Սպասվում են կարճատև տեղումներ

եղանակը հայաստանումՀանրապետության տարածքում`

Հուլիսի 6-10-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-8-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

 

  Երևան քաղաքում`

Հուլիսի 6-10-ին տեղումների հավանականությունը փոքր է:

 

Օձերը տեղափոխվել են անվտանգ տարածք

օձեր են հայտնաբերվելՀուլիսի 5-ին, ժամը 14.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Բավրա գյուղի անցակետում նկատվել է օձ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հայտնաբերվել է 80 սմ երկարությամբ օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

***

 

Հուլիսի 5-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 1-ին նրբանցքի 65 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:

Հայտնաբերվել է 1 մ երկարությամբ իժ տեսակի օձ և տեղափոխվել անվտանգ տարածք:

Սյունիքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորակը

ավտոմեքենան գլորվել է ձորակըՀուլիսի 5-ին, ժամը 16.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղի մոտակայքում “ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորակը, տուժածներ չկան. մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Մեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ ճամփեզրին կայանված՝ Ս. Հայրապետյանին պատկանող, “ՎԱԶ-2121” մակնիշի  51 SU 444 պետհամարանիշի ավտոմեքենայի արգելակման համակարգը գործարկված չի եղել՝ ինչից ավտո­մեքենան 7 մետր բարձրությունից սահել է ձորակը. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ձորակից:

Փրկարարներն իրականացրել են ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ

աինՀուլիսի 5-ին, ժամը 22.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 8-րդ փողոցում գտնվող թիվ 68 դպրոցի տանիքի մետաղյա կառուցատարրերը կախվել են, առկա է ընկնլու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Փրկարարներն իրականացրել են ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ:

Հրդեհ վագոն-տնակում

հրդեհՀուլիսի 5-ին, ժամը 23.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրիքաղաքի Մուսայելյան փողոցում՝ «Լեգենդ» խանութի հետնամասում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մերտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է Մուսայելյան փողոցի թիվ 113/157 հասցեում գտնվող վագոն-տնակը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.40-ին, մարվել՝ 23.49-ին:

Այրվել է վագոն-տնակի ներքին փայտե երեսպատումը՝ 1.5 քմ մակերեսով:

Հրշեջ-փրկարարները բնակարանից դույլերով հեռացրել են մոտ 2 տոննա ջուր

աինՀուլիսի 6-ին, ժամը 04.02-ին ահազանգ է ստացվել, որ տան մոտակա առվի ջուրը լցվել է Արարատի մարզի Վեդի քաղաքի Անդրանիկավանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 31 տուն. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվաչկ:

Հրշեջ-փրկարարները բնակարանից դույլերով հեռացրել են մոտ 2 տոննա ջուր:

Երևանի Պռոշյան փողոցում ծառ էր շրջվել

ծառ էր շրջվելՀուլիսի 5-ին, ժամը 21.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Պռոշյան փողոցում՝ «Սբ. Հովհաննես» եկեղեցու մոտակայքում, ծառը շրջվել է և խոչընդոտում ճանապարհի երթևեկությանը:

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:

Փրկարարները ծառը մասնատելով հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը կարգավորված է:

Խոշոր ավտոպատահար Մասիս քաղաքի մոտ,կան վիրավորներ և մեկ զոհ

 big_1373059210_10Հուլիսի 5-ին, ժամը 22.38-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մասիս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ  կմ-ում բախվել են “ՎԱԶ-2106” մակնիշի 34 TO 238 պետհամարանիշի և “ԶԻԼ” մակնիշի 13 0S U17 պետհամարանիշի (վարորդ` Է. Բյուրեղյան, ծնվ. 1981թ.) ավտոմեքենաները, ինչից “ՎԱԶ-2106” մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1952 թ. ծնված Ն. Դադաշյանը տեղում զոհվել է, իսկ վարորդ` 1988 թ. ծնված Ա.Նազարյանը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Մասիս քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի “Էրեբունի” բժշկական կենտրոն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ն. Դադաշյանի դին և հանձնլ “1-03” ծառայության աշխատակիցներին.  իրականացվել են վառելիքաքսուքային նյութերից ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Վարդավառ

վարդավառ2Եկեղեցին այս օրը նշում է որպես Այլակերպության տոն: Սա ևս շարժական տոն է և նշվում է Զատիկից 98 օր հետո: Տոնը, սակայն, բնապաշտական ժամանակներից է և թերևս հայերի ամենասիրելի տոնն է եղել: Հայաստանի որոշ մարզերում (Լոռի, Տավուշ) Վարդավառն անշարժ տոմարով են նշում` հուլիսի վերջին կիրակի օրը:

Վարդավառը ջրի տոն է և այդ օրը բոլորը խրախճանքից, երգ ու պարից բացի, նաև ջրում են միմյանց: Եկեղեցին սա բացատրում է նրանով, որ երբ Նոյը Արարատից իջել է Նախիջևան, որպեսզի իր ժառանգների մեջ անմահ պահի ջրհեղեղի մասին հիշատակը, կարգադրել է, որ ամեն տարի այս օրը ջրեն միմյանց:

Ամեն դեպքում, մարդիկ Վարդավառին ուխտ են գնացել սարերը, ուր գետերի, աղբյուրների ակունքներն են: Հենց ջրի ակունքների մոտ էլ Վարդավառի տոնախմբություններն են կատարվել, համայնական զոհաբերություն արել, խաղեր ու խրախճանք կազմակերպել: Ամենատարածված խաղը կոխն էր, որ հավանաբար նվիրված էր Վահագն աստծուն: Վահագնին էին նվիրված նաև վանեցի երիտասարդների կազմակերպած ռազմական խաղերը Վարդավառի տոնին, երբ խմբերի բաժանված, պարսատիկներով ու փայտերով «կռվում» էին միմյանց դեմ:  Շատ տարածված էին աղջիկների զանազան երգ-խաղերը, զվարճախաղերը:

Տոնը սկսվում է շաբաթ երեկոյան, երբ ուխտավորները մատաղ են անում, անասուն մորթում և գիշերային խարույկի շուրջ դիմավորում Վարդավառը: Խարույկ վառելու և տոնը կեսգիշերին դիմավորելու սովորույթը լավ է պահպանվել հատկապես Լոռիում, որտեղ Վարդավառը ժողովրդական ամենասիրելի տոնն է:

Վարդավառը նաև խնձորի տոն էր: Առհասարակ, Վարդավառի սեղաններին առատ է եղել միրգը: Ժողովուրդը տոնը երբեմն անվանում էր «խնձորի պաս»: Տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Այս սովորույթը ուղեկցվել է որոշ ծեսով: Շատախում երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին սարքում՝ մեկը մյուսից մեծ: Մութն ընկնելուն պես վառում էին դեզերը: Ծեսը տևում էր մինչև լուսաբաց, որից հետո կրակի շեղջի մեջ խնձոր էին խորովում և ուտում: Խարույկի շուրջ տոնախմբությունն ուղեկցվում էր երգով, պարով, խաղով ու խնդությամբ:

Վարդավառը հասել ա,

Բան ու գործս թարսել ա,

Թե սիրել ես, ջուր շաղ տուր,

Կրակս թեժացել ա…

Վարդևորի իր օրն ա,

Որդին հորը չի մոռնա,

Ով իմ սիրածին ինձ չտա,

Սև շան նման թող ոռնա…

Վարդևորը մոտ ա,

Մեր ճամփեքը քարոտ ա,

Գնում եմ յարիս տենամ,

Կասեն` ինձի կարոտ ա:

Վարդավառի երգերը բազմաժանր են ու բազմատեսակ: Երգում են թափորով, որին ուղեկցում են նվագածուները: Տոնի տիպիկ խաղերից է ձիարշավը, երբ երիտասարդները մրցում են իրենց ձիերով` ցույց տալով իրենց հմտությունները արագության և ձիախաղի մեջ:

Տոնը, որ հեթանոսական ակունքներ ունի և նվիրված է Աստղիկ դիցուհուն, ամենասիրվածն է հայոց մեջ: Վարդավառ բառը բաղկացած է վարդ և վառել բառերից, որ նշանակում է սիրո գերագույն խորհրդով օծվել: Տոնի սկզբին` հունիսի 27-ին (Վահագնի օրվան) գումարվում է մարտի 21-ից մինչև առաջիկա լիալուսին ընկած օրերի քանակը:

Վարդավառը արարչական սիրո տոն է, որ հովանավորվում էր Աստղիկ դիցուհու կողմից: Տոնի խորհրդանիշներն են օծված վարդերը և վարդաջուրը, որով ցողելով` Աստղիկ դիցուհին սեր է պարգևում մարդկանց: Աստղիկը հայոց սիրո և գեղեցկության աստվածուհին էր, Վահագնի սիրելին: Աշտիշատում գտնվող Աստղիկի տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», որտեղ, համաձայն ավանդապատումի, Վահագնը հանդիպում էր իր սիրեցյալին: Վահագնի և Աստղիկի ամուսնությունը սրբազան էր համարվում: Նրանց ամուսնությունն անձրև  էր բերում, բարիք էր բերում մարդկանց, շանթ ու կայծակ էր թափվում երկրի վրա, որ խորհրդանշում էր տիեզերքի երկունքը: Աստղիկի տաճարներ Հայաստանում ամենուր կային, բայց գլխավորը Աշտիշատինն էր և Վանա լճի ափին գտնվող Արտամետի տաճարը:

Վարդավառը ջրի տոն է: Այս օրը մարդիկ խմբվում են ջրի ակունքների մոտ և զոհաբերություններ կատարում, որից հետո սկսվում է խրախճանքը: Ընդունված է զոհաբերել ուլ և գառ:

Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում (այստեղից էլ` Վարդավառին միմյանց ջրելու սովորությունը): Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն: Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ:

Մեկ այլ ավանդապատումի համաձայն` Վիշապները գողանում են Աստղիկին ու պահում իրենց մոտ: Դրա հետևանքով Երկրին պատում է չարն ու մութը: Եվ Վահագն աստվածը հաղթում է Վիշապին, ազատում է իր սիրեցյալ Աստղիկին ու շրջելով երկրի վրա` վարդի ջուր է ցողում` կրկին հավաստելով սիրո և գեղեցիկի հաղթանակը: Նման պատումներ շատ կան ժողովրդական բանահյուսության, հայկական ժողովրդական հեքիաթների մեջ, երբ Վիշապը փակում է ջրի ակունքը և ժողովրդից պահանջում կույս աղջիկ` ջուր տալու համար: Սրանք դեռ բնապաշտական ժամանակներից եկած պատումներ են Վարդավառի մասին:

Աստղիկը, Վահագն աստծո սիրեցյալն էր: Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն: Աստղիկը, ըստ ավանդության, ծնվել էր ծովի ճերմակաթույր փրփուրներից և երբ քայլում էր, նրա ոտնահետքերում վարդեր էին բուսնում: Դիցուհին վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհի վրա, որոնք, քսվելով հայուհիներին, աստվածային գեղեցկություն էին պարգևում նրանց: Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր: Ավանդության համաձայն՝ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղնբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն աստծուն: Այստեղից է ծագում նաև մեր օրերում Վարդավառին աղավնիներ թռցնելու սովորությունը:

Աստղիկին նվիրված տաճարներ կային նաև Վանա լճի մերձակա Արտամետ գյուղում, Անձևյաց գավառում և այլուր: Երևանի օպերայի և բալետի շենքի տեղում նույնպես եղել է Աստղիկին նվիրված տաճար: Աստղիկ դիցուհուն էր նվիրված հայոց տոմարի յուրաքանչյուր ամսվա յոթերորդ օրը:

Տոնակատարության ժամանակ Աստղիկին նվիրաբերել են վարդեր (այստեղից էլ՝ նրա Վարդամատն մականունը), աղավնիներ թռցրել, ջուր  ցողել իրար վրա, ուրախացել: Որոշ գավառներում Վարդավառի տոնին Աստղիկ դիցուհուն նվիրված տիկնիկներ են պատրաստել ծառերի ճյուղերից կամ ցախավելից և դրանցով խաղեր կազմակերպել: Նաև ծաղկեպսակներ էին պատրաստում և կովերի ու այլ կաթնատուների ճակատը զարդարում, որպեսզի տարին կաթնառատ լինի: Մեր ժամանակներում պահպանվել է Վարդավառին ցորենի հասկերից խաչբուռ գործելու սովորույթը: Խաչբուռը կամ խաչփունջը հյուսվել է ցորենի հասած արտից հնձած  առաջին փնջից և նվիրաբերվել աստվածներին, որպես գոհաբանություն՝ բերքի համար: Խաչբուռը հյուսվել է խաչի տեսքով, կապելով երկինքն ու երկիրը. այն բացարձակապես չի առնչվում Հիսուսի խաչափայտի հետ: Հաճախ գործել են Նուրի աստվածուհու կերպարանքով և կենաց ծառի տեսքով ու գաղափարով: Քրիստոնեության ընդունումից հետո խաչբուռը նվիրվեց Անահիտին փոխարինող Աստվածածնին:

Լինելով երիտասարդության սիրելի տոնը` Վարդավառը նաև աղջիկ ընտրելու և «աղջկատեսի» տոն էր: Այս տոնի ժամանակ կատարվող ուխտագնացությունների, արարողությունների ժամանակ հաճախ էին խնամախոսությունները, նշանդրեքի, պսակի արարողությունները:

Վարդավառին ամուսնացած աղջիկներն իրավունք էին ստանում երկրորդ անգամ գնալու հորանց տուն և սովորաբար այնտեղ մնում էին 15 օր:

Վահե Անթանեսյանի նյութի շարունակությունը` կից վարդավառյան բաղադրատոմսերով, կարդալու համար հետևեք հղմանը

 

Սողանք Քարահունջ գյուղում

Սողանք Քարահունջ գյուղումՀուլիսի 5-ին, ժամը  16.07-ին ահազանգ է  ստացվել, որ Սյունիքի մարզի Քարահունջ  գյուղի, 11-րդ փողոցի 35 տան հողամասին կից ակտիվացել են սողանքային երևույթներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:

Պարզվել է, որ  Օ. Հայրապետյանին պատկանող տանը կից ակտիվացած սողանքն ընդգրկում է մոտ 15 մ. լայն., 80մ երկ., 2,5 մ. խորությամբ տարածք. ներկա պահին  տանը վտանգ չի սպառ­նում:

Քննարկվել են գործարար համագործակցությանն առնչվող հարցեր

004Երևանի քաղաքապետի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետի կողմից կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում, Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի առթիվ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության անդամները, Երևանի և Սանկտ Պետերբուրգի գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ միասին, Սմոլնիում մասնակցել են բիզնես համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով կազմակերպված  կլոր սեղանին։
Ռուսաստանում Հայաստանի  առևտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը, առանձնացնելով  Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխշահավետ բիզնես համագործակցության զարգացման դրական դինամիկան, նշել է, որ Հայաստանի գործարարները փոխշահավետ համագործակցության առաջարկներ են սպասում Ռուսաստանի գործընկերներից։ Քննարկման ընթացքում նաև նշվել է, որ Հայաստանի ընկերությունների արտադրանքն ավելի լայն է ներկայացված Մոսկվայում, քան Սանկտ Պետերբուրգում։ Այդ համատեքստում կարևորվել է Հայաստանից Սանկտ Պետերբուրգ արտահանվող արտադրանքի տեսականու և ծավալների ընդլայնումը։ Քննարկման ընթացքում կարևորվել է գործարար կապերում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը: <<Սանկտ Պետերբուրգի միջտարածաշրջանային տեղեկատվության և բիզնես կենտրոն>> ձեռներեցության խթանման ասոցիացիայի նախագահ Լիդիա Պրոխորովան, նշելով, որ  ձեռնարկատիրության համար հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ ՌԴ  կառավարությունն անում է հնարավորը, ընդգծել է, որ  Սանկտ Պետերբուրգի բյուջեի եկամուտների մոտ 30 տոկոսն ապահովում է միջին բիզնեսը։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը նշել է, որ նախորդ նման  հանդիպումն անարդյունք չի եղել. մասնավորապես, ռուսական <<Օմեգա>> ընկերության հետ համաձայնություն էր ձեռք բերվել և հաջողությամբ իրականացվել էր Երևանի փողոցների լուսային գունազարդ ձևավորման նախագիծը։  Ի նշան երախտագիտության՝ արդյունավետ համագործակցության համար, Ա. Հարությունյանը պատվոգիր է հանձնել <<Օմեգա>>  ընկերության նախագահին։
Ռուսական կողմի ներկայացուցիչները իրենց հետաքրքրությունն ու շահագրգռվածությունն են հայտնել Հայաստանի գործընկերների հետ գործարար համագործակցության խորացման և ռուսական շուկայում հայաստանյան արտադրանքի տեսականու ընդլայնման վերաբերյալ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Վարդավառը ունի նաև սիրո խորհուրդ

1000474_579157528795669_1308103530_n Գաղտնիք չէ, որ հեթանոսական մի շարք ծիսական տոներ իրենց տեղն են գտել Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցում: Այս կիրակի հայկական եկեղեցին տոնում է Վարդավառը` հինգ տաղավար տոներից մեկը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ազգագրագետ Սոնա Պապիկյանը և “Վարդավառ 2013” միջոցառման կազմակերպիչ “ՄԱՐՕԳ Մարքեթինգ” ընկերության հիմնադիր տնօրեն Դիանա Հովհաննիսյանը  խոսեցին տոնի խորհրդի, դարեր առաջ այն նշելու առանձնահատկությունների ու ավանդույթների, ինչպես նաև այս տարի Վարդավառին անցկացվելիք միջոցառումների մասին:

 Վարդավառն այս տարի նշվում է Սուրբ Զատիկից 98 օր անց` հուլիսի 7-ին:

Ըստ ազգագրագետի` Վարդավառի տոնը հեթանոսական ժամանակներից եկած տոն է և նվիրված է եղել ջրի աստվածուհի Նարին, ինչպես նաև սիրո աստվածուհի Աստղիկին. “Վարդ անունը կապվում է ծաղկեփնջերի նվիրման հետ: Այդ օրը, եթե   տղան աղջկան խնձոր էր տալիս` նշան է, որ համակրում է նրան: Վարդավառին սովորության համաձայն մատաղ էին անում: Այսօր էլ, չնայած տոնը չի պահպանել իր խորհուրդը, սակայն մի շարք գյուղերում ուլ, գառ են մորթում”,-հավելեց Սոնա Պապիկյանը:

Համաձայն տոնի այդ օրը մարդիկ չպետք է վիրավորվեն, երբ իրենց վրա ջուր են ցողում, ընդհակառակը այն միմյանց հետ անկաշկանդ շփվելու միջոց է: Ջրելը նաև երաշտից խուսափելու և առատ բերք ունենալու խորհուրդ ունի:

 

“Հայաստանում արդեն չունենք Վարդավառ՝ ունենք ջրոցի: Տոնը կորցրել է իր երբեմնի խորհուրդը և մենք կազմակերպել ենք ավանդական Վարդավառ, որտեղ կլինի այն ամենը, ինչը առնչվում է տոնին”,-ասաց Դիանա Հովհաննիսյանը, մանրամասնելով, որ հուլիսի 7-ին Սիրահարների այգում 11:00-ից մինև 17:00-ն տեղի կունենա “Վարդավառ 2013” միջոցառումը, որի նպատակն է վերականգնել սիրված տոնն իր ազգային ծեսերով ու ավանդույթներով: Նախատեսվում է լուսանկարահանում հանրաճանաչ մարդկանց կողմից, “Vardatalk” /տարբեր ոլորտներից հայտնի ներկայացուցիչներ խոսում են Վարդավառի մասին/, հյուրասիրություն` տոնին հատուկ ուտեստներով և այլն:

 

 

Լուսինե Ասատրյան

Երևանի և Ռիգայի քաղաքապետերը ստորագրել են երկու քաղաքների եղբայրացման համաձայնագիր

005Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ռիգա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի հետ:
Ողջունելով Երևանի քաղաքապետին՝ Նիլ Ուշակովը նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և արձանագրելով, որ երկու քաղաքապետերն էլ, ըստ էության, գրեթե միաժամանակ են վերընտրվել իրենց զբաղեցրած պաշտոններում, հույս է հայտնել, որ այդ հանգամանքը ևս մեկ խթան կհանդիսանա Երևանի և Ռիգայի միջև փոխշահավետ համագործակցություն հաստատելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազում ծրագրեր կյանքի կոչելու համար. «Անկեղծորեն ուրախ եմ, որ հենց այս փուլում եք այցելել Ռիգա: Այս օրերին Ռիգայում անցկացվում է ոչ միայն Լատվիայի, այլև ողջ Եվրոպայի կողմից ճանաչված ամենահայտնի` լատվիական երգի և պարի ավանդական տոնը, ինչը հրաշալի հնարավորություն է լիարժեք տեսնելու ու ծանոթանալու մեր քաղաքին: Համոզված եմ, պարոն քաղաքապետ, որ մեր կողմից ստորագրվելիք համաձայնագիրը կնպաստի, որ երկու մայրաքաղաքների բնակիչներն ավելի հաճախակի այցելեն մեկը մյուսին և շատ ավելի տեղեկացված լինեն մեր մշակույթների առանձնահատկություններին: Նաև վստահ եմ, որ մեր ջերմ հարաբերություններն անպայման կունենան նաև փոխշահավետ զարգացումներ», – նշել է Ռիգայի քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին, նախ փոխադարձաբար շնորհավորել է գործընկերոջը վերընտրվելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պատասխանատու աշխատանքում: Անդրադառնալով երկու քաղաքների միջև փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու գործնական հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս նկատել է, որ երկու երկրների և ժողովուրդների միջև առկա բարեկամությունն իսկապես կարևոր խթան է Երևանի և Ռիգայի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու և զարգացնելու համար: Քաղաքապետը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու Երևանի զարգացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին. «Մենք ողջունում ենք գործընկեր քաղաքների հետ փոխշահավետ համագործակցությունը, և վստահ եմ, որ ստորագրվելիք եղբայրացաման մասին համաձայնագիրն իսկապես արդյունավետ ծրագրային համագործակցության սկիզբ կդնի Երևանի և Ռիգայի միջև: Մեզ համար շատ կարևոր է տարբեր ոլորտներում կոնկրետ ծրագրերի և նախագծերի իրականացումն ու փորձի փոխանակումը»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Այնուհետ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են ամրապնդել և զարգացնել բարեկամական հարաբերությունները երկու մայրաքաղաքների միջև: Համաձայնագրի շրջանակում համագործակցություն կծավալվի քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տեղական ինքակառավարման, փորձի և մասնագետների փոխանակման, քաղաքային ծառայությունների կառավարման, ինչպես նաև քաղաքներում երթևեկության և փոխադրումների կազմակերպման ուղղությամբ:
Հանդիպման վերջում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նիլ Ուշակովին հրավիրել է Երևան:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի մասնակիցներին

սերժ սարգսյանՀամաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց ողջունում եմ Երևանում տեղի ունեցող Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի բոլոր մասնակիցներին: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և «Իրավաբանների համահայկական խորհրդաժողով» կազմակերպության նախաձեռնությամբ մեկ հարկի տակ հավաքվել են հայ իրավագիտական մտքի հայտնի ներկայացուցիչները:
Համահայկական մասնագիտական նախաձեռնությունները դարձել են Հայաստան-սփյուռք համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկը: Եվ դրանք արդեն որոշակի արդյունքներ են տալիս՝ բացահայտելով աշխարհասփյուռ հայության ներուժի արդյունավետ օգտագործման նորանոր օրինակներ:
Բնավ պատահական չէ, որ հայ իրավաբանների ուշադրության կենտրոնում են Հայոց ցեղասպանության իրավական հիմնախնդիրները: Դուք տեսական և գործնական ակտիվ մասնակցությունն եք ունենում դրա միջազգային ճանաչման գործընթացներին: Գնահատելի են ձեր ջանքերը տարբեր երկրների պետական և քաղաքական կառույցների ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին բևեռելու և ճշմարտությունը համայն աշխարհին ներկայացնելու ուղղությամբ՝ նպաստելով աշխարհի որևէ կետում ցեղասպանության ահավոր ոճրի կրկնության կանխարգելմանը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, դատապարտումը և դրա հետևանքների վերացումը մշտապես արդիական են լինելու: Քանի դեռ գոյություն ունի հայոց պետությունը՝ անհաջողության են մատնվելու այս պատմական իրողությունը ուրանալու և մոռացության տալու բոլոր փորձերը: Մարդկության դեմ գործված մեծագույն այս հանցագործությունը պետք է մեկընդմիշտ ճանաչվի և դատապարտվի՝ առաջին հերթին հենց Թուրքիայի կողմից:
Սիրելի՛ բարեկամներ,
2011 թվականի ապրիլին ձևավորվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, կազմավորվեցին միջազգային խորհրդատվական խումբը, ինչպես նաև սփյուռքի համապատասխան տարածաշրջանային հանձնախմբերը: Ձեզանից շատերը, անկասկած, արդեն ակտիվորեն ներգրավվել են այդ աշխատանքներում:

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի նախաշեմին, դուք կարող եք մեկտեղել ձեր գիտելիքն ու փորձը, հանդես գալ առաջարկություններով և գիտական եզրահանգումներով:
Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովին մաղթում եմ բարի երթ և արդյունավետ աշխատանք:

 

Սահմանադրության օրը Գյումրիում, լուսանկարներ

26 001Առաջին անգամ Գյումրիում մեծ շուքով նշվեց ՀՀ Սահմանադրության օրը: Գյումրիի քաղաքապետարանի ու Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժինները համատեղ կազմակերպել էին ՚Եռագույն՚ քայլերթ և տոնական համերգ:

Մասկացնում էին քաղաքի բուհերի ուսանողները, քաղաքապետարանի ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունները, ակտիվիստներ, հասարակ գյումրեցիներ:

ՙ2006թ. հունիսի 15-ին ՀՀ ԱԺ-ն օրենքներ ընդունեց՝ դրոշի և զինանշանի մասին: Դրանից հետո միշտ հունիսի 15-ին կամ հունիսի երկրորդ կեսին կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված այդ օրերին: Երեկվա կառավարության նիստում մշակույթի նախարարի կողմից հարց էր ներկայացվել, որպեսզի պետական խորհրդանշաններին նվիրված տոնը մտնի ՀՀ պետական տոների ցանկում: Եվ այսօր մեր Սահմանադրության օրն է, ու որոշվել է հանարապետության մարզերում և Երևանում պետական խորհրդանշաններին նվիրված տոնն անցկացնել Սահմանադրության օրը՚, – archive2.ankakh.com-ին փոխանցեց Շիրակի մարզպետարանի սպորտի և մշակույթի բաժնի պետ Վաչագան Վարդանյանը:

Միջոցառումները մեկնարկեցին Վարդանանց հրապարակից, որտեղ եռագույն շապիկներով, դրոշներով, Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի դրոշներով ու շապիկներով, Գյումրու փողային նվագախմբի ուղեկցությամբ մասնակիցները  շարժվեցին դեպի թատերական հրապարակ: Երթի առջևից ընթանում էր ՀՀ մեծ դրոշը, ապա մյուս դրոշակակիրներն ու նվագախումբը: Նրանք քայլերթով անցան Ռիժկովի ճեմափողոցը, Խաղաղության օղակը, Սայաթ-Նովա փողոցը, Անկախության հրապարակը: Երթն ավարտվեց թատերական հրապարակում, և սկսվեցին պարային խմբերի ու անհատ կատարողների ելույթները:

Ընթերցվեցին նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի շնորհավորական ուղերձները:

Իսկ արդեն ժամը 16:00-ից մարզի պատվիրակությունը կմեկնի Երևան՝ օրվա գլխավոր քայլերթին մասնակցելու համար:

«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը նշանավորող իրադարձություններ

DSCN4306Այսօր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հանդես եկան Փառատոնի բացմանն ընդառաջ մամլո ասուլիսով: «Ոսկե ծիրան» ՄԿՓ հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը, «ԱՊՀ երկրների կինոն» ծրագրի համակարգող Անահիտ Ղազարյանը լրագրողներին ներկայացրեցին «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնի հոբելյանական մեկնարկը նշանավորող իրադարձությունները:
Փառատոնի բացման օրը` հուլիսի 7-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում մեծ շանսոնեյի մասնակցությամբ տեղի կունենա անվանական «Աստղի» բացման արարողությունը: Որին կհաջորդի կինոփառատոնի առաջին ցուցադրությունը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կցուցադրվի Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա» ֆիլմը, որի գլխավոր դերում է հանդես գալիս Ազնավուրը:
Կինոփառաոնի ընթացքում կհանձնվեն նաև մի շարք մրցանակներ: Շառլ Ազնավուրը կպարգևատրվի «Փարաջանովյան թալեր» մրցանակով: Նույն մրցանակը համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար կստանան նաև Մարգարեթե Ֆոն Թրոթան, Իշտվան Սաբոն, Ներսես Հովհաննիսյանն ու Յոս Ստելինգը: Իսկ Ուլրիխ Զայդլը, ում «Դրախտ» եռապատումը կենրկայացվի փառատոնի արտամրցույթային ծրագրում, կարժանանա փառատոնի «վարպետ» մրցանակին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնումը, որը այս տարի կշնորհվի Արտավազդ Փելեշյանին:

ԽՈՍԵ ԱՆՏՈՆԻՈ ԳՈՒՐՐԻԱՐԱՆ. հայոց խղճի դեսպանը…

Jose_Antonio_Gurriara«Շատ դժվար է ահաբեկչին զանազանել հանուն արդարության պայքար մղող մարտիկից… Երկու դեպքում էլ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Այո, ես դեմ եմ բռնությանը և չեմ արդարացնում ԱՍԱԼԱ-ի գործունեությունը, սակայն լավ եմ հասկանում նրանց: Հայկական հարցը որևէ կերպ պետք է լուծվի: Առհասարակ, ահաբեկչությունների դեմ պայքարը պետք է սկսել նրանց ծնող երևույթները` բռնությունը, դիկտատուրան, անարդարությունները վերացնելով»:

ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին շատ է խոսվել: Ոմանք ԱՍԱԼԱ-ն համարում են արդարության համար պայքարող կառույց, ոմանք` ահաբեկչական կազմակերպություն:

ԱՍԱԼԱ-ն իր պայքարի բովում շատ գործողություններ է կատարել, որոնց նպատակը հայության արդար դատի պաշտպանությունն է: Ցավոք, այդ գործողությունների  ընթացքում քիչ չեն եղել նաև անմեղ զոհերը: Նրանցից մեկի` իսպանացի լրագրող և հրապարակախոս Խոսե Անտոնիո Գուրրիարանի համար 1980 թ. դեկտեմբերի 29-ին ԱՍԱԼԱ-ի կազմակերպած Մադրիդի գործողությունը ճակատագրական եղավ… Այդ օրը ԱՍԱԼԱ-ն պայթյուններ իրականացրեց Մադրիդում տեղակայված ամերիկյան և շվեյցարական ավիաընկերությունների շինությունների տարածքում` պահանջելով այդ երկրներից ազատ արձակել իրենց բանտերում պահվող մարտիկներին:

Guriara2Մադրիդյան պայթյունը ցնցեց ողջ աշխարհը. ինքը` Գուրրիարանը, հետագայում ասաց, որ մինչ Մադրիդի գործողությունը, Հայաստանի մասին գիտեր միայն այն, որ կա նման մի փոքրիկ երկիր ԽՍՀՄ-ի կազմում:  Լինելով մադրիդյան գործողության տուժողներից մեկը` Գուրրիարանը ոչ միայն չարությամբ ու ատելությամբ չլցվեց ԱՍԱԼԱ-ի ու հայության հանդեպ, այլև դարձավ հայ ժողովրդի իսկական ու մեծ բարեկամը, հայության դեսպանը Իսպանիայում և աշխարհում, հայ դատի անխոնջ մարտիկը, որ արդեն ավելի քան 30 տարի պայքարում է հանուն հայության դատի պաշտպանության:

Հետագայում այդ մասին իր տված հարցազրույցներից մեկում նա ասաց. «Հայ ժողովրդի հանդեպ անարդարությունը շատ ավելի մեծ էր, քան ճակատագրի կողմից ինձ հասած հարվածն այդ օրը: Անգամ համեմատելու եզրեր չկան… Իմ տառապանքը ոչինչ է հարյուր հազարավոր այն հայերի ապրումների համեմատ, որոնց ջրասույզ արեցին Եփրատում, գնդակահարեցին, կախաղան բարձրացրին, քառատեցին, սովամահ արեցին… Հայերի ցեղասպանությունը ժամանակակից պատմության ամենաարյունարբու և ամենաահավոր իրադարձություններից է»:

Խոսե Անտոնիո Գուրրիարանը ծնվել է 1939 թ. հուլիսի 7-ին, իսպանական Օրենսեյ փոքրիկ քաղաքում: Պատանեկան տարիներից հրապուրվել է լրագրությամբ և իր գործունեության մեջ միշտ սկանդալային թեմաներ է շոշափել: Առհասարակ, լինելով բնավորությամբ անհաշտ, արդարադատ և մարտնչող` փորձել է միշտ քննարկել և գտնել երևույթի արմատները: Տարբեր տարիներին իր հրապարակումներում Գուրրիարանն անդրադարձել է այնպիսի անձանց,  ինչպիսիք են Ինդիրա Գանդին, Լինդոն Ջոնսոնը, Մարինա Օսվալդը, Սալվադոր Դալին, Ժակլին Քենեդին, Դիեգո Մարադոնան, Ժան-Պոլ Բելմոնդոն…

Նախատոնական այդ օրը Գուրրիարանը Մադրիդի կենտրոնական Գրան-Վիա պողոտայով քայլում էր դեպի կինոթատրոն, երբ որոտաց հայ վրիժառության առաջին պայթյունը Մադրիդում: Գուրրիարանը, որ «El Pueblo» թերթի գլխավոր խմբագիրն էր, շոկի մեջ էր. չորս կողմը դիակ և ծուխ: Իրեն չկորցնելով, լրագրողին հատուկ արագությամբ կողմնորոշվելով` նա շտապեց դեպի հեռախոսը, որպեսզի զանգի խմբագրություն և դեպքի վայր կանչի լուսանկարչին: Սակայն այդ ժամանակ որոտաց նաև երկրորդ պայթյունը, որից ծանր վիրավորվեց նաև Գուրրիարանը: Նա բեկորային վնասվածքներից զատ նաև ոտքի կոտրվածք ստացավ:

Հիվանդանոցում ուշքի գալուց հետո նրա առաջին հարցը խնամող կնոջը հետևյալն էր. «Ովքե՞ր են այդ մարդիկ»: Ապա սկսեց ուսումնասիրել հայության պատմությունը: Իր իսկ խոսքերով` «հետաքրքիր էր, թե ինչի՞ համար են պայքարում այս մարդիկ, և հանուն ինչի են օտար երկրում արյուն հեղում»: Երբ իմանում է հայերի մասին ճշմարտությունը` ցնցվում է և իր պարտքը համարում լինել այդ տառապյալ ժողովրդի կողքին: Դեռևս հիվանդանոցում` երկարատև բուժման ընթացքում, նրա հիվանդասենյակը լցվեց մոտ երկու հարյուր գրքով, որոնք պատմում էին հայության և Հայաստանի մասին:

Ստանալով բավական  տեղեկատվություն հայության պայքարի մասին` Խոսե Անտոնիոն որոշում է անձամբ քննել հայության գործը և հանդիպել ԱՍԱԼԱ-ի մարտիկների հետ: Նա նամակ է գրում ԱՍԱԼԱ-ի գործիչներին, որոնք պատասխանում են, որ պատրաստակամ են հանդիպել լրագրողի հետ: Հանդիպումը կայացավ մեկուկես տարի անց` Լիբանանում, ուր ուղևորվեց Գուրրիարանը` շարունակելու իր հետազոտությունը:

Մեկ շաբաթվա սպասումը Բեյրութի հյուրանոցներից մեկում արդյունք տվեց: ԱՍԱԼԱ-ի մարտիկները Գուրրիարանին փակ աչքերով իրենց ուսումնական ճամբար տարան, ուր նա ականատես եղավ, թե ինչպես են երիտասարդ հայորդիները պատրաստվում պայքարի: Այնտեղ նա հանդիպեց նաև Մադրիդի գործողությունն իրականացնողներին` մի աղջկա և երկու երիտասարդի, որոնց հետ երկար շփվեց ու խոսեց: Ինչպես պատմում է հեղինակը, երբ սեղմեց դիմակավորված հերոսների ձեռքը, նրանք դողում էին… Խոսակցության ժամանակ ոչ ոք ներողություն չխնդրեց Խոսե Անտոնիոյից, միայն ֆրանսերեն խոսող աղջիկը դողդոջուն ձայնով ասաց. «Մենք անձամբ ձեր դեմ ոչինչ չունենք: Ցավոք, պատերազմների ժամանակ տուժում են նաև անմեղները»:

Տարիներ անց Խոսե Անտոնիոն իմացավ, որ երեք հերոսներն էլ` Արամը, Վահեն և Անահիտը  նահատակվել են հայրենիքի համար մղվող պայքարում… երկուսը` թուրքական օդանավակայանի պայթեցման գործողության ժամանակ, մեկը` Լիբանանում: Նա իր «Ռումբը» գիրքը նվիրեց նրանց հիշատակին:

Լիբանանում Խոսե Անտոնիոն հանդիպեց նաև Մոնթե Մելքոնյանին: Շատ երկար խոսեցին` քննարկելով հայերի խնդիրները և աշխարհի այլ ժողովուրդների ազատագրական պայքարները: Մոնթեն մեծ տպավորություն գործեց Խոսե Անտոնիոյի վրա: Հետագայում Խոսե Անտոնիոն ծանոթացավ և բարեկամացավ նաև Հրանտ Դինքի հետ: Նրանց ընկերությունը, ավաղ, երկար չտևեց: Բայց Գուրրիարանը երկար սգաց Դինքի մահը և աշխարհում առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնեց ժամանակակից Թուրքիայում հայատյացության բարձրացող նոր ալիքի մասին:

Խոսե Անտոնիո Գուրրիարանը հեղինակ է հայության մասին երկու գրքի`  «Ռումբը» (1982) և «Հայերը. մոռացված ցեղասպանություն» (2008): Այս վերջին գիրքը ծնվեց հեղինակի 2007 թ. Հայաստան այցելությունից հետո: Գրքում հեղինակը խարազանում է ոչ միայն ցեղասպանություն իրականացնողներին, այլև այսօրվա անտարբեր աշխարհը: Մինչ Հայաստան այցելելը, նա աշխարհի տարբեր երկրներում այցելեց ցեղասպանություն վերապրածներին ու նրանց սերունդներին, փաստեր ու պատմություններ հավաքեց նրանց մասին…

Այս գրքերը ծնվեցին ԱՍԱԼԱ-ի պայթեցրած ռումբից և  հենց ռումբ դարձան Եվրոպայի անտարբեր հասարակության համար: Իր գրքերում, հայերի ողբերգական պատմությունից զատ, Գուրրիարանն անդրադարձել է նաև հայոց մշակույթին, կենցաղին, բարքերին: «Շատ դժվար է ահաբեկչին զանազանել հանուն արդարության պայքար մղող մարտիկից: Երկու դեպքում էլ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Այո, ես դեմ եմ բռնությանը և չեմ արդարացնում ԱՍԱԼԱ-ի գործունեությունը, սակայն լավ եմ հասկանում նրանց: Հայկական հարցը որևէ կերպ պետք է լուծվի: Առհասարակ, ահաբեկչությունների դեմ պայքարը պետք է սկսել նրանց ծնող երևույթները` բռնությունը, դիկտատուրան, անարդարությունները վերացնելով»:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Սահմանադրական բարեփոխումների մասին պետք է մտածել ամեն օր. ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան

Գագիկ ՀարությունյանՀայաստանի պատմության մեջ առաջին անգամ 1995թ. հոլիսի 5-ին անցկացվեց համաժողովրդական հանրաքվե` ՀՀ Սահմանադրության հաստատման համար: Հայ հասարակությունը գրեթե միաձայն ընտրեց սահմանադրական հանրապետության ուղին` վերահաստատելով իր վճռականությունը շարունակելու պետականության կայացման, անկախության ամրապնդման և իրավական, սոցիալական ու ժողովրդավարական պետություն դառնալու կարևորագույն գործը, ինչն ամրագրված է 1990թ. Հայաստանի անկախության հռչակագրում: Սահմանադրությամբ վերջնականապես Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն` հստակորեն տարանջատվեցին իշխանության երեք ճյուղերի (օրենսդիր, գործադիր և դատական) գործառույթները, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով:

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում խոսեց ՀՀ 18-ամյա Սահմանադրության ձեռքբերումների, բացթողումների և անհրաժեշտ փոփոխությունների, անկեղծացավ իր հնարավոր ռեկորդի մասին:

–Հանրապետության պետական–քաղաքական կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր ՀՀ Սահմանադրության ընդունումը, որը տեղի ունեցավ 1995թ. հուլիսի 5-ին։ Այդ օրվանից մինչ այսօր ինչ ձեռքբերումներ են արձանագրվել:

-Սահմանադրության` 1995թ.-ի ընդունումից հետո միջազգային պրակտիկայում կար տարակարծություն` արդյոք պետք է փլուզումից անմիջապես հետո Սահմանադրություն ընդունել, թե պետք է հասարակակական հարաբերությունները որոշակիորեն կայունան և այդ կայուն հարարաբերությունների գնահատումն էլ սահմանադրականացնել: Միաժամանակ, մեր կյանքի պահանաջն էր, որ առանց սահմանադրական լուծումների հնարավոր չէ առաջ գնալ, Հայաստանը գնաց նաև սահմանադրական օրենքի ընդունման ճանապարհով առաջին տարիների հարարբերությունները կանոնակարգելով, այսուհանդերձ, գրեթե բոլոր երկրներն ընտրեցին մոդելային սահմանադրությունների ընդունման ճանապարհը, դա նշանակում էր, որ արդեն գործարկված մոդելն այս կամ այն չափով տեղայնացվում էր, սա բավականին լայն տարածում գտավ աշխարհի երկրներում, որոնք փլուզումներից հետո փորձում էին ինքնուրույն ճանապարհ անցնել: Բայց այդ սահմանադրություններն ունեին ներքին վտանգներ, որոնք ենթադրում էին այլ հարաբերությունների կանոնակարգումը տեղափոխել մեկ այլ սոցիալական դաշտ: Սա հաճախ նմանվում էր օրգանի պատվաստման և առաջանում էր երկրոդ փուլի կարևորագույն խնդիրը, ինչպես կատարելագործել համակարգը, որ այդ ռիսկերը նվազագույնի հասցվեին: Հայաստանում Սահմանադրության ընդունումից հետո արդեն 1998թ.-ից սկսվեցին լուրջ քայլեր ձեռնարկվել հետագա զարգացման ուղղությամբ և միայն 2005թ.-ին սահմանադրական բարեփոխումներ արվեցին:

–ՀՀ Սահմանադրության անցած ճանապարհին ի՞նչ բացթողումներ արձանագրվեցին:

-1998թ.-ից ձեռնարկված բարեփոխումները որոշակի ամփոփման հասցվեցին 2001թ.-ին, երբ Վենետիկի հանձնաժողովի, յոթ երկրների ներկայացուցիչների հետ միասին նախաձեռնվեց սահամանդրական բարեփոխումների փաթեթի մշակումը, որտեղ ներկայացված էր 25 երկրների սահմանադրական պրակտիկան, առաջացած խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, որը, սակայն, 2003թ. հանրաքվեի ժամանակ չընդունվեց: Չընդունման պատճառները տարբեր են: Ես այս հարցի վերաբերյալ ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, բայց թույլ տվեք այս պահին չարտահայտվել: Բայց բոլոր պարագաներում խնդրի լուծումը մնավ օդում կախված: Այն սկսվեց փնտրվել 2005թ.-ի բարեփոխումներում, երբ նախնական քայլերը մի քանի քայլ հետ էին, քան 2001-ի նախագծում, բայց հետո որոշակի լուծումներ գտնվեցին և Վենետիկի հանձնաժողովի ակտիվ միջամտությամբ ընդունվեցին փոփոխությունները: Սա արդեն դարձավ բուն սահմանադրական զարգացումների կարևորագույն քայլերից մեկը:

–Վերջին շրջանում շատ է անդրադարձ արվում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը, առաջիկայում ինչ փոփոխություններ են սպասվում:

– Սահմանադրական բարեփոխումը միայն փոփոխությունն ու լրացում չէ: Սահմանադրական զարգացումը տեղի է ունենում սահմանադրական օրենքների միջոցով, որը մեզ մոտ գոյություն չունի, սահմանադրական վերացական մեկնաբանման ինստիտուտի միջոցով, սահմանադրական լիազորությունների հարցով վեճերը լուծելու համակարգի միջոցով, որոնք մեզ մոտ գոյություն չունեն: Այնուհետև գալիս են սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները, միջազգային դատարանների դիրքրոշումները և Սահմանադրության փոփոխություններն ու լրացումները: Սահմանադրության էվոլուցիոն զարգացման հնարավորությունները սահմանափակված են, որը հանգեցնում է նրան, որ սահմանադրական բարեփոխումը պետք է գնա վիրատական միջամտության ճանապարհով: Սա լուրջ խնդիր է երկրի կայուն դինամիկ զարգացումը երաշխավորելու համար և այդ խնդիրն իր լուծումը պետք է ստանա: Ես իմ հետազոտություններում բազմիցս այս թեմային անդրադարձել եմ, որը ապագայի համար պետք է հաղթահարել Հայաստանի դինամիկ զարգացումն ապահովելու համար: Դա չհաղթահարվեց 2005թ.-ի բարեփոխումների ընթացքում, նաև տեղ գտան մի շարք կիսալուծումներ, օրինակ անհատական դիմումների համակարգի ներդրման խնդրի հետ կապված: Վերջերս Եվրախորհուրդը փաստաթուղթ ընդունեց, ամբողջ աշխարհում այդ խնդիրն ուսումնասիրվեց, հեղինակներից մեկն էլ ես էի: Այդ փաստաթղթում եզրահանգումը մեկն է. իրավունքի գերակայությունը երաշխավորելու համար պետք է անպայման ներդնել անհատական դիմումների լիարժեք համակարգ: Մենք սահմանադրական բարեփոխումների մասին պետք է մտածենք ամեն օր: Սահմանադրությունն այսօր գոյություն չի ունենա առանց Գերագույն դատարանի 550 հատոր որոշումների:

–Արդեն երկար տարիներ ՍԴ նախագահ եք, մասնակցում եք բազմաթիվ միջազգային հանձնաժողովների նիստերի, տարբեր փաստաթղթերի համահեղինակ եք, հոգնեցուցիչ չէ՞:

-Չի կարելի հոգնել: Այս աշխատանքն այնպիսին է, որ պահանջում է փորձառության լիարժեք իրացում, բացի դրանից, ես դեռ չեմ հասել ռեկորդին Ավստրիայի և Բելգիայի իմ գործընկերները ավելի շատ են պաշտոնավարել, քան ես, բայց խնդիրը հետևյալն է` ընդհանուր տրամաբանությամբ կարելի է ինչ-որ բանից հոգնել: Կարելի է հոգնել, երբ դադարում ես ստեղծագործաբար մոտենալ քո անելիքին, իսկ երբ ստեղծագործաբար ես մոտենում և տեսնում ես հսկայական անելիքը, չես հոգնում:

Հարցազրույցը պատրաստեց Սեդա Մանուկյանը

Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ում

Հրդեհներ և այրվող ավտոմեքենաներՀուլիսի 5-ին, ժամը 07.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Սպայկա» ՍՊԸ-ի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 70/18 հասցեում գտվող«Սպայկա» ՍՊԸ-ի 1-ին հարկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.14-ին, մարվել՝ 08.19-ին: Այրվել են ապակյա տարաների փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթներ՝ մոտ 12 խմ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

սերժ սարգսյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

Հուլիսի 5-ն իսկապես պատմական օր է մեզ համար: Այդ օրը մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը: Բայց նաև պարզ էր բոլորի համար, որ հանրաքվեով մեկ օրում ժողովրդավարական, սոցիալական ու իրավական պետություն չեն դառնում: Դա երկար ճանապարհ է և լուրջ գործընթաց:

Մեր երկրի Հիմնական օրենքը կոչված է երաշխավորելու մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Մենք, որպես պետություն և որպես հասարակություն, քայլ առ քայլ կյանքի ենք կոչում այն մեծ նպատակը, որ արտահայտված է մեր Սահմանադրության մեջ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կրկին շնորհավորելով պետական այս կարևոր տոնի առթիվ՝ ցանկանում եմ բոլորիս օր օրի ամրացող պետություն, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության հետևողական երաշխավորում և իրավունքի գերակայության սկզբունքի իրացում հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: