ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որՀանրապետության տարածքում`
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:
Քամին հարավ-արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին հայտնեցին, որՀանրապետության տարածքում`
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:
Քամին հարավ-արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանհունվարի 3-ին` ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Սելիմի լեռնանցքում տեղ- տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Քամին հարավ-արևմտյան 1-5մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ամանորյա միջոցառումների շրջանակում, դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր:
ժամը 22:00-ից մեկնարկած համերգային ծրագրի շրջանակում, հրապարակում ներկա բազմաթիվ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին, իրենց ելույթներով ողջունել և շնորհավորել են հանրապետության հայտնի երգիչ-երգչուհիներ և էստրադային ու ժողովրդական համույթներ:
Տոնական ուրախ մթնոլորտը շարունակվել է մինչև ուշ գիշեր:
Իսկ կեսգիշերին, տոնական հրավառության ուղեկցությամբ, Հանրապետության հրապարակում ներկա քաղաքացիներն ու համերգային ծրագրի մասնակիցները դիմավորել են Նոր տարին:
Համերգային ծրագիրը շարունակվել է մինչև գիշերը ժամը 02:00-ն՝ հայտնի DJ-ների մասնակցությամբ կազմակերպված ամանորյա դիսկոտեկով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երբ փոքր ենք, մեզ թվում է, թե ձյան փաթիլները բացիկների վրա են նկարում գեղեցիկ տեսքով, սակայն հետո ենք նկատում ու ապշում, թե բնությունն ինչպես է յուրաքանչյուր փաթիլին անկրկնելի ձև ու տեսք տալիս: Դրանք հիմնականում լինում են 5 մմ տրամագծով:
-Պաշտոնապես գրանցված ամենամեծ փաթիլն ունեցել է 12 սմ տրամագիծ:
-1944-ի ապրիլին տեղացած ձյան փաթիլները նույնպես մեծ են եղել` գրեթե ափաչափ ու հիշեցրել են ջայլամի փետուր:
-Ձյան փաթիլները կշռում են 1 մգմ: Դրանք 95%-ով օդից են կազմված, ու դրանով է պայմանավորված, որ ցածր խտություն ունեն ու անկման ոչ մեծ արագություն (միջինը` 0,9 կմ/ժամ):
Մենք համոզված ենք` սովորաբար փաթիլը սպիտակ գույն է ունենում: Սակայն արկտիկական ու լեռնային շրջաններում պատահում է, որ այն լինում է վարդագույն կամ անգամ կարմիր` պայմանավորված տարբեր օրգանիզմներով, ասենք` ջրիմուռներով: Բազմիցս է դիտվել գունավոր ձյան տեղում. երկնագույն, կանաչ, մոխրագույն: 1955-ին Կալիֆոռնիայում կանաչ ձյուն է տեղացել` ֆոսֆորագույն երանգով: Այն մարդիկ, որոնք փորձեցին դրա համը, շուտով մահացան, իսկ ովքեր ձեռքով դիպան դրան` ցան և ուժեղ քոր ունեցան:
-1969-ին Շվեդիայում Ամանորին երկնքից սև ձյուն տեղաց:
– 2001-ին Կոլորադոյում ձմերուկի համով ու գույնով ձյուն իջավ: Այն ջրիմուռներով էր ներկվել:
Ի դեպ, ձյան փաթիլն իջնելիս «երգում» է, այսինքն` ձայն արձակում, որը մարդու ականջի համար անորսալի է, սակայն մասնագետներն ասում են, որ այդ ձայնը ձկների համար շատ տհաճ է: Իսկ ոտքերի տակ ձյան ճռռոցն առաջանում է փաթիլների ասեղների կոտրվելուց: Գերմանացի օդերևութաբաններին հաջողվել է հաշվել, թե քանի սեպտիլիոն փաթիլ է իջնում (այս թիվը 24 զրո ունի): Եվ այդքանի մեջ երկու միանման փաթիլ երբեք չի լինում:
Ամանորն այն սակավաթիվ տոներից է, որ հայ ժողովուրդը շարունակում է ճոխ-ճոխ տոնել, հետաքրքիր է, կա արդյոք մեկը, ով պարզապես անջատում է նյարդերն ու հրաժարվում գեր ծախսեր անելուց: Սակայն, ինչպես եւ ամեն ինչ, Նոր տարվա տոնակատարության մենթալիտետը եւս շատ հայկական է: Որովհետեւ, ի տարբերություն այն եվրոպացիների, որոնց հետ որոշ քաղաքացիներ այդքան շատ ուզում են ինտեգրվել, մենք Նոր տարին դիմավորում ենք այնպես, որ ոչ թե ինքներս հաճույք ստանանք, այլ, որ դիմացինին «պզզացնենք»:
«Դեկտեմբերի 31-ին երբ տարբեր հեռուստատեսություններ ենք միացնում, ականատես ենք լինում բազմաթիվ օյինբազությունների»,-այս մասին archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց սոցիալական աշխատող Արմինե Շահումյանը:
Նրա խոսքով հատկապես պետք է մեծ ուշադրություն դարձնել հեռարձակվող հաղորդումներին: Ավանդական հայ ընտանիքը հենց այդպես էլ դիմավորում է Ամանորը, տոնական սեղան է գցում, զարդարած բուդը դնում կենտրոնում, հետո հերթով ամեն ինչ շարում՝ բաստուրմա-սուջուխ, բլինչիկ-մլինչիկ եւ այլն, ու միացնում հեռուստացույցը: Ինչո՞ւ: Որովհետեւ նաեւ հոգեւոր սնունդ է ուզում: Բոլոր հայկական ալիքներով մոտավորապես նույն բանն է՝ հայկական «շոու-բիզնեսի» կերած-խմած դեմքերը հավաքվել էին ճիշտ նույնպիսի տոնական սեղանի շուրջ, իսկ տեսախցիկն ամենայն մանրամասնությամբ ցուցադրում էր սեղանին դրվածը: Բոլորը երգում-պարում եւ ուրախանում են, մի քանի ալիքներ էլ բացառությամբ ցուցադրում են ֆիլմեր, որոնք ամբողջ տարվա ընթացքում եթեր չեն հեռարձակվել ու հասանելի չեն եղել հանրությանը:
«Նրանք, ովքեր արբանյակային ալեհավաքներ ունեն, կարող են համեմատել, թե ինչպես է ամբողջ աշխարհը դիմավորում Ամանորը, եւ ինչպես են դիմավորում հայերը: Ամբողջ աշխարհում՝ տոնական մթնոլորտ, հրավառություն, կատակներ, համերգային ծրագրեր եւ այլն: Հայկական հեռուստաեթերում շատ հաճախ գովազդից բացի ուրիշ ոչինչ չկա: Կողքից նայողը միանշանակ այն տպավորությունը կստանար, թե հինգհազարամյա հայ ժողովրդին ուտելիքից բացի ոչինչ չի հետաքրքրում: Ու մարդիկ ստիպված էին հինգ րոպեն մեկ տեղեկանալ, որ հայ ժողովուրդը չգիտի, թե որն է հայկական երկրորդ զովացուցիչ ըմպելիքը»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Գյումրու Սայաթ-Նովա փողոցում գործող «Պոնչիկ-մոնչիկ» մանկական սրճարանը երրորդ տարին է Գյումրու քաղաքապետարանի կողմից ճանաչվում է ամանորյա լավագույն զարդարված տարածքը և արժանանում է պարգևատրման:Այս տարի, սրճարանի տնօրինությունը որոշեց քաղաքապետարանի կողմից տրամադրված գումարը կրկնապատկել և բաժանել «Շիրակ կենտրոնի» տեսանյութերում ներկայացված, տնակներում ապրող և մանկահասակ երեխաներ խնամող երկու ընտանիքների: «Պոնչիկ-մոնչիկի» նախաձեռնությանը միացավ նաև «Շիրակ կենտրոնը» և Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միության կողմից տրամադրված հագուստ և խաղալիքներ նվիրեց ընտրված ընտանիքների երեխաներին:
Ներկայացնում ենք տնակային ավաններում բնակվող ընտանիքներին աջակցություն տրամադրելու մասին տեսանյութը` առանց մեկնաբանության:
«Շիրակ կենտրոնը» օրերս ահազանգ ստացավ, որ Շիրակի մարզում,
Առավել մանրամասը ներակայացվող տեսանյութում` առանց մեկնաբանության:
Հունվարի 1-ը որպես տարվա սկիզբ սահմանել է Հռոմի կայսր Հուլիոս Կեսարը (Ք.ա. 46 թ.), իսկ Նոր տարվա տոնակատարությունները սկիզբ են առել Բաբելոնում Քրիստոսից 4 հազ. տարի առաջ: Հին հայերը Նոր տարին նշել են օգոստոսի 11-ին, որը համընկնում էր Ք.ա. 2492 թ. Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան: Ինչ վերաբերում է Ձմեռ պապին, ապա Քրիստոնեության ընդունումից հետո, եվրոպական բանահյուսության մեջ, այդ կերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս Սուրբ Նիկողայոսի (270-345 թթ.) վարքին, որը, ըստ ավանդության, օգնում էր չունևորներին: Ժամանակի ընթացքում այն փոխվել ու վերածվել է երեխաների ամենասպասված հյուրի:
Իսկ մեր հանրապետության ճանաչված մարդիկ ի՞նչ են ցանկանում` 2014 թվականին բերի Ձմեռ պապը: Հարցրինք նրանց:
Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար Արեգ Միքայելյան
Անձամբ ինձ շատ բան չեմ ցանկանում՝ աշխատել ու նոր արդյունքների հասնել Տիեզերքի ուսումնասիրության բնագավառում, քանի որ դա է իմ կոչումը և կյանքի հետաքրքրությունը: Մարդկությանը և հատկապես հայությանը կցանկանայի նախ և առաջ խաղաղություն և բարեկեցություն: Շատ կուզենայի, որ հայերը վերագտնեին իրենց նախկին դրական արժանիքները և ոչ թե այդքան շատ կարևորեին նյութականն ու գործնականը: Ցանկանում եմ՝ առաջին տեղում լինեն հոգևոր արժեքները` ազնվությունը, բարոյականությունը, ստեղծագործականը, գեղեցիկը…
Թարգմանիչ, իրավաբան Իգոր Անիսիմով
Ամենագեղեցիկ և դրական տոնն Ամանորն է: Եվ ինչպես յուրաքանչյուր մարդ, այնպես էլ ես ունեմ երազանքներ: Կարծում եմ՝ բոլոր երազանքներն իրականանում են, եթե շատ ես ցանկանում: Թերևս առողջությունն ամենակարևորն է, առանց որի չես կարող լիաթոք ուրախանալ և վայելել իրագործված երազանքներդ: Ուստի իմ սիրելիներին և համայն աշխարհին ցանկանում եմ առողջություն և շատ երջանիկ պահեր, թեպետ երջանկությունը յուրաքանչյուրի համար տարբեր է: Ոմանց համար այն նյութականն է, այլոց համար՝ սերն ու առողջությունը: Ինձ համար երջանկությունն այդ բոլորը միասին է:
Կինովավերագրող, ռեժիսոր Էդուարդ Համբարձումյան
Կցանկանայի, որ 2014 թվականը ոչ թե բերի, այլ տանի: Տանի այն բաժանումը, որը կա և՛ իմ, և՛ մեր հայության միջև, որը, ավաղ, սկսում է վերածվել մշտական կարոտի, քանի որ հնարավորություն չեմ ունենում երկար ժամանակ անցկացնել տանը` Երևանում: Թող որ 2014-ը տանի այդ կարոտի զգացումն ինձնից և հայաստանաբնակ հայերից, որոնց հարազատներից շատերը, ցավոք, նույնպես բնակություն են հաստատել հայրենիքից դուրս: Թող որ 2014 թվականին հնարավորություն ունենանք միասին լինելու և, այո, միասնական: Իրականում մենք` հայերս, բարի ժողովուրդ ենք, դրանից էլ հաճախ ուրիշներին թվում է, թե միամիտ ենք: Արիությունն ու սերը մեզ կարող են միավորել: Ամրությո՛ւն մեզ բոլորիս: Կարծում եմ` դրա կարիքը հայերս շատ ունենք:
Սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, դասախոս Արթուր Աթանեսյան
2014 թվականը, իբրև տարեթիվ, հիշեցնում է 100 տարի առաջ սկսված Առաջին Համաշխարհային պատերազմը, որի հետևանքով էապես փոխվեց Եվրասիայի քաղաքական քարտեզը, փոխվեց եվրոպական պետությունների ռազմաքաղաքական և տնտեսական վիճակը, վերացավ ցարական Ռուսաստանը, նորաստեղծ Խորհրդային Միությունն իր մեջ առավ այդ ժամանակ Հայաստանի առաջին հանրապետությունը: Այժմ այդ բոլոր տերություններն ու քաղաքական իրողությունները պատմության գիրկն են անցել, բայց մարդկությունը դեռ շարունակում է մտածել ռազմաքաղաքական բախումների հրահրման տերմինաբանությամբ: Գալիք տարի լրանում է Առաջին Համաշխարհային պատերազմի հարյուրամյակը, մեկ տարի հետո, 2015-ին` Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված առաջին ամենածավալուն ցեղասպանությունը: Այսօր Թուրքիան Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելով` Եվրոպայում իր ներկայությունն ու իր խաղի կանոնները կիրառելու պահին է սպասում: Ինչ կցանկանայի գալիք տարո՞ւմ.. Որ 100 տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձություններն այլևս չկրկնվեն, որպեսզի աշխարհում ապրող յուրաքանչյուր ազգ և ժողովուրդ, դիտելով համաշխարհային հակամարտությունների, սպանությունների և մահվան մասին բազում հաղորդումներ, կարդալով գրքեր և այցելելով թանգարաններ, հստակ պատկերացնի պատերազմի սարսափն ու մերժի այն, սովորի մտածել հասուն անձի պես և այլևս պատերազմ չխաղա:
Քաղաքագետ, «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպության գործադիր տնօրեն Մարկ Դիզն
Իմ սիրած մեջբերումներից մեկն առաջնորդության վերաբերյալ է և պատկանում է Դոնալդ Հ. Մակգեննին. «Ղեկավարությունը գործողություն է, ոչ թե պաշտոն»: Ցանկանում եմ, որ 2014 թվականը լինի գործողության տարի: Թող որ կարողանանք թարմացնել մեր մեջ եղած սերը, վերահաստատենք մեր պարտավորություններն ու վերագտնենք կենսաէներգիան մեր համայնքները, շրջանները և երկրները բարելավելու համար: Թող որ 2014-ը երջանիկ և մեծ ձեռքբերումների տարի լինի:
Հրապարակախոս, գրող Արթուր Հայրապետյան
Իմ ազգին մաղթում են առողջություն և բազում հաղթանակներ, առանց մարդկային կորուստների: Թող 2014 թվականին Աստված մեզ հեռու պահի երևույթ և աներևույթ թշնամիներից: Շնորհավոր նոր տարի:
Ասմունքող, հաղորդավար, գլխավոր խմբագիր Հրաչուհի Ութմազյան
Ուզում եմ հոգու և մտքի առողջություն, խաղաղություն յուրաքանչյուր մարդու կյանքում: Դրա համար պետք է մի քիչ աշխատել, անընդհատ մեղավորներ չփնտրել և ամեն ինչ սեփական անձի ներսում փորձել կարգավորել: Եթե քո մեջ ներդաշնակության հասնես, ամեն ինչ իր տեղը կընկնի: Տարիների հետ հասկանում եմ, թե ինչքան կարևոր է առողջ լինելը: Մեկ էլ այնքա՜ն հաճելի է, երբ հաջողությունը ժպտում է:
Սեքսապաթոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ սեքսալոգիայի ամբիոնի վարիչ Սևադա Հակոբյան
Եթե անկեղծ, ապա կուզենայի, որ 2014 թվականին երրորդ երեխաս տղա լիներ: Հայությանն էլ ցանականում եմ առողջ ընտանիքներ, միջանձնային լիակատար հարաբերություններ՝ իր բոլոր ասպեկտներով, երեխաների ճիչ բոլոր ընտանիքներում: Առողջ ընտանիք, առողջ պետություն:
Միջազգային սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնթերոլոգ Վարդանուշ Պետրոսյան
Իմ ցանկությունները գաղտնի եմ պահում, թղթի վրա գրում և այդպես թողնում մինչև իրագործվելը: Իսկ ընդհանրապես ուզում եմ, որ մեր երկիրը բարգավաճի, լուսավորվի, յուրաքանչյուր մարդ իր տեղում և սրտացավ լինի: Այդպես ամեն ինչ լավ կլինի:
Իհարկե ամեն ինչ լավ կլինի, եթե մանավանդ Ամանորի տոնածառը չպակասի մեր տնից և զարդարվի մեծ սիրով ու ապագայի նկատմամբ հույսով: Չէ՞ որ, ի վերջո, բոլորս, լինենք մասնագետ, թե ոչ, մեծ երեխաներ ենք և ցանկանում ենք նվերներ ստանալ: Ուրեմն եկեք մի պահ մոռանանք անցած գժտություններն ու տխուր պահերը և երազանք պահենք: 2014 թվականը անպայման կկատարի այն:
Շնորհավոր գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Ելենա Չոբանյան
Քիչ առաջ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ուղեկցող դասակի ծառայողները Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի նստավայրի դատարան են բերել սիրված ու ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանին: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ հետո նշված դատարանում ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացնելու, որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարացնի Վ. Պետրսյանի խափանման միջոց կալանքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատական նիստին ներկա են փաստաբաններ Ռուբեն Բալայանը, ով պաշտպանում է ավտովթարի հետևանքով մահացածների շահերը և Նիկոլայ Բաղդասարյանը, ով պաշտպանում է Վ. Պետրոսյանի շահերը: Այս պահին դռնփակ դատական նիստը սկսվել է, որը նախագահում է դատավոր Յուրի Բաղդասարյանը, իսկ դատարանի բակում հավաքվել են մեծ թվով ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, Վ. Պետրոսյանի համակիրներ, դատարանի բակում է նաև դերասանի որդին՝ Հայկ Պետրոսյանը:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքում գրել է.
“Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ,
շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Անշուշտ, Նոր տարվան առանձնակի սիրով ու ջերմությամբ սպասում ենք բոլորս: Սպասում ենք այն ակնկալիքով, որ Նոր տարում կիրականանան մեր նվիրական այն երազանքները, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր սրտում: Ու տա՛ Աստված, որ իրականանան մեր բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները:
Տարեմուտի շեմին նաև ընդունված է հետադարձ հայացք ձգել անցնող տարուն, ամփոփել արվածն ու կազմել նոր ծրագրեր հաջորդ տարվա համար: Անցնող տարին կարող ենք վստահաբար ասել, որ մեր սիրելի Երևանն ամփոփում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում արձանագրված մի շարք հաջողություններով ու ձեռքբերումներով: Մայրաքաղաքին ու մեր բնակչության հարմարավետության ապահովմանն առնչվող տարեկան բոլոր ծրագրերը, շնորհիվ համակարգված ու արդյունավետ աշխատանքի, հաջողությամբ կյանքի են կոչվել: Դրանում, անշուշտ, մեծ է նաև ձեր դերակատարումը, սիրելի երևանցիներ, քանզի այդ ամենը կյանքի է կոչվել ինչպես ձեր վստահության ու նվիրումի, այնպես էլ ձեր աջակցության, հաճախ նաև անմիջական մասնակցության շնորհիվ:
Եվ ես համոզված եմ, որ այդ նույն վստահությամբ և նվիրումով աշխատելու ենք նաև 2014-ին ու հաջորդող բոլոր տարիներին, որպեսզի օր առաջ ունենանք մեր բոլորի երազած ապահով, մաքուր, հարմարավետ ու ավելի լավ Երևանը:
Երևանը բոլորիս տունն է, մեր մեծ ընտանիքը, ուր բազմաթիվ հայորդիներ այս օրերին բարեմաղթանքներ են հղում, որոնց սրտանց միանում եմ:
Թող Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն բերի բոլորին: Թող անցնող տարում մնան բոլոր դժվարություններն ու հոգսերը և թող բոլորս դրական նոր լիցքերով, սեփական ուժերի հանդեպ վստահության զգացումով մտնենք նոր տարի: Ու թող, որ 2014-ը խաղաղություն և բարօրություն բերի մեր երկրին ու մեր ընտանիքներին:
Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, մայրաքաղաքի սիրելի հյուրեր,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ամանորի ու Սուրբ ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ առողջություն, հաջողություններ բոլոր ձեռնարկումներում և անսահման սեր ու երջանկություն բոլոր ընտանիքներում”:
2013 թվականը հասարակական, քաղաքացիական կյանքում բուռն էր: Հանրությունը շատ հարցերի շուրջ ինքնակազմակերպվեց և հանդես եկավ միասնական դիրքերից` պաշտպանելով սեփական շահերը: Հանրային խորհուրդը, որը ստանձնել է իշխանության և հասարակության միջև յուրօրինակ կամրջի դեր, բարձրացված բոլոր հարցերին արձագանքեց` ՀՀ նախագահին ու կառավարությանը ներկայացնելով հանրության մտահոգությունները, ինչպես նաև իր դիրքորոշումն ու առաջարկները:
Տարվա առաջին ամենակարևոր քննարկումը Հանրային խորհրդում ՄԱԿ-ի գրասենյակները Եվրոպայից Ստամբուլ հնարավոր տեղափոխման հարցն էր, որը խիստ մտահոգիչ է Հայաստանի համար և լուրջ խոչընդոտներ կարող է առաջացնել: Հանրային խորհուրդը հարցը քննարկեց նաև Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ, որի ընթացքում ուրվագծվեցին մի շարք քայլեր ու գործողություններ, որոնք անհրաժեշտ է իրականացնել` միջազգային հարթակում պաշտպանելու Հայաստանի շահերը և կանխելու նման կարևոր կառույցները Թուրքիա տեղափոխելու մտադրությունը:
Այնուհետև ՀԽ օրակարգի առանցքում հայտնվեցին Հայաստանի քաղավիացիայի խնդիրները: Մինչ Հանրային խորհուրդը քննարկումներ կիրականացներ և հանդես կգար առաջարկներով, թե ինչպես կարելի է փրկել քաղաքացիական ավիացիան և ազգային ավիափոխադրողին, հայտնի դարձավ «Արմավիա» ավիաընկերության սնանկացման լուրը: Խորհրդում տեղի ունեցան մի շարք քննարկումներ` շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ: Չընդդիմանալով օդի ազատականացման գաղափարին` միաժամանակ Հանրային խորհուրդն անհրաժեշտ համարեց տեղական ավիափոխադրողներ ունենալը, որը չավարտված պատերազմ ունեցող երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Կարևորվեց նաև այդ ավիափոխադրողների միջև մրցակցային պայմանների ապահովումը: Խորհուրդը գտավ, որ հարկավոր է կիրառել ոլորտի ազատականացման փուլային տարբերակը և մշակել ու վավերացնել Օդային օրենսգիրք:
Հուլիս ամսին Հանրային խորհուրդը հանդիպեց Հանրապետության նախագահի հետ` ներկայացնելով մի շարք մտահոգիչ հարցեր, որոնցից էին, օրինակ, հայ-ռուսական հարաբերությունները` Ռուսաստանին զենք վաճառելու համատեքստում, արտագաղթի խնդիրը, Երևան քաղաքի պատմամշակութային շինությունների և ժառանգության պահպանումը` Ծածկած շուկայի և Հանրապետության հրապարակի վերակառուցման հիմնախնդիրների ֆոնին և այլն:
Տրանսպորտի թանկացման դեմ քաղաքացիական ակտիվ շարժմանը զուգընթաց` Հանրային խորհուրդը օրակարգ մտցրեց տրանսպորտի ոլորտին առնչվող մի շարք հիմնախնդիրներ` առաջարկելով քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչներին մասնակցել ՀԽ աշխատանքներին: Այդ ժամանակ էլ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը հրավեր ստացավ Մաշտոցի պուրակում հանդիպելու քաղաքացիական նախաձեռնության երիտասարդ ակտիվիստների հետ և համատեղ քննարկելու տրանսպորտի խնդիրները: Հրավերն ընդունվեց, և Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ հանդիպումը` որպես Հանրային խորհրդի և քաղաքացիական ակտիվ հասարակության միջև համագործակցության յուրօրինակ քայլ:
Հոկտեմբեր ամսին Հանրային խորհուրդը հանդիպեց նաև կառավարության ղեկավարի հետ: Վարչապետ Տիգրան Սարգսյանին խորհրդի անդամները ներկայացրեցին մի շարք հարցեր` կապված Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների, արտագաղթի, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, քաղաքացիական հասարակության կայացման և այլ ոլորտներում առկա խնդիրների հետ:
Հոկտեմբեր ամսին բուռն քննարկումներ սկիզբ առան և մինչև տարեվերջ շարունակվեցին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի շուրջ` կառավարությանն առընթեր քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից Հանրային խորհրդին ուղղված դիմումի հիման վրա` համատեղ քննարկելու օդանավակայանի հին ուղևորային համալիրի հետագա պահպանման կամ քանդման հարցը:
Խորհուրդը որոշեց դիմել կառավարություն` չհամաձայնելու կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը քանդելու առաջարկությանը, պահանջելու կոնցեսիոներից ներկայացնել հիմնավոր հաշվարկ գործող օդանավակայանի հետագա զարգացման վերաբերյալ, կոնցեսիոների հետ համատեղ ուսումնասիրելու հին ուղևորային համալիրի պահպանման ու հետագա շահագործման հնարավորություններն ու ծախսերը, հանձնարարելու համապատասխան կառույցին քննարկել համալիրը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներառելու հնարավորությունը:
Տարվա վերջում, երբ կառույցը քանդելու վերաբերյալ դրական եզրակացություն եղավ քաղավիացիայի գլխավոր վարչության կողմից, և այն իրագործելու համար մնաց ընդամենը մեկ քայլ` կառավարության հաստատումը, վարչապետը հայտարարեց, որ հարցը դեռևս քննարկման կարիք ունի, քանի որ «Զվարթնոց»-ի կլոր շենքը խորհրդային մոդեռնիստական ճարտարապետության կարևորագույն նմուշներից է:
Նոյեմբեր ամսին հասարակությունը կրկին ցնցվեց. հայտնի դարձավ, որ 2014 թվականից կիրառվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգը, որը նախատեսում է 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների աշխատավարձի 6.6-13%-ի պարտադիր ներդրում արտասահմանյան հիմանդրամներում` շուրջ երեսուն տարի հետո բարեկեցիկ ապագա ունենալու նկատառումով:
Հանրային խորհուրդն անընդունելի համարեց մարդկանց «բռնի կերպով երջանկության տանելու» կառավարության մոտեցումը` նշելով, որ բարեփոխումը կարող է հաջողությամբ իրականացվել միայն հանրության կողմից ընկալելի և ընդունելի լինելու պայմաններում:
Հարցը քննարկելով շահագրգիռ բոլոր կողմերի հետ` Հանրային խորհուրդը ՀՀ նախագահին ու կառավարությանն առաջարկեց մինչև 2014 թվականի հունվարի 1-ը հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ մինչ այդ համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ անցկացնելով հանրային լսումներ, որպեսզի ևս մեկ անգամ քննարկվեն հանրության կողմից բարձրացված խնդիրներն ու ներկայացված առաջարկությունները:
Այս ամենը` հայտնի դեպքերի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ՀԽ հանձնաժողովներում ու ենթահանձնաժողովներում տարվա ընթացքում տեղի ունեցած անցուդարձին, ինչը երբեմն տեսանելի չէ հանրության կողմից, ապա կարելի է դրանցից ևս որոշ ուշագրավ հարցեր առանձնացնել:
ՀԽ ամենաակտիվ հանձնաժողովներից մեկը` ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովը տարվա ընթացքում քննարկել է գազի, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը, հանքահումքային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հարցը, փոքր և միջին ձեռնարկություններին հարկային արտոնյալ պայմանների սահմանման առաջարկությունները, «Նաիրիտ» ՓԲԸ վերագործարկման խնդիրները, թեթև արդյունաբերության զարգացման համար հարկային արտոնությունների սահմանման անհրաժեշտության, կաշվի, բրդի մթերման, վերամշակման և հայրենական բրենդային ապրանքանիշերի վերականգնման և այլ հարցեր:
ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովը կրկին ուշադրության կենտրոնում է պահել Հայաստանի արոտավայրերի ճիշտ օգտագործման, գյուղացիական կոոպերացիաների զարգացման հարցերը, Արարատյան դաշտավայրի ջրային պաշարներին սպառնացող վտանգը: Նշենք, որ դեկտեմբերի ամսին խորհրդարանը վավերացրեց կառավարության կողմից ներկայացրած օրենքի նախագիծը, որը որոշակիորեն կարգավորում է այդ ոլորտը:
Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը քննարկել է ոլորտում անհապաղ լուծման կարիք ունեցող այնպիսի հարցեր, ինչպիսիք են դեղերի տենդերային ոչ արդյունավետ քաղաքականությունը, սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված գումարների ոչ ճիշտ օգտագործումը, ՀՀ-ում խնամքի տներ ստեղծելու, դպրոցներին դեղեր հատկացնելու անհրաժեշտությունը և այլ հարցեր:
Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը օրակարգում է պահել հանձնաժողովի համար որպես գերակա խնդիր հայտարարված համայնքների խոշորացման հայեցակարգը, ՀՀ տեղական ինքնակառավարման հետագա զարգացման և իշխանության ապակենտրոնացման ռազմավարությունը, ՀՀ ժողովրդագրության հոսքերը և միգրացիոն իրավիճակը, համայնքների համաչափ զարգացման և սահմանամերձ գոտու ամրապնդման ռազմավարությունը:
Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների շահերի պաշտպանության հարցերի հանձնաժողովը մենաշնորհային և գերիշխող դիրքի չարաշահման, փոքր և միջին բիզնեսի, գործարարների շահերի պաշտպանության կազմակերպման հարցերով կազմակերպել է բազմաթիվ քննարկումներ, իսկ հանձնաժողովի առաջարկությունները ներկայացվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով: Շարունակվել են քննարկումները նաև հեռահաղորդակցության ոլորտի արդիականացման խնդիրների շուրջ` ներկայացվելով մի շարք առաջարկներ:
Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովն ուշադրության կենտրոնում է պահել ավագ դպրոցներում ստեղծված իրավիճակը` մասնավորապես կախված դասագրքերի և տարբեր հոսքերի չհղկված ուսումնական պլանների հետ: Քննարկել է պետական ԲՈՒՀ-երի դասախոսների մանկավարժական ստաժի հասկացության վերականգնման անհրաժեշտությունը, դասախոսներին սոցիալական փաթեթի անարդարացի բացակայության հարցը, ԲՈՒՀ-երի ուսման վարձերի բարձրացման խնդիրը:
Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի կողմից նախաձեռնվել ու մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծ, որի շուրջ տեղի են ունեցել քննարկումներ տեղական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների, ինչպես նաև Ազգային ժողովի և նախարարությունների պատասխանատուների մասնակցությամբ:
Պաշտպանության, ներքին գործերի և անվտանգության հարցերի հանձնաժողովի կողմից ուսումնասիրություններ և վերլուծություններ են կատարել ՀՀ ՊՆ բանակային կորպուսների, հրթիռահրետանային, հակաօդային պաշտպանության, ինժեներասակրավորային վարչություններում և նրանց ենթակա զորավարչություններում:
Ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովը շարունակել է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված գործունեությունը` կազմակերպելով համաժողովներ, կլոր սեղաններ քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և ընդունել համապատասխան որոշումներ:
Գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձաժողովը միգրացիայի, ժողովրդագրական և գենդերային հիմնախնդիրների հետ մեկտեղ, քննարկել է ընտանիքի հիմնախնդիրները և ներկայացրել առաջարկություն` անցկացնելու «Ընտանիքի տարի» ծրագիրը:
Կրոնի, Սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովն անդրադարձել է նաև ադրբեջանցի բարբարոսների կողմից Նախիջևանի հայոց գերեզմանատան և գերեզմանաքարերի անխնա ոչնչացմանը, Հայաստանի արտաքին քաղաքականության հայեցակարգին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
Անի Գասպարյան
2013- ը ոմանց համար ձեռբերումների տարի էր, շատերի համար էլ` ոչ այնքան: Նրանք, ովքեր չհասցրին իրականացված տեսնել իրենց նպատակներն ու նախաձեռնությունները, ակնկալում են դրանք իրագործված տեսնել գալիք տարում: Մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանց համար տարին բարենպաստ էր: Նրանցից մի քանիսն այս տարի ստեղծագործական հաջողություններ ունեցան, հանդես եկան նոր անակնկալներով, իսկ ոմանք գտան իրենց երկրորդ կեսին և դասավորեցին անձնական կյանքը: Մի քանի երգիչ-երգչուհիներ և արվեստի ոլորտի ներկայացուցիչներ խոսեցին մեզ հետ այս տարվա ընթացքում ունեցած հաջողությունների, ակնկալիքների, ինչպես նաև` ամանորյա ծրագրերի մասին: Հետաքրքիր էր իմանալ, թե որքանով են նրանք կարևորություն տալիս տարվա կենդանակերպին, հետևում աստղագուշակների խորհուրդներին և ինչպես են սովորաբար դիմավորում ամանորը:
Հռիփսիմե Ելինյան
2013 թվականը բավականին բեղուն տարի էր: Նշեմ, որ բացի այն, որ դասավանդում եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հանդիսանում եմ նաև «Trio» էստրադային-վոկալ ստուդիայի ղեկավարը, և այս տարի մեր ստուդիան բավական մեծ հաջողություններ ունեցավ: Ունեցանք մեծ համերգ, որին հաջորդեցին մի շարք այլ համերգային ծրագրեր: Ես և Գրիգորը նկարահանեցինք նոր տեսահոլովակ, որը կհեռարձակվի հունվար ամսին: Ակնկալիքները բավական մեծ են, և հուսանք, որ Փայտե ձիու տարին իր հետ կբերի ավելի մեծ հաջողություններ:
Ամանորը սովորաբար տանը չեմ դիմավորում: Մեր ընտանիքում արդեն ավանդույթ է դարձել Նոր տարին քաղաքից դուրս անցկացնելը: Քանի որ ես և ամուսինս՝ Գրիգորը, դեկտեմբերի 31-ի գիշերը լինում ենք աշխատավայրում, հազվադեպ ենք Ամանորը դիմավորում ընտանեկան միջավայրում: Մեզ մոտ ամանորյա հանգիստը սկսվում է հունվարի 1-ից:
Երբ փոքր էի, կարևորում էի տարվա կենդանակերպը և հետևում էի աստղագուշակին: Այժմ դա համարում եմ սնահավատություն և հավատում եմ միայն Աստծուն:
Նվերների հետ կապված ինձ համար առաջնային է իմ բալիկի նվերը, նա արդեն նամակ է գրել Ձմեռ պապիկին (Ձմեռ հայրիկին), Ձմեռ պապիկն էլ խոստացել է, որ անպայման կբերի նրա նվերը: Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորը և մաղթում, որ 2014-ին մեր հայրենակիցները լինեն առողջ, իսկ երջանկությունը թակի բոլորի դռները, անկախ նրանից` տանը մարդ կա, թե ոչ:
Լայանա (Լիանա Թևոսյան )
Սովորաբար Ամանորը դիմավորում էի տանը` ընտանիքիս հետ, բայց վերջին երկու տարին այն դիմավորում եմ աշխատավայրում, ընտանիքս էլ` հետս: Այն անցնում է ուրախ միջավայրում: 2013-ը ինձ համար անցումային տարի էր, քանի որ ամեն ինչ նախատեսում ենք իրականացնել գալիք տարում: Ունեմ բազում անակնկալներ հենց տարվա սկզբի համար: Ակնկալիքներս շատ շատ են գալիք տարվանից: Նվերների հարցում չեմ ուզում ինչ-որ բաներ առանձնացնել, կարևորը` կարողանում եմ ուրախացնել մտերիմներիս, հատկապես` ամուսնուս:
Կցանկանայի մարդկանց ավելի բարյացկամ տեսնել միմյանց նկատմամբ, ներողամիտ: Թող ժպիտը միշտ անպակաս լինի բոլորի դեմքից: Շնորհավոր բոլորի Ամանորը:
Գևորգ Մարտիրոսյան
Շատ կուզենայի Ամանորը դիմավորել տանը` ընտանիքիս անդամների հետ, բայց չեմ կարողանում, քանի որ մենք` երգիչներս, այդ օրերին բազմապիսի հրավերքներ ենք ստանում` մասնակցելու տոնական միջոցառումների: Կարող եմ ասել, որ այս տարի 90 տոկոսով հասցրեցինք անել այն, ինչ պլանավորել էինք այս տարվա ընթացքում: Ասում են` Ձին երազանքների, մեր լեզվով ասած` մուրազի տարի է, և բոլորս էլ սպասում ենք այդ երազանքի կատարմանը: Իսկ անակնկալների համար մի բան կարող եմ ասել` եթե այն իսկապես անակնկալ է, ուրեմն պետք է գաղտնի մնա: Բոլորին ցանկանում են, որ գալիք տարում լինեն առողջ, անհոգ ու երջանիկ, սիրեն և սիրված լինեն: Շնորհավոր Ամանոր:
Եվա
Ամանորը գրեթե միշտ անցկացնում եմ աշխատավայրում, սակայն հասցնում եմ ժամը 24:00-ին տանը լինել, այնուհետև աշխատավայր մեկնել: Կենդանակերպերի այդ նշանակությանը, անկեղծ ասած, առհասարակ չեմ հավատում, ինձ կարող են հետաքրքրել միայն յուրաքանչյուր տարվա նորաձևությունը, գույները և այլն: Ինչքանով հասցրեցի իրականացնել ծրագրե՞րս: Ասեմ, որ գրեթե միշտ ինչ պլանավորում եմ, ստացվում է: Կարողացել եմ այս տարվա ընթացքում նկարահանել 3 տեսահոլովակ, մասնակցել եմ տարբեր համերգների, մասնավորապես` Best contemporary singer of the year միջոցառմանը: Սիրում եմ այնպիսի նվերներ մատուցել, որոնց կարիքը տվյալ մարդիկ ունեն: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը, ցանկանում եմ, որ մարդիկ ավելի բարի լինեն ու կամեցող: Թող բոլորի դեմքից միշտ ժպիտն ու ուրախությունն անպակաս լինեն: Բոլորին մաղթում եմ, սեր, սեր ու էլի սեր:
Արմո (Արմո Հովեյան)
Վերջին 5 տարիների ընթացքում, աշխատանքի բերումով տանը չեմ լինում և մասնակցում եմ տարբեր երեկույթների և միջոցառումների: Միայն առավոտյան եմ տուն վերադառնում: Սակայն այս տարի իրավիճակը փոխվել է, և Ամանորն անցկացնելու եմ ընտանիքիս հետ, քանի որ իմ ու իմ սիրելի կնոջ առաջին նոր տարին է: Այս տարին իմ կյանքում ամենահիշարժանն էր, քանի որ գտա իմ կեսին, ընտանիք կազմեցի: Աստված լրիվ փոխեց իմ կյանքը, դարձա ճշմարիտ քրիստոնյա: Այսինքն` վերածնվեցի այս տարվա հուլիսի 16-ին: Այդ օրվանից մինչ այսօր ապրում եմ Աստծո ներկայությամբ և վայելում Աստվածային սերը, որն իշխում է իմ ընտանիքում: Ոչինչ չեմ կարող ասել գալիք օրերի մասին և որոշակի ոչ մի ակնկալիք չունեմ, պարզապես կաշխատեմ` մնացածն արդեն Աստված ինձ կտա:
Կարծում եմ` Ամանորին ես և կինս միմյանց զարմացնելու միայն մի բան ունենք. ամեն օր կնոջս սիրում եմ նախորդ օրվանից ավելի շատ, ու այդ սերն օր օրի ավելի ու ավելի է մեծանում: Երբ ինձ հաճախ հարցնում են, թե ինչից է, որ իմ ընտանիքում մի տեսակ ամեն ինչ լավ է, ես պատասխանում եմ` սերը շատ է:
Իսկ նվերների հարցում նախապատվությունը տալիս եմ Աստվածաշնչին, և կարծում եմ, որ այն ամենաթանկ և օգտակար նվերն է ցանկացած մարդու համար: Ստեղծագործական կյանքում կան մի քանի անակնկալներ, բայց չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը և մաղթում սեր, բայց ոչ պարզապես սեր: Այն ժամանակավոր է ու սահմանափակ; Խնդրեք Աստծուց աստվածային սեր և աստվածային իմաստություն և այն կստանանք: Երջանիկ եղեք:
Սոնա Շահգելդյան
Թեպետ սնահավատ չեմ, բայց կարևորում եմ տարվա կենդանակերպը: 2010-ից իմ կյանքում հաջող տարիներն են թե՛ գործնական առումով, թե՛ առհասարակ: Հուսով եմ` գալիք տարին էլ ավելի բարենպաստ կլինի: Ամանորը դիմավորելու եմ և՛ աշխատավայրում, և՛ ընտանիքիս հետ, և՛ իհարկե կողքիս է լինելու նաև իմ սիրած էակը: Նվերներ իհարկե սիրում եմ ստանալ, նաև ինքս եմ նվիրում, բայց միայն ամենամոտ մադկանց: Դեռ չեմ մտածել` այս տարի ինչ եմ նվիրելու, սպասելու եմ նաև ինձ մատուցվող անակնկալներին: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը, մաղթում եմ, որ նախորդ տարում մնան բոլոր անցանկալի իրադարձությունները, և մարդիկ իրենց կյանքը սկսեն նոր տարվանից: Բարեմաղթելու շատ բաներ կան: Կցանկանամ, որ բոլոր մարդկանց կենսակերպը բարելավվի, անհոգ լինեն և հաջողակ: Տարին լինի երջանիկ, խաղաղ և, գումարային առումով` առատ տարի: Ես սովորաբար ինչ կամենում եմ, կատարվում է: Նույնն էլ կցանկանամ մեր հայ ժողովրդին: Թող ամեն մարդ իր սրտի չափով իրեն երջանիկ զգա: Ի դեպ, բարին եմ կամենում բոլորին, անկախ նրանից` ինչպիսին են: Շնորհավոր Ամանոր:
Վարդան Ամիրյան
Անկախ նրանից` որ կենդանակերպի տարին է, միշտ ուրախանում եմ Նոր տարվա գալուստով և սկիզբ եմ դնում նոր ծրագրերի, նոր երազանքների: Կենդանակերպի խորհրդանիշը կարևորելը սնահավատություն չեմ համարում, ոչ էլ պաշտամունք, որովհետև դա գիտություն է, որով զբաղվում են այդ բնագավառի մասնագետները: Ինչպես երկար տարիներ, այս Ամանորն էլ կլինի աշխատանքային: Այսինքն` ելույթներով հանդես կգանք տարբեր բեմերում: Իսկ ընտանիքս ինձ հետ է, որովհետև ելույթ ենք ունենում միասին: Ձին իմ ամենասիրելի կենդանիներից է, և սպասելիքներս միայն դրական են, հավատում եմ, որ սա կլինի հաջողությունների և սիրո տարի: Այս տարվա ձեռքբերումներից մեկը Հայ աճպարարների միության հիմնադրման միամյակն էր, որի շնորհիվ բազում հրավերներ ստացանք` մասնակցելու ամենատարբեր փառատոների: Դրանք անցկացվեցին Ուկրաինայում, Ռումինիայում, և միության անդամները մեծ հաջողություններով վերադարձան Հայաստան` բարձր պահելով մեր երկրի աճպարարների պատիվը: Ինչ վերաբերում է նվերներին, ապա մեր ընտանիքում ընդունված է մեկս մյուսին անակնալներ մատուցելը: Ես ինչ նվիրում եմ, նվիրում եմ մեծ սիրով, որպեսզի այն միմիայն ուրախություն և երջանկություն բերի:
Մեր ամբողջ մոլորակին մաղթում եմ խաղաղություն, անսպառ սեր, իմաստություն, հավատք և համատարած բարություն: Եվս մեկ քայլով մոտենանք Աստծո առաքելությանը:
Դերասան, ռեժիսոր Աբել Աբելյան
Ինչ եմ ցանկանում 2014 թվականի՞ն… Բոլորին առողջություն, ուրախություն և երջանկություն: Ինձ նույնպես առողջություն և հաջողություն, քանի որ շատ ու շատ ծրագրեր ունեմ:
Լ.Ն
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում` դեկտեմբերի 30-ին, հունվարի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն, դեկտեմբերի 30-31-ին և հունվարի 1-ին արևելյան շրջաներում հնարավոր է թույլ ձյուն:Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս:
Շնորհավորելով զինծառայողներին և նրանց տեսակցության եկած հարազատներին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ ավանդաբար ընտանեկան ամանորյա տոները, նրանք նշում են ընտանքիներից հեռու, քանի որ իրականցնում են Հայրենիքի պաշտպանության առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովուրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը հաջողություններ ցանկացավ սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը և հզորությունը։
Հայաստանի արտգործնախարարը մաղթեց, որ զինծառայողների ծնողները և հարազատները միշտ բարի լուրեր ստանան իրենց որդիների հաջող ծառայության մասին և առավել հպարտանան Հայրենիքի պաշտպան իրենց զավակներով։
Էդվարդ Նալբանդյանը խաղաղ ծառայություն մաղթեց՝ նշելով, որ Հայաստանի դիվանագետներն իրենց ջանքերն են ուղղում մեր տարածաշրջանում կայունության, անվտանգության և խաղաղության ամրապնդմանը։
Արտգործնախարար Նալբանդյանը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ ծառայության պայմաններին:
Դերասան, շոումեն Հովհաննես Ազոյանը` Հովոն, իր ֆեյսբուքյան էջի միջոցով ամանորյա շնորհավորանք է հղել իր ընկերներին` գրելով.
“Ուզում եմ շնորհավորել իմ ընկերներին Սուրբ ծննդյան տոների առթիվ։ Հատկապես այն մարդկանց, ով մտահոգ է Հայաստանի ներկայով և ապագայով, ով իր ժամանակն ու առողջությունը չի խնայում և ամռան տապին կամ ձմռան բքին, դուրս է գալիս փողոց ու պայքարում է հանուն մեզ, հանուն մեր երեխաների անհոգ ապագայի։ Սիրում եմ ձեզ , շնորհակալ եմ ձեզ։ Դուք եք ոգեշնչում ինձ ապրել Հայաստանում։ Թող Աստված ձեզ ուժ տա, որ չկորցնեք ձեր հավատն ու իմաստությունը։ Ու թող, որ դուք տեսնեք պայքարի ավարտը և ձեր կյանքի մնացած տարիները վայելեք ձեր պայքարի պտուղները։ Սիրում եմ ձեզ։ Շնորհավորում եմ, մեր բոլորիս շահերը վերջին ճիգերով պահող մեր ընդիմությանը։ Սիրում եմ ձեզ։ Իսկ մեր ժողովրդի մյուս մասին և իշխանության մի զգալի հատվածին էլ ցանկանում եմ, որ ձերբազատվի ստրուկի ու անճարի հոգեբանությունից և գտնի իրեն։ Ու այդ ժամ ես ձեզ էլ կսիրեմ։ 2014 թվականը թող լինի հայի առողջացման տարի”։
Տարբեր ժամանակներում հայերն ունեցել են երեք նոր տարի, որոնք կոչվել են Նավասարդ, Ամանոր և Կաղանդ: Այս տոները տարբեր ժամանակներում նշվել են տարբեր օրերի. մարտի 21-ին, օգոստոսի 11-ին, հունվարին:
Հայերի թերևս ամենաավանդական նոր տարին նշվում էր մարտի 21-ին: Այս տոնը նաև Ծաղկըմուտ է կոչվել` վկայակոչելով գարնան գալուստը: Այդ օրը հայ արորդիները նշում են Վահագնի ծնունդը, որը հին հայերի գլխավոր տոնն է համարվել: Օրվա խորհուրդը կրակն էր: Վահագնը նաև ռազմի աստվածն էր և Աստղիկի սիրեցյալը: Նա կոչվում էր Վիշապաքաղ: Վահագնը մարմնավորում էր հուրը, զորությունը, և տոնի խորհուրդը հրով ու կրակով մաքրվելն ու Չարի ու Վիշապի պղծությունիցազատվելն էր: Ծնվելուն պես Վահագնը կռվի է բռնվում Չարի դեմ ու հաղթում նրան` Երկիրն ազատելով կործանումից: Վահագնը քաջության ու հզորության խորհրդանիշն էր, հայոց բանակի ապավենը: Հայ զինվորները մարտից առաջ Վահագնի աջակցությունն էին աղերսում:
Ամանոր նշանակում է նոր տարի: Բառի ծագումնաբանությունը բխում է բնապաշտական Ամանոր աստծուց, որ հենց մարմնավորում էր Նոր տարին, Երկրի և մոլորակների պտույտը: Ամանորի տոնակատարությունը նշվում էր հայոց նոր տարուն` Նավասարդին:
Հունվարի 1-ը օրացուցային նոր տարին է, իսկ հայոց եկեղեցին հունվարի 6-ը նշում է որպես Սուրբ Ծնունդ: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին: Մինչև IV դարը բոլոր քրիստոնյաները Ս. Ծնունդը նշել են հունվարի 6-ին: Սակայն անգամ քրիստոնեության ընդունումից հետո հռոմեացիները շարունակում էին հեթանոսական տոներ նշել, և դեկտեմբերի 25-ին մեծ շուքով նշվում էր արևի պաշտամունքին նվիրված տոնը, ինչպես որ հայերը դեկտեմբերի 22-ին նշում են Միհրի` արևի ծննդյան օրը: Հեթանոսական ավանդույթները խափանելու համար 336 թ. Հռոմի եկեղեցին դեկտեմբերի 25-ը պաշտոնապես հռչակեց Հիսուս Քրիստոսի ծննդյան օր: Հետագայում Ասորիքում և գրեթե ողջ Արևելքում Քրիստոսի Ծննդյան տոնի օրը փոխադրվեց դեկտեմբերի 25-ին, իսկ հունվարի 6-ը մնաց որպես Տիրոջ Աստվածահայտնության, Մկրտության օր: Հունվարի 6-ին Ս.Ծննդյան տոնի հետ նշվում է նաև Ջրօրհնեքը, որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Ջրօրհնեքին հայերը երբեմն նաև Տնօրհնեք են արել: Այդ ժամանակ քահանային տուն են հրավիրել, և վերջինս օրհնել է` տունն ազատելով չարքերից:
Հայոց դիցարանում Ամանորը պտղաբերության, բերքը պահպանող աստվածն էր: Ամանորի եղբայր Վանատուրը հյուրընկալության աստվածն էր, և նոր տարին նվիրված էր Ամանորին ու Վանատուրին: Ճիշտ է, հայոց մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել:
Ավանդաբար ամանորյա նախապատրաստությունները սկսվում էին տան ու բակի մաքրությունից: Այս արարողություններին մասնակից էին ընտանիքի բոլոր անդամները: Հունվարի 1-ի գիշերը աղբյուրից բերած ջրով լվացվում էր թոնրի շուրջը հավաքված ընտանիքը: Մինչ օրս էլ տարեմուտից առաջ ամբողջ տունը մաքրվում է և թարմացվում: Տարեմուտի նախօրյակին կատարվող մաքրագործման արարողություններն ու ծեսերը գալիս են բնապաշտական ժամանակներից և հատուկ են բազում ժողովուրդների: Տարվա նորոգումը, վերածնունդը խորհրդանշական կապ ունեն մարմնական մաքրության և հոգևոր սրբության հետ (սուրբ բառը ևս նշանակում է մաքուր, անարատ): Մաքրությունը խորհրդանշում է սկիզբը, անապական, նախնական վիճակը, որով սկսվելու էր նոր տարին, արևի հերթական պտույտը, նոր տարեշրջանը, նոր ժամանակը:
Մաքրագործման արարողությունները նաև ներքին, հոգևոր բնույթ ունեին: Լոռիում, օրինակ, տանտիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների բերաններին, իսկ Համշենում կծու կերակուր ուտելն արգելվում էր, թթու խոսք ասելը` նույնպես: Այս սովորությունները կապվում էին խոսքի մոգության հետ: Համարվում էր, որ անցումային օրը յուրաքանչյուր չար խոսք կարող էր չարիք բերել ամբողջ տարվա համար, «խոսք-աղբը» կարող էր պղծել օրվա ծիսական մաքրությունը: Ընտանիքի բոլոր անդամները պետք է նոր զգեստներ հագնեին: Ընդունված էր գժտվածներին հաշտեցնել թե՜ տանը, թե՜ հասարակական միջավայրում: Տոնի առթիվ թարմ հաց էին թխում, եթե անգամ տանը հաց կար:
Ավանդական սովորության համաձայն` Ամանորի գիշերը (Կաղանդի գիշերը) շատերի տներում ճրագ էր վառվում, որպեսզի տան հաջողությունը չփախչեր: Նախկինում գերանը համարվել է ընտանիքի ամրության խորհրդանիշ, և տան մեծերը մեծ գերան են դրել կրակի մեջ, որը վառվել է մինչև Սուրբ Ծնունդ: Այդ կրակի վրա էլ պատրաստվել են Ս. Ծննդյան կերակուրները: Հավատում էին, որ դրա ածուխը պաշտպանում է կարկուտից: Հյուրերը պարտավոր էին մի կտոր փայտ ավելացնել կրակին: Գիշերը անպայման որևէ լույս վառ էին թողնում: Չարքերից պաշտպանվելու համար մութն ընկնելուն պես տանտիկինը տան շեմին մոխիր էր ցանում կամ ալյուրով դռանը խաչ անում: Գերանը, որը վառում էին նոր տարվա նախորդ երեկոյան, կոչվում էր «Տարեմտի քոթուկ», որի առկայծող կտորները հետո թաղում էին հանդերում` բերքի առատությունն ապահովելու համար: Օջախը վառ պահելը շատ կարևոր է եղել հայի համար, որովհետև, ըստ պատկերացումների, օջախի մեջ էին ապրում տան նախնիների հոգիները:
Ճիշտ է, Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել: Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը: Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը և հավանաբար կաղանդ-կախանդ բառն առաջացել է կախելու գործընթացից: Կա նաև այլ բացատրություն կախանդ բառի վերաբերյալ. Ամանորի գիշերը երեխաները շրջում էին տներով և տների երդիկից կախում էին գոտիներից ամրացված իրենց գուլպաները, որպեսզի տնեցիք կաղանդչեքով լցնեին դրանք: Ենթադրաբար մերօրյա ամանորյա զարդարանքների մեջ կրակարանի մոտ կախված գուլպաները հայկական հին ամանորյա սովորություն են:
Ամեն դեպքում, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից: Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն XVI դարից: Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ:
Նոր տարվա երեկոյան ձիթենու համեմատաբար հաստ ճյուղը խրել են նախապես թխված մեծ հացի կամ բաղարջի մեջ: Այդ ճյուղը կոչվել է Կաղանդի ծառ: Տան անդամները նախ ընդեղենով զարդարում էին ճյուղը, այնուհետև տանտերը ճյուղը տանում էր եկեղեցի, քահանան օրհնում էր, իսկ հետո այն բերում էին տուն և ամրացնում գերանին: Տոնածառի խաղալիքները հասկերից, ընդեղենից (թվով յոթ) պատրաստված զարդարանքներ էին, որոնց վրա կախվում էին չարխափաններ, ինչպես նաև` մարդակերպ և կենդանակերպ թխվածքներ: Այսպիսով, ամեն ընտանիք իր համար պատրաստում էր Կենաց ծառը:
Կենաց ծառի կողքին կար ևս մեկ, սակայն ավելի փոքր ծառ, որի վրա մոմեր էին դրված: Այդ ծառը կոչվում է «չաթալ ծառ»: Այն պարտադիր ամեն տարի Կենաց ծառի կողքին պետք է դրված լիներ: Չաթալ ծառի վրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետք է իր համար մոմ վառեր: Իսկ տան մեծ մամիկի (ավագ տիկնոջ) մոմը պետք է առաձնահատուկ լիներ: Հին ժամանակներում Ամանորի գիշերը, երբ հավաքվում էին երեխաները, սկսում էին մամիկից չիր ու չամիչ ուզել: Բայց եթե մամիկի տվածը բավական չէր երեխաների համար, նրանք ցորենի հատիկներ էին գցում մամիկի վառած մոմի վրա` փորձելով հանգցնել: Եվ մամիկը ստիպված նրանց կրկին անուշեղեն էր տալիս:
Հայերն ունեցել են նաև իրենց «Ձմեռ պապը»` հանձին Կաղանդ պապի կամ Մեծ Պապուկի, որը, սակայն, ավելի շատ Բարեկենդանի տոնի կերպար էր, քան Ամանորի:
Ամանորի հետ է կապված գոտեկախի արարողությունը. տարեմուտի գիշերը երեխաների խմբերը պարելով շրջում էին փողոցներով և որևէ մեկի տանը մոտենալիս երգում էին: Երգերը բովանդակում էին բարեմաղթանքներ, ընտանիքի անդամների գովք և տոնական կերակրատեսակների խնդրանք: Նրանք գոտիներով երդիկից փոքր տոպրակներ էին իջեցնում, որոնց մեջ տան մամիկը դնում էր մրգեր, հատուկ այդ նպատակով թխված խմորեղեն, ընդեղեն, չամիչ և այլն: Երեխաները, ստանալով անուշեղեններ, դրանց փոխարեն հայցում էին երկնքի բարի ուժերի հաճությունը: Իսկ աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն:
Ամանորյա ավանդական մաղթանքներն այսպիսին էին.
Տունը շեն լինի,
Բարաքյաթ լինի,
Միշտ ջոմարդ լինեք
Մեզ էլ միշտ հիշեք
Շնորհավոր նոր տարի:
Լիքը հորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք միշտ կուշտ փորով:
Ամանորը հայոց սիրված տոներից է և դրան երկար ու լրջորեն են պատրաստվում: Ամանորյա պատրաստությունները, անշուշտ, հիմնականում վերաբերում են տոնական սեղաններին: Ամանորը հայ եկեղեցական օրացույցով պահուց օր էր (պահքը սկսվում էր դեկտեմբերի 30-ի երեկոյան և ավարտվում հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցիներում մատուցվում էր Ս.Ծննդյան Ճրագալույցի պատարագ), և հին հայերը նոր տարվա սեղանները զարդարում էին հիմնականում տարատեսակ չրերով, մրգերով, ընդեղենով, հատկապես լայն կիրառություն ունեին լոբին, ձավարեղենը, ոսպը, սիսեռը, բրինձը:
Մենք չգիտենք, թե որ ժամանակներից է Ամանորը պահուց համարվել, համենայն դեպս, մեր օրերում, անգամ Հայաստանի ամենահեռավոր բարձր լեռնային գյուղերում, Ամանորը երբևէ պահք չի ընկալվել, և մսեղենով լի սեղաններ են բացվել: Բացի այդ, հնում մարդկանց պահուստը հիմնականում եղել է մսեղեն և կաթնամթերք, և դժվար է պատկերացնել, որ հնարավոր լիներ պաս պահել ձմռան ամիսներին: Բացի այդ, Ամանորը ուրախ տոն է, և պահքի անհրաժեշտությունն ու պահանջը չկար: Ամանորյա պահքը հավանաբար վերջին հարյուրամյակների նորամուծություն է:
Ամանորյա սեղաններին պետք է լիներ առնվազն յոթ կերակրատեսակ: Այդ թվում պարտադիր էին տոլման, անուշապուրը, մայրամապուրը, տարեհացը, գաթաները, աղանձը:
Ամանորյա նախապատրաստությունների առանցքը խմորեղեններն են: Կարևոր արարողություն էր հաց թխելը: Նոր տարին պետք է սկսվեր նոր հացով: Հայաստանում հաց թխում էին փռի մեջ և թոնիրում:
Թոնիրը հայոց մեջ պաշտամունքային նշանակություն ուներ: Թոնիր ունեն շատ ազգեր, բայց միայն հայերն են, որ թոնիրը գետնի մեջ են սարքել: Այն արևն է` գետնի մեջ: Եվ հայ կինը խոնարհվում է արև-աստծուն, որ վերջինս հաց պարգևի: Հնում, երբ մոտակայքում տաճար չի եղել, քրմերը թոնրի մոտ են կատարել պսակի արարողությունը: Ամանորի գիշերը թոնրատան սևացած առաստաղը ալյուրով սպիտակեցնում էին` վրան պատկերելով երկնային լուսատուներին: Երկնային լուսատուներին պատկերում էին նաև տարեհացի վրա:
Հետաքրքիր սովորություն կար հաց թխելու արարողակարգում: Նոր տարվա համար թխվող հացի ալյուրից մի քանի բուռ փոքրիկ աղջնակը շաղախում էր` առանց թթխմոր խառնելու. այն պետք է թողնեին, որ ինքնաբերաբար թթվեր և դառնար նոր տարվա առաջին թթխմորը:
Հացից հետո թխվում էին գաթաները, նազուկը, «Փուռնիկ», «Կրկենի», «Տարեհաց» կոչված ծիսական հացերը: Այս հացերը տարբեր ձևեր ունեին: Գաթաների ու ծիսական հացերի մեջ ձու, կարագ, կաթնեղեն չի օգտագործվում:
Ծիսական հացերի մեջ որևէ իր էին դնում, ավելի հաճախ` դրամ: Եվ ում բաժին էր ընկնում այդ առարկան, նրա համար հաջողակ տարի կլիներ: Այս վիճակի համար գաթաներն ու ծիսական հացերը կտրտում էին ընտանիքի անդամների թվով:
Ծիսական հացերն ու խմորեղենն ունեին հմայող, գուշակող, չարը խափանող «հատկություններ»: Ամանորյա հացերի երեսին հաճախ էին նախշերի մեջ տասներկու գիծ անում, որոնք խորհրդանշում էին տարվա ամիսները:
Երբեմն խմորեղենները թխում էին աշխատանքային գործիքների տեսքով ու ձևով և նրանց միջոցով գուշակություններ անում: Օրինակ, եթե թխելու ընթացքում ուռչում էր «Հացի հոր» կոչվող խմորեղենը, ուրեմն տարին հացառատ էր լինելու: Եթե լավ էր թխվում «եզան պտուկներ» կոչվող խմորը, տարին կաթնառատ կլիներ…
Գուշակությունների համար թխում էին նաև մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին «Ասիլ-Վասիլ»: Սրանք թխվում էին ընտանիքի անդամների թվին համապատասխան: Եթե կնոջը խորհրդանշող թխվածքի որովայնը ուռչում էր, նշանակում էր կինը կհղիանա: Եթե աղջկան խորհրդանշող թխվածքն էր ուռչում` կամուսնանա:
Ամանորին աղջիկները ժապավենով իրար ամրացված կարմիր խնձորների փունջ էին ուղարկում իրենց փեսացուների տուն: Դա նշանակում էր, որ աղջիկը պատրաստ է ամուսնանալ տվյալ տղայի հետ: Ի պատասխան` տղաներն այդ խնձորի մեջ ոսկյա դրամներ էին մտցնում և ուղարկում հասցեատիրոջը: Այս սովորույթը պահպանվել է Լոռիում հարսանիքների ժամանակ, երբ ազաբները զարդարված խնձորներ են ուղարկում աղջիկներին:
Այն տանը, որտեղ ամուսնացնելու աղջիկ ունեին, դռնից կամ տան կտուրից կարմիր կտոր կամ ավել էին կախում:
Ամանորյա սեղաններին կարևոր տեղ ունեին մրգերը: Նրանց մեջ առանձնահատուկ էին խնձորը, նուռը, խաղողը:
Առհասարակ, յուրաքանչյուր տոն, մանավանդ Ամանորը, հարուստ կերակրացանկ ունի: Սակայն կան կերակրատեսակներ, որոնք պարտադիր են տվյալ տոնի համար: Ամանորյա կերակրատեսակներն են տարեհացը, մարդակերպ գաթաները, լոբով աղցանը, մայրամապուրը, «Կաղանդ» անուշը, խոշաբը, սիսեռից գնդիկները:
Բաղադրատոնսերի համար հետևեք հղմանը`
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ
Թուրքական բանակի հրամանատարությունը դեկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ չի պատրաստվում միջամտել Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամին, որն առաջացավ կոռուպցիոն սկանդալի հետ: «Թուրքիայի զինված ուժերը չեն պատրաստվում մասնակցություն ունենալ քաղաքական վեճերին»,-հայտնել էր Թուրքիայի Գլխավոր շտաբը: Թուրքիայում վերջերս տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալում մասնակցություն ունեցած անձինք, մասնավորապես Յալչըն Աքդողանը, կարծիք էր հայտնել, որ զանգվածային սկանդալը կարող է ռազմական հեղաշրջման պատճառ հանդիսանալ:
Նշենք, որ անցյալում Թուրքիայում մի քանի անգամ ռազմական հեղաշրջումներ են տեղի ունեցել: 1960, 1971 և 1980 թվականների ռազմական հեղաշրջումների ժամանակ թուրքական բանակը հենց քաղաքական ճգնաժամների ժամանակ էր, որ կարողացավ իշխանությունն իր ձեռքը վերցնել: Իսկ ահա 1997 թվականին թուրք գեներալները Թուրքիայի իսլամիստական կառավարությանը (ինչպես և հիմա է) ստիպեցին հրաժարական տալ: Սակայն պետք է արձանագրել, որ Թուրքիայի ներկայիս վարչապետ` Թայիփ Էրդողանը իր կառավարման ժամանակաշրջանում կարողացավ զգալիորեն թուլացնել բանակի դերը Թուրքիայի քաղաքական կյանքում: Դրան էին ուղղված նախորդ ռազմական հեղաշրջումներին մասնակցություն ունեցած թուրք մի շարք սպաների ձերբակալությունները: Այսօր թուրքական բանակը անհամեմատ ավելի թույլ դերակատարություն ունի քաղաքական գործընթացներում:
Ադրբեջանական «Oxu.az» կայքում հայտնվել է մի ֆոտոշարք, որտեղ պատկերված են տարբեր տեսարաններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից: Կայքը Ստեփանակերտն անվանել է ադրբեջանական տարբերակով՝ «Խանքենդի»: Ահա թե ինչ են գրում ադրբեջանցիները. «Եվ մենք դեռ ստիպված ենք նայել մեր հողերին լուսանկարներով: Ցավալի է, բայց հայերի օկուպացիայից արդեն 22 տարի անց, մենք դեռ հարկադրված ենք մեր հողերը տեսնել հայերի արած լուսանկարներով: Հիշեցնենք, որ Խանքենդիի օկուպացիան ավարտվեց 1991 թվականի դեկտեմբերի 28-ին Քերքիջախան գյուղի գրավմամբ»: