Չորս տարի հետախուզվող կեղծարարը բերման է ենթարկվել

ձերբակալությունԴեկտեմբերի 5-ին, ժամը 01.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Կարեն Մ.-ին, որը 2009 թ. մայիսի 22-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 1-ին կետի և 325 հոդվածի /փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը/ 1-ին մասի մեղադրանքով:

 

Վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է

վրաերթԴեկտեմբերի 4-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Մերսեդես-Բենս Վիտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Հաղթանակի պողոտայի թիվ 42 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Քնարիկ Հարությունյանին, որը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

ոստիկանութունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 6-ը, խարդախության` 11, կողոպուտի և խուլիգանության 1-ական դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 12 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 1 մարդ զոհվել է, 12-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

Տնտեսվարող սուբյեկտին հնարավորինս քիչ անհարմարություն պետք է պատճառվի

կառավարության նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նիստից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է կառավարության շենքի առջև Երևանի «Ոսկու շուկայի» աշխատողների բողոքի ակցիային. «Նախորդ շաբաթ «Վաղարշ և որդիներ» ընկերության աշխատակիցները կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել: Սա առաջին դեպքը չէ, դրա համար եմ ես անդրադառնում այս խնդրին: Ոսկու շուկայի աշխատակիցները, կառավարության շենքի մոտ պարբերաբար ցույցեր են կազմակերպում, և բողոքի պատճառները շատ տարբեր են: Ես ծանոթացել եմ տեղեկանքի հետ, որն ինձ ներկայացրել է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությունը: Այն տեղեկատվությունը, որը զետեղված է այդ տեղեկանքի մեջ, բացարձակապես չի համապատասխանում ԶԼՄ-ների տարածած տեղեկությանը: Միևնույն ժամանակ, տեսչության պետն ինձ հայտնեց, որ պետական ծրագրով դեկտեմբերի տասին նրանք պլանավորում են համալիր ստուգում իրականացնել ոսկու շուկայում: Մենք որդեգրել ենք այն սկզբունքը, որ տեսչական ստուգման ժամանակ նվազագույնի հասցնենք տնտեսվարող սուբյեկտին պատճառվող անհարմարությունները: Հաշվի առնելով այս հանգամանքը, մեր տարբեր տեսչական մարմինների գործողությունները պետք է համադրելի դարձնենք, որպեսզի այնտեղ հաճախակի ստուգում չանենք:
Բողոքները, որ ստանում ենք ոսկու շուկայի աշխատակիցներից կամ հաճախորդներից, շատ բազմազան են ` սկսած աշխատանքային պայմաններից, այնտեղ ստեղծված հակահրդեհային և սանիտարական վիճակից. հաճախորդները բողոքում են, որ ձեռք են բերում իրեր, որոնց վրա դրոշմ չկա, որակի վերաբերյալ կան լուրջ կասկածներ: Այս խնդիրը մեզ համար կարևոր է, որովհետև յոթ հազար մարդ է աշխատում ոսկու շուկայում, որտեղ մենք պետք է զգուշավոր լինենք և շատ լավ պետք է պատկերացնենք, թե ինչ խնդիրների ու ռիկսերի ենք առնչվում: Հանձնարարում եմ էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչությանը, առողջապահության նախարարության տեսչություններին և գործակալություններին, արտակարգ իրավիճակների նախարարության տեսչությանը, պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի համատեղ ծրագրով սկսեն այդ ստուգումը, որ ծրագրված է էկոնոմիկայի նախարարության շուկաների վերահսկողության տեսչության կողմից, որպեսզի նրանք գործ ունենան ստուգման մեկ գործընթացի հետ, և մենք վերջնականապես հասկանանք, թե ինչու են մեր քաղաքացիները պարբերաբար բողոքում, որպեսզի հասկանանք, թե ինչ է կատարվում այդ շուկայում, ինչ ռիսկեր կան, ինչու են պարբերաբար մեր քաղաքացիները բողոքում: Մենք մեր քաղաքացիներին հրապարակայնորեն տեղյակ կպահենք ստուգման արդյունքներին, բացահայտումներին ու այն ռիսկերին, որոնք ցավոք սրտի դրսևորվում են` առաջացնելով նրանց արդարացի դժգոհությունը»:
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը և կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:

ՀՀ 2014թ. պետբյուջեի ընդունման գործընթացը մոտենում է վերջնագծին

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով` ՀՀ կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ Ազգային Ժողովի նախագահին 2013թ. դեկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նստաշրջան: Օրակարգում առաջարկվել է ընդգրկել 2014թ. պետբյուջեի քննարկման շարունակությունը, «Պետական կենսաթոշակների մասին», «Զբաղվածության մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը:
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության մշակած «ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» կառավարության որոշման նախագծի տեքստային մասի նախնական տարբերակը և ՀՀ 2014թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունների խոշորացված ցուցանիշների նախագիծը:
ՀՀ պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինները, անկախ հանձնաժողովների ղեկավարները պետք է քննության առնեն նշված փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում մինչև 2013թ. դեկտեմբերի 13-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնեն հիմնավորված առաջարկություններ առաջարկված ցուցանիշները լրամշակելու վերաբերյալ, ինչպես նաև 2014թ. պետբյուջեի միջոցների հաշվին իրականացվելիք գնումների անվանացանկերը:
ՀՀ կառավարությունը հաստատել է էլեկտրոնային ձևով իրականացվող գնումների կատարման կարգը, որի համաձայն ՀՀ www.armeps.am կայքի միջոցով իրականացվող էլեկտրոնային գնումների համակարգի բարեփոխման շրջանակում նախատեսվում է 2014թ. հունվարի 1-ից ՀՀ հանրապետական գործադիր մարմինների, տարածքային կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից բաց ընթացակարգով և շրջանակային համաձայնագրերի միջոցով գնումն իրականացնել էլեկտրոնային ձևով:

ԿԲ-ն կվարի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում ԿԲ-ին կփոխանցվի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը:
Կառավարության հավանությունն է ստացել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունումը թելադրված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում կարևորված բնակելի շինարարության խթանման և գործարար միջավայրի բարելավման պահանջով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի տնտեսական եղանակով կառուցել անհատական բնակելի տներ, օժանդակ կառույցներ, ՓՄՁ գործունեության օբյեկտներ` տնտեսելով նախահաշվային արժեքի 35 տոկոսը և նպաստելով քաղաքաշինության բնագավառի տնտեսության էական աճին: «Սա այն կարևորագույն նախաձեռնություններից է, որը բարելավելու է բիզնես միջավայրը, – շեշտել է վարչապետը: – Քանի որ մենք շինարարության ոլորտում հետընթաց ունեցանք, շինարարական գործընթացները մեզ մոտ երկար են տևում և ծախսատար են: Մի օրենսդրական նախաձեռնություն էլ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է ներկայացրել, որն Ազգային ժողովում է, և մենք նաև ներառեցինք արտահերթ նիստի օրակարգ. այն նույնպես ոլորտի շինթույլտվությունների հետ կապված ժամկետների կրճատում և պարզեցում է բերելու, ինչպես այս նախաձեռնությունը»:
Նիստում քննարկվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա առաջադեմ է 50 և ավելի տարի գործող ստեղծագործական միությունները գրանցելիս պահպանել «ստեղծագործական միություն» անվանումը և իրավահաջորդությունը: Կառավարությունը նպատակահարմար է համարել նշված կազմակերպությունների անվանումներում սահմանել «ստեղծագործական միություն» բառերի օգտագործումը` պահպանելով «հասարակական կազմակերպություն» իրավական ձևը (օրինակ` «Հայաստանի գրողների ստեղծագործական միություն» հասարակական կազմակերպություն): Մատնանշվել են նաև օրենսդրական տեխնիկայի կանոնները չպահպանելու օրինակներ: Գործադիրը նախագիծն ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկության ընդունման դեպքում:
Քննության է առնվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը տարածել նաև չաշխատող ծնողներից մեկի կամ միակ ծնողի, որդեգրողի, խնամակալի վրա` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը (ներկայումս նպաստ ստանալու իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողների վրա): Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը, քանի որ փոփոխությունը կառաջացնի մոտ 16 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսված չէ ինչպես ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծով, այնպես էլ ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:

Հաշվի են առնվում պարտադիր կուտակային բաղադրիչի հաշվարկման առանձնահատկությունները
2014թ. հունվարի 1-ից սկսում է գործել կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որի հաշվարկման հիմքում դրված են «բազային եկամուտ» և «պայմանագրային եկամուտ» հասկացությունները: Հաշվի առնելով պարտադիր կուտակային վճարների հաշվարկման առանձնահատկությունները, անհրաժեշտ է հստակեցնել դրա բազայի որոշ մեխանիզմներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում` սահմանելով իրավական այն հիմքը, որով հարկային մարմինները կհաշվարկեն բազային և պայմանագրային եկամուտները, ինչպես նաև պարտադիր կուտակային վճարները:
Հաջորդ որոշմամբ սահմանվել է առաքվող կամ տեղափոխվող արտադրանքը, ապրանքն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրման կարգը, որը կգործի 2014թ. հունվարի 1-ից:
Կառավարության որոշմամբ կիրառության մեջ են դրվել Հայաստանում արտադրվող և Հայաստան ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2014» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշները: Սահմանվել է, որ «2011», «2012» և «2013» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշների առկայության դեպքում ծխախոտի արտադրանք և ալկոհոլային խմիչք արտադրողներին և ներկրողներին կարող են տրամադրվել նաև «2011», «2012» և «2013» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներ:
Գործադիրը 2013թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 11.5 մլն դրամ` Երևանի Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տանիքի վերակառուցման և ներքին հարդարման, ինչպես նաև շուրջ 20 կրթական, մարզական և մշակութային օբյեկտների տեխնիկական վիճակի ուսումնասիրման աշխատանքի իրականացման նպատակով:

Եվրամիությունը կաջակցի միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ձևավորմանը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին (ՄԿՀՄ)» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ծրագրի հիմնական նպատակներից է ՄԿՀՄ-ի, վերջինիս տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպության (ՏԱԿ) և միջուկային և ռադիացիոն անվտանգության աջակցության կենտրոնի (ՄՌԱԱԿ) հզորացումը: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքով հավելյալ արևմտյան մեթոդաբանություն և գործելակերպ կներմուծվի նախանշված բնագավառները: Ծրագրի ընդհանուր արժեքն է 1 մլն եվրո, իրականացման ժամկետը` 96 ամիս:
Կառավարությունն իր նիստում հաստատել է «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություն սահմանելու մասին» օրենքով սահմանված արտոնության կիրառման կարգը: Մինչ օրս արտոնության կիրառության համապատասխան ընթացակարգ սահմանված չէր:
Գործադիրը հաստատել է ՀՀ հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը: Դրա իրականացումը հնարավորություն կտա ունենալ երկրի 170 համայնքի հողերի սննդատարրերով ապահովածությունն արտացոլող ագրոքիմիական քարտեզներ և մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրեր, որոնց միջոցով պարարտանյութը խնայողաբար և նպատակային կօգտագործվի, կբարձրանան հողի բերրիությունը և մշակաբույսերի բերքատվությունը:
Կառավարությունն ընդունել է «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» ՓԲԸ-ների մասնավոր կառավարման գործընթացի շարունակությունն ապահովելու որոշում: Դրա իրականացմամբ կբարելավվեն բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները, կարդիականացվեն ջրատեխնիկական կառուցվածքները, ավելի արդյունավետ կօգտագործվի խմելու ջուրը:

Կառավարության աշխատակազմում ստեղծվում է հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ և ՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծել հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին: Դրա անհրաժեշտությունը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 2011թ. արդյունքի մոնիտորինգի առաջին կիսամյակի հաշվետվությունից: Բաժինը կհամալրվի կառավարության աշխատակազմի թափուր հաստիքային միավորների հաշվին` առանց ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման: Նույն որոշմամբ աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը վերակազմակերպվել է բաժնի:
Նիստում լրացում է կատարվել կառավարության նախկին որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմում ստեղծվել զորահավաքային նախապատրաստության բաժին: Հաստիքները համալրվում են նախարարության աշխատողների թվաքանակի սահմանում:
Կառավարությունը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին թույլատրել է «Glob Education (GB) LTD» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության հետ մասնակցելու «Հայաստանի բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ հիմնադրմանը: Վերը նշված ՍՊԸ-ի գործընկերները բրիտանական չորս բուհեր են, որոնցից Քարդիֆի Մետրոպոլիտեն համալսարանը համագործակցելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ: Համատեղ բիզնես դպրոցի մագիստրոսական ծրագիրն իրականացվելու է անգլերեն: Ծրագիրն հաջողությամբ ավարտած ուսանողներին կտրվի Քարդիֆի Մետրոպոլիտեն համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրոսի դիպլոմ:
Կառավարության որոշմամբ Վեդի քաղաքում համապատասխան տարածք է հատկացվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արարատի մարզային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման համար:
Լսողության խնդիր ունեցող անձանց պետական հավաստագիր տրամադրելու միջոցով եվրոպական արտադրության լսողական սարքեր ձեռք բերելու նպատակով կառավարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է 8 մլն դրամ:

Այլ հարցեր

ՀՀ կառավարության որոշմամբ «Ապառաժ» ՍՊԸ-ին թույլատրվել է մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել սահմանված տեսակների և քանակի պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք երկրում չեն արտադրվում և կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում:
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետության բոլոր սոցիալական աշխատողներին շնորհավորել է իրենց մասնագիտական տոնի առթիվ, մաղթել նոր հաջողություններ:

Հանրային խորհուրդն իր դիրքորոշումը կհայտնի կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ

hkh-2Դեկտեմբերի 4-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ: Օրակարգի առանցքում եղել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցը:

Քննարկման ընթացքում նիստի մասնակիցների գերակշիռ մասը մտահոգություն է հայտնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում առկա մի շարք խնդրահարույց դրույթների վերաբերյալ:

Մասնավորապես խորհրդի անդամները դեմ են արտահայտվել պարտադիր բաղադրիչի կիրառմանը, որի թիրախը նոր ձևավորվող միջին խավն է, ինչն էլ պետության հիմնասյունն է հանդիսանում: Նշվել է, որ օրենքի կիրառումը լուրջ խնդիրներ կառաջացնի հենց այդ խավը ներկայացնող աշխատուժի համար, որն այսօր իր հերթին պայքարի է դուրս եկել օրենքի դեմ, սակայն վաղը կարող է ընտրել արտագաղթի ճանապարհը: Փաստորեն, օրենքը կարող է ուղեղների արտահոսքի նոր ալիք բարձրացնել:

ՀԽ անդամները համակարծիք են եղել կենսաթոշակային համակարգը բարելավելու հարցում, սակայն նշել, որ եթե անգամ ընտրված մոդելը դրական էլ լինի, այնուամենայնիվ, այն չի համապատասխանում հայաստանյան այսօրվա իրավիճակին: Նրանք դեմ են արտահայտվել հանրային մեծ անվստահության, համաշխարհային ֆինանսական անկայունության, երկրում սոցիալական լարվածության, հանրության կողմից հակազդեցության պայմաններում նման բարեփոխումների իրականացմանը:

Մասնակիցներից ոմանք մտահոգություն են հայտնել նաև արտասահմանյան հիմնադրամների կողմից հավաքագրված ֆինանսական միջոցները տնօրինելու, իսկ գումարների մի մասը երկրից դուրս օգտագործելու փաստի վերաբերյալ:

ՀԽ աշխատանքային խումբն առաջիկա օրերին ի մի կբերի այս և նախորդ քննարկման արդյունքները, կմշակի համապատասխպան փաստաթութղ և այն կներկայացնի ՀՀ Նախագահին ու ՀՀ կառավարություն:

«Մեր միակ բարեկամը ո՛չ Եվրոպան է, ո՛չ էլ Ռուսաստանը, մեր միակ բարեկամը մենք ենք». Վազգեն Մանուկյան

arm137820609085Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած պետական այցի վերաբերյալ  «Անկախը» զրուցել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:

 

 

– Պարոն Մանուկյան, իշխանությունները Ռուսաստանի նախագահի այցն աննախադեպ են որակում` թվարկելով մի շարք դրական արդյունքներ:  Դո՞ւք ինչպես եք գնահատում այդ այցը:

– Նախևառաջ սա Պուտինի առաջին պետական այցն էր, որը միշտ էլ նշանակություն ունի, քանի որ անկախ Մաքսային միությունից, մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագիր ունենք կնքած, 90-ականներից Թուրքիայի և Իրանի հետ սահմանների պաշտպանությունը պայմանագրով տվել ենք Ռուսաստանին, ռազմական բազայի հետ կապված պայմանագիր ունենք և այլն: Դա նշանակում է, որ անվտանգության հարցերում Ռուսաստանը շատ կարևոր ռազմավարական գործընկեր է, և այդ առումով, իհարկե, այցը կարևոր էր:

Ինչ վերաբերում է ստորագրված որոշ փաստաթղթերին և որոշ խոստումներին, ապա հետագայում կերևա, թե դրանցից ինչ դուրս կգա: Ամեն դեպքում տնտեսական այնպիսի հարցեր են լուծվում, որոնք դրական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար:

– Հայտարարվեց գազն առավել ցածր գնով ձեռք բերելու մասին, սակայն պարզվում է, որ Հայաստանում գազի սակագինը մնալու է նույնը, ի՞նչ է դա նշանակում:

– Երբ գազի մուտքի գինը բարձրացավ, այդ ժամանակ Հայաստանի կառավարությունը դիմեց Ռուսաստանին, և գրեթե ողջ ավելցուկը մեկ տարով սուբսիդավորվեց Ռուսաստանի կողմից: Բայց կենցաղային օգտագործման գազի գինը, միևնույն է, բարձրացավ, որովհետև «Հայռուսգազարդն» արդեն մի քանի տարի էր` իր ծախսերն ավելացնելու պահանջ էր դրել՝ աշխատավարձեր և այլն: Հանրային խորհուրդը, ի դեպ, կարծում էր, որ ներկայացված ծախսերը գերազանցված են ցույց տալիս: Այնուամենայնիվ, կառավարությունը գնաց այդ պահանջի կատարմանը, և գազի գինը բարձրացավ դրա պատճառով: Մյուս տարի, երբ  Ռուսաստանի կողմից այլևս սուբսիդիա չլիներ, ապա պետք է ավելանար այդ ավելցուկի արժեքը, իսկ հիմա, փաստորեն, չի ավելանում և արդյունքում գազի սակագինը սպառողների համար մնում է նույնը:

– «ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի բաշխումը ռուսական կողմին ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար:

– Ցանկալի կլիներ, որ այդ 20 տոկոսը մենք չտայինք: Իսկ տնտեսական տեսանկյունից դա վճռական նշանակություն չունի: Եթե երկարատև ժամկետներով ենք նայում, մեր ազդելու հնարավորությունները էլի մնում են պետական մեխանիզմների, օրենքների միջոցով, բայց, ամեն դեպքում հաճելի չէ: Ես կարծում եմ, որ դա Ռուսաստանին պետք էր այնքանով, որ ցույց տա, թե ինքը ինչ-որ բան ստացել է ինչ-որ բանի դիմաց:

– Ինչպե՞ս կմեկնաբանեք ՌԴ նախագահի հայտարարությունը, թե իրենք չեն հեռանալու Հարավային Կովկասից, ավելին՝ մտադիր են ամրապնդվել:

– Դա նորություն չէ: Միգուցե նորություն է բացահայտ հնչեցնելու տեսանկյունից: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Անդրկովկասում առաջացավ ազդեցության վակուում, Ռուսաստանն այդ ժամանակ քաղաքականապես կուչ էր եկել, հիմա կամաց-կամաց թևերը տարածում է, իրեն ավելի ուժեղ է զգում, բնականաբար, պետք է փորձի բոլոր այն երկրներում, երկրամասերում, որտեղ ժամանակին Ռուսական կայսրությունը, հետագայում՝ Խորհրդային Միությունը ազդեցություն են ունեցել, վերականգնի: Իհարկե, այլ մեխանիզմներով՝ տնտեսական, ռազմական դաշինքների և այլն: Կհաջողվի՞ դա Ռուսաստանին, թե՞ ոչ` այլ հարց է, բայց դա ողջ աշխարհի աշխարհաքաղաքականությունն է:

– Այնուամենայնիվ, այդ հայտարարությունը Հայաստանի համար լա՞վ է, թե՞ վատ:

– Լավի ու վատի հարց չկա, դա այդպես է: Դու կարող ես հերոսական ջանքերով դուրս գալ այդ ազդեցությունից և մտնել մեկ այլ ազդեցության տակ, բայց այս տարածաշրջանում որևէ այլ ազդեցություն չկրել, լինել հպարտ մենակության մեջ, ոչ ոք քեզ թույլ չի տա: Եթե նման քայլ անես, պետք է մտածես՝ ինչ ես կորցնում: Եվ ես կարծում եմ, որ մենք ավելի շատ կկորցնենք, քան կշահենք:

– Այսինքն` Ռուսաստանի ազդեցությունը կրելով մենք շահո՞ւմ ենք:

– Մենք Ռուսաստանից՝ որպես դաշնակցից, շատ դեպքերում դժգոհ ենք մնացել, որն արտահայտվել է, օրինակ, Ցեղասպանության ժամանակ: Երբեմն մենք հույս ենք դրել Ռուսաստանի վրա, բայց մեր հույսը չի արդարացել: Իսկ կա՞ մեկ ուրիշ երկիր, որն ավելի վստահելի է: Մեզ շատ ավելի «քցեցին» եվրոպական երկրները, հենց, օրինակ` Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և միշտ: Այդ տեսանկյունից պետք է նկատել, որ մենք երբեմն դժգոհ ենք լինում Ռուսաստանից, նրան չենք համարում հարյուրտոկոսանոց հենարան, բայց մյուս կողմից էլ փոխարինող այլ երկիր այս տարածաշրջանում գոյություն չունի: Հարյուրտոկոսանոց վստահություն քաղաքականության մեջ չկա, որովհետև ամեն երկիր ունի իր շահերը: Սակայն անվտանգության տեսանկյունից այսօր կարծես թե Ռուսաստանին ալտերնատիվ երկիր չի երևում:

– Բացի անվտանգության ապահովումից, այլ տեսանկյունից, օրինակ՝ տնտեսական, Ռուսաստանի հետ մերձեցումը ի՞նչ է տալու Հայաստանին:

– Տնտեսական տեսանկյունից, եթե կարճատև՝ 5-10 տարի ժամկետով վերցնենք, մեր օգուտները Մաքսային միությունից անհամեմատ ավելի մեծ են, քան Եվրամիության ասոցացված անդամ լինելուց: Մենք ունենք մի քանի միլիոն հայրենակից Ռուսաստանում, լավ ուսումնասիրված շուկա, բավականին մեծ ազդեցություն, մեր ապրանքը դեռևս Խորհրդային Միության ժամանակներից ճանաչված է: Օրինակ` հայկական կոնյակը կամ Ջերմուկը Ռուսաստանում բրենդ է, իսկ Եվրոպայում` ոչինչ, կամ հայկական կոշիկները և այլն: Եվրոպական շուկա մտնելու և լուրջ առևտուր, ներդրումներ անելու համար մենք պետք է բավարարենք եվրոպական չափանիշները, իսկ դա բավականին ծանր պրոցես է, որի ընթացքում մենք շատ բան կկորցնենք:

Ինչ վերաբերում է երկարատև ժամկետներին, ապա դա քննարկելու հարց է: Եթե Ռուսաստանը լուրջ մոդեռնիզացիայի չգնա, մնա հումք վաճառող պետության կարգավիճակում և բավարարվի դրանով, ապա մեր տնտեսությունը տուժած դուրս կգա: Բայց կարծում եմ, այնուամենայնիվ, Ռուսաստանն էլ յուրովի ձգտում է եվրոպական ճանապարհով գնալուն և ջանքեր կգործադրի ներկա կարգավիճակից դուրս գալու համար, ինչը կնպաստի նաև մեր ձգտմանը` ունենալ ժամանակակից չափանիշներին բավարարող տնտեսություն և արտադրություն:

– Պարոն Մանուկյան, Դուք Հայաստանում առաջիններից էիք, որ պայքարում էիք անկախության համար: Այսօր ինչպե՞ս եք ընդունում մի միության կազմի մեջ մտնելը, որտեղ, միևնույն է, կա գերիշխող երկիր՝ Ռուսաստանը:

– Այո, Եվրամիություն ասելով՝ մենք մի պետություն չենք ընդգծում, իսկ Մաքսային միության մասին խոսելիս անընդհատ ասում ենք՝ Ռուսաստան, Ռուսաստան: Բայց տվյալ դեպքում, ինչքան էլ պարադոքսալ թվա, մեզ ձեռնտու է այդ միության մեջ Ռուսաստանի որոշ չափով գերիշխող դիրքը, որովհետև Ղազախստանն իր շահերն ունի` կապված թուրքախոս ժողովուրդների և Թուրքիայի հետ, որը շատ վտանգավոր  է մեզ համար, Բելառուսին էլ մեծ վարկի դիմաց ցանկացած երկիր, այդ թվում և Ադրբեջանը, իր ձեռքը կվերցնի: Հետևաբար, որքան էլ տարօրինակ թվա, մեզ ձեռնտու է, որ գոնե մոտ ժամանակներս Ռուսաստանն ավելի մեծ դերակատարություն ունենա Մաքսային միությունում: Սուվերենության մասին ես չեմ ասում, որովհետև բոլորը մոռացել են, թե այս 10-15 տարում ով էր անընդհատ մատ թափ տալիս մեզ վրա: Ամեն անգամ մեր ղեկավարները փորձում էին Եվրոպայի մոտ արդարանալ կամ ստիպված էին լինում ընդունել ծրագրեր, որոնք մեր ազգային արժեքներին, շահերին դեմ էին: Պարզապես Եվրոպան մեզ սպիտակ ձեռնոցներով էր պարտադրում: Այնպես որ, մենք մեր ինքնուրույնությունն այս տարիների ընթացքում արդեն մասամբ զիջել ենք Եվրոպային: Այստեղ այլ վտանգ կա՝ ստրկամտությունը: Երբեմն Ռուսաստանին անիմաստ քծնում են: Ես օրինակ` կտրականապես դեմ եմ, որ  մեր կառավարությունը գումար է հատկացրել «Что, Где, Когда» հաղորդմանը: Դա կարելի էր շատ հեշտ հայերեն ցուցադրել, ինչպես շատ այլ հաղորդումներ: Ի՞նչ իմաստ ունի քծնել: Ռուսաստանն էլ, որ սովոր է իրեն տեր զգալ, ցիվիլ, եվրոպական ձեռնոցներով չի աշխատում, այլ երբեմն նույնիսկ, անկախ իրենից, կոշտ ձևով ընդգծում է, որ ինքը տեր է: Ես կարծում եմ, որ դրանք և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի կողմից լուրջ խոչընդոտներ են:

– Իսկ մեր քաղաքական դիվանագիտությունն օժտվա՞ծ է իր ազգային շահն արժանապատվորեն առաջ տանելու, միաժամանակ ռազմավարական գործընկերոջը «չնեղացնելու» ձիրքով:

– Կարծում եմ՝ առայժմ ոչ: Խոսում են տնտեսական հարցերից, ընդհանուր շահերից, բայց անընդհատ գլորվում են բարեկամության գիրկը: Մշակութային, ժողովրդական փոխհարաբերություններում բարեկամությունը լավ բան է: Բայց բարեկամությամբ գազի գին չես իջեցնի, տնտեսությունդ չես զարգացնի, Ղարաբաղի հարց չես լուծի: Պետք է հասկանան, որ այդ արևելյան խոսակցությունները օգուտ չեն բերում, այլ երբեմն նվաստացուցիչ են ազգային արժանապատվության համար: Իսկ եթե մենք մեր արժանապատվությունը չպահենք, ապա ի՞նչ պետք է սպասենք դիմացինից: Եթե դու ճիշտ ես տանում քո շահերը և ընդհանուր շահերի շրջանակների մեջ ես, ապա դիմացինը քո քայլերից հետո ավելի մեծ հարգանքով քեզ կվերաբերվի:

 – Պուտինի այցի օրը տեղի ունեցան բողոքի ցույցեր և հարյուրից ավելի քաղաքացիներ, այդ թվում նաև անչափահաս, բերման ենթարկվեցին ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Ինչպե՞ս եք գնահատում այդ երևույթը:

– Նախևառաջ այդ ցույցերը բնական էին, կազմակերպված չէին ինչ-որ «չար» ուժերի կողմից, այլ արտահայտում էին ցուցարարների անկեղծ գաղափարները: Ինձ նույնիսկ ուրախացնում է, որ նման ցույցեր եղան, որովհետև շարժման սկզբում, երբ ես հայտարարում էի, որ մենք չունենք մշտական բարեկամներ ու մշտական թշնամիներ, մարդիկ ասում էին՝ ո՞նց, Ռուսաստանը մեր մշտական բարեկամն է: Այսօր կա մի երիտասարդություն, որն այդպես չի մտածում, և դա դրական է: Ես ուրիշ բանից եմ վախենում. հիմա էլ հանկարծ երիտասարդության մեջ չառաջանա մի շերտ, որը մեր միակ բարեկամը համարի Եվրոպան: Ոչ, մեր միակ բարեկամը ո՛չ Եվրոպան է, ո՛չ էլ Ռուսաստանը, մեր միակ բարեկամը մենք ենք, բայց ինքներս մեզ անընդհատ ոտնահարում ենք:

Ինչ վերաբերում է բերման ենթարկվածներին և թե կոնկրետ ինչ իրավունքներ են խախտվել, ապա կան մարդու իրավունքների պաշտպաններ, համապատասխան կառույցներ, որոնք այդ հարցով զբաղվում են և կտան համապատասխան գնահատական:

 

Հարցազրույցը վարեց Անի ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

Անկախ

Պուտինը եկավ ու… գնաց

պուտինի այցը հայաստանՊուտինը եկավ Հայաստան ու գնաց, բայց այդ այցի հետ կապված մանրամասները դեռ երկար կքննարկվեն հայ իրականության մեջ: Ըստ պաշտոնական  տեղեկությունների` ստորագրվեցին երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր քաղաքական, տնտեսական և ռազմական համագործակցության, միջուկային անվտանգության, էներգետիկայի, կրթության և զբոսաշրջության հարցերի վերաբերյալ:

 Մասնավորապես` ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թ. երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրականացման շրջանակներում 2014-2017 թթ. միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ, ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին,  միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին, զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրերը:

Հաստատվեց ՀՀ և ՌԴ ԱԳՆ-ների միջև 2014-2015 թթ. խորհրդատվությունների ծրագիրը, ստորագրվեց կրթության և գիտության նախարարությունների միջև 2014-2015 թթ. միջնակարգ ընդհանուր կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման և զարգացման հետագա միջոցների մասին հուշագիրը, ՀՀ կառավարության և «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության միջև ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալության միջև 2014-2016 թթ. համատեղ գործողությունների ծրագիրը:

Կայացան նաև 2014-2018 թթ. «ՀայՌուսգազարդ»-ի և «Գազպրոմ էքսպորտ»-ի բաց բաժնետիրական ընկերության միջև ՀՀ բնական գազ ներմուծելու գործարքն ու «Օյլ Տեխնո ԼՊ» ընկերության և «Ռոսնեֆտ Գլոբալ Թրեյդ Ս.Ա.» ընկերության միջև համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին համաձայնագիր և բաժնետիրական համաձայնագիր:

«Այս համաձայնագրերը կլրացնեն ավելի քան 2 հարյուր միջպետական պայմանագրեր և համաձայնագրեր ընդգրկող մեր հարաբերությունների իրավապայմանագրային բազան: Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի ամռանը ստորագրված «Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագիրը, որը լայն հնարավորություններ է բացում Ռուսաստանի պաշտպանական ձեռնարկություններում ներքին գներով սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար: Դրանից հետո երկկողմ կամ ՀԱՊԿ ձևաչափով այլևս ոչ մի փաստաթուղթ չի մնա, որը վավերացված չլինի հայկական կողմից»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահը հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովում  ունեցած իր ելույթում, բացի նման հարցերի ժամանակ նշվող ընդհանրական ու ոչինչ չասող «հաշվետվություններից», մի ուշագրավ ակնարկ էլ արեց. «Հայաստանն ամենահարմար և կարճ ճանապարհն է Իրանի և Պարսից ծոցի երկրների շուկա դուրս գալու համար: Մենք ընդունել ենք ազատ տնտեսական գոտիներ ստեղծելուն ուղղված անհրաժեշտ օրենսդրական ամբողջ փաթեթը, ինչը Հայաստանը դարձնում է ներդրումների համար ավելի գրավիչ, այդ թվում` արտահանմանն ուղղված»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Այս արտահայտությունն ուշագրավ է այնքանով, որ դեռևս շաբաթներ առաջ նման միտք էր արտահայտել ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն  Երևան-Մոսկվա- Մինսկ տեսակամուրջի ժամանակ` նշելով, որ Հայաստանն էլ ՄՄ-ին կարող է դեպի Իրան ամենակարճ ու հուսալի ճանապարհն ապահովել: Այս միտքը, ինչպես արդեն տեսանք, շրջաբառվել է նախագահականում ու դառնում է ՄՄ մյուս անդամների այն հարցի պատասխանը, թե ինչ կարող է տալ Հայաստանը ՄՄ-ին:

Դիվանագիտության մեջ չասված խոսքերն ավելի կարևոր են

Սա գրեթե այն ամենն էր, ինչ վերաբերում էր այցի պաշտոնական կողմին: Բայց սովորաբար նման այցերի դեպքում կարևոր է ոչ միայն պաշտոնական` արարողակարգային ընթացքը, այլև` մանրուքները:

Եվ այսպես, դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան Երևանի կոնտրոնում բացվեց հայ-ռուսական բարեկամության «Միասնության խաչ» հուշարձանը: Թեև նախապես նշվում էր, որ հուշարձանը պետք է բացեն ՀՀ և ՌԴ նախագահները, բացեցին ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը, որոնք նաև հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են: Ընդ որում, հուշարձանի բացմանը ներկա էր նաև ՀՀ նախագահը տարբեր նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հետ միասին: Բացման հանդիսության ժամանակ էլ ՀՀ վարչապետը ռուսերեն ելույթ ունեցավ: Այս երևույթը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Կանադայում ՀՀ-ի նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը, ընդունելի չէր, որովհետև ելույթ ունեցողը ՀՀ վարչապետն էր:

«Այդ պրոտոկոլ կոչվածում, որը դարերով ձևավորվել է, իրավահավասարության խնդիր կա, սեփական լեզվի նկատմամբ հարգանքի խնդիր կա: Այսինքն` մեր վարչապետը ուզում էր ցույց տալ, որ ռուսերե՞ն գիտի: Ռուսերեն ելույթ ունենալը ընդունելի չէ, որովհետեւ այդ հուշարձանի բացումն արարողակարգային իրադարձություն էր, ուստի արարողակարգային բոլոր նորմերը պետք է պահպանվեին: Խորը սիմվոլիզմ կա այդ ամենի մեջ»,- նշեց Արա Պապյանը:

Բայց այդ դիվանագիտական «ապտակը» դեռ վերջինը չէր դիվանագիտական օրակարգով գերհագեցած օրվա ընթացքում: Երկրորդ «ապտակը» Հայաստանը ստացավ Պուտինի այցի բուն օրակարգից: ՌԴ նախագահը, ինչպես և հայտարարվել էր, Հայաստանում էր պետական այցով: Բայց այդ այցը սկսվեց ոչ թե Երևանից, այլ Գյումրիից: Ու տպավորություն ստեղծվեց, որ դա ոչ թե պետական այց է, այլ աշխատանքային:

«Ես սովորել եմ տարբեր դիվանագիտական ակադեմիաներում, նաև Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիայում, ու կան պետական արարողակարգի համապատասխան դասագրքեր: Այն, ինչ  ինձ սովորեցրել են ռուսները, այն է, որ պետական` պաշտոնական այցերն ունեն որոշակի արարողակարգ: Այն է` այցելություն մայրաքաղաք, դիմավորում` տարբեր զորատեսակների շքերթով, նաև մայրաքաղաքում հատուկ նստավայրի հատկացում և այլն: Այսինքն` կան որոշակի բաներ, որ պետք է պահպանվեն: Այդ ամբողջից պրոտոկոլային որևէ նորմ չի պահպանվել»,- ասաց Արա Պապյանը` հավելելով, որ բնավ գեղեցիկ չէր, երբ մեր նախագահը Ռուսաստանի ինչ-որ տրանսպորտի նախարարի հետ միասին բացում էր այդ արձանը ու շեշտեց, որ եթե նախագահը ներկա էր այդ արարողությանը, ուրեմն Հայաստանը ներկայացված է եղել ամենաբարձր մակարդակով:

Այս փաստն առավել ցցուն է դառնում, երբ հիշում ենք հատկապես,  որ Մոսկվայում հայկական եկեղեցու բացման ժամանակ ներկա չէին ՌԴ նախագահն ու վարչապետը, նույնիսկ` Մոսկվայի քաղաքապետը:

Մի խոսքով, դիվանագիտական այսպիսի նվաստացումներից հետո Պուտինը Գյումրիում` «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովի շրջանակներում, անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ցանկությանը, հայտարարեց, որ «դա հայ ժողովրդի, իշխանությունների սուվերեն ընտրություն էր», ու հավելեց, որ Ռուսաստանը կօգնի ՀՀ-ին ՄՄ-ին առավելագույնս արագ անդամակցելու հարցում:

Այս «մանրուքին» իր երեկվա համարում անդրադարձել է նաև ռուսական թերթերից մեկը`նշելով, թե այդ հայտարարության ժամանակ Սերժ Սարգսյանը ժպտում էր:

Իր ելույթում Վլադիմիր Պուտինը մի նուրբ «կատակ» էլ արեց. «Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից: Ընդհակառակը` Ռուսաստանը փորձելու է ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում` հիմնվելով տարածաշրջանի երկրների, այդ թվում` Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վրա»:

Այս ակնարկի կապակցությամբ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը նշեց, թե երբեք գաղտնիք չի եղել, որ 1803 թվականից սկսած` Ռուսաստանը համաձայն չէ և չի ուզեցել հեռանալ Հարավային Կովկասից: Իսկ այն, որ չի ուզում հեռանալ, ամենևին չի նշանակում, թե ուզում է մեզ տիրել:

«Ես դա հասկանում եմ աշխարհաքաղաքական իմաստով: Այդ իմաստով Հայաստանին էլ ձեռնտու չէ, որ Ռուսաստանը հեռանա մեր տարածաշրջանից: Համենայն դեպս, պետք է հիշել 1993 թվականը, երբ թուրքական զորքերը մոտեցել էին մեր սահմանին, և միայն Ռուսաստանի հայտարարությունն ու ՌԴ պաշտպանության նախարարի դիրքորոշումը կասեցրեցին Թուրքիայի հնարավոր հարձակումը Հայաստանի վրա: Այսօր էլ Ռուսաստանն ինչ-որ չափով, ես կասեի` մեծապես, մեր տարածաշրջանում խաղաղության երաշխավոր է»,- ասաց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Նմանատիպ արտահայտությունները սովորաբար ունենում են նաև հասցեատեր կամ հասցեատերեր: Այս դեպքում հասցեատերերի մասին կարելի է կռահել: Նախ` առաջին հասցեատերը հենց Հայաստանն է, որը մինչև սեպտեմբերի 3-ն իր հայացքը համառորեն հառել էր Արևմուտքի ուղղությամբ: Երկրորդ, ինչպես նշեց լևոն Մելիք-Շահնազարյանը, ընդունված երևույթ է, որ պետությունների առաջին դեմքերն օգտվում են այն հանգամանքից, թե որ տարածքում են խոսում ու այդ տարածքի հարևան պետություններին կամ իշխանություններին ինչ ազդանշաններ են ուղարկում: Իսկ այս դեպքում թուրքական լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են Պուտինի Գյումրի գալուն և նմանատիպ հայտարարություններին  ու նշել, որ դրանք ավելի շատ ուղղված են Թուրքիային և Ադրբեջանին:

«Պուտինը չէր կարող ոչինչ չասել, ոչ մի ազդանշան չուղղել այն երկրներին ու երկրների ղեկավարություններին, որոնք Ռուսաստանի հետ, համենայն դեպս, գաղափարախոսական հակառակորդներ են: Այսինքն` առաջին հերթին ուղղված էր նրանց: Բայց, մյուս կողմից, ուղղված էր նաև մեզ: Հարցն այն է, թե ինչ իմաստով ենք ուզում հասկանալ այդ հայտարարությունը, փոխգործակցության ու դաշնակիցներ լինելու կոնտեքստո՞ւմ, թե՞ Հայաստանի դեմ, որը տվյալ դեպքում ես կհամարեի սխալ»,- տեսակետ հայտնեց Լևոն Մելիք-Շահնազարյանը:

Գևորգ ԱՎՉՅԱՆ

Անկախ

«Մեզ մաքսային միությունում էլ վատ չեն կերակրում…»

վիլնյուսՆախորդ շաբաթ Հայաստանի համար մի կարևորագույն իրադարձություն եղավ, որը սկզբում առկայծեց հայկական քաղաքական երկնակամարում, բայց հետո խամրեց «Մեծն Ռուսիո ծագող արևի» շողերի ներքո:

Նոյեմբերի 28-29-ը կայացավ ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքականության եզրափակիչ գագաթнաժողովը: Այդ գագաթнաժողում, երևի հիշում է երկրագնդի ցանկացած անկյունում ապրող ամեն մի հայ, պետք է Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման և խորն ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրեր:  Սակայն սեպտեմբերի 3-ից` Սերժ Սարգսյանի` Մաքսային միությանը Հայաստանի միանալու ցանկության մասին հայտարարությունից հետո, բնականաբար, չեղյալ է հայտարարվել: Չնայած իշխանության որոշ ներկայացուցիչներ դեռ սին հույսեր էին ներշնչում, թե գուցե նման համաձայնագրեր կստորագրվեն:

Հայկական վերլուծական շրջանակներում էլ, մինչև բուն գագաթнաժողովի նախօրեն, երբ հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը կմասնակցի դրան, տարբեր տեսակետներ էին շրջանառվում, որ եթե Սերժ Սարգսյանը գնա, ուրեմն ինչ-որ փաստաթուղթ իրոք պետք է ստորագրվի, իսկ եթե չգնա, ապա ոչ մի փաստաթղթի ստորագրում էլ նախատեսված չի եղել:

Վիլնյուսյան գագաթнաժողովից ընդամենը 1 շաբաթ առաջ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն միայն այս կապակցությամբ լրագրողներին հայտնեց, որ Եվրամիության համապատասխան պաշտոնյաները դեռևս քննարկում են, թե Վիլնյուսի գագաթնաժողովում Հայաստանի հետ Եվրամիությունն ինչ փաստաթուղթ է ստորագրելու:

Նա նշեց, որ Հայաստանը հստակ հայտնել է Եվրամիության հետ հարաբերությունները զարգացնելու և խորացնելու մասին իր ցանկությունը, Եվրամիությունն էլ իր բաժին  պատրաստակամությունն է հայտնել, այն է` Հայաստանի հետ շարունակել համագործակցել և խորացնել այդ համագործակցությունը: Որպես դիվանագետ` նա ավելին ասել չէր էլ կարող: Բայց արդեն այդ ժամանակ պարզ էր, որ ԵՄ-ն Հայաստանի հետ որևէ լուրջ կամ ՀՀ իշխանություններին հաճո փաստաթուղթ կստորագրի միայն այն դեպքում, երբ Հայաստանի հետագա եվրաինտեգրման առումով թեկուզ չնչին հույսեր ունենա:

Գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը Հայաստանի  գիտակցված ընտրությունն է եղել, և այդ գործընթացն այլևս անշրջելի է:

«Մեր գլխավոր նպատակն է Եվրոպական միության հետ ձևավորել այնպիսի գործուն կառուցակարգեր, որոնք, մի կողմից, արտացոլում են մեր սոցիալ-քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորքային բնույթը, մյուս կողմից` համատեղելի են համագործակցության այլ ձևաչափերի հետ: Արևելյան գործընկերությունը պետք է բնական կամուրջ դառնա` տարածելով տնտեսական ինտեգրումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս իմաստով մենք հանձնառու ենք հետևողական ջանքեր գործադրել առավել ընդգրկուն` բաժանարար գծերից զերծ Եվրոպա կառուցելու ուղղությամբ: Ակնկալիքները վիլնյուսյան այս գագաթնաժողովից մեծ են: Մենք այս գագաթնաժողովը դիտում ենք որպես Եվրոպայի միության հետ մեր հարաբերություններն առավել իմաստավորված և իրատեսական հիմքերով զարգացնելու կարևոր հանգրվան»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Մի խոսքով` ոչ մի լուրջ ու կշիռ ունեցող փաստաթուղթ էլ չստորագրվեց Վիլնյուսում, այլ ընդամենը` պրոտոկոլային` գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը և Հայաստան-Եվրոպական միություն հռչակագիրը, որոնք նման նշանակություն չունեն:

Բնականաբար կյանքը շարունակվում է, առավել ևս, որ Ռուսաստանն էլ այդ ամբողջ ընթացքում լուռ ու հանգիստ դիտորդի կարգավիճակում չէր, որ հետևում էր մեր երկրի շուրջ զարգացող գործընթացներին:

Գևորգ Ավչյան

Անկախ

Գազը էժանացավ, բայց ոչ շարքային քաղաքացիների համար

ARMRUSGASPROMՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցի ժամանակ, ի թիվս 12 համաձայնագրերի, ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվեց Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ, Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ, «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին, ինչպես նաև ՀՀ կառավարության ու  «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև` ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը փոխհատուցում տրամադրելու մասին համաձայնագիրը և 2014-2018 թթ. Հայաստանի Հանրապետություն բնական գազ ներմուծելու «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Գազպրոմ էքսպորտ» բաց բաժնետիրական ընկերության միջև  գործարքը: 

Այս ամենի արդյունքում հայտարարվեց, որ դեպի Հայաստան միակողմանի` Ռուսաստանից նավթամթերքի, գազի, ադամանդի հումքի ներմուծման համար սահմանված մաքսատուրքերը չեն գանձվի և Հայաստանը, օրինակ, գազ կստանա ներռուսաստանյան գներով: Այսինքն` ավելի էժան:

Այդ ուրախ լուրը սկսեցինք բերնեբերան տարածել, մի փոքր, նույնիսկ, ոգևորություն նկատվեց, թե գազը Հայաստանում կէժանանա և այլն: Ավաղ:

Առաջինն այս մասին հանրությանը հայտնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ Հայաստանում սպառողների համար գազի սակագինը ստորագրված հայ-ռուսական համաձայնագրերի գործողության արդյունքում փոփոխությունների չի ենթարկվի: «Գազի առումով մենք երեկ ունեցանք շատ կարևոր պայմանավորվածություն: Մենք ֆիքսեցինք 5 տարով գազի մատակարարման սակագնի հաշվարկման ֆորմուլան, և դա շատ կարևոր է, որովհետև նախկին 5 տարվա ընթացքում մենք 5 անգամ գնի փոփոխություն ենք ունեցել: Եվ թեև դա սպառողի համար ամեն անգամ չի արտացոլվել գնի բարձրացմամբ, բայց ամեն անգամ որոնվել են ճանապարհներ, որոնցով հնարավոր է եղել փոխհատուցել դա` առանց սպառողի շահերին հարվածելու»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Հենց Վիգեն Սարգսյանն էլ լրագրողների միջոցով հանրությանը տեղեկացրեց, որ նախորդ տարիների ընթացքում գազի սակագնի բարձրացման հետևանքով լրացուցիչ բեռ է ստեղծվել տնտեսության, բյուջեի համար, որը ռուսական կողմին փոխհատուցվել է «Հայռուսգազարդ» ընկերության 20 տոկոսը ռուսական կողմին փոխանցելու ձևով:

Նրա խոսքով` Հայաստանի կառավարությանը պատկանող մասնաբաժինը ռուսական կողմին փոխանցվել է` փոխհատուցելու համար գազի գնի այն տարբերությունը, որը գոյանում էր սահմանի վրա հաշվարկվող մատակարարման գնի և սպառողի համար հաշվարկված գնի միջև:

Ռուսաստանը հիշյալ համաձայնություններով զրոյացնում է գազի արտահանման մաքսատուրքը, այսինքն` Հայաստանն այսուհետ ձեռք կբերի բանակցված սակագնից մոտ 30 տոկոսով էժան գազ,  սակայն Հայաստանի տարածքում իրացման սակագները չեն վերանայվի:

Հարց է առաջանում` ինչո՞ւ: 2013 թ. ապրիլի 1-ից ռուսական գազը Հայաստան է առաքվում 270 դոլարով (1000 խմ-ի համար): 2013 թ. հուլիսի 7-ից բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացրել է 18, իսկ խոշոր գազասպառողների համար` 14 տոկոսով: Բնակչությանը մատակարարվող գազի սակագինը դրանից հետո սահմանվեց 156 դրամ` 1 խմ-ի համար: Այդ սակագինը սահմանելիս հաշվի էր առնվել, որ կառավարությունը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռք բերվող գազի գնի 30 տոկոսը: Այսինքն` վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք ընդունվեց ոչ թե 1000 խմ գազի համար 270 դոլար, այլ 189 դոլար գինը` նախկին 180 դոլարի փոխարեն: Այսինքն` շարքային քաղաքացիների համար գազի սակագնի հաշվարկներ կատարելիս ի սկզբանե վերցված է եղել 1000 խմ-ի համար 189 դոլար գինը, քանի որ գնի մնացած մասը` 30 տոկոսը, պետք է սուբսիդավորեր կառավարությունը:

Եվ դեռ այն ժամանակ արդեն կասկածներ էին հնչում, թե որտեղից պետք է կառավարությունը գտնի համապատասխան միջոցներ գազի գնի 30 տոկոսը սուբսիդավորելու համար: Ու հենց այդ ժամանակ էլ պաշտոնապես հաստատվեց այն տեղեկատվությունը, որ հայկական կողմը այդ 30 տոկոս սուբսիդավորման համար անհրաժեշտ միջոցները «հայթայթելու», ինչպես նաև առաջիկա 5 տարիներին գազի գինն անփոփոխ պահելու համար պետք է «Գազպրոմին» հանձնի «Հայռուսգազարդ»-ում իր ունեցած 20 տոկոս բաժնեմասը:

Այսինքն` երբ ռուսական կողմը հայտարարում է, որ չեն գործի գազի արտահանման համար մաքսատուրքերը, որոնք կազմում են ՀՀ առաքվող գազի գնի 30 տոկոսը, դա նշանակում է ընդամենը, որ կառավարությունն իր բաժին սուբսիդավորումն այլևս չի կատարի, ոչ թե հասարակությանը մատակարարվող գազի սակագինը 30 տոկոսով կէժանանա:

Եվ այսպես` Երևանում պայմանագիր ստորագրվեց «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու վերաբերյալ: Ու հետաքրքիրն այն է, որ այս լուրը ևս ՀՀ ազգաբնակչությունն իմացավ ոչ թե ՀՀ համապատասխան մարմիններից կամ պաշտոնյաներից, այլ ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերից  (Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի բացման արարողության ժամանակ):

Մեզ մնում է մխիթարվել, որ գազի գինը չի նվազի, բայց նաև առաջիկա 5 տարիներին չի  ավելանա, ինչպես նշում էր նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Բայց պարզվում է, որ «չի թանկանա» եզրույթն էլ հարաբերական է: ՌԴ էներգետիկայի նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի պետի տեղակալ Միխայիլ Պլեշկինը Yerkir.am-ի հետ զրույցում այս առումով նշել է. «Ինչքան ես գիտեմ, այն գինը, որը հայտարարվեց, թե կգործի Հայաստանին մատակարարվող գազի համար, կպահպանվի և հետագայում կփոփոխվի միմիայն  ինֆլյացիայով պայմանավորված դեպքերում»:

Ռուս պաշտոնյայի կարծիքով` ամեն դեպքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինն ավելի բարձր չի լինի, քան ներռուսաստանյան գներն են:

Գևորգ Ավչյան

Անկախ

 

Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը կներկայացվի Երևանի ավագանու նիստին

երևանի բյուջեի նախագիծՏեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի նախագահությամբ։  Քաղաքապետի տեղակալը խորհրդի անդամներին ներկայացրել է  «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հանրային բաց լսումների եղանակով կազմակերպված հանրային քննարկումների արդյունքները,  որոնք ամփոփվել և  ներկայացվել  են «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկումների արդյունքների մասին ամփոփաթերթում:  Վահե Նիկոյանը ներկայացրել է նախագծում իրականացված շտկումները, որոնց արդյունքում նախագիծը լրամշակվել է: Նիստին ներկա խորհրդի անդամները միաձայն կողմ քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել «Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը սահմանված կարգով Երևան քաղաքի ավագանու քննարկմանը ներկայացնելու համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

ԱՄՆ դեսպանատան ու Չարենցավանի քաղաքային գրադարանի գործակցությամբ բացվում է նոր Ամերիկյան անկյուն

event1_2ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Չարենցավանի քաղաքային գրադարանի հետ համատեղ պաշտոնապես ազդարարեց Չարենցավանում Ամերիկյան անկյան բացման մասին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Սա Հայաստանում 5-րդ Ամերիկյան անկյունն է, ընդ որում առաջինը բացվել է 2005թ.-ին:

Իր խոսքում դեսպան Հեֆերնը նշեց, որ Ամերիկյան անկյան միջոցով Չարենցավանի ու Կոտայքի մարզի բնակիչների համար հասանելի կդառնան բազմազան ռեսուրսներ, որոնք կնպաստեն հայ-ամերիկյան երկխոսությանն ու փոխըմբռնմանը: Ամերիկյան անկյունը նաև  անգլերենի իմացությունը կիրառելու հնարավորություններ կընձեռի:

Ամերիկյան անկյունները ամերիկյան ոճի փոքր գրադարաններ են, որ ստեղծվում են աշխարհի տարբեր երկրներում՝ փոխադարձ ընբռնումը Միացյալ Նահանգների ու տվյալ երկրի միջև խորացնելու նպատակով: ԱՄՆ պետքարտուղարության ու այս գրադարաններն իրենց հարկի տակ ընդունող տեղական կազմակերպությունների համագործակցության արդյունքում այսօր աշխարհում գործում են շուրջ 470 այդպիսի կենտրոններ: Ամերիկյան անկյուններն ապահովում են Ամերիկային վերաբերող տեղեկություններ տարբեր ձևաչափերով ՝ հանրագիտարաններ, գեղարվեստական երկեր, ամսագրեր և տեսանյութեր: Այս ռեսուրսները հիմնականում առնչվում են ԱՄՆ-ում ուսանելու հնարավորություններին, ամերիկյան պատմությանը, մշակույթին, հասարակությանը, ԱՄՆ-ում տնտեսական գործունեություն իրականացնելուն, ինչպես նաև անգլերենի՝ որպես օտար լեզվի ուսուցմանը:  Ամերիկյան անկյուններում նաև ապահովվում են համակարգիչներ՝ ինտերնետային կապով: Այստեղ անցկացվում են տարաբնույթ հասարակական միջոցառումներ, ինչպիսիք են՝ քննարկումներ, հանդիպումներ հրավիրված խոսնակների հետ, աշխատաժողովներ և այլն: Ամերիկյան անկյան ծառայություններն անվճար են ու հասանելի բոլորի համար:

Ներկայումս Հայաստանում Ամերիկյան անկյուններ գործում են Երևանում, Գյումրում, Վանաձորում և Կապանում: Անցյալ տարվա տվյալներով այդ կենտրոններ այցելողների թիվը գերազանցել է 40.000-ը:

Դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները

դատախազություն ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով`

ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Արթուր Ղամբարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն:
ՀՀ գլխավոր դատախազության իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ է նշանակվել արդարադատության երրորդ դասի խորհրդական  Թամարա Շաքարյանը՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազի օգնականի պաշտոնից:

Հայաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Կիևում

Հայաստան, Ադրբեջան,ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, ԿիևԴեկտեմբերի 4-ին Կիևում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առանձնազրույցից հետո, նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած հանդիպման համատեքստում համանախագահները շարունակեցին նախարարների հետ քննարկումները՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով, մտքեր փոխանակվեցին հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի վերաբերյալ։

Նախարարները և համանախագահները պայմանավորվեցին առաջիկա շաբաթների ընթացքում շարունակել հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ հետագա քննարկումները: Համանախագահները հայտնեցին այդ նպատակով առաջիկայում տարածաշրջան այցելելու իրենց մտադրությունը։

ԱԳ նախարարներն, ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի կարևորությունը, շնորհակալություն հայտնեցին նրանց խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի համար:

Ինչ՞ իրավասություններ ունի համայնքի ավագանին

օրենք«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածում թվարկված են համայնքի ավագանու իրավասությունները, որոնցից կարելի է առանձնացնել մի քանիսը: Այսպես, համայնքի ավագանին հիշյալ օրենքով սահմանված կարգով`

  • ընդունում է իր կանոնակարգը «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀօրենքի պահանջներին համապատասխան,
  • հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը,
  • հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը,
  • վերահսկում է համայնքի բյուջեի կատարումը և համայնքի ստացած վարկերի ու այլ ներգրավված ֆինանսական միջոցների օգտագործումը,
  • նախաձեռնում և օրենքով սահմանված կարգով նշանակում է տեղական հանրաքվե,
  • վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ,
  • դատական կարգով կարող է վիճարկել համայնքի ղեկավարի` օրենքին և իրավական այլ ակտերին հակասող որոշումները,
  • որոշում է համայնքի ղեկավարի վարձատրության չափը,
  • որոշում է կայացնում առաջարկություն ներկայացնել մարզպետին, համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ,
  • որոշում է կայացնում միջհամայնքային միավորումներ ձևավորելու մասին, ինչպես նաև առաջարկություն է ներկայացնում պետական լիազորված մարմին` այլ համայնքների հետ միավորվելով նոր համայնք ստեղծելու վերաբերյալ,
  • որոշում է կայացնում ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ,
  • օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը,
  • սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը,
  • որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկների ու կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ.
  • իր որոշմամբ վավերացնում է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների համայնքների հետ համագործակցելու մասին պայմանագրերը: Համայնքների գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով որոշում է կայացնում համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամության վճարները մուծելու մասին,
  • որոշում է կայացնում համայնքի զինանշանի վերաբերյալ,
  • համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է ընդունում աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ,
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով որոշում է ընդունում համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին,
  • օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրական իրավունքները խախտող պետական մարմինների նորմատիվ ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցերով կարող է դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան,
  • քննարկում և որոշում է կայացնում համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.

Համայնքի ավագանին իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Ինչու ավերվեց Գյումրին. մասնագետներ

Գյումրի,երկրաշարժՍեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տվյալներով Գյումրիում 1988 թվականի դեկտեմբերի 7-ին փլվել է 127 բազմաբնակարան շենք: Փլվել են այն տիպային շենքերը, որոնք կառուցվել են կոմունիստական հասարակարգի պլանային նորմերով:

“Հիմնականում հավաքովի, կարկասային, երկաթ-բետոնյա հիմքերով շենքեր են: Բայց բոլորիս հայտնի է, որ եղել են նույնիսկ 20-ական թվականներին կառուցված շենքեր, որոնք ավելի լավ են դիմակայել երկրաշարժին, քան այն շենքերը, որ կառուցվել են 80-ականներին”, – ասում է ՍՊՀԾ տնօրեն Կարեն Մխիթարյանը:
Փլուզման գործում մեծ դեր խաղացին ոչ թե շենքերի տարիքային, այլ որակական, սեյսմակայուն առանձնահատկությունները: “Խրուշչովյան` քարե, 4 հարկանի, սովորական շենքերը, բարձրությունը` 2.70, դիմակայեցին, բայց վնասվածք ստացան առանց երկրաշարժի: 64 շենք երկրաշարժից առաջ վթարային էին կամ չէին երաշխավորվում բնակչության համար, որոնք իրականում չփլվեցին”, – նշում է սեյսմիկ ռիսկի և վտանգի ընդհանուր գնահատման համալիր բաժնի վարիչ Սերգեյ Նազարեթյանը:
Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո, հիմնվելով մասնագետների փորձի վրա և այն բոլոր աշխատանքների, որոնք կազմակերպվել ու իրականացվել են աղետի գոտում, ՍՊՀԾ համապատասխան մասնագետները սկսել են ուսումնասիրել Սպիտակի ավերիչ երկրաշարժից վնասված շենքերի վարքը: Կազմվել են երկրաշարժի ուժգնության ու շենքի վնասվելու աստիճանի միջև կախվածության գրաֆիկներ: Այսինքն, որ տիպի շենքը, որ բալայնականության պարագայում ինչ վնասվածքներ կունենան:
Իսկ որքանով են սեյսմիկ առումով ապահով հետերկրաշարժյան բնակելիները, քանի որ շատ է խոսվում, հատկապես, վերջին տարիների շինարարության ցածր որակի մասին:
“Գյումրին լինելով աղետի գոտի` տարբեր տարիներին բազմաթիվ շենքեր են կառուցվել: Քաղաքն ունի 88 բազմաբնակարանային վթարային շենքեր, ու չնայած դրան, մեր ուսումնասիրություններով Գյումրին համարվում է հանրապետությունում ամենաանվտանգ քաղաքներից մեկը: Ինչու, որովհետև բնակֆոնդը վերկառուցվում է 9 բալ սեյսմակայունությամբ: “Անի” թաղամասում կառուցված շենքերի սեյսմականությունը նույնիսկ ավելորդ ամրություն ունի: “Լինսի” բնակարանաշինությունը համարվում է էտալոնային շինարարություն, որովհետև տեխհսկողությունը եղել է եռաստիճան: Այսինքն մի կազմակերպությունը տեխհսկողական գործառույթներ իրականացնելով հսկել է մեկ այլ տեխհսկիչի. մեկը-մեկին հսկելով ստացել են բավականին լուրջ որակ: Իսկ ինչ վերաբերում է “Մուշ” թաղամասին, ցավոք, մեր ծառայությունը չուներ անմիջական ուսումնասիրություններ իրականացնելու գործառույթներ. հիմնվելով քաղաքաշինության նախարարության գերատեսչական հաշվետվություններին` փաստվել է` չնայած քաղաքաշինական առումով թերություններին, կրող կոնստրուկցիաները համապատասխանում են 9 բալ սեյսմակայունությանը, այլ խնդիր է ներքին հարդարումը կամ երեսապատումը: Խոսքը առաջին փուլում հանձնված բնակելիների մասին է: Երկրորդ փուլում արդեն մենք էլ ենք ուսումնասիրել, որակը բավականին տեղին է”, – խնդրի շուրջ պարզաբանում է Կարեն Մխիթարյանը:
Քանի մոտենում է երկրաշարժի տարելիցի օրը, այնքան մարդկանց մեջ անհագնանում է այն միտքը, թե յուրաքանյուր 25 տարին մեկ խոշոր երկրաշարժերը կրկնվում են: Այս առումով մասնագետները նշում են` դա հաստատել կամ հերքել հնարավոր չէ: Իսկ հարցին, թե արդյոք ճիշտ է այն վարկածը, որ 1988-ին ոչ թե բնական երկրաշարժ է եղել, այլ ռուսական կողմի ձեռնարկած հատուկ դիվերսիան, Սերգեյ Նազարեթյանը նշեց. “1000 տոկոս պատասխանատվությամբ ասում եմ` դա սուտ է, բացարձակ խոսակցություններ: Դժբախտաբար մեր ժողովուրդը հակված է երկու սխալի. մեկը` զոհերի թիվը չի ընդունում: Հազար ձևի հաշվել ենք, դրանից ավել չի կարող լինել: Ասում են` Սպիտակում 18 հազար մարդ է զոհվել, երբ 4003 հոգի է զոհվել: Մեր քաղաքում` Գյումրիում, նվազագույնը 15.000, առավելագույնը 17.000 զոհ է եղել: Բայց, հատկապես զոհ ունեցողները հակված են մտածելու, որ զոհերի թիվը շատ է եղել: Երկրորդը, մասնագետները գոռում են` աշխարհում հնարավոր չէ ոչ մի արհեստական երկրաշարժ ստեղծել, բացի, երբ մեծ ծավալի ջրամբար ես կառուցում: Ջրամբարի ջրի սյան բարձրությունը, որ անցնում է 70 մետրից, ճնշումն այդ մասում սկսում է հարուցել սեյսմիկություն”:

Գյումրիում սկսել են երկրաշարժեր կանխատեսել

IMG_1537ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայությունն ամփոփել է անցած 25 տարիների կատարած աշխատանքները: 88-ի աղետը թույլ տվեց ավելի լուրջ ուսումնասիրություններ կատարել սեյսմիկ ռիսկերը գնահատելու և գիտական աշխատանքներ կատարելու համար:

Աղետի տարելիցի նախօրեին, խոսելով անցած ճանապարհի մասին, ծառայության մասնագետները նշում են` հասել են նրան, որ արդեն հնարավոր է որոշակի կանխատեսումներ անել:

“Տեղեկատվության բաժինը վերջին 25 տարվա մեջ մեծ աշխատանք տարավ երկրաշարժերի կանխատեսման ուղղությամբ: Մշակվեց երկրաշարժերի կանխատեսման տեկտոնամագնիսական մեթոդը, որը փորձարվեց վերջին 5-6 տարիների ընթացքում: Նույնիսկ, մենք հատուկենտ երկրաշարժեր կանխատեսեցինք: Միակ ցավալի փաստն այն է, որ արդեն 23 տարի անընդհատ աշխատող մեր ապարատները շարքից դուրս են եկել, ֆիզիկապես մաշվել են”, – ասում է ՍՊՀԾ տեղեկատվության բաժնի վարիչ Սամվել Հովհաննիսյանը:

Նախանշանները ձևավորվում են տեկտենամագնիսական դաշտի մեջ, այսինքն, այն դաշտը, որն առաջ է գալիս ապարների սեխմման ժամանակ ի հաշիվ ապարների մնացորդային մագնիսականության փոփոխության: Այդ դաշտը դիտարկվում է մակրևույթի վրա, դրա գոյատևման տևողությունը տարբեր մագնիտուտ ունեցող երկրաշարժերի համար տարբեր է. “Օրինակ 5 բալ մգնիտուտ ունեցող երկրաշարժի համար այն կազմում է 5-6 տարի, իսկ 4.5 մագնիտուտի համար` մաքսիմում 2 տարի”, – մանրամասնում է մասնագետը:

Ծառայությունն ունի հինգ դիտարկումներով պայմանավորված ցանց` հեռաչափական ցանց, որը սեյսմիկ ցնցումների ժամանակ անմիջապես ալիքներ են գրանցում, էլեկտրաչափական դիտարկումների ցանց, էկելտրամագնիսական, ռադոնաչափական ցանց և հիդրոդինամիկական կայաններ: Սրանք անոմալիաների ժամանակ տալիս են այն տվյալները, որոնցով կարելի է կանխատեսել կարճաժամկետ կամ միջնաժամկետ ժամանակահատվածում երկրաշարժի առկայությունը:

Հիմնական կանխատեսումները գրանցվում են մեկ շաբաթվա ինտերվալով:

Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին

եղանակը ՀայաստանումՀանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 9-ի ցերեկը նույնքանով կնվազի :
Երևանում`
Դեկտեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.80C (1935 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -15.00C (1953 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 1.40C

Հովհաննեսը համացանցում անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ է վարել

համացանցՈստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության երրորդ վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Երևանի բնակիչ Հովհաննես Ս.-ն սեռական կրքերը բավարարելու նպատակով www.odnoklassniki.ru, www.vkontakte.ru և www.skype.com սոցիալական ցանցերի միջոցով ծանոթացել է 10-ից 15 տարեկան, հատկապես արական սեռի երեխաների հետ, վարել անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնող խոսակցություններ, ներկայացրել և տրամադրել մանկական պոռնկագրական բնույթի տեսանյութեր: Օգտվելով երեխաների միամտությունից` նա խաբեությամբ համոզել է ոմանց մերկանալ վեբ-տեսախցիկի առջև և նկարահանել է նրանց:
Համացանցում հիմնականում ներկայացել է որպես «Հովո» և հանդես եկել՝ «ELEN», «Allen Minasyan»,  «HOVHANNES @ SYUZKA» անուններով:
Հատկանշական է նաև, որ նա աշխատել է մանկական սրճարաններում, խաղային սրահներում և երեխաներին առնչվող այլ ոլորտներում:
Հովհաննես Ս.-ն ձերբակալված է:
Նախաքննությունը վարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:
Նկատի ունենալով, որ սա վերջին տարիների միակ դեպքը չէ, հորդորում ենք սոցիալական ցանցերից, ընդհանրապես` համացանցից օգտվողներին, լինել հնարավորինս ուշադիր: Ոստիկանությունը միշտ էլ պատրաստ է և կկատարի իր գործը, բայց նմանատիպ իրավիճակներում չհայտնվելու և հանցավոր ու արատածին երևույթներից զերծ մնալու համար դիմում ենք հատկապես ծնողներին` եղեք ուշադիր, անհրաժեշտության դեպքում խիստ վերահսկողություն սահմանեք երեխաների նկատմամբ, հսկեք նրանց ելումուտը սոցիալական ցանցեր: Օգնեք ոստիկանությանը ձեր իսկ երեխաներին պաշտպանելու այլասերվածներից…

Հրդեհ` “Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն” ՓԲԸ-ում

Խոշոր հրդեհ Երևանի Գոգոլի փողոցումԴեկտեմբերի 4-ին, ժամը 20.22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող “Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն” ՓԲԸ-ի 2-րդ հարկում:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: