաքականությունը հենց տանում է Իրանի զարգացումը խոչընդոտելու ճանապարհով: Որովհետև պատճառը ոչ թե Իրանի միջուկային ծրագիրն է, այլ հենց Իրանը` որպես տարածաշրջանում զարգացող պետության մոդել, որ կարող է ձգտել ազդեցության ուժեղացման, ինչը ձեռնտու չէ ԱՄՆ-ին: Բարդ քաղաքական խաղ է ընթանում, որի նպատակը Արևմուտքի կողմից Իրանին խոչընդոտելն է, որպեսզի տարածաշրջանում չկարողանա ամրապնդել իր դիրքերն ու խնդիրներ ստեղծել Արևմուտքի համար: Իսկ Իրանում հակառակն է` հնարավորինս խոչընդոտել Արևմուտքի և ԱՄՆ-ի ազդեցության ուժեղացումը տարածաշրջանում»,- նշեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:

Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև Իրանում սպասվող նախագահական ընտրությունների մասին: Վերջին` 2009 թ. նախագահական ընտրություները հարևան երկրում բավականին լարված անցան, և այժմ Արևմուտքն ակնհայտորեն սպասում է, թե ինչ զարգացումներ կլինեն այս անգամ: Իհարկե, բացառված չէ նաև, որ Արևմուտքը և ԱՄՆ-ն փորձեն ինչ-որ կերպ ապակայունացնել Իրանի ներքին կյանքը հենց նախագահական ընտրությունների ժամանակ:  Դա ավելի ձեռնտու է Արևմուտքի և ԱՄՆ-ի համար, քան ռազմական միջամտությունը, որովհետև նրանք դեռ չեն կարողացել «մարսել» սիրիական ճգնաժամը:

 Ավելի մեծ է տարածաշրջանային պատեազմի հավանականությունը

Ռուբեն Սաֆրաստյան Այժմ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը Մերձավոր Արևելքում տեսնում է երկու գործընթաց. առաջինը, ցավոք սրտի, շատ ուժեղ է և տանում է դեպի լարվածության ուժեղացում, որը գնալով դառնում է անկառավարելի և Սիրիայի սահմաններից դուրս գալու միտումներ է ցուցաբերում: Եվ սա շատ վտանգավոր է, հետագայում ավելի զարգանալով` կարող է Մերձավոր Արևելքում հանգեցնել զանգվածային պատերազմի: Երկրորդ գործընթացը, որը շատ թույլ է, բայց կարող է ուժեղանալ, այն է, որ վերջերս և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի կողմից, որոշ  փոխզիջման հասնելու և Սիրիայում ստեղծված ծանր իրադրությունից ելք գտնելու ձգտում է նկատվում:

«Տարածաշրջանային ավելի խոշոր պատերազմը միանգամայն սպասելի ու հնարավոր է: Եթե շարունակվի այսպես, ինչպես Սիրիայում է, ու եթե դրսից ավելի շատ զենք տրամադրվի Սիրիայում կռվող ապստամբներին, որոնց մեծ մասը գործում է ջիհադի դրոշի ներքո, կարծում եմ, որ կարող ենք ականատես լինել լայնածավալ պատերազմի, որում կներգրավվեն ոչ միայն Սիրիան, այլև նրա հարևանները, և առաջին հերթին Լիբանանը, ինչն արդեն շատ վտանգավոր է»,- հայտնեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Մի բան ակնհայտ է. Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, ամենևին էլ չի պատրաստվում հրաժարվել իր մերձավորարևելյան ծրագրերից: Ու վաղ թե ուշ այս տարածաշրջանում սանձազերծվելու է ավելի մեծ պատերազմ:

 

Եկել է պտուղները քաղելու ժամանակը

Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց ավելի քան  մեկ տարի տևած նախընտրական շրջափուլը: Ու հիմա գլխավոր հարցը ոչ թե հետընտրական զարգացումներն են` ընտրական  գործընթացի «պոչանքը», այլ թե ինչ քաղաքական մթնոլորտ ու առօրյա է սպասվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, և ինչպիսի փոփոխությունների առիթ կամ պատճառ դարձան անցյալ երեք ընտրությունները:

SONY DSCՔաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, օրինակ, կարծում է, որ հետընտրական Հայաստանի պարագայում մենք խոսում ենք արդեն ավելի կայացած` կայուն իրավիճակի մասին, երբ ընտրական այս ցիկլից հետո ամեն մի քաղաքական ուժ իր ներուժը պետք է կենտրոնացնի ոչ միայն քարոզարշավային տարրերի վրա, այլև առօրյա աշխատանքի, որը պետք է իրականացվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ իշխանական կոալիցիայի մեջ ներկայացված ուժերի կողմից:

«Եթե մենք խոսում ենք խորհրդարանական քաղաքականության մասին, ապա այնտեղ ներկայացված բոլոր ուժերը ներկայացնելու են սեփական քաղաքականությունը. մեծամասնությունն իրականացնելու և զբաղվելու է քաղաքական որոշումների ներկայացմամբ ու ընդունմամբ, իսկ ընդդիմությունը կունենա իրեն բնորոշ քաղաքական հարցերի ներկայացումը, ներառյալ քննադատությունը անհրաժեշտության դեպքում` և՛ սեփական այլընտրանքի ներկայացումը, և՛ հաջորդ ընտրական փուլի նախապատրաստումը, որովհետև  նրանց հետագա աշխատանքը պայմանավորված է լինելու այն աշխատանքով, որ իրականացնում են այս տարիներին»,- նշեց քաղաքագետը:

Մի բան ակնհայտ է. քաղաքական դաշտն այլևս այն չէ, ինչ ընտրական ցիկլի մեկնարկին էր: Ընտրությունները շատ «մանրուքներ» երևակեցին Հայաստանի քաղաքական, ավելի ճիշտ` «պսեվդոքաղաքական» իրականության մեջ: Ու ստացվեց, որ իշխանությունները, վարչաբյուրոկրատական ապարատն ու օլիգարխիան, ընդունենք թե ոչ, արդար որակենք, թե անարդար, մաքուր ու թափանցիկ պրոցեսների ընթացքում ասենք թե կեղծարարության շնորհիվ, այնուամենայնիվ հաղթեցին: Բայց այս դեպքում հաղթեցին ոչ միայն իրենց մրցակից քաղաքական ուժերին ու կուսակցություններին, այլև հասարակությանը: Հաղթեցին թեկուզ հենց նրանով, որ հաջողեցին լռեցնել այդ հասարակությանն ու «գնել» ժողովրդի իշխանությունը: Ու հիմա մի վիճակ է ստեղծվել, որ ամեն ինչ կախված է մեկ մարդուց ու նրա շրջապատից: Ուզենք թե չուզենք, որոշումները մտահղացվում, ընդունվում և շրջանառվում են միայն մեկ հասցեում` Բաղրամյան 26-ում:

Եվ ստեղծված պայմաններում քաղաքական գործընթացները ճկունություն ու հետաքրքիր  շրջադարձերի հնարավորություն առանձնապես չունեն: Զուտ քաղաքագիտորեն`  ընտրություններում առաջացավ մի բևեռացում` իշխանություններ ու ժողովուրդ: Այս պարագայում արդեն նախագահը բացառիկ հնարավորություններ ունի: Որովհետև թույլ ընդդիմության պարագայում օրինաչափ է դառնում, որ վերափոխումները, որոնք պետք է կատարվեին ընդդիմության ճնշման տակ, կատարում է երկրի գլխավոր դեմքը` իր շուրջը համախմբելով իսկական ռեֆորմատորների:

«Եթե նախագահն ու իր  շրջապատն այս պարագայում հանդես գան որպես Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ ու համապատասխան ռեֆորմներով, ապա քաղաքական կյանքը Հայաստանում էվոլյուցիա կապրի: Կարծում եմ` հենց այդպես էլ պետք է լինի, որովհետև մենք ճգնաժամն ու հետամնացությունն այլ կերպ հաղթահարել չենք կարող,-ասում է քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:-  Հիմա մնում է, որ իշխանությունը դրան ընդառաջ գնա, և պետք է գնա: Համենայն դեպս ,այսօր իշխանություններին պետք է ասել, որ ազգային-հասարակական պահանջ է երկրի արդիականացումը քաղաքակիրթ ճանապարհով` նկատի ունենալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթը, ծնելիության այս անկումը, ու նաև այն վիճակը, որ ստեղծվել է մեր երկրի սահմանների հարևանությամբ»:

Լևոն Շիրինյան Ըստ նրա, հիմա հասարակությունը պետք է երկրի ղեկավարին հստակ պահանջ ներկայացնի ու ասի` շատ էիր ուզում նախագահ մնալ, մնացիր, դե հիմա այս մարտահրավերները լուծիր: Եվ վստահեցնում է, որ նախագահը կարող է  այդ  գործընթացը գլխավորել: «Այլապես կստացվի, որ ՀՀԿ-ի հաղթանակը թվացյալ է, միակուսակցական համակարգը, որն այս կամ այն կերպ մենատիրություն է առաջացնում և Հայաստանում դա այս կամ այն կերպ կա, կարող է մեզ վերադարձնել, փոքր մոդելի իմաստով, 80-ականների Սովետական Միության «փառավոր» անցյալ, երբ կար կուսակցական մենատիրություն ու կայուն ճահճային վիճակ: Դրա արդյունքը ԽՍՀՄ-ի փլուզումն էր: ՀՀԿ-ն դրանից շատ պետք է վախենա, որովհետև այն կայունությունը, որ իրենք են ուզում, ես այսպես եմ հասկանում,  ճահիճ է և քայքայում: Դա անկում է: Շատ վտանգավոր է այդպիսի կայունությունը: Մենք պետք է հասարակության մեջ փակուղային վիճակի գիտակցությունը չառաջացնենք, որովհեև ճահիճը, փակուղու գիտակցմամբ զուգորդված, բոլորին դատապարտում է մահվան»,-  ասաց Լևոն Շիրինյանը:

Ստացվում է հետաքրքիր պատկեր. Հայաստանում քաղաքական դաշտը պետք է փոփոխություններ կրեր: Նորմալ քաղաքական հարաբերությունների պայմաններում այդ փոփոխությունների պահանջը հասարակությունը քաղաքական ուժերի միջոցով, հատկապես ընդդիմության, պետք է ներկայացներ իշխանություններին, իսկ իշխանություններն էլ պետք է տեղի տային հասարակական ճնշումներին: Բայց  ընդդիմությունը զրոյացավ և ցույց տվեց իր անճարակությունը: Եվ այն փոփոխությունները, որոնք անխուսափելի են, պետք է նախաձեռնի հենց իշխանությունը իր ներսում: Սրա մասին բազմիցս նշել ենք: Եվ իշխանություններն այժմ կանգնած են դժվարին  խնդրի առջև` ինքնամաքրման, որն ավելի ծանր է լինելու, քան արտաքին ազդեցությամբ փոփոխություններ կատարելը:

Բացի այդ, ընտրությունների ցիկլի ավարտը որոշակի շփոթ առաջացրեց կուսակցապետների մեջ: Ընտրությունների արդյունքները, իրենց բացասական բովանդակությամբ հանդերձ, դժվար է թերագնահատել, քանի որ հստակեցրեցին 2017-2018 թթ. իշխանության ժառանգման համար պայքարում ներիշխանական տարբեր ուժերի և դեմքերի մեկնարկային հնարավորությունները, բացահայտեցին ժամանակակից Հայաստանում պետական բյուրոկրատիա- քաղաքական տարր- հասարակություն փոխհարաբերությունների առանձնահատկությունները:

«Հետաքրքիր է, որ վերջին ընտրությունները ցույց տվեցին` ՀՀԿ-ի ներսում որոշակի պրոցեսներ են ընթանում և հին գվարդիան, որը փորձում էր ապացուցել իր անփոխարինելիությունը, տեղի է տալիս, ուժ են հավաքում երիտասարդ թևի ներկայացուցիչները: Որովհետև մենք տեսանք, որ նրանք ավելի «արդյունավետ» գտնվեցին, քան Հովիկ Աբրահամյանի կողմից ղեկավարվող հին գվարդիայի կազմը, որն իր վրա էր վերցրել ԱԺ-ի և նախագահական ընտրությունների անցկացումն ու  բացահայտ ձախողվեց: Գոնե այս անգամ բացահայտ ձախողումներ չեղան քարոզարշավի ընթացքում, ինչպես ԱԺ և նախագահական ընտրությունների ժամանակ: Ինչ վերաբերում է ընդհանուր մթնոլորտին, ապա այն, ինչ տեսնում ենք այսօր, դա իշխանական բյուրոկրատիայից և օլիգարխիայից քաղաքական դաշտի լիակատար կախվածության արդյունք է: Այսինքն` բյուրոկրատիայի և օլիգարխիայի ճիրաններից ազատվելու համար անհրաժեշտ է ձևափոխել հասարակություն-քաղաքական դաշտ փոխհարաբերությունները: Այդ փոխհարաբերություններում քաղաքական դաշտը, որպես դաստիարակիչ, պետք է հայտնվի հանրային վերահսկողության կիզակետում: Միայն հասարակական վերահսկողության շնորհիվ է հնարավոր ազատվել կեղծ ընդդիմադիրների բացահայտման գլխացավանքից: Իսկ իշխանություններն այլևս դհոլների ծառայությանն ապավինելու անհրաժեշտություն չեն ունենա»,- պարզաբանեց քաղաքագետ, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Այսինքն` հասարակությունը հասկացավ, գիտակցեց, որ որևէ հույս չպետք է կապի քաղաքական դաշտի, կուսակցությունների և ուժերի հետ: Որովհետև այս տեսքով քաղաքական դաշտը չի կարող արտահայտել հասարակության պահանջները: Հասարակությունն այսօր ինքնակազմակերպվելու միտումներ է ցուցաբերում և սեփական հնարավորություններին ապավինելով` բարձրացնելու է իրեն հուզող խնդիրները: Որովհետև քաղաքական դաշտի` որպես հասարակության և իշխանությունների միջև միջնորդի դերն այսօր, մեր իրավիճակում հավասարվել է զրոյի: Ու եթե իշխանությունների ներսում չսկսվի վերոհիշյալ փոփոխությունը, ապա հասարակության ձգտումները, որն ինքնաբուխ զգում է սեփական միջոցներով ինքնակազմակերպվելու և սեփական խնդիրներն առաջ քաշելու անհրաժեշտությունը, կարող են շահարկվել  ապակառուցողական դեմքերի կողմից, ինչն, իհարկե,  ավելի քան վտանգավոր է:

«Մեզ շատ ունե՞նք, որ ուրիշներին եք տալիս…»

ոչխարներՀետաքրքիր մի երևույթ կա Հայաստանում. իշխանությունները մեկ–մեկ այնպիսի գործողություն են անում, որ, բնականաբար, անհայտ չի մնում, ու երբ լրատվամիջոցներով սկսում են ակտիվորեն անդրադառնալ այդ գործողության մանրամասներին, համապատասխան մարմինները սկսում են հերքել, մեղադրել լրագրողներին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Բայց որպես կանոն, նման դեպքերում միշտ պարզվում է, որ մամուլի հրապարակումներն անհիմն չէին. «առանց կրակի ծուխ չի լինում»:

 Նույնը վերաբերում է Սյունիքի արոտավայրերն իրանցի խաշնարածներին տրամադրելու մասին հուշագրին, որ վերջերս մամուլում ու երկրի հասարակական, քաղաքական, քաղաքացիական ու տնտեսական կյանքում մեծ աղմուկ բարձրացրեց: Նշվում էր, որ ՀՀ Սյունիքի մարզի և Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատական նահանգի միջև կնքված հուշագրի համաձայն` Սյունիքի մարզի արոտավայրերի մի մասը վարձակալությամբ հանձնվելու է իրանցի հովիվներին:

Բարձրացված աղմուկը ստիպեց պատասխանատու մարմիններին հայտարարել, որ դա որևէ իրավական ուժ չունի: Այնուհանդերձ մի շարք հարցեր մնացին առկախ:

Վերջերս էլ մամուլում հայտնվեց ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի անասնապահության հարցերի վարչության պետ Մոհամմադ Հասան Ալհաշեմի`«ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցը, որում  նա ասել էր, թե հունիս ամսին 6 ամիս ժամկետով 10.000 գլուխ անասուն պետք է տեղափոխվի Հայաստանի Սյունիքի մարզ:  Հայկական կողմը դա ևս հերքեց:

Այժմ, երբ  «Անկախի»  տրամադրության տակ հայտնվեց ու հրապարակվեց այդ հուշագրի առկայությունը հաստատող փաստաթուղթը, որը վկայում է, որ հայկական կողմը կառավարական մակարդակով հավանություն է  տվել այդ գործընթացին, անդրադառնանք նրա որոշ հարցերին:

Մասնավորապես, «համաձայնագրի» 1.3.7 կետով երկու երկրների` ՀՀ-ի ու ԻԻՀ-ի առևտրի պալատները համաձայնել են խրախուսել ընկերություններին Իրան արտահանելու նպատակով Հայաստանում կառուցել ոչխարաբուծության, ինչպես նաև ջրային կենդանիների բազմացման համալիր, իսկ փաստաթղթի 1.4.7 կետով  իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համատեղ ներդրումներով Հայաստանի Հանրապետությունում հիմնել մանր եղջերավոր կենդանիների բուծման տնտեսություն, ինչպես նաև սպանդանոցներ, իսկ հայկական կողմը համաձայնել է աջակցություն ցույց տալ այդ աշխատանքներին:

Կարծես հայկական արոտավայրերի մասին խոսք չկա նշված, բայց դա միայն առաջին հայացքից: Տրամաբանորեն, եթե Հայաստանում կառուցվում է ոչխարաբուծական համալիր, այսինքն` Հայաստանում պետք է պահեն ոչխարներ, որտե՞ղ պետք է արածացվեն այդ ոչխարները: Բնականաբար` Հայաստանում: Այսինքն` իրոք որոշել են Հայաստանի արոտավայրերը տրամադրել իրանցի խաշնարածներին:

Մի պահ մոռանանք, որ ոչխարները գյուղատնտեսների կողմից համարվում են արոտավայրերը փչացնող կենդանիներ, քանի որ նրանց քայլած տեղերում բուսականություն չի կանաչում, մոռանանք, որովհետև Հայաստանում նույնպես ոչխարաբուծությամբ զբաղվողներ կան: Մյուս կողմից` կարելի էր մի պահ ընդունել, որ հայ ֆերմերները բուծեին ոչխարները, հետո միսն արտահանվեր Իրան, տնտեսական առումով, գոնե հասկանալի կլիներ: Բայց երբ իրանցի խաշնարածները պետք է գան Սյունիք, այնտեղ զբաղվեն ոչխարաբուծությամբ, հետո այդ ոչխարներին տանեն հետ` իրենց երկիր` իրացման նպատակով, դա ուղղակի նշանակում է Հայաստանի գյուղատնտեսական այդ ռեսուրսնեը նվիրել Իրանին: Եվ դա այն դեպքում, երբ, օրինակ, Իրանի իշխանությունները հայկական բեռնատարներին իրենց երկրում թույլատրում են հասնել առավելագույնը մինչև Թավրիզ, որպեսզի հայկական բեռնատարները չկարողանան հասնել Բանդար-Աբասի նավահանգիստ` Հայաստան եկող, նաև Հայաստանը որպես տարանցիկ ուղի օգտագործող բեռները տեղափոխելու: Սա արվում է այն պարզ պատճառով, որ իրանական բեռնատարներն այդ բեռները տեղափոխեն թե՛ մինչև Հայաստան և թե՛ Հայաստանի տարածքով դեպի դուրս:

Ու այսպիսի «բարիդրացիական» հարաբերությունների պայմաններում նման հարևանին թույլ տալ, որ իր ոչխարները արածացնի Սյունիքի լեռներում, որտեղից խաշնարածները մի կերպ քշվեցին, մեղմ ասած, անհասկանալի է:

Հարցին նայենք մեկ այլ տեսանկյունից. հայտնի է, որ Իրանի շուրջ Արևմուտքի տրամադրվածությունը թշնամական է: Նույնիսկ վերջերս ԱՄՆ-ն հայտարարեց, որ բոլոր առումներով կաջակցի Իսրայելին, եթե վերջինս որոշի հարվածել Իրանին, էլ չասենք հենց Արևմուտքի կողմից անմիջականորեն հարված հասցնելու հավանականության մասին: Իրանն էլ ակտիվորեն պատրաստվել է պատերազմի, ու այժմ հայտնի չէ, թե դեպքերն ինչպիսի զարգացում կունենան: Ու ի՞նչ կլինի Սյունիքում, երբ «հուշագիր» լինի անխափան սահմանը անցնելու մասին` Սյունիքում իրենց խաշներն արածեցնելու պատճառաբանությամբ, երբ հարևան երկրում հանկարծ պատերազմ պայթի:

Ի միջի այոց, ՀՀ  Հանրային խորհուրդը ևս, ուսումնասիրելով հեռագնա ամառային արոտավայրերի ոլորտը, փաստում է, որ համաձայն  ՀՀ  հողային ֆոնդի առկայության  և  բաշխման վերաբերյալ  2012 թ.  հաշվետվության` արոտավայրերի մակերեսը կազմում  է  1056.3 հազ. հա, որից հեռագնա` 687.3 հազ. հա., մերձգյուղային` 369.0 հազ. հա: Այդ արոտավայրերի տարածքը ՀԽՍՀ ժամանակաշրջանում թույլ էր տալիս պահել 2.5 մլն ոչխար` ներկայիս 670.0 հազարի փոխարեն,  որոնք հիմնականում պահվում են գյուղամերձ արոտներում: Այս ամենը վկայում է տվյալ ոլորտի ոչ արդյունավետ օգտագործման և զարգացման մասին, ինչը չի նպաստում հանրապետության պարենային անվտանգության ապահովմանը և աշխատուժի ռացիոնալ օգտործմանը:

«ՀՀ Հանրային խորհուրդը ողջունում  է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիրը «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցակցության (ՀԳ Ռ.Կ.Մ.) ծրագրի» իրականացումը, ինչը լրացուցիչ պայմաններ կստեղծի անասնապահության զարգացման համար»,- նշվում է այս առիթով Հանրային խորհրդի հրավիրած քննարկումների արդյունքում կազմված որոշման մեջ:

Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՀԽ-ն նպատակահարմար չի համարում հանրապետության հեռագնա արոտավայրերն օտարերկրյա իրավաբանական անձանց և առանձին քաղաքացիներին վարձակալությամբ հանձնելը: Եվ ՀԽ-ն որոշում է ընդունել դիմել ՀՀ կառավարությանը, առաջարկել գյուղատնտեսության նախարարության կողմից «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրերի» համայնքային ռեսուրսների կառավարման և անասնապահության զարգացման բաղադրիչի իրականացման աշխատանքները դարձնել շարունակական` hանրապետության բոլոր մարզերում բարենպաստ պայմաններ ստեղծելով ոլորտի զարգացման համար:

Ավագանու ընտրություններն էլ ավատվեցին, իսկ հետո՞…

Երևանի ավագանու ընտրություններ,2013Ավարտվեցին նաև «ոչ քաղաքական» ևս մեկ ընտրություններ, ու քաղաքը, համաձայն պաշտոնական տվյալների, «ընտրեց» նոր ավագանի: Ու ի՞նչ ստացվեց. Հայաստանի ներքաղաքական կյանքում այսպես թե այնպես որոշակի դերակատարում ունեցող քաղաքական ուժերից երեքը, որոնք մասնակցում էին Երևանի ավագանու ընտրությունների ընտրապայքարին` ՀՅԴ–ն, նորաստեղծ ՀԱԿԿ–ն ու ՕԵԿ–ը, տեղ չունեցան ավագանու կազմում: Ու երևանի ղեկավարումը հաջորդ 4 տարիներին իրականացնելու են ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն ու «Բարև Երևան» դաշինքը:

 Հիմա քաղաքապետարանը «բաժանելու» հերթն է

Ամենևին էլ ցանկություն չունենք այս նյութում անդրադառնալ ո՛չ ընտրությունների ընթացքի, ո՛չ դրանց որակի ու ո՛չ էլ քաղաքական նշանակության կամ դրսևորումների վրա: Մի բան ակնհայտ է. թեկուզ ավագանու կազմ անցած ուժերը` ՀՀԿ-ն,  ԲՀԿ-ն, «Բարև Երևանը», հավաքել են, համապատասխանաբար, 55, 23  և 8 տոկոսից ավելի, բայց քանի որ ընտրապայքարից դուրս մնաց 4 ուժ, նրանց ստացած քվեների տոկոսները կբաշխվեն ավագանի անցած ուժերի միջև: Այսպիսով, Երևանի ավագանու կազմում ՀՀԿ-ն կունենա 41 կամ 42 մանդատ, ԲՀԿ-ն` 17 մանդատ, իսկ «Բարև Երևանը»` 6 կամ 7 մանդատ: Սա արդեն ոչ թե կանխատեսում է, այլ իրական պատկեր: Ու հիմա հարց է առաջանում` Երևանի ավագանու կազմ ձգտող քաղաքական ուժերն ինչպե՞ս են  իրենց դրսևորելու ավագանու «կերակրատաշտի» վերաբաշխման հարցերը լուծելիս:

Դատելով պատկերից, պարզ է, որ ՀՀԿ-ն հնարավորություն ունի միանձնյա որոշելու, թե ինչպես են բաշխվելու ավագանու հաստիքացուցակները, քանի որ բացարձակ մեծամասնություն է կազմում: Իսկ բացարձակ մեծամասնությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի կառավարման գործերի հաստիքները բաշխվում են ավագանու քվեարկությամբ, ենթադրում է, որ ՀՀԿ-ն, առանց կողմնակի «աջակցության», կարող է իր ուզած որոշումներն ընդունել ու իր ուզած արդյունքները ստանալ:

Այս պայմաններում հարց է, թե ինչ են անելու իրենց համամասնական ցուցակները ԲՀԿ-ն ու «Բարև Երևան» դաշինքը:

Եթե ՀՀԿ–ն ավագանիում բացարձակ մեծամասնություն չկազմեր, ասել է թե` չկարողանար միանձնյա քաղաքապետ «ընտրել» կամ նշանակել, պարզից էլ պարզ է, որ մյուս ուժերի համամասնական ցուցակների առաջին համարները թեժ պայքար կմղեին ինչպես քաղաքապետի, այնպես էլ քաղաքապետի տեղակալների, թաղապետերի և այլ կարևոր պորտֆելների համար:

Որովհետև,  քանի որ Երևանում է բնակվում ՀՀ բնակչության մոտ 2/3-ը,  այստեղ է կենտրոնացած երկրի ֆինանսատնտեսական ռեսուրսների 70 տոկոսից ավելին, Երևանի քաղաքապետի պաշտոնը դառնում է ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական նշանակության պաշտոն:  Ուստի այն բավական «ցանկալի պատառ» էր, օրինակ, ԲՀԿ-ի ցուցակի առաջին ու երկրորդ համարներ Վարդան Օսկանյանի և Գուրգեն Արսենյանի համար, ախորժալի էր նաև Արմեն Մարտիրոսյանի և այլոց համար: Բայց երբ այդ պաշտոնին ԲՀԿ-ի ու «Բարև Երևանի» առաջատարները արդեն չեն կարող հավակնել, կարելի՞ է պատկերացնել մի սցենար, որ, օրինակ, Վարդան Օսկանյանը կամ Գուրգեն Արսենյանը հրաժարվեն ԱԺ պատգամավորի իրենց մանդատներից ու վերցնեն Երևանի ավագանու, թեկուզ փոխքաղաքապետի մանդատներ: Ճիշտն ասած, մի քիչ դժվար է պատկերացնել: Ամենայն հավանականությամբ` ԲՀԿ ցուցակի առաջին երկու համարներն իրենց իրավունքները Երևանի ավագանիում կզիջեն, օրինակ, ավագանու ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Աբրահամ Մանուկյանին: Ի դեպ, մամուլում արդեն լուրեր են պտտվում, որ իշխող ուժի մոտ շրջանառվել է նաև Մանուկյանին Երևանի քաղաքապետի տեղակալներից մեկի պաշտոնում նշանակելու մասին միտքը: Ու եթե քաղաքական աշնանը ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «օպերացիա ՕԵԿ» չխաղարկեն, այսինքն` ԲՀԿ-ն չդարձնեն ընդդիմություն, ինչի մասին խոսակցություններ նույնպես շրջանառվում են, ապա շատ հնարավոր է, որ Աբրահամ Մանուկյանին էլ տեսնենք Երևանի փոխքաղաքապետների շարքում: Այսինքն` պարզ է, որ Արսենյանն ու Օսկանյանն ԱԺ-ի իրենց մանդատները չեն թողնի ու գան Երևանի ավագանի` պայքարելու իրենց նախընտրական դրույթներն ի կատար ածելու համար:

«Բարև Երևանի» գործը դժվարացավ

Այս դեպքում «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչների մասին նույնիսկ չենք էլ խոսում: Մեր տեղեկություններով` նրանց ցուցակի առաջատարները կվերցնեն  ավագանու մանդատները: Այս ուժը ցանկանում է Երևանի ավագանիում ստեղծել ուժեղ թիմ, ու այդ նպատակով ավագանի կգործուղի ցուցակի առաջատար համարների տակ հանգրվանած «Ժառանգության» ներկայացուցիչներին` գումարած նախկին ՕԵԿ-ական պատգամավոր Գագիկ Բաղդասարյանին:

Ընտրություններից հետո էլ մանդատները վերցնելու մասին խոսեց նաև «Ժառանգության» փոխնախագահ, «Բարև Երևան» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Մարտիրոսյանը` շեշտելով, որ եթե ինչ-որ ուժի կամ կուսակցության ժողովուրդը վստահության քվե է տվել, ապա այդ ուժը պետք է այդ վստահությունն արդարացնի…

Այսինքն` «Բարև Երևանը», ի տարբերություն ՀԱԿ-ի, որը նախկին ավագանու կազմում վայր դրեց իր մանդատները` հանդիսանալով ավագանու միակ ընդդիմադիր խմբակցությունը, կվերցնի այդ մանդատները: Առհասարակ, ճիշտ էլ կանի, որովհետև սխալ է, երբ մի ինչ-որ ուժ կամ ուժեր պայքարում են ինչ-որ արդյունքի համար, բայց ստանում են ավելի պակաս արդյուք, քան ակնկալում էին, ու հրաժարվում են իրենց այդ ձեռքբերումից: Ճիշտ է` Երևանի ավագանիում «Բարև Երևանը» որոշումների ընդունման վրա չի կարող ազդել: Չի կարող նույնիսկ ԲՀԿ-ի հետ միավորվելով: Բայց Երևանի ավագանիում մանդատ ունենալը լրացուցիչ գործիք է յուրաքանչյուր քաղաքական ուժի համար` թեկուզ այն որպես քաղաքական գաղափարներ առաջ քաշելու և ավագանին որպես հարթակ, ամբիոն օգտագործելու նկատառումներից ելնելով:

Այս առումով, ի տարբերություն ԲՀԿ ցուցակի առաջին հորիզոնականներում հանգրվանած թեկնածուների, «Բարև Երևանի» ներկայացուցիչներն ընտրելու անհրաժեշտություն էլ չունեն. նրանցից ոչ  ոք ներկայումս ավելի բարձր պաշտոնում չէ:

Մի խոսքով` քանի դեռ ԲՀԿ–ն հստակ դիրքորոշում չի հայտնել, թե քաղաքական դաշտի որ կողմում է դիրքավորվում, ընդդիմադի՞ր, թե՞ իշխանական, Երևանի ավագանիում ամբողջ ընդդիմադիր հատվածի «շահերը» կներկայացնի «Բարև Երևանը»` 6 կամ 7 անդամներով: Ասել է թե` նրանց թեժ քառամյակ է սպասում…

  

 

Մյուսների համար տոն, մեզ համար` եռատոն

եռատոն-արցախՀայոց նոր և նորագույն շրջանի պատմության մեջ մայիսն իրավամբ համարվեց մեր հաղթանակների ամիսը: Վերջին հարյուր տարվա մեջ Հայաստանի երեք հանրապետություների  գծած պատմական ուղեգծում մայիսն առանձնանում է հայերիս գոյամարտի հաղթական հանգուցակետերով: Մեր հաղթանակների մայիսը թերևս սկսվում է մայիսի 8-9-ից: Այն արդեն 21 տարի է, ինչ կոչվում է նաև եռատոն:

 Երկրորդ աշխարհամարտը նաև հայերի պատերազմն էր

Եռատոնի «առաջին արարը» կապված է  ֆաշիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի հետ Հայրենական մեծ պատերազմում, որում ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ նաև հայ ժողովուրդը: Ճիշտ է, Հայաստանում, բարեբախտաբար, ռազմական գործողություններ տեղի չունեցան, սակայն սա նաև մեր պատերազմն էր, որում վճռվում էր նաև մեր ժողովրդի ապագան, քանի որ Խորհրդային Հայաստանը կոմունիստական ճամբարի երկիր էր և խորհրդային բանակում կռվող հարյուրհազարավոր հայեր իրենց  արյունն էին հեղում:

Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 500 հազար հայ, որոնցից 300 հազարը եղել է Խորհրդային Հայաստանից, իսկ մնացած 200 հազարը` Խորհրդային Միության այլ հանրապետություններից: Սա իրոք պատկառելի թիվ է, եթե հաշվի առնենք, որ 1939 թ. տվյալներով հայերի թիվը ողջ ԽՍՀՄ-ում մոտ 2 մլն էր, այսինքն` հայերի 25 տոկոսը կռվում էր: Բացի նրանցից, 100 հազար հայ էլ մարտնչում էր հակահիտլերյան կոալիցիայի երկրների զորքերի կազմում: Այսինքն` ամբողջ աշխարհում 1939-ից մղվող  Երկրորդ համաշխարհային պատերազմում հայերի մասնակցության թիվը  600 հազար էր: Շուրջ 200 հազար հայ հերոսաբար ընկել է ռազմի դաշտում: Շուրջ 70 հազար հայ պարգևատրվել է մարտական շքանշաններով ու մեդալներով:

Այս պատերազմում հայերն աչքի ընկան ոչ միայն մասնակցության մեծ թվով, այլև ռազմական տաղանդով և սխրանքներով: Հայերը պատերազմ ուղարկեցին 6 ազգային դիվիզիա: Իսկ 89-րդ հայկական Թամանյան դիվիզիան Կովկասից հասավ Բեռլին:

Խորհրդային Միության հերոսի բարձր կոչմանն է արժանացել 106 հայ` գրավելով 6-րդ տեղը ռուսներից, ուկրաինացիներից, բելառուսներից, թաթարներից և հրեաներից հետո, նրանցից 2-ը` Հովհաննես Բաղրամյանն ու Նելսոն Ստեփանյանը Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման են արժանացել: 27 հայեր դարձել են «Փառքի» շքանշանի բոլոր 3 աստիճանների ասպետներ:

Պատերազմի մասնակից 4 հայորդիներ դարձան մարշալներ` Հովհաննես Բաղրամյանը, ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանցը) և զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը: 160-ն արժանացան գեներալի կոչման, որոնցից 64-ը` հենց պատերազմի ժամանակ: Գեներալների և ռազմաօդային ուժերի, զրահատանկային և հրետանային զորքերի սպաների թվով հայերը 4-րդն են ռուսներից, ուկրաինացիներից և բելառուսներից հետո: ԽՍՀՄ-ը 1945 թ. մայիսի 9-ին գրավեց Բեռլինը` այդպիսով հաղթանակ տանելով ֆաշիստական Գերմանիայի նկատմամբ: Եվ 1945-ից սկսած մինչև փլուզումը` 1991 թ., ԽՍՀՄ-ում, իսկ 1991-ից հետո հետխորհրդային երկրներում մայիսի 9-ը նշվում է որպես հաղթանակի տոն: Այդ թվում և Հայաստանում:

Հենց մեր պապերի փառահեղ հաղթանակն էլ կրթեց նոր սերնդին, որը 1991 թվականին Արցախում պարզեց ազատության դրոշն ու դուրս գալով գոյամարտի` հաղթեց, վերահաստատեց հայերիս ապրելու իրավունքը արևի տակ ու մայիսյան հաղթանակն էլ մեր ազգի համար դարձրեց եռատոն:

Եռատոնի «երկրորդ արարը»

Արդեն 21 տարի է` 1992 թվականից, ինչ մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է ոչ միայն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, այլև հայ ժողովրդի համար ճակատագրական մեկ այլ կարևոր հաղթանակի` Արցախի հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրման օրը:  Շուշիի ազատագրումը կարևոր էր Ղարաբաղյան պատերազմում: Հենց այստեղից էին ադրբեջանցիները հարվածում Ստեփանակերտի և մերձակա գյուղերի ուղղությամբ:

Կարագյավ գյուղից մինչև Քիրս մոտ 40 կմ ձգվող ռազմաճակատի գծով նախատեսված էր հարձակման 4 ուղղություն: Առաջինը Հյուսիսային կամ 26-ի ուղղությունն էր, հրամանատար Վալերի Չիթչյան, երկրորդը` Շոշի, հրամանատար Արկադի Կարապետյան, երրորդը Սամվել Բաբայանի հրամանատարությամբ Հարավային (Լաչինի) ուղղությունն էր, չորրորդը` Ջանհասան-Քյոսալարինը (հարավարևմտյան), հրամանատար Սեյրան Օհանյան: Ստեղծված էր նաև գլխավոր պահեստային ստորաբաժանում, որի հրամանատարն էր Յուրա Հովհաննիսյանը, և մոտ 300 հոգանոց պահեստային ուժեր, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է օգնության հասնեին: Ամբողջ օպերացիան, որը կրում էր «Հարսանիք լեռներում» անունը,  ղեկավարում էր Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), շտաբի պետն էր Ֆելիքս Գզողյանը: Կոմանդոսը դեռևս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, որը, սակայն, նախապատրաստական որոշ հարցերի պատճառով հետաձգվեց: Շուշիի ազատագրման «Հարսանիք լեռներում» ծածկանունը կրող մարտական գործողությունը սկսվեց մայիսի 8-ին, ժամը 2.30-ին և ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին:

Մերոնք հաղթանակած մտան Շուշի և Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը:

Մարտական գործողության ժամանակ հայկական կողմն ունեցավ 57 զոհ, հակառակորդը` 250-300: Շուշիի ազատագրումից հետո հայկական ուժերը ազատագրեցին նաև մերձակա բնակավայրերը, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, Բերձորը (Լաչին) և մայիսի 18-ին, բացելով «Լաչինի մարդասիրական միջանցքը», հասան ՀՀ սահման: Պատերազմը մտավ նոր փուլ:

Շուշիի ազատագրումով ու միջանցքի բացումով պիտի որ  պատերազմը բեկվեր: Բայց դրան հաջորդեց հայկական զինուժի դիմակայությունը նույն տարվա ամառվա աննախադեպ ուժեղ գրոհներին, եղան ծանր պարտություններ, սակայն աշնանից սկսած` հակահարձակման ու լայնածավալ առաջխաղացման ոգին վերականգնվեց, արդյունքում ազատագրվեցին Լաչինի, Քելբաջարի, Աղդամի, Զանգելանի, Ղուբաթլուի, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջանները, ինչը, ի վերջո, ավարտվեց 1994-ի մայիսին զինադադարի կնքմամբ:

Հենց Շուշիի ազատագրումն էլ համալրեց մայիսի 9-ի` Հաղթանակի օրվա տոնական խորհուրդը, և այժմ այս օրը նշվում է ոչ միայն «միասնական հայրենիք» ԽՍՀՄ-ի տարած հաղթանակը Մեծ հայրենականում, այլև հենց բուն հայկական հողում հայ ժողովրդի գոյապայքարի հերոսական ու փառահեղ էջերից մեկը:

Ինչ վերաբերում է եռատոնի «երրորդ արարին», ապա պետք է նշել, որ 1992 թ. մայիսի 9-ը համարվում է նաև ԼՂՀ պաշտպանության բանակի օր: Ու դրա  շնորհիվ էլ առաջացել է «եռատոն» անվանումը:

Մայիսի 5-ից էլ «ընտրացավից» չենք տառապի

voting2Որքան մոտենում են Երևանի ավագանու ընտրությունները, այնքան նախընտրական քարոզարշավներն ու քարոզչամիջոցներն ավելի «մանկապարտեզային» են դառնում: Շատ ու շատ քաղաքական գործիչներ հավանաբար դեռ չեն գիտակցում, թե որն է քաղաքական գործունեությունը, պայքարն ու քաղաքականությունն ընդհանրապես:

 Օրինակ` օրերից մի օր` «Բարև Երևան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, դաշինքի ներկայացուցիչներից Անահիտ Բախշյանը կանգնեց ու, ոչ ավելի, ոչ պակաս, շարադրեց իր միտքն այսպես. «Գիտեք, չէ՞, ժողովուրդ, իսկական ընդդիմությունը նա է, որը երբեք իշխանության մաս չի կազմել»: Այսինքն` ըստ Բախշյանի տրամաբանության, նաև չի կեղտոտվել:

Ուղղակի ապշել կարելի է. տպավորություն է ստեղծվում, որ քաղաքագիտական այս ֆարսով Անահիտ Բախշյանը քաղաքական նոր ուղղություն է հիմնադրում: Ու ասենք վաղը, մյուս օրը քաղաքական այս ուղղությունը կոչվելու է, ենթադրենք` քաղաքագիտության «Բախշյանական» դպրոց… Զավեշտ է, որովհետև գոնե Հայաստանում գրանցված են մի քանի տասնյակ տարբեր տրամաչափի` մանր-մունր կուսակցություններ, որոնք երբեք իշխանության մաս չեն կազմել: Ու ի՞նչ է, այդ բոլոր մանրմունրներն ընդդիմությո՞ւն են,  մանավանդ նրանք, որ ընտրությունից ընտրություն այս կամ այն իշխանական ուժին աջակցության առաջարկ են անում:

«Դա լվացք անողի չափանիշ է. այն շորը որը երբեք չես հագել, դրանով փողոց դուրս չես եկել, այլ միշտ  պահարանում կախած է, իհարկե, մի քիչ ավելի մաքուր է, քան այն շորը, որով աշխատում ես: Չես եղել իշխանության մեջ,  նշանակում է` նաև աշխատանքի այն բաժինը չես վերցրել քո ուսերին ու փորձ էլ չես ձեռք բերել: Երբ աշխատում ես, այո՛, կարող ես նաև փոշոտվել, բայց այդ փոշին կարելի է նաև մաքրել, իսկ  պահարանում կախած վերարկուն կարող է երկար կախվել ու մոդայից դուրս գալ»,- այս առումով նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Ինչևէ, չկենտրոնանանք Բախշյանի խոսքերի վրա, համարենք պատահականություն:

Իհարկե, Ինչպես ասում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, «բարևոլյուցիայի» սկզբում բազմաթիվ քաղաքական ուժեր քննադատեցին Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա գլխավորած քաղաքական ուժը,  բայց երբ նույն ոգով և ավելի էժանագին որակումներով արդեն իրենք են հանդես գալիս, դա տունտունիկի է վերածվում: Կամ, ինչպես սիրում էր ասել մեր ծեր հարևանը, «ֆուտբոլի դաշտում զիլինա են խաղում…»:

Օրերս «Բարև Երևան» դաշինքի ակտիվիստները հայտարարեցին, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փող են բաժանում: «Եթե նրանց թվում է, որ նման ապատեղեկատվություն տարածելով` նվազեցնում են ԲՀԿ-ի վարկանիշը, իսկ իրենց ընկած վարկանիշը դրանից բարձրանալու է, ապա սխալվում են: Եվ դա ամենաճիշտ ու ազնիվ ուղին չէ»,- այդ  առիթով ընդգծել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ընտրությունները, հասկանալի է, թանձրացնում են քաղաքական դաշտի գույները, որոշ ուժերի ու գործիչների լարման պատճառ են դառնում: Բայց կան բաներ, որոնք ուղղակի անընդունելի են: Օրինակ` չի կարելի իշխանական մենաշնորհի դեմ պայքարում քար նետել նույն նպատակի համար պայքարող ուժի բոստանը: Դա, մեղմ ասած, պատշաճ չէ, իսկ քաղաքագիտորեն ասած` տակտիկական սխալ է, որը հետագայում կարող է դառնալ ստրատեգիական սխալի սկիզբ: Որովհետև, երբ քաղաքական ուժերը թշնամանում են իրար նկատմամբ և անում են բաներ, որոնք կամուրջ են այրում, հետագա համագործակցության հնարավորությունից  զրկում են այդ ուժերին, ինչը չի կարելի անել նույնիսկ իշխանությունների հետ:  Եթե վաղն անհրաժեշտ լինի Հայաստանի Հանրապետությանը, որ այդ ուժերը համագործակցեն այս կամ այն քաղաքական ուժի հետ, նրանք չպետք է  իրենց  պահվածքով ստեղծած լինեն մի վիճակ, որ դա հնարավոր չլինի:

Ու այնպես չէ, որ ամենաբարձր հայհոյողները իսկական ընդդիմադիր են: Մենք ունենք այս առումով «հաջողված» օրինակ: Երբևէ որևէ մեկն ավելի բարձր հայհոյե՞լ է իշխանություններին, ինչպես ժամանակին Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը:  Հավանաբար` ոչ: Իսկ ո՞ւր են հիմա, ո՞ր դաշտում և ո՞ւմ թիմից են խաղում այժմ նրանք:

ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 30-ի հանրահավաքում կոչ արեց ընդդիմադիր ուժերին համախմբել ուժերը` կանխելու իշխող Հանրապետական կուսակցության հաղթանակը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում: Այդպիսի կոչեր արդեն քանիերորդ անգամ արել են նաև ՀՅԴ-ականները:

Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ` ավագանու ընտրություններին հաջորդող չորս տարիներին կարևոր նշանակության ընտրական գործընթաց չի լինելու, այդ պատճառով մայրաքաղաքի ընտրությունները վճռական նշանակություն են ձեռք բերել:

«Ու դեմքերն իսկ սազում են սրանց…»

Սա, ըստ ՀԱԿ առաջնորդի, ավելի լավ հասկանում են նաև իշխանությունները, ու դրա համար նրանք էլ քնած չեն:  Դեռ մի կողմ թողնենք այն, որ հրապարակային քարոզարշավ են իրականացնում, օրինակ` ապրիլի 30-ին ավելի քան 250 կազմակերպություններ ու միություններ հայտարարություն են ընդունել Տարոն Մարգարյանին սատարելու մասին: ՀՀԿ-ն այլ` ստվերային գործողություններ էլ է անցկացնում: Օրինակ` որոշ մարզպետներ «Տարոնին 40 հազար ձայն տալու» խոստումներ են տալիս, թաղային հեղինակությունների համար քեֆեր են կազմակերպում, ցուցակների մանիպուլյացիա են անում և այլն, և այլն:

Այս պահին հետաքրքիր է նաև քաղաքական խաղաքարտերի դասավորումը կոալիցիոն ճամբարում: Օրինակ`  ՕԵԿ-ի համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանը, ՕԵԿ-ի կանանց հետ հանդիպման ժամանակ նշել է, թե փորձը ցույց է տալիս, որ վերևներում որոշումներ են կայացվում, իսկ ինչքան իջնում է  ներքև, այնքան այդ որոշումներն ինչ-որ տեղ կորչում են: «Այսօր, երբ երևանցու հետ խոսում ես համատիրության մասին, դա վերջն ա, քիչ ա մնում քեզ տեղում սպանեն: Դրա համար ես հիմա դաստիարակվել եմ: Սկզբում խոսում էի համատիրության մասին, հիմա ավելի քիչ եմ խոսում: Բայց, վերջիվերջո, բնակիչները շարունակում են դժգոհել, որ դրանք միայն փող են հավաքում, իսկ փողը տանելուց հետո էլ նրանց չեն տեսնում: Այդ գումարները, որ հավաքում են, ո՞ւր են գնում: Դրա համար առաջարկում եմ, որ յուրաքանչյուր երևանցի տեսնի, որ այդ կոպեկը, որը երեխայի բերանից կտրում է, տալիս պետությանը, որտեղ և ինչ նպատակների համար է ծառայելու»,- ասել է Արմեն Երիցյանը:

Այ քեզ զարմանալի բան. իշխանությունները սկսել են քննադատել իրենց կոալիցիոն «ավագ եղբորը»: Արդեն սկսում ենք վախենալ Արմեն Երիցյանի հետագա քաղաքական ճակատագրի համար. մարդը դեռևս ԱԻՆ նախարարի պաշտոնակատար է, հանկարծ կարո՞ղ է չափն անցնել, ՀՀԿ-ից էլ ճիշտ չհասկանան, ու մեկ էլ մի օր Երիցյանը զարթնի ու տեսնի, որ իր հետ վարվել են այնպես, ինչպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների հետ են վարվում…

Զառամախտի է հասնում նաև ՀՀԿ-ական որոշ պատգամավորների «հումորը»: Մասնավորապես` ՀՀԿ-ական պատգամավոր, «փուչիկների գործից» ավելի հայտնի Կարեն Ավագյանը Աժ հայտարարությունների ժամին խնդրեց նախընտրական շրջանում քաղաքական ուժերի նկատմամբ ուշադիր լինել և տարբերել կեղծ քաղաքական ապրանքանիշներից: «Այս նախընտրական շրջանն ուշագրավ էր այն առումով, որ քաղաքական դաշտում հայտնվեցին կեղծ, այսպես ասած, չինական քաղաքական ապրանքանիշներ: ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի: Զգուշացեք կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը` Նիկոլ Փաշինյանով: Իսկական ԲՀԿ-ն առանց Օսկանյանի է, կեղծ ԲՀԿ-ում հոլոգրաֆիկ նշանի վրա երեք գլուխ է: «Ժառանգության» նոր տարբերակը` մայիսի 5-ից հետո, քանի որ հինը արտադրությունից դուրս է մնացել: Իսկ ՀՅԴ-ն կեղծելու կարիք էլ չեղավ, քանի որ դրա պահանջարկը շուկայում չկար»,- «հումոր» էր անում Կարեն Ավագյանն ու շարունակում, թե երկրի կառավարումն արկածախնդրության տեղ չէ. սա շատ լավ ընկալում է ընտրողը, ինչն արտահայտում է իր տված քվեով: Այստեղ են ասում` ով խոսի-չխոսի, դուք պետք է լռեք, երբ խոսքը վերաբերում է արկածախնդրությանը, ընտրողների քաղաքական պահվածքին և այլն:

Հավանաբար պարոն Ավագյանը չի նկատում անգամ, որ հենց իր այդ հայտարարությունը քաղաքական արկածախնդրության, անլրջության  ցայտուն օրինակ է:

Մի խոսքով, բան չմնաց. մայիսի 5-ին կավարտվի քաղաքական այս կլոունադան ևս, ու մի 4-5 տարի էլ «ընտրացավից» չենք տառապի:

Գյուղնախարարության հաղորդագրությունը ուշացած էլ չլիներ` անտեղի էր

ցրտահարությունԱյս տարի էլ բնությունը հաշտ չեղավ հայ գյուղացիների հետ: Արդեն մեկ շաբաթ է, ինչ գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ ցուցադրում են Արարատյան դաշտավայրի տարբեր գյուղերի բնակիչներին, որոնք բողոքում են, որ  ապրիլի 23-ի ցրտահարությունը փչացրեց իրենց այգիները, ցանքատարածությունները և այլն:

Գյուղացիների դժգոհության հիմնական պատճառը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշացած հաղորդագրություններն են, որոնք երկրի բնակիչները ստացան ապրիլի 24-ի երեկոյան. «Այսօր սպասվում է ցրտահարություն, խորհուրդ է տրվում այգիները ծխահարել կամ առատ ոռոգել»…

 Ծղոտ լիներ` անասուններին կկերակրեին

Բայց խնդիրն այն է, որ այդ հաղորդագրություններից մեկ օր առաջ` ապրիլի 23-ի երեկոյան, արդեն ցուրտը հասցրել էր իր «սև գործն» անել: Այսինքն` գյուղնախարարությունը «շատ չէր ուշացել»` ընդամենը մեկ օր…

Հետաքրքիր է, որ ամեն անգամ, երբ մի այսպիսի միջադեպ է լինում,  գյուղնախարարությունը հաղորդագրությունն է ուշացնում, կամ նախարարը մի ինչ-որ բան է ասում, որոնք ընդհանուր աղերս անգամ չեն ունենում գյուղատնտեսության հետ, դեռ չի եղել մի դեպք, որ դրանից հետո կառավարության նիստում այդ հարցի առնչությամբ գոնե մեկ ակնարկ արվեր ՀՀ գյուղնախարարին ու հիշատակվեր, որ ինքը կամ իր ղեկավարած ոլորտը թերացել են: Ու ճիշտ է գյուղացիների այն դիտարկումը, թե ամբողջ աշխարհում գյուղատնտեսությունը բարձր ռիսկային ոլորտ է, իսկ Հայաստանում` կրկնակի, քանի որ ունենք այսպիսի գյուղնախարարություն:

Իսկ ունենք այնպիսի գյուղնախարարություն, որը կարող է «ընդամենը» 24 ժամ ուշացնել ցրտահարության մասին զգուշացումը իր քաղաքացիներին, իսկ հետո` տարին ամփոփելիս, բոլոր մեղքերը բարդել «աննախադեպ» ցրտահարությունների վրա…

Բայց խնդիրը նույնիսկ սա չէ: Լավ, ենթադրենք, որ օդերևութաբանները ճիշտ կանխատեսում չեն կարողացել անել ու մեկ օրով հաղորդագրություն-զգուշացումն ուշացրել են, մի պահ մոռանանք, որ նույնիսկ հաղորդագրությունն են ուշացրել. ընդունենք, թե ճիշտ ժամանակին էլ ուղարկել են: Զավեշտը հաղորդագրության բովանդակությունն է` «ծխահարել կամ առատ ոռոգել»: Ահա հիշեցինք մի հին ու բարի անեկդոտ. գայլերն անխնա ոչնչացնում են նապաստակներին: Նապաստակների ցեղի մեծերը հավաքվում են երեցների ժողովի, որպեսզի որոշեն, թե ինչպես կարելի է փրկվել վերահաս աղետից: Մի ծեր նապաստակ առաջարկում է, որ բուն իմաստուն թռչուն է` մտավորական, փիլիսոփա, ու կարելի է բվից խորհուրդ հարցնել: Գնում են բվի դուռը, խնդրում են, որ մի խորհուրդ տա, թե իրենք ինչպես փրկեն իրենց ազնիվ ցեղը գայլերից: Բուն խորասուզվում է մտքերի մեջ, բվվում, ու մեկ էլ, թե որոշեցի` որպեսզի փրկվեք, պետք է գնաք ու բոլորդ ոզնիներ դառնաք, երբ գայլերը գան ձեզ ուտելու, կկծկվեք, կծակեք նրանց երախները, ու հա՛մ դուք կփրկվեք, հա՛մ էլ անպատկառ գայլերի հախից կգաք: Նապաստակները, ուրախացած, երգու պարով, ոգևորված, շտապում են իրենց գյուղը, մեկ էլ ճանապարհից մեկ այլ ծեր նապաստակ հարցնում է` բա լավ, ինչպե՞ս ենք ոզնի դառնալու: Նորից վերադառնում են բվի մոտ, ու թե, ա՛յ բու, բա մենք ինչպե՞ս պետք է ոզնի դառնանք: Բուն էլ  պատասխանում է. «Ես ստրատեգ եմ, ռազմավարություն եմ մշակում, իսկ մանր-մունր տակտիկական հարցերն ինքներդ լուծեք»:

Վերադառնանք մեր գյուղնախարարության հաղորդագրությանը` ծխահարելուն ու ոռոգելուն: Իհարկե, ցրտահարության դեմ պայքարի լավագույն միջոցները համարվում են այգիների ու ցանքատարածությունների ծխահարումն ու առատ ոռոգումը: Բայց դա դասագրքային միջոց է, և հայկական իրականության մեջ նման «ստրատեգիական» խորհուրդ տալը նման է զառանցանքի:

«Դա ցնդաբանություն է, ինչպե՞ս կարելի է գյուղացուն գարնանը ասել` գնա՛ ու այգիդ ծխահարի՛ր. իսկ ինչո՞վ այդ գյուղացին պետք է ծխահարի, աթարո՞վ, թե՞ ծղոտով: Աթարը գարնանն արդեն վերջացած է լինում: Ծղոտը` նույնպես»,- նշեց գյուղատնտես Էդուարդ Հակոբյանը:

Ենթադրենք, թե աթարն ու ծղոտը չեն էլ վերջացել: Այդ «միջոցները» կարող են ունենալ նրանք, ովքեր անասնապահությամբ են զբաղվում, քանի որ աթարը, ի գիտություն գյուղնախարարության, անասունի թրիքից են ստանում, իսկ Արարատյան դաշտավայրում անասնապահությունն այնքան էլ զարգացած ու տարածված չէ, այստեղ գյուղացիները հիմնականում հողագործությամբ են զբաղվում: Ինչ վերաբերում է ծղոտին, ապա սովորաբար ծղոտ ունենում են նրանք, ովքեր կա՛մ էլի անասնապահությամբ են զբաղվում ու այդ ծղոտը ամբարում են ձմռանն իրենց անասուններին կերակրելու համար, կա՛մ հացահատիկների մշակությամբ են զբաղվում: Բայց սրանք էլ աշնանն իրենց ունեցած ծղոտը վաճառում են անասնապահներին: Իսկ ծղոտը, որպես կեր, ամբարվում է այնքան ժամանակի համար, որքան անասունը պետք է արոտ չհանվի և պահվի գոմերում:

Արարատյան դաշտավայրում էլ անասուններին արոտի հանելու սեզոնը, էլի ի գիտություն գյուղնախարարությանը, վաղ է սկսվում, ոչ հիմա: Բացի այդ, ընդամենը մի քանի օր առաջ, երբ շուկայում հայկական արտադրության պանրի բացակայության աղմուկը բարձրացավ, ՀՀ պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանը, բացատրելով պանրի քիչ լինելու հանգամանքը, ասել էր, որ դրա պատճառը եղել է այն, որ «անասունի խոտն անցյալ տարի թանկ էր, այդ պատճառով էլ գյուղացիները գումար չեն ունեցել անասուններին կերակրելու համար և մորթել են: Դրա համար էլ կաթը պակասել է»: Այսինքն` գյուղացիները որ ծղոտ ունենային` իրենց անասուններին կկերակրեին:

Իհարկե, այգիներն ու ցանքատարածությունները ծխահարելու մեկ այլ տարբերակ էլ կա` անվադողեր վառելը: Բայց դա իրատեսական չէ. նախ` անվադողերի այնպիսի քանակ է անհրաժեշտ, որ ամբողջ Արարատյան դաշտին բավականացնի,  բացի այդ, գյուղացիները  դրանք ձեռք բերելու հնարավորություն պետք է ունենան: Մի խոսքով, գյուղնախարարության «ստրատեգները» ծխահարելու մասով մի քիչ չափն անցել են:

Ինչ վերաբերում է «առատ ոռոգելուն», ապա գյուղատնտես Էդուարդ Հակոբյանն այս առումով էլ մի հետաքրքիր դիտարկում է անում` իսկ ինչո՞վ ոռոգեն…

Իրոք, Հայաստանում գյուղատնտեսական ամենահրատապ խնդիրներից մեկը եղել ու մնում է ոռոգման խնդիրը: Գյուղացին, չնայած այն հանգամանքին, որ ջուրը համարվում է հանրային սեփականություն, ջրի տերը չէ: Ու ամեն տարի, երբ սկսվում է ոռոգմոն սեզոնը, ամենաբարձրաձայնվող հարցերը գյուղատնտեսության համար լինում են ջրի առկայության, այն ժամանակին և անհրաժեշտ ծավալներով դաշտ հասցնելու հարցերը: Ուրեմն ամենահարուստ երևակայություն ունենալու դեպքում էլ դժվար է պատկերացնել, որ գյուղացիները ցրտահարությունից փրկվելու համար պետք է միասին միաժամանակ առատ ոռոգեին իրենց հողամասերը:

Հետաքրքիր է` ինչպե՞ս են գյուղնախարարության տղերքը խորհուրդ տալիս իրականացնել «առատ ոռոգումը»: «Մարտավարական հարցերն ինքներդ լուծեք»,- կասեր մեր անեկդոտի բուն, իսկ գյուղնախարարությունն ու կառավարությունը դա էլ չեն ասում…

 

«Վիճակագրական» Հայաստանը հեռու է իրական Հայաստանից

վիճակագրությունՎիճակագրությունը յուրաքանչյուր տնտեսության համար կարևոր նշանակություն ունի. այն ստեղծում է երկրի իրական վիճակի համապատկերը, և դրանից ելնելով է կառավարությունը պետական քաղաքականություն մշակում ու իրականացնում այս կամ այն ոլորտում, դրանից ելնելով են գործարարները պլանավորում իրենց բիզնեսը, և այլն: Ու եթե վիճակագրությունը կեղծվում է, նշանակում է` նույնիսկ ամենաիրատեսական ծրագրերը դառնում են անիրականանալի:

 Պանիր չկա, բայց պետք է լիներ

Նախորդ շաբաթ մամուլում հրապարակումներ եղան, որ Երևանի սուպերմարկետներում հայկական արտադրության պանիր չկա, ու թերևս մինչև մայիս նոր խմբաքանակ չեն ստանա: Այդ կապակցությամբ «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ Պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանն ասել է. «Պանիր արտադրող ընկերությունները կաթ չեն ունեցել: Քիչ է եղել: Այս խնդիրը բոլոր ընկերությունների մոտ է: Եվ սա կշարունակվի մինչև մայիս ամսվա վերջ: Անասունի խոտն անցյալ տարի թանկ էր, այդ պատճառով էլ գյուղացիները գումար չեն ունեցել անասուններին կերակրելու համար և մորթել են: Դրա համար էլ կաթը պակասել է»:

Այս պարզաբանմանը և մամուլի ահազանգներին անմիջապես պատասխանեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը` պարզաբանելով, որ  լավորակ պանիրը, ի տարբերություն այլ կաթնամթերքի, պատրաստվում է բացառապես անարատ կաթից, այն էլ ցածր գնով և մեծ ծավալներով մթերված կաթից: Դեկտեմբեր-մարտ ժամանակահատվածում կաթի  արտադրման ծավալները խիստ նվազում են, ամռան ամիսների համեմատությամբ` մոտ 3,5 անգամ: Բնականաբար, աճում է կաթի մթերման գինը (1 կգ 130-150 դրամից հասնելով 170-200 դրամի): Նման իրավիճակում վերամշակող ձեռնարկությունները թանկ գնով ձեռք բերված կաթի նվազագույն ծավալները գերադասում են տրամադրել այլ կաթնամթերքի (կաթ, մածուն, թթվասեր և այլն): Սրանով է պայմանավորված, ըստ նախարարության, ներքին շուկայում հայրենական արտադրության պանրի ծավալների ժամանակավոր նվազումը: Ինչ վերաբերում է անասնագլխաքանակին,  պարզվում է` այն ոչ թե պակասել է, այլ կտրուկ ավելացել. ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ միայն կովերի գլխաքանակը նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 20 հազարով: Այդ տվյալից ելնելով` ենթադրվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ կաթի արտադրությունը կավելանա շուրջ 40 հազար տոննայով: «Ներկայումս վերամշակող ձեռնարկություններն օրեցօր ավելացնում են պանրի արտադրության ծավալները, և պանրի հասունացումից հետո այն կտրամադրվի սպառողին: Ակնկալվում է, որ կաթի արտադրության ծավալների ավելացմանը զուգահեռ, պանրի արտադրությունը նախորդ տարվա համեմատությամբ կավելանա 1,5-2%-ով, ինչն իր հերթին կբերի պանրի գների նվազում 7-10%-ի սահմաններում»,- հավաստիացնում է գյուղատնտեսության նախարարությունը:

Ըստ նույն գյուղատնտեսության նախարարության պաշտոնական տվյալների, որոնք հրապարակված են  նրա կայքում, նախորդ` 2012 թ. անասնագլխաքանակի աճման տեմպերը պահպանվել են նաև 2013-ին: Իսկ 2012-ին նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսական կենդանիների աճման ցուցանիշներով Հայաստանը ԱՊՀ երկրներում զբաղեցրել է առաջին տեղը: Բայց հիշենք, որ  անցած տարի խոտի պակասության ու թանկության պատճառով բազմաթիվ ահազանգեր հնչեցին, որ գյուղացիները գերադասում են վաճառել կամ մորթել իրենց անասունները: Ու եթե նշվում է, որ ավելացել է անասնագլխաքանակը, դա նշանակում է, որ պետք է ավելանա նաև այդ անասուններից ստացվող կաթը:

Հարց է ծագում` ինչո՞ւ անցած տարի պանրի խնդիր չկար, իսկ այս տարի կա, երբ ըստ պաշտոնական թվերի` նախորդ տարի ավելի քիչ անասուն ունեինք:

Բայց միայն այս հանգամանքը չէ, որ տարակուսանք է առաջացնում: Ըստ գյուղնախարարության պարզաբանման` կաթի սեզոնային նվազմամբ է պայմանավորված պանրի արտադրության ծավալների նվազումը, մինչդեռ նույն նախարարության պաշտոնական կայքը, ամփոփելով նախորդ տարին, գրում էր, որ 2012 թվականին, նախորդ տարվա համեմատությամբ, կաթի արտադրությունը ավելացել է 16.7 հազար տոննայով կամ 2.8%-ով, և կաթի համախառն արտադրությունը կազմել է 618,1 հազար տոննա: Երբ համեմատում ենք գյուղնախարարության ներկայացրած վիճակագրությունը` համադրելով անասնագլխաքանակի ու կաթի ծավալները, ստացվում է, որ իր կովերի կաթնատվությամբ Հայաստանը մրցում է, օրինակ, ԱՄՆ-ի հետ:

Այս հանգամանքները նշեցինք, հասկանալու համար, որ վիճակագրությունն ընդամենը նկարված, ավելի ճիշտ` «կրակված» թվերի համախումբ է, որն իրականությանը չի համապատասխանում:

Կարծիք կարող է լինել, թե դա վերաբերում է միայն կաթին, կովերին, պանրին, գյուղնախարարությանը, նրա ներկայացրած վիճակագրությանը և այլն: Սակայն

մի կարևոր արձանագրում անենք. անցյալ շաբաթ նաև պարզ դարձավ, որ համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գներն ընկել են: Մասնավորապես 1 տոննա պղնձի գինը համաշխարհային շուկայում ընկել է մինչև 7 հազար 253 դոլար,  սա ամենացածր գինն է վերջին 1.5 տարվա ընթացքում: Իսկ նավթի գինը մոտեցել է 100 դոլարի: Սա անմիջականորեն ազդում է մեր երկրի վրա, որովհետև Հայաստանից արտահանվող ապրանքների մի զգալի մասը  գունավոր մետաղների, առավելապես պղնձի հանքաքարն է: Ուստի դրա էժանացումը նվազեցնում է մեր երկրի եկամուտները: Իսկ նավթի գնի անկումը վատթարացնում է վիճակը Ռուսաստանում և բացասական ազդեցություն թողնում այնտեղ աշխատող մեր հայրենակիցների եկամուտների վրա: Իսկ թե ինչ ազդեցություն ունեն  դրսից Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտները մեր տնտեսության համար, չեն թաքցնում նույնիսկ պատկան մարմիները: Հարկ է նշել նաև, որ 2008-2009 թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա հիմնականում այս ապրանքների գների անկմամբ էր պայմանավորված:

Սա նշանակում  է, որ տնտեսական աճի այն ցուցանիշներին հասնելը, որոնք որպես թիրախ իր առջև դրել էր ՀՀ կառավարությունը, չեն իրականանա: Բայց երբ նայում ենք պաշտոնական վիճակագրությանը, Հայաստանը դրախտավայր է:

Փաստացի մենք ունենք արդեն ոչ միայն երկու` իրական ու վիրտուալ Հայաստաններ, այլև դրանց ավելացել է ևս մեկը` վիճակագրական Հայաստանը: Ու մեր երկրի տնտեսությունը այսպես դեռ երկար կկաղա, քանի դեռ Հայաստանում վիճակագրությունը ոչ թե վարվում է, այլ հորինվում:

 

 

«Միգուցե մենք խենթ ենք, կամ աշխարհն է ցնորվել…»

սիրիական-պատերազմԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ապրիլի 16-ին` Իսրայելի անկախության օրը, ընդունեց թիվ 65 բանաձևը, որը նախատեսում է ռազմական և դիվանագիտական աջակցություն Իսրայելին` Իրանի վրա հարձակման դեպքում:

Սա նշանակում է, որ Իրանի շուրջ ստեղծված լարվածությունը, որը վերջին ժամանակներս, հատկապես` Սիրիայի խնդրի թեժացումից հետո, կարծես սառել էր, նորից ակտիվանում է:

Ի սկզբանե փորձագետները նշում էին, որ մինչև Սիրիայի հարցերը չլուծվեն, Արևմուտքը, մասնավորապես` ԱՄՆ–ն, ուշադրությունը չի կենտրոնացնի Իրանի վրա: Ու եթե նման բանաձև է ընդունվում, նշանակում է տարածաշրջանում լուրջ ու այսպես ասած, վիրահատական միջամտություն է նախապատրաստվում Արևմուտքի կողմից: 

Այդ կարծիքն իրեն երկար սպասել չտվեց, քանի որ բանաձև ընդունելուց անմիջապես հետո ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, ինչպես նշում էր  «Reuters»-ը,  հայտնել է, որ ԱՄՆ-ն մտադիր է մոտ ժամանակներս 200 զինծառայող ուղարկել Հորդանան` այդ մերձավորարևելյան երկրի պաշտպանունակության մեծացման համար: Նրա խոսքերով` ԱՄՆ-ի նպատակը Սիրիայի սահմաններից զինված հակամարտության դուրս գալուն խոչընդոտելն է: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ«պատերազմի հրդեհն» անպայման կտարածվի նաև Հորդանանում, որի տարածքից սիրիացի ապստամբներին  զենք է մատակարարվում:

Հարց է առաջանում` այդ ի՞նչ 200 գերզինվորներ են, որ կկարողանան խոչընդոտել Սիրիայի սահմաններից հակամարտության դուրս գալը. պարզ է` հրահանգիչներ և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են: Այս զինվորականներից բացի, Հորդանանից մի անանուն աղբյուր սաուդյան «Աշ Շարք ալ Աուսաթ» թերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն «Patriot» զենիթահրթիռային երկու համալիր է տեղակայելու Սիրիայի և Հորդանանի սահմանին: Դրանք Հորդանան են բերվելու Քուվեյթից և Քաթարից: Սա էլ դեռ վերջը չէր, տեղեկատվություն հրապարակվեց, որ ԱՄՆ-ն կկրկնապատկի սիրիական ընդդիմությանը տրամադրվող օժանդակությունը` հասցնելով այն 250 միլիոն դոլարի: Այդ մասին էլ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Տվյալ հայտարարությամբ Քերին հանդես է եկել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում` «Սիրիայի բարեկամներ» խմբի հետ հանդիպման ժամանակ: Ըստ Քերիի` կմեծանա նաև ոչ մարտական ռազմական սարքավորումների մատակարարման ծավալը: Այդ նույն ընթացքում Հորդանանի իշխանությունները բացեցին իրենց երկրի օդային տարածքը իսրայելական անօդաչու սարքերի համար, որոնք հետևում են Սիրիայում ծավալվող իրադարձություններին:

Բայց, ինչպես և սպասվում էր, հակառակորդների ճամբարում էլ դեռ արթուն են, ու այս քայլերի անմիջական պատասխանը եղավ այն, որ տեղեկատվություն տարածվեց, թե «Հըզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալան գաղտնի հանդիպում է ունեցել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին  աջացկություն ցուցաբերելու հարցը, եթե ապստամբները զգալի հաջողությունների հասնեն:

«Իրանը մտադիր է 100 հազար զինծառայող ուղարկել Սիրիա` Ասադի կառավարության պաշտպանության համար, եթե Արևմուտքը շարունակի աջակցել ընդդիմադիրներին»,- հայտնել է բանակցություններին տեղյակ աղբյուրը:

Ամեն ինչից պարզ է դառնում, որ իրավիճակը տարածաշրջանում էլ ավելի է թեժանում: 

Որքան էլ ուզեն, աշխարհը միաբևեռ չէ

Այս դեպքում, բազմիցս նշել ենք, որ կարևոր է, թե ինչպես կարձագանքի այս ամենին Ռուսաստանը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, ապրիլի 17-ին Ստամբուլում նշել է, որ սիրիական գործընթացի որոշ կարևոր մասնակիցներ վստահեցնում էին, թե ուղիներ կփնտրեն երկխոսության համար, և հավելել է, որ Ռուսաստանը ձգտում է հասնել այն բանին, որ Դամասկոսը կատարի իր խոստումները, առաջնորդվի Ժնևյան համաձայնագրով:

«Եթե իրադրությունը հանձնենք նրանց, ովքեր խաղադրույք են կատարում ռազմական որոշման վրա, ապա այն սարսափները, որոնք կան, կբազմապատկվեն, նաև կմեծանա ահաբեկիչների ազդեցությունը տարածաշրջանում»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:

Եթե սովոարկան լեզվով ասենք, Ռուսաստանը դեմ է սիրիական խնդրի ռազմական սցենարներին, իսկ դա նշանակում է` նաև իրանական խնդրի լուծման տարբերակին: Դրանից հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ ապրիլի 23-ին հանդիպելու է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ և քննարկելու է սիրիական թեման:

Այս առնչությամբ կարևոր է մի հանգամանք. Արևմուտքը պետք է ամեն կերպ փորձի Ռուսաստանի ուշադրությունը շեղել Մերձավոր Արևելքից, որպեսզի կարողանա իրագործել իր նպատակներն այս տարածաշրջանում: Եվ կարևոր է հասկանալ, թե ինչ միջոցներ կարող է օգտագործել Արևմուտքը նման հարցերում, մասնավորապես` ԱՄՆ-ն:

Մի փոքրիկ պատմական ակնարկ, թե ինչպես է սովորաբար լուծում ԱՄՆ–ն իր աշխարհաքաղաքական հարցերը:

Պատերազմը համարվում է գերշահավետ բիզնես, դա գաղտնիք չէ: 1915 թ. մայիսի 7-ին ԱՄՆ–ն մտավ Առաջին համաշխարհային պատերազմի մեջ, երբ ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի բարձրաստիճան պաշտոնյաների կազմակերպմամբ «Լուզիտանիա» նավն ուղևորվեց դեպի գերմանական վերահսկողության տակ գտնվող ջրերը և ոչնչացվեց գերմանական ուժերի կողմից:

 1941 թ. ԱՄՆ–ն մտավ Երկրորդ աշխարհամարտի մեջ, երբ դեկտեմբերի 7-ին Ճապոնիան ավիացիոն հարված հասցրեց Պեռլ Հարբորում տեղակայված ԱՄՆ ռազմածովային բազային, սակայն դրանից 60 տարի հետո հայտնի դարձավ, որ այդ հարձակման մասին ԱՄՆ–ում տեղյակ են եղել դրանից մեկ շաբաթ առաջ:

 1964 թ. ԱՄՆ–ի կողմից Հյուսիսային Վիետնամին պատերազմ հայտարարելու պաշտոնական առիթ դարձավ «Տանկինյան միջադեպը», երբ վիետնամական սուզանավերը Տանկինի ծոցում հարձակում գործեցին ԱՄՆ ռազմանավի վրա: Սակայն հիմա հենց ամերիկացի հետազոտողներն են ասում, ոչ մի հարձակում էլ ռազմանավի վրա չի եղել, ինչի մասին խոսել է նաև այդ ժամանակի ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Մակնամարան: 

2001 թ. սեպտեմբերի 11-ի «ահաբեկչությունից» հետո ԱՄՆ–ն պատերազմներ սկսեց միանգամից Իրաքում և Աֆղանստանում, ու հենց այդ ժամանակ էլ սկսեցին վարկածներ շրջանառվել, որ ահաբեկչությունը սարքովի էր…

 Հենց ամերիկացի հետազոտողներն են արձանագրել, որ Իրաքում ռազմական գործողությունների ձգձգումը պայմանավորված էր այն հանգամանքներով, որ բացի նավթից, պատերազմական բիզնեսից, ներքին քաղաքական դիվիդիենտներ շահելուց, նաև պետք է հանդիսանային ռազմաբազա հարևան նույնպես նավթ արտադրող Սիրիա և Իրան ներխուժելու համար:

 Հարց է առաջանում` այդ ինչպե՞ս եղավ, որ մի օր աշխարհը զարթնեց ու իմացավ, որ Հյուսիսային Կորեան «միջուկային արկածախնդրություն է» սանձազերծել Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ: Դրանից հետո «Patriot» զենիթահրթիռային համալիրի նորագույն` РАС-3 տարատեսակից 4 օրինակ բերվեց ճապոնական Օկինավա կղզի: Ըստ Ճապոնիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության` դրանք նախատեսված են ԿԺԴՀ բալիստիկ հրթիռները որսալու համար: Ստացվում է, որ Արևմուտքը, խիստ «մարդասիրական», «խաղաղարարական» նկատառումներից ելնելով, «Patriot»-ներով է լցնում ոչ միայն բոլոր այն տարածաշրջանները, որտեղ թեժ օջախներ կան, այլև Ռուսաստանի շահերի տիրույթում…

Ու պատահակա՞ն է արդյոք, որ Բոստոնի ահաբեկչության մեջ կասկածվող Ջոհար և Թամերլան Ցարնաևները սկզբում` մինչև նշելը, որ նրանք ԱՄՆ քաղաքացի են, նշվում էր, որ «ծագումով Ռուսաստանից են»: Ի դեպ, հենց Բոստոնի ահաբեկչությունն էլ, դատելով համաշխարհային քաղաքականություն վարելու ԱՄՆ  վերոհիշյալ «փորձից», հուշում է, որ կուլիսներում ինչ–որ գործընթաց է եռում:

Ընտրապայքարը շարունակվում է

Ընտրություններ (1)Երևանի ավագանու ընտրություններին մնացել է մեկ շաբաթից մի քիչ ավելի ժամանակ, ու նախընտրական քարոզարշավը մի քիչ զավեշտալի ընթացք է ստանում:

Առհասարակ նորմալ է, երբ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ կուսակցությունները, հատկապես իշխանության մաս չկազմողները, ընդդիմադիր կեցվածք են ընդունում ու իրենց քարոզարշավը կառուցում քննադատության հիմքերի վրա: Ինչպես նշում են քաղաքագետները, նախընտրական շրջանում քննադատում են բոլորը, ովքեր դրա փոքր–ինչ հնարավորությունն ունեն, և միայն գործող իշխանություններն են, որ չեն կարող քննադատել. նրանք էլ պետք է իրենց արած գործերի հաշվետվությունը ներկայացնեն: Ուստի տրամաբանական կլիներ, եթե ընդդիմադիր ու այլընտրանքային կեցվածք ունեցող քաղաքական ուժերը քննադատեին իշխանականներին, իսկ իշխանություններն էլ հաշվետվություն ներկայացնեին, թե ինչ են արել վերջին 4 տարիներին:

 Աննորմալ քաղաքական դրսևորումների երկիր Հայաստանս…

Բայց մեր ընդդիմադիրները սկսել են քննադատել ոչ միայն գործող իշխանություններին, այլև իրար վրա են, այսպես ասած «բոչկա գլորում», իսկ իշխանություններն էլ զբաղված են իրենց մութ գործերով, ընդդիմադիրների ասածները հերքելով ու ցույց տալով ոչ թե այն, թե ինչքան աշխատանքներ են կատարել 4 տարիների ընթացքում, այլ թե հիմա ինչ քաղաքաշինական աշխուժություն է տիրում…

Թերևս նորմալ է թեկուզ,  որ ընդդիմադիրներն իրար քննադատում են: Ընտրապայքարը մրցակցություն է, իսկ մրցակցության մեջ ոչ միայն պետք է ցույց տալ, թե դու ինչքան լավն ես, այլև ինչքան վատն է մրցակիցդ: Բայց այն երևույթները, որոնք այսօր ընդդիմադիրների մեջ են նկատվում, անտրամաբանական են, քանի որ ընտրությունների այս փուլը սկսելուց առաջ բուռն քննարկվում էր միասնական ցուցակով ու թեկնածուով ընտրության գնալու հարցը: Դա չստացվելուց հետո արդեն  ակնհայտ դարձավ այն դիրքորոշումը, որ ընդդիմադիրները կարող են ինքնուրույն պայքարել ընտրությունների ժամանակ և արդեն ավագանու կազմում միավորվել մեկ նպատակի շուրջ` Երևանում հաստատել ընդդիմադիր իշխանություն: Սա նշանակում էր, որ եթե ընդդիմադիրները չօգնեին էլ իրար, գոնե պարտավոր էին իրար չխանգարել:  Բայց մի՞թե այն դրվագնները, երբ «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչը մեղադրում է ԲՀԿ-ին նախընտրական պաստառներն արգելված չափսերով և քանակով փակցնելու համար ու դրանք որակում որպես ընտրախախտում, երբ «Ժառանգության» ներկայացուցիչը, հիմք ընդունելով ՀՀԿ-ի ներկայացուցչի ակնարկը, հարց-երկընտրանք է առաջարկում իր նախաձեռնած շարժմանն առաջին օրվանից միացած ՀՅԴ-ին, ՀՅԴ-ն էլ կոշտ արձագանք է տալիս այդ միջադեպին: Արդյոք նորմա՞լ է, երբ «այլընտրանքի» ցուցակի առաջին և երկրորդ համարները տարբեր դիրքորոշումներ են արտահայտում գործող իշխանությունների հետ հարաբերությունների վերաբերյալ: Արդյոք նորմա՞լ է, որ ՀԱԿ-ի ակտիվիստները դեռ շարունակում են իրենց վերագրել միակ և անկրկնելի ընդդիմադիրի բոլոր դափնիները:

Թերևս, որպես քաղաքական պայքարի միջոցներ, նորմալ են, բայց երբ այս ուժերը նպատակադրել են հետընտրական դաշինք ձևավորել, նման երևույթները ոչ միայն նորմալ չեն, այլև պետք է բացառված լինեին:

Նույնն է պատկերը նաև իշխանական ճամբարում: Հայկական ներքաղաքական իրականության մեջ միշտ էլ ընդգծվել է այն երևույթը, որ ընտրությունների նախընտրական փուլերում իշխող ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ը որդեգրում է  որոշ ընդդիմադիր կեցվածք, երբեմն` ուժեղ, երբեմն` թույլ արտահայտված: Բայց երբ այդ ուժի` Երևանի ավագանու համամասնական ցուցակի առաջատար, գործող կառավարության անդամ, ՀՀ ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Արմեն Երիցյանը սկսում է հայտարարել, թե «թաղապետն ո՞վ է, որ վախենում եք», սա արդեն զավեշտի է նման: Քանի որ նման արտահայտությունն անողն արտակարգ իրավիճակների նախարարն է, դա արդեն «քաղաքական արտակարգ իրավիճակ է»…

ՀՀԿ–ն թաքցնում է կրծքանշանները, ԲՀԿ–ն` քաղաքական կողմնորոշումը

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, բավական հետաքրքիր մի փաստ է արձանագրվել: Ընդդիմադիր տարբեր ուժերի ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշում էին, որ ՀՀԿ-ականներին հանձնարարվել է բնակիչների հետ հանդիպման ժամանակ հանել ՀՀԿ կրծքանշանները: Օրերս էլ լրագրողները  նկատել էին, թե ինչպես է իր կրծքանշանը հանում ու գրպանը դնում հենց ՀՀԿ ցուցակի առաջատար, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սա լուրջ ազդակ է քաղաքական իրականության համար և կարելի է  հասկանալ հետևյալ կերպ. իշխող կուսակցությունը մտահոգվում է, որ իր կուսակցության անունը հեղինակազրկված է, և փորձում է քաղաքական քարոզչության շեշտը դնել ոչ թե կուսակցության, այլ նրա ` երևանցիների կողմից փոքրիշատե հարգանքի արժանացած մեկ ներկայացուցչի անվան վրա` Տարոն Մարգարյանի: Սա, իհարկե, լավ նախանշան է, եթե հաշվի առնենք, որ վերջին ժամանակներս ՀՀԿ-ի շատ ու շատ գործիչներ ուղղակի ամբարտավանության մակարդակի էին հասցրել քաղաքական ինքնավստահությունը և ամենակարողության դրսևորումը: Ու նաև նշանակում է, որ անցած համապետական ընտրությունների ժամանակ իշխող վերնախավի ինքնավստահությունը ճաք է տվել…

Անդրադառնանք բուն «քարոզչությանը»: Ինչպես վերջին 18 տարիներին, այս անգամ ևս ընտրություններին կգործադրվեն «ավանդական քարոզչական» տեխնոլոգիաները: Երբ մարզպետները Երևանում բացում են նախընտրական շտաբներ և անձամբ ղեկավարում ու համակարգում այդ շտաբների «աշխատանքները», երբ ամեն օր ուսուցիչները, համատիրության աշխատողները, պետական հիմնարկների տարբեր տրամաչափի ներկայացուցիչները ցուցակներով ընկնում են դռնեդուռ ու մարդկանց մոտ «քարոզչություն» կատարում, պարզ է դառնում, թե ինչ հիմնական չափորոշիչներով են ընթանալու ընտրությունները…

Բայց իշխող ՀՀԿ-ից հետ չի մնում նաև այլընտրանքը… Արդեն բազմաթիվ են դեպքերը, երբ մարդկանց բնակարանների դռները ծեծում ու ընտրությունների ժամանակ իրենց օգտին քվեարկելու «խթանիչներ» են առաջարկում: Արդեն իսկ կարելի է ասել, որ թեժ փողային պայքար է ընթանալու հատկապես «անընտրելի» ՀՀԿ-ի ու «այլընտրանք» ԲՀԿ-ի միջև: Օրինակ` օրերս  «Հրապարակ» թերթը գրեց,  որ վերջին շրջանում բավականին լուրջ զրույցներ են տեղի ունեցել ՀՀԿ շտաբային պատասխանատուների և ԲՀԿ ավագանիներից ոմանց միջև: ՀՀԿ-ն ավագանու ԲՀԿ անդամներին մեղադրել է իրենց արածները «սեփականաշնորհելու» և ընտրողներին  «մոլորության» մեջ գցելու համար: Թերթը հայտնում է, որ ԲՀԿ-ի մի շարք շտաբներում անկումային տրամադրություններ են: Իսկ Արաբկիրում բանը հասել է նրան, որ շտաբը կիսվել է երկու մասի: Դժգոհ մասը հրաժարվել է աշխատել, և խնդիրները ոչ միայն «քաղաքական» են, այլև փողային:

Ի դեպ, եթե խոսենք զուտ պաշտոնական, օրինական ծախսերից, ապա պաշտոնական տվյալներով էլ ամենաշատը ծախսել է ՀՀԿ-ն,  երկրորդը` ԲՀԿ-ն:

Ըստ «Փաստինֆո» գործակալության` ապրիլի 19-ի դրությամբ նախընտրական քարոզչության նպատակով հիմնադրամներից առավել շատ ծախսել է ՀՀԿ-ն, որը հիմնադրամ մուտքագրված 65 մլն 300 հազար 400 դրամից ծախսել է 56 մլն 300 հազար 23-ը:

Կենտրոնական բանկից ստացված տվյալների հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմած տեղեկանքի համաձայն` ապրիլի 19-ի դրությամբ ՀՀԿ-ից հետո հաջորդ առավել շատ ծախսեր կատարածը ԲՀԿ-ն է. մուտքագրված 45 մլն 992 հազար դրամից ծախսվել է 44 մլն 344 հազար 114-ը:

Ուշագրավ է մեկ հանգամանք ևս. ԲՀԿ-ականները չեն հստակեցնում` ի վերջո, իրենք ընդդիմությո՞ւն են, թե՞ ոչ: Ստացվում է` ԲՀԿ-ն ընդդիմություն չէ, բայց հավակնում է ընդդիմադիր ձայներին, իշխանություն էլ չէ, բայց փորձում է իշխանությունների մեթոդով ձայներ «գնել»:

 

Էլի մետրոն մոռացան

metroԱշխարհի երկրների տնտեսության և ենթակառուցվածքների կարևորագույն բաղադրատարր է տվյալ երկրի տրանսպորտի ոլորտը, հատկապես` հասարակական տրանսպորտը: Աշխարհի մանավանդ զարգացած երկրներում հասարակական տրանսպորտը եղել և մնում է պետության ու տեղական ինքնակառավարման մարմինների կարևորագույն ոլորտներից մեկը, և այդ ոլորտում էլեկտրատրանսպորտի տեսակարար կշիռն ավելացնելու և ներքին այրման շարժիչներով աշխատող տրանսպորտի տեսակարար կշիռը հնարավորինս նվազագույնի հասցնելու միտում է նկատվում: 

Աշխարhի նորմալ երկրներում հասարակական տրանսպորտը չի ծառայում շահույթ ստանալու նպատակին: Ավելին` այն միշտ եղել ու մնում է պետության կողմից հատկացվող դոտացիաների շնորհիվ աշխատող համակարգ: Հասարակական տրանսպորտի խնդիրը մարդկանց` քաղաքացիներին հասցնելն է այն տեղը, ուր նրանք ստեղծում են նյութական և ոչ նյութական բարիքներ: Ու այդ ստեղծված բարիքներից պետության ստացած եկամուտից էլ հենց փակվում է հասարակական տրանսպորտին անհրաժեշտ ծախսերի  այն մասը, որը չի փակվել ուղեվճարներից:

Այս սկզբունքուվ պետությունների և խոշոր քաղաքների մունիցիպալ կառույցների համար առավել գերադասելի է հասարակական տրանսպորտի և առհասարակ տրանսպորտի ընդհանուր համապատկերի մեջ ունենալ էլեկտրատրանսպորտի ավելի մեծ տեսակարար կշիռ: Առաջին պատճառը էկոլոգիական աղտոտումն է. էլեկտրատրանսպորտն էկոլոգիապես անհամեմատ ավելի մաքուր է: Էլեկտրատրանսպորտի մեջ մտնում են երեք տեսակ` մետրո, տրոլեյբուս և տրամվայ:

Զարմանալի է, որ նավթամթերք ներկրող, բայց էլեկտրաէներգիա արտադրող ու արտահանող երկիրը, ինչպիսին Հայաստանն է, փորձեց զարգացնել ոչ թե էլեկտրատրանսպորտը, այլ ներքին այրման շարժիչներով աշխատողները: Մեր երկրում էլեկտրատրանսպորտը հոգեվարք է ապրում: Այդ ոլորտում գործում են միայն «Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ու «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ները: Հայաստան ասելով, իհարկե, պետք է հասկանալ միայն Երևանը: Եվ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում հատկապես կարևոր է շեշտել, որ հիմնական նախընտրական բանավեճերից մեծ մասամբ բացակայում է տրանսպորտի այս ճյուղերին վերաբերող հարցը:Մետրոյի ցանցի զարգացման անդրադարձ կատարվել է միայն ՀՅԴ նախընտրական ցուցակում:

Մետրոյի մասին բազմիցս ու պարբերաբար ահազանգում է «Հայաստանի սպառողների միություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը. «Մենք պահանջում ենք զարգացնել էլեկտրատրանսպորտը: Էլեկտրատրասնպորտի երեք տեսակ կա` մետրո, տրոլեյբուս և տրամվայ: Մեր քաղաքը միակն է մոլորակում, որտեղ վերջին 30 տարում ոչ մի մետր մետրո չի կառուցվել: Իսպանիայում` Մադրիդում, օրինակ, վերջին 5 տարում 74 կիլոմետր մետրո է կառուցվել: Մեր մետրոն չունենալուն հավասար է. երկու վագոնանոց մետրո աշխարհում ոչ ոք չունի»,- նշում էր Արմեն Պողոսյանը:

Նշենք, որ Երևանի մետրոպոլիտենում շահագործվում է 10 կայարան, շահագործվող գծի երկարությունը 12.1 կմ է, գոյություն ունի 45 վագոն: Սա այն դեպքում, երբ վերջին տասնամյակում միայն Մոսկվայում կառուցվել են մոտ 270 կիլոմետր մետրոյի նոր գծեր: Եվ քանի որ ամբողջ աշխարհում մետրո ունեցող քաղաքներից միայն Երևանն է, որտեղ վերջին տարիներին ոչ մի մետր մետրոյի նոր գիծ չի կառուցվել, հարց է առաջանում` ինչո՞ւ: Իհարկե` ոլորտի պատասխանատուները կնշեն, թե դա թանկ հաճույք է: Այո’, թանկ է, բայց անհնար ու անիրատեսական չէ:

Թե որտեղից կարելի է մետրոն զարգացնելու գումար «հայթայթել»

Ռուսաստանցի գիտնական, տեխնիկական գիտությունների թեկնածու Վ. Ա.  Մնացականովն այս ուղղությամբ իր գիտական հետազոտության մեջ նշում է, որ խոշոր քաղաքների հանրային ուղևորափոխադրումները ներկայիս զարգացման մակարդակում առավել արդյունավետ իրականացվում են ռելսային արագ ոչ փողոցային տրանսպորտով: Ուստի աշխարհում ակտիվորեն զարգանում է տրանսպորտի այդ տեսակը: Այս տրանսպորտը ստորաբաժանվում է երեք տարատեսակի` մետրո, մոնոռելսային տրանսպորտ  և մետրոտրամվայ: Այսօր հնարավորություններից են անվտանգության առավել բարձր աստիճանը, հարմարավետությունը, բարձր տեխնիկա-տնտեսական ակտիվությունը և հարաբերականորեն ցածր ուղեվարձի պայմաններում ինքանածախսածածկումը:

Նա նշում է նաև, որ միանգամայն պարզ է, որ էկոլոգիապես մաքուր և տնտեսող հասարակական տրանսպորտը, որը կարող է ուղևորներին առաջարկել երթևեկության ավելի անվտանգ ու հարմարավետ պայմաններ, ինչպես նաև քաղաքում տեղաշարժվելու ավելի արագ հնարավորություն, քան ավտոմեքենաները, չի կարող վնասով աշխատել:

Այնուհետև Մնացականովը բերում է մետրոյի տարբեր տարատեսակներ կառուցելու համար կատարված հաշվարկները, ըստ որոնց (դրամով հաշվարկները կատարվել են մեր կողմից. Գ.Ա.)` 1 կմ մանր ռելսային մետրոպոլիտենի համար պահանջվում է  մոտ 6 մլրդ դրամ, թեթև մետրոպոլիտենի համար` մոտ 7 մլրդ 80 մլն դրամ,  իսկ մետրոտրամվայի համար, որին, ի դեպ, այժմ տրվում է նախապատվություն ամբողջ աշխարհում, 1 կմ նոր գիծ կառուցելը կկազմի շուրջ 4 մլրդ 50 մլն դրամ:

Այսինքն` խոսքն իրոք բավականին լուրջ գումարների մասին է: Բայց ոչ ոք չի ասում, թե մետրոյի նոր գծեր պետք է կառուցվեն կամ նոր կայարաններ շահագործվեն հենց վաղը, մեկ շաբաթից, կամ մեկ տարում:

Երևանի քաղաքապետի որոշմամբ` նախատեսված է միկրոավտոբուսային 76  երթուղի (1565 միավոր շարժակազմ), ավտոբուսային 68 երթուղի (939 միավոր շարժակազմ) և տրոլեյբուսային 10 երթուղի (108 միավոր շարժակազմ): Ըստ քաղաքապետարանի կայքի տվյալների` Երևանում փաստացի գործում է 95 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 1900 միավոր շարժակազմով: Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում է մասնավոր 43  կազմակերպություն:

Հրապարակված թվերը միջինով հաշվարկելիս պարզ է դառնում, որ մեկ գծատերը սպասարկում է մոտ երկու երթուղի, և ամեն երթուղում գործում է մոտ 20 մեքենա:

Այժմ հաշվի առնենք, թե մեկ միավոր տրանսպորտային միջոցի համար տվյալ գծատերերն ինչքան գումար են ծախսում և ինչքան շահույթ են ստանում:

Այսպես. տրանսպորտային մեկ միավոր միջոցի համար երթուղիները շահագործող սուբյեկտները քաղաքապետարան մուծում են ամսական 16500 դրամ: Բացի դրանից, քանի որ նրանք ազատված են ավելացված արժեքի հարկից ու եկամտահարկից, հարկային մարմիններին մուծում են հարկային հաստատագրված վճարներ, որոնք 13 նստատեղ ունեցող մեկ միկրոավտոբուսի համար կազմում է ամսական 33800 դրամ, 14-15 նստատեղ ունեցող մեկ մեքենայի համար` 36400 դրամ: Այս վճարներին ավելացնենք նաև մեկ վարորդի համար սոցիալական և կենսաթոշակային վճարները, որոնք մոտավորապես կազմում են ամսական 12-18 հազար դրամ: Եթե մեկ տրանսպորտային միավոր համարենք մեքենան ու նրա վարորդին միասին, ապա ստացվում է, որ մեկ միավոր միջոցի համար գծատերը ամսական մուծում է` 13 նստատեղ ունեցող միկրոավտոբուսի համար` 68300 դրամ, 14-15 նստատեղ ունեցողի համար` 70900 դրամ և մեկ ավտոբուսի համար` 78500 դրամ:

Այժմ հաշվենք, թե ինչքան հասույթ է ստանում գծատերը մեկ միավոր տրանսպորտային միջոցից: Չնայած այն հանգամանքին, որ որևէ մեկն ուղղակի չի կարող պաշտոնապես հայտարարել, թե ինչ գումար է սահմանված գանձել հասարակական տրանսպորտային միջոցի վարորդից, այնուամենայնիվ հենց վարորդներից արված հարցուփորձից պարզ է դառնում, որ գծատերը մեկ վարորդից օրական գանձում է մոտ 10 հազար դրամ. մի քիչ ավել կամ պակասը կարևոր չէ: Այսինքն` մեկ տրանսպորտային միջոցն ամսական 300 հազար դրամ է մուծում գծատիրոջը: Ընդունենք որ մեկ մեքենան գծատիրոջը մուծում է 250 հազար դրամ: Այժմ այդ գումարից հանենք այն մասը, որը գծատերերը մուծում են համապատասխան մարմիններին` կիրառելով ամենաբարձր` ավտոբուսների համար նախատեսված գումարը`78500 դրամը: Արդյունքում ստացվում է, որ մեկ միավոր տրանսպորտային միջոցից գծատերը ստանում է ամսական մոտ 170 հազար դրամ հասույթ: Ամենևին չմոռանալով, որ մեկ երթուղին սպասարկում է մոտ 20 միավոր տեխնիկա, ընդունենք, որ 15 միավոր է աշխատում մեկ ամսվա ընթացքում: Այդ դեպքում գծատիրոջը մուծում են մոտ 2 միլիոն. 550 հազար դրամ: Չափազանցված ընդունենք, որ ստացված գումարի մոտ 50 տոկոսը գծատերը ծախսում է տեխնիկական սպասարկման, ապահովագրական վճարների և այլնի վրա: Չնյած այդ ծախսերի մեծ մասը նույնպես վարորդն է հոգում:

Մի խոսքով, նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր հաշվարկները չափազանցված ձևով կատարեցինք գծատիրոջ օգտին, էլի արդյունքում ստացվում է, որ գծատերը մեկ երթուղուց ամսական ստանում է նվազագույնը 1-1.5 միլիոն դրամ մաքուր եկամուտ, իսկ իրականում` կրկնակի, եռակի ավելի:

Այսինքն` Երևանի բոլոր գծերը միասին վերցրած` ամսական մոտ 150-210 միլիոն դրամ եկամտի մասին է խոսքը (բոլոր հաշվարկները գծատերերի օգտին կատարելու դեպքում անգամ): Սա տարվա կտրվածքով կազմում է մոտ 2.5 մլրդ դրամ` մեր կատարած հաշվարկներով և եռակի-քառակի ավելի շատ` իրականում: Այսինքն` եթե Երևանի հասարակական տրանսպորտը տնօրինի քաղաքապետարանը, ապա մոտ երեք տարում այս ոլորտից կտնտեսի մոտ 3 կմ ամենաթանկ մետրոյի գիծ կառուցելու համար անհրաժեշտ գումար` մեր հաշվարկներով, և իրականում`6-9 կմ-ի: Սա այն դեպքում, եթե չհաշվենք, թե որքան գումարներ կարող են տնտեսվել այս կամ այն «ճոխացված» միջոցառումներն իրականացնելու ժամանակ: Մի խոսքով, այնպես չէ, որ ցանկության դեպքում գումար չկա, նույնիսկ թանկ հաճույք համարվող մետրոն զարգացնելու համար: Ընդամենը ցանկություն է պետք, որ մեկ քաղաքապետի պաշտոնավարման ընթացքում մետրոյի նոր կայարան հնարավոր լինի կառուցել:

 

Ինչո՞ւ գնել, եթե կարելի է վաստակել վստահությունը

ընտրություն15Անզեն աչքով էլ կարելի է նկատել, թե վերջին շաբաթներին ինչպես են Երևանում աշխուժացել բարեկարգման-շինարարական աշխատանքները, ինչպես են աշխույժ «ճիմապատվում» քաղաքի տարբեր տարածքները, ինչպիսի ծաղիկներ են ցանվում: Նույնիսկ մայրաքաղաքի հեռավոր արվարձաններում բարեկարգվում են փողոցները. նեղերը ավելի են լայնացվում, լայները` գեղեցկացվում, փոխվում են մայթերի` ընդամենը երկու տարի առաջ փոխված եզրաքարերը, ասֆալտապատման աշխատանքներ են սկսվել անգամ այնպիսի խուլ փողոցներում, ինչպիսին, օրինակ` Արարատյան զանգվածի ոլոր-մոլոր, վերջին 5-10 տարում ասֆալտի ու ասֆալտապատողի երես չտեսած փողոցներն ու մայթերը:

Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության փուլը դեռ չսկսված` Ավանում` մեր բակում, վարչական շրջանի ղեկավարությունը որոշեց քանդել դեռևս խորհրդային տարիներից կառուցված արգելապատը` որը բակն անջատում էր դիմացի այգուց և ավելի բարձր դիրք էր զբաղեցնում բակի նկատմամբ, որպեսզի այնտեղից հողը, ջրերը չհոսեին դեպի բակ: Այդ արգելապատը, արդարության համար պետք է նշենք, իրոք բավականաչափ նեղացնում էր բակի երթևեկելի հատվածը ու մեքենաների տեղաշարժին էականորեն խանգարում էր: Բայց արդեն մի քանի տասնամյակ քաղաքացիներին խանգարող արգելապատը քանդելու և ճանապարհը լայնացնելով` նոր արգելապատ կառուցելու աշխատանքները «պատահաբար» համընկան «Ավելի լավ» երևանի քարոզչության շրջանին: Ու երբ քաղաքային իշխանությունների քարոզչապաստառին կարդում ենք «Ավելի լավ Երևան», արդեն մտածելու տեղիք է տալիս. Այսինքն` ստացվում է, որ մեր փողոցի` վերջին 30-40 տարիներին լայնանալու կարիք ունենալը լավ էր, բայց որ հենց նոր հիշեցին ավելի լայն փողոցի մասին` դա ավելի լավն է նախանշում, որ երբ սիզամարգերում «տնկվում են» տարբեր գույների արհեստաան ծառեր, լավ է, իսկ որ Երևանը այսօր կանաչապատման և ծառերի լուրջ կարիք ունի, ինչի մասին բազմիցս ահազանգվել է, նույնիսկ հենց քաղաքապետարանի կողմից` ավելի լավն է նախանշում:

ՀՀԿ-ական, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, որ օրերս Տարոն Մարգարյանի քարոզարշավի շրջանակներում ուղեկցում էր  նրան, երբ լրագրողները  հարցնում են,  թե ինչու է բակը ասֆալտապատվել հենց ընտրություններից առաջ և ոչ նախկինում, Սահակյանն արձագանքում է. «Բա ձմեռը անեի՞նք»: Բայց դե ասֆալտապատելու համար  առնվազն մի 3 տարի ժամանակ  եղել է: Առհասարակ քաղաքային, գյուղական  իշխանությունները աշխարհի բոլոր երկրներում, բոլոր քաղաքական ռեժիմների պայմաններում,  բոլոր գաղափարախոսական ազդեցությունների ներքո, բացի այլ գործառույթներից, մեկ ընդհանուր նպատակ ու նշանակություն ունեն` զբաղվել տվյալ համայնքի հարցերով, լինեն դրանք կառուցապատման, բարեկարգման, կանաչապատման, աղբահանության, տրանսպորտի թե մեկ այլ բնույթի: Այ դա, ինչպես կնշեր Արման Սահակյանը, քաղաքային իշխանությունների «սուրբ պարտականությունն» է:

Ու եթե ընդամենը մեկ-երկու ամսում Երևանում հնարավոր է կատարել այնպիսի լայնամասշտաբ աշխատանքներ, ինպիսիք այս օրերին են ընթանում, մի հարց է առաջանում` իսկ ի՞նչն էր խանգարում ձեզ, պարոնայք, անցած 4 տարիներին այդպես մեծ թափով լավ ու դրական աշխատանք կատարել:

Ինչևիցե` արդեն սկսվել են ահազանգերը.  որ այս կամ այն հիմնարկում անձնագրեր են հավաքում, մարդկանց շրջաններից բերում ու գրանցում են Երևանում ու մտցնում ընտրողների ցուցակ, որ նրանք ընտրեն հայտնի թեկնածուին, մարդկանց վախեցնում են, հոգեբանական տեխնոլոգիաներ կիրառում նրանց նկատմամբ, փողի խոստում են տալիս, աշխատանք են խոստանում, մեկի տանիքն են վերանորոգում, մյուսի բակն են ասֆալտապատում, մեկ ուրիշին շենքի պատի մեջ նոր լուսամուտ բացելու թույլտվություն են տալիս և այլն, և այլն: Միջոցներն ու տեխնոլոգիաները` «տոկոս խփելու» համար, այսպես ասած, տաբեր են ու բազմապիսի:

Ու տրամաբանական հարց է առաջանում` եթե այսքան ջանք ու եռանդ չխնայեին իրոք հանուն բարօրության, այսքան միջոցներ ներդրվեին օրինական, առողջ միջավայրում աշխատելու համար, մի՞թե ավելի լուրջ արդունքների չէին հասնի:

Առհասարակ, նորմալ քաղաքական ու հասարակական հարաբերություններ ունեցող երկրներում մարդկանց ընտրում կամ չեն ընտրում իրենց կատարած կամ չկատարած աշխատանքների համար: Այսինքն` աշխատել ես պաշտոնավարմանդ ժամանակ, ուրեմն կվաստակես բնակիչների վստահությունը, չես աշխատել` վստահության քվե ստանալու հույս անգամ չունենաս:

Եթե վերջին երկու ամսում Երևանում «նախընտրական շինարարության», ասֆալտապատման, կանաչապատման և այլ աշխատանքների ծավալները համաչափ բաշխվեին գործող քաղաքային իշխանությունների պաշտոնավարման տարիների վրա, բնակիչները գոհ կլինեի՞ն այդ իշխանությունների աշխատանքից, այո, այդ աշխատանքները աչք կծակեի՞ն նախընտրական փուլում, ոչ: Թե չէ ստացվում է, որ  և՛ կատարում են այն աշխատանքները, որ պետք էր ու ի վիճակի էին կատարել, և՛ դրանք ժամանակին չկատարելու համար ստիպված են վաստակել ժողովրդի դժգոհությունը, կուլ տալ քաղաքական հակառակորդների  լուտանքներն ու քննադատությունը: Այսինքն` այսպես թե այնպես անում են այն, ինչ պետք է անեին, բայց արդեն ստիպված են նաև մարդկանց վստահության քվեն «գնել»` բառի բուն իմաստով:

 

 

                                                                             

 

Ագրոտուրիզմը Հայաստանում կարող է լուրջ հաջողություններ գրանցել

ագրոտուրիզմՎերջին ժամանակներս բուռն ծաղկում է ապրում տուրիզմի տեսակներից մեկը` ագրոտուրիզմը:

Ագրոտուրիզմը ենթադրում է այցելուների ժամանակավոր բնակություն գյուղական վայրերում` ակտիվ  հանգստի նպատակով: Սա հիանալի հանգստի ձև է այն մարդկանց  համար, որոնք մշտապես բնակվում  են մեծ քաղաքներում: Այցելուները նման հանգստի պայմաններում ակնկալում են վայելել բնությունը և ծանոթանալ գյուղական տարածքներին, կյանքին,ապրելակերպին, ավանդույթներին ու ծեսերին:

 Հանգստի այս ձևն այցելուներին, զբոսաշրջիկներին, հատկապես`  քաղաքաբնակներին, հնարավորություն է տալիս  գիտելիքներ ձեռք բերելու տնտեսության  վարման մասին,  ծանոթանալու գյուղատնտեսական  մթերքների արտադրությանը, ճաշակելու բնական, թարմ և առողջարար սննդամթերք, ինչպես և օգտվելու  ոչ սովորական ժամանցի հնարավորությունից:

Հայաստանը  նույնպես  առանձնանում է ագրոտուրիզմի համար անհրաժեշտ հարուստ  ռեսուրսներով: Մեր լեռնաշխարհի գեղատեսիլ բնությունը, անկրկնելի լանդշաֆտները, պատմամշակութային և բնական հուշարձանները, հարուստ բուսական աշխարհը, հայկական խոհանոցի յուրահատկությունները և  ավանդական հյուրասիրությունը կարևոր  գործոններ են ներքին և արտաքին զբոսաշրջության, հատկապես` ագրոտուրիզմի զարգացման համար:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում զբոսաշրջության այս ուղղությունը  բուռն զարգացում է ապրում: Ի դեպ, ագրոտուրիզմի զարգացումն ուղղակիորեն  կապված է  ուրբանիզացման  գործընթացների հետ: Այսինքն` քաղաքային բնակավայրերի և  բնակչության ավելացումը, որպես  կանոն, ուղեկցվում է գյուղական բնակավայրերի  և բնակչության կրճատումով: Այս երևույթը քաղաքային  բնակչության համար  բնությանը և գյուղական կենցաղին  հաղորդակցվելու  սահմանափակումներ է առաջացնում: Հետևաբար գյուղական ծագում  ունեցող քաղաքային  բնակչության կարոտախտը, մյուս կողմից ` առողջ ապրելակերպի համար բնական միջավայրից և օրգանական սննդամթերքից օգտվելու կարիքը ագրոտուրիզմի նկատմամբ հարաճուն պահանջարկ են առաջացնում:

Չի կարելի թերագնահատել ագրոտուրիզմի ազդեցությունը տուրիզմի ոլորտի, մարզերի համաչափ զարգացման, տնտեսության զարգացման և այլ առումներով: Սա յուրաքանչյուր գյուղաբնակի հնարավորությունն է տնտեսությունը կամ  բիզնեսը դարձնելու  ավելի բազմազան, ընդլայնելու այն, որպեսզի  հաճախորդներ հրապուրելու  միջոցով  ավելացնի  եկամուտը:

Ագրոտուրիզմը  հնարավորություններ է  ստեղծում  շեշտադրելու  գյուղատնտեսական  բիզնեսի առանձնահատուկ  ճյուղերը` գինեգործարաններ, պանրի և կաթի արտադրություն, պտղատու այգիներ, գյուղաշխարհի  գեղեցկություն,  որակյալ մթերքներ և բնական  միջավայր:

Ներկայումս  ագրոտուրիզմը դարձել է ժամանակակից  զբոսաշրջային արդյունաբերության կարևորագույն հատվածներից մեկը:  Զբոսաշրջության էլիտար, արկածային, արշավային և այլ ձևերի  համեմատությամբ` ագրոտուրիզմը մի շարք առանձնահատկություններ ունի, որոնք նպաստում են այս ձևի արագ զարգացմանը:

Նախ` ագրոտուրիզմը մատչելի է բնակչության գրեթե բոլոր խավերի համար, քանի որ  համեմատաբար նվազ ծախսատար է: Օրինակ` ներկայումս ձևավորված գների պայմաններում Հայաստանի  գյուղական  բնակավայրերում հանգիստը մեկ  մարդ-օրվա հաշվով կազմում է 5-7 հազար դրամ: Մինչդեռ սովորական հանգստյան տներում հանգստանալու համար 2-3 անգամ  ավելի գումար է պահանջվում: Ընտանիքով հանգստանալու դեպքում ագրոտուրիստի ծախսերը պակասում են 35-40 տոկոսով:

Երկրորդ` ագրոտուրիզմը հիմնականում ընտանեկան տուրիզմ է, որը հնարավորություն է ընձեռում հատկապես երեխաների  բարոյահոգեբանական և  աշխատանքային դաստիարակության համար:  Գյուղական տուրիզմը  ցանկության դեպքում գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցելու և գյուղական կենցաղին հաղորդակցվելու լավագույն  հնարավորություններ է ստեղծում: Եվ ինչպես ասում էր XX դարի հայտնի հրապարակախոս Սիրիլ Կոննոլին. «Միայն գյուղում է հնարավոր իսկապես մերձենալ մարդուն կամ գրքին»:

Երրորդ` ագրոտուրիզմի կազմակերպումը մեծածավալ ներդրումներ չի պահանջում: Այստեղ որպես հիմնական ներդրող հանդես է գալիս գյուղական  բնակչության համեմատաբար ունևոր խավը: Ուստի գյուղական  զբոսաշրջության զարգացումն  ինքնին կարևոր ազդակ  է դառնում նաև գյուղատնտեսության զարգացման համար:

Եվ, վերջապես, ագրոտուրիզմի զարգացումը նպաստում է  նաև գյուղական կյանքի աշխուժացմանը, գյուղում  սոցիալական  ենթակառուցվածքների և մշակույթի զարգացմանը:

Հավանաբար այս ամենը հաշվի առնելով է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը  ագրոտուրիզմը դեռևս 2009-ից  դասել է ոլորտի գերակա ուղղությունների շարքը և առաջարկություն է ներկայացրել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը ծրագրային առաջնահերթությունների  ցանկում ներառելու համար:  Հատկապես կարևորվում է  միջազգային փորձի ուսումնասիրությունը, անհրաժեշտ  ենթակառուցվածքների  զարգացումը և  ագրոտուրիզմի կառավարման  արդիական  համակարգի  ներդրումը: Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերը հույս էին ներշնչում , որ մոտ ապագայում ագրոտուրիզմը կդառնա Հայաստանի տնտեսության առաջավոր ոլորտներից մեկը:

Արդեն բավական երկար ժամանակ է անցել, սակայն չենք կարողանում համապարփակ տեղեկություններ ստանալ, թե ագրոտուրիզմով զբաղվող քանի օբյեկտ է գործարկվել վերջին շրջանում, այժմ քանի նման օբյեկտներ են գործում, քանի զբոսաշրջիկի են սպասարկում և այլն: Ագրոտուրիզմով զբաղվող ընդամենը 7 հայաստանյան և 3 արցախյան կազմակերպութան մասին տեղեկություն կարողացանք գտնել «Սփյուռ» տեղեկատուի տվյալների շտեմարանում: Եվս մեկ նման ագրոտուրիստական հյուրատուն էլ` HyeLandz անունով, ներկայացված էր CTS-2013 միջազգային տուրիստական ցուցահանդեսում:

Մենք գիտենք, որ վերջին մի քանի տարիներին ՀՀ բոլոր մարզերի տարբեր բնակավայրերում այդպիսի հյուրատներ, ագրոտուրիստակյան տներ արդեն իսկ գործում են, բայց տեղեկութուններ, թե քանի նման փոքր բիզնես է գործում Հայաստանում, ինչ սկզբունքներով, ինչ գներով, պայմաններով, տուրիստական այցելությունների մակարդակով, նույնպես չհաջողվեց պարզել:

Հույս ունենք, որ այս բոլոր հարցերի պատասխանները կլինեն 2013 թ. տուրիզմի վիճակագրության մեջ:

 

Թեժ աշխարհին մենակ Կորեան էր պակաս…

կորեաԱյս պահին աշխարհի թեժ կետերին գումարվել է ևս մեկը` Կորեական թերակղզին:

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ թերակղզում վիճակն ավելի ու ավելի է սրվում: Մարտի սկզբներին Հյուսիսային Կորեան` ԿԺԴՀ–ն, որպես ԱՄՆ–ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների անցկացման դեմ բողոքի նշան, հայտարարեց, որ հրաժարվում է Հարավային Կորեայի հետ չհարձակման բոլոր համաձայնագրերից, ու զգուշացրեց, որ սադրանքի դեպքում Փհենյանը կպատասխանի «ռազմական իրավիճակների կանոններով»: Այդ ժամանակ Սեուլն էլ իր հերթին հայտարարեց, որ իր երկրին ուղղակի ռազմական սպառնալիքի դեպքում կդիմի նախազգուշական միջոցների:

 Մկանների ցուցադրության կորեական տարբերակը

Կորեական թերակղզում լարվածությունը սկսվել էր դեռևս 2012 թ. դեկտեմբերին, երբ ԿԺԴՀ-ն տիեզերք ուղարկեց իր առաջին արհեստական արբանյակը: Միջազգային հանրությունն այն որակեց, որպես միջուկային զենքի համար նախատեսված բալիստիկ հրթիռի փորձարկում:

Արդեն այս տարվա մարտի 15-ին Հյուսիսային Կորեայի բանակը փոքր հեռահարության KN-02 բալիստիկ հրթիռ  արձակեց  Ճապոնական ծովի ուղղությամբ, որոնց հեռահարության շառավիղը մոտ 120 կմ է:

Մարտի կեսերին Փհենյանը չեղյալ համարեց չհարձակման համաձայնագիրը, իսկ այնուհետեև Հարավային Կորեայի հետ հաշտեցման պայմանագիրը:  Մարտի 27-ին հայտարարեց Հարավային Կորեայի հետ արտակարգ ռազմական կապի գիծն  անջատելու մասին, որից օգտվում էին Կեսոն արտադրական գոտու ապառազմականացման աշխատանքներ իրականացնելիս: Այդ կապը չափազանց կարևոր էր, քանի որ Կեսոնում աշխատում էին երկու Կորեաների բանվորներ:  ԿԺԴՀ-ն նաև զգուշացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ թերակղզին միջուկային պատերազմի շեմին է «ԱՄՆ-ի և դրա հարավկորեական մարիոնետների սադրիչ գործողությունների պատճառով»:

Մարտի 29-ին միջազգային լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, թե Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում են հրթիռային հարված հասցնել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնին: Արդեն մարտի 30-ին Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարեցին, որ պատերազմական դրության մեջ են հարևան Կորեայի Հանրապետության հետ:

ԿԺԴՀ-ն ապրիլի 3-ին հայտարարեց, որ վերջնական համաձայնության է եկել ԱՄՆ-ին «անխնա» հարված հասցնելու հարցում և որ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությանը «տարբեր միջուկային հարվածների միջոցով»:

«Պայթյունի ժամը սրընթաց մոտենում է: Այսօր կամ վաղը կարող է պատերազմ սկսվել»,- ասվում էր Հյուսիսիային Կորեայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ: Մարտի 21-ին հյուսիսկորեական իշխանություններն արդեն սպառնացել էին հրթիռային հարվածներ հասցնել ԱՄՆ-ի` Ճապոնիայում տեղակայված ռազմաբազաներին, իսկ մարտի 26-ին հայտարարել էին ԱՄՆ-ի մայրցամաքային տարածքներին, Հավայան կղզիներին ու Գուամին հարվածելու պատրաստականության մասին:

Վաշինգտոնն իր հերթին ապրիլի 3-ին հայտարարեց Գուամում հակահրթիռային պաշտպանության ուժեղացման մասին: Այդ նույն օրը Փհենյանն արգելեց մի քանի հարյուր հարավկորեացիների մուտքը Հյուսիսային Կորեայի տարածք` Կեսոնում տեղակայված համատեղ ձեռնարկություն:

Ապրիլի 5-ին հարավկորեական «Ռենխաբ» լրատվական գործակալությունը նշեց, որ Հարավային Կորեան նկատել է` Հյուսիսային Կորեան երկրի արևելյան` Ճապոնական ծովի ափերին է մոտեցնում «Մուսուդան» տեսակի երկրորդ միջին հեռավորության բալիստիկ հրթիռը: Հարավկորեական աղբյուրները համոզված էին, որ Փհենյանը պատրաստվում է  հրթիռն արձակել,  բայց պարզ չէ` դա կլինի փորձարկո՞ւմ, թե՞ զորավարժություն:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան այդպես էլ չի փորձարկել «Մուսուդան» հրթիռային համակարգը, որը ցուցադրել էր 2010 թ. հոկտեմբերին կայացած զորահանդեսի ժամանակ: Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Մարկ Ֆիտցպատրիկը կարծում է, որ փորձարկման համար անհրաժեշտ կլինի ընդամենը երկու շաբաթ: Այսինքն` ապրիլի 15-ին` Հյուսիսային Կորեայի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրն արդեն պատրաստ կլինի արձակման:

Ապրիլի 5-ին Հարավային Կորեան արդեն Հյուսիսայի Կորեայի ափերին մոտեցրեց իր ռազմանավը, որը զինված էր հակահրթիռային պաշտպանության «Իջիս» համակարգերով` Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի հնարավոր արձակումը կանխելու նպատակով: Այդ նույն ժամանակ Ճապոնիայի վարչապետը դիմեց կառավարությանը` երկրի հակահրթիռային համակարգերն առաջին պատրաստականության վիճակին բերելու համար: Իր պաշտպանական ենթակառուցվածքներն ուժեղացրեց նաև ԱՄՆ-ն: Տեղեկատվություն տարածվեց, որ Չինաստանը ևս բանակի որոշ զորամիավորումներ տեղափոխել է Կորեայի հետ սահման` հսկողությունը մեծացնելու նպատակով, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի հետ սահմանն անընդհատ հսկում են չինական կործանիչները: Ամեն ինչից երևում էր, որ Կորեական թերակղզին պատրաստվում է պատերազմական գործողությունների:

Կհասնի՞ գործը զենքին, թե՞ ամեն ինչ կավարտվի իրար վրա հոխորտալով

Ապրիլի 6-ին Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին հաղորդել էր, որ նրանք արդեն պետք է դիտարկեն իրենց առաքելությունների հնարավոր տարհանման հարցը ԿԺԴՀ-ից` կապված թերակղզում իրավիճակի սրացման հետ: ԿԺԴՀ-ն զգուշացրել էր, որ ապրիլի 10-ից հետո չի կարող դիվանագետների անվտանգությունը երաշխավորել: Բայց թե ինչու, մինչ օրս հստակ չէ:

Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության կողմից նման պահանջի ներկայացումը ոչ խելամիտ ու անհավանական համարեց նախ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը: Ռուսաստանի Դումայում էլ Փհենյանի կոչը որակվեց որպես «շանտաժ»:

«Չեմ կարծում, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը պատերազմ է պլանավորում: Ավելի շուտ նրանք ԱՄՆ-ին և Հարավային Կորեային ազդանշաններ են ուղարկում, որ քայլեր չձեռնարկեն իր դեմ, չնայած նրան, որ ԿԺԴՀ-ն միջուկային զենք` բալիստիկ հրթիռներ ու միջուկային մարտագլխիկներ  ստեղծելու աշխատանքներ է տանում: Ազդանշանն ուղղված էր նրան, որ ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան այդ հանգամանքը որպես առիթ չօգտագործեն ու ռազմա-օդային հարվածներ կիրառեն, և որ ինքն այդ դեպքում կարձագանքի»,- այս կապակցությամբ կարծիք հայտնեց Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:

Փհենյանի հայտարարությունները շանտաժ որակեց նաև ՌԴ Միջազգային հարաբերությունների դաշնային խորհրդի փոխնախագահ Վալերի Շնյակինը, որ այս հայտարարությունների կապակցությամբ նշել էր, թե Փհենյանի հայտարարությունները «բլեֆ» են և պայմանավորված են իրենց մասին հիշեցնելու, սեփական հեղինակությունը բարձրացնելու ցանկությամբ: Շնյակինը կարծիք էր հայտնել, որ նման գործողությունները պայմանավորված են ԿԺԴՀ-ի նոր ղեկավար Կիմ Չեն Ընի վրա Հյուսիսային Կորեայի ռազմական վերնախավի ազդեցությամբ: «Նա ակնհայտորեն պարում է զինվորական վերնախավի դուդուկի տակ, որը կարոտել է մեդալներին ու կոչումներին: Իսկ նա երիտասարդ է ու ընկել է նրանց ազդեցության տակ»,- ասել էր Շնյակինը:

Այստեղ պետք է հաշվի առնել մի հանգամանք. բացի բալիստիկ հրթիռների տեղափոխման մասին լուրերից, Հյուսիսային Կորեայում չի դիտարկվում խոշորամասշտաբ ռազմական գործողությունների պատրաստվելու որևէ ազդակ. թե՛ զորակոչիկների մոբիլիզացիա, թե՛ այլ գործընթաց չկա: Եվ չի բացառվում փորձագիտական այն կարծիքը, որ Փհենյանի վարքը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ ԱՄՆ-ն, որը Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում թերակղզում, ուղարկում է այնտեղ լրացուցիչ ռազմանավեր, ինքնաթիռներ և այլ ռազմատեխնիկա, Եվ Հյուսիսային Կորեան զգուշանում է, որ ԱՄՆ-ն կարող է ԿԺԴՀ-ին հարված հասցնել:

Ռազմական գործողությունների քիչ հավանականության մասին այժմ արդեն խոսում են նաև ԱՄՆ-ում և Հարավային Կորեայում: Սակայն վիճակը շարունակում է մնալ լարված, քանի որ Հյուսիսային Կորեան դեռևս 2005 թվականից ինքն իրեն հռչակել էր միջուկային տերություն: 2006, 2009 և 2012 թթ.  այս երկիրն իրականացրեց ստորգետնյա միջուկային փորձարկումներ, ինչի կապակցությամբ միջազգային հանրության կողմից բողոքի մեծ ալիք բարձրացավ: ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև ընդունեց, որով պահանջում էր ԿԺԴՀ-ից դադարեցնել գործունեությունը միջուկային ոլորտում:  Սակայն այժմ Հյուսիսային Կորեան հայտարարում է միջուկային փորձարկումների չորրորդ փուլը սկսելու մասին: