Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեն (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է Ւսպանիայի հետ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչի վկայությունն է նաև 2010թ. Մադրիդում ՀՀ դեսպանության գործունեությունը:
Դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեն վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու և հարաբերություններն առավել սերտացնելու համար:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է Հայաստանի տնտեսության մեջ իսպանական կապիտալի և ընկերությունների ներկայացվածության ընդլայնումը, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում փոխանակումների աշխուժացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Այսօր՝ հունիսի 11-ին, Հայաստանում մեկնարկեց գարնանային զորակոչը: Առաջին նորակոչիկները մեկնեցին համալրելու Հայկական բանակի շարքերը։ Նրանք են Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները որոնց 18 տարին լրացել է մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիները, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:
Գարնանային զորակոչի` ավելի ուշ մեկնարկելը կապված էր դպրոցական ավարտական քննությունների ժամկետների հետ:
Նշենք նաև, որ 2013 թվականի մայիս-հունիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Հունիսի 11-ին հրավիրված Երևանի ավագանու հանդիսավոր նիստում տեղի է ունեցել Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Երևանի քաղաքապետն իր լիազորություններն ստանձնում է ընտրվելուց հետո, օրենքով սահմանված կարգով, երրորդ օրացուցային օրը հրավիրված ավագանու նիստում` Երևանի բնակիչներին տրված երդմամբ:
Նույն օրենքի համաձայն՝ ավագանու նիստը վարել է Երևանի ավագանու ամենատարեց անդամ Աստղիկ Գևորգյանը։ Երդմնակալության արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը, Սահմանադրական դատարանի նախագահը, Երևանի նախկին քաղաքապետներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական և մշակութային գործիչներ։
Երևանի 54-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը երդվել է քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների:
Այնուհետ Երևանի պատվավոր քաղաքացի, Երևանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանը Երևանի քաղաքապետի խորհրդանիշ լանջաշղթան հանձնել է նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Երևանի ավագանու բոլոր անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմին՝ ավագանու և քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի և նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ, համոզվածություն է հայտնել, որ այդ պատասխանատու աշխատանքը նրանք կատարելու են պատվով:
Ընդգծելով, որ Հանրապետական կուսակցությունը վստահել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել իր ցուցակը, Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր երևանցիներին՝ Տարոն Մարգարյանին նույնպիսի վստահությամբ վերաբերվելու համար: Նորընտիր քաղաքապետին երևանցիները վստահեցին, քանի որ, ըստ Հանրապետության Նախագահի, նախորդ երկու տարիների ընթացքում Տարոն Մարգարյանն իրեն դրսևորեց որպես համեստ, ազնիվ, մարդամոտ և Երևանի պրոբլեմներով մտահոգ քաղաքապետ:
«Բոլոր ընտրություններից հետո առնվազն գալիս են պատասխանատվության և տքնաջան աշխատանքի պահերը, և ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Տարոն Մարգարյանը և իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսզի զարգացնեն այն որակները, ինչի մասին ես հիմա ասացի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով մայրաքաղաքի խնդիրներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ չկան անլուծելի և լուծելի խնդիրներ, կան դժվար և աշխատանքով լուծվող խնդիրներ: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ եթե Տարոն Մարգարյանը, իր թիմակիցները, Երևանի ավագանին շարունակեն վայելել երևանցիների վստահությունը, ապա նրանք շատ բան կարող են անել. քաղաքացիների վստահությամբ, իրոք, շատ խնդիրներ կարելի է լուծել: Իբրև օրինակ, Հանրապետության Նախագահը ներկայացրել է քաղաքապետի և ավագանու տքնաջան աշխատանքի շնորհիվ ու երևանցիների օգնությամբ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարյուրավոր բակեր իրենց օրինական տերերին՝ բնակիչներին և առաջին հերթին երեխաներին վերադարձնելը՝ այդպիսով վերստին շահելով երևանցիների վստահությունը: 90-ական թվականների սկզբներին, Սերժ Սարգսյանի խոսքով, այդ բակերում տեղադրված բազմաթիվ ավտոտնակները, բանջարանոցների վերածված կամ այլ նպատակներով օգտագործվող խաղահրապարակներն իրենց բուն նշանակությանը վերադարձնելու հարցում երևանցիները թերահավատ էին՝ մտածելով, որ եթե հանեն իրենց ավտոտնակը, ապա դրա փոխարեն մի պետական պաշտոնյա կամ մի մեծահարուստ իր ավտոտնակը պետք է այդտեղ տեղադրի: Վերջին տարիներին իրականացված աշխատանքները նկատի առնելով՝ Նախագահ Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ ապագա չորս տարիների ընթացքում Երևանում չի լինելու անբարեկարգ բակ, որովհետև գործընթացը շարունակվում է և Երևանի քաղաքապետարանը գնալով ավելացնելու է սեփական միջոցների հավաքագրումը, ավելանալու են պետության կողմից տրվող միջոցներն, ուստի, այդ պարագաներում խնդիրը կարելի է գրեթե լուծված համարել: «Ես ակնկալում եմ, որ գոնե երրորդ տարվա վերջին Տարոն Մարգարյանը կարող է բարձրաձայն ասել, որ Երևանում այլևս անխնամ ու անբարեկարգ բակ չկա: Իհարկե, ես այսօր չեմ պատրաստվում թվարկել Երևանում առկա բոլոր խնդիրները: Ես հավատում եմ, որ Երևանի ավագանին նոր ուժերով կարողանալու է մեր բոլորի կողմից սիրված Երևանը դարձնել ավելի հարմարավետ, ավելի հաճելի, ավելի գեղեցիկ և՛ երևանցիների համար, և՛ իր հյուրերի համար»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և հաջողություն մաղթել նորընտիր քաղաքապետին, Երևանի ավագանու անդամներին և քաղաքապետարանի աշխատակազմին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է Հայկյան մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:
Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝
-Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին
-Լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին
-Լավագույն երիտասարդական գիտական նվաճում (այս անվանակարգում մրցույթն իրականացվում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հետ համատեղ, և հայտերն ընդունվում են ըստ ՊԳՖԱ ֆեյսբուքյան էջում www.facebook.com/science.and.finance ներկայացված պահանջների և ընթացակարգի):
-Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ
-Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց
-Ինքնատիպ երիտասարդական նախագիծ
-Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ
-Լավագույն երիտասարդական հաղորդում
-Լավագույն միջբուհական ծրագիր
-Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում
– Լավագույն երիտասարդական ՀԿ մարզում
-Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր
Հայկյան մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն:
Հայկյան մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտը և հավաստագիրը (կարող եք բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից` www.heh.am) պետք է ներկայացվեն 2013 թվականի հունիսի 1-ից սկսած յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-17.30 (ընդմիջում՝ 13.00-14.00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 567922: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2013-ի նոյեմբերի 30-ն է։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի ավագանու հատուկ նիստում Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը:
Նախագահը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի ավագանու բոլոր անդամներին, քաղաքապետարանի աշխատակազմին՝ ավագանու և քաղաքապետի ընտրությունների բարեհաջող ավարտի և նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ, համոզվածություն հայտնել, որ այդ պատասխանատու աշխատանքը նրանք կատարելու են պատվով:
Ընդգծելով, որ Հանրապետական կուսակցությունը վստահել է Տարոն Մարգարյանին՝ Երևանի ավագանու ընտրություններում գլխավորել իր ցուցակը, Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր երևանցիներին՝ Տարոն Մարգարյանին նույնպիսի վստահությամբ վերաբերվելու համար: Նորընտիր քաղաքապետին երևանցիները վստահեցին, քանի որ, ըստ Հանրապետության Նախագահի, նախորդ երկու տարիների ընթացքում Տարոն Մարգարյանն իրեն դրսևորեց որպես համեստ, ազնիվ, մարդամոտ և Երևանի պրոբլեմներով մտահոգ քաղաքապետ:
«Բոլոր ընտրություններից հետո առնվազն գալիս են պատասխանատվության և տքնաջան աշխատանքի պահերը, և ես համոզված եմ, որ հիմա ճիշտ ժամանակն է, որպեսզի Տարոն Մարգարյանը և իր թիմակիցներն ավելացնեն իրենց եռանդը, ջանքերը, որպեսզի զարգացնեն այն որակները, ինչի մասին ես հիմա ասացի»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Անդրադառնալով մայրաքաղաքի խնդիրներին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ չկան անլուծելի և լուծելի խնդիրներ, կան դժվար և աշխատանքով լուծվող խնդիրներ: Նախագահը համոզվածություն է հայտնել, որ եթե Տարոն Մարգարյանը, իր թիմակիցները, Երևանի ավագանին շարունակեն վայելել երևանցիների վստահությունը, ապա նրանք շատ բան կարող են անել. քաղաքացիների վստահությամբ, իրոք, շատ խնդիրներ կարելի է լուծել: Իբրև օրինակ, Հանրապետության Նախագահը ներկայացրել է քաղաքապետի և ավագանու տքնաջան աշխատանքի շնորհիվ ու երևանցիների օգնությամբ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի հարյուրավոր բակեր իրենց օրինական տերերին՝ բնակիչներին և առաջին հերթին երեխաներին վերադարձնելը՝ այդպիսով վերստին շահելով երևանցիների վստահությունը: 90-ական թվականների սկզբներին, Սերժ Սարգսյանի խոսքով, այդ բակերում տեղադրված բազմաթիվ ավտոտնակները, բանջարանոցների վերածված կամ այլ նպատակներով օգտագործվող խաղահրապարակներն իրենց բուն նշանակությանը վերադարձնելու հարցում երևանցիները թերահավատ էին՝ մտածելով, որ եթե հանեն իրենց ավտոտնակը, ապա դրա փոխարեն մի պետական պաշտոնյա կամ մի մեծահարուստ իր ավտոտնակը պետք է այդտեղ տեղադրի: Վերջին տարիներին իրականացված աշխատանքները նկատի առնելով՝ Նախագահ Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, ապագա չորս տարիների ընթացքում Երևանում չի լինելու անբարեկարգ բակ, որովհետև գործընթացը շարունակվում է՝ գնալով Երևանի քաղաքապետարանն ավելացնելու է սեփական միջոցների հավաքագրումը, պետության կողմից տրվող միջոցներն ավելանալու են, ուստի, այդ պարագաներում խնդիրը կարելի է գրեթե լուծված համարել: «Ես ակնկալում եմ, որ գոնե երրորդ տարվա վերջին Տարոն Մարգարյանը կարող է բարձրաձայն ասել, որ Երևանում այլևս անխնամ ու անբարեկարգ բակ չկա: Իհարկե, ես այսօր չեմ պատրաստվում թվարկել Երևանում առկա բոլոր խնդիրները: Ես հավատում եմ, որ Երևանի ավագանին նոր ուժերով կարողանալու է մեր բոլորի կողմից սիրված Երևանը դարձնել ավելի հարմարավետ, ավելի հաճելի, ավելի գեղեցիկ և՛ երևանցիների համար, և՛ իր հյուրերի համար»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և հաջողություն մաղթել նորընտիր քաղաքապետին, Երևանի ավագանու անդամներին և քաղաքապետարանի աշխատակազմին:
Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու նախագծի քննարկման ժամանակ արտահերթ կարգով ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա իր զարմանքն արտահայտեց այն պատգամավորների նկատմամբ, ովքեր տնտեսությունից լավ տեղյակ լինելով՝ քննադատում են նախագիծը. «Այնպիսի տպավորություն է, որ Հայաստոնւմ ներդրումներ անելու համար հերթ է, և մենք պետք է որոշենք, թե ում տանք այդ արտոնությունը»,-ասաց նա:
Նրա կարծիքով, եթե կառավարությունը բերում է մի նախագիծ և իր վրա պարտավորություն վերցնում, որ այն մեր պետությանը, մեր երկրի համար լավ նախագիծ է, ապա Ազգային ժողովը պարտավոր է քննարկել և տալ համաձայնություն:
Միաժամանակ խորհրդարանի ղեկավարը համամիտ է ընդդիմադիրների բարձրացրած հարցի հետ՝ ծրագրի բացակայության առումով: «Եթե բերելու են շինարարական ապրանքներ, ո՞վ է վերահսկելու, թե ինչքան են բերելու, ինչ են անելու, միգուցե վերավաճառելու են: Ես էլ եմ այդ հարցը կարևորում: Ինչպե՞ս է այդ ամենը վերահսկվելու»:
Նա նաև հայտնեց, որ իր այդ հարցադրմանը պատասխանել են, որ պետեկամուտների կոմիտեն խիստ վերահսկողություն է սահմանելու այդ բոլոր գործընթացների վրա:
Հովիկ Աբրահամյանը կարևորում է այս ներդրումային ծրագիրը Հայաստանի համար նաև այն պատճառով, որ Հայաստանը ներդրումների համար համարվում է ռիսկային գոտի, և ներդրումները պակասում են. «Հիմա այդսքան գումար են ներդնում, եթե դա իհարկե իրական է, իսկ մենք քննադատում ենք»:
Հովիկ Աբրահամյանը, առիթից օգտվելով, նաև կոչ արեց պատգամավորներին, որ եթե նրանք ունեն ծանոթներ, որոնք պատրաստ են Հայաստանում ներդրումներ կատարել, ապա նախաձեռնեն դա՝ իհարկե նշելով, որ այդ դեպքում էլ արտոնություններ կլինեն: «Տասը միլիոն դոլլարի ներդրում անողին վարչապետն իջնում է վերևից, դիմավորում, սիրաշահում է, որ դա իրականանա»,-նկատում է Հովիկ Աբրահամյանը,-երբ որ Աստծո կամոք մեր մոտ ներդրումներ անողների հերթ կլինի, կնստենք, կքննարկենք՝ տանք արտոնություն, թե չտանք: Բայց հիմա չկա նման բան: Այս ժամանակաշրջանում մենք պետք է նման հարկային արտոնություններ տրամադրենք»,-ամփոփեց նա:
Դիլիջան միջազգային դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանդես եկան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ու Զարուհի Փոստանջյանը: «Նման օրինագիծ ընդունելըը նշանակում է, որ մենք մեր պետության, հասարակության շահերին դեմ ենք գնում»,-նման կոշտ հայտարարություն արեց Զարուհի Փոստանջյանը:
Նա շեշտեց նախագծում ծրագրի և ժամանակացույցի բացակայության հարցերը: Նաև հարցրեց, թե արդյոք այն անհատները, որոնք աջակցում են ծրագրին այսօր, վաղը կլինեն:
Պատգամավորը հիշեցրեց, որ իրենք բազմիցս կառավարության հետ բանակցել ենք, որպեսզի արտոնություններ տրվեն սահմանամերձ գյուղերին, բայց մերժում են ստացել՝ պատճառաբանությամբ, թե բոլորը պետք է հավասար լինեն:
«Սա ավանտյուրա է, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը»,-իրեն բնորոշ ոճով հայտարարեց Փոստանջյանը:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր ելույթում ասաց, որ ներդրումները ողջունելի են, և անձամբ ինքը ճանաչում և վստահում է Ռուբեն Վարդանյանին, որը վայելում է ռուսական ինտելեկտուալ բիզնես շրջանի հարգանքը, բանկային համակարգի լավագույն ինտելեկտուակներից է. «Նպատակը բարի է, գրավիչ, ընդունված է աշխարհում և այն մեր պետության վարկանիշը կբարձրացնի, բայց այլ հարց է, թե ինչքանո՞վ է հնարավոր այդ նպատակն իրականացնել հայաստանյան իրականության պայմաններում: Մեր երկրում կա՞ն մեխանիզմներ դրանք իրականացնելու: Այդտեղ է մեր մտահոգությունը, որը մեր տառապանքի փորձից է գալիս»:
Ինչ վերաբերում է այն մտքին, թե քննադատությունները կարող են բացասաբար անդրադառնալ գաղափարի իրականացման վրա, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Համաշխարհային պրակտկայում նման բան չկա, որ եթե մենք ծրագիր պահանջենք, նախաձեռնողը խրտնի, թողնի գնա, ընդհակառակը, պետք է ամեն ինչ հստակ լինի»:
Նա նաև առաջարկեց, որպեսզի նման արտոնությունների մի մասը տեղափոխվի կրթության ոլորտ, և այդ ոլորտում առկա խնդիրների մի մասը գոնե լուծվի: «Կողմ լինելով գաղափարին, նպատակին և ընդունելով այդ անհատի հեղինակությունը, հայրենասիրությունն ու և բիզնես ոլորտում ունեցած ներդրումները՝ այնուամենայնիվ այս ծրագիրը համոզիչ չի, և մենք պետք է դեմ քվեարկենք»:
Դեմ քվերակելով հանդերձ՝ «Ժառանգությունը» կառաջարկի, որպեսզի երկրորդ ընթերցման ժամանակ կառավարությունը ներկայացնի ծրագիր և հիմնավորումներ, որից հետո միգուցե նրանց դիրքորոշումն էլ փոխվի:
Առավոտյան ժամը 6-ին` նույն ժամին, երբ զինվորների վերկացն է, լրագրողներով լեցուն մեքենաները շարժվում են դեպի Տավուշի մարզ` մեկ օր մասնակից լինելու հայրենիքի պաշտպանի ծառայությանը: Նշանակետ զորամասը պատահական չի ընտրված. բանակային վերջին` մահվան ելքով միջադեպը այստեղ է գրանցվել: Բացի այդ, այն նաև Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների խաչմերուկում է գտնվում:
Շուտով ասֆալտապատ հարթ ճանապարհն ավարտվում է ու մեքենան սկսում է խորդուբորդ, հակառակորդի աչքից թաքցրած գետնափոր ճանապարհով ընթանալ:
Չորս ժամ տևած ուղևորությունից հետո մեքենաները կանգ են առնում զորամասում. Խնամված, մաքուր բակ, չորս կողմը ծաղկած վարդեր ու իրենց ծառայությունն անցկացնող երիտասարդներ:
Ճիշտը բանակ գնալն է
Ներս ենք մտնում այն պահին, երբ զորամասի դրոշի մոտ ժամապահի հերթափոխ է կատարվում: Զորամասը նույնպես մաքուր է, կահավորանքը` նոր. զգացվում է` ամեն ինչ արված է, որ զինվորի համար հարմարավետ լինի:
Դասասենյակում մի խումբ զինծառայողներ ուսումնասիրում են միջազգային մարդասիրական իրավունքը: Բոլորի առջև դասախոսությունների տետր է դրված:
Միջազգային մարդասիրական իրավունք ուսումնասիրող զինվորներից մեկն էլ Կարո Գալստյանն է: Նա արդեն մի տարվա ծառայության փորձ ունի: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է: Ասում է, որ երբ զորացրվի, կշարունակի իր ուսումը:
Այն հարցին, թե ինչպես է անցնում ծառայությունը, պատասխանում է` ամբողջ օրը դասերով: Հավատացնում է, որ ազատ ժամանակ շատ չեն ունենում, հազիվ հասցնում են իրենց կարգի բերել ու մի քիչ էլ հանգստանալ: «Ճիշտը բանակ գալն է»,- ասում է նա` հավելելով, որ իր կրտսեր եղբայրն էլ երկու տարուց բանակ կզորակոչվի:
Հետախույզ. «Ադրբեջանցիներն իրար հետ լեզու չեն գտնում, ուր մնաց մեզ հետ»
Հաջորդը շարահրապարակն է: Այստեղ հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորները պարապմունք են անցկացնում: Դիմակավորված զինվորներից մեկն Արտավազդ Սիմոնյանն է: Էջմիածինցի երիտասարդի ծառայությանը վեց ամիս է մնացել: Նա ընտանիքի կրտսերն է, իրենից մեծ երեք քույր ունի: Արտավազդը ոսկերիչ է, մինչ բանակ գալը հասցրել է իր մասնագիտությունը լրիվ յուրացնել, անգամ իր պատրաստած զարդերից նվիրել ուսուցիչներին: Ժամանակին նաև բռնցքամարտով է զբաղվել: Հենց ֆիզիկական հատուկ տվյալների շնորհիվ էլ ընդգրկվել է հետախույզների վաշտում: Վաշտը նկարագրելիս ասում է, որ բոլորը համախմբված են, իսկական ընտանիքի պես:
Արտավազդը պատմում է, որ մարտական դիրքեր բարձրացել է մեկ տարի առաջ, երբ հակառակորդը սահմանը խախտելու փորձ էր արել: Սակայն իր հերթապահությունները միշտ խաղաղ են անցել, առանց կրակոցների: Այն հարցին, թե ինչ գիտի ադրբեջանցիների մասին, ժպիտով պատասխանում է, որ շատ բան գիտի, բայց գաղտնիք է. «Միակ բանը, որ կարող եմ ասել, նրանք իրար հետ չեն կարող լեզու գտնել, ուր մնաց մեզ հետ»:
Պատմում է, որ բանակն ունի թե դրական, թե բացասական կողմեր: Լավն այն է, որ այստեղ մտածելակերպն է փոխվում դրական առումով, վատն այն է, որ ընտանիքից հեռու է. «Երբեմն հուսահատվում ես դրսի հետ կապված մտքերից, կարոտում ես, ընտանիքիդ հետ չես կարող լինել, օգնելու բան է լինում` չես կարողանում անել»:
Այդուհանդերձ Արտավազդը վստահեցնում է` ուրախ է, որ եկել է ծառայության. «Ծառայությունը տղայի համար է: Այնպես որ բոլորին խորհուրդ կտամ իրենց պարտքը կատարել և ծառայել»:
Սպանության մանրամասները` ըստ հրամանատարի
Հրետանավորների պարապմունքներին ու մեքենավարների աշխատանքին հետևելուց հետո շտապում ենք դեպքի վայր` ծխարան, որտեղ և կատարվել է ողբերգական պատահարը:
Գնդի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը ներկայացնում է կատարվածն առանց մանրամասների` պայմանավորված նախաքննության գաղտնիությամբ:
Նրա խոսքով`մի քանի զինվորներ ծխարանում նստած կարդալիս են եղել պահակային ծառայության կանոնագիրքը: Մուտքի դռան մոտից ժամապահը` Դավիթ Խաչատրյանը, ժամ է հարցրել, սակայն ժամացույց չեն ունեցել, որ պատասխանեն: Դրանից էլ սկվել է կրակողի և սպանվածի միջև խոսակցությունը:
«Ծխարանում չորս մարդ է նստած եղել` վիրավորը, մահացողը և երկու հանգտստացող զինվոր: Նախնական տվյալներով` մեկ գնդակ է արձակվել մոտավորապես 25-30 մետր հեռավորությունից, առաջինը դիպել է վիրավորին, հետո դիպել է պատին ու մահացու խոցել Լյուքս Ստեփանյանին: Կրակել է ոչ թե կրծքին դրված դիրքից, այլ երբ իջեցրել է, գոտկատեղի մոտից»,- ասում է Ասատրյանը` հավելելով, որ երեքն էլ լավ ծառայողներ են եղել, միմյանց հետ երբևէ կոնֆլիկտ չեն ունեցել:
Դեպքի պահին պահակապետը շրջելիս է եղել`պահակակետերը ստուգելիս:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասում է, որ զորամասը ԶՈւ լավագույններից է, պարզապես պետք է լուրջ ուշադրություն դարձնել միջանձնային հարաբերություններին, հայրենիքի պաշտպանի ձևավորման գործընթացում ամեն օղակ իր մասնակցությունը պետք է ունենա:
«Այնտեղ, որտեղ շատ տղամարդիկ կան, վեճերը և կոնֆլիկտներն անխուսափելի են, պարզապես պետք է այնպիսի հատկանիշներ ձևավորենք, որ կարողանան ելքը խոսքով գտնել: Մենք բոլորս էլ այդ ճանապարհով անցել ենք, բայց երբ բավականին պատկառելի հասակում ես գտնվում, նոր ես հասկանում, որ վեճերը պետք է լուծել փոխադարձ հասկացողության և հանդուրժողականության մթնոլորտում»,- ասում է Օհանյանը:
«Փամփուշտը, որ քոնն է, չի վզզում, այն անձայն իր անբավարար գնահատականն է նշանակում քո պատրաստությանը»
Հաջորդը զորավարժությունն է բաց դաշտում: Սցենարը հետևյալն է. հրետանային կրակային նախապատրաստությունից հետո հակառակորդը տանկով անցնում է հարձակման: Ճանապարհի կենտրոնում դիրքավորված զինվորը կրակի դեմ հիմնական պայքարողն է, որ նռնակի միջոցով կարողանում է շարքից հանել հակառակորդի զրահատեխնիկան, ապա ոչնչացնել հետևից հարձակվող հակառակորդին:
Օհանյանն ասում է, որ գործնական պարապմունքները հոգեբանական պատրաստվածության ուղղվածություն ունեն: Զորային հրաձգարաններում, շուտով նաև զորամիավորումներում մեծ շինություններ են լինելու, որտեղ հոգեբանական գործնական պատրաստության պարապմունքներ են անցկացվելու:
«Երբ հակառակորդը կրակում է, ու գնդակը գլխավերևում վզզում է, գլուխներս միշտ ցածրացնում ենք, որովհետև հոգեբանորեն պատրաստ չենք: Իսկ պատերազմի ժամանակ զինվորներն ուշադրություն չեն դարձնում դրան, քանի որ պատերազմական գործողությունները հոգեբանորեն վարժեցնում են ցանկացած իրավիճակում պատրաստ լինել առաջացած խնդիրներն իրականացնելուն: Պատերազմի ժամանակ, երբ զինվորի գլխավերևով է գնդակը վզզում, ոչ մի զինվոր գլուխը չի իջեցնում, քանի որ գիտի` փամփուշտը, որ քոնն է, չի վզզում, այն անձայն իր անբավարար գնահատականն է նշանակում քո պատրաստությանը»:
Այցելում ենք նաև մարտական դիրքեր. թշնամին մոտ 300 մետր հեռավորության վրա է:
Անցած տարի ադրբեջանցիներն այստեղ դիվերսիոն գործողություն են իրականացրել` փորձելով խախտել սահմանը: Բայց ապարդյուն: Հայ զինվորները հակառակորդին հետ են մղել, ապա նաև պատասխան գործողություն հասցրել: Անցած տարվա փորձը հաշվի առնելով` դիրքը կահավորվել է դիվերսիոն հետախուզական միջոցների դեմ պայքարի միջոցներով, խուսանավման , հակառակորդին խաբելու և պաշտպանվելու պայմաններ են ստեղծվել:
Նշենք, որ ամեն օր հայկական զինված ուժերի մեկ երրորդը զենքի հետ գործ ունի. կեսը մարտական հերթապահություն է իրականացնում, մյուս կեսը` պարապմունքներ` պատրաստվելով հերթապահությանը:
Վերադառնում ենք Երևան, ուր սահմանային անցուդարձը հեռավոր երազ է թվում. այստեղ, շնորհիվ սահմանին կանգնած հայ զինվորի, վայելում ենք թվացյալ խաղաղությունը, երբեմն էլ անգամ մոռանում գնահատել մեր խաղաղ կյանքի երաշխավորի վաստակը:
Խորհրդարանում այսօր շարունակվում է երեկ մեկնարկած Դիլիջան միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծի քննարկումը: Առաջինը ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը և հայտարարեց, որ դեմ է նախագծին: «Մարդիկ մեզնից փող են ուզում, չեն էլ ասում, ինչի համար: Ո՞վ է տեսել նման բան: Ոչ մի ծրագիր չունեն: Չնայած եթե ծրագիր էլ բերած էլ լինեին, ես դեմ էի լինելու, բայց գոնե կասեի՝ խորհրդարանը իրավունք ունի օրենք ընդունելու: Էսքան ասում ենք՝ օլիգարխ-օլիգարխ, բայց Հայաստանում դեռ ոչ մի օլիգարխ էսքան փող չի ուզել պետությունից»:
Բացի ծրագրի բացակայությունից, Բագրատյանն այս ծրագրին այլ պատճառներով էլ է դեմ. «Թող մեր բերանի ջրերը չվազեն, տեսել ենք էլի էդ միջազգային դպրոցները, էդ միջազգային դասախոսներին»:
Պատգամավորը գտնում է, որ պետությունն արդեն իսկ մեծ զիջում է արել դպրոցի ծրագրի հեղինակներին՝ Լեզվի մասին օրենքի հարցում: «Բա մենք թույլ տանք, որ Ազգային ժողովն էսքան իջին՞, պետական մարմինն էսքան իջինի՞: Ով ուզում է լինի էս ամեն ինչի հետևում կանգնած»:
Բագրատյանն ասաց, որ եթե իրեն տրվեն այդ արտոնությունները, ապա ինքն աշխարհի լավագույն քոլեջները Հայաստան կբերի: Ի դեպ, իր ելույթի ժամանակ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, արձագանքելով Բարգատյանի հայտարարությանը, ասաց. «Եթե կարող եք, բերեք, չեմ կարծում, որ որևէ մեկը չողջունի»:
Բագրատյանը դեմ է նաև Դիլիջանի միջազգային դպրոցին Ավելացված արժեքի հարկի մասով արտոնություն տալուն, քանի որ, ըստ նրա, դա մի շարք խնդիրներ կարող է առաջ բերել հարկային մարմնի համար. «Ընդհանրապես, եթե արտոնություն են տալիս, խուսափում են ավելացված արժեքի հարկի մասով տալուց: Հարկային տեսչությունից էստեղ պետք է նստած լինեին և հարցնեին, թե պատկերացնո՞ւմ եք ինչ եք առաջարկում»:
Մի խոսքով, Բագրատյանը կտրականապես դեմ է նման արտոնություն տալուն և կոչ է անում չքվեարկել այդ օրինագծի օգտնին. «Մենք հո տիեզերքի անվերջության հետ գործ չունե՞նք, անվերջ արտոնություններ ենք տալիս: Էսպես չի կարելի»,-ամփոփեց նա:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է բանկի` «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ Կ.Գյուլնազարյանի կողմից յուրացում, վաշխառություն կատարելու և փաստաթղթեր կեղծելու փաստերի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Կ.Գյուլնազարյանը 2007թ. մայիսին Ա.Մովսեսյանի հետ գործարք է կատարել` վերջինիս համար ծայրահեղ ոչ ձեռնտու պայմաններով, որի արդյունքում Ա.Մովսեսյանն ընկել է նյութական ծանր վիճակի մեջ, իսկ Կ.Գյուլազարյանը` օգտվել այդ գործարքից:
Մասնավորապես` Կ.Գյուլնազարյանն Ա.Մովսեսյանին առաջարկել է իրեն ունեցած 2500 ԱՄՆ դոլար պարտքը մարելու համար իր բարեկամուհուց տոկոսով գումար վերցնել: 2002թ. հոկտեմբերին Ա.Մովսեսյանը, Կ.Գյուլնազարյանի միջնորդությամբ, վերջինիս բարեկամուհուց պարտքով վերցրել է 3000 ԱՄՆ դոլար գումար` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող` ամսական 5 տոկոսով:
Որպես գումարն ու տոկոսները վերադարձնելու երաշխիք` Ա.Մովսեսյանի հայրը սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը առուվաճառքի պայմանագրով ձևականորեն վաճառել է Կ.Գյուլնազարյանի բարեկամուհուն:
2006թ. Կ.Գյուլնազարյանի բարեկամուհին մահացել է, որից հետո վաճառված բնակարանը ժառանգությամբ ընդունել են վերջինիս զավակները:
2007թ. մայիսին Կ.Գյուլնազարյանը, իմանալով, որ Ա.Մովսեսյանը դեռևս 2002թ. վերցրած պարտքից 1000 ԱՄՆ դոլարն ու դրա տոկոսագումարներ` ընդհանուր 2000 ԱՄՆ դոլար, ի վիճակի չէ վերադարձնել մահացած բարեկամուհու որդուն, Ա.Մովսեսյանին առաջարկել է բնակարանը վաճառքի պայմանագրով անվանափոխել իր մորաքրոջ աղջկա անունով, որի դիմաց պարտավորվել է վճարել նրա պարտք-գումարը և տոկոսագումարները:
2007թ. սկզբին Կ.Գյուլնազարյանը 25 652 861 դրամ արժողությամբ բնակարանը 2000 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց ձևականորեն վաճառել է իր մորաքրոջ աղջկան` դրանով հնարավորություն ստեղծելով նշված գույքը ցանկացած պահի իր հայեցողությամբ տնօրինելու: Գործարքը ձևակերպվել է 20 մլն. դրամով:
Արդյունքում` Կ.Գյուլնազարյանը, օգտվելով Ա.Մովսեսյանի համար ոչ ձեռնտու պայմաններում կնքված գործարքի արդյունքում բնակարանն իր տնօրինության տակ գտնվելու հանգամանքից, 2009թ. մայիսի 15-ին իր մորաքրոջ աղջկա միջոցով, առանց Ա.Մովսեսյանին տեղյակ պահելու, բնակարանը գրավադրել է բանկում: Սակայն վարկային իր պարտավորությունները չկատարելու արդյունքում նշված բնակարանը 2012թ. օգոտոս ամսին անցել է բանկին` որպես սեփականություն, իսկ Մովսեսյանները զրկվել են իրենց բնակարանից:
Բացի այդ, Կ.Գյուլնազարյանը, ով 2003թ. հունիսից հանդիսացել է բանկերից մեկի «Մալաթիա» մասնաճյուղի կառավարիչ, նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` թվով 10 ավանդատուների` որպես ավանդ ներդրված գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2010թ. փետրվարից մինչև 2010թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ժամկետից շուտ ավանդի գումարները հետ վերադարձնելու վերաբերյալ դիմումներում կեղծելով ավանդատուների ստորագրությունները, դրամարկղից ստացել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 110 422 665 դրամին համարժեք 300 863 ԱՄՆ դոլար և 952 485 ՀՀ դրամ` բանկին պատճառելով ընդհանուր 111 127 116 դրամի գույքային վնաս:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ.Գյուլնազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Այսօր ՀՀ 30 քննակենտրոններում 6951 դիմորդներ միասնական քննություն են անձնում «Մաթեմատիկա» առարկայից:
Երևանի ԵՊԲՀ քննակենտրոնում 198 դիմորդներից քննությանը ներկայացել էին 186-ը: Քննության մեկնարկից վայրկյաններ առաջ քննասենյակ հասցրեց մտնել վերջին դիմորդը` Մայիս Ղազարյանը, ով պատճառաբանեց, թե զարթուցիչի ժամն է սխալ դրել, այդ պատճառով էլ ուշացել է:
Քննակենտրոնի ղեկավար Անահիտ Մելքոնյանը մի քանի անգամ ուսանողներին բարձրախոսով ներկայացրեց քննության կարգը և ձևաթուղթը լրացնելու կանոնները, ինչպես նաև կոչ արեց հանձնել բջջային հեռախոսները, եթե հանկարծ մոռացել ու հետները ներս են բերել: 9:40 քննության մեկնարկը տրվեց:
Դիմորդները 3 ժամ ունեն 80 հարցերին պատասխանելու համար, այսինքն մեկ մարցին միջինը պետք է 2 րոպե հատկացնեն: Թեստերը կազմված են շտարամանային առաջադրանքներից:
Մարիաննա Ասատրյանը Սլավոնական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դիմորդ է, մեկ տարի կրկնուսույցի մոտ է պարապել: Ասում է, որ շտերամանային առաջադրանքները տարբեր բարդության են` պարզից մինչև շատ բարդ, ուստի թեստի բարդությունը կախված կլինի նրանից,թե որ հարցերն առավել շատ ընդգրկված կլինեն: Մարիաննան նշում է, որ ինքը մի փոքր դանդաղ է առաջադրանքները լուծում ու չգիտի, թե ինչպես է անելու, որ հասցնի ողջ թեստը լրացնել:
Լիանա Անտոնյանն էլ Տնտեսագիտական համալսարանի դիմորդ է, երկու տարի կրկնուսույցի մոտ է պարապել: Ասում է, որ շտեմարանը փորձել է յուրացնել, ոչ թե անգիր անել և հույս ունի, որ լավ կգրի:
Քննության մեկնարկից հետո քննակենտրոնի անցուդարձին ծնողները հետևում են քննակենտրոնի բակում դրված մեծ էկրանի միջոցով` դահլիճում 4 տեսախցիկ է տեղադրված:
Էկրանի մոտ խմբված ծնողներից յուրաքանչյուրը փորձում է իր երեխային գտնել, իսկ երբ չի կարողանում, հայտարարում է, թե հաջորդ քննությանը վառ գույնի զգեստ պետք է երեխան հագնի, որ հեշտ լինի գտնելը:
Տիկին Աննան իր աղջկան էկրանի վրա գտնելով հանգստանում է: Սա ապագա տնտեսագետի երկորդ քննությունն է: Հայոց լեզվի քննությունից 12 է ստացել, բայց դժգոհ չեն` աղջիկը նախորդ քննությունից առաջ գիշերը չէր քնել, քննության ժամանակ էլ չի կարողացել կենտրոնանալ իր գրավորի վրա: Տիկին Աննան հույս ունի, որ այս անգամ պատմությունը չի կրկնվի և աղջիկը լավ կգրի:
Տիկին Մարիամի աղջիկն այսօր ևս երկրորդ քննությունն է հանձնում: Նա պահանջում էր, որ մի քանի ծնողների թույլ տան հետևել քննության ընթացին ներսից, ինչը քննակենտրոնի ղեկավարը մերժեց: Տիկին Մարիամն ասում է, որ իր դուստրը հայոց լեզվի քննությունը ևս ԵՊԲՀ քննակենտրոնում է հանձնել ու այն ժամանակ քննության վերջին ժամվա ընթացքում էկրանի վրա հստակ եսել են, թե ինչպես են որոշ դիմորդների օգնում. «Իրար խառնվեցինք, մտքովս չանցավ, որ նկարեմ տեսածս: Փորձ չունեինք»: Նա մտավախություն ունի, որ այս անգամ էլ նույնը կկրկնվի: Ուստի էկրանին չէր մոտենում` սպասելով, մինչև քննության կեսը անցնի, որպեսզի այս անգամ հեռախոսի տեսախցիկը միացրած հետևի քննությանը:
Լիբանանահայ արվեստաբան, Բեյրութի «Նոյյան տապան» ցուցասրահի հիմնադիր Մովսես Հերկելյանը, որ արդեն 28 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսների ներկայացրել է հայկական կերպարվեստը, վստահաբար հայտարարում է. «Այսօր աշխարհում հայ կերպարվեստը կարող է լինել մրցունակ, եթե այն ներկայացնենք ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում և ճիշտ ձևով»:
Հերկելյանը մարտ և ապրիլ ամիսներին կայացած վերջին երկու խոշոր ցուցահանդեսներում՝ Մոնակոյում և Նյու Յորքում, դարձյալ ներկայացրել է մի շարք ժամանակակից հայ նկարիչների աշխատանքներ: Ասում է, որ հաջողություն են ունեցել: «Հատկապես Նյու Յորքում հայ գեղանկարիչների ստեղծագործությունները շատ բարձր գնահատվեցին, և եթե Հայաստանից այլ ցուցասրահներ էլ մասնակցեին, ապա հաջողություն կունենային»:
Նյու Յորքի ցուցահանդեսում, որին Հերկելյանն իր «Նոյյան տապան» ցուցասրահով մասնակցում էր յոթերորդ անգամ, ներկայացված են եղել համաշխարհային դասական և ժամանակակից հայտնի նկարիչների գործեր՝ Շագալ, Պիկասո, Մոդիլիանի և ուրիշներ: Ընդհանրապես գալերիստներն այդ ցուցահանդեսների ժամանակ ամենաթանկ կտավներն են վաճառում:
Մոնակոյի ցուցահանդեսին արվեստաբանը մասնակցել է հինգերորդ անգամ՝ ներկայացնելով հայ նկարիչներ Գևորգ Եղիազարյանի, Վահրամ Դավթյանի, Սուրեն Ոսկանյանի, Ռուբեն Աբովյանի, Յուրոզի և այլ նկարիչների գործեր: Մոնակոյում Հայաստանից մասնակցել է նաև «Բարձր արվեստ» ցուցասրահը, որն անցած տարի Մոնակոյի ցուցահանդեսում ներկայացրել էր նաև Երվանդ Քոչարի նորահայտ տարածական ստեղծագործություններից մեկը: Այն արժանացել էր գլխավոր մրցանակին «Ամենայուրօրինակ ստեղծագործություն» անվանակարգում և դարձել ցուցահանդեսի խորհրդանիշը:
Հերկելյանը հետաքրքիր դրվագներ է պատմում Մոնակոյի ցուցահանդեսից. ֆրանսիացի հայտնի բալետի պարուհի Պրիդելլը, որը ցուցահանդեսի ընթացքում ելույթներ էր ունենում (երբեմն՝ բոլորովին մերկ), այցելել է «Նոյյան տապան» ցուցասրահի տաղավար և կտավներից ներշնչված՝ պարել հենց տաղավարում:
«Նոյյան տապան» տաղավար են այցելել նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի հայրը՝ Փալ Սարկոզին, որը նկարիչ է՝ մոդեռն ոճի քանդակների և կտավների հեղինակ: Հերկելյանն ասում է, որ ցուցահանդեսում հարյուրավոր տաղավարներ կան, և հնարավոր չէ բոլորն այցելել. հյուրին տաղավարը պետք է ինչ- որ բանով գրավի:
Նկատելով «Նոյյան տապան» տաղավարի ցուցանակին գրված «Արմենիա» բառը՝ այցելել է նաև Պարսկաստանի նախկին թագուհի Ֆարահ Դիբա Փահլավին: Հերկելյանը պատմում է, որ թագուհին զրուցել է իր տիկնոջ՝ Էլոյի հետ, ասել, որ մեծ հարգանք ունի հայոց պատմության ու մշակույթի հանդեպ: Միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև, որոնք հետևում էին թագուհուն ողջ ընթացքում, մաքուր հայերենով ասել է. «Ես սիրում եմ հայերին»: «Երբ տիկինս ասաց, որ շատ լավ հայերեն է խոսում, թագուհին պատասխանեց, որ իր ամուսինը՝ շահ Ռեզա Փահլավին, շատ ավելի լավ է իմացել և իր հայ մտերիմների հետ հայերեն է խոսել»,- պատմում է Հերկելյանը:
Արվեստաբանը միջազգային խոշոր ցուցահանդեսներին մասնակցելը կարևորում է նաև նմանատիպ հանդիպումների, շփումների առումով և ևս մեկ անգամ հայտարարում, որ հայկական կերպարվեստը դրսում ըստ արժանվույն ներկայացնելու համար հայ գալերիստներն ու Հայաստանի իշխանությունները պետք է լրջորեն մտածեն և համապատասխան քայլեր ձեռնարկեն:
Հիշեցնենք, որ Մովսես Հերկելյանն առաջարկում է Սփյուռքի և Հայաստանի ազդեցիկ հայերի ուժերի համախմբման միջոցով վերամշակել հայկական մշակութային քաղաքականությունը, որի նպատակով հանդիպումներ է ունեցել վարչապետի, Հանրային խորհրդի նախագահի, մշակույթի և սփյուռքի նախարարների և այլ անձանց հետ: Վերջերս Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովում քննարկվել էր նրա նախաձեռնությունը:
Հերկելյանն ասում է, որ քննարկումն իր նպատակին ծառայեց, սակայն գերազանց կլիներ, եթե չլինեին շեղումներ: «Ոմանք կա՛մ քննադատում էին մշակույթի նախարարին, կա՛մ գովաբանում, ինչը երկու պարագայում էլ նյութից շեղում էր,-ասում է արվեստաբանը,- իսկ մեր նպատակը քննադատելը կամ գովաբանելը չէ, այլ գործնական քայլեր կատարելը: Չնայած ես եկել եմ դրսից և Հայաստանի ներքին մշակութային կյանքին քաջածանոթ չեմ, սակայն ունեմ միջազգային փորձառություն և դրանից ելնելով՝ կարծում եմ, որ մենք թե՛ քանակապես, թե՛ որակապես ունենք բարձր արվեստ, սակայն դրան համապատասխան շուկա և գնահատանք չունենք»:
Մինչդեռ նա նկատում է, որ շատ այլ երկրներ, մեզանից բավականին թույլ մշակութային մակարդակ ունենալով, կարողանում են իրենց մշակույթը ճիշտ ներկայացնել և դրանից օգտվել տնտեսապես, քաղաքականապես և բարոյապես:
Նշենք, որ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ մշակույթի նախարարությունն արդեն իսկ ունի պետական մշակութային քաղաքականության հայեցակարգ:
Հերկելյանը չի ժխտում, որ նման քաղաքականություն գոյություն ունի, և ինքն անձամբ վարչապետի առաջարկով մի քանի անգամ ընթերցել է այդ փաստաթուղթը, սակայն կարծում է, որ այն թերի է և չի համապատասխանում մեր արվեստի որակին ու քանակին, ինչպես նաև միջազգային հարթակներում ներկայացնելու նպատակին: Նա իր հատուկ կարծիքը գրավոր ներկայացրել է մշակույթի նախարարություն՝ գործնական առաջարկներով:
Ըստ Հերկելյանի` չպետք է ջնջել նախարարության փաստաթուղթը, ընդհակառակը` այն պետք է ընդունել իբրև հիմք և դրա վրա լրացումներ կատարել: «Այդ փաստաթղթում գրված է, թե ինչ է պետք անել, մենք պետք է ավելացնենք, թե ինչպես է պետք անել»,- ընդգծում է նա,- և բոլոր այն հայերը, որոնք հետաքրքրված են այս հարցով և ունեն միջազգային փորձառություն, պետք է համախմբվեն մշակույթի նախարարության շուրջ և մշակեն գործնական քայլեր, որպեսզի մենք դուրս գանք մեր կաղապարներից և կարողանանք մեր մշակույթը տնտեսականացնել և քաղաքականացնել»:
Հանրային խորհրդի քննարկման օրն արձանագրել են, որ առաջին քայլը պետք է լինի Սփյուռքի և Հայաստանի մտավոր կարող ուժերին մեկ համաժողովի շրջանակներում համախմբելը, որից հետո պարզ կլինեն նաև երկրորդ ու երրորդ քայլերը: «Իմ կարծիքով, Հանրային խորհրդի քննարկումը՝ իբրև նախաքայլ, արդյունավետ էր: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, որը նույնպես մասնակցում էր քննարկմանը, պատրաստակամ էր այդ ծրագիրն իրականացնել` շատ լավ հասկանալով, թե խոսքն ինչի մասին է»:
Արվեստաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ աշխարհի ուժեղ երկրներն իրենց մշակութային քաղաքականության օրակարգում շատ կարևոր բաներ գրավոր չեն ամրագրում, բայց անում են, իսկ մենք, ընդհակառակը՝ շատ բան գրում ենք ու խոսում, բայց չենք իրականացնում:
Ամառ, նորաձևություն: Սա այն դեպքն է, երբ որևէ մեկը չի կարող անտարբեր մնալ: Խանութների կողմից առաջարկվող բազմազանությունը, վառ գույներն ու ոճային մեծ ընտրանին ցանկացած կնոջ` անգամ ամենամտազբաղներին, ստիպում է մի հայացք նետել իր զգեստահարանին և մտածել այն թարմացնելու մասին:
Այս ամառ նորաձևության գագաթնակետին են լաքապատ կոշիկներն ու աքսեսուարները: Սև և բեժ գույնի կոշիկներն, իհարկե, անհրաժեշտություն են, բայց այս ամառ գոնե մեկ զույգ կաշվե վառ գույնի բալետկա պետք է ունենալ: Սակայն դա պետք է
զուգակցել լաքապատ պայուսակներով ու կլատչերով, որոնք ամենուր են` թանկարժեք և մատչելի բրենդերի հավաքածուներում:
Բայց քանի որ լաքապատ պայուսակներն առանց այն էլ աչքի ընկնող են, դիզայներներն աշխատել են համեստ գտնվել ձևավորման հարցում, այնպես որ դրանք ավելի շատ դասական են:
2013-իզգեստներնառանցավելորդություններիեն: Հիմնականշեշտըդրվածէկնոջ կառուցվածքի ուրվագիծն ընդգծելու վրա:
50-ականների ռետրո ոճի զգեստներն այս տարի կրկին նորաձև. կիպ գրկող իրան և մինչև ծնկները հասնող փարթամ կիսաշրջազգեստ:
Նորաձև են նաև 80-ականների ասիմետրիկ զգեստները. դրանց մեջ են մտնում նաև փարթամ, ընդգծված և որոշակի դետալներով մեկուսանի զգեստները:
Կաշվե զգեստներն այս տարի նորաձևության գագաթնակետին են. Դիզայներներն առաջարկում են ամբողջությամբ կաշվե զգեստներ կամ կաշվե կորսետով զգեստներ, իսկ ընտրությունը ձերն է:
Նշենք, որ կամաց-կամաց նորաձևությունը լքում են զգեստ-բլուզները: Այնպես որ դրա նց սիրահարներին մնում է սպասել դրանց վերադարձին:
Չնայած որ այս տարի դիզայներները ձգտել են մինիմալիզմի և փորձել են իրենց հագուստներում ներառել դեկորացիայի նվազագույն էլեմենտներ, այնուամենայնիվ որոշ դետալներ շատ ակտուալ են. օրինակ, բասկան:
Բասկան տարվա ամենահիթային դետալներից մեկն է: Նրանց, ովքեր մի փոքր շփոթվեցին, ասենք, որ բասկան իրանի ու կոնքերի հատվածն առանձնացնող վոլանով դեկորն է, որը հանդիպում է զգեստների, կոստյումների և այլ հագուստի վրա: Այս ոճը հիանալի լուծում է հատկապես նրանց համար, որոնց կոնքերն արտահայտված չեն կամ որոնք շատ նիհար են:
Բասկան իր հաղթարշավը սկսել է` իբրև իսպանացի բասկերի ազգային կոստյում: Այդտեղից էլ առաջացել է ոճի անվանումը: Սակայն իրականում բասկան նորաձևություն են բերել ֆրանսիացիները: Վիկտորիա թագուհու դարաշրջանում այդ դետալը դարձավ տղամարդու կոստյումի զարդարանքը, իսկ մի ավելի ուշ` նաև կանանց հագուստի բաղկացուցիչ մասը:
20-րդ դարում հայտնի կուտյուրե Քրիստոբալ Բալենսիագան իր հավաքածուներից մեկի առանցքային դետալներից մեկը դարձրեց հենց բասկան: Դա պատահական չէր. Քրիստոբալը ծնունդով իսպանական փոքրիկ Գեթերիա քաղաքից էր, որը եղել էր Բասկերի երկրի մի մասը: Այդպես նա ցանկացել էր ընդգծել իր արմատները:
1947 թվականին Քրիստիան Դիորն իր լեգենդար Նյու լուք ոճի հավաքածուն ստեղծելիս փարթամ կիսաշրջազգեստի համար ընտրեց ժակետ` բասկայով: Մինչ օրս բասկան Դիորի բոլոր հավաքածուների անբաժանելի մասն է կազմում:
1947-ից հետո մի պահ բասկան անհետացավ պոդիումներից` միայն հազվադեպ երևալով դիզայներների հավաքածուներում: 70-ականներին երկու անգամ բասկայով զգեստներ ցուցադրեց Իվ Սեն Լորանը: Սակայն այն վերադարձավ վերջին ժամանակաշրջանում` բավականին մեծ շուքով:
Սեզոնիամենակարևորմիտումներիցէ նաև կաշվիպերֆորացիան: Այն ամենուր է` հագուստին և աքսեսուարներին: Սակայն հիշեք, որ այն չպետք է չարաշահել. կա՛մ ընտրեք պերֆորացված կիսաշրջազգեստ կամ պայուսակ, կամ վերնաշապիկ, բայց ոչ երբեք այդ բոլորը միասին:
Սեզոնի գույները
Սեզոնի հիմնական գույներից է զմրուխտյան` իր բոլոր երանգներով` ամենանուրբ փիրուզից մինչև կանաչ:
Սեզոնի ոչ պակաս ֆավորիտներից է արքայական կապույտն ու դրա երանգները:
Սեզոնի պիկում են նաև կարմիրի երանգները: Կարմիր զգեստները միանգամայն ընդունելի են և՛ աշխատավայրում, և՛ ժամադրության գնալիս, և՛ զբոսանքի դուրս գալիս, և՛ իհարկե երեկոյան հանդիսությունների ժամանակ: Ամեն դեպքում այն ուշադրություն կհրավիրի ձեզ վրա և կստիպի ձեզ լսել:
Բայց եթե կարմիրը ձեզ համար չափազանց վառ գույն է, իսկ սևից արդեն ձանձրացել եք, ապա նորաձևությունն առաջարկում է կոմպրոմիսային տարբերակ. Մանուշակագույնն իր երանգներով:
2013-ի ամենանորաձև համադրություններից է սև-սպիտակը: Հատկապես գրավիչ են սև-սպիտակ համադրությամբ զգեստները:
Ամառայիննորաձևությանառավելություններիցենվառվռուն, եթերայինևթեթևսարաֆանները, որոնք կնոջն էլ՛ ավելի կանացի ու գրավիչ են դարձնում:
Ձմռան ընթացքում տաբատները հագից չհանած կանայք վերջապես կարող են կրել իրենց սեռին բնորոշ հագուստ` ընդգծելով իրենց ողջ հմայքը: Նորաձևությունն այս առումով հատկապես գլխապտույտ բազմազանություն է առաջարկում: Իսկ գլխավոր միտումը սարաֆանների չափազանց երկար և չափազանց կարճ լինելն է:
Վայելե՛ք ամառը վառվռուն գույներով և վառ տրամադրությամբ:
Հունիսի 10-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացվել, որ Սելիմի լեռնանցքում (Վայոց ձորի կողմից) անձրևաջրերից փլուզվել է ճանապարհի մի հատվածը, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն ընդունեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տնօրենի տեղակալ, միջուկային էներգիայի ստորաբաժանման տնօրեն Ալեքսանդր Բիչկովին:
Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ Հայաստանի եւ ԱԷՄԳ միջեւ հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ ունեն ընդլայնման եւ խորացման ուղղվածություն:
Կարեւորելով իր առաջին այցը Հայաստան` Ալեքսանդր Բիչկովը նշեց, որ արդյունավետ հանդիպումներ է ունեցել իր հայաստանցի գործընկերների հետ: Նա կարեւորեց, որ Հայաստանը կարողացել է զարգացնել սեփական ատոմային էներգետիկան եւ Հայաստանի օրինակը ուսանելի է այն պետությունների համար, որոնք նոր են ընթանում այդ ոլորտի զարգացման ճանապարհով:
Իր հերթին փոխնախարար Հովակիմյանը շեշտեց, որ Հայաստանը կարեւորում է ԱԷՄԳ հետ հարաբերությունների հետագա սերտացումը` խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի զարգացման, ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովման, տեխնիկական համագործակցության խորացման եւ հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման տեսանկյուններից:
ԱԳ նախարարի տեղակալը նաեւ շնորհակալություն հայտնեց ԱԷՄԳ կողմից Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության եւ հայ մասնագետների շարունակական վերապատրաստման ընձեռված հնարավորությունների համար:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը բաժնի աշխատակիցների հետ հունիսի 10-ին այցելել է հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար նախատեսված Հանրապետական N1 հատուկ կրթահամալիր։
Ուսումնասիրելով հաստատության սաների անհատական ուսումնական պլանները և քննարկելով հաստատությունում գտնվող հիմնական կրթությունն ավարտած սաների հետագա կողմնորոշման ու աշխատանքի տեղավորման խնդիրները՝ բաժնի աշխատակիցները, ընդհանուր եզրակացությամբ, հաստատության չորս սաների ուղղորդել են Կենտրոն վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկություն՝ ոլորտում աշխատելու համար։
Սոցիալապես դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների ընտանիքների հետ աշխատելու, նրանց խնդիրներին բազմակողմանի լուծում գտնելու և ընտանիքներին աջակցելու անհրաժեշտությունից ելնելով՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել նիստ՝ մասնակից դարձնելով նաև Երևանի վարչական շրջանների խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ամենօրյա հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ: Համաձայն Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի, ընդհանուր օգտագործման հարակից տարածքի պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին որոշման՝ յուրաքանչյուր տնտեսվարող պետք է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահի հարակից տարածքները: Մարտ ամսից բոլոր վարչական շրջաններում մեկնարկած աշխատանքները շարունակվում են:
Ընթացիկ աշխատանքներրի հետ կապված՝ Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ գործող կարգի մասին նախորդ տարիների տնտեսվարողները, նաև՝ պետական ու հասարակական կառույցները պարբերաբար ծանուցվել են: Բացի այդ, 2012-ի ընթացքում յուրաքանչյուրին տրամադրվել է նաև առանձին սխեմա՝ մատնանշելով բարեկարգվող տարածքի սահմանները:
Ապրիլից մինչ օրս քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից կազմվել է ավելի քան 180 վարչական արձանագրություն: Ըստ օրենքի՝ տուգանքի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով:
Քաղաքապետարանի և վարչական շրջանների աջակցությամբ ավելի քան 4000 օբյեկտների մի մասում ավարտվել, մյուսներում էլ դեռ շարունակվում են ընթանալ բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ:
Արայիկ Քոթանջյանն ընդգծել է նաև, որ քաղաքապետարանի ջանքերն ուղղված են մայրաքաղաքն առավել բարեկարգ և կանաչապատ տեսնելուն և դրանով՝ նոր մշակույթի ձևավորմանը:
Ի դեպ, նշենք նաև, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հայտարարվելու է հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման մրցույթ, լավագույն տնտեսվարողները պարգևատրվելու են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Հունիսի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իսպանիայի թագավորության նորանշանակ դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանը իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների զարգացման:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Կարբախալ Գարատեն վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, գիտակրթական փոխանակումների և մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Այս առումով կարևորվեց Իսպանիայի ԱԳ նախարարի հրավերով մոտակայում ՀՀ արտգործնախարարի Մադրիդ կատարելիք այցելությունը: