Առաջին զանգով ազդարարվեց 1-ին դասարանցիների 12-ամյա դպրոցական կյանքի մեկնարկը

153 դպրոցԱյսօր շուրջ 39 հազար առաջին դասարանցիների համար հնչեց առաջին զանգը:

Հանրապետության ամեն դպրոց յուրովի դիմավորեց իր նորեկ աշակերտներին:

Երևանի Ռաֆայել Իշխանյանի 153 հիմնական դպրոց այս տարի մուտք գործեցին 72 առաջին դասարանցիներ: Փոքրիկներին ողջույնի խոսքով դիմավորեցին դպրոցի վերջին շրջանավարտներն, ովքեր այս տարի իրենց ուսումը շարունակելու են ավագ դպրոցներում: Փոքրիկներին ողջունելուց հետո միայն շրջանավարտներից ամեն մեկն իր նոր կրթօջախ գնաց:

Ուսումնական տարվա մեկնարկը ազդարարվեց դպրոցական երգչախմբի կատարմամբ և պարերով:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը: Նաև բոլորին խորհուրդ տվեց աշխատանքը, ուսումը սկսել սիրով. «Որտեղ կա սեր, հանդուրժողականություն, հարգանք միմյանց հանդեպ, այդտեղ անպայման կլինի նաև կրթության որակ»:

153 դպրոց (1)Սարգսյանն ասում է, որ դպրոցը տեղակայված է ոչ բանուկ մասում` շրջապատված է սեփական տներով: Նման պայմաններում իրենց մոտ աշակերտ են բերում դպրոցի հեղինակության, մանկավարժական կոլեկտիվի նվիրվածության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ:

« Աշակերտների թիվը նաև պարտավորեցնող է: Եթե ծնողն ընտրում է քո դպրոցը, դա առավել լավ աշխատելու և նրա ընտրությունն արդարացնելու գործոն է»,- ասում է Սարգսյանը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության տոնի առթիվ

Տիգրան ՍարգսյանՍիրելի ՛ արցախցիներ,

22 տարի առաջ Արցախի ժողովրդի կողմից կայացված որոշումը պատմական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Արցախի Հանրապետությունը կոփվեց պարտադրված պատերազմում տարած հաղթանակներում և այս տարիների ընթացքում ապացուցեց իր կենսունակությունը` հանդիսանալով հայության միասնության խորհրդանիշն ու մեր ազգային արժանապատվության պաշտպանության մարմնավորումը: Արցախը կարողացավ հաղթահարել սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած բարդությունները, ստեղծել ու կայացնել պետական ինստիտուտներ, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման համար բարենպաստ պայմաններ, տնտեսական ներուժի արդյունավետ իրացման հնարավորություններ:
Եվ այսօր մենք վստահորեն կարող ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է` ժողովրդավարական կառավարման համակարգով և զարգացման մեծ ներուժով: Թշնամական բանակներն ու մահաբեր հրթիռներն իրենց նպատակին չհասան, քանզի աշխատասեր ու արդարամիտ արցախցին մինչև հաղթական ավարտը պայքարեց հանուն Հայրենիքի, հանուն ազատության: Ավերված քաղաքները, գյուղերը, դպրոցներն ու ենթակառուցվածքներն այլևս անցյալում են: Ազատ Արցախն այսօր վերակառուցման փուլից թևակոխել է զարգացման փուլ:
Միևնույն ժամանակ, մենք շարունակում ենք ականատեսը լինել ժամանակին պատերազմ սանձազերծած և դրա արդյունքում պարտված թշնամու հոխորտանքներին ու սպառնալիքներին: Անշեղորեն շարունակում ենք միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայաֆոբիան պետական մակարդակով քարոզողների քաղաքականության վրա և նորից շեշտում` պատերազմ չենք ուզում, սակայն պատերազմից չենք վախենում:

Սիրելի՛ արցախցիներ,

ջերմորեն շնորհավորում եմ ձեզ անկախության տոնի կապակցությամբ: Այսօր բոլորիս համար փառավոր օր է, խաղաղություն և բարօրություն եմ մաղթում ձեր ընտանիքներին:
Կեցցե ՛ ազատագրված Արցախը:

Պատասխան ԵՊՀ շրջանավարտների միավորման հայտարարությանը

շենքՍ.թ. օգոստոսի 29-ին մենք՝ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» սոցիալական ծրագրի երկրորդ փուլով Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի մի շարք շահառուներս տարածել էինք մամուլի հաղորդագրություն, որում ներկայացրել էինք փաստեր այն մասին, որ նշված ծրագիրը «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի (այսուհետ՝ ՀԿ) կողմից իրականացվում է ժամկետների էական խախտումներով և առանց իրավիճակի մասին շահառուների պատշաճ իրազեկման:

Ի պատասխան այդ հաղորդագրության՝ օգոստոսի 30-ին ՀԿ-ն իր կայքում տարածել է հայտարարություն: Ողջունելով ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից մեր հաղորդագրությունն անպատասխան չթողնելու հանգամանքը, այդուհանդերձ դրա առթիվ հայտնում ենք հետևյալը.

  1. Համաձայն մեր և ՀԿ-ի միջև կնքված նախնական պայմանագրի` Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին 2012թ. հոկտեմբերի 30-ին: Այսօր 2013թ. սեպտեմբերի 2-ն է, շենքը դեռ շահագործման հանձնված չէ: Ձեր պատասխանում մեղադրում եք շինարարական կազմակերպությանը, որն անպատասխանատու է գտնվել իր պարտականություններում: Շինարարներն էլ իրենց հերթին փաստում են, որ 6-7 ամիս է, ինչ իրենց գումար չեն տվել, ինչի արդյունքում շինարարական աշխատանքները սառեցվել են: Առաջարկում ենք շահառուների ներկայությամբ իրականացնել համատեղ մամուլի ասուլիս ՀԿ-ի և շինարարական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչի ընթացքում կբարձրաձայնեք ձեր տեսակետները:
  2. Ձեր հայտարարության մեջ նշվում է, որ «շենքում չկատարված աշխատանքները կազմում են ընդհանուր ծավալի 3 տոկոսը», մինչդեռ ավարտված են շենքի ընդամենը առաջին 5 հարկերի բնակարանների աշխատանքները: Որքան բարձրանում ենք 5-րդ հարկից, այնքան բնակարաններում կատարված աշխատանքների ծավալներն ավելի են պակասում, իսկ վերջին հարկերում` գրեթե ոչինչ արված չէ: Այդ մասին կարող են փաստել 26.08.2013-ին մեր կողմից արված լուսանկարներն ու նկարահանումները, որոնք հասանելի են հետևյալ հղումներով՝ https://www.dropbox.com/sh/p61zh35tbrud03s/Qu_e6p9ZFA

http://www.youtube.com/watch?v=WaQh_Hszv0o&feature=youtu.be

http://www.youtube.com/watch?v=r0H1i80-bdI&feature=youtu.be:

  1. Հայտարարության մեջ գրում եք. «շինարարությունն ավարտին հասցնելու նպատակով մեր միավորման կողմից համալիրի կառուցման պայմանագրային արժեքը վճարվել է ամբողջությամբ (չնայած այն հանգամանքին, որ ծրագրի շահառուների մեծամասնությունը չեն վճարել իրենց բնակարանների ամբողջ արժեքը)»: Նշենք, որ համաձայն կնքված պայմանագրի, շահառուն մինչև շենքի կառուցման ավարտը պիտի վճարեր բնակարանի արժեքի 85 տոկոսը։ Մնացած 15 տոկոսը շահառուն պարտավորվում էր վճարել իր բնակարանը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում: Բոլոր շահառուներն ըստ ժամանակացույցի վճարել են իրենցից պահանջվող 85 տոկոս գումարները, ավելին` կան շահառուներ, որոնք ՀԿ-ի խնդրանք-պահանջով վճարել են իրենց բնակարանների ողջ գումարը, չնայած որ կառուցապատողը մնացյալ 15 տոկոս գումարն անգամ խնդրել-պահանջելու որևէ իրավասություն չուներ: Այնպես որ ասել, որ ծրագրի շահառուների մեծամասնությունը չեն վճարել իրենց բնակարանների ամբողջ արժեքը, մեղմ ասած անպատասխանատու հայտարարություն է, որ նպատակ ունի նենգափոխել խնդրի էությունը:
  2. Նշում եք, որ «Բնակարանաշինական ծրագրի իրականացման ամբողջ ընթացքում ԵՊՀ շրջանավարտների միավորումը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել ծրագրի շահառուների իրավունքներին և օրինական շահերին՝ դրանք հավուր պատշաճի ներկայացնելով շինարարական կազմակերպության և այլ մարմինների հետ հարաբերություններում»: Անշուշտ ողջունելի է, սակայն միևնույն ժամանակ անհասկանալի, թե ինչու է նման պատասխանատու մոտեցման պարագայում անգամ շենքի շինարարության ավարտն անընդհատ ձգձգվում, այն էլ անհայտ ժամանակով:
  3. Ասում եք, որ «մշտապես համարել ենք, որ նման բնույթի սոցիալական բնակարանաշինական ծրագրի հաջողության գրավականը եղել և մնում է շահառուների հետ ակտիվ համագործակցությունը, նրանց հետ համատեղ և համակարգված աշխատանքը, ինչը մեր գնահատմամբ ստացվել է»: Ծրագրի մեկնարկից՝  2010 թվականի ապրիլից ի վեր՝ ՀԿ-ի՝ ի դեմս պարոն Քարամյանի հետ մենք 2 խմբային հանդիպում ենք ունեցել՝ ս.թ. մայիսի 17-ին և հուլիսի 12-ին, որոնք եղել են ԲԱՑԱՌԱՊԵՍ շահառուներիս նախաձեռնությամբ, և որոնց ընթացքում անընդհատ նշվել են իրականությանը չհամապատասխանող ժամկետներ և փաստեր՝ այն էլ առանց հիմնավոր փաստաթղթերի, ինչպես նախատեսում է պայմանագիրը: Ավելին՝ վերջին ֆոտոռեպորտաժը շինհրապարակից ՀԿ-ի www.ysugu.am կայքում տեղադրվել է ավելի քան մեկ տարի առաջ` 2012 թ. հուլիսի 12-ին:
  4. Ձեր հայտարարության մեջ մեր հասցեին մեղադրանք եք հնչեցնում և մեր արդարացի բողոքը որակում որպես «ծրագրի առաքելության անհարկի շահարկում» «անտրամաբանական և ուղղորդված» և խնդրում «զինվել համբերությամբ և զերծ մնալ ծրագրի տարաբնույթ և անհիմն շահարկումներից»: Ամիսներ շարունակ մենք համբերությամբ զինված սպասել ենք և փորձել ըմբռնումով մոտենալ: Ցավով ենք փաստում, որ մեր բարձրաձայնած բողոքն ավելի արդյունավետ գտնվեց, քան ամիսների լռությունը. օգոստոսի 30-ին շենքում արդեն բանվորներ էին աշխատում:

Եվ վերջում. ամենևին էլ պետք չէ մեր արդարացի բողոքի մեջ ուղղորդում փնտրել և նման պիտակավորումներ անել: Այս ծրագրի շահառուները երկրի մտավորականության հատվածն են, ովքեր գիտեն իրենց իրավունքներն ու պայքարում են դրանց համար: Ինչ վերաբերում է ուղղորդված լինելուն, ապա այո՛, մեզ ուղղորդում են, բայց միայն խաբված լինելու զգացումը և արդարացի բողոքը:

 

Երևանի Ծարավ Աղբյուրի 55/6 հասցեի բազմաբնակարան շենքի մի խումբ շահառուներ

ՀԽ գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը պատրաստ է երկխոսության մեջ մտնել բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում գենդերային հավասարության գաղափարը

g_imageՀՀ Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես նշվում է.

“Գենդերային քաղաքականության հարցերի վերաբերյալ ԶԼՄ-ներում տեղ գտած առանձին գործիչների ու կազմակերպությունների ոչ մասնագիտական և միտումնավոր մեկնաբանությունների կապակցությամբ
առաջնորդվելով
ժողովրդավարությանումարդուիրավունքներիգաղափարներովուսկզբունքներով և ՀՀ սահմանադրությամբ,
դիտարկելով
երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավումը որպես մարդու իրավունքների անբաժանելի մաս, սոցիալական արդարության, երկրի մարդկային կապիտալի լիարժեք գործառության ու հասարակության զարգացման գրավական և ժողովրդավարության հաստատման անհրաժեշտ պայման,
հիմնվելով
ընտանեկան արժեքների պահպանմանն ուղղված քաղաքականության վրա,
հայտարարում է.
Երկրի զարգացման գործընթացներում կանանց լիարժեք մասնակցությանը նպատակաուղղված գործունեությունը ունի ազգային, պատմական, մշակութային հիմքեր: Իրավահավասարությունը, հարգանքը մարդու և նրա արժանապատվության նկատմամբ, կանանց և տղամարդկանց ներդաշնակ ու հարգալից հարաբերությունները հնուց անտի եղել և մնում են մեր ազգային կենսակերպը` նպաստելով պատմական մեծ փորձություններին դիմակայելուն: Այս մոտեցումների իրավական արմատները հասնում են մինչև Շահապիվանի ժողով, Դավիթ Ալավկա որդու, ՄխիթարԳոշի, Սմբատ Սպարապետի և այլոց աշխատությունները:
Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասարությունը երաշխավորող իրավական հիմքը ներառում է`
– Հայաստանի` որպես ՄԱԿ-ի, Եվրախորհրդի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ-ի և այլ միջազգային կառույցների անդամի վավերացրած փաստաթղթերը գենդերային
հավասարության վերաբերյալ, մասնավորապես՝ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ¬ի կոնվենցիան (ՀՀ-ն վավերացրել է 1993 թ.), Պեկինի գործողությունների ծրագիրը(1995), «Հազարամյակի զարգացման նպատակները» (2000) և դրանց շրջանակներում պետության ստանձնած պարտավորությունները,
– ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Գենդերային քաղաքականության պետական հայեցակարգը և ռազմավարական ծրագիրը (2011-2015թ.թ. ), ազգային օրենսդրությունը, այդ թվում վերջերս ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը:

Այս խորապատկերում առնվազն անհասկանալի է մի խումբ հասարակական գործիչների կողմից սկսված քննարկումները կապված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի ընդունման հետ, մանավանդ` միտումնավոր շահարկումներն ու փաստերը խեղաթյուրելու փորձերը:

Ակնհայտ է, որ «գենդեր» և հարակից եզրույթների ոչ մասնագիտական մեկնաբանություններն ու դրանցից բխող մտահոգությունները որևէ աղերս չունեն կանանց քաղաքական, քաղաքացիական և սոցիալական մասնակցության բարձրացմանն ուղղված նշված օրենքի և առհասարակ գենդերային քաղաքականության հետ:

Այնուամենայնիվ ,
Առաջնորդվելով հրապարակային գործունեություն ծավալելու իր գործելաոճով, պաշտպանելով ժողովրդավարական արժեքներն ու բազմակարծության սկզբունքը,
ՀՀ Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը
պատրաստ է երկխոսության մեջ մտնել բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում գենդերային հավասարության գաղափարը կամ վերապահումներ ունեն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի առնչությամբ:
Միաժամանակ անընդունելի ենք համարում որոշ ընդդիմախոսների կողմից որդեգրված անձերի և կազմակերպությունների վարկաբեկման,
Նրանց հասցեին անհիմն մեղադրանքների ու վիրավորական որակումների, ատելության ու սպառնալիքների տարածման հակասահմանադրական գործելաոճը, ինչպես նաև քողարկված քաղաքական նպատակներով հասարակությանը մոլորեցնելու նպատակաուղղված արշավըՀանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի”:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՍիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ:

Արցախի բնիկ ժողովրդի պատմական ընտրությունը կատարված է: Այդ ընտրության իրավունքը սրբազան է, և ինքնորոշման փաստը՝ անբեկանելի:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն իր ազատությունը պաշտպանել և փրկագնել է դաժանագույն պատերազմում ծանրագույն կորուստների գնով: Հանուն իր անկախության արցախցին քվեարկել է ոչ միայն համաժողովրդական հանրաքվեով, այլև համաժողովրդական ինքնապաշտպանությամբ: Արցախցին «Այո՛» է ասել ազատությանն ու անկախությանը, և «Ո՛չ»՝ բռնությանն ու կոտորածին:

Սիրելի՛ արցախցիներ,

Այսօր՝ այս մեծ տոնի օրը, աշխարհի ողջ հայությունը ձեզ հետ միասին կրկնում է «Այո՛»: «Այո՛»՝ ժողովրդավարությանը և համամարդկային արժեքներին, «Ո՛չ»՝ հակահայ ֆաշիզմին և բռնապետների քմահաճույքներին:

Այսօր՝ այս մեծ տոնի օրը, մենք փաստում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որպես կայացած պետականություն, շարունակում է իր համակողմանի զարգացումը: Ղարաբաղի ժողովրդի խաղաղ աշխատանքն ու արարումն արդեն արմատապես և դրականորեն փոխել են նրա դիմագիծը: Աշխարհի երեսին այսօր կան ոչ քիչ երկրներ, որոնք պաշտոնապես ճանաչված են միջազգային հանրության կողմից, բայց կերազեին ունենալ ԼՂՀ-ի ներքին կազմակերպվածությունն ու կայունությունը, ժողովրդավարության և քաղաքական ազատությունների աստիճանը: Եվ սա այն դեպքում, երբ արցախցին ստիպված է մի ձեռքով մշտապես զենք բռնել և աշխատել միայն մեկ ձեռքով:

Սիրելի՛ արցախցիներ,

Իհարկե, դեռ շատ բան ունենք անելու, դեռ լուրջ խնդիրներ ունենք լուծելու՝ սկսած կենցաղից, վերջացրած ռազմաքաղաքական հարցերով, բայց մի բան հստակ է բոլորիս համար՝ վերադարձ դեպի միջնադարյան խանության բանտախուց այլևս չի լինելու:

Կեցցե՛ ազատ Արցախը՝ հայության պատվարն ու արդարության հաղթանակի խորհրդանիշը:

Արցախն արդեն 22 տարեկան անկախ պետություն է

ԼՂՀՍեպտեմբերի 2-ին անկախ Արցախը կդառնա 22 տարեկան. բավական քիչ ժամանակ՝  լուրջ ու շոշափելի արդյունքներ ունենալու և բազմաթիվ ու բազմապիսի խնդիրները լուծելու համար, սակայն բավական երկար` թշնամու մշտական սպառնալիքի ներքո ժողովրդավարություն և պետականություն կերտելու համար:

1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանը հայտարարեց իր անկախության մասին: Մի քանի օր անց` սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»: Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այդ օրը ԼՂՀ բնակչության 80%-ը մասնակցեց հանրաքվեին, և մասնակցածներից շուրջ 99%-ից ավելին քվեարկեց հօգուտ անկախության:

1991 թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին: Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը` Գերագույն խորհուրդը: Իսկ 1992 թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը: Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը: Ստեղծվեց ԼՂՀ նախարարների խորհուրդ, որի վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը: Շուտով հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը: ԼՂՀ դրոշը եռագույն է` կարմիր, կապույտ, նարնջագույն` սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով:

Իհարկե, ոչ ոքի համար նորություն չէ, թե ինչպիսի ծանր ժամանակներում ու պայմաններում է իր առաջին քայլեր սկսել հայկական երկրորդ հանրապետությունը. պատերազմ, տնտեսական շրջափակում, զրկանք և այլն: Բայց նորանկախ ու փոքրիկ պետությունն իր մեջ ուժ գտավ մեկ անգամ միջազգային հանրությանն ու պատմությանն ասելու, որ ինքն  այլևս ինքնուրույն է ցանկանում շարունակել իր ուղին: Եվ անկախությունը կերտվեց արյունով, ամրագրվեց պատերազմում տարած հաղթանակով:

Այսօր արդեն Արցախը աշխարհին է ներկայանում որպես կայացած պետականությամբ, ինքնիշխան ու ժողովրդավարական արժեքների հետևող երկիր` անկախ ճանաչումից:

22 տարիների հեռվից արդեն մի հարց է առաջանում` ի՞նչ ձեռքբերումներ ու ի՞նչ ձախողումներ ունեցավ ազատ Արցախն իր անկախության 22 տարիներին:

Ղարաբաղյան պատերազմում հաղթանակ տարանք, գրեթե առաջին անգամ երկարատև պատերազմում լուրջ հաջողության հասանք` ունենալով ավելի քիչ մարդկային ու տեխնիկական ռեսուրսներ, քան հակառակորդը: Եվ այդ իմաստով՝ մենք մեր  գլխավոր խնդիրը լուծել ենք: Մնում է` դիվանագիտական ասպարեզում ԼՂՀ դե ֆակտո անկախությունը հասցնենք դե յուրեի:

Այս հարցում, ներկա դրությամբ, բավականին հակասական կարծիքներ կան: Մի կողմից, ըստ էության, համաձայն Մադրիդյան սկզբունքների, միջազգային հանրությունն ընդունում է, որ ղարաբաղցիներն ունեն ինքնորոշման իրավունք: Մյուս կողմից` այդ ինքնորոշման  իրավունքի հստակ տեխնոլոգիան դեռ ոչ ոք չի պատկերացնում, այդ թվում նաև` միջազգային հանրությունը: Հենց այստեղ է, որ մենք հայտնվում ենք վտանգավոր ու հակասական վիճակում, որովհետև այդ նույն  մադրիդյան սկզբունքները բավականին հեղհեղուկ են, և դրանց համաձայն` մենք կարող ենք  հաջողության հասնել և դե յուրե իրականություն դարձնել ԼՂՀ անկախությունը: Եվ ճիշտ հակառակը. եթե չկարողանանք Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սառը պատերազմում հասնել հաջողության, ապա կարող ենք նաև տանուլ տալ Ղարաբաղյան խնդրում:

Աշխարհի դիվանագիտական պատմության մեջ, համաձայնվենք թե ոչ, ամրագրվել է «ուժն է ծնում իրավունք» սկզբունքը: Այդպես է նաև այսօր. Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Ասիայում և բոլոր այն տեղերում, որտեղ դեռ տաք հակամարտություններ կան: Վերջիվերջո, դիվանագիտությունն ամրագրում է այն սահմանները, որոնք զենքով ու արյունով են գծվել: Սա արդեն դարձել է անհերքելի ճշմարտություն:

Արցախի անկախության միջազգայնորեն ճանաչման  ճանապարհին

Բայց Արցախյան ճակատում հաղթանակ տանելու դերն ու նշանակությունը կարևոր է ոչ միայն դիվանագիտական ասպարեզում ու ԼՂՀ-ի` միջազգային ճանաչման գործընթացում: Տևական անհաջողություններից ու պարտություններից հետո առաջին անգամ հայ ազգը, զենքով ու իր սեփական կյանքը զոհաբերելով, ապացուցեց, որ ինքն այս աշխարհում ապրելու իրավունք ունի: Հիմնական ձեռքբերումներից մեկն այն է, որ ԼՂՀ-ն, որպես  անկախ պետություն ու պետականություն, կայացած է  միջազգային նորմերի տեսանկյունից: Այն վերջնականապես կայացած պետություն է թե՛ բանակի իմաստով, թե՛ պետական ինստիտուտների ու կառույցների իմաստով և, առավել ևս, ժողովրդավարության չափանիշների հաստատման իմաստով: Այս տեսանկյունից Արցախը չի զիջում ժամանակակից եվրոպական երկրներին, և նույնիսկ, նախագահական ու խորհրդարանական ընտրությունների որակով գերազանցում է եվրոպական մի շարք  երկրների:

Ճիշտ է` ԼՂՀ ցանկացած ընտրություններից երկու-երեք օր հետո սկսվում են ինչ-որ արձագանքներ, գնահատականներ: Իսկ եթե ԼՂՀ նախագահական հերթական ընտրություններն անխափան իրականացվում են, նշանակում է` մեր երկրորդ պետականությունն ավելի ու ավելի է ամրապնդում իր դիրքերը, այդ թվում նաև միջազգային ասպարեզում: Ու մինչև այժմ դեռ  որևէ մեկը ԵԱՀԿ-ի կողմից երբեք դեմ չի արտահայտվել ԼՂՀ-ում անցկացվող ընտրությունների որևէ տարբերակին, և որևէ երկիր կամ պաշտոնյա երբեք չի ասել, թե ընտրությունները  կարող են խանգարել բանակցային գործընթացին:

Եվ որքան բարձր լինի Արցախում ընթացող ժողովրդավարական գործընթացների որակն ու աստիճանը, այնքան ավելի հեշտ կլինի անցնել այդ ճանապարհը, և օրերից մի օր ԼՂՀ-ն ՄԱԿ-ում կունենա իր ներկայացուցիչը, ինչպես Հարավային Սուդանը, Կոսովոն և այլն: Համենայն դեպս, միջազգային փորձն էլ է այդպես վկայում:

Ինչ վերաբերում է  բացթողումներին, ապա մենք խնդիրներ ունենք քարոզչության  բնագավառում, որ դեռ չենք լուծել, որովհետև այսօր էլ մեզ չի հաջողվել հակամարտության կերպարին  համարժեք կերպար արմատավորել միջազգային շրջանակներում:

Օրինակ` պատմական ցայտուն նախադեպեր էլ կան, որ ազգերի ինքնորոշման իրավունքի նորմերից ելնելով` անկախ պետություններ են ստեղծվում: Ազգերի ինքնորոշման իրավունքն առաջին անգամ ամրագրվեց հենց ԱՄՆ պետության սահմանադրության մեջ: ԱՄՆ պետությունը 200 տարի առաջ անգլիական գաղութարարների դեմ սեպարատիստական շարժման արդյունքում, բայց հիմք ունենալով ազգերի ինքնորոշման իրավունքը, պետություն ստեղծեց: Ու ոչ ոքի մտքով անգամ չի անցնում, թեկուզ ցածրաձայն նշել, թե ԱՄՆ-ն օկուպացրել է Անգլիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները: ԱՄՆ-ն 200 տարի է` ինքնուրույն պետություն է կառուցում, ԼՂՀ-ն` 20, տարբերությունը տարիների քանակն է, բայց հիմքը ժողովրդական շարժումներն են` ազգերի ինքնորոշման իրավունքը:

 Ամեն դեպքում Արցախը շարունակում է կերտել իր պետականությունն ու ամրապնդել անկախությունը` զարգացնելով ժողովրդավարություն: Ու այդ ժողովրդավարությունը նախանձելի է անգամ Հայաստանի համար:

 

Վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ

10647_am_1Սիրելի աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ,

Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Կրթությունը, գիտելիքը մեր ժողովրդի արժեհամակարգի հիմքն են: Գիտելիք ունեցող մարդն ազգային հարստություն է, որի պահպանմանն է ուղղված մեր պետության ջանքերը: Լավ կրթություն, հարուստ գիտելիքներ ունեցողի համար մեր երկրում աստիճանաբար ստեղծվում են անհրաժեշտ հնարավորություններ, որպեսզի վերջինս իր ապագան կերտի Հայրենիքում: 21-րդ դարում պետություններն իրար հետ առաջին հերթին մրցում են գիտելիքահեն հասարակություններով: Մենք կարող ենք և պարտավոր ենք մեր արժանապատիվ տեղը զբաղեցնել աշխարհի այդ երկրների շարքում: Այդ ճանապարհին հսկայական է ձեր դերակատարությունը` սիրելի մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ և ուսանողներ:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ` մաղթելով ամենայն բարիք:

Շիրակի մարզում առաջին դասարանցիների թիվն աճել է

dprocԱյսօր սեպտեմբերի 1-ն է, օրը կիրակի, սակայն որոշ դպրեցներում տոնական մթնոլորտ է` առաջին դասարանցիների համար: Իսկ վաղը հանրապետության բոլոր դպրոցներում կհնչի ուսումնական տարվա առաջին զանգը:

Շիրակի մարզում 2013-14 ուստարում դպրոցական զանգն առաջին անգամ կհնչի նախնական տվյալներով 3019 առաջին դասարանցիների համար: Հավելենք, որ այս թիվը բավական մեծ է նախորդ տարվա ցուցանիշից` 2849, սակայն Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը նշում է, թե հրապարակված թիվը ենթակա է փոփոխման, քանի որ նույն երեխայի մասին հնարավոր է տեղեկացրել են երկու դպրոցի տնօրեն:
Շիրակի մարզում այսօր գործում է 170 պետական հանրակրթական դպրոց, որից 153-ը` մարզպետարանի, 17-ը` անմիջական ԿԳՆ ենթակայության: Շիրակն ունի 4 տարրական, 45 հիմնական, 100 միջնակարգ, 1 վարժարան, 2 հատուկ և 1 երեկոյան դպրոց: Կրթության վարչության պետի փոխանցմամբ, դպրոցների թերբեռնվածության պատճառով չի բացառվում դպրոցների օպտիմալացումը:
Մարզում գործում է 13 ավագ դպրոց, որից` 10-ը Գյումրիում, 2-ը` Արթիկում և 1-ը Ախուրյանում. այստեղ նույնպես աշակերտների խնդիր կա և ԿԳ նախարարությունն առաջիկայում քայլեր կձեռնարկի դրանց օպտիմալացման շուրջ ևս:
Մարզի դպրոցներից շատերն ունեն նաև նորոգման անհրաժեշտություն: Մարզպետարանի հրապարակած տվյալներով Շիրակում խիստ առաջնահերթ հիմնանորոգման կարիք ունեն Հովունիի, Կապսի, Արթիկի թիվ 8, Լուսակերտի, Ձորաշենի դպրոցները: 118 դպրոց ունի հիմնանորոգման կարիք, 21-ը` վերանորոգման: Մի շարք դպրոցներում էլ առկա են մարզադահլիճների և մարզահրապարակների հիմնանորոգման խնդիրը:
Դարձյալ նախնական տվյալներով, 2013-14 ուստարում մարզային ենթակայության դպրոցները կունենան 1294 շրջանավարտ:

Այսօրվա պատերազմը գիտելիքի ճակատում է, որտեղ պետք է տանենք նոր հաղթանակներ. ՀՀ վարչապետ

10646_am_1Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Արցախի պետական համալսարան, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը: Շնորհավորելով տոնական օրվա կապակցությամբ` վարչապետը նշել է. «Իմ համոզմամբ` Արցախի ազատագրական պայքարի ճակատն այսօր հենց գիտության բնագավառում է: Եթե կարողանանք այս ոլորտում վերելք ապահովել, ապա կամրապնդենք արցախյան ազատամարտի մեր հաջողությունը: 21-րդ դարում փոխվել է ազգերի մրցակցության փիլիսոփայությունը, այսօր զարգացած և ուժեղ է համարվում այն ազգը, որն առաջատար է հենց գիտության ոլորտում, որը ստեղծում է նոր գիտելիք: Այստեղ է այսօրվա պատերազմի ճակատը, որտեղ պետք է տանենք հերթական հաղթանակը: Մենք ձեզ հետ ի վիճակի ենք և պարտավոր տանել նոր հաղթանակներ գիտության, կրթության բնագավառներում: Դա կլինի նաև այն տուրքը, որը պարտավոր ենք վճարել` ի հիշատակ զոհված ազատամարտիկների: Այս ճակատում են ամրապնդվելու մեր հաղթանակները»:

Վարչապետի խոսքով` այսօր համալսարանները դառնում են հասարակության զարգացման հիմնական շարժիչները: Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարեփոխոււմներն իրականացնելիս թիրախավորում է համալսարանների, որպես գիտական օջախների, կայացումը: «Մենք առաջին հերթին պետք է իրականացնենք կրթական արմատական բարեփոխումներ և բարձրացնենք համալսարանների ծառայությունների մատուցման որակը: Պետք է ՀՀ-ում ներդնենք հավատարմագրման ինստիտուտ, որը թույլ կտա հետևել սահմանված չափանիշների պահպանմանը: Դա նշանակում է, որ տեղի է ունենալու համալսարանների խոշորացում, և մենք չենք բացառում, որ տասնյակ համալսարաններ չեն դիմանալու այս մրցակցությանը: Մեր ինտելեկտուալ կարողությունները ներդնելու ենք հավատարմագրման բոլոր փուլերն անցած համալսարաններում, ինչը խթանելու է որակական ծառայություններ մատուցելու մրցակցությանը»,– ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Պատասխանելով ուսանողներից մեկի հարցին, թե ինչպես է վարչապետի համար սկսվել արցախյան շարժումը` Տիգրան Սարգսյանը նշել է. «Ազգային խնդիրները լուծելու և բարձրացնելու հմտությունները ձեռք եմ բերել դեռևս 1980-87 թվականներին` Սանկտ Պետերբուրգում կրթություն ստանալու տարիներին: Կազմակերպում էինք ապրիլքսանչորսյան միջոցառումներ, զբաղվում հայրենասիրական խնդիրների շուրջ քննարկումներով: Վերադառնալով Երևան` 1988-ին աշխատանքի ընդունվեցի տեղի պլանավորման և հետազոտությունների ինստիտուտում, որտեղ ծանոթացա Իգոր Մուրադյանի հետ: Այսինքն, արցախյան շարժման բուռն իրադարձությունների մեջ հայտնվեցի Սանկտ Պետերբուրգից անմիջապես հետո, երբ դեռևս գաղափարախոսական ընդհատակյա պայքար էր գնում: 1988-ին ժամանեցի Ստեփանակերտ` թռուցիկներով լի ճամպրուկով, որպեսզի դրանք տարածենք այստեղ: Հետագայում արդեն տեղյակ եք, որ Երևանում սկսվեց սկզբից բնապահպանական շարժումը, որն էլ սահուն կերպով տեղափոխվեց քաղաքական դաշտ»: 
Խոսելով Սիրիայի շուրջ հնարավոր ռազմական գործողությունների մասին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի վատագույն սցենարների, իրադարձությունների տարբեր զարգացումների:
«Սպասվում է Հալեպից մեծ արտագաղթ, այսօր խնդիրն այն է, որ Սիրիայի տարածքովտեղաշարժումներն անվտանգ չեն կարող լինել: Հասկանալի է, որ մենք պետք է պատրաստ լինենք նաև իրադարձությունների այնպիսի զարգացման, որպեսզի կարողանանք ընդունել սիրիահայերին, որոնք պետք է կարողանան այդ շրջափակումից ինչ-որ կերպ դուրս գալ: Բոլոր սցենարները քննարկում ենք»,– նշել է վարչապետը:
Հանդիպման ավարտին ուսանողները և համալսարանի ղեկավարները շնորհակալություն են հայտնել վարչապետին` իրենց հյուրընկալվելու համար և Տիգրան Սարգսյանին նվիրել ղարաբաղյան բարբառի բառարան:
ՀՀ կառավարության ղեկավարը ևս մեկ անգամ շնորհավորել է ուսանողներին Գիտելիքի օրվա և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ ու մաղթել նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Վարչապետի մասնակցությամբ շահագործման է հանձնվել Տեղ գյուղի միջնակարգ դպրոցը

10644_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարելիք այցից առաջ` օգոստոսի 31-ին մասնակցել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի վերակառուցված միջնակարգ դպրոցի բացմանը: Կառավարության ղեկավարը ՀՀ կրթության և գիտության ու ՀՀ քաղաքաշինության նախարարների ուղեկցությամբ շրջել է ուսումնական հաստատությունով` ծանոթացել կատարված աշխատանքներին, դպրոցում ստեղծված ուսումնական պայմաններին:

Դպրոցի աշակերտները և ուսուցչական անձնակազմը շնորհակալություն են հայտնել վարչապետին` գյուղի դպրոցի վերակառուցման խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու  և բարձրակարգ կրթությանն անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:
Դպրոցն ունի 250 աշակերտ:
Այնուհետև վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն ուղևորվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

“Գյումրիում բնակարանները կհանձնվեն սեպտեմբերի 32-ին” կամ ամենաբարձր չինովնիկի մակարդակով

IMG_0957Գյումրիում երկրաշարժից անօթևան ընտանիքների համար խոստացվել էր կառուցել 420 բնակարն ևս: Ավելին, ըստ նախնական խոստումների, այդ բնակարանները շահագործման էին հանձնվելու այս սեպտեմբերին: Գյումրու լրագրողները, Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի նախաձեռնությամբ, այսօր այցելեցին “շինհրապարակ”` ծանոթանալու աշխատանքների ընթացքին:

Հասնելով “Մուշ 2” թաղամասի ծայրում գտնվող ցանկապատված տարածք` այնտեղ ոչինչ չհայտնաբերվեց: “Քանի որ սա ցանկապատված տարածք է, պետք է ենթադրել, որ այստեղ պետք է 420 բնակարանի հիմքերը փորվեր: Որտեղ ժամանակացույցով արդեն վաղուց սկսված պետք է լիներ շինարարությունը, և եթե դեմն ուրիշ ավելի հետաքրքիր բաներ լինեին` ընտրությունների տեսքով, ոչ թե երկաշարժից 25 տարի է անցել և այլն, շինարարությունը կլիներ: Կամ եթե Շիրակի մարզը շատ ավելի լավ արդյունքներ ցույց տված լիներ ընտրությունների ժամանակ` ականջը չէին ոլորի, չէին պատժի: Մյուս ենթադրությունն այն է, որ մեր իշխանությունը մեզ հետ անկեղծ չէ, չի ասում, այո, այս-այս պատճառներով նկարագրված, ենթադրյալ դրախտը գոյություն չունի”, – նշեց Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի տարածքային կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը:
“Այստեղ գտնվողներս կարող ենք վստահաբար փաստել` մենք գործ ունենք պաշտոնական ամենաբարձր մակարդակով ստի հետ: Երբ ասվել է 420, չի ասվել 4200, 3800, որովհետև ամենատարբեր տվյալներով Գյումրիում այդքան անօթևան ընտանիքներ կան, ասվել է 420, բայց պաշտոնական ամենաբարձր մակարդակով դա սուտ է”, – ասում է Սեյրան Մարտիրոսյանը:
“Այս տարվա սեպտեմբերին հանձնվելիք 420 բնակարանները մեր ենթադրությամբ այստեղ ու “Անի” թաղամասում պիտի կառուցվեին: Հիմա տեսնում եք, որ շենքերը ոչ կիսակառույց, ոչ մի քանի հարկ ելած` գոյություն չունի: Պետությունը խոստացել էր սեպտեմբեր` ենթադրում ենք սեպտեմբերի 30 կամ 31, գոնե 32-ին պիտի հանձնվեին այս շենքերը, – կատակում է Լևոն Բարսեղյանը և բոլորին կոչ անում սեպտեմբերի 32-ին ներկա գտնվել նորակառույցների բացման արարողությանը: – Էս իշխանությունն էս մակարդակի պատասխանատվություն ունի: Էլ չգիտենք ինչպես ասենք, ստիպված եղանք ստուգայց կազմակերպել: Անկեղծ ասած, ես մտածեցի, որ իշխանությունների մասին շատ սուտ բաներ են խոսում, որոշեցինք մեր ոտով գալ, տեսնել, ստուգել` շքամուտքերում ներկն ինչպես է արված…”, – շարունակում է Լևոն Բարսեղյանն ու սարկազմով նշում` այս շենքերում ամեն ինչ կարգին է, նույնիսկ կարելի է արդեն ընտրություններ կազմակերպել:
“Այս ստուգայցի համար ես բաց հրավեր էի ուղարկել քաղաքային, մարզային իշխանություններին` գալ, տեսնել: Գուցե իրենք իսկապես տեսնում են, որ այս շենքերը կան, ես ուղղակի կատակ էի անում, թե կան”:
Մարդիկ դեռևս աղետից քառորդ դար անց հույսով են ապրում, աչքերը տուն ունենալուն կարոտ: Իսկ պատասխանատու կառույցները լռում են. շինարարությանն առնչվող հարցերը չգիտես ինչու քաղաքաշինության նախարարությունը գցում է այլ կառույցների վրա: Այս պարագայում` կառուցապատող “Գլենդել Հիլզ” ընկերության, վերջինիս կողմից էլ նշվում է, թե կատարվում են շահառուների ընտանիքների կազմի, քանակի հստակեցման ուղղությամբ աշխատանքներ, հետևաբար նաև՝ բնակարանների սենյակների քանակի, դրանց մակերեսների հստակեցման ուղղությամբ նույնպես:
“Չեմ կարծում, թե այստեղ խնդիրը փողն է. զուգարանի վրա 170.000 դոլար ծախսող իշխանության համար հարց չպիտի լիներ 420 բնակարան սարքելը”, – փորձում է մեկնաբանել Լևոն Բարսեղյանը:
Իսկ անօևթաններն ինչ անեն հարցին Լևոն Բարսեղյանն ասում է. “Անօթևանները յոլա են գնում ինչպես միշտ, հարմարվում են, տոմսի փողի են սպասում, գրին քարտի, ու քրֆում են: Քիֆուրների լուրջ կատալոգ կարելի է կազմել մեր տնակային թաղամասերում շրջելու արդյունքում”:
Ի դեպ, ենթադրյալ շինհրապարակից հեռանալուց րոպեներ անց Լևոն Բարսեղյանին է զանգահարում “Գլենդել Հիլզ” ընկերության հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչության պատասխանատուն. “Ինձ զանգահարեց “Գլենդել Հիլզի” ինչքան հասկացա մամուլի քարտուղար Արմինե Ուդումյանը, հետաքրքրվում էր, թե մենք ինչ ենք անում շինարարության հրապարակում: Ես, իհարկե, դրվատանքի խոսքեր հղեցի նրան, որ էս մի շինարարությունն ուղղակի ցնցող էր, համեմատած անցած տարիների շինարարության թերությունների հետ: Այս տարի շշմելու 420 բնակարան էիք շնել, էկել հիանում էինք: “Դեռ տարածքու՞մ եք”, – ասում եմ չէ, 5 րոպե է տևել, մտել, տեսել ենք, որ շինարարությունը փայլուն ընթանում է, տարածքից դուրս ենք եկել”, – իրենց հեռախոսազրույցը ներկայացրեց Լևոն Բարսեղյանը:

Սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում

ՃՈՃանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա):
Մասնավորապես. տարհանվելու են կանգառն արգելող ճանապարհային նշանի և տարհանման մասին նախազգուշացնող ցուցանակի ազդման գոտում կայանած տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցները, որոնք կայանված են կանգառն արգելված վայրերում (օրինակ՝ երթևեկելի երկրորդ գոտում կամ մայթերի վրա) և խոչընդոտում են երթևեկության այլ մասնակիցների երթևեկությանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նման իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված է տուգանք՝ 40.000 (քառասուն հազար) դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Ճանապարհային ոստիկանություն

 

Արմեն Աշոտյանն ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ

արմեն աշոտյանԿԳ նախարար Ամեն Աշոտյանն ուղերձ է հղել Գիտելիքի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է.

՛՛Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ

Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ:
Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, նոր են բոցավառվելու գիտելիք ստանալու ցանկությամբ և այդ խանդավառությունն իրենց մեջ կրելու են ողջ կյանքի ընթացքում:
Նոր ուսումնական տարվա մեկնարկով կրթության ոլորտի բոլոր պատասխանատուների, մանկավարժների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար սկսվում է աշխատանքային առավել պատասխանատու   շրջան, որի ընթացքում բոլորիս ջանքերն ուղղվելու են մեկ գերագույն նպատակի` կրթել և դաստիարակել գիտելիքներով հարուստ, առողջ ու արժանապատիվ սերունդ:
Այսօրվա բանիմաց ու հայրենասեր  երիտասարդներից մենք ակնկալում ենք  նվիրում ու աշխատասիրություն, կրթության և գիտելիքի նոր վերաարժևորում` ի շահ մեր  երկրի ու ժողովրդի: Բարձրակարգ գիտելիքներով որակյալ մասնագետ լինելն արդեն դարձել է ժամանակի  պահանջ, օրվա հրամայական:
Շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ՛՛:

Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել մի շարք անձանց պետական պարգևներով պարգևատրելու մասին

Բակո Սահակի ՍահակյանԱրցախի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին: Այս  մասին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար ՛՛Արիության համար՛՛ մեդալով պարգեւատրվել է 5 հոգի, որից 4-ը` հետմահու:
Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար ՛՛Մարտական ծառայություն՛՛ մեդալով պարգեւատրվել է 135 հոգի, որից 8-ը` հետմահու:

Ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար ՛՛Մարտական ծառայություն՛՛ մեդալով պարգեւատրվել է 2 հոգի:
Պետական շինարարության, տնտեսության, մշակույթի, կրթության ու տեղեկատվության ոլորտներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՛՛Մխիթար Գոշ՛՛  մեդալով պարգեւատրվել է 2 հոգի, ՛՛Վաչագան Բարեպաշտ՛՛ մեդալով` 3 հոգի, ՛՛Երախտագիտություն՛՛ մեդալով` 23 հոգի:
Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար 2 հոգու արժեքավոր նվերներ՝ հեռուստացույցներ, հանձնելու մասին:

 

Գյումրիում տնակ է այրվել

Հրդեհ ԱրտաշատումՕգոստոսի 31-ին, ժամը 12.24-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տերյան փողոցի թիվ 76 տան մոտակայքում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.33-ին, մարվել՝ 12.49-ին:
Այրվել է ինքնաշեն տնակի փայտյա կառուցատարրերը՝ 6 քմ մակերեսով և 6 քմ խոտածածկ տարածք:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

հրդեհՕգոստոսի 31-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ծովակ գյուղի 4-րդ փողոցի թիվ 7 տանը կից անասնագոմի տանիքում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել են  անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը (25 քմ):

Ադրբեջանցիներն անցած շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել են շուրջ 200 անգամ

հրադադարՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Մեր հողերի 80 % անապատեցված է, որից ավելի քան 20 %՝ խիստ անապատեցված, իսկ մնացածը անապատացման շեմին են…

հողԱյսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հողագետ Աշոտ Խոյեցյանը և Էկոլոգ – լրագրող Գալուստ Նանյանը ներկայացրեցին  Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների ոչ ճիշտ  կառավարման հետևանքով Սև ջուր կամ Մեծամոր կոչվող գետի ցամաքեցման, Արարատյան դաշտավայրում ճահճացման խնդիրների ու հողերի աղակալման խնդիրների, ու դրանց դեմ տարվող պայքարի միջոցների մասին:

«Հայաստանը, մի կողմից լինելով լեռնային  ջրերի ամբար,  մյուս կողմից ինքն ունի ջրերի լուրջ պրոբլեմ: Աղակալված  և ճահճացող հողերը հաջորդում են մեկը մյուսին, իսկ դա միայն մի բանի՝ ջրային ռեսուրսների սխալ օգտագործման արդյունք  է, – ասաց Աշոտ Խոյեցյանը և ահազանգեց,- տարաբնույթ աղերը խեղդում են Արարատյան դաշտը: Մեր հողերի ութսուն տոկոսը անապատեցված է, որից ավելի քան քսան տոկոսը՝ խիստ անապատեցված, իսկ մնացածը անապատացման շեմին են»:

Ոչնչացման վտանգի տակ է նաև Սև ջուր կամ Մեծամոր կոչվող գետը, որը բացառիկ է իր նշանակությամբ, քանի որ միակ գետն է, որ անցնում է Արարատյան դաշտով: «Կորցնելով Սև ջուրը` կկորցնենք Արարատյան դաշտավայրը», – ահազանգեց Գալուստ Նանյանը: Բանախոսները, խոսելով պրոբլեմների լուծման մասին, համաձայնեցին, որ անհապաղ պետք է ջրային պաշարների տնօրինման բոլորովին նոր քաղաքականություն մշակել, որովհետև հին օրենքներն ու ծրագրերը փաստացի չեն աշխատում:

Բախվել են «Միցուբիշի Պաջերո» և «ԴԱՎ» մակնիշի ավտոմեքենաներ

ավտոպատահարՕգոստոսի 30-ին, ժամը18.30-ի սահմաններում, Սարդարապատ-Այգևան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» և «ԴԱՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Երեխաների անվտանգության միամսյակ

երեխաՈստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրահանգով, ինչպես և նախորդ տարի, այս ուսումնական տարվա սկզբին էլ հանրապետության ողջ տարածքում ուսումնական հաստատությունների շրջակայքում հասարակական կարգի պահպանման ու երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները կտևեն մեկ ամիս:
Անվտանգության միամսյակի ընթացքում դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների մոտ հերթափոխային պարեկում կիրականացնեն ոստիկանական կարգախմբերը, որոնց կազմում ներգրավվելու են ճանապարհային ոստիկանության, համայնքային ոստիկանության, պարեկապահակետային հատուկ գումարտակի ծառայողներ, անչափահասների գործերով տեսուչներ:
Դպրոցների շրջակայքում կպարեկեն ոստիկանական կայուն վերակարգեր, ինչը թույլ կտա վերահսկել երթևեկությունը, անձամբ ճանաչել երեխաներին, նրանց ուղեկցող մեծահասակներին, ուսուցիչներին: Այդ դեպքում կբացառվեն երեխաների հետ անծանոթների շփման ռիսկերը՝ երթևեկության անվտանգության պահպանման միջոցառումն ընդլայնելով ընդհանրապես երեխաների անվտանգության ապահովման գործընթացի:
Հավելենք, որ համաձայն ոստիկանության պետի ցուցումի՝ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով, մայրաքաղաքի ուսումնական հաստատությունների մոտ թարմացվում են ճանապարհային գծանշումներն ու կապահովվի լուսակիրների անխափան աշխատանքը, իսկ գետնուղիներ չունեցող և գծանշումներով ու լուսակիրներով չկարգավորվող փողոցներում երեխաների անցումը կկատարվի խմբերով՝ ոստիկանական վերակարգերի ուղեկցությամբ:
Ոստիկանությունը հուսով է, որ երեխաների անվտանգության ապահովման գործընթացին անմասն չեն մնա նաև մեծահասակները՝ ծնողները, ուսուցիչները, պարզապես քաղաքացիները:
Ոստիկանության պետի որոշումն ուղղված է ոչ միայն բուն միամսյակի միջոցառումներին, այլև ոստիկան-ծնող-աշակերտ փոխհարաբերությունների ամրապնդմանը, երեխաների և մեծահասակների իրավագիտակցության բարձրացմանը:
Միամսյակի շրջանակներում և ողջ ուսումնական տարվա ընթացքում անչափահասնրի գործերով տեսուչներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները հանդիպումներ կունենան դպրոցների տնօրենների և մանկավարժների հետ, երթևեկության կանոնների վերաբերյալ դասընթացներ կկազմակերպեն դպրոցականների համար:
Երեխայի անվտանգությունը պետք է ապահովվի ամեն օր, ամեն ժամ, ուստի ծնողներին կոչ ենք անում խոսել, աշխատել երեխաների հետ, բացատրել անվտանգության կանոնները, տարրական գիտելիքներ տալ, թե իրենց ինչպես պետք է պահեն փողոցում, բակում, դպրոցում, անհրաժեշտության դեպքում ինչպես դիմեն ծառայություն կատարող ոստիկանին և այլն:
Միևնույն ժամանակ, ծնողներին հորդորում ենք երեխաներին չտալ թանկարժեք իրեր, բջջային հեռախոսներ կամ ոսկե զարդեր: Նման դեպքում երեխան կարող է հանցագործի թիրախ դառնալ:
Շրջահայացությունն ու զգուշությունը երբեք ավելորդ չեն, իսկ ծնողների մտերմությունն ու անկեղծությունը երեխաների հետ, նրանց մշտապես ուշադրության կենտրոնում պահելը, գումարվելով ոստիկանության կողմից իրականացվող ծավալուն միջոցառումներին, իրական անվտանգություն կապահովեն այսօրվա դեռահասի՝ երկրի վաղվա քաղաքացու համար: