«Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով Վանաձորում

v1Ապրիլի 29-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» թեմայով գիտաժողով, որին մասնակցում էին ՎՊՄԻ պրոֆեսորադասախոսական անձնակազմը, ՀՀ պաշտպանության նախարարության  և  կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Զեկույցներում բանախոսներն անդրադարձան այն խնդիրներին, որոնք ծնում են արատավոր բարքեր և սպառնալիք են հասարակության համար:

ՎՊՄԻ հոգեբանության ամբիոնի վարիչ Ռ. Ավագիմյանը ներկայացրեց վիճակագրական տվյալներ սոցիալական ցանցերում ներգրավվածության երիտասարդների մասին: Հոգեբանի կարծիքով` զգալի չափով ավելացել է  համացանցից կախվածությունը, ինչը երբեմն երիտասարդների մոտ առաջացնում է կոնֆլիկտային վարքագիծ, իրական կյանքի փոխարեն վիրտուալ տարածության նախընտրություն:

Խոսելով դպրոցում աշակերտներին բացասական երևույթներից զերծ պահելու ուղիների մասին` մանկավարժական գիտությունների թեկնածու Արեգնազան Սարգսյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրեց դպրոցական դասագրքերի բովանդակության վրա:  Բանախոսի կարծիքով` դասագրքերը պետք է առավել հագեցած լինեն պատմական իրադարձությունների և ազգային գործիչների մասին հիշատակումներով:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակող Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ամբիոնի վարիչ Կարինե Սահակյանը իր զեկույցում  նշեց, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ապավինել  միայն ազգային արժեքներին և հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը:

Խոսելով բարոյական անհատի ձևավորման նախադրյալների մասին, Տեր Վահան քահանա Ազարյանը առաջնահերթ համարեց մարդու կողմից Քրիստոնեական արժեքների կրումը. ըստ նրա, միայն աստվածավախ լինելու դեպքում մարդը կարող է հետ կանգնել բացասական քայլից:

ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Արայիկ Սարգսյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց զինծառայողների շրջանում արատավոր երևույթների կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և պատասխանեց գիտաժողովի մասնակիցների հարցերին:

Գիտաժողովը կազմակերպել էր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարկայնության հետ կապերի վարչությունը, Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը և Վանաձորի  պետական մանկավարժական ինստիտուտը:

 

 

Չինարեցի տղայի կոչը երևանցիներին` հպարտ եղեք, Չինարին տեղում է …

10302119_735324489823476_625069454867266990_nՉինարիի դպրոցի ավարտական դասարանի 12 աշակերտները, որոնք ընդամենը մեկ ամիս անց հրաժեշտ կտան դպրոցին, շաբաթվա հանգստյան օրերն անցկացրել են Երևանում:

Համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի ուղեկցությամբ սահմանամերձ ու սահմանապահ գյուղի երեխաներն  այցելել են նախ Գաֆեսճյան թանգարան, ապա Մատենադարան, Էջմիածին,  ԵՊՀ, Ծիծեռնակաբերդ, Գառնի, Գեղարդ: Երևանյան տեսարժան վայրերով չինարեցի երեխաների շրջագայությունը կազմակերպվել  է մայրաքաղաքում բնակվող չինարեցի գործարար Վանիկ Ղարախանյանի աջակցությամբ:  <<Գյուղի զարգացման նյութական ծրագրերից բացի, ես նկատի ունեմ ասֆալտապատումը, գազիֆիկացումը, անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել նաև երեխաներին: Պետք է մեր երեխաները մշակութային կյանքից ետ չմնան, հայ մնան, ամուր կառչեն իրենց հողին>>,-նշել է  Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը:

Չինարիի մանկապարտեզում այսօր կա 27 երեխա, իսկ դպրոցում` 115 աշակերտ:

10155603_735324673156791_6608758729162628891_n<<Ամենաշատն ինձ դուր եկավ Մշո ճառընտիրը, մետաղապատ գրքերը: Իմ երազանքն էր տեսնել այն, ինչը պատմության գրքերում եմ սովորել>>,-Մատենադարանում շրջայցից հետո ասել է Չինարիի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Վանյանը:

Իսկ նրա դասընկեր Դավիթ Միրզոյանը նշել է, որ ապագա մասնագիտության ընտրության հարցում դեռևս չի կողմնորոշվել: <<Կգնամ-բանակ կգամ, նոր կմտածեմ: Միայն թե կուզեմ երևանցիներին փոխանցեմ, որ այստեղ` մեր քաղաքամայր Երևանում, հպարտ եղեք, Չինարին կա, տեղում է, մեր սահմանն ամուր ու անառիկ էէ: Հենց կրակում են, մենք գյուղի երիտասարդներով դուրս ենք գալիս գյուղամեջ` տեսնենք` հնարավոր է ` գյուղացիներից մեկը օգնության կարիք ունի>>:

Դավիթը նաև նշել  է, որ վերջին անգամ կրակոցներ են հնչել մոտ մեկ շաբաթ առաջ: <<Դե միշտ էլ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը, բայց մերոնք հենց մի հատ պատասխանում են, լռում են: Վախկոտ է հակառակորդը>>,-ասել է Դավիթը:

Ի դեպ, չինարեցի աղջիկներն ու պատանիները չեն մոռանա Գաֆեսճյան թանգարանում իրենց համադասարանցի Դավիթ Միրզոյանի հետ տեղի ունեցածը, որը զվարճացրել է նրանց: Մուտքի մոտ Դավիթը, տեսնելով հավաքարար կնոջը, անակնկալի է եկել, շփոթվել ու բարևել: Սակայն կնոջ մոմե կերպարը <<տղայի տված բարևին չի պատասխանել>>:

 

Անկախ

Հանրապետության նախագահը պատասխանել է տավուշցիների բոլոր նամակներին

4663Տավուշցիները ՀՀ նախագահից փող են խնդրել` մայրաքաղաքում բուժզննում անցնելու, սոցիալական վիճակի բարելավման, անգամ այգին ցանկապատելու նպատակով:

Հանրապետության նախագահը պատասխանել է իրեն փոխանցված տավուշցիների բոլոր նամակներին: Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում: Այցի ընթացքում Բերդի տարածաշրջանի բնակիչները տարբեր հարցերով դիմել էին Սերժ Սարգսյանին` ակնկալելով նրա աջակցությունը: Նախագահին նամակներ էին գրել տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերի` Ներքին Կամրիրաղբյուրի, Այգեպարի, Տավուշի, Պառավաքարի բնակիչները: Նրանք հիմնականում դիմել էին  ֆինանսական օգնության նպատակով:

Մեկ ամիս չանցած` պետության ղեկավարը  պատասխանել է տավուշցիների բոլոր նամակ-խնդրանքներին` նրանց ցուցաբերելով ֆինանսական աջակցությունը: <<Մեր տունը հրետակոծված էր, նախագահին խնդրել էինք, որ գումար տրամադրի տունը նորոգելու համար: Նախագահը մեր խնդրած գումարն ուղարկել ա: Դե հըմի էլի են կրակըմ, բայց դե հիմնական քանդված տեղերը կսարքենք , էլի>>,-ասել է Ներքին կարմիրաղբյուրի բնակիչ Սուրեն Չոբանյանը: Տավուշ գյուղի բնակիչ Սամվել Գրիգորյանն էլ գումար էր խնդրել` Երևանում բուժզննում անցնելու նպատակով: Նրա ֆինանսական աջակցությունը ևս տեղ է հասել:

 

Անկախ

 

Հրապարակվել է պետական բյուջեի 2014 թվականի առաջին եռամսյակի կատարողականը

Պետական բյուջե2014 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 239.9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 233.7 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 99.7%-ով և 85.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում առաջին եռամսյակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: 2013 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 3.7% ով կամ շուրջ 8.7 մլրդ դրամով, որն ապահովվել է այլ եկամուտների և որոշ հարկատեսակների գծով մուտքերի աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 93.3%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 6.7%-ը` այլ եկամուտների հաշվին:

2014 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 223.9 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 100%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 1.7%-ով կամ 3.8 մլրդ դրամով:
ՀՀ 2014 թվականի հունվար-մարտ ամիսների պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 13.4% ով կամ 27.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով:
2014 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.3 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ճշտված ծրագրով նախատեսված 31.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Առաջին եռամսյակի ծրագրով նախատեսվել էր պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից օգտագործել 63.1 մլրդ դրամ, սակայն բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում օգտագործվել է ընդամենը 28.9 մլրդ դրամը:
Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

Երևանի Օհանովի փողոցում մեքենա է այրվել

այրվող-ավտոմեքենաԱպրիլի 30-ին, ժամը 03.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, այրվում է «Գազ 24» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից վերջինը, անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.01-ին, մարվել՝ 04.12-ին: Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում այրվել է Զ. Պ.-ին պատկանող «Գազ 24» մակնիշի անհայտ պետհամարանիշի ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ:

Փրկարարները հանել են մատին մնացած մատանին, ազատել վերելակում արգելափակվածներին, բնակարաններում ջրահեռացման աշխատանքներ կատարել

փրկարարԱպրիլի 30-ին, ժամը 05.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Միկոյան փողոցի թիվ 25 շենքի բնակարաններից մեկի ջրի խողովակը վնասվել է, բնակարանն ամբողջությամբ ջրալցվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները օգնել են բնակիչներին կատարել ջրահեռացման աշխատանքներ:

Ապրիլի 30-ին, ժամը 04.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի  Ներսիսյան փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի բնակչին 5-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Ա. Ա.-ին (ծնվ. 1983թ.) իր բնակարանից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Ապրիլի 29-ին, ժամը 19.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի 6-րդ հարկում գտնվող ջրատար խողովակը պոկվել է, ջուրը լցվում է բնակարանի արտաքին պատին. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Փրկարարները կատարել են խողովակի ամրացման աշխատանքներ:

Ապրիլի 29-ին, ժամը 18.48-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 47 շենքում քաղաքացիները արգելափափակվել են վերելակում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Վերելակները սպասարկող մասնագետի կողմից քաղաքացիները դուրս են բերվել արգելափակումից:

Ապրիլի 29-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բնակչի մատին մատանի է մնացել և դուրս չի գալիս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները Լ. Ա.ի (ծնվ. 1979թ.) մատից անվնաս հեռացրել են մատանին:

Ապրիլի 29-ին, ժամը 17.11-ին ահազանգ է ստացվել, որ երևանի Ա.Ահարոնյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի վատառողջ և ծանրաքաշ բնակչին 5-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները Մ. Ս.-ին (ծնվ. 1949թ.) իր բնակարանից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԻՐԱՐ, ԻԲՐ` ՍԻՐԵԼ…

brnabar 1Տղամարդը կնոջն առևանգել է որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ ու բռնաբարել նրան

Ամենաբարդ ու դժվար բացահայտվող հանցատեսակներից է բռնաբարությունը. օրենքը հստակ արձանագրում է՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ նրա կամքին հակառակ` վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վ. Գրիգորյանի, ավարտվել է Խաչատուր Ա.-ի (Անունը փոխված է) գործով դատական քննությունը:

Նախաքննության փուլում
Քաղաքացի Խաչատուր Ա.-ն և Կ. Բ.-ն 2007-ից վերջինիս ամուսնու միջոցով ծանոթացել են, ունեցել մտերիմ հարաբերություններ, իսկ 2010 թ. հոկտեմբեր ամսից Խաչատուր Ա.-ի և Կ. Բ.-ի միջև հաստատվել են ինտիմ հարաբերություններ: 2013 թ. փետրվարի վերջերին Կ. Բ.-ն խզել է կապերը Խաչատուր Ա.-ի հետ, և պահանջել իրեն այլևս չանհանգստացնել: Խաչատուր Ա.-ն, չհամակերպվելով Կ. Բ.-ի որոշման հետ, 2013 թ. մարտի 11-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի փողոցներից մեկի խաչմերուկում տեսնելով միայնակ քայլող Կ. Բ.-ին, նրան առևանգելու նպատակով իր տրամադրության տակ գտնվող ավտոմեքենան կտրուկ վարել է նրա ուղղությամբ, արգելակել անմիջապես նրա կողքին, որից հետո պահանջել նստել մեքենան:
Ստանալով Կ. Բ.-ի մերժումը, ավտոմեքենայից վերցնելով պտուտակահան` իջել է ավտոմեքենայից և այն սեղմելով մեջքին, բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով` վերջինիս կամքին հակառակ նստեցրել ավտոմեքենան և շարունակելով իր բռնի գործողությունները, ծեծի ենթարկելով և սպառնալիքներ տալով` բացահայտ առևանգել է Կ. Բ.-ին, նրան տեղափոխել շուրջ 5-6 կմ հեռավորության վրա գտնվող ամայի տարածք, որտեղ ավտոմեքենայի սրահում Կ. Բ.-ի կամքին հակառակ, բռնություն գործադրելով և բռնություն գործադրելու սպառնալիքով սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Այնուհետև, երբ Կ. Բ.-ն ցանկացել է դիմել փախուստի, Խաչատուր Ա.-ն հետապնդել է վերջինիս և ծեծի ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դանակահարել է…
Դատաքննության ընթացքում պարզվել է, որ 2007 թվականից մտերիմ հարաբերություններ են հաստատվել տուժող Կ. Բ.-ի ամուսնու` Վ. Չ.-ի և ամբաստանյալ Խաչատուր Ա.-ի միջև: Այդ ընթացքում տուժող Կ. Բ.-ն և ամբաստանյալ Խաչատուր Ա.-ի միջև ինտիմ կապ է ստեղծվել, որի պատճառով Խաչատուր Ա.-ն դանակահարել է Վ. Չ.-ին, վերջինիս պատճառել կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածք: Խաչատուր Ա.-ն կալանավորվել է, իսկ Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2009 թվականի փետրվարի 2-ի դատավճռով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով: Պատիժը լրիվ կրելով` ազատվել է: Քրեակատարողական հիմնարկից ազատվելուց հետո Խաչատուր Ա.-ի և Կ. Բ.-ի միջև հաստատված հարաբերությունները շարունակվել են:

Առևանգել և բռնաբարել է
Ամբաստանյալ Խաչատուր Ա.-ի մեղավորությունը դատարանը համարել է ապացուցված դատաքննությամբ հետազոտված ապացույցներով: Այսպես, քրեական գործով տուժող Կ. Բ.-ն ցուցմունք է տվել, որ 2007-ից ճանաչում է Խաչատուր Ա.-ին: Ժամանակի ընթացքում նրանց միջև սկսվել են մտերիմ հարաբերություններ, ապա նաև` ինտիմ կապ: 2013 թ. փետրվարի վերջերին ինքը խզել է կապերը Խաչատուր Ա.-ի հետ և նրանից պահանջել իրեն այլևս չանհանգստացնել: 2013 թ. մարտի 11-ին՝ ժամը 13.50-ի սահմաններում, դուրս է եկել տնից, որպեսզի գնա վարսավիրանոց: Փողոցների խաչմերուկի մոտ ավտոմեքենայով շատ ուժեղ արագությամբ եկել է Խաչատուր Ա.-ն, մեքենան կանգնեցրել իր դիմաց և պահանջել նստել մեքենան: Սակայն ստանալով իր մերժումը` Խաչատուր Ա.-ն բացել է մեքենայի պահատուփը, այնտեղից վերցրել պտուտակահան և մեքենայից իջնելով` ձախ ձեռքով բռնել է իրեն, պտուտակահանը դրել է իր մեջքին և սեղմել` ասելով, թե կատակ չի անում, կխփի:
Ինքը, վախենալով Խաչատուր Ա.-ից, նրան լավ ճանաչելով, մտածել է, որ նա կարող է պտուտակահանը մտցնել իր մարմինը, Խաչատուր Ա.-ի ուղեկցությամբ և պտուտակահանի ճնշման տակ մոտեցել է ավտոմեքենային: Խաչատուր Ա.-ն իրեն հրել է մեքենայի մեջ և դուռը փակել, այնուհետև մեքենան վարել է և ճանապարհին մի քանի անգամ հարվածել իրեն, սպառնացել, որ եթե փորձի փախչել, իրեն կսպանի, բացի իրենից կսպանի նաև իր երեխաներին: Ճանապարհին Խաչատուր Ա.-ն իրենից պահանջել է գումար, ապա վերցրել է 1 հատ 1000 ՀՀ դրամ, մտել է խանութ և գնել 2 շիշ գարեջուր և ծխախոտ: Խաչատուր Ա.-ն իր խնդրած ջուրը չի բերել ասելով, թե ինքը դրան արժանի չէ: Դրանից հետո Խաչատուր Ա.-ն մեքենան վարել է ամայի մի վայր, կանգնել և ստիպել է գարեջուր խմել, որից ինքը հրաժարվել է, սակայն նա փորձել է հարկադրաբար իրեն խմեցնել գարեջուրը, որից ինքը կորցրել է հավասարակշռությունը և հարվածել Խաչատուր Ա.-ի կրծքավանդակին, այդ ընթացքում իր մատին եղած մատանու քարերն ընկել են: Խաչատուր Ա.-ն մի կողմ է դրել գարեջրի շիշը և իր դեմքին ձեռքով մի քանի անգամ հարվածել, ապա հանել է իր հագի ճտքավոր կոշիկները, ձախ ոտքի զուգագուլպան, նույն կողմի ներքնաշորը: Լինելով ուժասպառ, ինքը դիմադրություն չի կարողացել ցույց տալ, Խաչատուր Ա.-ին ասել է, որ իր մոտ դաշտանային ցիկլ է և ինքը միջադիր է օգտագործել: Խաչատուր Ա.-ն, արհամարհելով այդ հանգամանքը, ամբողջովին իջեցրել է առջևի աջ նստատեղի հենակը, պառկել իր վրա և սկսել համբուրել, ապա սկսել է բռնաբարել: Կ. Բ.-ն խնդրել է, որ Խաչատուր Ա.-ն դադարեցնի, խաբել է, որ իբր 10 րոպե հանգստանալուց հետո ինքը կամովին կտրվի: Դրանից հետո Խաչատուր Ա.-ն հավատացել է իրեն, ապա ինքը դուրս է եկել մեքենայից և նստել մոտակա քարի վրա: Շուրջ 2 րոպե նստած մնալուց հետո, երբ Խաչատուր Ա.-ն գարեջուր է խմել, ինքը ոտքի է կանգնել ու դիմել փախուստի, սակայն Խաչատուր Ա.-ն արագ մեքենան վարել է իր հետևից, հասել է իրեն, իջել մեքենայից, իրեն դաժան ծեծի է ենթարկել, որի պատճառով ծնոտը դուրս է ընկել: Դրանից հետո Խաչատուր Ա.-ն իրեն նստեցրել է ավտոմեքենան, տեղափոխել է խանութ, գնել է ջուր, այնուհետև գնացել են մոտ 100-150 մետր հեռավորության վրա գտնվող բենզալցակայան, որտեղ Խաչատուր Ա.-ն պարտքով բենզին է լցրել, իսկ բենզալցակայանի աշխատակցին ասել է, թե իբր իրեն ինսուլտ է խփել, ապա տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ էլ ինքը հայտարարել է, որ իրեն բռնաբարել են:

Տուժողի հակասական ցուցմունքը
Քրեական գործով տուժող Կ. Բ.-ն, սակայն, հետագայում դատարանին հակասական ցուցմունքներ է տվել այն մասին, որ Խաչատուր Ա.-ին սիրում է, ցանկանում է նրա հետ ամուսնանալ: Տուժողն ասել է, որ իր խղճի վրա նստել է այն, որ Խաչատուր Ա.-ն արդեն երրորդ անգամ դատվում է իր պատճառով:
Կ. Բ.-ն ասել է նաև, որ Խաչատուր Ա.-ն իրեն չի առևանգել և չի բռնաբարել, այդ ինքն է նրա հետ իր կամքով գնացել, իր կամքով է նրա հետ սեռական հարաբերություն ունեցել, որի ընթացքում ինքը վատացել է, և որպեսզի իրեն ուշքի բերի, Խաչատուր Ա.-ն իրեն ապտակել է, որի ընթացքում էլ ստացել է իր մոտ արձանագրված մարմնական վնասվածքները:
Կ. Բ.-ն այս փաստը հիմնավորել է` նշելով, որ նախաքննության ժամանակ սուտ ցուցմունքներ է տվել, ոստիկանության բաժնին իրականությանը չհամապատասխանող հաղորդում է տվել, քանի որ իր մոտ են գտնվել իր հարազատները` քույրը, որդին, ամուսնու հարազատները, ինչից ինքը կաշկանդվել է և իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ ու հաղորդումներ է տվել:

Մեղադրանք
Տուժող Կ. Բ.-ի նշված պատճառաբանությունները դատարանը համարել է անարժանահավատ, դրանք գնահատել որպես ամբաստանյալին պատասխանատվությունից և պատժից ազատելուն միտված դիրքորոշում, ամբաստանյալի նկատմամբ ցուցաբերվող խղճահարության դրսևորում:
Խաչատուր Ա.-ին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (մարդուն առևանգելը զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 138-րդ հոդվածի 1-ին մասի (բռնաբարություն) հատկանիշներով նախատեսված հանցանքների կատարման մեջ և նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառեց` դատապարտելով ազատազրկման 6 տարի ժամկետով:

 

«Որոշ անկուշտների համար ժամանակն է ընդունել կշտանալու մասին օրենք». ՕԵԿ անդամ

Հովհաննես ՄարգարյանԸնդդիմադիր «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին նոր կարգավիճակով հանդես եկավ խիստ քննադատական հայտարարությամբ՝ անդրադառնալով փոքր և միջին խանութների խնդրին, որոնք փակվում են սուպերմարկետների պատճառով:

«Այսօր փոքր և միջին խանութներն աջակցման կարիք ունեն: Սուպերմարկետները խոչընդոտում են նրանց: Որոշ անհատների ձեռքում է ազատ շուկայական տնտեսությունը: Մեզ համար օրակարգային է սնկի պես աճող անարդարությունների դեմ պայքարելը: Մատների վրա հաշված «ավետ-աղաները», ի տարբերություն շարքային քաղաքացիների, պետք է ավելի շատ հարկեր վճարեն, իսկ որոշ անկուշտների համար ժամանակն է ընդունել կշտանալու մասին օրենք»,-հայտարարեց նա:

Նա նաև նշեց, որ անկախ ՕԵԿ-ի հասցեին ուղղված քննադատություններին և տարբեր խոսակցություններին, իրենց համար առավել կարևոր է ժողովրդի գնահատականը, և որ ժողովուրդն է ամենաիմաստունը, իսկ ժամանակը՝ արդար դատավոր. «Երկիրը փոքր է, և բոլորը բոլորին լավ ճանաչում են: Ինչքան էլ ոմանք փորձեն հանդես գալ որպես աղավնի՝ ձիթենին բերանում, միևնույն է` բորենին երբեք աղավնի չի դառնում»:

«21-րդ դարում ճյուղը պտուղ է դառնում, պարոն Մարգարյան»,-արձագանքեց Շարմազանովը:

 

Անկախ

Տեղի ունեցավ ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի առաջին նիստը

290414ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի նախագահությամբ ապրիլի 29-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ճանապարհային ոլորտը կարգավորող խորհրդի  առաջին նիստը:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Անուշավան Այվազյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Նիստի աշխատանքներին ներկա էին նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ճանապարհաշինական ոլորտի պատասխանատուներ:

Խոսելով ճանապարհային խորհրդի ստեղծման կարևորության մասին՝ նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ խորհրդի գործունեությունը հնարավորություն կտա թափանցիկ և խիստ որոշակի չափանիշների հիման վրա  որոշել ճանապարհային ոլորտում կատարվող ներդրումների առաջնահերթությունը:

«Ճանապարհային ոլորտը կարգավորող հանձնաժողովի առաջին նիստում մենք քննարկման կներկայացնենք մեր ռազմավարությունը, և համոզված եմ, որ յուրաքանչյուրիդ փորձն ու առաջարկությունները ներդնելով հանձնաժողովի աշխատանքներում՝  ապագայում կկարողանանք արդյունավետ աշխատել»,-ասաց Գագիկ Բեգլարյանը:

Խորհրդի անդրանիկ նիստում քննարկվեց միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և զարգացման առաջնահերթությունների որոշման հայեցակարգի նախագիծը, մշակված փաստաթղթի վերաբերյալ խորհրդի անդամները ներկայացրին իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

Մանրամասները տեսանյութում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Դոլարը՝414 դրամ

դոլարԱպրիլի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 5,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414 դրամ:

Անկախ

ԿԳՆ-ի դիմաց բողոքի ակցիա անցկացնող մանկավարժները մի քանի տասնյակ ստորագրություններով պահանջագիր հանձնեցին Արմեն Աշոտյանին

դեմ եմԱյսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության դիմաց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիա անցկացրեցին մանկավարժներն ու «ԴԵՄ եմ» շարժման ակտիվիստները:

Բողոքի ակցիայի մասնակիցների հետ բանակցելու իջավ ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Սամվել Ղազարյանը: Ակցիայի մասնակիցները, սակայն, չցանկացան երկխոսել Սամվել Ղազարյանի հետ` պահանջելով Կրթության նախարար Արմեն Աշոտյանին:

«ԴԵՄ եմ» շարժման անդամները պահանջեցին ՀՀ ԿԳ նախարարից ենթարկվել Հայաստանի բարձրագույն դատարանի որոշմանը՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: Նրանք մի քանի տասնյակ ստորագրություններով պահանջագիր ներկայացրին ԿԳ նախարարին:

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ապրիլի 2-ին հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը: Որոշման համաձայն` Սահմանադրությանը հակասող ճանաչվեցին օրենքի մի շարք դրույթներ: Այդ որոշման պահանջն է մինչ սեպտեմբերի 30-ը մշակել նոր օրենսդրական փաթեթ, որը չի հակասի Սահմանադրությանը:

ՀՀ նոր կառավարությունը ապրիլի 23-ի նիստի ժամանակ հաստատեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին նախագիծը: Նախագծով  առաջարկվում է գործատուին  ազատել վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) 2014 թվականի հունվար-ապրիլի կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից:

Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կողմ քվեարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունները կասեցնելու մասին օրենքի նախագծի ներառմանը առաջիկա քառօրյայի օրակարգ:

Անկախ

Բացառում ենք որևէ քաղաքական համագործակցություն Սերժ Սարգսյանի կամ կառավարության հետ. Արամ Մանուկյան

Արամ ՄանուկյանՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասօր ԱԺ հայտարարությունների ժամին տեղեկացրեց, որ իր խմբակցությունը նամակ է ստացել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանից, որով վերջինս ՀԱԿ-ին հրավիրում է` մինալու կուտակայինի հարցերը քննող հանձնաժողովի աշխատանքներին, որտեղ պետք է փորձեն փոխհամաձայնության գալ: Արամ Մանուկյանը ոչ միայն հրապարակեց այս ինֆորմացիան ու մերժեց հրավերը, այլև հրապարակավ ուղղեց վարչապետի լեզվական սխալները. «Պարոն Աբրահամյան, «փոխհամաձայնություն» բառ գոյություն չունի, «փոխ» մասնիկն ավելորդ է, քանի որ համաձայնություն բառն արդեն իսկ փոխադարձության իմաստ է արտահայտում: Դեմ ենք Ձեր այս առաջարկին: Կուտակայինի հետ կապված որևէ բան մեր դիրքորոշման մեջ չի փոխվել, որևէ հանձնաժողովի միանալու խնդիր չունենք, մաս չենք կազմելու որևէ կառավարության, չենք մտնելու որևէ ծրագրի մեջ: Այս իշխանությունում են կոռումպացված, վարկաբեկված մարդիկ, և որևէ կառավարություն չի կարող դուրս գալ Սերժ Սարգսյանի գծած նշագծից: Իսկ նա այս պահին երկու նշագիծ դրել է` կուտակայինի պարտադիր դառնալը և Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությանը  չկպչելը: Հիշեցնեմ, որ մինչ վարչապետի հրաժարականը մենք միայն կառավարության փոփոխություն չէինք պահանջում, այլ պահանջում էինք պատժել  Տիգրան Սարգսյանին օֆշորի, գազի, Որոտանի և այլնի համար: Այս պարագայում մենք բացառում ենք որևէ քաղաքական համագործակցություն Սերժ Սարգսյանի կամ կառավարության հետ»:

Անկախ

Տեղի ունեցավ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի իտալարեն թարգմանության շնորհանդեսը

215. Book presentation in Italy 29.04.2014Ապրիլի 28-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը վատիկանյան «Չենտրո Ռուսիա էկումենիկա» (Centro Russia Ecumenica) մշակութային կետրոնում կազմակերպեց ռումինահայ գրող, քաղաքական գործիչ, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» գրքի իտալարեն թարգմանության շնորհանդեսը:

Ողջունելով ներկաներին՝ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանն իր ելույթում ընդգծեց ցեղասպանություն վերապրածների հետագա սերունդների կողմից՝ պապերի տեսած սարսափելի իրադարձությունների մասին հուշերը  ամբողջ աշխարհով բարձրաձայն հնչեցնելու կարևորությունը:

Շնորհանդեսի շուրջ 100 ներկաների թվում էին Վարուժան Ոսկանյանը, Սուրբ Աթոռի օրենսդրական տեքստերի քահանայապետական խորհրդի  նախագահ (Սուրբ Աթոռի արդարադատության նախարար) կարդինալ Ֆրանչեսկո Կոկոպալմերիոն, Սուրբ Աթոռի բարձաստիճան այլ ներկայացուցիչներ, Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսը, մասնավորապես՝ Պերուի, Ռուսաստանի, Ռումինիայի, Ուրուգվայի, Խորվաթիայի, Բուլղարիայի և այլ երկների դեսպաններն ու դիվանագետները, ինչպես նաև Հայ Առաքելական և Հայ Կաթողիկե եկեղեցիների  բարձաստիճան եկեղեցականներ, վատիկանյան, ռումինական և իտալական մշակույթի և գիտական  շրջանակների,  մամուլի, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տեղեկանք.

«Շշուկների մատյան» վեպը լույս է տեսել 2009 թ. Բուխարեստում: Թարգմանվել է իսպաներեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն, հայերեն և այլլ եզուներով: Իտալերեն թարգմանությունը լույս է տեսել 2011 թ.` Անիտա Բեռնակիայի (Anita Bernacchia) թարգմանությամբ, «ԿելլերԷդիտորե» հրատարակչատան կողմից: 

«Սա առաջին քայլն է». Արտեմ Ասատրյանը ներկայացրեց կուտակայինի պարտադիր բաղադրիչը կասեցնելու մասին օրինագիծը

Արտեմ ԱսատրյանԽորհրդարանում մեկնարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Ինչպես նշեց հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման պահանջներն ապահովելու նպատակով մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը կասեցվում է օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, իսկ պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձը ազատվում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ նախագիծը ներկայացվել է նորանշանակ վարչապետի կողմից՝ վերջին օրերին իրականացված տարբեր ձևաչափերի քննարկումների արդյունքում, և որ սա առաջին քայլն է առկա խնդրիներին ամբողջական լուծում տալու ճանապարհին:

Նա ներկայացրեց նաև Հովիկ Աբրահամյանի մոտեցումը, ըստ որի կենսաթոշակային բարեփոխումները կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար, բացի այդ, որ անհրաժեշտ է Աժ քննարկմանը ներկայացնել համապատասխան օրենքի նախագիծ, որով կկասեցվի տույժերի հաշվարկը և ի վերջո, որ ՍԴ որոշումից հետո առաջ եկած խնդիրները պետք է լուծում ստանան, և դրանք լուծելու համար պետք է ներկայացվի ամբողջական օրենսդրական փաթեթ՝ համահունչ ՍԴ և հասարակության լայն շերտերի պահանջներին:

“Վարչապետը դիմել է նաև բոլոր խմբակցություններին, որ ձևավորվելիք աշխատանքային խմբում ներառվեն նաև նրանց ներկայացուցիչները”,-ասաց Արտեմ Ասատրյանը:

Խոսելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտության մասին՝ նա ասաց, որ գործող համակարգը, եթե չդիտարկենք պարտադիր բաղադրիչը, ևս պարտադիր է, քանի որ հիմա էլ քաղաքացիները վճարում են եկամտային հարկ, սակայն դրանք գնում են պետական բյուջե, իսկ անձը հետագայում տարբերակված թոշակ ստանալու հնարավորություն չունի, քանի որ բոլորի համար համակարգը նույնն է:

“Նոր համակարգի նոր բաղադրիչների ներդրումը նշանակում է լրացուցիչ խնայողություններ հետագա բարձր թոշակների համար: Համակարգային փոփոխություններն անհրաժեշտ են, և այս խնդիրը չի քննարկվում որևէ կողմից: Այլ հարց է, որ կան խնդիրներ, որոք պետք է համապատասխան լուծումներ ունենան, և համակարգն առավել ընդունելի լինի հանրության համար: Կենսաթոշակային համակարգն, ի վերջո, նպատակ է հետապնդում ապահովել մեր բոլորիս բարեկեցիկ ծերությունը”,-նշեց նախարարը:

Նա հավելեց, որ պատրաստակամ են խնդիրը բոլոր կողմերի հետ քննարկելու հարցում, և այս նախաձեռնությունը առաջին քայլն է քննարկումների հետագա դաշտը ձևավորելու համար:

Պատգամավոր Խաչատոր Քոքոբելյանը նախարարին հարց ուղղեց, թե նրանք, ովքեր արդեն այդ գումարները փոխանցել են հետագայում գումարների վերադարձ տեղի ունենալու է, թե ոչ, եթե սեպտեմբերի 30-ից հետո էլ պարտադիր բաղադրիչը կասեցվի:

Արտեմ Ասատրյանը նախ նշեց, որ 127 000 քաղաքացիների համար բացվել են կենսաթոշակային հաշիվներ և կատարվել են վճարումներ՝ փոխադարձ համաձայնության պայմաններում, և որ պետք է նկատի ունենալ, որ այդ գումարներն այդ մարդկանց սեփականությունն են և լրացուցիչ եկամուտներ են բերում այդ անձանց:

Ինչ վերաբերում է գումարների հետվերադարձի խնդրին, ապա նախարարն ասաց, որ այս քննարկումների ընթացքում իրենք կգտնենք նաև այդ հարցի պատասխանը:

Հարցի քննարկումը կշարունակվի վաղը:

 

Անկախ

Ծաղկաձորում անցկացվեց «Ավելի շատ կամավորներ» միջազգային երիտասարդական դասընթացը

6Ապրիլի 19-ից 27-ը Համագործակցության և զարգացման ակադեմիա ՀԿ-ի կողմից Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի հետ համագործակցությամբ Ծաղկաձորում անցկացվեց  միջազգային երիտասարդական դասընթաց՝  «Ավելի շատ կամավորներ» խորագրով:

Միջազգային դասընթացին մասնակցում էր 24 մասնակից՝ ԵՄ և հարևան երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ուկրաինա, Ռումինիա և Պորտուգալիա:

«Ավելի շատ կամավորներ» դասընթացը (անգլերեն «MORE» բառը «Կամավորներին հասնելու և հզորացնելու հնարավորությունների բազմապատկում» արտահայտության հապավումն է) նպատակ ունի հասնելու և հզորացնելու այն կազմակերպություններին, որոնք աշխատում են երիտասարդների հետ՝ բարելավելու կամավորության որակը՝ կամավորների անձնական և մասնագիտական զարգացումը ավելի բարձր աստիճանի հասցնելով:

7-օրյա դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին ուսումնասիրելու երիտասարդների համար կամավորության հնարավորությունների զարգացման և տարածման առանցքային սկզբունքները, համալրման և ընտրության լավագույն փորձը և մի շարք արդյունավետ և օգտակար մեթոդներ՝ երիտասարդներին աջակցելու և ճիշտ ղեկավարելու համար:
Ծրագրի ընթացքում լայնորեն կիրառվել են ոչ ֆորմալ կրթության տարատեսակ գործիքներ, ինչպես օրինակ՝ սեմինարներ, բանավեճեր, վարժություններ, հետադարձ կապի և գնահատման հանդիպումներ, մշակութային երեկոներ և այլն: Ծրագրային օրերի ընթացքում «Դեպի Հայք» հիմնադրամից, Հայկական կամավորական կորպուսից, Հայաստանյան երիտասարդական բանկից և ԱՄՆ Կամավորական կորպուսից հրավիրված կամավորները իրենց փորփով կիսվեցին մասնակիցների հետ՝ ներկայացնելով նաև իրենց առօրյան, մնալու բարդություններն ու այլ մարտահրավերներ, ինչպես նաև կամավորության օգտավետությունն ու արժեքը:

Մասնակիցներն իրենք էլ ներդրում ունեցան կրթական գործընթացին՝ ներկայացնելով իրավիճակը իրենց հասարակություններում, կիսվելով նաև իրենց ներկայացրած կազմակերպությունների լավագույն փորձով:

Դասընթացի ընթացքում մասնակիցները այցելեցին «Սևանի երիտասարդական կազմակերպություն» ՀԿ, ինչպես նաև հնարավորություն ունեցան այցելել Երևան՝ բացահայտելու հյուրընկալող երկրի՝ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ու ազգային առանձնահատկությունները:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ֆինանսավորմամբ, «Զարգացման և համագործակցության ակադեմիա» հասարակական կազմակերպության հյուրընկալմամբ և «Դիլիջանի երիտասարտության համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

«Զարգացման և համագործակցության ակադեմիա» ՀԿ

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն այցելել է Շինարարների 15 վթարային շենք

1(1)Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանի հետ այցելել է Շինարարների փողոցի 15 հասցեում գտնվող 4-րդ աստիճանի վթարայնության շենք և հանդիպել բնակարանից չտեղափոխվող ընտանիքի անդամների հետ:

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ այցելել են այս հասցեի բնակիչներին, ինչպես նաև քանիցս հանդիպումներ են ունեցել նրանց հետ նաև Երևանի քաղաքապետարանում: 2013 թվականի տարեվերջին քաղաքապետարանում կազմակերպված նման հերթական հանդիպման ընթացքում, ներկայում վթարային շենքի բնակարանը լքել հրաժարվող ընտանիքի անունից հանդես եկող լիազոր ներկայացուցիչ Խանում Հովսեփյանն իր համաձայնությունն էր տվել ամբողջությամբ ազատել բնակարանն ու տվյալ հասցեում հաշվառված ընտանիքի բոլոր անդամների հետ միասին, 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում, տեղափոխվել իրենց հատկացված նոր բնակարան: Ի դեպ, նշված հանդիպումն ամբողջությամբ տեսանկարահանվել է և, անհրաժեշտության դեպքում, այդ տեսագրությունը կտրամադրվի ցանկացողներին: Ինչևէ, Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ վերը նշված 1 սենյականոց բնակարանի դիմաց տվյալ ընտանիքին հատկացվել է համարժեք 1 սենյականոց բնակարան՝ նորակառույց Մարգարյան 37 շենքում: Նշենք նաև, որ հատկացված բնակարանը, օրենսդրությամբ սահմանված կարգով, տրվել է տվյալ հասցեում հաշվառված և բնակարանի նկատմամբ իրավունքներ ունեցող բոլոր անձանց, այդ թվում նաև ընտանիքի ամուսնալուծված հորը՝ Սամվել Ադամյանին: Որոշման պահանջների համաձայն՝ սահմանված ժամկետում բնակիչները պետք է ազատեին զբաղեցրած տարածքները:

Հաշվի առնելով շենքի փլուզման սպառնալիքի հանգամանքը և անկանխատեսելի հետևանքները, որոնց դեպքում վտանգ է սպառնում շենքի հարակից ընդհանուր օգտագործման տարածքներից օգտվող այլ քաղաքացիների կյանքին ու առողջությանը, օրեր առաջ մեկնարկել էին շենքի քանդման աշխատանքները: Մինչ այդ արձանագրվել էր, որ  վերը նշված ընտանիքը տեղափոխվել է նոր բնակարան:

Ներընտանեկան խնդիրներով պայմանավորված՝ տվյալ բնակարանի նկատմամբ իրավունքներ ունեցող Սամվել Ադամյանը, սակայն, այժմ հրաժարվում է ազատել բնակարանը՝ ակնկալելով ստանալ լրացուցիչ բնակարան: Ընտանիքի մյուս անդամներն էլ հրաժարվում են վերադարձնել հատկացված բնակարանը:

Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, զրուցելով ընտանիքի անդամների հետ, մեկ անգամ ևս բացատրել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագիրը չի ենթադրում բնակարանային պայմանների բարելավում, այլ  վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցում է, որի շրջանակում առկա բնակարանի դիմաց տրամադրվում է համարժեք բնակարան:

«Վերաբնակեցման գործընթացի ողջ ընթացքում Երևանի քաղաքապետարանը մշտապես կարևորել է բնակիչների շահերն ու հաշվի առել ներկայացվող առաջարկները: Նաև այդ նպատակով էր, որ այս ընտանիքին հատկացվող բնակարանի և հարկաբաժնի ընտրությունը որոշեցինք թողնել հենց բնակչին: Նաև ուզում եմ հատուկ ընդգծել, որ նորակառույց շենքում այս ընտանիքին տրամադրված բնակարանի մակերեսն ավելի մեծ է, քան այն, ինչը նրանք տնօրինել են վթարային շենքում: Հավելեմ, որ, համաձայն գործող օրեսնդրության և Երևանի քաղաքապետի համապատասխան որոշման, որով հատկացվել է նոր բնակարանը, եթե սահմանված ժամկետում բնակիչներն ամբողջությամբ դատարկ վիճակում չեն հանձնում բնակարանը, ապա այդ դեպքում որոշումը մեխանիկորեն կարող է չեղյալ հայտարարվել: Բազմիցս նշել եմ ու կրկին կասեմ, որ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրի շրջանակում բնակարանները հատկացվում են զբաղեցրած բնակարանը հաշվի առնելով»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:

Քաղաքապետի տեղակալը նաև հատկանշել է, որ Սամվել Ադամյանը կարող է վիճարկել քաղաքապետարանի գործողությունները դատարանում և ներկայացնել լրացուցիչ բնակարան ստանալու իր պահանջը, իսկ մինչ այդ, վտանգից խուսափելու նպատակով, կոչ է արել ազատել բնակարանը և հարցը չշահարկել քանդվող շենքում:

Վահե Նիկոյանը տեղում հանդիպել և զրուցել է նաև Սամվել Ադամյանի փաստաբան Տիգրան Մուրադյանի հետ: Հանգամանալից ներկայացնելով խնդրի էությունն ու վերաբնակեցման ծրագրի իրավական պահանջները՝ Վահե Նիկոյանը հորդորել է փաստաբանին զերծ մնալ քաղաքապետարանի գործողություններին որակումներ տալուց և առանց իրավական հիմնավոր փաստարկների քաղաքապետարանի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու գայթակղությունից: Ի դեպ, փաստաբանն ընդունել է, որ քաղաքապետի տեղակալի կողմից ներկայացված որոշ հիմնավորումների մասին ինքը տեղեկացված չի եղել:

Նշենք նաև, որ Շինարարների 15 հասցեում գտնվող քանդման ենթակա շենքի տեղում քաղաքապետարանի ծրագրով կառուցվելու է նոր շենք, որը տրամադրվելու է  4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ աշխատանքները դադարեցվել են, և գործընթացը ժամանակավորապես կասեցվել է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Սպասվում են կարճատեև տեղումներ

եղանակը հայաստանումՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութունից Անկախին հայտնեցին, որ Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 30-ին, մայիսի 1-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-1-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

 Երևանում` 
Ապրիլի 30-ին, մայիսի 1-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպրոպ, կա անձրևի փոքր հավանականություն:

Երևան քաղաքի ապրիլի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 26.00C (2008թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -8.00C (2003թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 9.90C

Շատերն են սիրում դասական երաժշտություն, պարզապես դեռ չգիտեն դրա մասին. Սերգեյ Սմբատյան

սմբատյան«Կարևոր է, որ մենք կարողանանք հետաքրքրություն ստեղծել երիտասարդների համար: Մեր համերգներն  անցնում են լեփ-լեցուն դահլիճներում, և դա վկայում է արդեն մեծ հետաքրքրության մասին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:

«Բացասական կարծիք միշտ էլ կա, և լավ է որ կա, բայց դրան միշտ պետք է հաջորդի առաջարկ, պետք է ուղի մատնանշվի: Ցավոք, Հայաստանում միշտ կա բացասական կարծիք և վերջ»,- ասում է նա:

Դիրիժորը նշեց, որ երիտասարդական նվագախումբը ամեն ինչ անում է դասական երաժշտությունը հասանելի  դարձնելու և ժողովրդականացնելու համար: Դեռ 2013 թվականին նվագախումբը սկսել է «Hollywood Non-Stop» համերգների շարքը, որը միտված էր հոլիվուդյան հայտնի ֆիլմերի երաժշտության միջոցով երիտասարդների համար ավելի գրավիչ դարձնել դասական երաժշտությունը:

«Դասական երաժշտությունն էլ կարող է լինել փոփ երաժշտություն, սակայն դա պետք է ճիշտ մեկնաբանել: Ճիշտ է, «Hollywood Non-Stop»-ը մի փոքր դուրս էր ստանդարտներից, բայց սրանով մենք ցույց տվեցինք նվագախմբի այլ մտածելակերպը»,- նշեց Սմբատյանը` հավելեով, որ շատ երիտասարդներ սիրում են դասական երաժշտություն, պարզապես դրա մասին դեռևս չգիտեն: Նրա կարծիքով` խնդիրը ճիշտ մատուցման մեջ է, և, եթե երաժշտական կոլեկտիվները կարողանան ճիշտ մատուցել, պահանջարկը միշտ էլ կլինի:

«Երկու ամիս առաջ Գյումրիում համերգ ունեցանք, մարդիկ ունեին ցանկություն այցելելու, բայց տոմս չկար այլևս, նրանք մեզ բազմաթիվ նամակներ գրեցին, այդ պատճառով մեկ օրում երկու համերգ ունեցանք»,-նշեց Սերգեյ Սմբատյանը:

«Non-Stop» ծրագիրն  այս տարի ևս կունենա շարունակություն: Այս անգամ նվագախումբը համերգաշարի շրջանակներում հանդես կգա «Cartoon Non-stop» խորագրի ներքո` նպատակ ունենալով արդեն երեխաներին ծանոթացնել դասական երաժշտությանը:

Երիտասարդական նվագախմբի ղեկավարը խոստանում է, որ մոտակա տարիների ընթացքում մեծ անակնկալներ կլինեն երաժշտասերների համար:

Նվագախմբի առաջիկա համերգը տեղի կունենա մայիսի հինգին: Համերգի ծրագրում կլինեն ռուս մեծ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ստեղծագործությունները:

 

Տեղի է ունեցել առողջապահական հարցերին նվիրված միջգերատեսչական քննարկում

IMG_1778 copyԱպրիլի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել առողջապահական հարցերին նվիրված միջգերատեսչական քննարկում, որին մասնակցել են  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, ՀՀ զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը, զորակոչի խնդիրներով զբաղվող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կանխարգելիչ պատվաստումների ընթացքը, հակահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպման, ՊՆ ենթակայության ներքո առանձին շրջանային հիվանդանոցների վերագործարկման, ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման հեռանկարներին և ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցության կազմակերպման, ինչպես նաև զինծառայողների սոցիալական ապահովման խնդիրներին առնչվող հարցեր:

Վերոնշյալ խնդիրների ուղղությամբ կատարվելիք աշխատանքներն արդյունավետ անցկացնելու համար ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարները խորհրդակցության մասնակիցներին տվել են համապատասխան հանձնարարականներ:

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ավտոպատահարԱպրիլի 28-ին, ժամը 15.15-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա և պատճառել մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 23.15-ին, Երևանի Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն Տուառեգ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 23.30-ին, «ՎԱԶ-21115» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել անձը չպարզված երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով վարորդի ուղեկցությամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 11.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Նաիրա Վ.-ն և հայտնել, որ վնասվածքներն ստացել է Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 56 հասցեի դիմաց իրար են բախվել «Մերսեդես» և «Սուբառու» մակնիշի ավտոմեքենաներ:
Նույն օրը, ժամը 21.55-ին, «ձախ թիկնային շրջանի քերծված վերք, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել «Սուբառու»-ի 27-ամյա ուղևորը:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 28-ին, ժամը 08.45-ին, 27-ամյա մի երիտասարդ ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է տվել, որ Աղայան փողոցի թիվ 95/10 հասցեի մոտ իր մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել:
Մեկնած օպերատիվ խմբին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ նույն օրը, ժամը 08.45-ին, իր վարած «Նիսան Էքստրայլ» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 46-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ