Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում ներկա է գտնվել պաշտպանության բանակի զորավարժություններին,լուսանկարներ

 

4550Հայկական երկու հանրապետությունների միջև առկա փոխգործակցության ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Արցախում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի և բանակի հրամանատարական կազմի հետ միասին եղել է հանրապետության հյուսիսային հատվածի ՊԲ մի շարք զորամասերում ու զորամասերի պահպանության տակ գտնվող առաջնագծում:
Շրջայցի ընթացքում Սերժ Սարգսյանը ծանոթացել է բանակաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ներկայիս վիճակին, որից հետո ներկա է գտնվել բանակային բնագծի հյուսիս-արևելյան հատվածում առանձին մոտոհրաձգային ստորաբաժանումներից մեկի ներգրավվմամբ անցկացվող զորավարժությունների դիտարկմանը՝ «Գումարտակի անցումը պաշտպանությանը» թեմայով, որի ժամանակ ներկայացվել են ընթացքից պաշտպանության բնագծի գրավումը և պաշտպանական մարտի վարման տարրերը: Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել նաև զինավանում շտաբ-զորանոցի մասնաշենքի և սպաների համար ժամանցի ու հանգստի մասնաշենքի բացման արարողություններին: Նախագահը ծառայության ընթացքում առավել աչքի ընկած և բարեխիղճ սպաներին ու զինվորներին պարգևատրել է թանկարժեք նվերներով, զրուցել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների հետ:
Ցուցադրական պարապմունքից հետո, օրվա ավարտին ՊԲ շտաբում տեղի է ունեցել հայկական երկու պետությունների նախագահների, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների և հրամանատարական կազմի մասնակցությամբ խորհրդակցություն:
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ԼՂՀ շարունակվում է:

Գյումրիում բեռնատարն ընկել է ջրագծերի համար նախատեսված խրամուղին

Լուսանկարը` Mes.am-ի

Լուսանկարը` Mes.am-ի

Նոյեմբերի 13-ին, ժամը 01.38-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ թիվ 10 դպրոցի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի SEX500 պետհամարանիշով (վարորդ՝ Լ. Ց., ծնվ. 1972 թ.) բեռնատար ավտոմեքենան՝ բեռնված դատարկ տարաներով, ընկել է ջրագծերի համար նախատեսված խրամուղին. տուժածներ չկան:

Միքայել Արամյանցի անունը կանմահանա ոչ միայն թբիլիսյան, այլև երևանյան հիվանդանոցով

7-2Մինչ Թբիլիսիում վերանորոգման անվան տակ քանդում են Արամյանցի հայտնի հիվանդանոցը, Երևանում հիվանդանոց է վերանվանվում: Երևանի երրորդ կամ ինչպես ընդունված է ասել` Պռոշյանի կամ շտապօգնության հիվանդանոցն այսուհետ կկոչվի «Արամյանց բժշկական կենտրոն»` ի պատիվ թիֆլիսահայ տաղանդավոր գործարար, նավթարդյունաբերող, մեծ բարերար Միքայել Արամյանցի:

Հիվանդանոցը նշանավոր հայի անունով դարձնելու գաղափարը գլխավոր տնօրեն Սամվել Հարությունյանինն է: Ասում է, որ Արամյանցն իր ազգականն է մորական կողմից` մորական պապի հորեղբայրն է եղել: «Դեռ մանկուց հաճախ եմ լսել Արամյանցի անունը: Մայրս էր պատմում այդ կապի մասին` իր հորից ստացած տեղեկությունները փոխանցելով մեզ: Արամյանցների գործունեությունը հայտնի է եղել բոլորին, իսկ այդ տոհմի գլուխգործոցը եղել է Միքայել Արամյանցը: Ես միշտ հպարտացել եմ, որ նրա տոհմի շառավիղն եմ մոր կոմից»:

1383549089-62

Սամվել Հարությունյան

Հիշում է, որ մոր ընտանեկան ալբոմում Միքայել Արամյանցի եղբորորդու` Ստեփանոս Արամյանցի լուսանկարը կա: Վերջինս եղել է հայ գործարարի կողմից հիմնադրված Թբիլիսիի ազնվական բանկի կառավարիչը: Սամվել Հարությունյանը դեռ մանկուց լսել է նաև Թբիլիսիում Արամյանցի կողմից կառուցված բազմաթիվ հայտնի շինությունների մասին, որոնցից մեկն էլ Արամյանցի հիվանդանոցն է: 1970-ականներին, երբ Հարությունյանն արդեն բժիշկ էր, այդ հիվանդանոցում անգամ մեկ ամիս անցկացրել է` խնամելով զինվորական ծառայության ընթացքում հիվանդացած եղբորը:

Հայտնի է, որ Արամյանցը շատ է սիրել Թիֆլիսը և մեծ ներդրումներ է կատարել քաղաքի զարգացման համար: Երբ Թիֆլիսում որոշել են կառուցել խոշոր հիվանդանոցային համալիր, Արամյանցն առաջինն է արձագանքել` դրա կառուցմանը նվիրաբերելով 100 հազար ռուբլի: Քաղաքի հայտնի թաղամասերից մեկում` Հավլաբարում կառուցված հիվանդանոցը ժամանակին եղել է եվրոպական չափանիշներին համապատասխանող լուրջ կենտրոն` վարակիչ հիվանդությունների, վիրաբուժության, ծննդատան, մանկական և այլ բաժիններով:

images

Արամյանցի հիվանդանոցը Թբիլիսիում

Հիվանդանոցի կառուցումն ավարտվել է 1909 թ. և կոչվել հենց նրա անունով, սակայն խորհրդային կարգերի հաստատումից հետո, երբ նշանավոր բարերարի ու գործարարի ողջ ունեցվածքը թալանվել է, իսկ անունը` հետևողականորեն ջնջվել պատմության էջերից, բժշկական կենտրոնը վերանվանվել է` դառնալով Թբիլիսիի թիվ 1 հիվանդանոց: Անցել է մեկ դար և ավելի, սակայն թիֆլիսցիներն այդ հիվանդանոցն այդպես էլ կոչում են` Արամյանցի հիվանդանոց:

Վերջին տարիներին հիվանդանոցն իր նպատակին չէր ծառայում, իսկ այսօր արդեն քանդում են` պատճառաբանելով, թե հին է, պետք է վերակառուցվի: Բայց թե ինչ կմնա հիվանդանոցից վերակառուցումից հետո, դժվար է ասել, քանի որ մեր հարևաններն այնքան էլ մտահոգված չեն իրենց երկրում հայկական շենք-շինությունների պահպանմամբ, ընդհակառակը` հաճախ դրանք աչքի առաջ կորցնում են իրենց պատմական հիշողությունը, իսկ պետական մարմինները քար անտարբերություն են դրսևորում:

Սամվել Հարությունյանի` իր հիվանդանոցը վերանվանելու որոշմանը մեծապես նպաստել է հենց Թբիլիսիի Արամյանցի հիվանդանոցի քանդման տխուր փաստը: Նա կարծում է, որ այդ քայլով իր փոքրիկ լուման է ներդնում նշանավոր հայի անունը մոռացությունից հանելու և իր արժանի տեղը վերադարձնելու գործում: Իսկ որոշման մասին առաջին անգամ բարձրաձայնել է այս տարվա մայիսին` Արամյանցի 170-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներից Արամյանցմեկի ժամանակ, երբ ներկայացվում էր Արամյանցի կյանքին ու գործունեությանը նվիրված առաջին գիրքը` Վահե Անթանեսյանի հեղինակությամբ:

Հիվանդանոցի վերանվանման պաշտոնական միջոցառումը տեղի կունենա տարեվերջին` հիվանդանոցի 40-ամյա հոբելյանի շրջանակներում: Նախատեսվում է նաև հիվանդանոցի ճակատային հատվածում տեղադրել հուշատախտակ Արամյանցի կյանքի և գործունեության մասին, իսկ նախասրահում`  նրա կիսանդրին: Հատուկ սենյակ կտրամադրվի նաև փոքրիկ թանգարանի համար: Այնտեղ կներկայացվեն Արամյանցի լուսանկարները, ձեռագրերը, նամակները: Հիվանդասենյակների ու բժիշկների աշխատասենյակների պատերից կկախվեն Արամյանցի լուսանկարները: Մի խոսքով` հիվանդանոցն արամյանական շունչ կստանա:

Նշենք, որ Միքայել Արամյանցի մասին հայկական նորօրյա մամուլում առաջին լուրջ անդրադարձը եղել է «Անկախի» կողմից` շնորհիվ երիտասարդ պատմաբան Վահե Անթանեսյանի, որը սկսել էր մեծ հայի կյանքի և գործունեության ուսումնասիրությունը:

Միքայել Արամյանցը ծնվել է 1843 թ. Արցախի Քյաթուկ գյուղում: Խելացի, նպատակասլաց ու ազնիվ երիտասարդն իր աշխատասիրության ու տաղանդի շնորհիվ ձեռք է բերել հսկայական կարողություն և զբաղվել լայնածավալ բարեգործությամբ: Հիմնադրել է Թիֆլիսի «Ազգային բարեգործական ընկերությունը», որի շնորհիվ ոչ միայն Վրաստանում, այլև հայրենիքում բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել:

Նա եղել է Ներսիսյան դպրոցի մշտական հոգաբարձուն ու հովանավորը, և նրա շնորհիվ հարյուրավոր երիտասարդներ հնարավորություն են ունեցել կրթվելու Եվրոպայի առաջավոր համալսարաններում:

1918 թ. մայիսի 28-ին հայ ժողովրդի ամենաբախտորոշ որոշումներից մեկը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակումը, տեղի է ունեցել Միքայել Արամյանցի տանը:

Նրա անունը իրավամբ կարելի է կապել մեկ այլ մեծ հայի` Ալեքսանդր Մանթաշյանի հետ, քանի որ նրանք եղել են մտերիմ ընկերներ ու գործընկերներ` ազգային շատ ծրագրեր իրականացնելով միասին: Հայտնի է նաև, որ Մանթաշյանը Բաքվում իր նավթային գործունեությունը սկսել է Արամյանցի հետ, և նրա շնորհիվ էլ հետագայում նավթային մագնատ է դարձել:

Արամյանցի բարեգործություններն անթիվ ու անհամար էին. նա նաև ապաստաններ էր կառուցում հայ գաղթականների համար: Հայտնի է «Արամաշեն» ավանը, որտեղ ոչ միայն ապրել, այլև բամբակագործությամբ են զբաղվել ավելի քան 80 հայ գաղթական ընտանիքներ:

tbsmc_home01

Մաժեստիկ, ներկայումս` Թբիլիսիի Մարիոթ հյուրանոցը

Թբիլիսիում Միքայել Արամյանցի կառուցած շենքերի գլուխգործոցը Վրաստանի մայրաքաղաքի պարծանք, շքեղաշուք «Մարիոթ Թբիլիսի» հյուրանոցն է` նախկին «Մաժեստիկը», որը նա կառուցել է 1912-15 թթ`. իր սիրած նավի նմանությամբ և անվամբ: Ցավոք, այդ հյուրանոցի վրա անգամ մի գողտրիկ հատվածում գոյություն չունի Արամյանցի անունը:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Արամյանցից խլել են գրեթե ողջ կարողությունը: Նա վախճանվել է է 1924 թ. իր առանձնատներից մեկի նկուղում` սովի ու աղքատության մեջ: Սակայն թբիլիսյան ողջ հանրությունը հավաքվել է հողին հանձնելու այն նշանավոր հայի դին, որն այդքան մեծ գործեր է կատարել Թիֆլիսի  համար:

Արամյանցը թաղվել է Թբիլիսիի հայկական Խոջիվանքի գերեզմանատանը, որտեղ թաղված են եղել բազմաթիվ նշանավոր հայեր: Սակայն ստալինյան ժամանակաշրջանում գերեզմանատունն ավերվել է, իսկ տարիներ անց այդ նույն վայրում հիմնօրհնվել վրաց եկեղեցու մի կառույց: Կատարված հողային աշխատանքների պատճառով հարյուրավոր աճյուններ, այդ թվում նաև Արամյանցինը, ոչնչացել են:

Ուրախալի է, սակայն, որ վերջին շրջանում ոչ միայն Հայաստանում, այլև Վրաստանում սկսել են վերհիշել Արամյանցին: Բոլորովին վերջերս` Հոկտեմբերի 24-ին, Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսիի Մաչաբելի 6 հասցեում, որտեղ բնակվել է Արամյանցը, տեղի է ունեցել անվանի հայի հուշատախտակի բացման արարողությունը: Սա իսկապես լուրջ քայլ է, և հուսանք` շարունակական:

Իսկ Հայաստանում Միքայել Արամյանցի կիսանդրին դրվել է անցյալ տարի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված Բարերարների ճեմուղում: Պատմական արդարությունը հետզհետե վերականգնվում է:

 

Գյումրին` ԱՊՀ լավագույն մշակութային մայրաքաղաք

Գյումրի,մշակութային մայրաքաղաքԻնչպես արդեն նշել ենք, պաշտոնապես փակվեց “Գյումրին՝ 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք” ծրագիրը: Ամփոփելով տարվա ընթացքում կատարվածն ու բացերը, ծրագրի գնահատականն ու նշանակությունը Գյումրիում ներկայացրեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

“Մշակութային ծրագիրը ստացվեց: Մեկ տարի Գյումրիում մշակութային կյանքը եռում էր: Եղան շատ բազմաբնույթ միջոցառումներ, որոնց մասնակցեցին ինչպես տեղական, այնպես էլ այլ երկրներից եկած հյուրեր: Նրանք տեսան մի քաղաք, ուր ապրում են դժվարությունները հաղթահարելու ընդունակ, կենսախինդ, հումորը գնահատող, հյուրասեր ու ջերմ մարդիկ: Մշակութային միջոցառումների բացման ժամանակ ես կատակով ասացի`հայրաքաղաք էինք, դարձանք մայրաքաղաք` առայժմ մշակութային: Այսօր ուզում եմ ամենայն լրջությամբ ասել, որ մենք բոլոր ակնկալիքներն ու հնարավորություններն ունենք գոնե մշակութային մայրաքաղաքի տիտղոսը պահելու և զարգացնելու համար: Գիտենք, որ ուրախությունը ուրախություն է բերում, ուրեմն, այսուհետ ուրախանալ այնպես, ինչպես վայել է մեր քաղաքին ու քաղաքացուն”, – իր խոսքում նշեց մարզպետ Ցոլակյանը:
Մշակույթի նախարարն էլ գերադասեց գնահատականները թողնել քաղաքի բնակիչներին. “Իսկապես այս տարին շատ հագեցած էր ու շատ արագ անցավ: Ինձ հարց տվեցին, թե որպես մշակույթի նախարար ինչպես եք գնահատում տարին, ես պատասխանեցի, որ առաջին հերթին պետք է գնահատեն գյումրեցիները, այն մարդիկ, որոնց համար հռչակված էր մշակութային մայրաքաղաքը: Եվ ասելով, որ եզրափակում ենք այս ծրագիրը, մենք ասում ենք` ընդամենը միջակետ ենք դնում, և այս ծրագրերը պետք է շարունակենք, ամեն ինչ անենք, որ այս ոգին ու շունչը կարողանանք պահել”, – ընդգծեց Հասմիկ Պողոսյանը:
Իր հերթին, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը նշեց, թե բոլորը դեռ տպավորված են Գյումրիում տեղի ունեցած ծրագրի բացման շքեղ արարողությունից. “Ես չեմ կարող մոռանալ, թե ինչպիսի բացում էր այստեղ: Երբ ֆոտոներն ու տեսանյութերը ներկայացնում եմ Մոսկվայում կամ այլ տեղ, զարմանում են, թե ինչպես կարելի է այդպիսի բացում կազմակերպել, այդքան հյուրեր… Դա մեծ հաղթանակ էր: Ինձ համար շատ կարևոր է, որովհետև Գյումրին միշտ եղել է մշակութային մայրաքաղաք. Երևանը դեռ չկար` Գյումրին Գյումրի էր: Մենք դա լավ գիտենք և հպարտանում ենք դրանով: Սա ուղղակի միջոցառում չէր: Ես պետք է ասեմ, որ ամեն ինչ փայլուն կազմակերպվեց, ոչ մի երկրում, այս տարիների ընթացքում, այս մակարդակով մշակութային մայրաքաղաք չի կազմակերպվել, ինչ որ Գյումրիում”:
ԱՊՀ լավագույն մշակութային մայրաքաղաքի քաղաքապետն էլ հավելեց. “2013 թվականը պատմական դարձավ Գյումրու համար: Տեղին էր Գյումրի քաղաքի ընտրությունը, որովհետև Գյումրին արհեստի ու արվեստի, մեծերի քաղաք է: Գյումրին այնպիսի պատմություն ունի որտեղից ակունք է առել ամբողջ ՀՀ մշակույթը:
Մենք ստացանք նաև նոր հավաստագիր. 2013թ. լավագույն համայնքներ մրցանակաբաշխությունում ստացանք լավագույն մշակութային համայնք տիտղոսը”:
Մշակութային մայրաքաղաքի միջոցառումներն ավարտվեցին Գյումրու մեծանուն բարեկամ Վլադիմիր Սպիվակովի ղեկավարած ՌԴ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղեցիկ համերգով, որին հաջորդեց շքեղ հրավառությունը:

Գյումրու քաղաքապետարանի փողերը ծախսվել են հեռախոսային խոսակցությունների վրա

Լևոն Բարսեղյան2012թ. նոյեմբերի 12-ին Գյումրու նոր ավագանին գումարեց առաջին նիստը, այսօր, 1-ամյա գործունեության արդյունքներն ամփոփեց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

Նա ավագանու այն անդամներից է, ով երբեք չի բացակայել նիստերից, միշտ շատ ակտիվ է եղել, ունեցել է հստակ դիրքորոշում և չի խուսափել նախագծերին դեմ քվեարկելուց:
Գյումրու քաղաքապետարանի և ավագանու գործունեությունը վերլուծելիս ավագանու անդամը խոսեց և դրական տեղաշարժերից և բացթողումներից.:
“Առաջին անգամ հանրային բաց քննարկման է դրվել համայնքի զարգացման քառամյա ծրագիրը: Նախկինում էլ է մեր քաղաքն ունեցել` սկզբում եռամյա, հետո քառամյա ծրագրեր, բայց այս անգամ իսկապես եղել է հրապարակային: Համայնքային ծառայողների մրցույթները. տեսությունը մեզ հուշում է, որ նման մրցույթներ պետք է, որ եղած լիներին, բայց դրանց հրապարակայնության մասին ես տեղեկություններ չեմ ունեցել: Առաջին անգամ, իմ իմանալով, դրանք սկսվեց անցկացվել այստեղ` մի քանի ամիս առաջ: Ի դեպ, մրցույթներում պարտված թեկնածուներից ես ոչ մի բողոք չեմ ստացել:
Ավագանու նիտերը, ի տարբերություն նախորդի, եղել են ջանադիր քննարկումներով: Փրձառու լրագրողները, ովքեր եղել են նախորդ նիստերին, կփաստեն, որ 10, 15-20 րոպե տևող նիստեր էին, սեղաններին թուղթ չի եղել: Հիմա ավագանու նիստերը տևում են 1.5-2 ժամ: Միջավայրն անհամեմատ աշխատանքային է, քան նախկինում էր. դեմ, ձեռնպահ քվեարկություններ են հայտնվել”, – որպես առաջընթաց առանձնացնում է ավագանու անդամը:
Իսկ բացթողումների ու թերացումների մասին Լևոն Բարսեղյանը նշում է հատկապես ֆինանսական աուդիտի անհրաժեշտության ու չանցկացնելու մասին. “Նախկինում եղած ֆինանսական շարժերի, անգամ 7-10 տարվա աուդիտի կարիք կա: օրինակներ բերեմ. ես խնդրել և ստացել եմ 2007թ. քաղաքապետարանի հեռախոսներից հեռախոսազանգերի կոտագրությունը: Առայժմ ուսումնասիրել եմ արտասահման կատարած զանգերը: Պարզվել է, որ միջին հաշվով յուրաքանչյուր ամիս արտասահման խոսվել է 200-300 հազար դրամի: Խոսվել է 8-11 երկիր, դրանք ոչ մի կապ չունեն Գյումրու քույր-եղբայր քաղաքների հետ: Խոսվել է Հոլանդիա, Ռոստով, Մոսկվա, Դուբայ, Կանադա, Ամերիկա և այլն: Սա, պատկերացնու՞մ եք, տարեկան ինչ թիվ է: Տեղական համարները դժվար է ստուգել` գործով է խոսվել, քաղաքապետարանի կարիքների համար է խոսվել, թե մասնավոր:
3 մլն դրամ ծախսվել էր “Գյումրի” գրքի տպագրության համար արխիվային թանկարժեք նյութերի պատճենման նպատակով`պետական արխիվից: Հարցում եմ արել քաղաքապետարան, թե էդ նյութերն ուր են, ասում են` չունենք: Մի խոսքով, անցած այս ամբողջ ժամանակաշրջանն ինչ-որ անհասկանալի ծախսերի շրջան է”:
Լևոն Բարսեղյանը նաև գտնում է, որ պետք է ուսումնասիրել քաղաքապետարանի հաստիքակազմը, թե 21-րդ դարում ինչ է նշանակում համակարգչային օպերատոր. “Ինձ համար անընդունելի, անհասկանալի է, նախկին ոստիկանների ներկայությունը քաղաքապետարանում, որպես տարբեր պաշտոններ զբաղեցնող մարդիկ: Գուցե ես սխալվում եմ, գուցե ոստիկան ժամանակ ինքը ոստիկան է եղել, հիմա բարեխիղճ տարածքային ինքնակառավարման պաշտոնյա է”:

Հանդիպում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվիրակության հետ

Երևանի քաղաքապետարան,Լիլիամ ՔեշիշյանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:
Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը նկատել է, որ Հայոց Ցեղասպանությունն առաջինը ճանաչած երկրի քաղաքների հետ իսկապես համագործակցությունը պետք է լինի ջերմ ու գործնական: Անդրադառնալով զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերին, Երևանի քաղաքապետը նշել է, որ այսօր լուրջ քայլեր են ձեռնարկվում այս ոլորտում ծրագրային հստակ քաղաքականություն իրականացնելու և Երևանը զբոսաշրջիկներին լավագույնս ներկայացնելու ուղղությամբ. «2795 ամյա Երևանը, որն ունի մշակութային հարուստ պատմություն, ձևավորված ավանդույթներ ու հյուրընկալ բնակիչներ, իսկապես աշխարհին ներկայանալու լայն հնարավորություններ ունի: Մենք ակտիվ համագործակցում ենք զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած մի շարք ընկերությունների հետ Երևանում զբոսաշրջության խթանումն առավել առարկայական դարձնելու համար: Հուսով եմ, որ առաջիկայում նաև Ձեր ջանքերի շնորհիվ, տիկին նախարար, այս ոլորտում կունենանք համագործակցության ու փորձի փոխանակման հեռանկարային զարգացումներ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ավելացրել, որ Երևանի զարգացման ծրագրերով այսօր աշխատանքներ են տարվում նաև մայրաքաղաքում սպորտային կյանքի աշխուժացման ու տարբեր սպորտաձևերի զարգացման ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանն ուրախությամբ փաստել է, որ այսօրվա Երևանն իսկապես լայն հնարավորություններ ունի մեծ թվով զբոսաշրջիկներ հյուրընկալելու համար. «Վստահեցնում եմ, որ անձամբ իմ մասնակցությունը կունենամ Երևանի և Ուրուգվայի քաղաքների միջև համագործակցության հաստատման գործում, ինչպես զբոսաշրջության, այնպես էլ մի շարք այլ ոլորտներում»,- նշել է Լիլիամ Քեշիշյանը:
Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում Երևան ժամանած Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյի զբոսաշրջության տնօրեն Րաֆֆի Ունանյանն էլ, օգտվելով առիթից, Տարոն Մարգարյանին է փոխանցել Մոնտեվիդեոյի քաղաքապետի ջերմ ողջույններն ու հայտնել երկու մայրաքաղաքների միջև փոխգործակցություն հաստատելու հարցում վերջինի պատրաստակամության մասին:
Շնորհակալություն հայտնելով երկու մայրաքաղաքների համագործակցությունն առավել գործնական հիմքերի վրա դնելու Մոնտեվիդեոյի գործընկերոջ առաջարկի համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է երկուստեք փոխշահավետ գործակցություն հաստատելու հարցում և առաջարկել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ համատեղ ստեղծել աշխատանքային խումբ և մշակել համագործակցության համապարփակ ծրագիր: Հանդիպմանը ներկա ՀՀ-ում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անիբալ Կաբրալն էլ իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը Երևանի և Ուրուգվայի քաղաքների միջև փոխգործակցություն հաստատելու ուղղությամբ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

«Երևանը մեր տունն է» շարժման մասնակից ավագ դպրոցականներն այցելել են գիշերօթիկի սաներին

002Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի «Երևանը մեր տունն է» շարժման անդամ ավագ դպրոցականներ իրենց նախաձեռնությամբ այցելել են Երևանի Երեխաների խնամքի և պաշտպանության համար 1 գիշերօթիկ հաստատություն։

Շարժման մասնակիցների խոսքով՝ այս նախաձեռնությամբ իրենք ցանկացել են հաստատության սաներին հետաքրքիր օր պարգևել։ Ավագ դպրոցականները իրենց հետ բերված մթերքով խմորեղեն և այլ ուտեստներ են պատրաստել գիշերօթիկի սաների համար, ինչպես նաև մուլտհերոսների կերպարներով ու բազմազան խաղերով զվարճացրել կրտսեր խմբերի երեխաներին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Քաղաքաշինության նախարարը զգուշացրեց “Գլենդել հիլզին”

Սամվել Թադեւոսյան,“Գլենդել հիլզին”   Շինարարության ընթացքին տեղում հետեւելու, առկա խնդիրներին ծանոթանալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով եղավ Լոռու մարզի Գեղասար, Ծաղկաբեր եւ Լեռնավան գյուղական համայնքներ:

Նախարար Սամվել Թադեւոսյանը շրջայց կատարեց երեք գյուղերում կառուցվող բնակելի տների շինհրապարկներում, արձանագրելով բնակելի տներում առկա շինարարական թերությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով մոտալուտ ձմեռը, խստորեն զգուշացրեց կառուցապատող “Գլենդել հիլզ” ընկերությանը` շինարարական աշխատանքները ժամանակին եւ որակով ավարտելու առնչությամբ: Նախարարը բնակիչների հետ զրույցի ընթացքում փարատելով նրանց անհանգստությունը տեղեկացրեց, որ ծրագրի ընթացքը իր ամենօրյա աշխատանքային օրակարգում է:

Տեղեկացնենք, որ Լոռու մարզի Ծաղկաբեր, Գեղասար, Լեռնավան գյուղական համայնքներում ընթանում են երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ կառուցվող բնակելի տների շինարարական աշխատանքները: Ներկայում` Ծաղկաբեր, Գեղասար, Լեռնավան գյուղական համայնքներում ավարտված են համապատասխանաբար` 17, 28 եւ 4 ընտանիքների բնակելի տների շինարարական աշխատանքները, ընթացքում են համապատասխանաբար` 10, 4 եւ 17 բնակելի տների շինաշխատանքները:

Տիգրան Սարգսյանը ծանոթացել է երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը

Տիգրան Սարգսյան, երիտասարդական կազմակերպությունՎարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկել է «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովը, որը կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում անցկացվող ցուցահանդես-համաժողովում առանձին տաղավարներով ներկայացված են երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 60 կազմակերպություններ՝ Երևանից և մարզերից։
Վարչապետը ՀՀ երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանի ուղեկցությամբ շրջել է տաղավարներով՝ ծանոթացել կազմակերպությունների գործունեությանն ու ծրագրերին: Լրագրողների հետ զրույցում կարևորելով վերջիններիս աշխատանքը՝ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել «Փրկություն» հասարակական կազմակերպության գործունեությունն՝ ուղղված անապահով ընտանիքների երեխաներին:
Եռօրյա ցուցահանդես-համաժողովում երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները կկազմակերպեն տարբեր քննարկումներ՝ բարձրացնելով այդ ոլորտում իրականացվող գործունեության մասին տեղեկացվածությունը, նպաստելով նաև երիտասարդական և ուսանողական կառույցների համագործակցությանը պետական, միջազգային կազմակերպությունների հետ:
Ցուցահանդես-համաժողովի աշխատանքների արդյունքում կհրատարակվի տեղեկատվական գրքույկ մասնակիցների վերաբերյալ, նախատեսվում է նաև ընդունել հայ երիտասարդության խնդիրների մասին հայտարարագիր:

Երիտասարդական կազմակերպությունները՝ մեկ հարկի տակ

DSC_8743Նոյեմբերի 12-ին կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովը։ Այն կազմակերպել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա շրջեց տաղավարներով, ծանոթացավ երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, զրուցեց երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների հետ։ Լրագրողների հետ զրույցում կարևորելով վերջիններիս աշխատանքը՝ Տիգրան Սարգսյանը բարձր գնահատեց «Փրկություն» հասարակական կազմակերպության գործունեությունը՝ ուղղված անապահով ընտանիքների երեխաներին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ հիմնադրամը մեկ հարկի տակ է համախմբել երիտասարդական կազմակերպություններին, որոնք ներկայացնում են իրենց գործունեության արդյունքը։ «Ցուցահանդեսի 3 օրերի ընթացքում կանցկացվեն նաև քննարկումներ, և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին կներկայացվեն այն խնդիրները, որոնք համատեղ լուծման կարիք ունեն։ Այսօրվա ցուցահանդեսի մասնակիցների և այցելուների թիվը տպավորիչ է, ինչը վկայությունն է այն բանի, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը հասել է զարգացման որակական այլ՝ առավել բարձր մակարդակի»,- նշեց Կարեն Ավագյանը։

Ցուցահանդեսում ներկայացված էր «Առողջ մանկություն» կազմակերպությունը։ Այն զբաղվում է ֆինանսական ծանր պայմաններում ապրող ընտանիքների ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաներին ֆինանսական աջակցության կազմակերպմամբ։ Կազմակերպության անդամները նկատում են, որ Հայաստանում շատ են ֆիզիկական խնդիրներ ունեցող կարիքավոր երեխաները, և իրենք փորձում են փոքր-ինչ թեթևացնել նրանց բեռը։

Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը նույնպես իր տաղավարային ցուցադրությունը փորձում էր համատեղել բարեգործության հետ։ Ուսանողական խորհրդարանի անդամ Տիգրան Սահակյանը նկատում է, որ բժշկական համալսարանի ուսանողական ինքնակառավարման մարմինն առաջինն էր Հայաստանում և ունի գործունեության մեծ փորձ, հարուստ կենսագրություն, ինչն իրենք ցուցադրում են երիտասարդական կազմակերպությունների էքսպոյում։

Կառավարության նիստերի դահլիճում առանձին տաղավարներով ներկայացված է երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող ավելի քան 60 կազմակերպություն՝ Երևանից և մարզերից։ Մասնակցում են նաև միջազգային կառույցներ, պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդներ։

Ցուցահանդես-համաժողովի աշխատանքների արդյունքում կհրատարակվի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվական գրքույկ, նախատեսվում է ընդունել երիտասարդության խնդիրները բարձրաձայնող հայտարարագիր: Մրցանակ կհանձնվի լավագույն տաղավարը ներկայացրած կազմակերպությանը։

Նշենք, որ «Հայացք ապագային» խորագրով երիտասարդական կազմակերպությունների էքսպո-համաժողովն անցկացվում է Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային օրերին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Ծրագրի իրականացմանն աջակցել է Երիտասարդ առաջնորդների դպրոցը։

 

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Էջմիածնի Մայր Տաճարում կկատարվի հոգեհանգստյան արարողություն Դամասկոսում զոհվածների հոգիների հանգստության համար

Աթոռ Սուրբ ԷջմիածնումՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 12-ին գումարված Վանական խորհրդի նիստի ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը մեծ ցավով անդրադարձել է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը, որի հետևանքով զոհվել են մարդիկ, այդ թվում երեխաներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Նորին Սրբությունը խստորեն դատապարտել է կրթական հաստատության հանդեպ իրականացված հրեշավոր այս հանցագործությունը` անընդունելի նկատելով նաև այն, որ հակամարտության ընթացքում մասնավոր թիրախի տակ են առնվում քրիստոնեական համայնքները:
Այս կապակցությամբ Ամենայն Հայոց Հայրապետը Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի միջոցով իր վշտակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին ու հարազատներին` ընդգծելով, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածինը պիտի շարունակի իր զորակցությունը բերել սիրիահայությանը` հոգևորականաց դասին և ողջ ժողովրդին:
Նոյեմբերի 17-ին Մայր Տաճարում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի` կկատարվի հոգեհանգստյան արարողություն զոհվածների հոգիների հանգստության համար, ինչպես նաև աղոթք կկատարվի Սիրիայում խաղաղության վերահաստատման համար:
Դամասկոսում նոյեմբերի 11-ի ժամը 13:30-ի սահմաններում չորս հրթիռ է ընկել Բաբ Շարկի թաղամասում գտնվող Ս. Սարգիս եկեղեցու կից Ս. Թարգմանչաց ճեմարանի մերձակայքում: Դեպքը տեղի է8 ունեցել աշակերտների դպրոցից դուրս գալու ժամանակ: Հրթիռներից երկուսն ընկել էին ճեմարանին պատկանող երկու ավտոբուսների վրա, մյուսը՝ դպրոցի դարպասի մոտ: Ավտոբուսներից մեկի մոտ ընկած հրթիռի բեկորներից զոհվել է 5 մարդ, այդ թվում՝ 4 աշակերտներ, որոնցից մեկը վեցամյա Հովհաննես Աթոքանյանն է, երեքը արաբներ, իսկ մյուս զոհը ավտոբուսի վարորդն է: Մոտ տասը վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց: Դժբախտ պատահարը ճեմարանի սաների մեջ ահ ու սարսափ է տարածել՝ միևնույն ժամանակ ցնցելով ողջ սիրահայությանը:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Տաքսու վարորդները պահանջում են անվճար կայանատեղիներ

տաքսիՏաքսու վարորդները շարունակում են պահանջել Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը, ինչպես նաև` Երևանում  անվճար կայանատեղիների սահմանում։

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տաքսու վարորդ Սարգիս Մաճկալյանը կարեւորեց, որ  օրինական դաշտում աշխատեն բոլոր տաքսիները` անկախ պետհամարանիշի գույնից՝ դեղին է, թե սպիտակ։ Մեկ այլ տաքսու վարորդ էլ նշեց, որ այսօր քաղաքում շուրջ 4000 տաքսի է գործում եւ կարծիք հայտնեց, որ իշխանությունները պարտավոր են  շուրջ 1500 տաքսու համար նախատեսված անվճար կայանատեղի ստեղծել։ Սա կնպաստի մայրաքաղաքում ծանրաբեռնվածության թեթևացմանը և վթարներ էլ ավելի քիչ կլինեն, այս մասին հաղորդում է Փաստինֆոն:

Տաքսու վարորդ Գագիկ Սավզյանն էլ իր հերթին նշեց, որ 2013 թվականի սկզբներին իրենց ասվել էր, որ դեղին համարանիշները պետք է հանձնվեն, իսկ  ուղեգիր ասվածն էլ  այլևս չի լինելու, սակայն ընդամենը օրեր առաջ իրեն տուգանել են ուղեգիր չունենալու համար:

Չնայած մի շարք խնդիների առկայությանը`  տաքսու վարորդների համար պատուհաս են դարձել հատկապես  վճարովի կայանատեղիները։ նրանք միաձայն պնդում էին, որ ուղևորը խնդրում է կանգնել, և իրենք չեն կարողանում բացատրել, որ իրենցից շատերը sms չեն կարողանում ուղարկել և մի քանի րոպեի համար տուգանվում են 5000 դրամ:

Վարորդները պահանջում են դաշտի օրինականացում և  շահավետ պայմանների ստեղծում   թե՛ նախարարության և թե՛ տաքսու վարորդների համար: «Ներկայումս ոլորտը բարձիթողի վիճակում է և ով ինչպես ուզում է այդպես էլ աշխատում է»,- նշեցին վարորդները:

Ըստ Տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանի՝ վարորդների բարձրացրած խնդիրները իրենց համար նորություն չեն։

Վերջինս նաև նշեց, որ իրենց կողմից օրենսդրական փաթեթ է մշակվել, և ներկայումս գտնվում է Ազգային ժողովում: Ըստ նրա այդ փաթեթը կարգավորում է այն բոլոր հարցերը, որոնց մասին բարձրաձայնում են վարորդները:

Արայիկ Ստեփանյանի խոսքով՝ նախարարի դիրքորոշումը հստակ է` կրճատել տաքսու վարորդների ծախսերը և նրանց ազատել միջնորդ կազմակերպությունների աջակցությունից:

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ  յուրաքանչյուր տաքսու վարորդ կարող է ամսական մուծել 12 000 դրամ եւ նշված ոլորտում ծավալել գործունեություն ծավալել, սակայն  միայն սպիտակ պետհամարանիշներով:

Փաստինֆո

Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ

Երևանի քաղաքապետարան, բյուջեի նախագիծՆոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Նիկոյանի նախագահությամբ: Խորհրդի անդամներին փաստաթղթային և էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագիծը։

Շեշտելով ներկայացված նախագծի կարևորությունը` Խորհուրդը որոշել է մինչև հաջորդ նիստն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել նախագիծը և, առաջարկությունների ամփոփումից հետո, օրենսդրությամբ սահմանված կարգով այն ներկայացնել հանրային քննարկման։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Վեճն ավարտվել է ծեծով. տուժողներին դատաբժշկի ուղեգրեր են տրվել

ոստիկանությունՆոյեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, 1966 թ. ծնված  Բհար Ֆ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում  հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Տանձուտ գյուղի վերջնամասում, վիճաբանության ժամանակ, համագյուղացիներ` 1975 թ. ծնված Արտակ Հ.-ն և 1970 թ. ծնված Լևոն Հ.-ն, ծեծի են ենթարկել իրեն, եղբորը` 1970 թ. ծնված Թոռնիկ Խ.-ին,  նրա որդուն` 1993 թ. ծնված  Զորիկ Խ.-ին, և 1976 թ. ծնված Լուսինե Ա.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 22.20-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Զորիկ Խ.-ն և 1981 թ. ծնված Արայիկ Մ.-ն` հայտնելով, որ վնասվածքներն իրենց պատճառել են Արտակ  և   Լևոն Հ.-երը:
Նոյեմբերի 11-ին, ժամը 00.25-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից կրկին հաղորդում է ստացվել, որ վնասվածքներով բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Մովսես Հ.-ն, որը հայտարարել է, որ նույն վիճաբանության ժամանակ իրեն ծեծի է ենթարկել Զորիկ Խ.-ն:
Բհար Ֆ.-ին, Զորիկ Խ.-ին, Արայիկ Մ.-ին և Մովսես Հ.-ին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Փողոցներից լապտերներ գողացողը հայտնաբերվեց

լամպՆոյեմբերի 9-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1958 թ. ծնված Սամվել Ե.-ին:
Պարզվել է, որ նա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին մի շարք փողոցներից գողանալով շուրջ 35 էլեկտրական լապտեր` վաճառել է տարբեր մարդկանց:
Կոմունալ տնտեսությանը պատճառված վնասի չափը կազմում է մոտ 220.000 դրամ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Սուր կտրող-ծակող գործիքի հարված` վիճաբանության ժամանակ

դանակ-290x225Նոյեմբերի 10-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արայիկ Հ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Արտաշատի Մարքսի փողոցի 14 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 1989 թ. ծնված Արամ Ա.-ի ազդրի շրջանին և պատճառել վնասվածք:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է նախաքննություն:

Երվանդ Լալայան

լալայանԱզգային հատկությունների և արժեքների վրա է հիմնված ազգային զարգացումը...

Երվանդ Լալայանին իրավամբ կարելի է համարել հայ ազգագրության հիմնասյունը: Իսկապես անգնահատելի է նրա վաստակը Հայաստանում ազգագրության` որպես գիտության զարգացման գործում: Նրա մեծածավալ հետազոտությունները, ուսումնասիրությունները Հայաստանում գիտության այդ ճյուղի հիմքը դրեցին:

Ապագա գիտնականը ծնվել է 1864 թ. մարտի13-ին Ալեքսանդրապոլում, բանվորի ընտանիքում:

Նախնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, ապա 1885 թ. ավարտել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Նա շատ էր ցանկանում շարունակել ուսումը, սակայն նյութական միջոցների սակավությունը ժամանակավորապես հետ պահեցին այդ մտքից:

Դպրոցն ավարտելուց հետո, Լալայանն աշխատանքի է անցել նախ Ախալքալակում և Ախալցխայում, ապա` հայրենի Ալեքսանդրապոլում: Այս տարիներին նա ամուսնանում է Հասմիկ Հալայանի հետ` երիտասարդ ու ուսումնատենչ մի հայուհու, որի հետ 1890 թ. մեկնում է Եվրոպա` կյանքի կոչելու ուսման բաղձանքը:  Լալայանն ու կինն ընդունվում են Ժնևի համալսարան: Կինը սովորում է բնագիտական բաժանմունքում, Լալայանը` Ժնևի ինժեներական համալսարանի հասարակագիտության բաժնում:

1894 թ. Երվանդ Լալայանը ավարտում է համալսարանը` ստանալով սոցիալական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Սակայն նրա կոչումը սոցիոլոգ դառնալը չէր:

1895 թ. նա աշխատանքի է ընդունվում Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, ինչը նրան հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Մխիթարյանների  հարուստ գրադարանին ու արխիվին: Այնտեղից նա շուտով տեղափոխվում է Փարիզ և աշխատանքի անցնում Մարդաբանական դպրոցում: Շուտով, սակայն, Լալայանը թողնում է այս աշխատանքը ևս ու վերադառնում հայրենիք: Նա հաստատվում է Արցախում և դասավանդում  Շուշիի թեմական դպրոցում:

Հենց Շուշիում աշխատելու տարիներին Երվանդ Լալայանը հղացավ «Ազգագրական հանդեսի» լույսընծայումը: Այդ գործում նրան մեծ աջակցություն ցույց տվեցին Թորոս Թորոմոնյանը, Մանուկ Աբեղյանը, Սերգեյ Զելինսկին, Լևոն Մելիքսեթ-Բեկը, Ստեփան Լիսիցյանը, Հրաչյա Աճառյանը, Խաչիկ Սամուելյանը, այլ անվանի գիտնականներ:

Եվ 1896 թ. լույս տեսավ «Ազգագրական հանդեսի» առաջին համարը, որը հայ գիտական մտքի նոր խոսք էր: «Ազգագրական հանդեսը» նվիրված էր հայ ազգագրությանը, բանահյուսությանն ու պատմությանը: «Ազգագրական հանդեսի» առաջին համարում Լալայանը գրում է. «Րոպեական ազդեցության տակ չենք վճռել մի այդպիսի հանդեսի հրատարակության ձեռնամուխ լինել, ոչ էլ պատահմամբ ենք ընտրել այն: Եվ մեզ ճանաչողները գիտեն, թե որքան ժամանակից ի վեր փայփայել ենք այս միտքը և որքան արգելքներ ենք հաղթել փոքր ի շատե նախապատրաստվելու այս գործի համար։ Այսօր մենք հանդես ենք գալիս ոչ թե միայն մեր ուժերի վրա վստահացած, այլ ազգի ինքնաճանաչության զգացման։ Թերթերի մեջ սփռված և աոանձին լույս տեսնող ազգագրական հոդվածներն արդեն ա֊պացուցանում են, որ հայոց ազգն էլ վերջապես զարթել է խոր քնից և ցանկանում է կատարել գիտության ամենիմաստ խոսքը»:

 

Հանդեսի  մատչելի և ուրույն ոճն այն սիրելի  դարձրեց հասարակական լայն խավերին: Տարիների ընթացքում «Ազգագրական հանդեսի» էջերում տպագրվեցին հազարավոր նյութեր հայոց ազգագրության, պատմության, ճարտարապետության, կենցաղի, սովորույթների մասին: Այդ առումով «Ազգագրական հանդեսը» հարուստ շտեմարան դարձավ ժամանակի և հետագայի ուսումնասիրողների համար, քանզի հայոց կենցաղում կորչող և վերացող բարքերն իսպառ անհայտ կմնային, եթե չլիներ Երվանդ Լալայանի այդ հրաշալի նախաձեռնությունը:

Իր խոսքում նա գրում է, որ ազգային հատկությունների և արժեքների վրա է հիմնված ազգային զարգացումը, և կոչ է անում հայ մտավորականությանը ձեռնամուխ լինել բանահավաքչության:

«Ազգագրական հանդեսը» տպագրվեց շուրջ 26 տարի (20 գիրք):

«Ազգագրական հանդեսում» տարբեր տարիներին լույս տեսան «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Ղափան», «Գանձակի գավառ», «Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառե», «Վայոց ձոր», «Նախիջևան կամ Նախճավանի ոստիկանական շրջան», «Զանգեզուր», «Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ»  աշխատությունները: Լալայանը հավաքել և հրատարակել է չափազանց արժեքավոր բանահյուսական նյութեր. «Ազգագրական հանդես», առանձին գրքերով՝ «Ջավախքի բուրմունք», «Հոբոս», «Մոլլա-Նասրէդոինը», «Պառավաշունչ», «Մարգարիտներ հայ բանահյուսության»  գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ, առածներ: Լայնածավալ պեղումներ է կատարել Շարուր-Դարալագյազի, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում, Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում, Էլարում (Կոտայք):

Երվանդ Լալայանը 1900 թ. Թիֆլիսում կազմակերպում է «Ազգագրական հրատարակչական ընկերությունը», որի նպատակը հայ ուսումնասիրողների նորահայտ նյութերի տպագրությունն ու տարածումն էր: Շատ չանցած` 1906 թ., նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում հիմնադրվում է «Հայոց ազգագրական ընկերությունը»: Ըստ կանոնադրության` այս նոր ընկերության նպատակն էր ուսումնասիրել Կովկասը, կից երկրներր և հայկական գաղութները, մասնավորապես` ազգագրական և ընդհանրապես մարդաբանական գիտությունների տեսակետից: Այս ընկերությունը կարճ ժամանակամիջոցում արդյունավետ ու բեղմնավոր գործունեություն ծավալեց: Ընկերության հովանավորն անվանի հայ գործարար, բարեգործ Միքայել Արամյանցն էր, որ առատորեն բացում էր իր քսակը ընկերության գործունեությանը սատարելու համար: Ընկերությունը հնագիտական պեղումներ և ուսումնասիրություններ կատարեց Հայաստանի տարբեր վայրերում, իսկ նրա կատարած ամենաշնորհակալ աշխատանքն, ինչ խոսք, Անի մայրաքաղաքում հնագիտական պեղումներն ու ուսումնասիրություններն են:

Լալայանը մեծ ավանդ ունի ոչ միայն հայագիտության, այլև առհասարակ կովկասագիտության զարգացման բնագավառում: 1907 թ. նա Թիֆլիսում կովկասագիտական մեծ գրադարանի հիմքը դրեց, որը հետագայում մեծացավ և հարուստ գիտական կենտրոնի վերածվեց: Նա տարբեր ամբիոններից  դասախոսություններ է կարդացել հայերի, վրացիների, քրդերի, թուրքերի ծագումնաբանության և մշակույթի մասին:

Լալայանը նաև նկարազարդ ալբոմներ հրատարակեց Հայաստանի պատմական հուշարձանների վերաբերյալ հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն: Իր հետազոտությունների արդյունքում հավաքած արձանագրությունները հրատարակեց առանձին գրքով:

Կարճ ժամանակ անց Հայ ազգագրական ընկերությունն արդեն Թիֆլիսում բավական մեծ թանգարան էր ստեղծել: Թանգարանի առաջին ցուցադրությունը կազմակերպվեց 1913 թ. ապրիլի 24-ին Թիֆլիսում:

Հայաստանում և Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո հենց Երվանդ Լալայանի ջանքերով թանգարանը Թիֆլիսից տեղափոխվեց Երևան, որի հիմքի վրա էլ ձևավորվեց Հայաստանի պատմության պետական թանգարանը, իսկ Լալայանը դարձավ նրա առաջին վարիչ-տնօրենը:

Նա նաև արժեքավոր գիտական թարգմանություններ է կատարել ռուսերենից և ֆրանսերենից:

Վաստակաշատ և երախտավոր գիտնականը մահկանացուն կնքեց 1931 թ. փետրվարի 24-ին, Երևանում: Ինչպես նշել է խաչիկ Սամվելյանը Լալայանին նվիրված մահախոսականում, թե՛ արտասահմանում, թե՛ Ռուսաստանում Լալայանի կատարած աշխատանքը կարող էին կատարել միայն հսկա ընկերություններ, գիտական մեծ հաստատություններ, մինչդեռ ականավոր նվիրյալը գրեթե միայնակ հիմքը դրեց հայ ազգագրության:

Հանրապետության ավտոճանապարհներին 4 ՃՏՊ է գրանցվել, 5 մարդ հիվանդանոցում է

վրաերթՆոյեմբերի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մասիս-Նորամարգ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի կենտրոնական հիվանդանոց:

Նոյեմբերի 11-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Նիսան-Պայտֆանդեռ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 89-րդ կմ-ին շրջվել և ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նոյեմբերի 11-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Արմավիր-Մարգարա ճանապարհի 17-րդ կմ-ին «BYD» մակնիշի տաքսի ավտոմեքենա է կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Նոյեմբերի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «Մերսեդես Ե 320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի թիվ 33 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է  քննություն:

Բեռնատարը բախվել է «ԲՄՎ»-ին և վրաերթի ենթարկել վարորդին

բախումՆոյեմբերի 11-ին, ժամը 18.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է Երևանի Արցախի և Արին-Բերդի փողոցների խաչմերուկում կայանված «ԲՄՎ»  մակնիշի ավտոմեքենայի և վրաերթի ենթարկել նույն ավտոմեքենայի 39-ամյա  վարորդին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ երկու դանակ է հայտնաբերվել

դանակՆոյեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունք նյութեր են ստացվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Երևանի  Սեբաստիայի փողոցի թիվ 92 հասցեի մոտից, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1992 թ. ծնված Գոռ Հ.-ն և 1989 թ. ծնված Վալերիկ Հ.-ն, որտեղ վերջինիս մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 2 դանակ. 1-ի ընդհանուր երկարությունը` 45 սմ, շեղբը` 30 սմ, 2-րդը` գաղտնի փականով` ընդհանուր երկարությունը 21.5 սմ, շեղբը` 9.5 սմ:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն: