«Իմ Շեքսպիրը» մրցույթը` Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին ընդառաջ

birthday024Այս տարի ողջ աշխարհում կազմակերպվում են բոլոր ժամանակների մեծագույն դրամատուրգ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակի նվիրված միջոցառումներ: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը ևս անմասն չի մնում և կազմակերպում է «Իմ Շեքսպիրը» մրցույթը:

Մայրաքաղաքի և մարզերի 7 դպրոցի (ԱՅԲ դպրոց, Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոց, Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոց, «Հայաստանում ֆրանսիական քոլեջ» հիմնադրամ, «Հայ կրթություն» կրթական հիմնադրամ, Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոց և Տավուշի մարզի Զորական գյուղի դպրոց) 56 աշակերտներ կմրցեն Շեքսպիրի մասին իրենց գիտելիքներով: Մրցույթի ընթացքում կհնչեն հարցեր Շեքսպիրի կյանքից և ստեղծագործություններից, ինչպես նաև աշակերտները կներկայացնեն Շեքսպիրի պիեսների բեմադրությունները`ժամանակակից մեկնաբանմամբ:

Աշակերտներին կգնահատեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ԵՊՀ դասախոս և Օքսֆորդի շրջանավարտ Անի Կոջոյանը և Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:

Հաղթող թիմի մասնակիցները կստանան eReader-ներ: Բոլոր մասնակիցները կստանան խրախուսական մրցանակներ, իսկ դպրոցների գրադարաններին Բրիտանական խորհուրդը կնվիրի Շեքսպիրի «Համլետ» պիեսի հայերեն թարգմանությունը:

Շեքսպիրի 450-ամյակն ապրիլի 23-ին մեծ շուքով կնշվի Ստրեդֆորդ քաղաքում և կշարունակվի մինչև ապրիլի 27-ը: Անգլիացի մեծագույն դրամատուրգի ծննդյան օրը յուրաքանչյուր տարի նշվում է Շեքսպիրի ծննդավայրում: Առաջին անգամ Ստրետֆորդում Շեքսպիրի ծննդյան օրը նշվել է 1824 թվականին և այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս:

Այս տարի ծննդյան տոնակատարություններին մասնակցելու համար Ստրետֆորդ կժամանեն դերասաններ, արվեստագետներ, շեքսպիրագետներ և դեսպաններ ողջ աշխարհից:

Այս տարի արդեն ապօրինի ծառահատման 65 դեպք է գրանցվել. «Հայանտառ» ՊՈԱԿ

ծառհատումԱյսօր ամբողջ աշխարհում նշվում է անտառի միջազգային օրը: Օրվա առիթով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը խոսեց Հայաստանի տարածքում գտնվող անտառներում տիրող իրավիճակի մասին:

Գլխավոր անտառապետի խոսքով` վերջին երկու տարվա ընթացքում 714 հեկտար անտառ է հիմնվել: Փոխարենը 2013 թվականի ընթացքում 928 ծառ է ապօրինի հատվել: 2012 թվականի համեմատ ապօրինի ծառահատումների թիվը նվազել է, 2012-ին դրանց թիվը կազմել է 1320:

«Անտառավերականգնման աշխատանքների նոր կարգ է ընդունվել: Բացի այդ` միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրեր ենք իրականացնում, կա համագործակցություն, սակայն դա էլ բավարար չէ, որ անտառները լիարժեք բարելավվեն»,- ասաց Ռուբեն Պետրոսյանը:

Ըստ գլխավոր անտառապետի` Հայաստանը գլոբալ խնդիրներ ունի անտառների հետ կապված, ինչը պայմանավորված չէ միայն ծառահատումներով: 1994 թվականին հաջորդած տարիներին ծառահատումների միտումը գնալով նվազել է ու այս առումով, ամեն տարի դրական առաջընթաց է արձանագրվում: Ամենաշատ անտառային հրդեհները եղել են 2010-ին Սյունիքի մարզում, սակայն վերջին շրջանում ձեռք բերված սարքավորումների շնորհիվ արդեն անտառներին հասցվող վնասները նվազել են, քանի որ կրակը շատ արագ մարվում է:

Հարցին` որքանո՞վ է գազի գնի թանկացումն անդրադարձել անտառների վրա, Ռուբեն Պետրոսյանը պատասխանեց. «Մենք գարնանային ստուգումները կանենք մայիսին, այս պահի դրությամբ 2014-ին 65 ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեծ տարբերություն չկա»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է պետբյուջեից ֆինանսավորմանը, Ռուբեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ պետբյուջեից անցյալ տարի հատկացվել է 800 մլն դրամ, այս տարի` 900 մլն-ից ավելի և գնալով այս թիվն ավելանալու է, թեև այդ գումարը բավարար չէ անտառտնտեսության վերականգնման համար:

 

«Ղրիմի հանրաքվեն անցկացվել է քաղաքացիների սահմանադրական իրավունքի և օրենքի խախտմամբ». Ուկրաինայի դեսպան

Իվան ԿուխտաՀայ-ուկրաինական հարաբերությունները բոլոր ուղղություններով շատ լավ զարգանում են և դեռ ավելի կլավանան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Դեսպանն անդրադարձավ ԱՊՀ կազմից դուրս գալու Ուկրաինայի հայտարարությանը` նկատելով, որ իմաստ չունի մնալ այն կառույցի կազմում, որը որևէ օգուտ չի բերում, մի կազմակերպություն, որտեղ հավաքվում են թեյ խմելու, ոչ մեկին պետք չէ: Դեսպանի խոսքով` ԱՊՀ երկրների նախարարները մինչ օրս չեն հավաքվել ու քննարկել Ուկրաինայի հարցը:
Անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին և Ուկրաինայի` այդ մտքի հետ համակերպվելու փաստին` Իվան Կուխտան այսպես պատասխանեց. «Ղրիմի հանրաքվեն անցկացվել է քաղաքացիների սահմանադրական իրավունքի և օրենքի խախտմամբ: Այս մասին է վկայում նաև միջազգային հանրությունը, միջազգային բոլոր կազմակերպությունները, բացառությամբ մի քանիսի: Եթե խախտվեր ձեր Սահմանադրական իրավունքը, կհամակերպվե՞իք»:
Դեսպանը ձեռնպահ մնաց գնահատական տալ Հայաստանի իշխանությունների՝ ուկրաինական իրադարձությունների արձագանքը մեկնաբանելուց, և հորդորեց դրա համար դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարի և Հայաստանի նախագահի լրատվական ծառայություն:
Այն դիտարկմանը, թե Ուկրաինան Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ է սահմանում, հնարավո՞ր է նույնն անի նաև Հայաստանի դեպքում, Իվան Կուխտան պատասխանեց. «Հայաստանի և Ուկրաինայի միջև վիզային ռեժիմ չկա, ռեժիմի սահմանումը հավանական չեմ համարում»:

Անկախ

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Մուրադ Մուրադյանին և Արարատ Աղասյանին

002 (1)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ–Պետերբուրգի գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանին և Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին նախագահ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Գյումրի–վերածնունդ» բարեգործական–հասարակական կազմակերպության նախագահ, Փարիզ, Գյումրի և Երևան քաղաքների պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանին:

001 (6)Շնորհավորելով բնակարանների տրամադրման կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց անձնական ներդրումը ինչպես հայ մշակույթի, այնպես էլ Երևանի զարգացման գործում. «Արդեն երկրորդ տարին է, ինչ հանրապետության Նախագահի առաջարկությամբ մենք բնակարաններ ենք հանձնում մեր ճանաչված ու վաստակաշատ քաղաքացիներին, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն: Վստահեցնում եմ, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքականությունը լինելու է շարունակական և, տա Աստված, մենք այնքան հնարավորություններ ունենանք, որ այս խնդիրն ունեցող վաստակաշատ մեր համաքաղաքացիներին օր առաջ ապահովենք սեփական տանիքով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

Մուրադ Մուրադյանն ու Արարատ Աղասյանն էլ, շնորհակալություն հայտնելով իրենց վաստակը գնահատելու համար, նշել են, որ քաղաքային իշխանության սույն որոշումն իրենց համար իսկապես հաճելի ու երկար սպասված անակնկալ էր։

Նշենք, որ Երևանի ավագանին մարտի 19-ին գումարած նիստում որոշում էր կայացրել Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանները տրամադրել Արարատ Աղասյանին և Մուրադ Մուրադյանին:

 

Անկախ

Հայաստանում մինչև 55 տարեկան 65 000 հարցվածներից միայն 10-ն են իրենց լիարժեք երջանիկ են համարում

Ահարոն ԱդիբեկյանԱյսօր՝ Երջանկության միջազգային օրը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով սոցիոլոգիական հետազոտության արդյունքները` «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Հայաստանում մինչև 55 տարեկան 65 հազար հարցվածներից միայն 10-ն են իրենց լիարժեք երջանիկ են համարում:

Սոցհարցման արդյունքները ցույց են տվել, որ հայերի համար հաջողակ, հարուստ լինելը չափանիշ չէ, հայը բավարարվում է միջին ապրելակերպով:

«Հայերն ապրում են ուրիշների նման և, եթե մեկն իրենցից ավելի լավ է ապրում, շքեղ մեքենա է վարում, պարսավանքի է արժանանում: Մենք ձգտում ենք համայնքային, միօրինակ չափանիշների՝ տուն, երեխաներ, հաջողակ ամուսնություն: Այնինչ յուրաքանչյուրը պետք է լինի անհատապես երջանիկ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով` կանացի և տղամարդկային երջանկությունները տարբեր են: Կանայք անձնական երջանկության համար անպայման պետք է մայրանան, տղամարդիկ էլ տան և ընտանիքի բարեկեցության համար պատասխանատվություն կրող դառնան: Ապահարզանները ևս երջանկության ընկալման մեջ են:
«Երջանիկ լինելը իմաստության խնդիր է, ժամանակին զիջել կարողանալու ունակություն: Ամենաերջանիկը Կարիբյան ավազանի ժողովուրդներն են, քանի որ երջանկության նրանց պահանջները մեծ չեն, դրանք բավարարելը հեշտ է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ըստ համաշխարհային վիճակագրության՝ Հայաստանը 190 երկրների շարքում երջանկության ցուցանիշով 80-րդն է»,- ասաց սոցիոլագը:

Անկախ

Facebook-ը մարդկանց նման կսկսի ճանաչել դեմքերը

532959fa-881e-cdcd-881e-cdc2598e7679.photo.0Facebook սոցցանցը ստեղծել է համակարգչային ալգորիթմ, որը հնարավորություն կստեղծի համեմատելու մարդկանց դեմքերը մի քանի լուսանկարներում, ու  նմանություններ հայտնաբերել  մարդկանց նման:

Նախագիծը ստացել է DeepFace անվանումը.այն պատրաստվում են ներկայացնել  համակարգչային տեսողությանն ու  օրինակների ճանաչմանը նվիրված   գիտական CVPR կոնֆերանսի ժամանակ:

DeepFace-ը մարդկանց տարբերում է 97,25% ճշգրտությամբ, մինչդեռ կենդանի մարդիկ նման թեսթի ժամանակ 97,5 % են հավաքում:

DeepFace-ի աշխատանքի ապահովման համար ստեղծվում է մարդու գլխի 3D մոդել, որը կարելի է դիտել ցանկացած պրոյեկցիայում: Վերլուծվում են նաև պատկերի գույները,  ինչը հնարավորություն կտա գտնել դեմքի կառուցվածքի առանձնահատկությունները:

Դեմքերի ճանաչման տեխնոլոգիան Facebook-լուսանկարներում օգտատերերի  ճանաչման նպատակով սկսել են օգտագործել դեռևս 2011-ից:  Դրա շնորհիվ ոստիկանությանն արդեն հաջողվել է  մի քանի վտանգավոր հանցագործների գտնել: Սակայն, գոյություն ունեցող հնարավորությունը շատ սահմանափակ է ալգորիթմի միակողմանիության պատճառով: Իսկ նոր DeepFace  տեխնոլոգիան նախորդից 25%-ով ավելի ճշգրիտ   տվյալներ է հաղորդում:

Անկախ

Ազգային արխիվը կստեղծի հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան,

ամատունի վիրաբյանՀայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Հայաստանի ազգային արխիվը փորձում է ստեղծել Հայոց ցեղասպանության զոհերի անունների շտեմարան, սակայն ակնհայտ է, որ մեծ հաջողություններ չեն լինի, քանի որ դա արդեն ուշացած է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքով՝ եթե 1920-30-ական թվականներին նման շտեմարան ստեղծեին, շատ մեծ տվյալներ կունենային, բայց արդեն բավական ուշացել են և միայն գրառված անուններն են, որ կարող, որ պահպանվել են: Այս պահի դրությամբ 200-300 հազար անուն կա:

ՙՙՄենք փորձելու ենք, թեև ուշացած, սակայն ստեղծել Ցեղասպանության զոհերի անունների շտեմարան: Այսօր հավաքում ենք արխիվներում, փաստաթղթերում տեղ գտած անունները, ինչն ուշացած է: Ի վերջո, մենք հայրենիք ենք կորցրել, եկեղեցիները, մշակութային արժեքները, ձեռագրերը, նյութական միջոցները: Պատահական չէ, որ 1918-1919-ին Թումանյանի ղեկավարությամբ Թիֆլիսում ստեղծվել է հանձնախումբ, որ հաշվել է, թե հայերն ինչ կորուստներ են ունեցել պատերազմի ժամանակ՚՚,- ասաց պատմաբանը: Ինչ վերաբերում է փաստաթղթերի թվայնացմանը՝ Ամատունի Վիրաբյանը նշեց, որ 900.000-ի սահմանն անցել են թվայնացված փաստաթղթերը:

Պատմական անդրադարձ կատարելով՝ Ամատունի Վիրաբյանը նշեց, որ Արևմտյան Հայաստանի բոլոր նահանգներում հայկական ջարդերի սցենարը նույնն է եղել: Երբ թուրքերը անցել են ոչնչացնելու գործողությանը, հայերը դիմել են ինքնապաշտպանության: Ձեռագիրը կա, նույն սցենարն է:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Հայաստանի ազգային արխիվը հրատարակել է 3 հատորանոց ժողովածու՝ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» վերնագրով: Գիրքն արդեն թարգմանվել են անգլերեն լոզվով, և մինչ 2015թվականը  նախատեսվում է ժողովածուն ևս մի քանի լեզուներով թարգմանել:

Ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը

ձերբակալվելՊաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի իրականացման շրջանակներում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ օպերատիվ բաժնի և քննչական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2014 թվականի մարտի 19-ին ժամը 17.10-ին Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝  3900 ԱՄՆ դոլար գումար  կաշառք  ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր-Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի  311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում:            

Ձերբակալվել է նաև նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը: 

ՊՆ-ից Անկախին հայտնեցին,որ նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

Պետական պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն` կա՛մ գիտնական են, կա՛մ պաշտոնյա. ԲՈՀ-ի նախագահ

լիլիթ արզումանյանՀարցազրույց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանի հետ

– Տիկին Արզումանյան, վերջերս ԲՈՀ-ի գործունեությունը հայտնվել է լրատվամիջոցների և հանրության ուշադրության կենտրոնում: Ինչո՞վ եք պայմանավորում աճող հետաքրքրությունը գիտական աստիճանաշնորհման համակարգի հանդեպ:

– Անկեղծ ասած` չգիտեմ: Ես էլ եմ զարմանում` ինչու հանկարծ ԲՈՀ-ը, որը չեմ կարծում` լայն հասարակական հետաքրքրությունների կենտրոնում պետք է լինի, քանի որ հասարակության մի մասի համար նախատեսված կառույց է, հանկարծ դարձավ համընդհանուր հետաքրքրության առարկա: Երևի բարձրաստիճան պետական չինովնիկների պաշտպանություններն էին պատճառը:

– Դեկտեմբերին, երբ Դուք նշանակվեցիք ԲՈՀ-ի նախագահ, հայտարարեցիք, որ պայքարելու եք անորակ աշխատանքների դեմ, ինչպես նաև մասնագիտական խորհուրդների աշխատանքի բարելավման համար: Այս ուղղությամբ ի՞նչ է կատարվել և դեռ ի՞նչ եք նախատեսում անել:

– Եթե կարճ ամփոփեմ` վերանայվել է ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման անվանացանկը, վերակառուցվել, վերաձևավորվել են բոլոր մասնագիտական խորհուրդները: Այսօր ունենք նոր մասնագիտական խորհուրդների ցանց ամբողջության մեջ, որոնք նոր մեխանիզմով են ձևավորվել` անվանացանկին և գիտական ներուժին համապատասխան:
Վերանայվել են ժողովածուները և պարբերականները: Այս ընթացքում 67 աշխատանք է վերադարձվել մասնագիտական խորհուրդներ, որոնք պաշտպանությունից հետո այստեղ չեն հաստատվել և հետ են ուղարկվել վերանայման:

– Իսկ նոր մասնագիտական խորհուրդների աշխատանքից գո՞հ եք:

– Դեռ վաղ է գնահատելը, որովհետև դրանք ձևավորվել են հունվար-փետրվար ամիսներին: Դեռ չեն հասցրել աշխատանքներ ներկայացնել: Հետո արդեն հետագա գործընթացը ցույց կտա, թե որքանով ենք արդյունքի հասել:

– Որքան գիտեմ, վերադարձված աշխատանքների հիմնական մասը տնտեսագիտության ոլորտից է: Ինչո՞ւ:

– Ուղղակի ինձ թվում է` ոլորտի անբարեխիղճ վերաբերմունքն է պատճառը: Գիտական աստիճանաշնորհումը, այնուամենայնիվ, գիտության հետ կապված երևույթ է, որակավորում ես երիտասարդ գիտնականի, բայց այսօր չես հասկանում, թե ինչ գործընթաց է դրա տակ: Այդքան գիտնական չի կարող ստեղծվել մի տարվա մեջ: Չգիտես, թե դա ինչ է, անհասկանալի է, թե ինչու են այդքան պաշտպանում: Ինձ համար գոնե անհասկանալի է:

– Իսկ ինչպե՞ս են պաշտպանում, եթե որակը չեն ապահովում:

– Դե, հիմա… Փաստերը ցույց են տալիս, որ պաշտպանում են:

– Հայաստանյան գիտական արդյունքի հիմնական մասն ապահովում են ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության ոլորտի ներկայացուցիչները, սակայն պաշտպանությունների թվով սրանք փոքր թիվ են կազմում: Ինչպե՞ս կբացատրեք:

– Իհարկե շատ քիչ չեն, բայց, այո, տնտեսագիտության հետ չեն համեմատվի. անհասկանալի է տնտեսագիտության այդ թիվն ընդհանուր համակարգում և ընդհանրապես հենց տնտեսագիտության բնագավառում: Ի՞նչ է արվում տնտեսագիտության ոլորտում և ո՞նց է այդքան գիտնական արտադրվում, ի՞նչ օգուտ են տալիս նրանք… Ոչ մի տվյալ հօգուտ այդ գործընթացի չի խոսում:

– Իսկ ԲՈՀ-ն ուսումնասիրություններ անո՞ւմ է այդ երևույթը հասկանալու համար:

– Դա զուտ բարոյական խնդիր է, ինչպե՞ս հասկանանք: Դա մեր ընդհանուր հասարակարգի բարոյական չափանիշների խաթարումից է գալիս:

– Մի կողմից` գիտությունն ու գիտնականն անտեսված են, մյուս կողմից` մոդայիկ է գիտական աստիճան ունենալը: Ինչպե՞ս կբացատրեք այս հակասական երևույթը:

– Ես չգիտեմ: Հարց եք տալիս, որի պատասխանը դժվարանում եմ ասել: Ինչո՞ւ են այսքան պաշտպանում, չգիտեմ: Երևի տեսականորեն կա ինչ-որ մտայնություն, որ ով հնարավորություն ունի ունենալու` պետք է ունենա: Այս թիվն ինձ համար էլ է անհասկանալի: Հասկանում եմ, որ պետք է սերնդափոխություն, բայց քանակը շատ ավելին է, քան պահանջարկ կա:

– Գիտությամբ զբաղվելն աշխատատար գործընթաց է: Երբ պաշտոնյաները պաշտպանում են, հարց է առաջանում, թե ինչպես են համատեղում մասնագիտական և գիտական գործունեությունը:

– Այո, ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ մեր պետական պաշտոնյաներին, որոնք հանկարծ որոշում են, օրինակ, դոկտոր դառնալ, ասեին` դարձար դոկտոր, լավ արեցիր, դե հիմա դուրս արի պաշտոնից ու գնա գիտության բնագավառ: Դարձար գիտնական` գնա աշխատիր որպես գիտնական: Պետք է դա ասվի: Պետական քաղաքականություն պետք է լինի: Պետական պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն` կամ գիտնական են, կամ պաշտոնյա, երկուսը միասին չի լինում:

– Իսկ ԲՈՀ-ը կարո՞ղ է օրինագիծ մշակել կամ առաջարկել, որով պաշտոնյաներին արգելվի պաշտպանել իրենց պաշտոնավարման ընթացքում:

– Դա ավելի շուտ քաղաքական որոշում է և ԲՈՀ-ի իրավասություններից դուրս է:

– Կան անձինք, ընկերություններ, որոնք գումարի դիմաց գիտական աշխատանքներ են գրում: Ձեր պաշտոնավարման ընթացքում գրանցվե՞լ է դեպք, երբ պատվերով գրված աշխատանքը բացահայտվել է: Ի՞նչ մեխանիզմներ կան այս երևույթի դեմ պայքարելու համար:

– Մեխանիզմներ չկան բացահայտելու` աշխատանքը պատվիրված է, թե ոչ: Մենք հո իրավաբանական հիմնարկ չենք: Ուղղակի հույսը մեր մասնագիտական խորհուրդների բարոյականության վրա է: Այսօր ուրիշ կռվան չկա: Այնտեղ է մաղվում, մերը երկրորդ փուլն է: Այստեղ ես փորձում եմ դա անել, և կարծես ստացվում է: Եթե աշխատանքը լավ է գրված, մենք ոչինչ չենք կարող անել, որովհետև գնահատում ենք ոչ թե անձին, այլ աշխատանքը: Այսօր հետ ուղարկված աշխատանքների զգալի մասն արտագրություններ են:
Բայց, կրկնում եմ, իրական մաղն այնտեղ է: Դաշտը կարգավորելու գործին պետք է լծվենք բոլորս: Մասնագիտական խորհուրդների նախագահները և անդամները պետք է հասկանան, որ ունենք մի դաշտ, որն այսօր մաքրելու, այնտեղ միայն գիտնականներին ներս թողնելու խնդիր ունենք: Ոչ գիտնականները, որոնք փորձում են խցկվել այդ դաշտ, չպետք է կարողանան խցկվել: Դա բոլորիս խնդիրն է: Վերջին հաշվով դա իրենց ավելի շատ պետք է նեղի, քանի որ ներս են թողնում գիտական դաշտ մի մարդու, որը դառնալով գիտությունների դոկտոր` դառնում է իրենց հավասար: Արդյոք դա ճի՞շտ է: Որ կողմից էլ նայում ես, էլի ծագում է բարոյական չափանիշների խնդիրը: Վարչարարությամբ դրա դեմն առնել հնարավոր չէ, կարելի է քայլեր ձեռնարկել, բայց լիովին անկարելի է դեմն առնել, եթե չկա բարոյական խնդիր:

– Բարոյական չափանիշներից բացի, մասնագիտական խորհուրդներն ի՞նչ նոր սկզբունքով են աշխատելու, որը պետք է նպաստի խնդրի կարգավորմանը:

– Չափանիշների պահպանման սկզբունքով, այդքանն էլ բավական է:

– Իսկ ի՞նչ բարեփոխումների կարիք կա ոլորտում:

– Նախարարի հետ մշակել ենք նոր չափանիշներ, մասնավորապես` հրապարակումների հետ կապված: Հիմա քննարկման փուլում է, երբ հաստատվի` բոլորդ կիմանաք:
Շատ կուզենայի, որ կոչումների կանոնակարգը վերանայվեր: Երևի այդ աշխատանքը կսկսենք, կվերանայենք:
Իսկ հեռահար ցանկությունն այն է, որ գիտական աստիճանի վկայագիր ստանա գիտնականը: Վերջին նպատակը դա պետք է լինի, որ գիտությունը մնա գիտնականին:

 

 

«Ժառանգութիւնը» դեռ չի կողմնորոշվել, թէ ինչ է անելու, բայց հրապարակը արդեն զբաղեցրել է

tekali11ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Պարզւում է, <<Ժառանգութիւնը>> դեռ չի կողմնորոշուել, թէ ինչ է անելու, բայց մի հարցում հստակ է. զբաղեցնել հրապարակը մարտի 28-ին ժամը 11-ից 23-ը։ ԱԻՄ-ից մի քիչ շուտ են հայտ ներկայացրել եւ, այդ պատճառով իրենց համաձայնութիւնն է պէտք ժամը 16։00-ից 17։00-ի համար (երթի հարցում խնդիր չունենք)։ Չնայած մերոնց տուած իրենց խոստումին՝ հստակեցնել իրենց անելիքը եւ տեղեկացնել, ոչ իրենց անելիքն են հստակեցրել, ոչ էլ մեզ են հնարաւորութիւն տալիս մարդկանց հստակ որեւէ ժամ ասել 28-ին մեր ծրագրած հանրահաւաքի մասին։ Մի քիչ էլ սպասենք, յետոյ թող ոչ ոք չնեղանայ…”:

 

Անկախ

Ադրբեջանի գործելաոճը խաթարում է խաղաղ բանակցային պրոցեսները

d5afd5a1d680d5a5d5b6-d5a1d5bed5a1d5a3d5b5d5a1d5b6

ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Ադրբեջանի արտաքին քաղաքականությամբ զբաղվող տարբեր տրամաչափի գործիչներ, պարբերաբար, փորձում են ստվերել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

Ադրբեջանի ակնկալիքները Միսնկի խմբից, հավանաբար, միակողմանի զիջումներն են, հետևաբար Մինսկի խմբի ցանկացաց այլ առաջարկություն Ադրբեջանի կողմից մատուցվում է խեղաթյուրված, չընկալված և պիտակավորված :

Նման գործելաոճը խաթարում է խաղաղ բանակցային պրոցեսները:

ԵԱՀԿ Մինսկի խումբը եղել և մնում է խնդրի խաղաղ կարգավորման լավագույն ձևաչափը”:

 

Անկախ

Տաշիրում մեքենան ընկել էր ձորակը

ապակիՄարտի 19-ին, ժամը 23.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել առուն:

ԱԻՆ-ից Անկախին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարկան ջոկատի օպերատիվ խումբը:

Օժանդակ ավտոմեքենայի օգնությամբ ձորակից դուրս է բերվել «ՎԱԶ 2121» մակնիշի 64 UU 055 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Պ.):

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

հրդեհ խոտածածկ տարածքումՄարտի 19-20-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:


Մասնավորապես
` Երևանում այրվել է 4 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 500 քմ, Արարատի մարզի Հովտաշատ, Ջրաշեն գյուղերում՝ 350 քմ, Լոռու մարզի Տաշիր, Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում` մոտ 24 հա, Տավուշի մարզի Բերդ քաղաքում`մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում` 4000 քմ, Արաքսավան-Արտաշատ ավտոճանապարհին՝ 50 քմ, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին՝ 8 քմ, Հացավան-Գառնի ավտոճանա¬պարհին` 2000 քմ խոտածածկ տարածք:

ԱԻՆ-ից Անկախին  հայտնեցին, որ բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Բեյրութի Սբ. Հովսեփ եկեղեցու դահլիճում

IMG_1392

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

Հասարակայնության հետ կապերի բաժնից Անկախին հայտնեցին,որ

Մարտի 19–ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում՝ Բեյրութի Սբ. Հովսեփ եկեղեցու լեփ-լեցուն դահլիճում:  Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն: Երեկոյի ընթացքում հնչեց Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, մենակատարներ՝  Յասկո Ֆուջի (սոպրանո), Կլարա Պրեսլենդ (մեցցո սոպրանո), Իրակլի Մուրջիկնելի (տենոր) եւ Սաշա Չանոյ (բաս):  Բեմում էին նաև Լիբանանյան կոնսերվատորիայի, Անտոնին և Նոտեր Դամ համալսարանների երգչախբմերը:

Մաեստրո Մարչիանոն,ով աշխատել է մի քանի աշխարհահռչակ նվագախմբերի հետ, ներառյալ Ջորջ Էնեսկու Ֆիլհարմոնիկը, բարձր գնահատեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի երաժիշտների պրոֆեսիոնալիզմը և շնորհակալություն հայտնեց նվագախմբին հիանալի աշխատանքի համար:

Սա երիտասարդականի առաջին համերգն էր «Ալ Բուստան» փառատոնի շրջանակներում: Առջևում դեռ սպասվում է երեք գեղեցիկ համերգ: Մարտի 21-ին Էմիլ Բուստանի համերգասրահում  Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կհնչեն Անտոնին Դվորժակի «Վայրի աղավնի»-ին, Ռոբերտ Շումանի «Թավջութակի կոնցերտը», մենակատար` Անտոնիո Մենեսես (թավջութակ) եւ Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Կարապի լիճը» սյուիտը:

Հիշեցնենք, որ  Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը  հրավեր է ստացել «Ալ Բուստան» միջազգային փառատոնից հանդես է գալու որպես փառատոնի պաշտոնական նվագախումբ: Համերգային ծրագիրը ներառում է դասական երաժշտության լավագույն օրինակներ, որոնք հանդիսատեսին կներկայացվեն համաշխարհային ճանաչում վայելող երաժիշտների մասնակցությամբ:

Նշենք, որ փառատոնին նվագախմբի մասնակցությունը իրական է դառնում գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ:

Անկախ

 

 

 

«ԳԱՀԱ Էներջի» ընկերությունը որոշում է ընդունել անհապաղ կասեցնել շինարարական աշխատանքները Օհանավան համայնքում

հեկՀաշվի առնելով Կարբի և Օհանավան գյուղերի մի խումբ բնակիչների դեռևս չփարատված մտահոգությունները արագահոս դոտացիոն ջրագծի անհրաժեշտ վերակառուցման և հետագայում համապատասխան հանրային լսումների արդյունքում վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրի իրականացման կապակցությամբ, տեղեկացնում ենք, որ ընկերությունը որոշում է ընդունել անհապաղ կասեցնել բոլոր տեսակի շինարարական աշխատանքները Օհանավան համայնքում: Մեր աշխատանքը դարձել է անհարկի և չհիմնավորված շահարկումների առիթ: Հայտնում ենք, որ մեզ համար այս հարցում առաջնահերթությունը գյուղացու շահն է, անխափան ոռոգման ապահովումը և այն համայնքների զարգացումը, որտեղ «ԳԱՀԱ Էներջին» գործունեություն է իրականացնելու:

Ժամանակը ցույց կտա, որ հողի վրա քրտինք թափող գյուղացուն հնարավոր չէ մոլորեցնել: Հենց այդ գյուղացին է լինելու այս ծրագրի հիմնական շահառուն և պաշտպանը: Մենք վստահ ենք այս ծրագրի նպատակների ազնվության մեջ: «ԳԱՀԱ Էներջի» պատրաստ է այն քննարկելու ցանկացած մտահոգ կողմի հետ:

 Անկախ

Ինչպե՞ս է կատարվում քրեական գործի արձանագրումը

քրեականՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29 հոդվածի համաձայն` դատավարական գործողությունների ընթացքը և արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:

Արձանագրությունը գրվում է ձեռքով կամ պատրաստվում տեխնիկական միջոցների օգնությամբ: Դատավարական գործողություններ իրականացնելիս կարող են կատարվել սղագրում, լուսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրում և տեսագրում: Լուսանկարչական նեգատիվները և լուսանկարները, կինոժապավենները, դիապոզիտիվները, հարցաքննության ձայնագրությունը, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կրիչները, գծագրերը, պլանները, ծեփապատճենները, հետքերի դրոշմները, որոնք կազմվել կամ պատրաստվել են դատավարական գործողության ընթացքում, կցվում են քրեական գործին:
Արձանագրությունում նշվում են՝
1) դատավարական գործողության իրականացման վայրը, օրը, ամիսը, տարեթիվը, սկսելու և ավարտելու ժամանակը՝ րոպեի ճշտությամբ,
2) արձանագրությունը կազմողի պաշտոնը և ազգանունը.
3) դատավարական գործողությանը մասնակցող յուրաքանչյուր անձի ազգանունը, անունը, հայրանունը, անհրաժեշտության դեպքում՝ հասցեն և անձնական այլ տվյալներ:
Դատավարական գործողություններն արձանագրություններում նկարագրվում են այն հաջորդականությամբ, որով իրականում տեղի են ունեցել: Արձանագրությունում նշվում են դրանց կատարման ընթացքում ձեռք բերված և գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները:
Արձանագրությունում նշվում են տեղեկություններ դատավարական գործողության ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, դրանց օգտագործման կարգի և պայմանների, այն օբյեկտների, որոնց նկատմամբ տեխնիկական միջոցները կիրառվել են, և ստացված արդյունքների, ինչպես նաև մասնակիցներին տեխնիկական միջոցների կիրառման մասին նախազգուշացնելու վերաբերյալ:
Արձանագրությունը ներկայացվում է դատավարական գործողությանը մասնակցած անձանց՝ ծանոթացման համար: Ընդ որում, նշված անձանց բացատրվում է արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու իրենց իրավունքը: Արձանագրությունում լրացումներ և ուղղումներ կատարելու վերաբերյալ բոլոր հայտարարություններy ստորագրում են դատավարական գործողությանը մասնակցած անձինք:
Արձանագրությունը ստորագրում են քննիչը և դատավարական գործողությանը մասնակցող անձինք:
Կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի կամ դատավարական գործողությանը մասնակցած այլ անձի՝ արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում քննիչն արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է քննիչի, պաշտպանի, ներկայացուցչի, օրինական ներկայացուցչի, իրավահաջորդի կամ ընթերակայի ստորագրություններով, եթե նրանք մասնակցում են դատավարական գործողությանը:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրելու հրաժարման պատճառները կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, ինչը նույնպես արձանագրվում է:
Եթե կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան ֆիզիկական թերությունների, կամ առողջական վիճակի, կամ անգրագիտության հետևանքով զրկված են արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա արձանագրությունը տվյալ անձին ծանոթության է ներկայացվում պաշտպանի, օրինական ներկայացուցչի, ներկայացուցչի կամ ընթերակայի ներկայությամբ, որոնք իրենց ստորագրությամբ հաստատում են արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը և կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից այն ստորագրելու անհնարինությունը:
Արձանագրությունը պետք է պարունակի նաև գրառումներ դատավարական գործողության մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու, պարտականությունները չկատարելու հետևանքները պարզաբանելու, դատավարական գործողության իրականացման ընդհանուր կարգը բացատրելու մասին, ինչը հավաստվում է դատավարական գործողության մասնակիցների ստորագրությամբ:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Վալերի Մելաձեն ու Ալբինա Ջանաբաևան երկրորդ երեխային են սպասում

imgpreview (1)Երգիչ Վալերի Մելաձեն առաջին անգամ է իր անձնական կյանքի մասին անկեղծորեն խոսել:

Նրա խոսքով, ոչ մի զարմանալի բան չկա,  երթ երկու նորմալ մարդիկ երեխա են ունենում: Մելաձեն ասել է, որ Ալբինան նորմալ կին է, ինքն էլ` նորմալ տղամարդ ու  իրենք նորմա երեխա  կունենան:

Մի քանի տարի առաջ համացանցում բազում տեղեկություններ հայտնվեցին Մելաձեի ու “ՎԻԱ-գրա” խմբի մեներգչուհի Ջանաբաևայի սիրավեպի մասին, որը որդի ունեցավ Մելաձեից: Հիմա Կոստյան դպրոցահասակ երեխա է ու հոր խոսքով` բարի ու լավ տղա:

Մելաձեն սիրահարվել է Ալբինային դեռևս այն ժամանակ, երբ ամուսնացած էր Իրինայի հետ; Նրանք համատեղ 3 դուստր ունեն: Հարաբերություններն ընտանիքում լարված էին: Մելաձեն շնորհակալ է իր առաջին կնոջը, որ նա երեխաներին իր դեմ չի լարել, դուստրերի ներկայությամբ հարաբերություններ չի պարզել: Հիմա նրանք արդեն ամուսնալուծված են: Մելաձեն սիրում է թե դուստրերին և թե որդուն: Աղջիկները դեռևս փոքր եղբոր հետ չեն շփվում: Սակայն ամեն ինչ` իր ժամանակին:Аргументы Недели

Անկախ

Այսօր առավոտից մինչև ուշ երեկո գնդակոծել է սահմանամերձ Չինարի գյուղը

չինարիՀակառակորդը այսօր առավոտից մինչև ուշ երեկո խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղը: Գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցին հայտնել է, որ վնասները կերևան վաղը առավոտյան: ՙՙԲարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան: Բայց կրակահերթերը հասել են գյուղ, դիպել` գյուղացիների տներին, բայց թե ում ինչ վնաս ա հասցվել, կիմանանք, երբ լուսանա՚՚,-ասաց Սամվել Սաղոյանը: Նա նաև նշեց, որ գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել ոչ միայն այսօր, այլև նախորդ 4-5 օրերին: Մարտի 21-ին ադրբեջանցիները կնշեն իրենց Նոր տարին` Նովրուզ բայրամը:   Եվ տեղացիներն արդեն գիտեն, որ նախապատրաստական այս շրջանում, հակառակորդը, ակտիվանում է` ինտենսիվորեն խախտելով հրադադարի ռեժիմը:

Անկախ

Առաջիկա օրերին՝ամպամածություն

եղանակՀանրապետության տարածքում`

Մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ:

21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան` 2-7մ/վրկ արագությամբ, 21-ին առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի գիշերը նույնքան կնվազի:

Երևանում՝
Մարտի 20-ի երեկոյան ժամերին, 21-ի գիշերը սպասվում է ամպամածության ավելացում, էական տեղումներ չեն սպասվում:

19-ին, 21-ի ցերեկը, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

  • Երևանի մարտի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
  • • Օդի առավելագույն ջերմաստիճան  22.50C (2001 թ.)
  • • Օդի նվազագույն ջերմաստիճան     -12.00C (1997 թ.)
  • • Օդի միջին օրական ջերմաստիճան  6.80C