Նկատվել են օձեր

օձեր են հայտնաբերվելՀուլիսի 24-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են   ստացվել նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` օձեր են նկատվել Սյունիքի մարզի Բաղաբուրջ գյուղում, Երևանի Շիրակի փողոցի 3-րդ նրբանցքում՝ «Ֆիշեր» ՍՊԸ-ին պատկանող պատուհանների արտադրամասում, Ալիխանյան եղբայրների թիվ 3 շենքում՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունում, Նոր Արեշի 50-րդ փողոցի թիվ 47 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, Սյունիքի մարզի Կապանի Շահումյան 3 շենքում, Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

Դեպքի վայրեր են մեկնել փրկարարական ջոկատներ։

Ուսումնասիրությունների արդյունքում` նշված հասցեներում օձեր չեն հայտնաբերվել:

 

Օձը վնասազերծված է

Հուլիսի 24-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացված ահազանգով փրկարարներն օձ են հայտնաբերել Դավթաշեն գյուղի 10-րդ փողոցի թիվ 1/5 տանը:

Օձը տեղափոխվել է անվտանգ տարածք:

 

Օձը խայթել է

Հուլիսի 23-ին, ժամը 13.30-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոն է տեղափոխվել 1963 թ. ծնված Գոռ Տոնոյանը:

Ըստ բժիշկների` վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է:

 

Այսօր. հինգ ավտոպատահար, 8վիրավոր և 1զոհ

ավտոպատահարԲախվել են ավտոմեքենաներ
Հուլիսի 24-ին, ժամը 07.46-ին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Ոստիկանության մշակույթի կենտրոնի շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Չարենց փողոցի թիվ 4 շենքի մոտակայքում բախվել են “Ֆոլկսվագեն” մակնիշի 20ՕՏ417 պետհամարանիշով (վարորդ՝ Բ. Լ., ծնվ. 1983 թ.) և “ՎԱԶ 21-07” մակնիշի 25ՏՕ247 պետհամարանիշով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները Բ.Լ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից, ով Ա. Ս.-ի (ծնվ. 1982թ.) և Ա. Մ.-ի հետ (ծնվ. 1983 թ.) հոսպիտալացվել է “Սրբ Գրիգոր Լուսավորիչ” ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները:

***

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Հուլիսի 24-ին, ժամը 07.37-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել է, որ “ՎԱԶ21214” մակնիշի 15ՍՍ994 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Է. Մ., ծնվ. 1938թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից Է.Մ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

 

ՃՏՊ Դաշտ-Սասունիկ ավտոճանապարհին

Հուլիսի 24-ին, ժամը 01.15-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դաշտ-Սասունիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ում “Տոյոտա Քեմրի” մակնիշի 34OP489 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., 1986թ. ծնվ.) բախվել է “ՎԱԶ 21015” մակնիշի 12NT777 պետհամարով ավտոմեքենային (վարորդ՝ Ն. Մ., 1987թ. ծնվ.) և կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը Ա.Ս.-ին տեղի ուժերով տեղափոխել են Վաղարշապատի ԲԿ, այնուհետև՝ “Էրեբունո” ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են բավարար:
Հրշեջ-փրկարարները ուղղել են ավտոմեքենան և տեղափոխել ավտոքարշակի վրա:

***

ՃՏՊ Մեղրի- Կապան ավտոճանապարհին

Հուլիսի 24-ին, ժամը 01.11-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի- Կապան ավտոճանապարհին՝ Շիշկերտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրակարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կապան-Մեղրի ավտոճանապարհի 43-րդ կմ-ին «Կամազ» մակնիշի 24 ԼՕ 159 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը (70 մ խորությամբ), ինչից վարորդ 1959թ. ծնված Մանվել Մխիթարյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել զոհվածին և հոսանքազրկել ավտոմեքենան:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

 

ՃՏՊ Ցողամարգ-Թորոսգյուղ ավտոճանահարհին

Հուլիսի 24-ին, ժամը 00.24-ին ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ-Թորոսգյուղ ավտոճանահարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 28-րդ կմ-ում շրջվել է «Հոնդա» մակնիշի 27ՍՕ648 պ/հ ավտոմեքենան վարորդ Գ.Հ. (ծնվ. 1987թ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորներ Տ.Հ-ը (ծնվ. 1995թ.) և Դ. Մ-ը (ծնվ. 1988թ.) հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն, իսկ Հ. Մ-ը (ծնվ. 2011թ.) հոսպիտալացվել է Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոց:

Բժիշկները Տ.Մարտիրոսյանի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Դ.Մարկոսյանի և Հ.Մարտիրոսյանի առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել են գազի փականը:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

ՀԱՄԱԶԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ. ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի գլխավոր մարշալը

բաբաջանյան«Երբ մի հետադարձ հայացք եմ գցում իմ անցած մանկության օրերին, աչքերիս առաջ հառնում է իմ հայրենի Չարդախլուն, որը նմանը չունի ամբողջ աշխարհում, և նրա կարոտը հաճախակի է ձգում ինձ դեպի այն, դեպի իմ օրրանը, որ սնել ու գրաճանաչ է դարձրել ինձ, նրա մաքուր օդով եմ ես զորացել, զորավար դարձել»:

Հայոց ռազմարվեստի պատմության և հայ ռազմական ոգու կերտման գործում անուրանալի ավանդ ունի ԽՍՀՄ հերոս, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Խաչատուրի Բաբաջանյանը:

Ապագա մարշալը և «Ոսկե աստղի» ասպետը ծնվել է 1906 թ. փետրվարի 18-ին, Ելիզավետպոլի նահանգի (Հյուսիսային Արցախ) Չարդախլու գյուղում` Խաչատուր Բաբաջանյանի ընտանիքում:

Խաչատուր Բաբաջանյանն իր բազմանդամ ընտանիքը կերակրում էր հովվությամբ: Նա գյուղի հովիվն էր և հաճախ էր Համազասպին, որ իր երրորդ զավակն էր, հետը սարեր տանում: Այստեղից է ծնվել ապագա զորահրամանատարի ու մարշալի մեծ սերը դեպի հայրենի բնությունը, դեպի իր գյուղը:

Շուտով պատանի Համազասպը ընդունվում է գյուղի ծխական դպրոցը: Սակայն ուսումը կիսատ է թողնում, քանզի 1915 թ. հայրը լավ ապրուստի ակնկալիքով ընտանիքով տեղափոխվում է Թիֆլիս: Այստեղ Համազասպն ընդունվում է հայկական դպրոց, սակայն դարձյալ չի ավարտում այն, քանզի մի քանի տարի անց ընտանիքը դարձյալ տեղափոխվում է հայրենի գյուղ, ուր նա զբաղվում է հողագործությամբ:

Սակայն ուսման և ռազմական գործի տենչը չի մարում Համազասպի սրտում: Շուտով նրա առջև մեծ հեռանկարներ են բացվում, երբ զորակոչվում է: Տեսնելով երիտասարդի ձգտումը` նրան գործուղում են Երևան, և 1925 թ. ապագա մարշալն ընդունվում է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան միացյալ ռազմական դպրոցը, որը չորս տարի անց ավարտում է գերազանցությամբ: Ապա տեղափոխվում է Թբիլիսի և ուսումը շարունակում Անդրկովկասյան միացյալ հետևակային դպրոցում: Ավարտելուց հետո նա ծառայության անցավ Կովկասյան չորրորդ հետևակային գնդում որպես դասակի հրամանատար: Արագ բարձրանալով ծառայողական սանդուղքով` շուտով դառնում է վաշտապետ, ապա` գումարտակի հրամանատար: Այնուհետև նա նոր նշանակում է ստանում և տեղափոխվելով Լենինգրադ` ծառայության է անցնում որպես հետևակային գնդի հրամանատարի տեղակալ:

1939-1940 թթ. Համազասպ Բաբաջանյանը ստացավ իր մարտական մկրտությունը` մասնակցելով խորհրդա-ֆիննական ծանր պատերազմին: Այստեղ ցուցաբերած անձնական քաջության և խիզախության համար Բաբաջանյանն արժանացավ խրախուսանքի:

Հայրենական պատերազմը Բաբաջանյանը դիմավորեց որպես 19-րդ բանակի շտաբի օպերատիվ բաժնի տեղակալ` մայորի զինվորական կոչումով: Շուտով նա նշանակվեց 395-րդ հետևակային գնդի հրամանատար: Որպես հրաձգային գնդի հրամանատար մասնակցեց Սմոլենսկի և Օրյոլի պաշտպանության մարտերին: Այս մարտերում նա աչքի ընկավ համառությամբ, անձնազոհությամբ: Գունդը` Բաբաջանյանի հրամանատարությամբ, առաջինը ԽՍՀՄ-ում ստացավ գվարդիական կոչում:

Պատերազմին զուգահեռ Բաբաջանյանը ուսում էր ստանում: Նա 1942 թ. ավարտել է Մոսկվայի Միխայիլ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի արագացված դասընթացները: Պատերազմի ավարտից հետո Բաբաջանյանը շարունակեց ուսումը և 1948 թ. ավարտեց ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Պատերազմը տաղանդաշատ  զինվորականի համար լավ հարթակ էր, և նա արագ առաջխաղացում ապահովեց իր համար: 1942 թ. Համազասպ Բաբաջանյանն արդեն մեքենայացված բրիգադի հրամանատար էր և այդ պաշտոնում մասնակցեց Կուրսկի ճակատամարտին: Հետագայում այդ ճակատամարտում իրեն լավագույն կողմերով դրսևորած զորահրամանատարը կգրի. «… Հառաչում էր հողը, ճակատամարտի մասշտաբը գերազանցում էր մարդկանց երևակայությունը: Հարյուրավոր տանկեր, թնդանոթներ վերածվում էին մետաղյա ջարդոնի լեռնակույտերի: Խավարել էր արևը, նրա սկավառակը հազիվ էր երևում արկերի ու ռումբերի պայթյունից առաջացած ծխի ու փոշու միջից»:

1943 թ. Բաբաջանյանը կարևորագույն դերակատարություն ունեցավ Կիևի ազատագրման և Դեսնայի գետանցման մարտերում: 1944-ից Համազասպ Բաբաջանյանն Առաջին տանկային բանակի 11-րդ գվարդիական կորպուսի հրամանատարն էր և կռվում էր Բելառուսական ռազմաճակատում:

Նա խորամանկությամբ և հմուտ ռազմավարությամբ աչքի ընկավ Կազատին քաղաքի ազատագրման մարտերում: Ֆաշիստները «Վագր» և «Հովազ» տանկերից բաղկացած 19 դիվիզիա էին կուտակել Կուրսկ-Բելգորոդի ուղղությամբ: Բաբաջանյանի առաջադրանքն էր ճեղքել այդ պաշտպանությունը և գրավել Կազատին քաղաքը: Համազասպը որոշեց քաղաքը գրավել գիշերով և հրամայեց հանկարծակիի բերել թշնամուն` վառել բոլոր տանկերի, զրահապատ ինքնագնացների լույսերը, միացնել բոլոր շչակներն ու ազդանշանները: Հոգեբանական գրոհը տվեց իր ազդեցությունը և այդպիսի շլացուցիչ լույսերի ու ահարկու շաչյունի ազդեցությամբ էլ խորհրդային զորքերը մտան քաղաք ու գրավեցին այն:  Հետագա մի քանի օրում Բաբաջանյանն ազատագրեց բազմաթիվ քաղաքներ ու բնակավայրեր:

Երրորդ մեքենայացված կորպուսի հրամանատար գեներալ Ի. Դրեմովը Հ. Բաբաջանյանի պարգևատրման թերթիկում գրել է. «1944 թ. մարտի 21-ից մինչև ապրիլի 1-ը Ստանիսլավի ուղղությամբ ֆաշիստական զավթիչների դեմ մղված կռիվներում Հ. Բաբաջանյանը որպես բրիգադի հրամանատար, աչքի ընկավ իր համարձակությամբ, վճռականությամբ, հմտությամբ: Բրիգադը, դրսևորելով սրընթաց շարժունակություն, շրջանցեց հակառակորդի թիկունքը և կտրեց նրա նահանջի ուղին…»:

Գերագույն գլխավոր հրամանատարությունը գնահատեց Բաբաջանյանի ծառայությունները և նա 1944 թվականի ապրիլի 26-ին ԽՍՀՄ ԳԽ նախագահության հրամանագրով արժանացավ Խորհրդային Միության հերոսի կոչման: Իսկ նա իսկապես խիզախ էր մարտում: 1944 թ. ամռանը մարտերից մեկի ժամանակ նա ծանր վիրավորվեց կոկորդից: Սակայն փոքր ինչ ապաքինվելով` դարձյալ մեկնեց ճակատային գիծ:

1945 թ. Գերագույն գլխավոր հրամանատարությունը գվարդիայի գնդապետ Համազասպ Բաբաջանյանին շնորհեց զրահատանկային զորքերի գեներալ-մայորի զինվորական կոչում, որով էլ նա մասնակցեց Բեռլինի գրավման մարտերին: ԽՍՀՄ ԳԽ նախագահության շրջաբերականում Բեռլինի գրավման մարտերում աչքի ընկած զորամասերի թվում հիշատակվում է նաև Համազասպ Բաբաջանյանի հրամանատարությամբ գործող զորամասը և դրա խիզախ հրամանատարի անունը: Հետագայում նրա մասին ակնածանքով է արտահայտվել ԽՍՀՄ մարշալ Գ.Կ.Ժուկովը. «Չափազանց խիզախ ու քաջարի հրամանատար է, ես նրան լավ եմ ճանաչում ու հարգում»:

Հայրենական պատերազմի ավարտից հետո գեներալ-մայոր Համազասպ Բաբաջանյանը Գերմանիայում ծառայեց որպես բանակի շտաբի պետ, ապա` բանակի հրամանատար:

1956 թ. հենց Բաբաջանյանի հրամանատարությամբ գործող դիվիզիան ներխուժեց Հունգարիա և ճնշեց տեղի ապստամբությունը խորհրդային ռեժիմի դեմ:

1959-1967 թթ. Համազասպ Բաբաջանյանը Օդեսայի ռազմական օկրուգի զորքերի հրամանատարն էր: Ապա դարձավ մարշալ Ռ. Մալինովսկու անվան Զրահատանկային զորքերի ակադեմիայի պետ, 1969-ից` ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի հրամանատար:

1967 թ. հոկտեմբերին Համազասպ Բաբաջանյանին շնորհվեց ԽՍՀՄ Զրահատանկային զորքերի մարշալի կոչում:

Համազասպ Բաբաջանյանը նաև ակտիվ հասարակական կյանքով էր ապրում.  1962-1970 թթ. նա ԽՍՀՄ, ՀԽՍՀ, ՌԽՖՍՀ Գերագույն խորհուրդների պատգամավոր էր:

Նա նաև Զալեշչիկի, Գդինյա, Ելնյա քաղաքների պատվավոր քաղաքացի էր:

Բաբաջանյանը նաև գրում էր: 1981 թ. ԽՍՀՄ Պետհրատը հրատարակեց նրա «Ծառայությունն այսպիսին է` հաղթել» հուշագրությունը, որը մի քանի տարի անց լույս տեսավ նաև հայերեն:

Խորհրդային հայրենիքը ըստ արժանվույն գնահատեց հայազգի զորահրամանատարի վաստակը: Նա արժանացել է Լենինի անվան 4, Կարմիր դրոշի` 4, Հոկտեմբերյան հեղափոխության, Սուվորովի առաջին և երկրորդ, Կուտուզովի առաջին, Հայրենական պատերազմի առաջին և երկրորդ աստիճանի, «ԽՍՀՄ ԶՈՒ հայրենիքին ծառայելու համար» երրորդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշանների: Մեծ հայորդին մահկանացուն կնքեց 1977 թ. նոյեմբերի 1-ին` 71 տարեկան հասակում, Մոսկվայում:

 Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Մահվան ելքով վթար Սարավան գյուղի մոտակայքում

big_1374626683_7Հուլիսի 23-ին, ժամը 16.27-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարարավան ավտոճանապարհին՝ Սարավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հայտնի են ավտոմեքենայի (“Հունդայի” մակնիշի 35 UT 009 պետհամարանիշի) ուղևորների և վարորդի տվյալները մասամբ. ուղևորներ` Դմիտրի Եգորով, Ալինա Ֆիլատովա, Եկատերինա Ուս., Օլգա Զավետսկայա, Մարինա Կրեմլովա, Եկատերինա, Տալման Պատրիկ, վարորդ` Վ. Թ, ով զոհվել է :

Երևանի քաղաքապետարանում բողոքներ լսելու ժամանակ չունեն, բողոքավոր քաղաքացիներից էլ ցնցուղներով են պաշտպանվում

ոչ 150 դրամին

Այսօր Հայազն կուսակցության ներկայացուցիչները և մոտ 100 քաղաքացիներ քաղաքապետարանի մոտ իրենց դժգոհությունն արտահայտեցին Երևանում հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ: Բողոքի ակցիայի մասին հայտարարվել էր նախապես: Երբ ժամը 16-ին բողոքավոր քաղաքացիները հավաքվեցին քաղաքապետարանի մոտ, քաղաքապետարանի դիմացն արդեն լեցուն էր ոստիկաններով: Նրանք թույլ չտվեցին, որ հավաքված մարդիկ մոտենան քաղաքապետարանի մուտքին`շենքի անկյունից առաջ անցնել արգելվեց: Պատճառաբանությունն այն էր, որ ցուցարարները խանգարում են քաղաքապետարանի աշխատանքային առօրյան: Կանաչ տարածքների վրա էլ ոռոգման ջուրն էին միացրել, բայց այնքան ուժեղ, որ ցնցուղի տակ էր նաև մայթը: Ցուցարարները ստիպված մոտ 30 րոպե կանգնած էին մայթին առաջացած  ՛՛լճակի՛՛ մեջ`արհեստական անձրևի տակ:

Ապա  բարձրաձայն հնչեցվեց պահանջագիր-նամակը, որը հետագայում պետք է հանձնվեր քաղաքապետարանին: Սակայն որևէ մեկը այդպես էլ դուրս չեկավ`նամակը վերցնելու: Նամակը հանձնեվց ոստիկաններին, որոնք վստահեցրեցին, որ նամակը չի կորչի և տեղ կհասնի:

Պահանջագիրը հետևյալն է.

՛՛Պաշտոնապես ներկայացված հիմնավորումը ակնհայտորեն ուռճացված է` մասնավորապես, հաշվարկված է ուղևորների` իրականից բազմապատիկ փոքր քանակության համար: Իրական քանակի դեպքում, վարձավճարը պետք է կազմեր առավելագույնը 70 դրամ:

Վստահ ենք, որ Երևանի բնակիչները դեմ չէին լինի ուղեվարձի որոշ թանկացմանը, եթե այն իրոք համապատասխաներ մատուցվող ծառայության որակին: Իսկ երբ սակագնի թանկացման միակ իմաստը առանձին արտոնյալ անձանց համար գերշահույթ ապահովելն է, ապա հանրային բողոքն անխուսափելի է: «Հայազն» կուսակցությունը վճռականորեն միանում է այդ բողոքին:
Պահանջում ենք.
1. Անմիջապես չեղյալ հայտարարել սակագնի թանկացման որոշումը:
2. Վերացնել երթուղիների անհատ սեփականատերերի ավելորդ ինստիտուտը: Ամբողջությամբ հանրայնացնել մայրաքաղաքային ուղևորափոխադրումը` շահույթն ու պատասխանատվությունը թողնելով քաղաքապետարանին:
3. Ապահովել երթուղիներում, ըստ ժամերի, բավարար քանակի մեքենաների առկայությունը` այդ թվում ուշ և պիկ ժամերին: Բացառել սահմանվածից ավել թվով ուղևորների նստեցումը:
4. Կատարելագործել վճարման համակարգը: Խրախուսել ոչ կանխիկ` քարտային վճարումը` կիրառելով ավելի ճկուն սակագներ` ըստ հեռավորության, օգտվելու ժամի, արտոնություններ հաճախ օգտվողների, կարիքավոր խմբերի համար: Վարորդներին աստիճանաբար ազատել կանխիկ մանրադրամով գործառույթից:
5. Երաշխավորել վարորդների ծանրաբեռնվածության համապատասխանեցումը աշխատանքային օրենսդրությանը` միաժամանակ սահմանելով ավելի հաստատուն և արժանապատիվ վարձատրություն` աշխատավարձ: Բացառել նրանց եկամուտների կախվածությունը ուղևորների քանակից, ինչը հաճախ հանգեցնում է ուղևորների որսի, խախտումների և կոնֆլիկտների:
6. Ապահովել մեքենաների սրահների, նստատեղերի քանակի և դիրքի համապատասխանությունը սահմանված նորմերին: Վարորդներին ազատել մեքենաների նորոգման ծախսերի բեռից: Մեքենաների տեխնիկական վիճակի պատասխանատվությունը դնել գերազանցապես ընկերության վրա:
7. Հստակեցնել քաղաքավարի սպասարկման կանոնները և խստությամբ հետևել դրանց կիրառմանը:
8. Սակագնի հարցին անդրադառնալ վերոնշյալ բարեփոխումներից հետո` ներկայացնելով առարկայական, ճշգրիտ հիմնավորում՛՛:

Բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Տարածքային կառավարության նախարարություն, ապա Կառավարության շենք, քանի որ առանց այս երկու կառույցների համաձայնության և իմացության տրանսպորտի սակագինը 50 տոկոսով թանկացնելու որոշում չէր  կարող ընդունվել:

Ակտիվիստները  ճանապարհին հանդիպած քաղաքացիներին կոչ էին անում իրենց միանալ և  տրանսպորտով երթևեկության համար վճարել 100 դրամ:

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

եղանակը հայաստանումՀՀ տարածքում`

Հուլիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 24-ին կբարձրանա 2-3, 25-28-ը կնվազի 6-7 աստիճանով:

Երևանում`

Հուլիսի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է:
Հուլիսի 27-28-ը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:

Երևան քաղաքի հուլիսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 40.30C (1966թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.80C (1911թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.60C

 

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Հանքավանի ճամբարներում հանգստացող երեխաներին

10569_am_7Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» և «Հասմիկ» ճամբարներ` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին հանդիպելու նպատակով: Ճամբարներում հանգստացող երեխաները Տիգրան Սարգսյանին դիմավորել են իրենց պատրաստած պարային երաժշտական ելույթներով:

Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարներում, ծանոթացել հանգստի և սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Վարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը:
Ամեն տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր` Հանքավանի «Հասմիկ», «Լուսաբաց», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարներում: Տարեկան ծրագրին մասնակցում է 3000 երեխա, որոնց հանգիստն իրականացվում է 2 հերթափոխով` յուրաքանչյուրը 20 օր տևողությամբ: Աշխատանքը կազմակերպվում է ՀՀ վարչապետի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Երեխաների ցուցակները ներկայացվում են ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից:

 

Հանքուղու որակման աշխատանքներ կատարելիս պայթյունից 40-ամյա տղամարդ է մահացել

հանքի պայթյունՀուլիսի 22-ին,  ժամը 23.10-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ է տեղափոխվել 1973 թ. ծնված Սամվել  Հովհաննիսյանի դիակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ս. Հովհաննիսյանը մահացել է նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում,  մի ընկերության հանքի տարածքում հանքուղու որակման աշխատանքներ կատարելու ժամանակ դեռևս չպարզված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունից:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

Եթե «Զինուժ»-ը բանակի հետ որևէ աղերս «չունի», ապա Մութաֆյանը «Զինուժ»-ի հետ հաստատ ինչ-որ աղերս ունի

«Զինուժ»Լիովին հասկանալի և ողջունելի է, երբ մտավորական անձնավորությունը հանրությանն իր առողջ, սրտացավ ու հիմնավորված նկատառումներն է ներկայացնում երկրում առկա հասարակական որևէ խնդրի կամ երևույթի վերաբերյալ: Դա, ինչ խոսք, իսկական մտավորականի, իսկական քաղաքացու կեցվածք է:

Սակայն, ինչպես բնորոշել մտավորական համարվող անձնավորության այն «նկատառումները», որոնք սնվում են ոչ թե իրականությունից, ոչ թե քաղաքացու սրտացավ վերաբերմունքից, այլ մերժված մարդու ունեցած չարությունից, մանրախնդրությունից… Կարծում ենք` այդ «նկատառումներն» անգամ որպես հերյուրանք կոչելն ուղղակի շատ մեղմ է:

Այսպես` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանը վերջին շրջանում թիրախ է դարձրել ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագիրը: Հուլիսի 21-ին էլ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարելով հերթական «գրառումը»` պարոն Մութաֆյանը «որպես ռեժիսոր, որպես հեռուստաօպերատոր, որպես լրագրող և որպես գիտատեխնիկական առաջընթացի մասնագետ» պարզապես «քարը քարի վրա չի թողել»` համոզմունք հայտնելով, որ «Զինուժ» հեռուստածրագիրը «որևէ աղերս չունի մեր բանակի, նրա կարևոր ձեռքբերումների, զինվորական առօրյայի հետ»:

Ուղղակի անիմաստ համարելով «մտավորականի» թվարկած անհեթեթ «նկատառումներին» մեկ առ մեկ անդրադառնալը` այնուամենայնիվ մատնանշենք մի քանի իրողություն: «Զինուժ» հեռուստածրագրի ոչ միայն մյուս, այլև հենց այն թողարկումը, որը դիտել է պարոն Մութաֆյանը (խոսքը 2013թ. հուլիսի 20-ի թողարկման մասին է), լիովին հերքում է նրա իսկ գրառման վերնագիրը` ««Զինուժ» հաղորդումը որևէ աղերս չունի մեր բանակի, նրա կարևոր ձեռքբերումների, զինվորական առօրյայի հետ»:

Մյուս կողմից արձանագրելով, որ վերջին շրջանում մեր բանակում լուրջ տեղաշարժեր ու նորացումներ են եղել, պարոն Մութաֆյանն ուղղակի չի գիտակցում, որ «Զինուժ» հեռուստածրագրի անձնակազմն էլ հենց այդ` տարածաշրջանում ամենամարտունակ բանակի մի մասնիկն է: Միայն նշենք, որ հեռուստածրագրի նկարահանող խմբերը յուրաքանչյուր շաբաթ հարյուրավոր կիլոմետրեր են կտրում` հասնելով ՀՀ ԶՈՒ ամենահեռավոր զորամասերն ու հայ-ադրբեջանական սահմանագոտու բարձունքներին և հարթավայրերում տեղակայված մարտական հենակետերը` արտացոլելով մեր սպայի ու զինվորի, այսինքն` երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովման գործընթացում մեր բանակի մեծագույն դերն ու նշանակությունը:

Ինչ վերաբերում է պարոն Մութաֆյանի այն  «նկատառմանը», թե «Զինուժ»-ը չի իրականացնում ռազմահայրենասիրական քարոզչական խնդիրներ, ապա նրան խորհուրդ կտայինք ոչ թե ժամանակ առ ժամանակ դիտել հեռուստածրագրի թողարկումները, այլ պարբերաբար: Ի դեպ, պարոն Մութաֆյանին տեղեկացնենք, որ վերջին տարիներին «Զինուժ» հեռուստածրագիրը ռազմահայրենասիրական դաստիարակության ոլորտում ճանաչվել է որպես լավագույն հեռուստածրագիր:

Այն, թե «Զինուժ» հեռուստածրագիրն ինչ աղերսներ ունի «մեր բանակի, նրա կարևոր ձեռքբերումների, զինվորական առօրյայի հետ», թողնենք հազարավոր հեռուստադիտողների դատին: Հեռուստադիտողներ, որոնց անշուշտ նաև  կհետաքրքրի, թե պարոն Մութաֆյանն ինչ աղերս ունի «Զինուժ» հեռուստածրագրի հետ: Բանն այն է, որ ՀՀ վաստակավոր արտիստը ս/թ մայիսին նամակով դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանին` խնդրելով, որ իր որդին` Նարեկ Լևոնի Մութաֆյանը, ով ավարտել է ԵԹԿՊԻ-ի վավերագրական կինոյի բաժինը, որպես լրագրող իր պարտադիր ժամկետային զինծառայությունն անցկացնի ՊՆ ՏՀԿՎ «Զինուժ» հեռուստածրագրում: Զինակոչիկը, բնականաբար, հրավիրվել է ՊՆ ՏՀԿ վարչություն, որտեղ կատարել է գործնական հանձնարարություն` գրելով ոչ թե լրագրողական տեքստ, այլ միջին դասարանի աշակերտի շարադրություն: Ըստ այսմ` հետաքրքիր է, թե ՀՀ պաշտպանության նախարարին սրտաճմլիկ նամակ գրելիս ինչ էր մտածում պարոն Մութաֆյանը, երբ իր որդին լրագրողական կրթություն կամ լրագրողի աշխատանքային փորձ չուներ: Միթե այդ ժամանակ նա չէր մտածում (կամ թերևս «Զինուժ» հեռուստածրագրի հերթական թողարկումը չէր դիտել), որ 21-րդ դարի ժուռնալիստիկայի ասպարեզում «փայլատակող» իր որդուն ցանկանում էր ուղարկել այն կառույց, որտեղ «լրագրողները չեն անցնում բանվորագյուղացիական հետաքրքրությունների սահմաններից»:

Հետաքրքիր է նաև, որ եթե նրա որդին տիրապետեր ժուռնալիստիկայի հիմունքներին և պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչվեր «Զինուժ» հեռուստածրագիր, ապա այդ պարագայում պարոն Մութաֆյանը ինչպես կգնահատեր հեռուստածրագրի ռեժիսուրան, օպերատորների և լրագրողների աշխատանքը: Համոզված ենք` պարոն Մութաֆյանի գնահատականներն այդ դեպքում բոլորովին այլ  կլինեին…

Քավ լիցի, «Զինուժ» հեռուստածրագրի անձնակազմը պարոն Մութաֆյանի գովասանքների կարիքը չունի: Հանրությունն ինքն է առավել հստակ ու ճշգրիտ գնահատում «Զինուժ» հեռուստածրագրի թողարկումները, և պարոն Մութաֆյանը կարող է նեղություն չկրել իր տարտամ «հերյուրանք-նկատառումներով» հասարակությանը շեղելու համար:

Ըստ այսմ` թերևս պարզ է, թե որտեղից են սնվում պարոն Մութաֆյանի մանրախնդիր  «հերյուրանք-նկատառումները»:

 

ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

«Ոստիկանությունն անցել է «գործի»»…

MHM80129 copyԱյս պահի դրությամբ կենտրոնի ոստիկանությունում են գտնվում «տրանսպորտային անհնազանդություն» ակցիայի մասնակիցներ Գևորգ Սաֆարյանը, Վիլեն Գաբրիելյանը, Դավիթ Հարությունյանը, Մաքսիմ Սարգսյանը, Արեգ Գևորգյանը և Սարգիս Գևորգյանը: Նրանց մոտ կան փաստաբաններ և ՄԻՊ-ից ներկայացուցիչ:

Ակտիվիստների շրջանում տարածվել է ավելի զգույշ լինելու հաղորդագրություն, որում խորհուրդ է տրվում. «բոլոր ակտիվիստներին այսօր լինել առավել ուշադիր ոստիկանների հետ շփման մեջ, խուսափել ակցիայի ժամանակ ագրեսիա ցուցաբերելուց և զգուշանալ սադրիչներից, որովհետև ոստիկանությունն անցել է «գործի»»։

 

Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության նոր ծրագրեր կմշակվեն

handipymԵրևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակման շրջանակում Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի գլխավորությամբ Երևան այցելած պատվիրակությանը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ Վանո Վարդանյանը նշել է, որ, չնայած երկու քաղաքների միջև բարեկամության համաձայնագիրը ստորագրվել է 2012 սեպտեմբերին, սակայն այս ժամանակահատվածում ծավալված արդյունավետ համագործակցության արդյունքում կյանքի են կոչվել մի շարք ծրագրեր: Քաղաքապետի գլխավոր խորհրդականը նաև հույս է հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և համատեղ ծրագրերի նոր հնարավորություններ կստեղծվեն:
Սուրեն Թամրազյանն իր հերթին նախ շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ համատեղ ծրագրերի իրականացման նկատմամբ ցուցաբերած մշտական ուշադրության համար: Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալը նաև նշել է, որ Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցության շնորհիվ Ստեփանակերտում ներդրվել են մի շարք համակարգեր, որոնք էլ ավելի դյուրին ու արդյունավետ են դարձնում քաղաքային տնտեսության կառավարումը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպմանը ներկայացնել և քննարկել համագործակցային նոր ծրագրերի շուրջ առաջարկություններ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ձերբակալվել է երեք ակտիվիստ

MHM80121 copy«Տրանսպորտային անհնազանդություն»-ը շարունակվում է։ Քաղաքապետարանի դիմաց ակցիայի մասնակիցների ու ոստիկանների բախման արդյունքում ձերբակալվել են երեք ակտիվիստ։

 

Այս պահին ակտիվիստների երթը, «միացեք» բացականչելով, շարժվում է դեպի ոստիկանության կենտրոնի բաժին։ Քիչ առաջ Վարդանանց փողոցով անցնելիս՝ երթին բնակելի շենքի պատուհաններից սկսեցին աջակցել այլ երիտասարդներ։ Նրանցից երկու տղաներ սկսեցին դհոլ նվագել։ Երթի մասնակիցները մի պահ կանգ առան՝ աջակցելու միացած երիտասարդներին։

“Բորբոքված կրքերը հանդարտեցնելու նպատակով քաղաքապետը ճիշտ կանի աշխատանքից ազատի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին”.Վահե Ղազարյան

վահե ղազարյանՀեռուստալրագրող Վահե Ղազարյանը իր ֆեյսբուքյան էջում շատ ճիշտ առաջարկություն է անում.

“Եթե Եվրոպայի մայրաքաղաքներից մեկում պարզվեր, որ տրանսպորտի ոլորտը կարգավորող առանցքային դեմքերից մեկը ունի երթուղային գիծ /աղբույրը` hetq.am/, վաղուց արդեն ազատված կլիներ զբաղեցրած պաշտոնից: Եվ սա, լավագույն դեպքում: Բորբոքված կրքերը հանդարտեցնելու նպատակով քաղաքապետը ճիշտ կանի աշխատանքից ազատի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին: Դա հնարավորություն կտա նաև ինչ որ առումով վերականգնել քաղաքապետարանի սասանված իմիջը, չէ որ հետագայում տրանսպորտի ոլորտում ծագած այս կամ այն հարցի շուրջ` Նավասարդյանի մեկնաբանությունները շատերը ընկալելու են սուբյեկտիվ տեսանկյունից` միաժամանակ վերհիշելով վերջինիս զայրացած դեմքն ու մեղմ ասած անպարկեշտ արտահայտությունը”:

Արցախում զինծառայող է զոհվել

NkrmilԱյսօր ժամը 12:30-ի սահմաններում ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Նարեկ Ժորիկի Հովսեփյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Նարեկ Ժորիկի Հովսեփյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

 

 

 

 

 

 

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Երեւանի տրանսպորտի վարչության պետը գծատեր է

Հենրիկ ՆավասարդյանՀասարակական տրանսպորտի թանկացումից հետո Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը քաղաքապետարանի ամենաակտիվ պաշտոնյան է, ով ամեն ինչ անում է՝ քաղաքացիական բողոքը լռեցնելու եւ ակցիաները խափանելու համար: Պատճառն այն է, որ քաղաքացիների բողոքը կարող է լսելի դառնալ վերին օղակներում, ինչը վնաս կհասցնի Հ. Նավասարդյանի ընտանեկան բյուջեին:Այս մասին տեղեկանում ենք “Հետքից”:

Բանն այն է, որ Հենրիկ Նավասարդյանին է պատկանում թիվ 18 ավտոբուսային երթուղին: Այն սպասարկում է «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը Հ. Նավասարդյանի 22-ամյա որդին է` Անդրանիկ Նավասարդյանը: Նա 2012 թ. նոյեմբերից ընկերության 100 % սեփականատերն է, իսկ մինչ 2012 թ. ապրիլ ամիսը 2 տարի ընկերությունը ղեկավարել է ավագ որդին` Էդգար Նավասարդյանը: Անդրանիկ Նավասարդյանը 2008-ից մինչեւ 2013 թ. մայիս ամիսը եղել է նաեւ «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ի տնօրենը, իսկ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է նրանց ազգականը` Արտակ Նավասարդյանը:

Պարզ է, որ այս ընկերության իրական սեփականատերը հենց Երեւանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան է:

Նավասարդյանների ընտանիքը ամբողջության ներգրավված է տրանսպորտի ոլորտում, ուստի հասկանալի է Հենրիկ Նավասարդյանի նյարդային վիճակը, երբ լրագրողները փորձում են նրան հարցեր տալ:

Բանն այն է, որ նրա միջնեկ որդին` Դավիթ Նավասարդյանն էլ զբաղվում է հասարակական տրանսպորտի վրա գովազդ տեղադրելով: Նրան է պատկանում «Մոշն թայմ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2011 թ.-ին:

Ըստ ընկերության կայքում հրապարակված գնացուցակի` կախված ավտոբուսի վրա փակցվող գովազդային պաստառի քմ-ից, պայմանագրի երկարաժամկետ լինելուց եւ ավտոբուսների քանակից` մեկ «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վրա գովազդ տեղադրելու գինը մեկ ամսվա համար կազմում է 100.000-130.000 դրամ, իսկ գովազդային պաստառի 1 քմ արժեքը 5.000-6.000 դրամ է: Մեկ միկրոավտոբուսի արժեքը մեկ ամսվա համար 25.000 դրամ է, իսկ գովազդային պաստառի 1 քմ գինը` 6.000 դրամ: Ի դեպ, միկրոավտոբուսների գովազդը 40-ից պակաս չի կարող լինել:

Հենրիկ Նավասարդյանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, որովհետեւ քաղաքապետարանը «բլոկ» է արել նրա հետ կապ հաստատելու հնարավոր միջոցները: Նրա ընդունարանից պատասխանեցին, որ լրատվության բաժնի հետ համաձայնեցնենք նոր միայն խոսենք Հ. Նավասարդյանի հետ: Իսկ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին, թե իրենց կարգի համաձայն, հարցերը պետք է գրավոր ուղարկենք իրենց, որպեսզի քննարկեն նոր միայն որոշեն հնարավոր է հարցազրույց վարել, թե ոչ:

 

Գրիշա Բալասանյան

«Ժամանակն է՝ շփվեք սովորական մահկանացուներիս հետ». Էդիկ Բաղդասարյան

էդիկ բաղդասարյանHetq.am-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գտնում է, որ Տարոն Մարգարյանը պետք է ներողություն խնդրի երևանցիներից, չեղյալ հայտարարի տրանսպորտի գների բարձրացման որոշումը և աշխատանքից ազատի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտը կարգավորող բոլոր պաշտոնյաներին: Ըստ նրա՝ լավ կլինի, եթե  քաղաքապետը դա անի մինչև «Տարոն սիրուն չի» իրավիճակին հասնելը: Էդիկ Բաղդասարյանը այս թեմայով ֆեյսբուքյան իր էջում կատարել է ևս երկու գրառում.«Այսօր Ավանից ավտոբուսով իջա: Հասկացա որ ավտոբուսի մեջ մեկը պետք է լինի, որ խոսի ուղեվարձի բարձացման մասին, որպեսզի մարդիկ չվճարեն: Մեր ավտոբուսում մի կին կար, սկսեց խոսել այդ թեմայով: Ասաց, որ ինքը չի ուզում Հայաստանը լքել և վճարելու է 100 դրամ: Վարորդը թե` բա ես որտեղից վճարեմ մնացածը: Կինը ասաց` պետք չի վճարել, դուք ընդամենը ասեք, որ մարդիկ չեն վճարել: Եւ ավտոբուսի տարբեր հատվածներից սկսեցին վարորդին բացատրել, հասկացնել, որ ինքն էլ պիտի պայքարի: Ավանից իջնող ավտոբուսն է: Ավտոբուսն էլ անցնում է քաղաքապետի առանձնատան դիմացով: Քաղաքապետի առանձնատան դարպասի դեմը կանգնած են երկու մեքենա, մեկի մեջ թիկնապահներն են: Այդքան էլ այդպես չէ, երբ ասում են՝ Ավանում Տարոնին սիրում են, այս ավտոբուսում ինչ ասես չէին ասում նրա մասին: Ու շրջանային չհասած ավտոբուսը նմանվեց «եռացող կաթսայի»: Ու այդ ավտոբոսի մեջ մեկը չկար, որ պաշտպաներ Տարոնին: Քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակիցները ծառայողական մեքենաներ չպետք է ունենան և այդ միջոցները, որ այսօր հատկացված է այդ նպատակով, պետք է ուղղվեն քաղաքային տրասպորտի վրա: Ժամանակն է՝ շփվեք սովորական մահկանացուներիս հետ»։

 

Գոհար Արմենակյան. «Ես իմ Հայրենիքի մի զինվորն եմ ինձ համարում»

գոհարԶինվորը պաշտպանում է մեր երկրի սահմանները, մեր խաղաղությունը, իսկ պետությունը, ժողովուրդը, ազգը, հասարակությունը պիտի պաշտպանեն զինվորին, հոգան նրա մասին թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ թվացող պայմաններում. ցավոք, նաև յուրայիններից:

Այդպիսի առաքելություն ունի «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը, որի նախագահ Գոհար Արմենակյանի հետ երկրորդ անգամ եմ զրույցի բռնվում` ակամա սկսելով նույն հարցից:

– Տիկի՛ն Արմենակյան, ինչպե՞ս և եր՞բ ստեղծվեց «Զինվորի պաշտպանության կոմիտե» հասարակական կազմակերպությունը:

– Դուք արդեն գիտեք, որ Հայոց բանակում խաղաղ պայմաններում յուրայինների ձեռքով սպանվել է միակ որդիս` Անդրանիկ Սիլակյանը: Ցավ, վերք, որ երբեք ու երբեք չի դադարում, չի սպիանում: Սպանել քո զինվորին, քո ընկերոջը, յուրայինին… Ոճրագործություն, որը ոչ մի բառով արտահայտել, որակել չի լինում: Սեպտեմբեր ամսին կորցրեցի որդուս. քառասունքի արարողությունից հետո անմիջապես իմ շուրջը համախմբվեցին խաղաղ պայմաններում բանակում զոհված տղաների մայրերը, նաև նրանք, ովքեր Ղարաբաղյան գոյամարտի տարիներին կորցրել են իրենց ամուսիններին, իսկ խաղաղ պայմաններում` որդիներին:

Ցավով եմ նշում, որ տղայիս կորցնելուց հետո միայն գիտակցեցի, որ կորուստը բոլորինս է, և զինվորը միշտ մեր պաշտպանության կարիքն ունի. պետք է սատար լինենք մեր զինվորներին և չսպասենք, որ կորուստը մերը լինի, դրանից հետո նոր միայն ոտքի կանգնենք: «Ցավում եմ, շա՜տ եմ ցավում» ասելով` մտքում չասենք` իմ որդին չէ: Բոլորն էլ մեր զավակներն են, մեր հարստությունն ու մեր տան ճրագներն են, մեր վաղվա օրն են:

– Տիկի՛ն Արմենակյան, քանի՞ հոգուց է կազմված Ձեր հիմնադրած կազմակերպությունը:

– 50 հոգի է ընդգրկված, երկուսն էլ նոր են միացել:

– Միայն մայրե՞րն են:

– Մեզ հետ են նաև հայրերը, բայց մայրերը յուրօրինակ ուժ են. նրանք որդիներին կորցնելուց հետո ասես առավել հզորացել, զգոն են դարձել, որպեսզի չկրկնվեն նման դեպքերը:

Անդրադառնալով մեր կանանց, մի քիչ շեղվելով թեմայից` ես կցանկանայի, որ մեր պետական կառույցներում, երկրի ղեկավարման գործընթացում ավելի շատ կանայք ընդգրկվեն: Կինը ցավ է քաշում, երկունք է ապրում, նոր մարդ է լույս աշխարհ բերում և, բնականաբար, իր ստեղծածի և առհասարակ աշխարհի, երկրի հանդեպ ավելի աչալուրջ, ավելի զգոն կլինի:

– Կազմակերպությունը հիմնադրելիս ովքե՞ր ձեզ աջակցեցին, եղա՞ն խոչընդոտներ:

– Ասեմ, որ այս կազմակերպությունը` «Զինվորի պաշտպանության կոմիտեն», գործել է դեռևս 1996-ից, գրանցված է եղել արդարադատության նախարարությունում: Ինչ-ինչ հարցեր են առաջացել, փոխըմբռնման եզրեր չեն գտել, և կազմակերպությունն ամբողջապես լուծարվել է: Ես զրուցել եմ այդ կազմակերպությունից մի քանիսի հետ, որոնցից մեկն այսօր Հելսինկյան ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանն է. խորհրդակցել եմ և գտել, որ այդ կազմակերպությունը պիտի վերակառուցվի ու սկսի իր գործունեությունը:

Ցանկացած բարձրաստիճան զինվորականի մեջ ես  նախ տեսնում եմ զինվորին. գեներալն իր հոգեբանությամբ պիտի զինվոր լինի, որպեսզի միշտ կարողանանք արձանագրել լավը: Չեմ ասի, թե լավը չկա, չէ՛, բայց թե՛ մեր կառույցը, թե՛ ողջ հասարակությունը, առավել ևս` մեր բարձրաստիճան զինվորականները պիտի պայքարեն բանակում տեղ գտնող արտասովոր երևույթների դեմ:

Ինչ վերաբերում է խոչընդոտներին, չեմ կեղծի, մեր կազմակերպության առջև շարունակ պատնեշներ են եղել, քանի որ մենք իրավական դաշտում չէինք գտնվում, պաշտոնապես գրանցված չէինք: Իրավական դաշտում կազմակերպությունը սկսել է գործել 2008-ից: Ո՞վ կուզենար, որ այդպիսի կազմակերպություն լիներ: Մենք պայքարում էինք խաղաղ պայմաններում զոհված, սպանված զինվորների դատական գործընթացների ժամանակ, որտեղ հաճախ տեղի էին ունենում թերի դատավարություններ, երբեմն ամբաստանյալներն իրական հանցագործները չէին, մենք` սևազգեստ բոլոր մայրերս, սևեռված էինք այդ հարցերի վրա, ուստի խոչընդոտներ չէին կարող չլինել:

– Շա՞տ էին կորուստները:

– Այո: Այնքան շատ էին, որ չէինք հասցնում լինել հանրապետության բոլոր դատարաններում, հետևել դատավճիռների կայացմանը, նեցուկ լինել արդեն իսկ ֆիզիկապես, հոգեպես բնաջնջված ծնողին, որ պետության կողմից ասես անպաշտպան լիներ:

Մարդասպանների կողքին բազմաթիվ պաշտպաններ կային, կեղծ վկաներ, կեղծ ցուցմունքներ, կոծկվում էր իրական պատմությունը, իսկ որդին չկար, որ պատմեր, թե ինչ է եղել իրականում: Դատարաններում մեզ բոլորը ճանաչում են: Ասեմ, որ մի 3 տարի առաջ բանակում ավելի շատ էին ողբերգական դեպքերը: Իհարկե, կարևոր է նաև կորուստների թիվը, բայց դրա հետևանքով ստացած ցավը, վերքը հաշվել, կշռել, բնութագրել հնարավոր չէ: Մենք` որդեկորույս մայրերս, ասես ընդամենը մի պատյան լինենք, որում ամփոփված են սոսկ մեր խեղված մարմինները, ճաքած, արնածոր սրտերը:

Մենք ստիպված ենք ապրել, լռել, զսպել, որպեսզի ընտանիքի մյուս անդամները հոգեպես չկործանվեն, չհաշմվեն: Մենք ապրում ենք և գոյատևում, պայքարում, որպեսզի չկրկնվեն այդպիսի ողբերգությունները:

– Ինչպե՞ս եք տեղեկանում դատավարությունների մասին: Ձեզ ինչ–որ ձևով տեղեկացնո՞ւմ  են, ծանուցո՞ւմ, թե՞ հրավիրում:

– Ոչ, իհարկե ոչ: Նույնիսկ մեր ներկայությունը ցանկալի չէ, ուր մնաց` ծանուցեն, հրավիրեն: Ծնողներն են մեզ գտնում. վերջերս զանգահարեցին և խնդրեցին, որ ներկա լինենք դիահերձարանում: Ես այլևս չեմ կարողանում, անգամ նկարները նայելիս սարսռում եմ, ուր մնաց դիահերձարանում նայեմ 18-20 տարեկան սպանված զինվորին: Առնվազն պիտի ռոբոտ լինես:

– Եղե՞լ է մի դատավարություն, որին մասնակցել եք, և որը տարիներ շարունակ ձգձգվել է, մեղավորներին չեն հայտնաբերել, չեն պատժել կամ գուցե չեն ուզում  հայտնաբերել:

– Այո, Մատաղիսի գործը, որ արդեն 9-10 տարի ձգվում է, և կալանքի են վերցրել գործի հետ կապ չունեցող 4 երիտասարդների: Քրեական ամբողջ գործով արդեն ապացուցված է, որ այս տղաներն իրական հանցագործները չեն: Դատախազության կողմից վերջերս այս հարցի վերջնական լուծումը տալու միտում եմ նկատում:

– Ձեր կարծիքով, ո՞ւմ  է ձեռնտու խոչընդոտել այս գործի բացահայտումը:

– Ասեմ, որ դա համակարգային խոչընդոտ է. վախենում են, որ մի գործի իրական բացահայտումից հետո մնացած չբացահայտված գործերի տուժածները ոտքի կկանգնեն:

– Հաճա՞խ եք լինում զորամասերում:

– Այո, մենք աշխատում ենք հնարավորինս լինել զինվորների կողքին: Երբ զորամաս ենք գնում, ես հերթապահ հարցը չեմ տալիս` ինչպե՞ս եք, այլ հարցնում եմ, թե ովքեր կցանկանան պարտադիր զինվորական ծառայությունից հետո շարունակել ծառայել, բայց, ցավոք, այդ հարցիս գրեթե ոչ ոք դրական չի արձագանքում: Եթե արձագանք լիներ, կասեի, որ առաջընթաց ունենք:

– Ձեր կարծիքով` ո՞վ է պատասխանատու  զինվորի կյանքի համար:

– Շատերին թվում է, թե միայն պաշտպանության նախարարն է պատասխանատու: Նա, իսկապես, լավ մարդու, զինվորականի բարձր վարկանիշ ունի, բայց ողջ պատասխանատվությունը գցել նրա վրա, ճիշտ չի լինի. մեր բանակն ունի գլխավոր շտաբի պետ:

– Բանակում լինում են նաև ինքնասպանություններ (այդպես են ձևակերպում): Եթե մարդը հոգեկան ինչ–ինչ շեղումներ է ունենում, ինչո՞ւ է զինվորական բժշկական հանձնախումբը նրանց առողջ որակում, և այդ տղաները զորակոչվում են բանակ:

– Ես էլ եմ հարցնում. ինչո՞ւ են այդպիսի դեպքերը լրատվամիջոցներով հնչում որպես ինքնասպանություն. թող գրանցվի այսպես` ունենք մահվան դեպք: Միայն մանրամասները քննելուց և համապատասխան փորձաքննությունից, փաստերը ճշտելուց հետո կարելի է նման հայտարարություն անել, եթե դա համապատասխանում է իրականությանը: Ինքնասպանություն: Մի՞թե մեզ ձեռք է տալիս թուլամորթ տղաներ ունենալը, հայ մայրերն այդպիսի՞ տղաներ են ծնում: Ժամանակի ընթացքում պարզվում է, որ դրանք ոչ թե ինքնասպանություններ, այլ սպանություններ են: Հաճախ մեր հասարակությունը տղա երեխային ճիշտ չի դաստիարակում` չթողնելով շփվել շրջապատի հետ, մեկուսացնելով նրան: Նա պիտի շփվի ամեն տեսակ մարդկանց հետ, որովհետև բանակում նա հանդիպելու է ամենատարբեր ընտանիքներից, տարբեր հակասական բնավորությունների տեր մարդկանց հետ:

Երբ ընտանիքն իր տեղում, իր դերում լինի, դպրոցն` իր, տղաները ճիշտ կդաստիարակվեն:

Մենք սահմանների պաշտպանության խնդիր ունենք և թերարժեք տղաներ մեծացնելու իրավունք չունենք: Ժողովուրդը ՀՀ նախագահ է ընտրում, մենք` մայրերս, զինված ուժերի գլխավոր հրամանատար, և այս հարցով պիտի դիմենք պարոն Սերժ Սարգսյանին. «Պարո՛ն Ս. Սարգսյան, զոհված զինվորների մայրերը Ձեր կողմից բազմիցս հնչեցրած` «Ինչպե՞ս անենք, որ բանակում զոհեր չունենանք խաղաղ պայմաններում» հարցին պատասխանում են` չպետք է քողարկվեն այդպիսի դեպքերը, պետք է յուրայինների ձեռքերով սպանված զինվորների ծնողները միանվագ 100.000 դոլար գումար ստանան, և ընտանիքը պետք է ազատվի պետական հարկ ու տուրքից, վարձավճարներից: Եթե դիպչենք համապատասխան անձանց գրպաններին, այդ ժամանակ բանակը երևի բանակ կլինի»:

Կոչ եմ անում նաև դպրոցներին, որ ռազմագիտության դասերը նպատակին ծառայեն, ճիշտ դաստիարակեն ապագա զինվորին, չսահմանափակվեն գրքային ուսուցմամբ, աշխատեն նաև հոգեբանական առումով, կոչ եմ անում և պահանջում, որ որոշ պաշտոնյաներ իրենց շատ առողջ զավակներին չպահեն տաքուկ անկյուններում և արտասահմաններում, այլ ուղարկեն ծառայության: Չի կարելի առանձնացնել Ղարաբաղ և Հայաստան, մենք նույնն ենք, նույնն է մեր խնդիրը` պահել սահմանները:

Մեր ձեռքի տակ կա ծնողի դիմում, որով սպանված զինվորի մայրը դիմել է ԵԱՀԿ գրասենյակ` գործի քննության հարցով հետևողական լինելու համար: Ստացվել է պատասխան, որում ասվում է, թե ԼՂՀ-ն առանձին պետություն է, և իրենք իրավասու չեն զբաղվելու այդ հարցով: Այսինքն, եթե այդ սպանությունը լիներ Հայաստանում, իրենք կընդառաջեի՞ն:  Չի կարելի այսպես:  Իսկ ինչո՞ւ միակ որդուս` Անդրանիկ Սիլակյանին Ղարաբաղ զորակոչելուց առաջ չհարցրեցին` տիկին Արմենակյան, Ձեր որդուն տանե՞նք Ղարաբաղ:

– Ձեր կազմակերպությունը գործում է հասարակական հիմունքներով, բայց ունեք գրասենյակ, մեկնում եք զորամասեր, ի՞նչ միջոցներով:

– Մեր իսկ միջոցներով: Ես իմ անձնական թոշակով մեդալներ եմ պատրաստել տալիս, որով խրախուսում ենք զինվորներին:

– Հովանավորներ փնտրե՞լ եք:

– Թերացել եմ այդ հարցում, բայց օգնություն ստացել ենք Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանից. նա իրեն պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետից ամենաթանկ քաղցրեղենն է տրամադրել զորամասեր տանելու համար, նաև մեր որդեկորույս մայրերին ծաղիկներ ու քաղցրավենիք է նվիրել: Կազմակերպության գրասենյակը եղել է վճարովի, իսկ այս տարվանից` անվճար: Ունենք դահլիճ, որտեղ շատ միջոցառումներ ենք անցկացնում:

– Տիկի՛ն Արմենակյան, սա Ձեզ համար աշխատա՞նք է, պարտավորությո՞ւն, թե՞ վրեժի դրսևորման միջոց:

– Վերջին բառն ինձ սարսռեցրեց: Ես ներողություն եմ խնդրում բոլոր այն մայրերից, որ ես, դեռևս կորուստ չունեցած, չէի մտածել այսպիսի կազմակերպություն հիմնելու մասին: Մենք ոչ թե սևազգեստ, այլ սևսիրտ մայրեր ենք, բայց թևաթափ չենք լինում: Ես II կարգի հաշմանդամ եմ, բայց դա երբեք չի խոչընդոտում, որ ես աշխատեմ, ներկա լինեմ դատավարություններին: Այս աշխատանքը սեր է առ հայ զինվորը, առ Հայոց բանակը, իմ Հայրենիքը: Ես ինձ իմ Հայրենիքի մի զինվորն եմ համարում:

– Տիկի՛ն Արմենակյան, տեղեկացա, որ գնդապետի կոչում եք ստացել:

– Դա ոչ թե նախարարությունից, այլ մահապարտների հայրենանվեր կառույցի կողմից եմ ստացել. ըստ իրենց կանոնադրության` նրանք իրավասու են կոչում տալու:

– Ձեր մաղթանքը Հայոց բանակին:

– Երազում եմ տեսնել միավորված, մեծ, հզոր Հայաստան: Բանակին հաջողություններ եմ մաղթում, խաղաղ, առանց փորձանքների ծառայություն: Թող այն լինի խաղաղության հզոր բանակ: –    Բարև’, զինվոր, բարև ասեմ ու գիշերը հանգիստ քնեմ: Երբեք գույժ չլսեմ բանակից:

 

Հարցազրույցը` Կարինե ԱՎԱԳՅԱՆԻ

Ոչ 150 դրամին.զարգացումներ և կրքերի բորբոքում ամբողջ օրվա ընթացքում, լուսանկարներ

MHM80095 copyՔաղաքային իշխանությունները նյարդայնանում են.                                                   

Իսակովի պողոտայում «Պրադոն» բախվել է գովազդային վահանակի սյանը

ավտովթարՀուլիսի 22-ին, ժամը 14.36-ին տեղե­կատվություն է ստացվել, որ Երևանի՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է հրդեհի բռնկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Պրադո» մակնիշի 87 ՍP 777 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հովացման և ճանապարհի լվացման աշխատանքներ: