Մայիսի 5-ից էլ «ընտրացավից» չենք տառապի

voting2Որքան մոտենում են Երևանի ավագանու ընտրությունները, այնքան նախընտրական քարոզարշավներն ու քարոզչամիջոցներն ավելի «մանկապարտեզային» են դառնում: Շատ ու շատ քաղաքական գործիչներ հավանաբար դեռ չեն գիտակցում, թե որն է քաղաքական գործունեությունը, պայքարն ու քաղաքականությունն ընդհանրապես:

 Օրինակ` օրերից մի օր` «Բարև Երևան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, դաշինքի ներկայացուցիչներից Անահիտ Բախշյանը կանգնեց ու, ոչ ավելի, ոչ պակաս, շարադրեց իր միտքն այսպես. «Գիտեք, չէ՞, ժողովուրդ, իսկական ընդդիմությունը նա է, որը երբեք իշխանության մաս չի կազմել»: Այսինքն` ըստ Բախշյանի տրամաբանության, նաև չի կեղտոտվել:

Ուղղակի ապշել կարելի է. տպավորություն է ստեղծվում, որ քաղաքագիտական այս ֆարսով Անահիտ Բախշյանը քաղաքական նոր ուղղություն է հիմնադրում: Ու ասենք վաղը, մյուս օրը քաղաքական այս ուղղությունը կոչվելու է, ենթադրենք` քաղաքագիտության «Բախշյանական» դպրոց… Զավեշտ է, որովհետև գոնե Հայաստանում գրանցված են մի քանի տասնյակ տարբեր տրամաչափի` մանր-մունր կուսակցություններ, որոնք երբեք իշխանության մաս չեն կազմել: Ու ի՞նչ է, այդ բոլոր մանրմունրներն ընդդիմությո՞ւն են,  մանավանդ նրանք, որ ընտրությունից ընտրություն այս կամ այն իշխանական ուժին աջակցության առաջարկ են անում:

«Դա լվացք անողի չափանիշ է. այն շորը որը երբեք չես հագել, դրանով փողոց դուրս չես եկել, այլ միշտ  պահարանում կախած է, իհարկե, մի քիչ ավելի մաքուր է, քան այն շորը, որով աշխատում ես: Չես եղել իշխանության մեջ,  նշանակում է` նաև աշխատանքի այն բաժինը չես վերցրել քո ուսերին ու փորձ էլ չես ձեռք բերել: Երբ աշխատում ես, այո՛, կարող ես նաև փոշոտվել, բայց այդ փոշին կարելի է նաև մաքրել, իսկ  պահարանում կախած վերարկուն կարող է երկար կախվել ու մոդայից դուրս գալ»,- այս առումով նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:

Ինչևէ, չկենտրոնանանք Բախշյանի խոսքերի վրա, համարենք պատահականություն:

Իհարկե, Ինչպես ասում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, «բարևոլյուցիայի» սկզբում բազմաթիվ քաղաքական ուժեր քննադատեցին Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա գլխավորած քաղաքական ուժը,  բայց երբ նույն ոգով և ավելի էժանագին որակումներով արդեն իրենք են հանդես գալիս, դա տունտունիկի է վերածվում: Կամ, ինչպես սիրում էր ասել մեր ծեր հարևանը, «ֆուտբոլի դաշտում զիլինա են խաղում…»:

Օրերս «Բարև Երևան» դաշինքի ակտիվիստները հայտարարեցին, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն փող են բաժանում: «Եթե նրանց թվում է, որ նման ապատեղեկատվություն տարածելով` նվազեցնում են ԲՀԿ-ի վարկանիշը, իսկ իրենց ընկած վարկանիշը դրանից բարձրանալու է, ապա սխալվում են: Եվ դա ամենաճիշտ ու ազնիվ ուղին չէ»,- այդ  առիթով ընդգծել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ընտրությունները, հասկանալի է, թանձրացնում են քաղաքական դաշտի գույները, որոշ ուժերի ու գործիչների լարման պատճառ են դառնում: Բայց կան բաներ, որոնք ուղղակի անընդունելի են: Օրինակ` չի կարելի իշխանական մենաշնորհի դեմ պայքարում քար նետել նույն նպատակի համար պայքարող ուժի բոստանը: Դա, մեղմ ասած, պատշաճ չէ, իսկ քաղաքագիտորեն ասած` տակտիկական սխալ է, որը հետագայում կարող է դառնալ ստրատեգիական սխալի սկիզբ: Որովհետև, երբ քաղաքական ուժերը թշնամանում են իրար նկատմամբ և անում են բաներ, որոնք կամուրջ են այրում, հետագա համագործակցության հնարավորությունից  զրկում են այդ ուժերին, ինչը չի կարելի անել նույնիսկ իշխանությունների հետ:  Եթե վաղն անհրաժեշտ լինի Հայաստանի Հանրապետությանը, որ այդ ուժերը համագործակցեն այս կամ այն քաղաքական ուժի հետ, նրանք չպետք է  իրենց  պահվածքով ստեղծած լինեն մի վիճակ, որ դա հնարավոր չլինի:

Ու այնպես չէ, որ ամենաբարձր հայհոյողները իսկական ընդդիմադիր են: Մենք ունենք այս առումով «հաջողված» օրինակ: Երբևէ որևէ մեկն ավելի բարձր հայհոյե՞լ է իշխանություններին, ինչպես ժամանակին Արտաշես Գեղամյանն ու Արթուր Բաղդասարյանը:  Հավանաբար` ոչ: Իսկ ո՞ւր են հիմա, ո՞ր դաշտում և ո՞ւմ թիմից են խաղում այժմ նրանք:

ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 30-ի հանրահավաքում կոչ արեց ընդդիմադիր ուժերին համախմբել ուժերը` կանխելու իշխող Հանրապետական կուսակցության հաղթանակը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում: Այդպիսի կոչեր արդեն քանիերորդ անգամ արել են նաև ՀՅԴ-ականները:

Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ` ավագանու ընտրություններին հաջորդող չորս տարիներին կարևոր նշանակության ընտրական գործընթաց չի լինելու, այդ պատճառով մայրաքաղաքի ընտրությունները վճռական նշանակություն են ձեռք բերել:

«Ու դեմքերն իսկ սազում են սրանց…»

Սա, ըստ ՀԱԿ առաջնորդի, ավելի լավ հասկանում են նաև իշխանությունները, ու դրա համար նրանք էլ քնած չեն:  Դեռ մի կողմ թողնենք այն, որ հրապարակային քարոզարշավ են իրականացնում, օրինակ` ապրիլի 30-ին ավելի քան 250 կազմակերպություններ ու միություններ հայտարարություն են ընդունել Տարոն Մարգարյանին սատարելու մասին: ՀՀԿ-ն այլ` ստվերային գործողություններ էլ է անցկացնում: Օրինակ` որոշ մարզպետներ «Տարոնին 40 հազար ձայն տալու» խոստումներ են տալիս, թաղային հեղինակությունների համար քեֆեր են կազմակերպում, ցուցակների մանիպուլյացիա են անում և այլն, և այլն:

Այս պահին հետաքրքիր է նաև քաղաքական խաղաքարտերի դասավորումը կոալիցիոն ճամբարում: Օրինակ`  ՕԵԿ-ի համամասնական ցուցակի առաջին համար Արմեն Երիցյանը, ՕԵԿ-ի կանանց հետ հանդիպման ժամանակ նշել է, թե փորձը ցույց է տալիս, որ վերևներում որոշումներ են կայացվում, իսկ ինչքան իջնում է  ներքև, այնքան այդ որոշումներն ինչ-որ տեղ կորչում են: «Այսօր, երբ երևանցու հետ խոսում ես համատիրության մասին, դա վերջն ա, քիչ ա մնում քեզ տեղում սպանեն: Դրա համար ես հիմա դաստիարակվել եմ: Սկզբում խոսում էի համատիրության մասին, հիմա ավելի քիչ եմ խոսում: Բայց, վերջիվերջո, բնակիչները շարունակում են դժգոհել, որ դրանք միայն փող են հավաքում, իսկ փողը տանելուց հետո էլ նրանց չեն տեսնում: Այդ գումարները, որ հավաքում են, ո՞ւր են գնում: Դրա համար առաջարկում եմ, որ յուրաքանչյուր երևանցի տեսնի, որ այդ կոպեկը, որը երեխայի բերանից կտրում է, տալիս պետությանը, որտեղ և ինչ նպատակների համար է ծառայելու»,- ասել է Արմեն Երիցյանը:

Այ քեզ զարմանալի բան. իշխանությունները սկսել են քննադատել իրենց կոալիցիոն «ավագ եղբորը»: Արդեն սկսում ենք վախենալ Արմեն Երիցյանի հետագա քաղաքական ճակատագրի համար. մարդը դեռևս ԱԻՆ նախարարի պաշտոնակատար է, հանկարծ կարո՞ղ է չափն անցնել, ՀՀԿ-ից էլ ճիշտ չհասկանան, ու մեկ էլ մի օր Երիցյանը զարթնի ու տեսնի, որ իր հետ վարվել են այնպես, ինչպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների հետ են վարվում…

Զառամախտի է հասնում նաև ՀՀԿ-ական որոշ պատգամավորների «հումորը»: Մասնավորապես` ՀՀԿ-ական պատգամավոր, «փուչիկների գործից» ավելի հայտնի Կարեն Ավագյանը Աժ հայտարարությունների ժամին խնդրեց նախընտրական շրջանում քաղաքական ուժերի նկատմամբ ուշադիր լինել և տարբերել կեղծ քաղաքական ապրանքանիշներից: «Այս նախընտրական շրջանն ուշագրավ էր այն առումով, որ քաղաքական դաշտում հայտնվեցին կեղծ, այսպես ասած, չինական քաղաքական ապրանքանիշներ: ՀԱԿ-ին փորձեց փոխարինել ՀԱԿԿ-ն, բայց առանց Նիկոլի: Զգուշացեք կեղծիքներից, իսկական ՀԱԿ-ը` Նիկոլ Փաշինյանով: Իսկական ԲՀԿ-ն առանց Օսկանյանի է, կեղծ ԲՀԿ-ում հոլոգրաֆիկ նշանի վրա երեք գլուխ է: «Ժառանգության» նոր տարբերակը` մայիսի 5-ից հետո, քանի որ հինը արտադրությունից դուրս է մնացել: Իսկ ՀՅԴ-ն կեղծելու կարիք էլ չեղավ, քանի որ դրա պահանջարկը շուկայում չկար»,- «հումոր» էր անում Կարեն Ավագյանն ու շարունակում, թե երկրի կառավարումն արկածախնդրության տեղ չէ. սա շատ լավ ընկալում է ընտրողը, ինչն արտահայտում է իր տված քվեով: Այստեղ են ասում` ով խոսի-չխոսի, դուք պետք է լռեք, երբ խոսքը վերաբերում է արկածախնդրությանը, ընտրողների քաղաքական պահվածքին և այլն:

Հավանաբար պարոն Ավագյանը չի նկատում անգամ, որ հենց իր այդ հայտարարությունը քաղաքական արկածախնդրության, անլրջության  ցայտուն օրինակ է:

Մի խոսքով, բան չմնաց. մայիսի 5-ին կավարտվի քաղաքական այս կլոունադան ևս, ու մի 4-5 տարի էլ «ընտրացավից» չենք տառապի:

ՀՅԴ-ն թեժ գիծ է գործարկել

հեռախոսՀՅԴ կենտրոնական շտաբում թեժ գիծ է բացվել:

Քաղաքացիները Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում նկատած խախտումների մասին կարող են ահազանգել  010 585481 հեռախոսահամարով:

«Եթե ցանկանում եք ձեր արդար եւ ազատ ընտրությամբ ձեւավորվի Երեւանի իշխանությունը, տեր դարձեք Ձեր քվեին։ Ձեր նկատած  ցանկացած խախտման մասին՝ ընտրակաշառք, վարչական ռեսուրսի կիրառում, կրկնակի քվեարկություն ե  այլն, խնդրում ենք հայտնել Դաշնակցության կետրոնական շտաբ, ուր բացվել է թեժ գիծ։  Կարող եք զանգահարել ցանկացած  ժամի։ Տեղեկատվության գաղտնիությունը երաշխավորում ենք»,- ասված է ՀՅԴ տարածած հաղորդագրությունում:

Նոր Հաճնի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ԲՀԿ-ականն ու անկուսակցականը

Ընտրություններ (1)Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի մի շարք համայնքներում մայիսի 26-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին առաջադրված թեկնածուներից ոմանք ինքնաբացարկ են հայտնել:

Ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից, Նոր Հաճնի քաղաքապետի ընտրություններին առաջադրված երեք թեկնածուներից հետագա ընտրապայքարից հրաժարվել է ինքնաառաջադրված անկուսակցական, Նոր Հաճնի քաղաքապետարանի աշխատակից Հովհաննես Ադամյանը: Այսպիսով՝ քաղաքապետի պաշտոնին հավակնում են գրանցված երկու թեկնածուներ՝ 2009թ.-ից գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված ԲՀԿ-ական Գագիկ Մաթևոսյանը և ինքնաառաջադրված անկուսակցական, ՀՀ Նախագահի աշխատակազմի աշխատակից Շուշանիկ Նազարյանը:

Արմավիրի Վարդանաշեն գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններին ինքնաառաջադրված 5 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել անկուսակցական Կարեն Հովհաննիսյանը: Գյուղապետի թեկնածուներ են գրանցվել մնացած 4 թեկնածուները՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արթուր Մանուկյանը, նրա կուսակից Հայկ Սահակյանը և անկուսակցականներ Աշոտ Հայրապետյանը, Գրիգոր Սահակյանը:

Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում գյուղապետի ընտրություններին առաջադրված 3 թեկնածուներից ինքնաբացարկ է հայտնել անկուսակցական Հայկ Մովսիսյանը: Գյուղապետի թեկնածուներ են գրացվաել ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող գյուղապետ, հանրապետական Վարդիթեր Գասպարյանը և ինքնաառաջադրված անկուսակցական Սարգիս Սարգսյանը:

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում գյուղապետի ընտրություններին գրանցվել են ինքնաառաջադրված 2 թեկնածուները՝ գործող գյուղապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մնացական Գևորգյանը և անկուսակցական Վանիչկա Ոսկանյանը:

Լոռու մարզի Լեջան գյուղական համայնքում կայանալիք ավագանու ընտրություններին գրանցվել են առաջադրված ավագանու 6 թեկնածուները՝ 5 ՀՀԿ-ականներ և մեկ ՕԵԿ-ական:

Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ավագանու ընտրություններին գրանցվել են ինքնաառաջադրված 10 թեկնածուներ, որոնցից 5-ը՝ ՀՀԿ անդամներ, 5-ը՝ անկուսակցականներ:

Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա համայնքում ավագանու ընտրություններին նախապես առաջադրված 7 թեկնածուներից գրանցվել են 6-ը՝ 5 անկուսակցականներ և մեկ ԲՀԿ-ական: Նախապես առաջադրված ՀՀԿ-ական մեկ թեկնածուն ինքնաբացարկ է հայտնել մինչև գրանցումը:

Մայիսի 26-ին այս համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին գրանցված թեկնածուներն ինքնաբացարկի իրավունքից կարող են օգտվել մինչև մայիսի 16-ի ժամը 18-ը:

Հեղինակ:

Չադի իշխանությունները հայտնել են, որ հեղաշրջում են կանխել

pic_1363016151Չադի մայրաքաղաք Նջամենայում ձերբակալվել է մի քանի մարդ, այդ թվում` սպաներ ու ընդդիմադիր կուսակցության պատգամավոր` նախագահ Իդրիս Դեբիին տապալելու նպատակով դավադրության կասկածանքով:

Ինչպես ասվում է կառավարության հաղորդագրության մեջ, հատուկ ծառայությունները 4 ամիս հետևել են ենթադրյալ դավադրության մասնակիցներին:

Չադի նորագյուն պատմությունը հարուստ է հեղաշրջումներով: Չադի գործող նախագահ Իդրիս Դեբին իշխանության է եկել պետական հեղաշրջման արդյունքում, 1990-ին:

Հունաստանում համընդհանուր 24-ժամյա գործադուլ է հայտարարվել

e7d05af3f95dfd4f60321df27cae0564Հունաստանում սկսվել է հերթական համընդհանուր  գործադուլը, որը կտևի մեկ օր: Առաջիկա 24 ժամում երկրում չեն աշխատի հասարակական տրանսպորտը, հիվանդանոցները: Դրա մասին են տեղեկացնում ԶԼՄ-ները:

Սոցիալական ոլորտի աշխատակիցները բողոքում են կոշտ տնտեսության միջոցների դեմ, որը նրանց կարծիքով հանգեցրել է տևական հետաճի:Նրանք պահանջում են կառավարությունից դադարեցնել ծախսերը կրճատելն  ու հարկերը  բարձրացնելը:

Հունաստանի իշխանությունները պնդում են, որ կոշտ տնտեսության միջոցները ծայրահեղ կարևոր են, որ երկրի տնտեսությունը դուրս բերվի ֆինանսական ճգնաժամից:

Թուրքմենիայի նախագահն ընկել է ձիուց

konԹուրքմենիայի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընկել է ձիուց արշավի ժամանակ,հայտնում են ԶԼՄ-ները: Դեպքը կատարվել է ապրիլի 28-ին,սակայն իշխանությունները փորձում էին այդ տեղեկությունը թաքցնել:

Բերդիմուհամեդովը մասնակցում էր ձիարշավին ու եզրագծի մոտ թամբից ընկել է, որովհետև ձին է  սայթաքել: Երկրի ղեկավարին մրցույթից տարել են  շտապօգնության մեքենայով: Կես ժամ տրիբունայում լռություն է տիրել, ոմանք նույնիսկ լաց են եղել: Լրագրողներին խնդրել են ոչինչ  չհայտնել ու ոչնչացնել բոլոր լուսանկարներն ու տեսանյութերը:

40 րոպեից պետության ղեկավարը կրկին ներկայացել է, ու  ժողովուրդն իր նախագահին դիմավորել է ծափահարություններով:

 

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսեն Էժեիին

2923Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսեն Էժեիին:

Ողջունելով Իրանի գլխավոր դատախազին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ հայ-իրանական հարաբերություններին նոր որակ կհաղորդի Իրանի գլխավոր դատախազի այցի ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև այսօր ստորագրված հուշագիրը՝ խթանելով դատաիրավական ոլորտում երկու պետությունների արդյունավետ համագործակցությունն ու գործնական հարաբերությունները:

Հանրապետության Նախագահը նշել է, որ երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատար անձանց փոխայցելությունները վկայում են երկկողմ հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու Հայաստանի և Իրանի իշխանությունների վճռականության մասին և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է բարեկամ Իրանի հետ համագործակցության հետագա խորացումը ոչ միայն քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, այլ նաև դատաիրավական ոլորտում:

Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրախորհրդարանի «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների» խմբակցության անդամներին

305. Minister Nalbandian received MEPs 30.04.2013Ապրիլի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրախորհրդարանի «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների» խմբակցության անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն  հայտնեց Հայաստանի և տարածաշրջանի իրավիճակին ծանոթանալու նպատակով խորհրդարանականների այցելության համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Ասոցացման համաձայնագրի, Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքին:

Խորհրդարանականների խնդրանքով նախարար Նալբանդյանը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ: Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի:

 

Էդվարդ Նալբանդյանը Բրազիլիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ հուշամեդալ է շնորհել

304. Minister Nalbandian received the ambassador of Brasil 30.04.2013Ապրիլի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի դեսպան  Մարսելա Մարիա Նիկոդեմոսին՝ առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Բրազիլիայի հետհամակողմանի հարաբերությունների զարգացումը և հենց այդ նպատակն էր հետապնդում Բրազիլիայում ՀՀ դեսպանության հիմնումը: Կողմերը հույս հայտնեցին, որ առաջիկայում նախաձեռնվելիք  քայլերն էլ ավելի կնպաստեն  Հայաստանի և Բրազիլիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, տնտեսական կապերի ընդլայնմանը, առևտրաշրջանառության ավելացմանը, մշակութային փոխանակումների և այլ ուղղություններով հարաբերությունների զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Նիկոդեմոսը նշեց, որ պաշտոնավարման ընթացքում ջանացել է իր հնարավորությունների չափով նպաստել երկու երկրների միջև փոխգործակցության  զարգացմանը:  Դեսպանը հավելեց, որ Հայաստանից մեկնում է ամենալավ տպավորություններով:

Հայաստանում դեսպան Նիկոդեմոսի առաքելության ավարտի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նրան հանձնեց ԱԳՆ հուշամեդալ:

Թուրքերի մեծ մասը չի վստահում Աբդուլլահ Օջալանին

1Թուրքիայում իրականացված սոցիոլոգիական հարցումները, որոնք “Մետրոպոլ” հետազոտական կենտրոնն անցկացրել է ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում, վկայում են այն մասին, որ բնակչության մեծամասնությունը դեմ է քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ սկսված հաշտեցման գործընթացին: Այս մասին տեղեկացնում է թուրքական “Վաթան” օրաթերթը:

Ուսումնասիրության համաձայն` հարցվածների 81%-ը չի վստահում Օջալանին, 69%-ը չի կարծում, որ PKK-ն վայր կդնի զենքերը, իսկ 51%-ն առհասարակ դեմ է քրդերի հետ նման գործընթաց սկսելուն։

Հիշեցնենք, որ 2013թ. մարտի 21-ին` Նովրուզի տոնակատաության ժամանակ, Դիարբեքիրում (Տիգրանակերտ) քրդական “Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցության պատգամավորները քրդերենով և թուրքերենով ընթերցել են ցմահ ազատազրկման դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղության ուղերձը, որտեղ վերջինս հանդես էր եկել միակողմանի զինադադար հաստատելու  հայտարարությամբ և կոչ արել քուրդ զինյալների զենքը վայր դնել ու լքել Թուրքիան:

 

 

 

«Եթե միայն տեղական նշանակության են այս ընտրությունները, ինչո՞ւ եք այսպես իրար խառնվել». Արմեն Ռուստամյանը` ՀՀԿ-ին

arm136575463732ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, Երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արմեն Ռուստամյանին այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց. «Իշխանություններն ամեն  ինչ անում են` համոզելու ժողովրդին, որ Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական չեն, այլ սովորական` համայնքային մակարդակի հերթական միջոցառում, որը կոչված է լուծելու զուտ թաղային, կենցաղ-սպասարկման հարցեր»:

Ռուստամյանը գտնում է, որ դրա նպատակը պարզ է՝ որքան հնարավոր է ընտրության հարցը տեղափոխել անձնական, բարեկամա-խնամիական հարաբերությունների դաշտ, «որ այս ընտրությունների հետ  չկապվի ձեր դժգոհությունն ու բողոքը և տպավորություն ստեղծվի, թե այս ընտրությունները շատ-շատ կարող են լուծել ձեր աղբահանության, ասֆալտապատման կամ վերելակների ու շենքների հարցերը»:

Արդյունքում, ըստ նրա, կզրոյացվի հետաքրքրությունն այս ընտրությունների նկատմամբ, և ժողովուրդը կմղվի պասիվության,  որպեսզի  չվտանգվի իրենց իշխանությունը, և պահպանվի իշխող կուսակցության միահեծան կառավարումը:

Նրա խոսքով` իշխանությունները կրկին գործի են դնում ընտրակեղծիքների ողջ զինանոցը, և պետական համակարգը ընտրությունների ընթացքում սահուն կերպով վերածվում է իշխանություններին սպասարկող ընտրական համակարգի:

«Եթե, ձեր ասելով, միայն տեղական նշանակության են այս ընտրությունները, ինչո՞ւ եք այսպես իրար խառնվել ու կրկին կառչում եք ձեր փրկօղակից՝ ձեր հարազատ ընտրակեղծիքների մեքենայից: Ուրեմն իրականությունը բոլորվին այլ է»,-ասաց Ռուստամյանը:

Այնուհետև նա հավաստիացրեց, որ հօգուտ Դաշնակցությանը տված իր քվեով երևանցին կարող է չսպասել ևս 5 տարի, այլ փոխելով քաղաքապետին` անել այն, ինչը չհաջողվեց անել՝ չկարողանալով փոխել նախագահին:

Նա համոզված է, որ երևանցին այսօր  կարող է փոխել Հայաստանը, որովհետև հաստատելով երևանցու իշխանությունը Երևանում` կհաստատվի հայաստանցու իշխանությունը Հայաստանում և վերջ կդրվի երկրում հաստատված մենիշխանությանը, կյանքի կկոչվի արմատական համակարգային փոփոխություններին բերող` ՀՅԴ առաջարկած գործողությունների հստակ ծրագիրը, ակնհայտ կդառնան իշխանություն-ընդդիմություն հավասարակշռված քաղաքական համակարգի առավելություններն ու անհրաժեշտությունը:

Այնուհետև, դիմելով երևանցիներին, ՀՅԴ պատգամավորն ասաց. «Սիրելի’ երևանցիներ, թույլ մի’ տվեք ձեզ մոլորության մեջ գցեն և, արժեզրկելով ձեր ընտրության նշանակությունը, մղեն ձեզ պասիվության: Ովքեր ուզում են փոփոխությունները հիմա տեսնել և չսպասել ևս 5 տարի, մայիսի 5-ը դրա ամենալավ առիթն է»,-ասաց նա

«Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունների հեղինակները ծնվել, սնվել են օրվա քաղաքական մենաշնորհի կողմից` մեկ հիմնական նպատակով». Ռ. Հակոբյան

briefings.-Ruben-Hakobyan0-e1347627553316Այսօր խորհրդարանում Հայաստանի պատգամավորների հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ պետության զարգացման գլխավոր խաչընդոտը հանրապետությունում ձևավորված իշխանության բացարձակ մենաշնորհն է, որի պայմաններում   Երևան քաղաքի ավագանու ընտրությունները ձեռք են բերում բացառիկ քաղաքական նշանակություն:

«Ու՞մ համար է գաղտնիք, որ ԺԵԿ-ի պետ, նախարար, նախագահ և այս ուղղահայաց տիրույթում գտնվող թե՛ ֆինանսատնտեսական, թե՛ մշակութային, ինչպես նաև քրեական գրեթե բոլոր գործառույթները նպատակաուղղված են օրվա իշխանության մենաշնորհը վերարտադրելուն` ընդդեմ պետության բնականոն զարգացման և ընդդեմ քաղաքական մենաշնորհի տիրույթից դուրս գտնվող մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության: Իրականությունն այն է, որ, կարծես թե, պետության կենսագործունեության գլխավոր նպատակն է ապահովել նշված քաղաքական մենաշնորհի տիրույթում գտնվող խմբերի և անհատների, նրանց հարազատների ու մտերիմների բարեկեցիկ և անհոգ կյանքը»:

Այնուհետև նա կարծիք հայտնեց, որ հանցագործներն ու հանցագործություններն էլ են մենաշնորհվել օրվա իշխանության կողմից` նշելով, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ  վերջերս Գյումրիում տեղի ունեցած հանցագործությունների հեղինակները ծնվել, սնվել են օրվա քաղաքական մենաշնորհի կողմից մեկ հիմնական և գլխավոր նպատակով` նրանց  միջոցով վերարտադրելու և ապահովելու իրենց մենիշխանությունը:

Ռուբեն Հակոբյանը հավաստիացրեց, որ կարող է շարունակել մենիշխանության բերած դժբախտությունների ցանկը, բայց ընդամենը ուզում է մեկ բարեկամական խորհուրդ տալ այսօրվա քաղաքական մենաշնորհների տերերին ու սպասավորներին. «Անգլիական իմաստնությունը ասում է, որ խելոքները սովորում են ուրիշների սխալներից, իսկ հիմարները` սեփական: Մեր դեպքում այսօրվա մենաշնորհների տերերը, կարծում եմ՝ պետք է սովորեն այս քաղաքական մենաշնորհները ձևավորողների սխալներից, ովքեր օրինաչափորեն այսօր հայտնվել են իրենց իսկ կողմից ձևավորած համակարգի դաժան թրթուրների տակ, որից, չեմ կարծում, որ նրանք մեծագույն հաճույք են ստանում»,-ասաց նա

Ըստ նրա, այսօր, հանգամանքների բերումով, ստեղծվել է մի իրավիճակ, որ ոչ իշխանական ուժերը քաղաքական կամքի և ազնիվ, շիտակ համագործակցության դեպքում կարող են միասնաբար կանգնեցնել ձևավորված քաղաքական մենաշնորհի ընթացքը: «Խոսքը չի վերաբերում անձերին ու անհատներին, խոսքը վերաբերում է իշխանության քաղաքական մենաշնորհի ընթացքի կասեցմանը: Եվ դա հնարավոր է այն դեպքում, որ ոչ իշխանական ուժերը համատեղեն իրենց հնարավորությունները և միասնական ճակատով ու համապատասխան մեխանիզմներով պայքարեն՝ Երևան քաղաքում իշխանափոխություն իրականացնելու համար»:

«Բարև Երևան» դաշինքի անունից նա հավաստիացրեց, որ պատրաստ են լինել այդ ուժերից մեկը՝ ինչպես նախընտրական փուլում, այնպես էլ Երևանի ավագանին ձևավորելուց հետո:

 

Զարուհի Փոստանջյանի հերթական բարևը խորհրդարանի ամբիոնից ուղղված էր Երևանին

pqcjvep8GVKVQRN6dnoSzm55cl

«Մեր սիրելի Երևան, աշխարհում ապրող հայերի մայրաքաղաք և միաժամանակ մեր պատմական հայրենիքի ներկայիս հայաբնակ ամենամեծ բնակավայր»,-այսօր խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին այսպես սկսեց իր հայտարարությունը «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:

Այնուհետև, դիմելով Երևանին, նա թվարկեց, որ վերջինս ակնատես է եղել ոչ միայն իրեն զավթած կայսրությունների, ցեղասպանությունից հետո վերածնված   փոքր Հայաստանի,  Արցախյան հաղթանակի, այլև 2013 թվականի ապրիլի 9-ին` Նոր Հայաստանի` «ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ  երդմանը և պատգամը ստանձնած հավատին և ուժին, կամքին և սիրուն»:

«Մեր ապագայի Երևան,-շարունակեց Փոստանջյանը,- լինելով շուրջ 10 միլիոն հայերի մայրաքաղաք, 2013 թվականի փետրվարի 18-ին փաստեցիր Մեծ հայկական հեղափոխության մասին և իրականացրեցիր Բարևի հեղափոխական արշավ` ասելով՝ Բարև Երևան, Բարև հեղափոխություն, Բարև հեղափոխական հայ ժողովուրդ: Մեր այսօրվա Երևան, միլիոնավոր արտագաղթած հայերի ծննդավայր, հազարավոր ունեզրկված քաղաքացիների բնակավայր, Մեծն Թամանյանի նախագծած դիմագծի այլափոխման վտանգը զգացող անհանգիստ քաղաքացիների քաղաք: Մեր մտահոգության և սպառնալիքների Երևան, քանի անգամ ես մասնակցել ընտրությունների, քանի անգամ ես քվեարկել խղճիդ համաձայն և ընտրել արդարությունը և քանի անգամ են գողացել ընտրությունդ…Մեր անհնազանդության և վճռականության Երևան, անկախ բոլոր հանգամանքներից, չես բացակայելու, չես հիասթափվելու, չես ընկրկելու, չես նահանջելու:  2013 թվականի մայիսի 5-ին մասնակցելու ես, ազատագրելու ես, նվաճելու ես և ունենալու ես հաղթանակ»:

 

 

Արձակուրդ մեկնած աշխատողն այլևս չի կորցնի աշխատանքը գործատուի կամայականության հետևանքով

g_imageԱյսօր խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված օրինագծերից մեկը վերաբերում էր աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին: Նոր օրենքով պաշտպանվում է աշխատողի` արձակուրդից վերադառնալուց հետո կրկին իր աշխատատեղը զբաղեցնելու աշխատանքային իրավունքը` զերծ մնալով գործատուի կամայականություններից:

Օրինագծի մանրամասների վերաբերյալ «Անկախ»-ը պարզաբանումներ ստացավ նախագծի համահեղինակ, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանից:

«Այս օրենքով  աշխատողի աշխատատեղի պահպանման դրույթը տարածվում է նպատակային արձակուրդի բոլոր տեսակների վրա, սա նոր երաշխիք է, որպեսզի աշխատողին կամայականորեն աշխատանքից չզրկեն»,-ասաց նա:

Նպատակային արձակուրդի տեսակները ոչ միայն հղիության և ծննդաբերության արձակուրդներն են, այլ նաև մինչև 3 տարեկան երեխայի համար տրվող, ուսումնական նպատակով, չվճարվող, ինչպես նաև ծառայությունների ժամանակ տրվող կարճաժամկետ արձակուրդները: «Այս բոլոր դեպքերի ժամանակ աշխատողը պահպանում է իր աշխատատեղը` բացառությամբ մի դեպքի, երբ կազմակերպությունը լուծարվում է»,-նշեց Կարինե Աճեմյանը:

Նկատենք, որ նախկինում` հատկապես հղիության ու երեխայի խնամքի համար արձակուրդ մեկնած աշխատողներին արձակուրդից վերադառնալուց հետո հաճախ կազմակերպության տնօրինությունն աշխատանքի չէր վերցնում` ինչ-ինչ պատճառաբանություններ անելով: Նոր օրենքով գործատուն այլևս չի կարող աշխատողին զրկել իր աշխատանքից:

Նշենք, որ սա քվերակության դրված այն քիչ  օրինագծերից էր, որն ընդունվեց գրեթե միաձայն:

 

«Բարեւ Երեւան»-ը պահանջում է ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին

«Բարև Երևան» դաշինք«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը ապրիլի 26-ին եւ 29-ին բազմաթիվ ընտրախախտումների մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Խախտումների մեծամասնության հեղինակը ՀՀԿ-ն է, սակայն կան նաև ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի. ոստիակնության, մարզպետարանների եւ այլ մարմինների կողմից կատարված խախտումներ:

Հիմք ընդունելով այն, որ Հանրապետական կուսակցության խախտումների քանակն ու մաշտաբն այնպիսին է, որ դրանք անխուսափելիորեն ազդեցություն կունենան մայիսի 5-ի ընտրությունների վրա, «Բարեւ Երեւան»-ի անդամը ԿԸՀ-ից պահանջում է Ընտրական օրենսգրքի սահմանված ընթացակարգով ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին:

Դիմումները ԿԸՀ-ում կքննարկվեն այսօր ժամը 17:00-ին:

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի շտաբ

Ռուբեն Հակոբյանը՝ Աշոտյանին. «Ուրիշ բառ չկա՞ր էստեղ գրելու»

99c5782365cfd829920279ee40b5c0c1Խորհրդարանում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին ներկայացրեց «Լեզվի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը:

Ըստ Աշոտյանի՝ նախագիծը նպատակ ունի ճանաչել հայերեն ժեստերի լեզուն՝ որպես կրթության, դաստիարակության, տեղեկատվություն ստանալու և փոխանակելու լեզու՝ ընդլայնելով լսողական խանգարումներ ունեցող մարդկանց կրթական, քաղաքական, քաղաքացիական իրավունքների իրականացման հնարավորությունները. «Այն հսկայական քաղաքական և քաղաքացիական նշանակություն ունեցող նախագիծ է»,-համոզված է նախարարը:

ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանին, սակայն, պարզ չէր. «Ժեստերի լեզուն այս պահի դրությամբ չի՞ օգտագործվում, նո՞ր է սկսվելու օգտագործվել, թե՞ որևէ այլ լեզու է օգտագործվում»:

Աշոտյանը պարզաբանեց, որ այդ լեզուն գոյություն ունի, բայց այն օրենսդրորեն որևէ տեղ ամրագրված չի եղել. «Օրինակ, նման լեզվով վկայություն տալը, նոտարիական հաստատումներ անելը կամ նման լեզվով կրթություն ստանալու հնարավորությունը հիմնավորված չի,-ասաց նա,-մենք լեզու չենք հորինում, այլ ամրագրում ենք, որ եղած լեզուն ստանա կարգավիճակ և դրանից ելնելով՝  առավել լայն և հիմնավոր կիրառում ունենա»:

«Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին այլ՝ սկզբունքային հարց էր հետաքրքրում. «Սուրդո միջազգային բառը փոխարինվել է ժեստերի լեզու բառակապակցությամբ: Բառն ավելի է հայկականացվել՝ մնալով հանդերձ միջազգային ձևակերպման դաշտում: Ուրիշ բառ չկա՞ր էստեղ գրելու: Իհարկե, լուսահոգի Իշխանյանը լիներ, ավելի լավ բառ կգտներ»:

Աշոտյանը պատասխանեց, որ պատրաստ են միասին ժեստ բառի փոխարեն առավել ականջահաճո բառ գտնել:

 

 

 

 

 

Ազգային ժողովն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր հարցերը

ազգային-ժողով7Խորհրդարանը շարունակեց քառօրյա աշխատանքը: Քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված հարցերը:

Ընդունվեցին բոլոր օրինագծերն՝ այդ թվում նաև «Արդարադատության ակադեմիայի մասին»  օրինագիծը, որով նախատեսվում է միավորել դատական եւ դատախազական դպրոցները` ստեղծելով մեկ ընդհանուր դպրոց` Արդարադատության ակադեմիա:

Օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ 74 կողմ, 2 դեմ և 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Օրինագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու դեպքում  Արդարադատության ակադեմիան կսկսի գործել 2014 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ կլուծարվեն ՀՀ դատական և դատախազական դպրոցները:

«Արդարադատության ակադեմիայի մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է միավորել դատական եւ դատախազական դպրոցները` ստեղծելով մեկ ընդհանուր դպրոց` Արդարադատության ակադեմիա:

 

Այս պահին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին է ներկայացնում «Լեզվի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը:

Հանդիպում Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության հետ

Handipum AJ-um-1Ապրիլի 29-ին ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին Եվրոպական խորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան տեղեկացրեց, որ իրենց այցի նպատակն է հանդիպել հայ խորհրդարանականների հետ, հաստատել համագործակցություն քաղաքական կուսակցությունների հետ եւ ծանոթանալ Հայաստանի քաղաքական խնդիրներին:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի որդեգրած ուղին, Ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչպես նաեւ ժողովրդավարության կառուցման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությունը:
Ներկաներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին:
ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը գոհունակությամբ նշեց, որ Եվրոպական խորհրդարանի գործընկերները նկատում են Հայաստանի՝ եվրաինտեգրման ուղղությամբ ներդրած ջանքերը: Այս առումով ԱԺ պատգամավորը կարեւորեց Ասոցացման համաձայնագրի արագ ստորագրումը, ինչը Հայաստանի համար մեծ հեռանկարներ կբացի Եվրամիության հետ քաղաքական ասոցացման եւ տնտեսական ինտեգրման ուղղությամբ:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը խոսեց Հայաստանի տնտեսական եւ սոցիալական իրավիճակից, հատկապես անդրադարձավ աղքատության եւ գործազրկության ցուցանիշի բարձր մակարդակին: Պատգամավորը նշեց, որ երկրում կա նաեւ արտագաղթի հիմնախնդիրը:
ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը եւ «Բարգավաճ Հայաաստան» խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը կարեւորեցին ԵՄ ինտեգրացիոն գործընթացները, ընգծեցին Ասոցացման պայմանագրի ստորագրման կարեւորությունը Հայաստանի համար: Պատգամավորները խոսեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումից եւ Եվրախորհրդարանի հավասարակշռված մոտեցումներից:
«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը տեղեկացրեց, որ իրենց ներկայացրած կուսակցություններն անդամակցում են եվրոպական տարբեր քաղաքական ընտանիքների: Պատգամավորը նշեց, որ Հայաստանը բարեփոխումներ իրականացնելու ճանապարհով է փորձում լուծել երկրում առկա խնդիրները: Մհեր Շահգելդյանը նույնպես կարեւորեց խաղաղ բանակցությունների ճանապարհով ԼՂ հարցի լուծումը:
Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ ԵՄ հետ մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Արտակ Զաքարյանի խոսքով` Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել Եվրամիություն-Հայաստան Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում եւ այսօր համարվում է Արեւելյան գործընկերության առաջատարներից մեկը: Նա փաստեց նաեւ, որ Հայաստանը փորձելու է մինչեւ 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները:
Հանդիպան ընթացքում բարձրացվեցին նաեւ Եվրանեսթ ԽՎ-ում առաջիկայում քննարկվելիք զեկույցների վերաբերյալ հայկական պատվիրակության մոտեցումները: Այդ հարցին անդրադարձավ նաեւ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Արտակ Զաքարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ Եվրախորհրդարանի պատգամավորները չտրվեն ադրբեջանական հակաքարոզչությանը եւ տարածվող թյուր տպավորություններին: «Ցանկալի է, որ նրանք առիթ ունենան լինելու Լեռնային Ղարաբաղում եւ տեղում ծանոթանան իրավիճակին»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Ներկաները քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

«Բարև Երևան» դաշինք. Դատապարտում ենք քարոզարշավի խոչընդոտումը ՀՀԿ տեղական շտաբների կողմից

«Բարև Երևան» դաշինքԵրեկ` ապրիլի 28-ին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի քարոզարշավի ընթացքում մի քանի անգամ խոչընդոտվեց քաղաքացիների հետ հանդիպումը. նախ կտրեցին հոսանքալարը, ապա այն վերանորոգելուց հետո հոսանքազրկեցին ողջ շենքը: Երբ միջոցառման կազմակերպիչները փորձեցին անհրաժեշտ հոսանքը հայթայթել այլ աղբյուրից՝ ՀՀԿ շտաբից դուրս եկած երիտասարդները հրահրեցին քաշքշուկ, որը դադարեցվեց ոստիկանների միջամտությունից հետո:

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի շտաբը դատապարտում է ՀՀԿ որդեգրած այս գործելոճը եւ ոստիկանությունից պահանջում ձեռնարկել համապատասխան միջոցներ` բացահայտելու եւ պատասխանատվության      ենթարկելու սադրիչներին, ինչպես նաեւ ապահովելու դաշինքի կազմակերպած հետագա միջոցառումների կարգուկանոնը եւ մասնակիցների անվտանգությունը:

 

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի շտաբ

Եթե ԱԺ-ն հավանություն տա, Արդարադատության ակադեմիան կգործի 2014-ի հունվարից

հրայր-թովմասյանԽորհրդարանում քննարկման դրվեց «Արդարադատության ակադեմիայի մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է միավորել դատական եւ դատախազական դպրոցները` ստեղծելով մեկ ընդհանուր դպրոց` Արդարադատության ակադեմիա:

Հրայր Թովմասյանի խոսքով՝ այդ փոփոխությունը ոլորտում առկա խնդիրներին արմատական լուծում տալու նպատակ ունի, և որ դատական ու դատախազական համակարգերի համար կադրերի պատրաստման եւ վերապատրաստման հարցում մեկ միասնական կառույցի գործառնության գաղափարը համահունչ է ժամանակակից միջազգային զարգացումներին:

Նախատեսվում է ուսուցումն անցկացնել դասախոսությունների, սեմինարների, դատախաղերի, դատարաններում կոնկրետ գործերին ծանոթանալու, կրթական արդի այլ եղանակներով ու մեթոդներով: Ակադեմիայի շրջանակներում աստիճանաբար իրականացվելու են դատական ու դատախազական համակարգերի կադրերի պատրաստմանը եւ վերապատրաստմանը ներկայացվող պահանջները:

Արդարադատության նախարարը հորդորեց կողմ քվեարկել օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելուն: Այն քվեարկության կդրվի վաղը:

Եթե օրինագիծն ընդունվի, Արդարադատության ակադեմիան կսկսի գործել 2014 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ կլուծարվեն ՀՀ դատական և դատախազական դպրոցները:

Հիշեցնենք, որ առաջին քննարկման ժամանակ օրինագծին դեմ էր արտահայտվել անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա ճիշտ չի համարում դատավորների եւ դատախազների թեկնածուների` մեկ հարկի տակ սովորելու հանգամանքը: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ Հայաստանում նրանց շփումը պետք է հնարավորինս բացառել եւ ոչ թե միասնականացնել: