Մեղրիում ինը նոր ՀԷԿ-եր են կառուցվում. մեղրեցիները մտահոգ են…

հէկԸստ տարբեր փորձագետների ու միջազգային կազմակերպությունների կարծիքների` Հայաստանում էներգետիկ անվտանգության խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է էներգիայի այլընտրանքային ռեսուրսներ ներդնել: Առաջին հերթին նշվում է, որ Հայաստանում արժե շեշտը դնել ՀԷԿ–երի, հատկապես փոքր ու միջին ՀԷԿ–երի վրա:

Ինչպես ասում են` ՀԷԿ-եր, ուրեմն ՀԷԿ-եր: Հայաստանում լայն թափ առավ ՀԷԿ-երի շինարարությունը: Զուգահեռ տարբեր անհատ բնապահպաններ, բնապահպանների խմբեր կամ կազմակերպություններ սկսեցին բարձրաձայնել ՀԷԿ-երի առաջացրած բնապահպանական հետևանքների մասին: Մասնավորապես` շինարարության փուլում կարող են ծառեր հատվել, բնական միջավայրեր քանդվել և շինարարական հրապարակի վերածվել, գետերի հուներ փոխվել:

Վերջին  6-7 տարվա ընթացքում, փոքր ու միջին ՀԷԿ-երի մասով,  100 մլն Կվտ/ժամից հասել ենք շուրջ 600 միլիոն Կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արտադրության: Ներկայումս կառուցման ընթացքի մեջ են մոտ 80 նոր ՀԷԿ-եր: Դրանցից  9-ը կառուցվում են Մեղրու տարածաշրջանում: Այդ հանգամանքը, ինչպես նշում են տեղացի բնապահպաններն ու ակտիվիստները, արդեն որոշակի խնդիրներ է առաջացրել:

«Մեղրու տարածաշրջանն աչքի է ընկնում իր գյուղատնտեսությամբ, Մեղրին ինքը հանդիսանում է մրգի բրենդ: Եվ ՀԷԿ-եր կառուցելով, շինարարական աշխատանքների կատարման արդյունքում,  անտառներից բավական մեծ տարածքներ արդեն իսկ չորացել են. ես ինքս գնացել-տեսել եմ:

Խնդիր է նաև այն, որ ոչ միայն ՀԷԿ-եր են կառուցում, այլև փորձում են Մեղրի գետի ջուրը մտցնել խողովակների մեջ, ու դրանից հետո վաճառել քաղաքացիներին: Խնդիրները հիմնականում դրանք են, ու համատարած դժգոհության առիթ են դարձել»,- «Անկախին» պատմեց Կապանի «Կայուն զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Փարսադանյանը:

Գիտենք, որ Հայաստանի սահմանի ամենանեղ հատվածը հենց Մեղրիում է, ու այդպիսի փոքր տարածքում, ընդամենը 30-40 կմ վրա միանգամից 9 ՀԷԿ-եր կառուցելը գոնե տրամաբանական հարց առաջացնում է. արդյոք նպատակահարմա՞ր է, կամ արդյոք տեղի էկոլոգիական վիճակի վրա կործանարար  ազդեցություն չի՞ ունենա:

Իրականում որևէ իրավական նորմ չկա,  թե այս կամ այն գետի վրա քանի ՀԷԿ կարելի է կառուցել: Քանի որ Մեղրու ռելիեֆն էլ խիստ կտրտված է, ժայռոտ տեղանք է, ջրերի գահավիժումը բավականին հաճախակի է հանդիպում, գետերը վերևից ներքև  բավականին արագ են ընթանում, ու մակարդակների տարբերությունը էլեկտրաէներգիա արտադրելու համար հիանալի պայմաններ են ստեղծում: Ուստի այնտեղ ՀԷԿ-եր կառուցելը բավականին նպատակահարմար է: Բայց օրենքով կան սահմանված նորմեր ու չափորոշիչներ, թե ինչպես պետք է կառուցվի ՀԷԿ-ը, որքան ջուր վերցնի, որտեղից վերցնի և այլն:

Մենք փորձեցինք այս հարցը պարզել Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանի հետ:  Նա ասաց. «Բլոր տարածաշրջաններում էլ բազմաթիվ ՀԷԿ-եր կառուցվում են: Ներկայումս մոտ 80 ՀԷԿ-եր, որ լիցենզիա են ստացել, ուսումնասիրվում են, կառուցվում են և այլն: Ես դետալներով չգիտեմ, թե որ տարածաշրջանում քանի ՀԷԿ է կառուցվում, և ինչ խնդիրներ են առաջանում այդ ՀԷԿ-երի կառուցման ընթացքում»:

Իսկ Արմեն Փարսադանյանը նշում է, որ այդ ՀԷԿ-երի շինարարական աշխատանքների հետևանքով մեծ թվով ծառեր չորացել են, բավականին շատ ծառահատումներ են կատարվել: Ջուրն էլ  մտցնում են խողովակների մեջ. էլի բավական տարածքներ մնում են անջուր և չորանում են:

Մենք 9 ՀԷԿ-երից կարողացանք պարզել միայն 5-ի անունները` «Քյու Հաշ» ՍՊԸ, «Սար-Ռուբ» ՍՊԸ, «Գելիգուզան» ՍՊԸ, «Էմպաթիա» ՍՊԸ և «Մեղրի ՀԷԿ» ՍՊԸ:

«Քյու հաշն» ու «Էմպաթիան» բնապահպանական փորձաքննության չեն ներկայացվել: Իսկ «Մեղրի ՀԷԿ»-ը բնապահպանական փորձաքննության է  ներկայացվել 2006 թվականին, դա նշանակում է, որ բնապահպանական խնդիրներ չի առաջացնում, «Գելիգուզանն» ու «Սար- Ռուբն»-ն էլ 2011 թվականին են ներկայացվել բնապահպանական  փորձաքննության, այսինքն` այնտեղ էլ բնապահպանական խնդիրներ չկան»,- մեզ տեղեկացրին բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 Ի՞նչ ենք տալիս և ի՞նչ ենք ստանում` ՀԷԿ-եր կառուցելով

Ստացվում է, որ 9 ՀԷԿ-երից գոնե երկուսը` «Քյու հաշ» ՍՊԸ-ն և «Էմպաթիա» ՍՊԸ-ն, բնապահպանական փորձաքննություն չեն անցել, այսինքն` չի բացառվում նաև, որ նրանք լուրջ բնապահպանական խնդիրներ առաջացնեն: Հարց է առաջանում` ինչո՞ւ են այս ՀԷԿ-երի շինարարությունը սկսել:

Ինչպես ներկայացրեց մեզ ՀԷԿ-ի տերերից մեկը (անունը չենք նշում նրան վարչական հետապնդումների թիրախ չդարձնելու համար), հաճախ ՀԷԿ-ի շինարարությունը սկսվում է, հետո նոր թղթաբանությունն է կարգավորվում: Թղթաբանությունը ժամանակատար գործընթաց է, ու նախապես իմանալով, որ որևէ խնդիր չի առաջացնի տվյալ ՀԷԿ-ի շինարարությունը, սկսում են կառուցել, ընթացքում էլ թղթերն են պատրաստում: Բայց լինում են նաև դեպքեր, որ ՀԷԿ-ը կառուցում-վերջացնում են, որպեսզի համապատասխան կառույցները ստիպված համակերպվեն գոյություն ունեցող փաստի հետ: Պատահում է նաև այնպես, որ այդ ՀԷԿ-երի տերերը խոշոր պաշտոնյաներ են լինում, ու ՀԷԿ-երը կառուցում են` «տակից»:

Իհարկե, մեր երկրին անհրաժեշտ են ՀԷԿ-եր, ու ակնհայտ է նաև, որ այդ ՀԷԿ-երի կառուցման համար որոշակի գին պետք է վճարի հասարակությունը` բնապահպանական վնասների իմաստով: Սակայն այստեղ պետք է գործեն հստակ խաղի կանոններ, հաշվարկվի, թե ինչքան օգուտ կարող է բերել նոր կառուցվող ՀԷԿ-ը և ինչ վնասներ կարող է հասցնել: Հետո այդ արդյունքները համեմատել` հասկանալու համար` արժե՞ տվյալ ՀԷԿ-ը կառուցել, թե՞ ոչ:

Նայենք պաշտոնական թվերին: Հայաստանում այսօր ունենք երկու խոշոր` Որոտանի հիդրոէլեկտրակայանների կասկադն ու Սևան-Հրազդան կասկադը, սրանցից բացի, ունենք  նաև 142 վերականգնվող էներգիայի կայաններ, որոնցից 1-ը հողմակայան է, մեկը` բիոէներգետիկ կայան, և մնացածը` փոքր ՀԷԿ-երն են: 2012 թ. Հայաստանում արտադրված 8 մլրդ, 36 մլն 200 հազար կՎտ/ժամ էլեկտրաէներգիայից  միայն 512.8 մլն կՎտ/ժամն է բաժին հասնում փոքր ՀԷԿ-երին: Ներկա դրությամբ շինարարական ընթացքի մեջ գտնվող մոտ 80 նոր ՀԷԿ-երի կառուցումից հետո ծրագրվում է այդ ծավալը հասցնել մինչև մոտ 1 մլրդ կՎտ/ժամի: Հայաստանում 2012 թ. բնակչության պահանջարկը էլեկտրաէներգիայի նկատմամբ կազմել է 1 միլիարդ 901 մլն 700 հազար կՎտ/ժամ: Սա նշանակում է, որ  կառուցվող փոքր ՀԷԿ-երը չեն կարող ծածկել բնակչության պահանջարկը: Այսուհանդերձ դեռևս ոչ ոք հստակ չի կարող ասել, թե ինչքան վնաս կարող են տալ ՀԷԿ-երը:  Այսպես թե այնպես, ինչպես միշտ նշում է ՀՀ կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը, բնապահպանական վնասի փոխհատուցման համար Հայաստանի բյուջե մուտք է գործել 0 դրամ:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դեմ է «Գազպրոմի» բաժնեմասը 100 տոկոսի հասցնելուն

Free Democrats LogoՀաշվի առնելով, որ վերջին շրջանում ընթանում են բանակցություններ «Գազպրոմի» ղեկավարության և ՀՀ Էներգետիկայի նախարարության միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ–ում  «Գազպրոմի» բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հնարավորության շուրջ` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է հետ կանգնել ՀՀ–ի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ  ռեսուրսի վաճառքից, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ զրկվելով բաժնեմասից,  ՀՀ–ն նաև զրկվում է Հայռուսգազարդի բաժնետոմսերի հետագա վաճառքի ժամանակ նախապատվության իրավունքից` համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 8.3 հոդվածի։ Բաժնեմաս ունենալու իրավունքը հայկական կողմին հնարավորություն է ընձեռում կանխել ընկերության բաժնետոմսերի վաճառքը ՀՀ-ի համար անցանկալի գնորդին:

Մենք համոզված ենք, որ այդ գործարքը ընդամենը կարճաժամկետ խնդիրներ է լուծելու և վտանգից բացի, որևէ նպաստ չի բերելու ՀՀ–ին, ավելին` այս կերպ մենք մաս–մաս զիջում ենք մեր պետության կարևոր ռազմավարական օբյեկտները։

Թեև այսօր ՀՀ կառավարության կողմից փորձ է արվում այս բանակցությունները ներկայացնել որպես զուտ տնտեսական գործարք, սակայն ակնհայտ է, որ դա հարցը քողարկելու նպատակ ունի, և այստեղ ավելի շատ վտանգվում է ՀՀ` առանց այն էլ խնդրահարույց էներգետիկ անվտանգությունը։

Ազատ դեմոկրատները համոզված են, որ պետք է օր առաջ հրաժարվել  պետությանը որևէ օգուտ չբերող բանակցություններից և տնտեսական խնդիրները լուծելու համար այլ ուղիներ փնտրել։

 

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

 

Նոր Եդեսիա գյուղի մոտակայքում՝ ջրանցքի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

աինՀուլիսի 10-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի մոտակայքում՝ ջրանցքի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը:

Ջրանցքում դին հայտնաբերած և փրկարարների օգնությամբ այն դուրս բերած Ք. Արեյանը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի եղբայրն է :

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին

 

3473Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստան-ԵՄ հարաբերությունների, այդ հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության և Ասոցացման համաձայնագրի ու դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների ընթացքի մասին:

Կողմերը գոհունակությամբ են նշել շարժունակության ոլորտում համագործակցության առաջընթացը՝ ընդգծելով, որ ստորագրվել և այժմ վավերացման փուլում են գտնվում Վիզաների դյուրացման և Հետընդունման վերաբերյալ համաձայնագրերը:

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն խոսել է նաև Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու և նոր թափ հաղորդելու մի շարք ուղղություններով երկրում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին՝ ակնկալելով դրանց իրագործմանը ցուցաբերվող աջակցության ընդլայնում:

Տիգրան Սարգսյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին

10538_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ծավալուն աշխատանք է կատարվել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է Ասոցացման համաձայնագրի և, մասնավորապես, ԵՄ-ՀՀ միջև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման ուղղությամբ տարվող բանակցություներում արձանագրված շոշափելի առաջընթացը:
ԵՄ հանձնակատարը, համաձայնելով ՀՀ վարչապետի հետ, նշել է. «Հետադարձ հայացք նետելով՝ կարելի է ասել, որ մենք բավական մեծ ճանապարհ ենք միասին անցել»: Որպես հարաբերությունների զարգացման կարևոր հանգրվան նա հիշատակել է 2013 թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովը: Այն, ըստ պարոն Ֆյուլեի, թույլ կտա որակական նոր մակարդակի բարձրացնել Արևելյան գործընկերության երկրների հետ ԵՄ հարաբերությունները:
Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող բարեփոխումների համար ԵՄ կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական աջակցությունը և կարևորել վերջինիս շարունակականությունը: Այս համատեքստում նշվել է, որ ԵՄ օժանդակությունը հնարավորություն է տալիս բարձրացնել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և լրացնել մեզանում առկա կարողությունների բացը: Պարոն Ֆյուլեն հավաստիացրել է, որ ԵՄ շարունակելու է քայլեր ձեռնարկել Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ: Նա, մասնավորապես, հիշատակել է հավելյալ միջոցներ տրամադրելու հնարավորությունը՝ հաշվի առնելով Հայաստանի արձանագրած առաջընթացի բարձր ցուցանիշը:

«Երկու հոգու միջև». ֆիլմի հերոսն իրեն ոչ կին է զգում, ոչ էլ տղամարդ

DSCN8440Շվեյցարիայում ապրող, ֆրանսիացի ռեժիսոր Լորանս Պերիգոն Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնին մասնակցում է «Երկու հոգու միջև» վավերագրական ֆիլմով:

Այն ներկայացնում է մի պրոֆեսորի պատություն, որն իրեն ոչ կին է զգում, ոչ էլ տղամարդ. նա իրեն զգում է երկու սեռերի արանքում: Եվ ահա, 60-ամյակը լրանալուց հետո ի վերջո Քրիսը որոշում է սեռափոխության վիրահատություն անցնել ու դառնալ Քրիստա: Հաջորդում են մեկ տարի շարունակվող աշխատանքները`կանացիության վարժանքները:

Ֆիլմը Լորանս Պերիգոյի մագիստրոսական նախագիծն է և իր առաջին ամբողջական ֆիլմը:

Ասում է, որ սովորաբար խոսելու հնարավորություն է  տալիս մարդկանց, որոնք դրա հնարավորությունը չունեն  և նախընտրում է կերպարներ, որոնք դուրս են ստերեոտիպերից:

Ֆիլմի վերջնական գաղափարը ծնվել է հոր ընկերոջ հետ հանդիպման ժամանակ, երբ նրան ներկայացրել է, թե ինչ է ցանկանում նկարել:

Պարզվել է, որ նա  պատրաստվում է Թաիլանդ մեկնել`սեռը փոխելու վիրահատության համար: Պերիգոնն անմիջապես տեխնիկական ու ֆինանսական հարցն է լուծել և Թաիլանդ մեկնել` ազգություն ու երկիր չճանաչող թեման էկրանավորելու:

Ասում է, որ աշխատանքը հեշտ չի եղել, պատահել է, որ Քրիստայի մոտ առկա ճգնաժամերի պատճառով ստիպված են եղել դադարեցնել նկարահանումները, հետո նորից վերսկսել ու այդպես շարունակ:

 

 

Էմիլ Բուդաղյան. «Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել»

video1Արտակ Բուդաղյանի հայրը` Էմիլ Բուդաղյանը, առաջիկայում նոր բացահայտումներ է անելու հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի մասին: Նա Aravot.am-ին պատմել է, որ միջադեպի օրն իր որդիները ոչ թե զինված հարձակվել են Ս. Խաչատրյանի տան վրա, այլ Խաչատրյանները հաշիվ մաքրելու համար նրանց կանչել են իրենց տուն. «Ոչ թե հարձակվել են, այլ նրանք արդեն սպառազինված կանչել են իրենց տան մոտ հաշիվները մաքրելու: Մինչ այդ արդեն հաշիվներ էին մաքրել Ավետիքի հետ: Ավետիքը եղել է Լիսկայի մեքենայի մեջ, ինքը և իր թիկնապահը մեքենայի մեջ ծեծել են Ավետիքին, հետո մեքենայից իջեցրել են, էլ ինչ պետք է լիներ: Նրանք նախապատրաստել են այդ գործողությունը իրենց չենթարկվելու համար: Տեսանյութը նայեք, կտեսնեք, ոչ թե հարձակում է, այլ հարցերը պարզաբանելու համար գնացել են, բայց իրենց խփել են»; Մեր հարցին, թե ինչ հարցում էին փորձում Բուդաղյաններին ենթարկեցնել, պարոն Բուդաղյանն ասաց. «Որ իրենց հարկ, մասնաբաժին հասցնեն մեր աշխատած գումարներից, դաշտ ենք մշակում, շինարարություն ենք անում, ամեն ինչ ունենք»: Մեր հարցին, թե հունիսմեկյան միջադեպը միայն հարկեր պահանջելու պատճառո՞վ է ծագել, ասաց` ոչ. «Ուրիշ բաներից էլ են եղել: Հիմա Չեմ կարող ասել»: Նրա խոսքերով, իր որդիներին թիկունքից կրակողները Սուրիկ Խաչատրյանի ձերբակալված որդին` Տիգրան Խաչատրյանը եւ թիկնապահն է եղել. «Թիկնապահն իրավունք ունի՞ առանց իր հանձնարարությամբ որեւէ մեկին կրակի»: Մեր հարցին` իսկ ո՞վ է եղել վերեւից կրակողը, պարոն Բուդաղյանն ասաց. «Բարձր տեղում մենակ Սուրիկ Խաչատրյանն է եղել, կրակել: Տեսանյութում եմ նայել»: Մեր հարցին` տեսանյութում հստակ երեւո՞ւմ է, որ Սուրիկ Խաչատրյանն է վերեւից կրակողը, պարոն Բուդաղյանն ասաց. «Սուրիկ Խաչատրյանը չի երեւում, գնդակի ուղղությունը ցույց է տալիս, որ բարձրից կրակած է: Հետո նոր երեւի տեսել է երեւույթը, վերջում ինքն էլ է կրակել: Տեսանյութում Սուրիկ Խաչատրյանը երեւում է միայն մեքենայից իջնելիս, էլ դրանից հետո չի երեւում, որովհետեւ նախապես իմացել է, թե տեսախցիկներն ինչ ռակուրսից են նկարում»: Մեր հարցին, թե վերեւի կրակոցից Բուդաղյանները վիրավորվե՞լ են, ասաց. «Կրիմինալիտիկան կասի, 5 գնդակ միայն Ավոյի մարմնի մեջ է եղել: Իրենց մարդիկ զինված կանգնած են եղել, ինչի համար են զինված եղել, եթե հարցեր չկային»: Հիշեցնենք, որ news.am-ին  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նախօրեին ասել էր . «Նման թշնամություն ծնվում է կամ այդ տեսակ թշնամաբար հարձակվում են ոխերիմ թշնամու ընտանիքի վրա, որ փորձեն կոտորեն, սպանեն, վերացնեն: Բայց ես այդ ընտանիքում ոչ արյուն եմ թափել, ոչ էլ այդ ընտանիքում բարոյականության հետ կապված խնդիր եմ ունեցել»:

Ապամոնտաժելու և դետալները վաճառելու նպատակով ավտոմեքենա փախցնողները ձերբակալված են

ձերբակալելՀուլիսի 3-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել Վեդի քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Արտաշատի բաժինների և ԼՂՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ նշված ավտոմեքենան փախցնելու կասկածանքով, հուլիսի 9-ին, ժամը 09.00-ին, Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցից Արարատի բաժին բերման են ենթարկվել 1985 թ. ծնված Դավիթ Դ.-ն և 1988 թ. ծնված Արկադյա Հ.-ն:
Պարզվել է, որ նրանք հուլիսի 3-ին, ժամը 02.00-ի սահմաններում, դռան փականը բացելով՝ բակից փախցրել են ավտոմեքենան և ապամոնտաժելու ու դետալները վաճառելու նպատակով տարել ԼՂՀ Ստեփանակերտ քաղաք:
Ավտոմեքենան` սարքին վիճակում, առանց պետհամարանիշերի, հայտնաբերվել է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:
Ձեռնարկվում են միջոցառումներ մեքենայի պետհամարանիշերը հայտնաբերելու ուղղությամբ:
Դավիթ Դ.-ն և 1988 թ. ծնված Արկադյա Հ.-ն ձերբակալված են:

Ոստիկանները ժամեր անց հայտնաբերեցին տաքսու վարորդի նկատմամբ ավազակային հարձակում կատարողներին

ձերբակալությունՀուլիսի 9-ին, ժամը 18.00-ին, 1935 թ. ծնված Յուրիկ Դ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Մերսեդես E-124» մակնիշի տաքսի ավտոմեքենայով «Կասկադ» կոչվող տարածքից երկու անհայտ երիտասարդների տեղափոխել է Մուշավան գյուղ, սակայն գյուղի սկզբնամասում գտնվող ամայի վայրում մեքենայի ետնամասում նստած երիտասարդը ձեռքերով բռնել է իր պարանոցը, իսկ առջևում նստածն իր վերնաշապիկի գրպանից բացահայտ հափշտակել է 58.000 դրամ, 100 ՌԴ ռուբլի և 2 ԱՄՆ դոլար, որից հետո դիմել են փախուստի:
Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներ շնորհիվ՝ նույն օրը, ժամը 19.30-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Մ. Խորենացու փողոցի թիվ 43 հասցեից բերման են ենթարկվել 1995 թ. ծնված Սամսոն Ա.-ն և 1992 թ. ծնված Հարություն Ս.-ն:
Նրանք ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, որ ավազակային հարձակումը կատարել են իրենք:
Հափշտակվածն առգրավված է:
Սամսոն Ա.-ն և Հարություն Ս.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

՛՛Վ… այսինքն Վեռնոյ՛՛ ֆիլմը ներկայացնում է Վեռնոյ կինոռեժիսորին ու հային

DSCN8446Արտո Փեհլիվանյանի ՛՛Վ… այսինքն Վեռնոյ՛՛ վավերագրական  ֆիլմը ներկայացված է Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի  ՛՛Հայկական համայնապատկեր՛՛ անվանակարգերում: Ֆիլմը ֆրանսահայ կինոռեժիսոր  Անրի Վեռնոյի կյանքի ու ստեղծագործության պատմությունն է`հավաքված արխիվային նյութերից ու գործընկերների հուշերից, ինչպես նաև լրագրող Արտակ Հերիքյանի` Օմար Շարիֆի  հետ հարցազրույցից հատվածներ են ներառված (վերջինս ՛՛Մայրիկ՛՛ ֆիլմում խաղում է Վեռնոյի հոր դերը):

Արտո Փեհլիվանյանն ասում է, որ փորձել է նոր նյութեր գտնել, որպեսզի հանկարծ չստացվեր, որ կրկնօրինակում է անում:  Վեռնոյին մեծ ռեժիսոր է համարում. նա 38 ֆիլմերով ավելի քան 91 մլն հանդիաստես է հավաքել. ՛՛ Վեռնոյի ֆիլմերը մարդու նոր ինտելեկտուալ հարթակ են բարձրացնում, ահա թե ինչու են մարդիկ կինոթատրոն գնում՛՛:

Ֆիլմը մեծամասամբ ներկայացնում է ՛՛Մայրիկ՛՛ ֆիլմի նկարահանումները. Վեռնոյի 5 տարվա քրտնաջան  աշխատանքը և թե ինչպես է ֆիլմը ներկայացնում ֆրանսահայ համայնքին: Վեռնոյի այլ ֆիլմերի նկարահանման հրապարակից ներկայացվող կադրերը հնարավորություն են տալիս համեմատել և հասկանալ, թե ինչ նվիրվածությամբ ու սրտատրոփ մոտեցումով է Վեռնոյն աշխատել ՛՛Մայրիկ՛՛ ֆիլմի վրա:

Ֆիլմն ավարտվում է 88-ի կադրերով, երբ Վեռնոյը ելույթ է ունենում հանրահավաքում`ի պաշտպանություն Արցախյան շարժման և հայ ժողովրդի:

Կադրը Փեհլիվանյանը կարևորում է, քանի որ դա Վեռնոյի բացառիկ ելույթներից է հանրահավաքին, այլ արխիվային նման նյութեր չկան: Բացի այդ, դա ցույց է տալիս, որ Վեռնոյը ոչ միայն մեծ ռեժիսոր է եղել, այլ նաև պայքարել է հայ ժողովրդի իրավունքների ու արդարության վերականգնման համար:

Ֆիլմը հանրությանը կներկայացվի հուլիսի 12-ին, Մոսկվա կինոթատրոնում:

Կրակոցներ ու դանակահարություն Գյումրիում

Գյումրիում քաղաքացին շենքից ցած է ընկելՀուլիսի 9-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վնասվածք» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 51 տնից բուժօգնության է տեղափոխվել նույն տան բնակիչ, 1979 թ. ծնված Արթուր Գ.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է ժամը 22.00-ի սահմաններում տան մոտ տեղի ունեցած վիճաբանության և քաշքշուկի ժամանակ անհայտ անձի կողմից:
Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 3 կրակված պարկուճ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Անահիտ Բախշյանին հաջողվել է պարզել, թե ով է նոր օբյեկտի տերը

Անահիտ-ԲախշյանԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ս.թ. հուլիսի 2-ին հարցումով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ հարցով. Երևանի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող Կրթության ազգային ինստիտուտի պատին կպած բանջարեղենի կրպակը վերջերս քանդվել է, տեղում շատ արագ տեմպերով հիմքեր են փորվել, ու ինչ-որ շինություն է կառուցվում: Տիկին Բախշյանը խնդրել էր տեղեկացնել, թե ով և ինչ է կառուցում տվյալ տարածքում:

Անահիտ Բախշյանի հարցմանը քաղաքապետը դեռևս չի պատասխանել, սակայն տիկին Բախշյանին հաջողվել է իմանալ, որ «Հասարակական օբյեկտի» կառուցմանը հետևում է փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը, ով ծառայում է ՀՀ ոստիկանությունում, օբյեկտը գրանցված է Կարինե Միրզոյանի անունով, իսկ շինթույլտվությունը տրամադրվել է 2013թ. մայիսի 22-ին:

Հավելենք, որ կառուցվող շինությունը փակել է Կրթության ազգային ինստիտուտի շենքի վթարային ելքը, 1-ին հարկի պատուհանները: Եթե կառույցը շարունակի վեր բարձրանալ, ապա լուսավորությունից կզրկվի նաև վերևի հարկը:

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ հանձնակատարին

432. Minister Nalbandian met EU commissioner 10.07.2013             Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևան ժամանած Եվրոպական միության Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունը լուրջ առաջընթաց է արձանագրել: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շնորհակալություն հայտնեց ԵՄ կողմից Հայաստանում բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցության համար:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին Արևելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին առնչվող հարցեր։

Հանձնակատար Ֆյուլեն բարձր գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերություններում տեղի ունեցող դրական զարգացումները, ընդգծելով, որ Հայաստանն Արևելյան գործընկերության ծրագրի առաջատար երկրներից է և վերահաստատեց ԵՄ հանձնառությունը՝  շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Հանձնակատար Ֆյուլեն նաև հույս հայտնեց, որ ս.թ. նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին կնախաստորագրվեն Ասոցացման համաձայանգիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:

Հանդիպմանը երկուստեք նշվեց ԵՄ-Հայաստան Մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի շուտափույթ վավերացման կարևորությունը:

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության համատեքստում անդրադարձ արվեց Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությանը:

Էդվարդ Նալբանդյանը և Շտեֆան Ֆյուլեն քննարկումները կշարունակեն այսօր երեկոյան կայանալիք աշխատանքային ընթրիքի ընթացքում։

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Ռիգայի աղբավերամշակման գործարանի աշխատանքին

004 (1)Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճանաչողական այցով եղել է Ռիգայի «Գետլինի» աղբավերամշակման գործարանում:

Նախորդ դարի 70-ական թվականներին Գետլինյան ճահիճները եզերող հատվածում ստեղծված աղբավայրում 1998թ.-ից կառուցվել է աղբավերամշակման գործարան, որն  այսօր համարվում է Եվրոպայի էկոլոգիապես ամենամաքուր աղբավայրերից մեկը:

Գործարանի տնօրեն  Իմանտս Ստիրանսը քաղաքապետին մանրամասն ներկայացրել է աղբի վերամշակման ողջ գործընթացը, ինչպես նաև դրա ճիշտ կազմակերպման գործնական արդյունավետությունը: Ըստ այդմ, «Գետլինին» այսօր էկոլոգիական մի շարք ուղղություններով բավականին յուրօրինակ արդյունքներ է գրանցել: Աղբավերամշակման գործարանը ընդունում է ինչպես կենցաղային, այնպես էլ շինարարական աղբ: Վերամշակման չենթարկվող աղբի պարագայում, այն տեղավորվում է հերմետիկ բիոմիջավայրում, որում առաջացող գազն այնուհետ նույնպես տեղափոխվում է էներգաբլոկ: Տնօրենի խոսքով գործարանի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, այժմ քայլեր են արվում առաջիկայում գործարանի տարածքում նաև աղբի տեսակավորման գործընթաց կազմակերպելու ուղղությամբ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Փրկարար ծառայության աշխատակիցը մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ

դատախազությունԴատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի ՀՓՎ թիվ 10 ջոկատի վարորդ Ս.Օհանյանի կողմից ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Ս.Օհանյանը, ոչ սթափ վիճակում վարելով իրեն ամրակցված ՀՀ ԱԻՆ ծառայողական ավտոմեքենան, խախտել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ կետի, 24-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի և ՀՀ ճանապարհային երթևեկության կանոնների 65-րդ, 66-րդ և 67-րդ կետերի պահանջները:

Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի, 2013թ. մայիսի 14-ին Երևանի Նուբարաշենի խճուղում ավտոմեքենան վարել է այնպիսի արագությամբ, որ շրջադարձ կատարելիս չի կարողացել ապահովել ավտոմեքենայի լիարժեք կառավարումը` ստեղծելով վթարային իրադրություն: Արդյունքում` ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց ուղեմաս և բախվել Ռ.Աբրահամյանի վարած «Ֆիատ» և Մ.Մանուկյանի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին:

Վթարի հետևանքով «Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ավագ տեսուչ –հերթապահ Ռ.Աբրահամյանը մահացել է: Իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ.Քիշմիրյանն ստացել է կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Ս.Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Փրկարար ծառայության աշխատակիցը մեղադրվում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ

Պարզվում է, որ իշխանությունները թույլ են տվել Լիսկային 9 տեսակի զենք ունենալ

դատարանՆկատի ունենալով հանրային հետաքրքրությունը Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի նկատմամբ, զինվորական դատախազությունը ներկայացնում է քրեական գործով առգրավված զենքերի վերաբերյալ տեղեկատվությունը.

 
1.  ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԶԵՆՔԵՐ
1.”Բերետտա” մակնիշի ատրճանակ, որը, ըստ գործով ձեռքբերված տվյալների, գտնվել է Ավետիք Բուդաղյանի մոտ – գրանցումը ճշտվում է,
2.Որսորդական հրացան “Բեկաս-Ավտո”, N ԽԽ – 1201, գրանցված է Արտակ Բուդաղյանի անվամբ` պարգևատրվել է  28.12.2012թ. ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0310 հրամանով` թույլտվություն N 1779/4, տրված 04.02.2013թ.
3.Ատրճանակ “Արմսքոր”, N Ա-1094796, գրանցված է Ավետիք Բուդաղյանի անվամբ` պարգևատրվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի 07.05.2008թ.թիվ 118 հրամանով՝ թույլտվություն N1315, տրված 20.112008թ.
 
2. ՄԱՆՎԵԼ ՄԱԼԻՆՑՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԶԵՆՔԵՐ
1. Որսորդական ակոսափող հրացան “Ռեմինգտոն 770” N 71598989, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N 1188/3, տրված է  10.01.2012թ.,
2. Որսորդական ակոսափող հրացան “ՄՌ 161 Կ” N 0716101922, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N 1188/2, տրվել է 03.06.2009թ.,
 
3. ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՏԱՆԻՑ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԶԵՆՔԵՐ
1.Որսորդական ողորկափող հրացան “Ալթայ”, N Ա-84635, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N Խ-11, տրվել է 29.05.2009թ.,
 2. Որսորդական ողորկափող հրացան ԻԺ-27Ե N9072267, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N Խ-6, տրվել է 01.03.2012թ. ,
3. Որսորդական ողորկափող հրացան ԻԺ-27ԵՄ N072735904, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N 907, տրվել է 03.12.2008թ. ,
4.Որսորդական ողորկափող հրացան Տոզ 8706 մակնիշի- գրանցումը ճշտվում է.
5. Ակոսափող հրացան “Բենելի Արգո” N ՎՎ 033586-ՍՎ  033586, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` թույլտվություն N 1188, տրված է  11.05.2005թ. ,
6. Կարճ ակոսափող հրազեն “Սմիթ Վեսոն”NԿ-768645, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` պարգևատրվել է 28.02.2007թ.  ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 249 հրամանով` թույլտվություն N 1156/2, տրված 12..04.2007թ.
7. Կարճ ակոսափող հրազեն “Պիետրո Բերետտա” N 455565, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` պարգևատրվել է 22.06.2009թ. ՀՀ ոստիկանության պետի թիվ 1662-Ա հրամանով`թույլտվություն N 1156/3, տրված 22.06.2009թ.
8. Գազային ատրճանակ “Վալտրո Կոմբատ” N Ա-37384, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` լիցենզիա NԳ 1432 , տրված 22.03.2007թ.
9. Ատրճանակ “Բրաունինգ” N 3996, գրանցված է Սուրիկ Խաչատրյանի անվամբ` պարգևատրվել է 14.06.2006թ. ՀՀ վարչապետի N 424-Ա որոշմամբ`թույլտվություն N 1156, տրված 26.09.2006թ.
4. ԱՐԱ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ՏԱՆԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԶԵՆՔ       
1. Ատրճանակ”ՏՏ” N ՍՊ-1164, գրանցված է Արա Բուդաղյանի անվամբ`պարգևատրվել է ԼՂՀ պաշտպանության նախարարի թիվ 27.05.2009թ. թիվ 248 հրամանով` թույլտվություն N Ն-1459:

”Այդ ես չեմ՛՛. պատանի աղջկա ինքնության փնտրտուքները

DSCN8435՛՛Այդ ես չեմ՛՛. այսպես է կոչվում Մարիա Սահակյանի ֆիլմը, որ ներկայացված է Ոսկե ծիրան 10-րդ միջազգային կինոփառատոնի ՛՛Միջազգային խաղարկային մրցույթ՛՛ և ՛՛ Հայկական համայնապատկեր՛՛ անվանակարգերում:

Ֆիլմը 14-ամյա Եվրիդիկեյի ներաշխարհն է ներկայացնում. ինքնության փնտրտուքներ, պատանեկան ապրումներ: Վերջինս հեռախոսի տեսախցիկով նկարում է ամեն տեսածը, հրապարակում իր բլոգում, ինքնասպանների միության անդամ է, լավագույն ընկերն էլ մի մեծ  խխունջ է: Նա ու մայրը միմյանց չեն հասկանում, աղջիկն ամեն կերպ փորձում է գտնել հորը, ինչպես նաև փոխել իր անունը, որից խուսափում է: Ֆիլմը դիտողի մոտ շատ հարցականներ է թողնում, ավարտն էլ հարցականով է. այդպես էլ հասկանալի չի լինում, թե արդյոք աղջնակը գտավ իրեն, ինչ եղավ նրա հետ, անհայտ է մնում նաև աղջկա  նոր ընկերոջ ճակատագիրը, որը նաև նրա մոր նախկին սիրեկանն է: Փոխարենը ֆիլմը նկարահանված է Ալավերդիում ու հարուստ է գեղեցիկ կադրերով, բնապատկերներով:

Ֆիլմի ռեժիսոր Մարիա Սահակյանը ֆիլմի անվան ընտրությունը պայմանավորում է նրանով, որ  գլխավոր հերոսուհին ինքնության փնտրտուքերի մեջ է, բայց ոչ մի կերպար ի վերջո իրենը չի համարում:

Ասում է, որ  գլխավոր հերոսուհուն համացանցի միջոցով է գտել, բլոգում, որտեղ իր աշխատանքներն էր հրապարակել: Այդպես հերոսուհին ավելի մոտ է կերպարին, որին խաղում է:

Ռեժիսորի խոսքով` պատմությունը հայկական չէ, այն համամարդկային է: Ամեն երկրում էլ, երբ ֆիլմը ցուցադրվում է, շատ պատանի աղջիկներ հայտարարում են, որ այն իրենց մասին է:

 

Զինդատախազություն. N զորամասի հրամանատար Ա.Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել

դատախազություն2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հանցագործության փաստի առթիվ ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով 2013թ. հուլիսի 9-ին Արտակ Էմիլի Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար:

Ա.Բուդաղյանի նկատմամբ նույն օրը որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Զինվորական դատախազություն

Երևանցի 46 շնորհալի աշակերտներ մեկնել են Բուխարեստ

004Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ, Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբար են մեկնել ուսումնական, ինչպես նաև մշակույթի և սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմությամբ սովորող երևանցի 46 աշակերտներ։ Երեխաներին Բուխարեստ ճանապարհելիս Երևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել և բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը և հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Յոթնօրյա ճամբարի ընթացքում հայաստանցի աշակերտները ռումինացի հասակակիցների հետ մշակութային, մարզական և այլ  մրցաշարերի են մասնակցելու։

«Ընտրել ենք շնորհալի երեխաների, ովքեր գերազանց հաղորդակցվում են անգլերենով և կարող են օտար երկրում պատվով ներկայացնել հայկական մշակույթը, ազգային արժեքները։ Երևանցի աշակերտները Բուխարեստ են մեկնում ինչպես հանգստի, այնպես էլ հատուկ պատրաստված մշակութային ծրագրով, որպեսզի ճամբարը երկուստեք ուսուցողական լինի՝ հայ և ռումինացի հասակակիցները միմյանց հաղորդակից դարձնեն իրենց երկրների մշակույթներին»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Երևանցի աշակերտներն իրենց հետ տարել են Հայաստանը և Արցախը խորհրդանշող հուշանվերներ։

Երևան-Բուխարեստ ճամբարի օրերին երևանցի աշակերտները հանգստի են մեկնելու նաև Ռումինիայի մեկ այլ՝ Կոստինեշտի ծովափնյա քաղաք։

Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբարի անցկացման համաձայնությունը ձեռք էր բերվել Երևանի և Բուխարեստի քաղաքապետերի հանդիպման ժամանակ և իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական հոգածությամբ։

 

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայաստանը` կինոաշխարհի մեկշաբաթյա կենտրոն. 10-րդ Ոսկե ծիրանի անակնկալները

կինոփառատոն10-րդ Ոսկե ծիրանը Հայաստանի վրա է կենտրոնացրել ողջ աշխարհի մշակութային հանրության ուշադրությունը: Այս տարի կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթի երեք` կարճամետրաժ, խաղարկային և վավերագրական անվանակարգերի համար ներկայացվել է 23 ֆիլմ: Միջազգային խաղարկային մրցույթին` 13, Վավերագրական ֆիլմերի մրցույթին` 11, Կորիզին` 47, Տարածաշրջանային ֆիլմերի միցույթին` 11 ֆիլմ:

Այս տարի Ոսկե ծիրանի հատուկ հյուրերի թվում են աշխարհահռչակ ռեժիսորներ Մարգարեթե ֆոն Թրոթան, Յոս Ստերլինգը, Փոլ Քորդին:

Մարգարեթե ֆոն Թրոթա. Դերասան եմ դարձել ռեժիսոր դառնալու համար

Գերմանացի կինոռեժիսոր Մարգարեթե ֆոն Թրոթան  համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար պարգևատրվեց «Փարաջանովյան թալերով»: Մրցանակը ռեժիսորին հանձնեց Ոսկե ծիրան կիոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Կինոփառատոնի ընթացքում  «Փարաջանովյան թալեր» մրցանակ կստանան նաև  Շառլ Ազնավուրը, Իշտվան Սաբոն, Ներսես Հովհաննիսյանն ու Յոս Ստելինգը:

Մարգարեթե ֆոն Թրոթան  նշեց,որ վերջերս նվեր է ստացել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը, որը կարդալուց հետո մեծ ցանկություն է ունեցել տեսնել Հայաստանը:  Եվ զուգադիպությամբ այդ ժամանակ էլ Ոսկե ծիրանից հրավերք է ստացել Հայաստան այցելելու: «Երջանիկ եմ այստեղ լինելու համար»,- ասում է նա:

Ռեժիսորը պատմեց, որ ինքն աշխատելով է սովորել, որևէ մասնագիտական դպրոց չի ավարտել, քանի որ այն ժամանակ աղքատ էր, փող չուներ, փոխարենը կարող էր առավոտյան մեկ տոմս գնել ու կինոթատրոնից դուրս չգալ` միմյանց հետևից մի քանի ֆիլմ դիտելով: 60-ականներին Գերմանիայում կնոջը ռեժիսորի դերում պատկերացնելը դժվար էր, մինչդեռ ֆոն Թրոթեն ուզում էր ռեժիսոր դառնալ: Նպատակին հասնելու համար նա նախ դերասանուհի է դառնում, աշխատանքի ընթացքում էլ ռեժիսորներին անընդհատ հարցեր է տալիս` փորձելով յուրացնել ռեժիսորի աշխատանքը: «Երբ առաջին ֆիլմս նկարեցի, այլևս երբեք չնկարահանվեցի որպես դերասանուհի, քանի որ դերասանուհի լինելն ընդամենը միջոց էր բուն նպատակին հասնելու համար»,- ասում է նա:

Ռեժիսորը նշում է, որ քննադատությունից չի վախենում, բայց ինքը կինոքննադատ  լինել չեր ցանկանա: Իր վերջին ֆիլմի` «Հաննա Արենդտ»-ի քննադատությունը համարում է դարի ամենամեծ քննադատությունը: Սակայն նշում է, որ այդ ամենի միջով անցնելը ուժեղացնում է ռեժիսորին:

կադր Հաննա Արենդտ ֆիլմից

կադր «Հաննա Արենդտ» ֆիլմից

«Հաննա Արենդտ»-ը  հրեական ծագումով  գերմանացի կին փիլիսոփայի մասին է, որն ամուսնու հետ հազիվ է փրկվել համակենտրոնացման ճամբարից ու հաստատվել ԱՄՆ-ում:  1961-ի Հաննան Իսրայել է մեկնում`  «Նյու Յորքըր»-ի համար լուսաբանելու  Ադոլֆ Այխմանի դատավարությունը: Նա մտադիր է դեմ առ դեմ հանդիպելու այն մարդկանց, որոնց վարքագիծը`  նացիստական իշխանության օրոք,  ջանում էր հասկանել: Արենդտի հոդվածները, լույս տեսնելով, զայրույթի ալիք բարձրացրին  աշխարհում: Նա Այխմանին համարում էր ոչ թե հրեշ, ինչպես աշխարհն էր այդ կարծիքին, այլ մտածելու ունակությունից զրկված բյուրոկրատ  մարդասպան, որը ձգտել է հնարավորինս լավ կատարել իր առաջադրանքը, և մեղքի զգացում չունի, որովհետև պարզապես հրամաններ է կատարել: Արենդտի  հոդվածի պատճառով նրանից երես են թեքում ընկերները, տունը ողողվում է սպառնալից նամակներով, համալսարանում էլ պահանջում են, որ նա հեռանա և հրաժարվի իր դասաժամերից: Բայց այնուամենայնիվ Արենդտը չի փոխում իր կարծիքը` հայտարարելով, որ նորից լուսաբանելու դեպքում էլի նույնը կգրեր:

Մարգարեթե ֆոն Թրոթան հեղինակել է 20-ից ավել  ֆիլմեր, որոնցից են «Կատարինա Բլումի անարգված պատիվը», «Քրիստա Քլագեսի երկրորդ զարթոնքը», «Քույրեր կամ երջանկության հաշվեկշիռ, «Կապարե ժամանակներ», «Զուտ խելագարություն», «Ռոզա Լյուքսեմբուրգ», «Վախ և սեր», «Խոստում» և այլն:

Նրա խոսքով` առաջիկայում նկարահենլու է ֆիլմ երկու քույրերի մասին` անձնական թեմատիկայով, որը հեռու կլինի քաղաքականությունից ու պատմությունից. չի ուզում լինել ռեժիսոր, որ  միայն պատմական կերպարների է մարմնավորում:

«Սև հինգշաբթի»  ֆիլմով մեկնարկեց լեհական ֆիլմերի ցուցադրությունը

Ոսկե ծիրանը համագործակցում է տարբեր դեսպանությունների  հետ այդ երկրների ֆիլմերի ցուցադրություններ կազմակերպելու համար: Արտամրցութային ծրագրով այս տարի  հանդիսատեսին կներկայացվեն լեհական, ռուսական և վրացական ֆիլմեր:

Անտոնի Կրաուզեի  «Սև հինգշաբթի»  ֆիլմի արտամրցութային ցուցադրումով մեկնարկեց լեհական ֆիլմերի ցուցադրությունը:

Այն  1970-ի դեկտեմբերի 17-ում  Գդինիայում տեղի ունեցած դեպքերի վերապատմումն է` իրական պատմությունների էկրանավորման և պատմական կադրերի զուգակցմամբ հեղինակը ներկայացնում է, թե ինչպես են սոցիալիստական Լեհաստանի իշխանությունները բանակին հանում բանվորների դեմ, որոնք ընդամենը խաղաղ գործադուլ էին անում`պահանջելով թանկացումներին համապատասխան աշխատավարձերի բարձրացում: Երկրի ղեկավարությունը հայտարարում է, որ ավելի նախընտրալեի է նավաշինարանը ռմբակոծելը և տեղը նորը կառուցելը, քան թե բողոքավորների պահանջները քննարկելը կամ բավարարելը: Իշխանությունները հայտարարում են, որ բողոքի ակցիաները քաղաքական ենթատեքստ ունեն`անտեսելով տնտեսականը: Գործադուլի կազմակերպիչներին ձերբակալելուց հետո փոխվարչապետը բնակչությանը կոչ է անում աշխատանքի վերադառնալ: Սակայն վաղ առավոտյան աշխատանքի շտապող բանվորներին դիմավորում են տանկերով ու ավտոմատներով զինված բանակայինները`կրակ բացելով նրանց վրա: Զոհվում է 18 մարդ, վիրավորվում են հարյուրավորները: Պատմական իրադարձությունները ներկայացվում են նավաշինարանի աշխատակից, բանվոր Բրունո Դրիվայի ընտանիքի  պատմության միջոցով: Վերջինս փոխվարչապետի կոչով աշխատանքի վերադարձած մարդկանցից է, ով սպանվում է արձակված գնդակից: Նրան, ինչպես և մյուս սպանվածներին, հուղարկավորում են գաղտնի`գիշերով, առանց վկաների: Իսկ ընտանիքին փորձում են մյուս սպանվածների ընտանիքների հետ  հեռացնել  քաղաքից, որպեսզի այլոց ոչինչ չհիշեցնի կատարվածի մասին:

Լեհական ֆիլմերի ծրագրի շրջանակներում կցուցադրվի նաև Մաչեյ Ադամեկի «Լուսանկարը» ֆիլմը:

«Ռուսական կինոյի օրեր» ծրագրի շրջանակներում 6 ֆիլմ կցուցադրվի

Ոսկե ծիրանի ընթացքում արտամրցութային ծրագրով կներկայացվի 6 ռուսական  ֆիլմ`«Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ» (Բորիս Խլեբնիկով), «Դաշտային մարիների երկնային կանայք» (ռեժ. Ալեքսանդր Ֆեդորչենկո), «Կողքիդ կլինեմ» (ռեժ. Պավել Ռումինով), «Ինտիմ մասեր» (ռեժ. Նատաշա Մերկուլովա, Ալեկսեյ Չուպով), «Արքայադստեր պատերազմը» (ռեժ. Վլադիմիր Ալենիկով), «Մայորը» (ռեժ. Յուրի Բիկով) ֆիլմերը:

Ուշագրավ է  Վլադիմիր Ալենիկովի «Արքայադստեր պատերազմը» ֆիլմը, որը պատմում է ռուս աղջկա և հայ տղայի սիրո մասին, որոնք, սակայն, հակամարտող խմբավորումների անդամներ են: Միմյանց դեմ հակամարտող հրոսակախմբերից մեկում ռուս պատանիներ են ներգրավված, մյուսում նախկին ԽՍՀՄ  հարավային երկրներից եկած փախստականներ: Արքայադուստր մականունով ռուս աղջիկը և ազգությամբ հայ Կարենը ստիպված են պայքարել իրենց սիրո և իրավունքների համար մի միջավայրում, որը լի է ատելությամբ, դաժանությամբ և կրոնական ու էթնիկական անհանդուրժողականությամբ:

«Ազգամիջյան հակամարտությունները և քսենոֆոբիան այսօր գոյություն ունեն, դա իրողություն է: Դրանից նախ և առաջ տուժում են երեխաները: Սա ֆիլմ է երեխաների մասին մեծահասակների համար,- ասում է Ալենիկովը:-Հույս ունեմ, որ հանդիսատեսի լայն շրջանակներին հասնելու դեպքում այն դրական առումով կփոխի մթնոլորտը, որում մեր երեխաներն են ապրում»:

Հարցին, թե ինչու է ֆիլմի հերոսին հենց հայ ընտրել, ոչ թե օրինակ, վրացի, տաջիկ կամ ուզբեկ, Ալենիկովը պատասխանում է, որ հայ Ռոմեոյի և ռուս Ջուլիետայի ընտրությունը պատահական չէ. ֆիմլի նկարահանումներին նախապատրաստվելիս  ՆԳՆ-ից 4 մեծ թղթապանակ է հավաքել նմանատիպ պատմություններով, որոնց մեծ մասը գաղտնի է, չի հրապարակայնացվել: «Հայերը և ռուսները միշտ կապված են եղել և հանկարծ ինչ-որ դատարկ տեղից ատելություն է ծագում: Ցավալի է»,-ասում է Ալենիկովը:

Ոսկե ծիրանը կամփոփվի հուլիսի 14-ին, երբ կհայտարարվեն հաղթողները և կցուցադրվեն մրցանակակիր ֆիլմերը:

Հ.Գ.

«Անկախ»-ն իր ընթերցողներին խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում բաց չթողնել մի քանի մրցութային ֆիլմերի ցուցադրությունները` «Հողի կանչը» (Մառլեն Էդոյան), «Վ… այսինքն Վեռնոյ» (Արտո Փեհլիվանյան), «Սարոյանլենդ» (Լուսին դինք): Ֆիլմերը հայկական համայնապատկեր մրցույթին են ներկայացված` երկուսը` վավերագրական, երրորդը` խաղարկային անվանակարգերում: